Մայքլ ՇԱԹԹՈ / ՀՅՈՒՐԵՐԸ
Այս պիեսը գրվել է երկու տարբեր երկրներում: Առաջին մասը սկսել եմ գրել 2017 թվականին` ԱՄՆ-ում, երկրորդ մասը շարունակեցի գրել 2018 թվականին, երբ տեղափոխվեցի Հայաստան:
Պիեսը գրելիս նկատի եմ ունեցել ժողովրդին և ղեկավարներին, որոնց թելադրանքով ու ցուցումներով ապրում են մարդիկ: Այս դեպքում ժողովուրդը կարծես մնացել է անտեր և սպասում է իր ղեկավարին, այսինքն` «տանտիրոջը», որպեսզի իմանա` ինչ անել: Նույնիսկ այն դեպքում, երբ իրենց առջև կա այն ամենը, ինչից կարող են օգտվել, չնայած այդ ամենը կեղծ է: Պիեսը իմ ասելիքի խտացումն է` մարդիկ իրե՛նք պետք է հոգան իրենց մասին: Պիեսում հյուրերը, «տանտիրոջ» տանն անցնելով յուրահատուկ հոգեբանական ու բարոյական քննաշրջան, հանգում են միակ ընդունելի եզրահանգմանը` պետք է օգտվեն նրանից, ինչ իրենք էին բերել իրենց հետ:
Գործող անձինք
ՆՈՐԱ և ՎԻԿՏՈՐ — ամուսիններ
ԷՄՄԱ և ՍԵՐԳԵՅ — հայր ու դուստր
ԼԱՐԻՍԱ
ՄԵՐԻ և ՌՈԲԵՐՏ — ամուսիններ
ԲԵԼԼԱ և ՍԻՄՈՆ
Բեմ: Լուսավորում է էկրանը: Երեկո: Մեքենան կանգ է առնում
փողոցային լապտերով լուսավորված առանձնատան առաջ:
Անձրև է մաղում:
Մեքենայում նստած Վիկտորն ու Նորան ուշադիր նայում են տանը:
ՎԻԿՏՈՐ — Կարծում եմ, սա է:
ՆՈՐԱ — Մյուսների մեքենաները չեմ տեսնում:
ՎԻԿՏՈՐ — Քանիսի՞ն են հրավիրել:
ՆՈՐԱ — Յոթին:
ՎԻԿՏՈՐ — Մի ժամ ուշացել ենք, բայց առաջինն ենք եկել:
Վիկտորը իջնում է մեքենայից, բացում է Նորայի դուռը:
ՎԻԿՏՈՐ — Ո՞ւմ ես սպասում:
ՆՈՐԱ — (իջնելով մեքենայից): Սպասում եմ, որ ջենտլմեն լինելդ ցուցադրես:
ՎԻԿՏՈՐ — Ցուցադրեցի: Դու էլ վերցրու տորթը և` տեմպով:
Նորան վերցնում է տորթը ետևի նստատեղից, նրանք քայլում են դեպի տան դարպասները:
Տան դարպասների մոտ:
Վիկտորը սեղմում է դռան զանգը: Պատասխան չկա: Կրկնում է:
ՆՈՐԱ — Գուցե իրենք է՞լ դեռ չեն եկել:
ՎԻԿՏՈՐ — Ներսում լույս է վառվում: Զանգի՛ր Սյուզանին:
ՆՈՐԱ — (զանգում է): Կապ չկա:
ՎԻԿՏՈՐ — (ստուգում է իր հեռախոսը): Ես էլ չունեմ: (Ուժգին թակում է դուռը:) Լեո՛, Սյուզա՛ն… Մենք այստեղ ենք, գրողը տանի:
ՆՈՐԱ — Գուցե մե՞նք ենք շփոթել օրը:
ՎԻԿՏՈՐ — Երեկ չե՞ս Սյուզանի հետ խոսել:
ՆՈՐԱ — Հա, ճիշտ որ…
ՎԻԿՏՈՐ — Նրա մեքենան էլ չկա… Որտե՞ղ են բոլորը, գրողը տանի:
ՆՈՐԱ — Գուցե մոռացե՞լ են:
Տաքսի է մոտենում: Սերգեյը և Էմման իջնում են, տաքսին հեռանում է:
ՍԵՐԳԵՅ — (ամուսիններին): Բարի երեկո:
ՎԻԿՏՈՐ և ՆՈՐԱ — Բարի երեկո:
ՍԵՐԳԵՅ — Ես Սերգեյ Վենյամինովիչն եմ: (Սեղմում է Վիկտորի ձեռքը:) Ներեցեք, ձեռքերս թրջվեցին… այս անձրևը… Кажется, мы первыми пришли, а?
ՎԻԿՏՈՐ — Հա, մենք առաջինն ենք, բայց դուռը բացող չկա:
ՆՈՐԱ — Զանգը տվեցինք, բայց…
ՍԵՐԳԵՅ — А вы пытались дозвониться?
ՆՈՐԱ — Կապ չկա:
Սերգեյը և Էմման ստուգում են իրենց հեռախոսները:
ԷՄՄԱ — Ըհը, չկա:
ՍԵՐԳԵՅ — У меня тоже. Բայց ներսում լույս է վառվում:
ՎԻԿՏՈՐ — Սերգեյ, նախկինում եղե՞լ եք այստեղ:
ՍԵՐԳԵՅ — Ոչ, առաջին անգամն է: В любом случае, это хорошее место: тихий такой… Լեոնարդն այս տունը մի քանի ամիս առաջ է գնել, այդպես չէ՞:
ՎԻԿՏՈՐ — Երևի:
ՆՈՐԱ — Գուցե բաղնիքո՞ւմ են:
ՎԻԿՏՈՐ — (անընդմեջ սեղմելով դռան զանգը): Միասի՞ն:
ՍԵՐԳԵՅ — Может есть другая дверь?
Մինչ Վիկտորը շարունակում է դռան զանգը տալ, Նորան փորձում է նորից զանգահարել: Սերգեյը զննում է տան շրջակայքը` այլ դուռ գտնելու հույսով: Այդ ընթացքում Էմման հրում է, դուռը բացվում է:
ՍԵՐԳԵՅ — Էմմա, ի՞նչ ես անում: Ты не можешь просто так войти.
ԷՄՄԱ — Բայց դուռը բաց էր: Գուցե բաց են թողել, որ ինքներս մտնենք:
ՎԻԿՏՈՐ — Սերգեյ, ձեր դուստրը ճիշտ է մտածում:
ՆՈՐԱ — Օ, ինչ խելացի աղջիկ է: Իմ աղջիկների պես: Հիմա նրանք ամուսնացել ու հեռացել են: (Մաքրում է քիթը:) Բայց երբեմն այցելում են ինձ:
Նորան առաջ է անցնում, մյուսները հետևում են նրան` հերթով կոշիկները մաքրելով դռան առջևի շորի վրա:
Էկրանը մարում է:
Բեմը լուսավորվում է` նախասրահն է:
Վիկտորը փակում է դուռը: Նորան արագ ստուգում է սենյակները` բացելով և փակելով դռները:
ՆՈՐԱ — (ձայն է տալիս): Սյուզա՛ն, Սյուզա՛ն: Մենք այստեղ ենք, սիրելիս: Լեոնա՛րդ, որտե՞ղ եք:
ՎԻԿՏՈՐ — (շուրջը նայելով): Հիանալի տուն է: Հաստատ լուրջ դիզայներ է աշխատել:
ՆՈՐԱ — (ստուգումն ավարտելով): Վիկտո՛ր, ես սկսում են անհանգստանալ: Կարո՞ղ է, բան է պատահել նրանց:
ՎԻԿՏՈՐ — Օրինակ` ի՞նչ: Ջարդված պատուհաններ չկան: Հատակին թափված արյուն չկա:
ՆՈՐԱ — (խուճապահար): Վիկտո՛ր:
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ Վիկտոր, ստուգեցի՞ր բոլոր սենյակները:
ՆՈՐԱ — (համարյա արտասվելով): Այո՛, բոլորը, նույնիսկ լոգարանները… Գուցե ճանապարհի՞ն… ավտովթար…
ՎԻԿՏՈՐ — Վերջ տուր խուճապին, վախեցնում ես երեխային:
Սերգեյը, որ մինչ այդ լուռ ու անշարժ հետևում էր իրարանցմանը` հանում է վերարկուն, գլխարկը, կախում կախիչից:
ՍԵՐԳԵՅ — Համաձայն եմ Վիկտորի հետ, խուճապի մատնվելու կարիք չկա: Սա մի խելամիտ բացատրություն կունենա: Скорее всего, Лео хочет преподнести сюрприз. Они просто ждут, пока все гости соберутся.
ՎԻԿՏՈՐ — (հանում է վերարկուն, Սերգեյի թիկունքին ընկերաբար թփթփացնում): Ուրախ եմ, որ ինձնից բացի սթափ ուղեղով էլի մեկը կա: Կանայք չափից ավելի զգայուն են, չեն գիտակցում, որ հաջողության գրավականը համբերությունն է:
ՍԵՐԳԵՅ — Տոլստոյն ասել է. «Нет сильнее тех двух воинов, терпение и время».
ՎԻԿՏՈՐ — Տեսնո՞ւմ եք, նույնիսկ Տոլստոյն է ինձ հետ համաձայն: Սերգեյ, մի բան խմենք, մինչև մնացածները գան:
Վիկտորն ու Սերգեյը գնում են դեպի բարը: Նորան և Էմման հանում են վերարկուները, կախում, բացում են անձրևանոցները, որպեսզի չորանան:
ՆՈՐԱ — Հայրիկիդ հետ ես եկել, իսկ մայրիկդ զբաղված էր, այո՞…
ԷՄՄԱ — Մայրս մահացել է:
ՆՈՐԱ — Խեղճ երեխա, ցավում եմ: Պիտի որ երիտասարդ լիներ:
ԷՄՄԱ — 40-ը նոր էր լրացել: Քաղցկեղ:
ՆՈՐԱ — Այդ չարաբաստիկ քաղցկեղը… չեմ կարողանում հավատալ, որ այս տեխնոլոգիաներով դեռ չեն կարողանում բուժել:
ԷՄՄԱ — Իմ հայրը կարծում է, որ բուժում կա, ամբողջ օրը լաբորատորիայում է:
ՆՈՐԱ — Խե՜ղճ մարդ, դժվար է առանց կնոջ… Գոնե բախտը բերել է, լավ դուստր ունի, որը կարող է հոգ տանել:
ԷՄՄԱ — Կասե՞ք, որտեղ է զուգարանը:
ՆՈՐԱ — Ներքևում է, ցույց կտամ:
Միասին գնում են:
Տեսարան. Բար, ռոյալ, թախտ, աթոռներ: Անկյունում` սեղանիկի վրա` գրքեր և CD-ներ: Պատի ժամացույցի զանգեր` 20:30 է: Վիկտորը խմիչք է ընտրում:
ՎԻԿՏՈՐ — (Սերգեյին): Ինչո՞վ ես զբաղվում:
ՍԵՐԳԵՅ — Բուսաբան եմ:
ՎԻԿՏՈՐ — Բուսաբա՞ն:
ՍԵՐԳԵՅ — Կենսաբանության ուղղություն է:
ՎԻԿՏՈՐ — Բուսաբան… պիտի որ հետաքրքիր աշխատանք լինի:
ՍԵՐԳԵՅ — Այո, բայց դեռ չբացահայտված շատ բան կա: Պատկերացրեք, մերձարևադարձային բույսերի միայն մեկ տոկոսն է ուսումնասիրված: Один процент!
ՎԻԿՏՈՐ — Դրանո՞վ եք զբաղվում: Անտառներ գնո՞ւմ եք:
ՍԵՐԳԵՅ — Раньше ходил. Հիմա հիմնականում լաբորատորիայում եմ: Ձեզնից ու Լեոնարդից մի քանի հարկ ներքև:
ՎԻԿՏՈՐ — Մեր շենքո՞ւմ եք աշխատում:
ՍԵՐԳԵՅ — Առաջին հարկում: Ձեզ մի անգամ տեսել եմ: Вы анестезиолог, не так ли?
ՎԻԿՏՈՐ — Հա, Լեոյի հետ եմ աշխատում: Ձեզ չեմ հիշում, դե, հիվանդանոցը մի քանի տարի առաջ է բացվել… Բայց դա արդարացում չէ, որ չճանաչեցի կոլեգայիս:
ՍԵՐԳԵՅ — Նորմալ է, ամբողջ օրը լաբորատորիայում եմ:
ՎԻԿՏՈՐ — Ավելորդ խոսակցություններից հեռու, այդպես չէ՞: Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար: Լավ է ուշ, քան երբեք:
Վիկտորը և Սերգեյը խփում են բաժակները, խմում: Սերգեյը խմելուց հետո շնչահատվում է:
ՍԵՐԳԵՅ — Կներեք, խմելու հետ լավ չեմ:
ՎԻԿՏՈՐ — Կիտրոն է պետք:
Վիկտորը գնում է կիտրոն փնտրելու:
Տեսարան. Ճաշասենյակում երկար, ուտեստներով լի սեղան է` խորոված միս, տապակած կարտոֆիլ, աղցաններ…
ՎԻԿՏՈՐ — (ներս գալով): Ինչպիսի՜ սեղան… (Արագ ուսումնասիրում է սեղանը` կիտրոն է փնտրում:)
Ներս է մտնում Նորան:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, սեղանին մոտ չգնաս:
ՎԻԿՏՈՐ — Կիտրոն եմ փնտրում:
ՆՈՐԱ — Սպասիր, մինչև մեկը գա, հետո կվերցնես կիտրոնդ: Սյուզանը այս շքեղ սեղանը չի գցել, որ դու քանդես կեղտոտ մատներովդ:
ՎԻԿՏՈՐ — Ո՞վ ասաց, որ մատներս կեղտոտ են:
ՆՈՐԱ — (այլ տոնով): Տանը ոչ ոք չկա, իսկ սեղանին արդեն կերակուր կա:
ՎԻԿՏՈՐ — Գուցե սպասավորնե՞ր ունեն:
ՆՈՐԱ — Երանի մենք էլ սպասավոր ունենայինք, ստիպված չէի լինի ամեն ինչ ինքս անել:
ՎԻԿՏՈՐ — Ինձ միայն դա էր պակաս… մտածել, որ կինս տանը մենակ է սպասավորի հետ:
ՆՈՐԱ — (նորից թեման փոխելով): Լսիր, աղջկա մայրը մահացել է, նրան հարցեր չտաս:
ՎԻԿՏՈՐ — Բուսաբանի՞:
ՆՈՐԱ — Ո՞ւմ:
ՎԻԿՏՈՐ — Նա բուսաբան է: Բույսերն է ուսումնասիրում:
ՆՈՐԱ — Լավ, նրան չհարցնես, թե որտեղ է կինը:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ պետք է հարցնեմ, թե որտեղ է նրա կինը:
ՆՈՐԱ — Պարզապես զգուշացրի:
Դռան զանգ:
ՆՈՐԱ — Դռան զանգն է: Գնա, լվա ձեռքերդ, ստուգելու եմ: Ու ոչ մի բանի ձեռք չտաս: (Արագ գնում, բացում է մուտքի դուռը:)
Տեսարան. շեմին կանգնած է Լարիսան, մի ձեռքում` ծաղկեփունջ, մյուսում` կոշիկը:
ԼԱՐԻՍԱ — Ներեցեք, երևի սխալվել եմ…
ՆՈՐԱ — Դեմիրճյանների տո՞ւնն եք փնտրում:
ԼԱՐԻՍԱ — Այո:
ՆՈՐԱ — Չեք սխալվել: Ներս եկեք:
Լարիսան ներս է մտնում:
ՆՈՐԱ — Մենա՞կ եք եկել, թե՞…
ԼԱՐԻՍԱ — Մենակ եմ:
Նորան փակում է դուռը և օգնում է Լարիսային հանել վերարկուն:
ՆՈՐԱ — Թրջվել եք:
ԼԱՐԻՍԱ — Ավտոբուսից իջա կայարանում, այնտեղից այստեղ երկու կիլոմետր է:
ՆՈՐԱ — Երկու կիլոմե՞տր:
ԼԱՐԻՍԱ — Ես քայլեցի…
ՆՈՐԱ — Մինչև այստեղ:
ԼԱՐԻՍԱ — …և կոշիկիս կրունկը կոտրվեց:
ՆՈՐԱ — Փաստորեն ոտաբոբիկ եք: Կմրսեք: Եկեք ձեզ համար մի բան գտնենք:
Լարիսան հետևում է Նորային:
Տեսարան. Լարիսան անցնում է բարի կողքով, որտեղ Սերգեյը, սուրճի սեղանին կռացած` թերթում է գիրքը: Նա վերև է նայում և տեսնում Լարիսային` ոտաբոբիկ կանգնած:
ԼԱՐԻՍԱ — Բարի երեկո:
ՍԵՐԳԵՅ — Ողջույն… բարի երեկո:
ՆՈՐԱ — (ձայն է տալիս կողքի սենյակից): Ի՞նչ է ձեր անունը, հարգելիս:
ԼԱՐԻՍԱ — Լարիսա:
ՆՈՐԱ — Լարիսա, փորձեք այս կոշիկները: Կարծում եմ, դուք և Սյուզանը նույն համարն եք հագնում:
Լարիսան գնում է կողքի սենյակ: Սերգեյը կարծես շանթահարված լինի:
ՍԵՐԳԵՅ — (ինքն իրեն): Լարիսա…
Վիկտորը մտնում է բար` ձեռքերը բարձր պարզած և քթի տակ խոսելով: Վերցնում է շոտլանդական վիսկիի շիշը, երկու բաժակ լցնում:
ՎԻԿՏՈՐ — (բարձրաձայն): Էլ երբեք ձեռքերս չեմ լվանա: (Խմում է, խոր շունչ քաշում:) Տեսա՞ք, ով եկավ:
ՍԵՐԳԵՅ — Այո, կին:
ՎԻԿՏՈՐ — Կի՞ն: Լավ է: Մենա՞կ էր:
ՍԵՐԳԵՅ — Երևի:
ՎԻԿՏՈՐ — Ո՞վ է:
ՍԵՐԳԵՅ — Չգիտեմ: Она хорошенькая.
ՎԻԿՏՈՐ — Լավ է: Աշխարհին լավ մարդիկ են հարկավոր: Ի՞նչ գիրք է:
ՍԵՐԳԵՅ — Ophrys caucasica.
ՎԻԿՏՈՐ — Չգիտեմ` ում մասին է խոսքը, բայց ենթադրում եմ` լավ մարդ է, որ ձեզ այդպես գրավել է:
ՍԵՐԳԵՅ — (գրքի մեջ բույսի նկարը ցույց տալով): Это цветок… Կովկասյան օֆրիս: (Կարդում է տեքստը:) Այս ծաղկի ամենա-գրավիչ վերարտադրողական խորամանկություններից մեկն այն է, որ անդիմադրելի բույր է տարածում օդում և այդպես գրավելով` թակարդն է գցում միայնակ, լեռնային կույս մեղվին: Դյուրախաբ արու մեղվի միջոցով ապահովում է փոշոտումը:
ՎԻԿՏՈՐ — Ինձ հիշեցրեց մեկին… ճանաչում էի մինչև ամուսնանալս:
ՍԵՐԳԵՅ — (կարդում է տեքստը): Այնուամենայնիվ, խոլորձի խորամանկությունն աշխատում է միայն այն ժամանակ, երբ էգ մեղուն դեռ չի զարթնել ձմեռային քնից, որովհետև հենց դա տեղի է ունենում, խոլորձը չի կարողանում մրցակցության մեջ մտնել, և բույսն անուշադրության է մատնվում արու մեղուների կողմից:
ՎԻԿՏՈՐ — Գիտեի, որ այն չէ, ինչ իրեն ներկայացնում է: Փառք Աստծո, ազատվեցի նրանից:
ՍԵՐԳԵՅ — Ի դեպ, վերջերս այս բույսի վերաբերյալ ուսումնասիրություն եմ արել… И знаете что? Պարզվեց, որ կլիմայի տաքացումը էգ մեղուներին ստիպում է դուրս գալ ձմեռային քնից ավելի շուտ, քան սպասվում է, և այս հանգամանքը խանգարում է խոլորձի փոշոտման պրոցեսին ու սպառնում զանգվածային վերացմամբ:
ՎԻԿՏՈՐ — Փաստորեն մեռնելուց եմ պրծել… Բարեբախտաբար, կարճ ժամանակ անց հանդիպեցի Նորային: Նա շատ լավ կին է, չափից շատ է խոսում, բայց լավ կին է: (Մի բաժակ էլ է լցնում:)
ՍԵՐԳԵՅ — 70 процентов растительности под угрозой исчезновения. Ու դա կարծես ոչ ոքի չի հետաքրքրում:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ պիտի հետաքրքրի: Բոլորը զբաղված են փող շինելով:
Դռան զանգ:
ՎԻԿՏՈՐ — (ձայն է տալիս): Նորա՛, դուռն է:
ՆՈՐԱ — (կողքի սենյակից): Դու բաց արա:
Վիկտորը, քթի տակ խոսելով, գնում է:
Տեսարան. Վիկտորը բացում է դուռը: Շեմին կանգնած է Մերին:
ՎԻԿՏՈՐ — Ողջույն:
ՄԵՐԻ — Բարի երեկո:
ՎԻԿՏՈՐ — Ճաշկերույթի՞ եք եկել:
ՄԵՐԻ — Այո՛: Սա Դեմիրճյանների տունը չէ՞:
ՎԻԿՏՈՐ — Հա, ներս եկեք:
Մերին ներս է մտնում:
ՎԻԿՏՈՐ — Լեոն ու Սյուզին տանը չեն: Կամ գուցե տանն են, բայց ինչ-որ տեղ թաքնված են: Որոշել են անակնկալ մատուցել, երբ բոլորը գան:
Այն է` Վիկտորը փակելու է դուռը, Ռոբերտը ներս է խցկում ոտքը, դուռը բացում ու ներս է մտնում, ձեռքին` ծաղիկներ և տորթ:
ՌՈԲԵՐՏ — Փորձում էիր կնոջս փախցնե՞լ:
ՎԻԿՏՈՐ — Կներեք… չէի տեսել:
ՌՈԲԵՐՏ — Թեթև տար, ընկեր, կատակում եմ: Կինս մոռացավ ասել, որ ամուսին ունի: Կարող է պատահել: Հաճախ է լինում: (Պարզում է ձեռքը:) Ռոբերտ:
ՎԻԿՏՈՐ — Վիկտոր:
ՌՈԲԵՐՏ — Գիտեի, որ Լեոյի գործերը լավ են, բայց դռնապան ունենալը տպավորիչ է:
Գալիս է Նորան:
ՆՈՐԱ — Օ, ողջույն… Վիկտոր, փակի՛ր դուռը: Բարի գալուստ, թույլ տվեք օգնել… ձեր վերարկուները տեղավորել: Կարծում եմ, ամուսինս արդեն ձեզ ասել է, թե ինչով է պայմանավորված տանտերերի բացակայությունը, որոնք, ամենայն հավանականությամբ, պատրաստվում են մեզ անակնկալ մատուցել:
ՌՈԲԵՐՏ — Չի բացատրել: Ու դա հիասքանչ է, կարծում էի, կլինի սովորական երեկո, այնինչ` անակնկալներ… Ֆանտաստի՛կ է
ՆՈՐԱ — (քրքջում է): Չարաճճի, չարաճճի… Վստահ եղեք, պարոն…
ՌՈԲԵՐՏ — Ռոբերտ:
ՆՈՐԱ — Այո՛, պարոն Ռոբերտ, ես էլ սովորական ընթրիքի սիրահար չեմ ու կարող եմ ձեզ վստահեցնել, որ սա էլ սովորական չի լինի:
ՌՈԲԵՐՏ — Ուրախ եմ, որ դուք այստեղ եք, տիկին….
ՆՈՐԱ — Օ, չներկայացա… Նորա: Նորա է անունս:
ՌՈԲԵՐՏ — Տիկին Նորա, դուք այստեղ եք ձեր հայրիկի հե՞տ:
Նորան հիստերիկ քրքջում է: Վիկտորը մռայլվում է:
ՄԵՐԻ — (Ռոբերտին` խիստ զգուշացնելով): Նա արդեն ասել է, որ իր ամուսինն է:
ՌՈԲԵՐՏ — (Մերիին` իբր միամիտ): Հա՞: (Ամուսիններին.) Ներեցեք, հիշողությունս այն չէ… սպիտակ մազերս էլ շատացել են: Ի՞նչ կարող ես անել` ամուսնության հետևանքներ:
ՆՈՐԱ — Սիրում եք կատակել:
ՌՈԲԵՐՏ — Ուրախ եմ, որ գնահատվում է իմ տաղանդը: Վերջին անգամ Մերին ինձ հաճելի խոսքեր է ասել մեր մեղրամսի ժամանակ:
ՆՈՐԱ — Ե՞րբ էր ձեր մեղրամիսը:
ՌՈԲԵՐՏ — Հիմա ասեմ. ամուսնացել ենք Զատիկից անմիջապես հետո: Ուրեմն, հաջորդ տարի կլրանա մեր ամուսնության 20-ամյակը:
ՆՈՐԱ — Օ, ո՜չ… ձեր կինը հրեշտակի է նման: Մտքովս չէր անցնի, որ այդքան ժամանակ է անցել: Եկե՛ք, դուք պետք է ծանոթանաք մյուսների հետ: Այստեղ կա մեկը, ով եկել է իր հայրիկի հետ և ինձնից շատ ավելի երիտասարդ ու սիրունիկ է:
Տեսարան. Բարում: Սերգեյն ու Էմման նստած են թախտին: Նորան և մյուսները ներս են մտնում:
ՆՈՐԱ — Նրանք այստեղ են…
ՎԻԿՏՈՐ — Բուսաբանը:
ՆՈՐԱ — Այո, և նրա դուստրը: Ծանոթացեք, Ռոբերտ և…
ՄԵՐԻ — Մերի:
ՆՈՐԱ — Այո, Ռոբերտ և Մերի: Նրանք… (Ռոբերտին ու Մերիին:) Լեոնարդի ընկերնե՞րն եք:
ՌՈԲԵՐՏ — Համալսարանական ընկերները: Հին ընկերները:
ՍԵՐԳԵՅ — (պարզում է ձեռքը): Սերգեյ, իսկ սա իմ դուստրն է` Էմման: Կարծում եմ, այստեղ բոլորը Լեոնարդի ընկերներն են:
Գալիս է Լարիսան:
ԼԱՐԻՍԱ — Բայց ոչ ես: Այսինքն` ես Սյուզանի ընկերուհին եմ:
ՆՈՐԱ — Լարիսան է:
ՌՈԲԵՐՏ — Հաճելի է: Բայց լավ է մտածել Լեոնարդը` բոլորին ծանոթացնել իրար հետ նախքան ընթրելը:
ՆՈՐԱ — Նրանք գիտեին, որ մենք իրար չենք ճանաչում: Իրոք, վատ սկիզբ չէ այս երեկոյի համար:
ՄԵՐԻ — Էլի հյուրեր լինելո՞ւ են:
ՆՈՐԱ — Չգիտեմ:
ԼԱՐԻՍԱ — Ինչպե՞ս իմանանք:
ՍԵՐԳԵՅ — Думаю, нужно считать стулья вокруг стола.
ՌՈԲԵՐՏ — Հիասքանչ է:
ՎԻԿՏՈՐ — Միայն մեր բուսաբանը նման խելացի եզրահանգում կաներ… թող մյուսները չնեղանան:
ՌՈԲԵՐՏ — Նեղացողներ չկան:
ՎԻԿՏՈՐ — Ուրեմն գնանք ու հաշվենք աթոռները: Ես քաղցած եմ:
Բոլորը գնում են ճաշասենյակ:
Տեսարան. Ճաշասենյակում:
ԼԱՐԻՍԱ — Ինչ գեղեցիկ սեղան է:
ՆՈՐԱ — Իսկ ձեր ծաղիկները լրացնում են այդ գեղեցկությունը:
ՍԵՐԳԵՅ — (հաշվում է աթոռները): Один, два, три, четыре… այստեղ տասը աթոռ է:
ՎԻԿՏՈՐ — Տա՞սը: Բայց մենք յոթն ենք:
ՆՈՐԱ — Մնացին երեքը:
ՄԵՐԻ — Մեկը: Մյուս երկուսը Լեոնարդն ու Սյուզանն են:
ՍԵՐԳԵՅ — Я вспомнил… Լեոնարդն ասել էր, որ հրավիրել է Սիմոնին:
ՎԻԿՏՈՐ — Պլաստիկ Սիմոնի՞ն:
ՍԵՐԳԵՅ — Այո:
ՌՈԲԵՐՏ — Ինչո՞ւ պլաստիկ Սիմոն:
ՍԵՐԳԵՅ — Հիվանդանոցի տնօրենից բացի նա նաև նոր լիցենզավորված պլաստիկ վիրաբույժ է:
ԼԱՐԻՍԱ — (շշնջում է Նորայի ականջին): Սյուզանն ինձ պատմել է նրա մասին:
ՎԻԿՏՈՐ — Հետաքրքիր է, ո՞ւմ է հայրը վճարել լիցենզիան ստանալու համար: Երբ մտածում եմ, որ այդ այլասերվածը վիրաբույժի որակավորում ունի, ուղեղս թափվում է: Նա արժանի չէ սպիտակ խալաթ հագնել, հիվանդանոցի միջանցքներով քայլել:
ՆՈՐԱ — Վիկտոր, խնդրում եմ, մի՛ զայրացիր:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ է Լեոն նրան հրավիրել:
ՍԵՐԳԵՅ — Կարծում եմ, ուղղակի հարգանքի նշան է… նա մեր ղեկավարն է:
ՎԻԿՏՈՐ — Ղեկավա՞ր: Նա իմ ղեկավարը չէ: Եթե իմանայի, որ այդ խոզը գալու է, տանը կմնայի:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր:
ՍԵՐԳԵՅ — С другой стороны, он еще очень молодой. Սիմոնին փչացրեց հայրը, երբ երեսունամյակին հիվանդանոցը նրա անունով ձևակերպեց ու գործադիր տնօրեն նշանակեց:
ՌՈԲԵՐՏ — Նա նաև տնօրե՞նն է: Առանց կատակի՞:
ՎԻԿՏՈՐ — Նա ամեն ինչ է, ինչ սիրտն ուզում է… ընդամենը պետք է մի քանի հեռախոսազանգ անել…
ՄԵՐԻ — (ընդհատում է): Անգամ գործադիր տնօրենին հարիր չէ այսքան ուշանալը:
ՎԻԿՏՈՐ — Այդ լակոտը չի կարող մի վերելակ կառավարել, ուր մնաց` հիվանդանոց ղեկավարի:
ՆՈՐԱ — (շշնջում է): Վիկտոր, ոչ այդքան բարձր:
ՍԵՐԳԵՅ — Ոչ էլ պլաստիկ վիրահատություն կատարելու որակավորում ունի, но он делает это! Մի քանի շաբաթ առաջ նրա հիվանդներից մեկին տեսա, ինձ թվաց` զարմացել է, բայց պարզվեց` հոնքերն են այդպես ստացվել: Այսուհետ խեղճն այդպիսի տեսք կունենա: Ընդմի՛շտ:
ՎԻԿՏՈՐ — Գրողը տանի, համարյա ինն է: Ես չեմ սպասի այդ փոքրիկ կապիկին: (Նստում է աթոռին:) Ես սոված եմ:
ՌՈԲԵՐՏ — Հիանալի գաղափար է: Ամբողջ օրը ոչինչ չեմ կերել: Ու հիմա այնքան սոված եմ, որ կարող եմ ուտել…
ՄԵՐԻ — (ընդհատում է): Կո՞վ:
ՌՈԲԵՐՏ — Պատրաստվում էի ասել ձի, բայց կովն էլ հարմար է:
ՄԵՐԻ — Ռոբերտ, քեզ անտաշի նման մի պահիր: Մենք կսպասենք, մինչև բոլորը գան: Քիչ առաջ ասացիր, որ այստեղ գալու նպատակդ ուտելը չէ:
ՌՈԲԵՐՏ — Սիրելիս, ինչպե՞ս կարող է ուտելն ինձ համար կարևոր չլինել: Վստահ եմ, Լեոն կցանկանար, որ մեզ զգայինք ինչպես տանը և անեինք, ինչ ուզում ենք:
ՆՈՐԱ — Լավ, կարծում եմ, մի փոքր նախուտեստը բավական է:
ՎԻԿՏՈՐ — (Նորային` սարկազմով): Օ, մի քիչ առաջ բղավեցիր վրաս, երբ փորձեցի ձիթապտուղ ուտել ու ստիպեցիր ձեռքերս օճառով լվանալ: Հիմա հանկարծ որոշեցիր, որ նախուտեստը չէր խանգարի, որովհետև Ալբե՞րտն է քաղցած:
ՌՈԲԵՐՏ — Ռոբերտը:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր:
Դռան զանգ:
ԼԱՐԻՍԱ — Հավանաբար նա է:
ՆՈՐԱ Ես կբացեմ: Վիկտո՛ր, ոչ մի բանի ձեռք չտաս: (Դուրս է գալիս ճաշասենյակից:)
ՌՈԲԵՐՏ — Այդ խավիարը գայթակղիչ տեսք ունի: Կարծում եք, իսկակա՞ն է:
ՄԵՐԻ — Իսկակա՞ն:
ՌՈԲԵՐՏ — Չգիտեի՞ք, որ հիմա սկսել են լաբորատորիաներում արհեստական խավիար պատրաստել:
ՄԵՐԻ — Այդպիսի բան չկա:
ՌՈԲԵՐՏ — (խավիարի ափսեն առաջ է բերում): Այդ պրոցեսը կոչվում է սֆերիֆիկացիա: Դա հաջորդական պրոցես է, որի ժամանակ խառնում են ձմերուկի հյութը, ալգինաթթուն ու կալցիումի քլորիդը և արդյունքում ստանում են փոքրիկ գնդիկներ, որոնք նման են խավիարի:
ՍԵՐԳԵՅ — Это выглядит вполне вероятным.
ՌՈԲԵՐՏ — Եթե ճիշտ է պատրաստվում, չի կարող Պետրոսյանների հայտնի խավիարից վատը լինել: Հիմնականում գույնն է մատնում: Կեղծ խավիարն ավելի կարմիրին է մոտ, այնինչ իսկականը` նարնջագույն-ոսկեգույնին:
ԼԱՐԻՍԱ — Երևի միշտ կեղծ խավիար եմ գնել:
ՄԵՐԻ — Մի՛ հավատացեք նրա ոչ մի բառին: Ցանկացած բանի մասին նա սեփական տեսությունն ունի: Ուղղակի չի կարող իրեն թույլ տալ խավիար գնել, դրա համար պատմություններ է հորինում:
ՎԻԿՏՈՐ — Ինձ համար տարբերություն չկա, խավիարը չի հետաքրքրում: Այն չափազանց նուրբ է ինձ համար:
ՄԵՐԻ — Ի՞նչ նկատի ունես չափազանց նուրբ ասելով:
ՎԻԿՏՈՐ — Նկատի ունեմ, որ նուրբ կերակուրը նրբիկ մարդկանց համար է: Իսկական տղամարդիկ սիրում են ոսկրոտ միս ու այլ կոշտ ու կոպիտ բաներ: Հատկապես միս, որը կարող ես կծել, կրծոտել ու բաժան-բաժան անել սեփական ատամներով:
ՄԵՐԻ — Ինչպես քարե դարում:
ՍԵՐԳԵՅ — Իսկ ի՞նչ կասեք այս մեկի մասին: Սա կե՞ղծ է:
Բոլորը ուսումնասիրում են խավիարի ափսեն:
ԷՄՄԱ — Մի քիչ կարմիր է երևում:
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ, պետք չէ ուտել այս խավիարը, հաստատ արհեստական է:
ՄԵՐԻ — Ռոբե՛րտ, ինչպե՞ս ես կարողանում նման բան պնդել: Հիմա այս մարդիկ ի՞նչ կմտածեն Լեոյի և Սյուզանի մասին, որ նրանք կեղծ խավիա՞ր են գնում:
ՌՈԲԵՐՏ — Չե՞ս կարծում, որ այս մարդիկ պետք է ճշմարտությունն իմանան: Նրանք կուտեն քիմիական բաղադրությամբ անհասկանալի սնունդ, եթե ես չասեմ:
ՄԵՐԻ — Դու փաստ չունես: Հիմա ոչ ոք չի ցանկանա դիպչել խավիարին միայն այն պատճառով, որ դու ասացիր` իսկական չէ: Դե՞, մյուս ուտեստների մասին էլ մի բան ասա: Օրինակ` ի՞նչ կասես այդ աղցանի մասին… Գուցե սպանախն է՞լ է կեղծ: Կամ այս ձիթապտուղները. չուտե՛ք, դրանք կարող են թունավոր լինել: Փաստորեն, մենք չպետք է այս սեղանից որևէ բան ուտենք, քանի որ դրանք հավանաբար պատրաստված են պլաստիկ նյութերից, հատկապես խավիարը…
Տեսարան. Սիմոնը և Բելլան Նորայի ուղեկցությամբ մտնում են ճաշասենյակ:
ՍԻՄՈՆ — Ամեն դեպքում դա համեղ տեսք ունեցող պլաստիկ խավիար է:
Բոլորը շրջվում են, նայում նորեկներին, հետո ոտքի են կանգնում:
ՆՈՐԱ — (դիմելով ոտքի կանգնողներին): Կարծում եմ, մեր վերջին հյուրերն են: Նրանք չեն աշխատում հիվանդանոցում, ծանոթացեք, Սիմոնն է և…
ՍԻՄՈՆ — Բելլան:
ՆՈՐԱ — Այո, Բելլան: Գեղեցկուհի Բելլան:
Տղամարդիկ չեն կարողանում աչք կտրել գայթակղիչ Բելլայից:
ԲԵԼԼԱ — Ողջույն:
ՍԻՄՈՆ — Բարի երեկո բոլորին: Հուսով եմ, մեր հայտնվելով չխանգարեցինք ուտելիքի վերաբերյալ ձեր շատ հետաքրքիր քննարկումը:
ՌՈԲԵՐՏ — Իսկապես հետաքրքիր քննարկում է:
ՆՈՐԱ — Իմ ամուսինն է` Վիկտորը:
ՍԻՄՈՆ — Իհարկե, ինչպե՞ս կարող էի չնկատել նրան: Ինչպե՞ս ես, Վի՛կ:
ՎԻԿՏՈՐ — Շատ լավ:
ՆՈՐԱ — Իսկ սա Ռոբերտն է և նրա կինը` Մերին: Նրանք Լեոնարդի հետ նույն համալսարանն են ավարտել:
ՍԻՄՈՆ — (սեղմում է Ռոբերտի ձեռքը): Միշտ հաճելի է հանդիպել համալսարանական աղունիկների:
ՌՈԲԵՐՏ — Այո, մենք ավարտելուց անմիջապես հետո ամուսնացել ենք: Համալսարանում երեք ընկերներ էինք: Լեոնարդը միշտ աչք է ունեցել Մերիի վրա, չնայած դա հերքում է:
ՍԻՄՈՆ — Չեմ կարող նրան մեղադրել: Ձեր կինը շատ գրավիչ է: Կեցցեք, որ կարողացել եք պահել նրան:
ՌՈԲԵՐՏ — Երբեմն ես էլ եմ զարմանում, որ դա ինձ հաջողվել է:
ՄԵՐԻ — Ես էլ եմ զարմանում:
ՌՈԲԵՐՏ — Սիմո՛ն, այնքան շատ եմ լսել ձեր մասին, թվում է` ձեզ ճանաչում եմ նույնքան վաղուց, որքան Լեոյին:
ՍԻՄՈՆ — Հուսով եմ, լավն եք լսել:
ՌՈԲԵՐՏ — Փառահեղ բաներ: Այնպիսի բաներ, որոնք ձեզ կստիպեն կարմրել, երբ լսեք:
ԲԵԼԼԱ — Որտե՞ղ է լոգասենյակը:
ՆՈՐԱ — Եկեք ցույց տամ:
Նորան և Բելլան դուրս են գնում:
ՍԵՐԳԵՅ — Ինչպե՞ս եք, դոկտոր Սիմոնյան:
ՍԻՄՈՆ — Ուղղակի Սիմոն ասեք: Դուք եք գիտնականը, այնպես չէ՞:
ՎԻԿՏՈՐ — Բուսաբան:
ՍԻՄՈՆ — Այո, իհարկե: Սերգեյ, չգիտեի, որ դուք ու Լեոնարդն ընկերներ եք:
ՍԵՐԳԵՅ — Լեոնարդին ճանաչում էի մինչև հիվանդանոցը: Իմ ու նրա կինը նույն դասարանում են սովորել:
ՍԻՄՈՆ — Ձեր կինը… այստե՞ղ է:
ՍԵՐԳԵՅ — Ոչ… Она умерла несколько лет назад.
ՍԻՄՈՆ — Ախ, այո… հիշեցի: Ինչ հիմարն եմ ես: Խնդրում եմ, ներեցեք ինձ:
ՍԵՐԳԵՅ — Все в порядке.
ՍԻՄՈՆ — Ինչպե՞ս են գործերը հիվանդանոցում: Ամեն ինչ լա՞վ է:
ՍԵՐԳԵՅ — Да, спасибо.
ՍԻՄՈՆ — Կարո՞ղ եմ օգտակար լինել ձեր փորձերին: Ես անուղղելի պերֆեկցիոնիստ եմ:
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ, Բելլայի հարցում դուք հասել եք կատարելության:
ՍԻՄՈՆ — (ծիծաղում է): Նա շատ լավիկն է, չէ՞: Ինչպես և այստեղ գտնվող բոլոր կանայք: Իսկ այս սիրունիկ աղջիկը պետք է որ ձեր դուստրը լինի, այո՞:
ՍԵՐԳԵՅ — Այո, Էմման է, իմ դուստրը, սովորում է, նույնպես կենսաբան է դառնալու: (Էմմային.) Эмма, дорогая, доктор Симон… Симонян мой руководитель.
ԷՄՄԱ — Շատ հաճելի է:
ՍԻՄՈՆ — Սերգեյ, պետք չէ: Այս երեկո ես ոչ մեկի ղեկավարը չեմ: Այսօր այստեղ գտնվող բոլորի նման հիվանդանոցի աշխատող եմ:
ԼԱՐԻՍԱ — Ես` ոչ:
ՍԻՄՈՆ — Ներեցեք, չլսեցի ձեր անունը:
ԼԱՐԻՍԱ — Լարիսա:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ ոլորտում եք աշխատում, Լարիսա:
Լռություն: Բոլորն ուշադիր նայում են Լարիսային:
ԼԱՐԻՍԱ — (նյարդային): Դաշնամուր եմ դասավանդում կոնսերվատորիայում:
ՍԻՄՈՆ — Դուք հերձում եք ստեղնաշարը և կյանք եք պարգևում երաժշտության միջոցով:
ՌՈԲԵՐՏ — Սիմոն, չէիք ասել, որ նաև պոետ եք:
ՍԻՄՈՆ — Երիտասարդ ժամանակ ագահորեն Պուշկին էի կարդում:
ՌՈԲԵՐՏ — Եթե բոլորիս համար ոսկե ձկնիկ գոյություն ունենար, հիանալի կլիներ, չէ՞:
ՍԻՄՈՆ — Հարգարժա՛ն ընկերներ, բժիշկներ, գիտնականներ, երաժիշտներ, թույլ տվեք ասել, որ այս երեկոն տարբերվում է մյուս բոլոր երեկոներից: Այս երեկոն…
ՌՈԲԵՐՏ — (ընդհատում է): Սիմոն, կարծում եմ, ուզում եք կենաց ասել: Խմելու մի բան վերցրեք:
ՎԻԿՏՈՐ — Դուք բոլորդ պիտի հասնեք մեզ: Ես ու Սերգեյը արդեն մի-մի բաժակ գցել ենք:
ՌՈԲԵՐՏ — Ես էլ պարապ չեմ նստել, տնից դուրս գալուց առաջ մի բաժակ հասցրել եմ, բայց Սիմոնն արժանի է խմիչքի, որտե՞ղ է թաքցնում Լեոնարդն իր թանկարժեք շշերը:
ՍԵՐԳԵՅ — Бар в другой комнате.
ՌՈԲԵՐՏ — Ինչի՞ ենք սպասում: Բերաններս չորացավ:
Իրար հետ խոսելով` բոլորը ճաշասենյակից անցնում են բար:
Տեսարան. Բարում: Վիկտորը բաժակները խմիչք է լցնում: Գալիս են Նորան ու Բելլան:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, քո հիանալի կոկտեյլնե՞րն ես պատրաստում: (Ներկաներին.) Վիկտորը խմիչքներ խառնելու վարպետ է:
ՎԻԿՏՈՐ — Կխմե՞ս:
ՆՈՐԱ — Եթե հիմա խմեմ, գնալու ժամանակ կորցրած կլինի ազդեցությունը: Ես եմ մեքենան վարելու, չէ՞: Բելլա, ի՞նչ խմենք:
ԲԵԼԼԱ — Ես կեղտոտ մարտինի կխմեմ:
ՆՈՐԱ — Օ, լավ է հնչում: Կարծում եմ, ես էլ նույնից:
ՎԻԿՏՈՐ — Ես չեմ կարող կեղտոտ մարտինի սարքել: Ձիթապտուղ չկա:
ՆՈՐԱ — Սովորական պատրաստիր: Ինձ համար մեկ է: Ես ու Բելլան կեղտոտ մարտինի կխմենք մի ուրիշ օր, չէ՞, Բելլա:
Ռոբերտը խմիչքով բաժակը տալիս է Սիմոնին:
ՌՈԲԵՐՏ — Սիմոն, ի՞նչ էիր պատրաստվում այդպես ոգևորված ասել:
ՍԻՄՈՆ — (բարձրացնելով բաժակը): Պատրաստվում էի ասել, թե ինչ հաճելի է բոլորիդ հետ այս պահին գտնվել այստեղ: Նաև ուզում եմ նշել, որ Լեոնարդը և Սյուզանը հիանալի հավաքույթ են կազմակերպել:
Բոլորը երկխոսում են միաժամանակ:
ՎԻԿՏՈՐ — Բայց ո՞ւր են Լեոն ու Սյուզանը:
ՆՈՐԱ — Իրոք, արդեն մոռացել էի, որ նրանց տանն ենք:
ԼԱՐԻՍԱ — Ես կզանգեմ Սյուզանին:
ՎԻԿՏՈՐ — Չես կարող: Այս անիծյալ տանն ընդհանրապես կապ չկա:
ԲԵԼԼԱ — Նրանք մոռացել են իրենց իսկ կազմակերպած երեկույթի մասին: Հիասքանչ է:
ՄԵՐԻ — Ամեն դեպքում սեղանը պատրաստ է:
ՎԻԿՏՈՐ — Պատրա՞ստ է: Իսկ կերակուրնե՞րը: Դրանք արդեն սառել են:
ՆՈՐԱ — Սյուզանը չէր կարող մոռանալ… անցած գիշեր էլ խոսել եմ նրա հետ:
ԼԱՐԻՍԱ — Գուցե նրանց բա՞ն է պատահել:
ՄԵՐԻ — Ստուգե՞լ եք մյուս սենյակները:
ՆՈՐԱ — Բոլո՛ր սենյակները: Նրանց հետքն էլ չկա: Վիկտոր, ես վախենում եմ:
Ռոբերտը պատառաքաղով խփում է բաժակին:
ՌՈԲԵՐՏ — Տիկնայք և պարոնայք, եկեք անիմաստ ենթադրություններ չանենք: Պարզապես տանտերերը փորձում եմ մեր երեկոն ավելի հետաքրքիր դարձնել: Եկեք վերլուծենք այն, ինչ գիտենք: Մինչև այս պահը չգիտենք, թե որտեղ են նրանք և ինչպես երևում է, նրանք չեն պատրաստվում բացահայտել դա: Եվ իմանալով այս ամենն ու լինելով նախկինում դրամատիկ խաղեր խաղացած վետերան` ես կարող եմ ենթադրել, որ հյուրերը խաղում են ա՛յն կանոններով, որոնք սահմանել են տանտերերը: Ու նաև ասեմ, որ դրանք շատ տեղին են հենց ա՛յս սենյակում: Ձեր կենացը:
ՆՈՐԱ — (ծափահարելով): Բրա՛վո:
ՌՈԲԵՐՏ — Շնորհակալություն, տիկին Նորա:
ՎԻԿՏՈՐ — Դրան գումարած այն հոգևոր պատերազմը, որը մղում ենք սովամահ չլինելու համար: (Խմում է:)
ՆՈՐԱ — Վիկտո՛ր:
ՎԻԿՏՈՐ — Նրանք մեր հոգևոր կարողություններն են ստուգում: Սատանան տանի: Նրանք մեզ փորձության են ենթարկում` սեղանին թողնելով այս ուտելիքը: Նրանք ուզում են հասկանալ, թե մեզնից ով սովից կմեռնի: Միայն ոչ ես:
ԷՄՄԱ — Սա ինձ մի փորձարարություն է հիշեցնում, որի ականատեսն եմ եղել: Դա արվել էր, որպեսզի հասկանային, թե առանց ջրի և ուտելիքի որքան կարող են գոյատևել մարդիկ:
ՍԻՄՈՆ — Իսկ ինչքա՞ն տևեց դա:
ԷՄՄԱ — Մի քանի օր անց բոլորը սկսեցին հերթով հիվանդանալ ու մահանալ:
ՆՈՐԱ — Տե՜ր Աստված:
ՌՈԲԵՐՏ — Մի քանի օր: Իսկ մենք մի քանի ժամ է, ինչ այստեղ ենք: Բացի դրանից, ջուր ունենք:
ՎԻԿՏՈՐ — Ալկոհոլային խմիչք: Մենք ալկոհոլային խմիչք ունենք:
ՌՈԲԵՐՏ — Ահա և տոնելու առիթ: Բացի Վիկտորից, որն արդեն խմել է իր բաժինը, եկեք մյուսներս խմենք Սիմոնի կենացը:
Բոլորը բարձրացնում են բաժակները, Վիկտորը արագ իր բաժակը նորից է լցնում:
ՌՈԲԵՐՏ — Սիմո՛ն, ինչպես ասացիք, տանտերերը հիանալի հավաքույթ են կազմակերպել, ու եթե սա խաղ է, մենք պետք է ապացուցենք, որ կարող ենք լինել չեմպիոններ:
ՆՈՐԱ — Հիանալի ճառ էր:
Բոլորը խմում են, Էմմայից բացի:
ՎԻԿՏՈՐ — Բայց կատակը մի կողմ, ես արդեն չեմ կարող խմել առանց ուտելու:
ՍԻՄՈՆ — Քանի՞ բաժակ եք խմել, որ էլ չեք կարող:
ՎԻԿՏՈՐ — (կմկմալով): Ես ասացի, դուք բոլորդ ետ եք մնացել: Ես ու Սերգեյը… ով… որը…
ՍԻՄՈՆ — Դու արդեն դժվարությամբ ես բառերն ասում, ընկեր: Գուցե խմելու արդյո՞ւնքն է:
ՎԻԿՏՈՐ — Ես լավ եմ: Ուղղակի ուզում էի ասել, որ ես ու Սերգեյը առաջինն ենք եկել, ժամանակին, ոչ թե երկու ժամ ուշացումով:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր:
ՍԻՄՈՆ — Ներողություն եմ խնդրում ուշանալու համար: Մեղավորը ես եմ: Ճանապարհին ստիպված էինք մտնել մեր ընկերոջ տուն, ու դա ավելի շատ ժամանակ խլեց, քան սպասում էի: Գիտեք, նրա մայրը հիվանդ է, նա կարող է ամեն պահ մահանալ, այս վերջին մի քանի օրը նրա ընտանիքի համար սարսափելի օրեր են եղել: Մենք անկեղծորեն ուզում էինք լինել նրա ընտանիքի կողքին: Իսկապես ցավում եմ, որ այսպես ստացվեց:
ՆՈՐԱ — Դուք չպետք է ցավեք, իսկ դու, Վիկտոր, պետք է ամաչես: Կարծում եմ, պետք է ներողություն խնդրես:
ՎԻԿՏՈՐ — Կներեք ինձ:
ՌՈԲԵՐՏ — Ինձ էլ: Բոլորն էլ ցավում են: Գիտե՞ք, պետք է մի փոքր բարձրացնենք մեր տրամադրությունը: Վիկտոր, ի՞նչ կասեք բաժակները թարմացնելու մասին: Լարիսա, ասացիք, որ դաշնամուր եք նվագում: Կարծում եմ, բոլորը կուզենան մի հաճելի բան լսել, մինչև տանտերերը միանան մեզ:
ՆՈՐԱ — Հիանալի գաղափար է: (Լարիսային.) Չգիտեի, որ դաշնամուր եք նվագում:
ԼԱՐԻՍԱ — Խնդրում եմ… չէի ուզենա ձանձրացնել:
Բոլորը խնդրում են, որ նա նվագի:
ԼԱՐԻՍԱ — Լավ, մի քանի ուրախ բան կարող եմ նվագել:
Լարիսան սկսում է նվագել, հյուրերը աշխույժ զրուցում են:
Բարում: Վիկտորը լցնում է Մերիի բաժակը, բայց անուշադիր է, խմիչքը թափում է:
ՎԻԿՏՈՐ — Ներեցեք ինձ…
Հայտնվում է Նորան:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, չե՞ս տեսնում, ուր ես լցնում: Հիմա նա ինչպե՞ս է խմելու:
ՎԻԿՏՈՐ — Նորա, ի՞նչ գիտես, թե նա ինչ է ուզում: Միշտ ուրիշների փոխարեն խոսում ես:
ՄԵՐԻ — Ամեն ինչ կարգին է: Ես չեմ խմում… այսքանը բավական է:
ՎԻԿՏՈՐ — Բոլորն այս անիծյալ երկրում լավ խմելու կարիք ունեն: Ո՛չ, այս անիծյալ աշխարհո՛ւմ:
ՆՈՐԱ — Դու ի՞նչ գիտես, ինչի՛ կարիք ունի այս աշխարհը:
ՎԻԿՏՈՐ — Ես գիտեմ, թե ինչի՛ կարիք ունի աշխարհը:
ՄԵՐԻ — Այդտեղ ձիթապտուղ կա՞:
ՎԻԿՏՈՐ — Սեղանի այն կողմում կա, բայց մինչև վերցնելը լավ կլինի թույլտվություն վերցնես այս տիկնոջից:
ՆՈՐԱ — Պայմանավորվեցինք, որ ոչինչ չենք վերցնի: Եթե մյուսները մեզ տեսնեն ձիթապտուղ վերցնելիս, իրենք էլ կցանկանան ուտել:
ՄԵՐԻ — (հոգոց հանելով): Լավ:
Ռոբերտը բարից մի շիշ ջին է վերցնում, մոտենում է Բելլային, որը կանգնած խմում է իր մարտինին:
ՌՈԲԵՐՏ — Արդեն խաբո՞ւմ ես:
ԲԵԼԼԱ — Ինչպե՞ս թե:
ՌՈԲԵՐՏ — Ակնհայտ է, որ դու կերել ես ձիթապտուղը:
ԲԵԼԼԱ — Ոչ մի ձիթապտուղ չեմ կերել ու ձիթապտուղ էլ չեմ սիրում:
ՌՈԲԵՐՏ — Բոլոր ձիթապտուղնե՞րը չես սիրում:
ԲԵԼԼԱ — Դե… որոնք փորձել եմ:
ՌՈԲԵՐՏ — Ուրեմն դու լավ ձիթապտուղ չես կերել:
ԲԵԼԼԱ — Հավատացեք ինձ, իմ կյանքում շատ ձիթապտուղ եմ կերել և կարող եմ ասել, որ բոլորն էլ անհամ են եղել:
ՌՈԲԵՐՏ — Պարզապես դեռ չես կերել լավ ձիթապտուղ, բայց կարծում եմ, ես կկարողանամ քեզ օգնել այդ հարցում:
ԲԵԼԼԱ — Իսկապե՞ս:
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ, ես ունեմ այն ձիթապտուղը, որը կարող ես հավանել:
Նա ուշադիր նայում է Բելլայի աչքերին:
Սենյակի մյուս մասում Սերգեյը և Էմման ինչ-որ բան են քննարկում Սիմոնի հետ:
ՍԻՄՈՆ — (Սերգեյին): Հուսով եմ, ձեր դուստրը մի օր մեր հիվանդանոցում կաշխատի:
ՍԵՐԳԵՅ — Հիմա քոլեջում է սովորում, на втором курсе… потом увидим. Նա կարող է սկզբում ինձ օգնել լաբորատորիայում:
ՍԻՄՈՆ — Շատ ճիշտ է, երբ երեխադ քո ճամփով է գնում: Հիմա ջահելները չգիտեն, թե ինչ են ուզում: Շատ լավ է, երբ ծնողը խորհուրդ է տալիս:
ՍԵՐԳԵՅ — Ո՛չ, Էմման ինքնուրույն է որոշում կայացրել: Տասնհինգ տարեկան էր, երբ սկսեց հետաքրքրվել բույսերով: Я ее не заставил.
ՍԻՄՈՆ — Վստահ եմ, որ զգալի ազդեցություն եք ունեցել նրա որոշման վրա: Եթե իմ հայրը չլիներ, հիմա, Աստված գիտի, փողոցում ինչով զբաղված կլինեի:
Սիմոնը ծիծաղում է: Սերգեյը նայում է դաշնամուր նվագող Լարիսային:
ՍԵՐԳԵՅ — Простите, я сейчас. (Հեռանում է:)
ՍԻՄՈՆ — (Էմմային): Քանի հայրդ այստեղ չէ, կարող ես ճիշտն ասել: Ինքդ ի՞նչ մասնագիտություն կընտրեիր:
Սերգեյը մոտենում է Լարիսային:
ՍԵՐԳԵՅ — Ձեր բերած ծաղիկները շատ գեղեցիկ են:
ԼԱՐԻՍԱ — Այդպե՞ս եք կարծում:
ՍԵՐԳԵՅ — Да. Я немного знаю о цветах. Ես բուսաբան եմ:
ԼԱՐԻՍԱ — Բուսաբա՞ն:
ՍԵՐԳԵՅ — Դա կենսաբանի մի տեսակ է: Ես բույսերն եմ ուսումնասիրում:
ԼԱՐԻՍԱ — Ես էլ կուզեի հետաքրքիր մասնագիտություն ունենալ:
ՍԵՐԳԵՅ — Բայց դուք հետաքրքիր մասնագիտություն ունեք: Ոչ բոլորն են կարողանում գործիքի վրա նվագել… особенно фортепиано.
ԼԱՐԻՍԱ — Ես միշտ դաշնամուր եմ նվագում: Եթե չեմ դասավանդում, ուրեմն մարդկանց եմ ուրախացնում:
ՍԵՐԳԵՅ — Но вы так хорошо играете.
ԼԱՐԻՍԱ — Անկեղծ ասած, երբեք չեմ ցանկացել դաշնամուրի ուսուցիչ դառնալ: Մորս ցանկությունն էր: Ձեր դուստրը որտե՞ղ է սովորում:
ՍԵՐԳԵՅ — Биология… Բայց ես նրան չեմ ստիպել: Она сама решила.
ԼԱՐԻՍԱ — Լավ է: Եթե հնարավոր լիներ նորից ընտրել, դերասանուհի կդառնայի: Սա չէի ընտրի: Ոչ, չէի ընտրի:
Մերին մոտենում է Ռոբերտին ու Բելլային:
ՄԵՐԻ — Ամուսինս նյարդայնացնո՞ւմ է քեզ: Նա միշտ այդպիսին է:
ԲԵԼԼԱ — Ոչ, նա շատ լավն է:
ՌՈԲԵՐՏ — Կինս համոզված է, որ եթե մի բան նյարդայնացնում է իրեն, դա պետք է պարտադիր մյուսներին էլ նյարդայնացնի: Օրինակ` նա չի սիրում միս ուտել, որովհետև այն մտքից, որ կենդանու միս է կերել, որը տառապել է, նրա ստամոքսը կցավի: Այդ պատճառով կարծում է, որ բոլորը պետք է իր նման բուսակեր լինեն:
ԲԵԼԼԱ — Միայն ոչ ես: Ես երբեք բուսակեր չեմ դառնա, չեմ կարող ապրել առանց միս ուտելու:
ՄԵՐԻ — (վառում է ծխախոտը): Որոշ մարդիկ ծնվել են միս ուտելու համար:
ՌՈԲԵՐՏ — (Բելլային): Պատկերացրի՞ք, ինչերի միջով եմ անցնում տանը: Նա անհամ աղցաններն է պատրաստում: Վերջում ստիպված եմ լինում ինքս ուտելու բան պատրաստել:
ԲԵԼԼԱ — Խե՜ղճ մարդ:
ՌՈԲԵՐՏ — Ես սիրում եմ սթեյք ու խորոված: Նախկինում ուտում էի գառան խաշլամա ու կովի պոչ: Երիտասարդ տարիներին մայրս խաշ էր սարքում, ամբողջ քաղաքը գիտեր այդ մասին: Չի եղել մի ձմեռ, որն անցներ առանց խաշ ուտելու: Հիմա իմ ձմեռներն անցնում են ոսպով ապուր կամ շոգեխաշած կաղամբ ուտելով:
ԲԵԼԼԱ — Վայ, ես զզվում եմ կաղամբից:
ՌՈԲԵՐՏ — Իմ կյանքը դա ուտելով է անցել: Կյանքդ անցնում է քաղցած, իսկ ընտրելու հնարավորություն չունես: Կինս վստահ է, որ ընտրություն չունեմ: Միշտ եմ ասել` նա պետք է զինվորական լիներ, ոչ թե հոգեբան:
Մոտենում է Սիմոնը:
ՍԻՄՈՆ — Ո՞վ է հոգեբան:
ՌՈԲԵՐՏ — Կինս:
ՍԻՄՈՆ — (Մերիին): Ինձ միշտ հետաքրքրել է ձեր մասնագիտությունը: Գրազ կգամ, որ շատ դժվար է գործ ունենալ հիվանդների հետ:
ՄԵՐԻ — Կյանքս այդպես անցավ: Ես հաճախ եմ առնչվում նրանց հետ, նույնիսկ` տանը:
ՍԻՄՈՆ — Հիվանդներին է՞լ եք տանը ընդունում:
ՄԵՐԻ — Միայն մեկ հիվանդ: Նա միշտ է գալիս:
ԲԵԼԼԱ — (Սիմոնին): Ե՞րբ ենք գնալու: Ես այնքան քաղցած եմ:
ՍԻՄՈՆ — Շուտով, քաղցրիկս: Սա Լեոնարդից չէ: Չեմ հասկանում, ինչ են պատրաստվում անել:
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ, հետաքրքիր է լինելու: Ինչ-որ նոր բան կլինի:
ՍԻՄՈՆ — Իսկապես կարծում եք, որ սա պլանավորվա՞ծ է:
ՌՈԲԵՐՏ — Եթե, իհարկե, նրան շտապ վիրահատության չեն կանչել:
ՄԵՐԻ — Իսկ Սյուզա՞նը:
ՍԻՄՈՆ — Այդ դեպքում Վիկտորին էլ կկանչեին: Նա Լեոնարդի անեսթեզիոլոգն է:
ՎԻԿՏՈՐ — (ձայն է տալիս բարի մոտից): Ո՞վ է ուզում, ո՞ւմ ավելացնեմ…
ԲԵԼԼԱ — Ինձ, ես ուզում եմ:
ՌՈԲԵՐՏ — Ինձ, ես ոնց որ թե ուզում եմ:
Ռոբերտը գնում է Բելլայի ետևից: Սիմոնը և Մերին մնում են միասին:
ՍԻՄՈՆ — Դուք շատ գեղեցիկ մաշկ ունեք: Երևում է, որ հետևում եք ձեր արտաքինին:
ՄԵՐԻ — Ես միս չեմ ուտում:
Բելլան հենվում է սեղանին, դատարկ բաժակը մեկնում է Վիկտորին: Խմիչքը լցնելիս Վիկտորը նայում է նրա կրծքին և… խմիչքը բաժակից թափվում է:
ՎԻԿՏՈՐ — Ներեցեք ինձ, խնդրում եմ: (Անձեռոցիկով սրբում է սեղանը:) Հավանեցի՞ք խմիչքը:
ԲԵԼԼԱ — Շատ լավն է: Կուզանայի նաև մի բան ուտել: Շատ սոված եմ:
ՎԻԿՏՈՐ — Ես էլ: (Շշնջում է նրա ականջին:) Ի՞նչ կարծիքի ես հյուրասենյակ գնալու և մի փոքր զվարճանալու մասին: Մերժում չեմ ընդունում:
ԲԵԼԼԱ — (քրքջալով): Չարաճճի…
Նորան հայտնվում է նրանց մեջտեղում` կոճկելով ժակետի կոճակները:
ՆՈՐԱ — Վիկտոր, սա ի՞նչ է նշանակում: Առանց ի՞նձ ես խմում: Ինձ էլ լցրու:
Վիկտորը քթի տակ փնթփնթալով լցնում է կնոջ բաժակը: Այդ ընթացքում Ռոբերտը իր բաժակն է թարմացնում:
ՆՈՐԱ — Պարո՛ն Ռոբերտ, հուսով եմ, չնեղացաք, երբ ձեզ կոմիկ անվանեցի:
ՌՈԲԵՐՏ — Հակառակը, տիկին Նորա, շնորհակալ եմ այդ ունակությունս գնահատելու համար:
ՎԻԿՏՈՐ — Նորա, մրսո՞ւմ ես:
ՆՈՐԱ — Միայն ե՞ս: Այստեղ սառնամանիք է: Էլ մրսող չկա՞:
ՌՈԲԵՐՏ — Ես կոնյակ եմ խմում: Դա տաքացնում է մարմինը:
ԲԵԼԼԱ — Հիմա, երբ հիշեցրիք այդ մասին, հանկարծ սկսեցի մրսել… All of a sudden.
ՆՈՐԱ — Ի՜նչ հիանալի արտահայտություն է: All of a sudden. All of a sudden!
ԲԵԼԼԱ — Ես անգլերենի դասերի եմ հաճախում Ամերիկյան համալսարանում:
ՆՈՐԱ — Շատ լավ է:
ԲԵԼԼԱ — I… want… a… food!
ՌՈԲԵՐՏ — Ոչ, ոչ, դու չպետք է ասես «a food». Միայն «food». I want food.
ՆՈՐԱ — Վիկ, կարո՞ղ ես միացնել տաքացուցիչը: Այստեղ շատ ցուրտ է:
ՎԻԿՏՈՐ — Տաքացուցի՞չը: Բոլորովին ցուրտ չէ:
ՆՈՐԱ — Դու ես այդպես մտածում: Ձեռքերիս նայիր, փշաքաղվել եմ:
ՎԻԿՏՈՐ — Չգիտեմ, որտեղ է դա: Թեյ պատրաստիր, կտաքացնի:
ՆՈՐԱ — Դու եսասեր ես: Այս պահին միայն քո մասին ես մտածում: Եթե դու չես մրսում, մյուսները չպետք է տուժեն:
ՎԻԿՏՈՐ — Մյուսնե՞րը: Դու նույնիսկ չգիտես, թե մյուսներն ինչ են մտածում:
Նորան գդալով խփում է բաժակին: Սենյակում գտնվողները նայում են Նորային: Լարիսան կիսատ է թողնում նվագը:
ՆՈՐԱ — Հիմա մենք կքվեարկենք: Ով կողմ է տաքացուցիչը միացնելուն, բարձրացնի ձեռքը:
Բացի Վիկտորից, բոլորը բարձրացնում են ձեռքերը:
ՌՈԲԵՐՏ — Ես չեմ մրսում, բայց դեմ չեմ:
ՎԻԿՏՈՐ — Ոչ, սա քվերակություն չէ: Բնականաբար բոլորը, քաղաքավարությունից դրդված, դեմ չեն լինի: Ճիշտ կլինի պարզել, թե ովքեր են մրսում:
Նորան և Բելլան բարձրացնում են ձեռքերը: Լարիսան նայում է մյուսներին և ձեռքը չի բարձրացնում:
ԲԵԼԼԱ — (Սիմոնին): Փոքրի՛կս, բարձրացրու ձեռքդ:
Սիմոնը ստիպված բարձրացնում է ձեռքը:
ՎԻԿՏՈՐ — Վեցն ընդդեմ երեքի: Չենք միացնում:
ՆՈՐԱ — Արդար չէ: Հիմա դու բոլորին վեր ես դասում:
Էմման փռշտում է:
ՆՈՐԱ — Սա էլ ապացույցը: (Էմմային.) Առողջությո՛ւն:
ԷՄՄԱ — Շնորհակալություն:
ՍԵՐԳԵՅ — Եթե ոմանք մրսում են, պատճառն այն է, որ ոչինչ չեն կերել: Հենց ուտենք, կտաքանանք ու չենք մրսի:
ՎԻԿՏՈՐ — Բուսաբանը ճիշտ է: Տաքացուցիչը միացնելու փոխարեն ավելի լավ է ուտենք: Ոչ միայն կտաքանանք, այլև կկշտանանք:
ՆՈՐԱ — Բայց մենք չենք կարող ուտել:
ՎԻԿՏՈՐ — ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՆՐԱՆՔ, ԳՐՈՂԸ ՏԱՆԻ: (Բղավում է:) Լեոնա՛րդ, Սյուզա՛ն: Հենց հիմա եկեք, գրողը տանի:
ՍԻՄՈՆ — (Մերիին): Երբեք այսքան քաղցած մարդ չեմ տեսել:
Վիկտորը դուրս է գալիս բարի ետևից և գնում է դեպի սենյակ:
ՎԻԿՏՈՐ — Վե՛րջ: Այլևս չեմ կարող հանդուրժել: Եթե նրանք չեն գալիս, ուրեմն ես եմ գնում: Ես տուն եմ գնում և ուզածիս պես կընթրեմ: Գնացինք, Նորա:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, մենք չենք կարող գնալ:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ:
ՆՈՐԱ — Դու չես կարող մեքենան վարել: Դու խմել ես:
ՎԻԿՏՈՐ — Ուրեմն դու կվարես: Գնացինք, դուրս գանք այստեղից:
ՆՈՐԱ — Ես էլ եմ խմել: Այս պահին չեմ կարող վարել:
ՎԻԿՏՈՐ — Ե՛ս կարող եմ վարել: Գնացինք, հագի՛ր ժակետդ, արագացրու:
ՌՈԲԵՐՏ — Հարգելի՛ Վիկտոր, ժակետը նրա հագին է: Դու խմել ես, մենք բոլորս ենք խմել: Այս պահին ոչ մեկը չի պատրաստվում գնալ: Խնդրում եմ, հասկացեք, դուք չեք կարող վարել մեքենան: Երբ ժամանակը գա, բոլորս միասին կգնանք, իսկ հիմա եկեք ուղղակի լավ ժամանակ անցկացնենք: Դե, լիցքաթափվեք: Վաղ թե ուշ տանտերերը կմիանան մեզ: Կարծում եմ, սա երկար չի տևի:
ՍԵՐԳԵՅ — Роберт прав. Մի ՛ գնացեք, հիմա չեք կարող վարել, հատկապես այսպիսի եղանակին:
ՎԻԿՏՈՐ — Ես ավելի վատ եղանակին էլ եմ վարել:
ՌՈԲԵՐՏ — Արի, մեծ եղբայր, նստիր: Խմիր մեզ հետ:
Վիկտորը գլխիկոր նստում է աթոռակին:
ՎԻԿՏՈՐ — Գլուխս ցավում է:
Նորան արագ մոտենում է Վիկտորին, խոնավ սրբիչ է դնում գլխին, մերսում է ուսերը, իսկ նա փակել է աչքերը:
ՌՈԲԵՐՏ — Իսկ հիմա տաքացուցիչը միացնել-չմիացնելու որոշման մասին. միացնում ենք տաքացուցիչը, ովքեր շոգում են, կարող են հանել ավելորդ շորերը:
ՄԵՐԻ — Ի՞նչ ես ուզում անել, Ռոբերտ, հանե՞լ բոլորի շորերը:
Բոլորը սկսում են բարձր տոնով խոսել:
ՍԵՐԳԵՅ — Слушайте, ով չի ուզում հանել ավելորդ շորերը, կարող է այդպես էլ մնալ: Мы можем открыть окно, если нужно будет.
ՌՈԲԵՐՏ — Ահա և ճիշտ որոշում` ո՛չ մի շոր հանել: Կարծում եմ, համաձայնության եկանք: Ես կգտնեմ այդ տաքացուցիչը:
ՍԻՄՈՆ — (Ռոբերտին): Թույլ տվեք ես լուծեմ տաքացուցիչի հարցը, իսկ դուք թարմացրեք բաժակները: (Դուրս է գալիս սենյակից:)
ՄԻՋԱՆՑՔՈՒՄ:
Սիմոնը գտնում է տաքացուցիչը, փորձում է միացնել` ապարդյուն: Նա թողնում է տաքացուցիչը և գնում ճաշասենյակ:
ՃԱՇԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Սիմոնը մոտենում է ճաշասեղանին, վերցնում է հաց, մի քանի կարտոֆիլ, արագ դնում գրպանը և դուրս է գալիս սենյակից:
ԲԱՐՈՒՄ
Վերադառնալով բար` Նորան հովհարում է Վիկտորին, որը պառկած է թախտին, ձեռքին` ամսագիր: Ռոբերտը բարի մոտ Բելլայի և իր համար խմիչք է լցնում: Սերգեյը, Էմման և Լարիսան դաշնամուրի մոտ են: Մերին աննպատակ քայլում է սենյակում` փորձելով ծածկույթ գտնել հեռախոսի համար:
ՄԵՐԻ — Չեմ հասկանում, ո՞վ է տեսել` մի տեղ գնաս և չարժանանաս ընդունելության:
ՆՈՐԱ — Ինչքա՞ն պետք է նստենք այստեղ ու սպասենք: Գուցե նրանց իրո՞ք բան է պատահել:
ՍԵՐԳԵՅ — Ես դետեկտիվ չեմ, բայց եթե նրանց բան պատահեր, այդ մասին վկայող որևէ բան կլիներ:
ՌՈԲԵՐՏ — Այո, օրինակ` կոտրված բաժակ կամ արյան հետք:
ՆՈՐԱ — Ոչ, ոչ, ոչ: Նույնիսկ չեմ ուզում մտածել այդ մասին:
ՎԻԿՏՈՐ — Գուցե լռե՞ս:
ՆՈՐԱ — Չեմ լռի, մինչև չհասկանամ, թե ինչ է պատահել: Վիկտոր, երդվում եմ, որ կգոռամ:
Ռոբերտը խմիչքով բաժակն է տալիս Նորային, նա խմում է: Հիմա էլ Վիկտորն է ամսագրով հովհարում Նորային:
Դաշնամուրի կողքին մրսած Լարիսան ձեռքերը է շփում, հետո դուրս է գալիս սենյակից:
ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ
Հանդերձապահարանում Լարիսան փնտրում է իր վերարկուն` այն դեռ չի չորացել: Նա մոտենում է զուգարանին, հրում` դուռը փակ է: Ներսից խուլ ձայն է լսվում:
ՍԻՄՈՆ — Հիմա, հիմա դուրս կգամ…
Սանհանգույցից հոսող ջրի ձայնի հետ լսվում են այլ ձայներ` ոտնաձայն, բաց թողած ծորակի ջրի ձայն: Քիչ անց Սիմոնը դուրս է գալիս:
ՍԻՄՈՆ — Ներեցեք, աչքիս մեջ բան էր մտել:
ԶՈՒԳԱՐԱՆՈՒՄ
Լարիսան նայում է հայելու մեջ` ուսումնասիրելով մաշկը և աչքերի տակի սև շրջանակները: Նայում է ներքև և հատակին ինչ-որ բան նկատում: Վերցնում է: Կարտոֆիլ է:
ԲԱՐՈՒՄ
Ներս է մտնում Սիմոնը:
ՎԻԿՏՈՐ — Սա չար կատակ է: Այս ամենը չար կատակ է:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, մի բորբոքվիր:
Լարիսան ձեռքերը կրծքին խաչած ներս է մտնում, կարծես մրսում է:
ԼԱՐԻՍԱ — Էլի մրսող մարդ կա՞: Հենց նոր դող զգացի ողնաշարիս շրջանում:
ԷՄՄԱ — Ես էլ եմ սկսում մրսել:
ՆՈՐԱ — Տեսնո՞ւմ ես, Վիկտոր, ես միակը չէի, ով մրսում էր:
ՎԻԿՏՈՐ — Դու պետք է ավելի տաք հագնվեիր:
ՌՈԲԵՐՏ — Տարօրինակ է: Տաքացուցիչը արդեն պիտի աշխատեր:
ՍԻՄՈՆ — Ինչ վերաբերում է տաքացուցչին… չի աշխատում:
ՌՈԲԵՐՏ — Ի՞նչ է նշանակում` չի աշխատում:
ՍԻՄՈՆ — Չմիացավ, ինչ կոճակ ասես սեղմեցի:
ՆՈՐԱ — Տե՜ր Աստված…
ԼԱՐԻՍԱ — Միայն փչացած չլինի…
ՌՈԲԵՐՏ — Ես կնայեմ: Սիմոն, որտե՞ղ է թերմոստատը:
ՆՈՐԱ — Վիկտո՛ր, դու էլ գնա:
Վիկտորը փնթփնթալով հետևում է Ռոբերտին ու Սիմոնին, անխոս նրանց է միանում Սերգեյը: Սենյակում մնում են կանայք:
ՆՈՐԱ — Մոմ չկա՞… գոնե մոմերը վառեինք, օդը կտաքանար:
Մոմ են փնտրում: Լարիսան դարակներից մեկում երկար մոմեր է գտնում:
ԼԱՐԻՍԱ — Ահա՛… գտա:
Մոմերը դնում են մոմակալների մեջ: Մերին պայուսակից վառիչ է հանում, վառում մոմերը, հետո իր ծխախոտն է վառում:
ԲԵԼԼԱ — Կարո՞ղ եմ ես էլ ծխել:
ՄԵՐԻ — Իհարկե:
Մերին Բելլային ծխախոտ է տալիս, վառում:
ՆՈՐԱ — Դատարկ ստամոքսով ծխում եք:
ՄԵՐԻ — (կում է անում խմիչքից): Եվ խմում:
ԼԱՐԻՍԱ — Երանի շոկոլադ լիներ: Քաղցրը մի քիչ կտաքացներ: Այդ բարի ետևում ինչ-որ բան կա՞:
ԷՄՄԱ — (մոտենում, ստուգում է): Ո-չի՛նչ: (Երաժշտություն է միացնում:)
ՆՈՐԱ — Երեկ եմ խոսել Սյուզանի հետ, կարծես ամեն ինչ նորմալ էր: Նույնիսկ նրա բառերն եմ հիշում` ժամը յոթին լինեք մեր տանը: Չուշանա՛ք:
ՄԵՐԻ — Ժամը քանիսի՞ն եք եկել:
ՆՈՐԱ — Վիկտորն ու ես առաջինն էինք: Ուղիղ ժամը ութն էր:
ՄԵՐԻ — Ասվածից մի ժամ էլ ուշ:
ԼԱՐԻՍԱ — Դու չես կարծում, չէ՞, որ մեր ուշ գալը կապ ունի այս ամենի հետ:
ԲԵԼԼԱ — Գրազ կգամ, որ նրանք մեզ հիմարացնում են: Կամ գուցե ուզում են մենակ մնալ:
ՆՈՐԱ — Սա Սյուզանին նման չէ: Հատկապես, երբ խոսքը հյուրեր ընդունելու մասին է:
ԲԵԼԼԱ — (բազմանշանակ): Ի՞նչ իմանաս… Գուցե սպասել-սպասել են, իսկ հետո… չեն կարողացել իրենց զսպել ու…
ՆՈՐԱ — (քրքջալով): O, Էմմա, սիրելիս, փակի՛ր ականջներդ, այս խոսակցությունը քեզ համար չէ:
ԲԵԼԼԱ — Քանի՞ տարի են ամուսնացած:
ՄԵՐԻ — Տասնութ: Նրանք նույն տարում են ամուսնացել, ինչ ես ու Ռոբերտը:
ԲԵԼԼԱ — Տասնութ: Ի՜նչ երկար ժամանակ է:
ՆՈՐԱ — Կարծում ես, երկա՞ր ժամանակ է: Մենք ամուսնացել ենք երեսունմեկ տարի առաջ:
ԼԱՐԻՍԱ — Շնորհավորում եմ:
ՆՈՐԱ — Օհ, մի պահ ինձ շատ ծեր զգացի… այսքան տարի է անցել: Հավատս չի գալիս:
ԲԵԼԼԱ — Երբեք չէի կարողանա որևէ մեկի հետ այդքան երկար մնալ: Ասածս սխալ չհասկանաք: Ուզում եմ ասել` սիրում եմ Սիմոնին, նա հրաշք է, բայց ես չեմ կարող միշտ նույն մարդու կողքին ինձ պատկերացնել: Ես… ինքնասպան կլինեմ:
ԼԱՐԻՍԱ — Հիմա ես այդպես ասում: Նախ այդքան ապրիր, հետո նոր կխոսես:
ԲԵԼԼԱ — Դու ամուսնացած չե՞ս:
ԼԱՐԻՍԱ — Դժբախտաբար, ոչ:
ՄԵՐԻ — Ես կասեի` բարեբախտաբար:
ՆՈՐԱ — Չի ստացվե՞լ, թե՞ չես ցանկացել:
ԼԱՐԻՍԱ — Չի ստացվել: Ժամանակն արագ է անցել: Ես էլ սպասել եմ հմայիչ արքայազնի: Իսկ հմայիչ արքայազնը այդպես էլ չհայտնվեց:
ՄԵՐԻ — Հազվադեպ է այդպես լինում:
ԼԱՐԻՍԱ — Գուցե ես եմ չափազանց բծախնդիր… չգիտեմ: Գուցե ամեն ինչ այնքան բարդ չէ, մենք ենք բարդացնում: Գուցե ամեն ինչին շատ լուրջ եմ վերաբերվում: Հիշում եմ, երբ երիտասարդ էի, Էմմայի տարիքին, ծնողներիս ասում էի, որ ուզում եմ դերասանուհի դառնալ: Իսկ մայրս ասում էր, որ դերասանությունը կնոջը և մորը հարիր մասնագիտություն չէ: Որ եթե բեմում տղամարդու հետ համբուրվեմ, դա կբարկացնի ամուսնուս ու միշտ կվիճենք: Այդպես դարձա մանկավարժ: Գուցե ամեն ինչ ավելի լավ լիներ, եթե ընտրեի դերասանի մասնագիտությունը: Գոնե կլիներ մեկը, ով կխանդեր ինձ և մենք վիճելու առիթ կունենայինք:
ԲԵԼԼԱ — Միայն ոչ ես: Նույնիսկ չեմ ուզում փորձել: Ամուսնությունը հնացած բան է:
ՆՈՐԱ — Ջահելներդ չեք հասկանա: Ժամանակը կգա, կհասկանաք: Իմ դուստրերն էլ ձեզ նման չէին ուզում մտածել ամուսնության մասին: Հիմա երեքն էլ ամուսնացած են, իսկ ես սպասում եմ երրորդ թոռնիկիս լույս աշխարհ գալուն:
ԲԵԼԼԱ — Էմման երիտասարդ է, նա կհասկանա: Երևի չես ուզում կյանքիդ մնացած մասն անցկացնել բանտարկված, այնպես չէ՞, Էմմա:
ՄԵՐԻ — Նա շատ ջահել է ամուսնանալու համար:
ԷՄՄԱ — Չգիտեմ… Դժվարանում եմ ասել, թե ինչ եմ ուզում:
ՆՈՐԱ — Ուզում ես ամուսնանալ, չէ՞:
ԷՄՄԱ — Այո, բայց հայրս… նա մենակ կմնա:
ՄԵՐԻ — Ի՜նչ հուզիչ է… աղջիկը հոր մասին է մտածում:
ՆՈՐԱ — Քաղցրիկս, հայրդ մենակ չի մնա, կգտնի որևէ մեկին:Վստահ եմ, որ կգտնի:
ԷՄՄԱ — Ես մտածել եմ այդ մասին, չեմ ուզում նրան մենակ թողնել: Ուզում եմ ասել, որ ես ուզում եմ ի՛մ մասին մտածել… գուցե սովորել արտասահմանում… Նյու Յորքում կարելի է կուրսեր անցնել: Ես ուզում եմ գնալ… բայց եթե գնամ, հայրս մենակ կմնա: Մորս մահից հետո միայն ես եմ նրա կողքին: Ես ուղղակի չեմ կարող թողնել նրան…
ՄԵՐԻ — Նրան էլ տար Նյու Յորք: Նա ամերիկացի կին կգտնի:
ՆՈՐԱ — Օ՜, Նյու Յորք: Այ թե ո՛ւր կուզեի գնալ:
ԲԵԼԼԱ — Ես երբեք չեմ ամուսնանա: Չեմ պատկերացնում, ինչպես կարելի է ամեն օր նույն մարդու հետ արթնանալ: Դա այնքան ձանձրալի է:
ԼԱՐԻՍԱ — Երբ սիրում ես մեկին, չես կարող քեզ ուրիշի կողքին պատկերացնել:
ՄԵՐԻ — Եթե իսկապե՛ս սիրում ես:
ԼԱՐԻՍԱ — Եթե ամուսնացել ես մեկի հետ, ուրեմն նրան ես սիրում:
ՄԵՐԻ — Գուցե նախկինում ես սիրել: Սերը կարող է մարել:
ՆՈՐԱ — Իհարկե, մարում է: Ես Վիկտորին չեմ սիրում, ինչպես երեսուն տարի առաջ, երբ առաջին անգամ հանդիպեցինք: Ես դեռ սիրում եմ նրան, բայց հիմա ուրիշ սեր է: Դա ներդաշնակություն է: Մենք վիճում ենք, բայց դրանք հետք չեն թողնում: Դա ուրիշ սեր է: Դիմացինիդ ընտելանում ես, ինչպես ծնողիդ: Հիշում եմ, երբեմն ծնողներս զայրացնում էին, բայց ես չէի կարող հեռանալ ու թողնել ամեն ինչ: Ուղղակի ստիպված էի այդպես ապրել: Հիմա նույնը Վիկտորի դեպքում է: Տարիների ընթացքում մեր հարաբերություններն ավելի են ամրացել:
ՄԵՐԻ — Գինի կա, որը տարիների ընթացքում ավելի լավը չի դառնում:
ՆՈՐԱ — Գինի կա, որով չես կարող սկսել:
Գալիս է Վիկտորը` թևքերը վեր քշտած, նրան են հետևում Սիմոնը, Ռոբերտը և Սերգեյը` վերարկուներով: Վիկտորը արագ մոտենում է բարին, խմիչք է լցնում:
ՎԻԿՏՈՐ — Գրողի տարածը չի աշխատում:
ՌՈԲԵՐՏ — Մենք նման ենք քամուց քշված տերևների:
ՆՈՐԱ — Կարո՞ղ ես ավելի պարզ խոսել:
ՌՈԲԵՐՏ — Մենք որոշեցինք հագնել վերարկուները:
Տղամարդիկ իրենց վերարկուները տալիս են կանանց: Սերգեյն իր վերարկուն գցում է Լարիսայի ուսերին:
ՍԵՐԳԵՅ — Քո վերարկուն դեռ թաց էր:
ԼԱՐԻՍԱ — Շնորհակալություն, իսկ դո՞ւք:
ՍԵՐԳԵՅ — Мне не холодно.
Բոլորը մի թեթև հարբած են:
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ երաժշտություն է:
ՆՈՐԱ — Ձայնագրիչն է: (Ցույց է տալիս:) Այնտեղ…
Ռոբերտը ծնկի է իջնում ձայնագրիչի առջև:
ՌՈԲԵՐՏ — Հիշում եմ մեր ուսանողական օրերը… ես ու Լեոնարդը պառկում էինք հատակին ու հին ձայնագրություններ լսում… Բոբ Դիլան, Դայր Սթրեյթս: Ի՜նչ օրեր էին:
Մերին դուրս է գալիս սենյակից: Սիմոնը գնում է նրա ետևից:
ՍՐԱՀՈՒՄ
ՍԻՄՈՆ — Սպասի՛ր: (Մերին կանգնում, նայում է նրան:) Եթե առաջարկեի թողնել այս ընթրիքն ու ինձ հետ գնալ, ի՞նչ կպատասխանեիր:
ՄԵՐԻ — Կասեի, որ խելքդ թռցրել ես: Բայց հանդուգն ես:
ՍԻՄՈՆ — Չգիտեմ` ինչն է ինձ գրավում, բայց հենց քեզ տեսա, հետս ինչ-որ բան կատարվեց: Երբեք նույնը չեմ զգացել ուրիշի հանդեպ:
ՄԵՐԻ — Ի՞նչն է գրավում քեզ: Չե՞ս կարծում, որ մի քիչ մեծ եմ քեզ համար:
ՍԻՄՈՆ — Հասուն կինն այն է, ինչ ինձ պետք է: Կին, որը հասկանում է ամեն ինչ: Ես խոսելու կարիք ունեմ կնոջ հետ, որը կկարողանա լսել ինձ: Մեկը, ով մինչև ցերեկվա մեկը չի քնի, այլ առավոտյան ինձ կճանապարհի սուրճով, հացով ու ջեմով:
ՄԵՐԻ — Կարծում եմ, մայրիկի կարիք ունես:
ՍԻՄՈՆ — Չես հասկանում: Դու այն ես, ինչ ինձ պետք է: Հոգեբան, որը կարող է հասկանալ իմ զգացմունքները: Բոլորը կարծում են, որ ես միայն արտաքինի մասին եմ մտածում: Սխալվում են: Ես ավելի կարևոր բաների մասին եմ մտածում: Ես մտածում եմ զգացմունքների մասին: Ես մտածում եմ, թե ինչ է կատարվում մարդու ներսում, ոչ թե դրսում:
ՄԵՐԻ — Սիմոն, կարող եմ օգնել քո խնդիրների հարցում, բայց չեմ կարող քեզ հետ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ:
ՍԻՄՈՆ — Ինչո՞ւ:
ՄԵՐԻ — Ամուսնացած եմ:
ՍԻՄՈՆ — Գիտեմ, ինչ ես մտածում նրա մասին: Դու չես սիրում նրան: Դա տեսնում եմ աչքերիդ մեջ: Մերի, դու չպետք է լինես մեկի հետ միայն նրա համար, որ ամուսնացած ես հետը: Եթե ինչ-որ բան ստիպված ես անում, դա չի կարող նորմալ լինել: Հավատա, դու պետք է գաս ինձ հետ:
ՄԵՐԻ — Այնքան հեշտ ես ասում: Դժվար է թողնել մեկին, ում հետ անց ես կացրել կյանքիդ վերջին քսան տարիները: Դա ավելի դժվար է, քան մտածում ես:
ՍԻՄՈՆ — Դա այնքան հեշտ է, որ կարող ես հավաքել իրերդ, փաստաբան կանչել ու խնդրել, որ կարգավորի ամեն ինչ: Հիմա ամեն ինչ այնքան է հեշտացել: Կոճակ սեղմելու չափ հեշտ է:
ՄԵՐԻ — Կողքից կարող է հեշտ թվալ, բայց երբ դրա մեջ ես, կործանարար կարող է լինել: Ես չեմ կարող այդպես վարվել Ռոբերտի հետ:
ՍԻՄՈՆ — Կարծում ես, դա հետաքրքրո՞ւմ է նրան: Նա այս ընթացքում սիրահետում էր Բելլային ու դու գիտես, որ այդպես է:
ՄԵՐԻ — Նկատել եմ:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ իմաստ ունի մեկի հետ ապրելը, եթե չես սիրում նրան:
ՄԵՐԻ — Ես չգիտեմ, թե ինչ եմ զգում նրա հանդեպ:
ՍԻՄՈՆ — Ես գիտեմ: Դուք այլևս չեք հետաքրքրում իրար:
ՄԵՐԻ — Իսկ Բելլա՞ն:
ՍԻՄՈՆ — Նա նույնիսկ չի նկատի, որ գնացել եմ:
ՄԵՐԻ — Չգիտեմ, Սիմոն, այս ամենը չափից դուրս է:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ ունես կորցնելու: Սա համարիր նոր կյանքի սկիզբ: Քանի՞ երեխա ունես:
ՄԵՐԻ — (քարանում է): Երեխա՞…. Ես….
ՍԻՄՈՆ — Նշանակություն չունի: Կարող ես երեխաների խնամակալությունը վերցնել, իսկ Ռոբերտը նրանց կարող է ամեն շաբաթ տեսնել: Ամեն ինչ լավ կլինի: Քաղցրիկս, մենք կարող ենք երջանիկ լինել միասին: Դու չպետք է տառապես: Արի գնանք այս գրողի տարած տնից:
ՄԵՐԻ — Գնա՞նք: Հիմա՞:
ՍԻՄՈՆ — Այո, միասին գնանք իմ տունը և վաղվանից ամեն ինչ նոր տողից սկսենք:
ՄԵՐԻ — Ես ինձ վատ եմ զգում…
Մերին մտնում է զուգարան, փակում դուռը: Սիմոնը նայում է դռան անցքից:
ՍԻՄՈՆ — Ավարտի՛ր գործերդ և արի սենյակ, որտեղ մյուսներն են: Ես կսպասեմ, ու երբ գաս, մենք կհայտարարենք մեր որոշման մասին:
ԲԱՐՈՒՄ
Հյուրերը պառկել են հատակին: Սերգեյն ու Լարիսան պառկած են կողք-կողքի: Հնչում է ջազ:
ԼԱՐԻՍԱ — Որքան էլ ծանր ու հոգնեցուցիչ են այս անձրևային օրերը, դրանք իմ սիրած օրերն են: Անձրևի ձայնը, մռայլ եղանակը, փողոցները, գույնզգույն անձրևանոցները…
ՍԵՐԳԵՅ — Երբ ջահել էի, անձրևին գնում էի կողքի սրճարան, որտեղ լավագույն խնձորի կարկանդակն էին տալիս: Ամենալավն էր, որովհետև կարկանդակի վրա դնում էին վանիլային պաղպաղակ: Я очень любил мороженое, особенно в дождливые дни.
ԼԱՐԻՍԱ — Հիմա չե՞ս սիրում:
ՍԵՐԳԵՅ — Я не помню последний раз когда ел мороженое.
ԼԱՐԻՍԱ — Երբեք պաղպաղակով կարկանդակ չեմ կերել: Եթե վաղը որոշես ուտել, ինձ էլ կտանես հետդ:
ՍԵՐԳԵՅ — Իսկ եթե վաղն անձրև չգա՞:
ԼԱՐԻՍԱ — Հուսանք, որ կգա:
Ներս է մտնում Սիմոնը:
ՌՈԲԵՐՏ — Սիմո՛ն, մենք էլ ուզում էինք իմանալ, թե ուր ես կորել:
ՍԻՄՈՆ — Զուգարանում էի:
ՌՈԲԵՐՏ — Զուգարանում` շատ լավ է: Կարոտել ենք քեզ: Մտածեցինք` առանց ասելու գնացել ես:
ՍԻՄՈՆ — Ես թաքուն չէի գնա: Վստահ եղեք, գնալուց առաջ բոլորին կասեմ:
ՌՈԲԵՐՏ — Լավ: (Կանգնում է:) Այդ դեպքում, քանի դեռ չես որոշել գնալ, շախմատ խաղա՞նք:
ՍԻՄՈՆ — Շախմա՞տ… տարիներով չեմ խաղացել: Ինչո՞ւ ես ուզում ինձ հետ խաղալ:
Ռոբերտը շախմատի տուփը դնում է սեղանին, դասավորում է քարերը:
ՌՈԲԵՐՏ — Ես բոլորին հարցրի, ոչ ոք չի ուզում խաղալ: Մտածում եմ` քանի դեռ սպասում ենք, կարող ենք գոնե մեր խմած գլուխները գործի դնել: Ի՞նչ կասես, Սիմոն: Չես վախենում, չէ՞:
ՍԻՄՈՆ — (քրքջալով): Ոչ, չեմ վախենում, ուղղակի մի քիչ խմած եմ:
ՌՈԲԵՐՏ — Խմա՞ծ: Բոլորն են խմած: Բոլորը, Էմմայից բացի: Նա չի կարող խմել: Նա փոքր է դրա համար: Բայց ես ու դու բավականաչափ մեծ ենք դրա համար: Մենք կարող ենք խմել: Եվ կարող ենք շախմատ խաղալ: Ի՞նչ կասես:
ՍԻՄՈՆ — Ինչո՞ւ ոչ: Խաղալը չէր խանգարի:
Սիմոնը նստում է Ռոբերտի դիմաց: Մի քանիսը հավաքվում են նրանց շուրջ: Սիմոնն անում է առաջին քայլը, սենյակ է մտնում Մերին: Նա մի հայացք է նետում խաղացողների վրա, գնում է սենյակի անկյունը և ծխախոտ վառում: Ռոբերտը նկատում է` ինչպես է Սիմոնը նայում Մերիին:
Վիկտորը կանգնած է նստած Բելլայի կողքին:
ՎԻԿՏՈՐ — Ե՞վ… սիրո՞ւմ ես շախմատ:
ԲԵԼԼԱ — Ոչ, ձանձրալի է:
ՎԻԿՏՈՐ — Համաձայն եմ: Դպրոցում ավելի լավ ֆիզիկական կարողություններ ունեի, քան մտավոր: Մեր դասարանի ըմբշամարտի չեմպիոնն էի: Ինձ համար անուն էլ էին մտածել` Նարկոզ: Որովհետև բոլորին նոկաուտի էի ենթարկում: Հետո մտածեցի` իսկ ինչո՞ւ չդառնամ անեսթեզիոլոգ: Այնքան լավ էի մարդկանց քնեցնում, ինչո՞ւ չփորձեմ ուժերս: Հիմա այնքան արագ եմ հիվանդներին քնեցնում, որ չեն էլ հասկանում, ինչ կատարվեց իրենց հետ:
Բելլան կարծես ննջում է: Սենյակի մյուս կողմում նստած են Նորան ու Լարիսան:
ԼԱՐԻՍԱ — Քիչ առաջ ասացի, որ գուցե կեղծ խավիար եմ գնել: Այդպես չէ: Ես տարիներով խավիար չեմ գնել: Ես չեմ կարող այդպիսի ճոխություն թույլ տալ: Նույնիսկ կեղծ:
ՆՈՐԱ — Խավիար… Հիշում եմ այն ժամանակները, երբ ինքնաթիռում խավիար էին տալիս: Սև խավիար: Հիմա ուղեկցորդուհուն խնդրում ես մի կտոր կարկանդակ, իսկ նա խնձոր ու մի տուփ շաքարավազ է բերում:
ԼԱՐԻՍԱ — Հիմա նույնիսկ ինքնաթիռի էկոնոմ կերակուրը կարելի է լավը համարել:
ՆՈՐԱ — Ամուսինս հոգնել է ինձնից: Ես ծերացել եմ, գիրացել ու կնճիռներ ունեմ: Այլևս լավը չեմ նրա համար: (Աչքերը լցվում են:)
ԼԱՐԻՍԱ — (նրան թաշկինակ է տալիս): Քեզ մի՛ թերագնահատիր:
ՆՈՐԱ — Ասում եմ, ինչ տեսնում եմ: Նայում եմ հայելու մեջ ու հասկանում եմ, որ այդպես է:
ԼԱՐԻՍԱ — Չգիտեմ, ինչ ես տեսնում կամ ինչ ես սպասում տեսնել, բայց ես շատ գեղեցիկ կին եմ տեսնում:
ՆՈՐԱ — Կարծում ես` գեղեցի՞կ եմ:
ԼԱՐԻՍԱ — Այո, և մոռանում ես, թե ինչքան ես աշխատել` դու եղել ես կին, մայր, տատիկ ու պահպանել ես գեղեցկությունդ: Կասկածում եմ, որ այդ աղջիկն արել է արածիդ տասը տոկոսը:
Նորան ժպտում և գլուխը դնում է Լարիսայի ուսին:
Սերգեյը խմում է: Էմման ծածկոց է բերում, գցում հոր ուսերին:
ԷՄՄԱ — Կարծում եմ, սա քեզ պետք է:
ՍԵՐԳԵՅ — Նրա վերարկուն թրջվել էր: Ես…
ԷՄՄԱ — (ընդհատում է): Պարտավոր չես բացատրել: Նա իսկապես շատ լավն է: Միայնակ է: Երբեք ամուսնացած չի եղել:
ՍԵՐԳԵՅ — Երբեք ամուսնացած չի՞ եղել: Ուզում էի ասել, շատ լավ է… Но я никогда…
ԷՄՄԱ — Հայրի՛կ, արդեն հինգ տարի է: Դու ոչ մեկին լավություն չես անում` կյանքիդ մնացած մասը միայնակ մնալով: Հատկապես մորս: Նա ուզում է քեզ երջանիկ տեսնել: Ո՞վ է քո մասին հոգ տանելու, եթե գնամ:
ՍԵՐԳԵՅ — Գնա՞ս: Куда?
ԷՄՄԱ — Ոչ մի տեղ: Ես քեզ հետ կմնամ, հայրիկ:
ՍԵՐԳԵՅ — Այնքան հաճելի զգացողություն ունեմ… վաղուց այսքան լավ չեմ զգացել: По-моему, это из-за алкоголя…
ԷՄՄԱ — Սա ուրիշ բանի է նման:
Ռոբերտն ու Սիմոնը տարված են խաղով: Բոլորի ուշադրությունը խաղի վրա է: Երբեմն Սիմոնը նայում է Մերիին: Ռոբերտը դա նկատում է:
ՍԵՐԳԵՅ — Նա կվերցնի թագուհուն:
Սիմոնը վերցնում է Ռոբերտի թագուհուն ու նորից նայում Մերիին:
ՌՈԲԵՐՏ — (պոռթկում է): Հեռո՛ւ մնա իմ կնոջից:
Ռոբերտը տեղից թռչում, հատակին է գցում Սիմոնին: Նրանք կռվում են: Կանայք բղավում են: Վիկտորն ու Սերգեյը շտապում են անջատել նրանց:
ՎԻԿՏՈՐ — Լավ, բավական է… վերջացրեք:
Մյուսների օգնությամբ վերջապես դադարեցնում են կռիվը:
ՌՈԲԵՐՏ — Նա գո՛ղ է: Գողանում է ուրիշների կանանց: Այդ սրիկան փորձում է գողանալ իմ կնոջը:
ՍԵՐԳԵՅ — Ты уверен?
ՌՈԲԵՐՏ — Ամբողջ երեկոյի ընթացքում հետևում էր նրան:
ՆՈՐԱ — Ռոբե՛րտ, բոլորն են նայում: Ես էլ եմ բոլորին նայում: Եվ ի՞նչ…
ՎԻԿՏՈՐ — Դա ի՞նչ բան է:
ՌՈԲԵՐՏ — Ձեր կարծիքով ես կո՞ւյր եմ: Ես նրա ամուսինն եմ քսան տարի, գրողը տանի: Ձեր կարծիքով, չե՞մ հասկանա, որ ինչ-որ մեկն իմ կնոջը սիրահետում է:
Այս ընթացքում Սերգեյը հատակին մի կարտոֆիլ է տեսնում:
ՍԵՐԳԵՅ — Что это?
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչը:
ՍԵՐԳԵՅ — (ցույց է տալիս կարտոֆիլը): Կարտոֆիլը: Откуда?
Բոլորը նայում են կարտոֆիլին:
ԲԵԼԼԱ — Կարտոֆիլ է:
ՍԵՐԳԵՅ — Այո, կարտոֆիլ, որը հայտնվել է այս սենյակում: Կարող էր հայտնվել, եթե ինչ-որ մեկը բերեր: Ու բերողը հաստատ չի նկատել, որ ընկել է գրպանից: Ո՞վ է մեզնից թաքուն կերել:
Բոլորը նայում են իրար:
ՎԻԿՏՈՐ — Ինչո՞ւ եք բոլորդ ինձ նայում:
ՌՈԲԵՐՏ — Երբ փորձում էինք միացնել տաքացուցիչը, գործիք ուզեցի: Դու անհետացար և հինգ րոպեից վերադարձար առանց գործիքի:
ՎԻԿՏՈՐ — Ասացի, որ չգտա:
ՌՈԲԵՐՏ — Հինգ րոպե տևեց քո փնտրելը:
ՎԻԿՏՈՐ — Վերադարձիս զուգարան մտա: Դու ուզում ես ի՞նձ ստախոս հանել:
ՆՈՐԱ — Իմ ամուսինը երբեք չէր անի դա:
ՌՈԲԵՐՏ — Տիկի՛ն Նորա, երևում է, ձեր ամուսինը այստեղ գալուց հետո մի փոքր քաշ է ավելացրել:
ՆՈՐԱ — Նա միշտ գեր է եղել: Իսկ ձեր կի՞նը: Նա շարունակ դուրս էր գալիս սենյակից: Գուցե նա՞ է այդ կարտոֆիլը դրել գրպանը:
ՌՈԲԵՐՏ — Նրա շրջազգեստը գրպաններ չունի:
Հուրերն սկսում են բղավել, մեղադրել իրար:
ԼԱՐԻՍԱ — Վե՛րջ տվեք… բոլո՛րդ… (Լռություն, բոլորը նայում են Լարիսային:) Սա զուգարանում եմ գտել: (Ցույց է տալիս կարտոֆիլը:)
ՆՈՐԱ — (հևալով): Վիկտո՛ր:
ԼԱՐԻՍԱ — Վիկտորը չէ: Սա գտել եմ Սիմոնի` զուգարանից դուրս գալուց հետո:
Բոլորը նայում են Սիմոնին:
ՍԻՄՈՆ — Հետո՞ ինչ, որ զուգարանում էի: Դա ոչինչ չի ապացուցում: Շատերն են այնտեղ եղել ինձանից առաջ:
ՍԵՐԳԵՅ — Это верно. Լավ, եկեք հասկանանք, ովքե՞ր են եղել զուգարանում:
Բոլորը բարձրացնում են ձեռքերը, Ռոբերտից և Սերգեյից բացի:
ՍԵՐԳԵՅ — Լարիսա, կարող ես իջեցնել ձեռքդ:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ… Ինչո՞ւ…
ՍԵՐԳԵՅ — Որովհետև նա է գտել: Էմմա, դո՞ւ ես վերցրել կարտոֆիլը:
ԷՄՄԱ — Հայրի՛կ, գիտես, որ չեմ սիրում տապակած կարտոֆիլ:
ՍԵՐԳԵՅ — Լավ, Էմմա, կարող ես իջեցնել ձեռքդ: А ты, Белла?
ԲԵԼԼԱ — Ես մեկ անգամ եմ եղել զուգարանում ու Նորան ինձ հետ է եղել:
ՆՈՐԱ — Ես էլ: Ու դրանից հետո չեմ եղել զուգարանում:
ՍԵՐԳԵՅ — Хорошо. Мери?
ՄԵՐԻ — Կարտոֆիլը բեկոնով է: Ես բուսակեր եմ:
ՍԵՐԳԵՅ — Վիկտո՞ր:
ՎԻԿՏՈՐ — Բացատրելու կարիք չունեմ: Եթե ոչ մեկդ էլ չհավատաք, դա ինձ չի հուզի: Իսկ եթե սեղանից մի բան վերցնելու լինեի, դա կլիներ ոչ թե կարտոֆիլ, այլ խոզի չալաղաջ:
ՆՈՐԱ — Ես հավատում եմ իմ ամուսնուն:
ՍԵՐԳԵՅ — Остался Симон. Սիմոն, դո՞ւ ես կերել կարտոֆիլը:
ՍԻՄՈՆ — Իսկ ինչո՞ւ երգչուհուն չես հարցնում:
ՍԵՐԳԵՅ — Լարիսան է գտել կարտոֆիլը:
ՍԻՄՈՆ — Ինքը գտել է, ինքն էլ կերել է:
ՍԵՐԳԵՅ — Չփորձե՛ս այդ տոնով խոսել նրա մասին:
Կարճ իրարանցում:
ՍԻՄՈՆ — Ես եմ վերցրել, ե՛ս…
ԲԵԼԼԱ — Առանց ի՞նձ ես կերել:
ՍԻՄՈՆ — (ուշադրություն չդարձնելով Բելլային): Ուշ է, Մերի, գնա՛նք:
ՌՈԲԵՐՏ — Գնա՞նք:
ՍԻՄՈՆ — Ասա նրանց, Մերի: Ասա մեր մտադրության մասին: Ասա ամուսնուդ, որ թողնում ես նրան ու գալիս ես ինձ հետ: Ասա, որ զզվել ես անհաջողակի հետ ապրելուց: Ասա, որ էլ չես սիրում նրան:
ՌՈԲԵՐՏ — Շա՛ն որդի: Նախ ուտելիք ես գողանում, հիմա էլ փորձում ես կնո՞ջս գողանալ: Քեզ հետ ի՞նչ է կատարվում, գրողը տանի: Դու սիրտ չունե՞ս:
ՍԻՄՈՆ — Ես խելք ունեմ: Կինդ չի սիրում քեզ ու դու ապուշ ես, եթե դա չես հասկանում: Ասա նրան, Մերի: Ասա, որ թողնում ես նրան ու երեխաներին էլ քեզ հետ ես վերցնում:
Լռություն: Ռոբերտը սկսում է ծիծաղել:
ՌՈԲԵՐՏ — Երեխաների՞ն… Դա ճի՞շտ է, Մերի, դու երեխաներին է՞լ ես վերցնում:
ՄԵՐԻ — (լալիս է): Ռոբերտ, խնդրում եմ, վերջ տուր:
ՌՈԲԵՐՏ — Ափսոս… շա՛տ ափսոս:
ՄԵՐԻ — Խնդրում եմ, վերջ տուր: Արի տուն գնանք: Խնդրում եմ, ես ուզում եմ տուն գնալ:
ՌՈԲԵՐՏ — Տո՞ւն: Ճիշտ ես, երեխաները տանը մեզ են սպասում:
ՆՈՐԱ — (Մերիին): Ինչո՞ւ ես լալիս:
ՌՈԲԵՐՏ — (Նորային): Դու տեսե՞լ ես մեր երեխաներին: (Նորան բացասական օրորում է գլուխը:) Մերի՛, ինչո՞ւ մեր ընկերներին ցույց չես տվել երեխաների լուսանկարները: Ինչո՞ւ:
ՄԵՐԻ — (կամաց): Որովհետև… մենք երեխաներ չունենք…
ՌՈԲԵՐՏ — Կարծում եմ, նրանք քեզ չլսեցին:
ՄԵՐԻ — (բարձր): Ասացի, որ մենք երեխաներ չունենք: Երբեք չենք ունեցել: Չենք կարող ունենալ…
ՌՈԲԵՐՏ — Ճիշտ է, չունենք: Երբեք չենք ունեցել: Ես գրողի տարած մանկաբարձ եմ ու գոնե մի երեխա չունեմ: Ողջ կյանքս հարյուրավոր կանանց եմ օգնել, բայց ոչ իմ կնոջը: Մի վիժման պատճառով: Ոչ մեկը մեղավոր չէ: Կյանք է` ոմանք բախտավոր են, որ երեխա ունեն, ոմանք` ոչ: Բախտավորներից ոմանք չեն էլ գիտակցում, թե ի՛նչ բախտավոր են իրենք: Տեսնո՞ւմ եք, Սիմոն Սիմոնյան, կինս ու ես շատ տխուր գիշերներ ենք անցկացրել, որպեսզի թույլ չտանք, որ ինչ-որ մեկը կանգնի մեր մեջտեղում: Ամուսնալուծվել հեշտ է, բայց մենք ուժեղ ենք: Նա իմ միակն է: Ցավում եմ, որ հաճախ չեմ ասում, բայց նա միակն է աշխարհում, ում սիրում եմ… իմ կինը:
Ռոբերտը և Մերին գրկախառնվում են: Էմման գրկում է հորը, իսկ նա նայում է Լարիսային, որը նրան էր նայում: Սիմոնը փորձում է գրկել Բելլայի ուսն ու հարված է ստանում գլխին: Նորան փնտրում է Վիկտորին:
ՆՈՐԱ — Որտե՞ղ է Վիկտորը:
ՍԵՐԳԵՅ — Գուցե նորից զուգարանո՞ւմ է:
ՆՈՐԱ — Վիկտորն առանց ինձ տեղյակ պահելու ոչ մի տեղ չի գնում: (Դուրս է գալիս սենյակից:)
ՃԱՇԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Նորան մտնում է ճաշասենյակ, նրան հետևում են մյուսները: Վիկտորը ափսեից գդալով խավիար է ուտում:
ՆՈՐԱ — (բղավում է): Վիկտոր, ի՞նչ ես անում:
ՎԻԿՏՈՐ — Ես ստախոս եմ, Նորա, ես ստել եմ քեզ:
ՆՈՐԱ — Ի՞նչ ես խոսում, Սիմոնը խոստովանեց, որ ինքն է կերել կարտոֆիլը:
ՎԻԿՏՈՐ — Կարտոֆիլը չէ, խավիարը…
ՆՈՐԱ — Խավիա՞րը: Ինչո՞ւ ես ուտում, դու խավիար չես սիրում:
ՎԻԿՏՈՐ — Սիրում եմ… սիրում եմ: Ես միշտ սիրել եմ, ամաչում էի խոստովանել:
ՆՈՐԱ — Ինչո՞ւ պետք է ամաչես խավիար ուտելու համար:
ՎԻԿՏՈՐ — Չգիտեմ… մի անգամ մեկն ինձ ասաց, որ մենք այն ենք, ինչ ուտում ենք: Մտածում էի, որ եթե խավիար ուտեմ, ցույց կտամ իմ թուլությունը:
ՆՈՐԱ — Դրա համա՞ր ես միս ուտում: Որպեսզի ուժե՞ղ երևաս:
ՎԻԿՏՈՐ — Այո, բայց զզվել եմ դրանից: Ինձ այլևս չի հուզում, թե ինչ կմտածեն ուրիշները: Կարծում ես, ինձ դո՞ւր է գալիս մշտապես միս ուտելը: Ես նուրբ կերակուրներ էլ եմ սիրում: Ես սիրում եմ նաև մածուն, մեղր ու կաթ… օ, ես… (Հանկարծ դադարում է ծամել, կռանում է:)
ՆՈՐԱ — Քեզ ի՞նչ եղավ…
Օգնում են Վիկտորին, նստեցնում աթոռին:
ԼԱՐԻՍԱ — Ի՞նչ եղավ նրան…
ՍԻՄՈՆ — Նա գունատվեց…
ՍԵՐԳԵՅ — Может у него аллергия от рыбы?
ՆՈՐԱ — Ոչ… իմ իմանալով` ոչ:
Վիկտորը ծանր շնչում է: Նորան հովհարում է անձեռոցիկով:
ՎԻԿՏՈՐ — Գլուխս… գլուխս պտտվում է:
ՆՈՐԱ — Խոր շնչիր… մի քանի անգամ…
ՎԻԿՏՈՐ — Ես անեսթեզիոլոգ եմ, գիտեմ ինչպես թուլանամ:
ԼԱՐԻՍԱ — Նրան շնչելու օդ է հարկավոր:
ՍԵՐԳԵՅ — Он отравился…
ԲԵԼԼԱ — Թունավորվե՞լ է:
ՆՈՐԱ — Ո՞վ է արել… ո՞վ է թունավորել ամուսնուս:
ՍԵՐԳԵՅ — Никто, а что?… Խավիա՞րը:
ՌՈԲԵՐՏ — Ասացի, որ խավիարը կասկածելի տեսք ունի:
ՍԻՄՈՆ — Լավ է, որ չկերա:
ՄԵՐԻ — Արագ, մի բաժակ գոլ ջուր բերեք:
ԲԵԼԼԱ — Ես կբերեմ: (Դուրս է վազում:)
ՍԵՐԳԵՅ — Խավիարի մեջի բակտերիաներն են գլխապտույտի պատճառը: Որպեսզի օրգանիզմը մաքրվի, նա պետք է փսխի:
ՆՈՐԱ — Վիկտոր, պիտի ետ տաս:
ՎԻԿՏՈՐ — Չեմ կարող…
ԼԱՐԻՍԱ — Ցուցամատդ տար բերանդ…
ՍԻՄՈՆ — Ես չեմ կարող տեսնել այս ամենը:
ՌՈԲԵՐՏ — Նա չի կարող այստեղ ետ տալ, տանենք զուգարան:
Բելլան վազքով գալիս է` ձեռքին բաժակ:
ԲԵԼԼԱ — (բաժակը տալիս է Մերիին): Ահա…
ՄԵՐԻ — (բաժակը տալիս է Վիկտորին:) Խմի՛ր…
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ է սա, գրողը տանի:
ՄԵՐԻ — Խմի՛ր, արա՛գ…
ՎԻԿՏՈՐ — Չեմ կարող սա խմել:
ՄԵՐԻ — Ստիպված ես:
Վիկտորը մի քանի կում է անում ու… չռում է աչքերը: Ապա հրելով բոլորին` գնում է զուգարան: Նորան` նրա ետևից:
ՆՈՐԱ — Գալիս եմ, Վիկտոր…
ՍԻՄՈՆ — Ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, որ թաքուն կերա: Ռոբե՛րտ, ներողություն եմ խնդրում ձեզ և ձեր կնոջը վիրավորելու համար: Սա չեմ ասում, որովհետև խմած եմ: (Վերցնում է խավիարի դատարկ ափսեն:) Գուցե խավիարը վատը չի եղել… սեղանին երկար մնալուց է փչացել: Այդպես է թե ոչ` չենք իմանա, քանի որ այն սանհանգույցում է:
Ռոբերտը ձեռքը պարզում է Սիմոնին, նա սեղմում է պարզված ձեռքը: Գալիս է Վիկտորը` վիճակը նորմալ է:
ՍԵՐԳԵՅ — (Վիկտորին): Ինչպե՞ս ես քեզ զգում:
ՎԻԿՏՈՐ — Լավ… շատ ավելի լավ: (Նստում է աթոռին:)
ՆՈՐԱ — Շնորհակալություն, Մերի, փրկեցիր իմ Վիկտորին: Բոլորդ փրկեցիք: Աստված բոլորիդ հետ:
ԲԵԼԼԱ — Ի՞նչ ես լցրել ջրի մեջ:
ՄԵՐԻ — Մանանեխ:
ԲԵԼԼԱ — Օ՜…
ՎԻԿՏՈՐ — Շնորհակալություն, Մերի: Շնորհակալ եմ, որ օգնեցիք…
ՆՈՐԱ — Ե՞վ…
ՎԻԿՏՈՐ — Եվ… ցավում եմ ուտելու համար:
ՍԵՐԳԵՅ — Սիմոնն էլ ներողություն խնդրեց, երբ դու զբաղված էիր:
ՎԻԿՏՈՐ — Երևի կյանքումս այսքան սոված չեմ եղել:
ԼԱՐԻՍԱ — Դեռ սովա՞ծ եք:
ՎԻԿՏՈՐ — Չգիտեմ… հիմա ծարավ եմ:
Լարիսան նրան ջուր է տալիս: Ռոբերտը նայում է ժամացույցին: Մեկին տասնհինգ է պակաս:
ՌՈԲԵՐՏ — Արդեն ուշ է: Ես հոգնել եմ: Կարծում եմ, բոլորս ենք հոգնել: Մերի… շատ լավ է, որ հագել ես վերարկուդ: Մեր գնալու ժամանակն է:
ՆՈՐԱ — Դու դեռ խմած ես:
ՌՈԲԵՐՏ — Ուրեմն կքայլենք:
ԼԱՐԻՍԱ — Դեռ անձրև է գալիս:
ՍԵՐԳԵՅ — Իսկ ուտելի՞քը: Мы еще не поели.
ՌՈԲԵՐՏ — Բարեկամս, էլ չեմ մտածում ուտելու մասին: Դա այլևս կարևոր չէ:
ՍԵՐԳԵՅ — Այլևս կարևոր չէ՞: Ուրեմն ուզում եք` հենց այսպես վերջանա՞ ամեն ինչ: Այսքան սպասելուց հետո պատրաստ եք սպիտակ դրոշա՞կ պարզել:
ՌՈԲԵՐՏ — Ինչքա՞ն սպասենք, վաղն աշխատանքի եմ:
ՍԵՐԳԵՅ — Ты не единственный.
ՌՈԲԵՐՏ — Ահա և գնալու հիմնավոր պատճառ: Ի՞նչ գործ ունենք այնտեղ, որտեղ չպետք է գտնվենք: Մեզ նայեք: Մի խումբ հիմարների նման նստել-սպասում ենք: Մեր փոխարեն ուրիշը վաղուց գնացած կլիներ:
ՍԵՐԳԵՅ — Դու քաղցած ես: Դու ուզում ես գնալ տուն, նստել խոհանոցում և ուզածիդ չափ ուտել: Դու մեր մասին չես մտածում: Չես մտածում, որ մինչ քո տանը ուտում ես, իմ դուստրը դեռ այստեղ կլինի` սոված: Մենք այսքան սպասել ենք, իսկ դու պատրաստ ես մոռանալ այդ մասին: Хочешь уйти, уходи. Я останусь с моей дочерью.
ՌՈԲԵՐՏ — Վտանգում ես աղջկադ կյանքը ինչ-որ բան ապացուցելու համա՞ր: Խելքդ թռցրել ես, կարծում ես, Լեոն մեզ կպարգևատրի՞, երբ իմանա, որ սովամահ ենք եղել իրենց սպասելով: Որտեղ էլ որ լինի, հավանաբար Սյուզանին ասում է` ի՛նչ հիանալի կատակ ենք մտածել: Չա՛ր կատակ: (Գոռում է:) Սյուզա՛ն, Լե՛ո, դա ձեզ հաջողվեց: Հա-հա-հա… շատ լավ կատակ էր: Լեոնա՛րդ, Սյուզա՛ն, հիմա կարող եք գալ, նստենք և ընթրենք… Ո՛չ, ավելի լավ գաղափար ունեմ. ես առանց ձեզ կսկսեմ: Եկեք համտեսենք այս ճուտը: Գրազ կգամ, որ այնքան սառն է, որ չեմ կարողանա կծել:
ՄԵՐԻ — Ո՛չ, չանե՛ս…
ՌՈԲԵՐՏ — (խորոված միս է վերցնում, կծում ու ցավից բղավում է): Ա՛յ…
ՆՈՐԱ — Ի՞նչ եղավ:
ՌՈԲԵՐՏ — Այս միսը քարից է պատրաստված… Ի՞նչ է սա, գրողը տանի… սա միս չէ:
Ռոբերտը մսի կտորը գցում է հատակին: Բարձր թխկոց է լսվում: Բոլորը նայում են հավի բդին: Սերգեյը վերցնում, ուսումնասիրում է:
ՍԵՐԳԵՅ — Это пластик.
ՎԻԿՏՈՐ — Ի՞նչ ես ուզում ասել:
ՍԵՐԳԵՅ — Իսկական չէ… պատրաստված է պլաստմասայից:
Հյուրերը մոտենում են սեղանին և սկսում ուսումնասիրել ուտելիքը:
ՄԵՐԻ — Ամեն ինչ պլաստմասայից է:
ԲԵԼԼԱ — Նույնիսկ աղցանի մեջի լոլիկը:
ԷՄՄԱ — Գդալը խրվել է մածունի մեջ, չեմ կարող հանել:
ՍԻՄՈՆ — Անհնար է, ես այս կարտոֆիլն եմ կերել: Հիմա նրանք պլաստմասայից են:
ՍԵՐԳԵՅ — Так точно.
ՍԻՄՈՆ — Հացը նույնպես: Երբ կերա, հացը պլաստիկից չէր:
ՎԻԿՏՈՐ — Երևի իմունիտետ ես ձեռք բերել քո վիրահատություններից հետո:
ՍԵՐԳԵՅ — Սիմո՛ն, հիմա փորձիր կարտոֆիլ ուտել:
ՍԻՄՈՆ — (կարտոֆիլ է վերցնում, կծում): Չեմ կարող ուտել… չեմ կարող:
ՆՈՐԱ — Բայց Վիկտորը խավիար է կերել: Վիկտո՛ր, քո կերածը պլաստմասա՞ էր:
ՎԻԿՏՈՐ — Չգիտեմ, այնքան արագ կերա… համը չեմ հիշում:
ՍԵՐԳԵՅ — Ինչ էլ որ լիներ, դրա պատճառով վատ զգացիր:
ԼԱՐԻՍԱ — Խավիարը պլաստմասայից էր: Պատառաքաղներն ու դանակները` նույնպես:
ԷՄՄԱ — Նայիր, ճուտի վրա ճանճ կա:
ԲԵԼԼԱ — Բայց չի շարժվում:
ՆՈՐԱ — Տեր Աստված, նույնիսկ ճանճն է պլաստիկից:
ՍԻՄՈՆ — Բայց ինչպե՞ս կարող էր կերակուրը վերածվել պլաստմասայի: Սերգե՛յ, կենսաբան ես, սրան բացատրություն կա՞:
ՍԵՐԳԵՅ — Դա բացարձակապես անհնար է: Это физически невозможно.
ՄԵՐԻ — Կերակուրը չի փոխվել: Մենք ենք փոխվել: Չե՞ք տեսնում: Մենք չափազանց կույր ենք եղել հասկանալու համար, որ կերակուրը հենց սկզբից պլաստիկից է եղել: Միշտ կեղծ է եղել: Մեզ հինգ ժամ անհրաժեշտ եղավ, որ դա հասկանանք:
ՌՈԲԵՐՏ — Չեմ կարող հավատալ: Այսքան երկար սպասեցինք… պարզվում է` իզուր:
ՍԵՐԳԵՅ — Очень смешно! Ողջ երեկոյի ընթացքում մեր դիմաց ուտելիքով սեղան է եղել, մենք իրար միս էինք ուտում: Իսկ ուտելիքը իսկական չի եղել:
ՆՈՐԱ — (բացականչում է): Սպասե՛ք:
ՎԻԿՏՈՐ — Նորա՞, քեզ ի՞նչ պատահեց:
ՆՈՐԱ — Վիկտոր, տո՜րթը…
ՎԻԿՏՈՐ — Տորթ՞:
ՆՈՐԱ — Չէ՞ որ մենք տորթ էինք բերել:
Հնչում են հյուրերի բացականչություններ` տո՞րթ… ի՞նչ տորթ… որտեղից՞ տորթ…
ՌՈԲԵՐՏ — (մոտենում, թափ է տալիս ուսերը): Որտե՞ղ եք դրել այդ տորթը:
ՆՈՐԱ — Սառնարանում է:
Հյուրերը «տորթ» բացականչելով շտապում են խոհանոց: