Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ / ՄԻՋԱՆՑՔ
Պիես երկու գործողությամբ
Գործող անձինք
ԱՐԱՄ — հայ ծերունի
ՄԱՀՄԵԴ – ադրբեջանցի ծերունի
ԻՎԱՆ – ռուս երիտասարդ
ԺՈ – ֆրանսիացի դիտորդ
ՋՈ – ամերիկացի դիտորդ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Բեմը հիշեցնում է բնակարան, մեջտեղում երկար միջանցք է, որի վերջում պատուհան է, որից լույս է ընկնում հատակին։ Միջանցքի երկու կողմերում՝ դեմ-հանդիման, սենյակներ են։ Սենյակներից մեկում, մահճակալի կողքին փոքրիկ պահարան է, որի վրա երիտասարդ տղայի լուսանկար է հայկական զինվորական հագուստով, կողքին հայկական դրոշն է, մյուս սենյակում, մահճակալի կողքի փոքրիկ պահարանի վրա ադրբեջանական զինվորական հագուստով երիտասարդ տղայի լուսանկար է, կողքին՝ ադրբեջանական դրոշ։
Մահմեդը նստած է իր սենկայում, անկողնու վրա։ Դաշտի ծաղիկները ձեռքին իր սենյակ է մտնում Արամը, ծաղիկները դնում է ծաղկամանի մեջ։
ՄԱՀՄԵԴ – Էդ ո՞ւր էիր, մինչև արթնացա, արդեն չկայիր։
ԱՐԱՄ – Գնացել էի ծաղիկ հավաքելու։
ՄԱՀՄԵԴ – Ինչի՞ համար։
ԱՐԱՄ — Վաղը գերեզմաններ եմ գնում, համ կնոջս մահվան օրն է, համ տղայիս ծննդյան, իրենք միասին են, ինձ մենակ են թողել։
ՄԱՀՄԵԴ — (վեր է կենում, գալիս է Արամի սենյակ): Սուրճ խմե՞լ ես։
ԱՐԱՄ – Այո, բայց նորից կխմեմ, հիմա կպատրաստեմ, նստիր։
ՄԱՀՄԵԴ — (նստում է մահճակալի կողքին դրված աթոռին): Վաղը հետդ կգայի, բայց գերեզմանը հայկական կողմում է, ես չունեմ այդ իրավունքը, եթե տեսնեն՝ կձերբակալեն։
ԱՐԱՄ – Հա… Ամբողջ ճանապարհին մտածել եմ՝ ինչպե՞ս ու երբվանի՞ց քաղաքակրթությունը բոլոր առումներով դուրս եկավ մարդկանց միջից, թեև բոլորը խոսում են դրանից․․․
ՄԱՀՄԵԴ – Էդ քաղաքակրթությունը թող, էլի, որ դրանից խոսում ես, բարկանում եմ։ Մոտեցիր, պատուհանից նայիր դուրս, տես, ինչ գեղեցիկ է ամեն ինչ, բնությունը, ծառերը, մանավանդ սարի լանջերին փռված ոչխարի հոտը, ես դա եմ սիրում, դրանից եմ հասկանում, թե չէ քաղաքակրթություն, արվեստ, կրթություն․․․
ԱՐԱՄ — (սուրճը լցնում է բաժակների մեջ): Երեսուն տարի ուսուցիչ եմ եղել ու խոսել եմ քաղաքակրթության մասին, հիմա զրուցակիցս դու ես մնացել միայն ու չես ուզում լսել այդ մասին…
ՄԱՀՄԵԴ – Ես էլ հիսուն տարի խոսել եմ միայն ոչխարի մասին, ու պատերազմից հետո, որ ինձ բերեցին էստեղ, տվեցին քո տան մի մասը, մտածում էի՝ մենակ ի՞նչ եմ անելու։ Հետո որ քեզ տեսա՝ ուրախացա, մտածեցի՝ զրուցակից կունենամ, դու էլ ոչխարի մասին ոչինչ չգիտես։ Զարմանում եմ, երեսուն տարվա ուսուցիչը ինչպե՞ս կարող է ոչինչ չիմանալ էդ ազնվագույն կենդանու մասին․․․
ԱՐԱՄ – Ինձ թվում է, որ ես էլ ոչինչ չգիտեմ ու չեմ էլ իմացել։
ՄԱՀՄԵԴ – Ինչի՞։ Քեզ ի՞նչ եղավ, այ մարդ, երկու րոպե առաջ քաղաքակրթության մասին քարոզ էիր ուզում կարդայիր, եթե թողնեի։
ԱՐԱՄ – Կամ այն, ինչ իմացել եմ, դա է սխալ, կամ էլ իրականությունը, որում ապրում ենք։
ՄԱՀՄԵԴ – Այսինքն՝ կյանքը սխա՞լ է, դա նկատի ունե՞ս։
ԱՐԱՄ – Ինչի՞ համար էր այս ամենը։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչը։
ԱՐԱՄ – Պատերազմը։
ՄԱՀՄԵԴ – Ինչպե՞ս թե՝ ինչի համար էր պատերազմը։ Հետաքրքիր մարդ ես, հողի, էլի ինչի՞։ Հողի համար են կռվում, ասում են, չէ՞, հողը սուրբ է։
ԱՐԱՄ – Իսկ ինչի՞ է հիմա այս հողը դատարկ, երկու կողմում էլ մարդ չկա մեզանից բացի։
ՄԱՀՄԵԴ – Դա չգիտեմ, բարդ հարցեր մի տուր։
ԱՐԱՄ – Իսկ որքա՞ն մարդ զոհվեց հենց այս հողակտորի վրա, որտեղ հիմա ոչ ոք չկա։
ՄԱՀՄԵԴ – Մեր կողմից, մենակ այս կողքի գյուղից, 300 զոհ ենք ունեցել, չնայած կառավարությունն ասում է 50, բայց 300 մարդ չկա, հասկանում ենք, որ զոհվել են։
ԱՐԱՄ – 100 զոհ էլ մեր կողմից է եղել, միայն այստեղ, պատերազմից առաջ գյուղը 500 բնակիչ ուներ, հետո, երբ սկսեցին հողի համար կռվել, այդ հողում, երկու կողմում էլ մնացին շիրիմները միայն։
ՄԱՀՄԵԴ – Տարօրինակ, բարդ հարց է, ճիշտն ասած, որ մտածում եմ, գլուխս ցավում է, դրա համար աշխատում եմ չմտածել ու ոչ էլ ուզում եմ։ Ինչ հեռուստացույցով ասում են՝ հավատում եմ, ոչ գլուխս է ցավում, ոչ էլ ավելորդ էներգիա եմ կորցնում։
ԱՐԱՄ – Իրականում հողը վերևում է, երկինքը՝ ներքևում, ու էն, ինչ մենք ապրում ենք, կյանքը չէ, այլ դրա արտացոլանքը, գնալով համոզվում եմ սրանում։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ-ի՞նչ… լավ-լավ, ավելի մի բարդացրու, խնդրում եմ, թե չէ գլուխս կպայթի։ Այ, օրինակ, երբևէ տեսե՞լ ես, երբ ոչխարի հոտի մեջ արու աչխարները հանկարծ սկսում են կռվել։
ԱՐԱՄ – Տեսել եմ։
ՄԱՀՄԵԴ – Երկուսը կռվում են, բոլորը նայում են, ու ոչ մեկ մոտիկ չի գալիս, ու երբ կռվողներից մեկը հաղթում է, պարտվածը ընկնում է գետնին, նա թողնում հեռանում է, բա՞։ Տեսնո՞ւմ ես, մարդիկ որքան բան ունեն սովորելու էդ ազնվագույն կենդանուց։
ԱՐԱՄ – Ոչխարի՞ց։
ՄԱՀՄԵԴ – Իհարկե։
Արամը խմում է սուրճի վերջին կումը։ Մահմեդը վեր է կենում, գնում է իր սենյակը, նստում է անկողնու վրա։ Շարունակում են զրուցել։
ԱՐԱՄ – Ո՞ւր գնացիր, արի, քեզ համար մեղր եմ պահել։
ՄԱՀՄԵԴ – Ե՞րբ ես քաշել մեղրը։
ԱՐԱՄ – Էրեկ։
ՄԱՀՄԵԴ – Բա ինչպե՞ս չեմ իմացել։
ԱՐԱՄ – Ամբողջ օրը սարերում ես, ինչպե՞ս իմանայիր։ Արի տամ, տար։
Մահմեդը մոտենում է Արամի սենյակին։ Արամը անկողնու տակից հանում է բանկայով մեղրը և դնում է սեղանին։
ՄԱՀՄԵԴ – Գո՞հ ես բերքից։
ԱՐԱՄ – Չէ, անձրևային էր էս տարի, շատ քիչ էր բերքը, մեղուն դուրս չգնաց։
ՄԱՀՄԵԴ – Մոմով ունե՞ս մեղր, բեր ուտենք։
ԱՐԱՄ – Հիմա բերեմ։
Արամը դուրս է գալիս սենյակից, վերադառնում է՝ մեղրն ու հացը դնելով սեղանին։
Մահմեդը մեղրը քսում է հացին, խոսում է ուտելով։
ՄԱՀՄԵԴ – Հիմա ես օրենք եմ խախտո՞ւմ։
ԱՐԱՄ – Ինչի՞։
ՄԱՀՄԵԴ – Դե, անօրինական գտնվում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում։
ԱՐԱՄ – Օրենքով՝ այո։
ՄԱՀՄԵԴ – Եթե տեսնեն, ձեր երկրի իրավապահները ինձ կարող են ձերբակալել, իսկ իմ երկրում ես կլինեմ դավաճան։ Պատկերացնո՞ւմ ես, ու կարող են անգամ իմ տղային ձերբակալել, որը եղբոր զոհվելուց հետո տեղափոխվեց քաղաք՝ ապրելու։
ԱՐԱՄ – Հա, քեզ իմ տանը հաց ուտելու համար կարող են մեղադրել, ինձ էլ՝ քեզ իմ տանը հաց տալու համար։ Որովհետև օրենքը պաշտպանում է մեր իրավունքները, առանց հաշվի առնելու դրանք։
ՄԱՀՄԵԴ – Այսի՞նքն…
ԱՐԱՄ – Այսինքն, էն, որ իմ տունը կիսեցին, քեզ բերեցին էստեղ բնակեցրին, ոչ ոք ո՛չ ինձ հարցրեց, ո՛չ քեզ։
ՄԱՀՄԵԴ – Դե, ասեցին՝ պատերազմից հետո սահմանը փոխվել է։
ԱՐԱՄ – Ու վե՞րջ…
ՄԱՀՄԵԴ – Ու վերջ։
ԱՐԱՄ – Տեսնո՞ւմ ես, մեր փոխարեն ամեն ինչ որոշում են, հանուն մեզ՝ մեզ հաշվի չառնելով։
ՄԱՀՄԵԴ – Այ, օրինակ, ոչխարները, բոլորը հավասար են, ոչ մեկը մյուսի տեղը չի որոշում, ու ես հասկացել եմ՝ դա ինչից է։
ԱՐԱՄ – Եվ ինչի՞ց է։
ՄԱՀՄԵԴ – Նրանից է, որ ոչխարների մեջ առաջնորդներ չկան, որ մեկը բոլորի տեղը որոշի, կամ բոլորին կոտորի։ Նրանց առաջնորդները այծերն են, բայց նրանք ոչխար չեն, ես հինգ այծ ունեի, բոլորին մորթեցի, խանգարում էին հոտին։
ԱՐԱՄ – Քանի՞ շուն ունես։
ՄԱՀՄԵԴ – Երեք։
ԱՐԱՄ – Այդ երեք շունը 200 գլուխ ոչխարին պահում են, չէ՞։
ՄԱՀՄԵԴ – Հա։
ԱՐԱՄ – Տեսնո՞ւմ ես, իսկ դու համ շներին ես պահում, համ ոչխարներին, ու երբ ուզում, որ ոչխարին ուզում՝ մորթում ես, չէ՞։
ՄԱՀՄԵԴ – Հա։
ԱՐԱՄ – Այսինքն՝ առաջնորդը դու ես տվյալ դեպքում, ու էլի մորթում ես։
ՄԱՀՄԵԴ – Բա ես մարդ եմ, պետք է մորթեմ, դա սովորական բան է այս պարագայում։
ԱՐԱՄ – Այո, երբ մորթելը դարձավ սովորական մարդու համար, սկսեցին իրար էլ մորթել։
ՄԱՀՄԵԴ – Ես հենց էնպես ոչխար չեմ մորթում։
ԱՐԱՄ – Բա ի՞նչ ես անում։
ՄԱՀՄԵԴ – Մորթում եմ, որ ուտեմ, մորթում եմ, որ վաճառեմ, կարողանամ ապրել։
ԱՐԱՄ – Իսկ մարդիկ մորթում ու թաղում են իրար, հետո որպես վիճակագրություն նշում ու անցնում են առաջ։
ՄԱՀՄԵԴ – Մարդիկ՝ չգիտեմ, բայց վաղը ոչխար կմորթեմ, որ գնաս գերեզման՝ գաս, տղայիդ ծննդյան օրը նշենք։ Ես գնացի քնելու, բարի գիշեր։
ԱՐԱՄ – Բարի գիշեր։
Մահմեդը սեղանի վրայից վերցնում է բանկայով մեղրը, գնում է իր սենյակը։
Արամը անջատում է լույսը։
Մահմեդը նույնպես անջատում է լույսը։
Թույլ երևում է միջանցքի պատուհանից ներս ընկնող իրիկնային լույսը։
Բեմը մթնում է։
Բեմը լուսավորվում է։ Մահմեդը սեղան է դնում։ Սեղանին դրված են բաժակներ, ափսեներ, հաց։
Ներս է մտնում Արամը, իր սենյակում հանում է կոստյումը, գլխարկը։
ՄԱՀՄԵԴ – Դե, օղին վերցրու արի։
ԱՐԱՄ – Սպասիր, կգամ մի քանի րոպեից։
ՄԱՀՄԵԴ – Մեռա սպասելով։
ԱՐԱՄ – Ձեռքերս լվանամ՝ գամ։
Մահմեդը սեղանին է դնում մեծ ափսեով միսը, որից գոլորշի է բարձրանում։
Արամը օղու շիշը ձեռքին գնում է Մահմեդի սենյակ, օղին դնում է սեղանին, նստում է նրա դիմացը։
Մահմեդը օղին լցնում է բաժակների մեջ։
Նրանք վերցնում են բաժակները, ոտքի են կանգնում։
ՄԱՀՄԵԴ – Տղայիդ ու կնոջդ հիշատակի համար։ Ես շատ խոսել չեմ սիրում ու շատ բան էլ չգիտեմ, որ խոսեմ։
ԱՐԱՄ – Շնորհակալություն։ Խոսել պետք չէ երբեմն։
Խմում են։ Դուռը թակում են։
ՄԱՀՄԵԴ – Գնա քո սենյակ, եթե իրավապահներից լինեն՝ կձերբակալեն երկուսիս էլ։
ԱՐԱՄ – Իրավապահները դժվար թակեին դուռը։
ՄԱՀՄԵԴ – Ո՞վ կարող է լինել։
ԱՐԱՄ – Չգիտեմ։
ԻՎԱՆ — (ձայն է տալիս դրսից): Մարդ կա՞ ներսում։
ԱՐԱՄ – Կա։
ԻՎԱՆ – Բացեք դուռը, խնդրում եմ։
ՄԱՀՄԵԴ – Դուռը բաց է։
Ներս է մտնում Իվանը՝ սև հագուստով է, ցիլինդրով:
ԻՎԱՆ – Բարև ձեզ, ես Իվանն եմ, մի բաժակ ջուր տվեք, խնդրում եմ։
Մահմեդը ջուր է լցնում բաժակի մեջ, տալիս է Իվանին, որը խմում է ջուրը, ապա հանում է գլխարկը։
ԻՎԱՆ – Շնորհակալություն։ Այ, հիմա կարող ենք ծանոթանալ։
ԱՐԱՄ – Անունս Արամ է։
ՄԱՀՄԵԴ – Ես Մահմեդն եմ։
ԱՐԱՄ – Ի՞նչ ես անում էս կողմերում։
ԻՎԱՆ – Ռուսաստանից խումբ է ժամանել, ոսկու հանք ենք փնտրում։ Մի մասը ադրբեջանական կողմում է, մի մասը՝ Հայաստանի։ Ասեցի՝ դուրս գամ, ման գամ, եկա հանդիպեցի ձեզ։
ՄԱՀՄԵԴ – Դե նստիր։ Հաց կեր։
ԻՎԱՆ — (նստում է): Բայց մեկ րոպե… տարօրինակ է։
ԱՐԱՄ – Ի՞նչը։
ԻՎԱՆ – Ճի՞շտ լսեցի։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչը։
ԻՎԱՆ – Դու Արամն ես, դու՝ Մահմեդը։
ԱՐԱՄ – Հա։
ԻՎԱՆ – Զարմանալի է։
ԱՐԱՄ – Ի՞նչը։
ԻՎԱՆ – Երկու թշնամի, նույն սեղանի շուրջ, երբ դեռ պատերազմը չի ավարտվել։
ՄԱՀՄԵԴ – Եթե դա ես ասելու, կարող ես գնալ։
ԻՎԱն – Ոչ-ոչ, ես, իհարկե, ուրախ եմ։ Պարզապես զարմացած եմ, սա նորություն է։
ԱՐԱՄ – Իրականում ամենամեծ թշնամիներն ապրում են բարեկամների մեջ, Իվան։
ԻՎԱՆ – Եվ ինչի՞ց ես էդպես եզրակացրել։
ԱՐԱՄ – Պատմությունից, տղաս, պատմությունից։
Մահմեդը լցնում է բաժակները։
ՄԱՀՄԵԴ – Եկեք խմենք։
ԻՎԱՆ – Ի՞նչ առիթով ենք խմում։
ՄԱՀՄԵԴ – Այսօր Արամի կնոջ հիշատակի օրն է, նաև զոհված տղայի ծննդյան…
ԻՎԱՆ – Իսկ սա ո՞ւմ տունն է։
ՄԱՀՄԵԴ – Այս մասը իմն է, դիմացինը՝ Արամինը։
ԻՎԱՆ – Իսկ միջա՞նցքը։
ԱՐԱՄ – Միջանցքով սահմանն է անցնում։ Շատ հետաքրքրասերն ես երևում։
ՄԱՀՄԵԴ – Քեզ ի՞նչ, ինչը ումն է, խմում ես՝ խմիր։
ԱՐԱՄ – Չես ուզում՝ գնա։
ԻՎԱՆ – Ոչ, կխմեմ, բարեկամներս, ես հիացած և զարմացած եմ ձեզանով։ Խմենք։
ՄԱՀՄԵԴ – Ասեցիր՝ ի՞նչ ես անում էս կողմերում։
ԻՎԱՆ – Ոսկու հանք ենք փնտրում, ռուսական ընկերություն է, այդ խմբում եմ։
ԱՐԱՄ – Որքա՞ն ժամանակ է, որ էստեղ եք։
ԻՎԱՆ – Երկու շաբաթ։
ԱՐԱՄ – Ինչ-որ բան գտե՞լ եք։
ԻՎԱՆ – Դեռ նկատելի արդյունքներ չկան, կան տեղեր, որտեղ կա ոսկի, բայց պաշարը քիչ է, չի արդարացնի ներդրումները, բայց տեղեկություններ կան, որ կգտնենք։
ՄԱՀՄԵԴ – Որ գտաք, ի՞նչ եք անելու։
ԻՎԱՆ – Որ գտանք, գալու ենք հանենք, տանենք։
ՄԱՀՄԵԴ – Մեզ ի՞նչ օգուտ դրանից։
ԻՎԱՆ – Մեծ գումարներ են վճարվելու հարկերի տեսքով այն երկրին, որի տարածքում կշահագործվի հանքը։
ՄԱՀՄԵԴ – Գոնե մեր կողմում ոչինչ չգտնեք։
ԻՎԱՆ – Ինչի՞։
ՄԱՀՄԵԴ – Դե, գալու եք քանդեք, ոչխարներս արածելու տեղ չունենան։
ԻՎԱՆ – Էլ ոչխար չես պահի, հանքում կաշխատես, ավելի բարձր աշխատավարձով։
ՄԱՀՄԵԴ – Չեմ ուզում, գոհ եմ, շնորհակալություն։
ԻՎԱՆ – Մենք եկել ենք ձեզ օգնելու, եթե հանքը բացվի, ավելի լավ աշխատավարձով աշխատանք կունենաք։
ԱՐԱՄ – Դուք եկել եք տանելու։
ԻՎԱՆ – Ի՞նչը։
ԱՐԱՄ – Մեր երկրի պաշարները։ Սկզբից կքանդեք, հետո կհանեք, ապա՝ կտանեք։
ԻՎԱՆ – Այդ ընթացքում դուք կաշխատեք, և հնարավոր է, ձեզ բնակարան տան քաղաքում, տեղափոխվեք այնտեղ ապրելու, այստեղ դառնա հանք։ Դրանում վատ բան չկա, դա ձեզ օգուտ է։
ԱՐԱՄ – Մեր օգուտը այս հողում ապրելն է, տիրոջ իրավունքով։
ՄԱՀՄԵԴ – Բա որտե՞ղ ես մնալու։
ԻՎԱՆ – Կողքի գյուղում, բայց եթե կուզեք՝ երկու օր կարող եմ ձեզ մոտ մնալ։ Հետաքրքիր զրուցակիցներ եք։ Մեզ էլ երկու օր հանգիստ են տվել։
ՄԱՀՄԵԴ – Ես դեմ չեմ։
ԱՐԱՄ – Ես էլ դեմ չեմ։
ԻՎԱՆ – Շնորհակալություն։
ՄԱՀՄԵԴ – Բայց որտե՞ղ ես քնելու։ Մեզ մոտ դա խնդիր է։
ԱՐԱՄ – Կարող ենք միայն միջանցքը առաջարկել քեզ, բացվող անկողին ունեմ, կտեղադրեմ միջանցքում, քնիր այնտեղ։
ԻՎԱՆ – Սիրով, շնորհակալ եմ։
ՄԱՀՄԵԴ – Բայց աշխատիր մեր կողմերում ոչինչ չգտնես, ոչխարներիս արոտից չզրկես;
ԻՎԱՆ – Դա ինձանից կախված չէ, մենք ընդերքից նմուշ ենք վերցնում, ուղարկում ենք Մոսկվա փորձաքննության, այնտեղ են որոշում։
ԱՐԱՄ – Հետաքրքիր է, ոչ ոքից ոչինչ կախված չէ, սակայն բոլորը կախված են ինչ-որ մեկից, ով չկա, ում չգիտեն, բայց որոշողը նա է։
ԻՎԱՆ – Եկեք խմենք, ուրախ եմ մեր ծանոթության համար ու շնորհակալ եմ հյուրընկալության համար։
Խմում են։ Բեմը մթնում է։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Իվանը միջանցքում նստած է անկողնու վրա: Նայում է շուրջը, վեր է կենում, վերցնում է անկողնու վրայից սև հագուստը, կանգնում անկողնու վրա ու փակում է պատուհանը։ Արամն ու Մահմեդը դուրս են գալիս իրենց սենյակներից։
ԱՐԱՄ – Բարի լույս, այդ ի՞նչ ես անում։
ԻՎԱՆ – Լույսը խանգարում է, չեմ կարողանում քնել։
ՄԱՀՄԵԴ – Էդ դեպքում քնելուց փակիր, հիմա ինչի՞ ես փակում։
ԻՎԱՆ – Կեսօրին էլ կքնեմ, լույսը ինձ բոլոր ժամերին խանգարում է։
ԱՐԱՄ – Սուրճ կխմե՞ս։
ԻՎԱՆ – Այո։
Մահմեդը լցնում է սուրճը, Արամը և Իվանը մտնում են նրա սենյակը։
ՄԱՀՄԵԴ – Ինձ կներեք, արագ խմեմ՝ գնամ։
ԻՎԱՆ – Ո՞ւր…
ՄԱՀՄԵԴ – Ոչխարը արոտ տանելու, ցերեկը կգամ, կխոսենք։ (Արագ-արագ խմում է սուրճը, բաժակը դնում է սեղանին:) Ես գնացի, առայժմ։
ԱՐԱՄ — Առայժմ։
Մահմեդը դուրս է գնում սենյակից։
ԻՎԱՆ – Իսկ դու ինչո՞վ ես զբաղվում։
ԱՐԱՄ – Ուսուցիչ էի դպրոցում, մինչև պատերազմը, հիմա փոքրիկ այգի ունեմ, ինձ համար մշակում եմ։
ԻՎԱՆ – Մինչև պատերազմը որքա՞ն բնակիչ ուներ այս գյուղը։
ԱՐԱՄ – 300, բայց չեմ ուզում պատերազմի մասին խոսել։
ԻՎԱՆ – Հասկանալի է, բոլորը զոհվե՞լ են։
ԱՐԱՄ – Մեծամասնությունը՝ այո, մի մասն էլ թողեց հեռացավ։
ԻՎԱՆ – Հետո՞…
ԱՐԱՄ – Հետո իմ տունը ընկավ սահմանի վրա, տանս մի մասը մնաց Հայաստանի, մյուս մասը՝ Ադրբեջանի տարածքում։
ԻՎԱՆ – Իսկ Մահմեդը որտեղի՞ց է եկել։
ԱՐԱՄ – Մի քանի կիլոմետր հեռու ադրբեջանական գյուղ կա, էնտեղից։
ԻՎԱՆ – Ինչի՞ համար եկավ էստեղ պատերազմից հետո։
ԱՐԱՄ – Չի եկել, բերել են, այստեղ մարդ չի ապրում, իր համար լավ է, արոտը կա՝ ոչխար է պահում։
ԻՎԱՆ – Եվ դու էդպես հեշտ ընդունեցի՞ր նրան։ Եկան տունդ կիսեցին ու ոչինչ չարեցի՞ր։
ԱՐԱՄ – Ինձ ուրիշ բնակարան էին առաջարկում մոտակա գյուղում, չուզեցի, ասեցին՝ եթե չես ուզում, միակ ելքը սա է։
ԻՎԱՆ – Ծանր բան է պատերազմը։
ԱՐԱՄ – Չեմ ուզում խոսել այդ մասին։ Դու չես հասկանա՝ ինչ է պատերազմը։
ԻՎԱՆ – Ինչի՞ չեմ հասկանա։
ԱՐԱՄ – Հեռվից նայողների համար դա ընդամենը վիճակագրություն է։ Իսկ ովքեր ապրում են պատերազմը, ավարտից հետո ողջ մնացածները ավելի շատ են մեռնում։ Դա հեռվից անհասկանալի է։
ԻՎԱն – Իսկ եթե մի օր հանկարծ Մահմեդը ասի, որ այս մի մասն էլ է ուզում, կամ, ասենք, միջանցքը իրենն է, ի՞նչ ես անելու։
ԱՐԱՄ – Նրա ինչի՞ն է դա պետք, չեմ կարծում նման բան անի։
ԻՎԱՆ – Տա Աստված։ Ամեն դեպքում, մենք բարեկամներ ենք, ես իմ հեռախոսահամարը կթողնեմ քեզ մոտ, եթե հարկ լինի՝ ինձ զանգիր, դեռ մեկ տարի էս կողմերում եմ լինելու, կօգնեմ քեզ։
ԱՐԱՄ – Բարեկամներ ենք, գեղեցիկ է հնչում․․․ Հայաստանում այսպիսի խոսք կա, ասում են՝ «Գնա մեռի, արի սիրեմ»։ Լավ, ես գնամ, մի քիչ գործ անեմ այգում, քիչ հետո Մահմեդը կգա, միասին հաց կուտենք։ Առայժմ․․․
ԻՎԱՆ – Առայժմ։ Բայց հիշիր, եկվորին պետք չէ վստահել։
Արամը դուրս է գալիս սենյակից։ Իվանը գնում, նստում է միջանցքի իր անկողնու վրա։ Դանդաղ բեմը մթնում է։
Բեմը լուսավորվում է։ Ներս է մտնում Մահմեդը։ Միջանցքում երևում է քնած Իվանը։ Մահմեդը մտնում է իր սենյակ, հանում է գլխարկը, հովվական հագուստը, թեյնիկը ձեռքին դուրս է գալիս սենյակից, վերադառնում թեյնիկը ձեռքին, նստում է սեղանի մոտ ու լցնում է թեյը։ Իվանը արթնանում է, նստում է անկողնու վրա, ապա մոտենում է Մահմեդին։
ԻՎԱՆ – Ինչպե՞ս ես։
ՄԱՀՄԵԴ – Ոչխարը կուշտ է, ես՝ գերազանց։
ԻՎԱՆ – Վե՞րջ, էլ չե՞ս տանելու արոտ։
ՄԱՀՄԵԴ — Կտանեմ, մի քանի ժամ էլ երեկոյան, ու վերջ։ Թեյ կխմե՞ս։
ԻՎԱՆ – Ձեռքերս լվանամ՝ գամ։
Մահմեդը թեյ է լցնում բաժակի մեջ։ Իվանը գալիս նստում է նրա դիմացը։
ՄԱՀՄԵԴ – Ինչպես երևում է՝ սիրում ես քնել։
ԻՎԱՆ – Քո տան աուրայից է, հանգիստ է էստեղ։
ՄԱՀՄԵԴ – Իմ տունը չէ, սա Արամի տունն է։ Ես պատերազմից հետո եմ եկել։
ԻՎԱՆ – Դե հիմա քոնն է չէ՞։
ՄԱՀՄԵԴ – Այո, բայց կառուցել է Արամը։
ԻՎԱՆ – Իսկ մտքովդ անցե՞լ է ամբողջ բնակարանը սեփականաշնորհել։
ՄԱՀՄԵԴ – Չէ։
ԻՎԱՆ – Ինչի՞։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ եմ անում, մենակ մարդ ենք, մի ընտանիքի պես ապրում ենք, երկուսս էլ՝ սգի տեր, երկուսս էլ ջահել տղերքին թաղեցինք, հիմա ի՞նչ անեմ ամբողջը։
ԻՎԱՆ – Պատերազմի ժամանակ որտե՞ղ էիր։
ՄԱՀՄԵԴ – Չեմ ուզում խոսել պատերազմից։ Կողքի գյուղում, դիմացի սարի տակի գյուղն է։
ԻՎԱՆ – Իսկ միջանցքը ո՞ւմն է։
ՄԱՀՄԵԴ — Ընդանուր է, մեր ամեն ինչն էլ ընդհանուր է։
ԻՎԱՆ – Իսկ զինվորականները չե՞ն գալիս հեչ։
ՄԱՀՄԵԴ – Երկու կողմից էլ գալիս են, պտտվում գնում են, բայց տուն չեն մտնում, գիտեն, որ երկուսով ենք ապրում ու ոչ ոք չկա բացի մեզանից, էստեղ անցնելը հեշտ չէ, իրենք պետք է թույլտվություն տան, իսկ ով անցնում է՝ իրենք գիտեն։
ԻՎԱՆ – Իսկ եթե մի օր Արամը ասի, որ իր տանից ուզում է քեզ հանել, ի՞նչ կանես, կամ ասի, որ միջանցքը իրենն է։
ՄԱՀՄԵԴ – Նա էդպես բան երբեք չի ասի։
ԻՎԱՆ – Ինչի՞ ես էդքան վստահ։
ՄԱՀՄԵԴ – Երբ եկա, այս սենյակը դատարկ էր արդեն, հետո նա ինձ տվեց սեղան, մահճակալ, ու ամեն ինչ կիսեց հետս։ Նման բան չի անի։
ԻՎԱՆ – Դե, մարդը առեղծված է, ի՞նչ իմանաս։
ՄԱՀՄԵԴ – Եվ հետո, երկուսիս էլ մի քանի տարի է մնացել ապրելու, այս անմարդաբնակ հողակտորի վրա մեզանից բացի ոչ ոք չկա, ի՞նչ ունենք կիսելու։
ԻՎԱՆ – Դու միամիտ ու արդար մարդ ես, մեր ժողովուրդները բարեկամ են իրար, Մահմեդ։ Ես ուզում եմ քեզ օգնել։
ՄԱՀՄԵԴ – Բա որ ուզում ես օգնել, ինչի՞ համար ես խանգարում։
ԻՎԱՆ – Դու հայերին լավ չես ճանաչում, նրանք երբեք չեն համակերպվի այն մտքի հետ, որ իրենց տունն այլևս իրենցը չէ։
ՄԱՀՄԵԴ – Հասկանալի լեզվով խոսիր՝ բան հասկանամ, կամ էլ լռիր, թեյ խմենք։
ԻՎԱՆ – Այ, օրինակ, վերցնենք Արևմտյան Հայաստանը, մինչև հիմա հայ ժողովուրդը փափագ ունի վերադառնալու և ասում է, որ դա իրենց հողն է, տես՝ քանի տարի է անցել, բայց դեռ չեն մոռացել։
ՄԱՀՄԵԴ – Է հետո՞…
ԻՎԱՆ – Այն, որ Արամը երբեք չի համակերպվի, որ իր տունը կիսել են ու դրա մի մասը հիմա քեզ է պատկանում։
ՄԱՀՄԵԴ – Նա այդ մասին քեզ բա՞ն է ասել։
ԻՎԱՆ – Դե, չգիտեմ ինչպես ասեմ, մի կողմից չեմ ուզում՝ գժտվեք, մյուս կողմից էլ դու իմ բարեկամն ես, չեմ ուզում ստել․․․ Լավ, անցնենք այլ թեմաների, ե՞րբ ենք հաց ուտելու։
ՄԱՀՄԵԴԸ – Դե, երեկոյան բոլորով միասին կուտենք։ Արամը իր այգուց բանջարեղեն կբերի թարմ, ես միս ունեմ ոչխարի։
ԻՎԱՆ – Ինձ մոտ էլ օղի կա։
ՄԱՀՄԵԴ – Օղի մենք էլ ունենք տնական, մենք մեր օղին ենք խմում։
ԻՎԱՆ – Շատ լավ, դուրս գամ մի փոքր զբոսնեմ։
Իվանը անկողնու վրայից վերցնում է հագուստը, որի գրպանից ինչ-որ բան է ընկնում, դուրս է գալիս։ Մահմեդը նկատում է հատակին ընկած վկայականը, վերցնում է։ Ներս է մտնում Արամը, ձեռքին՝ տոպրակ։
ԱՐԱՄ – Ինչպե՞ս ես։
ՄԱՀՄԵԴ – Լավ, դո՞ւ… Հլը արի էս կարդա, ես ռուսերեն չեմ հասկանում։
ԱՐԱՄ — (ձեռքի տոպրակը դնում է իր սենյակի սեղանին, մոտենում է միջանցքում կանգնած Մահմեդին): Վկայական է, նա հատուկ ծառայությունների աշխատակից է։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ իմացար, նկար էլ չկա վրան։
ԱՐԱՄ – Հատուկ ծառայությունների աշխատակիցների վկայականների վրա նկար չի լինում, միայն համար, անուն-ազգանուն։
ՄԱՀՄԵԴ – Բա ի՞նչ ենք անելու։
ԱՐԱՄ – Ոչինչ, գա՝ կպարզենք։ Սա դիր իր անկողնու վրա։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ կա, հո հիվանդություն չի՞ ընկել, հաճախ ես գնում այգի։
ԱՐԱՄ – Ընկել էր, դեղ եմ փչել, երևի կանցնի։
Ներս է մտնում Իվանը։
ՄԱՀՄԵԴ – Արի-արի, մենք էլ քեզ էինք սպասում։
ԻՎԱՆ – Ի՞նչ է եղել։
ԱՐԱՄ – Վկայականդ գցել էիր գետնին, պարզվում է՝ հատուկ ծառայությունների աշխատակից ես։
ԻՎԱՆ – Դա բնական է, մեզ էնտեղ հաշվառում են, նոր թույլ են տալիս զբաղվելու այս աշխատանքով, որի համար էստեղ եմ։ Ինչի՞ եք ինձ էդպես նայում։ Չեք հավատո՞ւմ, կարող եմ հենց հիմա հեռանալ, եթե վտանգ եք զգում։
ԱՐԱՄ – Մենք ոչ ոքից վախենալու ոչինչ չունենք, ի՞նչ ենք անում, որ վտանգ զգանք։
ՄԱՀՄԵԴ – Կարող ես մնալ, տեսնենք՝ էլ ինչեր կբացահայտվի։
ԻՎԱՆ — (կատակում է): Ու մի մոռացեք որ հիմա դուք իմ տարածքում եք։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ…
ԻՎԱՆ – Դե, մի սենյակը քոնն է, մյուսը՝ քոնը, միջանցքն էլ իմն է, այդպես չէ՞։
ԱՐԱՄ – Ուշք ու միտքդ միջանցքն է։
ՄԱՀՄԵԴ – Միջանցքացավ ես կպել։ Դե, ես միսը կդնեմ գազօջախին, ուշադիր եղեք, մինչև եփվի՝ կգամ։ Երկու ժամից էստեղ եմ։
Բեմը մթնում է։
Սեղանը դրված է միջանցքում, վրան՝ միսը, բանջարեղենը, օղին։ Նստած են Արամը, Իվանը և Մահմեդը։
ԻՎԱՆ — (վերցնում է բաժակը): Դե, ինչ ասեմ, բարի գալուստ, հիմա էլ դուք եք իմ հյուրը։ (ժպտում է:)
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ…
ԱՐԱՄ – Արդե՞ն…
ԻՎԱՆ – Բնականաբար։
ՄԱՀՄԵԴ – Եկեք խմենք, օղին ձեռքներիս մեջ տաքացավ։
ԱՐԱՄ – Խմենք։
Խմում են։
ԻՎԱՆ – Համեղ է ամեն ինչ։
ԱՐԱՄ – Արդար է, դրանից է։
ՄԱՀՄԵԴ – Ամեն ինչ մեր ձեռքինն է։
ԻՎԱՆ – Վերցրեք, խմենք, մի կենաց ասեք։
ԱՐԱՄ – Եկեք ուղղակի խմենք։
ՄԱՀՄԵԴ – Դա ամենալավ կենացն էր։
ԻՎԱՆ – Խմենք, սիրելիներս, երկուսդ էլ յուրահատուկ մարդիկ եք։
ԱՐԱՄ – Մի ոտքով՝ էստեղ, մի ոտքով՝ գերեզմանոցում։
ՄԱՀՄԵԴ – Բան չի մնացել։
ԻՎԱՆ – Լավ բաներից խոսեք։ Այ, օրինակ, վաղ թե ուշ էս հարցը որոշվելու է։
ԱՐԱՄ – Ի՞նչ հարց։
ԻՎԱՆ – Միջանցքի։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ պիտի որոշվի։
ԻՎԱՆ – Դե ո՞ւմ է պատկանում։
ՄԱՀՄԵԴ – Մենք որ դուրս չգանք, մեզ չտեսնեն, ոչ ոք մեզ չի էլ հիշի։ Մեզ են մոռացել, էլ ուր մնաց միջանցքի հարց որոշեն։
ԱՐԱՄ – Պատերազմ կամ ընտրություն որ չլինի, մեր մասին հիշող չի էլ լինի։
ԻՎԱՆ – Լավ կլինի դուք ձեր մեջ որոշեք, որ երբ ժամանակը գա, ասեք ձեր որոշման մասին։
ՄԱՀՄԵԴ – Մեզ ո՞վ է ինչ հարցնում, այ ախպեր։
ԱՐԱՄ – Բերեցին սահմանը տանս միջով անցկացրեցին, ո՞վ ինչ հարցրեց, որ հիմա հարցնեն։
ԻՎԱՆ – Ուրեմն միջանցքը քոնը կլինի, դու երբ ուզես՝ Մահմեդին թույլ չես տա անցնել այնտեղով, նա ստիպված պետք է հեռանա իր սենյակից։
ՄԱՀՄԵԴ – Ես էստեղից հեռացողը չեմ։
ԻՎԱՆ – Այդ դեպքում միջանցքը կլինի քոնը, ու ստիպված դա կանի Արամը։
ԱՐԱՄ – Ես իմ տանից ո՞ւր գնամ, այ մարդ։ Ամեն քարի վրա իմ քրտինքն է։
ԻՎԱՆ – Օրենքը բարոյական կողմ չունի, որ էդ օրը եկավ, ոչինչ հաշվի չեն առնելու։
ԱՐԱՄ – Հուսանք, այդ օրը չի գա ու մենք կհասցնենք բարոյական ապրելակերպով մեռնել։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչ օրենք, ապրում ենք, էլի, ջահել էրեխեքին հողը դրած։ Վերցրեք խմենք, ես արդեն հարբում եմ, գլուխս պտտվում է։
ԻՎԱՆ – Միջանցքը այս տան համար ռազմավարական նշանակություն ունի, այն ապահովում է կապը դրսի հետ, օրենքը դա չի կարող աչքաթող անել։ Բայց ինչ էլ լինի՝ ես ձեզ կօգնեմ, երկուսդ էլ իմ բարեկամներն եք։
ԱՐԱՄ – Ես օգնության կարիք չունեմ։
ՄԱՀՄԵԴ – Ես էլ։
ԻՎԱՆ — (Արամին): Դե, տունը քոնն է, երևի վստահ ես, որ վաղ թե ուշ ամբողջը քոնն է լինելու, դրա համար էլ օգնության կարիք չունես։
ԱՐԱՄ – Իրականում իմ չունեցածն է իմը, իսկ այն, ինչ կա, կարող է և իմը չլինել։
ԻՎԱՆ – Ի՞նչ նկատի ունես։
ԱՐԱՄ — Երջանկություն՝ տղաս ու կինս հիմա ինձ հետ չեն, բայց իմն են։
ՄԱՀՄԵԴ – Մի րոպե, դիտավորյա՞լ ես կոդերով խոսում, որ բան չհասկանա՞մ։
ԱՐԱՄ – Ի՞նչ կոդ, այ մարդ, խմած ես, գնա քնիր։
ՄԱՀՄԵԴ — (Իվանին): Նա այդ մասին քեզ բա՞ն է ասել էլի։
ԻՎԱՆ – Ի՞նչի մասին։
ՄԱՀՄԵԴ – Խոսքը կտուրը մի գցիր, դու գիտես՝ ինչի մասին։ Ես էստեղից ոչ մի տեղ չեմ գնա։
ԱՐԱՄ — (ծիծաղում է): Միայն գերեզման, մենք էդպես էինք պայմանավորվել, չէ՞։
ՄԱՀՄԵԴ – Մենք էլ ոչինչ չենք կարող պայմանավորվել, ծաղրո՞ւմ ես ինձ, հա՞։ Ուզում ես ինձ վռդե՞լ էստեղից, սա իմ տունն է, հասկացա՞ր։
ԻՎԱՆ – Հանգստացիր, Մահմեդ, ոչինչ չի պատահել տանը, էստեղ միջանցքի խնդիրն է, կփորձենք լուծում գտնել։
ԱՐԱՄ – Էստեղ ոչ մի խնդիր էլ չկա իրականում, գնա քնիր, առավոտյան կխոսենք։
ՄԱՀՄԵԴ – Հա, գնամ քնեմ, որ ամենինչ առանց ինձ որոշե՞ք։ Չէ, միջանցքը իմն է ու վերջ։
ԱՐԱՄ – Ի՞նչ…
ՄԱՀՄԵԴ – Ինչ որ լսեցիր, վաղվանից քեզ դուրս գալու ճամփա կգտնես, թույլ չեմ տալու։
ԻՎԱՆ – Հանգստացեք, հանգստացեք, ես կարող եմ տարբերակ առաջարկել, մինչև խնդիրը կկարգավորվի։
ԱՐԱՄ – Ի՞նչ տարբերակ, ի՞նչ խնդիր, ի՞նչ ես խոսում…
ԻՎԱՆ – Եկեք ժամանակավոր միջանցքը ես տնօրինեմ, իմ ուղեկցությամբ դուրս կգաք, որ իրար չվնասեք հանկարծ, մինչև հարցը օրենքով լուծվի։
ՄԱՀՄԵԴ – Հենց հիմա այդ հարցը կլուծեմ ինքս։
Մահմեդը վեր է կենում, բռնում է Արամի օձիքից, նրանք սկսում են վիճել։
Իվանը նստած հետևում է նրանց վեճին, ապա խմում է օղին ու վեր է կենում։ Սեղանի վրայից վերցնում է դանակը, մոտենում է Արամին ու Մահմեդին։ Թիկունքից հարվածում է Արամին, ապա Մահմեդին, երկուսն էլ ընկնում են հատակին։ Պայուսակից թանզիֆ է հանում, կապում է նախ Արամի ուսը, հետո՝ Մահմեդի։
ԻՎԱՆ — (Արամին բարձրացնում է հատակից, թևանցուկ արած տանում է իր սենյակը): Արի, պառկիր, փորձիր հանգստանալ, ես քո կողքին եմ։
ԱՐԱՄ — Արյո՞ւն է գալիս։
ԻՎԱՆ – Այո, բայց ես կապել եմ վերքը, կլավանա։
ԱՐԱՄ – Չհասկացա՝ ինչ կատարվեց։
ԻՎԱՆ – Դե… նա դանակով հարվածեց քեզ, չկարողացա հասնել։
Իվանը օգնում է, որ Արամը պառկի, վերադառնում է Մահմեդի մոտ, օգնում է նրան վեր բարձրանալ, ապա թևանցուկ տանում է Մահմեդի սենյակը։
ՄԱՀՄԵԴ – Ինչո՞վ հարվածեց ինձ։
ԻՎԱՆ – Դանակով, չհացրեցի ձեռքը բռնել։
ՄԱՀՄԵԴ – Բա իրեն ո՞վ հարվածեց։
ԻՎԱՆ – Ինքը։
ՄԱՀՄԵԴ – Ինչի՞…
ԻՎԱՆ – Որ եթե գործն հասնի օրենքին, դուրս գա, որ իրար եք խփել ու երկուսդ էլ հավասարապես մեղավոր եք։
ՄԱՀՄԵԴ – Դա վաղուց էր ծրագրել ուրեմն, տես, ինչ խորն է մտածել։
ԻՎԱՆ – Այո, պատերազմից փախչող հրամանատարի պես, որ կրակում է ինքն իր ոտքին ու որպես վիրավոր դուրս գալիս մարտի դաշտից։
ՄԱՀՄԵԴ – Ես նրան չեմ ների երբեք, հենց կարողանամ ոտքի կանգնել, սպանելու եմ։
ԻՎԱՆ – Հիմա հանգստացիր, առայժմ ես կվերահսկեմ ամեն ինչ։ Դու գիտես, որ քո բարեկամն եմ ու դա է գուցե բարկացնում Արամին։
ՄԱՀՄԵԴ – Ի՞նչը։
ԻՎԱՆ – Որ քեզ հետ ավելի մտերիմ եմ, քան իր։
ՄԱՀՄԵԴ – Շնորհակալ եմ, դու ճիշտ ժամանակին եկար, աչքերս բացվեց, թե չէ կսպաներ ինձ։ Ես հավատում էի նրան։
ԻՎԱՆ – Դե, կարևորը, ճիշտ ժամանակին եկա ու չթողեցի, որ քեզ սպանի։ Հիմա քեզ հանգիստ է պետք, պառկիր, ապաքինվիր։
Իվանը Մահմեդին պառկեցնում է, անկողնու վրա։ Իրենց սենյակներում պառկած են Արամն ու Մահմեդը։ Իվանը մոտենում է միջանցքում դրված սեղանին, լցնում է օղին, խմում է։ Բեմը մթնում է։
Բեմը լուսավորվում է։ Իվանը սայլակ մատուցարանով բերում է ուտելիքը, կանգնում միջանցքում, մի ափսեն տալիս է Արամին, մյուսը՝ Մահմեդին։ Դուռը թակում են։
ԻՎԱՆ – Ներս եկեք։
Ներս են մտնում Ժոն և Ջոն։
ԺՈ – Բարև ձեզ։
ՋՈ – Բարև ձեզ։
ԻՎԱՆ – Բարև ձեզ։ Ովքե՞ր եք, ի՞նչ եք անում մեր կողմերում։
ԺՈ – Դիտորդներ ենք։
ԱՐԱՄ – Ի՞նչն եք դիտում։
ՋՈ – Պատերազմից հետո հրադադարի խախտումներն ենք արձանագրում։
ՄԱՀՄԵԴ – Մենակ էդ ու վե՞րջ։
ԺՈ – Այո, ուրիշ իրավասություն չունենք այս պահին։
ՋՈ – Նրանք երկուսն էլ կարծես վիրավոր են։
ԺՈ – Դուք վիրավո՞ր եք։
ԱՐԱՄ – Այո։
ՄԱՀՄԵԴ – Համ վիրավոր ենք, համ վիրավորված։
ԺՈ – Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, հիմա ձեզ կզննեմ։
ԻՎԱՆ – Ո՜չ-ո՜չ, դրա կարիքը չկա։
ՋՈ – Դուք մի որոշեք իրենց փոխարեն։ Լռե՛ք։
Ժոն մոտենում է Արամին, զննում է նրան։
ԺՈ – Սա լուրջ է, հնարավոր է ներքին արնահոսություն լինի, պետք է ձեզ հիվանդանոց տանել։
ԱՐԱՄ – Ոչ, շնորհակալ եմ, Իվանը ինձ խնամում է հարազատ տղայի պես, ցավը գնալով մեղմանում է, մի քանի օրից ոտքի կկանգնեմ։
ԺՈ – Գիտե՞ք, հնարավոր է, դուք չնկատեք, բայց արնահոսություն սկսվի, եկեք ձեզ հիվանդանոց տանենք։
ԱՐԱՄ – Ոչ, ես էստեղից ոչ մի տեղ չեմ գնա, ես խնամող ունեմ ու շուտով կապաքինվեմ։
Ժոն դուրս է գալիս Արամի սենյակից և մտնում է Մահմեդի սենյակը։
ԺՈ – Սա նույն վերքն է, դուք գիտե՞ք, որ հնարավոր է ներքին արնահոսություն լինի։
ՄԱՀՄԵԴ – Տղա ջան, ամեն ինչ էլ գիտենք։
ԺՈ – Ձեզ պետք է տանել հիվանդանոց։
ՄԱՀՄԵԴ – Ոչ, ամենից լավ բժիշկը իմ կողքին է։
ԺՈ – Ո՞վ է։
ՄԱՀՄԵԴ – Իվանը, նա ամեն ինչ անում է, որ ապաքինվեմ։ Շուտով դուրս կգամ, ոչխարներիս կտեսնեմ, կարոտել եմ, է՜․․․
ԺՈ – Պետք է ձեր ներքին օրգանները զննել, ախր․․․
ՄԱՀՄԵԴ – Տղա ջան, դուք դիտո՞րդ եք, եկա՞ք, դիտեցի՞ք, հիմա գնացեք։
Ժոն դուրս է գալիս միջանցք։
ՋՈ – Ի՞նչ է եղել։
ԺՈ – Կտրած վերքեր են, հրաժարվում են գալ հիվանդանոց։
ՋՈ – Իսկ ինչ է պատահել, ինչի՞ համար են վիրավոր, եկեք արձանագրենք։
ԻՎԱՆ – Միասին հաց են կերել, գինովցել են, չեն հասկացել իրար ու հարվածել են միմյանց դանակով։ Կարծում եմ, արձանագրելու կարիք չկա։
ՋՈ – Դուք մի որոշեք մեր կամ իրենց փոխարեն։
ԺՈ – Սա ո՞ւմ տարածքն է։
ԻՎԱՆ – Ո՞րը նկատի ունեք։
ԺՈ – Միջանցքը։
ԻՎԱՆ – Խնդրել են, որ ժամանակավոր ես վերահսկեմ, որպեսզի իրար չսպանեն։ Եթե ուշադիր չլինեմ․․․
ԺՈ – Ի՞նչ կանեն։
ԻՎԱՆ – Իրար կսպանեն։
ՋՈ – Դե, փորձիր համոզել, տանենք հիվանդանոց։
ԻՎԱՆ – Այդ դեպքից հետո ամեն րոպե համոզում ու խնդրում եմ, չեն ուզում, ասում են՝ հիվանդանոցի կարիք չկա։
ՋՈ – Իսկ բժիշկ կանչե՞լ ես։
ԻՎԱն — Այո, տեսա, որ չեն ուզում, ստիպված բժիշկ կանչեցի, քիչ առաջ եմ խոսել, երևի երկու ժամից էստեղ կլինի։
ԺՈ – Այդ դեպքում մենք գնանք, եթե ինչ-որ բան պետք լինի, իմաց տուր։
ՋՈ – Եթե ուզեն հիվանդանոց գնալ, մենք կարող ենք արագ կազմակերպել։
ԻՎԱՆ – Շնորհակալություն, ես ամեն ինչի մասին հոգ եմ տանում։
ՋՈ – Ցտեսություն։
ԺՈ – Ցտեսություն։
ԻՎԱՆ – Ցտեսություն։
Ժոն ու Ջոն դուրս են գալիս։ Իվանը ձեռքով հաջող է անում նրանց և ժպտում է։
Սկզբից մթնում են Արամի և Մահմեդի սենյակները, հետո դանդաղ մթնում է նաև միջանցքը։
ՎԵՐՋ