ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԼԱՎ ՀԱՅ ԴԱՌՆԱԼ / ՄԱՐՈ ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ

Մարո ՄԱԴՈՅԱՆ-ԱԼԱՋԱՋՅԱՆ

ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ԼԱՎ ՀԱՅ ԴԱՌՆԱԼ

Գործող անձինք

ԼԻԱ — 45  տարեկան է, բուժքույր է

ՍԱՄ — Լիայի ամուսինը,  46 տարեկան է, աշխատում է հաշվապահական      գրասենյակում (բեմում նրան չենք տեսնում)

ԷԼԵՆ — Լիայի և Սամի դուստրը, 16 տարեկան է, սովորում է Գլենդելի ավագ դպրոցում

ՍԵՐԱ — Էլենի դասընկերուհին, 17 տարեկան է

ՍՅՈՒԶԻ — Լիայի քույրը, 53 տարեկան է, բանկում մենեջեր է

ՋԱՔ — Սյուզիի ամուսինը, 55 տարեկան է, բիզնեսմեն է

ՔՐԻՍՏԻՆԵ — Սյուզիի դուստրը, 29 տարեկան է

ՋԻԱ — Քրիստինեի ընկերը, 33 տարեկան է (բեմում նրան չենք տեսնում)

ՆԻՆԱ — Լիայի և Սյուզիի քույրը, 38 տարեկան է, ամուսնացած չէ, ապրում է Երևանում (շփվում  է սքայփով)

Լիայի ծնողները — ապրում են Երևանում (շփվում են սքայփով)

Ջիայի ծնողները — (բեմում  նրանց չենք տեսնում)

ՀԱՅԿԱԶ ԱՐՄԵՆԱԿՈՎԻՉ  (ՀԱՅԿԱԶ քեռի) — Լիայի հարևանը, 75 տարեկան է

ՈՍՏԻԿԱՆՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

Տեսարան Առաջին

Մայիս ամիսն է, արևոտ, գեղեցիկ օր է:

Գլենդելի Դորան փողոցի գտնվող շենքի բնակարաններից մեկն է, որն ունի համեստ  կահավորանք: Հյուրասենյակի հատակին փռված է հայկական գորգ, մի անկյունում գտնվող գրապահարանում հայերեն գրքեր և հայկական փոքրիկ հուշանվերներ կան: Պատից կախված է Մասիս սարի կրկնօրինակ: Լիան տնային հագուստով է՝ կիսակարճ տաբատ, լայն կարճաթև ծաղկավոր բլուզ, մազերը գլխավերևում անփույթ հավաքած ծոծրակին: Նա զբաղված է տունը կարգի բերելով և ճաշի պատրաստություն տեսնելով: Էլենն ընկերուհու՝ Սերայի հետ իր սենյակում է: Այնտեղից լսվում է բարձր երաժշտության և ուրախ խոսակցության ձայներ: Էլենը փորձում է դպրոցի ավարտական հանդեսի համազգեստը, որը պատվիրել էր առցանց և նոր էր ստացել: Ներսից լսվում է նրա ձայնը:

ԷԼԵՆ — Մամ, մի րոպե կգա՞ս… խնդրում եմ:

ԼԻԱ — Հենց հիմա, աղջիկս: (Հնչում է Լիայի բջջային հեռախոսի զանգը: Նա արագ մոտենում է սեղանին և վերցնում այն:) Հելլո՜, այո, ես եմ:  Տիկին Բեթի, դո՞ւք եք: Օ՜, ես այսօր ազատ օր եմ վերցրել: Այո, այո, մեր  ամուսնության քսանամյակն է: Շնորհակալ եմ, սիրելիս: Դե, մենք այդպես հատուկ չենք նշում: Ես պարզապես մի փոքր պատրաստություն եմ տեսնում, ամուսնուս անակնկալ անելու համար: Դուք մի մտահոգվեք, ես վաղն անպատճառ կգամ: Այո, իհարկե: Ինձ փոխարինող բուժքույրը նույնպես շատ հոգատար է: Խնդրում եմ, հետևեք նրա բոլոր ցուցումներին և ընդունեք նրա տված բոլոր դեղահաբերը: Խոստանում եմ, դե իհարկե, վաղն անպատճառ կգամ, սիրելիս: Դուք այդ մասին մի մտահոգվեք:  Շնորհակալ եմ, շատ լավ, ամուսնուս կփոխանցեմ ձեր բոլոր բարեմաղթանքները: Դե, լավ մնացեք, առայժմ: (Հեռախոսն անջատում է:) Ի՜նչ հետաքրքիր են հիվանդները: Կապվում են և այլևս ոչ մեկին չեն ուզում…     

ԷԼԵՆ – (համազգեստը հագին Սերայի հետ դուրս է գալիս ննջասենյակից): Մամ ջան, տես, ո՞նց է, մի քիչ լայն չէ՞:

ՍԵՐԱ — OK է, չէ՞, Լիա մորաքույր: Իմն էլ է մի քիչ լայն, բայց դա ոչինչ: 

ԼԻԱ – (հեռախոսը գրպանը դնելով մոտենում է Էլենին): Վայ, էս ի՜նչ լավն է: Մի շրջվիր տեսնեմ: Լավ է, իրոք քեզ շատ է սազում: Սերան ճիշտ է, այնքան էլ լայն չէ, OK է: Միայն մի քիչ երկար է, հաստատ քայլելիս ոտքիդ տակ կընկնի: Բայց խնդիր չէ, կկարճացնենք:

ԷԼԵՆ — Չէ, երկարությունը լավ է, մամ ջան, կոշիկներս կհագնեմ և ամեն ինչ տեղը կընկնի: Իրո՞ք սազում է: Շատ անսովոր է, մի տեսակ տարօրինակ եմ զգում:         

ՍԵՐԱ — Կարծես դատավորի հագուստ լինի, չէ՞: Կարո՞ղ ես դատավորի նման քայլել:

ԷԼԵՆ — Ոնց չէ: Հիմա ցույց կտամ, թե ոնց են դատարան մտնում: (Դատավորի տեսք ընդունած սկսում է քայլել:) Ոտքի՛, դատարանն է գալիս:

Ծիծաղում են:

ԼԻԱ — Դատավոր Էլեն Կարապետյան. լավ է հնչում: Իմ կարծիքով դու շա՛տ լավ դատավոր կլինես:

ՍԵՐԱ — Շա՜տ, ես էլ եմ այդպես կարծում: Էլենի պես արդար դատավոր չի լինի, չէ՞ Էլեն: Հիշո՞ւմ ես, որ միսս Ջոնսը մի օր քեզ ասաց՝ Քարփեթյան, դու արդարության մունետիկ ես: 

ԷԼԵՆ — Ա՜հ, հենց դրա համար էլ դատավոր չեմ դառնա… ինչի՞ նման է ազգանունդ այդպես աղավաղելը, երբ դու  լուրջ, էսպես ծանր հագուստով և գլխարկն էլ գլխիդ  ներս ես մտնում:

ՍԵՐԱ — Իրոք, ապուշություն է, օրինակ՝ ես հաստատ որոշել եմ փոխել ազգանունս: Ոչ ոք չի կարողանում ասել Ջաղացպանյան: Ատում եմ ազգանունս:

ԼԻԱ — Մի քանի անընդունակների պատճառով պետք է ազգանունդ փոխե՞ս:

ՍԵՐԱ — Մենակ այդ մի քանիսը չեն, Լիա մորաքույր, ախր երբեմն նույնիսկ մենք ենք  այդ ազգանունները դժվարությամբ արտասանում, ուր մնաց ամերիկացիները:

ԷԼԵՆ — Լա՜վ, կամուսնանաս ավելի հեշտ արտասանվող ազգանուն ունեցող մեկի հետ և հարցը կլուծվի:

Ծիծաղում են:

ՍԵՐԱ — Լավ միտք է: Վաղը հայտարարություն կտամ, որ փնտրում եմ կարճ ու հեշտ արտասանվող ազգանուն ունեցող ամուսին, ազգանունս փոխելու նպատակով: Ցանկացողները թող դիմում ներկայացնեն հետևյալ էլեկտրոնային հասցեով:

Բարձրաձայն ծիծաղում են:

ԼԻԱ — Ա՛յ, եթե կարևոր մարդ դառնաք, բոլորն էլ ձեր ազգանունն անսխալ կարտասանեն:

ՍԵՐԱ — Ճիշտ է, դրա համար էլ ես ունենալու եմ կարևոր մասնագիտություն, որպեսզի մարդկանց համար լինեմ  կարևոր:

ԷԼԵՆ — Մամ ջան, ինձ համար ամենից կարևոր  մասնագիտությունը քոնն է: Ես քեզ պես բուժքույր եմ դառնալու:

ԼԻԱ — Է՜, շատ ծանր, տառապալից աշխատանք է, մանավանդ եթե զգայուն ես… լավ կլինի այլ բան ընտրես:

ԷԼԵՆ — Ես դա գիտեմ, բայց նաև տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են զգում քո կարիքը: Իսկ դու միշտ ես նրանց օգնության հասնում: Ես էլ կուզենամ լինել  այդպիսին:

ԼԻԱ – (հուզվում է, գգվում է Էլենին իր ողջ մայրական ջերմությամբ): Դե, եթե կոչումդ այդտեղ ես տեսնում, ուրեմն գնա այդ ուղղությամբ: Գուցե կարողանաս բժշկական համալսարան ընդունվել: (Ուղղում է Էլենի համազգեստը, հարդարում, ուշադիր զննում է բոլոր կողմերից:)  Դե, կոշիկներդ էլ հագիր տեսնեմ: Բա գլխա՛րկդ… գլխա՜րկդ մոռացար:

ԷԼԵՆ – (գնում է ննջասենյակ և կոշիկները հագած ու գլխարկը գլխին դրած գալիս): Տա-տա՜մ:

ՍԵՐԱ – (զարմանում է, հետո ծիծաղում): Սա՞ է քո գլխարկը:

ԷԼԵՆ – (տարակուսած): Հը՞, ի՞նչ եք էդպես նայում: Կարծես մի քիչ մեծ է, հա՞:

ՍԵՐԱ — Մեծը դեռ ոչինչ, բա գո՞ւյնը:

ԼԻԱ — Իրոք, ինչո՞ւ է այդքան մեծ ու անհամապատասխան:

ԷԼԵՆ – (արագ հանում է գլխարկը և ուշադիր զննում): Դե պարզ է՝ շփոթել են, սխալ բան են առաքել: Սև գույնը տղաների համար էր նախատեսված: Աղջիկներինը պետք է լիներ մանուշակագույն:

ՍԵՐԱ — Ես էլ հենց դա եմ ասում, իմը մանուշակագույն է:

ԷԼԵՆ — Անմիջապես պետք է ետ վերադարձնենք, այլապես մինչև ավարտականիս օրը նորը չի հասնի:

ԼԻԱ — Այո, հենց այսօր էլ ետ ուղարկիր: Էլեն ջան, կոշիկներդ էլ հարմար չեն, ավելի հարմար կոշիկներ են պետք: Այդ օրը շատ ես լինելու ոտքի վրա, կրունկով կոշիկը հոգիդ կհանի: Վաղը կգնանք ավելի հարմարավետ կոշիկներ կգնենք:

ՍԵՐԱ — Վայ, ի՞նչ եք ասում, Լիա մորաքույր, հիմա ո՞վ է հագնում ցածրակրունկ:

ԷԼԵՆ — Միայն չափազանց բարձրահասակները:

Ծիծաղում են: 

ԼԻԱ – Դե հիմա կանգնիր այդտեղ, մի հատ այդ համազգեստով քեզ նկարեմ: (Գրպանից հանում է բջջայինը:) Այ այնտեղ կանգնիր՝ պատուհանի մոտ, մի փոքր թեքվիր, հենց այդպես, շատ լավ է: Դե ժպտա: Եղավ: Սերա, հիմա դու էլ միացիր Էլենին: Այ այնտեղ կանգնեք՝  ծաղիկների մոտ:

Սերան Էլենի հետ կանգնում է ծաղիկների մոտ, և Լիան մի քանի անգամ լուսանկարում է նրանց:

ԷԼԵՆ — Մամ ջան, ավարտականիս օրը շատ կնկարվենք: Բայց ուզում եմ մի հատ էլ սելֆի անենք:

Եվ նախքան Լիան կառարկեր, ասելով՝  ոչ, ես դեռ տնային հագուստով եմ, մազերս էլ չեմ սանրել, Էլենը նկարում է: Հետո Սերայի հետ  ծիծաղելով և աշխույժ զրուցելով շտապում է ննջասենյակ:    

Հնչում է դռան զանգը:

ԼԻԱ – (արագ մոտենում, բացում է դուռը): Սյուզի՞: 

ՍՅՈՒԶԻ – (հմայիչ կին է: Դարչնագույն առատ  մազերը ժամանակակից ճաշակով հարդարված են: Հագել է կապույտ պաշտոնական կոստյում՝ սև զոլերով, սև բարձրակրունկ կոշիկներ, ձեռքին՝ ընտիր կաշվե պայուսակ: Քիչ շփոթված տեսք ունի): Կներես, առանց զանգելու եկա: Նույնիսկ վստահ չէի, որ տանը կլինես:

ԼԻԱ – (գրկում, համբուրում է քրոջը): Շատ էլ  լավ ես արել: Իսկ մենք զբաղված էինք Էլենի համազգեստով: Գիտես, չէ՞, աղջիկս շուտով  ավարտելու է high school-ը: Ուզում ենք դուք էլ անպատճառ ներկա լինեք ավարտական միջոցառմանը:

ՍՅՈՒԶԻ – (մտազբաղ է երևում): Դե իհարկե, իհարկե, ինչպես չէ, Էլենիս ամեն ինչին էլ պետք է ներկա լինենք: Բա ոնց… բա ոնց: (Էլենի սենյակից լսվում են երաժշտության և խոսակցությունների ձայներ:) Օ՜, սա Jonas Brothers-ի “Sucker”երգն է: Այս երգը շատ եմ սիրում:

ԼԻԱ — Այո, Jonas Brothers-ը Էլենի սիրած խումբն է: Իսկ “Sucker”-ը այս տարվա լավագույն երգերից է: Բայց  շատ բարձր են միացրել: Խլացուցիչ է:

ՍՅՈՒԶԻ – (պայուսակը դնում է աթոռին, նստում  հյուրասենյակի բազմոցին): Էլենը մենակ չէ՞:

ԼԻԱ — Ընկերուհու՝ Սերայի հետ է, պատրաստվում են, քիչ հետո պարի դասի են գնալու:                                

ՍՅՈՒԶԻ – (նայում է շուրջը): Զբաղված ես երևում:

ԼԻԱ — Չէ: Պարզապես այսօր ազատ օր եմ վերցրել: Որոշեցի մի քանի բան  պատրաստել… ը՜մ…

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ կա որ:

ԼԻԱ — Մեծ բան չէ, ուղղակի մեր ամուսնության տարեդարձն է, մտածեցի` Սամի սիրած կերակուրները պատրաստեմ. ամուսնուս մի փոքր անակնկալ:

ՍՅՈՒԶԻ — Վա՜յ, ոնց էի մոռացել…: Շնորհավորում եմ, քույրս, ձեզ երջանկություն և հավերժական սեր եմ մաղթում:  Քսան տարի առաջ այս օրը… ի՜նչ հրաշալի օր էր, ի՜նչ լավ քեֆ արեցինք: Մեր բոլոր հարազատները կային: Հիմա այդպիսի  ուրախություններ չենք ունենում: Մեր բոլոր հարազատները ցրված են աշխարհով մեկ:

ԼԻԱ — Է՜, անցան այդ օրերը: Անցյալ օրը Նինայի հետ էի խոսում: Չես պատկերացնի, թե որքան բողոքեց: Ասում է, առաջ, եթե մի բան էր պատահում, մաման զանգահարում էր իր կամ պապայի քույրերից մեկին և շատ չանցած ամբողջ գերդաստանը մեկ մարդու պես հավաքվում էր մեր տանը: Ասում է՝ այսօր այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չի մնացել, բոլորը ցրվել են աշխարհով մեկ:

ՍՅՈՒԶԻ – (մի պահ տխրում է): Ճիշտ է ասում: Բայց պապային ո՞վ չգիտի: Նրա շուրջը գտնվող բոլոր մարդիկ իր բարեկամներն են: Լիա ջան, դե քեզ շատ չզբաղեցնեմ: Գնա, գնա հագուստդ փոխիր, քեզ կարգի բեր, քանի Սամը չի եկել:

ԼԻԱ — Ոչինչ, մի՛ անհանգստացիր, դեռ շատ ժամանակ կա, կհասցնեմ: Սյուզի՞, մի տեսակ անհանգիստ ես երևում,  կարծես մտքումդ մի բան կա: Ասա տեսնեմ ի՞նչ է պատահել:

ՍՅՈՒԶԻ – (դեմքը ծամածռում է): Ա՜խ, քույրս…

ԼԻԱ – (անհանգստացած): Ի՞նչ կա, ասա, ի՞նչ է պատահել, Քրիստիկը, Ջաքը լա՞վ են:

ՍՅՈՒԶԻ — Քրիստիկի անունը մի՛ տուր:

ԼԻԱ – Ինչո՞ւ, ի՞նչ է արել: Քրիստիկի պես խելացի աղջիկ չկա, ինձ մոտ նրա մասին վատ բան չասես:

ՍՅՈՒԶԻ — Է՜, դու ինչի՞ց ես խաբար: Ես իմ աղջկա ձեռքը կրակն եմ ընկել: Այդքան անես, նվիրվես… ոչինչ չխնայես… և պատասխանը լինի սա՛: (Հուզվում է:)                  

ԼԻԱ – Ի՞նչ է պատահել: Չլինի՞ նորից այդ բոյֆրենդն է պատճառը: Սյուզի ջան, լա՜վ էլի, ի՞նչ ես բարդացնում, մոռացե՞լ ես, բա դու ջահել չե՞ս եղել: Մի քիչ ընկերություն կանի, կտեսնի՝ հարմար չէ, ետ կկանգնի:

ՍՅՈՒԶԻ — Բա ոնց, ետ կկանգնի… քեզ համար հեշտ է այդպես ասելը: Քո աղջիկը լսող է… ծնողների հանդեպ հարգանքով… Եվ ընդհանրապես, քեզ մոտ ամեն ինչ շատ հաջող է ստացվել՝ սիրող ամուսին, բարի ու լսող աղջիկ… մի խոսքով՝ կատարյալ ընտանիք: Իսկ ես… Ա՜խ, ինչո՞ւ եմ ես այսքան դժբախտ …

ԼԻԱ – (սրտնեղած մոտենում է քրոջը): Քեզ է այդպես թվում: Գոնե դու մի բողոքիր: Ախր ի՞նչդ է պակաս: Ունես հիանալի ամուսին, որը քեզ համար ոչինչ չի խնայում: Շուրջդ նայիր, ո՞ր մեկն ունի քո հնարավորությունները: Տունդ մտնողը բարևն էլ է մոռանում: Ի՞նձ ես համարում բախտավոր: Գիշեր-ցերեկ աշխատում եմ ու չեմ հասցնում: Եվ դեռ տան ամբողջ հոգսն էլ վրաս է: Իսկ դու…

ՍՅՈՒԶԻ — Կարծում ես, երջանկությունը նյութականի մե՞ջ է:

ԼԻԱ — Լավ, համաձայն եմ, նյութականը ոչ մեկին երջանկություն չի բերում: Բայց, անշուշտ,  կյանքը հեշտացնում է… Քրիստիկի համա՞ր է այդ քո լացն ու կոծը, բայց նրա ի՞նչն է պակաս: Շատ լավ երեխա է: Իզուր ես բողոքում: Ի՞նչ անենք, եթե աղջիկը սիրահարվել է: Հո աշխարհի վերջը չէ՞:

ՍՅՈՒԶԻ — Բա ինչ է, որ աշխարհի վերջը չէ: Ասում ես՝ սիրահարվել է: Բայց դու տեսե՞լ ես այդ տղային… Ես կգժվե՜մ: Քաչալ… դեմքի վրա ընդհանրապես մազ չկա, ծնոտը՝ լայն, բերանը՝ մեծ, քիթը՝ փռված, աչքերը՝ շեղ, մաշկը… մաշկը, մաշկը… ի՞նչ ասեմ, այ էս պատի գույնի է՝ դեղնացորնագույն… վա՜յ, մամա ջան… ախր ո՞ր մեղքիս համար… 

ԼԻԱ — Է՜, իզուր ես այդպես ասում: Տեսել եմ նրան, Սյուզի ջան, էդ ինչքա՜ն ես չափազանցնում: Հա, լավ, Ալեն Դելոնը չէ… բայց (կմկմում է)… բայց իրոք,  շատ լուրջ տղա է: Սովորող: Բժշկական համալսարանը կարծեմ այս տարի ավարտեց: Վիրաբույժ է: Քրիստիկն էլ լավ մասնագիտություն ունի: Աղջիկդ փաստաբան է: Էլ ի՞նչ ես ուզում: Լավ կլինի, մի մտածիր:

ՍՅՈՒԶԻ – Վա՜յ, ուզում ես ինֆա՞րկտ ստանամ: Վիճակս չե՞ս հասկանում: Միայն տեսնես… Բա Ջաքը, Ջաքը… Չես պատկերացնի, լրիվ կատաղել է:

ԼԻԱ — Չհասկացա, Ջաքն ինչո՞ւ է կատաղել, կամ ո՞ւմ վրա է կատաղել… Քրիստիկի՞:

ՍՅՈՒԶԻ — Հա բա, Քրիստիկի: Մեր տանն ո՞ւմ վրա են կատաղում: Քրոջդ, Լիա ջան, բոլորի ուժը միայն ինձ վրա է պատում: Ինքը ոչինչ չի կարողանում անել և դրա համար էլ եմ ես մեղավոր:  Թե ես ի՞նչ կարող եմ անել: Ինձ  ասում է՝ դու ի՞նչ մայր ես, որ աղջիկդ ընդհանրապես խոսքդ հաշվի չի առնում: Բայց ես  մեղավո՞ր եմ, դու ասա, ես մեղավո՞ր եմ… թող հո՛րը լսի, վա՜հ: Բայց հայրը նրան ի՞նչ է ասում որ: Կարծես վախենում է՝ իր խոսքն էլ բանի տեղ  չդնի: (Հուզվում է:)

ԼԻԱ — Լավ, դե հանգստացիր: Ի՞նչ եք աշխարհը խառնել իրար: Ջահել են, դեռ ժամանակ կա, թող մի քիչ ընկերություն անեն, հետո կերևա…

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ պիտի երևա, Լիա ջան, ախր փոքր չեն: Աղջիկս արդեն երեսունին է մոտենում: Ժամանակն է նորմալ մեկին հանդիպի, ամուսնանա, ընտանիք կազմի:

ԼԻԱ — Դե սա Ամերիկա է: Այստեղ բոլորն էլ ուշ են ամուսնանում: Կամուսնանա, մի մտածիր, խելոք, լուրջ աղջիկ է և եթե այդ տղային է ընտրել, ես խնդիր չեմ տեսնում:

ՍՅՈՒԶԻ – (ճչում է): Դե լավ, է՜: Այդ ո՞նց թե խնդիր չես տեսնում: Քեզ համար նրա հայ չլինելը խնդիր չէ՞,  չինացի լինելը խնդիր չէ՞…

Էլենի սենյակում երաժշտության ձայնը լռում է, խոսակցության ձայներ են լսվում, ինչը քիչ անց դադարում է:

ԼԻԱ – (փորձելով քրոջը հանգստացնել, խոսում է հանգիստ և զուսպ տոնով): Դե դու էլ շատ ես ծանրացնում: Մոռացե՞լ ես, մի երկու տարի առաջ էլ էն պարսիկ տղայի համար էիր ամեն օր Քրիստիկի հետ կռիվ տալիս: Սրա հետ էլ երկար չի տևի, Սյուզի ջան: Մի օր կհասկանա, որ սա էլ ճիշտ ընտրություն չէ ու ետ կկանգնի:

ՍՅՈՒԶԻ — Հա, բայց, մինչև հասկանա… ես չգիտեմ: Հլա մի րոպե պատկերացրու. բա ես պապային կարո՞ղ եմ ասել՝ պապ ջան, գիտե՞ս, էդ քո սիրելի  թոռնիկը, որի հետ այդքան հույսեր եք կապել, որոշել է ամուսնանալ մի չինացու հետ: Է, ես տեղնուտեղը կմեռնե՜մ…

Էլենն ու Սերան դուրս են գալիս ննջասենյակից:

ԷԼԵՆ – (մոտենում է մորաքրոջն ու ողջագուրվում, ժպտալով): Մորքուր ջան, հենց նոր էդ ի՞նչ էիր ասում:

ՍՅՈՒԶԻ — Վա՜յ, էս ինչ սիրուն ես, քաղցրս… համազգեստդ  ինչքա՜ն էլ սազում է քեզ… Լիա, մի նայիր, էս ի՜նչ սիրուն աղջիկ է, էս ե՞րբ այսքան մեծացավ…

ԷԼԵՆ — Մորքուր ջան, բայց ես քեզ հարցնում եմ, հենց նոր էդ ի՞նչ էիր ասում:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչի մասին, Էլեն ջան, մամայիդ հետ դեսից- դենից էինք զրուցում:

ԷԼԵՆ — Չէ, դու կոնկրետ Քրիստիկի բոյֆրենդի մասին էիր խոսում: Ես լսեցի, որ դու նրա մասին ասացիր՝ չինացի է:

ՍՅՈՒԶԻ — Է հա՜, հենց էդպես է՝ նա  չինացի է: Բա ի՞նչ, ասեմ ֆրանսացի՞ է… դու չգիտեի՞ր, որ Ջիան Չինաստանից ուսանողական վիզայով այստեղ սովորող չինացի է՝ չի-նա-ցի, որը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Չինաստան: Ինձ համար դա մահ է, ախր ես ո՞նց դիմանամ: Գժվում եմ, գժվում…

ՍԵՐԱ — Իմ քազըններից մեկն ամուսնացավ հնդիկի, մյուսն էլ՝ հրեայի հետ: Վա՜յ, դուք պետք է տեսնեիք, թե մեր ընտանիքում  ինչեր եղան: Մի օր պետք է այդ տրագիկոմիկական տեսարանները ֆիլմի վերածվեն: Ի՜նչ կռիվներ, ի՜նչ սպառնալիքներ, ի՜նչ լաց ու կոծ, ի՜նչ իրարից բաժանվելու, թողնելու ու Հայաստան գնալու սպառնալիքներ… վա՜յ մամա ջան… Հետո, ժամանակի ընթացքում, բոլորն էլ  իրենց տեղը նստեցին, իսկ քազըններս ամուսնացան՝ ում հետ ցանկանում էին: Հիմա բոլորն էլ ուրախ ու երջանիկ են:

ՍՅՈՒԶԻ – (շփոթվում է, չգիտի ինչ պատասխանի): Դե՜, դա շատ լավ է, աղջիկս, շատ ուրախ եմ, որ ձերոնք բոլորը ուրախ ու գոհ են… (քթի տակ) ճարներն ի՞նչ… Բայց իմ աղջիկը  չինացու հե՞տ… բացառված է:

ԷԼԵՆ – (հուզմունքից կաս-կարմիր է դառնում): Մորքուր, բայց քեզնից չէի սպասում: Դու ո՞նց կարող ես նման բան ասել: Չլինի՞ մոռացել ես սեփական սկզբունքներիդ մասին: Չլինի՞ մոռացել ես, թե որ երկրում ես ապրում:

ՍՅՈՒԶԻ — Էլեն ջան, ի՞նչ սկզբունքների մասին ես խոսում: Ես որ երկրում էլ ապրեմ, միևնույն է, իմ երեխան չի կարող ամուսնանալ մեկի հետ, որը հայ չէ: Առավել ևս՝ չինացի է: Համ էլ, դու պատկերացնո՞ւմ ես թոռնիկներիս… վա՜յ մամա ջան… (Մատներով ձգում է աչքերը,  շեղացնում:)

ԷԼԵՆ – Արարքդ այլատյացություն է, ինչը միանգամայն անընդունելի է: Դա ակնհայտ երկերեսանիություն է:

ԼԻԱ — Էլեն, աղջիկս, չեղավ, չափդ իմացիր: Այդ ինչպե՞ս ես խոսում մորաքրոջդ հետ:

ՍԵՐԱ — Սյուզի մորաքույր, հավատացեք, կարևորը հայ լինելը չէ: Իմ քազըններից մեկն էլ ամուսնացել էր հայի հետ: Հիմա երկու երեխա ունի, բայց ամուսինն ընտանիքը, երեխաներին լքեց, գնաց ամուսնացավ մի վիետնամցու հետ: Ախր էս երկրում ի՞նչ հա՜յ, ի՞նչ չինացի՜, ի՜նչ մեքսիկացի՜, ի՜նչ հնդիկ, բոլորն էլ ամերիկացի են: Դուք իրոք հավատո՞ւմ եք ձեր ասածին: Հավատո՞ւմ եք, որ եթե լավ պայքարեք, ձեր երեխաներին ստիպեք միայն ու բացառապես հայի հետ ամուսնանալ, ապա ձեր թոռնիկները կլինեն հա՞յ:

ՍՅՈՒԶԻ — Էդ ի՞նչ ես ասում, աղջիկ ջան: Մեր ժողովուրդը դարեր շարունակ օտարի տիրապետության տակ պահպանել է իր ինքնությունը: Իհարկե, մեր թոռները… նաև ծոռները հա՛յ են լինելու և մնալու են հա՛յ:

ՍԵՐԱ — Բայց այդ ժամանակներն անցել են: Այսօր իրականությունն այլ է…

ԷԼԵՆ — Մորքուր, ես միայն մի բան եմ ուզում իմանալ: Դու մոռացե՞լ ես, որ ձեր եղբայրը, այսինքն՝ քեռին, ոնց էր գնացել Ռուսաստան և ամուսնացել ռուս աղջկա հետ: Մոռացե՞լ ես, թե տատն ու պապը որքան դեմ էին եղել: Նույնիսկ չէին ցանկացել ընդունել ո՛չ ձեր եղբորը և ո՛չ էլ նրա ռուս կնոջը՝ Օլգային: Գիտեմ, թե այդ օրերին ձեր տանն ինչ վեճեր են եղել: Բայց դուք՝ երեք քույրերով, պաշտպան եք կանգնել ձեր եղբորը և կարողացել եք ի վերջո համոզել ձեր ծնողներին:

ՍՅՈՒԶԻ — Էլեն ջան… ի՜նչն ինչի հետ ես համեմատում:

ԷԼԵՆ — Ո՞նց, բա սա էլ ճիշտ նույն բանն է:

ԼԻԱ — Բոլորովին էլ նույնը չէ: Նախ, Օլգայի ի՞նչն է ռուս: Նա իսկը հայ է: Եթե ուզում ես իմանալ՝ մեզանից էլ լավ հայ է:

ԷԼԵՆ — Ծիծաղելի բաներ ես ասում, մամ ջան:

ՍՅՈՒԶԻ — Հեչ էլ ծիծաղելի չէ: Դե ասա, ի՞նչ է Օլգայի ազգանունը: Իհարկե՝ Վարդանյան: Նա աշխատում է հայկական քոլեջում, նրա երեխաներն էլ գնում են հայկական դպրոց… էլ նրա ի՞նչն է ռուս:

ԷԼԵՆ — Բայց այն ժամանակ, երբ ձեր ծնողները դեմ էին, դուք որտեղի՞ց գիտեիք, որ Օլգան գալու է Հայաստան և, ինչպես դուք եք ասում, ձեզանից էլ լավ հայ է դառնալու: Չգիտեիք, չէ՞: Ես վստահ եմ, որ չինացին էլ կարող է շատ լավ հայ դառնալ… Դա լրիվ Քրիստիկից է կախված:

ՍԵՐԱ – (ծիծաղում է): Էդ խոսքերդ պետք է գրի առնեմ, ճիշտ եմ ասում: Այ, էն ասածս ֆիլմի մեջ հաստատ կօգտագործեմ: Հայե՛ր, հասկացե՛ք, բոլոր ազգերն էլ պոտենցիալ լավ հայեր են, և դա բացառապես ձեզնից է կախված: Բայց ինչո՞ւ չէ: Ճիշտ եմ ասում, փայլուն միտք է…

ԼԻԱ – (ծիծաղում է): Չինացին էլ կարող է լավ հայ դառնալ… հա՛-հա՛-հա՛: Աղջիկս, դու քո ասածից բան հասկացա՞ր…  

ՍՅՈՒԶԻ — Իրականում,  ինչպես Ջաքն է միշտ ասում, դա առաջ էր, դա այնտեղ՝ մեր երկրում էր: Այստեղ, բացի հայից ում հետ էլ ամուսնանաս՝ հաջորդ սերունդը լինելու է ամերիկացի: Իսկ ես կասեի, որ նույնիսկ հայի հետ ամուսնանալու դեպքում, կրկին հաջորդ սերունդը կլինի ամերիկացի: Չեմ կարծում, որ որևէ մեկդ առարկեք: Իսկ եթե չեք հավատում, պարզապես նայեք ձեր շուրջը:

Բոլորը լռում են: Լիան գնում է խոհանոց, Էլենն ու Սերան՝ ննջասենյակ:

ՍՅՈՒԶԻ  — Է՜հ, ինչ ասեմ… Բոլորի համար սա ընդամենը ծիծաղելի է՝ հումոր: Չէ, ոչ ոք ինձ չի հասկանա: Բայց ինչո՞ւ պետք է հասկանան որ: Ինձ հետ էլ է պատահել, երբ ծանոթներիցս մեկը պատմել է, թե ինչպես է իր աղջիկը կամ տղան ցանկանում օտարի հետ ամուսնանալ: Ես դա շատ բնական եմ համարել: Ես  նրանց ասել եմ՝ ի՞նչ տարբերություն, կարևորը մարդս մարդ լինի, ազգությունն ամենևին էլ կարևոր չէ: Բայց ինչո՞ւ էի ես այն ժամանակ այդպես մտածում, իսկ հիմա՞… ի՞նչ, արդյոք հայացքներս փոխել եմ: Ո՛չ, չեմ կարծում: Պատճառն այն է, որ այն ժամանակ տեղի ունեցած ոչ մի բան ինձ հետ, իմ ընտանիքի հետ  ոչ մի առնչություն չուներ: Այն ժամանակ մտքովս անգամ չէր անցնի, որ դա կարող է հենց ինձ հետ պատահել, որ իմ դուստրը կարող է նման քայլ անել: Ես շատ վստահ էի, որ մենք ճիշտ ենք դաստիարակել մեր երեխային: Իսկ հիմա կանգնած եմ այս սարսափելի փաստի առաջ:    

Էլենն ու Սերան դուրս են գալիս ննջասենյակից: Էլենը հագել է ջինսե տաբատ և վարդագույն, թեթև բլուզ:

ԷԼԵՆ — Մամ ջան, մենք գնում ենք:

Դռան զանգ:  

ԼԻԱ — Էլեն, դուռը բաց, տես ո՞վ է:

Էլենը բացում է դուռը:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ  — Էլեն, էդ ձե՞ր մեքենան է գառաժի դիմաց կանգնած: 

ԷԼԵՆ — Չէ, Հայկազ քեռի, մերը չէ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Է՜, ինչպես թե՝ ձերը չէ… այսինքն՝ դու ինչ գիտես: Իհարկե ձե՛րն է, ես բոլորի մեքենաները ճանաչում եմ: Այ, էս կարմիր մերսեդեսը քո մորաքույր Սյուզիինն է:

ՍՅՈՒԶԻ – (տեղից թռնում է, վազում դռան մոտ): Վայ, շատ կներեք, ես մի րոպեով եկա… կանգնելու տեղ չկար…կներեք,  հենց հիմա, հենց հիմա…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ոչինչ, ոչինչ, աղջիկ ջան, արի, ես քեզ ցույց կտամ: Այ տեսնո՞ւմ ես, էն ծայրի կայանատեղը: Ցերեկվա ժամերին միշտ ազատ է: Կարող ես առնվազն երկու ժամ մեքենադ էնտեղ կանգնեցնել…

ՍՅՈՒԶԻ — Շնորհակալ եմ, շնորհակալ, բայց պետք է գնամ, իրոք շատ կարճ ժամանակով էի եկել: Քիչ հետո կգնամ:  (Գնում է խոհանոց:)

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (շարունակում է մնալ դռան առջևում): Էլեն ջան, կարծես դեռ ինձ լավ չես ճանաչում: Ես Երևանում քառասուն տարի մեր թաղի լիազորն եմ եղել: Ես բոլորին օգնել եմ, թույլ չեմ տվել, որ մեր թաղում որևէ մեկը մի հատ էսպես թփրտա: Հասկանո՞ւմ ես: Ինձ Հայկազ Արմենակովիչ էին ասում… բոլորը դողում էին ինձանից: Գիտեի՝ ում տանը ինչ էր կատարվում:

ԷԼԵՆ — Հա՞, էդ ո՞նց, բոլորին հետևո՞ւմ էիք…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Հա՛, բա ի՞նչ էի անում, բոլորի՛ն: Հլա թող որևէ մեկն իրեն վատ պահեր: Եթե էն ջահել տղերքին տեսնեի մի անշնորհք բան անելիս, աղջիկների ետևից ընկնելիս, ծնողներին չեթարկվելիս, կամ էլ նրանցից թաքուն մի անկյունում կանգնած ծխելիս, ականջները կպոկեի:

ՍԵՐԱ — Վա՜յ, ազնիվ խոսք, առաջին անգամն եմ նման բան լսում:

ԷԼԵՆ — Էդ ո՞նց, է՜:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (մոտենում է, աջ ձեռքը բարձրացնում): Ցույց տա՞մ: Չէ՜, հիմա չէ… բայց իմացած լինես, խելոք չմնաս՝ ձեռքիցս չես պրծնի, հասկացա՞ր… ընկերուհուդ էլ է վերաբերվում, հա՜:

ԷԼԵՆ – (ծիծաղելով): Է՜, Հայկազ քեռի, կատակ ես անում: Համ էլ սա քո համար Հայաստանը չէ: Մեկին մատով անգամ չես կարող դիպչել, իսկույն ոստիկան կկանչեն:

ՍԵՐԱ — Իրոք, ես այդ հարցում մի հատ եմ: Հենց մեկն ինձ թեթևակի նեղացնի, միանգամից կզանգեմ  911:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Չէ մի՝ 911, լսել եմ նման պատմություններ: Բայց դա ինձ չի վերաբերվում: Ես էս շենքի համար լիազոր մարդ եմ: Քառասուն տարվա փորձառությունն ինձ շատ բան է սովորեցրել: Ես այստեղ  շատերին եմ պետք, նույնիսկ եթե նրանք դա չեն գիտակցում: Հասկացա՞ր: Ես մեր շենքի հայ բնակիչների, նրանց հարազատների ու ընկերների համար կարևոր եմ: (Էլենին մի կողմ է տանում, գրեթե շշնջալով:) Էլեն, քո մասին էլ գիտեմ: Առայժմ մորդ չեմ ասի, բայց մեկ էլ տեսել եմ էն տղայի հետ… Ընկերուհուդ էլ ասա, թող խելքը գլուխը հավաքի, եղա՞վ: Էլ չեմ զգուշացնի, սա առաջին ու վերջին անգամն է:

ԼԻԱ – (սրբիչը ձեռքին մոտենում է): Հայկազ քեռի՞, ի՞նչ ես շեմին կանգնել, ներս արի:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Չէ, Լիա ջան, գնամ, պառավս մենակ է:

ԼԻԱ — Ո՞նց է տիկին Արուսյակը, լա՞վ է:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Է՛հ, լավ ասենք: Որ ժամանակ ունենաս՝ արի, Լիա ջան, երբ գալիս ու ճնշումը չափում ես, իրեն լավ է զգում, սիրտը հանգստանում է:

ԼԻԱ — Անպատճառ կգամ, Հայկազ քեռի: Հենց գործերս վերջացնեմ, կգամ, մի լավ կստուգեմ ճնշումը, թոքերը, սիրտը… ամեն ինչը կստուգեմ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Դե կսպասենք: (Գնում է:)

ԷԼԵՆ — Մամ ջան, մենք գնացինք, Սերայի մաման սպասում է, որ մեզ տանի:

Էլենն ու Սերան դուրս են գալիս:

ՍՅՈՒԶԻ – (գալիս, պայուսակը վերցնում, պատրաստվում է դուրս գալ): Լիա ջան, դե ես գնամ, դու էլ քո գործերով զբաղվիր, պատրաստվիր, շուտով Սամը կգա: Ի՜նչ լավ բան է Հայկազ քեռու նման հարևան ունենալը:

ԼԻԱ — Իրոք, հոյակապ մարդ է, լավություն անելու համար հոգին իրենը չէ: Էս մարդը, եթե լավություն  չանի, կհիվանդանա:

ՍՅՈՒԶԻ — Ի՜նչ հետաքրքիր է, երևի պապայի հետ հաց է կերել: (Ծիծաղում են:) Լիա ջան, ես գնամ, հազար ու մի գործ ունեմ, իսկ դու պատրաստվիր, քանի Սամը չի եկել: (Դուրս է գալիս:)

Լիան բարձր տրամադրությամբ գնում է ննջասենյակ: Քիչ անց դուրս է գալիս գեղեցիկ վարդագույն զգեստ հագած, շպարված, մազերը հարդարած  և  շարունակում է ճաշի սեղան պատրաստել երկու հոգու համար: Հնչում է Լիայի բջջային հեռախոսի զանգը:

ԼԻԱ — Օ, Սամն է, երևի արդեն ճանապարհին է… Հելլո, Սա՞մ: Ի՞նչ: Բա ե՞րբ կգաս: Օ՜, ես էլ… լավ, եթե կարևոր հաճախորդ ունես, պարզ է: Լավ, առանց քեզ կճաշենք… Չէ, չեմ  նեղանում, իհարկե, հասկանում եմ: Լավ, պարզ է, ես էլ քեզ եմ սիրում…

Հեռախոսն անջատում է, սեղանի վրայից վերցնում է բաժակը, գինի լցնում, նստում ու  դանդաղ խմում է՝ մտածմունքների մեջ:  

Տեսարան Երկրորդ

Մի քանի օր անց:

Երեկոյան ժամը 20-ն է: Գլենդելի Վերդյուգո Վուդլենդ թաղամասում ծառերով և ծաղիկներով շրջապատված մի գեղեցիկ տուն է: Տան ներսի կահավորանքն ընտիր է՝ թանկարժեք և ժամանակակից կահույք, գեղեցիկ կահկարասի ու սպասք, արվեստի յուրահատուկ գործեր:

ՍՅՈՒԶԻ – (տնային խալաթով նստած է խոհանոցում,  ճաշասեղանին թեյով լի բաժակ ու անուշեղեն է: Սքայփով խոսում  Երևանում բնակվող հարազատների հետ): Նինա  ջան, ո՞նց եք: Մաման, պապան լա՞վ են:

ՆԻՆԱ — Լավ են, Սյուզի ջան, դե իմացածիդ պես, էլի: Ուղարկածդ դեղերը շատ են օգնում: Պապան ավելի լավ է զգում՝ համեմատաբար:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ է ասում այդ ուռուցքաբանը: Ախտորոշումը ճի՞շտ էր:

ՆԻՆԱ – (ցածրաձայն ու շատ տխուր): Այո, սխալմունք չկա… բայց ասաց՝ շատ դանդաղ ընթացող տեսակ է: Դա մի փոքր հուսադրող է: Գուցե այդ ընթացքում ավելի լավ դեղամիջոցներ ի հայտ կգան, ո՞վ գիտե: Պապան այդ մասին չգիտե, չենք ուզում ասել:

ՍՅՈՒԶԻ – (տխուր և ցածրաձայն): Պարզ  է, երևի ճիշտ ես: Ես էլ դեռ ոչ մեկին ոչինչ չեմ ասել, նույնիսկ Լիային: Մտածեցի՝ ախտորոշումը թող ճշտվի, հետո կասեմ:

ՆԻՆԱ — Լիան շատ ծանր կտանի:

ՍՅՈՒԶԻ — Լավ, հարմար պահը կգտնեմ,  կասեմ: Ամեն դեպքում չպետք է թաքցնենք: Միակ բանը, որը կարող ենք և պետք է անենք՝ պապային հնարավորին չափ ուրախ պահելն է: Արդեն գիտես, որ Էլենն այս տարի ավարտելու է high school-ը: Լիան ու Սամը նրա համար անակնկալ են պատրաստել՝ ուղարկելու են Երևան: Մեկ ամիս կմնա և դա լավ առիթ կլինի պապային ուրախացնելու համար: Լիան էլ է ուզում գալ, բայց միայն տասը օրով: Իսկ ես երևի աշնանը կգամ:

ՆԻՆԱ — Վայ, ինչ լավ լուր ասացիր: Կարոտել ենք բոլորիդ էլ, իսկ Էլենին արդեն քանի տարի է չենք տեսել: Մաման ու պապան աշխարհով մեկ կլինեն:

ՍՅՈՒԶԻ — Բայց առայժմ մի ասա, կարող է անզգուշաբար Էլենին ասեն և անակնկալը փչանա:

ՆԻՆԱ — Շատ լավ, առայժմ չեմ ասի:

ՍՅՈՒԶԻ — Նինա ջան, կարո՞ղ ես ինձ տալ պապայի դեղերի նոր ցուցակը: Ամեն անգամ պապան այնպես է ամեն ինչ խառնում, որ նույնիսկ չեմ հասկանում, թե որն ում համար է: 

ՆԻՆԱ — Շատ լավ, հիմա տեսնեմ, թե ուր է դրել: (Հեռանում է էկրանից:)

ՔՐԻՍՏԻՆԵ – (բարձրահասակ, դարչնագույն երկար մազերով բարետես աղջիկ է: Հագել է մուգ կապույտ, նեղ և մինչև ծնկները հասնող շրջազգեստ, սև բարձրակրունկ կոշիկներ, բռնել է մեծ սև պայուսակ: Դրսի դռնից ներս է մտնում և նկատելով խոհանոցում  նստած Սյուզիին, մոտենում է): Մամ, էս ի՞նչ գործի ես, ա՜, նորից Երևա՞ն ես խոսում:

ՍՅՈՒԶԻ — Այո, բայց ինչո՞ւ՝ նորից: Գիտե՞ս, քանի օր է չեմ խոսել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Հա, լավ, ի՞նչ մեծ բան է… այնպես ես ասում…

ՍՅՈՒԶԻ — Այո, շատ մեծ բան է: Դե դու որտեղի՞ց հասկանաս: Քեզ համար ծնողներիդ հետ խոսելը կարևոր չէ:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ահա, նորից սկսվեց… Կարևոր չլիներ, հիմա այստեղ չէի լինի, չէ՞: Վերջ տուր, հետդ կռվելու հավես չունեմ… վա՜հ, ինչքան ուզում ես խոսիր: My God….  

ՍՅՈՒԶԻ — Ի՛հ… ի՞նչ կռիվ, հիմար բաներ ես ասում: Գնա, գնա գործիդ, մի խանգարիր:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դե լավ, էլ մի՛ ոգևորվիր, պարզապես կարևոր բան ունեմ ասելու: Գնամ փոխվեմ,  մինչև դու վերջացնես:

ՍՅՈՒԶԻ — Հա, գնա, ինձ հանգիստ թող: (Քրիստինեն գնում է: Քթի տակ:) Ով գիտե՝ ի՞նչ է ասելու: Օ՜ֆ, ոչ էլ ուզում եմ լսել: Հոգիս կերավ…

ՆԻՆԱ – (ցուցակը ձեռքին վերադառնում է էկրանի մոտ): Չլսեցի, Սյուզի ջան, ի՞նչ ասացիր:

ՍՅՈՒԶԻ — Հեչ, ինքս ինձ խոսում էի: Եկա՞ր, բերեցի՞ր ցուցակը: Դե ասա, թուղթ ու գրիչը վերցրել եմ:

ՆԻՆԱ — Եթե զբաղված ես, մնա հետո, շտապ չէ…

ՍՅՈՒԶԻ — Չէ՛, ասա, լսում եմ, ասա:

ՆԻՆԱ — Ուրեմն, մամայի համար՝ խոլեստերինն իջեցնող (pitavastatin), արյան ճնշման համար (amlodipine), սրտի առիթմիան կարգավորելու համար (amiodarone), ինչպես նաև կալցիում ոսկորների համար: 

ՀԱՅՐԸ – (էկրանին է մոտենում: Ծեր է, սակայն շատ աշխույժ է և ժպտերես): Սյուզի ջան, բարև, ո՞նց եք: Աղջիկս, երկար ժամանակ է չենք խոսել:

ՆԻՆԱ — Պապ ջան, համբերիր, դեղերիդ ցուցակը լրիվ չեմ տվել: Լավ, Սյուզի, ես  ամբողջական ցուցակը գրավոր կուղարկեմ:

ՀԱՅՐԸ — Նինա ջան, ախր, էդ անտեր դեղերի մասին այդքան չոր ու ցամաք չեն ասում: Պետք է այնպես ասես, որ զգացվի դրանց կարևորությունը: Հիմա տես, թե ես ինչպես եմ  ասում: Ախր, աղջիկ ջան, այդ դեղերը շատ կարևոր են: Օրինակ, տեսե՛ք, էս շաքարախտ կոչվածը, գիտե՞ք, թե ի՜նչ զարհուրելի բան է: Իսկ հիմա պատկերացրեք, որ դրան գումարվում է շագանակագեղձի հետ կապված այլանդակություններն ու արյան ճնշման անկանոն տատանումները:

ՍՅՈՒԶԻ — Պատկերացնում եմ, պապ ջան…

ՀԱՅՐԸ – Դե, եթե պատկերացնում ես, ուրեմն քեզ համար պարզ է դառնում ծերության հետ կապված բոլոր խնդիրները: Հասկանո՞ւմ ես, երբ երիտասարդ ես հիվանդությունները հյուրի նման գալիս, այցելում են ու գնում: Իսկ երբ ծերանում ես, այդ անպիտանները ոչ միայն գալիս են և քո օրգանիզմում մշտական բնակություն են հաստատում, դեռ մի բան էլ իրենց ետևից բերում են նաև իրենց ծանոթ, բարեկամ, ազգականներին: Ճիշտ Ամերիկա մեկնողներիդ պես… հա՛-հա՛-հա՛: Լավ ասացի, չէ՞: Աղջիկս, կատակ եմ անում, հանկարծ չնեղանաս:

ՍՅՈՒԶԻ – (ծիծաղում է): Չէ, ինչո՞ւ պետք է նեղանամ, պապ ջան, շատ ճիշտ ես ասում: Արտագաղթելն էլ է սարսափելի ու սուր վարակիչ հիվանդություն: Ափսոս, Հայաստանում չկարողացան դրա դեմ պատվաստանյութ ստեղծել:

ՀԱՅՐԸ — Իհարկե, ճիշտ ես, բայց այդ իմունային համակարգը մի բան է, որը մարդ պետք է իր միջից ունենա, այլապես ոչ մի պատվաստանյութ նրան չի օգնի: Ես, Նինան և մայրդ այդ տեսակետից ապահովագրված ենք: Մենք ամեն բանի դիմանում ենք և ոչ մի դեպքում չենք վարակվում: Ի ծնե օժտված ենք այդ վարակի դեմ բարձր դիմադրողականությամբ: Տեսա՞ր, անունը տվինք և խնդրեմ… ահա և մայրդ…

ՄԱՅՐԸ – (երևում է էկրանի մեջ: Ծեր, սակայն խնամված արտաքինով, զուսպ ու հաճելի կին է): Սյուզի ջան, բարև, ո՞նց ես, Քրիստինեն, Ջաքը ո՞նց են:

ՍՅՈՒԶԻ — Լավ ենք, մամ ջան, լավ ենք:

ՀԱՅՐԸ — Աղջիկս, այս դեղերի անունները տալիս եմ գաղափար կազմելու համար: Գուցե այդ խնդիրների համար լինեն այլ՝ ավելի լավ դեղամիջոցներ: Դուք հետո Լիայի հետ խորհրդակցեք, թե որոնք են ամենաազդեցիկը:

ՍՅՈՒԶԻ — Հա, պապ ջան, անպատճառ: Դու մի մտածիր, ինչ պետք է կուղարկեմ:

ՀԱՅՐԸ — Ապրես, աղջիկս, գիտես չէ՞, թե որքան օրհնանք ես ստանում: Ախր, այդ դեղերից միայն մենք չէ, որ օգտվում ենք: Դու դա լավ գիտես:

ՍՅՈՒԶԻ — Հա՛, հա՛, բա ոնց, վա՛խ, վա՛խ, վա՛խ…. Օ՜խ… ի՜նչ լավ է: Մի ասեք տեսնեմ՝ վերջին անգամ ուղարկածս ծանրոցները ստացա՞ք:

ՄԱՅՐԸ, ՆԻՆԱՆ, ՀԱՅՐԸ — Ստացանք, ստացանք: Ստա-ցա՜նք:

ՆԻՆԱ — Անչափ շնորհակալ եմ ինձ համար ուղարկածդ ամեն ինչի համար: Ճիշտ իմ ճաշակով էին: 

ՄԱՅՐԸ — Մի տեսակ հոգնած տեսք ունես: Հո հիվանդ չե՞ս:

ՍՅՈՒԶԻ — Չէ, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ է… Դուք էն ասեք, թե ի՞նչ եք ուզում ուղարկեմ… դե, բացի դեղերից: Պապ ջան, հանիր դավթարդ, հաստատ ցուցակդ պատրաստած կլինես: (Ծիծաղում է:)

ՄԱՅՐԸ — Վա՜յ, էս մարդն էլ մեռավ ցուցակներ կազմելով: Ախր, մեղք է, չէ՞, մեր աղջիկը…      

ՀԱՅՐԸ — Է՜, այ կնիկ, դու ոչինչ չես հասկանում: Սյուզին ի՛մ աղջիկն է: Նա ինձ շատ լավ է հասկանում: Այստեղ շա՛տ ավելի կարևոր հանգամանքներ կան: Դու մի՛ խառնվիր:

ՄԱՅՐԸ — Է՜, թող քո ասածով լինի… ա՜խ, այս հեռավորությունը…

ՀԱՅՐԸ – (գործնական տոնով): Սյուզի ջան, էս է, հերթով ասեմ: Նախ՝ եղբայրդ խնդրել է, որ կնոջ համար մի քանի հատ ամառային զգեստ ու համապատասխան կոշիկներ ուղարկես: Դե, վերջերս այնպիսի տեղեր են գնում, որ պարզապես անհրաժեշտ է լինում ավելի ընտիր հագնվել:  Եվաս (թոռնիկս) էլ շատ խնդրեց, որ իր համար… հլա մի րոպե, Նինա ջան, մի տես՝ էս ի՞նչ է գրել:

ՆԻՆԱ – (վերցնում է հոր ձեռքից և կարդում):  Burbberry պայուսակ և Prada կոշիկներ:

ՀԱՅՐԸ — Եվաս իր ձեռքով է գրել: Ես էլ չեմ հասկանում, թե դրանք ինչ են: Միայն գիտեմ, որ նման բաներին մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել:

ՄԱՅՐԸ — Հա՛, ասում են՝ այդ վարակն էլ է այդտեղից եկել, ի՞նչ իմանամ: Լսել եմ, որ  աղջիկ ընտրելիս այլևս այնքան կարևորություն չեն տալիս ուսմանը, խելքին, ինտելեկտին, որքան արտաքինին, հագուկապին, պայուսակին, վարած մեքենային, ծնողների ունեցվածքին: Չգիտեմ, ամեն ինչ փչացել է, այլևս ոչինչ առաջվանը չէ, Սյուզի ջան:  

ՔՐԻՍՏԻՆԵ – (վերևի հարկից իջնում է, ճանապարհի կեսին կանգ է առնում, լսում մոր և պապիկի խոսակցությունը): Պահո՜… ի՜նչ հետաքրքիր է:

ՍՅՈՒԶԻ – (խորը հոգոց է հանում): Ժամանակներն են փոխվել, մի մտածեք, վստահ եմ, Եվան ճիշտ ընտրություն կկատարի: Եվ հետո, երիտասարդ է, թող լավ հագնվի: Մեր ժամանակներն այլ էին: Պապ ջան, ցուցակդ շարունակիր, գրի եմ առնում:  

ՀԱՅՐԸ — Սպասիր, հիմա կասեմ: Կարդում եմ, դեռ նոր եմ սկսել: Ուրեմն, Օլգան խնդրեց, որ Ռուսաստանում ապրող իր քրոջ համար մի հատ պլանշետ ուղարկես: Քեռուդ կնոջն էլ բնական մորթուց վերարկու է պետք, հետն էլ  համապատասխան երկարաճիտք կոշիկներ… Հա՛, անցյալ անգամ էլ էի ասել, երևի մոռացել ես, մեր հարևան Սաքոյի տղային 38 համարի adidas բոթասներ ուղարկիր, խոստացել եմ: Իսկ հորաքրոջդ թոռնիկն ավարտականի համար զգեստ է խնդրել: Ասաց՝ իր ամերիկյան չափսը 8 է: Չես պատկերացնի, թե որքան կուրախանա: Լավ,  էս մեկն էլ ասեմ, գիտեմ՝ դեմ չես լինի: Անցյալ օրը իմ նախկին գործընկերոջը հանդիպեցի: Շատ ծանր վիճակում են, նրա երեխաների համար մի քիչ շոր-մոր, կոշիկ-մոշիկ, վերարկու, պայուսակ և այլ բաներ ուղարկիր: Հինգ երեխա ունի, աստվածահաճո գործ է, վատ չէր լինի, եթե մի քանի դոլար էլ փող ուղարկեիր… օրհնանքների մեջ կկորես, աղջիկս… (Այսպես շարունակում է մոտ տասնհինգ րոպե:)

ՍՅՈՒԶԻ – (երբեմն ժպտում է, կանգ առնում, նայում է հորը, հուզվում): Ասա, պապ ջան, ասա, էդ ցուցակումդ ինչ կա-չկա, բոլորն ասա, խոստանում եմ, ոչ մեկը չեմ մոռանա: Եվ այդ բոլորը  շատ շուտով կստանաս ու կկարողանաս բոլորին բաժանել: Մի՛ մտածիր: Գիտեմ, թե քեզ որքան լավ ես զգում դրանից: Ասա, ասա…

ՔՐԻՍՏԻՆԵ – (անհամբեր): Մամ, քեզ եմ սպասում, ե՞րբ ես վերջացնելու:

ՍՅՈՒԶԻ — Համբերիր: Քաղցած չե՞ս, մի բան կեր: Ինձ համար էլ թեյ տաքացրու:

Հայրը շարունակում է թվարկել՝ բոլոր իր ծանոթների, բարեկամների, ընկերների, հարևանների համար իր կազմած ցուցակը:

ՔՐԻՍՏԻՆԵ – (թեյ է պատրաստում Սյուզիի և իր համար: Վերցնում է իր բաժակն ու գնում հյուրասենյակ: Զանգում է  ընկերոջը): Հա, գիտեմ, Ջիա, իզուր ես հիշեցնում: Բա քեզ չասացի՞, որ հատուկ եմ այսքան շուտ տուն եկել, որպեսզի ծնողներիս հետ հենց այդ մասին խոսեմ: Պապային էլ եմ ասել, ուր որ է՝ նա էլ կգա: Չէ, հարկ չկա, ես ինքս կասեմ: Մի՛ անհանգստացիր: Իհարկե, խոստանում եմ,  չեմ վիճի, պարզապես նրանց ամեն ինչ շատ հանգիստ կբացատրեմ: Դու ծնողներիդ ասա՝ թող գան: Արդեն ասացի, չէ՞, մի՛ մտածիր, ես այդ հարցերը կլուծեմ, և ամեն ինչ կլինի ինչպես մենք ենք ցանկանում: Դե ի՞նչ կարող են անել, է՜, իհարկե համաձայնվելու են: Նրանք  այլ տարբերակ չունեն: OK, առայժմ: Կզանգեմ, մի անհանգստացիր: Ես էլ քեզ եմ սիրում:

Դուռը բացվում է, ներս է մտնում Ջաքը:

ՔՐԻՍՏԻՆԵ – Պապ ջան, բարև:

Համբուրվում են:

ՋԱՔ — Բարև, աղջիկս, ի՞նչ կա, ի՞նչ կարևոր բան ունես ասելու: Ոգևորված ես երևում, մայրդ ո՞ւր է:

ՔՐԻՍՏԻՆԵ — Վա՜յ… ինչ եկել եմ, սքայփի վրա է՝ Երևան է խոսում: Չես պատկերացնի, թե ուր են հասել:

ՋԱՔ — Այսի՞նքն, ի՞նչ ես ուզում ասել, ո՞ւր են հասել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Երբ վերջացնի, միայն պետք է տեսնես մամայի ձեռքի ցուցակը՝ էլ Burbberry պայուսակ, էլ Prada կոշիկներ, վաղը մյուս օրը Chanel-ից ու Versace-ից պակաս բան չեն ուզելու, երևի շուտով նրանց Mercedes էլ ուղարկեք, կտեսնես: O, My God!!!

ՍՅՈՒԶԻ – (խոհանոցից գալիս է հյուրասենյակ): Հա՛, հենց ուղարկելու եմ, իմ ծնողներն են, քեզ ինչ, դու ինչո՞ւ ես իրար անցել, մի՞թե քեզ համար ուզածդ չենք առել: Հո քեզնից չե՞մ զրկել: Իսկ դու երբևէ մտածե՞լ ես  հարազատներիդ մասին, այն մասին, թե նրանք ինչպես են ապրում, ինչի կարիք ունեն: Կամ երբևէ մտքովդ անցե՞լ է նրանց որևէ բան ուղարկել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Հետաքրքիր ես, իսկ ինչո՞ւ պետք է ուղարկեի: Ես ոչ մեկին պարտավոր չեմ:

ՍՅՈՒԶԻ — Իրո՞ք:

ՔՐԻՍՏԻՆԵ — Է հա՜, և դուք էլ պարտավոր չեք:

ՍՅՈՒԶԻ — Եվ դա է՞լ ես դու որոշում: Իսկ այդ փայլուն ուղեղդ քեզ չի՞ ասում, թե դու որևէ մեկին որևէ բան պարտավո՞ր ես:

ՔՐԻՍՏԻՆԵ — Իհարկե ոչ: Ես  հաստատ ոչ մեկին ոչինչ պարտավոր չեմ:

ՋԱՔ — Չեմ հասկանում, ինչո՞ւ եք վիճում: Քրիստիկ, մայրդ իր հարազատներին է օգնում, ինչն  ընդհանրապես քեզ չի վերաբերվում:

ՔՐԻՍՏԻՆԵ — Գիտեմ, պապ ջան, ուղղակի մեղքս գալիս է, ախր նրան շատ են չարաշահում:

ՍՅՈՒԶԻ – (բարկացած): Վա՜յ, հլա տես ինչեր է ասում:

ՋԱՔ — Ովքե՞ր, իր հարազատ ծնողնե՞րը: Դու ի՞նչ գիտես նրանց մասին: Իսկ եթե դու լինեիր նրանց փոխարեն… Այ, դրա համար եմ ասում, որ մի օր պետք է գնաս Հայաստան, որ գոնե մի քիչ հասկանաս:

ՍՅՈՒԶԻ — Հայրդ ճիշտ է ասում, գոնե մեկ անգամ գնա, էլի… Ա՜խ, տեր Աստված, էս ի՞նչ սերունդ է, որ մեզ բացարձակապես չի հասկանում: Աղջիկ ջան, իմ ծնողների առողջությունն ինձ համար հազար անգամ ավելի թանկ է, քան այն փոքրիկ նվերները, որ տարին մեկ կամ երկու անգամ ուղարկում եմ, հասկացա՞ր:

ՔՐԻՍՏԻՆԵ — Հա, մամ, բայց միայն նրանց չէ՜… պապիկը ում ճանաչում է, բոլորի համար խնդրում է, որ ինչ-որ բան ուղարկես:

ՍՅՈՒԶԻ — Շատ էլ լավ է անում: Դու ոչինչ չգիտես: Հենց ե՛ս եմ նրան խնդրել, որ այդպես անի: Հայրս ամբողջ կյանքում մարդկանց լավություն է արել, հասկացա՞ր, և առանց որևէ շահի: Դա նրա համար միշտ եղել է սովորական ապրելակերպ: Երբ Հայաստանում սկսվեցին ծանր տարիները… ու երբ ես և հայրդ հեռացանք մեր հայրենիքից ու մեր ծնողներից… Իսկ դրանից շատ չանցած, երբ մորաքույրդ՝ Լիան նույնպես հետևեց մեզ, խեղճ ծնողներս հոգեպես կոտրվեցին: Հայրս զրկվեց իր աշխատանքից, ընտանիք պահելու, մարդկանց օգտակար լինելու հնարավորություններից: Երկար ժամանակ մենք էլ դժվարությունների մեջ էինք և չկարողացանք  նրանց օգնել: Բայց այնտեղ դեռ կային մարդիկ, որոնք չէին մոռացել, թե ինչպես էր հայրս իրենց նեղ օրերին օգնության ձեռք մեկնել: Ահա այդ մարդկանց քիչ թե շատ աջակցությամբ էլ նրանք հաղթահարեցին այդ ծանր օրերը:  Իսկ հիմա… իսկ հիմա… (արցունքները թափվում են աչքերից)… ա՜խ, Տեր Աստված: 

ՋԱՔ — Դե լավ, Սյուզի ջան, մի հուզվիր: Քրիստիկ, մորդ քննադատելու իրավունք չունես:

ՔՐԻՍՏԻՆԵ — Այդ բոլորը հասկանում եմ, բայց դուք ի՞նչ մեղավոր եք: Երկիրը քանդվում էր, ստիպված էիք դուրս գալ, իսկ նրանք չցանկացան ձեզ հետ Ամերիկա գալ:

ՋԱՔ — Քեզ ի՞նչ: Ասացի, չէ՞, բավակա՛ն է:

ՍՅՈՒԶԻ – (սրբում է արցունքները):  Հիմա ասա տեսնենք, այդ ի՞նչ կարևոր բան ունես մեզ ասելու:

ՔՐԻՍՏԻՆԵ — Իրոք, վերջ տանք այս խոսակցությանը, ես շատ կարևոր բան պետք է ասեմ:  Լավ կլինի, որ բոլորս հանգիստ նստենք ու լուրջ խոսենք այդ  մասին:

Սյուզին և Ջաքը շփոթված իրար են նայում: Ջաքն մոտենում է բարին, բաժակի մեջ  կոնյակ է լցնում, նստում է բազմոցին: Սյուզին հուզված նրան է հետևում: Հետո նստում է Ջաքի դիմացի բազմոցին:

ՋԱՔ — Դե, խոսենք, եթե պետք է: Խոսենք… լսում ենք, Քրիստիկ, ասա, ի՞նչ կա:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ուրեմն այսպես, դուք գիտեք, որ ես ու Ջիան արդեն երկու տարուց ավելի է ընկերություն ենք անում: (Սյուզին ցնցվում է:) Գիտեմ, որ ձեր հայրենասիրական զգացմունքները վիրավորվում են… բայց նախքան որևէ բան կասեք, ես վերջացնեմ, լա՞վ: Ուրեմն, Ջիան իր ծնողներին պատմել է մեր հարաբերությունների մասին, նաև նշել, որ հայկական սովորության համաձայն պետք է նախ տղայի ծնողները գան  աղջկա ծնողների հետ ծանոթանալու: Այսինքն, հասկանո՞ւմ եք, մարդիկ Չինաստանից պետք է գան հատուկ ձեզ հետ ծանոթանալու համար, և դա համաձայն ձեր իսկ ավանդույթների: Դրանից հետո դուք կարող եք ասել, թե ինչպես եք ուզում այս ամենն անել: Ես ձեզանից միայն մի խնդրանք ունեմ: Մամ, երբ այդ մարդիկ մեր տուն գան, հանկարծ երեսդ չթթվացնես ու նստես, շատ եմ խնդրում: Եվ, պապ, հանկարծ այդ մարդկանց չկոպտես կամ չլինի թե մերժես: 

ՋԱՔ – (մի կերպ զսպելով բարկությունը): Այդքանը, հա՞: Ուրեմն ի՞նչ, դու մեր ասածները մոռացե՞լ ես: Ընդամենը մի քանի օր առաջ չէ՞ր, որ խոսեցինք այդ մասին: Հանկարծ նորից  չսկսես գլխիս քարոզ կարդալ: Այդ երգերդ շատ ենք լսել՝ ազգային խտրականություն, գլոբալ քաղաքացիություն, ամերիկյան կացութաձև… ես չե՛մ ուզում այդ տափակությունները լսել: Դրանք մեզ համար չե՛ն:

ՍՅՈՒԶԻ – (վեր է թռչում տեղից): Ո՛չ էլ ես եմ ուզում լսել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Չէ, չէ, չէ, բա չլսեցի՞ք՝ ինչ ասացի: Ես Ջիային ասել եմ, որ մենք՝ հայերս, ունենք մեր ավանդույթները, այսպես ասած՝ մեր ազգային նկարագիրն ու մոտեցումները: Դրա համար պետք է առաջին քայլն անելիս շարժվենք համապատասխան այդ ավանդույթների:

ՋԱՔ — Էդ չհասկացա, ի՞նչ առաջին քայլ, ի՞նչ բան: Դու շա՛տ լավ գիտես, որ այդ հարցում ինձ մոտ էդ օյինբզություններդ չեն անցնի: Ես Ջիա Միա չգիտե՛մ, քո ամուսինը պետք է լինի հա՛յ: Ու վե՛րջ:

ՍՅՈՒԶԻ — Հա՛: (Նստում է տեղը:)

ՔՐԻՍՏԻՆԵ — Դե լավ, էլի,  սա արդեն դառնում է անհնարին: Դուք շատ լավ գիտեք, որ այս երկրում այլ օրենքներ են գործում: Ես կարող էի տարիներ առաջ Ջիայի հետ move in անել և ձեր կարծիքն ընդհանրապես հաշվի չառնել:

ՋԱՔ – Հլա մի սրան նայիր, էդ լո՞ւրջ  ես ասում:

ՔՐԻՍՏԻՆԵ – (բարձրանում է տեղից): Իհարկե, շատ լուրջ: Բայց դուք ընդհանրապես չեք ուզում հասկանալ, որ ես հասուն մարդ եմ և կարող եմ առանց ձեր կարծիքը հարցնելու անել՝ ինչ ուզում եմ: Եթե շարունակեք այդպես վարվել, ես իրոք կթողնեմ  կգնամ:

ՋԱՔ — Չե՛ս համարձակվի:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դե կտեսնենք: (Քայլում է դեպի իր ննջասենյակ:)

ՍՅՈՒԶԻ – (բարձրաձայն լալիս է): Ախ, Տեր Աստված, ինչո՞ւ եմ ես այսքան դժբախտ:

ՋԱՔ — Քրիստի՛կ, ապա ետ արի: Շո՛ւտ, եկ այստեղ: Թե չէ՛…

ՔՐԻՍՏԻՆԵ — Թե չէ՝ ի՞նչ…

ՋԱՔ — Հիմա կգնամ ու էդ տղային… էդ տղային… կուղարկեմ գրողի ծոցը:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դու միայն փորձիր նրան մատով դիպչել, իսկույն ոստիկանություն կկանչեմ:

ՍՅՈՒԶԻ – (ավելի բարձրաձայն լաց լինելով): Աման, Ջաք ջան, խնդրում եմ, գործ չունես: Էս ի՞նչ է կատարվում մեր ընտանիքի հետ:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ընտանի՞ք: Սա՞ է ձեր ընտանիքը: Ես թքած ունեմ…

ՋԱՔ – (ուժգին ապտակում է Քրիստինեին): Դու դեռ չգիտես, թե ում հետ գործ ունես, սանձարձակ լակոտ: Հիմա ե՛ս ոստիկան կանչե՞մ: Բայց ոստիկանն էլ քեզ իմ ձեռքից չի ազատի, այ հիմա՛ր:

ՍՅՈՒԶԻ – (մոտենում է Ջաքին և փորձում հանգստացնել): Ջաք, խնդրում եմ, հանգստացիր, խնդրում եմ… Շուտ արա, պապայից ներողություն խնդրիր, շուտ արա… վա՜յ, մամա ջան, էս ի՞նչ օրի ենք հասել:

Քրիստինեն բարձրանում է վերևի հարկ, փոխվում է, պայուսակը վերցնում և արագ դուրս է գալիս տանից: Սյուզին բազմոցի վրա նստած և գլուխը ձեռքերի մեջ առած լաց է լինում:

ՋԱՔ – (բաժակը կոնյակ լցնում, խմում մինչև վերջ): Այ, որ ասում եմ, չես հավատում: Աղջիկդ կապը կտրած, սանձարձակի մեկն է: Զարմանում եմ քո վրա… Մարդիկ տասը երեխա են մեծացնում, և բոլորն էլ մարդ են դառնում, իսկ մենք ընդամենը մի աղջիկ ունենք, մի՛ աղջիկ… հարա՛մ լինի էսպիսի կյանքը, թո՜ւ: Բա դու ի՞նչ մայր ես, որ աղջկադ չկարողացար դաստիարակել:

Սյուզին բարձրաձայն լալիս է:

ՋԱՔ – Թո՜ւ, ես ձեր մարդ ասողի… (Բաժակը խփում է հատակին, մեքենայի բանալիները վերցնում և դուրս է գալիս տանից:)

Անցել է տասը օր: Կիրակի է: Սյուզին և Լիան  հյուրասենյակում, սուրճի սեղանի մոտ  նստած զրուցում են:

ՍՅՈՒԶԻ — Քույրս, ասում ես, էլի, այ այսպիսի օյին խաղաց մեր գլխին ու կատաղած թողեց գնաց: Արդեն տասը օր է անցել, և Քրիստիկը տուն չի եկել: Զանգում եմ, հեռախոսը չի վերցնում: Մեսեջներիս էլ  չի պատասխանում: Ես արդեն չգիտեմ՝ ինչ անեմ:

ԼԻԱ – Ախր, հետը շատ կոպիտ եք վարվել, ո՞նց կարելի էր այդպիսի պայման դնել: Նա հո երեխա չէ՞, արդեն հասուն աղջիկ է: Մի հատ լսեիք, տեսնեիք՝ ինչ էր ասում: Թե չէ՝ հայի պիտի առնես ու վերջ… չեղավ չէ՞…

ՍՅՈՒԶԻ — Է՜, ես ի՞նչ գիտեմ…

ԼԻԱ — Ի՞նչ էս ասում, ես չզանգե՞մ, հետը խոսեմ:

ՍՅՈՒԶԻ — Հա, շատ լավ կանես: Գոնե կիմանանք՝ ուր է, ինչ է: Քանի գիշեր է՝ ոչ ես եմ աչք փակել, ոչ էլ Ջաքը: Անտանելի է: Լիա ջան, երևի Քրիստիկը քեզ կլսի, դու շատ մեղմ ես, և դրա համար էլ նա քեզ շատ է սիրում: Քո խոսքը հաստատ  հաշվի կառնի:

ԼԻԱ — Լավ, կզանգեմ, բայց դու կողքից հանկարծ չմիջամտես:

ՍՅՈՒԶԻ — Չէ, խոստանում եմ, ոչ մի բառ: Միայն թե տուն գա: Ինչ ուզում է՝ կանենք: Ասա՝ համաձայն ենք, ինքը ոնց ուզի, հենց այդպես էլ կանենք:

ԼԻԱ – (զանգում է): Հելլո, Քրիստիկ ջան, բարև, մորաքույրդ է: Ո՞նց ես, քաղցրս: Հա՞, հո զբաղված չե՞ս, մի բան ունեմ քեզ ասելու, անուշս: Չէ, չէ, այդպես մի՛ ասա: Գիտես, որ բոլորս էլ քեզ շատ ենք սիրում: Այ, հիմա ձեր տանն եմ: Մորդ հետ անդադար քո մասին ենք խոսում, մտածում ենք՝ ո՞նց անենք, որ քո կյանքում ամեն բան քո իսկ ուզածով լինի: Դե իհարկե, ինչպե՞ս կարող ես չհավատալ: Ո՞վ, Սյուզի՞ն: Չէ, սիրուն ջան, նրա համար ամենաառաջնայինը քո երջանկությունն է: Դե, շատ եմ խնդրում, եթե մորաքրոջդ գոնե մի քիչ սիրում ես, հենց հիմա տուն արի: Չէ, մենակ ես ու Սյուզին ենք: Ես երկար չեմ կարող մնալ, աշխատանքի պետք է գնամ: Դե, դու արի և կտեսնես, որ ամենևին էլ այդպես չէ: Ոչ ոք չի ուզում ձեզ իրարից բաժանել: Ո՞վ, Սյուզի՞ն… Չէ, նա հիմա բոլորովին այլ կերպ է մտածում: Հա՛, ճիշտ եմ ասում, ազնիվ խոսք: Սյուզին ասում է, որ Ջաքը նույնպես համաձայն է: Այ, եթե հիմա գաս, շատ մանրամասն կխոսենք այդ մասին: Վայ, ապրես դու, քաղցրս: Դե, սպասում ենք: (Հեռախոսն անջատում է:) Տեսա՞ր, Քրիստիկը հավասարակշռված, խելքը գլուխն աղջիկ է: Դե շուտ արա, հավաքիր քեզ: Հանկարծ դեմքդ չթթվացնես, թարս բաներ չխոսես:

ՍՅՈՒԶԻ – (շփոթված): Հա՛… չէ՛… ոչ մի թարս բան չեմ ասի, դեմքս էլ… կփորձեմ… ախ, ոնց չեմ կարողանում… էդ մեկը հեչ չի ստացվում: Լավ, հասկացա, էլ էդպես մի՛ նայիր, դեմքս չեմ թթվացնի, եղա՞վ: Վայ, Քրիստիկ, գիտե՞ս, ինչ տիպն է, հենց դեմքիս նայում է, անմիջապես հասկանում է… Օ՜ֆ:  Բա ո՞նց եղավ, որ այդպես հեշտությամբ համոզվեց:

ԼԻԱ — Հեշտությամբը չգիտեմ, երևի դա հետո կիմանանք: Միայն ինձ ասաց՝ Եթե ամեն բան իմ ուզածով չանեք, ինձ այդ տանն այլևս չեք տեսնի: Այնպես, որ իմացած լինես: Ես այլևս չեմ կարող խառնվել:   

ՍՅՈՒԶԻ – (լալիս է): Ա՜խ, ես չեմ դիմանա էս ցավին…

ԼԻԱ — Դե լավ, էլի, ախր ինչո՞ւ ես քեզ տանջում: Իր կյանքն է, թող ապրի, ինչպես ինքն է կամենում: Գուցե բարին դա՞ է:

ՋԱՔ – (ննջասենյակից իջնում է հյուրասենյակ): Լիա ջան, բարև, ո՞րն է բարին, ասեք, ես էլ իմանամ:

ԼԻԱ — Բարև, Ջաք ջան, բարին այն է, որ Քրիստիկը տուն է գալիս:

ՍՅՈՒԶԻ — Պայմանով, որ ամեն ինչ անենք իր ուզածով:

ՋԱՔ — Շատ լավ, շատ լավ, ես համաձայն եմ… միայն թե թող տուն գա:

ԼԻԱ — Ահա, տեսա՞ր, ինչ լավ եղավ, իսկ դու հա՛ լաց ես լինում: Ջաք ջան, սուրճ կխմե՞ս:

ՋԱՔ — Հաճույքով կխմեի, բայց շտապում եմ, պայմանավորված եմ: Դուք անուշ արեք: Լիա ջան, ինչ լավ է, որ դու այստեղ ես: Քրիստիկիս կասես, որ ամեն ինչ անելու ենք, որ ինքն ուրախ լինի: Վերջ: Այլևս այս մասին չենք վիճում: Թող իր սրտով լինի: (Դուրս է գալիս:)

ԼԻԱ — Իսկ դու ասում էիր՝ Ջաքը կատաղել է:

ՍՅՈՒԶԻ — Է՜, անքուն գիշերները փոխում են մարդուն, հավատա…

Դուռը բացվում է, ներս է մտնում Քրիստինեն:

ԼԻԱ – (ընդառաջ է գնում և գրկախառնվում): Վախ, անուշս, էդ ո՜նց եմ քեզ կարոտել:

ՍՅՈՒԶԻ – (արցունքները սրբել է և ինքն իրեն ստիպում է ժպտալ, բայց դեմքը ծամածռվում է): Քրիստիկ, աղջիկս, ինչ ուրախ եմ, որ եկար: Քեզ սո՞ւրճ, թե՞ թեյ:

ՔՐԻՍՏԻՆԵ — Սուրճ, մամ ջան:

Բոլորը գնում են խոհանոց:

ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

Տեսարան առաջին

Լիայի բնակարանն է: Երկու շաբաթ անց:

Առավոտյան ժամը 10-ն է: Լիան դուռը բացում, արագ ներս է մտնում: Արագ փոխում է հագուստը, լվացվում և գնում է խոհանոց՝ սուրճ պատրաստի:

ԼԻԱ — Ոնց որ Սամն այսօր խոհանոց չի մտել: Հետաքրքիր է, կարծես չի էլ նախաճաշել: (Հեռախոսազանգ:) Ահա, անունը տուր… և… Հելլո, Սա՞մ, ես էլ հենց նոր քո մասին էի մտածում: Էս ինչո՞ւ ես առանց նախաճաշելու գնացել: Էլենը ո՞ւր է: Միասի՞ն եք դուրս եկել: Չէ՞, գիշերը մնացել է Սերայենց տանը՞: Ոչ, ինձ բան չէր ասել: Դե իհարկե, եթե քեզ ասել է, լավ: Հոգնած եմ, մի քիչ հանգստանամ, հետո… Մի րոպե սպասիր, դուռն են զանգում… (Հեռախոսը ձեռքին բացում է դուռը:)

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Բարի լույս, Լիա, հո զբաղված չե՞ս, կարո՞ղ եմ  ներս գալ:

ԼԻԱ — Բարև, Հայկազ քեռի, դե իհարկե, ներս արի: Կներես, հենց նոր եմ տուն մտել… արի, արի տեսնեմ՝ ի՞նչ կա, տիկին Արուսյակը լա՞վ է: 

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լավ է, լավ, ես այլ հարցով եմ եկել, հետդ խոսելու բան ունեմ:

ԼԻԱ — Մի րոպե… (Հեռախոսը դնում է ականջին:) Սամ, քեզ հետո կզանգեմ, լա՞վ: Ի՞նչ, OK, ուրեմն, երբ վերջացնես, ինքդ զանգիր: OK, դե կխոսենք: (Հեռախոսն անջատում է:) Արի, արի ներս, տեսնեմ՝ ի՞նչ կարևոր բան ունես ասելու: Չէ՛, այդտեղ մի կանգնիր, արի գնանք խոհանոց, այնտեղ սուրճ եմ պատրաստում, միասին կխմենք:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (Լիայի ետևից գնում է խոհանոց: Լարված է): Լիա ջան, գիտեմ՝ հոգնած ես, քեզ երկար չեմ զբաղեցնի… լավ, սուրճից չեմ հրաժարվի:

ԼԻԱ — Դե ասա, շաքար դնե՞մ սուրճիդ մեջ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Հա, բա ոնց, առանց շաքար կլինի՞:

ԼԻԱ – (ժպտում է): Կլինի, կլինի, Հայկազ քեռի, շատերն առանց շաքար են խմում: Բայց քեզ հետ համամիտ եմ, ես էլ եմ սուրճը շաքարով խմում:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լիա, դու արդեն գիտես, չէ՞, որ քեզ իմ հարազատ աղջկանից չեմ տարբերում:

ԼԻԱ — Ինչպես չէ, Հայկազ քեռի, դու և տիկին Արուսյակն այս օտարության մեջ ինձ համար ծնողի պես եք: Երբ դուք այստեղ եք, մի տեսակ ինձ ապահով եմ զգում:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (հուզված): Հենց խոսքը դրա՛ մասին է: Էս ի՜նչ բան է, տո, էս ի՜նչ երկիր է: Ամեն ինչից պետք է պաշտպանվես, բոլորից պետք է զգուշանաս, ամեն ինչի համար պետք է ապահովագրություն ունենաս: Չունեցար՝ վերջդ եկել է:

ԼԻԱ – Հայկազ քեռի, քեզ ի՞նչ է պատահել: Ճիշտն ասա, հո որևէ մեկը քեզ չի՞ նեղացրել:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Տո չէ, է՜, ինձ ո՞վ կարող է նեղացնել: (Սուրճի բաժակը դնում է սեղանին, մի կողմ հրում և թափով ոտքի ելնում:) Բայց դա ամենևին էլ չի՛ նշանակում, որ վրդովված չեմ: Եթե ուզում ես ճիշտն իմանալ՝ սարսափելի վրդովված եմ:

ԼԻԱ — Բայց ինչո՞ւ, հո հենց այնպես չես վրդովվել, որևէ մեկը ինչ-որ բա՞ն է արել, կամ ասել  քեզ…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ —  Ես աջ ու ձախ ընկնողը չեմ, ամեն ինչ կասեմ ուղիղ քո ճակատին:

ԼԻԱ – (անհանգստացած վեր է կենում տեղից): Վայ, էս ի՞նչ ես ասում: Չլինի՞ ե՛ս եմ մի սխալ բան արել…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – Դո՞ւ, բայց դու ի՞նչ պետք է անեիր… խոսքն էդ քո ամուսնու, էդ Սամ կոչվածի մասին է:

ԼԻԱ — Սամն ինչ-որ բանով քեզ նեղացրե՞լ է:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Իհարկե ոչ: Ճիշտ հակառակը, ինձ հետ շատ սիրալիր ու քաղաքավարի է, միշտ ժպիտը դեմքին, միշտ բարևում ու քեֆ-հալս է հարցնում: Սրիկա՜:

ԼԻԱ — Վա՜յ, էդ ի՞նչ ասացիր… հավատս չի գալիս: Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւմն է բանը…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Որ հարցրեցիր՝ Սամն ինչ-որ բանով քեզ նեղացրե՞լ է, ես պատասխանեցի՝ իհարկե ոչ, չէ՞: Բայց մյուս կողմից էլ պետք է ասեմ՝ իհարկե այո՛: Ամբողջ կյանքում շենքի լիազոր եմ եղել, հասկանո՞ւմ ես՝ քառասո՜ւն տարի: Մեր շենքում եթե ճանճը տզզար, առաջինը ե՛ս կիմանայի:

ԼԻԱ — Գիտեմ, Հայկազ քեռի, դու միշտ տեղյակ ես շենքում բոլորի խնդիրներին: Բայց դա Սամի հետ ի՞նչ կապ ունի:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (խոհանոցի մի ծայրից մյուսն է գնում): Բանն այն է, որ շա՛տ մեծ կապ ունի, ես շա՛տ լավ գիտեմ, թե այս շենքում ով ինչով է զբաղված, ով ուր է գնում, երբ է գալիս, ինչ է անում, հասկանո՞ւմ ես: Դա իմ մասնագիտական հմտությունն է: Օրինակ, գիտե՞ս, որ էս դիմացի հարևանիդ՝ Նազարյանների տղան թմրամոլ է:

ԼԻԱ — Վա՜յ, իհարկե, տեղյակ չեմ, բայց չի կարող պատահի, ի՞նչ ես ասում, շատ խելոք տղա է երևում…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Է՜, հո երևալով չէ, տեսնո՞ւմ ես, որ նույնիսկ դիմացի հարևանիդ մասին ոչինչ  չգիտես, ախր, դու ինչի՞ց ես խաբար: Ինձ հարցրու, և ես քեզ կասեմ, թե էդ խեղճերն իրենց տղայի ձեռքն ի՜նչ են քաշում: Միայն Աստված գիտե… հա՛, մեկ էլ ե՛ս: Հենց անցյալ օրը, գիշերվա կեսին ոստիկաններ էին եկել նրա ետևից: Շենքում ոչ ոք չիմացավ այդ մասին… բացի ինձանից…

ԼԻԱ – Այ քեզ բա՜ն: Հավատս չի գալիս: Բայց չասացիր, այդ ամենն ի՞նչ կապ ունի Սամի հետ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ուզում եմ հասկանաս, որ այն, ինչ քեզ հիմա պիտի ասեմ, ստույգ է, հասկացա՞ր: Ես փորձառու մարդ եմ, բամբասանքներով  չեմ զբաղվում:

ԼԻԱ — Շունչս կտրվեց, դե վերջապես ասելո՞ւ ես, ինչումն է բանը, թե՞ որոշել ես ինձ լրիվ հունից հանել:

ՀԱՅԿԱԶ  ՔԵՌԻ — Լավ, բա չլսեցի՞ր, ես քեզ ուղիղ եմ ասելու՝ առանց աջ ու ձախ ընկնելու, բավակա՛ն է, էլ չե՛մ կարող, սա ի՞նչ բան է, սա ի՞նչ ստորություն է… թու՜, ես քո… Բա կարելի՞ է, բա չի՞ հասկանում, որ ես քառասուն տարի… դե հիմա դա կարևոր չէ… Բայց ես իր նմանների՞ն եմ շան օրը գցել: Չգիտի, որ ինձ Հայկազ Ա…

ԼԻԱ – (համբերությունը կորցրած գոռում է): Ի՞նչ է պատահել…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Գրողի ծոցը լիներ այս հիմար մասնագիտությունը: Ինչո՞ւ պետք է հենց ես դա քեզ ասեմ… բայց ուրիշ ճար չկա: Ուրիշ էլ ո՞վ…

ԼԻԱ – (Ճիշտ նույն տոնով, ձայնն ավելի  բարձրացնելով): Դե վերջապես ասա, ի՞նչ է պատահել…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Էսպես էլ բա՛ն կլինի: Մարդ չգիտի՝ դրա հետ ոնց վարվի: Այ, Երևանում լինե՜ր… Հա, ասեմ, ասեմ… հե՛նց ասելու եմ, վայ ես քու, շուն շան որդի, ոնց եմ ներվայնանում, է՜:

ԼԻԱ – (գոռում է): Ի՞նչ շուն շան որդի, ի՞նչ է պատահել, ասելու ես, թե՞ չէ: Սպանեցի՛ր:

ՀԱՅԿԱԶ  ՔԵՌԻ — Էն կողմ գնա, է՜, էս ի՞նչ փորձանք էր: Շա՞տ ես ուզում իմանալ, հա՞: Բայց խոստացիր քեզ տղամարդու պես պահել: Ես դրամատիկական տեսարաններ չեմ սիրում:

ԼԻԱ — Բա սա դրամատի՞կ է…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ի, հլա մի քեզ նայիր: Դեռ ոչինչ չեմ ասել, արդեն քեզ պատեպատ ես տալիս: Բա որ ասեմ:

ԼԻԱ – Է, չես ասում, ասա՝ հասկանամ, որ ինձ պատեպատ չտամ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լավ, բայց զգուշացնում եմ, հետո չասես, որ ես …

ԼԻԱ – (ոտքը ուժգին խփում է հատակին): Դե ասա, էլի, գժվեցրի՛ր…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լավ, ասում եմ, ասում, Լիա ջան, եկել եմ, որ ասեմ: Էդ Սամ կոչվածը քեզ հիմարի տեղ է դրել… եթե ուզում ես իմանալ՝ ինձ էլ քեզ հետ: Աղջիկս, աչքերդ բա՛ց արա, նա քեզ խաբո՛ւմ է, խաբո՛ւմ: Հասկացա՞ր: Է՞դ էիր ուզում իմանալ: (Մի պահ՝ քար լռություն:) Կներես, չէի ուզում քեզ այդ ցավը պատճառել, բայց ինչպես տեսնում ես, այլ ելք չունեմ, չեմ կարող քեզ տեսնել այսպես խաբված: Դու դրան արժանի չես:  

ԼԻԱ — Հայկազ քեռի… Այդ ինչպե՞ս, այդ ո՞նց… (Ձեռքերով դեմքը փակում է և սկսում է հեկեկալ:)

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (շփոթված փորձում է հանգստացնել: Հետո վճռական տոնով շարունակում է): Դե, այսպիսի բաները ասելու համար ես նուրբ ձևեր չգիտեմ: Լիա ջան, ամբողջ կյանքում եղել եմ մեր շենքի լիա… դե դա հիմա կարևոր չէ: Բայց որպես շենքի համար պատասխանատու անձ և որպես… դե իմ պարտքն եմ համարում…

ԼԻԱ – (գլուխը բռնած գնում-գալիս է): Ինձ միայն դա էր պակաս…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Աղջիկս, ինձ լսիր, ես կյանք տեսած մարդ եմ… երբ մեր շենքի լիազորն էի… դե դա հիմա կապ չունի: Ուզում եմ ասել, որ նման բաներ շատ եմ տեսել,  դուք ոչ առաջինն եք և ոչ էլ վերջինը: Միայն պետք է հասկանաս, որ դու հասուն կին ես և աչքերդ չպետք է փակես իրականության առջև: Երբ ե՛ս եմ նման բան ասում, ուրեմն մի բան գիտեմ: Ի՞նչ ասեմ, աչքդ ամուսնուդ վրա պահիր… դե մնացածը քո գործն է…

ԼԻԱ — Էդ որ ասում ես՝ մի բան գիտես, այսինքն, մի բանը ո՞րն է, Հայկազ քեռի: Ախր, ի՞նչ գիտես, ասա՛, խնդրում եմ…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լավ, եթե շատ ես ստիպում, կասե՛մ: Ես ամբողջ կյանքում եղել եմ լիա… լավ դա կարևոր չէ: Միայն իմացիր, որ ասողը ե՛ս եմ, իմ աչքից ոչինչ չի վրիպում: Այնպես որ, իմացած լինես, քո գիշերային հերթափոխությունների օրերին Սամը գիշերները տուն չի գալիս: Այ, օրինակ՝ այս գիշեր ես աչք չեմ փակել: Անդադար հսկում էի, բայց նա այդպես էլ տուն չեկավ: Մի՞թե դա չես նկատել:

ԼԻԱ — Ոչ, չեմ նկատել… (Շուրջն է նայում և մտքերի մեջ ընկնում:)             

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Այ, եթե քո փոխարեն իմ կինը՝ Արուսյակը լիներ, միանգամից կնկատեր… իսկ թե իմ գլուխն ինչ կբերեր, միայն Աստված գիտե: Բայց նաև ասեմ, որ նման բան երբե՛ք չէի անի: Եթե ուշադիր լինես, ինքդ կտեսնես ու կհամոզվես, թե ինչ է կատարվում:

ԼԻԱ — Ի՞նչ ես առաջարկում, հետևե՞մ  նրան:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ոչ, ինչո՞ւ պետք է հետևես: Կա շատ ավելի պարզ ու հասարակ ձև: Զանգում ես Սամին, ասում, որ այսօր քեզ կրկին խնդրել են աշխատել գիշերային հերթափոխ:

ԼԻԱ  — Շատ խելացի միտք է: Սակայն կմնամ տանը… Հե՛նց այդպես էլ կանեմ: Հայկազ քեռի, բայց զգում եմ, որ դու ավելին գիտես: Ինձ անկեղծորեն ասա:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Է՜, Լիա ջան, ինձ համար շատ դժվար է… հազիվ եմ ինքս ինձ համոզել, որ այսքանն ասեմ: Էդ արցունքներդ… չեմ ուզում քեզ վշտացնել, միայն ուզում եմ…

ԼԻԱ — Չէ, ասա, խնդրում եմ, ասա՛, խոստանում եմ լաց չլինել: Ես պետք է իմանամ, եթե գիտես՝ ասա, ո՞ւր է գնում, ո՞ւմ հետ… ինձ ամեն ինչ ասա:     

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ես միամիտ մարդ չեմ: (Գրպանից հանում է բջջային հեռախոսը և ցույց տալիս:) Ահա, տես, համոզվի՛ր: (Լիան ապշած նայում է նրա բջջայինի միջի նկարին:) Ինչպես տեսնում ես նկարում, այն օրերին, որ տուն չի գալիս, Սամը շատ է պճնվում: Ես նկատում եմ դա և ավելի ուշադիր եմ լինում: Իսկ այ, սա մի քանի օր առաջ  եմ  նկարել՝ որպես ապացույց: Սամը մի քանի րոպեով տուն մտավ, իսկ այս աղջիկը մնաց մեքենայի մեջ: Երբ վերադարձավ, նստելուն պես գրկախառնվեցին ու համբուրվեցին: Հենց այդ պահին էլ նկարեցի: Դե արդեն ամիսներ է, ինչ հետևում եմ: Արդեն հնարավոր չէր, պետք էր քեզ ասել:

ԼԻԱ – (նստում, գլուխն առնում է ձեռքերի մեջ): Տեր Աստված, էս ի՜նչ փորձանք է…Ո՞վ է այդ կինը, որտեղի՞ց…

Դռան զանգ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – Դե, ես գնամ, աղջիկս, պինդ կաց: Եվ իմացիր, ինչ էլ պատահի, չվախենաս,  Հայկազ քեռին կողքիդ է: Ես դրա՝ շո՛ւն շա՛ն որդի՛…

Երկուսով մոտենում են դռանը:

ԼԻԱ — Շնորհակալ եմ, Հայկազ քեռի, անչափ շնորհակալ եմ… (Դուռը բացում է:) Սյուզի՞,  Սյուզի ջան, ի՞նչ կա, հո բան չի՞ պատահել:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – Դե, ես գնամ, մի բան պետք լինի, ասա: (Գնում է:)

Սյուզին դուռը փակում է և արագ գնում դեպի խոհանոց:

ԼԻԱ – (հետևում է Սյուզիին): Քեզ ի՞նչ է պատահել, էսօր աշխատանքի չե՞ս գնացել: Սյուզի՞… չհասկացա, մտքումդ մի բա՞ն կա, թե՞ իմ   վրա ես  ծիծաղում:

ՍՅՈՒԶԻ – (դեմքը ձգված է, ծամածռված, մի տեսակ կեղծ ժպիտ, կամ քմծիծաղ է արտահայտում): Սրտովս գնա, հա՞… ի՛հ, հիմար կատակների հավես չունեմ:

ԼԻԱ — Մի հատ գլուխդ բարձրացրու տեսնեմ: Հա՛, էլի, մի տեսակ ժպիտ կա դեմքիդ՝ անբնական: Սյուզի՞, ճիշտն ասա, չլինի՞ բոթեքս ես արել:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ բոթեքս, դու էլ, վերջ տուր, հա՞…

ԼԻԱ — Դե հա, էլի, խոստովանի՛ր, բոթեքս ես արել, անհաջող է ստացվել: Բայց ոչինչ, մի՛ մտածիր, մի վեց ամսից կանցնի:

ՍՅՈՒԶԻ — Գժվե՞լ ես, ի՞նչ բոթեքս… (Լիան ուշադիր նայում է Սյուզիին:) Ի՞նչ ես խոսում, է՜: Հլա մի սպասիր տեսնեմ: (Մոտենում է հայելուն:) Վայ, մամա ջան, էս ի՞նչ է կատարվում ինձ հետ: Դեմքիս մկանները քարացել են, չեմ կարողանում շարժել: Չլինի՞  կաթված եմ ստացել:

ԼԻԱ — Կասե՞ս՝ ի՞նչ է պատահել:

ՍՅՈՒԶԻ – (պայուսակից հանում է դիմափոշու  տուփը, բացում, ուշադիր նայում է փոքրիկ հայելու մեջ): Դու երևի կհասկանաս, ասա՝ սա կաթվա՞ծ է, թե՞ ոչ:

ԼԻԱ — Էս երբվանի՞ց է դեմքդ այս վիճակում:

ՍՅՈՒԶԻ — Բա ես գիտե՞մ: Միայն կարող եմ ասել, որ երեկ շատ լարված օր էր ինձ համար:

ԼԻԱ — Ուրեմն Ջիայի ծնողներն իրոք եկե՞լ էին Քրիստիկի ձեռքը խնդրելու:

ՍՅՈՒԶԻ — Դե հա, Չինաստանից ուղիղ մեր տուն:

ԼԻԱ — Հլա պատմիր, ո՞նց անցավ, ինչպիսի՞ մարդիկ էին: Ի՞նչ ասացին, ի՞նչ էին բերել նշանադրության համար:

ՍՅՈՒԶԻ — Ի՞նչ պիտի ասեին, մի բառ անգլերեն չգիտեին: Ջիան էր թարգմանում: Չինաստանից ինչ-որ ուտեստներ էին բերել: Ջիան ասաց, որ դրանք Չինաստանում ամենահարգի խորտիկներն են: Բայց երբ իմացա՝ որն ինչ էր, հազիվ ինձ զուգարան գցեցի և ամբողջ կերածս հետ տվեցի: Օ՜, չլինի՞ թունավորվել եմ…

ԼԻԱ – Ի՜հ, թունավորվելը ի՞նչ  կապ ունի դեմքիդ հետ:

ՍՅՈՒԶԻ — Իրո՞ք կապ չունի… բայց դու մնացածը լսիր: Քրիստիկին մի մատանի էին բերել, վրայի քարը տեսնելու համար խոշորացույց էր պետք: Վա՜յ, քոռանամ ես: Ջիան էլ ասում էր, թե դա թանկարժեք հնություն է, որը փոխանցվել է սերնդե-սերունդ իր մորական նախատատերից: Իբր թե բախտավորության, հաջողության, ամուր ընտանիքի խորհրդանիշ է:  Բա մենք մեր աղջկան էդպե՞ս ենք պահել, բա նա դրա՞ն էր արժանի: Իրենք էլ երևի կարծում են, որ իրենց տղան մեզ հետ է ապրելու: Հիացած չորս կողմն էին նայում: (Փորձում է լաց լինել, բայց դեմքի մկանները ժպիտ են արտահայտում:)

ԼԻԱ – (նայում է Սյուզիի դեմքին և փռթկում): Ախր, շատ տարօրինակ է: Երբեք նման ժպիտ չեմ տեսել… Բայց լուրջ, որտեղի՞ց իմացար, թե նրանք ինչ են մտածում:

ՍՅՈՒԶԻ — Դարձել եմ խեղկատակ, չէ՞: (Կրկին շոշափում է դեմքը:) Ո՞վ ասաց՝ իմացա.  զգացի: Երբեմն զգալն ավելի կարևոր է, քան իմանալը:

ԼԻԱ — Հա՜… իսկ ես միշտ անտեսել եմ իմ ներքին զգացողությունները. թե ինչո՞ւ, ես էլ չգիտեմ:

ՍՅՈՒԶԻ — Ամբողջ երեկոյի ընթացքում կարծես նստած լինեի փշերի վրա: Աղջիկս ինձ ասել էր, որ երեսս թթվացրած չնստեմ, դե ես էլ անդադար ինձ ստիպում էի ժպտալ: Ամբողջ մարմնով լարված նստել էի, նյարդերս ձգված, քիչ էր մնում շունչս կտրվեր: Վա՜յ, մամա ջան, ո՞նց դիմացա էդ լարված վիճակին: Հիմա դեմքիս նայողն ի՞նչ կասի, վա՜յ… Լիա, մի բան արա, մեռնում եմ, ինչ անում եմ, էս անտեր մկաններս չեն շարժվում: Վայ, մամա ջան, էս ի՞նչ է կատարվում հետս, վա՜յ, ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ էի ամբողջ գիշեր շուռումուռ գալիս, ինչո՞ւ էի այդքան անհանգիստ: (Ձեռքերով փորձում է դեմքի մկանները շարժել: Նայում է Լիային, տեղից վեր է թռնում:) Լիա՞,  քե՛զ ի՞նչ է պատահել: Էդ լա՞ց ես եղել: Դե հա՜, էլի, աչքերդ ուռած են:

ԼԻԱ — Ոչինչ, ոչինչ, դու իմ մասին մի մտածիր: (Փորձում է ինքն իրեն տիրապետել:) Արի, արի տեսնեմ՝ ի՞նչ կարող եմ անել: Գուցե մի քիչ մերսե՞մ… Չէ, կարծում եմ, հենց հիմա պետք է քեզ բժշկի հասցնեմ, վախենում եմ, որ վիճակդ ավելի լուրջ լինի, քան պատկերացնում ենք: Վեր կաց, քեզ անմիջապես պետք է տանեմ emergency: Դու լուրջ խնդիր ունես: Կարծում եմ, սա  facial paralysis է:

ՍՅՈՒԶԻ – (վախեցած նայում է հայելու մեջ): Վա՜յ, մամա ջան, մեռնում եմ: Շուտ արա, Ջաքին զանգիր, թող գա: Ասա, որ կաթված եմ ստացել և քանի ողջ եմ, թող շուտ հասնի… Քրիստիկին էլ ասա… Լիա ջան, եթե ինձ մի բան պատահի, խնդրում եմ, պապային, մամային, Նինային… բոլորին ասես, որ իրենց շատ եմ սիրում և թող շատ չվշտանան… (Փորձում է լաց լինել, դեմքը միայն կեղծ ժպիտ է արտահայտում:)

ԼԻԱ — Ի՜, դու էլ, ինչեր ես ասում: Վե՛րջ տուր, հա՞: Խնամիներիդ տեսել ես, քեզ կորցրել: Լավ-լավ, չինացի են, ինչ են, դրա համար չարժե դեմքդ ծռվի: Ասա՝ չես ուզում, մի ժպտա: Օ՜ֆ, ես էլ չգիտեմ: Եթե այդպես լիներ, ապա մինչև հիմա էս երկրում բոլորի դեմքերն էլ պետք է ծռված լինեին, քանի որ իրար տեսնելիս բոլորն էլ կեղծ են ժպտում, կեղծ են ողջագուրվում, կեղծ են համբուրվում: Եթե քեզ նման մտածեին, ուրեմն բոլորն էլ այդ կեղծ ժպիտների պատճառով պետք է կաթված ստանային ու մեռնեին: Այ քույրս, դու հաստատ հոգեվարքի մեջ չես: Վեր կաց, վեր կաց: (Զանգում է:) Ջաք, բարև, ես եմ, Լիան է: Ջաք ջան, Սյուզիին տանում եմ emergency, ի՞նչ, չէ, հենց հիմա դուրս ենք գալիս, ուղիղ արի էնտեղ: Ի՞նչ, չէ ուղղակի դեմքի մկաններն են… դեմքի: Հա, տանում եմ, որ բժիշկը նայի: Ես վստահ չեմ, կգաս կտեսնես, պարզապես ժպտում է: Է հա՜, անդադար ժպտում է, դե մի այլ տեսակ է ժպտում՝ ոչ բնական: Լավ, է՜, Ջաք, մենք այդպես չենք ժպտում: Այո, ժպտալու համար տանում եմ emergency: Բա ի՞նչ, թողնեմ էս ժպիտը ֆիքսված մնա՞ քրոջս դեմքին: Սյուզի, լսո՞ւմ ես, Ջաքն ասում է, որ չինացի փեսա ունեցողը հենց  այդպես է ժպտում, որ դրան բուժում չկա, իզուր էլ գնում եք emergency: Է՜, Ջաք, կատակի ժամանակը չէ: Հա, քույրս հաճախ չի ժպտում, բայց երբ ժպտում է, դա գալիս է նրա սրտից: Էնպես որ, էլ մի՛ շարունակիր:

ՍՅՈՒԶԻ — Ջաքին ասա, իր կատակների համար սիրտ չունեմ: Ես էստեղ մեռնում եմ, իսկ ինքը…

ԼԻԱ — Ջաք, քույրս լավ չի զգում, իսկ դու շարունակում ես կատակել: Դե լավ, մենք հիմա դուրս ենք գալիս, կհանդիպենք հիվանդանոցում: (Սյուզիի հետ դուրս է գալիս:)

Տեսարան երկրորդ

Լիայի բնակարանն է: Լիան տանը մենակ է: Նա շատ մտազբաղ է և անտրամադիր:  Հեռախոսազանգ:

ԼԻԱ — Հելլո, այո, Սամ, իրոք շատ զբաղված եմ, այս գիշեր անդադար ոտքի վրա եմ լինելու, ոչ, չեմ կարող խոսել, հիվանդներս սպասում են: Էլենը ընկերուհու տանն է, այնտեղ է գիշերելու: Ավարտական երեկոյից առաջ որոշել են մի փոքր հավաքույթ կազմակերպել: Իսկ դու արդեն տա՞նն ես: OK: Դե, բարի գիշեր: Առավոտյան կհանդիպենք: Ես, ինչպես միշտ, առավոտյան ժամը ութին տանը կլինեմ: Եղավ: Հասկացա: Դե լավ, լավ: (Հեռախոսն անջատում է:) Գիտեմ, չպետք է ստեի: Զզվելի է ստելը: Եվ սա կոչվում է ընտանի՞ք, սա՞ է իմ պատկերացրած ամուսնական հարաբերությունները: Խնդրեմ, ստացել եմ: Ուզում էի պարզել, ահա և պարզեցի, հիմա ո՞րն է լինելու հաջորդ քայլս: Տե՛ր Աստված, ինձ օգնի՛ր, ես չգիտեմ՝ այստեղից այլևս որ ուղղությամբ գնալ: Երկու ճանապարհ կա, երկուսն էլ մեծ զոհաբերություններ են պահանջում: Բայց ես քաջություն չունեմ: (Լալիս է: Դռան զանգ:) Այս ուշ ժամին ո՞վ կարող է լինել: (Բացում է դուռը:)

ՋԱՔ — Լիա, բարև, մի՛ զարմացիր, որ այս ուշ ժամին եմ եկել, ձեզ հետ խոսելու բան ունեմ: Ո՞ւր է Սամը:

ԼԻԱ — Ջա՞ք, հո բան չի՞ պատահել, ճիշտն ասա, Սյուզին լա՞վ է, հո դեմքը նորից չի՞ ծռվել: Բժիշկն ասաց, որ նրան հանգիստ է պետք, չի կարելի հուզվել…  

ՋԱՔ — Գիտեմ, քրոջդ մասին շատ լավ հոգ եմ տանում, բժշկի խորհուրդներին էլ հետևում ենք: Այ, դրա համար էլ ձեզ մոտ եմ եկել, Լիա ջան, բայց ո՞ւր է Սամը, տանը չէ՞:

ԼԻԱ – (վերջին հարցը կրկին շրջանցում է):  Այո, ամենակարևորը բժշկի խորհրդին հետևելն է: Արի, արի տեսնեմ ի՞նչ կխմես՝ սո՞ւրճ, թե՞յ:

ՋԱՔ — Կոնյակ կա՞:

ԼԻԱ — Իհարկե կա, նստիր, հենց հիմա կբերեմ: (Գնում է խոհանոց և այնտեղից շարունակում է խոսել:) Մի տեսակ անսպասելի էր, Ջաք, դու ե՞րբ ես այս ժամին մեր տուն եկել: Հաստատ կարևոր բան ունես ասելու: Քրիստիկի հե՞տ է կապված:  

ՋԱՔ — Դե արի, կխոսենք: Ոչ, Քրիստիկի հետ կապ չունի: Հետդ երկու բաժակ բեր, Լիա ջան, մենակ չեմ խմի:

ԼԻԱ — Հասկացա, Ջաք, իհարկե, պետք է մի-մի բաժակ խմենք, Քրիստիկի նշանադրությունը շնորհավորենք: Ես իրոք շատ ուրախ եմ: Կարծում եմ, նա շատ  ճիշտ ընտրություն է կատարել, և դուք իզուր էիք այդքան մտահոգվում: Քրիստիկը խելացի աղջիկ է, ոչինչ հենց այնպես, չմտածված չի անում:

ՋԱՔ — Քրիստիկի նշանադրությունը՞… ը՜մ… դե լավ է՜, Լիա ջան, դա ինձ ու քրոջդ համար աչքալուսանքի բան չէ: Եվ հետո, դա մեր տանը կնշենք:

ԼԻԱ — Չէ, ես համաձայն չեմ: Աղջիկդ նշանվել է, բա մի բաժակ չխմե՞նք նրան երջանկություն մաղթենք:

ՋԱՔ — OK, եթե մտքովդ անցել է… խմենք…

ԼԻԱ – (գալիս է կոնյակի շիշն ու բաժակները ձեռքին): Դե լցրու, ես հիմա կգամ: (Գնում, խոհանոցից խորտիկներ վերցրած վերադառնում է:)

ՋԱՔ – (բաժակները լցնում է, իր բաժակը վերև է բարձրացնում): Լիա ջան, տա Աստված, որ մեր երեխաները բախտավոր լինեն, բայց նաև լսեն իրենց ծնողների խրատը: Ծնողն իր զավակի վատը չի կամենա:

ԼԻԱ — Ճիշտ ես, կոնկրետ մեզ համար մեր ծնողների խոսքը միշտ օրենք է եղել: Բայց թե այսօր չես կարող այդ նույնը պահանջել:

ՋԱՔ — Այ ապրես, ճիշտ բան ասացիր: Արի խմենք ձեր ծնողների համար: (Խմում են: Ջաքի աչքերը լցվում են:) Անկեղծ եմ ասում, նրանց սիրել ու հարգել եմ հարազատ ծնողներիս պես:

ԼԻԱ — Ջաք ջան, գիտես, չէ՞, որ մեր ընտանիքում բոլորս հենց առաջին իսկ օրից քեզ ենք անչափ սիրել ու հարգել: Մաման ու պապան քո արևով են երդվում, ճիշտ եմ ասում: Թեպետ ես ու Նինան եղբայր չենք ունեցել, սակայն դու մեզ համար միշտ եղբայր ես եղել և ոչ թե փեսա:

ՋԱՔ – (աչքերն է սրբում, բաժակները կրկին լցնում): Նստիր, Լիա ջան, էս էլ խմենք, մի քիչ սիրտ առնեմ, հետո կարևոր բան ունեմ քեզ ասելու: Ո՞ւր է Սամը, ուզում եմ  նա էլ ներկա լինի, կարևոր է:

Դռան ուժգին թակոց: Լիան և Ջաքը տարակուսած իրար են նայում: Ավելի ուժգին են դուռը թակում: Երկուսն էլ ոտքի են բարձրանում և միասին մոտենում են դռանը:

ԼԻԱ – (դուռը բացում, ապշած նայում է երկու հաղթանդամ ոստիկաններին): Ո՞ւմ եք ուզում: Officer, դուք սխալվել եք: Եթե Նազարյաններին եք փնտրում, նրանց բնակարանն այ, այն դիմացինն է:

ՈՍՏԻԿԱՆ – (ոստիկաններից մեկը հայ է, ձեռքին թուղթ կա, որին աչքի տակով նայում է, հետո դիմում Ջաքին): Սա Կարապետյանների բնակարա՞նն է:

ՋԱՔ – (շփոթված): Այո:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ – (հայտնվում է դռան մոտ, հայ ոստիկանին): Տղա ջան, սխալ տեղ ես եկել: Ես այս շենքի լիազ… դե դա կապ չունի: Այս մարդիկ՝ Կարապետյանները, չափազանց օրինապահ, օրինակելի մարդիկ են: Ի՞նչ գործ ունեք: Ինչո՞ւ եք նրանց անհանգստացնում:

ԼԻԱ — Հայկազ քեռի, սպասիր, տեսնենք ինչո՞ւ են եկել…

ՈՍՏԻԿԱՆ – (Հայկազ քեռուն): Ներեցեք, դուք ո՞վ եք:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ես Հայկազ Արմենակովիչն եմ, տղա ջան, ինձ կարող ես Հայկազ քեռի կանչել: Ես այս շենքի լիազորն եմ, եթե հարց կա, կարող ես ինձ դիմել:

ՈՍՏԻԿԱՆ — Պարոն Հայկազ, խնդրում եմ վերադառնաք ձեր բնակարան: Տիկին Կարապետյան, կարո՞ղ ենք ներս գալ:

ԼԻԱ — Այո, իհարկե:

Ոստիկանները ներս են մտնում և դուռը փակում: Հայկազ քեռին զարմացած մնում է դռան մյուս կողմում:

ՈՍՏԻԿԱՆ — Ես պետք է ձեզ շատ վատ լուր հաղորդեմ: Ձեր դուստրը՝ Էլեն Կարապետյանն իր երեք ընկերների հետ վթարի է ենթարկվել: Նրանցից մեկը զոհվել է: Ձեր դուստրը վերակենդանացման բաժնում է: Եթե կամենում եք, կարող ենք ձեզ ուղեկցել հիվանդանոց:

ԼԻԱ – (գունատվում է, նայում է Ջաքին): Ջաք… Էլենը, աղջիկս… Ջա՜ք…

ՈՍՏԻԿԱՆ – (Ջաքին, որը Լիային գրկում, փորձում է հանգստացնել): Դուք Էլենի հա՞յրն եք:

ՋԱՔ — Ոչ, նրա մորաքրոջ ամուսինն եմ: Ես այս ընտանիքի ամենամոտ հարազատն եմ: Շնորհակալ ենք, Officer, դուք ինձ ասեք, Էլենը ո՞ր հիվանդանոցում է, ես Լիային հենց հիմա կհասցնեմ այնտեղ:

ՈՍՏԻԿԱՆ — Glendale Advantist Hospital: Շատ լավ: Դե, մենք կապի մեջ կլինենք: Տիկին Կարապետյան, պինդ կացեք, հուսով ենք ձեր դուստրը կապաքինվի:

Ոստիկանները հեռանում են:

ԼԻԱ — Ես հիմա, Ջաք… մի րոպե… հենց հիմա կգամ… (Գնում է ննջասենյակ:)

ՋԱՔ – (կոնյակ է լցնում, խմում է մինչև վերջ, զանգահարում է Սյուզիին: Վերջինիս հեռախոսը չի պատասխանում, միանում է ձայնային փոստը): Սյուզի, ես եմ, Ջաքը: Երկար բացատրելու ժամանակ չկա: Հենց հիմա Լիայի հետ գնում եմ հիվանդանոց: Դեպք է պատահել, Էլենը գտնվում է վերակենդանացման բաժնում: Առայժմ:

ԼԻԱ – (ննջարանից դուրս է գալիս, գունատ, է ամբողջ մարմնով դողում է, սակայն կարողանում է իրեն տիրապետել): Ջաք, ես պատրաստ եմ, գնանք:

Դուրս են գալիս:   

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լիա ջան, ես ամեն ինչ լսեցի: Աղջիկս, պինդ կաց, Էլենին բան չի պատահի:

ԼԻԱ — Ա՜Խ, տեր Աստված…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ոչ մի բանի մասին չմտածես: Իսկ Սամին ես կասեմ…

Անցել է մի քանի օր:

Լիան  ներս է մտնում և շտապով ինչ-որ բան է փնտրում: Դուռը զանգում են:

ԼԻԱ – (դուռը բացելով): Հայկազ քեռի, կներես, ժամանակ չունեմ…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Լիա ջան, միայն ուզում էի իմանալ, ինչպե՞ս է Էլենը:

ԼԻԱ — Արդեն դեպի լավն է գնում: Բժիշկը շատ հույս տվեց… ա՜խ, խեղճ երեխաս…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ես այնտեղ էի՝ հիվանդանոցում, ուզում էի պալատ գալ, բայց հետո քրոջդ աղջկան տեսա:

ԼԻԱ — Քրիստիկի՞ն…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Այո… ի՜նչ աղջիկ է, ի՜նչ աղջիկ, պարզապես հրաշք է: Պարզվում է՝ նշանածն այդ հիվանդանոցում է աշխատում: Ինձ հանգստացրեց, ասաց՝ մի մտահոգվեք, Ջիան ամեն ինչ անում է… Էդ ի՜նչ տղա է: Բուժքույրը նրա մասին ասաց, որ թեպետ նորավարտ է, սակայն հիանալի մասնագետ է:

ԼԻԱ — Քրիստիկն ու Ջիան շատ բան արեցին: Պատկերացնո՞ւմ ես, քանի գիշեր է՝  կողքիցս չեն հեռանում: Միայն այսօր վիճակը ստաբիլացավ…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Քրոջդ աղջիկն ինձ համոզեց, ուղարկեց տուն… Բայց քեզ տեսա ու չդիմացա, ասի՝ մի հատ էլ քեզանից իմանամ:

ԼԻԱ — Շնորհակալ եմ, Հայկազ քեռի, ախ, չես պատկերացնի, երեխաս մեռնելուց պրծավ…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, թե ինչո՞ւ քեզ ժամանակին չասացի:

ԼԻԱ — Ի՞նչ  չասացիր:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Մի քանի անգամ տեսել եմ իրեն ու ընկերուհուն իրենցից մեծ տղաների հետ մեքենայով մեծ արագությամբ ինչ-որ տեղ գնալիս: Վերջին անգամ էլ նրան առանձին կանչեցի և զգուշացրեցի՝  եթե մեկ անգամ էլ տեսնեմ, մորդ կասեմ:

ԼԻԱ — Հա՞: Երանի ասած լինեիր… բայց դու ի՞նչ իմանայիր: Էլենը նստած է եղել վարորդի կողքին, Սերան և տղաներից մեկն էլ՝ ետևի նստարանին: Սերան ասում է, որ արագությունը չեն գերազանցել: Հարվածն անմիջապես վարորդի վրա է եկել:  Ի՞նչ իմանամ: Խեղճ տղան զոհվել է: Շատ ցավալի էր: Ծնողներին տեսա… սիրտս մղկտաց: Օ՜ֆ… չգիտեմ, Հայկազ քեռի, չգիտեմ:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ես եմ մեղավոր, ե՜ս: Բա ինչի՞ համար եմ այս շենքի լիա… դե դա հեչ կարևոր չէ, ցավալի է: Ես ինձ շա՛տ եմ մեղադրում: Էլենին ավելի խիստ պետք է ասեի:

ԼԻԱ – Ախր, ինչո՞ւ ես քեզ մեղադրում: Էլենը հայր ունի: Այ, եթե մի քիչ իր երեխայով զբաղվեր, փոխանակ….

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Տուն եկավ, անմիջապես պատահածի մասին ասացի նրան: Սարսափելի ցնցվեց: Էլ ոչինչ չասացի… Միանգամից հիվանդանոց եկավ, չէ՞:

ԼԻԱ — Հա, բա ինչ արեց: Խղճալի վիճակում էր: Չգիտեի՝ հետը ոնց վարվեմ: Ախր, հիմա բացի խղճահարությունից իր հանդեպ մեջս ուրիշ ոչինչ չի մնացել:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ի՞նչ է, որոշել ես բաժանվե՞լ:

ԼԻԱ — Իրեն ասացի՝ որոշումս կկայացնեմ, երբ Էլենն ապաքինված տուն վերադառնա: Եվ ասացի, որ մինչ այդ տուն չգա:

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Աղջիկս, քեզ մի խորհուրդ տամ, վերջը քառասուն տարի շենքի լիազոր եմ եղել, կյանք տեսած մարդ եմ: Եթե տեսնես, որ իր արածից փոշմանել է և անկեղծորեն ցանկանում է մեղքը քավել, եթե կարծում ես, որ թեկուզ շատ փոքր հավանականություն կա ներելու և ընտանիքդ պահպանելու համար, ուրեմն արա այնպես, որ Սամն իր դեմքը չկորցնի:

ԼԻԱ — Այսի՞նքն…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Այսինքն այն, որ եթե բոլորն այս մասին իմանան, ապա Սամն իր դեմքը կկորցնի: Իսկ դա ամենավատ բանն է, որ կարող է պատահել: Ավելի լավ է մարդ իր ձեռքը, ոտքը, աչքը… որևէ օրգանը կորցնի, քան դեմքը: Հիմա հասկացա՞ր:

ԼԻԱ — Հասկացա, Հայկազ քեռի: Դե չգիտեմ, դեռ չեմ որոշել, բայց իրեն կասեմ, որ առայժմ այս մասին ոչ ոք չի իմանա…

ՀԱՅԿԱԶ ՔԵՌԻ — Ապրես, աղջիկս, եթե որևէ հարց լինի, կամ որևէ բանի կարիք ունենաս, անպատճառ ինձ ասա: (Գնում է:)

Լսվում է Լիայի հեռախոսի զանգը:

ԼԻԱ — Հելլո, Ջա՞ք, այո, տանն եմ: Եկա մի քանի բան վերցնեմ հետս հիվանդանոց տանելու համար: Ուզում եք գա՞լ: Լավ, բայց երկար չեմ կարող մնալ, պետք է գնամ Էլենի մոտ: Դե սպասում եմ: (Շարունակում է իրերը դասավիորել: Դռան զանգ: Լիան դուռ բացում է:) Սերա՞:

ՍԵՐԱ — Լիա մորաքույր, կներես, որ անհանգստացնում եմ…

ԼԻԱ — Ես քեզանից չէի սպասում, միայն այդքանը կարող եմ ասել:

ՍԵՐԱ — Լիա մորաքույր, հավատա, մենք ոչ մի վատ բան չենք արել:

ԼԻԱ — Վատ բան չե՞ք արել: Ձեր ստախոսության պատճառով… (Հուզվում է:)

ՍԵՐԱ – Ախր, դուք չեք պատկերացնում… Ալեքսն իմ քազընի ամենամոտ ընկերն էր: Նա մինչև ականջները սիրահարված էր Էլենին: Ամեն անգամ մեզ խնդրում էր հանդիպում  կազմակերպենք: Մենք էլ չէինք մերժում:

ԼԻԱ — Ամեն անգամ ինձ խաբելով, չէ՞:

ՍԵՐԱ — Ազնիվ խոսք, մենք ոչ մի վատ բան չենք արել: Չեք պատկերացնի, Էլենը  շատ էր հավանում Ալեքսին: Գիտե՞ք, նրա համար ի՜նչ հարված կլինի, եթե իմանա, որ Ալեքսը… (Նույնպես հուզվում է:) Ալեքսը շատ ուշադիր էր, երբ ինքն էր լինում ղեկին: Քազընս շա՜տ ավելի արագ է վարում: Չգիտեմ, այդ պահին ինչ եղավ, ոնց եղավ: Էլենը ինչ-որ զվարճալի մի բան էր պատմում, բոլորս ուրախ էինք, ծիծաղում էինք: Ալեքսը հիացած գլուխը շրջեց, որ նայի նրան… ընդամենը մեկ վայրկյան, չեք պատկերացնի… նույնիսկ դրանից էլ քիչ՝ միայն մեկ հայացք, իսկ երբ սթափվեց և վտանգը զգաց, արդեն շատ ուշ էր, և բախումն անխուսափելի էր…

ԼԻԱ — Տեր Աստված, խեղճ երեխա… Սերա, խնդրում եմ, Էլենին առայժմ ոչինչ չասես այդ մասին:

ՍԵՐԱ — Ի՞նչ եք ասում, ես հո երեխա չեմ… (Դռան զանգ:) Ես գնամ, Լիա մորաքույր, խնդրում եմ, ներեք ինձ: Այս ամենն իսկապես փորձանք էր: Շատ եմ ցավում, ներեցեք ինձ:

Երկուսով մոտենում են դռանը: Լիան դուռը բացում է:

ԼԻԱ — Ջա՞ք, Սյուզի՞, եկեք ներս, Սերա ջան, հաջողություն:

Սերան բարևում է Սյուզիին և Ջաքին ու հեռանում է:

Սյուզին հուզված գրկախառնվում քրոջը և բարձրաձայն լալիս: Լիան նույնպես լաց է լինում:

ՋԱՔ – (գնում է խոհանոց, վերադառնում մի շիշ կոնյակով և երեք բաժակներով): Լիա ջան, նստիր:

ԼԻԱ — Չէ, գնանք, գնանք հիվանդանոց: Երեխաս կարթնանա, ես կողքին չեմ լինի:

ՍՅՈՒԶԻ — Լիա ջան, նստիր, Էլենը մենակ չէ: Ջիան միշտ նրա կողքին է: Եվ հետո, Սամն էլ է այնտեղ: Ինչ որ բա՞ն է պատահել ձեր մեջ: Սամը մի տեսակ խուսափում էր մեզանից:

ՋԱՔ – (բաժակները կոնյակ է լցնում): Դե, հիմա դրա ժամանակը չէ: Լիա ջան, խմենք:

ՍՅՈՒԶԻ – (վերցնում է բաժակը, մոտեցնում Լիային): Խմիր, ներվերդ կթուլանան: (Խմում են:) Լիա, քույրս, այլևս չենք կարող քեզանից թաքցնել:

ԼԻԱ — Ի՞նչը… էլի՞ բան է պատահել:

ՋԱՔ – Հիշո՞ւմ ես, այն չարաբաստիկ օրը եկա քեզ մոտ և ասացի, որ կարևոր բան ունեմ քեզ ասելու:

ԼԻԱ — Այո, բայց այդպես էլ չասացիր… հա, հետո ոստիկանները եկան… բայց ի՞նչ էիր ասելու:

ՍՅՈՒԶԻ — Լիա ջան, քույրս… (Հեկեկում է:) Պապան… մեր պապան այլևս չկա:

Լիան հեկեկալով փաթաթվում է քրոջը:

ՋԱՔ – (կոնյակ է խմում, բաժակն ուժգին դնում է սեղանին և հիստերիկ գոռում): Թե ինչո՞ւ պետք է էսպես լիներ… գրողը տանի, թո՜ւ:

ՍՅՈՒԶԻ — Ջաքը ցանկացել էր առաջին հերթին քեզ ու Սամին ասել, մտածելով, որ դուք այդ լուրն ինձ այնպես կհաղորդեք, որ շատ չհուզվեմ, դե, դեմքիս համար, էլի:

ԼԻԱ — Տե՜ր Աստված, ի՞նչ ենք անելու: Էլենն այդ վիճակում, ես՝ գլուխս կորցրած… ի՞նչ ենք անելու… Ո՞վ է գնալու մեր հայրիկին… (Բարձրաձայն լալիս է:)

ՍՅՈՒԶԻ — Լիա ջան, այսպիսի ժամանակ մենք չենք կարող մեզ կորցնել: Հանգստացիր, քույրիկս, տես՝ Ջաքն ինչ է ասում: Ջաք, դե ասա, էլի՛, ասա՛, օ՜ֆ:

ՋԱՔ — Ես, Քրիստիկը… և մեր խնամիները՝ Ջիայի ծնողները մի քանի ժամից թռնում  ենք  Երևան:

ԼԻԱ – (աչքերը սրբելով, զարմացած): Հա՞, իրո՞ք… խնամիների հե՞տ, չհասկացա,  էդ ո՞նց…

ՍՅՈՒԶԻ — Քրիստիկը Ջիային պատմել էր այս ամենի մասին և նշել, որ Ջաքը պատրաստվում է օդանավի տոմս գնել ու մեկնել Հայաստան…

ՋԱՔ – (ոգևորված, կնոջ խոսքը կտրելով): Եվ պատկերացրու, Ջիայի ծնողներն էլ դա լսելուն պես որոշում են կայացրել ինձ միանալ: Եվ գիտե՞ս ինչ, պարզվում է, այդ մարդիկ ունեն սեփական օդանավ, անձնական օդաչու: Հենց իրենց օդանավով էլ թռչելու ենք: 

ՍՅՈՒԶԻ — Փաստորեն, այդ համեստ, այդ պարզ հագնված և հասարակ արտաքինով մարդիկ Չինաստանում մեծ բիզնեսների տեր են: Ես այնքան էի զարմացել, որ քիչ էր մնում՝ դեմքս կրկին ծռվեր:

ԼԻԱ – (հեկեկալով, արցունքները սրբում է, մի կողմից էլ կարծես ծիծաղն է գալիս քրոջ ասածի վրա): Այ քեզ բա՜ն: Այդքան ժամանակ Քրիստիկը չի՞ իմացել, թե ովքեր են Ջիայի ծնողները: Դե, տեսնո՞ւմ եք, ես ասում էի, չէ՞, որ ամեն ինչ լավ է լինելու: Վայ, իմ աննման պապա… բա ես ո՞նց անեմ… ա՜խ,  չեմ կարող, չեմ կարող նույնիսկ հուղարկավորությանդ մասնակցել:

ՋԱՔ — Լիա ջան, մի՛ մտածիր, հենց Էլենն ապաքինվի, բոլորս միասին կգնանք:

Հնչում է Լիայի բջջային հեռախոսի զանգը:

ԼԻԱ – (շատ չոր): Հելլո, այո, Սամ, տանն եմ, դու հիվանդանոցո՞ւմ ես: Լավ, քիչ հետո կգամ: (Սյուզին և Ջաքը հարցական հայացքով նայում են Լիային, ապա՝ իրար:) Գնանք, այս պահին աղջիկս իմ կարիքն ունի:

Դուրս են գալիս:

Մի քանի շաբաթ անց:

Հյուրասենյակում Ջաքն ու Սյուզին շտապ պատրաստություն են տեսնում: Դռան զանգ: Սյուզին բացում է դուռը:

ՍՅՈՒԶԻ — Էլեն, Լիա, սիրելիներս, ինչ ուրախալի է Էլենին տեսնել մեր տանը՝ լիովին ապաքինված:

ՋԱՔ – (ջերմորեն համբուրում  է Էլենին, Լիային): Բա Սամն ո՞ւր է:

ԼԻԱ – Ասաց՝ մի քիչ կուշանա, գործեր ուներ:

ՍՅՈՒԶԻ — Քրիստիկը ձեզ է սպասում, կարևոր բան ունի մեզ հայտնելու: Վերջերս բնավորություն է դարձրել, մինչև իր ուզած մարդիկ ներկա չեն լինում՝ ոչինչ չի ասում: Մենք էլ ամբողջ օրը մտածում ենք՝ տեսնես այս անգամ  ի՞նչ աշխարհացունց բան պիտի ասի: (Ծիծաղում է:)

ԼԻԱ — Ինչ Երևանից եկել է, չենք կարողացել Քրիստիկի հետ ամեն ինչի մասին մանրամասն զրուցել:

ՋԱՔ — Ճիշտն ասած, մի քանի շաբաթ է մեզ հետ էլ  գրեթե չի շփվել: Ինչ-որ կարևոր գործերի մեջ է՝ առավոտ շուտ գնում է, կեսգիշերին՝ գալիս:  Կարծես միտքը շատ զբաղված է: Իսկ այսօր ասաց, որ որոշել է մինչև խնամիների գալը կարևոր հարցի շուրջ խոսել մեզ հետ: Նույնիսկ չի ասել, թե ինչի մասին:

ՔՐԻՍՏԻՆԵ – (վերևի հարկից իջնում, ջերմ ողջագուրվում Լիայի և Էլենի հետ): Էլեն ջան, ինչ ուրախալի է քեզ տեսնել լիովին ապաքինված: Իրոք, այսօր նշելու շատ բան կա:

ԷԼԵՆ — Առանց Ջիայի և քեզ դժվար այսքան շուտ ապաքինվեի:

ԼԻԱ — Իսկ ո՞ւր է Ջիան, գալու է, չէ՞:

ՔՐԻՍՏԻՆԵ — Անպատճառ: Քիչ հետո իր ծնողների հետ կգա: Մինչ այդ ձեզ հետ խոսելու կարևոր բան ունեմ:

ՋԱՔ – (կոնյակի շիշն ու բաժակները բարից վերցնում, գալիս է): Նստեք, առաջին հերթին խմենք այսօրվա կենացը…

ՍՅՈՒԶԻ — Ոնց ասես, Ջաք ջան, այսօր ուրախ օր է: Մենք ունեցանք ծանր վիշտ ու դժբախտ օրեր: Իսկ այժմ պետք է մի կողմ դնենք այդ ամենը և ուրախանանք: (Վերցնում է լցված բաժակներն ու բաժանում:) Քրիստիկ ջան, Էլեն ջան, ձեր կենացը, միշտ մեզ ուրախացնեք:

ԼԻԱ — Էլ ուրիշ ոչինչ չենք ուզում: Ողջ լինեք, սիրելիներս, ձեր կենացը:

ՋԱՔ — Քրիստիկ ջան, լսում ենք, ասա, ի՞նչ էիր ուզում ասել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Մինչև հիմա ձեզ չեմ ասել, բայց այսօր պետք է հայտնեմ մեր որոշման մասին: Կարծում եմ, բոլորդ հաճելիորեն կզարմանաք և կտաք ձեր օրհնությունը:

ՍՅՈՒԶԻ – (վեր է թռնում տեղից): Ի՞նչ օրհնություն… պսակվո՞ւմ եք…

ՔՐԻՍՏԻՆԵ — Ա՜հ, մա՜մ, հենց փորձում եմ հայերեն մտքերս հաղորդել, դու էլ քո ձևով ես մեկնաբանում: Ասածս այն է, որ այս քայլն անելու համար I need your blessing.

ՋԱՔ — Թե ի՞նչ կա այդտեղ չհասկանալու… Շարունակիր, աղջիկս:

ԷԼԵՆ — Քազըն ջան, իմ օրհնության կարիքն էլ ունե՞ս…

ՔՐԻՍՏԻՆԵ — Եվ առաջին հերթին քոնը, իմ աննման քազըն: Եվ հիմա կհասկանաս, թե ինչու:

ՍՅՈՒԶԻ – (հուզված անհանգիստ շարժումներ է անում, դեմքն է շոշափում): Վայ, կրկին սկսվում է: Հենց Քրիստիկը սկսում է կարևոր բան ասել, դեմքիս մկանները ձգվում են: Աղջիկ ջան, ուզում ես ժպտա՞մ, թե՞ կարող եմ դեմքս թթվացնել, եթե ասածդ սրտովս չլինի:

ՋԱՔ — Սյուզի, վերջ տուր: (Սյուզիի բաժակի մեջ կոնյակ է ավելացնում:) Ահա, խմիր և անկախ քեզանից կժպտաս, OK?:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ես կպատմեմ մի բան, որն ինձ վրա տպավորություն է թողել, իսկ դուք արդեն կհասկանաք, որ հետևանքը, այսինքն՝ իմ որոշումը չափազանց բնական է:

ԷԼԵՆ — Ի՜նչ հետաքրքիր է:

ՋԱՔ – (կոնյակը խմում է մինչև վերջ և կրկին բաժակը լցնում): Ասա, աղջիկս, ուշադիր լսում ենք: 

ՔՐԻՍՏԻՆԵ — Պապ ջան, հիշո՞ւմ ես այն օրը երբ Ջիայի ծնողների հետ հասանք Երևան:

ՋԱՔ — Ինչպե՞ս չեմ հիշում: Դա մի քանի շաբաթ առաջ էր: Վա՜յ, ինչ վիճակում էինք: Էլենս շատ ծանր վիճակում հիվանդանոցում էր: Եվ դրա համար աչքներիս բան չէր երևում: Մտածում էինք՝ ե՞րբ է այս ամենն ավարտվելու, որ վայրկյան առաջ վերադառնանք:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դե իհարկե, միայն Էլենի մասին էինք մտածում, էլ չեմ ասում, թե մաման ու Լիա մորաքույրն ինչ ապրումների մեջ էին: Պետք է լինեինք նրանց կողքին: Բայց ես ցանկանում եմ այլ բան հիշեցնել, ինչը ոչ միայն ինձ էր ապշեցրել, այլ առավել՝ Ջիայի ծնողներին:

ՍՅՈՒԶԻ — Ապշեցրե՞լ: Ի՞նչը կարող էր Ջիայի ծնողներին ապշեցնել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դա պապիկի հուղարկավորության առիթով Հայաստանի բոլոր շրջաններից, նույնիսկ այլ երկրներից ժամանած բազմաթիվ մարդիկ էին:

ՋԱՔ — Է՜, Քրիստիկ: Պա՛հ, ես էլ ասում եմ՝ ի՜նչ պիտի ասի: Դու չգիտե՞ս, թե պապիկդ որքան սիրված ու հարգված մարդ էր:

ՔՐԻՍՏԻՆԵ – Դե, ես նման բան չէի կարող պատկերացնել: Քանի-քանիսն ինձ մոտեցան ու ասացին, թե պապիկն ինչպես է իրենց օգնել: Կային մարդիկ, որոնք ասում էին, որ պապիկի տված դեղերով են ապաքինվել, ոմանք էլ ասում էին, որ եթե պապիկի ուղարկած օգնությունները չլինեին, իրենց երեխաները կամ ծնողները պարզապես չէին կարողանա դիմակայել:

ՍՅՈՒԶԻ — Վա՜յ, պապա ջան, վա՜յ, իմ աննման, իմ թանկագին հայրի՜կ… (Հուզվում է:)

ՔՐԻՍՏԻՆԵ — Է՜, դե ասացի չէ՞, միայն ժպիտ, էլ մի՛ սկսիր: Կարծում ես, լացելուց դեմքդ չի՞ ծռվի:

ՋԱՔ — Քրիստիկ, մորդ մի՛ նեղացրու, ասելիքդ ասա:

ՔՐԻՍՏԻՆԵ — Պապ, իսկ դու հիշո՞ւմ ես, որ հոգեհացի ժամանակ մի մարդ մեծ-մեծ տուփերով էդ ինչքա՜ն օղի էր բերել:

ՋԱՔ — Հա, հիշում եմ, պապիկիդ բարեկամներից էր, իր քաշած ծիրանի օղին էր բերել: Բայց ես օղի չեմ սիրում: Իմը էս է: (Ցույց է տալիս ձեռքի կոնյակն ու կրկին խմում մինչև վերջ): Հա, բայց Ջիայի հերը կողքս էր նստել: Զարմանալի մարդ է: Էդ օղին էնպես էր գլուխը քաշում, տնաշենը, կարծես մոր կաթը լիներ:

Բոլորը ծիծաղում են:

ՍՅՈՒԶԻ – Լո՞ւրջ: Ուրեմն մեր խնամին էդպես թունդ խմող է, հա՞:

ՔՐԻՍՏԻՆԵ — Չէ՛, ի՞նչ խմող: Պապ, դու նրան հարբած տեսա՞ր:

ՋԱՔ — Չէ, իրոք, պինդ մարդ էր, մի շիշ արաղ կոնծեց, բայց բոլորովին էլ  պետքը չէր: Քրիստիկ, ասելիքդ ասա:  Մենք, իհարկե, տեսանք, և դա բնական էր: Ոչ միայն օղի, մարդիկ ինչ ասես չէին բերել… շատերն էլ  չէին կարողացել գալ, բայց իրենց կողմից ինչեր ասես չէին ուղարկել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Իրոք, բայց դա մի շատ զարմանալի տեսարան էր: Ջիայի ծնողները չափազանց տպավորված էին: Երբ վերադարձանք, մի քանի օր անց Ջիան ինձ ասաց, որ հայրը ցանկանում է Հայաստանում օղու գործարան գնել: Ես հիմա փորձում եմ այդ հարցերով զբաղվել:

ՋԱՔ — Չհասկացա, մարդուն օղի է պետք, կասենք՝ կուղարկեն: Դրա համար ի՞նչ կարիք կա գործարան առնել:

ԼԻԱ — Քրիստիկ, չլինի՞ կատակ ես անում:

ՋԱՔ – Ասենք՝ գնեց, հետո ո՞վ է դրանով զբաղվելու, որտե՞ղ են այդ օղին արտահանելու:

ՔՐԻՍՏԻՆԵ – Դե, իհարկե, նրա մտադրությունը լուրջ է: Արտահանելու մասին մի մտածիր, պապ ջան, մարդը փորձառու գործարար է: Եթե ուզում ես իմանալ, Ջիայի պապան որտեղ ինչ ուզի՝ կարող է արտահանել, ինչպես նաև ներմուծել:

ՋԱՔ – (կոնյակից մի կում անելով): Հա՞:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ըհը՛…

ՍՅՈՒԶԻ — Ուրեմն, դա՞ էր քո կարևոր ասելիքը:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ոչ: (Գրպանից ծրար է հանում:) Ահա, սա է, սրա համար եմ ձեզ կանչել:

ԼԻԱ — Նամա՞կ: Ումի՞ց է…

ՔՐԻՍՏԻՆԵ — Պապիկից: (Բոլորը ցնցված ոտքի են կանգնում:) Պապիկը բոլորիդ մոլորեցրել է:

ՍՅՈՒԶԻ — Էդ ի՞նչ ես ասում: Ինչպե՞ս թե՝ մոլորեցրել է: Հայրս երբե՛ք նման բան չէր անի… Վա՜յ պապա ջան… Լիա, մի նայիր, հո դեմքս չի ծռվել: (Կրկին դեմքն է շոշափում:)

ԼԻԱ – (ուշադիր նայում է, շոշափում քրոջ դեմքը): Չէ, նորմալ ես, մի՛ անհանգստացիր:

ՋԱՔ — Այ կնիկ, թող աղջիկդ խոսի, մի բան հասկանանք, վա՛հ:

ՔՐԻՍՏԻՆԵ — Պապիկը շատ լավ էլ տեղյակ է եղել իր հիվանդությունից, բայց բժշկին պատվիրել էր ձեզ չասել: Միևնույն ժամանակ, ամեն ինչ նախապես լիովին պլանավորել էր:

ՋԱՔ — Այդ ինչպե՞ս է, որ ինձ ոչինչ չասացին:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ոչ ոք ոչինչ չգիտեր, պապ ջան: Այս նամակն ինձ օդանավակայան գնալու ճանապարհին Նինա մորաքույրը տվեց և ասաց, որ ավելորդ անհանգստություն չառաջացնելու համար դրա մասին ձեզ ասեմ, երբ Էլենն արդեն ապաքինված կլինի: Կարևոր է, որ բոլորս միասին լինենք և լուրջ մտածենք պապիկի թողած ժառանգության մասին:

ՍՅՈՒԶԻ — Ժառանգությա՞ն:

ԼԻԱ — Ի՞նչ ժառանգություն:

ՍՅՈՒԶԻ — Հայրս կտա՞կ է թողել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Մամ, ի՞նչ կատակի մասին է խոսքը, կատակ չեմ անում:

ՋԱՔ — Աղջիկս, մայրդ կատակի անուն չտվեց, նա ասաց՝ կտակ:

ՔՐԻՍՏԻՆԵ — Դա ի՞նչ է, առաջին անգամ եմ լսում: Կտակ… կտակ, ի՞նչ է, դա ուտելու բա՞ն է:

ԷԼԵՆ – (ծիծաղում է): Քրիստիկ ջան, կտակը Will-ն է:

Բոլորը ծիծաղում են:

ՔՐԻՍՏԻՆԵ – Շուտով հայերենս բարելավելու հնարավորություն կունենամ: (Հանդիսավորությամբ կոկորդը մաքրում է, բացում է ծրարը:) Anyway, ահա թե ինչ է ասում մեր պապիկը. «Հեռավոր Ամերիկայում ապրող իմ սիրելի երեխաներ՝ Սյուզի, Լիա, Քրիստինե, Էլեն, Ջաք և Սամ, ձեր հայրը թեպետ ծեր է և հիվանդ, սակայն աշխարհ տեսած մարդ է, ում համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե նա որքան շատ է սիրում բոլորիդ: Լավ իմացեք, սերը չի արտահայտվում սեփականության գույքով, ադամանդներով և այլ թանկարժեք իրերով: Սերն արտահայտվում է նրանով, որ դուք ձեր իսկ անձը բաշխեք ձեր շուրջը գոյություն ունեցող աշխարհին: Ես իմ կյանքն ապրել եմ այդպես և ձեռք եմ բերել այն, ինչը հիմա ունեմ և ցանկանում եմ դա հանձնել ձեզ որպես ժառանգություն: Բանն այն է, որ այս աշխարհում ես ունենալու եմ լոկ մի փոքր հողակտոր: Դա գտնվում է այն տարածքում, որը մենք Հայրենիք ենք կոչում: Կարծեմ ձեզ բազմաթիվ անգամ եմ ասել, որ հայրենիքը միայն հողը չէ, այլև այդ հողի վրա ապրող մարդիկ: Եթե չլինեն նրանք, չի լինի հայրենիքը: Ես իմ կյանքի ընթացքում ձեզ միշտ սովորեցրել եմ բարիք գործել: Գուցե երբեմն պահանջել եմ ավելին, քան եղել են ձեր հնարավորությունները: Բայց դա արել եմ մտածված: Ես միշտ վստահ եմ եղել, որ դուք մի օր անպատճառ վերադառնալու եք և ձեր հայրական օջախը վառ եք պահելու: Ուստի, ձեզ համար ստեղծել եմ մի միջավայր, որտեղ դուք կլինեք սիրված, որտեղ դուք հպարտ կլինեք ձեր արմատներով: Մի խոսքով, ես ձեզ որպես ժառանգություն եմ թողնում իմ բաժին հայրենիքն իմ բաժին հարազատ ու նվիրված մարդկանցով: Եկեք ու տեր կանգնեք ձեր հայրենիքին: Հա, նշեմ նաև, որ քաղաքից դուրս մի հրաշալի հողամաս եմ ձեռք բերել և տարիներ շարունակ իմ իսկ քրտինքով մի դրախտային պարտեզ եմ ստեղծել: Հենց այս պահին պատկերացնում եմ թոռնիկներիս այդ պարտեզի բարիքները վայելելիս: Իսկ նախքան ձեզանից հեռանալը, ցանկանում եմ իմ հայրական օրհնությունը տալ  յուրաքանչյուրիդ: Բարով մնաք: Ձեր հայր՝ Դավիթ Վարդանյան: (Բոլորը հուզված են, ոչ ոք չի խոսում: Նամակը ծալում է, դնում գրպանը:)  Այսպես, հիմա հայտնեմ մի կարևոր նորություն ևս:

ՋԱՔ — Սպասիր էս մեկը մարսենք՝ նոր: (Կոնյակ է ավելացնում բոլորի բաժակների մեջ:)

ԷԼԵՆ — Ես շատ եմ ցանկանում Հայաստան գնալ: Գուցե…

ԼԻԱ — Գուցե ի՞նչ, Էլեն ջան, հանկարծ մտքովդ չանցկացնես նման բան, մենք հազիվ ենք փրկվել այդ երկրից:

ՍՅՈՒԶԻ — Իրոք, գնանք՝ ի՞նչ անենք: Մարդիկ աշխատանք չունեն…

ՋԱՔ — Այնքան շատ խնդիրներ կան… չգիտեմ: Բայց դեմ չեմ լինի տարին մի երկու ամիս այնտեղ անցկացնել:

ՔՐԻՍՏԻՆԵ — Ահա թե ինչ էի ուզում ասել: Ես և Ջիան որոշել ենք տեղափոխվել Հայաստան:

ՍՅՈՒԶԻ – (ցնցված): Վա՜յ, մամա ջան… զգում էի, որ մի այսպիսի շոկային բան է ասելու: Լիա, տես, դեմքս ինչ է լինում: Զգում եմ, այ, այս մկանս թրթռում է…

ՔՐԻՍՏԻՆԵ — Է՜, մամ, էլի սկսեցիր, քեզ հավաքիր, հա՞: Ինչո՞ւ չգնանք: Ես ու Ջիան Հայաստանում շատ լավ գործեր կարող ենք անել: Ջիան հոյակապ վիրաբույժ է, իսկ ես՝ միջազգային փաստաբան:  

ԷԼԵՆ — Մորքուր, Քրիստիկը ճիշտ է: Հայաստանին նրանց նման մասնագետներ են պետք: Եվ հետո, հիշո՞ւմ ես, բա ես չէ՞ի ասում, որ չինացին էլ կարող է շատ լավ հայ դառնալ: Իսկ դու ի՞նչ է, հո դեմ չես:

ՍՅՈՒԶԻ – (շփոթված): Դե՞մ, բայց ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Այ քեզ բա՜ն: Դե արի ու էս ամենից գլուխ հանիր:

Դռան զանգ: Բոլորը խառնվում են իրար: Մեկը մի կողմ է գնում, մյուսը՝ մեկ այլ կողմ:

ՋԱՔ – (գնում է դուռը բացելու): Ամեն ինչ հրաշալի է, իսկը իմ սրտով: Դե, շուտ արեք, ձեզ հավաքվեք, խնամիներն են գալիս: Հիմա տեսեք, թե հայերը չինացիների հետ ի՜նչ քեֆ են անում:

Հնչում է ուրախ երաժշտություն:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։