ԴՐԱՄԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ / Էլֆիք Զոհրաբյան
Առաջին անգամ հայերենով լույս է տեսել «ԴՐԱՄԱՅԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ» մասին մեթոդական ուղեցույց՝ դասախոսությունների նյութերով: Հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, Մովսես Խորենացու մեդալակիր, Մարկ Տվենի անվան միջազգային մրցանակի դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանն է: Այս ուղեցույցը շատ կարևոր է գրականության, թատրոնի ու մասնավորապես դրամատուրգիայի տեսական մասով հետաքրքրվողների համար: Հրատարակության է երաշխավորել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտխորհուրդը: Է. Զոհրաբյանի այս աշխատանքը կարևորվում է նաև գիտաուսումնական համատեքստում. գրքում ներառված են նաև դրամայի որոշ ենթաժանրերին վերաբերող նյութեր, որոնց առանձին հոդվածով հայ գրականագիտության մեջ անդրադարձ չէր եղել (սոտի, տրագիֆարս և այլն):
Մեթոդական ուղեցույցի նպատակն է տալ «Դրամայի տեսության» ամփոփ համապատկերը, ուսանողներին ու մասնագետներին փոխանցել առավել կարևոր ու անհրաժեշտ գիտելիքներ դրամայի կառուցվածքի, դրամատուրգիայի պատմության շրջադարձային փաստերի, ժանրերի ու ենթաժանրերի մասին և այլն: Որպես «Դրամայի տեսության» դասախոսությունների նյութերի ու մեթոդական առանձին ուղեցույց՝ սա առաջին ձեռնարկումն է և նախատեսված է բանասերների, դրամատուրգիայով հետաքրքրվածների, թատերական ոլորտի պրոֆեսիոնալների համար: Գրախոսներն են բ. գ. թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բ. գ. թ., պրոֆեսոր Անուշ Սեդրակյան (արտաքին կարծիք, ԵՊՀ), խմբագիրն է բ. գ. թ., դոցենտ Վալերի Փիլոյանը, սրբագրիչը՝ բ. գ. թ., դոցենտ Ալբերտ Պողոսյանը: