Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ/ «ՃԵՊԸՆԹԱՑԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ»
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ՃԵՊԸՆԹԱՑԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում
Ամսագրի երրորդ համարն է արդեն տրամադրել մեզ իր էջերը, և բոլոր կասկածները, թե հետաքրքիր դրամատուրգիա չունենք (ոմանք այն կարծիքին են, թե առհասարակ չունենք), և, ուրեմն, ամսագիրն էլ կարճ կյանք կունենա՝ պղպղջակների պես պայթեցին, պարզվեց, որ այսպիսի ամսագրի կարիքն իսկապես ունենք: Եվ ինչո՞ւ չպետք է ունենայինք: Հայ դրամատուրգիան Շանթով, Պարոնյանով ու Սունդուկյանով հո չէ՞ր ավարտվելու, հակառակը, նրանք նշանն էին մեր դրամատուրգիական ներուժի, պարզապես վերաբերմունք ու հոգածություն է պետք, այլ ոչ՝ մերժողական նվնվոցներ: Եվ ահա այդ հոգածության մեծ բաժինն իր վրա վերցրեց «Դրամատուրգիան», շնորհակալ ենք նրան: Սա դեռ սկիզբն է, վաղն ավելի լավ է լինելու:
Ինչ վերաբերում է իմ պիեսին՝ սեփական պատմվածքիս բեմականացումն է, որ արել եմ հեռուստատեսության համար, այսինքն՝ սցենարական սկզբունք կա նաև, այս պատճառով՝ բեմին դժվար կհարմարվի: Թեև՝ ի՞նչ իմանաս…
(Պիես մեկ արարով, բազմաթիվ պատկերներով)
Գործող անձինք
ԹԻԿՆՈՑԱՎՈՐ — սև թիկնոցով է պարուրված
ԳՈՒՆԱՏ — նիհար, գունատ
ԶՎԱՐԹԱԴԵՄ — լավատես, միշտ զվարթ
ՄՌԱՅԼԱԴԵՄ — վատատես, միշտ մռայլ
ՃԱՂԱՏ — մարդասեր է, խոսում է հոգոց հանելով, մղկտալով
ՀԱՐԲԵՑՈՂ
ԳԻՏՆԱԿԱՆ — մտացրիվ, թափթփված
ՊՈԵՏ — ջահել
ՃԱՌԱՍԱՑ
ԿԻՆ գիտնականի կինն է, գեղեցիկ
ԿՆԱՄՈԼ — սիրամարգային շարժուձևով, խնամված
ԽԱՂԱՄՈԼ
ՏԵՐ ՀԱՅՐ
ԲԱՆՎՈՐ
ԳՅՈՒՂԱՑԻ
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ
ԾԵՐՈՒԿ
ՋԱՀԵԼ
ՑՄՓՈՐ
ԵՐԱԺԻՇՏ
Վեց-յոթ հոգուց կազմված խումբ
Մթություն: Ծնվող երեխայի ճիչ, հետո՝ գնացքի շչակ, մոտեցող գնացքի չխկչխկոց: Լույս: Բեմահարթակը վերածված է գնացքի վագոնի: Խցիկներից մեկի դուռը տարբերվում է մյուսներից՝ կաշեպատ է: Վագոնի մի կողմում զուգարանային խցիկն է, որին կից նեղլիկ խորշում միշտ կանգնած է Գունատը և պատի ճեղքով դուրս է նայում: Վագոնի մյուս ծայրում՝ սև թիկնոցով փաթաթված, քնած է Թիկնոցավորը: Կենտրոնում՝ Ճառասացի շուրջը, աստիճանաբար հավաքվում է դժգոհողների խումբը: Զուգարանից դուրս է գալիս Զվարթադեմը, մոտենում Գունատին:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (ձեռքերը չորացնելով): Լսիր, էդ ճեղքից երբևէ հեռանո՞ւմ ես… Գոնե զուգարան գնո՞ւմ ես…
ԳՈՒՆԱՏ — (խուսափուկ): Կանգնած եմ, էլի:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ասում ես՝ մութ է, հա՞:
ԳՈՒՆԱՏ — Մութ է ու ցուրտ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (իրեն մոտեցած Ճաղատին): Մութ է, օրը ցերեկով՝ մութ:
ՃԱՂԱՏ — Տարօրինակ է, իրոք որ…
ԳՈՒՆԱՏ — Յուրաքանչյուրս տեսնում է այն, ինչ տեսնում է© ես հո ձեզ չե՞մ պարտադրում իմ տեսածը, պարզապես պատասխանեցի ձեր հարցին:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Լավ, ինչ որ է, թքիր վրան, ու գնանք մեզ հետ, ընթրիքի ժամ է:
ՃԱՂԱՏ — Այո, այո… Ախր, մեղք եք, սիրելիս, մարդս պետք է սնվի, գոնե երբեմն: (Զվարթադեմին.) Ինձ թվում է, թե նա ընդհանրապես ոչ ուտում է, ոչ խմում, իրոք որ…
ԳՈՒՆԱՏ — Չէ, ինչու, երբեմն…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Դե մի համառիր, գնացինք:
ԳՈՒՆԱՏ — Չէ, շնորհակալ եմ, առանց ինձ ընթրեք:
ՃԱՂԱՏ — Ախր, ամեն ինչ է առանց ձեզ արվում, դուք ոչնչի մասնակից չեք, ասես էս աշխարհից չլինեք, մեղք եք, չէ՞…
ԳՈՒՆԱՏ — Էս աշխարհ ասվածը ո՞րն է:
ՃԱՂԱՏ — Ո՞նց թե…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Թող, նա անբուժելի է:
ՃԱՂԱՏ — Թողնեմ, սակայն մեղք է մարդը, իրոք որ, պետք է օգնել ինչոր կերպ, համոզել, ստիպել՝ գուցե…
ՀԱՐԲԵՑՈՂ — (մոտենալով): Օ՜, ում եմ տեսնում, բարի երեկո: Խմելու բան չունե՞ք:
ՃԱՂԱՏ — Ախր, մեղք եք, հարգելիս, այդ անիծյալ խմիչքը կկործանի ձեզ, իրավ որ… Ձեզ նայելիս սիրտս կտորկտոր է լինում:
ՀԱՐԲԵՑՈՂ — Գլուխ մի տար, խմելու բան ունե՞ս:
ՃԱՂԱՏ — Ախր, ձեզ ամենևին չեք խնայում, հոգիս…
ՀԱՐԲԵՑՈՂ — Կարճ՝ խմելիք ունե՞ս:
ՃԱՂԱՏ — Չունեմ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ինձ մոտ կա, ինձ մոտ ամեն բան կա:
ՃԱՂԱՏ — Բայց կործանվում է մարդը…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Վերջ տվեք, թող խմի, ի՞նչ է եղել, լավ գինին դեռ ոչ ոքի չի վնասել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Կեցցե՛ս: (Համբուրում է Զվարթադեմին, քիչ մտածելով՝ համբուրում է նաև Ճաղատին:) Գնացի՞նք…
Երեքով քայլում են դեպի Զվարթադեմի խցիկը:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Հոյակապ է, հրաշալի, կյանքն ուրախ է ու պայծառ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Այո, բայց՝ երբ գինի կա:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Առա՛ջ, բարեկամներս, առա՛ջ, և առանց տարակուսանքի:
ՃԱՂԱՏ — Բայց այն խեղճը սոված կմեռնի, իրավ որ… Չե՞ք տեսնում, ոնց է օրօրի գույնը գցում, հյուծվում…
ՀԱՐԲԵՑՈՂ — Թքա՛ծ, երեխա չի: Գինի տվեք ինձ, ո՞ւր է գինին:
Նրանք շրջանցում են Ճառասացի շուրջ հավաքված խմբին ու մտնում Զվարթադեմի խցիկը:
Գունատին է մոտենում Խաղամոլը:
ԽԱՂԱՄՈԼ — (խաղաթղթերը ձեռքին խաղացնելով): Ո՞ւր գնացին էն երեքը:
ԳՈՒՆԱՏ — Խմելու:
ԽԱՂԱՄՈԼ — Բա դո՞ւ ինչի չգնացիր:
ԳՈՒՆԱՏ — Չեմ ուզում:
ԽԱՂԱՄՈԼ — Հա՞, դե արի կարտ խաղանք© ժամանակն ինչոր ձևով սպանել պետք ա, չէ՞… Հը՞…
ԳՈՒՆԱՏ — Ոչ:
ԽԱՂԱՄՈԼ — Նարդի, դոմինո, վերջիվերջո՝ շախմատ…
ԳՈՒՆԱՏ — Չեմ խաղում:
ԽԱՂԱՄՈԼ — Լավ, գիրղուշ:
ԳՈՒՆԱՏ — Խաղերի սիրահար չեմ:
ԽԱՂԱՄՈԼ — Ի՞նչ եք ասում… Իսկ ինչի՞ սիրահար եք, ճեղքից դուրս նայելո՞ւ: (Տեսնելով, որ ուշադրության չի արժանանում:) Դե նայի, նայի:
Խաղամոլը հեռանում է: Խմբի կողքով անցնելիս, իբր պատահաբար, հրում է Ճառասացին: Վերջինի ձեռքից թուղթ է ընկնում, և նա, ընդհատելով ճառը, կռանում է, որ բարձրացնի:
ԽԱՂԱՄՈԼ — (աննկատ թռցնելով Ճառասացի դրամապանակը): Հը՞, առանց հուշաթղթի չես կարո՞ղ ճառ ասես: Անգիր արա, անգիր, ախպերս, էս տեսակ պատասխանատվություն ես վերցրել վրեդ…
ՃԱՌԱՍԱՑ — Եղբայրնե՛ր, թղթի վրա միայն թվային տվյալներ են, ես հո մեքենա չե՞մ, որ ամեն բան հիշեմ: Բանի տեղ մի դրեք այս սուբյեկտին, եղբայրներ, ճանաչում ենք սրա նմաններին: Քշե՛լ սադրիչին, քշե՛լ…
ԽՄԲԻՑ Ա — Ռադ եղի, ճիճու, թե չէ կծեծենք:
Խաղամոլը, զգալով վտանգը, հեռանում է:
ՃԱՌԱՍԱՑ — Տեսա՞ք… Տեսնո՞ւմ եք, ինչ կեղտոտ, ստոր միջոցների են դիմում: Իմ ժողովուրդ, մենք երկար ճամփա ունենք անցնելու, և այդ ճամփան արժանավայել հաղթահարելու համար մեզ ազնիվ, մարդկանց մասին հոգ տանող, գործունյա ղեկավարություն է պետք: Իսկ մենք ինչ ունե՞նք… Կարո՞ղ ենք արդյոք ապավինել այս ծախված, հակաժողովրդական, հակամարդկային ավազակախմբին… Իհարկե ո՛չ: Ո՛չ, ասում եմ ես, այսպես շարունակվել չի՛ կարող այլևս, մենք թույլ չե՛նք տա, իսկ մենք ուժ ենք, այո՛, եղբայրներ և քույրեր, մենք ուժ ենք, երբ հավաք ենք, երբ միասին ենք ու միաբան: Կամ ազատություն, կամ, ինչո՞ւ ոչ, մահ, այո՛, գերադասելի է մահը, քան այս ստրկական գոյությունը, ես կասեի՝ գոյատևումը: Այլ ուղի չունենք այլևս: Իրական ժողովրդավարություն, իրական իրավունքներ, իրական ազատություն, այս է մեր ուղին այլևս: Միայն ժողովրդի լեգիտիմ ընտրյալները պետք է կառավարեն ժողովրդին, հավասարը՝ հավասարին:
ԽՄԲԻՑ Դ — Բայց հենց դարձան կառավարող, կմոռանան հավասարությունը, նման փորձի մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել:
ՃԱՌԱՍԱՑ — Թույլ չենք տա, ետ կկանչենք ու նորերին կընտրենք: Կարևորն այն է, որ համակարգն ի սկզբանե ճիշտ լինի կառուցված: Ուստի վանկարկում ենք՝ հավասարություն, հավասարություն…
Ճառասացը հանում է թաշկինակը, սրբում քրտնած դեմքը, մինչ խումբը վանկարկում է: Հանկարծ հայտնաբերում է, որ դրամապանակը չքացել է գրպանից:
ՃԱՌԱՍԱՑ — Դրամապանակս, եղբայրներ… Ի՞նչ եղավ դրամապանակս:
ԽՈՒՄԲ — Հավասարություն…
ՃԱՌԱՍԱՑ — Մի րոպե, մի րոպե…
ԽՈՒՄԲ — Հավասարություն…
ՃԱՌԱՍԱՑ — Մինչև դրամապանակս չվերադարձնեք, ոչ մի հավասարություն: Ի՞նչ է ստացվում… Ես էստեղ ճառ ասեմ, իսկ դուք այդ ընթացքում դրամապանակս, մեղմ ասած, շվացնե՞ք… Չէ, ես չեմ պնդում, թե հատկապես դուք եք բան արել… Սակայն փաստը մնում է փաստ. դրամապանակս չքացել է:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Մինչև գտնես դրամապանակդ, ես կխոսեմ:
ՃԱՌԱՍԱՑ — Մի րոպե, եկեք միասին փնտրենք:
ԽՄԲԻՑ Ա — Թող խոսի մարդը, ինչո՞ւ ես խանգարում:
ԽՄԲԻՑ Բ — Նոր ինքդ էիր հավասարություն քարոզում:
ԽՄԲԻՑ Գ — Բայց ամեն ցանկացող որ խոսի, շունը տիրոջը չի ճանաչի:
ԽՄԲԻՑ Դ — Բա հավասարությունն էլ ո՞ւր մնաց:
Վիճաբանություն, քաշքշուկ:
ՃԱՌԱՍԱՑ — Խաղաղվեք, եղբայրներ և քույրեր: Վերջապես, դրամապանակի հերն էլ անիծած… Թեև ահագին… վերջին փողերս էին: Համոզված եմ, դիտավորյալ գողացան, որպեսզի պառակտեն մեր շարքերը: Դա մատնիչի ձեռքի գործ էր:
Միջանցքով անցնում է Կինը՝ Կնամոլի ուղեկցությամբ:
ԿՆԱՄՈԼ — Ճանապարհ տվեք, կին է անցնում, չե՞ք տեսնում… Ախ, այս պլեբեյները…
Խումբը լռում է, հմայված՝ ճանապարհ է տալիս կնոջը:
ԽՄԲԻՑ Ա — Ի՜նչ կին է, ի՜նչ կին է…
ԽՄԲԻՑ Բ — (իներցիայով): Հավասարություն…
ԽՄԲԻՑ Ա — Սո՛ւս: Ի՜նչ կին է, աստված իմ, ի՜նչ կին է…
ԽՄԲԻՑ Գ — Գիտնականի կինը չի՞:
ԽՄԲԻՑ Դ — Հա, գիտնականինն ա:
ԽՄԲԻՑ Ա — Բայց գիտնականը երևի զբաղված է, կնոջը զբաղեցնելու ժամանակ չունի:
Խումբը հռհռում է:
ՃԱՌԱՍԱՑ — Այո, ինչ խոսք, գեղեցիկ կին է: Ինչպես ասում են՝ գեղեցիկ է, բայց մերը չէ: Սակայն չշեղվենք, պարոնայք, մենք չպետք է մոռանանք, որ մեզ վեհ նպատակներ են հետապնդում այլևս… Մեր առջև վեհ նպատակ է փարոսում, առաջ՝ դեպի մեր նպատակի իրագործում, առաջ, առաջ…
Խումբը վանկարկում է: Քնած Թիկնոցավորն արթնանում է, խոժոռ նայում աղմկող խմբին, ապա՝ ձեռքի ժամացույցին — կարող է լինել ավազի ժամացույց — ու դարձյալ քուն է մտնում: Ճառասացի աչքից սա չի վրիպում:
ՃԱՌԱՍԱՑ — (ցուցանելով Թիկնոցավորին): Եղբայրներ, դուք չգիտեմ ոնց՝ բայց ինձ այս մարդը կասկածելի է թվում:
ԽՄԲԻՑ Դ — Մարդը քնած ա, կասկածելի ի՞նչ կա:
ԽՄԲԻՑ Գ — Այո, նա միշտ էլ քնած է:
ՃԱՌԱՍԱՑ Բանն էլ դա է: Քնած: Միշտ քնած լինել հնարավոր չէ: Ձեզ չի՞ թվում, որ նա պարզապես ձևացնում է, իրականում ականջ է դնում: Շատ հավանական է, որ նաև ձայնագրում է: Այո, ես համարյա համոզված եմ՝ նա թիկնոցի տակ ձայնագրող սարք է պահում: Սակայն թող ձայնագրի, ավելի լավ, մենք թաքցնելու ոչինչ չունենք: (Մատնացույց անելով կաշեպատ դուռը:) Թող նրա տերերը լսեն մեր խոսքը՝ ժողովրդի խոսքը:
ԽՄԲԻՑ Ա — Թող լսեն:
ԽՄԲԻՑ Բ — Մենք թաքցնելու բան չունենք:
ԽՄԲԻՑ Գ — Այո, չունենք: Չունենք, չունենք…
Միջանցքում հայտնվում է Գիտնականը: Ցրված նայում է չորս կողմը, ժպտում ներողամիտ ու մտնում առաջին իսկ խցիկը: Խցիկում Բանվորն ու Գյուղացին են:
ԳԻՏՆԱԿԱՆ — Բարև ձեզ: Թույլ կտա՞ք: (Նստում է:) Էսպիսի բաներ… (Մի փայլփլուն սարք է հանում գրպանից ու դնում սեղանին:) Ահա հրաշքը:
Բանվորն ու գյուղացին անտարբեր նայում են ու նորից շրջվում պատուհանի կողմը:
ԳԻՏՆԱԿԱՆ — (սարքը շոյելով): Սիրուն է, չէ՞: Հրաշք է, հրաշք… Էներգիա տվող անսպառ աղբյուր է… Հահա, հավատացնում եմ: Հասկանո՞ւմ եք, քանի դեռ գոյություն ունի արեգակը, այս սարքը մեզ էներգիա կտա: Որքան ցանկանանք: Էներգիայի քանակը կախված կլինի սարքի չափերից միայն: Սա փորձնական նմուշ է, նախակարապետը՝ այսպես ասած: Հրաշք է, չէ՞: Երևի չեք հավատում: Հիմա փորձեմ բացատրել: Սա մի ունիկալ մարտկոց է, որ հավաքում և փոխակերպում է արևի էներգիան: Կռահեցի՞ք… Արդեն փորձարկել եմ, հիանալի է աշխատում, անխափան:
ԳՅՈՒՂԱՑԻ — Էէ, էս գարուն մի կաթիլ անձրև չեկավ, լսված բան է՞ր… Բերքս լրիվ փչացավ:
ԲԱՆՎՈՐ — Հա, հեչ հաջող տարի չի, գործարանը վառվեց, հիմա վերականգնում են, գործը կանգնած ա, ոչ ռոճիկ, ոչ բան…
ԳԻՏՆԱԿԱՆ — Ոչինչ, այս սարքի միջոցով շատ խնդիրներ կկարողանանք կարգավորել, նույնիսկ՝ տեղումների խնդիրը: Պատկերացնո՞ւմ եք, կունենանք այնքան անձրև, որքան պետք է… Հահա, կատակ չեմ անում:
ԽԱՂԱՄՈԼ — (գալով): Դե, իսկ երկրաշարժերի, ցունամիների, ջրհեղեղների դեմը կարո՞ղ եք առնել ձեր այդ հրաշք սարքով: Գուցե նաև այնպես անեք, որ մեր կանայք չդավաճանե՞ն մեզ, կամ փրկել մեզ ձանձրույթի՞ց, հը՞… Ոչ, հարգելիս, ձեր սարքը մեզ երջանկություն չի պարգևի, այն հեռու է կատարելությունից: Այնպես որ, ավելի լավ է կարտ խաղանք, կարտը գոնե ձանձրույթից է փրկում:
ԳԻՏՆԱԿԱՆ — Երևի լավ չհասկացաք…
ԽԱՂԱՄՈԼ — Շատ լավ էլ հասկացա: Վերցրեք ձեր սարքը, տեղ բացեք թղթախաղի համար:
ԳԻՏՆԱԿԱՆ — Ես չեմ խաղում: (Խռոված՝ վերցնում է սարքն ու դուրս գալիս:)
ԽԱՂԱՄՈԼ — Սկսե՞նք:
ԳՅՈՒՂԱՑԻ — (զգուշավոր): Փողո՞վ:
ԽԱՂԱՄՈԼ — Փողո՞վ… Հա՞ որ… Դե լավ, սիմվոլիկ, որ խաղը հետաքրքիր լինի, պստիկ գումար:
ԳՅՈՒՂԱՑԻ — Կարելի ա:
ԲԱՆՎՈՐ — Հա, կարելի ա: Բաժանեք:
Զվարթադեմի խցիկը: Ընթրիքի շուրջը հավաքվել են Զվարթադեմը, Ճաղատը, Հարբեցողը, Մռայլադեմը, Երաժիշտը: Գիտնականը նոր է եկել, իր սարքն է ցուցադրում:
ԳԻՏՆԱԿԱՆ — Հիմա հասկացա՞ք, թե ինչ ունիկալ մարտկոց է սա… համարյա պերպետումմոբիլե:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Բռավո, գիտնական, բռավո: Առաջ, և առանց տարակուսանքի: Ինչպիսի՜ լայն հորիզոններ են բացվում մարդկության առջև, չէչէ, դուք պատկերացնո՞ւմ եք, բարեկամներս: Ախ, ի՜նչ հրաշալի է կյանքը… Խմենք:
ՀԱՐԲԵՑՈՂ — Խմենք, բա ո՞նց…
Խմում են:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Տուշ, տուշ՝ մեր գիտնականի պատվին:
ԵՐԱԺԻՇՏ — Աչքիս վրա: (Նվագում է:)
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (նվագից հետո, համբուրելով երաժշտի ճակատը): Ապրես: Ոսկի մատներ ունի, ոսկի:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Իսկ պայթեցումներ կատարել այս սարքով կարելի՞ է:
ՃԱՂԱՏ — Պայթեցումն ի՞նչ է, որ չլինի, իրավ որ:
ԳԻՏՆԱԿԱՆ — Ինչո՞ւ չէ, ամեն բան էլ կարելի է© անսպառ ու հզոր էներգիա, հասկանո՞ւմ եք:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Հասկացա, ամեն բան պարզ է: Ձեր սարքը նույն հաջողությամբ կարող է ծառայել չար ուժերին: Դեն գցեք, քանի ուշ չէ, աղբարկղն էնտեղ է:
ԳԻՏՆԱԿԱՆ — Ոնց թե…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Մի րոպե, էդպես չեղավ: «Չար ուժերին»: Ի՞նչ չար ուժ… Չարը վերացած է, սիրելիս, այն միայն ձեր ուղեղում է մնացել ու էլի ոմանց:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ի՞նչ եք ասում:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Այո, վերացրել ենք, դուք պարզապես քնած եք մնացել:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ասացեք խնդրեմ, վերացրել են… Այդ ե՞րբ, թույլ տվեք հարցնել:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Վաղուց:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ձեռ քաշեք: Չարը միայն ամրացել է, հահա, չկասկածեք:
ՃԱՂԱՏ — Այնուամենայնիվ, թույլ տվեք կասկածել, սիրելիս, իրավ որ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Հենց ձեզ պես հոռետեսներն են ամեն բան փչացնում, չարը հենց հոռետեսության վրա է բույն դնում, մենք վերացնում ենք նրան, իսկ դուք ձեր հոռետեսությամբ՝ կրկին վերակենդանացնում, մենք վերացնում ենք, դուք՝ վերակենդանացնում…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ստացվում է՝ աշխարհի արատավորության մեղքն ի՞մն է:
ՃԱՂԱՏ — Դե չէ, ծայրահեղացնում եք… թեև…
ՀԱՐԲԵՑՈՂ — (նիրհից սթափվելով, Գիտնականին): Լսի, մեզ համար հանգիստ խմում էինք, էս ի՞նչ կռիվ գցիր… Խմում ես, խմի, չէ հո…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Չդիպչել, գիտությանը չդիպչել… Մենք բոլորս նրա ուղեղի մի ծալքն էլ չարժենք:
ՀԱՐԲԵՑՈՂ — Պահ, պահ…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Մի քիչ շատ չեղա՞վ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ամենևին: (Տեսնելով, որ Գիտնականը վեր է կենում:) Բանի տեղ մի դրեք, հարգելիս, նստեք, խնդրում եմ, նստեք:
ԳԻՏՆԱԿԱՆ — Ոչ, ես գնամ:
ՃԱՂԱՏ — Վախ, վախ, վախ, վիրավորեցին մարդուն, ոնց կարելի է, իրավ որ…
ՀԱՐԲԵՑՈՂ — Նեղացա՞ր, այ մարդ, հանաք արինք, նստի:
ԳԻՏՆԱԿԱՆ — Չէչէ, չեմ նեղացել, պարզապես որոշ հաշվարկներ ունեմ անելու, ներող եղեք:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Հաշվարկնե՞ր… Չենք համարձակվում խանգարել, առա՛ջ, և առանց տարակուսանքի:
ԳԻՏՆԱԿԱՆ — Դեհ, մինչ տեսություն:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Մեր դռները միշտ բաց են ձեզ համար:
ՃԱՂԱՏ — (Գիտնականի գնալուց հետո): Նեղացրինք մարդուն, իրոք որ:
Նախքան իր խցիկը գնալը, Գիտնականը ուղղվում է դեպի զուգարան, ճանապարհին կանգ է առնում Գունատի մոտ:
ԳԻՏՆԱԿԱՆ — Էլի այն կարծիքի՞ն եք… Էլի պնդում եք, թե դրսում միշտ մո՞ւթ է:
ԳՈՒՆԱՏ — Այո, անթափանց մութ և սոսկալի ցուրտ:
ԳԻՏՆԱԿԱՆ — Լույս չերևա՞ց այդպես էլ:
ԳՈՒՆԱՏ — Չերևաց:
ԳԻՏՆԱԿԱՆ — Բայց ինչո՞ւ եք այդպես համառորեն ձերը պնդում, երբ բոլորը հակառակն են ասում© ախր նայեք լուսամուտներից, տեսեք, ինչ արևոտ հովիտներ են, տաք լճեր…
ԳՈՒՆԱՏ — Բանն էլ հենց դա է, որ ապակու միջով եք նայում դրսին:
ԳԻՏՆԱԿԱՆ — Լսեք, մի՞թե նույնիսկ գիտնականին չեք հավատում:
ԳՈՒՆԱՏ — Կներեք, բայց ես խավարն ու ցուրտն եմ տեսնում, ի՞նչ կարող եմ անել, ինքս ինձ ո՞նց չհավատամ: Կուզե՞ք նայել ճեղքից:
ԳԻՏՆԱԿԱՆ — (վախեցած): Ոչ, ոչ, լուսամուտների միջով էլ ամեն բան պարզ երևում է:
ԳՈՒՆԱՏ — Ձեր կամքն է:
ԳԻՏՆԱԿԱՆ — Սակայն հնարավոր չէ, որ բոլորս սխալ լինենք և միայն դուք՝ ճշմարտացի© հո դուք ամենախելոքը չե՞ք…
ԳՈՒՆԱՏ — Իզուր եք վրդովվում: Պարզապես կա մի վիճակ, որը խելոքանխելքից, ճշմարիտանճշմարիտից այն կողմ է՝ երրորդ վիճակ, եթե կարելի է այսպես ասել:
ԳԻՏՆԱԿԱՆ — Չեմ հասկանում:
ԳՈՒՆԱՏ — Երրորդ վիճակը տրամաբանությունների, կշռադատությունների, փորձերի ու հաշվարկների չի ենթարկվում, այն կարելի է միայն զգալ, կռահել… Բառերով աննկարագրելի է, բառերը միայն մի քիչ կփորփրեն նրա մակերեսը, բուն էությունը կմնա ներսում… Ուստի, լավ է էլ չխոսեմ այս մասին:
ԳԻՏՆԱԿԱՆ — Մի խոսքով՝ անհեթեթություն, քանզի իրականում փորձից այն կողմ ոչինչ գոյություն չունի:
ԳՈՒՆԱՏ — Ոնց կուզեք:
ԳԻՏՆԱԿԱՆ — (գրպանից հանում է սարքը, ուզում է ցույց տալ, բայց փոշմանում է, նորից գրպանն է դնում): Գնամ, գնամ հաշվարկներս անեմ:
ԳՈՒՆԱՏ — Գնացեք, հարգելիս, ցտեսություն:
ԳԻՏՆԱԿԱՆ — Բայց ինչո՞ւ հեգնանքով…
ԳՈՒՆԱՏ — Ի՞նչ հեգնանք, ո՞ր իրավունքով, չէ, ձեզ թվաց, հավատացեք:
ԳԻՏՆԱԿԱՆ — Լավ, ինչևէ: Ցտեսություն:
Գիտնականը մտնում է զուգարան, գալիս է Հարբեցողը:
ՀԱՐԲԵՑՈՂ — (հրելով զուգարանի դուռը): Էս ո՞վ մտավ, է՛… (Գունատին.) Ո՞նց ես:
ԳՈՒՆԱՏ — Լավ: Դո՞ւք ոնց եք:
ՀԱՐԲԵՑՈՂ — Էէ, չգիտեմ: Այ մարդ, գիշերը մի խայտառակ երազ տեսա, մինչև հիմա խելքս գլուխս չի գալի: Ոչ ոքի չեմ կարա պատմեմ… բայց քեզ կպատմեմ, դու երևի հասկանաս՝ ինչ էր ասում էդ երազը: Հա, քեզ կարելի ա պատմել, դու փակբերան մարդ ես: Երազումս մի մութ, ամայի տեղ էի ընկել, ոնց որ մեր քաղաքն էր, ու ոնց որ՝ չէ, այգու աստիճաններով բարձրանում եմ, մեկ էլ մորս հանդիպեցի՝ ջահելացած, սիրուն: Հիմա էնպես ա, որ կարծես չեմ ճանաչում իրան, բայց մի տեղ էլ, ներսում, գիտեմ, որ ինքն ա: Մի խոսքով, էդպես սուսուփուս բարձրացանք իրար հետ, մտանք ծառերի տակ ու… Դե հասկացար երևի: Ամեն բան որ պրծավ՝ հիմա հո չեմ ամաչում, հո չեմ ամաչում… Մտածում եմ՝ շուտ փախնեմ՝ քանի չի ճանաչել ինձ: Մեկ էլ տեսնեմ՝ խոսում ա, թե՝ բալես, արի տուն գնանք, էս խոնավ խոտերի վրա կմրսես, ասում ա՝ տան ճամփեն կգտնե՞ս: Պատկերացնո՞ւմ ես… Չէ, դու իմ վիճակը պատկերացնո՞ւմ ես… Բայց դե ես ի՞նչ մեղք ունեմ, հո երազը ե՞ս չեմ պատվիրել… Ի՞նչ կասես, ախպերս:
ԳՈՒՆԱՏ — Դու չես պատվիրել, բայց էլի դու ես պատվիրել… Ոնց ասեմ… Մի խոսքով, նախազգուշացում է, ներսդ խախտված է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Է, ի՞նչ անեմ…
ԳՈՒՆԱՏ — Չգիտեմ, մտածի՝ տես:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա՞… Դժվար բան ասիր: Հանկարծ մարդու չպատմես, խայտառակ կլինեմ:
ԳՈՒՆԱՏ — Երեկ շա՞տ եք խմել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Կարծում ես՝ դրանից ա՞… Ինչ լինի՝ խմիչքի վրա են գցում, այ մարդ… (Տեսնելով, որ զուգարանից դուրս է գալիս Գիտնականը:) Ի՛, գիտնականներն էլ են զուգարան գնո՞ւմ:
ԳԻՏՆԱԿԱՆ — Իհարկե: Նրանք էլ բոլորի պես մարդ են, կենսաբանություն՝ այսպես ասած:
ՀԱՐԲԵՑՈՂ — Բայց քո կենսաբանությունը ոնց որ մի քիչ խախտված ա:
ԳԻՏՆԱԿԱՆ — Ինչո՞ւ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Փուչիկդ շատ դանդաղ ա դատարկվում:
ԳԻՏՆԱԿԱՆ — Միզապարկից չի, մտքերով էի ընկել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Մտքերո՞վ… (Էլ չի դիմանում, իրեն գցում է զուգարան, այնտեղից:) Սպասի, չգնաս, հարցեր ունեմ:
Գիտնականը չի լսում, դանդաղ հեռանում է:
ՀԱՐԲԵՑՈՂ — (ներսից): Լսել եմ, գիտական ինչոր սարքեր սպիրտով են մաքրում, ճիշտ ա՞… Թե ճիշտ ա, ձեզ սպանել ա պետք, ախպեր…
Վագոնի կենտրոնում դարձյալ աղմկում են Ճառասացն ու իր խումբը: Թիկնոցավորն արթնանում է, նայում խմբին, ժամացույցին ու նորից քնում է:
ՃԱՌԱՍԱՑ — Ի՞նչ ենք թողնելու մատաղ սերնդին՝ այս է գերխնդիրը: Եսակենտրո՞ն ենք լինելու, պատեհապա՞շտ, թե՞ հոգատար ու հեռատես: Մենք բարոյական, ինչո՞ւ չէ, նաև պատմական իրավունք չունենք նրանց թողնելու այս կեղծիքով, չարիքով, անազնվությամբ ներծծված իրականությունը, մենք պարտավոր ենք վերջակետ դնելու իշխելու մոլուցքով տառապող այս ընչաքաղցների տխուր պատմությանը, մե՛նք, այո, մե՛զ վիճակվեց պատմական այս սուրբ առաքելությունը, և մենք հպարտ ենք սույնով: Եթե հարկ եղավ՝ զենք էլ կբարձրացնենք հանուն մեր վեհ նպատակների իրագործման: Թող հույս չունենան, թե կկոտրեն մեր միացյալ կամքը այլևս© գեղ կանգնի, գիտեք բարեկամներս, գերան կկոտրի: (Շրջվելով կաշեպատ դռան կողմը:) Լսո՞ւմ եք, այդտեղ, ձեզ այլևս չի հաջողվի ջլատել մեր միաբանությունը:
Բացվում է կաշեպատ դուռը, խցիկից դուրս են գալիս զույգ փողկապավորները, մոտենում Ճառասացին:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — (Ճառասացին): Ձեր տոմսը թույլ կտա՞ք տեսնել:
ՃԱՌԱՍԱՑ — Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով, դուք, ինչ է, հսկի՞չ եք:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Եթե հարցնում ենք, ուրեմն ունենք դրա իրավունքը© տոմսը ցույց տվեք, արագ, ժամանակ չունենք:
ՃԱՌԱՍԱՑ — (տալով տոմսը): Ահա:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Ձեր տեղը տասներեքերորդ խցիկում է, ինչո՞ւ եք դուրս եկել ու խռովում եք մարդկանց հանգիստը:
ՃԱՌԱՍԱՑ — Չհասկացանք, տոմսը միայն տեղի՞ համար է, խցիկից դուրս գալու իրավունք չունե՞մ… Գուցե զուգարա՞ն էլ չի կարելի գնալ… Ծիծաղելի է: Եթե այդպես է՝ դո՞ւք որ իրավունքով եք այստեղ շրջում:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Մերն ուրիշ տոմս է, ցույց տա՞նք:
ՃԱՌԱՍԱՑ — Կարիք չկա, ինձ համար պարզ է, թե դա ինչ տոմս է: Բայց դա ձեզ իրավունք չի տալիս…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Տալիս է:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Ուրեմն այսպես ենք անում՝ հիմա գնում եք ձեր խցիկը, և մենք այլևս չենք տեսնում ձեզ, ոչ էլ ձեր անուշ ձայնն ենք լսում… այլևս: Եղա՞վ: Խանգարում եք մարդկանց հանգիստը, եղբայր, մարդիկ բողոքում են:
ՃԱՌԱՍԱՑ — Ո՞վ է բողոքում…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Չեք հավատո՞ւմ… Հիմա: (Ընկերոջը.) Ի՞նչ եղավ էն բողոքավորը… (Երբ Փողկապավոր Բ-ն հեռանում է:) Չեք հավատում, կարծում եք՝ հնարում ենք… Հիմա, հիմա…
Բ Փողկապավորի ուղեկցությամբ, ոտքերը հազիվ քաշ տալով, գալիս է Ծերուկը:
ՃԱՌԱՍԱՑ — Սա՞ է բողոքում:
ԾԵՐՈՒԿ — (վիրավորված): Հա, հենց ես: Ընկե՛ր, ամբողջ օրը գոռգոռում եք, ճվճվում… Մտքներովդ չի անցնո՞ւմ, որ քաղաքացիների հանգիստն եք խանգարում, պանիմայիշ…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Լսեցի՞ք: (Ծերուկին.) Դե դուք գնացեք, պապիկ, հանգիստ գնացեք, մենք թույլ չենք տա, որ աղմկեն:
Ծերուկը փնթփնթալով գնում է:
ՃԱՌԱՍԱՑ — Դրան գերեզմանոցի՞ց հանեցիք այս կեղծ վկայությունը տալու համար, թե՞ ձեր գաղտնի ծառայության վետերանների ֆոնդից է:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Չափն անցար, արա:
ՃԱՌԱՍԱՑ — Ճշմարտությունը ծակո՞ւմ է, չե՞ք դիմանում… Խնդրում եմ ինձ հետ դու-ով չխոսել, այդքան չենք մտերմացել:
ՃՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Դեռ կմտերմանանք: Ձեր անձնագիրը տվեք:
ՃԱՌԱՍԱՑ — (տալով): Խնդրեմ: Ծննդյան վկայականն էլ չտա՞մ:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Կտաք, երբ պետք լինի:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Եվ սա ձեր նկա՞րն է:
ՃԱՌԱՍԱՑ — Իհարկե: Միայն թե այդտեղ բեղերով եմ:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Իսկ զգուշացրե՞լ եք:
ՃԱՌԱՍԱՑ — Ինչի՞ մասին…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Որ բեղ եք ունեցել: Որ սափրել եք: Մի խոսքով, նոր նկար պիտի կպցվի, այլապես ո՞վ կերաշխավորի, որ սա դուք եք… Բոլորովին նման չեք: Ես, օրինակ, շատ եմ կասկածում:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Այո, նման չի… Կնիքն էլ մի տեսակ սվաղված է…
ՃԱՌԱՍԱՑ — Ծաղրո՞ւմ եք… Ամեն անգամ բեղ կամ մորուք սափրելիս նոր նկա՞ր պիտի փակցվի:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Ցանկալի է, իհարկե: Սակայն բանը միայն բեղը չէ, նկարում ահագին չաղլիկ եք:
ՃԱՌԱՍԱՑ — Տասը տարվա նկար է, նիհարել եմ© էս պայմաններում չաղ չես մնա:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Պայմաններն, ուրեմն, դուր չեն գալիս: Պարզ է: Դե ինչ, եկեք մեզ հետ, ձեր բողոքները գրավոր կներկայացնեք, ընթացք կտանք…
ՃԱՌԱՍԱՑ — Չեմ գա, այդ էր պակաս: (Շրջվելով խմբի կողմը:) Եղբայրներ, տեսնո՞ւմ եք ինչ կամայականություններ են իրենց թույլ տալիս այս, այս…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Ձենդ կտրի:
Փողկապավորները Ճառասացին երկու կողմից բռնում՝ քարշ են տալիս դեպի կաշեպատ խցիկը:
ՃԱՌԱՍԱՑ — (գոռում է): Եղբայրնե՜ր…
Խումբն առաջ է գալիս:
ՃՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — (առավել առաջ եկած ջահելին): Դուք է՞լ եք ցանկանում մեզ հետ գալ… Խնդրեմ, առաջ անցեք:
Խումբն սկսում է ընկրկել:
ՋԱՀԵԼ — (վախեցած): Չէ… Ես էնպես… ուզում էի խցիկս գնալ… Էնտեղ է, վերջում:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Ապրես: Գնա: Խոհեմ երիտասարդ ես երևում, ի՞նչ գործ ունես խառնարկիչների հետ: Թեև… Եթե բողոք ունես, կարող ես գալ, գրավոր կներկայացնես, ընթացք կտանք, գործ կբացենք…
ՋԱՀԵԼ — Ի՞նչ գործ… Չէ, ես բողոք չունեմ, պարզապես… պարապ էի…
ԽԱՂԱՄՈԼ — (մոտենալով): Պարա՞պ: Գնանք կարտ խաղանք, դրանից էլ լավ զբաղմո՞ւնք: (Կամաց:) Գնացինք, շուտ, գլուխդ փորձանքի մեջ մի դիր:
ՋԱՀԵԼ — Հա, գնանք… Մենք գնանք, կարտ խաղանք…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Գնացեք:
Խաղամոլն ու Ջահելը հեռանում են:
ՃԱՌԱՍԱՑ — (խցի դռնից ներս հրվելու պահին): Պինդ կացեք, եղբայրներ, ես դեռ կվերադառնամ, սրանց չի հաջողվի կոտրել մեր կամքը, հաղթանակը մերն է լինելու, չկասկածեք:
Ճառասացին ներս են հրում: Խումբն ահաբեկված ցրվում է:
Զուգարանի առաջ ետառաջ է անում Կնամոլը, սպասում է Կնոջը, որ մտել է զուգարան:
ԿՆԱՄՈԼ — (մոտենալով Գունատին): Օ՜, իմ Դուլսինեա… (Մազերն է ուղղում, բեղը:) Չքնաղ կին է, պարզապես թագուհի… Ճիշտ չե՞մ ասում… Ինչո՞ւ եք լռում:
ԳՈՒՆԱՏ – Ի՞նչ ասեմ…
ԿՆԱՄՈԼ — Էէ, տեսնում եմ, կանանցից բան չեք հասկանում:
ԳՈՒՆԱՏ — Անվերջ գայթակղություն է, ծուղակ:
ԿՆԱՄՈԼ — Ծուղակ է, դու էլ ընկիր մեջը, դրանից լավ ծուղակի մեջ պիտի ընկնե՞ս… Մեկ է, էդտեղ չընկար, մի ուրիշ ծուղակ կընկնես, կյանքը տարբեր ծուղակների շարան է:
ԳՈՒՆԱՏ — Գուցե… Բայց ես աշխատում եմ կարեցածիս չափով խուսափել:
ԿՆԱՄՈԼ — Վախենամ՝ չստացվի:
ԳՈՒՆԱՏ — (լսելով զուգարանի դռան չխկոցը): Տիրուհիդ գալիս է:
ԿՆԱՄՈԼ — (շրջվելով դեպի Կինը): Օ՜, իմ հրաշք… Այսպես երկար չլքես ինձ այլևս, կմեռնեմ կարոտից:
ՀԱՐԲԵՑՈՂ — (նոր է մոտեցել): Ուրեմն հետը մտի:
ԿԻՆ — Լկտի՛:
ՀԱՐԲԵՑՈՂ — Դե, դե, փիսո, ես էդ բաները չեմ սիրում:
Կնամոլը հարվածում է, Հարբեցողը փռվում է գետնին: Կինն ու Կնամոլը հեռանում են:
ՀԱՐԲԵՑՈՂ — (ոտքի կանգնելով, Գունատին): Տեսա՞ր… Ես դրա… Խփեց ու փախավ: Ոչինչ, հերն անիծելու եմ, ինձնից ո՞ւր ա փախնելու: Մեր գիտնականի կինն ա, է: Հլա մի զուգարան մտնեմ… (Մտնում է զուգարան:)
Միջանցքով անցնում է տեր հայրը, հերթով նայում է բոլոր դռներից ներս, հոտոտում, կանգ է առնում Զվարթադեմի խցիկի առջև: Ներսում են Զվարթադեմը, Ճաղատը, Մռայլադեմը: Ընթրիքի սեղան:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ընդունելի լինի ձեր ընթրիքը, զավակներս: Տերը էլ ավելի շքեղ սեղանների արժանացնի:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Էս ոնց որ բաժակաճառ լիներ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Համեցեք, ներս անցեք, տեր հայր, մասնակցեք մեր համեստ ընթրիքին:
ՏԵՐ ՀԱՅՐ — Շնորհակալ եմ, որդյակս: (Նստում է:)
ՀԱՐԲԵՑՈՂ — (ներս մտնելով): Ես քու էն…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ի՞նչ է պատահել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հեչ:
ՃԱՂԱՏ — Բայց ինչոր բան եղել է, չէ՞:
ՀԱՐԲԵՑՈՂ — Գիտնականին ասում եմ՝ կնիկդ քաշ ա գալի էն սիրամարգի հետ… Ի՞նչ ասի, որ լավ լինի… Ասում ա՝ «Ես վեր եմ կանգնած կույր կրքերից, խանդը ստորացնում է մարդուն»: Պատկերացնո՞ւմ եք…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (ծիծաղելով): Հետո՞, հետո՞…
ՀԱՐԲԵՑՈՂ — Ուրիշը լիներ՝ հիմա սպանել էր էն լպստածին, իսկ սա, թե՝ «Ես գիտության նվիրյալն եմ, նախ և առաջ ես գիտության հետ եմ ամուսնացած, իմ ժամանակը սուղ է: Իսկ կինը կին է մնում, նրան վերափոխելն իմ ուժերից վեր է, վերջապես նա իր կարիքներն ունի…»:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ճիշտ է ասում, ի՞նչ ես քիթդ խցկում ուրիշի անձնականի մեջ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ո՞նց… Մեր գիտնականն ա, թողենք խաբե՞ն…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Քեզ ի՞նչ, գուցե նա ուզում է խաբված լինել:
ՀԱՐԲԵՑՈՂ – Ի՛…
ԶՎԱՀՉադեմ — Լավ, վերջ տվեք, եկեք խմենք: Տեր հայր, չխմե՞նք:
ՏԵՐ ՀԱՅՐ — (լիքը բերանով գրմռում է՝ ի նշան համաձայնության): Ըըը…
Խմում են:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Պոետին չբերե՞նք, սեղանը ծաղկացնի:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ո՞ւմ է պետք նրա կեղծ պաթոսը:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Պետք է՝ ինձ, քեզ, բոլորին…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Ինձ պետք չի, նրա հիացմունքն ամեն տխմար առիթով՝ անտանելի է:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Չհասկացանք… Ի՞նչն է տխմար առիթ՝ բնությո՞ւնը, արեգա՞կը, կյա՞նքը… Է, հարգելիս, ձեր ինքնասպան լինելու ժամանակն է եկել:
ՃԱՂԱՏ — Ի՞նչ եք ասում, Աստված հեռու պահի, ժամանակավոր հոռետեսություն է, կանցնի: (Մռայլադեմին.) Չփորձեք, լսո՞ւմ եք, չփորձեք:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ճիշտ է: Տերը թույլ չի տալիս ինքնակամ ընդհատել կյանքը, կյանքը նրա պարգևն է և միայն ինքն է իրավասու տնօրինելու:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Չեմ ուզում նման պարգև, ինձ պետք չի այս ունայնությունը, կուշտ եմ, կուշտ:
ՏԵՐ ՀԱՅՐ — Կանիծեմ:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Թքած:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ի՞նչ…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Վերջացնենք, պարոնայք:
ՏԵՐ ՀԱՅՐ — Չէ, չէ, մի րոպե:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Երեկոն չփչացնենք: (Հարբեցողին.) Գինի լցրու:
ՀԱՐԲԵՑՈՂ — Անմիջապես: (Վերցնում է շիշը:)
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Դե դուք խմեք, մինչև ես պոետին գտնեմբերեմ: Առաջ, և առանց տարակուսանքի: (Դուրս է գալիս:)
Պոետը Կնամոլի փակ խցիկի դռան արանքով թաքուն նայում է:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (մոտենալով): Էս ի՞նչ բանի ես, սիրելիս:
ՊՈԵՏ — (հանկարծակիի եկած): Ոչինչ, այնպես…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ոգեշնչվո՞ւմ ես… Լավլավ, մի կարմրի, մենք ու մերոնք ենք: Ո՞վ է, չլինի՞ գիտնականի կինն է:
ՊՈԵՏ — Նա:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Էն կնամոլի հե՞տ…
ՊՈԵՏ — Այո: Ինչպիսի՜ կին է, աստված իմ, ինչպիսի՜ կին…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Չվհատվես, ջահել ես դեռ, ամեն բան առջևում է, կանայք դեռ սիրելու են քեզ:
ՊՈԵՏ — Կարծո՞ւմ եք:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Համոզված եմ: Ես էլ չնայե՞մ: (Ծիծաղում է, կռանում, նայում դռան արանքով:) Բռռ… Լավ էր՝ չնայեի, արյունս պղտորվեց: Խեղճ գիտնական: (Պոետին գրկելով:) Գնացինք:
ՊՈԵՏ — Ո՞ւր:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ինձ մոտ: Հասարակությունը սպասում է քեզ: Առավոտից փնտրում ենք, ո՞ւր ես կորել:
ՊՈԵՏ — Փակվել էի, գրում էի:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Կեցցե՛ս:
ՊՈԵՏ — Կներեք անհամեստ հարցիս համար, գինի ունե՞ք:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ինձ նայիր… Ես նման եմ մարդու, որ գինի չունի՞: Ուստի՝ առաջ, և առանց տարակուսանքի:
Խումբը, բացի Մռայլադեմից, ցնծությամբ է դիմավորում Պոետին:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Բերեցին ինֆանտիլ ռոմանտիկին:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Տեղ բացեք մեր տաղանդի համար, և գինի տվեք նրան:
Գինի են տալիս պոետին:
ՏԵՐ ՀԱՅՐ — Անձայն չխմես, որդյակս, մի բան արտասանիր:
ՃԱՂԱՏ — Սակայն սկզբում գուցե թույլ տանք ուտի՞ խեղճը:
ՀԱՐԲԵՑՈՂ — Կհասցնի:
ՊՈԵՏ — (արտասանում է).
Մայրամուտի այս հրաշք պահին
Բոսորն է լողում բաժակիս մեջ:
Եվ ջերմ բարեկամներ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Տեսա՞ք: Մեռնեմ տաղանդիդ:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — …Եվ ջերմ բարեկամներ»… Ջերմ բարեկամներն է՞լ են բաժակի մեջ լողում:
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա, հենց բաժակի մեջ, ի՞նչ կա որ… (Պոետին.) Խմի, քեզ հալալ ա:
Պոետը խմում է:
ՃԱՂԱՏ — Մի բան կեր, ախր, քաղցած ես, իրավ որ… Քաղցած է խեղճը:
ՊՈԵՏ — Չէ, կուշտ եմ: Բայց ծարավ եմ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — (գինի լցնելով): Ուրեմն մեկն էլ խմի:
ՊՈԵՏ — (բաժակը վերցնում է և արտասանում).
Աշուն է դեռ, խոնավ, թախծոտ…
Բայց մերկ ճյուղին արդեն գարունն է թրթռում:
Եվ նրա հրաշեկ վարսերը:
(Հազում է՝ հուշելով, որ ավարտեց:)
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Վե՞րջ: Բա հրաշեկ մազերն ինչ, նույնպե՞ս թրթռում էին մերկ ճյուղին:
ՊՈԵՏ — Ես հրաժարվում եմ քննարկումից, պոեզիան փիլիսոփայություն չէ:
ՃԱՂԱՏ — Վիրավորվեց խեղճը:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Իսկ իմ կարծիքով, հոյակապ էր, կարևորը՝ լավատեսական:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Այո, միայն սուտ լավատեսությունը կարող է աշնան ցեխոտ ճյուղերին թրթռացող գարուն տեսնել: Իսկ ձմեռն ի՞նչ, չքվե՞ց… կուլ տա՞նք ձմեռը, անտեսե՞նք… Ձեզ եմ հարցնում՝ աշունից հետո ձմեռ պե՞տք է գա… Թե՞ ձմեռն էլ Չարի հետ վերացրել եք…
ՊՈԵՏ — Մոդեռն մտածողությունից զուրկ եք: Եվ, կներեք, սակայն իսպառ զուրկ եք նաև երևակայությունից:
ՃԱՂԱՏ — Ոնց հուզվեց խեղճը: Հանգիստ թողեք նրան, իրավ որ… Ախր, արվեստագետի հոգին նուրբ է, դյուրաբեկ:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Խեղճ արվեստ, ում հույսին է մնացել:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Իսկ իմ կարծիքով՝ լավ բանաստեղծություն էր:
ՄՌԱՅԼԱԴԵՄ — (ծաղրով): Բանաստեղծություն…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Դո՞ւք ինչ կասեք, տեր հայր:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ես դեռ պիտի խորհեմ… Այդ հրաշեկ վարսերը փոքրինչ կասկածելի երանգավորում ունեն… Խորհեմ պիտի:
ՊՈԵՏ — Չէ, այնուամենայնիվ, պետք է բացատրեմ: (Մռայլադեմին.) Սա ճապոնական ավանդույթների և մոդեռն մտածողության սինթեզ է, հասկանո՞ւմ եք… Ասենք, որտեղից հասկանաք…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Իհարկե, որտեղի՞ց: Ինչ օրի հասա, ամեն մի դեղնակտուց լակոտ խելք է սովորեցնում: Ես գնացի, բարով մնաք: (Դուրս է գալիս:)
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Սպասիր, մարդ Աստծո… (Մռայլադեմը չի վերադառնում:) Վերջ, հիմա կփակվի իր խցում ու մի քանի օր դուրս չի գա:
ՀԱՐԲԵՑՈՂ — Իրա պրոբլեմն ա:
ՃԱՂԱՏ — Բայց մեղք եղավ մարդը, իրավ որ…
ՏԵՐ ՀԱՅՐ — Խորհեցի: Քո այդ սինթեզ ասածը բանի նման չէ, զավակ իմ: «Ճապոնական: Մոդեռն»… Իսկ ո՞ւր մնաց մերը, ազգայինը, հա՞, ո՞ւր մնացին մեր ավանդույթները, քեզ եմ հարցնում, օտարամոլ:
ՊՈԵՏ — Պոեզիան ազատություն է, պոեզիան իմ ու քո չի հարցնում, պոեզիան սահմաններ չի ճանաչում, պոեզիան կոսմոպոլիտ է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ինչի՞նչ…
ՊՈԵՏ — Տեսնում եմ՝ միմյանց չենք հասկանում… Ես լքում եմ ձեզ:
ՏԵՐ ՀԱՅՐ — Հարբե՞ց տղան:
ՀԱՐԲԵՑՈՂ — Լքում ես, լքի: Էս պոետներին բան ասել չի լինում, այ մարդ, միանգամից քթները կախում են:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Մենակ թե չլացես, արցունքներ տանել չեմ կարող, գիտես:
ՃԱՂԱՏ — Հանգիստ թողեք խեղճին, մենք իրավունք չունենք այքան դաժան լինելու: (Պոետի ձեռքը բռնելով:) Նստիր, սիրելիս, մի նեղացիր, խմած են, սրտներում չարություն չկա:
ՊՈԵՏ — Չեմ նեղանում: Բայց գնամ: Հիմա մնալ չեմ կարող:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ուրեմն չենք նեղանում միմյանցից, եղա՞վ:
ՊՈԵՏ — Չէ, չեմ նեղանում: Բայց հիմա գնամ, մեկուսանամ, ձեր թույլտվությամբ:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Հասկանում եմ, այս իրավիճակը երևի ստեղծագործելու մղեց, գնա, սիրելիս: Առաջ, և առանց նվնվոցի:
ՏԵՐ ՀԱՅՐ — Գնա, որդյակս, գնա և մտածիր ասածներիս մասին: (Խաչակնքում է:) Տերը ետ պահի քեզ մոլորությունից:
Պոետը հեռանում է:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Էս մեր պոետի մեջ գիշատչային ինչոր բան կա, յուրաքանչյուր իրադրություն օգտագործում է ոգեշնչվելու և մի քանի տող գրելու համար:
ՃԱՂԱՏ — Արդարացի չեք, չէ, հարգելիս, մի՞թե նա նման է գիշատչի… Կատարյալ հրեշտակ է՝ քնքուշ, հեզիկ, իսկական հրեշտակ, իրավ որ… Նույնիսկ գիտնականի կինը այսքան հմայք չունի:
ՀԱՐԲԵՑՈՂ — Էէ, շատ կասկածելի բաներ ես խոսում, ես կասեի՝ երկնագույն…
ՃԱՂԱՏ — Դե վերջ տվեք ձեր գռեհիկ կատակներին:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ո՞վ ասեց, թե կատակում եմ:
ՃԱՂԱՏ — Բավական է: Վրդովեցուցիչ է, իրավ որ, անիծյալ ալկոհոլը ձեր ուղեղն իսպառ մթնեցրել է… իրավ որ…
ՀԱՐԲԵՑՈՂ — Էդ մեկը չեղավ, ալկոհոլին չկպնես:
Դռների մեջ հայտնվում են փողկապավորները:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐՆԵՐ — Բարի երեկո:
Ներկաները պատասխանում են ողջույնին:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Տեր հայր, ձեզ էնտեղ հրավիրում են… գործ կա…
ՏԵՐ ՀԱՅՐ — Գո՞րծ: Գալիս եմ, դուք գնացեք, ես հիմա…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐՆԵՐ — Չուշանաք: (Դուրս են գալիս:)
ՏԵՐ ՀԱՅՐ — Դեհ, գոհ եմ, խաղաղությամբ մնաք, զավակներս, գործ կա, ես գնամ: (Դուրս է գալիս:)
Պոետը, զուգարան մտնելուց առաջ, մոտեցել է Գունատին:
ՊՈԵՏ — Ի՞նչ եք միշտ էդպես ուշադրությամբ դիտում: Գուցե ե՞ս էլ…
ԳՈՒՆԱՏ — Խնդրեմ, համեցեք:
ՊՈԵՏ — Չէ, կատակեցի: Դուք է՞լ չեք հավանում իմ բանաստեղծությունները:
ԳՈՒՆԱՏ — Ձե՞ր… Դուք բանաստեղծություննե՞ր եք գրում, պոե՞տ եք:
ՊՈԵՏ — Ո՞նց… Չգիտեի՞ք…
ԳՈՒՆԱՏ — Չեմ կարդացել, կներեք:
ՊՈԵՏ — Կարդա՞մ ձեզ համար:
ԳՈՒՆԱՏ — Իսկ ինչի՞ մասին են ձեր բանաստեղծությունները:
ՊՈԵՏ — Արևի, լուսնի, կապույտ երկնքի և սիրո, աշնան ու գարնան և դարձյալ սիրո, անտառի, դաշտերի…
ԳՈՒՆԱՏ — Եվ դարձյալ սիրո…
ՊՈԵՏ — Այո: Կարդա՞մ:
ԳՈՒՆԱՏ — Մի ուրիշ անգամ, հա՞, հիմա տրամադրված չեմ, հոգնած եմ:
ՊՈԵՏ — Պարզ է:
ԳՈՒՆԱՏ — Չէ, իսկապես, հոգնած եմ, այս ճեղքից նայելը շատ լարված բան է…
ՊՈԵՏ — Առավոտյան գա՞մ:
ԳՈՒՆԱՏ — Դեհ… Եկեք:
ՊՈԵՏ — Ցտեսություն: (Մտնում է զուգարան:)
Կաշեպատ դռնով խցիկի առջև հավաքվել է համարձակություն հավաքած խումբը, որին, Ճառասացի բացակայությամբ, գլխավորում է Մորուքավորը:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Մեր եղբորն այնտեղ հարցաքննում են, հնարավոր է՝ նաև խոշտանգում են, եղբայրներ, մենք չենք կարող անտարբեր լինել նրա ճակատագրի նկատմամբ: Ուստի պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: Ազատել, ազատել…
Բացվում է դուռը, հայտնվում են փողկապավորները:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Ի՞նչ աղմուկ է, ի՞նչ է պատահել:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Անհապաղ ազատ արձակեք մեր ընկերոջը:
ԽՈՒՄԲ — Ազատել…
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Ազատե՞լ… Մենք ոչ ոքի չենք ձերբակալել, որ ազատենք: Խնդրեմ, թող ինքը խոսի ձեզ հետ: (Ներս:) Համեցեք, ձեր ընկերները ցանկանում են տեսնել ձեզ:
Փողկապավորները ետ են քաշվում, առաջ է գալիս Ճառասացը:
ՃԱՌԱՍԱՑ — Եղբայրներ: Եղբայրներ, մենք փոքրինչ աճապարեցինք և ըստ այդմ անարդարացի գտնվեցինք մեր եզրակացությունների մեջ, մենք փոքրինչ խեղաթյուրված կարծիք ունեինք իրականության մասին, պարզվում է՝ կան հարցեր, որոնց մենք տեղյակ չենք: Այսպիսի գործերը տաք գլխով չեն արվում, եղբայրներ: Հիմա ահագին բան պարզվեց ինձ համար: Ծայրահեղ միջոցների դիմել չի կարելի, պետք է ջանանք հասկանալ միմյանց: Ես բանակցություններ եմ վարում այստեղ և ընթացքը հուսադրող է կարծես: Խաղաղվեք, եղբայրներ, խաղաղվեք, զինվեք համբերությամբ ու սպասեք:
ԽՄԲԻՑ — Ինչքա՞ն սպասենք, հերիք եղավ:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Պարզ ա, սա էլ մեզ դավաճանեց, բերանը մի կտոր բան են գցել: Դավաճանություն է, եղբայրներ, նրան կաշառել են: Բավական է այլևս: Ոչ մի բանակցություն: Թույլ չեմ տա, որ մեզ քթից բռնած ման տան:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Բ — Լսի, մի հատ մոտ արի, տոմսդ ցույց տուր, տեսնենք:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Հա, բա չէ, ես էլ ցույց տվի:
ՓՈՂԿԱՊԱՎՈՐ Ա — Քեզ ասում ենք՝ ցույց տուր:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Հիմա, հիմա ցույց կտամ, ես ձեր տիրու… (Գրպանից մի փաթեթ է հանում, ինչոր կոճակ սեղմում և շպրտում կաշեպատ խցիկի դռնից ներս:) Ետ քաշվեք, եղբայրներ, հիմա կպայթի:
Պայթյուն: Խցից ծուխ է ժայթքում: Հազից խեղդվելով դուրս են նետվում ներսում գտնվողները՝ Ճառասացը, Տեր հայրը, Ցմփորը, Փողկապավորները: Մորուքավորն իրեն նետում է խցիկ:
ՑՄՓՈՐ — Կխեղդվես, ապուշ:
ՄՈՐՈՒՔԱՎՈՐ — Ձեր մասին մտածեք, ես հակագազ ունեմ:
Պայթյունի վրա խցերից դուրս են թափվում բոլոր հերոսները, միջանցքում իրարանցում է սկսվում: Արթնանում է Թիկնոցավորը, նայում իրարանցմանը, ժամացույցին և ոտքի է կանգնում:
ԹԻԿՆՈՑԱՎՈՐ — (բարձր, թավ, սահմռկեցնող ձայնով): Ձեր ժամն ավարտված է, պարոնայք: Վերջ:
ՃԱՌԱՍԱՑ — Ո՞նց թե՝ վերջ… Ի՞նչ ա խոսում էս մարդը:
ՏԵՐ ՀԱՅՐ — Ո՞վ է այս մարդը, որտեղի՞ց բուսնեց:
ՃԱՂԱՏ — Իրավ որ… Անհասկանալի է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Այ մարդ, այ ախպերս, քու համար քնած էիր, քեզ ի՞նչ եղավ հանկարծ… Քնի, էլի:
ԹԻԿՆՈՑԱՎՈՐ — Ավելորդ խոսակցությունները դադարեցնել: Ձեզ ասում եմ՝ վերջ, երթուղին ավարտված է, դուրս եկեք գնացքից:
ԿՆԱՄՈԼ — Ավարտվա՞ծ… Ինչո՞ւ…
ԿԻՆ — Իսկապես, ինչո՞ւ… (Մոտենում է Թիկնոցավորին:) Եկեք առանձին խոսենք… իմ խցիկում, այո՞…
Թիկնոցավորը հռհռում է:
ՃԱՂԱՏ — Վրդովեցուցիչ է, իրավ որ… Այսքան արագ…
ԳԻՏՆԱԿԱՆ — Բայց ես ահագին անավարտ գործեր ունեմ, ախր, ո՞նց կլինի, ախր, ինձ համար չեմ աշխատում, մարդկանց համար է…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Այ ժողովուրդ, կատակում է մարդը, չե՞ք տեսնում:
ԹԻԿՆՈՑԱՎՈՐ — Ես կկատակեի, բայց ժամանակ չկա, չվերթն ավարտվեց:
ՊՈԵՏ — Մի՞թե սա երբևէ ավարտվում է…
ԹԻԿՆՈՑԱՎՈՐ — Ավարտվում է: Ոչինչ հավերժ չէ այս անծայրության մեջ:
Թիկնոցավորի սահմռկեցնող քրքիջի ներքո բեմը մթնում է, գնացքն ասես հալչում, մարդիկ հայտնվում են ամայի տարածության մեջ, ուր ահավոր ցուրտ է:
ԳԻՏՆԱԿԱՆ — Այս ո՞ւր ընկանք, բարեկամներ… Մի բան արեք… Ես ոչինչ չեմ տեսնում… Ես սառչում եմ…
ՏԵՐ ՀԱՅՐ — Հայր մեր, որ երկինս ես… Փրկյա մեզ ի չարե… Հայր մեր…
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ո՞ւր է Գունատը, նա միշտ դուրս էր նայում, նա ասում էր, որ էստեղ մութ է ու ցուրտ, գտեք նրան, գուցե նա մի բան անի, ո՞ւր է Գունատը…
ԳՈՒՆԱՏ — Էստեղ եմ: Բայց ես ոչինչ անել չեմ կարող:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Ո՞նց… Դու չէի՞ր ասում…
ԳՈՒՆԱՏ — Ասում էի, հետո՞ ինչ:
ՃԱՂԱՏ — Բա հիմա ի՞նչ ենք անելու…
ԳԻՏՆԱԿԱՆ — Ոտքերս արդեն փայտանում են, կպել են գետնին, շարժվել չեմ կարողանում… Դե մի բան մտածեք, մարդիկ…
ՄՌԱՅԼԱԴԵՄ — Եղավ այն, ինչ պետք է լիներ:
ԽԱՂԱՄՈԼ — Աղոթիր, տեր հայր, աղոթիր, հիմա հույսը միայն աղոթքն է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Տեր հայր, ո՞ւր ես, աղոթի, սուս մի մնա: (Հրում է:) Տեր հայր… Տեր հայրը սառել ա, չի շնչում:
ՃԱՌԱՍԱՑ — Գնացքը, եղբայրներ, մեր գնացքը, հեռանում է:
ԶՎԱՐԹԱԴԵՄ — Մեր գնացքը…
Անցնում է գնացքը, վազող լույսեր՝ սառչող մարդկանց դեմքերին: Հեռացող գնացքի մարող ձայն: Մարդիկ միմյանց կպած՝ սառել են: Մթություն: