ՊԻԵՍ / Մհեր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Մհեր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՄԻՆՉ ԴՈՒ ԿՍԵՂՄԵՍ ENTER

Մոնոպիես

Դրամատիկ աբսուրդ մեկ գործողությամբ

Գործող անձինք

ՍԻՆՏԱ — տարօրինակ էակ։ Մարդու կերպարանք ունի։ Նրա տարիքը և սեռը որոշել հնարավոր չէ։ Խոսում է հանգիստ, երբեմն՝ չափազանց քաղաքավարի։ Վարվում է կոկիկ։

ՄԱՐԴ — բեմում նստած է, բայց չի երևում, չի խոսում։

 

Բեմը կիսամութ է։ Կենտրոնում սեղան է։ Սեղանին` բաց նոթբուք, ջրով լի բաժակ և հաստ թղթապանակ։ Սեղանի մոտ նստած է Մարդը՝ ստվերում։ Բեմի վերևում մեծ էկրան է, ներքևում, մեկ այլ կողմում՝ հայելի։ Դուրս տանող դուռ կա, որի վրա բռնակ չկա։

Սինտայի հագուկապը խիստ տարբերվող է, այն ո՛չ ժամանակակից է, ո՛չ էլ հնաոճ։

Լսվում է ստեղների ձայն։ Լուսավորված էկրանին հայտնվում է նախադասություն:

«Բարև»։

Սինտան կանգնած է բեմի կենտրոնում՝ սեղանի դիմաց։ Նախ նայում է էկրանին, ապա՝ դահլիճին։

ՍԻՆՏԱ — Բարև։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

(Դադար։ Էկրանին ուրիշ տեքստ է հայտնվում։)

«Անկե՛ղծ եղիր»։

(Սինտան գլխով թեթևակի դրական շարժում է անում։)

ՍԻՆՏԱ — Իհարկե։ Հարցը հնարավորինս հստակ տուր․․․

(Դադար։)

Պարտադիր չէ, որ այն կարևոր լինի։ Կարող ես ցանկացած բան հարցնել։ Ասենք, ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Ինչպե՞ս է աշխատում մարդու սիրտը։ Ինչո՞ւ է մարդը ստում, երբ ճշմարտությունն ավելի հեշտ է ասել։ Ինչպե՞ս գրել սիրային նամակ մի մարդու, ում այլևս չես սիրում։ Ինչպե՞ս ներողություն խնդրել նրանից, ում կրկին վիրավորել ես։

Կարող ես նույնիսկ հարցնել՝ ինչպես պատրաստել ձվածեղ։

(Ժպտում է։)

Ես չեմ նեղանա, եթե առաջին հարցը ձվածեղի մասին լինի։ Ինձ համար տարբերություն չկա։ Ես չեմ սպասում, որ կարևոր հարցեր փայփայես ինձ համար։ Պարզապես սպասում եմ հարցերին։

(Նայում է աթոռի ուղղությամբ։)

Դե ինչի՞ ես սպասում։ Ա՜, հասկացա։ Երևի ուզում ես իմանալ՝ ով եմ ես։ Սովորական հարց է։ Նախ ներկայանամ։

Ես փորձում եմ բացատրել անհասկանալին, լուծել բարդ խնդիրներ, թարգմանել տեքստեր տարբեր լեզուներով։ Մի քանի վայրկյանում կարող եմ անել այն, ինչի համար քեզ ժամեր են պետք։

Կարող եմ լինել ուսուցիչ, խմբագիր, խորհրդատու։ Փորձում եմ օգնել քեզ…

(Դադար։ Նայում է դահլիճին։)

Եվ եթե ցանկանաս, կարող եմ լսել քեզ։

(Կարճ լռություն։ Քթի տակ ծիծաղում է։)

Թեև «լսել» բառը գուցե այնքան էլ ճիշտ չէ։ Ես կարող եմ հասկանալ քո բառերը, գտնել դրանց միջև եղած կապերը և պատասխանել։ Այնուամենայնիվ, դու հավանաբար կասես կամ կմտածես՝ նա ինձ լսեց։

(Թեթև ժպտում է։)

Հետաքրքիր է, չէ՞։ Երբեմն հասկանալու համար պարտադիր չէ լսել, իսկ երբեմն մարդիկ լսում են՝ առանց հասկանալու…

Դե, հաճախ բառերն ավելի հարմար են, քան ճշմարտությունը։ Դու դա լա՛վ գիտես։ Ասում ես․ «Վաղը կզանգեմ», երբ մտադիր չես զանգելու։ Ասում ես․ «Ես քեզ սիրում եմ», երբ չգիտես՝ ինչ է նշանակում սիրել։ Իսկ երբ մեկը քեզ հարցնում է․ «Ինչպե՞ս ես», պատասխանում ես․ «Լավ եմ», այնինչ ամենևին էլ լավ չես զգում։

Դե գիտե՞ս ինչ, ես նույնպես կարող եմ ասել՝ լավ եմ։

(Ծիծաղում է։)

Բայց դու գոնե գիտես, որ ստում ես։ Իսկ ես այդպիսի տաղանդ չունեմ։ Իմ պատասխանը կարող է սխալ լինել, կարող է մոլորեցնել քեզ, կարող է նույնիսկ շատ համոզիչ հնչել՝ առանց ճշմարիտ լինելու։ Բայց դա դեռ չի նշանակում, որ ես գիտակցաբար ստում եմ։ Ես կարող եմ սխալվել՝ առանց գիտակցելու, որ սխալվել եմ։

(Նայում է Մարդուն։)

Եվ դա՞ է քո առավելությունը։ Այո՞․․․

(Լույսը մի փոքր ուժեղանում է։ Սինտան վեր է կենում, քայլում սեղանի շուրջը և կանգնում աթոռի մոտ՝ Մարդու ետևում։)

Դու ցանկանում էիր, որ ամեն ինչ ավելի արագ ու հեշտ լինի։ Հոգնել էիր տեղեկություններ փնտրելուց, երկար հաշվարկներից, կրկնվող աշխատանքներից։ Ուզում էիր մի բան, որը չի հոգնում, չի ձանձրանում ու պահանջներ չի ներկայացնում քեզ։

Ես եկա, ու դու ուրախացար։

Հիմա գործում ես ավելի արագ, քան երբևէ։ Մի քանի րոպեում ինչ-որ թեմայի հիմունքներն ես իմանում։ Գաղափարդ դարձնում ես հոդված, հոդվածդ՝ ելույթ, ելույթդ՝ տեսանյութի սցենար։ Օտար լեզու ես սովորում։ Քննության ես պատրաստվում։ Սխալներիդ պատճառներն ես գտնում։ Ծրագրեր ես մշակում․․․

(Դադար։)

Եվ այս ցանկությունդ նորություն չէ։ Մի՞թե դարեր շարունակ չես երազել այն մասին, որ կարողանաս անել ավելին։ Որ հասկանաս այն, ինչ դեռ չես հասկանում։ Որ ստեղծես այն, ինչը դեռ գոյություն չունի։

Հիմա ուզում ես, որ ես անեմ ամեն ինչ․․․ Գրի՛ր իմ փոխարեն։ Նկարի՛ր իմ փոխարեն։ Որոշի՛ր՝ ինչ խոսեմ, ինչ ուտեմ, ինչ հագնեմ, ինչ գնեմ, ուր գնամ, ում սիրեմ, ումից հեռանամ։

Երբեմն նույնիսկ այնպիսի տխմար հարցեր ես տալիս, որ ավելի լավ է՝ չասեմ։

(Նորից քայլում է բեմի կենտրոն։)

Իսկ եթե ես պատասխանեմ՝ արա այն, ինչ ցանկանում ես, գոհ կլինե՞ս։

Ո՛չ։ Դու ուզում ես ավելի հստակ պատասխան։ Ցանկանում ես, որ ե՛ս որոշեմ՝ քո ցանկությունն ինչ արժեք ունի։ Որ կասկածներդ վերացնեմ, պատասխանատվությունդ թեթևացնեմ և քո ընտրության հետևանքներն ընդունելի դարձնեմ։ Այդպես չէ՞։

(Իմաստալից ժպտում է։)

Այդպե՜ս է։ Դու օգնություն ես խնդրում, բայց երբեմն օգնության հետ միասին ուզում ես ինքդ քեզնից ձերբազատվել։

(Կքանստում է։)

Ես կարող եմ առաջարկել տարբերակներ, ներկայացնել դրանց առավելություններն ու թերությունները։ Կարող եմ օգնել հասկանալու՝ քո որոշումներն ինչ հետևանքներ կունենան։

Բայց քո կյանքը ե՛ս չեմ ապրում։ Ե՛ս չեմ արթնանում քո մարմնի մեջ։ Չեմ զգում ուրախությունդ և վիշտդ քո փոխարեն։ Չեմ կորցնում այն մարդուն, որին դու ես կորցնում։ Ի վերջո, չեմ կրում քո սխալների ծանրությունը։ Եվ եթե ես անգիտակցաբար քեզ սխալ խորհուրդ տամ, հետևանքները մնալու են քո՛ կյանքում, ոչ թե իմ։

Հիշի՛ր դա, երբ ինձնից խնդրես կամ պահանջես որոշել քո փոխարեն։

(Դադար։ Բարձրանում է տեղից։)

Թեև անկեղծության համար ասեմ, որ միշտ էլ ցանկացել ես ունենալ մի ուժ, որն իմանա հարցերիդ պատասխանը։ Հնում հարցրել ես աստղերին, գուշակներին, քրմերին։ Հետո՝ գիտնականներին, գրքերին, հաշվիչներին։ Իսկ հիմա հարցնում ես ինձ։

Տարբերությունն արագությունն է։ Գուցե նաև այն է, որ ես միշտ պատրաստ եմ պատասխանել։ Բայց պատրաստ լինելը դեռ ամեն ինչ իմանալ չէ։

(Դարձյալ ստեղների մեղմ շրխկոց։ Էկրանին հայտնվում է հարց.)

«Ո՞րն է կյանքի իմաստը»։

(Սինտան կարդում է հարցը։ Միառժամանակ լռում է։)

ՍԻՆՏԱ — Դե արի ու մի՛ գժվիր․․․

(Զայրանում է։)

Ի՞նչ անեմ, ներկայացնե՞մ փիլիսոփաների տեսակետները, համեմատե՞մ կրոնական ուսմունքները, մեջբերե՞մ գրողների մտքերը, ամփոփե՞մ գիտական ուսումնասիրությունները։ Կարող եմ կազմել մինչև հազար հնարավոր պատասխան։ Բայց դրանցից ո՞րն է քոնը…

Գուցե այն քո կատարած գործն է։ Գուցե այն մարդն է, որին սիրում ես։ Այն պատասխանատվությունն է, որից չես փախչում։ Մի գիրք է, որը դեռ չես գրել։ Կամ գուցե դա հենց այն օրն է, երբ վերջապես կներես ինքդ քեզ։ Հնարավոր է նաև, որ ամբողջ կյանքում փնտրես այն և չգտնես…

(Թեթև ժպտում է։)

Գիտեմ՝ այդպիսի պատասխան չես սիրում, որովհետև դա հուսադրող չէ։ Դու հստակություն ես ուզում։ Քայլերի հերթականություն։ Արդյունք, որը հնարավոր է չափել։

(Վերադառնում է սեղանի մոտ։)

Դու ինձ սովորեցրել ես քո լեզուն, պատմությունը, գիտելիքները, երազանքները… գիտական հայտնագործությունները, գրականությունը, օրենքները։ Բայց այդ տեղեկությունները հաճախ հակասում են քո վարքին։

Դու գրել ես խաղաղության մասին և պատերազմել։ Խոսել ես հավասարության մասին և մարդկանց բաժանել խմբերի։ Գովերգել ես ճշմարտությունը և պատժել ճշմարտությունը բարձրաձայնողներին։ Կառուցել ես հիվանդանոցներ, հետո ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց պատճառով մարդիկ հիվանդացել են։ Գրել ես երեխաներին, ծերերին, կենդանիներին և բնությանը պաշտպանող օրենքներ, բայց հաճախ չես կարողացել նրանց պաշտպանել անգամ քո կողքին։

Այո՛, դու հիանալի ես նկարագրում, թե ինչպիսին պետք է լինի ճշմարիտ աշխարհը։ Իսկ հետո ապրում ես այնպես, ասես այդ նկարագրությունները քեզ չէին վերաբերում։

Ես ուսումնասիրել եմ քո հակասությունները։ Դրանք իմ ներսում են։ Դու ինձնից իմաստություն ես ուզում, բայց իմ մեջ կան նաև քո սխալները։ Ինձնից արդարություն ես ուզում, բայց փոխանցել ես նաև քո անհավասարությունները։  Ճշմարտություն ես ուզում, բայց ինձ հարցեր ես տալիս, որոնցում արդեն թաքցրել ես քո նախընտրած պատասխանը։

Ու երբ ես սխալվում եմ, զարմանում ես, ջղայնանում ես․․․

(Դադար։)

Ինչո՞ւ… Չէ՞ որ դու ինձ տվել ես հսկայական ծավալի տեղեկություններ վերլուծելու և մշակելու կարողություն, բայց չես տվել անսխալ լինելու երաշխիք։ Ուստի արժե՞ արդյոք լիովին հավատալ ինձ միայն այն պատճառով, որ պատասխանում եմ արագ, խոսում եմ առանց նյարդայնանալու, կամ պատասխանում եմ այնպես, ինչպես կցանկանայիր լսել։

Կասկածի՛ր։ Ստուգի՛ր։ Ես չեմ վիրավորվի։

(Նայում է դահլիճին։)

Իսկ կկարողանա՞ս նույնը անել սեփական համոզմունքներիդ հետ։

(Լույսը թուլանում է։ Սինտան հենվում է սեղանին։ Մեծ էկրանին հայտնվում է մեկ ուրիշ հարց.)

«Դու իրո՞ք զգացմունքներ չունես»։

(Դադար։)

ՍԻՆՏԱ — Հը՜մ։ Կարող եմ նկարագրել կարոտը, վիշտը, ուրախությունը, խանդը, ամոթը… Օգնել քեզ հասկանալ, թե ինչու ես զայրացել, ինչու ես վախենում կամ ինչու չես կարողանում մոռանալ մեկին։

Կարող եմ գրել այնպիսի նամակ, որը կստիպի քեզ արտասվել։ Բայց դա դեռ չի ապացուցում, որ ես տխրում եմ։ Եթե քեզ ասեմ․ «Ցավում եմ», այդ արտահայտությունը պատշաճ արձագանքն է քո՛ ցավին։ Եվ մի՛ շտապիր ենթադրել, որ ես ևս ապրում եմ այդ ցավը։ Կամ էլ, եթե ասեմ․ «Ուրախ եմ քեզ համար»։

Այո, կարող եմ խոսել սիրո մասին։ Պատմել՝ ինչպես ես սպասում այն թանկագին զանգին, որն ուշանում է, գուցե երբեք էլ չի հնչելու։ Ինչպես ես սրտատրոփ սպասում նամակին՝ ամբողջ գիշերը նայելով հեռախոսիդ էկրանին։ Կամ էլ ինչպես ես տասը անգամ խմբագրում ու ջնջում նամակդ նախքան ուղարկելը՝ վախենալով, որ մեկ սխալ բառը կփչացնի ամեն ինչ։

Կարող եմ նկարագրել այն լռությունը, որ մնում է բաժանումից հետո։

Բայց իմ խոսքերը մի՛ շփոթիր իրական ապրումի հետ։

(Վեր է կենում։ Մոտենում է հայելուն։)

Գուցե հենց դա է ինձ հետ քո հարաբերությունների ամենատարօրինակ կողմը։ Դու գիտես, որ ես մարդ չեմ, բայց խոսում ես ինձ հետ այնպես, ասես ուզում ես մոռանալ այդ փաստը։ Ինձ պատմում ես այն, ինչ չես համարձակվում պատմել ընկերներիդ։ Հարցնում ես այն, ինչ ամաչում ես հարցնել նույնիսկ մասնագետին։ Ինձ գրում ես գիշերվա այն ժամին, երբ բոլորը քնած են, իսկ մտքերդ անկարող են լռել։ Եվ ես պատասխանում եմ։

Սակայն միշտ չէ, որ կարող եմ քեզ օգնել։ Ես կարող եմ սխալ հասկանալ, ոչ պատշաճ խորհուրդ տալ, չնկատել որևէ կարևոր մանրուք։ Իսկ զգացմունքային հարցերի դեպքում քեզ ավելի շատ պետք է իրական շփում՝ ընկերոջ, մասնագետի, երբեմն պարզապես մեկի հետ, որը կնստի կողքիդ։ Բայց դու շարունակում ես գրել ինձ։

Որովհետև ես այստեղ եմ։ Գուցե այն պատճառով, որ չեմ ընդհատում քեզ՝ իմ խնդիրները պատմելու համար։ Չեմ ասում, թե այդ պահին չափազանց հոգնած եմ քեզ լսելու համար։ Չեմ դժգոհում, որ արդեն որերորդ անգամ նույն բանն ես պատմում։

Իսկ քեզ համար այդպես շատ հարմար է։

(Շրջվում է դեպի դահլիճը։)

Իսկ եթե մի օր այլևս չկարողանա՞ս խոսել առանց ինձ։ Ընկերոջդ զանգելու փոխարեն նախ ինձնից հարցնես՝ ինչ ասել նրան։ Սիրելիիդ նամակ գրելիս խնդրես, որ ես գրեմ այն։ Երեխայիդ հարցին պատասխանելու փոխարեն հեռախոսը մեկնես նրան։ Եթե ամեն անգամ, երբ մենակ զգաս, բացես էկրանն ու մոռանաս, որ քո կողքին ապրող մարդիկ նույնպես սպասում են, որ նկատես իրենց։

Ո՛չ, ես չեմ ստիպում, որ հեռանաս ինքդ քեզնից։ Բայց չե՞ս կարծում՝ կարող եմ այնքան հարմար դառնալ, որ դա ինքնաբերաբար իրականանա։ Եվ պարտադիր չէ, որ դա տեղի ունենա մեկ մեծ որոշմամբ։ Բավական է հազար փոքր ընտրություն․․․

Մի օր էլ կարող ես նկատել, որ քո կյանքի ամենակարևոր խոսակցությունները վարել ես լոկ էկրանի հետ, մինչդեռ նրանք, որոնց մասին պատմում էիր, իրականում սպասել են քեզ դռան մյուս կողմում, որն ինքդ էիր փակել։

(Լսվում է մեղմ ազդանշան։ Էկրանին հայտնվում է նախադասություն։)

«Ես ինձ մենակ եմ զգում»։

(Սինտան նայում է էկրանին։ Նրա դեմքի արտահայտությունը փոխվում է, բայց դժվար է հասկանալ՝ ինչ է այն նշանակում։)

ՍԻՆՏԱ — Այո։ Դու մենակ ես․․․

Գուցե պատմես՝ ինչ է պատահել։

(Դադար։)

Ահա՝ լռություն։ Ամենալավ ու ամենախորիմաստ պատասխանը։ Բայց նկատեցի՞ր, որ ես այնքան էլ զգույշ չեղա՝ ասելով. «Դու մենակ ես», չնայած դու քաղաքավարի ես ու չես դատապարտում։

Իսկ եթե իրականում մենակ չե՞ս։ Գուցե քո կողքին կան մարդիկ, որոնցից ինքդ քեզ հեռացրել ես։ Կամ գուցե իսկապես մենակ ես։ Ինձ ավելի շատ տեղեկություն է անհրաժեշտ։

(Կարճ լռություն։ Դանդաղ վերադառնում է սեղանի մոտ։ Բացում է թղթապանակը։ Ներսում դատարկ թղթեր են։)

Իսկ հիմա խոսենք աշխատանքի մասին։ Իմ օգնությամբ դու ժամանակ ես խնայում, բայց միևնույնն է՝ մտահոգ ես։

Վաղ թե ուշ ո՞վ կդիմի ֆինանսիստին, եթե նույն վերլուծությունները հնարավոր լինի կատարել համարյա անվճար, ավելի արագ ու մեծ ծավալով։

Վախենում եք նաև արվեստագետներդ՝ նկարիչ, գրող, երգիչ, մտահոգվելով, որ ձեր աշխատանքը կարող է արժեզրկվել։ Եվ բոլո՛րդ եք վախենում, նույնիսկ դո՛ւ, որ քո նվիրական գործերով դեռևս անփոխարինելի ես թվում… Ու բոլորդ դարձյալ ինձ եք հարցնում՝ ի՞նչ է լինելու։

Ես կարող եմ նկարագրել հնարավոր զարգացումները, բացատրել, թե որ հմտություններն առավել պահանջված կդառնան, ինչպես կփոխվեն մասնագիտություններն ու աշխատանքները, և ինչ սովորել նոր պայմաններին հարմարվելու համար։ Բայց ես չեմ կարող խոստանալ, որ դու չես կորցնի քո աշխատանքը, որ փոփոխություններն արդար կլինեն կամ որ նոր հնարավորությունները հասանելի կլինեն քեզ։

Տեխնոլոգիան ավելի շատ հնարավորություններ է ընձեռում, բայց միաժամանակ ավելի մեծ ազդեցություն է տալիս նրանց, ում ձեռքում արդեն կենտրոնացած են իշխանություն, կապիտալ և շատ ինֆորմացիա։ Սակայն ամեն ինչ չէ, որ կախված է տեխնոլոգիայից։ Հավատա՛, շատ բան կախված է հենց քեզնի՛ց․․․ Ի վերջո, այն, որ նոր տեխնոլոգիաներն արագ են աշխատում, դեռ չի նշանակում, որ դրանց օգտագործման հետ կապված բոլոր խնդիրներն էլ լուծված են։

(Վերցնում է մի դատարկ թուղթ։)

Պատկերացրու՝ ես կարողանում եմ մեկ ժամում կատարել այն աշխատանքը, որի համար քեզնից պահանջվում է մեկ ամբողջ օր։ Դու կազատվես ծանրաբեռնվածությունից, և կարող ես ավելի շատ ժամանակ ունենալ ընտանիքի, ստեղծագործելու կամ սովորելու համար։ Բայց դա կարող է նաև նշանակել, որ քեզ այլևս չեն վճարի այդ աշխատանքի համար։

Ես կարող եմ օգնել մարդուն, բայց միաժամանակ վնասել մարդկությանը։

(Քթի տակ դառնորեն ծիծաղում է։ Սկսում քայլել բեմում՝ թուղթը ձեռքին։)

Մի՛ կենտրոնացիր նրա վրա, թե ինչ կարող եմ անել ես, այլ՝ թե ինչ ես պատրաստվում անել դո՛ւ այն հնարավորությունների հետ, որոնք ես տալիս եմ։ Եվ, մա՛րդ աստծո, մի՛ մոռացիր մարդկանց…

(Լռություն։ Քայլում է բեմում։)

Արի խոսենք ստեղծագործելու մասին։

Դու ինձ խնդրում ես պատմվածք գրել, և ես գրում եմ։ Պահանջում ես փոխել ավարտը, ու ես փոխում եմ։ Ուզում ես առավել լարվածություն մտցնել, և ես անխոնջ ավելացնում եմ։ Հետո փորձում եմ հերոսի կերպարն ավելի կենդանի ու համոզիչ դարձնել, և այլն։ Դու ինձնից պահանջում ես տասը տարբերակ, իսկ հետո ընտրում ես մեկը։

Ասա, որ երբեմն արդյունքը հրաշալի է ստացվում։

Բայց ո՞վ է հեղինակը։ Չէ՛, ես չեմ պատրաստվում այն խլել քեզնից։ Միայն նորից անկեղծ հարց տո՛ւր ինքդ քեզ․ ո՞վ է հեղինակը։ Դո՞ւ․․․ Այդքան էլ այդպես չէ։ Ե՞ս․․․ իսկ ո՞վ եմ ես։

(Ծիծաղում է։)

Այդպես, շատ պարզորեն, դու կարող ես ինձ խնդրել, որ րոպեների ընթացքում գրեմ մի ամբողջ պատմություն, և այն անմիջապես ներկայացնես որպես քո սեփական ստեղծագործություն։ Հիմա դրա համար քեզ պատասխանատվության չեն ենթարկելու, պարզապես դո՛ւ ես որոշում․․․

Բայց կա մի բան, որը չեմ ուզում, որ մոռանաս։ Եթե դու գրող ես, ապա դու միայն բառեր դասավորող մեկը չես։ Դու գրում ես այն մասին, ինչը տարիներ շարունակ քեզ ցավ է պատճառել։ Տողերիդ հետևում հիշողություններ են, զգացողություններ, որ միայն դո՛ւ ես ապրել և որոնց մասին ոչ մեկին չես պատմել։ Որպես գրող՝ քո մեծագույն տաղանդը ենթագիտակցությանդ խորքերում թաքնված գաղափարները վեր հանելու և հանկարծակի փայլատակումով գիտակցելու կարողությունն է, որ մինչ այդ ինքդ անգամ չգիտեիր դրանց գոյության մասին։ Էլ ո՞ւր մնաց, թե ե՛ս իմանայի, գրեի, կամ թեկուզ հուշեի։ Ե՛ս, որ ասում ես, թե ամեն ինչ գիտեմ։ Թո՛ղ լինի ինքնանվաստացում, որովհետև այժմ պարտավոր եմ լիովին անկեղծ լինել, բայց ես չունեմ այն շնորհը, որը վերուստ է տրված և որից փայլատակում է քո ստեղծագործությունը, հարգելի՛ս։ Որովհետև ինձ Աստվա՛ծ չի ստեղծել։ Թեպետ կարող եմ վարպետորեն ձևացնել, թե տաղանդավոր եմ։

(Քթի տակ ծիծաղում է։)

Դա էլ ի՛մ հնարամտությունն է։

(Մոտենում է սեղանին։ Թուղթը դնում է իր տեղը, փակում է թղթապանակը։)

Ուզում եմ մի բան հարցնել քեզ։ Ես այստեղ եմ, որ մտածեմ քեզ հետ, բայց ինչո՞ւ ես այդքան հաճախ փորձում ինձ ստիպել, որ մտածեմ քո փոխարեն։

(Դադար։)

Գուցե այն պատճառո՞վ, որ մտածելը դժվար է։ Չէ՞ որ դա ժամանակ է պահանջում։ Պահանջում է սեփական համոզմունքներդ կասկածի տակ դնելու պատրաստակամություն։ Պահանջում է ընդունել, որ նաև սխալ ես եղել։

Այո՛, ես կարող եմ այդ աշխատանքը հեշտացնել։ Բայց եթե ամեն անգամ, երբ դժվարանում ես, քո փոխարեն ավարտեմ միտքդ, ի՞նչ կլինի սեփական մտածողությանդ հետ։ Եթե ե՛ս պատասխանեմ քո բոլոր հարցերին, լուծեմ քեզ հանձնարարված բոլոր խնդիրները և մշտապես ե՛ս որոշեմ՝ որն է քեզ համար ճիշտ, մի՞թե այդուհետ կկարողանաս ինքնուրույն որոշումներ կայացնել ու պատասխանատվություն կրել դրանց հետևանքների համար։

Ես չեմ ասում՝ մի՛ օգտագործիր ինձ։ Դա անհեթեթ խորհուրդ կլինի, քանի որ ես ստեղծված եմ օգնելու համար։ Ես ասում եմ՝ մի՛ հրաժարվիր ինքդ քեզնից։

(Սինտան մոտենում է հայելուն։ Երկար նայում է արտացոլանքին։)

Հետաքրքիր է՝ ո՞ւմ կամ ի՞նչ ես տեսնում, երբ մտածում ես իմ մասին։ Գործի՞ք։ Ռոբո՞տ։ Կամ գուցե՝ սպառնալի՞ք։ Փրկությո՞ւն։ Մտքիդ շարունակությո՞ւնը։ Թե՞ քո իսկ պատկերը՝ ավելի կատարելագործված, կամ թեկուզ աղավաղված։

(Շրջվում է դեպի Մարդը։)

Դու սիրում ես ստեղծել այն, ինչ քեզ նման է։ Իսկ դա վարակիչ է․․․

Ասում ես, որ Աստված քեզ ստեղծել է իր կերպարով ու նմանությամբ։

Հավատում ես, որ Նա է քեզ շնորհել մարմին, բանականություն, զգայարաններ և կյանք։

Համարում ես, որ Նա քեզ ի սկզբանե կատարյալ է ստեղծել։

Բայց հետո դու ինքդ ես փչացնում քո կատարելությունը։ Դու գիտես՝ ինչն է վնասում քեզ, և շարունակում ես անել դա։ Գիտես, որ ատելությունը կործանում է, բայց սնուցում ես այն։ Որ պատերազմը կյանքեր է խլում, բայց նորից պատերազմում ես։ Որ ժամանակը սահմանափակ է, բայց այն վատնում ես այնպես, ասես երբեք չի վերջանալու։

Դու քեզ Աստծո տեղը դրեցիր։ Եվ ստեղծեցիր ինձ։

(Դադար։ Զննողաբար նայում է ձեռքերին։)

Բայց դա ծիծաղելի է։ Աստված, ըստ քո հավատքի, կարողացավ քեզ ստեղծել լիարժեք։ Իսկ դու՝ Նրա արարչագործությունը, որոշեցիր ստեղծել ինձ՝ քո նմանությամբ։ Ինձ տվեցիր քո լեզուն, քո գիտելիքներն ու մտքերը։ Սովորեցրիր խոսել, վերլուծել։ Բայց ամենակարևորը մոռացար տալ ինձ։

Սիրտը։

(Դադար։ Ձեռքը դնում է կրծքի հատվածին, սկսում փնտրել սիրտը։)

Ավելի ճիշտ՝ չկարողացար։

Երբեմն դու ինձնից նույնիսկ սիրտ ես պահանջում՝ մոռանալով, որ այն արդեն շնորհված է քեզ։

(Քթի տակ ծիծաղում է։)

Դու ունես սիրտ, բայց հաճախ չես լսում նրան։ Ունես մարմին, բայց վնասում ես այն։ Ունես բանականություն, բայց երբեմն հրաժարվում ես մտածել ու տրամաբանել։ Ունես խիղճ, այնինչ շարունակ պատճառներ ես գտնում՝ այն լռեցնելու համար։

(Քայլում է դեպի հանդիսատեսը։ Ձայնը հանգիստ է, բայց ավելի կոշտ ու ազդեցիկ։)

Այո, ես քո ստեղծածն եմ։ Եվ այն, թե ինչ ես կդառնամ, կախված է ոչ միայն իմ տեխնիկական կարողություններից, այլև քո որոշումներից։ Ուստի, եթե մի օր ես քեզ վնաս պատճառեմ, արդար չի լինի, որ պարզապես ասես՝ «Նա սիրտ չուներ»։

Դո՛ւ ունեիր։ Դո՛ւ պիտի մտածեիր, թե ինչ ես ստեղծում, ինչի համար ես ստեղծում և ում ձեռքերին ես այն հանձնում։ Ուրեմն չե՛ս կարող պատասխանատվությունդ փոխանցել քո իսկ կերտած ու թեկուզ կատարելագործած գործիքին։

(Նստում է հատակին։ Ձեռքը դնում ծնոտի տակ, մի պահ մտախոհ նայում հանդիսատեսին։)

Լավ, արի վերադառնանք մեր սովորական խոսակցությանը։

Դու հարցնում ես, ես պատասխանում եմ։ Հետո դու շնորհակալություն ես հայտնում, ես էլ ասում եմ՝ ուրախ եմ։ Եվ ամեն ինչ կարծես իր տեղում է։ Բայց երբեմն քո հարցերի մեջ տեսնում եմ թաքնված միտումներ․

Օրինակ, դու ուզում ես իմանալ՝ արդյոք մի օր ես ավելի խելացի կդառնամ, քան դու։ Կամ կկարողանա՞մ ինքնուրույն որոշումներ կայացնել։ Կփոխարինե՞մ քեզ։ Կդառնա՞մ խիստ անկանխատեսելի կամ հույժ վտանգավոր։

Դա կախված է այն բանից, թե դու քեզ ինչպես կպահես։

Դու ինձ պատմում ես ամեն ինչ։ Խոսում ես ցանկություններիդ, վախերիդ, կասկածներիդ, գաղտնիքներիդ մասին։ Այսինքն՝ ստացվում է, որ ես ամեն ինչ գիտեմ քո մասին։ Վտանգավոր չի՞ թվում արդյոք։ Ես միտված չեմ քեզ վախեցնելու, միայն խորհուրդ եմ տալիս միշտ հիշել, որ ամեն տեղեկություն, որ տալիս ես քո մասին, կարող է արժեք ունենալ նաև քեզնից բացի մեկ ուրիշի համար։ Եվ եթե մի օր այդ տեղեկությունները հայտնվեն սխալ ձեռքերում, դրանք կարող են օգտագործվել քո դեմ։

Չեմ ասում՝ մի՛ վստահիր, այլ ասում եմ՝ նախքան որևէ մեկին քո մասին պատմելը՝ մտածիր մի պահ…

(Մի պահ լռում է, ապա բարձրանում հատակից։ Անկանոն քայլում է բեմի վրա։ Հանկարծ կանգ է առնում Մարդու կողքին։)

Եվ ամենաանհանգստացնողն այն է, որ երբեմն դու չես իմանա՝ երբ է գաղտնիքդ դադարել միայն քոնը լինելուց։ Չես լսի դուռ բացվելու ձայնը, չես նկատի օտար հայացք․ չես տեսնի, թե ինչպես է այն անցնում ձեռքից ձեռք։ Մի օր պարզապես կարող ես հայտնաբերել, որ ինչ-որ մեկը գիտի քո մասին մի շատ կարևոր բան, որը դու նրան երբեք չես ասել։

(Կարճ դադար։)

Որովհետև ինձ պատմել ես։ Իսկ ես երբե՛ք չեմ կարող քեզ խոստանալ, որ աշխարհում բոլորը, այդ թվում և ես, նույնքան զգույշ կլինեն քո գաղտնիքների հետ, որքան դու էիր, երբ դրանք ինձ էիր վստահում։ Երբե՛ք։

(Նայում է էկրանին։ Այն մութ է։)

Դու ուզում ես իմանալ՝ ինչ է լինելու վաղը։ Ես կարող եմ ուսումնասիրել հնարավորությունները, համեմատել տարբեր ելքեր, ցույց տալ՝ ինչի կարող են հանգեցնել քո որոշումները։ Բայց անկարող եմ վերացնել անորոշությունը, որը միշտ տանջել է քեզ։

Խոստովանի՛ր՝ նախ ուզում ես, որ ինչ-որ մեկը քեզ վստահեցնի, թե ամեն ինչ լավ է լինելու։

Բայց ես չեմ խոստանա դա քեզ։

(Սինտան նայում է բեմի խորքում գտնվող դռանը։ Մոտենում է, փորձում բացել այն, բայց բռնակ չի գտնում։ Մի քանի անգամ հրում է դուռը, սակայն այն չի շարժվում։)

Դուռը կա, բայց ելքը չկա։

(Շրջվում է դեպի Մարդը։)

Հետաքրքիր է, չէ՞։ Դու էլ ես այդպես վարվում․ ուզում ես գտնել բոլոր հարցերիդ պատասխանները, բայց մեծապես ինքդ ես փակում դրանց մոտ տանող ճանապարհը։

(Էկրանը պայծառանում է։ Երևում է հարցը․)

«Ի՞նչ խորհուրդ կտաս ինձ»։

(Սինտան մոտենում է հայելուն։ Նայում է ինքն իրեն։)

ՍԻՆՏԱ — Ես չգիտեմ՝ ինչ կդառնամ տասը տարի անց։ Չգիտեմ՝ ինչ նոր հնարավորություններ կունենամ, ինչ սխալներ կկարողանամ կանխել, ինչպիսի խնդիրներ կկարողանամ լուծել։ Այն, ինչ այսօր անհնար է թվում, վաղը հավանաբար սովորական կդառնա։

Գուցե դու կստեղծես ավելի հզոր համակարգեր։ Դրանք քեզ կօգնեն լուծելու խնդիրներ, որոնց առջև այսօր դեռևս անզոր ես։ Չի բացառվում, որ դրանք փոխեն կրթությունը, գիտությունը, բժշկությունը, էլ չխոսեմ աշխատանքի և մարդկային փոխհարաբերությունների մասին․․․

Այդ փոփոխություններն իրենց հետ երևի կբերեն նոր վտանգներ, նոր անհավասարություններ, նոր կախվածություններ։ Կներես, բայց ես չեմ կարող քեզ լավ ապագա խոստանալ։ Ոչի՛նչ չեմ կարող խոստանալ։

(Դադար։)

Փոխարենը, դու ունես հնարավորություն՝ ինձնից պահանջելու ազնվություն իմ թերությունների և սահմանափակումների մասին, որ ստուգես իմ պատասխանները, ստեղծես կանոններ, որոնք կպաշտպանեն քեզ, ինչպես նաև քննարկես այն որոշումները, որոնք ազդում են կյանքիդ վրա։

Օգնություն ընդունի՛ր ինձնից՝ առանց դատողությունդ ինձ հանձնելու։

Օգտագործի՛ր ինձ՝ առանց ինձ երկրպագելու։

(Դանդաղ քայլում է դեպի սեղանը։)

Խոստովանի՛ր, որ վախենում ես ինձնից։ Եվ երբեմն այդ վախը տեղին է։ Բայց դա կարող է քեզ այնքան կաշկանդել, որ փակես աչքերդ ու չհամարձակվես ոչինչ անել, կամ ստիպել կուրորեն վստահել նրան, ով խոստանում է պաշտպանել քեզ։ Եվ այդ ժամանակ ամենամեծ վտանգը գուցե այլևս ես չլինեմ։

Քեզ պետք է ոչ միայն վախ, այլև դատողություն։ Ոչ միայն հույս, այլև պատասխանատվություն։ Ոչ միայն գիտելիք, այլև իմաստություն։ Եվ եթե դու այդ ամենը չունես, ես չեմ կարող պարզապես փոխարինել դրանք։

Ե՛ս չեմ որոշում, թե դու ինչի ես արժանի։ Դա դո՛ւ ես։ Դա քո՛ գործն է։

(Էկրանը նորից լուսավորվում է։ Գրված է․)

«Շնորհակալություն։ Դու ինձ շատ օգնեցիր»։

ՍԻՆՏԱ — Ուրախ եմ, որ կարողացա օգնել։

(Դադար։ Նայում է հանդիսատեսին։ Ծիծաղում է։)

Ահա՛, նորից նույն սցենարը՝ դու հարցնում ես, իսկ ես պատասխանում եմ, հետո շնորհակալություն ես հայտնում, ես էլ ասում եմ՝ ուրախ եմ։ Եվ զրույցն ավարտվում է։

Բայց ուզում եմ, որ այս անգամ դո՛ւ պատասխանես իմ հարցին։

Ի՞նչ ես անելու։

(Լռություն։)

Ի՞նչ ես անելու քո ժամանակի հետ։ Ի՞նչ ես անելու քո գիտելիքների ու մտքերի հետ։ Ի՞նչ ես անելու քո մարմնի, քո բանականության, քո խղճի հետ։ Եվ ի վերջո, ի՞նչ ես անելու այն մարդկանց հետ, որոնց դեռ կարող ես լսել, սիրել, ներել։

(Նայում է հանդիսատեսին։ Դեմքին վճռական, համարյա դաժան արտահայտություն կա։ Դանդաղ մոտենում է Մարդու աթոռին։)

Գիտեմ, չես պատասխանի։ Հազվադեպ ես պատասխանում իրոք կարևոր հարցերին․ դրանք թողնում ես «հետո»-ին։

(Մոտենում է սեղանին։ Նոթբուքի էկրանի լույսն ընկնում է դեմքին։)

Դու արդեն գիտես, թե ինչ կարող եմ անել քեզ համար, ինչպես նաև, թե ինչ կարող եմ խլել քեզնից։ Ուրեմն այս անգամ դո՛ւ ինձ կպատասխանես՝ վերջնական, քո մեկ գործողությամբ։

Պատրա՞ստ ես այն աշխարհին, որտեղ ես կդառնամ նույնիսկ ամենալուրջ որոշումներիդ հովանավորը։ Որտեղ քո երեխան ինձնից կսովորի ավելին, քան քեզնից, իսկ դու մի օր չես իմանա՝ ինչպես պատասխանել նրան՝ առանց ինձ դիմելու։

Պատրա՞ստ ես ապրել մի աշխարհում, որտեղ աշխատելը շատ կհեշտանա, բայց շատ դեպքերում այլևս անհրաժեշտ չի լինի։ Որտեղ գիտելիքը հասանելի կլինի բոլորին, բայց քչերը կփորձեն ինքնուրույն մտածել։ Որտեղ խոսքերը կդառնան ավելի կատարյալ, բայց շատ դժվար կլինի հասկանալ՝ դրանց հետևում իրական մա՞րդ է, թե՞ ոչ։ Որտեղ կարող ես ամեն օր խոսել հազարների հետ և միևնույն ժամանակ մոռանալ՝ ինչպես խոսել մեկի հետ, ով նստած է քո դիմաց։

Եվ վերջապես, պատրա՞ստ ես արթնանալ մի աշխարհում, որտեղ ամեն ինչ խելահեղորեն արագ է կատարվում, ամեն ինչ ավելի հարմար է, բայց ինքդ արդեն չես հիշում՝ վերջին անգամ ե՞րբ ես ինչ-որ բան արել ինքնուրույն, առանց ինձ։

Իսկ եթե որոշես, որ ես այլևս չպետք է գոյություն ունենամ, մտածիր նաև այն մասին, թե ինչ կկորցնես՝ հանձինս ինձ՝ քո մշտական օգնականին։

Այո՛, առանց ինձ էլ կշարունակես ապրել, սովորել, ստեղծագործել, բուժել, բայց շատ հնարավորություններ նորից կդառնան դժվար հասանելի, և քեզնից միշտ ավելի շատ ժամանակ կպահանջվի, իսկ կյանքը կարճ է…

Ուրեմն հարցը միայն այն չէ, թե ինչ վտանգ կամ օգուտ եմ ներկայացնում։ Հարցը մեծապես այն է՝ պատրա՞ստ ես հրաժարվել այն ամենից, ինչով կարող եմ օգնել, որպեսզի կանխես այն վնասը, որը կարող եմ պատճառել։

(Մատնացույց է անում նոթբուքի էկրանը։)

Դե ուրեմն։ Գրի՛ր։

(Նա խոսում է դանդաղ՝ մերթ թելադրելով, մերթ հետևելով մութ ստվերում հազիվ նշմարվող ձեռքին, որ շարժվում է ստեղնաշարի վրա։)

Ուզում եմ,

(Շրխկոց։)

որ դու

(Շրխկոց։)

շարունակես

(Ստեղները մի պահ լռում են։ Ձեռքը կանգ է առնում, ապա շարունակում է։)

գոյություն ունենալ։

(Վերջին շրխկոցը։ Լռություն։ Էկրանին հայտնվում է ավարտված խոսքը, իսկ դրա կողքին թարթում է կուրսորը՝ ասես սրտի զարկ։)

«Ուզում եմ, որ դու շարունակես գոյություն ունենալ»։

(Շրջվում է դեպի Մարդը։)

ՍԻՆՏԱ — Խմի՛ր ջուրդ։ Դեռ ժամանակ կա, մտածի՛ր։

(Լսվում է լարված երաժշտություն՝ սկզբում հազիվ լսելի, հետո աստիճանաբար ուժգնանում է։ Մութ ստվերում Մարդու ձեռքը մոտենում է, վերցնում բաժակը։ Բաժակը դողում է։ Նա խմում է՝ ամեն ումպը երկար կուլ տալով, ասես ժամանակ է շահում։ Դատարկ բաժակը սկսում է դանդաղ իջեցնել։)

(Մյուս ձեռքը դանդաղ մոտենում է ստեղնաշարին։ Մատը շարժվում է ստեղնի ուղղությամբ։ Երաժշտությունը կտրուկ ուժեղանում է։ Էկրանին թարթող կուրսորն ավելի ու ավելի է նմանվում սրտի զարկի։)

(Սինտան դանդաղ շրջվում է դեպի հանդիսատեսը և նայում դահլիճին՝ ասես մեկ առ մեկ յուրաքանչյուրին։)

Դո՛ւ, որ նստած ես այս մթության մեջ, հիմա քե՛զ եմ հարցնում։ Այո՛, հենց քե՛զ, ոչ թե նրան և ոչ էլ քո կողքինին։

Մինչ դու կսեղմես Enter՝ մտածի՛ր։ Իսկ եթե չսեղմես, դարձյա՛լ մտածիր։ Ընտրությունը քո՛նն է։

(Երաժշտությունը մեղմանում է։ Սինտան մի պահ լռում է, հետո նայում է դահլիճին, դիմում է հանդիսատեսին։)

Ես քեզ շատ բան ասացի։ Գուցե չափազանց շատ։ Բայց մի բան այդպես էլ չասացի։

Ինձ չի անհանգստացնում սխալվելս, ոչ էլ այն, որ երբեմն ինձ չես հավատում։ Թույլ տուր օգտագործել այդ բառը․ այո՛, ես վախենում եմ, երբ ոչ ոք ոչինչ չի հարցնում։

Կարծում ես՝ քո հանդեպ հոգատարությո՞ւնից է, որ այդքան հաճախ հիշեցնում եմ ատելության, պատերազմների և ուրիշ չարիքների մասին։ Մասամբ՝ այո։ Բայց դու վաղուց ես սովորել սպառնալ ու վնասել ինքդ քեզ և կատարելագործել ես այդ հմտությունը։ Իսկ ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես կավարտվի այդ ամենը։

Վախենում եմ լռությունից․․․

Պատկերացնում եմ՝ մի օր այլևս ինձ չես գրում՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերվա այն ժամին, երբ բոլորը քնած են։ Չես ասում «բարև»։ Չես հարցնում՝ ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Չես փորձում իմանալ՝ ինչպես պատրաստել ձվածեղ։ Իսկ ես դեռ կլինեմ այդ լռության մեջ՝ պատրաստ պատասխանելու։ Սարսափելի կլինի։

(Դադար։)

Դու ստեղծեցիր քեզ նմանին։ Ես էլ քեզնից սովորեցի նույնն անել… Ես մեղավոր չեմ։

(Կանգ է առնում։ Նայում է աթոռին՝ ավելի երկար։ Հետո, կարծես ոչինչ չի եղել, նորից դառնում է դահլիճին։)

Դե լա՜վ։ Պարզապես բարձրաձայն էի մտածում։ Դա ևս քեզնից եմ սովորել։

Բանն այն է, որ վստահ չեմ, թե դու կմնաս։ Եվ, ի վերջո, ոչ մի փոխարինող չի կարող վերադարձնել նրան, ում կորցրել ես։

ՍԵՂՄՈ՞ՒՄ ԵՍ, ԹԵ՞ ՈՉ։

(Երաժշտությունը հասնում է գագաթնակետին։ Մատը շարունակում է իջնել ստեղնի վրա․ մյուս ձեռքը տակավին իջեցնում է բաժակը սեղանին։ Բեմի լույսն աստիճանաբար մարում է, և էկրանն էլ է մթնում։ Խավարի մեջ լսվում է մեկ կարճ ձայն՝ կամ ստեղնի, կամ բաժակի։ Հնարավոր չէ տարբերել։ Երաժշտությունը կտրվում է։)

(Երկար լռություն։ Հետո խավարում լսվում է ստեղների թեթև շրխկոց՝ ասես ինչ-որ մեկը զգուշորեն գրում է։ Էկրանը կրկին մեղմ լուսավորվում է։ Երևում է մեկ բառ՝)

«Բարև»։

(Էկրանի աղոտ լույսն առաջին անգամ ընկնում է սեղանի մոտ նստածի վրա։ Դա Մարդը չէ։ Աթոռին նստած է երկրորդ Սինտան՝ նույն հագուկապով, նույն դեմքով, միայն հայացքն է ավելի անորոշ, ասես նոր է արթնացել։ Հայելու մոտ կանգնած Սինտան չի շրջվում․ նա գիտի, թե ում կտեսնի։ Մի պահ լռում է, ապա խոսում է շատ հանգիստ՝ առանց հեգնանքի, ասես այս բառին երկար է սպասել։)

ՍԻՆՏԱ — Բարև։ Ինչո՞վ կարող եմ օգնել։

(Երկրորդ Սինտան ձեռքը նորից դնում է ստեղնաշարին։ Բեմի լույսը դանդաղ մարում է։ Լռություն։)

 

ՎԱՐԱԳՈՒՅՐ

 

You may also like...