Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԵԿԱՎ, ԳՆԱՑ

(երգիծական դրամա` երկու գործողությամբ)

Գործող անձինք.
ՀՈՒՆԱՆ
ՍԻՄՈՆ
ՊԵՏՐՈՍ
ՀՈՎՈՒՇ
ՄԱՐԻ
ՄԱՐՏԻԿ
ՇԵՖ
ԽԵՆԹ
ՏՂԱ — 1
ՏՂԱ — 2
ՁԱՅՆ

Գործողություն 1

Պատկեր 1

Խարխուլ, լքված շինության առջևի պուրակ, երեկո:
Պետրոս, Սիմոն, Հովուշ, այնուհետև` Մարտիկ:
ՀՈՎՈՒՇ — Հոգնեցի: Մարդիկ փոխվել են մի տեսակ, փող տալ չեն ուզում:
ՍԻՄՈՆ — Բա չէ, հաճույքով պիտի տան:
ՊԵՏՐՈՍ — Փողից բաժանվելը հեշտ բան չի:
ՀՈՎՈՒՇ — Բայց առաջ այդպես չէր, չէ՞, առաջ եթե չէին տալիս` գոնե բարեսիրտ ժպտում էին, ասում էին` կներես, չկա մոտս, առ, գոնե էս կոնֆետը վերցրու` բերանդ կքաղցրացնես: Հիմա ֆշշացնում-անցնում են, ոնց որ` թշնամի: Մեկն էլ երեկ խփեց գլխիս, բերանս դեռ չբացած` դմփացրեց, հենց այնպես, ձեռի հետ, այնքան էլ ծանր ձեռք ուներ անաստվածը:
ՊԵՏՐՈՍ — Չարություն է լցվում մարդկանց հոգիները, օր-օրի:
ՍԻՄՈՆ — Բարություն լցնող չկա, բարության ժամանակ ոչ ոք չունի, ժամանակը փող է: Դե, իսկ բարության տեղը երբ դատարկ է մնում, չարությունը շուտ գրավում-տեղավորվում է:
ՀՈՎՈՒՇ — (ցույց տալով հեռուն): Այն մարդն ո՞վ է, արդեն երկրորդ օրն է` նստում է նստարանին, ծխում, նայում…
ՊԵՏՐՈՍ — Խեղճ մարդ է, երևի ուզում է մուրացկանություն անի, բայց համարձակությունը չի հերիքում:
ՍԻՄՈՆ — Խփնված մեկը կլինի, հիմա դրանցից շատ կան:
ՊԵՏՐՈՍ — Իբր մենք էլ չխփնվածն ենք, հա՞:
ՀՈՎՈՒՇ — Չէ, խփնվածի նման չի, երեկ սիգարետ ուզեցի, նայեցի աչքերին` ոնց որ Սոկրատեսի աչքերին նայեի:
ՊԵՏՐՈՍ — Սոկրատեսի աչքերին այդ ո՞նց ես նայել որ:
ՀՈՎՈՒՇ — Երազում: Հա, ես երազում հաճախ եմ մեծերին տեսնում, Դա Վինչիին, Կանտին, Նարեկացուն:
ՍԻՄՈՆ — Նրանցից էլ ես սիգարետ ուզո՞ւմ:
ՀՈՎՈՒՇ — Պատահում է: Սիգարետ, բուտերբրոտ, գարեջուր…
ՊԵՏՐՈՍ — Տալիս ե՞ն:
ՀՈՎՈՒՇ — Բացի Նիցշեից, Նիցշեն ասում է` գնա, քեզ թայ գտի, տղա, ես արիացի եմ: Ասում եմ` ես էլ եմ արիացի, ասում է` դա դեռ ապացուցել է պետք, այ երբ ապացուցես` արի…
ՍԻՄՈՆ — Եկավ, եկավ…
ՀՈՎՈՒՇ — Ո՞վ:
ՍԻՄՈՆ — Մարտիկն, էլ ո՞վ: Մի օր չեղավ` մոռանա մեզ, պրծնենք սրանից:
Գալիս է Մարտիկը:
ՄԱՐՏԻԿ — Հարգանքներս` քյասիբներին:
ՍԻՄՈՆ — Անցյալդ ուրանո՞ւմ ես:
ՄԱՐՏԻԿ — Հա, հենց էլ ուրանում եմ: Ես ձգտում ունեի, ախպեր ջան, ինքս ինձ դուս բերեցի, իսկ դուք ոնց կայիք` էդպես մնում եք:
ՊԵՏՐՈՍ — Որովհետև մենք կարգին մարդիկ ենք:
ՄԱՐՏԻԿ — Էդ էլ մխիթարանքն ա:
ՀՈՎՈՒՇ — Մենք էլ դուրս գանք` քեզ ո՞վ է հարկ տալու:
ՄԱՐՏԻԿ — Հարկ տվող միշտ էլ կճարվի, չվախես: Լավ, իզուր ժամանակ չծախսենք, բերեք, բերեք` մուծվեք: Մի քիչ շատ տվեք` գնամ էսօր կարաոկե-բան, աղջիկ-մաղջիկ կպցնեմ:
ՊԵՏՐՈՍ — (փող տալով): Ահա, խնդրեմ:
ՄԱՐՏԻԿ — (հաշվելով): Չհասկացա… Էս երևի մենակ քոնն ես տալի՞ս:
ՊԵՏՐՈՍ — Չէ, ինչո՞ւ, բոլորինս:
ՍԻՄՈՆ — Վերցրու, գնա կարաոկե, բարի ժամանց քեզ:
ՄԱՐՏԻԿ — Սրանով իսկի թանգարան չեն թողնի մտնեմ… Էն կալյասկով հաշմանդամինն ու էրեխով կնգա փողն էլ ա՞ մեջը…
ՊԵՏՐՈՍ — Այո:
ՄԱՐՏԻԿ — Լուրջ եք ասո՞ւմ:
ՊԵՏՐՈՍ — Առավոտյան կգան` հարցրու:
ՄԱՐՏԻԿ — Սաղ օրը էս եք աշխատե՞լ:
ՀՈՎՈՒՇ — Մարդիկ սնանկ են, Մարտիկ, փող չունեն:
ՄԱՐՏԻԿ — Գյուլնազ տատի հեքիաթներն ես պատմում, Հովիկ, ո՞նց չունեն, ավտոները նայի, հագուստ-կապուստները նայի, ռեստորաններում ասեղ գցելու տեղ չկա, ի՞նչ ասել ա` չունեն:
ՊԵՏՐՈՍ — Քո նշած մարդիկ փողոցներով ման չեն գալիս, մեքենայից իջնում են` մտնում ռեստորան, ռեստորանից դուրս գալիս` մտնում մեքենա:
ՄԱՐՏԻԿ — Վերջ տուր դեմագոգիային, դուս գալու պահին բռնացրեք, տո հենց ռեստորան մտեք…
ՀՈՎՈՒՇ — Կծեծեն-կհանեն դուրս:
ՄԱՐՏԻԿ — Թող ծեծեն, փող աշխատելը հեշտ բան չի:
ՍԻՄՈՆ — Ոնց կարողանում` այնպես աշխատում ենք:
ՄԱՐՏԻԿ — Չեղավ, չեղավ, էտի արդարացում չի, տղերք, ես հիմի գնամ` շեֆին ի՞նչ ասեմ, ասեմ` չեն ուզում աշխատե՞ն, ձեր պատմած հեքիաթները պատմե՞մ: Երեկվա ձեր տվածը տարա` ծիծաղեց վրես, էսօրվանը տենա` գլխից կխփի, դուք իմ մահն եք ուզո՞ւմ, չեմ հասկանում:
ՊԵՏՐՈՍ — Արի վաղը դու էլ մեր հետ փորձի, որ համոզվես:
ՄԱՐՏԻԿ — Է՞լ ինչ կուզես… Չէ, աչքիս` պատժելու եմ, ուրիշ ճար չկա: Ծուլացել եք, ախպերներ, հա, ճիշտ եմ ասում, խմում եք` ընկնում ծառերի տակ, քնում, մատը մատին չեք ուզում խփեք, փողը հենց ընենց ո՞վ կտա, փողը մեջներից քամել ա պետք, քամել, ուրիշ ձև չկա:
ՍԻՄՈՆ — Կա:
ՄԱՐՏԻԿ — Ո՞րն ա:
ՍԻՄՈՆ — Բերեք իրարից բաժանվենք, դուք ձեզ համար, մենք` մեր:
ՄԱՐՏԻԿ — Ի՞նչ ասեց, թարգմանի, Պետրոս:
ՊԵՏՐՈՍ — Ճիշտ է ասում Սիմոնը, դժգոհ եք մեզնից, չէ՞, ըհը, մեր խելքն էլ ձեզ համար չի գնում, բերեք բաժանվենք, պրծնենք:
ՀՈՎՈՒՇ — Այո, արդարացի է, խաղաղությամբ բաժանվենք:
ՄԱՐՏԻԿ — Խաղաղությա՞մբ… Վայ թե չստացվի: Փասա-փուսեքդ կհավքեք, էստեղից դուս կգաք ու ռադ կլնեք, մենք էլ նոր թիմ կբերենք, թարմ, առույգ, կարգին աշխատող տղերք-աղջկերք, իսկ դուք, իմ հոգնած ախպերներ, կընգնեք չոլերը, քաղաքում ձեզ տեղ չկա:
ՀՈՎՈՒՇ — Քաղաքը ձե՞րն է:
ՄԱՐՏԻԿ — Մերն ա, բա ո՞ւմն ա, կարող ա՞ ձերն ա… Դուք ո՞վ եք, է՜, չէ, իսկականից, հլա մի հատ լուրջ մտածեք, ո՞վ եք… Իսկի հայելի չունեք` մեջը ձեզ տենաք, վախենաք… Դուք մարդ չեք, ախպեր, դուք չկաք, զրո, դուք կաք էնքան` քանի մենք ձեր գլխին կանգնած ենք: Մի խոսքով, չեք ուզում` ոնց ուզում եք, հենց վաղը ձեզ չտենամ ստեղ, հակառակ դեպքում…
ՍԻՄՈՆ — Ի՞նչ:
ՄԱՐՏԻԿ — Ինչ պիտի, կտանենք Նուբարաշենի զիբիլների տակ կթաղենք, ոչ հարցնող կլնի, ոչ հիշող, էսքան բան:
ՀՈՎՈՒՇ — Բայց ինչո՞ւ եք բարկանում, պարոն Մարտիկ, մենք իսկապես ամբողջ օրը քրտնաջան աշխատում ենք…
ՄԱՐՏԻԿ — Չէ-չէ մի, ժրաջան:
ՀՈՎՈՒՇ — Մարդիկ չեն ուզում փող տալ, հո չե՞նք կողոպտի:
ՄԱՐՏԻԿ — Չէ, կողոպտել պետք չի, կրիմինալից` հեռու, հավես չկա: Կարգին աշխատեք, մի բան փոխեք ձեր գործելակերպում, ժամանակակից տեխնոլոգիաներ կան, ինովացիաներ, նանոֆրսանդներ-բան… Աշխարհը փոխվել ա, դուք մնացել եք նույնը, ասնավանի չունեք, ախպեր, ասնավանի: (Ծաղրով:) «Ապե, հացի փող կտա՞ս, ապե, հացի փող կտա՞ս…»… Էս չի՞, ձեր միակ ասնավանին հացը չի՞… Բայց ասված ա, չէ՞, ոչ միայն հացով:
ՊԵՏՐՈՍ — Ի՞նչ ասենք, ասենք` փող տուր` մտնենք ինտերնե՞տ:
ՄԱՐՏԻԿ — Չգիտեմ, կուզեք ինտերնետ մտեք, կուզեք` գերեզման, էտի ձեր պրոբլեմն ա, բայց ձեր վրա չոտկի հարկ կա դրած, էտի օդից վերցրած թիվ չի, մտածել ենք, հաշվել ենք, վերահաշվարկել ենք, հանրահաշիվ ենք արել, որ ձեզ էլ մի բան մնա, բա ո՞նց, հայ քրիստոնյա ենք, չէ՞, բայց դուք չարաշահում եք մեր բարությունը, ախպեր: Մի խոսքով, վաղվանից մի դրամ պակասեց` վերջ, թողում եք` ստեղից գնաք, էլ ոչ մի մահանա չեմ ընդունում. հո իմ ջեբից չե՞մ դնելու` տամ շեֆին, ի… Հաջող, գնացի:
ՀՈՎՈՒՇ — Մի հատ…
ՄԱՐՏԻԿ — Սիգարե՞տ… Չէ, Հովուշ, պրծավ, ոնց դուք ինձ հետ, էնպես էլ` ես: (Գնում է, ապա, իբր փոշմանած, ետ գալիս:) Փափուկսիրտ մարդու օրը կտրվի, դրա համար էլ մեկս էրկուս չի դառնում, էլի: (Սիգարետի տուփը պարզելով:) Առեք, ծխեք…
Բոլորը վերցնում են, բացի Սիմոնից:
ՄԱՐՏԻԿ — Դո՞ւ խի չես վերցնում, Սիմոն:
ՍԻՄՈՆ — Իմը կծխեմ:
ՄԱՐՏԻԿ — Պահ, սեփական սիգարետ ունի Սիմոնը, էլ ոնց կլներ… Դե լավ, ինչորիսա, ձեզ տենամ, ամոթով չանեք: Լավ, սպասեք էս մեկն էլ ասեմ, չէի ասում, որ դեպրեսիայի մեջ չգցեմ, բայց որ տեղն եկել ա, պիտի ասեմ. շեֆն ասում ա` էդ հոգնածներին տարածքից հանի, ես ուրիշ կադրեր ունեմ, հարկը կրկնակի կտան, բայց ես ասում եմ` չէ, մեր տղերքն են, լավ տղերք են, մեղք են, թող մնան: Բայց սենց երկար պահել չեմ կարենա: Ես` ձեր համար, դուք` ո՞ւմ, ի՛… (Գնում է:)

Պատկեր 2
Նույն տեղում: Սիմոն, Պետրոս, Հովուշ, այնուհետև` Հունան:
ՀՈՎՈՒՇ — (կիթառ է ծնգծնգացնում): Ապրում էինք մեզ համար, էլի, ի՞նչ եք կպել, պոկ չեք գալիս: Չեն թողնում հանգիստ մնանք, այս ի՞նչ անհագուրդ, ագահ մարդիկ են, եղբայր, մենք ե՞նք, որ ինչ ընկնում է ձեռներս` գոհ ենք, թե մի բան էլ ավելի է ընկնում` գոհ ենք ու գոհ:
ՍԻՄՈՆ — Դու ուզում ես, որ Մրտոն, էլ չասած շեֆը, քեզ նման ապրեն, հա՞:
ՀՈՎՈՒՇ — Բայց այս մի երկու կոպեկն իրենց ի՞նչ, ինչի՞ են խեղդում սրա պատճառով:
ՊԵՏՐՈՍ — Դրա համար էլ փողատեր չես, որովհետև չգիտես փողի հարգը, փողը մանր-մանրով է կուտակվում, մանրերի հանրագումար է, մեզ չխեղդի, այն մյուս թաղի մուրացկաններին չխեղդի, այն մյուսներին էլ, կպարզվի` տակը բան չի մնացել:
ՀՈՎՈՒՇ — Եղբայր, թող գնան բիզնես անեն, ծախեն-առնեն, կարտոլ աճեցնեն, մի բան արտադրեն, ոչխար-կով պահեն… անպայման պիտի խեղճերին ճնշե՞ն…
ՍԻՄՈՆ — Օֆ, լավ, էլի, Հովուշ, աշխարհի չափ հին պատմություն է, ի՞նչ ես կյանքներս ուտում:
ՀՈՎՈՒՇ — Բայց աշխարհը պիտի՞ վերջապես փոխվի:
ՍԻՄՈՆ — Լավ, որ խոսենք` հա կխոսենք, դուք մտածեք ոնց անենք, որ դրանց հարկը կարողանանք տալ:
ՀՈՎՈՒՇ — Ես հանուն իրենց հարկի գողություն անողը չեմ:
ՊԵՏՐՈՍ — Գողություն ոչ մեկս էլ չի անի, ուզենք էլ` չենք կարող:
ՀՈՎՈՒՇ — Բա ի՞նչ անենք, ուրիշի տարածք մտնել անկարելի է, նույնիսկ Նուբարաշենի աղբանոցում տեղ չկա, ամեն քառակուսին տեր ունի, գիշերով դուրս գանք` փորձանքների մեջ ենք ընկնելու:
ՍԻՄՈՆ — Ինքնահրկիզում, այո, ես առաջարկում եմ ինքնահրկիզվել, հենց Ազգային Ժողովի դարպասի առաջ:
ՀՈՎՈՒՇ — Ես չեմ կարող, ցավից վախենում եմ, հո Կոպեռնիկոսը չե՞մ:
ՊԵՏՐՈՍ — Չէ, ես կյանքը սիրում եմ, ես ապրել եմ ուզում:
ՍԻՄՈՆ — Թե ինչիդ է…
ՀՈՎՈՒՇ — Եկավ, եկավ…
ՊԵՏՐՈՍ — Մրտո՞ն…
ՀՈՎՈՒՇ — Չէ, այն մարդը:
ՍԻՄՈՆ — Վերջապես համարձակություն հավաքե՞ց:
Հունանն է գալիս:
ՀՈՒՆԱՆ — Լիովին համաձայն եմ Պետրոսի հետ, եթե աշխարհ ենք եկել` ապրել է պետք: Բարև ձեզ:
ՊԵՏՐՈՍ — Բարև քեզ:
ՀՈՒՆԱՆ — Ես Հունանն եմ: Թույլ կտա՞ք նստեմ ձեր կողքին, մենակ ձանձրացա:
ՀՈՎՈՒՇ — Նստիր, եղբայր:
ՍԻՄՈՆ — Մենակ կձանձրանաս, իհարկե: Բայց մենք մեր խնդիրներն ունենք, նեղ անձնական` այսպես ասած:
ՀՈՒՆԱՆ — Ես չեմ խանգարի: Հակառակը` գուցե օգնեմ:
ՊԵՏՐՈՍ — Բանկերում փողեր ունե՞ս:
ՀՈՒՆԱՆ — Մի՞թե ես նման եմ փող ունեցողի, Պետրոս:
ՀՈՎՈՒՇ — Մեզ պես մարգինալ է, չի երևո՞ւմ:
ՀՈՒՆԱՆ — Այո, համարյա` ձեզ նման, իմ որսորդ բարեկամներ:
ՀՈՎՈՒՇ — Որսո՞րդ, մենք ի՞նչ որսորդ, շփոթում եք:
ՀՈՒՆԱՆ — Ամեն օր որս չեք անո՞ւմ, մարդ չեք որսո՞ւմ:
ՀՈՎՈՒՇ — Այդ իմաստո՞վ:
ՀՈՒՆԱՆ — Այո, դա էլ որս չէ՞ միթե: Սակայն… Կա մի կարևոր սակայն:
ՍԻՄՈՆ — Է՜, մի խրատ տվող էլ հայտնվեց, քաչալը ճար անող լինի…
ՊԵՏՐՈՍ — Թող խոսի, Սիմոն, ո՞ւր ենք շտապում: Խոսիր, Հունան եղբայր:
ՀՈՒՆԱՆ — Դուք, սիրելիներս, որսում եք մարդու խիղճը, սակայն` ոչ նրա գիտակցությունը, նրա ոգին: Ի՞նչ եք անում դուք` դեմները կտրում, խղճալի տեսք եք ընդունում ու սկսում նվնվոցը` հացի փող չունեմ, սոված եմ և այլն, նրանք էլ, օձիքն ազատելու համար, մի բան գցում` անցնում են, դա լավագույն դեպքում, իսկ սովորաբար` պարզապես անտարբեր անցնում են: Ինչո՞ւ: Որովհետև ծեծված է այդ ամենը, հազար անգամ հանդիպել են, չեն հավատում, նոր խնդիր պետք է դնեք մարդու առաջ, այո-այո, դուք պիտի խնդի՛ր դնեք, նա պիտի զարմանա, մտածի, մասնակցի, թե չէ` նույն կլիշեն` հացի փող, տրանսպորտի փող…
ՍԻՄՈՆ — Ես երբեք չեմ նվնվում…
ՀՈՒՆԱՆ — Գիտեմ, տեսել եմ, դու էլ, հարգելիս, մյուս ծայրահեղության մեջ ես, հրամայականով ես խոսում` տո՛ւր, պե՛տք է… Ո՞վ կտա, միայն վախեցածը, այսինքն` քո արածը ավելի շատ կողոպուտի է նման:
ՍԻՄՈՆ — Այս մարդն ինձ բանտի դուռ էլ կհասցնի:
ՊԵՏՐՈՍ — Լավ, ի՞նչ ես առաջարկում:
ՀՈՒՆԱՆ — Դուք պետք է կարողանաք մարդու աչքերին ուղիղ նայել, այո, մի փախցրեք ձեր հայացքը: Հովուշն, օրինակ, խոսելիս սարերին-ձորերին է նայում, Պետրոսը` սեփական կոշիկներին, իսկ Սիմոնը թեև նայում է, բայց` ոչ աչքերին, այլ քթին, այտին, ճակատին: Հանդգնորեն նայելու մասին չի խոսքը և ոչ էլ խղճմտանք հարուցելու մասին, տեսանողի հայացքով պիտի նայեք, ձեր հայացքը պիտի ասի` ես քեզ տեսնում եմ, մարդ, քո թուլությունները, քո մեղքերը, քո առաքինությունները, ես տեսնում եմ, թե աստված որ չափով է ներկա քո մեջ, և թե դու ոնց ես վերաբերվում նրան, այսինքն` ես ամեն բան տեսնում եմ, ես ճանաչեցի քեզ և ես գթասիրտ եմ, այո-այո, թեև փող եմ ուզում, բայց ես գթասիրտ եմ, ես ներում եմ քեզ քո մեղքերն ու թուլությունները, հիմա, պարզապես, կարիքի մեջ եմ, վաղը` գուցե դուրս գամ այս վիճակից, բայց ես միշտ քո բարեկամն եմ: Եթե սա կարողացաք, մարդը ձերն է, անմնացորդ:
ՀՈՎՈՒՇ — Դժվար բան է, Հունան եղբայր:
ՀՈՒՆԱՆ — Դժվար է, իհարկե, բայց փորձել պետք է, և ես համոզված եմ` կստացվի, որովհետև դուք ունե՛ք կյանքի փորձ և իմաստնություն: Նախ և առաջ պիտի հավատա՛ք ինքներդ ձեզ, պետք է հարգեք ինքներդ ձեզ, սեփական արժանապատվությունը չպետք է գցեք, հարգում եք դիմացինին և նույնքան հարգանք էլ ձեր նկատմամբ եք պահանջում: Այսպես: Լավ, տեսական մասը ձգձգվեց, անցնեք գործնականին: (Պետրոսին.) Այ դու, ասենք, անցնում ես փողոցով: Անցիր:
ՊԵՏՐՈՍ — Անցնեմ… բայց ինչի՞ ես, է… (Քայլում է:)
ՀՈՒՆԱՆ — (մոտենալով): Բարի օր:
ՊԵՏՐՈՍ — Բարև, բայց ես շտապում եմ:
ՀՈՒՆԱՆ — Ես հարգում եմ քո ժամանակը, բարի մարդ, սակայն խնդիրն անհետաձգելի է: (Նայելով Պետրոսի աչքերին:) Երկու րոպե ընդամենը:
ՊԵՏՐՈՍ — Շուտ ասա:
ՀՈՒՆԱՆ — Բոլորովին վերջերս ես էլ քեզ նման շտապում էի գործի, գործից` տուն, կնոջս, երեխաներիս մոտ, սակայն ճակատագիրը, գիտե՞ս, ինչ բան է, հանկարծ, անսպասելի մի թաքստոցից հայտնվում` խփում է գլխիդ ու մեկ էլ` ո՛չ գործ, ո՛չ տուն, ո՛չ ընտանիք…
ՊԵՏՐՈՍ — Վախ, ոնց եմ քեզ հասկանում…
ՀՈՒՆԱՆ — Սակայն ես չեմ հուսահատվում, սա վերջը չէ, սա փորձություն է ընդամենը, որ Տերն ուղարկում է բոլորիս, և բոլորս էլ ի զորու ենք հաղթահարելու, պարզապես պետք է միմյանց օգնենք, այո, միայնակ` մարդը չի կարող տանել կյանքի դժվարությունները, այսօր` ես, վաղը` դուք կամ այն մեկը… Ինչ արած, կյանքը լի է տառապանքով, բայց տառապանքն անհրաժեշտություն է, տառապանքն է, որ սովորեցնում է հասկանալ կյանքը, մերձավորին և Տիրոջը, տառապանքն է, որ մարդուս մարդ է դարձնում… Սակայն դուք շտապում էիք, չզբաղեցնեմ, մի օր ազատ կլինեք` կզրուցենք, հիմա պարզապես ասեմ, որ ձեր օգնության կարիքն ունեմ, հատկապես` ձեր, ուրիշ մեկին գուցե չմոտենայի, հավատացեք, ձեր պահվածքում և հայացքում մի անբացատրելի համակրանք կարդացի և վստահեցի, մնացյալը թողնում եմ ձեր խղճին: Գիտե՞ք, հայտնի առակն ասում է` հացդ գցիր ջուրը, կարագը վրան քսած` ետ կստանաս. սա գուցե հենց այդ դեպքն է:
ՊԵՏՐՈՍ — (գրպանից փող է հանում, հիպնոսված է): Ահա, վերցրեք…
ՀՈՒՆԱՆ — Շնորհակալ եմ, մարդ աստծո: Կներեք, ծիտը ձեր ուսին, մեղմ ասած, աղտոտել է: Լավ նշան է, գիտե՞ք, այսօր հաստատ լավ լուր եք ստանալու: Բայց բերեք մաքրենք, ձեզ պես հարգարժան մարդուն չի վայելի…
ՊԵՏՐՈՍ — Ինքս…
ՀՈՒՆԱՆ — (մաքրելով): Թողեք, ինձ համար դժվար չի…
ՊԵՏՐՈՍ — (փող հանելով): Ահա… վերջինն է, էլ չունեմ…
ՍԻՄՈՆ — Ի՛… Մեզնից փող ես պահե՞լ, Պետրոս տղա:
ՊԵՏՐՈՍ — Պահել էի, այո… (Աչքերը լցվում են:) Ես վատն եմ, շատ վատն եմ, կներեք, տղերք, դեղի համար էր, էլ չի կրկնվի, կներես, վարպետ…
ՀՈՒՆԱՆ — (վերադարձնելով փողը): Վերցրու:
ՊԵՏՐՈՍ — Չէ, քոնն է:
ՍԻՄՈՆ — (թափ տալով Պետրոսի ուսերը): Ուշքի արի, տղա՛:
ՊԵՏՐՈՍ — Հիպնոսի պես էր, տղերք, եթե միլիոն էլ ունենայի, հանելու էի` իրեն տամ:
ՀՈՒՆԱՆ — Դե վերցրու այս փողը:
ՊԵՏՐՈՍ — (չվերցնելով): Մի այնպիսի տաք ալիք եկավ վրաս, այդպես մեկ էլ փոքր ժամանակ էր լինում` երբ տատս հեքիաթ էր պատմում:
ՀՈՒՆԱՆ — Սերն է, Պետրոս, ես սիրո անուն մինչև հիմա չտվեցի, թողեցի` ինքդ կռահես, մանկության հեքիաթի ջերմությունը` սերն է: Սերը բոլորի մեջ կա, նույնիսկ ամենաչար թվացող մարդու մեջ, պարզապես փնտրել ու գտնել է պետք, փայփայելով դուրս քաշել, ի հայտ դնել, և այդ ժամանակ հրաշքներ կկատարվեն, բարեկամներս, մեծ հրաշքներ:
ՀՈՎՈՒՇ — Բայց դու որտեղի՞ց եկար, ուսուցիչ, ինչո՞ւ ես ուզում մեզ օգնել:
ՀՈՒՆԱՆ — Թե որտեղից եկա և ինչու` հիմա չեմ ասի, դեռ ժամը չէ, հետո կասեմ:
ՀՈՎՈՒՇ — Մեզ հետ կմնա՞ս:
ՀՈՒՆԱՆ — Եթե ընդունեք…
ՀՈՎՈՒՇ — Կընդունենք, իհարկե, ո՞նց չենք ընդունի: Տղե՛րք…
ՊԵՏՐՈՍ — Ես իսկի նրա սիգարետը վառելու արժանի չեմ, ե՞ս եմ, որ պիտի նրան ընդունեմ:
ՀՈՒՆԱՆ — Վերջապես վերցրու փողդ, Պետրոս, ձեռիս մնաց, հո չե՞մ գրպանելու:
ՊԵՏՐՈՍ — Ես դրան չեմ դիպչի, տուր Հովուշին: Հովուշ ջան, վերցրու, գինի, հաց-մաց բեր:
ՀՈՎՈՒՇ — Լրիվի՞ն:
ՊԵՏՐՈՍ — Այո, ոչ մի դրամ ետ չբերես, բոլորը ծախսի, սիգարետ չմոռանաս:
ՍԻՄՈՆ — Մարդ ես դառնում, Պետրոս:

Պատկեր 3
Նույն տեղում: Հունան, Պետրոս, Հովուշ, Սիմոն, Մերի, Տղա 1, Տղա 2, Մարտիկ: Հունանը գետնին փայտով խազմզում է:
ՊԵՏՐՈՍ — Չլինի՞ Մրտոյի հարկն ես հաշվում, վարպետ:
ՀՈՎՈՒՇ — Չէ, երևի` ագահության չափը:
ՍԻՄՈՆ — Անչափելին ո՞նց չափի:
ՀՈՒՆԱՆ — Մրտոյինը չափվող է, նրա երևակայությունը սահմանափակ է, անչափելի է նրա թիկունքում կանգնածների ագահությունը: Այնպես որ, բարեկամներս, մենք ինչքան շատ տանք` նրանք շնորհակալ չեն լինելու, ավելին են ուզելու:
ՍԻՄՈՆ — Իրենց ասած թիվը կտանք, ոչ մի դրամ ավել:
ՊԵՏՐՈՍ — Միամիտ չլինես, նրանք մեզնից լավ գիտեն, թե ինչը որտեղ ու ինչքան:
ՀՈՎՈՒՇ — Բա ի՞նչ անենք:
ՀՈՒՆԱՆ — Այդպես թախծոտ մի նայիր, Հովուշ, սիրելիս, կանենք, չվախես: Ողբերգական կլիներ մեր կյանքը, եթե մեր առաքելությունը սահմանափակեինք Մրտոյին և նրա տերերին հարկ հասցնելով:
ՍԻՄՈՆ — Առեղծվածներով ես խոսում, վարպետ:
ՀՈՒՆԱՆ — Ոչինչ չկա թաքուն, որ հայտնի չդառնա, Սիմոն, առավել ևս` մեր հարաբերություններում, պարզապես ամեն բան իր ժամն ունի, մի քիչ համբերիր:
ՍԻՄՈՆ — Համբերիր, Սիմոն… Միշտ դա եմ լսել` համբերիր, Սիմոն: Կյանքս անցնում է, իսկ ես` համբերիր, Սիմոն:
ՀՈՒՆԱՆ — Հավատա, շատ շուտով տեսնելու ես արդարության հաղթանակը: Մի քիչ էլ սպասիր:
ՍԻՄՈՆ — Սպասեմ, ճարս ի՞նչ:
ՀՈՒՆԱՆ — Ասում են` մեր Հովուշը հրաշալի երգում է, ճի՞շտ է:
ՊԵՏՐՈՍ — Եվրատեսիլին տանող չկա, թե չէ հաղթած գալու էր: Հովո՞ւշ…
ՀՈՎՈՒՇ — (կիթառը վերցնելով): Հատուկ` քեզ համար, ուսուցիչ:
Հովուշը երգում է: Մեքենայի հռնդյուն, արգելակների ձայն:
ՀՈՎՈՒՇ — (դադարեցնելով երգը): Ավտո էր, զբոսայգի մտավ… (Մարիի ճիչը լսելով:) Սրանից լավ հոտ չի գալիս, տղերք:
Վազելով գալիս է Մարին, ետևից` երկու տղա, Մարին ընկնում է Հունանի գիրկը:
ՀՈՒՆԱՆ — Հանգստացիր, աղջիկս, մի վախենա:
ՏՂԱ 1 — Թող դրան, հոպար, մի խառնվի:
ՀՈՒՆԱՆ — Թողնեմ, այո, սակայն ի՞նչ է արել աղջիկը, որ այդպես թշնամացել եք:
ՏՂԱ 2 — Ինչ արել-չի արել` մեր գործն ա, դու մեջ մի ընգի:
ՏՂԱ 1 — Փողերն առավ` ավտոյից թռավ, էսի քեզ հերիք ա՞, դե թող:
ՄԱՐԻ — Սուտ է ասում, փող չեն տվել:
ՏՂԱ 1 — (ընկերոջը): Լսա՞ր, ընգեր, ասում ա` փող տվեք:
ՏՂԱ 2 — Մե՞նք, սրա՞ն… Աղջի, է՛, էդ դու պտի փող տաս, որ մեր նման տղեքի հետ ես ըլնելու:
ՏՂԱ 1 — Դե արի, արագացրու: Հոպար, ասինք` թող, ի՞նչ ես գրկե-կայնե:
ՏՂԱ 2 — Դուրն էկել ա, ապեր: Թո՛ղ, հոպար, անջտվի:
Մարին ուզում է պոկվել Հունանից` փախչել, Հունանը պահում է նրան:
ՀՈՒՆԱՆ — Սպասիր, աղջիկս, սպասիր: Ինձ լսեք, տղաներ, ջահել եք, մի ամբողջ կյանք ունեք առջևում, իզուր փորձանքի մեջ մի խրվեք, աղջիկը չի ցանկանում ձեզ հետ գալ:
ՏՂԱ 1 — Ի՛, սկսիր խրատ կարդա՞լ վրներս, այ բոմժ:
ՀՈՒՆԱՆ — Լավ, խնդրեմ, ահա, վերցրեք, ծեծեք, բռնաբարեք… Երկու հաղթանդամ տղա` մի խեղճ աղջկա, իսկական տղամարդու արարք: Վերցրեք… Բայց մի մոռացեք…
ՏՂԱ 1 — Իզուր բարոյական խրատներդ չկարդաս մեր գլխին, մեր վրա էտի չի ազդում, մենք մերն անելու ենք, էղա՞վ:
ՀՈՒՆԱՆ — Եղավ: Արեք: Բայց իմացեք, որ մենք վկա ենք, մենք տեսել ենք ձեզ, ձեր մեքենան… Հրեն, համարները երևում են… Երկու վս…
ՏՂԱ 2 — Ի՛, հիմի էլ ոստիկանությունով ես վախացնո՞ւմ, այ ստուկաչ…
ՀՈՒՆԱՆ — Որպեսզի վկա չլինի, վկաներին պետք է վերացնել, պարզ տրամաբանություն է, այնպես որ, եթե կարող եք` խնդրեմ, վերացրեք, սկսեք ինձնից:
ՍԻՄՈՆ — (մեծ փայտ վերցրած): Կվերացնեն, բա չէ:
ՀՈՒՆԱՆ — Փայտը վայր դիր, Սիմոն, մեզ վայել չի, մենք ոչինչ չենք ձեռնարկելու, իրենց վճռելիքն է, թող վճռեն, և թող իրենց այոն այո լինի, և ոչը` ոչ:
ՏՂԱ 2 — Թռանք, ապեր, սրանք խփնված են, շառի մեջ ենք ընգնելու, հավես չկա:
ՏՂԱ 1 — Ճիշտ ա, կարող ա՞ էս մի դիշովի ծտի խաթր պրոբլեմների մեջ խրվենք, մուրազի վրա տղեք ենք, հո սրանց թայը չե՞նք, գիշերը դեմներս ա, հազար սենցը կճարենք:
ՏՂԱ 2 — Հա, ընգեր, լուսի տակ ըսկի բանի նման էլ չի, ոնց որ մեր հայաթի էն Ֆլորն ըլնի:
ՏՂԱ 1 — Էն կյաժ բեջուրա՞ն… (Հռհը-ռում են:) Ձե՛զի նվեր, բոմժ ախպերներ, վայելեք, մեզի պետք չի: Գնացինք:
Տղաները հեռանում են:
ՀՈՒՆԱՆ — Դողում է խեղճը… Նստիր, աղջիկս, հանգստացիր, քեզ մեղադրողները գնացին, էլ չեն գա:
ՄԱՐԻ — (նստելով): Սպանելու եմ դրանց, իրենց մեքենայով-բանով պայթացնելու եմ` գնան-կորչեն…
ՀՈՒՆԱՆ — Չարությունը լավ ուղեկից չէ, հանիր զայրույթը միջիցդ, մի չորացրու հոգիդ: Անունդ ի՞նչ է:
ՄԱՐԻ — Մերի: (Լաց է լինում:)
ՀՈՒՆԱՆ — Ազատ լաց եղիր, Մերի, մեզանից մի նեղվիր, լացը մաքրում է, լացը ազնվացնում է: (Մարին հեկեկում է` գլուխը Հունանի կրծքին սեղմելով:) Հիմա նայիր ինձ… Ահա, հայացքդ լուսավորվեց… Մոռացար եղածը, չէ՞:
ՄԱՐԻ — Մոռացա: Իրականում անունս Մարի է, պարզապես Մերին ավելի ժամանակակից է հնչում:
ՀՈՒՆԱՆ — Ես քեզ Մարի կասեմ, դեմ չե՞ս:
ՄԱՐԻ — Ասեք: Դուք չլինեիք…
ՀՈՒՆԱՆ — Ես չլինեի, մի ուրիշ բարի մարդ կհանդիպեր:
ՄԱՐԻ — Բարի մարդ չի մնացել աշխարհում:
ՀՈՒՆԱՆ — Մնացել է, շատ, ահա, բարի մարդկանց մի ամբողջ ծաղկաբույլ, ծանոթ եղիր` Պետրոսն է, Սիմոնը, Հովուշը, ես էլ` Հունանն եմ:
ՄԱՐԻ — Բարի երեկո, բարի մարդիկ:
ՄԱՐՏԻԿ — (հայտնվելով): Բարև, բարև… Ինձ չէիր բարևո՞ւմ, քույրիկ ջան:
ՀՈՒՆԱՆ — Մարտիկն է, մեր հոգեառը, նա էլ բարի է, պարզապես չգիտի այդ մասին:
ՄԱՐՏԻԿ — Ես ի՞նչ հոգեառ…
ՊԵՏՐՈՍ — Լավ, հոգեառ չէ, հարկահավաք:
ՄԱՐՏԻԿ — Այ մարդ, գործ ա` անում եմ, էլի, ես չանեմ` ուրիշն ա անելու: Հը, ժողովուրդ, ասում են` ուստի գալով գործն ահագին աշխուժացել ա, հա՞:
ՍԻՄՈՆ — Ո՞վ է ասում:
ՄԱՐՏԻԿ — Ասողը: Բերեք, բերեք մուծվեք: (Մարիի մասին:) Աչքիս` մի հոգի էլ ա ավելացել:
ՀՈՎՈՒՇ — Ո՞վ:
ՄԱՐՏԻԿ — Էս սիրուն աղջիկը:
ՀՈՒՆԱՆ — Նա հյուր է, մեզ հետ չի… (Հարցական նայելով Մարիին:)
ՄԱՐԻ — Ձեզ հետ է:
ՄԱՐՏԻԿ — Ըհը, ուզում էիք խաբեք խեղճ միամիտիս, չէ՞: Դե բերեք:
ՊԵՏՐՈՍ — (տալով փողը): Անուշ լինի:
ՄԱՐՏԻԿ — Ի՛… Փող տալ չես կարում, էլի, ներսդ քեզ ուտում ա: (Հաշվելով:) Ըհը, թե չէ` չեն տալի, կոպտում են, սնանկացել են… Ապրեք: Էսօր Մարտիկը գնաց կարաոկե: (Երգում է: Մարիին.) Արի քեզ էլ տանեմ, սիրուն ջան:
ՍԻՄՈՆ — Փողդ տվի՞նք… գնա՛:
ՄԱՐՏԻԿ — Պահ, էնպես բորբոքվեցիր, կարծես անմեղ հրեշտակ ա:
ՀՈՎՈՒՇ — Հրեշտակ է, ճշմարտացի ես, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Ի՛… Էս էն Մերին չի՞:
ՀՈՒՆԱՆ — Ոչ, նրա անունը Մարի է, և նա իսկապես հրեշտակ է, տղաս:
ՄԱՐՏԻԿ — Ձեռ մի առ, ուստա:
ՀՈՒՆԱՆ — Քավ լիցի, երբեք ինձ թույլ չեմ տալիս ձեռ առնել մարդկանց:
ՄԱՐՏԻԿ — Լավ, հիմա ինչ, չեք տալի՞ս հրեշտակին տանեմ կարաոկե:
ՀՈՒՆԱՆ — Ապրանք չի, իրեն հարցրու:
ՄԱՐՏԻԿ — Գնա՞նք, քուրս, մնաս` թթվելու ես սրանց հետ:
ՄԱՐԻ — Ես ինձ սրանց հետ լավ եմ զգում, այ քեզ հետ` հաստատ կթթվեմ:
ՄԱՐՏԻԿ — Պարզ ա: Լսեք, վայ թե ձեր նալոգները բարձրացնեմ:
ՊԵՏՐՈՍ — Չեղավ, Մարտիկ, չեղավ, գեղեցիկ չի արածդ:
ՄԱՐՏԻԿ — Ինչի գեղեցիկ չի՞ որ, լավ էլ աշխատում եք արդեն… Կյանքը օրեցօր թանկանում ա, հրեն` կաթնեղենը, միսը, բանը… Ուզում եք հավերժ նույն նալոգին մնա՞ք, չի լինի, մենք էլ մարդ ենք, մենք էլ բերան ունենք:
ՀՈՒՆԱՆ — Մարտիկ, հարգելիս, հարկը կարող ես բարձրացնել, կարող ես և չբարձրացնել, խնդիր չի, խնդիրն այլ է…
ՄԱՐՏԻԿ — Ո՞րն ա որ…
ՀՈՒՆԱՆ — Ի՞նչ օգուտ` եթե գրպաններդ լցնես, բայց քեզ իսպառ կորցնես… Ախր, իրականում դու բարի մարդ ես, այո-այո, այդպես է, ահա, նայում եմ աչքերիդ և պարզորոշ տեսնում, խորքդ բարի է, դու ազնիվ, բարի ծնողների զավակ ես:
ՄԱՐՏԻԿ — Ես ծնող չունեմ, ուստա, ստեղ սխալվեցիր:
ՀՈՒՆԱՆ — Ծիծաղելի բան ես ասում, ո՞նց կարող է մարդ ծնող չունենալ:
ՄԱՐՏԻԿ — Մանկատան տղա եմ, իմ ազնիվ, բարի ծնողները ինձ գցել են մանկատուն ու ցվրվել:
ՀՈՒՆԱՆ — Մի մեղադրիր, որ չմեղադրվես. դու ի՞նչ գիտես, թե ինչ վիճակում են եղել ծնողներդ, երբ քեզ թողել են, գուցե ուրիշ ելք չեն ունեցել… Առհասարակ, մենք ի՞նչ գիտենք ուրիշի վիճակի, ուրիշի հոգում կատարվողի մասին: Երբեք չպետք է հեշտորեն մեղադրենք մերձավորին: Ապա փորձենք մեր խորքը տեսնել, արդյո՞ք մենք առավել ենք: Ոչ: Գուցե ավելի վատն ենք: Ուստի, սիրելի իմ Մարտիկ, մի մեղադրիր ծնողներիդ, որոնց մասին ոչինչ չգիտես, հնարավոր է, որ նրանք հրաշալի մարդիկ են, հնարավոր է նաև` նրանք այլևս չկան և դա է պատճառը, որ չեն փնտրում քեզ, չեն գտնում, որպեսզի ասեն` ներիր մեզ, որդի…
ՄԱՐՏԻԿ — (տառապելով): Ի՞նչ ես ուզում ինձնից…
ՀՈՒՆԱՆ — Ոչինչ: Ուզում եմ` ճանաչես ինքդ քեզ ու հարազատ լինես քո տեսակին:
ՄԱՐՏԻԿ — Պետք չի, ուստա, ինձ հանգիստ թող, ինձ էդ բաները պետք չեն, ես ապրել եմ ուզում, հազիվ եմ ոտի կանգնել: Մի խոսքով… Ես գնացի, լավ մնացեք:
ՀՈՒՆԱՆ — Գուցե մնա՞ս, Մարտիկ, քո կեսը մնալ է ուզում:
ՄԱՐՏԻԿ — Ոչ մի կես… Գնում եմ: (Հեռանում է վախեցած, համարյա փախչում է:)

Պատկեր 4
Հունանը և իր խումբը: Նրանց առջև հավաքվել է մեծաքանակ բազմություն, որը, բնականաբար, չի երևում, փաստորեն` դահլիճն է, հանդիսատեսը:
ՀՈՒՆԱՆ — Պետրոս, քիչ են, քիչ են մարդիկ, ես ավելին էի սպասում, լավ չեք աշխատել, հեռու թաղերը ծուլացել եք գնալ:
ՊԵՏՐՈՍ — Զուր ես կշտամբում, վարպետ, նույնիսկ մերձակա գյուղերն ենք հասել. պարզապես անժամ-անպատարագ մարդիկ են, արևով են կողմնորոշվում, նայի՛ր, կամաց-կամաց գալիս են, շուտով ասեղ գցելու տեղ չի լինի:
ՀՈՒՆԱՆ — Տա Աստված:
Գալիս է Մարտիկը:
ՀՈՒՆԱՆ — Եկա՞ր, Մարտիկ: Տեղավորվիր մեր կողքին, եթե գալդ բարի կամքով է և ոչ` ուրիշների կողմից հորդորված:
ՄԱՐՏԻԿ — Ինքս եմ եկել, ուստա, իմ հոժար կամքով:
ՍԻՄՈՆ — Չեմ հավատում:
ՀՈՒՆԱՆ — Փորձենք հավատալ, Սիմոն: (Մարտիկին.) Սակայն գիտե՞ս, որ ինձ հետևելու համար շատ բաներից պիտի հրաժարվես, տղաս:
ՄԱՐՏԻԿ — Ենթադրենք հրաժարվեցի:
ՀՈՒՆԱՆ — Դիմա՞ցը… Դիմացը` վարձ-քըդ մեծ է լինելու:
ՄԱՐՏԻԿ — (հեգնական` երկինքը ակնարկելով): Էնտե՞ղ:
ՀՈՒՆԱՆ — Ամենուրեք: Սակայն տեսնում եմ` չես հավատում: Մտածում եմ` գուցե քեզ վա՞ղ է մեր կողքին կանգնելը, գուցե առայժմ գնաս, հրապարակո՞ւմ կանգնես:
ՄԱՐՏԻԿ — Գնամ, հարց չի:
ՀՈՒՆԱՆ — Սակայն հիշի՛ր, սերմը, որ արդեն իսկ գցված է մեջդ, ծլարձակելու է, մի հակառակվիր, որպեսզի ընձյուղը ծուռումուռ չաճի ու ցավ տա ներսիդ, այլ բարության շիտակ ընձյուղ լինի և խնդություն պարգևի հոգուդ: Անչար գնա, քանզի վերադառնալու ես:
Մարտիկը հեռանում է:
ՍԻՄՈՆ — Հաստատ ուղարկված է, վարպետ:
ՀՈՒՆԱՆ — Գիտեմ, Սիմոն, սիրելիս, սակայն մենք պիտի աշխատենք նույնիսկ թշնամուն բարեկամ դարձնել, մարդուն հեռացնելը դյուրին է, մոտեցնելն է դժվար: Մարի՛, աղջիկս, Հովուշի հետ մի երգ երգեք, զբաղեցրեք ժողովրդին, չցրվեն, մինչև մնացյալն էլ կհավաքվի:
ՀՈՎՈՒՇ — (կիթառը վերցնելով, հավաքվածներին): Սիրելիներս, մինչ մեր ընկերները հավաքվում են, մենք ձեզ համար մի երգ կկատարենք, որ կշոյի ձեր ականջը և կբարձրացնի ձեր տրամադրությունը: Բարի՞…
Ժողովուրդը հավանության ժխոր է բարձրացնում: Հովուշը և Մարին երգում են:
ՀՈՒՆԱՆ — (երբ ավարտվում է երգը, հավաքվածներին): Քույրեր և եղբայրներ, ցանկանում էի տերունական աղոթքով սկսել, սակայն մտածեցի` արդյո՞ք հազար-ամյակների ընթացքում այն չի կորցրել իր արդիականությունը, արդյո՞ք ի զորու է կատարելու իր առաքելությունը, այն է` դեպի լավը, դեպի բարին փոխել աշխարհը… Չգիտեմ, չգիտեմ, կասկածում եմ, քանզի աշխարհը կարծես թե նույնն է մնում: Ուստի կարծում եմ` աղոթքը ժամանակի հետ պիտի փոխվի, տրանսֆորմացվի, յուրաքանչյուր ժամանակի հետ իր լեզվով խոսի, մեր աղոթքը պաղատանք է, աղերսանք, անձնական նախաձեռնության, անձնական պատասխանատվության ոչ մի նշույլ, ուստի փորձենք փոխել մեր աղոթքը: Հայր մեր, որ ամենուրեք ես, ամրացրու մեր հոգին, բարձր պահիր մեր ոգին, մի թող սայթաքի մեր միտքը, երես մի դարձրու մեզնից, երբ սխալվում ենք` բախվելով նյութականի խնդրին, այն իրոք դժվարին է, սակայն ի վերջո լուծելու ենք` եթե միայն մշտապես զգանք քո քաջալերող ներկայությունը, քո ջերմությունը, տուր մեզ ճշմարտության և արդարության համոզիչ կռահում, իսկ ինչ վերաբերում է հացին մեր հանապազօրյա` քեզ չենք ծանրաբեռնի, ինքներս կլուծենք, ինչ վերաբերում է մեր մարմնի ցավերին` ինքներս կբուժենք, որպեսզի սերմերդ առողջ հողում ծլարձակեն, սիրում ենք քեզ, գործում և սպասում այնքան, որքան ինքդ հարկ կհամարես: (Ավարտելով աղոթքը, դադար:) Ահա, էլի մարդիկ են գալիս, միանում մեզ, մեր շարքերը հոծանում են րոպե առ րոպե, սիրելիներս, տեղ տվեք ուշացածներին, քանզի ուշացած են, այլ ոչ` հրաժարված: Այո, հարազատներս, այլևս լռությամբ, համբերությամբ և խոնարհությամբ չէ, որ պիտի դիմագրավենք չարին, ների՛ր, Տեր, սակայն մեր այտն այլևս դեմ չենք տալու անարժաններին, ժամանակը ցույց տվեց, որ նրանք դա չեն հասկանում, այլ միայն օգտագործում են ի շահ իրենց: Ուստի մենք չարին հակադրելու ենք… Ո՛չ չարը, սիրելիներս, ո՛չ, մենք չար չունենք էլ մեր մեջ, մենք ունակ չենք չար լինելու, նայեք միմյանց աչքերի և կհասկանաք սա, մենք հակադրում ենք մեր խիստ անհանդուրժողականությունը, մեր կտրուկ անհամաձայնությունը, քանզի մեր հանդուրժումը, մեր լռությունը, մեր խոնարհությունը` փաստորեն իրենց գծած ճամփով իրենց հետ քայլել է նշանակում, այլևս չենք քայլելու իրենց ճամփով: Մենք շատ ենք, սիրելիներս, մենք ուժ ենք, հարազատներս, մնում է միայն` միավորվել, ինչն էլ անելու ենք այսուհետ, անհապաղ, սա է մեր առաջնային խնդիրը:
ՁԱՅՆԵՐ — Չեն թողնի… կծեծեն… կտրորեն, կջարդեն…
ՀՈՒՆԱՆ — Չեմ հասկանում… Մե՞զ է, որ ծեծելով, տրորելով, ջարդելով և կամ սովով ու բանտերով պիտի վախեցնեն… Մի՞թե մենք կորցնելու բան ունենք, սիրելիներս… Ոչ, այստեղ հավաքված մարդիկս կորցնելու ոչինչ չունենք, իսկ երբ կորցնելու այլևս ոչինչ չունես` ունես միայն ձեռքբերելու հնարավորություն: Մենք քանդելու ենք մեր վզին բռնությամբ փաթաթած կարգերը, նորերն ենք սահմանելու, ուր տեղ չի լինի անհավասարությանը, բռնությանը, ընչա- քաղցությանը, սովին, ագահությանը: (Ժխոր:) Սիրելիներս, ես ձեզ չեմ հրավիրում զինված կռվի, ոչ, ես ձեզ հրավիրում եմ խոհեմ անենթակայության: Մենք մեզնով կլցնենք մեր հրապարակը, մի՞թե մերը չէ այն, մի՞թե մե՛նք չենք այս երկրի իսկական զավակները, որ արդարացի ենք, սիրող, խիղճ ունեցող… Մենք ենք, այո, և մենք ընտրում ենք մեր մեծ հրապարակը, ուր հավաքվելու են բոլոր չքավորները, բոլոր նրանք, ովքեր արդարության սով ունեն, կհավաքվենք իշխանությունների աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ, և թող փորձեն մեզ հանել այնտեղից, թող փորձեն ծեծել, քշել, թունավորել… Չենք ենթարկվելու, որովհետև լցված է այլևս համբերության բաժակը: Ուստի հարցնում եմ ձեզ, սիրելիներս, արդյո՞ք պատրաստ եք պայքարի` հանուն արդարության:
ՁԱՅՆԵՐ — Պատրաստ ենք:
ՀՈՒՆԱՆ — Դեհ, ուրեմն, ես էլ պատրաստ եմ ինձ վրա վերցնել ձեզ առաջնորդելու պատասխանատվությունը, ինչը, հավատացեք, ծանր պարտականություն է, սակայն հանուն ձեզ, հանուն արդարության, հանուն ապագայի ես պատրաստ եմ:
Ժխոր: Խենթը ներխուժում է հարթակ և անհոդաբաշխ ձայնարկելով հարձակվում Հունանի վրա, ճանկռում է նրա դեմքը, մյուսները հասնում, բռնում են խենթին:
ՍԻՄՈՆ — Ո՞վ ես, գլուխդ ջարդելու եմ հիմա, խոսի, ո՞վ է ուղարկել քեզ…
ՀՈՒՆԱՆ — Հանգիստ, Սիմոն, սարսափելի ոչինչ չկա, նա մեղք չունի, նրա ներսը թունավորված է: (Սրբելով քունքի արյունը, բազմությանը:) Ահա արյունը, որ ծորաց մեզ համար: (Խենթին.) Ու նախ և առաջ` քեզ համար, մարդ աստծո: Ես չեմ մեղադրում քեզ, դու անմեղսունակ ես: Պետրոս, Սիմոն, թողեք նրան: (Խենթին.) Ազատ ես, գնա, գնա և մտածիր, և ես համոզված եմ` դարձյալ գալու ես, գալու ես` արարքդ գիտակցած, և այնժամ ես քո ներսը կմաքրեմ թույնից:
Խենթը լուռ հեռանում է:
Պատկեր 5
Հունանն ու իր խումբը` զբոսայգու իրենց տարածքում, այնուհետև` Խենթ:
ՄԱՐԻ — Թույլ տուր վերքդ մաքրեմ, Հունան:
ՀՈՒՆԱՆ — Իրեն-իրեն կբուժվի, մի մտահոգվիր, ես պինդ մարդ եմ, ինձ ճանկռելով չես սպանի:
ՄԱՐԻ — Թող գոնե իմ օծանելիքից փչեմ վրան` ախտահանեմ:
ՊԵՏՐՈՍ — Թող ախտահարի աղջիկը, վարպետ, մի մերժիր, ի՞նչ իմանաս` այդ խելառի ձեռքերին ինչ թույն կար:
ՀՈՒՆԱՆ — Լավ, արա, որպեսզի հոգիդ հանգիստ լինի: (Մարին փչում է օծանելիքը:) Ինչ թունդ է, ամեն օր փչո՞ւմ ես վրադ, աղջիկս, մեղք չե՞ս:
ՄԱՐԻ — Եթե չես հավանում, դեն կգցեմ:
ՍԻՄՈՆ — Չթողիր, վարպետ, գլուխը ջարդելու էի տականքի:
ՀՈՒՆԱՆ — Ոչ մի ջարդել, Սիմոն, մենք մարդկանց ջարդելով չէ, որ պետք է բուժենք, այլ խոսքով:
ՀՈՎՈՒՇ — Վախենամ` նրա վրա խոսքը չազդի, աչքերը տեսա՞ք, իսկական գժանոցի գիժ:
ՀՈՒՆԱՆ — Կազդի, և դու դրա վկան կլինես, նա գալու է, Հովուշ, գալու է ապաշխարության, գուցե արդեն ճամփին է:
ՄԱՐԻ — Թող բամբակով չորացնեմ, հա՞:
ՀՈՒՆԱՆ — Դու բուժքո՞ւյր ես աշխատել, Մարի:
ՄԱՐԻ — Ոչ, մայրս էր բժիշկ, ես չհասցրի ավարտել ուսումս:
ՀՈՒՆԱՆ — Մայրդ չկա՞:
ՄԱՐԻ — Չկա, ոչ ոք չկա:
ՀՈՒՆԱՆ — Խեղճ որբուկ:
Հայտնվում է Խենթը:
ՀՈՒՆԱՆ — Հանգիստ, Սիմոն, նա մեր եղբայրն է: (Խենթին.) Ես սպասում էի քեզ, մարդ աստծո, առաջ արի, այստեղ թշնամիներ չունես, միայն` բարեկամներ:
ԽԵՆԹ — (ընկնում է Հունանի առաջ, ձեռքերը համբուրում): Ներիր ինձ, տեր, ներիր ինձ, տեր… Ե՛ս չէի, սատանան էր, ե՛ս չէի, սատանան էր…
ՀՈՒՆԱՆ — Գիտեմ, սիրելիս: Վեր կաց, կանգնիր, հավասարների մեջ ես: Տղերք, մեր մոլորյալ եղբայրը եկել է մեզ մոտ մխիթարության, ընդունեք սիրով, գինի լցրու նրան, Հովուշս: (Գինի են տալիս Խենթին, խմում է:) Այս էլ հացն է, կեր, Հարություն:
ԽԵՆԹ — Անունս ո՞նց իմացար, տեր: Ներեցեք ինձ, բարի մարդիկ, ե՛ս չէի… Կարծես մեկը մտավ մեջս ու զրպարտեց, ասաց` սուտ է, կեղծ է մարգարեն: Ներիր մեղավորիս, այսուհետ քոնն եմ անմնացորդ, մարգարե, ասես` մեռի, կմեռնեմ նույն պահին:
ՀՈՒՆԱՆ — Ես եկել եմ ապրեցնելու և ապրելու ձեզ հետ, այլ ոչ` մեռցնելու: Ուղիղ կանգնիր և ուղիղ նայիր աչքերիս, որպեսզի հանեմ միջիդ չարը, նա դեռևս այնտեղ է: (Ձեռքերով շարժումներ է անում, նայում Խենթի աչքերին, աղոթք մրմնջում:) Ուղիղ նայիր աչքերիս, անթարթ, հայացքդ մի թեքիր… Այդպես… Ահա, ահա… մաքրվում է հայացքդ, պարզվում է… Մաքուր ես այլևս, գնա, գնա և հոգիդ ինչ կհուշի` այն հաղորդիր մարդկանց:
ԽԵՆԹ — Պատմելու եմ, պատմելու եմ, բոլորին, համայն աշխարհին, թող իմանան, որ եկել ես, մեզ հետ ես… (Հեռանում է:)
ՀՈՎՈՒՇ — Ընկճված եկավ, երջանիկ գնաց:
ՊԵՏՐՈՍ — Արդյո՞ք դու ես նա, ով պիտի գար:
ՀՈՒՆԱՆ — Մտածիր` ոնց մտածում ես, Պետրոս, ոչ մերժելու եմ, ոչ հաստատելու, հոգիդ ոնց հուշեց` այն է: (Վեր է կենում:)
ՀՈՎՈՒՇ — Ո՞ւր ես գնում, վարպետ:
ՀՈՒՆԱՆ — Հիմա չեմ կարող ասել, կգա ժամանակը` կիմանաս, Հովուշ, միայն ասեմ, որ մեր գործի հաջողության համար է:
ՍԻՄՈՆ — Քեզ մենակ չեմ թողնի, գալիս եմ հետդ:
ՀՈՒՆԱՆ — Ոչ, Սիմոն, մնա, ինձ ոչինչ չի սպառնում:
ՄԱՐԻ — Այսօր չե՞ս գալու, ուսուցիչ:
ՀՈՒՆԱՆ — Եթե իմանամ կարոտելու ես` անպայման կգամ:
ՄԱՐԻ — Կարոտելու եմ:
ՀՈՒՆԱՆ — Ուրեմն կգամ: (Հեռանում է:)
ՄԱՐԻ — Սիրում եմ նրան:
ՊԵՏՐՈՍ — Ես նույնպես:
ՀՈՎՈՒՇ — Ես էլ:
ՍԻՄՈՆ — Ես էլ:
Պատկեր 6
Կիսամութ սրճարան, սեղանի մոտ` Շեֆը, ուտում է: Գալիս է Մարտիկը:
ՇԵՖ — Ուշացար:
ՄԱՐՏԻԿ — Ինչի՞ց, շեֆ:
ՇԵՖ — Ի՛…
ՄԱՐՏԻԿ — Կներես, դմբո եմ: Բարի ախորժակ: Համով ա՞, ասա ինձ էլ բերեն, էլի, սոված եմ:
ՇԵՖ — Ուշք ու միտքդ ուտելն ա, այ տղա, փողերը հանի:
ՄԱՐՏԻԿ — (հանելով փողը): Հանեմ, բա ո՞նց, իմ քաշն ի՞նչ ա, որ չհանեմ… Ըհը:
ՇԵՖ — (հաշվելով): Էս փող ես պահո՞ւմ ինձնից…
ՄԱՐՏԻԿ — Ինչի՞, միշտ էսքան չի եղե՞լ:
ՇԵՖ — Բայց հիմա աշխատողներդ շատ են տալիս, չէ՞… Աչքերիս նայի, Մարտիկ… Թե՞ կարծում ես` ես խաբար չեմ… Ինձ ես ֆռցնո՞ւմ, ի՞նձ… Գիտես, չէ՞, դրա համար քեզ ինչ ա հասնում:
ՄԱՐՏԻԿ — Կներես, մեռնեմ սրտիդ, կներես… ինքս էի ասելու, իմ արև, մի քիչ պարտքեր ունեի, ասի` փակեմ, նոր…
ՇԵՖ — Չհասկացա, իմ հաշվին ես պարտքերդ փակո՞ւմ…
ՄԱՐՏԻԿ — Խփի՛ գլխիս, խփի՛, ինձ տեղն ա…
Դադար:
ՇԵՖ — Ո՞վ ա, Մարտիկ, ինչացո՞ւ ա:
ՄԱՐՏԻԿ — Չեմ իմանում, շեֆ, ոնց որ իսկականից վերևից իջած լինի, ինքն իրա մասին բան չի ասում:
ՇԵՖ — Չի ասի, բա ոնց, հո բացբերան չի՞… Բայց դու էլ ինչի՞ համար ես, որ աշխատողիդ մասին ինֆորմացիա չես կարում ունենաս, քո տարածքն ա, չէ՞… Թե՞ չէ…
ՄԱՐՏԻԿ — Քոնն ա, իմը չի:
ՇԵՖ — Հա, իմն ա, բայց ես քեզ եմ դրել նայող, չէ՞:
ՄԱՐՏԻԿ — Հա, մեռնեմ կամեցող սրտիդ:
ՇԵՖ — Ուրեմն քո տարածքում երկնքից գիժ ա հայտնվում, ու դու ոչինչ չես իմանում իրա մասին, հա՞… Կարող ա ոստիկանությունից ա, գործ սարքող ա, այ ախմախ, մտքովդ չի անցե՞լ:
ՄԱՐՏԻԿ — Չէ, էդ մեկը, հաստատ` չէ:
ՇԵՖ — Բայց ինչի չէ՞ որ… Վայ թե փոխեմ քեզ, Մարտիկ, ուրիշ կարգին տղա դնեմ տեղդ:
ՄԱՐՏԻԿ — Չէ, էլի, շեֆ, չանես, էլի: Ամեն բան կիմանամ, իմ արև, հենց վաղը…
ՇԵՖ — Ասում են` միտինգ-բան ա անում, քարոզներ ա կարդում, ասում են` ահագին մարդ ա հավաքում, հա՞…
ՄԱՐՏԻԿ — Հա, էդպես ա:
ՇԵՖ — Ինչ էլ ոգևորվեցիր, այ տղա, չլնի՞ քու խելքն էլ ա կերել:
ՄԱՐՏԻԿ — Չէ հա… Շատ պուճուր ա, որ Մարտիկի խելքն ուտի:
ՇԵՖ — Թողեն` գլուխ գովաս: Ի՞նչ ա դրա ուզածը:
ՄԱՐՏԻԿ — Եսիմ… Ասում ա` վերջ աղքատությանը, ասում ա` արդարություն, հավասարություն, ազատություն… ըտենց բաներ, էլի, շեֆ:
ՇԵՖ — Հավասարությո՞ւն… Չենք տա:
ՄԱՐՏԻԿ — Հա դե, ո՞վ կտա:
ՇԵՖ — Բա ո՞նց ա ուզում հասնի իրա նպատակներին:
ՄԱՐՏԻԿ — Ուզում ա հանրապետության բոլոր չքավորներին միավորի, հավաքի…
ՇԵՖ — Որ ի՞նչ:
ՄԱՐՏԻԿ — Չեմ ջոգում, պարզ չի խոսում, ասում ա` խաղաղ անենթակայություն:
ՇԵՖ — Չէ հա… Է, որ չենթարկվեցին` ի՞նչ, էդ քրջոտների չենթարկվելը ո՞ւմ ա քորում:
ՄԱՐՏԻԿ — Ասում ա` ժողովրդի կեսը չքավոր ա, մեծ թիվ ա, որ հավաքվենք, լցվենք հրապարակ` երկրի երակները կփակվեն, ուզած-չուզած հաշվի կնստեն հետներս:
ՇԵՖ — Ու իրան հավատացող կա՞:
ՄԱՐՏԻԿ — Լիքը: Օրեցօր շատանում են, իրար ձեն տալով գալիս են ու գալիս:
ՇԵՖ — Էդ ո՞նց ա կարում էդքանի խելքը ուտի:
ՄԱՐՏԻԿ — Եսիմ: Ոնց որ էքստրասենս ըլնի, սենց նայում ա վրաներն ու հիպնոսացնում:
ՇԵՖ — Լավ, բա չի ասո՞ւմ` զենք, հեղաշրջում, խորհրդարան, բան…
ՄԱՐՏԻԿ — Չէ, հակառակը, ասում ա` ո՛չ մի զենք, ո՛չ մի կաթիլ արուն: Բայց խորհրդարան ոնց որ ասեց մի անգամ:
ՇԵՖ — Հա՞… Դա արդեն հետաքրքիր ա: Աչքիս դրա հոգին կարգին խորն ա, Մարտիրոս… քու լրիվ անունը Մարտիրոս ա, չէ՞:
ՄԱՐՏԻԿ — Չէ, հենց Մարտիկ ա:
ՇԵՖ — Դու էլ քեզնից խաբար չես, այ տղա: Բեր, բեր մեզ հանդիպացրու, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Հանդիպացնեմ, հարց չի, բայց…
ՇԵՖ — Ի՞նչ:
ՄԱՐՏԻԿ — Խոսալիս աչքերին չնայես, շեֆ, կողքանց նայի:
ՇԵՖ — Խելքի արի, այ տղա, ես հո ձեր նման հավ չեմ:
ՄԱՐՏԻԿ — Համենայնդեպս, էլի:
ՇԵՖ — Էլ էշ-էշ դուս մի տու: Իրան տես, տես, ասա` հարուստ մարդ կա, քու գաղափարներով հետաքրքրված ա, ուզում ա փայ մտնի, չէ, ասա` ուզում ա օգնած լինի, էդպես որ ասես` ինքը կհասկանա:
ՄԱՐՏԻԿ — Հաշվի` արած:
ՇԵՖ — Բայց առանձին կխոսաս հետը, մարդ չիմանա:
ՄԱՐՏԻԿ — Բա էղա՞վ…
ՇԵՖ — Ու փողերս էլ դրամ-դրամ կբերես կմուծվես, իմացա՞ր, էլ ֆռիկներ չանես, թե չէ կսատկացնեմ:
ՄԱՐՏԻԿ — Հա, ցավդ տանեմ, էսի թյուրիմացություն էր, ներող:
ՇԵՖ — Դե թռի, էդ լխկած տեսքդ ախորժակիս ազդում ա:
ՄԱՐՏԻԿ — Թռա:
ՇԵՖ — Սպասի, առ էս չաղ կտորը, կրծելով գնա:
ՄԱՐՏԻԿ — (վերցնելով): Վախ, մեռնեմ սրտիդ, բա դու տաս` ես չկրծե՞մ: (Հեռանալով:) Ախպերն ախպորը չէր տա, է՜…
ՇԵՖ — (մենակ մնալով): Ուրեմն` ո՛չ զենք, ո՛չ արուն, ո՛չ հեղափո-խություն… Հետաքրքիր ա, շատ հետաքրքիր ա:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 2

Պատկեր 7
Հունան, Պետրոս, Սիմոն, Հովուշ, Մարի, Մարտիկ:
Լեցուն հրապարակի առջև:
ՀՈՒՆԱՆ — Այս ի՜նչ շատ մարդ է հավաքվել, կեցցե՛ք:
ՊԵՏՐՈՍ — Քո համբավն է, վարպետ, որ արդեն տարածվել է ամբողջ երկրով, մենք ի՞նչ:
ՀՈՎՈՒՇ — Երկրի բոլոր չքավորներն այստեղ են, ուսուցի՛չ, նրանք տուն չունեն, որ կառչեն իրենց տներից, նրանք ունեցվածք չունեն, որ կառչեն իրենց ունեցվածքից… Գյուղերից, քաղաքներից եկել- հասել են այստեղ, որ տեսնեն ու լսեն քեզ:
ՄԱՐԻ — Առավոտից անձրև էր մաղում, հիմա նայե՞ք` քամին ցրում է ամպերը, երկինքը բացվել է, արևն է շողում… բնությունն էլ միացավ մեզ:
ՀՈՒՆԱՆ — Բռռռ, ինչ հոտ է տարածվել հրապարակում:
ՍԻՄՈՆ — Երբվանի՞ց է այս հոտը քեզ խորշանք պատճառում, Հունան եղբայր:
ՀՈՒՆԱՆ — Խորշա՞նք… Ոչ, Սիմոն, սխալվում ես, խորշանք չկա, պարզապես փաստն արձանագրեցի, ի՞նչ խորշանք, սա ազատության հոտն է… Պատկերացնում եմ, երբ մեր կուսակցությունը մտնի խորհրդարան` մնացյալը քթները բռնած դուրս կգան այնտեղից, և դա հրաշալի է, թող վարժվեն ճշմարտության, արդարության հոտին:
ՍԻՄՈՆ — Խորհրդարա՞ն:
ՀՈՒՆԱՆ — Հիպոթետիկ, Սիմոն… Թեև ի՞նչ իմանաս, Տերն ինչ կպահանջի մեզնից, հը՞:
ՍԻՄՈՆ — Չեմ կարծում, թե դա պահանջի:
ՀՈՒՆԱՆ — Վայ, Սիմոն, Սիմոն… Ախր, դու ի՞նչ գիտես Տիրոջ գործերը… Երբեք մի ասա` երբեք:
ՄԱՐԻ — Ժողովուրդը սպասում է, ուսուցիչ, անհանգիստ է արդեն:
ՀՈՎՈՒՇ — Ծայրը չի երևում, հարյուր հազարի չափ կլինեն, գուցե ավելին: Նայի՛ր, վարպետ, մեր խենթն առաջին շարքում է, ձեռքով է անում:
ՀՈՒՆԱՆ — Իմ ձայնը թույլ չէ, սակայն վախենամ` վերջերին չհասնի:
ՄԱՐՏԻԿ — (գալով): Կհասնի, վարպետ, ահա: (Տալիս է բարձրախոսը:)
ՀՈՒՆԱՆ — Բարձրախո՞ս… Որտեղի՞ց, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — (մի կողմ քաշելով Հունանին): Դու մի հարուստ համակրող ունես, ուստա, անշահ օգնում ա քեզ, իսկի չի ուզում, որ անունն էլ իմանաս: Քիչ հետո մարդկանց ջուր ու ուտելիք կտան… հո սոված-ծարավ չե՞ն մնալու, մեղք են, չէ՞:
ՀՈՒՆԱՆ — Գովելի է, գովելի… Սակայն անշահախնդիր մեծահարուստներ չեն լինում սովորաբար, Մարտի՛կ, ձրի ուտելիքը միայն թակարդում է: Հետաքրքիր է` ո՞ր կողմից է փակվելու մեր թակարդը:
ՄԱՐՏԻԿ — Ոչ մի թակարդ, շեֆ, այսինքն` ուստա, նա ասեց` եթե մարգարեն դեմ չի լինի, կհանդիպենք, ես իրա կարիքն ունեմ:
ՀՈՒՆԱՆ — Ահա, թակարդի դուռը երևաց արդեն:
ՄԱՐՏԻԿ — Չէ, ուզում ա սիրտը բացի առաջդ:
ՀՈՒՆԱՆ — Մեղքերը շատ են երևի:
ՄԱՐՏԻԿ — Դե, էնքան շատ չեն, բայց ուզում ա զրուցի հետդ… Էսի մեր մեջ, էլի:
ՀՈՒՆԱՆ — Բարի, ինչպես մերժես մարդուն, որ քո մխիթարության կարիքն ունի: Սակայն հիմա դառնանք մեր գառներին, Մարտիկ, դու գնա, պետք չի, որ քեզ տեսնեն մեր կողքին: (Գալով մեջտեղ:) Հովուշ, նայիր` ճի՞շտ եմ կանգնել, մայրամուտի արեգակն ուղիղ թիկունքիս պիտի լինի:
ՀՈՎՈՒՇ — Ուղիղ թիկունքիդ է, վարպետ:
ՀՈՒՆԱՆ — (բարձրախոսը ձեռքն առնելով): Ժողովո՛ւրդ, երբևէ այս սարքից օգտված չկամ, սակայն այսօր ստիպված եմ, որովհետև մենք շատ ենք, շատ-շատ, և ես ցանկանում եմ, որպեսզի ձայնս հասնի ամենքին: Սիրելիներս, բախտակից եղբայրներ և քույրերս: Նախ, ուզում եմ ներկայացնել ձեզ իմ ընկերներին, որ անձնվեր, ես կասեի` անձնուրաց մարդիկ են և հանուն մեր ընդհանուր գործի` պատրաստ են ուզածդ զոհողության: Ահա, Պետրոսն է, որ հանուն իր մերձավորների տարիներ առաջ տաժանակիր աշխատանքների մեկնեց օտար երկիր, օրնիբուն աշխատում էր, չէր խնայում իրեն, սակայն երբ վերադարձավ` պարզվեց, որ իր տունուտեղը վաճառված է, ինքը ստորաբար դավաճանված, և ահա հուսահատության գիրկն ընկած այս հրաշալի մարդը հայտնվեց փողոցում, ահա նա, որ ամեն ինչ կտա հանուն մերձավորի, մնում է` մերձավորը նրան արժանի լինի: Քավ լիցի, ես ոչ ոքի չեմ մեղադրում, նրանք մեղավոր չեն, մեղավոր է դաժան իրականությունը, որ թույլ մարդկանց մղում է անարդար, անազնիվ արարքների: Ներենք միմյանց: Ես եկել եմ, որպեսզի ուժեղ ու միախումբ դարձնեմ բոլորին` մեզ բոլորիս, եղբայրներ ու քույրեր:
ՊԵՏՐՈՍ — Ժողովուրդ, մարդիկ, նա է, որ պիտի գար ու եկել է, և ամենևին պատահական չէ, որովհետև այս է հողը, ուր նա պիտի իջևաներ, այդպես էր խոստացված:
Ժխոր:
ՀՈՒՆԱՆ — Ահա մեր Մարին` քնքուշ, մեծահոգի, մանկամարդ մի կին, որ հրաշալի բժիշկ էր դառնալու, սակայն ստիպված եղավ թողնել ուսումը` իր և իր հարազատների հացի խնդիրը լուծելու համար, մենք նրան փրկեցինք կույր դաժանության ճիրաններից, նա հավատաց մեզ և արդեն անբաժան է մեզնից:
ՄԱՐԻ — Այո, ժողովուրդ, ես նրանց հետ եմ, ես իմ սիրելի ուսուցչի հետ եմ, որովհետև նա անկեղծորեն սիրում է բոլորիս, նա ցանկանում է միավորել բոլորիս և տանել արդարության ճանապարհով:
Ժխոր:
ՀՈՒՆԱՆ — Հովհաննեսն է, մեր Հովուշը, ձեր խոնարհ ծառան, համեստ, խոհեմ, անշահախնդիր մարդ, սակայն, ցավոք, համեստ մարդկանց դար չէ մեր դարը, համեստ, անշահախնդիր մարդիկ հարկավոր չեն մեր խելացնոր, անողոք ժամանակներին, նրանց ոտատակ են տալիս: Սակայն ժամանակն ինքնին ոչինչ է, մարդն է այն բովանդակում, ուստի մենք ի զորու ենք փոխելու այն, մենք կստիպենք հարգել, արժևորել այսպիսի անձնավորություններին, գալու է իր ժողովրդին անշահախնդիր, ազնվորեն ծառայել ցանկացող բանիմաց մարդկանց ժամանակը, շուտ է գալու, ձեր զորակցությամբ, մեր համատեղ ջանքերի շնորհիվ:
ՀՈՎՈՒՇ — Ես… ես դասատու էի մեր լեռնային գյուղերից մեկում, գրականություն, լեզու, թվաբանություն, նույնիսկ աշխարհագրություն էի դասավանդում մանուկներին, ուժ ու հոգի չէի խնայում, սակայն գյուղապետն իր նորավարտ դստերը տեղավորեց դպրոցում, մի անգրագետ, դիպլոմը փողով առած լպիրշ աղջիկ, որն ինձ դպրոցից վտարելու ավելի լավ միջոց չգտավ, քան բռնաբարության փորձի մեջ մեղադրելը, ի՛նձ, որ իսկի ճանճի նեղացրած չկամ: Նա պատառոտել էր իր զգեստը, ճանկռել սեփական երեսը, արնագույն ներկ քսել վրան… (Հուզվում է, աչքերը լցվում են:):
ՊԵՏՐՈՍ — (կիսաձայն): Ամբողջը պատմելու կարիք չկա, կարծում եմ, Հովուշ:
ՀՈՎՈՒՇ — Մի խոսքով… չերկարացնեմ: Ժողովուրդ, մենք վերջապես պիտի տեր կանգնենք մեզ, մեր իրավունքներին, եթե ոչ` այսպես անտեր էլ կմնանք մինչ ի մահ: Ափսոս չենք մի՞թե…
Ժխոր:
ՀՈՒՆԱՆ — Ահա և Սիմոնը: Գիտե՞ք ով է եղել Սիմոնը… Չզարմանաք, ոստիկան էր, այո, սակայն ինչպիսի՜ ոստիկան, ազնիվ, արդարամիտ, անշահախնդիր, թույլի պաշտպան… Նա հրաժարվում էր անազնիվ, մութ գործարքներից, հրաժարվում էր կեղծ գործեր սարքել մարդկանց վրա, դրամ շորթել, կաշառք վերցնել… Իսկ այդպիսի ոստիկանը համակարգին պետք չէր, ավելին` վտանգավոր էր: Փորձեցին համոզել` չստացվեց, սպառնացին` չստացվեց, վերջապես գործ սարքեցին գլխին և բանտ նստացրին, բանտից դուրս գալով էլ չազատվեց հալածանքներից և մինչ այսօր էլ դեռ հալածվում է մեր եղբայրը, սակայն չի ընկճվում:
ՍԻՄՈՆ — Ես միշտ ձեր թիկունքին կլինեմ` իմ ամուր բազուկներով, իմ նվիրված սրտով:
Ժխոր:
ՀՈՒՆԱՆ — Ահա, սիրելիներս, ծանոթացաք մեր նախաձեռնող խմբին, կարծում եմ` կվստահեք նրանց: Այս հրաշալի, անձնվեր մարդիկ կառաջնորդեն ձեր արդար պոռթկումը, եղբայրներ և քույրեր, և մենք հաղթելու ենք, սա անկասկած է, որովհետև հավատ ունենք, որովհետև արդար է մեր գործը, որովհետև կորցնելու ոչինչ չունենք, բացի սովից, հալածանքից, ընչազրկությունից: Այստեղից չենք հեռանալու այլևս, ցերեկով գնացեք, շրջեք, զրուցեք մարդկանց հետ, պատմեք մեր շարժման մասին, ով միացավ` միացավ, ով ոչ` հորդորեք, բայց մի ստիպեք, վաղ թե ուշ ինքը կհասկանա և կգա: Երեկոյան դարձյալ այստեղ ենք, հանդիպելու ենք, հաշվետու ենք լինելու միմյանց` ամեն երեկո, գիշերով` նույնպես, այո, մեզ բաժանել այլևս անհնարին է, մեր համերաշխությունը, մեր սերը, մեր միասնությունը մեր հաղթանակի գրավականն է, սիրենք միմյանց, հարգենք միմյանց, գնահատենք միմյանց, հարազատնե՛րս:
Ժխոր: Հունանը նշան է անում Հովուշին և Մարիին, նրանք երգում են, Պետրոսն ու Սիմոնը միանում են, Հունանը` նույնպես:
Պատկեր 8
Հունան, Շեֆ, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Էս` մեր ուստեն, շեֆ ջան: Ուստա՛, Էս մեր հարգարժան շեֆն ա: Ծանոթացեք, զրուցեք, ես չխանգարեմ, ոնց ասած` մավրն իրա գործն արեց, մավրը կարա ցվրվի:
ՀՈՒՆԱՆ — Հարգարժան շեֆը անուն չունի՞:
ՄԱՐՏԻԿ — Ո՞նց չունի… Բանը, էն… Դե, ես միշտ շեֆ եմ ասել…
ՇԵՖ — Դու գնա, մավր, արագացրու:
ՄԱՐՏԻԿ — Դու ասես` ես մնա՞մ: Բարի վայելում ձեզ: (Հեռանում է:)
ՇԵՖ — Ես Հաբեթնակն եմ:
ՀՈՒՆԱՆ — Ուրախ եմ, Հունան է անունս, բացառիկ են դեպքերը, երբ հորս անունը տալիս եմ, ներող կլինեք:
ՇԵՖ — Ինչի՞, էդ ինչ մի հեր ունեք, որ…
ՀՈՒՆԱՆ — Շրջանցենք հոր խնդիրը, մի ուրիշ անգամ: Մարտիկն ասաց, որ ուզում եք տեսնել ինձ:
ՇԵՖ — Մարտիկը ձեր մասին շատ լավ բաներ ա պատմել:
ՀՈՒՆԱՆ — Ձեր խոնարհ ծառան:
ՇԵՖ — Ծառայի նման չեք, էն էլ` խոնարհ:
ՀՈՒՆԱՆ — Ձեզ նայելով էլ չէի ասի, թե մուրացկանների տված հարկով եք այսպես բարգավաճել, ո՞ւմ մտքով կանցնի, Սիմոնի, Պետրոսի, Հովուշի ու իրենց նմանների մուրած փողով` այսպիսի շքեղ հագուկապ, մեքենա, ու էլի ինչեր ու ինչեր…
ՇԵՖ — Ուրիշի ունեցածը հաշվելը սիրուն բան չի, ուստա: Իհարկե, նրանց տվածն էդքանի չի ձգի, բայց գործի մեջ եմ դնում, պտտում… Դուք ինձ կհասկանաք:
ՀՈՒՆԱՆ — Կարծո՞ւմ եք:
ՇԵՖ — Համոզված եմ:
ՀՈՒՆԱՆ — Լավ, ինձնից ի՞նչ եք ուզում:
ՇԵՖ — Ասում եմ, առանց ֆինանսական օժանդակության չեք կարողանա գլուխ հանեք էդ գործից:
ՀՈՒՆԱՆ — Մի չափազանցրեք ձեր և ձեր ֆինանսների նշանակությունը, մենք արդար պայքարի ենք ելել:
ՇԵՖ — Օ՜:
ՀՈՒՆԱՆ — Ըհը:
ՇԵՖ — Լավ, չասեցի` անարդար ա ձեր պայքարը, չվիճենք: Ես լսել եմ ձեր գաղափարները, խոսքի մակարդակով ամեն ինչ սիրուն ա, արդար, խղճով, բարի… Բայց սա քսանմեկերորդ դարն ա, ախպերս, մարդկությունը էդ բոլոր ճամփեքը փորձել ա…
ՀՈՒՆԱՆ — Լավ չի փորձել, էլի պիտի փորձի: Մարդը հիմա վերջնականապես է համոզվել, որ իրեն սխալ ճամփաներով են տարել, խաբել են ու խաբում են: Ժամը հասունացել է…
ՇԵՖ — Պահ, պահ, պահ…
ՀՈՒՆԱՆ — Ժամը հասունացել է, և մենք ուզում ենք մեկ անգամ էլ փորձել, և համոզված եմ` այս անգամ հաջողելու ենք:
ՇԵՖ — Եթե հեքիաթների հավատացող լինեի, կմտածեի` իսկապես երկնքից եք իջել, բայց… Շատ միամիտն ես, Հունան ախպեր, հը՞:
ՀՈՒՆԱՆ — Վայ թե միամիտը էս դեպքում ավելի շատ դու ես, հը՞:
ՇԵՖ — (Հունանի աչքերին նայելով): Հա, ոնց որ թե` իսկականից ես եմ… Հիմա ինչ ես ասում, չհամագործակցե՞նք: Ես չեմ երևա, ստվերի մեջ կլինեմ: Առայժմ…
ՀՈՒՆԱՆ — Բայց այդ առայժմ-ի տևողությունը ես եմ որոշելու:
ՇԵՖ — Իրար հետ, կոլեգիալ` այսպես ասած:
ՀՈՒՆԱՆ — Դե… Լավ, փորձենք, գուցե մի բան ստացվի, գուցե ձեզ էլ դարձի բերենք:
ՇԵՖ — Հա, ես հաստատ դարձի էկող եմ:
ՀՈՒՆԱՆ — Հաբեթնակ եղբայր, ես մոտավորապես կռահում եմ, թե քեզ ինչ է պետք, ու դա հաստատ մեղքերի թողությունը չի, չէ՞:
ՇԵՖ — (ծիծաղելով): Չէ, ի՞նչ մեղք, ես սուրբի պես մարդ եմ, Հունան ախպեր:
ՀՈՒՆԱՆ — Ինչի՞` պես, հենց սուրբ ես, որ կաս:
Ծիծաղում են:
Պատկեր 9
Հունան, Պետրոս, Սիմոն, Հովուշ, Մարի:
ՀՈՎՈՒՇ — Ոստիկանները գիշեր-ցերեկ պտտվում են հրապարակի շուրջը, ուսուցիչ:
ՀՈՒՆԱՆ — Կպտտվեն, Հովուշ, բա ո՞նց, իրենց գործն էլ դա է, ոչինչ, մեր ոստիկաններն են, օտար չեն:
ՀՈՎՈՒՇ — Հարմար առիթ են փնտրում, որ ցրեն հավաքվածներին:
ՀՈՒՆԱՆ — Դուք էլ աշխատեք չտալ այդ առիթը:
ՍԻՄՈՆ — Հեշտ ես խոսում, վարպետ, մենք չտանք, իրենք կսարքեն:
ՀՈՒՆԱՆ — Դեհ, ինչ կարող ես անել, երբ մեծ գործի ես ելնում` պատրաստ պիտի լինես մի քիչ էլ ծեծ ուտելու:
ՄԱՐԻ — Բայց ոստիկաններից շատերը մեզ համակրում են, նկատել եմ:
ՊԵՏՐՈՍ — Քեզ են համակրում, Մարի, մեզ չար աչքով են նայում:
ՀՈՎՈՒՇ — Գործողության հստակ ծրագիր է պետք, ուսուցիչ, այլապես ժողովուրդը կհոգնի, կցրվի, նյարդայնանում է արդեն:
ՀՈՒՆԱՆ — Ծրագի՞ր… Ծրագիրը պարզ է, սիրելիներս, գնում ենք ընտրությունների:
ՍԻՄՈՆ — Մե՞նք…
ՀՈՒՆԱՆ — Մենք, այո, բոլորս, չքավորական կուսակցությունը, որն արդեն պաշտոնապես գրանցված կուսակցություն է, երեկվանից:
ՍԻՄՈՆ — Մենք` և կուսակցությո՞ւն…
ՀՈՒՆԱՆ — Այո, Սիմոն, այո, տես` ժողովուրդը հոգնում է, նյարդայնանում, հստակ ծրագիր է ուզում, ուզում է խոսքից գործի անցնել: Իսկ ի՞նչ ուրիշ ճանապարհ կա պայքարի… Չէ, սիրելիներս, մեր ժամանակն իր օրենքներն է պարտադրում, հեքիաթը գեղեցիկ է, սակայն հեքիաթով չես հաղթի, իսկ մենք հաղթել ենք ուզում: Այլապես ի՞նչ, հավաքվեցինք, խոսեցինք, բորբոքվեցինք, ցրվեցի՞նք… Մենք կլինենք ամենաբազմաքանակ կուսակցությունը խորհրդարանում և կպարտադրենք մեր ճշմարտությունը:
ՀՈՎՈՒՇ — Ես` խորհրդարանում…
ՊԵՏՐՈՍ — Կամ` ես… Ծիծաղս գալիս է… Կոստյումով, փողկապով…
ՀՈՎՈՒՇ — Միկրոֆոնի մոտ:
ՄԱՐԻ — Իսկ ես պատկերացնում եմ, բոլորիս էլ պատկերացնում եմ, ինչո՞ւ ոչ, շատ էլ սիրուն կնայվենք:
ՀՈՒՆԱՆ — Դե… պարտադիր չէ` հենց մենք… ով էլ լինի` էլի մենք ենք…
ՍԻՄՈՆ — Չհասկացա…
ՀՈՒՆԱՆ — Տեսականորեն: Մեզնից ով էլ լինի` մենք ենք, մեր որդեգրած հավասարության սկզբունքն է:
ՊԵՏՐՈՍ — Այո, իհարկե, անձամբ ես, օրինակ, չեմ էլ ուզում, իմ բնույթին չբռնող բան է մի տեսակ:
ՀՈՒՆԱՆ — Դրանք լուծվող խնդիրներ են, սիրելի Պետրոս, հիմա այդքան կարևոր չեն, հիմա կարևորը` ժողովրդի հետ եղեք, զրուցեք, մխիթարեք, հույս տվեք, զբաղեցրեք, մի թողեք ջղաձիգ, անմիտ գործողությունների դիմի: Մնացյալը վերցնում եմ ինձ վրա:
ՍԻՄՈՆ — Հա՞…
ՀՈՒՆԱՆ — Հա, Սիմոն: Դե, ես գնացի, մի քանի կարևոր գործեր ունեմ: Մինչ տեսություն: (Հեռանում է:)
ՄԱՐԻ — Հունան, սպասիր… (Գնում է ետևից:)
ՍԻՄՈՆ — Դուրըս չի գալիս այս ամենը…
ՊԵՏՐՈՍ — Ի՞նչը դուրըդ չի գալիս, է՜:
ՍԻՄՈՆ — Չգիտեմ, չգիտեմ…
ՀՈՎՈՒՇ — Իզուր են կասկածներդ, Սիմոն, Հունանը մեզնից մեկն է, մեղք է նրան կասկածելը:
ՍԻՄՈՆ — Չգիտեմ, բայց ինչ-որ բան դուրըս չի գալիս: Հունանի խոսքը փոխվել է, տղերք, պաշտոնական է դարձել, չոր, առաջվա բարությունը, սրտացավությունը, սերը մեջից դուրս է եկել:
ՊԵՏՐՈՍ — Սիմոն, ախր, ինքդ նայիր, ուրիշ ի՞նչ ձև կա պայքարի:
ՍԻՄՈՆ — Գուցե իսկապես չկա, դա չի խնդիրը, այլ իր փոփոխությունը, իր տեսակը փոխվել է, ուզում եմ որոշել` առաջ էր իսկակա՞նը, թե՞ հիմա:
ՊԵՏՐՈՍ — Ոստիկանական բնազդները չեն մեռել մեջդ, Սիմոն:
ՍԻՄՈՆ — Լավ, մոռացանք, հաշվեք` բան չեմ ասել, ժամանակը ցույց կտա:
ՄԱՐԻ — (գալով): Գնաց: Ասաց` մի անհանգստացիր, շուտ կգամ:
ՊԵՏՐՈՍ — Հաջողություն ցանկանանք իր գործին:
Պատկեր 10
Կիսամութ սենյակ: Երկու տղա բերում են տոպրակը գլխին քաշած Հունանին:
ՁԱՅՆ — Հանեք տոպրակը, ձեռքերն ազատեք:
Տղաները հանում են տոպրակը, արձակում ձեռքերի կապը:
ՀՈՒՆԱՆ — (նայելով շուրջը): Որտե՞ղ եմ, ինչո՞ւ եք ինձ առևանգել, ո՞ր իրավունքով, սա իմ իրավունքների կոպիտ ոտնահարում է:
ՁԱՅՆ — Վրա մի տուր: Մարդու իրավունք, խոսքի ազատություն… Սա էն տեղը չի, էստեղ դեմագոգիադ չի անցնի: (Տղաներին.) Դուք դրսում սպասեք:
Տղաները դուրս են գալիս:
ՀՈՒՆԱՆ — Ո՞ւր եք, ինչո՞ւ չեմ տեսնում ձեզ:
ՁԱՅՆ — Չտեսնելը քո շահերից է:
ՀՈՒՆԱՆ — Հաբեթը ձեզ հե՞տ է:
ՁԱՅՆ — Հաբե՞թ… Հաբեթին մոռացիր: Հաբեթ: Չէ-չէ մի… Մանր մարդկանց հետ ես գործ բռնում, պարոն Հունան:
ՀՈՒՆԱՆ — Դե, մի տեղից պիտի սկսեի…
ՁԱՅՆ — Հաբեթ-մաբեթ մոռացիր, էլ չկան, եղա՞վ:
ՀՈՒՆԱՆ — Ոնց չկան… Առհասարա՞կ:
ՁԱՅՆ — Չէ, ամեն հասարակ առիթով հո մարդ չե՞նք վերացնում, Հաբեթը մեր հայրենակիցն է, առանց այն էլ մի բուռ ենք մնացել, թող աշխատի ի բարօրություն ազգի, նրան պարզապես խաղից հանել ենք:
ՀՈՒՆԱՆ — Դա հասկացա: Հետո՞:
ՁԱՅՆ — Հետո այն, որ պիտի շարունակես սկսած գործդ, մենք թույլ ենք տալիս և ոչ միայն թույլ ենք տալիս, այլև խրախուսում: Դու պիտի հաղթես, և մենք քեզ կօգնենք:
ՀՈՒՆԱՆ — Է, եթե հաղթեցի, էլ…
ՁԱՅՆ — Քեզ թվում է, եթե հաղթեցիր, դու ես լինելո՞ւ տերը ամեն ինչի: Գուցե հրամայես գլխատե՞լ մեզ… Միամիտ մարդ: Հիշիր, հաղթողից վեր էլի հաղթող կա: Մի խոսքով, եթե փորձես ինքնուրույն ինչ-որ բաներ ձեռնարկել, մեր գլխի վրայից թռնել, կվերացնենք, բարդ բան չէ: Ուստի քեզ խոհեմ պահիր, եթե խոհեմ եղար, ամեն բան ճիշտ արեցիր` լավ կլինի, մենք գիտենք` քեզ ինչ է պետք:
ՀՈՒՆԱՆ — Գուցե ինձ ավելի՞ն է պետք:
ՁԱՅՆ — Չափ կա, Հունան եղբայր, ամեն մեկին` ըստ իր չափի, լավ չափ է, չկասկածես, հասարակ մահկանացուն իսկի երազում չի տեսել այդ չափը:
ՀՈՒՆԱՆ — Լավ: Բա մենք ե՞րբ ենք տեսնվելու:
ՁԱՅՆ — Հնարավոր է` երբեք: Հույս չունենաս, թե մի օր մեր կողքին ես հայտնվելու, դրա համար ուրիշ աստղի տակ պիտի ծնված լինեիր: Երբ պետք լինի` քեզ հետ կկապվեն, մեր մարդիկ միշտ շուրջդ են լինելու:
ՀՈՒՆԱՆ — Իսկ եթե չհաղթե՞մ:
ՁԱՅՆ — Ո՞նց` չհաղթես… Էս ի՞նչ ես խոսում, կարգին ստոր, ճկուն, ճարտար, հարմարվող արարած ես, մեր օժանդակությունն էլ ունես, էլ ի՞նչ պիտի լինի, որ հաղթես: Հաղթելու ես: Ասա` երդվում եմ, որ հաղթելու եմ:
ՀՈՒՆԱՆ — Երդվում եմ, հաղթելու եմ:
ՁԱՅՆ — Ապրես: Ասա` երդվում եմ, որ անկասելիորեն ենթարկվելու եմ և անխոս կատարելու բոլոր կարգադրությունները… Ասենք, սրա կարիքը չկա, չենթարկվես` ի՞նչ ես անելու: Բայց դե, համենայնդեպս, երդվիր, որ դու էլ հանգիստ լինես:
ՀՈՒՆԱՆ — Երդվում եմ:
ՁԱՅՆ — Ապրես, ապրես: Տղանե՛ր: (Ներս եկած տղաներին:) Տարեք, դրեք այնտեղ, որտեղից վերցրիք:
Տոպրակը դարձյալ հագցնում են Հունանի գլխին ու տանում: Ամայի, մութ մի տեղ տոպրակը հանում են Հունանի գլխից:
ՏՂԱ 1 — (տոպրակը տալով Հունանին): Վերցրու, հիշատակ:
ՏՂԱ 2 — Տասը րոպե մնա էստեղ, տասը րոպեից կարող ես գնալ:
ՀՈՒՆԱՆ — Ո՞ւր:
ՏՂԱ 1 — Ուր ուզես, կուզես` ոստիկանություն գնա: Կատակ էր: (Հեռանում են:)
ՀՈՒՆԱՆ — Կատարվեց: Ինձ տեսան: Ես ուժ եմ: Ինձ շրջանցել հնարավոր չէ: Դե ինչ, Հաբեթնակ, բաժանեցին մեզ իրարից, դու ընդամենը մի աստիճան էիր իմ ճամփին, հաջողություն քեզ, ես ավելի թանկ արժեմ: Բայց ո՞վքեր են սրանք… Հետաքրքիր է, հետաքրքիր… Բայց քիթս չխոթեմ, գործ չունեմ, ասված է` ուզում ես երկար ապրել` մի խցկվիր: Ինձ իմը հերիք է: Գիտեի, գիտեի, որ հենց այնպես չեմ եկել այս աշխարհ, չեմ եկել շարքային ինչ-որ գործ անելու, չէ… Տեր, շնորհակալ եմ, լսեցիր աղերսանքս, արդեն կարծում էի` չես տեսնում ինձ, կարծում էի` կորսվում եմ… Ի՜նչ սարսափելի է ընդամենը միլիարդավորներից մեկը լինել, գալ, գնալ, կորչել, տարրալուծվել ոչնչի մեջ: Դու չթողեցիր կորչեմ, Տեր, շնորհակալ եմ: (Դադար:) Բայց դե… Տերը` տեր, բայց ես էլ մի բան արժեմ, չէ՞… Ասում են` Աստծո վրա հույս դիր, բայց ինքդ էլ առիթը մի կորցրու: Դեհ, քեզ տեսնեմ, Հունան, առա՛ջ, վեր ու վե՛ր, դեպի հաղթանա՛կ: (Հեռանում է:)

Պատկեր 11
Հունան, Մարի, Հովուշ, Պետրոս, Սիմոն, Մարտիկ: Հունանը քնած է:
ՄԱՐՏԻԿ — Բարի իրիգուն, ախպերություն-քրություն, ո՞նց եք:
ՀՈՎՈՒՇ — Կամաց, ուսուցիչը քնած է, չես տեսնո՞ւմ:
ՄԱՐՏԻԿ — Չէ, նոր տեսա… Թող քնի, իսկ դուք բերեք, բերեք մուծվեք, քանի դեռ իշխող կուսակցություն չեք դառել: Բայց տարօրինակ ա…
ՄԱՐԻ — Ի՞նչն է տարօրինակ:
ՄԱՐՏԻԿ — Որ ստեղ սենց քնել ա:
ՄԱՐԻ — Հոգնել է` քնել է, ի՞նչ տարօրինակ բան կա:
ՊԵՏՐՈՍ — Այո, հոգնած էր խեղճը, մի քիչ էլ խմած, մի բաժակ էլ մեզ հետ խմեց ու քնեց:
ՄԱՐՏԻԿ — Նա հիմա շքեղ ռեստորաններում ա ուտում-խմում, ո՞նց ա լայաղ արել էստեղ խմի` պառկի-քնի:
ՊԵՏՐՈՍ — Քիչ խոսիր:
ՄԱՐՏԻԿ — Բերանս մի փակի, հա՞, ձեր համար եմ ասում, ինձ ի՞նչ: Է, տղերք-աղջկեք, աչքիս` գցելու ա ձեզ ձեր ուսուցիչը: Հրեն, մեր շեֆին ո՞նց գցեց, շեֆին, է՜, էրեխու պես գցեց:
ՊԵՏՐՈՍ — Ճիշտ է արել:
ՀՈՎՈՒՇ — Շեֆը` շեֆ, մենք` մենք:
ՄԱՐՏԻԿ — Պահ, թե չէ ձեզ կխնայի, էլի:
ՍԻՄՈՆ — (փողը տալով): Փողդ վերցրու:
ՄԱՐՏԻԿ — (վերցնելով): Ի՛… Էս էլի կարգին չեք աշխատո՞ւմ, հաբրգել ե՞ք, թե՞ իսկականից կարծում եք` խորհրդարան եք մտնելու, այ հարիֆներ:
Սիմոնն ուզում է խփել, Պետրոսը զսպում է:
ՊԵՏՐՈՍ — Փողդ վերցրի՞ր… Դե գնա, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Ես կգնամ, ես գնալու տեղ շատ ունեմ, դուք ձեր մասին մտածեք:
Հունանն ինչ-որ բան է խոսում քնի մեջ:
ՍԻՄՈՆ — (Մարտիկին): Դե գնա, ի՞նչ ես լռվել:
ՄԱՐՏԻԿ — Սպասի լսենք` ինչ ա խոսում, հետաքրքիր ա:
ՍԻՄՈՆ — (հրելով): Գնա` ասեցի:
ՄԱՐՏԻԿ — Ոնց կուզեք, ձեր համար եմ ասում: Հաջող ապագա պատգամավորներին: (Փռթկացնելով հեռանում է:)
ՀՈՒՆԱՆ — (արթնանում է, նստում, վախեցած): Էս որտե՞ղ եմ…
ՊԵՏՐՈՍ — Մեզ հետ, այգում, վարպետ:
ՀՈՒՆԱՆ — Այգո՞ւմ… Հո մարդ չտեսա՞վ:
ՀՈՎՈՒՇ — Մենք ենք, ուսուցիչ:
ՀՈՒՆԱՆ — Դո՞ւք… Դուք ոչինչ, ուրիշ մարդ հո չի՞ եկել:
ՊԵՏՐՈՍ — Մարտիկն էր, եկավ, փողերը վերցրեց, գնաց:
ՀՈՒՆԱՆ — Մարտի՞կը… Ինձ տեսա՞վ:
ՍԻՄՈՆ — Հա, տեսավ, հետո ի՞նչ, այդ ե՞րբ ես Մարտիկին կամ մի ուրիշին կարևորություն տվել:
ՀՈՒՆԱՆ — Ճիշտ որ… Վատ երազ տեսա, երևի դրանից է… Ինչ կա-չկա՞, ժողովուրդ:
ՄԱՐԻ — Պիջակդ տուր, մաքրեմ, կեղտոտվել է:
ՀՈՒՆԱՆ — Հա, վերցրու, պիջակը կարևոր բան է: (Տալիս է պիջակը:) Ասում եմ` ինչ կա-չկա՞:
ՍԻՄՈՆ — Ի՞նչ պիտի, ժողովուրդը հրապարակում հավաքված` սպասում է, իսկ դու քնում ես:
ՀՈՒՆԱՆ — Ժողովո՞ւրդ… Հզոր բան է` ժողովուրդ…
ՍԻՄՈՆ — Այո, և այդ ժողովուրդը արդեն երկու ժամ է` սպասում է իր առաջնորդին:
ՀՈՒՆԱՆ — Սիմոն, ինձ ցուցումներ մի տուր, եղա՞վ, ես լավ գիտեմ` ինչը, ոնց, երբ, որտեղ:
ՍԻՄՈՆ — Գիտես` իմացի:
ՀՈՒՆԱՆ — Լավ դե, մի նեղացիր, Սիմոնս, մարդ եմ, հոգնած էի, մի քիչ քնեցի, հիմա լվացվեմ` գնանք ժողովրդի մոտ: Ժողովրդին խաբել չի կարելի, նա մանուկի պես է, իսկ մանուկին խաբելը մեծ մեղք է, աստված չի ների:
ՍԻՄՈՆ — Այդ մանուկը կոնկրետություն է պահանջում, Հունան, ընդհանուր խոսքերով էլ պահել չենք կարողանալու:
ՀՈՒՆԱՆ — Կոնկրետություն է ուզում` կստանա, առավել ևս, որ եկել է մեծ գործի ժամանակը: (Մարիին.) Կոստյումս:
ՄԱՐԻ — Խնդրեմ:
ՊԵՏՐՈՍ — Փողկապ չե՞ս կապում:
ՀՈւՆԱՆ — Ծաղրո՞ւմ ես:
ՊԵՏՐՈՍ — Աստված մի արասցե, այնտեղ հնուց մնացած մի շքեղ փողկապ ունեմ, մտածեցի` վերջապես պետք եկավ, բերե՞մ:
ՀՈՒՆԱՆ — Ոչ, փողկապը` հաջորդիվ, հիմա դեռ փողկապի ժամանակը չէ, ժողովուրդը փողկապավորներին չի սիրում: Գնացինք… (Հեռախազանգ:) Մի րոպե… (Հեռանում է մի կողմ, խոսում հեռախոսով:)
ՍԻՄՈՆ — Հեռախոս չէր պահում, սկզբունքորեն դեմ էր, ասում էր` սատանայից է:
ՊԵՏՐՈՍ — Ամեն ինչի վրա փնթփնթում ես, Սիմոն:
ՄԱՐԻ — Այսքան գործ է անում, առանց հեռախոսի ո՞նց կանի, այսօր ամենավերջին հարբեցողն էլ հեռախոս է պահում:
ՍԻՄՈՆ — Ես, օրինակ, չեմ պահում, Պետրոսն ու Հովուշն էլ…
ՀՈՒՆԱՆ — (մոտենալով): Մի տեսակ անհավես եք, տղեք, ձեզ թափ տվեք, մեզ մեծ գործեր են սպասում: Այ, Մարիի պես եղեք, նայեք` ոգեշնչված, թարմ, գեղեցիկ, աչուկները փայլում են… Գնացի՛նք, իմ ետևի՛ց:

Պատկեր 12
Հունանն ընկերների հետ գալիս է հարթակ:
ՀՈՒՆԱՆ — (հնչող երաժշտության մասին): Սա ի՞նչ է:
ՀՈՎՈՒՇ — Երաժշտություն, զբաղեցնում ենք ժողովրդին:
ՀՈՒՆԱՆ — Զբաղեցնո՞ւմ… Այս թաղումային լալահառաչությամբ դուք կոտրում եք ժողովրդի ոգին, աշխույժ բան հնչեցրեք, ոգևորող:
ՀՈՎՈՒՇ — Փնտրեմ ձայնագրությունների մեջ:
ՀՈՒՆԱՆ — Հիմա անջատիչը փնտրիր, ես խոսելու եմ: (Երաժշտությունն անջատում են:) Ողջույն քեզ, ժողովուրդ, ի՛մ ժողովուրդ: Ժողովուրդ: Ի դեպ, մտածե՞լ եք` որն է այս եզրույթի իսկական, խորքային իմաստը… Կարծում եք` հազարավոր մարդկանց ժողովելը ժողովո՞ւրդ է: Ոչ, սիրելիներս, բազմությունը դեռևս ժողովուրդ չէ, ամբոխ է, անկառավարելի, վտանգավոր, բնազդների ենթակա մութ ուժ: Որպեսզի ամբոխը ժողովուրդ դառնա` միավորող ընդհանուր գաղափար է պետք, ամուր գաղափար, ազնիվ, արդարացի գաղափար, բոլորի համար ընդունելի գաղափար: Գաղափար, կազմակերպվածություն և ազնիվ, անձնվեր առաջնորդ: Ոմանք շատ կցան- կանային, որպեսզի մեր շարժումը անկազմակերպ, ամբոխային լիներ, սակայն ես ու իմ ընկերները դա թույլ չենք տա, դո՛ւք դա թույլ չեք տա, մենք միասի՛ն դա թույլ չենք տա: (Ժխոր:) Մեր նպատակաուղղված, անշեղ առաջընթացը շատ մոտ ապագայում բերելու է շոշափելի արդ- յունքներ: Շատերը կհարցնեն` իսկ որո՞նք են այդ արդյունքները, ի՞նչ արդյունքների մասին է խոսքը, արդյո՞ք մենք չենք պատ-րաստվում ընդամենը փոխարինել նախորդներին: Ոչ, հարգելիներս, մենք նրանց իշխանության կամ ունեցվածքի վրա աչք չենք տնկել, մենք իրենց պես ընչաքաղց, ագահ ու անկուշտ չենք: (Ժխոր:) Մեր նպատակն ուրիշ է, մեզ շատ բան պետք չէ, մեզ պետք է, որ մեր գլխին ծածկ լինի, որ քաղցած չլինենք, որ մեր հագին պատշաճ հագուստ լինի, որպեսզի ունենանք աշխատանքի, կրթության, բժշկության իրավունք և հնարավորություն, որպեսզի երկիրը պաշտպանված լինի, և ամենակարևորը` որպեսզի երկրում տիրի վստահության, համերաշխության մթնոլորտ. վստահություն, համաձայնություն, հավասարություն, արդարություն… այ, այս բաները առաջնահերթ կարևորություն ունեն մեզ համար, եթե սրանք ձեռք բերենք, մնացյալն անելը դյուրին է լինելու: (Ժխոր:) Մոտ օրերս, գիտեք, խորհրդարանական ընտրություններ են, մենք բոլոր հնարավորություններն ունենք խորհրդա- րանում մեծամասնություն կազմելու, մեր կուսակցությունն ամենաբազմամարդն է, մնում է` առավելագույնս կազմակերպված լինել… (Ժխոր:) Ի՞նչ, կգողանա՞ն մեր ձայները, կկեղծե՞ն… Թույլ չենք տա: Այո: Դուք ապահովեք հարյուր տոկոսանոց մասնակցություն, մենք էլ կապահովենք աչալուրջ հսկողություն, խոստանում եմ` ոչ մի ձայն չի կորչի, թեկուզ դրա համար հարկ լինի կենաց-մահու կռիվ տալ: Հավատացեք, և մենք կհաղթենք, կհաղթենք և կժառանգենք երկիրը, վերջինները կդառնան առաջին, և մենք` միացյալ, կկառուցենք մեր երազանքների երկիրը: Ուստի` ի գործ, հարազատներս: (Ոգևորության աղմուկ: Ընկերներին.) Այ, հիմա երաժշտություն հնչեցրեք, զբաղեցրեք, ոգևորեք մարդկանց… Ես գնացի, կիսատ գործեր ունեմ:

Պատկեր 13
Պետրոս, Սիմոն, Հովուշ, Մարի, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Ողջույն հարիֆներին, ո՞նց եք, քցված ախպերներ: Ասում էի, չէ՞…
ՊԵՏՐՈՍ — Էլի սկսեց… Դու ոնց որ սատանա լինես, գնում-գալիս` մարդկանց հոգիները պղտորում ես:
ՄԱՐՏԻԿ — Ես եմ սատանա՞… Սատանին ծոցներիդ տաքացրիք` թողիք աշխարհի վրա, ինձ եք մեղադրո՞ւմ, ես զգուշացրել եմ, իմ խղճի առաջ ես արդար եմ… (Ինքն իր մասին:) Այ, էս տղեն ասում էր, ասում էր, չէ՞… Բայց ասողին լսող ա պետք:
ՀՈՎՈՒՇ — Բայց ի՞նչ է եղել, ի՞նչ ես ոգևորվել, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Ո՞նց… Իշի ականջում քնած ե՞ք… Ցուցակները նայել ե՞ք:
ՍԻՄՈՆ — Չենք նայել:
ՄԱՐՏԻԿ — Դե առեք, նայեք: (Տալիս է ցուցակները:) Թե ձեզ ուզեք գտնել` հարուրից ներքև նայեք: Ձեր հերթը, ախպերիկներ-քուրիկներ, էս կյանքում չի հասնի, մյուս կյանքում էլ` ի՞նչ իմանաս, նորից ինչ մի ավանտյուրիստ ռաստ կգա:
ՊԵՏՐՈՍ — Մենք մեզ համար չէինք կռիվ տալիս, Մարտիկ, գուցե այս առաջին տեղերի մարդիկ ավելի անհրաժեշտ են, վերջ ի վերջո խորհրդարանը ընկեր-բարեկամների հավաքատեղի չէ, պրոֆեսիոնալներ են պետք:
ՄԱՐՏԻԿ — Հա, բա ո՞նց, մենակ իմանաս, թե էդ առաջինները ինչ պրոֆեսիոնալներ են, Պետրոս ախպեր:
ՍԻՄՈՆ — Դու գիտե՞ս:
ՄԱՐՏԻԿ — Ես գիտեմ:
ՍԻՄՈՆ — Դե մեզ էլ ասա:
ՄԱՐՏԻԿ — Ինչի՞ ասեմ, ինքներդ իմացեք, մեկ ա իմ ասածները բանի տեղ չեք դնում:
ՀՈՎՈՒՇ — Ուսուցիչը կգա` կասի, ինքը լավ գիտի, թե ում, ինչու…
ՄԱՐՏԻԿ — Լավ գիտի, բա ո՞նց, Հովուշ ջան, ինքը շատ լավ գիտի, ասա` դուք իմանաք: Բա ո՞ւր ա ինքը:
ՄԱՐԻ — Մի քանի օր է` չկա, զանգերին էլ չի պատասխանում, վախենամ` մի փորձանքի եկած լինի:
ՄԱՐՏԻԿ — Եթե ուտել-խմել-նանարների հետ ֆռֆռալը փորձանք ա, ուրեմն շատ մեծ փորձանքի մեջ ա: Սենց որ գնա` ձեր ուստեն մի օր նախագահ էլ կդառնա, հիշեք ասածս:
ՀՈՎՈՒՇ — Թող դառնա, դրանից ժողովուրդը միայն կշահի:
ՄԱՐՏԻԿ — Ականջիդ օղ արա, միամիտ ախպեր, թե շահող եղավ` էլի իմ շեֆն ու իրա նմաններն են շահելու, դուք ոնց եղել եք բոմժ, էնպես էլ մնալու եք: Սենց մարդ կլինի՞, որ սրանք են, մեջքին ընկել` էլի իրանց պարտությունը չեն ընդունում:
ՄԱՐԻ — (հեռախոսի մասին): Դարձյալ չի պատասխանում: Ի՞նչ անենք, Սիմոն, Պետրոս, Հովուշ, մի բան ասեք:
ՄԱՐՏԻԿ — Ի՞նչ ասեն, աղջիկ ջան, ի՞նչ ես կպել սրանց խեղճ ջանից:
ՄԱՐԻ — Գուցե հիվանդ է կամ…
ՄԱՐՏԻԿ — Էնի ցուլի առողջություն ունի, արխային, ոչինչ էլ չի պատահել, չի ուզում ձեզ տեսնի, էդքան բան, տեսնի` ի՞նչ ասի, համ էլ դուք իրան հետաքրքիր չեք: Բերեք, բերեք նալոգները փակվեք, ես գնամ, իմ պրոբլեմներն ինձ ծով են… Ծով ասի` հիշեցի, մի շաբաթ ստեղ չէի, մի հատ չեք հարցնո՞ւմ` ուր էիր, Մարտիկ ախպեր, նալոգները մնաց:
ՊԵՏՐՈՍ — Ո՞ւր էիր, Մարտիկ:
ՄԱՐՏԻԿ — Ծովափ էի մեկնել շեֆիս հետ, հանգստանում էի:
ՍԻՄՈՆ — Քեզ տարել էր, որ մանկլավիկություն անեիր, չէ՞:
ՄԱՐՏԻԿ — Ի՛… Թե ինչի եմ ձեր հետ լեզու թրջում… Բերեք, բերեք անցած շաբաթվա պարտքերը փակեք` գնամ, հազար գործ ունեմ:
ՍԻՄՈՆ — Նալոգ չկա, Մարտիկ, գնում ես` գնա:
ՄԱՐՏԻԿ — Ոնց չկա… Ինչի՞… Հա՜, պարզ ա, ձեզ թվացել ա` արդեն պատգամավոր եք, էլ ի՞նչ գործ, ի՞նչ Մարտիկ, Մարտիկն ո՞ւմ շունն ա: Բայց ոչինչ, Հունանը շատ փող ունի, թող բերի` իրա ախպերների պարտքերը փակի:
ՍԻՄՈՆ — Դու լավ չհասկացար, Մարտիկ, անկախ որևէ բանից` էլ քեզ համար մուրացկանություն անող չենք:
ՄԱՐՏԻԿ — Էդ հաստատ եք որոշե՞լ:
ՊԵՏՐՈՍ — Հաստատ:
ՄԱՐՏԻԿ — Սենց բաներ… Ուրեմն, ախպերներ, կբերեք ձեր պարտքը կփակեք ու էս տարածքից ռադներդ կքաշեք, եղա՞վ: Վաղվանից ստեղ ուրիշ տղեք կաշխատեն: Հասկացա՞ք, է՛, ժամ եմ դնում` մինչև առավոտվա ութը, սլաքը շարժվավ, կամ պարտքը փակում եք ու աշխատում, կամ էլ մաքրում եք տարածքը: Էսքան բան, ես գնացի: Մտածեք, լավ մտածեք (Հեռանում է:)
ՀՈՎՈՒՇ — Ի՞նչ ենք անելու:
ՄԱՐԻ — Հունանին գտնել է պետք, շտապ:
ՍԻՄՈՆ — Գտնենք, որ ի՞նչ լինի… Անձամբ ինձ համար ամեն բան պարզ է:
ՀՈՎՈՒՇ — Այդպես մի ասա, Սիմոն, շտապ եզրակացություններ մի անի…
ՊԵՏՐՈՍ — Այո, Մարտիկի ասածները հալած յուղի տեղ չընդունենք:
ՍԻՄՈՆ — Է, Պետրոս, Պետրոս…
ՄԱՐԻ — Դուք ոնց կուզեք, ես գնում եմ նրան փնտրելու:
ՍԻՄՈՆ — Գնա:
ՊԵՏՐՈՍ — (հեռացող Մարիի ետևից): Զգույշ եղիր…
Մարին ձեռքը թափ տալով հեռանում է:
ՍԻՄՈՆ — Մի բան երգիր, Հովուշ:
ՀՈՎՈՒՇ — Երգ չկա մեջս, ամայացել է մի տեսակ:
ՊԵՏՐՈՍ — Քնենք ուրեմն: Լույսը կբացվի, բարին էլ` հետը:
ՍԻՄՈՆ — (կծու): Բա ոնց, նույնիսկ հնարավոր է` բարին լույսից շուտ բացվի:

Պատկեր 14
Հյուրանոցային սենյակ: Ներս են գալիս Հունանը և Մարին: Մարին խուսափելով է գալիս, Հունանը խմած է:
ՀՈՒՆԱՆ — Արի, մի ամաչիր:
ՄԱՐԻ — Դրսում կարող էինք խոսել, մի սրճարան մտնեինք…
ՀՈՒՆԱՆ — Ինչո՞ւ, իմ սենյակն է, արի: Չեմ հասկանում, վախենո՞ւմ ես ինձնից:
ՄԱՐԻ — Չէ, ինչ վախենալ, անսովոր է պարզապես… Շատ շքեղ հյուրանոց է, առաջին անգամ եմ այսպիսի հյուրանոց մտնում:
ՀՈՒՆԱՆ — Հա, բարձրակարգ է: Բայց քեզ հանգիստ զգա, ես չեմ վճարում, այլ հովանավորներս:
ՄԱՐԻ — Ովքե՞ր են:
ՀՈւՆԱՆ — Կան այդպիսիք… Մարի, սիրելիս, ամեն բան չէ, որ կարող եմ ասել քեզ, ասեմ միայն, որ հզոր մարդիկ են և մեր գործի համար` շատ կարևոր, փող են ներդնում, հասկանո՞ւմ ես, մեծ փող, շատ փող…
ՄԱՐԻ — Աչքերդ վառվեցին:
ՀՈՒՆԱՆ — Չափազանցնում ես: Ցավոք, մարդկությունն իրեն կապել է փողով, առանց փողի` ոչ մի քայլ, ուզածդ գործին, թեկուզ ամենաազնիվ ու արդար, փող է անհրաժեշտ, ասեմ ավելին` որքան գործդ ազնիվ ու արդար` այնքան ավելի շատ փող է պետք: Ի դեպ… (Փող է հանում գրպանից:) Վերցրու:
ՄԱՐԻ — Ինչո՞ւ…
ՀՈՒՆԱՆ — Ո՞նց ինչու, օդով ես ապրո՞ւմ, վերցրու:
ՄԱՐԻ — Պահիր փողդ, Հունան, խնդրում եմ, նույնիսկ տգեղ է մի տեսակ… Ինձ ոչինչ պետք չի, ես եկել եմ խոսելու հետդ: Երկու օր է փնտրում եմ քեզ, հեռախոսդ չի պատասխանում…
ՀՈՒՆԱՆ — (պահելով փողը): Հա, խիստ զբաղված էի, քիթս քորելու ժամանակ չկար, հեռախոսիս համարն էլ փոխել եմ, էն համարով ով ասես զանգում էր: Ի՞նչ պատվիրենք, ծտի կաթ էլ ուզես` կբերեն, հիմա կանչեմ` պատվիրիր: Չես ուզո՞ւմ… Լավ, չես ուզում` պետք չի, նայեմ սառնարանում ինչ կա: (Նայելով:) Ահա, հրաշալի գինի է, կիսատ շամպայն էլ կա… Կոնֆետ… Չէ, կոնֆետ չի… (Պահպանակ է ձեռքն ընկածը, մի կողմ է դնում:)
ՄԱՐԻ — Ես խմելու չեմ եկել, Հունան:
ՀՈՒՆԱՆ — Խոսելու, հա, ասել ես: Բայց դե կխոսենք, ամբողջ գիշերն առջևում է: Մոտ արի: (Փորձում է գրկել:)
ՄԱՐԻ — Թող, պետք չի…
ՀՈՒՆԱՆ — Ինչո՞ւ… Ես գիտեմ, դու անտարբեր չես իմ նկատմամբ… ազատ թող քեզ, Մարի:
ՄԱՐԻ — Տղերքն այնտեղ անորոշության մեջ են, սպասում են…
ՀՈՒՆԱՆ — Ի՞նչ տղերք… Հա, Պետրոսը, Սիմոնը, բանը… Դեհ, տղերքին էդպես չեմ թողնի, մի անհանգստացիր, կզբաղվեմ տղերքով, մի քիչ գործերից թեթևանամ, կզբաղվեմ: Արի, առավոտյան կգնաս…
ՄԱՐԻ — Ես այսպես չէի պատկերացնում մեր հանդիպումը:
ՀՈՒՆԱՆ — Տարօրինակ է, սրանից լավ տե՞ղ հանդիպման համար:
ՄԱՐԻ — Ինձ չես հասկանում:
ՀՈՒՆԱՆ — Լսիր, աղջիկ ջան, երկրիս լավագույն կանայք կերազեին հիմա քո տեղում լինել…
ՄԱՐԻ — Սթափվիր, Հունան, չեմ ճանաչոււմ քեզ:
ՀՈՒՆԱՆ — Բայց քեզ գոնե ճանաչո՞ւմ ես… Ի՞նչ ես կույսի պես չեմուչում անում, դու Մարին չե՞ս…
ՄԱՐԻ — Այո, Մարին եմ, մի անգամ փրկել ես ինձ ծեծից, հնարավոր է` նույնիսկ սպանեին, հիշում եմ, ա՞յդ էիր ուզում ասել:
ՀՈՒՆԱՆ — Դե չէ… Հո երեսով չե՞մ տալիս, չէ…
ՄԱՐԻ — Գիտե՞ս, հիմա մտածեցի, լավ էր` չփրկեիր:
ՀՈՒՆԱՆ — Ուֆ, ինչ բարդ է քեզ մոտ ամեն բան, հարուստ անցյալն էլ մի բան չի, էլի, հատկապես կնոջ համար: (Սպիտակ փոշի է հանում, քաշում քիթը:) Հանգստանալու համար է, շատ լարված օրեր են: Կուզե՞ս: Ո՞չ… Ի՞նչ ես այդպես մեղադրող նայում… Ես չեմ սիրում, երբ ինձ այդպես նայում են: (Հիստերիկ:) Եկել ես, որ ի՞նչ ասես ինձ, ի՞նչ, դու ի՞նչ գիտես իմ կյանքից, որ մեղադրում ես:
ՄԱՐԻ — Մեղադրե՞լ եմ:
ՀՈՒՆԱՆ — Մեղադրում ես, հա, քո ամբողջ տեսքով, վարքով, հայացքով… Նստել ես էստեղ դատախազի պես… (Գինի է լցնում բաժակը, խմում:) Ես դժվար կյանք եմ ապրել, Մարի, ծնողներս մսխել են ունեցած-չունեցածը, տունուտեղը, թողել-գնացել են գրողի ծոցը, ես զրոյից եմ սկսել, ամեն բան արել եմ, նույնիսկ` գողություն, հա-հա, մի զարմացիր, ապրել էր պետք, ձեռքս մի քիչ փող ընկավ, բայց խաղատներում տանուլ տվի: Եվ այն ժամանակ հասկացա` մանր-մունր բաներն ինձ համար չեն, մեծին` մեծ խաղ, ինձ մեծ խաղ է պետք, շատ մեծ: Երկար եմ պատրաստվել իմ այս մեծ խաղին, սա իմ բիզնես պրոյեկտն էր` եթե ուզում ես: Եվ ես իրագործեցի այն:
ՄԱՐԻ — Այս ամենն արիր միայն քե՞զ համար…
ՀՈՒՆԱՆ — Մարդկա՞նց նկատի ունես… Դեհ, ոնց ասեմ, մարդիկ… Մարդիկ միջոց են, միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ Հիսուսը մարդկանց օգտագործեց` խաչին հասնելու համար:
ՄԱՐԻ — Բայց դու խաչին չես բարձրանում:
ՀՈՒՆԱՆ — Քսանմեկերորդ դարն է, խաչի մասին պատկերացումները փոխվել են, նա իր շահախնդրությունն ուներ, ես` իմը, նա իր ձևով աշխարհից վրեժխնդիր եղավ, ես` իմ:
ՄԱՐԻ — Խառնել ես ոնց որ, Հունան, կամ էլ` հարմարեցրել քեզ:
ՀՈՒՆԱՆ — Դու շատ փոքր ես այս ամենը խորությամբ հասկանալու համար: Վերջապես, հո չե՞մ հրաժարվում, երբ ես բարձրանամ` ժողովուրդն էլ կօգտվի, ոչ ոք չի տուժի, հասկանո՞ւմ ես, հակառակը` կշահեն: (Գոռոզ:) Այ, երբ դառնամ երկրի տերը… իսկ ես դառնալու եմ, թող ոչ ոք չկասկածի, դու էլ հանկարծ չկասկածես…
ՄԱՐԻ — Այս ինչ է վիճակդ, Աստված իմ…
ՀՈՒՆԱՆ — Ի՞նչ աստված, ի՞նչ ես փսլնքոտ բաներ խոսում, քեզ ինչ է` թվում էր, թե ես ռոմանտիկ հեղափոխակա՞ն եմ, հանուն ճնշված, ընչազուրկ մասսաների՞… Ի՜նչ ծիծաղելին ես: Բայց դու մի մտածիր, Մարի, քեզ անտեր չեմ թողնի, այո, գործ կտամ քեզ…
ՄԱՐԻ — Քարտուղարուհու:
ՀՈՒՆԱՆ — Տեսնենք, գուցե ավելի բարձր մի բան… Թեև առաջնորդի քարտուղարուհի լինելը վատ չի ոնց որ, հը՞:
ՄԱՐԻ — Հրաշալի է: Իսկ տղե՞րքը:
ՀՈՒՆԱՆ — Տղե՞րքը… Ի՞նչ տղերք… Սիմոնը-բանը՞… Հա, դե մի բան էլ տղերքին կհասնի, շուն-գել` մասնակից են, օգնել են, բա ո՞նց… Ճիշտ է, հիմա արդեն իրենցից ոչինչ կախված չէ… բայց կրկնում եմ` չեմ մոռանա… (Գրպանից փող հանելով:) Սա տուր իրենց, թող յոլա գնան, մինչև տեսնենք…
ՄԱՐԻ — Պետք չի:
ՀՈՒՆԱՆ — Իրենց փոխարեն ինչո՞ւ ես որոշում ընդունում, քեզ ընդամենը հասնում է փոխանցել, կուզեն, թե չեն ուզի` արդեն իրենց գործն է: (Փողը մտցնում է Մարիի պայուսակը:) Կարող ա չվերցնեն, հա՞… կյանքում էսքան փող տեսել ե՞ն…
ՄԱՐԻ — Հունան, դու…
ՀՈՒՆԱՆ — Ի՞նչ, ես ի՞նչ, ասա:
ՄԱՐԻ — Ոչինչ… Շունչս կտրվում է… Քեզ հետ նույն սենյակում մնալ այլևս չեմ կարող: (Գնում է դեպի դուռը:)
ՀՈՒՆԱՆ — (Մարիի ետևից): Գնա, գնա… Բայց հիշիր, սա քո վերջին շանսն էր, կյանքն էս տեսակ շանս էլ չի պարգևի քեզ: Հիմար կին:
Պատկեր 15
Պետրոս, Սիմոն, Հովուշ, Մարտիկ, Տղա 1, Տղա 2: Առավոտ:
Մարտիկը և տղաները մոտենում են խարխուլ շինությանը, ուր գիշերում են Պետրոսը, Սիմոնը և Հովուշը:
ՄԱՐՏԻԿ — Մուշ-մուշ քնած են, երանի սրանց: Է՜, պատգամավոր ախպերներ, հելեք` տեսնեմ, լսո՞ւմ եք, դավայ, դավայ… (Խարխուլ շինությունից դուրս են գալիս Պետրոսը, Սիմոնը և Հովուշը:) Ի՛… Մարդկությունը վաղուց զարթնել ա, աշխարհն ա քանդում, փող ա շինում, դուք քնած եք, այ ախպեր:
ՀՈՎՈՒՇ — Քնած չենք, սուրճ էինք խմում:
ՄԱՐՏԻԿ — Լավ ա, պատգամավոր չդառաք, բայց զամաշկեքը լրիվ պատգամավորական են:
ՍԻՄՈՆ — Ախմախ-ախմախ դուրս մի տուր, Մարտիկ, առավոտ կանուխ այդքան ախմախություն լսելը մեծ բեռ է օրվա համար: Ասա, ի՞նչ ես ասում:
ՄԱՐՏԻԿ — Ի՞նչ ասեմ, դուք պիտի ասեք: Մտածեցի՞ք:
ՊԵՏՐՈՍ — Մտածեցինք:
ՄԱՐՏԻԿ — Է՞…
ՍԻՄՈՆ — Ոնց երեկ ասինք` էդպես, ավելացնելու բան չունենք:
ՄԱՐՏԻԿ — Հա՞… Դե ինչ, հավքվեք, իրեք րոպե ձեզ ժամանակ, իրեք րոպեից ստեղ էղաք` ինձ չմեղադրեք: Ժամը գնաց:
ՍԻՄՈՆ — Հաշվի` անցավ երեք րոպեն:
ՄԱՐՏԻԿ — Չէ, թող ռեալ անցնի, պոլիտկոռեկտությունը պահենք, ախպեր, տոլերանտ ըլնենք:
ՊԵՏՐՈՍ — Ի՞նչ…
ՄԱՐՏԻԿ — Բա ո՞նց, թե՞ ձեզ թվում ա` Մարտիկը ծառից ա իջել: Ծխենք, կոֆեի վրա սազում ա:
Մարտիկից սիգարետ են վերցնում իր հետ եկած տղաները, մյուսներն իրենցն են ծխում:
ՄԱՐՏԻԿ — Ըհը: Դե՞…
ՍԻՄՈՆ — Նույնը:
ՄԱՐՏԻԿ — Պարզ ա: Տղե՛րք, մաքրեք տարածքը:
Տղաները առաջ են գալիս, Սիմոնը փայտ է վերցնում:
ՍԻՄՈՆ — Եկեք` տեսնեմ:
Հայտնվում է Մարին:
ՄԱՐԻ — (գրկելով Սիմոնին): Պետք չի, Սիմոն, անիմաստ է:
ՊԵՏՐՈՍ — (Մարտիկին): Սպասի` իրերը վերցնենք:
ՄԱՐՏԻԿ — Դավայ դե, շուտ, ժամանակ չկա: Իրերը: Թե ձեզ ուր ա իր, էն մի գիտառն ա, էլի:
Վերցնում են ունեցած-չունեցածը, հեռանում են:
ՄԱՐՏԻԿ — (նրանց ետևից): Պետրոս, տղեք… Սպասեք, մի րոպե: (Մոտենալով:) Ինչքան չլնի` էսքան տարի իրար ճանաչում ենք… Վոբշեմ, մի նեղացեք, էլի, շեֆի կարգադրությունն ա… Շեֆը հլա մի կողմ, ժամանակի բանն ա, էն…
ՀՈՎՈՒՇ — (հուշում է): Հրամայականը:
ՄԱՐՏԻԿ — Հա: Սենց չանեմ` սոված կմնամ, վիժիվատի օրենքն ա: Էսի ուզում էի անպայման ասեմ ձեզ, որ ինձնից դիլխոր չմնաք:
ՊԵՏՐՈՍ — Ասեցի՞ր:
ՄԱՐՏԻԿ — Հա:
ՊԵՏՐՈՍ — Խիղճդ հիմա հանգի՞ստ է:
ՄԱՐՏԻԿ — Դե… ինչ ասեմ… Դե, դուք ձեր տեղը մի ձև կգտնեք, էլի…
ՊԵՏՐՈՍ — Կգտնենք, չկասկածես:
ՍԻՄՈՆ — Ասա` դու քո տեղը գտնես: (Հեռանում են)

Պատկեր 16
Պետրոս, Սիմոն, Հովուշ, Մարի, Հունան, թիկնապահ 1, թիկնապահ 2:
Ավտոմեքենայի արգելակների ճռռոց, Հունանը` մուգ ակնոցով, շքեղ հագուկապով, մեքենայից իջել, թիկնապահների ուղեկցությամբ քայլում է: Նրան ընդառաջ են գալիս Սիմոնը, Պետրոսը, Հովուշը, Մարին:
ՍԻՄՈՆ — Ո՞ւմ ենք տեսնում… Հարգանքներիս հավաստիքը ժողովրդի փրկչին, այս ի՞նչ բարեբախտություն էր:
Թիկնապահները սպառնալից առաջ են գալիս:
ՀՈՒՆԱՆ — (զսպում է թիկնապահներին): Սպասեք, տղաներ: Բարի առավոտ, Սիմոն, ողջույն, բարեկամներս, ինչպե՞ս եք…
ՊԵՏՐՈՍ — Հրաշալի: Դո՞ւք…
ՀՈՒՆԱՆ — Վազվզոցի մեջ…
ՀՈՎՈՒՇ — Ինչպես միշտ` տառապում եք ժողովրդի համար, հասկանալի է:
ՀՈՒՆԱՆ — Հարգելիներս, իզուր եք անհանգստացել, իրավ որ, արդեն վճռել էի, այսօր երեկոյան մեքենան ուղարկելու էի ձեր ետևից, որ հանդիպենք, խոսենք…
ՄԱՐԻ — Ի՞նչ նեղություն…
ՊԵՏՐՈՍ — Մեզ քեզնից բան պետք չի, Հունան, մի տագնապիր:
ՍԻՄՈՆ — Հա, եկել ենք աչքերիդ նայենք ընդամենը: Ակնոցդ չես հանի՞:
ՀՈՒՆԱՆ — Ակնո՞ցս… Չէ… աչքերս բորբոքված են:
ՄԱՐԻ — Նա մեզ ու մեզ նմաններին իր աչքերը ցույց տալ չի կարող այլևս:
ՀՈՎՈՒՇ — Դա ինչ-որ տեղ իր օգտին է խոսում, գիտե՞ք, ամեն բան կորած չէ դեռևս:
ՍԻՄՈՆ — Կորած է, Հովուշ, քեզ մի խաբիր:
ՊԵՏՐՈՍ — Ակնոցը չի փրկի, Հունան, ակնոցի միջով էլ պարզ երևում է:
ՀՈՎՈՒՇ — Կեղծ մարգարե:
ՍԻՄՈՆ — Սուտ առաջնորդ: (Փողը հանում է, խոթում Հունանի գրպանը:) Առ փողերդ, դու փող շատ ես սիրում:
ՊԵՏՐՈՍ — Վերցրու, վերցրու, մենք յոլա կգնանք, իսկ դու առանց փողի կյանք չունես, դու հոգիդ էլ կծախես փողի համար:
ՄԱՐԻ — Նոր պիտի ծախի՞, վաղուց ծախել-պրծել է:
ՀՈՒՆԱՆ — Պահ, ջիգիթ եք, էլի… Արեցիք, սրտներդ հովացավ, հա՞, բայց դա` էս պահին, հետո՞ ինչ է լինելու, հետոյի մասին մտածե՞լ եք: Մի օրով ապրող թիթեռ եք, էլի, դրա համար էլ էս օրին եք:
ՍԻՄՈՆ — Դու ավելի վատ օրի ես, Հունան, պարզապես չես տեսնում:
ՄԱՐԻ — Հա, մեղք է մեր Հունանը:
ՀՈՎՈՒՇ — Շատ վատանաս` արի, կօգնենք, մենք հպարտ չենք:
ՀՈՒՆԱՆ — Մի կողմ քաշվեք` անցնեմ, է՛, ձեր հավեսը չունեմ, խեղկատակներ… (Թիկնապահների հետ գնում է:)
ՊԵՏՐՈՍ — Խե՜ղճ Հունան…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։