Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ՍԵ՞Ր, թե՞ ՔՈՒԱՆՇ 

(Լիրիկական կոմեդիա մեկ գործողությամբ)

Գործող  անձինք

ԳՈՂ

ԱՆՆԱ

ՏԻԿԻՆ ՖՍՖՍՅԱՆ

ՀԵՐԹԱՊԱՀ ՔՆՆԻՉ 

Օպերատիվ խմբի ոստիկաններ

Ժամանակը՝  21-րդ դար:

Սենյակ, որտեղ, բացի գեղեցիկ դասավորված գրքերից, գրեթե ոչինչ չկա: Տանիքից պատուհանով անվարժորեն ներս է մտնում մի երիտասարդ՝ դեմքը քողարկած: Տակնուվրա է անում սենյակը: Իր ակնկալածը չգտնելով՝ մոտենում է գրապահարանին, վերցնում շքեղակազմ մի գիրք ու թերթում է: Մտնում է տանտիրուհին՝ մի օրիորդ: 

ԱՆՆԱ – Է՛հ, հայրի՛կ, այստեղ լինեիր, կասեիր՝ կեսգիշերին մեն-մենակ որտեղի՞ց ես գալիս: Չե՞ս վախենում գող ու ավազակի հանդիպես: Հայրի՛կ, դուստրդ սիմոն է դարձել. ով օգնության կարիք ունի, ես այնտեղ եմ…

Գողը փորձում է գիրքն ուսապարկում տեղավորել, բայց հուզմունքից չի կարողանում բացել ուսապարկը: Աննան տեսնում է, շշմած նայում է գողին, ձեռքի գրքին ու ճչում: Գողը նրա բերանը փակում է:

ԳՈՂ – Եթե ծպտուն հանես, չեմ նայի՝ աղջիկ ես, դանակս կոկորդիդ կդնեմ: Ա՜խ (աղջիկը կծում է ձեռքը), արյուն հանեցիր: Զգուշացնում եմ՝ եթե գոռաս, մի վայրկյանում գնում ես էն աշխարհ… Հասկացա՞ր: (Աղջիկը գլխով է անում: Հենց տղան բաց է թողնում, ճչալով վազում է դեպի դուռը, բայց գողը փակում է բերանը:) Ձենդ չգցե՛ս: Էդ ո՞ւմ փողերով եք հարստացել: Ի՞նչ, էդպես չի՞: Չշարժվե՛լ:  Ո՞ւմ եմ ասում՝ հանգի՛ստ: Ո՞ւր էիր վազում: Միլիցեքին ասելու ես, որ ի՞նչ եմ գողացել: (Ուշադիր նայում է աղջկա աչքերի մեջ:) Քեզ ձեռք չեմ տա… Ոչ մի բան չեմ վերցրել: Հա՛, բացի էս գրքից: Սա ի՞նչ բոմժային վիճակ է: Կյանքիցս ձեռ քաշած, բարձրահարկի տանիքից մտնեմ էստեղ, ու ոչ մի արժեքավոր բան չլինի՞: Բա Նյու Յորքում ծնողներ ունեցողն էսպես կապրի՞:  Ամո՛թ քեզ: Գրքե՞րն ես ուտում… Գրքերի՞ վրա ես նստում․․․ 

ԱՆՆԱ – Մի՛ սպանեք, խնդրում եմ: Հայրիկիս կասեմ՝ ձեզ համար փող կուղարկի, միայն թե ինձ ձեռք մի՛ տվեք… Ծնողներս չեն դիմանա, որ ինձ սպանեք…

ԳՈՂ – Դե մի՛ զռռա: Եթե ձենդ բարձրացնես, երդվում եմ՝ կա՛մ կսպանեմ, կա՛մ պատուհանից ներքև կշպրտեմ: Ասում եմ՝ ծպտուն չհանե՛ս: Տղամարդու խոսք եմ տալիս՝ ոչ մի վնաս չեմ տա…  Փողերիդ տեղն ասա: 

ԱՆՆԱ – Փնտրե՛ք ամեն տեղ: Եթե մի գանձ գտնեք, ինձ… սպանեք… 

ԳՈՂ – Ուզում եմ հավատալ:

ԱՆՆԱ – Բա՛ց թող ինձ… Սրիկա՛, բա՛ց թող… 

ԳՈՂ – Նորից եմ զգուշացնում. ես մահից չեմ վախենում: Կյանքն էլ իմաստը կորցրել է ինձ համար… բայց չխորտակես իմ ու քո ջահել կյանքը… Բաց եմ թողնում, ու քեզ պահում ես հանգիստ, հասկացա՞ր: Հետո արդեն ուշ է. քո աչքերը տեսնողը, ձենդ լսողը քեզ վրա ձեռք չի բարձրացնի… Ինձ թվացել է՝ շատ հարուստ եք… (Բաց է թողնում աղջկան: Վերջինս քաշում, հանում է նրա դիմակը:) Խելոք չես մնում, հա՞:

ԱՆՆԱ – Խնդրում եմ, գնացե՛ք: Ոստիկանություն չեմ դիմի…

ԳՈՂ – Լավ։ Կասկածելի ես երևում, բայց եթե մարդ իմացավ, վիզդ կկտրեմ:

ԱՆՆԱ – Նախ՝ տեղը դրեք գիրքս․․․ Փոխանակ ամաչեք… Ձեզ պես անամոթ, շատախոս գող չեմ տեսել: Գո՛ղ, գո՛ղ, գո՜ղ…

ԳՈՂ – Ինձ գող չասես… 1500 դրամանոց գրքի համար անունս չգցես…

ԱՆՆԱ – Գներից բացարձակ անտեղյակ եք․ դա․․․ 5000  արժե: Գնացե՛ք: 

ԳՈՂ – Եթե ընկնեի էս բարձրությունից, ի՞նչ պատասխան էիր տալու: Անփող ո՞նց ես ապրում: Հա՛, երևի գրքի փոշով ես սնվում:

ԱՆՆԱ – Թող այդպես լինի, բայց ուրիշի քրտինքը ախորժակով չեմ լափում… Ինչո՞ւ լռեցիք… Եթե ամոթի զգացում ունեք, ինչո՞ւ եք ներխուժել միայնակ ապրող աղջկա տուն: Իսկ եթե վախից սիրտս կանգ առնե՞ր:

ԳՈՂ – Էդ վիրավորանքը հեշտ չես մարսի… Էդ ո՞ւր… Լսի՛ր, եթե մի անգամ էլ փորձես մոտենալ հեռախոսին, լարերը կպոկեմ քո երակները կտրելուց հետո…

ԱՆՆԱ – Աչքերդ դատարկ չեն, բայց այ, ձեր ուղեղի մասին նույնը չեմ կարող ասել… Եվ ո՞ր գիրքս եք թռցնում։

ԳՈՂ – «Դորիան Գրեյի դիմանկարը»: Ուզում էի նորից կարդալ:  

ԱՆՆԱ – Կարող եք վերցնել ու…

ԳՈՂ – Գնում եմ: Կարդալուց հետո կարող եմ ետ բերել: 

ԱՆՆԱ – Հա, բա ո՜նց, թեժ քննարկում ենք անելու… Գնացե՛ք, թե չէ կբղավեմ: Մի հարևանուհի ունենք:  Ամեն աղմուկի համար ոստիկանություն է կանչում: Էնպես որ՝ մա՛րշ…

ԳՈՂ – Չէ՛, ես իրոք հանեմ դանակս, մի րոպե… (Իբր ծալովի դանակը չի բացվում:) Մի դանակ բեր:

ԱՆՆԱ – Ի՞նչ: Դուք գիժ եք…

ԳՈՂ – Արագացրո՛ւ, դանակ բեր…

ԱՆՆԱ – Մենք սուր դանակ չունենք, պարանոցս կփչացնեք: Մա՛րշ… Գնացե՛ք: Ի՞նչ եք շշմել, գնացե՛ք: 

Աղջիկը վազում է դեպի հեռախոսը: Գողը կանխում է:

ԳՈՂ – Ոչինչ չտանելու համար ուզո՞ւմ ես բանտ գնամ: 

ԱՆՆԱ – Գիրքը ոչինչ է, հա՞: Այ, դրա համար արժե նստեք: Եթե պատմություն թերթեիք, կիմանայիք, որ 16-րդ դարում վեց անուն գիրք տպելու համար հեռու երկրներ ենք հասել…

ԳՈՂ – …կաշառք տվել ու անգամ զոհեր ունեցել… 

ԱՆՆԱ – Օգնեցե՜ք… Օգնե՜… 

Գողը փակում է բերանը:

ԳՈՂ – Սիբի՛լ Վեյն, ես ինձ չեմ ների, եթե քո գեղեցիկ աչքերում արցունքներ հայտնվեն…

ԱՆՆԱ – Անունս Աննա է:

ԳՈՂ – Շատ ես նման էդ վեպի քնքուշ հերոսուհուն: Հենց քեզ պես նրբին եմ նրան պատկերացրել: 

ԱՆՆԱ – Գնացե՛ք, թե չէ կբերեմ քոռ դանակներս ու ինքս ձեզ…

ԳՈՂ – Չէ՛, ես էլ եմ ուզում՝ իմ դիակն անթերի լինի… Լա՛վ, կգնա՛մ․․․ Աննա… Կներե՛ս անհանգստացնելու համար: Շնորհակալություն գրքի համար… Եղանակը ցրտե՞լ էր: Ինչի՞ ես բիզոնի հայացքով նայում, գեղեցկուհի՛… Կրկին անգամ՝ ներողություն… Գնում եմ… Բայց գնալու տեղ չունեմ… 

ԱՆՆԱ – Աչքիցս ընկաք: Իմ տան գողը պետք է փողոցում քնո՞ղը լիներ:

ԳՈՂ – Վարձով էի մնում: Էսօր սենյակը հանձնեցի. աշխատանք չունեմ… 

ԱՆՆԱ – Եվ որոշեցիք հեշտ միջոցի դիմել: 

ԳՈՂ – Դե մտածեցի՝ փող կգողանամ ուրիշի քրտինքը լափող մի մեծահարուստի տնից, հյուրանոցում կմնամ, մինչև տուն վարձեմ: Չէ՛, աշխատանք գտել էի, բայց բնավորությունս էն չի…

ԱՆՆԱ — Երևի գողություն եք արել ու թռել, հա՞…

ԳՈՂ – Մի մեծահարուստի մոտ աշխատում էի, շատ գոհ էր, բայց երբ եկավ փողը տալու ժամանակը, ամիսներով ձգձգեց, իսկ վերջում էլ հաստավիզ թիկնապահներին հրամայեց՝ ինձ ներս չթողնել, իսկ ես քիթս ջարդեցի նրանց հետ կռվելիս:

ԱՆՆԱ – Ուրի՞շ…

ԳՈՂ – Առաքիչ աշխատելիս տնօրենը մի քանի անգամ խղճաց ինձ, ասեց՝ որբանոցում ես մեծացել, ու փողը մի փոքր ավելի տվեց, հեռացա աշխատանքից:

ԱՆՆԱ – Իսկ ծնողնե՞րդ:

ԳՈՂ – Մայրս մահացավ քաղցկեղից, երբ մեկ տարեկան էի: Երեք տարեկան էի, հայրս ինձ մանկատուն տվեց, ամուսնացավ ու գնաց ու գնաց… 

ԱՆՆԱ – Ես պետք է հավաքեմ աշխարհի լքող հայրերին ու հարցնեմ. ինչո՞ւ ձեր փոքրիկները գիշերները գլուխները պիտի կոխեն վերմակի տակ ու բարձը թրջեն տաք արցունքներով… (Գողին.) Մի օր գուցե դուք էլ բալիկ ունենաք ու լքեք, չէ՞: Եսասե՛ր, դու՛րս… Ինչո՞ւ եք դժբախտացնում ձեր փոքրիկին…

ԳՈՂ – Սպասե՛ք, Աննա…

ԱՆՆԱ — (ապտակում է): Սրիկա՛:

ԳՈՂ – Բայց ինչի՞: Ես դեռ չեմ ամուսնացել, երեխայիս չեմ լքել:

ԱՆՆԱ – Հասկացա:

ԳՈՂ – Էդ դեպքում ինչի՞ ապտակեցիր: Ետ վերցրու քո ապտակը կամ ծնկաչոք ներողություն խնդրիր:

ԱՆՆԱ – Մեղքը գործելուց հետո պատժելն անօգուտ կլինի: 

ԳՈՂ – Ես երբեք, երբեք իմ մանկիկին չեմ թողնի, Աննա: Ես պաչիկ կանեմ նրան ու կտանեմ այգի: Նա կվազի ու կհրամայի, որ ես էլ վազեմ իր ետևից: Հետո գնդակը կշպրտի իմ կողմը, ես կբռնեմ…

ԱՆՆԱ – Վե՛րջ, հեռացի՛ր, թե չէ կբղավեմ…

Դռան թակոց: 

ԳՈՂ – Չշարժվե՛ս: Եթե բացես, գլուխդ կթռցնեմ: Էդ ե՞րբ հասցրիր ինձ մենթերին ծախել: 

Աղջիկը ճչում է, տղան շատ արագ փակում է բերանը: 

Դռան ուժգին թակոց:

ԱՆՆԱ — (ջանալով, որ խոսի: Տղան ձեռքը հեռացնում է նրա բերանից): Խոսք եմ տալիս՝ ոչ մի բան չեմ ասի: Տե՛ս, էլ չեմ բղավում: Խնդրում եմ, թույլ տուր բացեմ: Գուցե շատ կարևոր բան է պատահել:

ԳՈՂ – Էս ժամին ո՞վ է քո դուռը թակում, համե՛ստ աղջիկ: 

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ(դրսից): Աննա, բացի՛ր դուռը, թե չէ ոստիկանություն կկանչեմ… 

ԱՆՆԱ – Մեր հարևանուհին է: Նա հաստատ կկանչի: Ավելի լավ է բացենք…

ԳՈՂ Լա՛վ, շարժվում ենք միասին: Էնպես չլինի՝ երկուսիդ էլ գրողի ծոցն ուղարկեմ… Թևս մտիր ու չփորձես ստոր քայլի դիմել:  

Դռան թակոցը շարունակվում է անընդմեջ:

ԳՈՂ – Լսի՛ր. ես քո ազգականն եմ, հասկացա՞ր:

ԱՆՆԱ – Ըհը՛:

Դուռը բացում են: Հայտնվում է հարևանուհին:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (երկար դադարից հետո): Բարի ուշ գիշեր…

ԱՆՆԱ – Բարև ձեզ, տիկի՛ն Ֆսֆսյան:

Գողը բարձր ծիծաղում է:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ի՞նչ կար ծիծաղելու:

ԳՈՂ – Կներե՛ք, մորքո՛ւր…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մորքո՞ւր: Երիտասա՛րդ, մի՞թե նման եմ հոգեկործան սերիալներ նայող, արևածաղիկ չրթող անբովանդակ կանանց: 

ԳՈՂ – Օ՜, ինչ գեղապաճույճ խոսքեր…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, ո՞վ է այս երիտասարդը, որ զուրկ է բարձրաշխարհիկ կանանց հետ բարեկիրթ խոսելու վեհ ունակությունից: 

ԱՆՆԱ – Կներե՛ք, տիկի՛ն Ֆսֆսյան: Նա…

ԳՈՂ – Ես Աննայի ախպերն եմ:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա՞, դու եղբա՞յր էլ ունես:

ԳՈՂ – Պարզվում է՝ ունի:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, երիտասարդին հայտնիր, որ էթիկայի կանոնների հոգեսպան խախտում է ուրիշի խոսակցության մեջ խցկվելը:

ԳՈՂ – Աննա, տիկնոջը փոխանցիր, որ եթե շարունակի ֆսֆսալ, կբարկանամ:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, այս մոլորյալը քո զտարյո՞ւն եղբայրն է:

ԳՈՂ – Չէ՛, նույն հորից, տարբեր մայրերից, ախպե՛րս․․․ կներե՛ք, տիկի՛ն Ֆսֆսյան:

ԱՆՆԱ – Ի՞նչ…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, մի՞թե «համեստ» հայրիկիդ խորապես չեմ ճանաչել: Ահա թե ինչու մորդ չքնաղ դեմքը ժամանակից շուտ ավերեցին կնճիռները: Սնուցող դիմակներն էլ չեն օգնի, երբ մարդու հոգին ճեղքվածք ունի:

ԱՆՆԱ – Տիկի՛ն Ֆսֆսյան, ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ գիշերվա այս ուշ ժամին:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աղ կտա՞ս…

ԳՈՂ և ԱՆՆԱ – Ա՞ղ:

ԱՆՆԱ – Իհարկե… Դուք երբեք աղ չեք ուզել, այն էլ այս ժամին: Հիմա բերեմ:

ԳՈՂ – Հիմա կբերե՛նք:

Աննան և գողն թևանցուկ, քիպ կպած գնում են խոհանոց:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ինչո՞ւ են իրար թև մտել: Ա՜յ քեզ բան… Այս անկիրթը նրա եղբա՞յրն է: Երբ տղան ասաց, որ եղբայրն է, Աննան բացականչեց՝ ի՞նչ: Ուրեմն չէր ուզում, որ ես իմանամ: Ծածկամիտ աղջիկ է դարձել… 

Բերում են աղը:

ԱՆՆԱ – Խնդրեմ, տիկի՛ն Ֆսֆսյան:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Հոգաչափ շնորհակալ եմ, աղջի՛կս: Հուսամ՝ ամեն ինչ հրաշալի է… Հավանաբար շատ էիր կարոտել եղբորդ: Չեք ցանկանում պոկվել իրարից… 

ԳՈՂ – Շատ ճիշտ եք զգում: Քույրի՛կս, ձեր բարձրատոհմիկ հարևանուհու հետ ավելի մոտիկից կծանոթանանք վաղը: Հիմա քնել եմ ուզում… Գնա՛նք:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, դեմքդ այլայլված է: Երևի վատ զգացիր, որ իմացա հորդ երկրորդ կնոջ տղայի մասին… Համբերություն քեզ, աղջի՛կս: Ես ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել…

ԳՈՂ – Բարի գիշեր:

ԱՆՆԱ Տիկի՛ն Ֆսֆսյան…

ԳՈՂ – Ի՞նչ պատահեց…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Այո՞…

ԱՆՆԱ – Աղը մոռացաք…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Մեր տանը մի փոքր կա, շնորհակալ եմ… Այնքան անալի քաղաքական գործիչներ կան… Եվ ոչ միայն… Նրանց ուղարկեք աղը… 

ԳՈՂ(շշուկով): Նստելու տեղ էլ չունես…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Եղբորիցդ է՞լ ես թաքցրել, Աննա:

ԱՆՆԱ — Կարիք չկա, տիկի՛ն Ֆսֆսյան…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Երբ թշնամին հարձակվեց մերոնց վրա, Աննան վաճառեց տան իրերը, որպեսզի այդ փողով անհրաժեշտ բաներ ուղարկի առաջին գիծ՝ զինվորներին… (Ստուգում է նրանց ռեակցիան:) Անուշ երազներ ձեզ…

Գնում է: Գողը խորին գնահատանքով նայում է Աննային:

ԳՈՂ — (ծիծաղում է): Ո՞վ էր էս շիզոֆրենիկը: Գիշերվա հազարին աղ ուզելու պատրվակով մտնում է հարևանուհու տուն, իսկ վերջում չի վերցնում աղը… Եթե ոստիկան կանչեց, ձեռիցս չեք պրծնի:

ԱՆՆԱ – Ա՜խ, գրողը ձեզ տանի, ես կխելագարվեմ:  Պարո՛ն գող, ժամին նայե՞լ եք…

ԳՈՂ – Մի՛ վիրավորիր 1500 դրամի պատճառով…

ԱՆՆԱ – Ասացի՝ 5000 դրամանոց գիրք է:

ԳՈՂ – Լա՛վ, Սիբիլ Վեյն, բարի գիշեր:

ԱՆՆԱ – Անունս ճիշտ ասեք:

ԳՈՂ – Եղա՛վ: Սիբիլ…

ԱՆՆԱ – Ասացի՝ Աննա: 

ԳՈՂ – Լա՛վ, Աննա-Սիբիլ Վեյն:

ԱՆՆԱ – Եվ իմացեք՝ իմ ծնողները մեծահարուստ չեն կամ չեն ուտում ուրիշի քրտինքը… Չկարծեք, որ ես էլ ձեզ Դորիան Գրեյ եմ ասելու… Բարի գիշեր, պարո՛ն գող:

ԳՈՂ – Ծնկաչոք ներողություն խնդրիր, ու կգնամ: 

ԱՆՆԱ – Ու դեռ ե՞ս պետք է ներողություն խնդրեմ:

ԳՈՂ – Հաճախ եք ցավեցնում: Հա՛, մեկ էլ գողանալու առարկաներ դրեք ու մարդկանց վատ դրության մեջ մի՛ գցեք: Կներե՛ք անհանգստացնելու համար: Բարի գիշեր, անամո՛թ գեղեցկուհի: Հա՛, պատուհաններդ էլ փակ պահի՛ր…

Գողը դուրս է գալիս: 

ԱՆՆԱ – Սա մղձավա՞նջ է, թե՞ իրականություն: Չէ՛, չեմ հավատում: Ինչո՞ւ չզանգեցի ոստիկանություն: Գող, ով գիրք է կարդում… Տեսնես պատմածները ճի՞շտ էին: Հիմա որտե՞ղ է գիշերելու… Չեմ ուզում հավատալ, բայց շատ անկեղծ էր: Վաղն ի՞նչ է ուտելու… Երբ Ամանորը գա, բոլորն ընտանիքներով նստած, ուրախ շնորհավորելու են միմյանց: Նա ո՞ւմ կամ ինչի՞ մասին է մտածելու… Երբ մարդն ունի հայր, մայր, երեխա և դրա հետ նաև մի փուչ խնդիր, հաճախ չի գնահատում ունեցածը, այլ տարվում է փուչ խնդրով: Օ՛ֆ, ինչո՞ւ եմ մտածում… նրա մասին: (Տանիքից իջնող պարանը դանակով կտրում է:) Օրեր կան, ինքս եմ կիսաքաղցած մնացել, որ խեղճ հորս նեղություն չտամ…  Ինչո՞ւ այս գողին հավատամ: Կամ նա հանճարեղ դերասան է, կամ էլ այս դարից չէր: Գոնե ուտելու բան տայի… Ֆսֆսյանն էլ մերոնց կզանգի, կպատմի ամեն ինչ իր ճոխ մեկնաբանությամբ, ու, Աննա աղջիկ, արի ու ծնողներիդ հանգստացրու… 

Դռան թակոց: 

ԱՆՆԱ – Բացե՞մ, թե՞ ոչ: Ինչո՞ւ է սիրտս ասում՝ բացի՛ր… Նրա մեջ ինչ-որ բան կա, որ քաշում է ինձ…

Վերադառնում է Գողի հետ:

ԳՈՂ – Կներե՛ս, երևի վերադարձնեմ քո գիրքը… կամ էլ ուրիշ բան տայիր կարդալու: 

ԱՆՆԱ – Շատ լկտի՛, աներե՛ս գող եք: Ազգային գրադարա՞ն եք եկել: Երևի վերադարձաք ինձ սպանելու: 

ԳՈՂ – Էլի գո՞ղ ասեցիր ինձ: Հարուստ ծնողներ ունեցողն էսպիսի պայմաններում չէր ապրի: Պահած գանձեր էլ չգտա…

ԱՆՆԱ – Գանձը հոգու մեջ է լինում: 

Գողը համբուրում է ու ապտակ ստանում: 

ԱՆՆԱ – Ավելի լավ էր գնայիր պատերազմ ու ետ չգայիր: Գոնե կասեին՝ հանուն հայրենիքի ես ընկել… Բանակում ծառայեիր… Դե ծնողներդ… 

ԳՈՂ – Տասնյոթ տարեկանում էի ուզում գնալ… Երբ բանակից եկա, ապրելու տեղ չունեի… Երանի՜ ետ չգայի: Մնայի դիրքերում, պատժեի թշնամուն: Մի օր էլ ընկերոջս փրկելով՝ մեռնեի ու գնայի, միանայի երկնքում ինձ սպասող մորս: Նրան էնքա՜ն հարցեր ունեմ տալու… Աննա, ինչի՞ դուռը բացեցիր:

ԱՆՆԱ – ․․․ 

ԳՈՂ – Հավատա՛, ինձ հետ նման բան կատարված չկար: Քո մասին երազել անգամ չէի կարող ու գիտեմ, եթե դու չդառնաս իմը, ես հաստատ քո պատուհանից դուրս կնետվեմ, ու դու ոչ միայն կտանջվես, այլև խայտառակ կլինես. բոլորը կասեն՝ օտար տղամարդ է նետվում նրա բնակարանից: Դեռ ավելին. կհայտնվես բանտում ու տափակ-տափակ բանաստեղծություններ կգրես՝ հարստացնելով գրականության աղբարկղը: 

ԱՆՆԱ – Գի՛ժ: Դե բաց թող, սրիկա՛: 

ԳՈՂ – Գիժ՝ մեկ, գիժ՝ երկու: (Ցույց է տալիս մեկ իրեն, մեկ՝ Աննային:)

ԱՆՆԱ – Դուք այդքան ռիսկ չունեք նետվելու պատուհանից…

ԳՈՂ – Հա՞: Դե տե՛ս…

Գողը կախվում է պատուհանից:

ԱՆՆԱ – Ի՞նչ ես անում: Չնետվե՛ս: 

ԳՈՂ – Քեզ ո՞վ թույլ տվեց ինձ հետ դու-ով խոսել:

ԱՆՆԱ – Լռի՛ր, աննորմա՛լ: Գլխիս ասպետ մի՛ խաղա: Հասկացա, որ ցանկանում ես տարբերվել որոշ տղաներից, բայց նախ գործով են ապացուցում: Բարձրացի՛ր, կընկնես ու շանսատակ կլինես:

ԳՈՂ – Ասա՛, որ ինձ մենակ չես թողնի: 

ԱՆՆԱ – Շահամո՛լ սրիկա: Քեզ թվում է՝ հարուստ աղջիկ ես կպցրել, հա՞:

ԳՈՂ – Ի՞նչ, վա՛յ, ամո՛թ քեզ: Դո՛ւ ես ինձ պետք, ոչ թե քո չունեցվածքը: Վե՛րջ, գնացի… 

Մի ձեռքը բաց է թողնում: Աննան ճչում է, ուժով ներս քաշում: Տղայի ձեռքը վնասվում է դրսի պատուհանագոգի քարե եզրին քսվելիս:

ԱՆՆԱ – Խելագա՛ր: Դե ներս արի… Սպասի՛ր, վիրակապ բերեմ: 

Գնում է:

ԳՈՂ – Թո՛ղ արյունս քամվի, մեռնե՛մ, կորչե՛մ: Բայց ինչո՞ւ մեռնել: Երիտասարդ, հմայիչ տղա եմ: Աղջիկներն ինձ համար իրար գլուխ են ջարդում: Ո՛չ մի մեռնել, կապրեմ 92 տարի, 49 օր և  51 րոպե: Վե՛րջ:

Աննան գալիս է:

ԱՆՆԱ – Տարիների քանակով չի որոշվում մարդու ապրածը: (Վիրակապում է տղայի ձեռքը:)

ԳՈՂ – Իմացա, որ ուսանողուհի ես: Ինձ ասել էին ծնողներիդ մասին, բայց զարմացա, որ դու վերադարձել ես հայրենիք: 

ԱՆՆԱ – Ինձ սպանելուց հետո այս գրքերը քոռուփուչ չանես: Կհանձնես մի մանկատուն:  Ծնողներս թող շուտ չիմանան իմ մահվան մասին: Ձեռքդ ուղիղ պահիր:

ԳՈՂ – Ամեն ինչ կանեմ քո ասածի պես: Չմտածե՛ս: 

ԱՆՆԱ – Ո՞նց ստացվեց, որ գրքեր կարդացիր: Դարից ետ ես մնում… Այսօրվա «լավ» տղաներից շատերի հետաքրքրությունը վիրտուալ աշխարհն ու ակումբներն են:

ԳՈՂ – Կարդացել եմ միշտ: Կտրում է աշխարհից… Դու մի՛ ցրի…

ԱՆՆԱ – Երազային Նյու Յորքում մարդկանց մեծ մասը ռոբոտացված էր. ժամանակ չունեին միմյանց համար: Եթե առանց զգուշացնելու գնայիր մտերիմ մարդու տուն, հաճախ կարող էիր սառը-պաշտոնական վերաբերմունքի արժանանալ: Դե փորձում եմ հասկանալ նրանց: Բայց ախր կորչում է մարդը… Կյանքում հյուր ենք, բայց այնտեղ ավելի հյուր զգացի… Մի խոսքով, չլսելով ծնողներիս հորդորները՝ վերադարձա իմ ծննդավայր՝ իմ անկարգուկանոն, ծուռ ու շիտակ քաղաքը, իմ ցավեցնող ու բուժող, միասնական ու անմիաբան, ստրկամիտ ու մեծահոգի մեր ժողովրդի մոտ: Ախր ոչ մի տեղ չկա պապիս հանդի ուրցահոտը, թոնրի լավաշի համն ու մածունը, ձմռանը վառարանի կողքին նստոտելն ու ծխահոտ տաքության մեջ երազելը… 

ԳՈՂ – Աննա, մի պահ քեզ պատկերացրի որպես հայոց Փառանձեմ թագուհի:

ԱՆՆԱ – Իմ ամենասիրելի թագուհին է: Որդին՝ երկրից դուրս, սպարապետը՝ սպանված, արքան՝ բանտարկված, նախարարներն՝ անմիաբան, եկեղեցին՝ ապակենտրոն քաղաքականությամբ, ու ի՞նչ. Փառանձեմը տասնմեկ հազար զինվոր է վերցնում ու տասնչորս ամիս շարունակ երկիրը պաշտպանում թշնամիներից: Եթե երկիրը կառավարեն կանայք, պատերազմներ քիչ կլինեն, մարդը գազանի հոմանիշ չի դառնա:

ԳՈՂ – Կինը կարող է տրվել զգացմունքին ու սրտով կառավարել, ոչ թե մտքով…

ԱՆՆԱ – Մտքով առաջնորդվեի, արդեն ոստիկանական մեքենայի խցում կլինեիր, մա՛րշ:

ԳՈՂ – Կգնամ ու քո դռան շեմին կքնեմ: Ոստիկանություն կարող ես զանգել: Բանտում կապրեմ, ինչ-որ չարագործի էլ կսպանեմ ու ցմահ կնստեմ: Հետո ինձ կտանեն մի անհայտ գերեզմանոց: Գրություն կթողնեմ ու որևէ բարի մարդ շիրմաքարիս վրա կգրի. «Էստեղ հանգչում եմ ես՝ աշխարհի խորթ զավակս, ով սիրահարվեց Աննային, բայց դաժանաբար մերժվեց: Էդ գեղեցկուհին ինձ նման կտուրը թռած էր: Նա անամոթ տանտիրուհի էր, քանի որ գողանալու ոչինչ չէր դրել, բացի իր սրտից: Էնքա՜ն հաճելի էր նրա տանը գիրք կարդալ, որ թվում էր՝ երազների աշխարհ ես ընկել»: Չընդհատե՛ս… «Աննան նման էր Սիբիլ Վեյնին, բայց ավելին էր. եթե պատերազմ լիներ, նա կգնար: Եթե ընտանիք կազմեր, կլիներ օջախ շենացնող, ամուսնու արյունը քամող, իհարկե, սիրելուց, նաև լավ մայր: Կռիվ կտար հանուն արդարության… Էնքան ռոմանտիկ ցնդած էր, որ իր տան գողի հետ դուք-ով էր խոսում՝ չմոռանալով, որ գողն էլ մարդ է…  և սիրո կարիք ունի: Նա կարեկցում էր գողին, ով չէր սիրում, երբ իրեն խղճում էին: Գողի առաջին անհաջող, բայց ճակատագրական գողությունը պսակվեց հաջողությամբ, քանի որ նա գտավ իր իսկական գանձը: Աննան իմ տեսակն էր. օգնելով երջանկացողներից էր: Նա նման չէր էն գլամուրային ծտերին, ովքեր գիշերային ակումբում տղա են կպցնում՝ անբարդույթ աղջկա դիմակի տակ: Ով համբույր ստանա նրանից, տասը տարի շատ կապրի…»:

ԱՆՆԱ – Եվ այդքանը գրելո՞ւ ես շիրմաքարիդ վրա:

ԳՈՂ – Ոչ մի բառ պակաս:

ԱՆՆԱ – Կարդացող կգտնվի՞:

ԳՈՂ – Իհարկե՝ միայն դու:

ԱՆՆԱ – Չարաչար սխալվում ես: Մարդկանց հանգիստը խանգարում ես: 

ԳՈՂ – Իսկ ո՞նց ես գլուխդ հանգիստ դնելու բարձին, երբ դրսում մարդիկ անորոշության մեջ են… Ո՞նց ես հանգիստ քնելու, երբ պաշտոնյաներդ իրար վրա են գցում էն գործը, որ իրենք են պարտավոր անել:

ԱՆՆԱ – Երբ պաշտոն տան, այդ հարցով կմոտենաս ինձ: Էնքան կտանեմ, կբերեմ, մինչև զզվես ու չգաս:

ԳՈՂ – Ես էլ կառավարական շենքի մոտ հացադուլ ու ինքնահրկիզում կկազմակերպեմ:

ԱՆՆԱ – Ոստիկաններին կհրամայեմ՝ քոթակելով հեռացնեն քեզ այդտեղից:

ԳՈՂ – Ժողովուրդը կմիանա ինձ:

ԱՆՆԱ – Ջրցան մեքենաների աչքը լույս:

ԳՈՂ – Նռնակ կվերցնեմ ու…

ԱՆՆԱ – Մեկ է՝ կա՛մ կփտես բանտում, կա՛մ կմեռնես հանուն արդարության ու կմոռացվես 41 օր հետո:

ԳՈՂ – Խորամանկաբար բերեցիր էն կետին, որ ասեմ՝ էս կյանքում միակ իմաստը սերն է, չէ՞:

ԱՆՆԱ – Ամեն մեկն ի վիճակի չէ սիրելու կամ սիրվելու:

ԳՈՂ – Դու ի՛մ, ի՜մ սիրո մասին խոսիր:

ԱՆՆԱ – Դու խիղճ ունեցող խելառ ես, սթրեսին տանուլ տված, երբեմն տաքգլուխ…

ԳՈՂ – Կարծեմ ասացի՝ սիրո մասին խոսիր:

ԱՆՆԱ – Սիրո՜: Հեշտ բառ… Աչքերիցդ երևում է՝ սիրել կարող ես… Չարանալ էլ ունես…

ԳՈՂ – Աննա, քո միջոցով ինքս ինձ ավելի լավ ճանաչեցի։ Գիտե՞ս՝ մի գրող ասել է. աշխարհում չկան չար մարդիկ, կան բարի ու սիրո պակաս ունեցող մարդիկ:

ԱՆՆԱ – Այսինքն՝ չար մարդն ունի սիրո պակա՞ս:

ԳՈՂ – Այո՛, այո՛:

ԱՆՆԱ – Հետաքրքիր է… Վե՛րջ, Աննա, սթափվի՛ր․ նա գող է, գո՛ղ… 

ԳՈՂ – Աննա, սխալվելու իրավունք չունե՞մ… Վերջին հարցիս պատասխանիր՝ ասա՛, որ մեծ սեր չես ունեցել:

ԱՆՆԱ — (մեկուսի): Խղճի զոհ եմ ես, գրողը տանի… Որքա՜ն ենք նման… (Գողին.) Համակրանք ունեցել եմ… Ես և նա տարբեր մոլորակներ էինք: Մեղքս ինչ թաքցնեմ՝ սկսել էի հիասթափվել, իսկ նա՝ ընդհակառակը: Ասում էր՝ կինը չպետք է խոհանոցից դուրս  գա, չպետք է կիսաշրջազգեստ հագնի: Մի անգամ էլ, երբ իմ եռօրյա խնդրանքից հետո միասին ցուցահանդես գնացինք ու ես նկարչին ասացի, որ կտավներից երկուսը շատ հետաքրքիր լուծում ունեն, նա ապտակեց ինձ: Ինձ հակառակ բաներ էի անում, որ հիասթափեցնեմ, թե չէ ինձ բաց չէր թողնի: Գեղեցիկ նվերներով էր ներկայանում, բայց  մոմի լույսի տակ ընթրելը համարում էր, իր խոսքերով ասած, ղզիկություն, իսկ, ի տարբերություն քեզ, ինձ կես խոսքից չէր հասկանում… Մանրացա, բայց կյանքը հյուսված է մանրուքներից:

ԳՈՂ – Ի տարբերություն ի՞նձ… Բայց ախր ճիշտ ես, զգայո՛ւն գուշակուհի: Ինչո՞ւ ես վստահ, որ քեզ հետ շահադիտական նպատակով չեմ ամուսնանա:

ԱՆՆԱ – Խելագա՛ր, նախ ինչո՞ւ ես վստահ, որ մենք ամուսնանալու ենք… Հետո քեզ համար մարդն է կարևոր: Դու կվստահես քո կեսին, բայց հոգիդ վերքեր ունի… Եթե դրանք չբուժվեն, դու ուրիշ սխալներ կանես… 

ԳՈՂ – Դու հրաշք ես…

ԱՆՆԱ – Լա՛վ, ժամանակդ սպառվեց, մա՛րշ:

ԳՈՂ – Եթե մենք ամուսնանանք, մեկ-երկու անգամ կդավաճանեմ քեզ ու վերջ: Ինչո՞ւ ազնիվ չգտնվեմ: 

ԱՆՆԱ – Գերազնիվ ես ձևանում, պարո՛ն…

ԳՈՂ – Չցավեցնե՛ս, գեղեցկուհի՛: Ես սիրո գող եմ, միայն սիրո:

ԱՆՆԱ – Ավելին, դու ինձ երբե՛ք չես դավաճանի… Ու եթե անգամ դավաճանես էլ, քեզ կներեմ: Իսկ եթե մի անգամ էլ ես քեզ դավաճանե՞մ:

ԳՈՂ – Ի՞նչ: Հիմա քո հալը կտեսնես: (Ավել է վերցնում ու ընկնում Աննայի ետևից, վերջինս ճչալով փախչում է:) Սպասի՛ր, խաբեբա՛ գեղեցկուհի: Սպասի՛ր: (Կանգ է առնում:)  Քեզ ռեժիմով էլ ծեծեն, դու դավաճանողը չես… 

ԱՆՆԱ – Աստված իմ, արդեն շատ ուշ է: Քննության եմ առավոտյան: Ինձ հանգստանալ է պետք: Իրոք ոստիկանություն կկանչեմ, եթե չազատես բնակարանս: 

ԳՈՂ – Աննա, դու դա կանե՞ս: 

ԱՆՆԱ – Առանց աչքս ճպելու: Մա՛րշ:

ԳՈՂ – Դու կարող ես քնել: Ես ամբողջ գիշեր կնստեմ ու կնայեմ քո անուշ դեմքին:

ԱՆՆԱ – Վերջին անգամ եմ ասում՝ գնա՛: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է քեզ վստահեմ: Մարդու մեջ  մարդասպան էլ է նստած, մարդասեր էլ…

ԳՈՂ – Կարեկցանք եմ զգում իմ հանդեպ, այ դա հարկավոր չէ… Կնոջ տեսակ կա, ում ներկայությամբ անգամ մուրացկանը կարող է արժանապատիվ ասպետ զգալ: Դու էդ տեսակն ես, Աննա՛: Քեզ նման աղջիկ քիչ կա… Դու ունես չափանիշներ… 

ԱՆՆԱ – Աղվեսություն մի՛ արա: Եթե դուրս չգաս հիմա, քեզ այնպիսի բաներ կասեմ, որ կնախընտրես 96-րդ հարկից քեզ գցել, քան լսել դրանք:

ԳՈՂ – Հապա, հապա…

ԱՆՆԱ Ընտրակաշառքդ վերցրած, բայց ուրիշին ընտրած խաբեբա:

ԳՈՂ – Օֆշորակեր պաշտոնյա:

ԱՆՆԱ – Այֆոնի ստրուկ… 

ԳՈՂ – Ի՜՞նչ: Վե՛րջ: Զանգի՛ր ում ուզում ես: Եթե կողքիդ չեմ լինելու, էլ հետաքրքիր չէ՝  ուր կտանեն ինձ:

ԱՆՆԱ Ես քեզ զգուշացրել էի: (Զանգում  է, Գողը խլում է հեռախոսը:) 

ԳՈՂ — Բարև ձեզ: Ոստիկանությունի՞ց է: Հենց հիմա կգա՞ք: Գողություն… Գողն իմ տանն է: Հա՛: Ծխախոտագործների հարյուր մեկի ինը: (Անջատում է հեռախոսը:) Վե՛րջ: 

ԱՆՆԱ – Ինչո՞ւ ստիպեցիր, որ խիղճս տանջի ինձ…

ԳՈՂ – Մի՛ հուզվիր, Աննա: Դու ճիշտ վարվեցիր: 

ԱՆՆԱ – Չմոտենա՛ս ինձ:

ԳՈՂ – Միայն խոստացիր, որ երբ բանտից դուրս գամ, դու իմը կլինես: Չնայած չարժե կյանքդ կապես ինձ պես անուղեղ, թափառական հանցագործի հետ… Դու ափսոս ես… Դու արժանի ես երջանիկ լինելու…

ԱՆՆԱ – Սպասիր թեյ ու պաքսիմատ բերեմ:

Գնում է:

ԳՈՂ — (մեկուսի): Խելա՛ռ… Հիշեցի, որ էսօր բերանս բան չեմ դրել… Եվ ուզում եմ դժբախտացնե՞լ էս հրաշք գեղեցկուհուն՝ իմ սիրելով… Բացառիկ դեպք է, երբ սխալիս համար չեմ զղջում…

Աննան գալիս է՝ ձեռքին թերմոս և սկուտեղ:

ԱՆՆԱ – Կներե՛ս: Ուրիշ բան չունեմ հյուրասիրելու: Դասերով ընկա ու չհասցրի գնումներ կատարել: 

ԳՈՂ – Սպասիր օգնեմ: 

ԱՆՆԱ – Չէ՛, ես ինքս: Խնդրեմ՝ սա քեզ, սա՝ ինձ:

ԳՈՂ – Երևի իրոք օրեր կլինեն, որ դու թեյով ու պաքսիմատով կապրես ու էլի կյանքից դժգոհ չես մնա:

ԱՆՆԱ – Հայրս վատառողջ է… Չեմ ցանկանում իր վիրահատության առանց այն էլ պակաս գումարից ինձ ուղարկի: Երբեմն մասնավոր դասեր եմ տալիս: Հետո շատ պահանջներ չունեմ աշխարհից: 

ԳՈՂ – Գիտեմ, իսկ ուրիշները երազում են ճոխ մեքենայով «լավ» տղա, որ ունենա պաշտոնյա պապա, «ցնցող» առանձնատուն…

ԱՆՆԱ – Ի՞նչ կա որ… Երևի իրենց երջանկությունը դրա մեջ են տեսնում… 

ԳՈՂ – Լավ, Աննա, բայց էդպես էլ հանելուկ մնաց՝ ինչի՞ է տունդ դատարկ: Առաջ շատ բաներ կային… Հեռադիտակով դիմացի շենքից հետևել ենք… 

ԱՆՆԱ – Դու այսուհետ զինվորական կաշխատես: Հա՛, եթե զոհվես էլ, երկնքում քեզ կմիանամ, չմտածե՛ս:

ԳՈՂ – Լսում եմ… 

ԱՆՆԱ – Իմ բաժինն էլ կարող ես ուտել: Վերցրո՛ւ:

ԳՈՂ – Չէ՛, շնորհակալ եմ: Սպասիր օգնեմ: Տո՛ւր սկուտեղը:

Կանգնում են դեմ դիմաց: Ներս են խուժում հերթապահ քննիչն ու ոստիկանները:

ՀԵՐԹԱՊԱՀ ՔՆՆԻՉ – Չշարժվե՛լ: Ո՞վ է գողը: 

ԳՈՂ – Պարո՛ն քննիչ, կինս կեսգիշերին տուն է գալիս, դուռը բաց տեսնում: Մթության մեջ կանգնած իր սեփական ամուսնուն ընդունում է գողի տեղ ու անմիջապես ձեզ զանգում: Եվ, ինչպես տեսնում եք, բացի 1500 դրամանոց գրքերից, ոչինչ չկա գողանալու:

ԱՆՆԱ – 5000 դրամանոց:

ՔՆՆԻՉ – Դա այդպե՞ս է:

ԱՆՆԱ – Գիտեք… ես…

ԳՈՂ – Դու ձենդ կտրի՛ր: Էս ժամին որտե՞ղ էիր: Տեսնո՞ւմ եք, պարո՛ն քննիչ, կնոջն ազատություն ես տալիս, ու նա ո՛ր ժամին ասես տուն է գալիս և դեռ ամուսնուն էլ գողի տեղ ընդունում: Թեև երջանիկ եմ, որ էսօր շատ հարբած չի:

ԱՆՆԱ – Ի՞՜նչ… 5000 դրամանոց սրիկա…

ՔՆՆԻՉ – Լսե՛ք…

ԱՆՆԱ – Աննա…

ՔՆՆԻՉ – Աննա, ես շատ բան էի լսել, բայց սեփական ամուսնուն այդքան էժան վիրավորանք…

ԳՈՂ – Դեռ լավ եմ պրծել, պարո՛ն քննիչ: Առանձին 1500 դրամանոց է ասում:

ՔՆՆԻՉ – Վերջապես կասե՞ք՝ ինչ է եղել:

ԱՆՆԱ – Իմ գող… ամուսինն ամեն ինչ պատմեց…

ՔՆՆԻՉ – Կոզր ունե՞ք…  Նա ինչ-որ բան գողացե՞լ է:

ԳՈՂ – Աննա, արդեն հավատում եմ, որ կա սեր առաջին գողությունից հետո:

ՔՆՆԻՉ – Ձե՞ռ եք առնում: Երկուսին էլ ձերբակալե՛ք:

Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում Աննային և գողին:

ՔՆՆԻՉ – Կգաք բաժին ու բացատրագիր կգրեք: Խառը ընտանիք եք: Այսինքն՝ կինդ հաճախ տուն է գալիս ուշ ժամերին ու էն էլ էս աստիճան հարբա՞ծ: Եվ ոնց հասկացա՝ սեփական ամուսնուն գողի տեղ է դնում:

ԱՆՆԱ – Համարյա, պարո՛ն քննիչ, համարյա…

ԳՈՂ – Անամո՛թ, քեզնից ի՞նչ են սովորելու քո ապագա բալիկները:

ԱՆՆԱ – Կսովորեն՝ ինչպես պետք է սիրել…

Սրընթաց մտնում է հարևանուհին:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ի՜նչ լավ է՝ եկել եք:

ՔՆՆԻՉ – Դուք ո՞վ եք:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Տիկին Ֆսֆսյան: Հարևանուհի… Նախկին ուսուցչուհի: Չտեսնված, մեծահամբավ մասնագետ էի: Ինձ անտեղի հեռացրին չվերանորոգված դպրոցից: Լավ կլինի այդ գործն էլ քննեք: Տնօրենը կաշառքն ուտում էր, ինչպես ճապոնական սուշի: Եվ մյուս խայտառակությունը.  նա դպրոցի անլվա պահակի հետ բլոտ էր խաղում ու գարեջուր խմելով՝  բխկացնում: Նրա դաստիարակած սերունդն ի՞նչ պետք է լինի… 

ՔՆՆԻՉ – Տիկի՛ն, սխալ հասցեով եք եկել, հեռացե՛ք, խանգարում եք: Տարե՛ք նրան:

Ոստիկաններն ուզում են տանել նրան:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Չմոտենա՛ք, կկրակե՛մ… Բառերով… Եթե իրավապահ մարմինն այսպիսի՜ վերաբերմունք ունի հանցագործության հանդեպ, ուրեմն այլևս չեմ հրաժարվի ընտրակաշառք վերցնելուց:

ՔՆՆԻՉ – Ճանաչո՞ւմ եք էս երիտասարդներին:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Այն էլ ինչպե՛ս: Ճչոցներ լսեցի, այնպիսի՜ բաներ տեսա… Այս տղան Աննայի խորթ եղբայրն է: Ա՜խ, ես պարկեշտ մարդ էի պատկերացնում Աննայի հորը…

ԱՆՆԱ – Տիկի՛ն Ֆսֆսյան…

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Աննա, ինչո՞ւ էիք դու և եղբայրդ վավաշոտ սիրահարների նման իրար թև մտած ճեմում: Կասկածելի բան կար այդտեղ… 

ՔՆՆԻՉ – Նրանք քույր ու եղբա՞յր են:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Այն էլ ինչպես… Այս անկիրթ տղան դուրս եկավ բնակարանից, դռան առջև կանգնեց ուղիղ 39 վայրկյան, հետո նստեց սառը գետնին ու, աչքերը չռած, նայեց իմ բնակարանի կողմը: Ես դռան անցքով հետևում էի: Չեմ ուզում վատ բաներ մտածել, բայց քույր ու եղբայր իրենց սիրահարների պես էին պահում… 

ՔՆՆԻՉ – Տիկի՛ն, դուք ավելի խճճեցիք: Նրանք ամուսիններ են:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ի՞՜նչ: Աննա, մի՞թե մեր չվերանորոգված դպրոցում քեզ այդպես եմ կյանքի դասեր տվել… 

ԳՈՂ – Ծնկաչոք աղերսում եմ, Աննա, դարձի՛ր իմ կինը:

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Նա առաջարկությո՞ւն է անում: Աշխարհը կործանվում է…

ՔՆՆԻՉ – Չէ՛, սրանց հետ ինչ-որ բան էն չի: Կինը հարբած տուն է գալիս, ամուսնուն գող անվանում, սա էլ սեր է խոստովանում: Հարևանուհին պնդում է, որ նրանք վավաշոտ քույր ու եղբայր են: (Ոստիկաններին.) Ես բլոտ խաղալս կիսատ թողնեմ, գամ, իսկ սրանք ոնց որ ձեռ առնեն: Միշտ ժամանակ չի եղել թատրոն գնալու, բայց էսօր ձրի ներկայացում դիտեցի, էն էլ՝ իմ աշխատանքային առաջին օրը… Այ քեզ առաջին ահազանգ… 

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Ասացիք՝ բլո՞տ… Օ՜յ, վատ եմ…

ՔՆՆԻՉ – Լռե՛լ: 

ԳՈՂ – Աննա, բայց հավատում ես, չէ՞, որ գրքերիդ համար չեմ ամուսնանում…

ԱՆՆԱ – Չէ՛, չեմ հավատում, բայց դու իմ ճակատագիրն ես… Նա գողացավ իմ սիրտը, պարո՛ն քննիչ…

ԳՈՂ – Շնորհակալ եմ քեզ, Աննա: Միայն երազում կարելի էր գտնել քեզ պես խելառին… Դարձե՛ք մեր քավորը, պարո՛ն քննիչ:

ՔՆՆԻՉ – Ի՞նչ… Քուա՜նշ… Առաջին անգամ եմ լսում, որ հանցագործները քննիչին դարձնեն քավոր:  Ու ոնց հասկացա՝ էս ցնդածները դեռ գլխի չեն ընկել՝ իրար հետ ամուսնացա՞ծ են, թե՞ չէ: Սե՞ր, թե՞ քուանշ: Քուանշ, քու՛անշ… Բայց խմելուց չէի հրաժարվի… Լա՛վ: Եթե պարզենք, որ գողեր չեք, ուրեմն՝ բլոտռեբլոտ, կդառնամ ձեր քավորը, բայց վայն եկել է, ձեզ տարել, որ իմացանք 1500 կամ 5000 դրամանոց գողեր եք: Իսկ հիմա՝ բաժին: 

ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ – Բաժի՞ն… Օ՛հ, ո՜չ… Մեկ տոննա աղ տվե՜ք ինձ…

ԱՆՆԱ – Պարո՛ն գող, իսկ անունդ ի՞նչ է… 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

2016, ապրիլ 7:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։