ԱՍՏՎԱԾ ԳԺՎԵԼ Է, ՀԵՏՈ ՄԵՌԵԼ / Արամ ԴՈՎԼԱԹՅԱՆ
1889 թվականին գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն, գտնվելով Թուրին քաղաքում, տեսավ, թե ինչպես է կառապանը դաժանորեն մտրակում իր ձիուն։ Նա, տիրոջ դաժանությունից ցնցված և կենդանու հանդեպ գթությամբ լցված, շտապեց փարվել ձիուն և կառապանի հարվածներից փրկել վերջինիս։ Ըստ որոշ վկայությունների՝ այդ փոքրիկ դրվագը ճակատագրական դեր է խաղում նրա կյանքում, քանի որ, չդիմանալով ապրած ցավին, նրա գիտակցությունը վերջնականապես մթագնում է։ Թերևս, թուրինյան ձին նրա համար դարձավ մեռնող Աստծո խորհրդանիշը, այն Աստծո, ում վախճանի մասին փիլիսոփան բազմիցս գրել էր իր աշխատություններում։ Աստված ամենուր է, և Նրա վախճանի դրսևորումները նույնպես ամենուր են։
Աստծո մահը առկա է նաև թատրոնում։ Պատմության մեջ առաջին թատրոնն ու այնտեղ բեմադրվող ներկայացումները եղել են մեռնող ու հարություն առնող աստծո՝ Դիոնիսոսի պատվին։ Եթե մինչ օրս էլ թատրոնը դիտարկենք պաշտամունքային տեսանկյունից, ապա դա մեռած Աստծուն հարություն տալու մի փորձ է։ Աստված հարություն է առնում բեմի վրա և մեռնում բեմի վրա, իսկ հանդիսատեսն ականատես է լինում այդ շարունակական շրջապտույտին, որը Նիցշեի բնորոշած հավերժական վերադարձն է․․․
Արամ ԴՈՎԼԱԹՅԱՆ
Կրոնական հիստերիա երկու գործողությամբ
Գործող անձինք
ՀՈՎՀԱՆՆԵՍ — խելագարված աստվածաբան
ԴԱՎԻԹ — նրա որդին
ՍԱՀԱԿ — նրա հարևանը
ՄԱՐԻԱՄ — շենքի լիազորը
ԼԻԼԻԹ — Սահակի դեռահաս դուստրը, իրեն սատանիստ հռչակած, բլեք մետալի1 սիրահար
Առաջին Հիսուս
Երկրորդ Հիսուս
Երրորդ Հիսուս
Չորրորդ Հիսուս
Սանիտարներ
Գործողություն առաջին
Ընդարձակ հյուրասենյակ: Պատի մոտ դրված հին դաշնամուր, դաշնամուրի կողքին՝ գորգապատ թախտ: Քիչ այն կողմ՝ գրքերով լի գրապահարան: Գրքերն իրար վրա շարված են, միայն «Աստվածաշունչն» ու «Մատյան ողբերգությանն» են կողք կողքի կանգնեցված: Գրապահարանի վերևում՝ պատին, փակցված է Ուիլյամ Բլեյքի «Մեծ ճարտարապետը» կտավը՝ շրջանակի մեջ դրված: Գրապահարանի դիմաց դրված է բազկաթոռ, առջևում՝ փոքրիկ սեղանիկ, սեղանիկի վրա՝ նոթբուք և վառվող լուսամփոփ: Գալիս է Սահակն ու զարմացած շուրջը նայում:
ՍԱՀԱԿ — (գոռալով): Տանը մարդ կա՞: Դավի՜թ:
Դանդաղ քայլերով և գիրքը ձեռքին, ընթերցելով, ներս է մտնում մտազբաղ Դավիթը:
ՍԱՀԱԿ — (զայրացած): Դուռը խի՞ ես բաց թողել, ա՛յ տղա, հերդ ո՞ւր ա:
ԴԱՎԻԹ — (աչքը գրքից չկտրելով): Այն ժամանակ Հերովդեսը մոգերին կանչեց2․․․
ՍԱՀԱԿ — Ի՞նչ մոգեր, ի՞նչ ես զառանցում, հերդ ո՞ւր ա, մենա՞կ ես թողել:
ԴԱՎԻԹ — ․․․և նրանց Բեթղեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացեք, ստույգ իմացեք այն երեխայի համար3…»։
ՍԱՀԱԿ — Քեզ հետ եմ, չե՞ս լսում:
ԴԱՎԻԹ — «․․․և ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում4․․․»։
ՍԱՀԱԿ — Ա՛յ տղա, խելքի արի, թե չէ հորդ պես խելքդ թռցնելու ես․․․ Ինքն էլ տենց աստղերին նայեց, մոգերին կանչեց, որ հիմա էս օրին ա:
ԴԱՎԻԹ — Պիեսի վրա եմ աշխատում:
ՍԱՀԱԿ — Ի՞նչ պիես:
ԴԱՎԻԹ — Ողբերգություն երկու գործողությամբ: Էրեկ մտքիս էկավ՝ սկսեցի գրել:
ՍԱՀԱԿ — Դու գրո՞ւմ ես, թե՞ կարդում․․․ կամ՝ ի՞նչ պետք ա գրես, որ քեզնից առաջ չեն գրել․․․ հեն ա ձեռինդ էլ գիրք ա, ու գրողը հաստատ քեզնից ավելին ա իմացել ու իմացածի մասին քեզնից էլ լավ ա գրել, իսկ դո՞ւ ինչ գիտես, սկի համալսարանդ հըլը չես ավարտել:
ԴԱՎԻԹ — Ես մենակ էն գիտեմ, որ աստված կա, բայց չգիտեմ, թե ոնց հավատամ:
ՍԱՀԱԿ — Հովոն էլ էր երկմտում էդ հարցի շուրջ, վերջը հասկացավ, որ աստված չկա, ու գժվեց: Կարելի ա առանց գժվելու էլ էդ մտքին գալ, հեն ա ցույց եմ տալիս քեզ հեշտ ճանապարհը․․․ Ուղղակի համակերպվի էն փաստի հետ, որ դու ինքդ ավելի իրական ես, քան աստված, ում իրական լինելը պիտի որ բացատրության կարիք չունենար, եթե ինքը գոյություն ունենար, բայց արի ու տես, որ մինչև էսօր գրում, կարդում, քննարկում են մի բան, ինչը պարզից էլ պարզ ա․․․
ԴԱՎԻԹ — Հա, բայց… ախր… ախր վա՞տ կլիներ, եթե իսկապես լիներ մի էդպիսի հզոր ու բոլորիս մասին մտահոգ էակ:
ՍԱՀԱԿ — Վատ չէր լինի, բայց սենց մի ճշմարտություն կա. էն, ինչ դու ուզում ես, էդ հըլը չի նշանակում, որ տենց էլ պետք ա լինի: Կարող ա ես էլ ուզում եմ էրկու շաբաթով Ամերիկա, Դուբայ, էլ որտեղ ասեմ… Լոնդոն թռնեմ, բայց էդ հո չի նշանակում, որ եթե մի բան ուզում եմ՝ հենց էսօր, վաղը կամ կես տարի հետո պետք ա լինի: Էդ ի՜նչ հրաշքով աշակերտներս էրկու շաբաթ դասի չեն գա, իսկ դպրոցի տնօրինությունը կես տարվա աշխատավարձս նախապես կվճարի, ու ես երկրից գնալու իմ ծախսերի գոնե մի մասը կփակեմ: Բայց ճշմարտությունն էն ա, որ հրաշքներ չկան, ու ես Դուբայ չեմ թռնի, հետևաբար՝ աստված չկա:
Դավիթը լուռումունջ քայլերով մոտենում է սեղանիկին և դնում գիրքը, ապա նստում է բազկաթոռին և մտամոլոր հայացքով վերև նայում:
ԴԱՎԻԹ — Վախենում եմ, որ հանկարծ նորից կհայտնվի:
ՍԱՀԱԿ — Ո՞վ կհայտնվի:
ԴԱՎԻԹ — (վախվորած, կողքերը նայելով): Գիտես՝ ով․․․
ՍԱՀԱԿ — Չգիտեմ։ Ասա:
Պատի այն կողմից լսվում է բլեք մետալ ժանրի ծանր երաժշտություն, որի աններդաշնակ հնչյունների համադրությունը թույլ չի տալիս հասկանալ երգի բառերը կամ առհասարակ գաղափար կազմել երգի բուն բովանդակության մասին:
ՍԱՀԱԿ — (կատաղությունից ատամները կրճտացնելով): Սկսվա՜վ, սկսվա՜վ․․․ հեն ա մի գիժ էլ ես ունեմ տանը։ Հերիք ա ընդամենը տասը րոպեով տնից դուրս գաս՝ վռազ էդ վայրենի երգերի ձենն ամբողջ շենքով մեկ կքոքի: Աղջիկ չի, է՜, կրակ ու պատիժ ա․․․ Թարսի պես պատերն էլ էնքան բարակ են, հեսա հարևանությունը հաստատ գալու ա վրես կռիվ․․․ (Արագ քայլերով դուրս է գալիս՝ իր ետևից փակելով դուռը:)
Դավիթը մնում է տեղում նստած: Երաժշտությունը շուտով դադարում է հնչել: Հյուրասենյակ
է մտնում Հովհաննեսը տնային հագուստով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (առանց որդու կողմը նայելու): Ո՞վ էր եկել:
ԴԱՎԻԹ — (վեր կենալով տեղից և մոտենալով հորը): Ինչի՞ վեր կացար, պապ, գնա պառկի․․․ Սահակն էր էկել, ուզում էր քեզ տեսնել, հետո երևի էլի կիջնի, դու գնա պառկի, հանգստացի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (կակազելով): Իսկ… իսկ իրան… գիտես ում մասին ա խոսքը, անունը չտամ, իրան տեսե՞լ ես:
ԴԱՎԻԹ — Չէ, պապ, էսօր չեմ տեսել․․․ բայց մի պահ ինձ թվաց, որ ստեղ մոտերքում ա: Դու մի անհանգստացի, իրան տեսնելը վատ բան չի նշանակում․ համ դու ես ազնիվ ապրել, համ էլ ես․․․ դե, ես հըլը ջահել եմ, կարամ առանց գիտակցելու էլ մեղք գործեմ, բայց դու… դու կյանքիդ մեջ մրջյուն անգամ սպանած չկաս:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (հևիհև շնչելով): Մեղավորներն իրա աչքին սուրբ են․ ինքն անմեղներին ա հետապնդում, շան որդին հանգիստ չի տալիս, էլ չեմ ուզում, որ ինքը գոյություն ունենա․․․ կյանքս իզուր դատարկաբանությունների վրա վատնեցի․․․ (Սկսում է լաց լինել:)
ԴԱՎԻԹ — (ձեռքը հոր ուսին դնելով): Չկա՛, չկա՛, ինքը չկա՛․․․ Մի մտածի դրա մասին, բան էր՝ ասեցի, էլի, ուշադրություն մի դարձրու․․․ Արի ավելի լավ ա գնանք՝ դու հանգիստ պառկի ու ոչ մի բանի մասին մի մտածի, ես էլ շարունակեմ պիեսը գրել․ երկուշաբթի օրվանից միջանկյալները սկսվում են, մտածում եմ՝ կուրսղեկիս հենց էս աշխատանքն էլ ցույց տամ, եթե, իհարկե, վերջացնեմ մինչև երկուշաբթի։ (Հոր թևից բռնած՝ ուղեկցում է նրան սենյակի կողմը:)
Լսվում է դռան թակոց: Թողնելով հորը՝ Դավիթը գնում բացում է դուռը: Ներս է մտնում Մարիամը:
ՄԱՐԻԱՄ — Դուռն ինչի՞ չես կողպել:
ԴԱՎԻԹ — Կարիք չկա:
ՄԱՐԻԱՄ — Ո՞նց թե՝ կարիք չկա․․․ (Ցածրաձայն, որ Հովհաննեսը չլսի:) Բա որ պապադ հանկարծ դուրս գա ու էլ հետ չգա՝ չե՞ս մտածել դրա մասին․․․ Մի ժամ առաջ էլ, որ վերև էի բարձրանում, տեսա դուռն ընդհանրապես կիսաբաց ա։ Պատասխանատվության զգացում կա՞ քո մեջ, տղա ջան:
ԴԱՎԻԹ — (նույնպես ցածրաձայն): Պապան ոչ մի տեղ չի փախնի, ինքն էր ինձ խնդրել դուռը բաց թողնեմ, իրա ասելով՝ տանը հավաքված գերբնական ուժերը կտեսնեն դուռը բաց ա՝ կթողնեն դուրս կգան․․․
ՄԱՐԻԱՄ — Հասուն ուսանող մարդ ես, ինչե՞ր ես խոսում։ Հիմա որ պապադ ուզեր քցվել, քեզ էլ խնդրեր, որ չմիջամտեիր, պատուհանն իրա համար բացելու էիր ու կո՞ղք քաշվեիր, ինչ ա թե՝ ինքն ա քեզ խնդրել: Լսի, Դավիթ, ես ձեր ընտանիքը վաղուց եմ ճանաչում ու հաստատ բոլորից լավ գիտեմ, թե ձեր խնդիրն ինչն ա։ Երբ մամադ թողեց գնաց, դու էդ ժամանակ փոքր երեխա էիր, Հովոն լրիվ իրան կորցրեց. դադարեց դասախոսություն կարդալ, օրերով կամ խմում հարբում էր, կամ էլ իրա աստվածաբանական հոդվածների վրա աշխատում, կամ էլ՝ էդ երկուսը զուգահեռ․․․ անունն էլ դնում էր, թե բա՝ Աստծուն ա փնտրում, բայց իրականում ուզում էր, որ մամադ ետ գար, իսկ արդյունքում ո՛չ առաջինը եղավ, ո՛չ էլ երկրորդը: Ինչ եմ ուզում ասած լինեմ, Դավիթ ջան, պապայիդ հըլը էն վախտերից էի ասում․ սաղ կյանքն ինքն էդ առաքելականության ձեռը կրակն ընկավ, դրա համար էլ անընդհատ փորձությունների մեջ ա, որովհետև Աստված իրան ճշմարիտ ուղին ա ուզում ցույց տա, իսկ ինքը սխալ տեղ ու սխալ եկեղեցում ա էդ ուղին ուզում գտնել: Հիմա հետը կխոսամ, դու հանկարծ ծպտուն չհանես, փորձեմ իրան դարձի բերել։ Հավատա, իրա միակ փրկությունը «Փրկության լույս» եկեղեցին ա, որտեղ իսկական քրիստոնեություն են դավանում: Հետո կտանենք իրան մեր հովիվի մոտ, իմիջիայլոց՝ հրաշք անձնավորություն ա, երկու օրում պապայիդ նենց կբուժի՝ տեսնես, չես ճանաչի:
Մարիամն ինքնավստահ քայլերով մոտենում է Հովհաննեսին:
ԴԱՎԻԹ — (հոգնաբեկ հայացքով խոսում է քթի տակ): Էհ, պապ ջան, քեզ համբերություն…
ՄԱՐԻԱՄ — (մարքեթինգային ժպիտը դեմքին): Ո՞նց ես, Հովո ջան, ո՞նց ա իմ հարյուր տարվա լավ հարևանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (անորոշ ուղղությամբ նայելով և զառանցելով): Գողգոթա… չեմ գնա էնտեղ:
ՄԱՐԻԱՄ — Գիտեմ, որ լավ չես, Հովո ջան: Ի՞նչ մեղքս թաքցնեմ․ ես էլ եմ ժամանակին առաքելական եղել ու իմ կաշվի վրա ես էլ եմ զգացել դրա ծանր հետևանքը: Ես էլ եմ գնացել դրանց կռապաշտական տաճարներն ու սրբապատկեր համբուրել, երբ Հիսուսն ինքն էր ասում՝ ինձ կուռք մի դարձրեք։ Ես էլ եմ տերտերի ձեռ համբուրել, էն դեպքում, երբ դրա իրավունքը չեմ ունեցել, որովհետև հոգևորականն էլ ինձ պես հավատացյալ ա, ոչ ավել, ոչ պակաս․․․․ ու առավել ևս տեր հայր կոչվելու իրավունք չունի, քանի որ, դու էլ գիտես, Հովո ջան, մենակ Աստծուն են Հայր կամ Տեր ասում, իսկ հոգևորականին ես չեմ ուզում աստվածացնեմ…
ԴԱՎԻԹ — (ընդհատելով): Ծյոծ Մարիամ, պապան մի քիչ լավ չի…
ՄԱՐԻԱՄ — (գազազած): Ասեցի՝ ծպտուն չհանե՛ս: (Կրկին մեղմացնելով ձայնը և ետ բերելով դեմքի ժպիտը): Ի՞նչ էի ասում, Հովո ջան, մտքիս թելը կտրվեց… Հա, հիշեցի, մի բան էի ուզում քեզ հարցնել․ ես գիտեմ, որ դու ժամանակին հաճախ էիր տաճարներ գնում, պատարագներ լսում․․․ Հիմա տես ինչն ա հարցը․ դու իրանց էդ պատարագը, որ լսում ես, հասկանո՞ւմ ես բառերը կամ գոնե հասկանո՞ւմ ես՝ ինչի մասին են երգում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Երեք հարյուր մեկ թվականի…
ՄԱՐԻԱՄ — (ընդհատելով): Էլ մի վիճի, գիտեմ, որ չես հասկանում, կամ լավ, ասենք թե՝ դու, աստվածաբան մարդ լինելով, հասկանում ես․․․ բա էս մեր խեղճ ժողովո՞ւրդն ինչ ասի: Սկի գրել-կարդալ չգիտեն, աղոթքներն ու երգերը գրաբարով ո՞նց հասկանան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — ․․․ջուրով կը մկրտեմ5…
ՄԱՐԻԱՄ — Բա ես էլ էդ եմ ասում, Հովո ջան, ի սկզբանե մի բան սխալ ա գնացել, բայց մի հուսահատվի, ամեն ինչ հըլը կորած չի․ փառք Աստծո, մենք ունենք մի եկեղեցի, որտեղ պատարագներն անցկացվում են ժամանակակից մատուցմամբ ու, որ ամենակարևորն ա, մեր հարազատ արևելահայերենով, էնքան պարզ, չնայած՝ չէ, պարզը ստեղ տեղին չի, ավելի շուտ, ոնց որ Թումանյանը կասեր՝ «աչքի պես պարզ և աչքի պես բարդ»: Հեսա միացնեմ՝ լսի․․․
Մարիամը գրպանից հանում է սմարթֆոնն ու միացնում երգը.
«Մեր լույս, մեր հույս, մեր միակ Աստված,
Ձայնդ մեզ հասցրու, ձմռանը պահիր մեզ տաքացած,
Անհաղթ ես Դու՝ մեր քաջ Հիսուս,
Քո զոհն իզուր չէր, լույս էիր՝ լույս էլ դարձար,
Ես փրկվեցի, դու փրկվեցիր, մենք փրկվեցինք,
Եկեք բոլորս փրկվենք, եկեք բոլորս փրկվենք,
Ու կփրկվենք, ու կփրկվենք, ու կփրկվենք:
Տունս Քեզ եմ նվիրում, Տեր իմ և Աստված իմ,
Այսուհետ Դու ես այնտեղ տերն ու տիրակալը,
Ինչպես տիրակալ դարձար այս աշխարհում,
Երբ աշխարհն արարեցիր վեց օրում:
Ես փրկվեցի, դու փրկվեցիր, մենք փրկվեցինք,
Եկեք բոլորս փրկվենք, եկեք բոլորս փրկվենք,
Ու կփրկվենք, ու կփրկվենք, ու կփրկվենք»:
ՄԱՐԻԱՄ — (հուզվելով ու երգն անջատելով): Ամեն անգամ լսելուց չեմ կարողանում արցունքներս զսպել: Մի հատ էլ երգ ես ունեմ գրած, բայց դեռ կատարող չի գտնվել: Երգեմ՝ լսեք.
«Դու իմ փրկիչ, իմ անմահ Հիսուս,
Ես քեզ սիրում եմ՝ թող դևերը մնան սուս:
Մկրտչի կողմից Դու մկրտված,
Բայց Քեզ իրական մկրտողն էր Աստված:
Հալելույա, օհո, օհո,
Հալելույա, օհո, օհո»:
Այս անգամ Մարիամն իսկապես չի կարողանում զսպել արցունքները և հանելով թաշկինակը՝ սրբում է աչքերը, ապա շարունակում երգել.
«Սուրբ Մարիամին չդիպչեց տղամարդ՝
Նա քեզ լույս աշխարհ բերեց հղիությամբ անարատ:
Հալելույա, օհո, օհո,
Հալելույա, օհո, օհո…»:
Դուռը թակում են, ինչի պատճառով Մարիամի երգն ընդհատվում է:
ՄԱՐԻԱՄ — Թո՛ւ, ես քո… (Դավիթին.) Գնա բացի, տես՝ ով ա:
Դավիթը քայլում է դռան կողմը, սակայն մի քանի անգամ թակելուց հետո թակողն ինքն է բաց անում դուռը: Եկողը Սահակն էր, ով չսպասելով հրավերի՝ ներս է գալիս և մտնում հյուրասենյակ:
ՄԱՐԻԱՄ — Հողեմ գլուխդ, Սահակ, չէի՞ր կարում էրկու րոպե սպասեիր՝ երգս ավարտեի:
ՍԱՀԱԿ — Այ մարդ, գնա գործիդ, է՛, հավեսդ չունեմ, ես էկել եմ տենամ՝ Հովոն ոնց ա:
ՄԱՐԻԱՄ — Ես լավ էլ իմ գործին եմ, դու քո գործին էղի:
ՍԱՀԱԿ — Էդ գործիդ անունն ի՞նչ ա որ․․․
ՄԱՐԻԱՄ — Դարձի եմ բերում Հովոյին:
ՍԱՀԱԿ — Երգելո՞վ:
ՄԱՐԻԱՄ — Հա, երգելով, հարցեր կա՞ն:
ՍԱՀԱԿ — (դիմելով Դավիթին և Հովհաննեսին): Ինչի մասին էր երգո՞ւմ որ․․․
ԴԱՎԻԹ — Կույս Մարիամի:
ՍԱՀԱԿ — (ապշած): Ո՞նց… կույս, ախր, բայց… Մարիամ, դո՞ւ…
ՄԱՐԻԱՄ — Խոսքն Աստվածածնի մասին ա, այ ապուշ:
ՍԱՀԱԿ — Հա՜, թե չէ զարմացա, ինձ հարևանները պատմել էին, որ դու վախտին պսակված էղել ես, չնայած, մյուս կողմից էլ, եթե էդ տենց լիներ՝ մարդուդ կհասկանայի…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (կրկին զառանցելով): Եվ գալով կույսի մոտ՝ հրեշտակապետն ասաց. «Սուրբ հոգին կգա քեզ վրա ու քեզնից ծնվողն Աստծու որդի կկոչվի6»:
ՍԱՀԱԿ — Լավ էլի, Հով ջան, գոնե դու մի սկսի․․․ հազիվ գժվել, կտրվել ես էս աշխարհից, խի՞ ես ուզում հետ էկած լինես: Ի՞նչ կույս, ի՞նչ հղիանալ, ի՞նչ Աստծո որդի, տենց բան հնարավոր չի, մի քիչ տրամաբանեք, ժողովուրդ:
ԴԱՎԻԹ — Իսկ եթե դա ընկալենք որպես հրա՞շք:
ՍԱՀԱԿ — Հա բա ո՜նց, մեկ էլ դու ես պապայիդ հրաշքը: Մոռացա՞ր, այ տղա, քեզ էսօր արդեն ասեցի՝ հրաշքներ չկան: Չբեր կնիկս սաղ վախտ հրեշտակների հետ էր խոսում, մի անգամ չտեսա՝ հղիանար․․․
ՄԱՐԻԱՄ — Բա Լիլիթը ո՞նց ա ծնվել:
ՍԱՀԱԿ — Ես տղա էի ուզում:
ՄԱՐԻԱՄ — Ինձ միշտ հետաքրքիր ա էղել, Սահակ, դու դպրոցում ի՞նչ ես դասավանդում:
ՍԱՀԱԿ — Ֆիզկուլտ ու մաթեմ:
ՄԱՐԻԱՄ — Պարզ ա․․․
ՍԱՀԱԿ — Ի՞նչն ա պարզ:
ՄԱՐԻԱՄ — Ուղղակի՝ պարզ ա․․․
Հովհաննեսը ծնկի է իջնում, հիստերիկ ծիծաղ է սկսվում` ձեռքերի տարօրինակ շարժումների ուղեկցությամբ:
ԴԱՎԻԹ — (մոտենալով հորն ու բարձրացնելով նրան): Պապ, վեր կաց, ամոթ ա… արի ստեղ նստի… (Նստեցնում է բազկաթոռին:) Հեսա քեզ ջուր կբերեմ:
Դավիթն արագ քայլերով դուրս է գալիս, իսկ Հովհաննեսը հռհռալուն զուգահեռ սկսում է նույն անկանոն շարժումներով ծափահարել:
ՍԱՀԱԿ — (Մարիամին): Այ, տեսնո՞ւմ ես, թե ինչ են մարդու հետ անում ձեր աստվածները…
ՄԱՐԻԱՄ — Աստվածներ չկան, կա մի Աստված ու մի եկեղեցի՝ «Փրկության լույս» անունով, մնացածը մոլորություններ են: Մեր գերագույն հովիվը հիմա ստեղ լիներ՝ իրա աղոթքներով միանգամից խելքի կբերեր Հովոյին:
ՍԱՀԱԿ — Տո, իմ հայրենի Վերին Սասնաշեն գեղի հովիվից ավելի շատ օգուտ կլիներ, քան թե ձեր հոգևոր չոբանից: Լավ էլ գիտենք ձեր մեթոդները. սկզբում խելքից հանում եք, հետո սկսում եք խելքը հետ բերել: Առանց դրա՝ մենակ ինքներդ ձեզ համար աղոթելով ու երգելով, հիմա անգործ էիք մնացել: Հեն ա կնիկս էլ ձեր մոտից էր, թե՞ էդ ձեր եկեղեցին չէր… ո՞նց էր դրանց անունը, մեռնեմ, թե կհիշեմ… մի խոսքով՝ լավ, էդ կարևոր չի, ասածս էն ա՝ ինքն էլ տենց սկսավ մի օր, էրկու օր, իրեք օր իրանց հովիվների մոտ գնալ, մինչև համը դուրս չեկավ: Հերիք չի մի օր մեր Լիլոյին ուզում էր տաներ ջրի մեջ խեղդեր՝ անունն էլ դներ մկրտություն, մի հատ էլ ստեղ-ընդեղ հայտարարում էր, թե իբր ես փրկության կարիք ունեմ: Վերջը չդիմացա՝ վեշերը ձեռը տվի, ճամփեցի հորանց տուն․ էդ էր իմ փրկությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ծիծաղը վերափոխելով հուսահատության): Էլի՛, Էլի՛, լամա սաբաքթանի7:
ՍԱՀԱԿ — Հա՜, հա՜, Հով ջան, ես էլ էդ եմ ասում. կնիկը տենց բան ա, պտի ճիշտ ժամանակին դուրս շպրտես, թե չէ կհելնի իրա ոտով կեթա:
Դավիթը սկուտեղի վրա բերում է ջրով լի բաժակ և երկու դեղահաբ:
ԴԱՎԻԹ — (դնելով սկուտեղը սեղանիկին և բաժակը մոտեցնելով հորը): Խմի, պապ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (մի քանի կում անելով): Նարե… Նարե:
ԴԱՎԻԹ — (դեղահաբը հոր բերանն է մտցնում): Կո՛ւլ տուր, կո՛ւլ տուր, հեսա կհանգստանաս։ (Տալիս է երկրորդ դեղահաբը:)
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Նարե… խնդրում եմ, Նարե…
ՄԱՐԻԱՄ — Կինդ ստեղ չի, Հովո ջան, ինքը վաղուց գնացել ա, պետք ա բաց թողնես․․․ Ների իրան, հավատա՝ միակ փրկությունը ներողամտության մեջ ա: Ես էլ եմ մարդուս թողել գնացել ու Նարեի օգտին կարամ ասեմ՝ ինքը ճիշտ ա վարվել, բայց դու, մեկ ա, դրանից մի չարացի, չարը Սատանայից ա, իսկ դու Աստծով էղի ու ների իրան:
ՍԱՀԱԿ — (մատն արհամարհանքով վերև տնկելով): Տնաշե՜ն․․․ լավ ա էրեխա չունես, պատկերացնում եմ՝ գլխին ինչ կբերեիր քո սուտի մարդասիրական խորհուրդներով:
ՄԱՐԻԱՄ — Էդքան խոսալու փոխարեն՝ ավելի լավ ա գնա, աղջկադ դաստիարակությամբ զբաղվի: Հարևանները տեսնում զարմանում են. մազերը մի օր կանաչ, մի օր կապույտ, մի օր կարմիր ա ներկում, սևի մեջ հագնվում… շորերի վրա կմախքներ ու շրջված խաչեր նկարած, պռոշի մեջ երկաթ դրած… եղունգների մասին էլ ընդհանրապես չեմ խոսում: Էս վերջերս էլ պադիեզդի պատին կավիճով… (խաչակնքվում է) կներես, Տեր Աստված ջան, մեծ տառերով ու անգլերեն լեզվով քֆուրներ էր գրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի հասցեին… Լիֆտի դռանն էլ մի օր Սատանային էր նկարել՝ պոզերով ու պոչով: Դե իսկ իրա լսած երգերի մասին արդեն սաղ գիտեն․․․ (Մատը թափ տալով:) Վերջին անգամ եմ քեզ ասում, Սահակ, մեր շենքում սատանայապաշտ չտենամ, է՛…
ՍԱՀԱԿ — Այ մարդ, հանգստացի… իբր Սատանա կա՞, որ մի հատ էլ իրան պաշտեն: Լավ ա չասիր՝ աղջիկս վամպիրի ատամներ ունի, գալիս ձեզ կծում-մծում ա: Մեղավորը նախկինս ա. էնքան խեղճ էրեխու գլուխը լցրեց, որ աշխարհում Աստված ու Սատանա կա, որ մորը դեմ գնալու ու մեր բաժանվելուց հետո իրա մասին մոռանալու համար Լիլոն ընտրեց երկրորդ տարբերակը, էն դեպքում, երբ ոչ Աստված կա, ոչ էլ Սատանա․․․ սաղ ձեր հիվանդ զառանցանքներն են, որ էս մեր նոր սերնդի մեջ ըմբոստությամբ են արտահայտվում:
ՄԱՐԻԱՄ — Սահակ, ես ասեցի՝ դու լսեցիր: (Հովհաննեսին.) Հիմա ի՞նչ, Հովո ջան, ո՞նց ենք անում, կգա՞ս մեր եկեղեցի, հավատա՝ չես փոշմանի: Մեր դահլիճը, մեր բեմը կտեսնես… հա, իմիջիայլոց, կարաս դու էլ բեմ բարձրանաս․ քեզ բոլորի առաջ կբուժենք, որ սաղ տեսնեն, թե քեզ պես ազնիվ ու բարեսիրտ մարդը ոնց եկավ դեպի ճշմարիտ Աստվածն ու ապաքինվեց:
ԴԱՎԻԹ — (Մարիամին): Դուք էլ գիտեք, որ էդ հնարավոր չի, ինքն էս վիճակում չի կարա տնից դուրս գա… ու առավել ևս՝ չի կարա մարդաշատ տեղերում գտնվի:
ՄԱՐԻԱՄ — Դավիթ ջան… բալա ջան, դու հըլը խակ ես՝ լիքը բաներ չես հասկանում, քո հորը հոգևոր սնունդ ա պետք… Տո խի մենակ իրա՞ն, քեզ էլ, ինձ էլ, բոլորիս էլ…
ԴԱՎԻԹ — Չեմ կարծում, որ պապան համամիտ կլիներ ձեզ հետ, ծյոծ Մարիամ, էկեք ավելի լավ ա ամեն մեկս մեր համոզմունքին մնանք…
ՄԱՐԻԱՄ — (բարկացած տոնով): Երկարացնում ես, Դավիթ… Ո՞նց թե՝ համոզմունքին մնանք, չհասկացա… ուզում ես պապադ մոլորվա՞ծ գնա էն աշխարհ, կամ դու քո ապագա կյանքը մոլորված ոչխարի պե՞ս կառուցես… Ես քեզ զգուշացնում եմ՝ եթե ընդդիմանաս, ստեղ արդեն բժիշկների խառնվելու հարցը մեջտեղ կգա… Դու չափահաս ես, բայց դու հնարավորություն ունե՞ս պապայիդ մենակով պահելու. սովորում ես, լիքը ֆինանսական հարցեր կան, բարեկամները միշտ չի, որ օգնում են, Հովիկին ավելի հանգիստ կլինի սանիտարների հսկողության տակ, բայց էդ էն դեպքում, եթե հրաժարվես իսկական հոգևոր բուժումից…
ԴԱՎԻԹ — Ես հասցնում եմ սովորելուն զուգահեռ կես դրույքով աշխատել, երեք ամսից էլ արձակուրդներն են սկսվելու՝ կանցնեմ լրիվ դրույքի, ու հորս մասին արդեն մեկ տարուց ավել հոգ եմ տանում:
ՄԱՐԻԱՄ — Հովիկի վիճակը հենց էս մեկ տարում ա սրվել, մինչև էդ հիշում եմ՝ խելքը հըլը լրիվ չէր կորցրել, գոնե կարում էր տանը մենակ մնալ, իսկ հիմա քո ձեռներն ու ոտները կապած են… ո՞նց ես համ սովորելու, համ աշխատելու, համ էլ հորդ խնամելու: Տենց որ գնա՝ մանրից դու էլ կգժվես… Կամ դու ես հորդ տանջելու, կամ էլ ինքը քեզ, իսկ էդ արդեն վտանգավոր ա ու անօրինական… տենց վախտ օգնության են հասնում ոստիկանության ու հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները…
ՍԱՀԱԿ — (Մարիամին): Ի՞նչ ես տղուն երկընտրանքի առաջ կանգնացնում, ոնց ճիշտ ա համարում՝ թող տենց էլ անի, դու գնա քո դարդը լացի:
ՄԱՐԻԱՄ — (աչքերը չռելով Սահակի վրա): Դու մի խառնվի, է՜… ես՝ որպես շենքի լիազոր, իրավունք ունեմ մտահոգված լինել բնակիչների խնդիրներով:
ՍԱՀԱԿ — Դու չես մտահոգվում, դու խնդիր ես ավելացնում ու հըլը մի բան էլ սպառնում ես:
ՄԱՐԻԱՄ — Ինչ անում եմ՝ էս ընտանիքի լավի համար եմ անում: Եթե Աստծո օգնությանը չեն ուզում դիմեն, ուրեմն՝ թող հոգեբույժներն օգնեն:
ՍԱՀԱԿ — Հով ջան, գիտեմ՝ խելքդ տեղը չի, բայց մեկ ա՝ դու ես էս տան մեծը, ասա՛, ի՞նչ ենք անում, ստեղ տունդ ուզում են քանդեն, մի բան ասա՝ դեմն առնենք․․․ (Մոտենում է Հովհաննեսին և ականջը դեմ տալիս նրան:) Կուզես՝ ականջիս ասա…
ՄԱՐԻԱՄ — (հուզված ձայնով): Հովո ջան, Սահակը քո մի քանի տարվա ընկերն ա, իսկ ինձ դու շատ ավելի վաղուց ես ճանաչում․․․ Մոռացա՞ր՝ ոնց Հյուսիսային պողոտայի մեր տները քանդեցին ու ընտանիքներով տեղափոխվեցինք էս վիսոտկեն… Ոնց հարևաններ կայինք՝ տենց հարևաններ էլ մինչև օրս մնացինք… ես քո վատը չեմ ուզի, Հովիկ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (շշնջալով Սահակի ականջին): Ներիր նրանց, Տեր, չգիտեն, թե ինչ են անում8:
ՍԱՀԱԿ — (Մարիամին): Հովոն ասում ա, որ սիկտիրդ քաշես քո Հիսուսով ու սուրբ երկրորդությունով հանդերձ…
ԴԱՎԻԹ — (Սահակին): Երրորդությունով:
ՍԱՀԱԿ — (Դավիթին): Մեկին գումարած երկու՝ երեք չի՞ անում… Մաթեմատիկոս մարդ եմ՝ էկել ի՞նձ ես թվաբանություն բացատրում…
ՄԱՐԻԱՄ — (ձեռքը դնում է կրծքին և ծամածռում դեմքը՝ իբր հեսա ուր որ է սրտի կաթված է ստանալու): Աստվածանարգությո՜ւն… (Ընկնում է հատակին և գրոտեսկային շարժումներով թավալ տալիս՝ ցցված հետույքով դեպի հանդիսատեսը:) Աստվածանարգությո՜ւն…
ՍԱՀԱԿ — (հաղթանակած տոնով): Հա՜, հա՜, շատ լավ ա, էդ դիրքով էլ պառկած մնա…
Մի քանի վայրկյան այդպես թավալ տալուց հետո Մարիամը ոտքի է կանգնում և նույնպիսի գրոտեսկայնությամբ թափ տալիս իրեն ու վերականգնում շնչառությունը:
ՄԱՐԻԱՄ — (գերհուզված և մերթընդմերթ կորչող ձայնով): Հո… Հովիկ… ասա… ասա, որ դու տենց բան չասեցիր…
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (խորհրդավոր ժպիտով): Այո՛… այո՛, Տե՛ր, սակայն… սակայն շներն էլ իրանց… իրանց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում9:
ՄԱՐԻԱՄ — Էդ ո՞նց հասկանամ…
ՍԱՀԱԿ — Ոնց կա՝ տենց էլ հասկացի, մարդը բառացի ասեց՝ գնա փշրանքներդ կեր, մեզնից էլ յան տուր:
ՄԱՐԻԱՄ — Դավի՜թ…
ԴԱՎԻԹ — Հորս ասածն ինձ համար օրենք ա, ծյոծ Մարիամ:
ՄԱՐԻԱՄ — (հուսահատ քայլերով սկսում է հեռանալ, սակայն մի պահ կանգ է առնում և շրջվում): Դուք հըլը կփոշմանեք… (Դուրս է գալիս՝ իր ետևից շրխկացնելով դուռը:)
ՍԱՀԱԿ — (հառաչելով): Հովոյի հետ մի էրկու օրով արի մեր տուն… էսի շառ ա՝ ես սրան լավ գիտեմ, զանգելու ա ստեղ-ընդեղ՝ ստեր փչի, դանոսներ անի, առաջին օրը չի, որ իրան ճանաչում եմ:
ԴԱՎԻԹ — Երևի շատ չափն անցանք:
ՍԱՀԱԿ — (բարկացած): Քեզ էդքան ասում էի` հետը լեզվակռվի մեջ մի մտի: Խելոք լսեիր ու գլխով անեիր՝ իբր համաձայն ես հետը, կխոսար-կխոսար՝ վերջում ռադը կքաշեր… Լավ, ինչ էղել, էղել ա, հիմա տես ինչ ենք անում. էս ընթացքում, մինչև ինքը խելքի կգա էդ աստվածա… ինչերի՞ց հետո:
ԴԱՎԻԹ — ․․․աստվածանարգություններից:
ՍԱՀԱԿ — Հա, այ էդ դրանից հետո մինչև խելքի կգա ու գժանոցից, քաղմասից, շտապօգնությունից, պաժառնիից իրա ծանոթներին կխառնի, որ Հովոյի ետևից գան, էկեք մեր տուն, ապահով կմնաք… էս հաչան շունը ամեն տեղ ծանոթ ունի, չի սսկվելու մինչև մի վատություն չանի, գոնե տանը չեք լինի, եթե հանկարծ Հովոյի հետևից գան: Համ էլ շուտվանից էի հորդ կանչում նարդի խաղալու, էնքան չեկավ՝ մինչև յանը տարավ, բայց ոչինչ, կակռազ հիմա լավ առիթ ա…
ԴԱՎԻԹ — Ես չեմ կարա գամ, պետք ա միջանկյալներին պատրաստվեմ… պապան էլ, դե գիտես, տնից դուրս գալը հակացուցված ա:
ՍԱՀԱԿ — Լավ, գոնե մի օրով էկեք, ի՞նչ պտի ըլնի հորդ հետ, կշփվենք՝ սիրտը կբացվի, դու էլ մի քիչ կկտրվես թատրոններիցդ: Լիլոյին կուղարկեմ տատի տուն, Հովոյի հետ մի քանի պարտիա կխաղանք, դու էլ կողքից կնայես: Ծնունդիս օրվանից էլ ընտիր բանբանյերկա ա մնացել, առավոտը կվերցնեմ կտանեմ Մարիամին, իրեքիս անունից ներողություն կխնդրեմ, սիրտը կշահեմ՝ ոչ մի տեղ էլ չի զանգի:
Պատի այն կողմից կրկին լսվում է բլեք մետալ ժանրի ծանր երաժշտություն:
ՍԱՀԱԿ — (զայրույթ արտահայտող հայացքը պատի կողմն ուղղելով): Էս աղջիկն ինձ մի օր գերեզման կհասցնի… էսօր կամ՝ էգուց չկամ, թողեք հանգիստ ապրեմ, էլի… (Դավիթին.) Մի խոսքով, տես ինչ ես անում՝ ես տանն եմ, ձեզ եմ սպասում։ (Արագ հեռանում է՝ իր ետևից չփակելով դուռը:)
ԴԱՎԻԹ — (մոտենում է հորն ու օգնում վեր կենալ): Արի… արի գնանք։ (Թևից բռնած՝ ուղեկցում է սենյակ:)
Երաժշտությունը լռում է: Բեմը պատվում է թանձր ծխով: Ծխի միջից հայտնվում են առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ Հիսուսները՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած: Բոլոր չորսն էլ նայում են անհայտ ուղղությամբ: Ներս է գալիս Դավիթը, և նրա ներս մտնելուն պես՝ Հիսուսները անհետանում են ծխի մեջ:
ԴԱՎԻԹ — (երկու ձեռքով բռնում է գլուխն ու վախվորած հայացքով ներքև նայում): Հանգիստ… հանգիստ: Ինքն էստեղ չի, էստեղ չի… Վերջ, էլ չկա… չկա:
Ծխի միջից կրկին հայտնվում են Հիսուսները: Դավիթը թիկունքով է կանգնած նրանց, սակայն նրա սևեռված աչքերը, որոնք մերթ ձախ, մերթ աջ կողմ են շարժվում, վկայում են այն մասին, որ զգում է նրանց ներկայությունը:
Առաջին Հիսուս — (մատները բարձրացնում է Սուրբ Երրորդության նշանի տեսքով): Երանի աղքատներին…
Երկրորդ Հիսուս — (մատները բարձրացնում է Սուրբ Երրորդության նշանի տեսքով): Երանի սգավորներին…
Երրորդ Հիսուս — (մատները բարձրացնում է Սուրբ Երրորդության նշանի տեսքով): Երանի հեզերին…
Չորրորդ Հիսուս — (մատները բարձրացնում է Սուրբ Երրորդության նշանի տեսքով): Երանի ողորմածներին…
Չորսը միասին — Երանի աղքատներին, երանի սգավորներին, երանի հեզերին, երանի ողորմածներին10…
ԴԱՎԻԹ — (կորացնում է մեջքն ու ափերով փակում աչքերը): Հիմա կանհետանան… հեսա ուր որ ա… (՚Շնչասպառ լինելով:) Դե, հիմա…
Չորսը միասին — Երանի աղքատներին, երանի սգավորներին, երանի հեզերին, երանի ողորմածներին…
Ծխի միջից հայտնվում է սեղանիկը՝ վրան դրված նոթբուքով ու վառվող լուսամփոփով: Դավիթը, շրջելով գլուխը, մի հայացք է նետում սեղանիկին ու առանց Հիսուսների կողմը նայելու՝ շտապ գալիս նստում է բազկաթոռին: Նա սեղանիկը մոտեցնում է իրեն և բացում նոթբուքը:
ԴԱՎԻԹ — (մատները դնում է նոթբուքի ստեղնաշարին): Նրանից ազատվելու ամենալավ ձևը նրա մասին գրելն ա… Ամբողջը կջնջեմ ու կսկսեմ նոր տողից։ (Կրկին փակում է նոթբուքն ու վեր կենում, ապա սկսում մտազբաղ հայացքով ետուառաջ քայլել:) Էս անգամ կսկսեմ ոչ թե ծնունդի, այլ խաչելության… հա՛, հա՛, հենց խաչելության տեսարանից:
Դավիթը գալիս ու կանգնում է բեմահարթակի եզրին: Նրա թիկունքում գտնվող չորս Հիսուսները անհետանում են ծխի մեջ: Վայրկյաններ անց անհետանում է նաև ծուխը:
ԴԱՎԻԹ — (հանդիսատեսին): Դե, հարմար տեղավորվեք: Սկսենք… «Ահա՛ մարդը». ողբերգություն երկու գործողությամբ: Գործող անձինք՝ Հիսուս Քրիստոս, Մարիամ Աստվածածին, Հովհաննես առաքյալ, Մարիամ Մագդաղենացի, Դիսմաս – խաչված ավազակ, Գեսթաս – խաչված ավազակ, չորս հռոմեացի զինվոր: Գործողություն առաջին:
Վարագույրը փակվում է: Ամեն:
ԱՀԱ՛ ՄԱՐԴԸ
(ողբերգություն երկու գործողությամբ)
Գործող անձինք
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔՅԱԼ
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
ԴԻՍՄԱՍ — խաչված ավազակ
ԳԵՍԹԱՍ – խաչված ավազակ
ՌԵԺԻՍՈՐ
Չորս հռոմեացի զինվոր
Գործողություն առաջին
Գողգոթայի բարձունք: Կենտրոնում՝ փայտե երեք վիթխարի խաչ։ Առաջին խաչին գամված է Գեսթասը, երկրորդին՝ Հիսուսը, իսկ երրորդին՝ Դիսմասը։ Մեջտեղի խաչին, Հիսուսի գլխավերևում ամրացված ցուցատախտակի վրա գրված է․ «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հիսուսը տանջահար հայացքով նայում է անորոշ ուղղությամբ: Դիսմասի և Գեսթասի հայացքներն արտահայտում են անօգնականությունից և անելանելիությունից ի հայտ եկած ահ ու սարսափ, սակայն ի տարբերություն Գեսթասի՝ Դիսմասի հայացքում նկատվում է նաև հույսի փոքրիկ նշույլ։ Աստվածածինն ու Հովհաննեսը կանգնած են կողք-կողքի: Հիսուսի կողմը նայելով՝ Աստվածածինը լուռ արտասվում է, իսկ Հովհաննեսը, գրկելով նրան, հայացքը չի կտրում Հիսուսից և դժվարությամբ է զսպում արցունքները: Քիչ այն կողմ Մագդաղենացին է՝ Հիսուսի առջև ծնկի իջած և ձեռքերը կրծքին դրած, ինչից տպավորություն է ստեղծվում, որ նա անձայն աղոթում է: Նրանց բոլորի ետևում հռոմեացի զինվորները գետնին նստած՝ վիճակ են գցում Հիսուսի պատմուճանի վրա ու հռհռում:
ՀԻՍՈՒՍ — (գլուխը բարձրացնում է ու նայում երկինք): Հայր, ներիր նրանց… որովհետև չգիտեն, թե ինչ են անում:
Հռոմեացի զինվոր — (մի պահ շեղվում է վիճակահանությունից ու նայելով Հիսուսի կողմը՝ բղավում): Լռությո՛ւն:
Պատմուճանը տրվում է վիճակահանությունը հաղթած զինվորին, ինչից հետո հռոմեացիները շարունակում են իրար մեջ զվարճախոսել ու քրքջալ:
ԳԵՍԹԱՍ — (Հիսուսին): Փրկի՛ր ինքդ քեզ… դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ: Դե, ինչի՞ն ես սպասում…
ԴԻՍՄԱՍ — (Գեսթասին): Աստծուց վախեցի, մենք մեր արածի արժանի հատուցումն ենք ստանում, իսկ նա… նա ոչ մի վատ բան չի արել: (Հիսուսին.) Տեր, հիշիր ինձ… հիշիր ինձ, երբ գաս Քո թագավորությամբ:
ՀԻՍՈՒՍ — (նայելով Դիսմասին): Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտ կմտնես:
Հռոմեացի զինվոր — (արդեն բարկացած): Ասացի՝ լռություն, չխոսեք այլևս… (Շարունակում է մյուս երեք զինվորների հետ կատակախոսել՝ մերթընդմերթ զայրացական հայացք նետելով խաչվածների ուղղությամբ:)
ՀԻՍՈՒՍ — (Աստվածածնին): Ո՛վ կին, ահա՛ քո որդին: (Հովհաննեսին.) Ահա՛ քո մայրը:
Հիսուսի խոսքերից հետո Հովհաննեսն է՛լ ավելի ամուր է գրկում Աստվածածնին, նրանք երկուսով արտասվում են: Ուժեղ քամի է սկսվում, բեմը մռայլվում է և դառնում կիսախավար:
ՀԻՍՈՒՍ — (կրկին երկինք նայելով): Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին: (Անշարժանում է:)
Հռոմեացի զինվոր — (վեր է կենում տեղից ու սաստիկ զայրացած մոտենում Հիսուսի խաչին): Չեմ հասկանում՝ դու լսողության հետ խնդի՞ր ունես, արդեն երրորդ անգամ եմ ասում՝ լռություն…
ՌԵԺԻՍՈՐ — (մոտենալով բեմին): Ստոպ, ստոպ:
Ներկայացման փորձն ընդհատվում է: Վառվում են բեմահարթակի և դահլիճի լույսերը: Քամու ձայնը դադարում է հնչել:
ՌԵԺԻՍՈՐ — (հռոմեացի զինվորի դերակատարին): Տղա՛ ջան, էդ ճվճվոցիդ իմաստն ինձ մի հատ կբացատրե՞ս:
ԴԻՍՄԱՍԻ դերակատար — (ռեժիսորին): Արսեն Լևոնովիչ, իջնե՞մ խաչից:
ՌԵԺԻՍՈՐ — (բղավելով): Չէ, տենց մնա մինչև Երկրորդ գալուստը:
Հռոմեացի զինվորի դերակատար — (ցուցադրական շարժուձևով և կանացի ձայներանգով): Բայց ախր դուք էիք մեզ վստահեցնում, որ ընթացքում կարող ենք նաև իմպրովիզներ անել: Չէ՞ որ թեմատիկ առումով նյութը բավականին ճկուն է, և ես կարծեցի, որ կարող եմ ստեղծագործել:
ՌԵԺԻՍՈՐ — (բորբոքված): Дорогой, հասկացանք, որ դու աբսուրդի թատրոնից ես, բայց որ ամեն ծպտունից վեր թռնես ու աջուձախ նկատողություն անես՝ տենց ո՞ւր կհասնենք: Հեն ա ասա՝ պիեսը ճղենք թափենք, թողենք սաղս գնանք, դու էլ մենակով մնա բեմի վրա քեզ ճղի՝ ռազ սիրտդ էդքան շատ իմպրովիզներ ա ուզում: Առաջին անգամ գոռացիր՝ ասեցինք լավ, երկրորդ անգամ գոռացիր՝ ասեցինք ջհանդամ, բա երրորդի՞ն խի պոռթկացիր, արդեն մեռել էր… Լավ, էդ սաղ հեչ, խի՞ էկար հասար խաչի մոտ:
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ դերակատար — Ըստ ավետարանիչների՝ հռոմեացիները չէին էլ արգելում Հիսուսին՝ խաչված ժամանակ խոսալ:
Հռոմեացի զինվորի դերակատար — (քմծիծաղով): Ըստ ավետարանիչների, բայց իրական կյանքում դու էնտեղ եղե՞լ ես, որ վստահ պնդես՝ արգելում էին, թե չէին արգելում… Միգուցե ավետարանիչները բաց էին թողել այդ դետալը, իսկ մենք բաց չենք թողնի, այլ բերելով արվեստի դաշտ՝ կիմաստավորենք այն մեր ստեղծագործության մեջ:
Ռեժիսորը նյարդայնացած վառում է ծխախոտը: Խաչից արդեն ցած իջած Գեսթասի և Դիսմասի դերակատարների, ինչպես և մյուս դերասանների ուշադրությունը սևեռվում է հռոմեացի զինվորի, Հովհաննես առաքյալի և ռեժիսորի բանավեճի վրա, սակայն Հիսուսի դերակատարը, ով դեռ չէր իջել խաչից, ասես ոչ մեկին չի նկատում, այլ շարունակում է անշարժացած վիճակում նայել անորոշ ուղղությամբ:
ՌԵԺԻՍՈՐ — (ծուխը նյարդայնորեն փչելով): Слушай, ты можешь просто նստես ու մյուսների հետ միասին հա-հա, հի-հի անես: Մի հատ զառ քցել ա՝ էդ էլ թող ուրիշ հռոմեացի անի, դու ուղղակի տեղումդ նստած մնա, տղեքի հետ միասին ընդհանուր ժխորի մեջ ասա, խոսա, ծիծաղա, վերջում էլ ըստ պիեսի՝ թող ու փախի, էլ ուրիշ բան չեմ ուզում քեզնից:
Հռոմեացի զինվորի դերակատար — Կներեք, իհարկե, Արսեն Լևոնովիչ, բայց ես խաղացել եմ էնպիսի թատրոններում ու մասնակցել եմ էնպիսի միջազգային փառատոների, որ արդեն հասցրել եմ անուն հանել և կենսագրություն կերտել, իսկ տվյալ ներկայացման մեջ միայն քրոջս (մատնացույց է անում Մարիամ Մագդաղենացու դերակատարուհուն) խնդրանքով եմ հանդես գալիս էպիզոդիկ դերում, որտեղ հերիք չէ՝ ձիու պես անիմաստ խրխնջում եմ՝ դեռ մի բան էլ չունեմ մասնակցություն ընդհանուր գործողությանը:
ՌԵԺԻՍՈՐ — (հառաչելով): Ах, дерьмо… (Դերասանական կազմին:) Էսօրվա համար՝ էսքանը, էլ ներվերս չեն հերիքում… Վաղն առավոտից ստեղ կլինեք՝ նորից մի հատ ծերից ծեր կանցնենք:
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ դերակատարուհի — (մոտենալով ռեժիսորին): Мне сейчас подняться?
ՌԵԺԻՍՈՐ — Չէ, վայ, не видишь, что все ещё тут? (Շշուկով:) Подожди, пока все уйдут, я буду у себя в кабинете…
Դերասաններն արդեն պատրաստվում են իջնել բեմահարթակից:
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ դերակատարուհի — (Հիսուսի դերակատարին, ով դեռ գամված է խաչին): Հայկա՞զ, էս չե՞ս ուզում իջնես… իջի, որ գնանք:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Չե՛մ իջնելու:
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ դերակատարուհի — Յանդ տարա՞վ էլի, ա՛յ տղա, տենց ուզում ես մինչև առավոտ մնա՞ս:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Ասեցի՝ չե՛մ իջնելու:
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ դերակատարուհի — (մոտենալով խաչված Հիսուսին): Հայկազ ջան, իջի, պետք ա դահլիճի դուռը փակեմ, բանալին իմ անունով ա:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — (սպառնալից տոնով): Մոտ չգա՛ս, մեկ ա՝ չե՛մ իջնելու:
ՌԵԺԻՍՈՐ — (բարձրանալով բեմ): Էդ ի՞նչ ա էղել…
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ դերակատարուհի — Հայկազն ա, նորից չի ուզում իջնի:
ՌԵԺԻՍՈՐ — (ձեռքը խաչվածի կողմը պարզելով): Հիմա էլ էսի ստեղ… արա՛, իջի՝ թող մարդիկ տուն գնան:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Չե՛մ իջնելու… մինչև անցած ամսվա փողս չտաք՝ ես իջնողը չեմ…
ՌԵԺԻՍՈՐ — Իջի, մարդավարի խոսանք, բան հասկանանք…
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Չե՛մ իջնի, անցած անգամ էլ խաբնվեցի՝ իջա, ոչ մի բան չխոսացինք, ճամփեցիք տուն:
ՌԵԺԻՍՈՐ — Հակոբյանին կասեմ՝ պայմանագիրդ կվերանայի… գո՞հ ես:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Հակոբյանը թող հըլը հոկտեմբեր ամսվա 78․000-ս տա, հետո պայմանագիր վերանայելուց կխոսանք…
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ դերակատարուհի — (լաչառ ձայնով): Մե՞նք ինչ կապ ունենք, ա՛յ շաշ, մեզնի՞ց ինչ ես ուզում…
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — Դուք բոլորդ Հակոբյանի հետ քիփ եք:
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ դերակատար — Լավ, արդեն յուղ ես վառում… (Ռեժիսորին.) Արսեն Լևոնովիչ, հեսա ես սրան կիջացնեմ։ (Փորձում է բարձրանալ Հիսուսի խաչին և բռնել դերակատարի ոտքը:)
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — (կտրուկ շարժումով ազատվում է ոտքերի կապանքից և սկսում ոտքերով ետ մղել իրեն մոտեցող Հովհաննես առաքյալին): Հեռու գնա… քացով կտամ…
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ դերակատար — (խուսանավելով հարվածներից): Հըլը փորձվի…
Հովհաննես առաքյալին, ի վերջո, հաջողվում է բռնել Հիսուսի ոտքից, իսկ Դիսմասն ու Գեսթասը այդ ընթացքում բարձրանում են ձախակողմյան և աջակողմյան խաչերի վրա ու փորձում երկու կողմից բռնել խաչվածի թևերը:
ՀԻՍՈՒՍԻ դերակատար — (ազատվում է նաև աջ ձեռքի կապանքից և դուրս գալով խաչվածի կերպարից՝ մի հարված հասցնում Գեսթասին): Ես քու…
Գեսթասը ցնցվում է հարվածից, բայց վայր չի ընկնում, համառորեն մնում է իր խաչին: Նրան հաջողվում է բռնել Հիսուսի՝ իրեն հարվածող ձեռքը: Դիսմասն էլ իր հերթին է կարողանում ազատել Հիսուսի ձախ ձեռքի կապանքն ու բռնել թևից, բայց քանի որ Հիսուսին այլևս ոչ մի կապանք չի գամում խաչին՝ նա վայր է ընկնում՝ իր հետ տապալելով խաչը: Փայտե վիթխարի զանգվածը շուռ է գալիս Հիսուսի ոտքը բռնած Հովհաննես առաքյալի և Մարիամ Մագդաղենացու վրա, իսկ ռեժիսորն ու հռոմեացի զինվորները հասցնում են ճիշտ ժամանակին ետ քաշվել: Հիսուսն ընկնում է Մարիամ Աստվածածնի գիրկը, և նրանք անշարժանում են, ինչպես Միքելանջելոյի «Պիետա» քանդակում պատկերված Աստվածածինն ու նրա ծնկներին հանգչող Քրիստոսը:
Վարագույրը փակվում է: Ամեն:
Գործողություն երկրորդ
Նույն ընդարձակ հյուրասենյակը: Դավիթը քնած է թախտին: Ներս է մտնում Հովհաննեսը, վախեցած շուրջն է նայում, ապա հայացքը կանգ է առնում քնած որդու վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ախր կմրսես… (Դուրս է գալիս:)
Բեմը պատվում է թանձր ծխով։ Ներս է գալիս Հովհաննեսը՝ ծածկոցն ու բարձը ձեռքին։ Մոտենալով Դավիթին՝ ծածկում է նրան, բարձը դնում գլխի տակ։ Ծխի միջից հայտնվում է Հիսուսն ու արագ քայլերով նույն կերպ անհետանում ծխի մեջ։ Քայլերի ձայնից Հովհաննեսը հանկարծակիի է գալիս և շրջվելով՝ վախեցած նայում շուրջը։ Հիսուսը բեմի մյուս անկյունից կրկին հայտնվում է ծխի միջից և անհետանում։ Հովհաննեսը սարսափած կուչ է գալիս թախտի մոտ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ձեռքերով փակում է աչքերը)։ Չքվի՛ր, չքվի՛ր․․․
Ծուխը սկսում է դանդաղ ցրվել։ Ներս է մտնում Լիլիթն ու զարմացած նայում վախեցած Հովհաննեսին։
ԼԻԼԻԹ — (մոտենալով կծկված Հովհաննեսին)։ Ամեն ինչ կարգի՞ն ա, ձյաձ Հովհաննես։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (աչքերը բացելով և կակազելով)։ Գն․․․ գն․․․ գնա՞ց։
ԼԻԼԻԹ — (շուրջը նայելով և քմծիծաղելով)։ Ո՞վ․․․
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Աս․․․ Աս․․․ Աստված, Նազ․․․ Նազովրեցին։
ԼԻԼԻԹ — (ծիծաղելով)։ Մի մտահոգվեք, էստեղ Աստված չկա, ու ընդհանրապես՝ Աստված մեռել ա․․․ (Ճկույթն ու ցուցամատը եղջյուրների տեսքով վեր բարձրացրած:) Hail Satan11։
Հովհաննեսը վեր է կենում և դանդաղ առաջ գալով՝ նույն կերպ վախեցած տնտղում է շրջակայքը։
ԼԻԼԻԹ — Պապայի հետ կռվեցի, դուրս էկա տնից, դեմ չեք, չէ՞, որ մի կես ժամ էստեղ մնամ․․․
Հովհաննեսը մոլորված հայացքով մոտենում է գրապահարանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ձեռքը գրապահարանին դնելով, թախծոտ ձայնով)։ Կյանքս դատարկաբանությունների վրա վատնեցի․․․
ԼԻԼԻԹ — Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (գրապահարանից երկու գիրք հանելով)։ Արի․․․ արի ճղենք սրանք։
ԼԻԼԻԹ — (զարմացած)։ Ինչի՞ համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Սրանց պատճառով ա ամեն ինչ․․․ էստեղից են գալիս բոլոր խնդիրները։ Պետք ա ճղել, վերացնել սրանք․․․ (Բացում է գրքերից մեկն ու սկսում պատռել էջերը:) Արի օգնի․․․ պետք ա արագացնենք, թե չէ Նազովրեցին նորից կգա․․․
Լիլիթը մնում է տեղում շփոթված կանգնած։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (պատռելով, այնուհետև ճմրթելով էջերն ու մի կողմ գցելով)։ Ի՞նչ ես տեղումդ քարացել․․․ արագացրու, արի, էս աղբից ազատվել ա պետք։
ԼԻԼԻԹ — Իսկ սթորի կարա՞մ անեմ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Ինչ ուզում ես արա։
ԼԻԼԻԹ — (ոգևորված)։ Լավ, ուրեմն կսկսեմ Աստվածաշնչից․․․ (Ճկույթն ու ցուցամատը վեր բարձրացրած:) Hail Satan։
Լիլիթը միացնում է սմարթֆոնի տեսախցիկն ու մոտենալով սեղանիկին՝ հեռախոսը լուսամփոփի վրա է հենում այնպես, որ էկրանն ուղղված լինի իր կողմը։ Սեղմելով ռեքը և դնելով հեռախոսը նկարահանման ռեժիմի վրա՝ մոտենում է գրապահարանին և վերցնում Աստվածաշունչը, գալիս կանգնում է կադրի կենտրոնում և բացելով Աստվածաշունչը՝ ագրեսիվորեն պատռում է էջերը։
ԼԻԼԻԹ — (ցուցադրաբար պատռելով և ճմրթելով էջերը)։ God is dead, save us Lord Satan, God is dead12…
Այդպիսով, մի կողմում կանգնած՝ գրքի էջեր է պատռում Հովհաննեսը, մյուս կողմում՝ Լիլիթը, իսկ Դավիթն աղմուկից արթնանում է։
ԴԱՎԻԹ — (վեր կենալով և մոտենալով հորը)։ Էս ի՞նչ եք անում․․․ (Հոր ձեռքից խլում է պատռված գիրքը:) Սպասի, պապ, մի արա․․․
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (մեկ ուրիշ գիրք հանելով գրապահարանից և կրկին պատռելով էջերը)։ Մի խանգարի ինձ, վաղուց պետք ա վերացնեի սրանք․․․
ԴԱՎԻԹ — (ուժ գործադրելով սեղմում է հոր թևերը, սակայն հայրն ընդդիմանում է և մարմինը ցնցելով՝ փորձում ազատվել)։ Հանգստացի․․. հանգստացի՝ քեզ ասում եմ․․․ (Թևերից բռնած տանում է:) Վերջ, հիմա կգնանք քո սենյակ, ու էսօր էլ դուրս չես գա էնտեղից: (Գնում են:)
ԼԻԼԻԹ — (մոտենում է սեղանիկին և, վերցնելով սմարթֆոնը, շարունակում է նկարահանել՝ նայելով էկրանին)։ Hey, guys, անպայման գրեք՝ իմանամ ի՛նչ եք մտածում էս դրամատիկ սցենկի մասին, целую․․․ (Օդային համբույր ուղարկելով, ապա ճկույթն ու ցուցամատը վեր բարձրացրած:) Hail Satan։
Անհանգիստ քայլերով ներս է մտնում Դավիթը։
ԴԱՎԻԹ — Ի՞նչ ես անում էստեղ, ինչի՞ համար էիր էկել․․․
ԼԻԼԻԹ — Պապայի հետ կռվել ենք, որոշեցի գամ ստեղ, սպասեմ, մինչև ջղայնությունն անցնի՝ հետ դառնամ։
ԴԱՎԻԹ — Նորից լսածդ երգերի պատճառո՞վ էր ջղայնանում։
ԼԻԼԻԹ — Չէ, երգերին արդեն համակերպվել ա, էս անգամ՝ ինստայում արածս պոստերի պատճառով։ Հելոուինի օրն ընկերուհիս ինձ զոմբիի գրիմ էր արել, գնացել էինք փարթի, բայց պապան գիտեր, թե անգլերենի պարապմունքի եմ։ Փարթիից ֆոտոներ էի էջումս տեղադրել ու թարսի պես մոռացել էի, որ հորքուրիս աղջիկը պադպիսչիկներիս մեջ կա։ Տեսել էր ֆոտոները՝ վռազ ցույց էր տվել հորքուրիս, հորքուրս զանգել էր պապայիս, պապան էլ իմացել էր ու․․․ fuck… ձենը գլուխն էր գցել․․․ (Ծիծաղելով:) Հեսա ցույց տամ ֆոտոները․․․ (Թերթում է սմարթֆոնի էկրանը:)
ԴԱՎԻԹ — Չէ՛, չէ՛, պետք չի, ավելի լավ ա՝ գնա նստի, ես ստեղ հավաքեմ: (Կռանում, սկսում է հատակից վերցնել գրքերի պատռված և ճմրթված թերթերը:)
ԼԻԼԻԹ — Ես մեղք չունեմ, ինքը ասեց, որ օգնեմ՝ միասին ճղենք գրքերը․․․
ԴԱՎԻԹ — (հատակի վրայից վերցնելով պատռված Աստվածաշունչը)։ Էս ի՞նչ ես արել․․․ գոնե կարդացե՞լ ես, որ սենց ես վարվում գրքի հետ։
ԼԻԼԻԹ — Չէ, ես «Սատանայական Աստվածաշունչն» եմ կարդացել, քեզ էլ խորհուրդ կտամ՝ կարդաս, ամերիկացի ա հեղինակը, ով նաև հիմնել ա «Սատանայի եկեղեցին13»։ Երբ գնամ Ամերիկա, դառնալու եմ էդ եկեղեցու անդամ․․․
Բեմը սկսում է պատվել ծխով։
ԴԱՎԻԹ — (երկյուղած)։ Հիմա նորից կգան․․․
ԼԻԼԻԹ — Ովքե՞ր։
ԴԱՎԻԹ — Կարևոր չի, դու ավելի լավ ա՝ գնաս։
ԼԻԼԻԹ — (խնդմնդալով)։ Չէ, ես ուզում եմ մնամ՝ տեսնեմ՝ ովքեր են գալու։
ԴԱՎԻԹ — Դու իրանց չես կարա տեսնես։
ԼԻԼԻԹ — Ինչի՞ չեմ կարա։
ԴԱՎԻԹ — Որովհետև չես հավատում։
ԼԻԼԻԹ — Ո՞ւմ չեմ հավատում․․․ Հիսուսի՞ն։
ԴԱՎԻԹ — (ականջները ձեռքերով փակում է)։ Մի տուր էստեղ էդ անունը․․․ (Ձեռքից ցած է գցում Աստվածաշունչը:) Խնդրում եմ, գնա, ուզում եմ մենակ մնալ․․․
ԼԻԼԻԹ — Լավ, լավ, կգնամ, բայց․․․ fuck․․․ պապան ինձ ասում էր, որ տանն ինչ-որ существо-ներ եք տեսնում, չգիտեի, որ դրանք Հիսուսներ են: (Փռթկում է, բռնկվում հիստերիկ ծիծաղով:)
ԴԱՎԻԹ — Գնա ձեր տանը ծիծաղի․․․
ԼԻԼԻԹ — (ծիծաղից արցունքոտված աչքերը մաքրելով)։ Լավ, վերջ, էլ չեմ ծիծաղում, անկեղծ ուզում եմ քեզ օգնել․․․ (Մոտենում, համբուրում է Դավիթի շուրթերը:)
Դավիթը շփոթված քարանում է տեղում։
ԼԻԼԻԹ — Գրազ կգամ, որ առաջին անգամ ես աղջիկ համբուրում, չնայած ինձնից մի քանի տարով մեծ ես․․․ (Բռնում է Դավիթի ձեռքերը:) Քո ամենալավ տարիները նվիրել ես սովորելուն, աշխատելուն ու պապայիդ մասին հոգ տանելուն, դրա համար էլ աստվածներ ես տեսնում, իսկ եթե չես տեսնում՝ փնտրում ես․․․ փնտրում ես ու չես գտնում։ Իսկ ամենաահավորը էն ա, որ չգտնելուց հետո շարունակում ես փնտրել, ու ինքդ էլ չես նկատում, թե ոնց ես դրա պատճառով դադարում ապրել։
ԴԱՎԻԹ — Բա հո քեզ պես սատանայապաշտ չեմ դառնալու․․․
ԼԻԼԻԹ — Սատանան ընդամենը խորհրդանիշ ա, իրա փոխարեն կարար մի ուրիշ խորհրդանիշ լիներ, ստեղ կարևորը ապրելն ա։ Ինչի՞ ես ուզում խաչվես, եթե կարաս ապրես։
Դավիթը մտածմունքների մեջ ետուառաջ է անում սենյակում։
ԼԻԼԻԹ — Ես էլ էի ժամանակին ինքս ինձ տանջում, տարիներով վազում էի մորս ուրվականի ետևից, բայց էկավ ժամանակ, երբ համակերպվեցի էն փաստի հետ, որ ծնողներս բաժանվել են, ու մամաս ընդամենը ուրվական ա ինձ համար։ Մի էդպիսի ուրվական էլ Աստված ա, ով բռնոցի ա խաղում մեզ հետ, ու միշտ հաղթող ա դուրս գալիս, քանի որ արագավազ ա։ Մեզնից հասնում ա ընդամենը դուրս գալ էդ խաղից ու ապրել, իսկ իրան թողնել էդ անդադար վազքի մեջ․․․ մինչև շնչահեղձ լինի ու մեռնի։
ԴԱՎԻԹ — Ես արդեն մոռացել եմ, թե ինչ բան ա ապրելը․․․
ԼԻԼԻԹ — Եթե մոռացել ես, ուրեմն՝ ժամանակին իմացել ես, իսկ էդ արդեն լավ ա, (քմծիծաղում է) ամեն ինչ հըլը կորած չի․․․ Վերջին անգամ ե՞րբ ես Կենտրոնում եղել։
ԴԱՎԻԹ — Երկու օր առաջ։
ԼԻԼԻԹ — Իսկ ի՞նչ էիր անում։
ԴԱՎԻԹ — Գնում էի համալսարան։
ԼԻԼԻԹ — (քաշելով Դավիթի ձեռքից)։ Հիմա էլ միասին կգնանք, բայց համալսարան չէ, ուղղակի դուրս կգանք քայլելու․․․
ԴԱՎԻԹ — (տեղում կանգնած մնալով)։ Պապային մենակ չեմ թողնի․․․
ԼԻԼԻԹ — Արի՜, պապադ ոչ մի տեղ չի փախնի, ուրիշ ժամանակ դուռը ժամերով բաց եք թողնում՝ չի փախնում, հիմա ո՞ւր պետք ա գնա․․․ արի, երկար չենք մնա, ուղղակի ուզում եմ քաղաքն առաջին անգամ ուրիշ աչքերով տեսնես։
ԴԱՎԻԹ — Իսկ եթե մի ուրիշ անգա՞մ։
ԼԻԼԻԹ — Ուրիշ անգամ չկա, հետո ընկնելու ես դասերովդ, քեզ լավ գիտեմ, արի՜․․․ (Շարունակում է քաշել Դավիթի ձեռքից:)
Ծուխը խտանում է և տարածվում ամբողջ բեմով մեկ։ Դավիթն ու Լիլիթը անհետանում են ծխի մեջ։ Երբ ծուխը փոքր-ինչ ցրվում է, տեսնում ենք դատարկ հյուրասենյակը։ Ներս է մտնում Հովհաննեսը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (մոլորված այսուայնկողմ նայելով)։ Դավիթ․․․ Դավիթ․․․
ՄԱՐԻԱՄ — (ձայնը լսվում է դրսից)։ Մտեք, ստեղ ա․․․ զգույշ կլինեք՝ վտանգավոր ա․․․
Ծխի միջից դուրս է գալիս երեք սանիտար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (ուրախացած առաջանալով)։ Դավիթ․․․ ո՞ւր էիր գնացել, քեզ էի սպասում․․․ (Փաթաթվում է սանիտարներից մեկին:)
Առաջին սանիտարն աչքով է անում երկրորդ սանիտարին։
Երկրորդ սանիտար — (նույնպես փաթաթվելով Հովհաննեսին)։ Ամեն ինչ կարգին ա, պապ, հետդ եմ, մի մտածի․․․
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Խնդրում եմ, էլ չգնաս․․․
Երկրորդ սանիտար — Մենակ չեմ գնա, պապ, հիմա արդեն միասին կգնանք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ — (խուճապահար)։ Ո՞ւր․․․
Երկրորդ սանիտար — Մի շատ հանգիստ տեղ, քեզ հաստատ դուր կգա․․․
ՀՈՎՀԱՆՆԵՍ — Շուտ հետ կգա՞նք։
Երկրորդ սանիտար — Հա՛, հա՛, խոստանում եմ, երկար չի տևի․․․ (Ձեռքը Հովհաննեսի ուսին է գցում, և միասին հեռանում են՝ անհետանալով ծխի մեջ:)
Մյուս երկու սանիտարները նույնպես պատրաստվում են հեռանալ։ Ծխի միջից հայտնվում է Հիսուսը։
Առաջին սանիտար — (նկատելով Հիսուսին և կանգ առնելով)։ Է՞ս ով ա․․․
Երրորդ սանիտար — (կանգ առնելով)։ Երևի դրա տղեն ա․․․
Առաջին սանիտար — (ցածրաձայն)։ Հա, ճիշտ ա, լիազորն ասում էր, որ տղեն էլ ա խփնված․․․ սրան ստեղ թողնելը վտանգավոր ա, արի տանենք․․․
Երրորդ սանիտար — (ցածրաձայն)։ Սպասի, բայց հաստա՞տ գիժ ա։
Առաջին սանիտար — (ցածրաձայն)։ Հա բա, հըլը տեսքին նայի․․․
ՀԻՍՈՒՍ — Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ14․․․
Առաջին սանիտար — Տես ինչեր ա խոսում, լրիվ կտտցրած ա․․․ արի՛, արի տանենք, մնացածը տեղում կպարզենք․․․ (Երրորդ սանիտարի հետ միասին մոտենում է Հիսուսին և բռնում թևից:)
Հիսուսը չի ընդդիմանում, սանիտարները նրա թևերը երկու կողմից բռնած՝ ուղեկցում են։ Հանկարծ ծխի միջից հայտնվում է երկրորդ Հիսուսն ու սանիտարների կողքով անցնելով՝ արագ անհետանում ծխի մեջ։
Առաջին սանիտար — (հանկարծակիի եկած՝ կանգ առնելով)։ Էս ի՞նչ էր։
Երրորդ սանիտար — Հիմա՞ ինչ տեսար։
Առաջին սանիտար — Ինձ մի պահ թվաց, որ․․․ լավ, հեչ, ոչ մի բան, արի․․․ (Երրորդ սանիտարի հետ միասին հեռանում են՝ տանելով առաջին Հիսուսին:)
Վարագույրը չի փակվում, և հավիտյանս հավիտենից․ ամեն։
1․ Մետալ-ռոք ժանրի ուղղություն, որն իր էքստրեմալ բնույթով ունի հակակրոնական և սատանայապաշտական բովանդակություն։
2․ Մատթ․ 2։7։
3․ Մատթ․ 2։8։
4․ Մատթ․ 2։9։
5․ Մատթ․ 3։11։
6․ Ղուկ․ 1։35։
7․ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (թարգմ․)։ Մատթ․ 27։46, Մարկ․ 15։34։
8․ Ղուկ․ 23։34։
9․ Մատթ․ 15։27։
10․ Մատթ․ 5։3-12, Ղուկ. 6։20-23։
11․ Փառք Սատանային (թարգմ․)։
12․ Աստված մեռել է, փրկիր մեզ, Տեր Սատանա (թարգմ․)։
13․ «Սատանայի եկեղեցին» ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված կազմակերպություն է։ Տվյալ եկեղեցու հիմնադիրն ու գերագույն քուրմն է Անտոն Շանդոր ԼաՎեյը, ով 1969թ․-ին գրել է «Սատանայական աստվածաշունչը»։ Այդ աշխատությունն այսպես կոչված ԼաՎեյական սատանիզմի հիմքն է։
14․ Մատթ. 22:39, Ղուկ․ 10։27։