ԵՂԵԼ ԵՆ, ՉԵՆ ԵՂԵԼ, ԿԱ՛Ն… / Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իբրև նախաբան
Վաղ տարիքից Գոշի, Այգեկցու առակներն ուղեկցում են մեզ: Ձևով՝ խտացված, ասելիքով՝ խորն իմաստային, բովանդակությամբ՝ հեշտ մտապահվող պատմությունները շատ նյութ են տալիս ընթերցողի մտքին, հոգուն:
Երեկ այդպես էր, այսօր այդպես է, վաղն այդպես կլինի:
Ժամանակին Նիկողայոս Մառը հայկական միջնադարյան ձեռագրերի հիման վրա հրատարակեց «Վարդանի առակների ժողովածու»-ն, ուր մեկտեղված էին Այգեկցու ավելի քան երեք հարյուր առակներ: Մառի հրատարակությունից քառասուն առակ աշխարհաբարի վերածեց և ծանոթագրություններով հրատարակեց Ակսել Բակունցը՝ «Աղվեսագիրք» խորագրով: Սրանում տեղ գտածների գեղարվեստական ազատ թարգմանությունները կրում են արձակագրի ստեղծագործական դրոշմը:
«Եղել են, չեն եղել, կա՛ն…» խորագրով բեմականացման մեջ ներառված ընդամենը երեք առակներն, ըստ իս, լավագույնս են վեր հանում մասնավոր մի դեպքից ընդհանրականին, համազգային-համաժողովրդականին, ինչո՞ւ ոչ՝ համամարդկային նշանակության հարցերին բերող խոհերը:
Փորձել եմ ընդգծել մեզ համար այսօր առավել կարևորը՝ անհատ-մարդ-ազգ-ժողովուրդ գիծն առաջ մղելու միջոցով, հիմնական ասելիքն էլ՝ բախտ-խելք-խելացի ընտրություն պատգամի նման հնչող ճշմարտությունը նորից ու դարձյալ շեշտելով:
Ընթերցողն անշուշտ կնկատի, որ առաջարկվածը զուտ բեմականացում չէ. հեղինակայինն, այնուամենայնիվ, գերիշխող է:
Մնացյալն արդեն թող ստեղծագործությունն ասի:
Խորին շնորհակալությունս տիկին Կարինե Խոդիկյանին՝ Թատրոն-Դրամա.am կայքի ընթերցողներին առաջին անգամ ներկայանալու, նրանց հետ հանդիպման
հրաշալի հնարավորության համար: Պարտավորեցնո՛ղ է:
Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՂԵԼ ԵՆ, ՉԵՆ ԵՂԵԼ, ԿԱ՛Ն…
Հեքիաթ կամ իրականություն՝ ժամանակի պես առանց ընդմիջման.
գալիս է երեկվանից, անցնում է այսօրով, գնում է դեպի վաղը
(Վարդան Այգեկցու «Անզգամ կին», «Այծեր և գայլեր», «Եղեգն և ծառեր» առակների ազատ մշակումների կիրառմամբ: Երևան, մարտ, 2025 թ.)
Գործող անձինք
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ — Ծերունու օգնական տղա
ՍԵՎԱԶԳԵՍՏ — Ծերունու օգնական տղա
ՀՈՒՍԵՓ — մշակ Սիմոնի որդի, յոթը պորտով մշակ
ՈՒՐԻ — Հուսեփի կինը
ԵՐԿՈՒ ԿԵՌՆԵԽ — երկվորյակներ, գործողության ընթացքում միաբերան (միակտուց)
դայլայլող լրաբեր Չքչքաններ: Վերջում առանձին ծլվլացող՝ իբրև Ա ԿԵՌՆԵԽ ու Բ ԿԵՌՆԵԽ
ԳՅՈՒՂԱՑԻ ԿԱՆԱՅՔ — հասարակ, քիչ ու միչ կարդացած, ուրախացող, հոգու խորքում նախանձող, բամբասող, քծնող…
ՍՐՏՈՏ ԿԻՆ
ԳՅՈՒՂԱՑԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ — ծանրումեծ, քիչ ու միչ ուրախացող, մեծավ մասամբ՝ կոշտ ու կոպիտ, բացահայտ կամ թաքուն նախանձող…
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՔԱՀԱՆԱ
ՆՎԱԳՈՂՆԵՐ- զուռնաչի, դհոլչի
ԹԱԳԱՎՈՐ — անունը՝ Տոնապետ, որ հունաց մեջ հանդիպող Կիրիակոս – Կիրակոսից է, ու հայոց մեջ ևս վաղուց գործածում ունի
ԱՅԾԵՐ — ծանրութեթև անելու հետ առանձնապես սեր չունեցող, հեշտ միամտացող, մի բուռ խոտով բավարարվող այծերի ազգից
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ
ԳԱՅԼԵՐ — խորամանկության համոզմունքն ուխտած գայլերի ցեղից
ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱՅԼ
ՀՈՎԻՎ — գործից հասկացող, պատասխանատու, գիրք բացող
ԵՐԿՈՒ ԳԱՄՓՌ — հովվի հավատարիմ օգնականներ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴ
Օրվա ծնունդ: Արև: Դայլայլ: Բացատ: Անդորր:
Երկու առույգ, պարթև տղա, ուսերին ցուցանակներ դրած, հետևում են նոր օրվա հետ կրկին աշխուժացած Բախտ Ծերունուն: Հագին եղած, երկար փիլոն հիշեցնող հանդերձը երկու գույն ունի՝ ուղիղ կեսը սև, մյուս կեսն սպիտակ: Ծերունին հարմար տեղ է փնտրում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (տեղը գտնում, հավանություն է տալիս): Հենց էն է, ինչ պետք էր: (Ուրախացած շփում է ձեռքերն ու դիմում ուղեկցող տղաներից նրան, ով ոտքից գլուխ միայն սև շորերով է:) Դո՛ւ, Բախտի մռայլ էջերը գրառող, անտառն էնտեղ դիր:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – Խոսքդ ինձ օրենք, Բա՛խտ Ծերունի:
Սևազգեստ օգնականը ցուցանակը տանում դնում է Ծերունու հրամայած կողմում: Կարդում ենք «Թավ անտառ»: Ու թավ անտառ է բուսնում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Սպիտակազգեստին): Դո՛ւ, լուսավոր պահերը լրացնող, պալատն էնտեղ տեղավորիր:
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – Խոսքդ՝ օրենք:
Սպիտակազգեստն իր ցուցանակը դնում է անտառի դիմաց: Կարդում ենք՝ «Թագավորական պալատ»: Ու պալատն է կանգնում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Գոհ եմ: Գնանք, գործի անցնենք: Տեսնենք, թե աստծո պարգև օրը մեզ ո՞ւմ կբաշխի:
Սև-Սպիտակազգեստ օգնականները վազում, որտեղից որտեղ մի մեծ կոճղ են գտնում, հրելով բերում, դնում են բացատի վերին գլխին, մի բարձր տեղ, ու երբ Ծերունին աշխուժությամբ առոք-փառոք բազմում է կոճղին՝ սա մեկեն անսովոր գահ է դառնում: Օգնականները պատվո պահակ են բռնում կոճղ-գահի աջ ու ձախ թևերում:
Ձայն է լսվում. ոչ երգ է, ոչ հառաչ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (ձգվում, ձեռքն աչքերին հովան է անում, նայում ձայնի կողմը, ուրախանում է): Գիտեի, չէ՞… Մեծ Ճամփաբաժանն առանց անցվորի չի մնում: Թող մի գա, տեսնենք՝ ուզածն ինչ էր, ու ինչ է ստացել, որ դժգոհ է:
Ախ ու վախով, հառաչելով ու քրթմնջալով, ինքն իր հետ կռիվ տալով, հաստ պարանին ծանր քար կապած, պարանն էլ՝ ուսին, առաջանում է մի մարդ: Տեսքից չես ասի, թե չարքաշ, տանջահար, աղքատ մարդ է. չէ՛, ճիշտ հակառակը՝ հագած-կապած, պինդ ու ջահել, բայց… տխուր:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հուսե՜փ… Բարին քեզ հետ…
ՀՈՒՍԵՓ – (մեխվում է տեղում, խաչակնքում է): Սատանա՞ ՜…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Թո՛ւ, չարք, թո՛ւ… անունը չլսե՛մ:
ՀՈՒՍԵՓ – Բա դու ո՞վ ես… սատանա չե՞ս…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Շրջվի՛ր ու տես:
Երբ մարդը շրջվում, տեսնում է Ծերունուն ու օգնականներին, հանգիստ շունչ է առնում:
ՀՈՒՍԵՓ – Ա՛յ ալևոր, հոգիս բերանս բերիր, է՜…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հիմա՜ պատ-մի՛ր:
ՀՈՒՍԵՓ — Ի՞նչը…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ –Բարի աստծու բարի լույսով, քարը պարանին տված, ո՞ւր ես գնում Մեծ Ճամփաբաժանի Դժգոհության արահետով:
ՀՈՒՍԵՓ – Ո՞ր արահետով…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հա, մեկ-մեկ մոռանում եմ, որ մահկանացուներդ շատ բան չգիտեք:
ՀՈՒՍԵՓ – Առաջին անգամ եմ լսում: Դժգոհության արահե՞տ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Շատ բան ես կյանքում առաջին անգամ լսում, մա՛րդ աստծո: Առավոտ կանուխ, մտքերիդ մեջ խճճված, ո՞ւր ես գնում:
ՀՈՒՍԵՓ – Է՜հ, ալևոր, թող ես իմ ճամփեն գնամ՝ բախտիս պոչը բռնած…
Մարդն ուզում է ճամփան շարունակել: Ծերունին ժպտում, ցուցամատն օդում պտտում է, նայում անցվորին: Սա մեկ է փորձում, երկու… չէ՛, ո՛չ պարանն է ձգվում, ո՛չ քարն է տեղից շարժվում:
ՀՈՒՍԵՓ – Ի՞նչ արիր, ալևո՛ր…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (աչքերում ժպիտն է կայծկլտում): Քո բախտն է քեզ ասում՝ դադար առ ու խոստովանիր:
ՀՈՒՍԵՓ – Խոստովանահայրս չե՛ս:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Խոստովանահա՞յր… Մահկանացու մարդ, ասում եմ՝ քո բախտն է, բա՛խտը… Երազներումդ քանի անգամ ես կանչե՜լ, խնդրել, աղաչել, որ բախտդ բանի… Եկե՛լ եմ: Ասում եմ՝ Հուսե՛փ, ասա: Հուսեփը չի ասում: Էլ ինչի՞ էիր կանչում… (Իմիջիայլոց:) Հա, ինձ ասում են՝ Բախտ Ծերունի:
ՀՈՒՍԵՓ – Բախտ Ծերունի՜…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Արդեն իմացար: Քարը թող, խոստավանիր ու բախտիդ պոչը բռնած, մտածիր՝ ճամփադ գնա՞ս, թե՞ ինչ անես:
ՀՈՒՍԵՓ – (դեռ տեղի չի տալիս.) Չխոստովանեմ՝ ի՞նչ կանես…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ոչինչ: Ինչ որ պիտի արվեր, գրվեր, արդեն արվել, գրվել է: Մենակ թե…
ՀՈՒՍԵՓ – Ի՞նչ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Շատ բան հանելուկ կմնա: Ուզո՞ւմ ես: Թող մնա: Ճանապարհդ շարունակիր: Եկողը՝ շա՜տ: Ուրիշին կսպասենք:
ՀՈՒՍԵՓ – Ուրիշ դժգոհ մեկի՞ն:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Էս ճամփով գոհ ու երջանիկ մարդը չի անցնում: Դժգոհողներ, բողոքողներ, դժվար օրի հասածներ: Թե քո բախտից բողոք չունես, ետ դարձիր ու Անդարդության արահետը բռնիր: Եղբայրս քեզ կդիմավորի, երկուսով կուրախանաք, հետո քեզ ճանապարհ կդնի…
ՀՈՒՍԵՓ – Ո՞ւր:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Դեպի գալիք ուրախ, պայծառ, անհոգ օրեր:
ՀՈՒՍԵՓ – Ա՜խ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Չե՞ս ուզում ետ դառնալ:
ՀՈՒՍԵՓ – Բա ես… ես է՞ս բախտին էի արժանի՜ … բա ես, ե՜ս՝ քարի հետ կռիվ տվող, հող սիրող, աշխատող, հալալ քրտինքով ապրող, մի կտոր սև հացն ախորժակով ու աստծուն փառք տալով ուտող, պաղ ջուրը հավեսով ու էլի աստծուն փառք տվող մշակս, բա… սրա՞ն էի արժանի…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Արժանիից մի՛ խոսիր, մա՛րդ: Խելքիցդ պատմիր, խելքի՜ցդ… Ինչքա՜ն եմ լսել՝ ես, բա ե՞ս, ե՜ս… սրա՞ն էի արժանի: (Կտրուկ:) Ուրեմն՝ արժանի՛ էիր:
ՀՈՒՍԵՓ – Չէ՜, ինձ չարքը թակարդը գցեց: Ես գիտեի՝ հրեշտակներ են… Վա՜յ, միամիտ մշակ Հուսեփ…
Ծերունին նորից մատը պտտում է: Հուսեփը տեղում քար է կտրում, իսկ Սևազգեստ օգնական տղան, հայտնված Մեծ Մատյանի էջերը թերթելով, բարձր ձայնով հայտարարում, զեկուցում է, մյուսը՝ Սպիտակազգեստը, միաժամանակ պատկերավոր ցուցադրում:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – Գյուղական ասեկոսեների տարափից հայտնի է հետևյալը. մշակ Սիմոնի որդի, յոթը պորտով մշակ Հուսեփ: Երեսուն տարեկան: Տեղի ծնունդ: Գյուղից դուրս չի եկել: Աղքատ մարդ է եղել: Ամուսնացել է: Կնոջ անունը՝ Հուրի: Հուրի-փերի լինելուց հեռու է: Մարդիկ իրար մեջ ասում են՝ կրակի կտոր ու իսկական հողմ լաչառ Հուրին չբեր է: Հիմնավոր կասկածներ կան, որ դրանից Հուրին չարացած է. մարդուն ծեծում է, հարևաններին ծեծում է, ինքն իրեն մազահան է անում, հանդիպողին հանգիստ չի տալիս: Մշակ Հուսեփը հետո, անհայտ մի հրաշքով, հարստացել է…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ո՞ւմ համար՝ անհայտ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – Մարդկանց համար, Բա՛խտ Ծերունի: Շարունակե՞մ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Չէ՛: Մնացածը թող Հուսեփն ասի: Տեսնենք՝ ճշմարտախո՞ս է:
Բախտ Ծերունու ծափից մշակ Հուսեփը նորից շարժունանում է, վախեցած տնտղում ձեռք ու ոտք, ուրախանում, որ ողջ-առողջ է:
ՀՈՒՍԵՓ – Վա՜հ, հեչ չէի պատկերացնի, որ կյանք ասվածն էսքան քաղցր բան է… (Որոշում է: Ծերունուն.) Կասեմ, կպատմեմ: Հոգիս ու խիղճս վկա՛:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (գոհ է:) Ո՞ւր էիր գնում:
ՀՈՒՍԵՓ – Ուզում էի… մտածում էի՝ թավ անտառ գնամ, անտառի միջի խոր լճին հասնեմ, պարանը վիզս գցեմ, քարը շալակեմ ու ջուրն ընկնեմ, կորչեմ, գնամ, պրծնեմ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հա՜, ուրեմն՝ պատճառը ծանրակշիռ է:
ՀՈՒՍԵՓ – Թեթև չի՜… Առանց պատճառի մարդ ջրախեղդ կլինի՞…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Չի՛ լինի: Քանի անխելքություն չես արել, խոսքդ ասա:
ՀՈՒՍԵՓ – Խոսքիս տերն եմ, Բախտ Ծերունի, ասեմ, իմանաս: (Օգնականներին.) Դուք էլ լսեք…
ՍԵՎԱԶԳԵՍՏ, ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – Մենք ամեն ինչ լսում, ամեն ինչ գրանցում ենք: Անհոգ եղիր, մշա՛կ:
ՀՈՒՍԵՓ – …Ամուսնանալուց առաջ լավ ճանաչեք սիրած աղջկան, թե չէ մշակ Հուսեփի օրը կընկնեք: Ձենը դուրս չէր գալիս, է՜, հազիվ էի մի խոսք լսում… Ամուսնացանք թե չէ, կատաղե՜ց… (Ուսերը ցնցվում են:) Մի օր էդպես տրտում նստել էի քարի տակ, ու քնով անցա…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Սպասի՛ր: Մի՛ պատմիր: Ցույց տուր: Որտե՞ղ էիր նստած, ո՞նց էիր նստած, ի՞նչ արեցիր, ինչի՞ համար, հետո ի՞նչ եղավ, ինչի՞ եղավ…
ՀՈՒՍԵՓ – Ցույց տա՞մ… Ցույց տամ: Ըհը՛: (Քարը քաշում, մի անկյունում տեղավորում է:) Էս քարը, էս՝ ես: (Նստում, հենվում է քարին:) Այ էսպես տրտում նստել, դարդերս իրար էի տալիս, թե ինչի՞ հենց ինձ Հուրին բախտակից եղավ՝ տեղը տեղին ինքնասածի ու լեզվանի: Մի բան ուզի, ո՞վ ես դու, Հուսեփ, որ չկատարես. քար, սար ու ձոր շուռ տուր, բեր, դեմը դիր… Ի՞նչ անեմ, աստվա՜ծ… Դարդ էի անում, մի պահ քնով անցա: Վեր թռա ու չէի ուզում, թե տուն գնամ: Մեկ էլ հանկարծ…
Թռած, տեղ հասած երկու կեռնեխ-չքչքան նստում են քարին:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (միաբերան ծլվլում են): Մեկ էլ հանկարծ մե՜նք եկանք… Մենք երկվորյակ Կեռնեխներ-Չքչքաններն ենք:
ՀՈՒՍԵՓ – Վա՛հ, Ճիշտ ու ճիշտ էսպես եղավ. երկու թռչուն նստեցին քարին ու… հիշո՞ւմ եք, թե ինչ հարցրիք…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ա-յո՛. «Մշակ, ա՛յ մշակ, ինչի՞ ես տխուր-տրտում»:
ՀՈՒՍԵՓ – Տխուր-տրտում եմ, որովհետև բախտ չունեմ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Դու՝ քո բախտը:
ՀՈՒՍԵՓ – Դիմանալու չի՜… լեզվանի կի՛ն, անպտուղ հո՛ղ ու, ինչ աչքս բացել եմ, աղքատությո՛ւն… Ապրե՞լ եղավ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Մշակ, ա՛յ մշակ, կնոջդ հարցում մենք անզոր ենք: Հողը կմայրանա, դարդ մի՛ արա: Բա՜յց…
ՀՈՒՍԵՓ – Էլ ի՞նչ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Աղքատությունից ազատվելու ճարը մենք գի-տե՛նք…
ՀՈՒՍԵՓ – Յա՛… դե ասեք, է՜…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (իրար մեջ ծլվլում են: Հուսեփին): Ձեր գյուղի քահանան անտառի ա՜յ էն հաստ կաղնու տակ կճուճով լիքը ոսկի է թաղել:
ՀՈՒՍԵՓ – … Չէ՜ մի… մեր քահանա՞ն… ոսկի՞… էն էլ՝ կճուճո՞ ՜վ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Հա՛, հա՛, կճուճով ոս-կի-կի-կի-կի՜…
ՀՈՒՍԵՓ – Է՜հ… մեր սոված քահանային ոսկի որտեղի՞ց:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ի՜նչ իմանանք… Ոսկին, հրե՜ն, կաղնու տակին: Գնա, փորիր, հանիր ու տար: Կդառնաս գյուղի աղա Հուսեփը: Կուզե՞ս, ասա՛, կուզե՞ս…
ՀՈՒՍԵՓ – Ո՞վ չի ուզի:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ի՜նչ ես նստել: Ինչքան էիր երազում, երևակայո՜ւմ, հիշո՞ւմ ես… Բա հիմա միտք ես անո՞ւմ… Տա՛ր, տա՛ր, տա՛ր, տա՛ր…
ՀՈՒՍԵՓ – Տա՜ր… տա՜ր… տա՜… տա՜ն… տատանվո՛ւմ եմ:
Ծերունին լսում, անշարժացնում է թե՛ Հուսեփին, թե՛ Չքչքաններին:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Սպիտակազգեստ օգնականին.) Գրանցվե՞ց… Տատանվո՛ղ է:
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – (Մեծ Մատյանում գրանցում, զեկուցում է.) Գրանցվեց – «Մշակ Հուսեփ – տա-տան-վո՛ղ»:
Ծերունին ծափ է տալիս, Կեռնեխներն ու Հուսեփն աշխուժանում են:
ՀՈՒՍԵՓ – (Լուրից գրգռված է:) Ախր, ժամանակ առաջ էր, քահանան մեր տուն մտավ թե՝ որդյակնե՜րս, երկու օր հացի կտոր բերանս չի մտել: Էստեղից-էնտեղից ինչ գտանք, դրեցինք սեղանին: Կերավ, խմեց, օրհնեց, գնաց: Մեկ էլ՝ կճուճով ոսկի՞ ՜…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Վա՜յ, հաստակո՛ղ… Մեզ չես հավատում, գնա՛, կճուճը հանիր, աչքերի՛դ հավատա, հաստակո՛ղ-կո՛ղ-կո՛ղ-կո՛ղ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Հուսեփին.) Ու ի՞նչ որոշեցիր, մա՛րդ աստծո:
ՀՈՒՍԵՓ – Էլ ի՞նչ պիտի որոշեի, Բախտ Ծերունի: Գնացի… (գնում ու արագ վերադառնում է՝ կճուճը գիրկը) փորեցի, ոսկին առա, եկա:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Սևազգեստին.) Գրանցի՛ր. գայթակվող է:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – (Գրանցում է Մեծ Մատյանում:) Գրանցեցի – «Մշակ Հուսեփ – գայ-թա-կըղ-վո՜ղ»:
Ծերունու ծափից կրկին աշխուժացած Կեռնեխները Հուսեփի շուրջը թռվռում են:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ասա՛, հիմա հավատացի՞ր…
ՀՈՒՍԵՓ – Աչքովս տեսնում եմ, ձեռքովս շոշափում, ո՞նց չհավատամ, ա՛յ թռչուններ, ա՛յ բախտի բարի հրեշտակներ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ –Մե՛նք ենք, մե՛նք ենք, մենք երկվորյակ Կեռնեխներն ենք:
ՀՈՒՍԵՓ – (Կճուճը թևերով, հագի շորի փեշերով մի կերպ թաքցնելով, իբրև շնորհակալություն՝ խոնարհվում է.) Դե, ես… ես գնացի՜…
ԿԵՌՆԵԽՆԵՐ –Բա՛… հա-պա՛… բա… Պայ-մա՜-նը:
ՀՈՒՍԵՓ – Պայման էլ կա՞:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (Անհանգիստ են: Կարևոր բան ունեն ասելու:) Պիտի խոստանաս, երբեք ոչ ոքի չասել, թե ոսկին, հարստությունը որտեղից… Եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին… տեղնուտեղը կմեռնե՛ս:
ՀՈՒՍԵՓ – Յա՜… բա՞… ա՛յ քեզ… պայմա՜ն… բա, Հուրիկիս էլ չասե՞մ…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ո՛չ մեկին… չէ՜, չէ՛, չէ՛, չէ՛…
ՀՈՒՍԵՓ – … Օր ու արև չի տա… հոգիս կհանի ախր…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Որոշողը դո՛ւ ես, Հուսեփ:
ՀՈՒՍԵՓ – …բայց որ պիտի սրանից դենը կյանք անեմ, անհոգ ապրեմ, ընկնեմ ու մեռնե՞ ՜մ… Չէ՜, չե՛մ ասի: Թող տանջվի…
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ասես՝ իսկույն կընկնես, կմեռնես:
ՀՈՒՍԵՓ – Որոշեցի՛: Ոչ մեկին չեմ ասի:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Հուսեփին.) Ուրեմն՝ խոստացա՞ր:
ՀՈՒՍԵՓ – Խոստացա՜: Դրա համար էլ գնում եմ իմ կամքով ջրախեղդ լինեմ: Ավելի լավ է էդպես, քան թե խոստումը չպահողի մահով գնամ պապերիս մոտ: Մեր արածների ու ասածների համար պատասխան տալ կա, չէ՞…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Սպիտակազգեստին.) Հուսեփը խոստում պահող է:
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – (Մեծ Մատյանի էջերը թերթելով, գրանցում, զեկուցում է.) «Մշակ Հուսեփ – խոս-տում պա-հո՛ղ»:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հետո՞ …
ՀՈՒՍԵՓ – Հետո ոսկին տուն տարա: (Գնում ու գալիս է՝ առանց կճուճի:) Կճուճը պահեցի: Փարթամացա: Տուն շինեցի… Էն որ երազներումս էի շինում, աչքիս առաջ էր… Ձիեր ունեցա, ջորիներ, եզներ, ոչխարի հոտեր, ինչ որ վայել է աշխարհ սիրողին: Հարևանների հետ՝ քե՛ֆ, ուրախությո՜ւն… Թաքուն ուրախանալ, վայելել չե՛մ սիրում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Կամեցո՛ղ ես: Լա՛վ է: Գրանցվեց, համա՜… Հուսե՛փ, ա՛յ մարդ աստծո, էլի պատմո՞ւմ ես: Ցույց տուր, տեսնենք:
ՀՈՒՍԵՓ – Բա քեֆ-ուրախությունը ցույց տալ կլինի՞…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Դու ասա՝ ի՛նչ է պետք:
ՀՈՒՍԵՓ – Հա՞ ՜… լա՛վ: Ուտելիքի առատությունից ճկռած սեղան:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Հրամայում է.) Սեղա՛ն, մեջտեղ արի:
Ցուցանակ է գալիս: Կարդում ենք՝ «Ճոխ սեղան»: Ու տեսնում ենք ուտելիքի առատությունը, առնում ախորժակ բացող անուշ բուրմունքը…
ՀՈՒՍԵՓ – Գյուղի կանա՛յք:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Կանա՛յք, մեջտեղ եկեք:
Մի քանի կին ուրախ-զվարթ մեջտեղ են գալիս:
ԿԱՆԱՅՔ.
-Մե՛նք ենք:
-Եկել ենք:
-Հուսեփի ու Հուրիի ուրախությունը բաց չենք թողնի, չէ՜:
-Գյուղի կնանիքանցիցն ենք:
-… Էլի՞: Ասում են՝ մենք գյուղի պատվական կանա՛յք ենք:
-Հա՛, էդ քո ասածից:
ՀՈՒՍԵՓ – Այր մարդիկ ո՞ւր մնացին:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Այրե՛ր, ներս եկեք:
Գալիս են տղամարդիկ:
ՏՂԱՄԱՐԴԻԿ — (Ողջույն է, ողջույն չէ, օրհնանք է, օրհնանք չէ…)
-Մե՛նք ենք:
-Բարև՛, Հուսե՛փ:
-Օջախդ լուսավոր, լեն ու շեն մնա:
-Շուտ-շուտ գանք, ուտենք, խմենք, գոհանանք:
-Քեզ էլ ասենք՝ ապրի՛ արևդ:
-Համա թե բախտ եմ ասել… Ոնց եղավ, հը՞…
-Քեզ ի՜նչ…
-Հա էլի՜… կեր, խմիր, փառք տուր աստծուն, Հուսեփի բախտին, որ կուշտ փորով հաց ես ուտում, նվագ լսում, ուրախանում:
-Բան չասի, համա՜…
-Սո՜ւս:
-Գիտես թե՝ ես չե՞մ ուզում իմանամ…
-Մի օր կբացվի՜…
ՀՈՒՍԵՓ – Նվագողնե՞րը…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Նվագողնե՛ր, զուռնան քոքե՛ք:
Նվագողները զուռնա զլելով, դհոլ խփելով, մեջտեղ են գալիս: Ասում, խոսում, ուրախանում, բամբասում, ծիծաղում, նվագում, պարում, ուտում, խմում, քեֆ են քաշում:
Գալիս է Հուրին: Ինչքան զարդ ու նախշ ունի, շարել է վրան:
Նվագողները պարեղանակը քը՛րթ կտրում են:
ՀՈՒՐԻ – (Հերսոտած է.) Հա՜ ՞… առանց ի՞ ՜նձ…
ԿԱՆԱՅՔ – Վո՜ւյ, մեր հալալ քուրիկ Հուրի՜ն…
ՀՈՒՐԻ – Ես ձեզ հալա՞լ… Փի՜հ, փի՜հ, փի՜հ…
ԿԱՆԱՅՔ.
-Հալալից հալալ…
-Մի մոր ծիծ կերած քրոջ պես հալալ, Հուրի ջա՜ն…
ՍՐՏՈՏ ԿԻՆ – (Երգի տալով.) Հուրի՜- Հուրի՜- Հուրի՜կ — քուրի՜կ…
ՀՈՒՐԻ – Էդքան սիրում եք, ու առանց ի՞ ՜նձ:
ԿԱՆԱՅՔ.
-Չէ՜, Հուրի՛կ քուրիկ…
-Առանց քե՞ ՜զ…
ՍՐՏՈՏ ԿԻՆ – (Ծամածը կուլ տալով.) Հավատա, մի կտոր բան չեմ կերել: Ե՛ս… ես քե՛զ էի սպասում:
ՄՅՈՒՍԸ – (Իր բաժինը կուլ տալով.) Թե սուտ եմ ասում, ճաթե՛մ:
ԵՐՐՈՐԴԸ – Դո՛ւք ասեք, ժողովո՜ւրդ, առանց Հուրնու ուրախանալ կլինի՞:
ԿԱՆԱՅՔ – Չտեսնված, չլսված բան է, չէ՛, չի՛ լինի…
ՀՈՒՐԻ – (Իրեն ցուցադրելով մի պտույտ է անում ու մեծահոգի բաշխում.) Թե ճիշտ եք ասում, բարով եք եկել:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – Դե, շո՛ւտ արեք, զուռնաչի՛ դհոլչի՛, Հուրիկ քուրիկի անգին պատվին՝ մի զիլ տո՜ւշ…
ԿԱՆԱՅՔ – Տաշ-տո՜ւշ, տաշ-տո՜ւշ, տաշի՜… Ով չտաշի, սիրտը մաշի՜…
Նվագողները զուռնա են զլում, դհոլ են խփում: Հավաքվածների ծափի տակ Հուրիի պար գալը թող բոլորը տեսնեն:
ՀՈՒՐԻ – (Մի քանի ժլատ շարժումից հետո.) Լա՜վ: Հոգնեցի՜:
ԿԱՆԱՅՔ – Ամա՜ն, Հուրին հոգնեց: Հանգստացիր, Հուրիկ քուրիկ:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – (Չի դիմանում.) Հուրի՜, էս երկու զարդը նո՞ր են:
ՀՈՒՐԻ – Աչքդ ամեն բան տեսնող, ականջդ՝ լսող… (Ուզածն էր: Կանայք ծիծաղում են:) Ճամփորդ մեկը մեր տան մոտով անցնում էր, չտեսա՞ք…
ԿԱՆԱՅՔ – Չէ՜…
ՀՈՒՐԻ – Ասավ՝ Հինդուստանիցն ու Չինումաչինիցն եմ բերել: Սաթ, կերպաս, ոսկի զարդ, արծաթ ծամկալ, անթիվ գոհար: Սրանց հավան եղա: Սազո՞ւմ է…
ԿԱՆԱՅՔ – (Հուրնուն հո լավ գիտեն.)
-Սազելն էն խո՞սքն է:
-Հուրի չես, է՜, իսկը Հուրի-փերի՜ ես:
-Հուսե՜փ, ա՛յ Հուսեփ, աչքերդ Հուրնու վրա չորս արած պահիր, հա՜, կփախցնե՜ն… Մեր կողմերում Հուրնուց սիրուն կնիկ չկա՛:
-Կնիկ՝ չէ՛…
-Յա՜… բա ի՞նչ է…
-Կի՛ն, ա՛յ կին:
-Ո՜ւֆ, հավեսդ չունեմ, քեֆս հարամ մի՛ արա:
ՀՈՒՐԻ – Դե, նայեք, լա՜վ նայեք, աչքներդ կշտանա, մեկ էլ տեսար՝ վերջին անգամն եք նայում: Իմ տեղը հիմա քաղաքն է՝ մեծ, լեն, ազատ, լուսավո՜րը…
ԿԱՆԱՅՔ.
-Ի՞նչ ես ասում, Հուրի ջան…
-Քաղա՜ք…
-Բա մե՞նք…
-Մեր քեֆե՜րը…
-Մեր գյո՜ւղը…
ՀՈՒՐԻ – Ես ձեր գեղի գերի՞ն եմ… Քա՛-ղա՛ք: (Հուսեփին.) Հուսե՜փ…
ՀՈՒՍԵՓ – (Կեսբերան.) Սրտիդ ուզածով լինի, Հուրի ջան:
ԿԱՆԱՅՔ.
-Հուրի՜, Հուսե՜փ…
-Մի՛ ասա, Հուրի ջան:
-Սրտներս կոտրում ես:
ՏՂԱՄԱՐԴԻԿ – (Ափսոսանքի բառ ասելու համար.) Մեզ զրկում եք, էլի՜:
ԿԱՆԱՅՔ.
-Հազիվ մի ուրախություն ունենք, էն էլ…
ՍՐՏՈՏ ԿԻՆ – (Սուգը կապած՝ երգի է տալիս.) Հուրի՜ — Հուրի՜ — Հուրի՜կ — քուրի՜կ… Ամա՜ն, Հուրի՜…
ՏՂԱՄԱՐԴԻԿ – Ձե՛նդ:
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԻՑ ՄԵԿԸ – Քաղա՞ք…
ՄՅՈՒՍԸ – Տեսնես, քաղաքում ի՜նչ կա որ…
ՀՈՒՐԻ – Ի՜հ, չտես… (Խոսքը կիսատ թողնում, լիաթոք ծիծաղում է, հետո.) Էս էլ ձեր գեղի քահանան: Արի, տերտե՛ր, առաջ արի:
Գզգզված տեսքով, ցրված մտքով, որոնող հայացքով մեջտեղ է գալիս քահանան: Քթի տակ շարունակ ինչ-որ մրթմրթում է:
ԿԱՆԱՅՔ – (Մոտենում են քահանային.) Օրհնեցե՛ք, Տեր Հայր:
ՔԱՀԱՆԱ – (Ձեռքը գլխների վերև սահեցնելով, լսելի քրթմնջում է.) Տարա՜վ… տարա՜վ… գիտե՛մ, ով տարավ… կգտնե՜մ, քթից կհանեմ… (Քահանան կռանում, ուղղվում, կորցրածն է փնտրում:)
ԿԱՆԱՅՔ – (Վաշ-վիշ են անում, խաչակնքում.)
-Մեր քահանան ձեռից գնա՜ց:
-Նայե՛ք, նայե՛ք…
-Վո՜ւյ…
ՏՂԱՄԱՐԴԻԿ – (Կանանց.) Սսկվե՛ք:
ՄԵԿԸ – (Քահանային.) Արի՛, Տեր Հայր, օրհնիր մեր համեստ սեղանը:
ՀՈՒՐԻ – Պա՛հ, համե՞ստ… կյանքներո՞ւմդ էիք էսպիսի սեղան նստել:
ՏՂԱՄԱՐԴԻԿ.
-Հուրիկ քուրիկ, մի՛ նեղանա…
-Հա՛, մի նեղանա, ընդունված կարգով՝ էդպես են ասում…
-Էդպես են ասում, որ վերևն Աստված շատ չհամարի ու չտանի:ՀՈՒՐԻ – Ես աստծո՞ւ հույսին եմ… Հուսե՞փն ինչի համար է:
Կանայք միանում են Հուրիի արձակ ծիծաղին: Տղամարդիկ լուռ են: Հետո.
ՄԵԿԸ – Է՜հ, բախտի հե՛րն անիծեմ, հա՜:
ՀՈՒՍԵՓ – Սուս, հարևա՛ն, էդպես մի՛ ասա:
ՏՂԱՄԱՐԴԻԿ – Ինչի՞…
ՀՈՒՍԵՓ – Լսո՛ւմ է:
ՏՂԱՄԱՐԴԻԿ – Ո՞վ… (Կամաց.) Հուրի՞ն:
ՀՈՒՍԵՓ – Չէ՛: Բախտ Ծերունի՛ն:
ՄԵԿԸ – (Մեկուսի). Ըհը՛, փողի շատությունից խելքը թռցրեց:
ՄՅՈՒՍԸ – (Բոլորին լսելի.) Շատ լա՛վ է, որ լսում է, թող լսի՜…
ԵՐՐՈՐԴԸ – Թող լսի ու թե պատասխան ունի, թող ասի՝ մենք ավելի լավ բախտի արժանի չեղա՞նք…
ՀՈՒՍԵՓ – Չեղա՛վ, չեղա՛վ: Նվագեք, է՜, բաժակները լցրեք, է՜, հաց կիսեք, պարեք, ուրախացեք, քիչ բողոքեք…
ՄԵԿԸ – Կասես, բա ի՜նչ կանես:
Ասում, խոսում, բամբասում, ծիծաղում, նվագում, պարում, ուտում, խմում, քեֆ են քաշում: Միայն քահանան է մտացրիվ ու որոնող մնում:
ՔԱՀԱՆԱ – (Հենց այն պահին, երբ քեֆչի հյուրերը, տանտերն ու տիկինը, նվագողները մի պահ դադար են առնում, երկար հոգոցի հետ քրթմնջում է.) Թե գտնեմ, ապացուցեմ, է՜… Չե՜մ անիծի, չէ՜… Երիցս կնզովե՛մ…
Հուսեփը լսում, ծիծաղում է: Հուրին ամեն ինչ նկատում է:
ՏՂԱՄԱՐԴԻԿ – (Առատ սեղանն առնում են ու.) Էս անուշ օրով այգում նստելն է լավ:
ԿԱՆԱՅՔ – Գնացի՜նք:
Խմբով այգի են գնում: Ամուսինները մենակ են մնում:
ՀՈՒՐԻ – Ո՜վ մարդ… բան ասեմ՝ լսի՛ր, պատասխան տուր: Մենք աղքատ էինք:
Հուսեփը լուռ հաստատում է:
ՀՈՒՐԻ – Հանկարծ հարստացանք, մի հրաշքով մեծ ապարանքի, բարիքի տեր եղանք: Հարևանները շուտ-շուտ գալիս, տեսնում, օգտվում, սեղանը սրբելո՜վ-տանելով, գնում են:
ՀՈՒՍԵՓ – Շատ մի՛ համարիր: Հարևան են, քիչ տեսած են:
ՀՈՒՐԻ – Գրողը դրանց տանի: Ուտում, խմում են, փորի օձերն էլ խլվլացնում՝ որտեղի՞ց, ո՜նց…
ՀՈՒՍԵՓ – Ուշք մի՛ դարձրու, եղածն էլ հրաշք ընդունիր, գո՛հ մնա, կի՛ն:
ՀՈՒՐԻ – Իմանա՛ս, մի բան կմոգոնեն, վերևների ականջը կլցնեն: Քահանան էստեղ-էնտեղ արդեն դուրս է տալիս՝ վայ թե Հուսեփն ինձ զրկել է…
ՀՈՒՍԵՓ – Քահանան թող իր մեղքերի քավության մասին մտածի:
ՀՈՒՐԻ – Հավատացողն ո՞վ է, համա՜… Չիմանա՞մ՝ ո՛նց եղավ, չմտածե՞նք, թե բամբասողների մեծ բերանները ոնց ենք ծեփելու: Քեզ հո գիտեմ, դու չար, նախանձ աշխարհքը քո արշինով ես չափում: Մի ուրիշը հարստանար, չէիր էլ մտածի՝ ո՞նց, ինչի՞, որտեղի՞ց…
ՀՈՒՍԵՓ – Մարդու բա՛խտն է, բախտն էլ տվե՛լ է: Ինձ ի՜նչ: Հետը մի լավ կուրախանայի: (Ինքն իրեն ծիծաղում է:)
ՀՈՒՐԻ – Կգժվեմ, հա՜… Ծիծաղո՞ւմ ես…
ՀՈՒՍԵՓ – Ծիծաղս գալիս է, չծիծաղե՞մ:
ՀՈՒՐԻ – Ինձ ինչի՞ չես ասում՝ որտեղի՛ց, ինչի՞ չես ասում՝ ինչի ես ծիծաղում…
ՀՈՒՍԵՓ – Մտածում եմ՝ ասածդ… հնարավոր է:
ՀՈՒՐԻ – Պատը չոփ մտցնե՞մ:
ՀՈՒՍԵՓ – Հնարավո՛ր է, ուրեմն՝ կամ-կամ է, կա՛մ կլինի, կա՛մ՝ չէ:
ՀՈՒՐԻ – Չէ՛, Հուսեփն աշխարհքը չհասկացա՜վ…
ՀՈՒՍԵՓ – (Իրենն է ասում.) Թե քոնը հնարավոր է, իմը՝ հաստա՛տ է:
ՀՈՒՐԻ – Հանելուկներո՞վ ես խոսում, ո՛վ մարդ…
ՀՈՒՍԵՓ – Ճիշտը կուզե՞ս:
ՀՈՒՐԻ – Կուզե՛մ:
ՀՈՒՍԵՓ – Ո՜վ դու կին, իմանա՛ս. թե ասեմ, իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում:
ՀՈՒՐԻ – (Փոթորիկ է կապում.) Սո՛ւտ ես ասում, տակդ մի բան կա, համա դեռ չեմ հասկանում՝ ի՞նչ… (Հանկարծ…) Հա էլի՜, էդ է, որ կա… Ուրիշ կնիկ ես ճարե՞լ…
ՀՈՒՍԵՓ – Ո՜ւր էր ինձ բախտ:
ՀՈՒՐԻ – Հա՞ ՜…Ա՛ռ քեզ բախտ, ա՛ռ քեզ… Բա ասում էիր՝ կաս-չկաս՝ դո՛ւ ես, Հուրի, մինչև մահ ու գերեզման… Ա՛ռ քեզ, ա՛ռ քեզ, մինչև մահ ու գե՛ — րե՛զ- մա՜ն…Հարստացար, սերդ կորա՞ ՜վ, աչքդ կշտացավ, սիրտդ քար դարձա՞ ՜վ… դե, ա՛ռ քեզ…
ՀՈՒՍԵՓ – Ո՛վ կին, սո՛ւս մնա, հարևանները այգում են, կլսեն, կխնդա՜ն:
ՀՈՒՐԻ – Թող լսե՜ն… Հուսեփն էլ ինձ չի՜ սիրում, նոր կնի՜կ է գտել… Վա՜յ իմ գլխին… խայտառակ եղա՜… վա՜յ իմ սև բախտին, վա՜-ա-ա-յ…
Ձայնի վրա սրտոտ կինը ներս է ընկնում:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – Ի՞նձ էիր կանչում, Հուրիկ քուրիկ:
ՀՈՒՍԵՓ – Չէ, դու գնա…
ՍՐՏՈՏ ԿԻՆ – Հա՞ ՜… Գնացի: (Հուրիին.) Էստեղ եմ, հա, Հուրիկ քուրիկ, քեզ հետ եմ, հա՜…
ՀՈՒՍԵՓ – Գնա՛:
Սրտոտ կինը գնում է:
ՀՈՒՍԵՓ – Ո՛վ կին, մենակ քեզ եմ սիրում, մի՛ գոռա…
ՀՈՒՐԻ – Թե սիրում ես, ուրիշ ճար չունես, պիտի ասես՝ հարստությունը որտեղի՞ց, ինչի՞ վրա ես ծիծաղում, ի՞նչ գիտես, որ ես չգիտեմ, ասա՛…
ՀՈՒՍԵՓ – Խոստացել եմ, կի՛ն, թե ասեմ՝ կմեռնեմ ախր, ուզածդ է՞դ է…
ՀՈՒՐԻ — Պիտի ասե՛ս, թե մեռնես էլ՝ պիտի ասե՛ս, թե չէ՜…
ՀՈՒՍԵՓ – Ի՛նչ:
ՀՈՒՐԻ – … ե՛ս ինձ կսպանեմ, բայց նախ՝ աշխարհքով մեկ կգոռամ, որ Հուսեփն ուզում էր Հուրնուն սպանի ու, ըհը՛, վա՜յ… վա՜յ… սպանե՜ց… (Ճղավում, ընկնում է գետնին:)
Ձայնի վրա նորից ներս է ընկնում միշտ աչալուրջ Սրտոտ կինը:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – (Տեսնելով ընկած Հուրիին.) Ամա՜ն… Հուրին զարկվե՜ց…
ՀՈՒՍԵՓ – (Ուշքի գալով.) Դու գնա:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – Էս ի՞նչ արիր, անաստվա՜ծ… Հուրի՜…
ՀՈՒՍԵՓ – Բան չի եղել: Գնա:
ՍՐՏՈՏ ԿԻՆ – Էստեղ եմ, հա՜, Հուրիկ քուրիկ, քեզ հետ եմ, հա՜…
ՀՈՒՍԵՓ – Գը՜-նա՜…
Սրտոտ կինը դուրս է վազում:
ՀՈՒՍԵՓ – (Անճարացած է: Նստում է գետնին՝ սուտմեռուկ տված Հուրիի մոտ.) Ո՜վ կին, հիմա բոլորի բերանն ընկանք, է՞դ էր ուզածդ… (Հուրին չի արձագանքում.) Հավատա՛, կմեռնեմ, թե որ ասեմ… թե չես համոզվում, ի՜նչ ասեմ… երեք օր սպասիր, մինչև մատաղ անեմ, քելեխս գլխանց տամ, քահանային ու հարևաններին կերակրեմ, հետո քեզ ասեմ ու… մեռնեմ, մենակ թե մեր տան մեջ խաղաղություն լինի:
ՀՈՒՐԻ – (Աչքերը բացում, նստում, մտածում է.) Հավատա՞ ՜մ…
ՀՈՒՍԵՓ – Հոգիս ու խիղճս վկա՛:
ՀՈՒՐԻ – Երեք օ՞ր:
ՀՈՒՍԵՓ – Երեք օր:
ՀՈՒՐԻ – Երե՛ք օր: Թե դրանից հետո էլ չասեցիր, ջանիդ վա՛յ տաս, ո՜վ մարդ… Հուրնուն նոր ես ճանաչո՞ւմ, Հուսեփ տղա՜… Հուրի՜ն…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Օգնականնե՛ր, կնոջը դուրս արեք… Օ՜ֆ, գլուխ տարավ…
Սև — Սպիտակազգեստ օգնականները ծափ են զարկում, ձեռքերը մի կողմ շարժում: Դիմադրող Հուրին վա՜յ-վա՜յ է կանչում, իր կամքից անկախ, ետ-ետ գնում, ճղճղալով ասպարեզից դուրս է գալիս:
ՀՈՒՍԵՓ – (Բախտ Ծերունուն.) Տեսար: Լսեցիր: Հիմա ես ի՞նչ անեմ: Ասեմ՝ մեռնե՞մ, թե՞ գնամ լիճը ու էլի… մեռնեմ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Քո բախտը էդ չի՜…
ՀՈՒՍԵՓ – Էլ բախտ մնա՞ց… Աչքիս հարստությունն էլ չի գալիս, լիասիրտ, հանգիստ վայելել, դրկիցներով ուրախանալ չի լինում, ոչ մի բանի հավես չմնաց:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Է, Հուրնուն թող, նո՛ր սեր արա:
ՀՈՒՍԵՓ – … Ո՞նց կլինի, չէ՜, խոստացել եմ, «մինչև մահ ու գերեզման» եմ ասել: Չէ՜… ես խոսքիս տեր մարդ եմ, Բա՛խտ Ծերունի:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Իմացանք, որ խոստում պահող ես: Լավ է, համա՜…
ՀՈՒՍԵՓ – Համա՝ ի՞նչ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Խոր հոգոց է հանում: Հանկարծ կայտառանում, փոքրի նման հրճվում է, չարաճճիությամբ ծնկներին զարկում.) Պապական միջոցը միտդ բեր:
ՀՈՒՍԵՓ – Ո՞ր մեկը:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Աչքերում խորամանկ ժպիտն է փայլում: Ի՞նչ է մտածել: Բախտի կատակների՞ց է, Հուսեփի՞ն է փորձում…) Լաչառ, հոգեհան, անպետք Հուրնուդ մի լա՜վ… դաս տուր… ճիպոտով… թող ապուպապի հարսանիքը հիշի:
ՀՈՒՍԵՓ – (Մտածում, մտածում է, մեկ էլ.) Կօգնի՞…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Կրակը թեժացնելու պես.) Քո բախտն էդ է, Հուսե՛փ, բախտիցդ չես փախնի: (Ծափ է տալիս, հրամայում.) Դուք, երկվորյակ լրաբեր Կեռնեխնե՛ր, թավ անտառից գտեք, բերեք ցավոտ դաղող մի լավ ճիպոտ, Հուսեփին տվեք:
Խոսքը չավարտված, չքչքանները ճիպոտը դնում են Հուսեփի առաջ:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Մենք ենք, մե՛նք ենք, երկվորյակ Կեռնեխներն ենք, թավ անտառից ցավոտ դաղող լավ ճիպոտ ենք բերել, դրել Հուսեփի առաջ: (Ծլվլում, պտտվում են Հուսեփի ու Ծերունու շուրջը:)
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Կեռնեխներին.) Դե՛, գնացեք, անտառում ծլվլացեք, ուշքներդ չթուլացնեք, ականջներդ սրած պահեք, հենց որ ձիու խրխնջոց ու սմբակների ձայներ առնեք, քամուց արագ թռեք, եկեք, լուրը բերեք:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Խոսքդ՝ օրենք:
Չքչքանները ուրախ աղմուկով թավ անտառ են թևում:
ՀՈՒՍԵՓ – (Կռանում, ձեռքն է առնում ճիպոտը, տնտղում է՝ ասես նվիրական սուր լինի.) Հա՜, լավն է… զորությունը չփորձե՞մ… (Ա՛ռը հա՝ ինքն իրեն ճիպոտում է, ինքն իրեն խոսում.) Վա՜խ… հա էլի՜… ցավոտ, դաղող, զորավոր ճիպոտ են բերել… Ի՞նչ ասեմ… Ասեմ՝ լա՛վ: (Ծերունուն.) Բա՛խտ Ծերունի, քո օրհնությամբ, ես գնացի…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Որոշեցի՞ր:
ՀՈՒՍԵՓ – Ճիշտը ասե՞մ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ոնց որ խղճիդ առաջ:
ՀՈՒՍԵՓ – … տատանվում եմ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Տատանվելով գնա, Հուսե՛փ: Բախտդ հետդ է: Խելքդ բանեցրու, քեզ տան տեր զգա, խելո՛ք գործիր: Կյանքում մի անգամ եմ տալիս, հա՜, ուրեմն, խելոք բան որոշիր ու արա, որ հանկարծ չփոշմանե՜մ:
ՀՈՒՍԵՓ – (Ծերունուն լսելուց հետո, ավելի է տատանվում, անվստահ դառնում.) Խոսքդ… օրենք… Գնամ… լավ լուրերով գամ…
Ծերունին սպասողական է: Հուսեփը մի քանի քայլ անում, հետո տեղում կանգնում, ապա կտրուկ շրջվում, ճիպոտն օդում թափահարում է…
ՀՈՒՍԵՓ – (Որոշել է, վճռական է.) Չէ՛, Բախտ Ծերունի, չի՛ լինի… Սրա ժամանակն անցա՜վ… Հարևան կանանց կտամ, թող բուրդ ծեծեն:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Չարաճճի փոքրիկի նման նորից ժպտում է.) Է՞ ՜… Ի՞նչ որոշեցիր, ի՞նչ պիտի անես…
ՀՈՒՍԵՓ – Խոստում պահող Հուսեփի խո՛սք. էդ արդեն մենակ ես ու Հուրիս պիտի իմանանք: Քեզանից, Բախտ Ծերունի, շա՜տ շնորհակալ եմ:
Հուսեփը խոնարհվում, շտապում է տուն:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Օգնականներին.) Բա՜… Մարդ ու կին՝ մի մարմին, մի հանելուկ, մի առեղծված, մի թավ անտառ: Բարի բա՛խտ…Օ՜ֆ, օ՜ֆ:
Թավ անտառի թռչունների դայլայլ-երաժշտության ռիթմի տակ Բախտ Ծերունին արահետով ետ ու առաջ է անում, ճմլկոտում, մարմինն է մարզում: Օգնականներն էլ տեղերում նույնն են անում:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (Արահետ են թևում, ազդարարում.) Գալի՜ս է… Թագավորը գալի՜ս է… շքախմբով գալի՜ս է… մեր կողմերով գալի՜ս է…
Լսելի է դառնում արքայական պալատից ելած ու ճամփա բռնած թագավորական շքախմբի երթն ազդարարող շեփորը:
Բախտ Ծերունին ձեռքով նշան է անում, որ Կեռնեխները թռչեն, իրենց գործին գնան: Այդպես էլ անում են:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Լուրջ քննելիք բան է… (Նորից բազմում է կոճղին):
Արահետում երևում է թագավորը:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Բարև՛, մարդ աստծո:ԹԱԳԱՎՈՐ – (Սա էլ մի պահ զարմանում, քարանում է: Բայց թագավոր է, կեցվածքը շուտ տեղն է բերում:) Ես… երկրի Տոնապետ թագավորն եմ, ու բոլորն ինձ դիմում են՝ Ձերդ մեծություն, կամ՝ Թագավորն ապրած կենա: Դու ո՞վ ես, որ ինձ հասարակ մահկանացուի պես ես դիմում, ասում ես՝ մարդ աստծո…ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Շրջվիր ու տե՛ս:
Թագավորը շրջվում, տեսնում է Ծերունուն, օգնականներին:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Թագավոր, մշակ, ունևոր, աղքատ՝ բոլորը մարդ աստծո են: Համա, քո ասածով թող լինի՝ Թագավո՛րն ապրած կենա: Կյանք տեսած մարդ ես: Հպատակներդ ասում են՝ իմաստուն թագավոր ես: Ինչի՞ ես մտել Դժգոհության արահետ:
Թագավորը Ծերունու հանգիստ խոսքից ինքն էլ իրեն հանգիստ է զգում: Մոտենում է Ծերունուն, նստում հողին, հենվում հաստ կոճղին:
ԹԱԳԱՎՈՐ – Դժգոհության արահե՞տ… Ուրեմն՝ ճիշտ տեղում եմ ու ժամանակին: Ալևո՛ր, շքախմբին թողեցի քիչ հեռու, ուզեցի մենակ մնալ, խորհել… Մտածելիքը շա՜տ, անելիքը՝ շատից էլ շա՛տ: Ինչ որ բան էնպես չի արվում… Ասում ես, հպատակներս ինձ իմաստո՞ւն են ասում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ասում են:
ԹԱԳԱՎՈՐ – Հպատակներ են, դրա համար էլ էդպես են ասում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ես էլ եմ ասում: Ու հարց է, թե մեզանից ով՝ ում հպատակն է:
ԹԱԳԱՎՈՐ – (Մի ջղային շարժումով ելնում է տեղից, բայց նորից հանդարտվում, պատմում է.) Երբ թագավոր ու թագուհի ծնողքս, աստված նրանց հոգիները լույսի մեջ պահի, ինձ Տոնապետ անունով աշխարհ բերին, ցանկացան, որ գահավորմանս օրոք երկրում տոնը շատ լինի… Ե՞րբ է լինում, որտե՞ղ է լինում… Լինո՞ւմ է… Չի՛ լինում… (Հետո.) Չիմացա, թե ո՞վ ես, էս ջահելներն ովքե՞ր են… ասենք՝ կարևոր չէ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ալևոր եմ: Ջահելները իմ թևերն են՝ Աջն ու Ձախը:
ԹԱԳԱՎՈՐ – Վաղո՞ւց ես էստեղ:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Արարման պահից:
ԹԱԳԱՎՈՐ – (Մարսում է լսածը: Հանգիստ չունի: Արահետ է ելնում, բարձրաձայն մտորում.) Թե արարման պահից, ուրեմն՝ շատ բան ես տեսել, ուրեմն՝ շատ բան գիտես, ուրեմն՝ իմաստունների իմաստունն ես:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ընդունեցի:
ԹԱԳԱՎՈՐ – Խորհուրդ տուր, ուրեմն, ալևո՛ր, ես ի՞նչ անեմ, ո՞նց փակեմ հարևան թագավորի ահագնացող ախորժակը, ով աչքը տնկել է մեր սար ու ձորին, գյուղին ու անտառին: Պալատական խորհրդականներս ասում են՝ տո՛ւր, տո՛ւր, տո՜ւր, միայն թե մեր փոքր թագավորության մեջ ու սահմաններին խաղաղություն լինի… Ինչքան տվեցի, էնքան դրա որկորը գրգռվեց:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Գիտեմ: Պալատականներդ, ուրեմն, քեզ ընտրություն չեն թողնում: Իսկ դու քո մեջ ընտրություն արե՞լ ես. եղե՞գ ես, թե՞ ծառ:
Թագավորը պատասխան չունի: Ծերունին մտածում, ապա ծափ է տալիս: Սևազգեստ ու Սպիտակազգեստ օգնականները արահետ են իջնում ու ցուցադրելով, պատկերավոր պատմում են.
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում: Օրերից մի օր էս թագավորը զբոսանքի է ելնում՝ շրջելու լեռներում ու հովիտներում: Շրջում է, նայում, հիանում է, ուրախանում: Հետո զարմանում է, երբ տեսնում է, որ մեծամեծ ծառեր կային…
ՍԵՎԱԶԳԵՍՏ – … մեծամեծ ծառեր՝ կոտրտվա՜ծ, փշրվա՜ծ:
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – Ու ավելի է զարմանում, երբ տեսնում է, որ միայն մի եղեգ կա՝ կանգուն անարատ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – Եվ թագավորն ասում է.
ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – «Ո՜վ եղե՛գ, ասա՛ ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»:
ՍԵՎԱԶԳԵՍՏ – «Ո՜վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով. ո՛ր ուղղությամբ փչեց, է՛ն ուղղությամբ խոնարհվեցի: Եվ ահա… կանգուն եմ»:
Օգնականներն իրենց տեղերն են գրավում: Թագավորը, որ ուշադիր նայում-լսում էր, ափով ճակատն է շփում:
ԹԱԳԱՎՈՐ – Դո՞ւ էլ, ալևո՛ր…Ուրեմն՝ եղեգի օրինակով խոնարհվե՞նք…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Մի՛ շտապիր, թագավո՛րն ապրած կենա: Գիտեմ, որ մյուս հարևանիդ օգնության ես կանչել, միջնորդ ես կարգել:
ԹԱԳԱՎՈՐ – Հա՜, բայց… բան դուրս չի գալիս: Չկշտացողն ասում է՝ միջնորդ ու պահապան մեզ պետք չի՛, դու տո՛ւր, հա՜ տուր, որ խաղաղ ապրենք՝ ե՛ս էլ, դո՛ւ էլ… Ազատ ապրելուց, առաջ ընթանալուց է խոսում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – … Մարդն ազատ կլինե՞ր, թե ազատ բառը չհորիներ:
ԹԱԳԱՎՈՐ – Հորինողը՝ հորինել, մեզ էլ դրա քաղցրությունն զգացնել է տվել, անազատ ապրել չե՛նք կարող:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Իրա՛վ է: Իսկ առաջընթացից աղմուկը միշտ շատ է լինում, թագավո՛րն ապրած կենա, ընտելացիր:
ԹԱԳԱՎՈՐ – Լա՜վ առաջընթաց է. մի նոր ու մեծ բաժին ընծա եմ տանում… Ի՞նչ անեմ, հիմա էլ միջնորդ հարևանիս մոռանա՞մ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Գահ-կոճղից իջնում, շտապում է թագավորի մոտ.) Արի մի պատմություն ցույց տամ, ու թող դաս լինի՝ քե՛զ էլ, եկող բոլոր կառավարողների՛ն էլ: Արի՛, արի՛…
Երկուսով գահավորում են:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Ծափ է տալիս.) Այծե՛ր, ասպարեզ եկեք:
Արահետ են ելնում այծերը:
ԱՅԾԵՐ.
-Մենք ենք…
-Էստեղ ենք…
-Այծերի ազգից ենք…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Գայլե՛ր, դուրս եկեք ձեր դարաններից:
Հակառակ կողմում ժողովվում են մի խումբ գայլեր:
ԳԱՅԼԵՐ.-Մենք ենք…
-Էստեղ ենք…
-Գայլերի ցեղից ենք…
Այծերն իրար են գալիս, դողում, կծկվում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հովի՛վ, շնե՛ր, պահապան կանգնեք:
Խոսքի վրա հայտնվում են մահակից անբաժան հովիվը, թևատակին մի հաստափոր գիրք, ու հոտի պահապան գամփռերը:
ՀՈՎԻՎ – (Մահակը տնկում, գայլերին է քշում.) Էլի եկա՞ք, ա՛յ սոված գայլեր: Չքվե՛ք, քանի ձեր լեշը չեմ փռել:
ԳԱՅԼԵՐ – (Ոռնում են.) Մեզ կանչեցի՜ն… Մենք էլ եկա՜նք…
Գամփռերը վրա են տալիս: Գայլերն արանքը ճղում, անհետանում են: Հովիվը նստում, գիրքն է թերթում: Այծերն սկսում են արածել, ազատ խաղալ, ուրախանալ: Այծերից մեկը շարունակ մթնդած նայում է հովվին ու շներին, ո՛չ արածում է, ո՛չ ուրախանում:
ՀՈՎԻՎ – (Նկատում է մթնդածին:) Հը՞, բողոքակա՛ն, ինչի՞ ես մթնել, ինչի՞ չես արածում, ուրախանում: Էս ազատ, ապահով բացատը սրտովդ չի՞, առավոտվա թարմ ու անարատ խոտը քիմքիդ չի՞ գալիս…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Հեչ պետքս չի՛:
ՀՈՎԻՎ – Չվախենա՛ս: Քանի հավատարիմ գամփռերս ու ես էստեղ ենք, ձեզ վնասող չի լինի: Գնա՛, գնա ու հանգիստ կեր:
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Բանն էդ է, հովի՛վ: Քանի էստե՛ղ եք… Բա որ չլինե՞ք…
ՀՈՎԻՎ – Բա ո՞ւր պիտի լինենք:
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Ի՞նչ իմանաս: Օրերից մի օր էս այծերի ու էն գայլերի հարցը մի խելոք լուծում պիտի ստանա՞, թե չէ:
ՀՈՎԻՎ – (Փակում է գիրքը:) Հանգի՛ստ, ա՛յ այծ, դարեդար էդպես եղել է, էդպես էլ պիտի գնա: Ամեն մեկն իր տեղում որ լինի, բան չի պատահի:
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Կպատահի՛: (Դիմում է ազգակից այծերին.) Այծե՛ր, ա՛յ այծեր, պատվարժան եղբայրնե՛ր ու չքնաղ մեր քույրե՛ր: Լսե՛ք, լավ լսեք, թե ինչ եմ ասում…
ԱՅԾԵՐ – (Արածելն ու թռվռալը թողնում, խմբվում են այծ եղբոր դիմաց:)
Ասա՛, բողոքական այծ, ասա՛, տեսնենք, թե ինչ ես մտածել:
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – (Ընդհանուրի ուշադրությունից ոգևորվում, մի բարձունք է գտնում, — մշակ Հուսեփի թողած քարը, — բարձրանում վրան, այծային կոկորդի ուժով ձայնում է.) Պիտի հավաքվենք էսպես միասին ու մի զորավոր պատգամ գրենք, ուղարկենք գայլերի ցեղին…
ԱՅԾԵՐ – (Նոր բան են լսում.)
-Ի՞նչ…
-Պատգա՞մ…
-Գայլերի ցեղի՞ն…
-Պատգամն ի՞նչ է…
-Ծամել կլինի՞…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Է՜հ, դու մենակ ուտելու դարդն ես, իսկ ես ուզում եմ էնպես լինի, որ քե՛զ չուտեն, ա՛յ այծ քույրիկ:
ԱՅԾԵՐ.
-Հա՞ ՜…
-Էդ լա՛վ է…
-Բա ի՞նչ անենք…
-Պատգամ գրե՞նք…
-Դու գրի՛…
-Մենք քեզ հետ ենք…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Հա՞ ՜… (Ուրախանում, մկկում, խառնվում, կակազում է.)… քա-քա-քա-նի… քանի՛… հավաքվել ենք, ինչի՞ ձգենք… հիմա՛ եկեք պատգամն ուղարկենք գայլերի ցեղին ու էսպես ասենք. «Այծերի պատվարժան ազգից՝ Գայլերի պատվարժան ցեղին – Պատգա՛մ – Ինչո՞ւ մեր մեջ լինեն քեն ու անհաշտ խռովություն, այլ ոչ թե հաշտ խաղաղություն»…
ԱՅԾԵՐ.
-Ճիշտ է ասում…
-Ճիշտ է, բա՛…
-Բացատներում խաղաղ կյանքը թողած, մենք վախ ու սարսափի մեջ ենք:
-Հերիք է, հերի՛ք…
-Զզվեցինք, էլի՜…
-Հոգնեցինք, էլի՜… Գրե՛նք…
-Հա՛, հա՛, պատգամը գրե՛նք…
Արահետի մյուս կողմում նորից խմբվում են թաքստոցից ելած գայլերը:
ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱՅԼ – Իմաստո՛ւն այծեր՝ այծերի ազգի: Մենք էստեղ ենք: Չվախենա՛ք: Ձեզ լսեցի՛նք: Մեր մեջ ի՜նչ գիր ու պատգամ…
Այծերը պապանձվում, բայց կարծես արդեն, ըստ բնության օրենքի ու սովորության ուժի, չեն վախենում ու չեն փախչում:
ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱՅԼ – Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք մեր աստծուց, որովհետև մեզ համար էլ մեծ խնդություն է ձեր անհատակ իմաստությո՜ւնը… (Հուզմունքից, ուրախությունից քիչ է մնում թե ոռնա: Ի վերջո, իրեն չի զսպում.) Մեզ համար էլ մեծ խնդությո՜ւն է խա-ղա-ղու-թյո՜ւ-ո՜ւ-ո՜ւնը…
ԳԱՅԼԵՐ – Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ… (Ցնծում են:)
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Տեսա՞ք, պատվարժան այծե՛ր՝ այծերի ազգի, ես ասում էի, չէ՞: Հիմա լսեցի՞ք, համոզվեցի՞ ՜ք… Գայլերի հետ միայն բարեկամությունն է, որ բոլորիս խաղաղություն կբերի:
Այծերն ուրախ մկկում են, գայլերն ուրախ ոռնում: Որտեղից որտեղ արահետում նորից զուռնա փչողն ու դհոլ զարկողն են հայտնվում: Մի քե՜ֆ, մի ուրախությո՜ւն… Հովիվն ու շները զարմանք կտրած, մե՛կ գայլերին են նայում, մե՛կ եղած-չեղած մի պտղունց խելքը խոտի հետ ծամած այծերին ու չեն հասկանում, թե էս ո՞նց եղավ, որ էսպես եղավ:
Առաջնորդ գայլի նշանով ահա, նվագն ու պարը մեկեն դադարում են:
ԱՌԱՋՆՈՐԴ ԳԱՅԼ – Նաև՛… նաև իմացնում ենք ձերդ իմաստություն այծ եղբայրներին ու քույրերին… մե՛ր…, որ հովիվն ու շներն են պատճառ ու սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնե՛նք մեջտեղից, իմացած լինեք, Գայլի Պատվի Հարց ու Ազնվածին Խոսք – մեր մեջ շուտով լինեն դա-րա-վո՛ր խաղաղությո՜ւն ու բարեկամությո՜ւն:
Հովիվը, այծերը, շները իրար են նայում:
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Ի՜նչ եք քարացել: Իրավացի՛ են գայլերը:
ԱՅԾԵՐ – Հա՞ ՜…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են…
ԱՅԾԵՐ.
-Ո՞նց թե…
-Էս ի՞նչ է ասում…
-Գժվեցի՞ր, ա՛յ այծ…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Լսեք, է՜, լսե՛ք: Մինչև էսօր մեր այծային բնությունն ամեն ինչ սխա՛լ է հասկացել:
ԱՅԾԵՐ – (Լռում են: Ապա պահանջում.)
-Խելքիդ զոռ մի՛ տուր, է՜…
-Գիտե՞ս՝ բա՛ն ասա…
ԲՈՂՈՔԱԿԱՆ ԱՅԾ – Ասածս է. իրավացի՛ են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև՜… շները և հովի՜վը… նրանց հալածում են մեզնից:
Գայլերը լարված սպասում են դեպքերի նպաստավոր զարգացմանը:
ԱՅԾԵՐ.
-Հա՜…
-Տես, է՜…
-Ո՞ւմ մտքով կանցներ…
-Համա՜ խելք ունես…
-Դու ուրիշ խոտ ես ուտո՞ւմ…
-Է, ճիշտ է ասում…
-Ճի՛շտ է ասում…
ԳԱՅԼԵՐ – (Սուր հոտառությամբ զգում են, որ հարմար պահը եկել է: Սկզբում անվստահ, ցածր ու բամբ ձայնում են.) Հո-վի՜վ-հե-ռա-ցի՜ր… շը-նե՜ր-հե-ռա-ցե՜ք… (Ու քանի գնում, գայլային կատաղությամբ են պահանջը դնում.) Հո-վի՛վ, հե-ռա-ցի՛ր, շը-նե՛ր, հե-ռա-ցե՛ք…
ԱՅԾԵՐ – (Բողոքական Այծի գլխավորությամբ, այծերի ազգն էլ միանում է գայլերի ցեղին.) Հովի՛վ, հեռացի՛ր, շնե՛ր, հեռացե՛ք… Բարեկամ դարձած Այծին ու Գայլին միջնորդ, պահապան պետք չեն հավիտյան…
ԳԱՅԼԵՐ, ԱՅԾԵՐ – Հե՛-ռա՛-ցե՛ք… Հե՛-ռա՛-ցե՛ք…
Հովիվը մահակն ամբողջ ուժով գետնով տալիս, բոլորին լռեցնում, հավատարիմ շներին առնում, մեջտեղ է գալիս:
ՀՈՎԻՎ – Թքե՛մ ձեր էծ մռութին…
Կոտրված սրտով ասում, գամփռերին առնում, ասպարեզը լքում է:
ԳԱՅԼԵՐ – Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ-ռա՜…
Մի քե՜ֆ, մի ուրախությո՜ւն: Զուռնան, դհոլը բացատում էլի բարձր թնդում են: Գայլերն ու այծերն իրար գրկում, երգում են, պարում…
Մի գայլի մեջ գայլությունը թունդ է լինում – բռնում, պարազույգ այծի վիզը կծում, ծծում, արնաքամ է անում:
Հարա՜յ-հրո՜ց… Էլ ինչ…
ԱՅԾԵՐ.
-Հովի՜վ, փրկի՜ր…
-Շնե՜ր, հասե՜ք…
-Այծի ազգին տարա՜ն, կերա՜ն…
-Մորթոտեցին էս լուս օրո՜վ…
-Այծի ազգը կորա՜վ… կորա՜վ…
Գայլերն իրենց համեղ ավարն առնում, հևիհև փախնում, անհետանում են թավ անտառում:
Թագավորը ոտքի է ելնում:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Թագավորին.) Աչքովդ տեսար, ականջովդ լսեցիր: Մարդ լինի, թե ազգ՝ բա՛խտ պիտի ունենա: Էդ բախտ ասածն էլ՝ խելքի՛ց է, թագավորն ապրած կենա, խելքի՛ց… ու մարդուս արած ընտրությունից, որն ազատության կարիքն ամենաշատն է զգում: Որոշումը թողնում եմ քո իմաստնությանը:
ԹԱԳԱՎՈՐ – (Իջնում է բացատի վերին գլխից:) Պատկերավոր դասեր առա, ալևո՛ր: Մտածելիքս ավելի շատացավ: Շատն էլ՝ ցա՛վ… Գնամ: (Ձեռքը թագավորավայել բարձրացնում է, արահետը լքում:)
Թավ անտառի երգեցիկ հազարան հավքերի դայլայլ-երաժշտության ու հմայող ռիթմի տակ Բախտ Ծերունին տեղից իջնում, արահետով ետ ու առաջ է անում, ճմլկոտում, մարզումն է շարունակում:
Սև ու Սպիտակազգեստ օգնականները հետևում են օրինակին:
Որտեղից որտեղ թևած երկվորյակ Կեռնեխները հայտնվում, բանբերության ծլվլոցով թռչկոտում են:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Բա՛խտ Ծերունի, լուրեր ունենք, ասե՞նք-չասե՞նք, ասե՞նք-չասե՞նք…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Մարզումը չի դադարեցնում, ծափ է զարկում:) Ձեր գործի անունը լուր տալը չի՞: Միասին մի՛ բլբլացեք, հատ-հատ ասեք:
Չքչքաններն ինչքա՜ն են ուրախանում:
Ա ԿԵՌՆԵԽ – Վա՛հ… հրա՜շք… վերջապե՜ս… Բա՛խտ Ծերունի, շնորհակալ եմ, որ քրոջիցս անջատ ծլվլալու շնորհ ես բաշխում…
Բ ԿԵՌՆԵԽ – Հրա՜շք, հրա՜շք… Գիտե՞ս, շատ անռիթմ էր քույրս, հազիվ էի հետը մի ձայնով ծլվլում:
Ա ԿԵՌՆԵԽ – Անռիթմը ե՞ս եմ:
Բ ԿԵՌՆԵԽ – Բա ե՞ ՜ս…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Է՜հ… Տեսեք, է՜, երկու հալալ թռչնաքույր եք, համա իրար լսել չունե՛ք… Բա խորթի, օտարի հետ լեզու գտնելը, նույն երգը երգելը հե՞շտ բան եք կարծում:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (Շարունակում են իրար մեջ պարզել.)
-Ես չե՛մ, դո՛ւ ես…
-Դո՛ւ ես, ես չե՛մ…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Գործի՛ց ծտվտացեք… թե չէ շնորհը ետ կառնեմ:
Ա ԿԵՌՆԵԽ – Վա՜յ, չէ՛, չէ՛, չէ՛…
Բ ԿԵՌՆԵԽ – Չէ՛, չէ՛, չէ՛, վա՜յ…
Ա ԿԵՌՆԵԽ – Թագավորի ասած ազատության համն առել ենք…
Բ ԿԵՌՆԵԽ – …չենք ուզում միաբերան ծլվլալ, չէ՜…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Սսկվե՛ք:
Կեռնեխները հլու-հնազանդ սսկվում, խոնարհ կանգնում են:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Լուրերն ասեք:
Ա ԿԵՌՆԵԽ – Քահանան դարդից մեռավ, Հուսեփը լաչառ Հուրնուն շան օրը գցեց…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – (Մատ է թափ տալիս.) Հուսեփի բախտն էդ չէ՛ր…
Բ ԿԵՌՆԵԽ – Է՜հ, Բա՛խտ Ծերունի, հավատացի՞ր:
Ա ԿԵՌՆԵԽ – (Մեղավոր է:) Պատկերավոր ծլվլոց էր, ծլվլացի…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Եղելությո՛ւնն ասա:
Ա ԿԵՌՆԵԽ – Քահանան արդեն ոչ ևս է: Հուսե՜փը… Հանելուկ մնաց՝ ի՛նչ արեց, ի՛նչ հնար բանեցրեց՝ Հուրին կակղեց, համավո՛ր հարս դարձավ. խոսքով՝ համեղ, անուշ, գործով՝ համեստ, պարկե՜շտ… Մարդիկ ասում են՝ Հուրնուն ի՞նչ է եղել, ի՞նքն է, ինքը չի՜:
Բ ԿԵՌՆԵԽ – Բա՛խտ Ծերունի՜, դու կիմանաս՝ Հուսեփն ի՞նչ արեց…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Իրենց գործն է:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – (Միակտուց ծտվտում են.) Յա՜…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Գրված է. «Ամենքի հետ ենք ու ամենուր, բայց սիրո, ամուսինների հարցերում անզո՜ր ենք»: Բախտի բա՛խտն էլ էս է:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Չիմանա՞նք:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ամեն լսող իրե՛նը թող մտածի: Հուսեփը գո՞հ է:
Բ ԿԵՌՆԵԽ – Ամբողջ գյուղը գլխին հավաքել, քո մասին է պատմում: Հուսեփը, Հուրին, հարևանները…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Հերիք է: Հուսեփի ու Հուրիի էջն էսօր թերթեցինք: Թե թագավոր Տոնապետից լուր ունեք, ա՛յ, էդ մասին չքչքացրեք:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Ունե՜նք…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Ասե՛ք: (Փոխում է որոշումը.) Չէ՛, կճոխացնեք, ձեզ գիտեմ: (Ծափ:) Հրամայե՛ք, թող ցույց տան:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Հա՞ ՜… (Ուրախացած են, մեծ պատվից՝ այլայլված:)
ԲԱԽՏ ԾԵՐՈԻՆԻ – (Գնում, բազմում է իր գահ-կոճղին:) Դե՜: Գործե՛ք:
Ա ԿԵՌՆԵԽ – Ժողովո՛ւրդ, խորհրդականնե՛ր, ասպարեզ մտեք:
Ժողովուրդը, խորհրդականները բարձր խոսելով գալիս են:
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ.
-Ի՞նչ է ասելու…
-Ի՞նչ կա…
-Կարևոր լուրե՜ր…
-Բախտորոշ վճի՜ռ…
-Խիստ հրամա՜ն…
Բ ԿԵՌՆԵԽ – Թագավո՛րն ապրած կենա, ժողովուրդը սպասում է:
Թագավորական շեփորն է հնչում: Գալիս է թագավորը: Տեղ է գրավում: Բոլորն իրեն են տեսնում, ինքը՝ բոլորին:
ԹԱԳԱՎՈՐ – Ո՜վ ժողովուրդ, քեզ եմ հասցնում խիստ հրամա՛նը մեր…
Ժողովուրդը խլվլում, շշնջում, հետո արագ հանդարտվում, սպասում է:
ԹԱԳԱՎՈՐ – Մեր մեծ ցավը գիտեք: Անկուշտ հարևանի պատմությունը հայտնի է: Ուրեմն՝ լսե՛ք: Որոշո՛ւմ եմ — Էլ ո՛չ մի ընծա: Ընծա ու զիջում պրծա՛ն: Ձեր գործի՛ն կացեք: Ընծան մեր զորքի՛ն տվեք, զորականի՛ն: Հայրենյաց պաշտպանն ու պահապանը թող լավ մարզվե՛ն, պարապե՛ն, մեր սահմաններն անառի՛կ դարձնեն, իսկ թե բան է՝ անհաջող հարևանը մեկ էլ մի վատ քայլ անի, դեմն իրենց ո՛ւժն ու խե՛լքը դնեն: Խելքի դեմ՝ խե՛լք, ուժի դեմ՝ ո՛ւժ:
Շեփորականչի տակ Տոնապետ թագավորը բարձունքից իջնում, գնում է: Ժողովուրդը, խորհրդականները՝ «Կեցցե՛ Տոնապետ թագավո՜րը…», «Իմաստո՛ւն որոշում է…» բացականչելով, հետևում են իրենց թագավորին:
ԿԵՌՆԵԽՆԵՐ – Էսպիսի լուրեր, Բա՛խտ Ծերունի:
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Մի՛ մարդ, թե ժողովո՜ւրդ, մարդի՛կ, թե ազգե՜ր՝ բա՛խտ, բա՛խտ ու բա՛խտ, որ խե՛լք է նախ, խե՛լք է ու խելոք ընտրությո՛ւն: Էս էլ էսպե՜ս… (Գոհ է: Դառնում է աջ ու ձախ օգնականներին.) Ի՞նչ կասեք, էստեղ շատ մնացինք, չէ՞: Ուրիշ տեղերում մեզ կանչողները շա՜տ: Ճանապարհ ընկնենք:
Բ ԿԵՌՆԵԽ – Բա՛խտ Ծերունի, Բա՛խտ Ծերունի, բա Հուսե՜ ՞փը…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Էլի՞… Հուսեփը՝ ի՞նչ…
Բ ԿԵՌՆԵԽ – Ասում եմ, չէ՞, գյուղացիներին քո մասին պատմեց: Հիմա ամբողջ գյուղը ճամփա ընկել, Բախտ Ծերունու ոտն է գալիս, սրտի բողոքն ու հոգու ցավը պատմելու է գալիս…
ԲԱԽՏ ԾԵՐՈՒՆԻ – Սրտի բողո՜ք, հոգու ցա՜վ… Հազար տարվա լաց ու բողոք չի վերջանում, չէ՛, նույնը կրկնվում է: Բախտը հո պարապ չի՞… Կգան, կգնան: Թող համբերեն, մեջները տան ու առնեն, սեփական խելքով հարցերի պատասխանները գտնեն, թող մտածեն, էլի՜, մտածե՜ն ու… հնարը կգտնե՛ն… մինչև Բախտը մի օր էդ մարդկանց դեմը դուրս կգա ու, մեկ էլ կտեսնեն՝ ժպտա՜ց: (Նորից օգնականներին.) Գործ շատ կա, անթի՜վ-անհամար: Գնացի՛նք:
ՍԵՎԱԶԳԵՍՏ, ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ – Խոսքդ՝ օրե՛նք:Բախտ Ծերունին ճամփա է ելնում: Օգնականները հավաքում են ցուցանակները, հետևում Ծերունուն: Անտառն էլ է անհետանում, պալատն էլ: Կեռնեխները թռչկոտելով, հետևում են օգնականներին:
Արևոտ օր: Դայլայլ: Բացատ: Բայց… անդորր չէ:
Մարդկանց մոտեցող ոտնաձայներ, խուլ հառաչներ, ախ ու վախ, բարձրաձայնած ծանր միտք… Աճելով, դրանք ավելի հստակ, լսելի, բարձր են հնչում:
ՁԱՅՆԵՐ.
-Ախր ինչի՞…
-Բա ե՜ս…
-Բա մե՜նք…
-Էս ո՞նց եղավ…
-Ինչի՞ էսպես եղավ…
-Վա՜յ, բախտ բաժանող…
-Բա մենք էս բախտին էինք արժանի՞ ՜…
-…էս բախտին էինք արժանի՜ ՞ ՜…
-…արժանի՜ ՞ ՜…
-…արժանի՜ ՞ ՜…
-…արժանի՜ ՜ ՜…
Վերջ
