ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՎ ՀԻՆ ՏԱՐԻՆ / Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ամանորյա հեքիաթ մեկ գործողությամբ

Նկարիչ՝ Նաիրա ԱՀԱՐՈՆՅԱՆ

Գործող անձինք

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ– 50-55 տարեկան ակնոցավոր տղամարդSanta

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – 10-13 տարեկան աղջիկ Anushik

ՍԱԹԵՆԻԿ – 45-50 տարեկան կին, Ձմեռ Պապիկի օգնականը (կարող է Հին Տարվա դերասանուհին խաղալ)Klara

ՄԱՐԻՆԵ ԵՎ ԿԱՐԻՆԵ – 11-15 տարեկան էլֆեր, ամեն ինչ միասին են ասում ու անումKarine-Marine

ԴՌՆԱՊԱՀ – 35-40 տարեկան տղամարդ (կարող է Գալիք Տարվա դերասանը խաղալ)C:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Gateskeeper.jpeg

ՀՈՒՆՎԱՐ – 25-30 տարեկան տղամարդ C:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\January.jpeg

ԴԵԿՏԵՄԲԵՐ – 45-50 տարեկան տղամարդC:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\December.jpeg

ՀԻՆ ՏԱՐԻ – 45-50 տարեկան կինC:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\OldYear.jpeg

ԼԵԼՈ – 12-14 տարեկան տղաC:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Lelo..jpeg

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ – 30-35 տարեկան ուրախ տղամարդC:\Users\USER\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\NewYear.jpeg

Ներկայացումից առաջ երեխաներին բաժանում են.

  1. Գծագրված թուղթ, որպեսզի ներկայացումից առաջ նրանք զբաղվեն թղթե ինքնաթիռ սարքելով։
  2. Փոքր հայելի (զգուշացնելով, որ պետք է վերադարձնեն)։ 

տեսարան ա

Ձմեռ պապիկի հարուստ կահավորված, հարմարավետ արվեստանոցը։ Ձախ կողմում բուխարի, կենտրոնում՝ պատուհան մուգ կապույտ վարագույրով, պատուհանի տակ՝ Ձմեռ պապիկի աշխատանքային սեղաններն են խաղալիքներով, նվերներով։ Աջ  անկյունում՝ տոնածառը, կուլիսների մոտ՝ մուտքի դուռը։ Ավանսցենում ձյուն և ծառեր (կարելի է 3Դ-ով անել)։ 

Ձմեռ պապիկը աշխատում է սեղանների մոտ։

Սաթենիկը, Կարինեն և Մարինեն նվերներն են դասավորում, փաթեթավորում, փոքր սայլակով պատրաստի նվերները տանում են բեմից դուրս և նոր նվերներով վերադառնում։ 

Ձյունանուշիկը նվերների սայլակի ետևում թաքնված՝ գալիս է բեմ, հետո ոտնաթաթերի վրա գնում դեպի դուռը՝ հայացքը Ձմեռ պապիկի կողմը։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (նրա կողմը չնայելով): Ըհը՜… Էս ո՞ւր։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (հանդիսատեսին): Ամե՛ն ինչ տեսնում է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (շրջվելով): Ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ լսում է, ամեն ինչ գիտի։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – Է՜… Դու էլ ոնց որ մաման լինես։ Ի՛նքն էլ ամեն ինչ գիտի։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ավելի լավ է ասա, թե ո՞ւր էիր այսպես գողտուկ գնում։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ե՞ս…

Ձմեռ պապիկը ակնոցի վրայից զննում է Ձյունանուշիկին։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Գողտու՞կ…

Նայում են իրար։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Նորի՞ց ուզում էիր թաքնվել սահնակիս մեջ։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ըըը…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ձյունանուշիկ, քեզ քանի՞ անգամ եմ ասել՝ դու ինձ հետ չե՛ս գալու։ Նոր տարվա նվերները ե՛ս պետք է հասցնեմ երեխաներին։ Դու կմասնակցես միայն տոնակատարություններին։ Ճանապարհը վտանգավոր է, իսկ եթե ճանապարհին քեզ որևէ բա՞ն պատահի։ Հը՞։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես զգույշ կլինեմ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — “Ես զգույշ կլինեմ”… Իսկ մամայի՞դ ինչ ենք ասելու։ 

Լսվում է զանգի ձայն և վերևից սեղանի վրա ընկնում է նամակ։ Սաթենիկը վերցնում է նամակը։ 

ՍԱԹԵՆԻԿ — Ձմեռ պապիկ, Հին Տարին նամակ է ուղարկել։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (նամակը վերցնում է Սաթենիկից, Ձյունանուշիկին՝ խիստ): Մենք այս խոսակցությունը դեռ չենք ավարտել։ (Կարդում է նամակը): Ո՞նց թե «Նոր տարի չի լինելու»։ 

Բոլորը զարմացած նայում են Ձմեռ պապիկին։ 

ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ է պատահել։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (կարդում է): “Հարգելի Ձմեռ պապ, հին տարին չեմ կարող փոխանցել Գալիք Տարուն։ Հին տարվա մեջ որոշ բաներ անավարտ են մնացել։ Նոր տարի այս անգամ չի լինելու։ Ցավում եմ։ Հարգանքներով՝ Հին Տարի”: 

Սաթենիկը հոգոց է հանում և ափով փակում բերանը։ Լռություն։ Ձմեռ պապիկը զարմացած նայում է նամակին։ 

Լսվում է զանգի ձայն և վերևից սեղանի վրա ընկնում է նամակ։ Մարինեն և Կարինեն վերցնում են նամակը։   

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Ձմեռ պապիկ, Գալիք Տարին նամակ է ուղարկել։

Սաթենիկը նորից հոգոց է հանում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ – (նամակը վերցնում է և բարձրաձայն կարդում)։ “Ձմեռ պապ…” և այլն և այլն… ահա՛։ “Հին տարվա մեջ որոշ գործեր անավարտ են մնացել, չեմ կարող հին տարին ընդունել։ Նոր տարի չի՛ լինելու: Հարգանքներով՝ Գալիք Տարի”: (Զայրացած): Ի՞նչ…

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Հին Տարին ասում է՝ “Չեմ հանձնում հին տարին”, Գալիք Տարին էլ ասում է՝ “Չեմ ընդունում հին տարին”։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այդքանը ես էլ հասկացա, Մարինե և Կարինե։ Ես նկատի ունեի… (Ավելի զայրացած):  “Ի՞նչ…”։ 

Դռնից ներս է մտնում Դռնապահը։ 

ԴՌՆԱՊԱՀ — Ձմեռ պապիկ, Հունվարն ու Դեկտեմբերն են եկել քեզ տեսնելու։ 

Ներս են մտնում Դեկտեմբերն ու Հունվարը։  

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Ձմեռ պապիկ, ճի՞շտ է, որ այս տարի նոր տարի չի լինելու։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (հանդիսատեսին): Ե՛ս նոր իմացա։ Այս երկուսը որտեղի՞ց արդեն գիտեն։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (Հունվարին և Դեկտեմբերին): Այս տարի Հին Տարին Գալիք Տարուն հին տարին չի հանձնում, իսկ Գալիք Տարին հին տարին Հին Տարուց չի ընդունում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (զայրացած): Եթե որևէ մեկը մի անգամ էլ ասի “հին տարի” կամ “նոր տարի”…

ԴԵԿՏԵՄԲԵՐ — (չի լսում Ձմեռ պապիկին): Եթե հին տարին նոր տարի չդառնա՝ Հունվարը ինձ չի կարողանա փոխարինել։

Ձմեռ պապիկը գլուխն է բռնում և հոգոց հանում։ Սաթենիկը փորձում է նրան հանգստացնել, սակայն ինքն էլ է վախեցած։ 

ՀՈՒՆՎԱՐ — Եթե Դեկտեմբերը չգնա, ես երբեք չեմ գա, ձմեռը երբեք չի պրծնի, գարունը երբեք չի գա…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (գալիս է բեմեզր, սարսափահար): Երեխաները նվերներ չեն ստանա։ 

Բոլորը, բացի Ձմեռ պապիկից, վախեցած հոգոց են հանում։   

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Մի հատ հանգստացե՛ք։

Բոլորը նայում են Ձմեռ պապիկին։ Դադար։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (մեկուսի): Ինչպե՞ս կարող էր այսպիսի բան պատահել։ Վաթսուն տարի ես Ձմեռ պապիկ եմ և երբեք չի եղել, որ… (Զայրացած): Ինչե՞ր եմ խոսում։ Ես չեմ էլ լսել, որ նոր տարի չլինի։ (Դադար): Իսկ ո՞ր ամիսը կաշխատի բնության պահապան։ (Սարսափահար:) Ո՛չ, ամիսները չպետք է կրկնվեն։ Դա նշանակում է, որ ամեն ամիս նոր ամսի՞ պետք է գործի ընդունենք։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Ամեն ամիս նոր ամիս։ 

ՍԱԹԵՆԻԿ — Շշշ…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Լա՛վ։ Նա՛խ։ Պետք է ամեն կողմից հասկանալ այս խնդիրը։ Դա նշանակում է… 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ընդհատելով): Պապիկ, չգնա՞նք Հին Տարու մոտ, տեսնենք ինչ անավարտ գործերի մասին է գրում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ժպտալով): Այնպես էլ անմեղ դեմքով է ասում։ (Նմանակելով): “Պապիկ, չգնա՞նք (ք տառը շեշտելով) Հին Տարու մոտ, իմանանք՝ ինչ է եղել։ Քո սահնա՜կը կնստենք”…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ես սահնակի մասին բան չեմ ասել։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ծիծաղելով): Ես գիտեմ, թե քո մտքին ինչ է։ 

Ձյունանուշիկը աղերսանքով նայում է Ձմեռ պապիկին։ Դադար։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հագնվիր։

Ձյունանուշիկը վազելով դուրս է գնում ձախ կուլիս։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (դրսից): Մամա, մամա, ես պապիկի սահնակն եմ նստելու։ 

Հունվարն ու Դեկտեմբերը խեղճացած կանգնած են բուխարիի մոտ՝ տաքանում են։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (բոլորին): Իսկ դուք ինչո՞ւ եք կանգնած մնացել։ Գնացեք, պատրաստվեք։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Մենք է՞լ ենք գալիս։ 

ՀՈՒՆՎԱՐ և ԴԵԿՏԵՄԲԵՐ — Մենք է՞լ ենք գալիս։ 

ՍԱԹԵՆԻԿ — Ես է՞լ եմ գալիս։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (մեկուսի): Ինչ ուժեղ արձագանք է այստեղ։ (Սաթենիկին.) Սաթենիկ, դու՝ չէ։  (Մյուսներին.) Արագացրեք։ 

Ձմեռ պապիկին հետևում են Մարինեն ու Կարինեն, դուրս են գնում ձախ կուլիս։ Սաթենիկը սեղանից վերցնում է Ձմեռ պապիկի գավազանը։ 

ՀՈՒՆՎԱՐ  — Ես այստեղ եմ մնում։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Ես էլ։

ՀՈՒՆՎԱՐ — Դրսում ցուրտ է։ 

ՍԱԹԵՆԻԿ — (հանդիսատեսին): Սրանք էլ անընդհատ մրսում են։ (Դուրս է գնում:)

ՀՈՒՆՎԱՐ — Այո, մրսում ենք։  

ԴՌՆԱՊԱՀ — Բայց չէ՞ որ դուք ձմեռվա ամիսներ եք։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Ինչ անենք։ 

ԴՌՆԱՊԱՀ — Չէ, պարզապես տարօրինակ է։ 

ՀՈՒՆՎԱՐ – Տարօրինակ ոչինչ չկա։ Մենք ձմեռվա ամիսներ ենք, դրա համար էլ միշտ մրսում ենք։ Դու դեռ Փետրվարին չես տեսել։ Նա ամռանն էլ է մրսում։ 

Ձախ կուլիսից ներս են մտնում Ձմեռ պապիկը (մուշտակով, ձեռքում՝ գավազանը), Սաթենիկը, Մարինեն և Կարինեն (մուշտակներով)։  

ՍԱԹԵՆԻԿ — Այո, կհիշեմ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Բևեռափայլը և լույսերը չմոռանաք միացնել։ Բոլոր ցուցակները մի անգամ էլ է հարկավոր ստուգել։ Նվերները…   

ՍԱԹԵՆԻԿ — (ընդհատում է): Այո, հիշում եմ։ Մենք բոլոր նվերները և հասցեները կպատրաստենք…  

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ընդհատում է): Մինչև նոր տարի հինգ օր է մնացել։

ՍԱԹԵՆԻԿ — Այո, դա էլ եմ հիշում։ 

Ձախ կուլիսից ներս է մտնում Ձյունանուշիկը (մուշտակով)։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հը՞ն, գոհ ե՞ս քեզանից։

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Մի քիչ։ Բայց ավելի շատ ոգևորված եմ։ 

Ձմեռ պապիկը, Ձյունանուշիկը, Կարինեն և Մարինեն դուրս են գալիս դռնից։ 

Վարագույրը փակվում է։

ՏԵՍԱՐԱՆ Բ

Վարագույրի առջևում։ 

Երաժշտություն կամ երգ։

Աջ կողմից բեմ է գալիս սահնակը, որտեղ նստած են Ձմեռ պապիկը (մտահոգ նամակներն է կարդում), Ձյունանուշիկը, Մարինեն և Կարինեն։ 

Վարագույրի վրա հայտնվում են նախշեր, հետո՝ գրություն։ 

ԹԵ ՀԻՆ ՏԱՐՈՒՆ ԵՍ ԴՈՒ ՓՆՏՐՈՒՄ, 

ՀԻՇԻՐ ԲՈԼՈՐ ՊԱՅԾԱՌ ՊԱՀԵՐԸ 

ԵՎ ՏՈՒՐ ԴՈՒ ԻՆՁ ԽՈՍՔՈՎ ՊԱՏԿԵՐ՝

ԻՄ ԱՆՎԱՆ ԱՄԵՆ ՏԱՌՈՎ ՍԿՍՎՈՂ ԲԱՌԵՐ։

Սահնակը կանգ է առնում բեմի կենտրոնում։ Բոլորը նայում են գրությանը։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (կարդում է): “Թե Հին Տարուն ես դու փնտրում, հիշիր բոլոր պայծառ պահերը և տուր դու ինձ խոսքով պատկեր՝ իմ անվան ամեն տառով սկսվող բառեր”: Սա ի՞նչ է, պապիկ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հին Տարվա մոտ հասնելու համար պետք է այս հանելուկը լուծենք։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (նվնվոցով): Մե՞նք պետք է լուծենք։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Բա ի՞նչ։ Ուզում էիք՝ կոճակ լիներ, սեղմեիք ու ամեն ինչ լուծվե՞ր։  

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (քրթմնջում են): Չէ, գավազանով…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ընդհատում է): Ամեն ինչ չէ, որ կարող ես գավազանով կամ հրաշքով լուծել։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (մտախոհ): “Իմ անվան”… Սա երևի Հին Տարին է գրել… 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ըհը՜…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ուրեմն… (Ուրախ:) Պետք է իր անվան ամեն տառով սկսվող բառեր ասենք։ (Գրության “Հին Տարուն” բառերի տառերը մատնանշելով:) Հին Տարուն։ Հ։ Ի։ Ն։ Տ։ Ա… Օրինակ՝ հիմար։

Բոլորը, բացի Ձմեռ պապիկից, սպասողական նայում են գրությանը, սակայն այնտեղ ոչինչ չի փոխվում։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Տառերի պահով ճիշտ ես, Ձյունանուշիկ, բայց ուշադիր նայիր, ոչինչ բաց չե՞ս թողել։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — “Հիշիր բոլոր պայծառ պահերը”… Պապիկ, սա ի՞նչ է նշանակում։  

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — “Հիշիր բոլոր պայծառ պահերը և տուր դու ինձ խոսքով պատկեր…”։ Մտածիր։ (Հանդիսատեսին.) Երեխաներ, դուք էլ մտածեք։ Ի՞նչ բառեր պետք է ասենք։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — “Պայծառ բառեր”… (Բոլորին.) Գուցե Հին Տարվա անվան ամեն տառով սկսվող լա՞վ բառեր պետք է ասենք։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ուրախ): Այո, Կարինե և Մարինե։ Այո՛։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ուրախ): Հա՜… Ուրեմն “Հ”: Հիանալի, հաճելի, հրեշտակ, հույս, Հայրենիք… 

Գրության վրա “Հ” տառը լուսավորվում է։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ուրախ բացականչում է): Պապիկ, ինչ լավ խաղ է։ “Ի՞”… Ի… Ին… Իլ… Իմ… (Ուրախ նայում է գրությանը. բարձր ձայնով:) Ի՛մ։ 

Գրությունը չի լուսավորվում։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (մտախոհ): Հը… 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Իխ… Իլ… Իմ… Իմաստ։ 

Գրության վրա “Ի” տառը լուսավորվում է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, ապրեք։ “Ն”։ Ներաշխարհ։  

Գրության վրա “Ն” տառը լուսավորվում է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (հանդիսատեսին): Երեխաներ, որպեսզի մեզ հետ գաք Հին Տարու մոտ, դուք էլ պետք է մասնակցեք։ “Տ” տառով ի՞նչ պայծառ բառեր կհիշեք։ 

Երեխաների հետ շփումը՝ ըստ բեմադրիչի։ Ձմեռ պապիկը խնդրում է երեխաներին “Տ”, “Ա”, “Ր”, “ՈՒ”, “Ն” տառերով բառեր ասել։ Դերասանները կարող են օգնել երեխաներին։ (Տարբերակներ։ Տ – տուն, տանիք, տոն, տիեզերք, տեսնել, տոհմ, տիտղոս, տարազ, տատիկ, տպավորություն։ Ա – արև, արեգակ, ամանոր, ապրել, այգի, անտառ, աղունիկ, աղվես, աղոթք, աշխատել։ Ր – րոպե։ Քանի որ “Ր” տառով միայն “րոպե” բառն է, Ձմեռ պապիկը կարող է կատակել այդ մասին։ Ու – ուրախ, ուսում, ուղիղ, ուժեղ, ունակ, ունկ, ունք, ուռենի, ուղտ, ուխտ, ուլիկ։ Ն – նուրբ, նորություն, նվեր, նամակ, նկար, ներել, նկատել, նավակ, նախշ, նազելի, ներողություն): 

“Հին Տարուն” բառակապակցության բոլոր տառերը լուսավորվում են, սահնակը դուրս է գնում ձախ կողմով։ 

Վարագույրը բացվում է։

ՏԵՍԱՐԱՆ Գ

Բեմը՝ Հին տարվա նստավայրն է։ Բեմի ետնամասում, աջի վրա դրսի դուռն է, մեջտեղը՝ բուխարի, որի վրա դրված են կժով ջուր և բաժակ, ձախ կողմում տոնածառ է և բազմոց։ Աջ կողմում տպագրական սարքը ինչ-որ բան է տպում՝  համապատասխան ձայներ հանելով։ Ամենուր թղթեր են թափված և ժամացույցներ են կախված՝ բոլորը տարբեր ժամեր են ցույց տալիս։ 

ՀԻՆ Տարին սարքի կողքին հուզված այս և այն կողմ է քայլում, ինչ-որ բան հաշվում և մրթմրթում։ Պարբերաբար ուշադիր նայում է ժամացույցներին, փորձելով դրանց աշխատանքի ձայնը լսել։ Պարբերաբար նաև սարքին է մոտենում, կարդում տպած թերթիկները և շարունակում քայլել։  

ՀԻՆ ՏԱՐԻ — Գումարած Անտարկտիդայի ձյան պաշարները… դա անում է տասնյոթ միլիարդ երկու հարյուր տոննա… Փետրվար, մարտ, ապրիլ… ըհը-ըհը… (Կանգ առնելով՝ բացականչում է:) Բայց սա խենթություն է։ 

Դռան զանգ։ Հին Տարին մոտենում է դռանը, դիտակին նայում, ընկրկում է, վրդովված հոգոց հանում և բացում է դուռը։ 

Ներս են մտնում Ձմեռ պապիկն ու մյուսները։ Հին Տարին գնում է սարքի մոտ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հիմա կբացատրե՞ս ինձ՝ ի՛նչ է կատարվում։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Բարև, Ձմեռ պապիկ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հին Տարի, բարևների ժամանակ չկա։ Մինչև նոր տարի չորս օր է մնացել։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Բարևելու ժամանակ միշտ կա։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (հոգոց հանելով): Բարև, Հին Տարի։ Ինչպե՞ս ես։ 

ՄԱՐԻՆԵ, ԿԱՐԻՆԵ, ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բարև, Հին Տարի։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (վրդովված): Ձմեռ պապ, ի՞նչ ենք անելու։ Ես ամեն ինչ հաշվարկել եմ, կազմել եմ, հավաքագրել եմ… Չկա՛։ Նոր տարի չի լինելու։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ – Ինչո՞ւ։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Անցյալ տարվա պլանը չենք կատարել։ 

Հին տարին խոսելու ընթացքում ինչ-որ թղթեր է հանում, ցույց տալիս, գցում հատակին։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Հեսա, նայի։ Երեխաները այս տարի բակում քիչ են խաղացել։ Դուրսը խաղալիս քիչ են աղմկել։ Քիչ են երազել, իրար ուշադիր չեն լսել, նեղացել են իրարից… (Հուսահատ նայում է Ձմեռ պապիկին, որը չգիտի՝ ինչ ասի:) Ես չեմ կարող անավարտ տարի հանձնել։ (Զննում է ցուցակը. աստիճանաբար ավելի է վրդովվում:) Երեխաները ինձ պարտք են վեց միլիոն ժպիտ, երկու միլիոն երազանք, մեկ ու կես միլիոն հորինված խաղ ու հեքիաթ, հինգ հազար…

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (ընդհատելով): Հին Տարի, Հին Տարի, հանգստացիր։ Արի, նստիր, մենք ջուր կբերենք։ 

Մարինեն և Կարինեն նստեցնում են Հին Տարուն բազմոցին, ջուր լցնում բաժակի մեջ, տալիս նրան։ Ձյունանուշիկը ուսումնասիրում է սարքը և թղթերը։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (մատնացույց անելով ժամացույցները, տխուր): Բոլոր ժամացույցներս կանգնել են։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (զայրացած): Բայց ինչո՞ւ չեն խաղացել, երազել… Ո՞վ չի հետևել։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Այս պահին նշանակություն չունի, թե ո՛վ է մեղավոր. պետք է ընդունել, որ սխալը կատարվել է և հասկանալ հիմա՝ ինչ անել։ 

Հին Տարին և Ձմեռ պապիկը մտածում են։ Դադար։ Կարինեն և Մարինեն հեռախոսների մեջ ինչ-որ բան են նայում, կամ շրջում, ուսումնասիրում են սենյակը։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բայց ինչո՞ւ… Ինչո՞ւ երեխաները չեն խաղացել, երազել… 

ՀԻՆ ՏԱՐԻ — Չգիտեմ։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Լավ, իսկ ինչ-որ բան փոխելու հնարավորություն կա՞։ 

ՀԻՆ ՏԱՐԻ – Ի՞նչ։ Չորս օրվա մեջ հավաքել պակասո՞րդը։ Ժպիտները, հորինված խաղե՞րը…  

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Թեկուզ։ (Հին Տարին սարսափահար նայում է նրան:) Ինչո՞ւ ես այդպես նայում։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Դու հասկանո՞ւմ ես ծավալը, ի՛նչ թվերի մասին ես խոսում։  

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ի՞նչ թվերի։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (սկզբում դանդաղ, աստիճանաբար ավելի ու ավելի արագ): Ուրեմն, եթե հաշվենք, որ Երկրագնդի վրա կան հինգ մայրցամաք, մոտավորապես երկու միլիարդ երեխա. դա բաժանում ենք վեց միլիոն ժպիտով. անում է՝ մոտավորապես երեք հարյուր երեսուն երեք ամբողջ, երեսուն երեք երեք-երեք-երեք-երեք-երեք-երեք…  

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (զուգահեռաբար, մեխանիկորեն): Երեք-երեք-երեք-երեք…

ՀԻՆ ՏԱՐԻ — Չորս օրվա ընթացքում ամեն երեխա պետք է ժպտա գոնե երեք հարյուր երեսուն երեք անգամ։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ընդամենը՞… (Ցույց տալով դահլիճը:) Նայիր, ինչքան ժպտացող երեխաներ կան այստեղ։  

ՀԻՆ ՏԱՐԻ — (հաշվելով դահլիճի երեխաներին. ժպիտների քանակը ըստ թատրոնի մեծության): Ընդամենը երկու հարյուր ժպիտ։ Բայց Երկրագնդի բոլո՜ր երեխաներին ինչպե՞ս հայտնես իրենց պարտքի մասին։ Ամեն մեկի տուն գնաս, ասես՝ “Երեք հարյուր երեսուն երեք անգամ ժպտա՞”։ (Դադար։ Բոլորը մտածում են:) Ժպիտը դեռ ամենաբարդը չէ։ Այ, երեզանքները, երազները… Եթե վերցնենք երկու միլիարդը, բաժանենք երկու միլիոն գունավոր երազանքներով…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ընդհատելով): Ոչ։ Ոչ մի բան չենք վերցնում ու չենք բաժանում։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Բայց քո առաջարկածը շատ ճշգրիտ հաշվարկներ է պահանջում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հին Տարի, մենք ժամանակ չունենք ճշգրիտ հաշվարկներ անելու։ Հագնվիր։  

ՀԻՆ ՏԱՐԻ — Հը՞…

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ուռա՜, գնում ենք Գալիք Տարու մոտ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, գնում ենք Գալիք Տարու մոտ։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Լավ։ (Շփոթված և արագ սկսում է հավաքել թղթեր:)Հաշվարկներս պետք է վերցնեմ ու մեկ ժամացույց։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Գնա, հագնվիր, մենք կհավաքենք։ Գնա։ 

Հին Տարին դուրս է գնում ձախ կուլիս։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Կարինե, Մարինե հավաքեք բոլոր թղթերը, տարեք, դրեք սահնակի մեջ։

Մարինեն, Կարինեն ու Ձյունանուշիկը հավաքում են թղթերը։ Ձմեռ պապիկը պատից հանում է ժամացույցը, որի սլաքները ցույց են տալիս 6։15։ 

Վարագույրը փակվում է։

ՏԵՍԱՐԱՆ Դ

Վարագույրի  առջևում: Երաժշտություն, երգ կամ պար:

Ձախ կողմից դուրս է գալիս սահնակը, Ձմեռ պապիկը և Հին Տարին ինչ-որ բան են թեժ քննարկում։ 

Ձյունանուշիկը, Մարինեն և Կարինեն պարում են կամ երգում։ Սահնակը դուրս է գալիս բեմից։

Վարագույրը բացվում է։

ՏԵՍԱՐԱՆ Ե

2-րդ վարագույրի դիմաց։

2-րդ վարագույրի վրա պատկերված է գիշերային անտառ։ (Կարելի է 3Դ-ով ստանալ։) Լսվում են բուքի ձայները։ Բեմում ձյուն է գալիս։ Աջ կուլիսից մտնող սահնակում նստած են բոլորը։  

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (բարձրաձայն): Պապիկ, ես մրսում եմ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (բարձրաձայն): Լավ։ Այստեղ էլ կհանգստանանք և կտաքանանք։

ՀԻՆ ՏԱՐԻ — (բարձրաձայն): Հանգստանա՞նք։ Այստե՞ղ, բուքի մե՞ջ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (տեղից բարձրանալով): Դուք մոռացե՞լ եք, թե ում հետ եք ճանապարհորդում։ (Գավազանը շարժում է։ Բուքը նահանջում է, ձյունը դադարում է: 2-րդ վարագույրի, կուլիսների վրա և դահլիճում վառվում են անհամար աստղեր և լսվում է նուրբ ծլնգոց։ Բեմի և դահլիճի վերևում վառվում է Բևեռափայլը։ Բոլորը հիացած հոգոց են հանում։) Ա՜հ… Սաթենիկը Բևեռափայլը միացրել է։ Շատ լավ է։ 

Ձյունանուշիկը պարային պտույտներ է անում բեմում։ Հին Տարին իջնում է սահնակից։ Մարինեն և Կարինեն սկսում են ձնագնդիկ խաղալ։

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ինչ սիրո՜ւն է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, շատ սիրուն է։

ՀԻՆ ՏԱՐԻ — Եվ բացարձակ ցուրտ չէ։ Հիանալի է։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պապի՞կ, իսկ ինչո՞ւ երեխաները չեն ուզում երազել։ Գուցե չգիտե՞ն, թե ինչպես երազեն։   

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Գուցե։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Բայց դա շատ հեշտ է։ 

Երաժշտություն։

Ձյունանուշիկի խոսքերին հընթացս բեմի լույսերը աստիճանաբար մարում են, լուսավորված է մնում միայն ինքը։ 2-րդ վարագույրի վրա պատկերվում են ամպեր, սարեր և այլն։ (Կարելի է 3Դ-ով ստանալ։)

Ձյունանուշիկը փակում է աչքերը, թևերը թռչունի նման բացում։

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Օրինակ, աչքերդ փակում ես ու պատկերացնում, որ թռնում ես։ Պատկերացնում ես, ոնց ես բարձրանում օդ։ Ինչ ես տեսնում։ (Պարանների օգնությամբ բարձրանում է վերև, բացում է աչքերը. սկսում է պտտվել, պարել։) (Կարելի է 3Դ-ով ստանալ, առանց Ձյունանուշիկին վերև բարձրացնելու։) Զգում ես, ինչպես է քամին խաղում ու պարում քեզ հետ…  

Վերևում սկսվում է ասուպների հոսք։ (3Դ)

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (բարձրաձայն): Ձյունանուշի՜կ… Ձյունանուշի՜կ…

Երաժշտությունն ավարտվում է։ 

2-րդ վարագույրի վրայի ամպերի պատկերն անհետանում է։ Ձյունանուշիկը իջնում է ցած, բեմի լույսերը վառվում են։ Բոլորը հիացած նայում են վերև։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ձեռքը վերև պարզելով): Նայիր։  

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ուրախ): Սա էլ իմ երազանքի պատասխանը։ (Ծիծաղում է:) 

ՀԻՆ ՏԱՐԻ — Այսօր դեկտեմբերի քսանութն է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, Կվադրանտիդաների հոսքն արդեն սկսվել է։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Կվադրան-տի-դա-ներ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, այս ասուպները կոչվում են Կվադրանտիդաներ։ Ամեն տարի, դեկտեմբերի քսանութից մինչև հունվարի յոթը, իրենց կարող ենք տեսնել: 

Մի շատ ավելի պայծառ աստղ ընկնում է կուլիսներում։ Բոլորը բացականչում են։ Ձյունանուշիկը, Կարինեն և Մարինեն վազում են կուլիսներ, սակայն անմիջապես ետ-ետ քայլելով վերադառնում են։ Բեմ է մտնում Լելոն։ Դադար։

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Բարև։

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Դու ո՞վ ես։ 

ԼԵԼՈ — Լելոն։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Իսկ ի՞նչ ես անում այստեղ, այս բուքին։ 

ԼԵԼՈ — Չեմ հիշում։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ո՞նց թե չես հիշում։

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (զննելով Լելոյին): Բայց քո դեմքը այնքան ծանոթ է։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այո, ես էլ եմ քեզ նախկինում տեսել։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Այո, ես էլ։ 

ԼԵԼՈ — Ես հիշում եմ, որ ինչ-որ կարևոր բան պետք է անեի… բայց չեմ հիշում՝ ինչ։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այստեղ աստղ ընկավ և դու հայտվեցիր։ Կարո՞ղ է, դու աստղ ես։ 

ԼԵԼՈ — Ես… (Դադար:) Չեմ հիշում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (վերև նայելով): Լավ, լավ… Լույսն արդեն բացվում է, իսկ օրերը կարճ են, պետք է շարժվել, մինչև նոր տարի երեք օր է մնացել։ 

ԼԵԼՈ — (կարծես ինչ-որ բան հիշելով): Նոր տարի՞…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (Լելոյին ակնոցի վրայից զննելով): Լելո, կարծում եմ, ավելի լավ է դու մեզ հետ գաս։  

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Այո, Լելո, արի մեզ հետ։ Ճանապարհին գուցե մի բան հիշե՞ս։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Լավ, արագացրեք։ Բուքը համարյա անցել է. մի քանի ժամում կհասնենք Գալիք Տարու մոտ։ 

ԼԵԼՈ — (կարծես ինչ-որ բան հիշելով): Գալիք Տարի՞…

Բոլորը մոտենում են սահնակին։ 

Գլխավոր վարագույրը փակվում է։

Երաժշտություն։

ՏԵՍԱՐԱՆ Զ

Վարագույրի առջևում։

Ձմեռ պապիկը խոսելով մտնում է բեմի ձախ կողմից, նրան հետևում են բոլորը: Հին տարվա ձեռքում ժամացույցն է (ժամը դեռևս 6։15 է)։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Սահնակին բան չի լինի, այն միայն մեզ է տեսանելի։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Ամեն դեպքում, Գալիք Տարու մոտ սահնակով չես կարող հասնել։

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (նվնվոցով): Պետք է քայլե՞նք։ 

Գլխավոր վարագույրի վրա հայտնվում են նախշեր և հետո՝ գրություն։ 

ԼԱՎ ԱՊԱԳԱ ԴՈՒ ՍՊԱՍԻՐ 

ԵՎ ԼԱՎ ԱՊԱԳԱ ԿՍՏԱՆԱՍ։ 

ԲԱՐԻ ՄՏՔՈՎ ԻՆՁ ՆԱՅԻՐ

ԵՎ ԿԲԱՑՎԵՆ ԻՄ ԴՌՆԵՐԸ։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (կարդում է): Լավ ապագա դու սպասիր և լավ ապագա կստանաս։ Բարի մտքով ինձ նայիր և կբացվեն իմ դռները։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (մեկուսի): Ինչ ցանես՝ այն էլ կհնձես։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (փոքր-ինչ հետաքրքրված): Նորից հանելուկ։ 

Բոլորը մտքում կարդում են գրությունը։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պետք է… Ի՞նչ պետք է անենք, պապիկ։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (տարակուսած): Նորից լավ բա՞ն մտածենք։ 

Խոսելուն հընթացս Ձմեռ պապիկը բոլորին շարում է բեմի երկայնքով։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Այո, Գալիք Տարին ապագա է, իսկ ապագայում հայտնվելու համար պետք է լավ ապագա պատկերացնենք։ Աչքերը փակեք, պատկերացրեք մի լավ բան, որը կերազեիք ապագայում կատարվեր և Գալիք Տարու տունը կհայտնվի։ (Հանդիսատեսին.) Երեխաներ, գալիս եք, չէ՞, մեզ հետ։ Ուրեմն դուք էլ փակեք աչքերն ու լավ բանի մասին երազեք։  

Բոլորը՝ աչքերը փակ, կանգնած են։ Մտածում են։ Երկար դադար։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (խստորեն): Ո՞վ է վատ մտքեր մտածում։  

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Ոչ մեկ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (խստորեն): Ինչ-որ մեկը վատ մտքեր է մտածում, այլապես Գալիք Տարու տունը արդեն հայտնված կլիներ։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (նվնվոցով): Բայց վատ մտքեր ավելի հեշտ է մտածել։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (զայրացած): Եթե անեք միայն այն, ինչ հեշտ է՝ երբեք ոչ մի նոր բան չե՛ք սովորի։ Լավ, եկեք ուրիշ ձևով վարվենք։ (Հանդիսատեսին.) Երեխաներ, ձեզ բոլորիդ տվե՞լ են թուղթ, որ ինքնաթիռ սարքեք։ 

Երեխաների հետ շփումը՝ ըստ բեմադրիչի։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ – Պատրա՞ստ են ինքնաթիռները։ Աջ ձեռքում պահեք…

Դերասանները գրպաններից հանում են թղթե ինքնաթիռները։ Ձյունանուշիկը մի ինքնաթիռ տալիս է Լելոյին։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (հանդիսատեսին): Հիմա ամեն մեկդ պատկերացրեք՝ ի՞նչ լավ բան կուզեիք, որ կատարվեր ապագայում։  

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (աչքերը փակ, ժպտալով): Ես ուզում եմ, որ նոր տարին գա։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (աչքեր փակ, ժպտալով) Ես պատկերացնում եմ, որ ժամացույցներս նորից աշխատում են։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (աչքերը փակ, ժպտալով): Ես պատկերացնում եմ, որ երեխաները ուրախ են։ 

ԼԵԼՈ — (աչքերը փակ, ժպտալով): Ես ուզում եմ հիշել, թե ով եմ։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (աչքերը փակ, տարակուսած): Իսկ մենք ուզում ենք, որ Գալիք Տարու տունը հայտնվի։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Իսկ հիմա բոլորդ թռցրեք ձեր ինքնաթիռները։ 

Բոլորը թռցնում են ինքնաթիռները։ 

Վարագույրի վրա վառվում են աստղերը, լսվում է նուրբ ծլնգոց։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ուրախ, ցույց տալով Հին Տարվա ձեռքի ժամացույցը) Պապի՛կ, Հին Տարի՛, ժամացույցի սլաքները շարժվել են։ 

Բոլորը նայում են ժամացույցին։ Այն ցույց է տալիս 6։25։

ՀԻՆ ՏԱՐԻ — (զարմացած, հուզված): Տասը րոպեով առաջ են շարժվել։  

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (Հին Տարուն, զարմացած): Քո երազանքը արդեն կատարվե՞ց։ (Ուշադիր նայում են գրությանը:)

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (ուրախ դահլիճ նայելով): Երեխաները մեզ օգնեցին։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Այո, բայց տասը րոպեն դեռ հարցը չի լուծում։ 

Լսվում են զանգակների ձայներ։ Ձայները ուժեղանում են։ Բեմի վրա ուժեղ լույս է վառվում, բոլորը ափերով փակում են աչքերը։ 

Գլխավոր վարագույրը բացվում է։

ՏԵՍԱՐԱՆ Զ

2-րդ վարագույրի դիմաց։

2-րդ վարագույրի վրա պատկերված է հեքիաթային տնակ։ Տնակում լույս է վառվում։ Դռան մոտ՝ մեծ, զարդարված եղևնի։ Ամենուր փայլում է ձյունը։ 

Բոլորը շրջվում են և հիացած հոգոցներ հանում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ահա՜, սա էլ Գալիք Տարու տունը։ (Հանդիսատեսին.) Ապրեք, երեխաներ։ (Գնում է դեպի աջ կուլիս։) Ճանապարհը այս կողմն է։ Արագացրեք։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (զարմացած): Մեր երազանքն էլ կատարվեց։  

Բոլորը հետևում են Ձմեռ պապիկին։ 

2-րդ վարագույրը բացվում Է։

ՏԵՍԱՐԱՆ Է

Բեմում՝ Գալիք Տարու աշխատասենյակն է։ Բեմի ետնամասում, աջի վրա դրսի դուռն է, մեջտեղը՝ բուխարի, ձախի վրա՝ տոնածառ։ Բեմի աջ կողմում աշխատասեղան է, վրան՝ գծագրեր, մատիտներ, կարկիններ և այլ ճարտարապետական պիտույքներ։ Ամենուր՝ պատերին և պատկերակալների վրա, գծագրեր են։ 

Գալիք Տարին, մի մատիտ ականջի ետևում, մյուսը բերանում, երրորդ մատիտով գծագրում է։ 

Բախուարիի մոտ կանգնած, տաքանում են Դեկտեմբերն ու Հունվարը։ 

Դռան զանգ։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (գլուխը չբարձրացնելով): Բաց է։ 

Ներս են մտնում Ձմեռ պապիկը, Ձյունանուշիկը, Լելոն, Կարինեն, Մարինեն և Հին Տարին։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (գլուխը չբարձրացնելով): Բարև, Ձմեռ պապիկ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (Հին Տարուն): Միշտ մոռանում եմ, որ Գալիք Տարին գալիքը գիտի։ Բարև, Գալիք Տարի։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ, ԼԵԼՈ, ՀԻՆ ՏԱՐԻ — Բարև, Գալիք տարի։

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Բարև, Գալիք տարի։

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (շրջվելով, մեկուսի): Ինչ ուժեղ արձագանք է այստեղ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (նկատելով Հունվարին և Դեկտեմբերին): Չեմ հասկանում, դուք ինչո՞ւ եք միշտ մրսում։ 

Հունվարն ու Դեկտեմբերը անհասկանալի ինչ-որ բան են մրթմրթում։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պապիկ, ինչպե՞ս նրանք այսքան արագ հասան այստեղ։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ամիսները լրիվ ուրիշ ճանապարհներով են երթևեկում, Ձյունանուշիկ։ 

Գալիք տարին նկատում է Լելոյին։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (զարմացած): Օհո՜… Իսկ ա՛յս գալիքը ես չէի տեսել։ Դու ո՞վ ես։  

ԼԵԼՈ — Լելոն։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (նրան զննելով): Քեզ ինչ-որ տեղ տեսել եմ։ 

Ձյունանուշիկն ու Ձմեռ պապիկը նայում են իրար, Դեկտեմբերն ու Հունվարը մոտենում են Լելոյին։ 

ՀՈՒՆՎԱՐ — (Լելոյին զննելով): Ես էլ։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ — (Լելոյին զննելով): Ես էլ։ 

Հին տարին նայում է Ձմեռ պապիկին։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — Սա շա՜տ հետաքրքիր է։ 

Գալիք Տարին, Հունվարն ու Դեկտեմբերը հարցական նայում են Հին Տարուն, հետո՝ Ձմեռ պապիկին։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Մենք բոլորս նրան հիշում ենք, բայց չենք հիշում՝ որտեղից ենք հիշում։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (Լելոյին զննելով. մտախոհ): Այո, բայց չենք հիշում՝ որտեղից ենք հիշում։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Լավ, դա հետո։ Հիմա պետք է հասկանալ՝ ինչ ենք անելու, որ նոր տարին կայանա։  

ԼԵԼՈ — (մեկուսի): Նոր տարի…

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (հանգիստ): Չգիտեմ։ (Ցույց տալով գծագրերը:) Ես այստեղ հաշվարկներ էի անում, բայց դեռ ոչ մի խելամիտ բանի չեմ հասել։ (Տարակուսանքով:) Մի տարբերակ կա՜… Պարտքով Հին Տարուն պակասորդը տամ, իսկ հաջորդ տարվա ընթացքում Հին Տարին ինձ պարտքը կվերադարձնի…

ՆՈՐ ՏԱՐԻ — (ընդհատելով, վախեցած): Չէ, չէ, չէ, ես համաձայն չեմ։ Իսկ եթե երեխաները նորի՞ց քիչ երազեն, քիչ… Չէ։ Ես չեմ կարող խոստանալ, որ մյուս տա… սա խենթություն է… եթե… չէ… ես… ես…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հին Տարի, Հին Տարի, հանգստացիր։

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Այո, ինքդ քեզ մի վախեցրու վատ մտքերով։ Գլխիդ մեջ արդեն սարսափ ֆիլմ ես նայում։ Իսկ պետք է միացնես կատակերգության ալիքը։  

ՀԻՆ ՏԱՐԻ — Ի՞նչ…

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Ասում եմ, նույնիսկ եթե ամեն ինչ վատ է՝ պետք է միայն լավ բաները հիշես։ Մանավանդ, որ բացասական մտքերով գործին բացարձակ չես օգնում։  

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — Լավ մտքերը միայն սկզբից են դժվար մտածվում։ Հետո սովորում ես։ 

Կարինեն, Մարինեն և Ձմեռ պապիկը ժպտում են միմյանց։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (Գալիք Տարուն՝ վրդովված): Դու, ինչպես տեսնում եմ, շատ հանգիստ ես։ Իսկ նոր տարին, իմիջիայլոց, քթի տակ է։

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (հանգիստ): Ինչո՞ւ անհանգստանամ։ Ինչ կա՝ կա, ինչ կլինի՝ կլինի։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Ինչ եղել է՝ եղել է։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Բայց մենք չենք կարող պառկել, ձեռքերը ծալել և թույլ տալ, որ հին տարին հավերժ շարունակվի։ 

ԼԵԼՈ — (մեկուսի): Հին տարի… 

ՀԻՆ ՏԱՐԻ — (սարսափահար): Չէ, ի՞նչ եք խոսում։ Հավե՞րժ… (Կտրուկ:) Ե՛ս համաձա՛յն չե՛մ։ 

Լելոն մոտենում է Հին Տարուն։ 

ԼԵԼՈ — (փորձելով հիշել): Դու Հին Տարին ես։ (Մոտենում է Գալիք Տարուն։ Փորձելով հիշել:) Իսկ դու՝ Գալիք Տարին։ (Ուրախ:) Հիմա նոր, ձեր պահվածքից ձեզ ճանաչեցի։ (Հունվարին և Դեկտեմբերին:) Ձեզ էլ, Հունվար և Դեկտեմբեր։ 

Բոլորը հմայված նայում են Լելոյին։ Դադար։ 

ԼԵԼՈ — Իսկ ես Լելոն եմ, ընկել եմ աստղի հետ։ Կվադրանտիդաների հետ… Ես… ես… (Աստիճանաբար ավելի շատ ուրախանալով:) Ես հիշեցի։ Ես Լելոն եմ, ընկել եմ Կվադրանտիդաների հետ, որ օգնեմ ձեզ փրկել նոր տարին։ 

ԿԱՐԻՆԵ — Բայց ինչպե՞ս կարող ես նոր տարին փրկել։ 

Բոլորը, բացի Գալիք Տարուց, վախեցած վեր են թռչում։ Կարինեն վախեցած և զարմացած ափով բերանն է փակում։ Մարինեն սարսափահար նայում է Կարինեին։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ահով): Կարինեն առանց Մարինեի խոսեց։ 

Դադար։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Լելո՞։ Դու ո՞վ ես։ 

ԼԵԼՈ — Ես հրեշտակ եմ։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (հիշելով, ուրախ): Հիշեցի՜… Դու երեխաների պահապան հրեշտակն ես։ 

ՀՈՒՆՎԱՐ — Ահա՛ թե որտեղից եմ քեզ հիշում։ 

ԼԵԼՈ — Ես ապրում եմ երեխաների սրտերում։ Երբ փոքր էիք, ձեր բոլորի սրտերում էլ էի ապրում։ Բայց… (դադար) բոլորը մոռացել էին իմ մասին։ Չգիտեմ թե ինչու։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Բայց ինչպե՞ս ես մեզ օգնելու, Լելո։ 

ԼԵԼՈ — Ես պետք է վերադառնամ երեխաների սրտերը և նրանք նորից կսովորեն խաղեր հնարել, իրար հարգել, ծիծաղել, սիրուն երազներ տեսնել… Միայն պետք է վերադառնամ նրանց սրտերը։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Ինչպե՞ս ես դա անելու։ 

ԼԵԼՈ — (արտասանում է): 

Լույսի շողեր ինձ ուղարկիր, 

Որ ես փայլեմ և ներս մտնեմ։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ – Հանելո՞ւկ։

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ — (ուրախ): Այս հանելուկի պատասխանը մենք ենք ուզում կռահել։ (Մտածկոտ:) “Լույսի շողեր ինձ ուղարկիր, որ ես փայլեմ և ներս մտնեմ։” (Փսփսում են:) Երեխաները հայելիներ ունեն, չէ՞։ Այդ հայելիներով էլ կլուսավորենք Լելոյին։   

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ես ձեզ հասկացա, Կարինե և Մարինե։ (Հանդիսատեսին.) Երեխաներ, հայելիներով արևի շողերի հետ գիտե՞ք խաղալ։  

ՀՈՒՆՎԱՐ — Նայեք։ Այսպես։ 

Լույսի շողն ընկնում է Հունվարի վրա, նա գրպանից հայելի է հանում և ցույց տալիս, թե ինչպես են արևի շողերի հետ խաղում։ Մի քանի անգամ լույսի շողը կտրուկ տեղը փոխում է և նա ստիպված վազում է շողի ետևից, որ նորից բռնի լույսը (ծաղրածուի պես)։ Բոլորը ծիծաղում են։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հասկացա՞ք, երեխաներ։  

Ձյունանուշիկը փաթաթվում է Լելոյին։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Լելո, ես քեզ կկարոտեմ։ 

ԼԵԼՈ — Չես կարոտի, Ձյունանուշիկ, ես քո սրտում եմ լինելու։ 

Բոլորը հրաժեշտ են տալիս Լելոյին։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Պատրա՞ստ ես, Լելո։ Երեխաներ, լուսավորեք Լելոյին, գցեք նրա վրա լույսի շողերը։ 

Ձմեռ պապիկը գավազանը շարժում է, երեխաները լուսավորվում են բեմի լույսերով և շողերով Լելոյին։ (Կարելի է նաև օգտագործել հեռախոսների լույսերը): Բեմի լույսերը ուժեղանում են և Լելոն աննկատ հեռանում է բեմից, որից հետո բեմի լուսավորությունը դառնում է նախկինը։ 

Հին Տարին նկատում է, որ ժամացույցի սլաքները ցույց են տալիս 11։30։

ՀԻՆ ՏԱՐԻ — (բացականչում է): Ձմեռ պապիկ, ժամացո՛ւյցս… Սլաքնե՛րը…

Բոլորը նայում են ժամացույցին։ 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Սա ի՞նչ է նշանակում։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ – Ուռա՜… Նոր տարին կայանալու է։ 

Հին տարին շարունակում է ուշադիր նայել ժամացույցին, հետո լսում է նրա աշխատանքը։ Հանում է տետրակը, սկսում հաշվարկներ անել։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Հիմա կարող ենք տուն գնալ, իսկ հետո կգնանք նվերները բաժանելու։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (խստորեն): Ձյունանուշիկ, դու ինձ հետ չես գալու։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պապի՜կ, լավ էլի…

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ես քեզ արդեն բացատրել եմ՝ ճանապարհը վտանգավոր է և դու կգաս միայն տոնակատարություններին։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Պապի՜կ… Բայց այստեղ եկա, չէ՞։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Սա կարճ ճանապարհորդություն էր բևեռային շրջանով, իսկ նվերները հասցնելու համար ամբողջ Երկրագունդը պետք է… 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — (ընդհատելով, Ձյունանուշիկին աչքով անելով): Մի անհանգստացիր։ Մի օր կգա՝ սահնակը քոնն է լինելու։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Ճի՞շտ։ (Պարելով:) Ուռա՜… մի օր ես էլ եմ ձմեռ պապիկ լինելու։ Գալիք Տարին գալիքը տեսել է։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (բարձրաձայն): Մի րոպե։ Սպասե՛ք։ Ժամացույցի սլաքները շարժվել են, բայց դեռ տասներկուսը չէ։ Մենք դեռ պակասորդ ունենք։ 

Բոլորը հոգոց են հանում։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (տետրակի մեջ ստուգելով): Եթե սա գումարենք սրան, բազմապատկենք տասներկուսով, հետո բաժանենք երկու միլի… 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (հոգնած): Հին Տարի, խնդրում եմ, հիմա չսկսես հաշվարկներ անել, լա՞վ։ Ասելիքդ ասա։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (տխուր): Մենք… մի խոսքով, չորս հարյուր ծիծաղ ու ժպիտ չի հերիքում։ (Թիվը՝ 2-3 անգամ հանդիսատեսից ավելի:) 

Դադար։ 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Ինչո՞ւ։

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Բա ասում ես՝ “Հաշվարկներ չե՛մ ուզում լսել”։ 

Ձյունանուշիկը նայում է դահլիճ և մտածում։

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — (Դեկտեմբերին): Դու, կարծեմ, տաքանում էիր։ (Հին Տարուն.) Կասե՞ս՝ ինչն է խնդիրը։ 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — (ուրախ): Հին Տարի, հիշո՞ւմ ես, ասացիր, որ այստեղ երկու հարյուր երեխա կա։ 

Բոլորը ուշադիր նայում են դահլիճ, հաշվում են երեխաներին: 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Կարծում ես, երեխաները մեզ կօգնե՞ն։  

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ — Իհարկե։ Երեխաներ, կօգնե՞ք մեզ։  

Երեխաները հայտնում են իրենց համաձայնությունը:

ՀՈՒՆՎԱՐ — Լավ։ Մենք հիմա ձեզ կծիծաղեցնենք։ (Պաթոսով:) Սիրելի հանդիսատես, այժմ Դեկտեմբերը ձեզ համար կկատարի կրկեսային համար։    

Դեկտեմբերը հանկարծակիի է գալիս։ 

ԴԵԿՏԵՄԲԵՐ — Էլի ե՞ս։ 

Դեկտեմբերը կարող է ցուցադրել ակրոբատիկ համար, ուր նա անընդհատ ընկնում է, կամ աճպարարի համար, ուր “ֆոկուսները” չեն ստացվում կամ հեշտ գուշակվող են, կամ կենդանիներ վարժեցնող, բայց շունը չի ենթարկվում և հետապնդում է Դեկտեմբերին։ Կամ ցանկացած այլ համար, որը կծիծաղեցնի երեխաներին։ 

Հունվարը, Կարինեն, Մարինեն և Ձյունանուշիկը նայում են Դեկտեմբերին և ծիծաղում։ 

Ձմեռ պապիկը, Հին Տարին և Գալիք Տարին ուրախ նայում են դահլիճ, ժպտացող երեխաներին։ 

Հին Տարու ձեռքի ժամացույցի սլաքները շարժվում են։ 

ՀԻՆ ՏԱՐԻ — (ուրախ): Շարժվո՜ւմ են, շարժվում են… 

Ժամացույցի սլաքները հասնում են 12։00 և հնչում է բազում ժամացույցների աշխատանք, որն ավարտվում է զանգակներով։ 

ՀԻՆ ՏԱՐԻ  — (փաթաթվում է ձեռքի ժամացույցին): Ժամացույցներս աշխատեցին:  

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Հա-հա-հա, վերջապես… Երեխանե՛ր, ձեր օգնությամբ մենք փրկեցինք նոր տարին։ 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ  — Եվ Լելոյի: 

ՁՄԵՌ ՊԱՊԻԿ — Եվ Լե…

ՀՈՒՆՎԱՐ — (վախեցած): Արդեն եկա՞վ: Նոր տարին արդեն եկա՞վ:

ԴԵԿՏԵՄԲԵՐ — (վախեցած): Ո՞նց: Գնա՞ց: Հին տարին արդեն գնա՞ց: 

Դեկտեմբերն ու Հունվարը սարսափահար վազում են իրար մոտ, բռնում իրար ձեռքերը: 

ՀՈՒՆՎԱՐ — (արագ): Ես, Հունվարս, ստանձնում եմ… (Դեկտեմբերին.) Շու՛տ արա: Ստանձնում եմ ամսվա պահապանի…  

ԴԵԿՏԵՄԲԵՐ — (վախեցած): Ես, Դեկտեմբերս, հանձնում եմ ամսվա պահապանի պարտակա… 

Դեկտեմբերն ու Հունվարը ցածր ձայնով շարունակում են տարվա հանձնում-ընդունումը: 

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ — Հիմա էլ սրանք են սարսափի ֆիլմ միացրել:  

Բոլորը ծիծաղում են: Հին Տարին ուրախ նայում է հանդիսատեսին և հաշվում ծիծաղները: 

ՄԱՐԻՆԵ և ԿԱՐԻՆԵ  — (Դեկտեմբերին և Հունվարին): Դեկտեմբեր, Հունվար, նոր տարին երկու օրից է: 

ԴԵԿՏԵՄԲԵՐ և ՀՈՒՆՎԱՐ — (կտրվում են հանձնումից)։ Ի՞նչ:

ԲՈԼՈՐԸ (բարձրաձայն)։ Նոր տարին երկու օրից է: 

ԴԵԿՏԵՄԲԵՐ և ՀՈՒՆՎԱՐ — (բարձր ձայնից վախեցած փաթաթվում են իրար):  Ինչ ուժեղ արձագանք է այստեղ։

Բոլորը ծիծաղում են:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇԻԿ – (պարում է բեմով մեկ)։ Նոր տարին երկու օրից է, նոր տարին երկու օրից է: 

Բոլորը ոգևորված խոսում են, ուրախանում, շնորհավորում միմյանց։  

Շնորհավորանքները և երեխաների հետ շփումը՝ ըստ բեմադրիչի։ 

Երաժշտություն։

Երեխաներին հրավիրում են բեմ, պարում են։ 

Վարագույրը փակվում է։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։