#Հաղթելու ենք. Ռոբերտ ԵՍԱՅԱՆ / ՀԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Պիես 1 գործողությամբ, 9 դերասանների մասնակցությամբ

 

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Ես լույսից եմ ստեղծված, լույսից,

Ոտից գլուխ, ներս ու դրսից:

Մայրամուտին արևը միշտ

Իջնում իմ մեջ

Ու պահվում է իմ խորքերում:

Ես լույսից եմ ստեղծված, լույսից,

Երգ է ժայթքել իմ հավատից:

Լույս եմ շնչում,

Որ իմ երգը բողբոջի պես պայթի մի օր,

Դառնա ծաղիկ:

Արծաթե հայելում

Տեսնում եմ ու շտկում

Իմ արտաքինը,

Իսկ իմ պարզ երգի մեջ`

Իմ ներսը, խորքը…

Եվ ամենքինը:

Ափիս մեջ ճրագը տառապանքի`

Ես անցնում եմ բառից բառ` լուսավորելո՜վ

հիշողությունը ճանապարհների:

 

ԴԵՐԱՍԱՆ 2

Տողերը

ներդաշնակության մերկ պահուստնե՜ր են,

որոնք պեղվում են, հանդերձավորվո՜ւմ,

բայց ժամանակի բեմում գործում են

միայն մեկ դեմքով

 

ԴԵՐԱՍԱՆ 3

Բառերը երբեք չե՜ն հանդուրժում ներկ,

դիմակ ու գրիմ.

 

ԴԵՐԱՍԱՆ 4

նրանք ժայթքում են Ոգու ընթացքից`

ամբողջացնելով տպավորության

բարձրավանդա՜կը:

 

ԴԵՐԱՍԱՆ 5

Իմ անդրադա՜րձը ժամանակների

զոհասեղանին`

կդառնա նոր Սկիզբ

և Հարության ե՜լք:

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Ափիս մեջ ճրագը տառապանքի`

լուսավորո՜ւմ եմ ներշնչանքները

ճանապարհների:

 

ԴԵՐԱՍԱՆ 7

Բառից բառ այսպես ընդարձակվո՜ւմ է

Երկիր-մոլորակը:

 

ԽՈՒՄԲԸ

Բառից բառ, բառից բառ,

բառից  բառ այսպես ընդարձակվում է

Երկիր-մոլորակը:

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Հորս ոտնահետքը փափուկ էր բարձի նման:

Նրա մեջ իմ հսկա մաքառո՛ւմն էր ննջում:

Ես ինչ իմանայի,

որ նա իր քրտինքով

լայն բերանն էր փակում

քաղցած հոգսերի:

Ես ի՜նչ իմանայի.-

երբ որ մանրաստեղ

քայլերս էին լցվում ողկույզի պես: Քամին

մոր պես ստինքն հանում,

կերակրում էր անխոս…

կծկված ցրտերին:

Ստվերս բուրո՜ւմ էր

ծեր մայթի կկոցած ու լուռ բիբի վրա,

երկինքը ձայնիս մեջ անվերջ ընդլայնվո՜ւմ էր,

ես մերկ էի, ինչպես մարդու արտաբերած

առաջի՜ն բառերը: Հեռուն` գրկի՜ նման…

Կյանքը գեղեցիկ էր-

և ես քայլո՜ւմ էի

հորս պիրկ ուսերի ազատության միջով…

Հիմա, երբ ճամփաս սլաք է ժամացույցի,

հայացքս չի վրիպում նախնյաց նետի հանգույն,

ոռնացող երակներս` մի-մի Ձենով Օհան,

ամեն միտքս տանջվող Մհեր է քարայրում,

երբ կպել են ուսերիս հոգսերը բրածո,

ճանապարհիս ահեղ հանգույցները մեկ-մեկ

արձակելու համար`

շանթվա՜ծ ետ եմ նայում.

իմ ուսերի ճերմակ ազատության միջով

քայլող խենթ երեխա՜…

 

ԴԵՐԱՍԱՆ 8

Հա՛յր իմ, նայիր.

դռան փեղկը սեղմվում է խոսքերիդ պես`

ետ մղելով ցուրտ ու քամի:

Հա՛յր իմ, ների՜ր…

ես քո միտքը շփոթելով գնդակի հետ`

խփել եմ ու… անմեղ ծառի ճյուղը ջարդել…

Աչքիս լույսում կա տաք մոխիր ու մի տաճար…

Քո ազգանվան ակոսներում շարժվող սե՜րմն եմ…

Այս աշխարհին ես կապվել եմ քո՜ ժպիտով,

Հա՛յր իմ, պարզիր ինձ քո ձեռքը, ես մանուկ եմ.

և մտքիս մեջ դեռ ճռռում է սահնա՜կը հին

ու չի գտնում մի պատառ ձյուն…

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Իմ հուշերի լուսանցքներում,

ուր տիրում էր անդորրություն,

այն պահերն են բացվում հիմա,

այն պահերը խայտանկար,

երբ հենվում էր հայրս մտքին,

ինչպես բահին,

իսկ թևերը քշտած մայրս

լուռ խոնարհված իր տաշտաձև

օրվա վրա`

լվանում էր

իմ խաղերը փոշեթաթախ

և հոգսերը իր տնակյաց,

կամ երփներանգ հանդարտությամբ

ճմլո՜ւմ էր մի հին մտածմունք:

Մեր լվացքի պարանի պես

հպարտ միտքս լվացվում էր

առավոտի մատնահետքով…

Ինքնամոռաց ստվերն իմ մոր

լուռ շարժվում էր

այդ պարանին միշտ զուգահեռ:

Իր հոգսերի պես բազմալիք

թուխ վարսերը ծոծրակի մոտ

վեհ կնիքած` հավաքո՜ւմ էր

շարժումներս

ու քայլվածքս…

Ի՜մ մանկություն,

դու արցունք ես`

կախված կոպից հիշողության:

 

ԴԵՐԱՍԱՆ 3

Մենակ

եմ ես: Նաև

ծարավ:

Եվ նայում եմ բաժակի

մեջ, խմում

կում-կում

արհամարհվա՜ծ

իմ հայա՛ցքը…

Սրտիս

զարկերի վրա

մաղվում են անվերջ

բառերդ,

որպես

ձյան փաթիլներ…

(Մրսում եմ

և ես փրկություն չունեմ):

Քո հոնքերի շարժումներից մերժումաձևւ

իմ ինքնության դիմադրող ծեփն է թափվում:

Շուրթերիս

վրա

համբույրի մի հետք

շարժվում է դանդաղ մրմուռի՜ նման:

(Կծկվում եմ պատրանքի տաքուկ թևերի մեջ):

Հուշերիս աչքերը կուրացել են.

խավարը լցվում

է իմ մեջ,

ես չկա՛մ…

Աչքերս մի կետի`

ես սպասում եմ.

ծեծի՛ր դուռս… ծեծի՛ր դուռս… ծեծի՛ր դուռս…

դո՞ւ ես…

Ծեծի՜ր դուռս,

դո՞ւ ես…

(Կտրուկ շրջվում է… Դատարկությո՛ւն, հիասթափությո՛ւն):

Երբ օրը դառնում է սենյակի չափ,

հետո` սեղանի,

հետո` աչքի-

դու հուշիկ քայլերով

գալիս ես այցի…

Ցողի շշուկն է սահում

կրծքիս վրայով`

տանջվա՜ծ, խոցոտվա՜ծ…

(Շուրթերիս վրա լուսանում է մի բառ,

մի այլ բառ

մթնում`

հավերժության համար):

Ես

(զգուշորեն,

որ չնկատես)

դուրս եմ շպրտում իմ պատուհանից

մենակությունս`

հնացած փողկապ,

որ տանջված ձայնիս

ջրվեժն էր պահում`

օղակում խեղդա՛ծ…

Եվ թփրտում է անունս շուրթիդ`

վիրավո՜ր թռչուն,

իսկ ես քո անվան ցուրտ կախաղանից

իջեցնո՜ւմ եմ ինձ…

Սկսում ես խոսել…

Ես քեզ չե՜մ լսում.

քո խոսքերից թափվող փետուրն եմ

հավաքում,

որպես սպեղանի

դնում վերքերիս…

Գնում ես….

Օրը

աչքի չափ,

սենյակի տեսք է ստանում,

հետո` փողոցի,

հետո`… մե-նու-թյո՜ւն…

 

ԽՈՒՄԲԸ

Մե-նու-թյո՜ւն…

 

ԴԵՐԱՍԱՆ 2

Քո հայացքում ապրում եմ ես,

Ինչպես վարձու մի սենյակում,

Ինձ նույն կյա՜նքն է բաժին հասել,

Ներքևում թե վերին հարկում:

Քեզ սիրում եմ կարոտով կես,

Կես երազով աչք եմ փակում,

Կես տանջանքով այրվում եմ ես

Վերելքներից մինչեւ անկում:

Կիսատ-պռատ կյանքն է հիմա

Իր ողջ կամքը թելադրում.

Երկինքն ի վեր մի լույս հիմար

Անուրջներիս կառքն է հրում:

 

ԴԵՐԱՍԱՆ 8

Մայրս աղոթքի աչքերն է բացում…

Բարակ մատներին

լուսաբացների հետքերն են դողում…

Մայրս նայում է թռչնի թևերով,

տեսնում ճիչերը երկնակամարի.-

մատաղվո՜ղ երազ,

բոցերի կարմիր լեռնապարն ի վար

գլորվող մեղքեր…

Հավատի լույսով մայրս մեկնում է

աղոտ նշանը իմ ճանապարհի:

Ես մի՛տքն եմ ըմպում

առարկաների…

Ճանապարհների բռունցքն եմ բացում…

Եվ կանչում է ինձ

Հակոբավանքը մանկության հույսի…

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Սարսուռների խորքում` պարող

ոտնահետքեր,

Ամպի կոպերի տակ հուշն է հևում:

Երկնքի տակ ի՞նչն է հարատևում,

Ինչն է, որ բացում է ցողոտ տիեզերքներ

Եվ մեր զգայության սահմանը հատելով,

Պարգևում մեզ բույրեր անիրական,

Ընբոշխնումի լույսեր` վարար այնքան-

Կյա՛նքը, Սե՛րը, Մա՛հը ակունք դարձնելով…

Օ՜, այդ Հոգին է, որ ագուցում է իրար

Անհասնելի ձայներ, բախտի եզրեր,

Օ՜, այդ Հոգին է, որ վախճան չունի:

Եվ մեր զգայության տիրույթների վրա

Տրոփում  են երկնի պատառիկներ`

Իբրև թևերն անտես այդ թռչունի:

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Անցորդի պես

շուրթերիս փողոցով անցավ

մի անծանոթ բառ.

չհասցրի անգամ իմանալ անունը`

երբ մութը ընկավ:

Եվ սառցապատվեց

իմ և Անհայտի միջև ձգվող

հաղորդությունը:

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Հեռվից կանչում է ինձ

հույսի լապտերը:

 

ԴԵՐԱՍԱՆ 6 (տղա)

Դո՛ւ ես

վառում

ճրագը

իմ երազի: Ցանկապատի վրա

մի կարոտ է թռչկոտում`

դանդաղ բացելով

հայացքը հուշի:

 

ԴԵՐԱՍԱՆ 9 (աղջիկ)

Գուցե լռությունը գիրկ է սիրո համար,

Իսկ ինձ համար նաև չասված հույսի բեռ է,

Եվ ինձ համար լույս է` երազներից քամած,

Որ բերում է հեռվից ներշնչանքի բառեր…

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Դո՛ւ ես

փայփայում

դեմքիս

ավյունը`

մաս-մաս ըմպելով թարթիչներով

սիրո,

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Գուցե լռությունից քարե մի ճիչ պոկեմ,

Դնեմ վերքիս վրա` որպես սպեղանի,

Հետո ցավի ոխից կարոտներս փրկեմ

Եվ մրմուռս դարձնեմ ճախրո՜ղ մի աղավնի…

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Դու ես հիշողության ծովի ամենահորդ

ալիքը

և տոչոր ափը իմ հավատի,

դու ես

մատներիս ծայրերին բաբախող ոգին

և մանրահատիկ ավազները

հուշի…

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Գուցե լռությունը անհայտ գրչի երկ է,

Կամ նամակ է` հղված լուսավորիչ-քարին,

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Ես քայլում եմ դեպի ափերը իմ երազի`

մաս-մաս ներծծվելով

կեղևի մեջ

Ոգու:

Դո՛ւ ես անդրադարձնում տարերքն իմ

իրական,

դու`

հիշողության ափը

և ծովի ոգին:

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Գուցե լռությունը երազանքի հետք է,

Որ նախնի՜ս է թողել կյանքի ճանապարհին.-

Որ աշխարհում լինե՜ն արկածաշունչ դեպքեր,

Խղճի ճառագայթով լուսավորվի՛ բարին:

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Դո՛ւ ես

հիշողության ափը

և ծովի ոգին:

 

ԴԵՐԱՍԱՆ 5

Վայրն այս,

ուր հիմա

համբուրվում ենք մենք,

գուցե եղել է երբևէ հատակ

մոռացված ծովի կամ գաղտնի

անկյուն, ուր մերկացել է ճակատագիրը.

մարդկանցից հոգնած,

հոգսից, ցավերից մի կերպ ազատված`

հանգստացել է այս կույս անկյունում,

այդ պահից սկսած շնչավորելով

իր շուրջն ամեն բան

անիմանալի խորքի արթնությամբ…

Վայրն այս,

ուր հիմա

համբուրվում ենք մենք,

կդառնա մի օր հոգու թանգարան…

Վայրն այս,

որից իմ հայացքը պոկում

ու ցավ եմ զգում

ես հրաժեշտի պահերին բոլոր.

կարծես հուշերիս կարմիր կեղևն եմ

պոկում,

սիրելի՛ս…

 

ԴԵՐԱՍԱՆ 4

Քո կրծքի մեղմիկ սարսուռների մեջ

բաբախում է մատներիս հայացքը,

եւ մարմնահամ լո՜ւյս է բխում

մեր շուրթերի միջև սեղմվող օդից…

Խանդի ոստայնի մեջ թփրտացող հույսով

քսվում եմ վարսերիդ.

աչքերիդ երանգի մեջ դառնում եմ

աստղիկներ

և հատիկ-հատիկ ընկնելով

ծոցիդ մեջ`

մարում…

Եռում է լռությունը բառերի միջև…

Ու տենչի խշշացող տերևների միջից

խոյանում է վեր

մի մրրկանման ծարավ,

մի խելակորույս կանչ

կտցում է լռությունը փայտփորիկի պես:

Մենք կանգնել

ու երազում ենք

ապրումների երկնաողող ափին,

և մեր համբույրը

ջրերի վրա միայնակ օրորվող նավակ է,

որ մերթ մոտենում է

ու մերթ` հեռանում…

 

ԴԵՐԱՍԱՆ 7

Փողոցում, ուր շոգն արդեն

հասցրել էր լցվել բոլոր ճեղքերը,

չանտեսելով անգամ խոնավ

մրջնանոցները, որ փոքրիկ

թագավորություններ են. ուր

ծաղիկներից անջատված զգլխիչ

բուրմունքները, անցորդներին մի պահ

հանելով հոգսերի ցանցից,

նրանց մեջ կարծես վերաթարմացրել են

Անսահմանության զգացողությունը,

հանկարծ լսվեցին մի քանի կրակոցներ,

որոնք ավելի հիվանդագին

ներգործեցին ծառերի, օդի, շոգի ու

ստվերների վրա, քան… անցորդների,

որ փաթաթված իրենց հոգսերի մեջ,

զլացան անգամ մի պահ կանգ առնել`

ի նշա՜ն հարգանքի հեռվում մեռնողի…

Օ՜, մահ, դու դեռ չե՞ս ընկել

ինքդ քո աչքից…

Կար ժամանակ, երբ քո այցը

համարվում էր օրհնյա՜լ… Անցել են

քո դրական հատկանիշները…

Խո՛րթ ու անբնակա՛ն, նողկալի՛ ու

ստո՛ր…

Բնության օրենքներից արտաքսված

Ճիվա՛ղ: Երբևէ դու քեզ տեսե՞լ ես

այսքան խղճուկ-մատնված սոսկալի

անտարբերությա՛ն…

Հիշողության անապատի միջով

քայլում է մեկը.-

այդ ես՛ եմ Ջրհեղեղից հետո…

 

ԴԵՐԱՍԱՆ 4

Տեսնես Ոգու ո՞ր աստիճաններից

ընկած երազի կորուստն է սգում

բառս

ցավակիր,

որ արցունք ունի

կորիզի՛ նման.

պայթում է հողի խոլ շերտերի մեջ

ու ելնում` որպես ընձյո՜ւղը հույսի…

Անդեմ լռության պտտահողմի մեջ

հիշողությունն իր աչքերն է թարթում.

մեր ազնվական պատկերը արթուն

կայծակող սրի շեղբին զուգընթաց`

վերսկսու՜մ է երազների վեճն

անդեմ լռության պտտահողմի մեջ:

Տափաստանների հողմերը անթամբ

հորիզոնների վահանին զարկվում

ու փշրվում են, մաղվում անընդհատ,

որպես խոլ տենդի մի սև բռնկում,

ու բեկորի պես կծկվում են վերքում

տափաստանների հողմերը անթամբ:

Կարծես մարտադաշտ-սպունգն է հոգնում

բախումից արյան ու մղձավանջի,

մեր բազուկն Հայկի շառափն է գտնում

հոլովույթի մեջ «Սկիզբ ու Վերջի»,

որ վերսկսո՜ւմ է երազների վեճն

անդեմ լռության պտտահողմի մեջ:

 

ԴԵՐԱՍԱՆ 5

Ես հիշում եմ նախնիներիս խիզախությունն                                                             անպարագիծ,

Տեսնում նրանց, որպես տան սյուն, աղոթելիս,

Եվ բազմահետք ճանապարհի պես խորհելիս.

Երբ տնքում էր ժամանակի անիվի տակ

Նրանց կարմիր համբերության երակը տաք:

Հուշերիս մեջ դեռ կան արյան խիզախ շիթեր…

Նրանց համար լույսը հող էր,

Հույսը` հագուստ,

Լեզուն` դրոշ…

Ու պարսպված խենթ ձիերի

Սմբակահար ճանապարհը

Դառնում էր թուր,

Դաշտն` Ավարայր,

Եվ բախումը նրանց հող էր,

Հող էր դարը,

Վայրկյանը` հո՛ղ…

Հուշերիս մեջ դեռ կան արյան խիզախ շիթեր…

Եվ գրում եմ գրչո՞վ,

Օ՜, ո՛չ, մանկա՛ն ճիչով,

Ճիչով կարմիր,

Որ կարեցավ գտնել հյուլեն մեր գոյության…

Ապրում ենք և… ամբողջանա՛նք…

Հուշերիս մեջ դեռ կան արյան խիզախ շիթեր…

 

ԴԵՐԱՍԱՆ 2

Ճակատագրի պատյանից հանի՛ր ինքնությունդ`

ասպետական սուր:

Պատվանդանները զոհասեղաններ են…

Իրականության և երազի միջև գոյացել է մի

անդունդ:

Պատանդված եսը`

Ազատությա՛ն շեմ:

Ստրկության շերտը ծանրացել է բառի ուսերին`

Իբրև

հորիզոնի տուրք…

Եվ մարդը-հույսի ու հավատի մի կետ-

անորոշության փակուղուց մտնում է

լույսի

ու ոգու

լաբիրինթոսը…

Մարդը`

իրականության ահեղ… հավելվա՛ծ…

Մենակության բոլոր ծիրերից քաղի՛ր վարդերը`

որպես արյան ճի՛չ…

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Երբ բոլորն ինձ կորցնեն, ես կգտնեմ ինձ,

Ես կգտնեմ ինձ տխրության մեջ աստղի,

Եվ կլցվեն մաշկիս բիբերը ցավից

Լույսով հարության ու ավիշով պտղի:

Իբրև հուշի ծվեն կյանքս երկրային

Կմնա կախված այն նախնական դողից,

Որով ըմբոշխնումը առեղծվածային

Առնչվել է մի օր ոգուն շուրթերիս:

Երբ բոլորն ինձ կորցնեն, ես կգտնե՛մ ինձ,

Ես կգտնեմ ինձ երազի մեջ աստղի,

Հայրենիքիս անհուն շնչառությունից

Հավերժության գրած տա՛ռը կզարթնի:

Հրաժեշտի շարժումով հեռանում է,

վստահաբար արտաբերելով.

Մի օր պտտահողմը ձեր խոլ հայացքի

Կանշարժանա լուրից իմ վերադարձի:

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Տարածքը դեռևս հայրենիք չէ…

Տարածքը դեռևս հայրենիք չէ՜է՜է՜…

Եթե մեր ոգու լույսը չի բխում  հունդերից հողի

և խաչքարերից չի տարածվում շունչը                                                                         լինելության,

եթե գրքերը հավելվածներ են անորոշության,

համակարգիչներն` աստվածներ անմեռ,

իսկ անցորդները կյանքից դուրս մղված

նշաններ են լոկ,

եթե հայ երգը պատանդ է միայն

ազատագրված այս փողոցներում

և քաղաքներում հայրենակարոտ,

ուր ընկած է ոգին խարխափանքների

զոհասեղանին,

ուր նյութի շքեղ ցուցահանդես է

և մուրացկանի  ուրվականային անցուդարձ ու սահք,

ուր անհավասար կյանքի շերտերից

(ամենաէժան աշխատուժը դեռ Հայաստանո՛ւմ է-

հանքատեսակ, որ չի օգտագործվում

շրջափակման այս կեղեքարանում)

պոռթկում է ճիչը բանաստեղծների…

Վարագույրներն են ընկնում բեմերից…

Ի՞նչ ունենք հիմա.

երազանքի շե՞մ

և ջիպերի լայն անվադողերով

քարտեզագրվող իրականությո՞ւն. —

88 թվի տարերքն ենք հիշում ժողովրդական,

երբ տառապանքի ցա՛վն էր ընդհանուր…

Տենդի վիհերն են ելնում հավատի լեռնապարն ի վեր…

Տարածքը դեռևս հայրենիք չէ (փորագրված է

այս տողը ծառին, քարին, անհունին):

Եթե մեր ոգու ելքը չի բխում սալաքարերից

և խաչքարերից չի տարածվում հիմնը լինելության,

ուրեմն մեր քայլը անորոշության հավելվա՜ծն է                                                                               հենց,

ուրեմն մեր սերը զարդարա՜նք է և բառերի                                                                            թափոն…

Վառենք ջահերը Ոգու Անհունի

և հայրենիքի լույսի ուղղությամբ

նայենք երազին, հողին, հավատին,

զի մեր հոգևոր Հայրենիքն Ազատ

առանցքն է Գոյի ու Լինելության:

 

ԴԵՐԱՍԱՆ 3

Է՛հ, ծովերն անցանք և առվի

ոստայնո՞ւմ պիտի մենք խեղդվենք,-

Ինչո՞ւ ես մարմինդ փրկում,

երբ կուլ ես գնացել դեմքով.-

Հուշերիդ բրածո ընդերքից

պոկելով շիկացած մի թել-

Ցնցի՛ր հիմերը քո գոյի

և ցնցիր անունդ անգո:

Քո ամեն քայլը հանգույց է`

հետքերիդ սլաքով բացվող,

Դու ապրում, խնդում ես գուցե

ջանքերիդ ջանքերի գտածով,

Եվ գիտես. գտածիդ խորքում է

կյանքի հին բանալին ջարդվում,

Ներկադ իր հիմքով բացվում է

գալիքի լուսեղեն հանգույցով:

Շունչս պատվում է աստղացոլ

հուշերի հրեղեն սարսուռով,

Ես ինձ այնքան եմ պատկանում,

ինչքան իմ հուշերը` հուշերիս,

Լեզուս  մի մոմ է առկայծող,

բոցը` արյունն այն, որ սրով

Ինչքան էլ փորձել են կտրատել,

բայց դարձյալ բխել է խորքերից…

Եվ հողից հանված ձեռքերով

մոխիրն ենք հունցել թոնրատան,

Աստղեր ցնցուղել նրա մեջ,

թրծել ենք տեսիլքի բոցերում

Ու շրջել… վիպական գյուղերի

բարձրամետ բուրվառի վրա,

Աստղահյուս առասպել որպես

ու որպես անսահման մի զրույց:

Ոտքերդ արմատներ են, հիշի՛ր,

և ոչ թե` կարկին կարոտի,

Որ խրես քաղցի մեջ կրքերի

ու չափես տենչդ բազմադեմ,

Եվ քայլով պիտի նախ ճեղքես

կեղևիդ խավարը սնոտի,

Իսկ հետո… առասպելն այրերի

քեզ կտա նոր երազ ու թև:

Է՛հ, ծովերն անցանք և առվի

ոստայնո՞ւմ պիտի մենք խեղդվենք,-

Ինչո՞ւ ես մարմինդ փրկում,

երբ կուլ ես գնացել դեմքով.-

Հուշերիդ բրածո ընդերքից

պոկելով շիկացած մի թել-

Ցնցի՛ր հիմերը քո գոյի

և ցնցի՛ր Անհունդ անգո:

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Փողոցի ազատությունը պատանդ է մի,

որ պահվում է շան հազվադեպ լսվող

հաչոցի մեջ: Ձմեռ: Ես ծխախոտ եմ վառում և

ըմբռնում, որ ծխախոտից անգամ փաթիլվում են

ձմեռվա երազն ու հաչոցը շան:

Հայրս քաղաքի վերականգնվող ներկան է

բերում հայացքում և դնում սեղանին, որպես հաց,

պանիր, միրգ: Շուրթերի շարժումներում բացվում են

բառերը, որպես ծաղիկներ: Եվ բուրում է օրը`

շրջապատված ստվերով ահազարհուր Մահի:

Ապակու մեջ խրված ճառագայթը

մի բացառիկ ջերմություն է տարածում

դարի սրթսրթացող մարմնի վրա:

Ձյունից ելնող ծաղիկը Ապագայի կա՛նչն է:

Մայրս հրեշտակի թևը բարձրացնելով, վերցնում է

իր ճերմակ օրերից մեկը և սփռում սեղանի վրա.

հետո կտրտում է համբերությունն իր ձմերուկի նման,

տալիս թոռներին: Այնքան հեռու էր պատերազմը

օդից, ձայնից, լույսից:

Ժամանակը

բացում է հայացքիս էջերը (կարմիր, կապույտ, սև),

և թափվում են ճիչերն ավերակված երազի:

Անիվների տակ ջախջախվող լուսաբացներ:

Դռները` որոգայթներ, ճանապարհները`                                                                               կափարիչներ

լռության: Հավատի աստիճաններին`

խոցոտվո՜ղ երկինքներ: Խոսքը ապտակ է: Միտքը`                                                            զսպաշապիկ:

Ես դիտում եմ շուրջս. ամեն մի պատկեր բացում է                                                                       ինձ խորքից:

Իսկ ժամանակը նայում է ինձ` որպես դրամատիկ ու                                                   անցնո՜ղ մի տեսարանի:

 

ԴԵՐԱՍԱՆ 3

Պատմության ծաղրից ելած խառնամբոխ,

որ ջարդում է խաչքար, փշրում  դիմագիծ,

այրում այն ամենն, ինչ հայկակա՛ն է,

ինչ մեզ է հասել Ոգու աստղերից:

Կոտորած: Վարագույր: Կամարներ մտքի,

որոնցից հոսում է արյունն օրորոցի,

խառնվում ցեխաջրին համատարած Տենդի:

(Անդո՛ւնդ է և… ցա՛վ): Ջարդերի դասերը

փոխանցվում են արյան ճշգրիտ կոդերով

(Համիդից  Թալեաթ, Թալեաթից Բաղիրով),

վերածվում սուր-սուր կացինների՛,

փոխարկվում մահվան հրդեհների՛…

փողոցից փողոց և քաղաքից քաղաք…

Ամենուր ավեր է, ավար է ու թալան,

ուր սահմռկեցուցիչ ճենճերահոտը

հեռու է վանում հրեշտակներին….

Երկինքը ապակե մի զոհարան է…

ծայրե ծայր թփրտում է ոգին հորիզոնի

և կախվում ծիրերից կոտորածների.

կաթիլ-կաթիլ-կաթիլ

լցվում են վիհերը ողբերի…

Հայի ուր-վա-կան-ներ,

որ «հալածում են» մարդասպաններին

մինչև ճահճահոտ խորքերը խղճի,

ուր ծախվում են… սե՛րը, պատի՛վը, դե՛մքը…

Զորքե՛ր, զորքե՛ր, զորքե՛ր…

Պատմության շեմքը պղծո՜ղ խառնամբոխ,

որ պատուհանն է փակում երազի,

բացում դժոխային փեղկերը ահի…

Մոխրի հորիզոն, շատրվան ցավի,

դիվային կրքեր և անհայտի դո՛ւռ…

 

ԴԵՐԱՍԱՆ 8

Տե՛ր, ծանրացել են կոպերը հոգնած իմ ճանապարհի,

Օրվա բիբերում խոհն է կարծրացել նման  կայծքարի,

Մի՞թե Անհունը` մինչ այս դյութավառ

գաղտնիքներով գոց,

Պիտի օրորվի իմ դիմաց` որպես դատարկ օրորոց:

Տե՛ր, ծանրացե՜լ են կոպերը հոգնած իմ ճանապարհի:

Մի հին համբույրի աճյուն է մաղվում ուսերիս վրա:

Ես մահիս միջով գնում եմ դեպի Սկիզբն իմ նորից,

Եվ մենությունն է մրսում թևիս մեջ-անտե՛ր երեխա…

Հորս պատկերն է արձանացել իմ առաջին ճիչում…

Իմ արյան կարմիր ղողանջն է լցվում ոտնահետքիս մեջ,

Շունչս` վիհերի վրայով թռչող ոգեղեն հնչյուն:

Երազս իրեն վերագտնում է տիեզերքից դուրս,

Առագաստներ են տողերս` անհայտ երկնքով շնչող,

Ուսերս մթնում շարժվում են իբրև հիշատակի՛ լույս…

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Տերևները

Աստծո համբույրների նման

ծածկում են անտեր սպիները

օրվա,

և խրամատից բուսած հառաչանքը

խոնավ

գլորվում է`

իբրև մայրական արցունք

անհայտ Երազողի շիրմաթմբի վրա…

 

ԴԵՐԱՍԱՆ 9

Ես իմ խոհերով կեղևապատ եմ:

Իմ աչքերի մեջ, իմ աչքերից դուրս

փռված է դարձյալ անշունչ, անկենդան

մարդկային խղճի նո՛ւյն անապատը:

Մեղքը կարմիր է

ու նաև սև է:

Առաջին բանտը շուրթերն ունեցան.

այնտեղ հանգչում են խոսքի աճյուններ`

պատված ապրումի ոսկըրափոշով:

Կործանումների շերտերից վերև`

օրորվում է իմ հիշողությունը,

որպես նորօրյա մի Նոյյան տապան:

Հոգին բառի մեջ:

Հոգին բառից դուրս:

Ինչքա՞ն կտևի

իմ և քո միջև արարվող Խոսքը:

Երգն այս շուրթերիս`

ես կհեռանամ այս մեղկ աշխարհից,

և իմ Երազի հետքը կծածկվի

մի հազարամյա լռության շերտով,

ուր անցորդի պես կանգ կառնի

օրը

(հանուն մի վերին հաղորդակցությա՞ն)…

Մտե՛ք դուք օրվա

միջով, թռչուննե՛ր,

այլ տեղ մի՛ փնտրեք

շեմն Անսահմանի…

 

ԴԵՐԱՍԱՆ 4

Մենք ելանք հողից ու երազից,

Փրկեցինք տարերքն հայկական

Եվ Շուշին` մագաղաթ մի կիսված,

Եվ Շուշին` երազի հանքաքար:

Իսկ Շուշին հավատ է ու ղողանջ,

Որ լցվում է Հայի խնդությամբ,

Կարո՜տ է Սփյուռքի աչքերում,

Երգվում է նորօրյա ասքերում:

Փրկեցի՛նք խիղճը մարդկության,

Փրկեցի՛նք անունը հերոսիդ

Եվ Շուշին, որ քաղաք չէ ու արձան,

Փրկվա՜ծ հայացքն է Մասիսի:

 

ԴԵՐԱՍԱՆ 7

Երկի՛ր, քո շնչի մեջ եմ ես գտնում                                                                                հանգստությունս,

Քո շնչի մեջ եմ ընդլայնվում և իմ                                                                      անհանգստությամբ,

Եվ քո հնամյա շունչն է ի զորու միայն որոշել,

Թե ինչքանով եմ ես նահատակված

Եվ կամ կենդանի,

Ինչքան եմ մաքուր,

Ինչքան՝ աղարտված,

Նենգո՞ղ եմ, խաբո՞ղ,

Թե՞ ազնվազարմ,-

Շնչիդ նժարն է այսպես անդադար ու անեղանակ

Տարուբերում ինձ,

Տարուբերում ինձ…

Քարերիդ ծանր առեղծվածներն եմ շրջում                                                                 տքնանքով,

Որ հնադարյան դրոշմս հպվի հողի հայացքին,

Ու թեև գիտեմ,

Որ վշտով կոփված ողնաշարը իմ

Պիտի երերա,

Պիտի սարսռա տիեզերքը ողջ,

Եվ այդ սարսուռին, գիտեմ, որ պիտի,

Ախ, չդիմանան

Տողերս հիվանդ,

Հույսս հաշմված,

Պիտի իմ արյան հևոցների մեջ

Հին երազների շունչը լայնանա,

Դարերը վարգեն,

Ու փառքի բազում գմբեթներ պիտի

Ընկնեն շարունակ,-

Եվ մորմոքներիս հատակը դարձյալ պիտի                                                                դիմանա՛…

Քո ակունքների քունը ծվատող

աղաղա՜կն եմ ես,

Ընթացքդ հասուն.

Մտորումներիդ ամեն մի ծալքում

Ապրել եմ դժվար հավատիդ նման

Եվ քամվել եմ ես տառապանքի պես:

Ու ամեն անգամ,

Երբ ես տողերիս դռներն եմ ծեծում

Եվ անակնկալ երբ ներս եմ մտնում-

Ես հայտնվում եմ քավարանի մեջ

Եվ իմ աշխարհի մեղքերն եմ քավում…

Երկի՛ր, քո շնչի մեջ եմ ես գտնում                                                                                հանգստությունս,

Քո շնչի մեջ եմ ընդլայնվում և իմ անհանգստությամբ,

Եվ քո հնամյա շո՜ւնչն է ի զորու միայն որոշել,

Թե ինչքանով եմ ես նահատակված

Եվ կամ կենդանի՜…

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Երբ սեղմում եմ իմ բռան մեջ

Արցախի հողը

տաք,

կարծրանում է բառը,

ինչպես…

զրա՛հ…

Ափիս մեջ ճրագը տառապանքի`

ես անցնում եմ բառից-բառ` լուսավորելով

հիշողությունը ճանապարհների:

 

ԴԵՐԱՍԱՆ 2

Տողերը

ներդաշնակության մերկ պահուստներ են,

որոնք պեղվում են, հանդերձավորվում,

բայց ժամանակի բեմում գործում են

միայն մեկ դեմքով

 

ԴԵՐԱՍԱՆ 3

(բառերը երբեք չե՛ն հանդուրժում ներկ,

դիմակ ու գրիմ.

 

ԴԵՐԱՍԱՆ 4

նրանք ժայթքում են Ոգու ընթացքից`

ամբողջացնելով տպավորության

բարձրավանդակը):

 

ԴԵՐԱՍԱՆ 5

Իմ անդրադա՛րձը ժամանակների

զոհասեղանին`

կդառնա նոր Սկիզբ

և Հարության ե՜լք:

 

ԴԵՐԱՍԱՆ 6

Ափիս մեջ ճրագը տառապանքի`

լուսավորում եմ ներշնչանքները ճանապարհների:

 

ԴԵՐԱՍԱՆ 7

Բառից բառ այսպես ընդարձակվում է

Երկիր մոլորակը:

 

ԽՈՒՄԲԸ

Բառից բառ այսպես ընդարձակվում է

Երկիր մոլորակը:

 

ԴԵՐԱՍԱՆ 1

Մեր երկրի բախտը ղողանջեց, ռազմակոչը

հնչեց հայրենի,

ոտքի ելանք, զինվելով լույսով, հավատով

նախնյաց, կռվեցինք անդուլ,

 

ԴԵՐԱՍԱՆ 2

համբուրեց հույսը ճակատը մեր վեհ

և տվեց տարերք մաքառման,

ընկանք մենք թեև մարտում սոսկալի,

բայց փրկվե՜ց հողը` եզերքն հայրենի:

 

ԴԵՐԱՍԱՆ 3

Մեր շունչը ծաղիկը բացեց սերունդների համար`

իբրև լույս:

 

ԴԵՐԱՍԱՆ 4

Երկիրը բախտ արարեց, նոր կյանքի երգով

բացեց ակոսներ,

 

ԴԵՐԱՍԱՆ 5

ապրելով` հիշեց, կոթողներ հիմնեց, մեր                                                                               ոգուց

հիմներ արարեց,

 

ԴԵՐԱՍԱՆ 6

որ լինենք մենք ու ապրենք նոր կյանք:

 

ԴԵՐԱՍԱՆ 7

Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…

 

ԽՈՒՄԲԸ

Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…

Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…

Հավերժի մեջ ենք, մենք կանգառ չունենք…

 

Կարծես աննկատելի, սակայն իբրև կարևոր նպատակ, դրամատիկական երկը ստեղծում է մի կերպար. դա բանաստեղծի կերպարն է, որ հյուսվում է խոհով, ընդվզումով, թախիծով ու սիրով:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։