Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ / «ԱՉՔԸ ԾՈԾՐԱԿԻՆ»

Աղասի ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԱՉՔԸ ԾՈԾՐԱԿԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Իմ դաստիարակներից ամենաներգործունը, թերևս, թատրոնը եղավ։ Նա ոչ միայն գեղագիտական դրսևորույթս կազմավորեց, այլև էթիկայի դասեր տվեց և ամեն ինչ կերպավորելու ունակություն։ Ես հաստատ չեմ կարող ասել՝ թատրո՞նն էր ուղղորդում դեպի գրականություն, թե՞ գրականությունն էր ճամփա բացում դեպի թատրոն։ Մի բան պարզ է այժմ ինձ համար, որ դրանց միասնության մեջ երրորդ «ազգականն» էլ էր տեղավորվում՝ նկարչությունը, ապա և չորրորդն էր հայտնվում նրանց համաբանության մեջ՝ կինոն։ Եվ բոլորը միասին մի գեղարվեստական միջավայր էին ստեղծում, որը կոչվում է Արվեստ։

Թատրոնը տակավին մնում է իր նախեղակ նշանագործական էությունում:

 

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

 

ԱՉՔԸ ԾՈԾՐԱԿԻՆ

Փոքրիկ խնդմնդուք յոթ պատկերով

 

Գործող անձինք

ՄԱԶԽԱՐ ՇԵՐԻՖ

ԽԱԼԻԴԵ խանըմ

ԱՐԻՖ — նրանց որդին

ՈՒՈԼՏ ՀԵՅԼԻ — Արիֆի ընկերը, ամերիկացի

ՍԱԱԴՈՒԼԼԱ — բժիշկ

ՏԱՐԻԿ

ՄԱՐԻՖԱԹ

Գործողության վայրը՝ Թուրքիա, քաղաք Էրզրում։

 

 

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Հարուստ բնակարան, եվրոպական կահավորումը՝ արևելյան ոճի երանգավորումով։ Գորգեր, պատին՝ անցած դարի բարձրաստիճան թուրք զինվորականի համազգեստով անձնավորության դիմանկար։ Հայելու առջև նստած Խալիդե խանըմը զբաղված Է դեմքի հարդարանքով։ Ներս է մտնում Մազխարը՝ ձեռքին գիրք։

ՄԱԶԽԱՐ — (հուզված)։ Սա ի՞նչ Է։

ԽԱԼԻԴԵ — (հայելու մեջ տեսնելով ամուսնու ձեռքի գիրքը)։ Գիրք։

ՄԱԶԽԱՐ — Գի՞րք…

ԽԱԼԻԴԵ — (շրջվելով դեպի ամուսինը)։ Եթե չեմ սխալվում՝ գիրք է։

ՄԱԶԽԱՐ — Ոչ։ Սա գիրք չէ…

ԽԱԼԻԴԵ — (ժպտաշուրթ)։ Գիրք չէ՞… Հա­պա ի՞նչ է…

ՄԱԶԽԱՐ — Շայթանի այցելությունը։

ԽԱԼԻԴԵ — Չեմ հասկանում…

ՄԱԶԽԱՐ — Սա ի՞նչ գործ ունի մեր տանը։

ԽԱԼԻԴԵ – Գի՞րքը… Վաղո՞ւց չես եղել կողքի օդան… Դու ինքդ ես գրքերով լցրել…

ՄԱԶԽԱՐ — Բայց սա իրավունք չունի կողքի օդայում լինել։

ԽԱԼԻԴԵ — (զարմացած)։ Ինչո՞ւ։

ՄԱԶԽԱՐ — Որովհետև սա գիրք չէ…

ԽԱԼԻԴԵ — լնում է հայելու առջևից, մո­տենում է ամուսնուն, տարակուսած նայում գրքին)։ Գիրք չէ՞… ասում ես…

ՄԱԶԽԱՐ — (ավելի գրգռված)։ Հա՛… Գիրք չէ, ասում եմ… Սա շայթանի թազբեհն է… ԽԱԼԻԴԵ — (երկչոտ ժպիտով)։ Թազբե՞հը… (Վերցնում է գիրքը, թերթում։) Սովորական գիրք է։ (Խնդրալից արտահայտությամբ նայում է ամուսնուն։) Չէ՞…

ՄԱԶԽԱՐ — Դու, կարծեմ, գիմնազիայում ես սովորել… (Գիրքը վերցնում է կնոջ ձեռքից և մոտեցնում նրա աչքերին:) Տե՛ս… Աչքդ բա՛ց… Սա թուրք-հայկական բառարան է։ Հայ-կա­-կան… Հայ-կա-կաա՛ն, հասկանո՞ւմ ես…

ԽԱԼԻԴԵ — (շվարած)։ Հետո ի՞նչ…

ՄԱԶԽԱՐ — Հետո ի՞նչ… Հայկակա՛ն, ասա­ցի… Մեր տանը ի՞նչ գործ ունի հայկական որևէ բան։ Ո՞ւմ է պետք հայկական բառարանը… Ո՞վ է գցել մեր տուն այս թույնը… Սա տեռոր է… Հայկական բառարան… Ո՞վ է ուզում այդ շայթանի լեզուն սովորել… Ո՞վ…

ԽԱԼԻԴԵ — (ուսերն է թոթվում)։ Երևի թղթի տեղ են բերել։ Հանգստացիր, սիրելիս… Թուղթ է, էլի…

ՄԱԶԽԱՐ — Չէ, դու ասա, ո՞ւմ է պետք քո ասած այս թուղթը…

ԽԱԼԻԴԵ — (զարմանալով այս հասարակ խնդրի շուրջ ամուսնու նյարդայնության վրա։ Հեշտացնելով հարցը։) Բեր տանեմ այրեմ… (Փորձում է ամուսնու ձեռքից վերցնել գիրքը։)

ՄԱԶԽԱՐ — (ամուր պահելով գիրքը)։ Ո՛չ։ Ես պետք է իմանամ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է հայտնվել այս… (Թափահարելով գիրքը՝ չի կարո­ղանում արտաբերել խոսքը։)

ԽԱԼԻԴԵ — (փոքր-ինչ մտածելով)։ Երևի Ուոլտը…

ՄԱԶԽԱՐ — (միանգամից տեղը չբերելով): Ո՞վ է այդ Ուոլտը..

ԽԱԼԻԴԵ — (զարմացած)։ Ւ՞նչ պատահեց քեզ. Արիֆի ընկերը…

ՄԱԶԽԱՐ — (գրգռվածությունը խանգարում է կենտրոնանալ)։ Արի՛ֆը… Արիֆը… Չեմ ճա­նաչում…

ԽԱԼԻԴԵ — (ծիծաղում է)։ Քո որդո՞ւն էլ չես ճանաչում։

ՄԱԶԽԱՐ — Մեր Արիֆի ընկե՞րը… Այդ ոռբաց ամերիկացի՞ն…

ԽԱԼԻԴԵ — (հարգանքով)։ Ամերիկացի՛ն։

ՄԱԶԽԱՐ — (անհանգիստ քայլելով սենյակի մի անկյունից մյուսը)։ Այդ փսլնքոտ դեմոկրատը, բերանբաց լակոտը, հոմոսեքսուալը։ Այդ կապիկը…

ԽԱԼԻԴԵ — (հանգիստ)։ Նա կապիկ չէ, նա շատ գեղեցիկ և խելոք ամերիկացի է։

ՄԱԶԽԱՐ — (գիրքը շպրտելով կնոջ վրա)։ Գիտե՜մ… Դու էլ ես ուզում քամակդ բացել… Պորտդ ցույց տալ… Ամերիկացի՜…

ԽԱԼԻԴԵ — (պատրաստ է լացի)։ Ինչե՜ր ես ասում…

ՄԱԶԽԱՐ — Այդ վարակը քեզ էլ է գայ­թակղում։ Մոռանում ես, որ մենք թուրք ենք։ Այս փչացած աշխարհում ալլահի շնորհիվ մի­այն մենք ենք մնացել մարդու կերպարանքով։ Մնացածը լխկել են այլևս, կորցրել են մարդկա­յին կերպարանքը։ Մենք ենք, որ աշխարհը կարգի ենք բերելու։ Մարդկության հույսը մեզ վրա է։ Ամերիկացի՜… Չտեսնեմ նրան մեր տանը… Լսո՞ւմ ես… Չտեսնե՛մ…

ԽԱԼԻԴԵ — (զսպելով լացը, հաշտ)։ Լավ… Չես տեսնի։

 

Դուռը բացվում է, ներս են խուժում Արիֆը և Ուոլտ Հեյլին։ Նրանց աշխուժությունը շարունակու­թյունն է դրսում ունեցած զրույցի։ Խալիդեն վախեցած նայում է ամուսնուն։ Մազխարը քարացած դիտում է նրանց։ Արիֆն զգում է լարված մթնոլորտը և հարցական նայում մորը։ Մայրը ուսերն է թոթվում։ Անհարմար լռությունից հետո Մազխարը հատակից վերց­նում է գիրքը և մոտենում Ուոլտին։

ՄԱԶԽԱՐ — (և՛ ջղայնացած է, և՛ բռնաձիգ ժպիտ է ցուցահանում դեմքին։ Գիրքը դեմ անելով ամերիկացուն, մեղմ)։ Սա… դո՞ւ ես… բերել…

ԱՐԻՖ — (միջամտելով)։ Դա ի՛մ գիրքն է։

ՄԱԶԽԱՐ — (կասկածանքով)։ Քո՞ գիրքն է սա։

ԱՐԻՖ — Հա, ի՞նչ կա որ…

ՄԱԶԽԱՐ — (գրքով հարվածել է ուզում որդուն, Ուոլտը նրա ձեռքը բոնում է։ Արիֆին:) Ո՞վ է քեզ տվել։ (Բարեհամբույր արտահայտությամբ Ուոլտի կողմը. առանց դատապարտելու։) Նա՞ է տվել…

ԱՐԻՖ — Ոչ, ինչո՞ւ… Ինքս եմ գնել։

ՄԱԶԽԱՐ — Էրզրումում սրա՞ նման գիրք են վաճառում։

ԱՐԻՖ – Ինչո՞ւ Էրզրումում… Ստամբուլում եմ գնել։

ՈՒՈԼՏ — (բաց թողնելով Մազխարի ձեռքը): Ստամբուլում լավ գրախանութ կա։

ՄԱԶԽԱՐ — (Ուոլտին՝ ժպտաշուրթ): Ուրեմն դու տեղյակ չե՞ս… այս գրքից։

ՈՒՈԼՏ — Ոչ։ Արիֆին ես անգլերենի գիտելիքներին եմ ծանոթացնում։

ՄԱԶԽԱՐ — (դառն քմծիծաղով, որը սակայն պարունակում է քծնանքի տարրեր)։ Անգլերենը գաղտնիքնե՞ր ունի։

ՈՒՈԼՏ — Բոլոր լեզուներն էլ գաղտնիքներ ունեն։

ՄԱԶԽԱՐ — (նորեն պարզելով ձեռքի գիրքը)։ Սա՞ էլ գաղտնիքներ ունի։

ՈՒՈԼՏ — (առանց իմանալու գրքի ինչ լինելը)։ Հավանական է։ Դա ի՞նչ է, իսպաներե՞ն է: Արիֆը իսպաներեն էլ է ուսումնասիրում

ՄԱԶԽԱՐ — (երկիմաստ գրգիռով): Սա… սա… անգլերեն չէ։ Ոչ էլ՝ իսպաներեն։ Սա շայթանի հայերենն է։

ՈՒՈԼՏ — Հայերենը հին լեզուներից է… Արժե ուսումնասիրել։

ՄԱԶԽԱՐ — (բացասական վերաբերմունքը մակերեսավորում է քաղցրահայացքով)։ Շատ լավ… Ամերիկան մեծ երկիր է։ (Զարմացած Խալիդեի կողմը։) Որ նա է ասում՝ ուրեմն շայթանի լեզուն հետաքրքիր պիտի լինի։ (Հանկարծ կերպարանափոխվում է։) Բայց իմ տանը… թուրքի տանը նա չպիտի լինի… (Ուոլտին՝ բռնաձիգ ժպիտով։) Հասկանո՞ւմ ես… մենք ամերիկացի չենք… (Խալիդեի կողմը։) Ցավոք: Մենք թուրք ենք և ապրում ենք Թուրքիայում: (Հետզհետե գրգռվելով։) Եվ խոսում ենք թուրքերեն… (Խորը շունչ է քաշում։) Սիրելիս…

ՈՒՈԼՏ — Մի ավելորդ լեզու վնաս չի տա… Ընդհակառակը, կօգնի մնացած լեզուների ուսումնասիրությանր։

ՄԱԶԽԱՐ — (հիստերիկ)։ Կօգնի՞։

ԱՐԻՖ — Իհարկե, կօգնի, հայրիկ։

ՄԱԶԽԱՐ — (խիստ)։ Դու լռի՛ր… լռի՛ր, ասում եմ։

ԽԱԼԻԴԵ — (նայելով ամուսնուն՝ դժվարանում է իր վարքը կողմնորոշել՝ մեկ ժպտում է ամերիկացուն, մեկ՝ ամուսնու արտահայտության բովանդակությունն է փորձում կռահել: Վերջապես երկընտրանքի մեջ և՛ ամուսնուն է տուրք տալիս, և՛ ամերիկացուն)։ Համեցեք… Ինչո՞ւ եք դռան մեջ կանգնել… Սոված կլինեք… (Համբուրում է որդուն՝ երկչոտ հայացքը Մազխարի կողմը և ձայն տալով սպասուհուն, մտնում է հարևան սենյակ։) Մարիֆա՜թ… Մարիֆա՜թ… Ո՞ւր կորար… (Ուոլտի կողմը՝ մի աչքը ամուսնու վրա։) Տես, ի՜նչ հյուրեր ունենք… Ամերիկան մեզ մոտ է եկել։

ՄԱԶԽԱՐ — (ճարը կտրած)։ Հա, հա… մեր մեծ բարեկամը… (Հետևում է կնոջը։)

 

Մնում են Արիֆն ու Ուոլտը։ Ամե­րիկացին տնտղում է ոտքի տակի կարպետը։

ՈՒՈԼՏ — Այս հիանալի կարպետը ինչո՞ւ է գետնին գցած։ Չե՞ք ափսոսում։ Սա թանգարանին արժանի գործ է։

ԱՐԻՖ — Եսիմ… Ծնվածս օրից ոտքի տակ է։

ՈՒՈԼՏ — Ափսոս է… Ամերիկայում սա մեծ գին կունենար։

ԱՐԻՖ — Չէ մի։

ՈՒՈԼՏ — Հաստատ։ (Ծիծաղում է։) Եթե վա­ճառեիր՝ ես կգնեի։

ԱՐԻՖ — Կարող ես վերցնել… Այնպես… Ձրի…

ՈՒՈԼՏ — Դու իրավունք ունե՞ս նվիրելու…

ԱՐԻՖ — Մերոնց համար սա փալաս է։

ՈՒՈԼՏ – Լա՜վ փալաս է… Վարպետի գործ է… Սիրով արված…

ԱՐԻՖ — Օհո՜… Ես չգիտեի, որ դու նաև այդքան նուրբ ու գիտակ արվեստաբան ես։

Փոքր դադար։

ՈՒՈԼՏ — Եվ պետք է ավելացնեմ, որ սա հայկական կարպետ է։ (Ծնկելով՝ նորեն տնտղում է կարպետը։) Լսի՛ր… Իսկ ինչո՞ւ հայրդ այդքան լուրջ վերաբերմունք ցուցաբերեց բառարանի նկատմամբ։

ԱՐԻՖ — Հայրս հայերին տանել չի կարող։ Նա երիտթուրքերի ջատագովն է և մինչև հիմա սրբորեն պահպանում է նրանց հիշատակը։ Գրադարանում նրանց լուսանկարներն են ու հուշագրությունները։

ՈՒՈԼՏ – Թալեաթի՞։

ԱՐԻՖ — Եվ Թալեաթի… Բոլորի… Նույնիսկ երկրորդական գործիչների…

ՈՒՈԼՏ — Զարմանալի է… Այսքան ժամանակ է անցել՝ պիտի որ…

ԱՐԻՖ — (կտրում է խոսքր)։ Հայրս թո՛ւրք է, իսկական թուրք։ Դա կենսաբանական երևույթ է։ Ես հարգում եմ այդ երևույթը… Ուժեղ ան­հատի ֆենոմենը։

ՈՒՈԼՏ – Նիցշե՞..

ԱՐԻՖ – Ինչո՞ւ Նիցշե… Հավերժական դրվածք… Բնության սահմանադրությունը։

ՈՒՈԼՏ — Ես էլ եմ սիրում ուժը, բայց բարու սահմաններում։

ԱՐԻՖ — Ուժը բարու սահմաններում չի լի­նում։ Նա անկախ է, կամային, անմիտ…

ՈՒՈԼՏ — Ջեկ Լոնդոնի հերոսները ուժե՞ղ չեն։

ԱՐԻՖ — Դա Արևմտյան ռոմանտիկա է։ Մենք գտնվում ենք Արևելքում… Իսկ Արևելքը դեռ իր դեմքը ցույց կտա։ Օհոհո՜… Ի՜նչ դեմք ցույց կտա…

ՈՒՈԼՏ — (ծիծաղում է)։ Կարծում եմ՝ դու այդ դեմքի վրա դիմագիծ չունես։

ԱՐԻՖ — (նույնպես ծիծաղում է)։ Ո՜վ գիտե…

ՈՒՈԼՏ – Չէ՛, չունե՛ս։ Ես քեզ լավ ճանաչեցի այս մեկ տարվա ընթացքում։

ԱՐԻՖ — Շատ ինքնավստահ չե՞ս։

ՈՒՈԼՏ — Ոչ։ (Հատակի մի անկյունից բարձ­րացնում է բառարանը։) Ուժը՝ ուժ, ուժը հարգելի բան է, հասկանալի է… Բայց ես չեմ հասկա­նում ուժի նացիոնալիզմը։

ԱՐԻՖ — Որովհետև դու ամերիկացի ես։

ՈՒՈԼՏ — Հետո ի՞նչ…

ԱՐԻՖ — Դուք ունեք ձեր բացատրությունը։

ՈՒՈԼՏ — Այո։ Մեր բացատրությունը մեր երկրի բովանդակությունն է։

ԱՐԻՖ – Կարո՞ղ ես բացել այդ բովանդակությունը։

ՈՒՈԼՏ — Իհարկե։

ԱՐԻՖ — Փորձիր տեսնեմ։

ՈՒՈԼՏ — (որոշ ժամանակ խաղի պես է ըն­դունում, հետո կամաց-կամաց լրջացնում է խոսքը)։ Հասկանո՞ւմ ես… Հայրս իռլանդացի էր, մայրս՝ ֆրանսուհի, պապս՝ իռլանդացու և հնդկացու խառնուրդ… Տատս՝ ով գիտե, թե ինչ… Մի խոսքով՝ ես ամերիկացի եմ։ Նոր մարդ։ Մարդկային հավաքածու։ Մենք բոլորս մարդկային հավաքածու ենք։ Մի՛ ատիր մեր­ձավորիդ, քանզի նա կարող է նույն սերմի ար­գասիքը լինել։ Ամբողջ Ամերիկան մարդկային հավաքածու է…

ԱՐԻՖ — Ամերիկան՝ այո։ Բայց մենք թուրք ենք։ Տրամաբանությունը ներփակված է փոքր օղակի մեջ։ Մենք հավաքածու չենք։

ՈՒՈԼՏ – Կարծո՞ւմ ես։

ԱՐԻՖ — Համոզված եմ։

ՈՒՈԼՏ — Համոզմունքդ, որքանով քեզ ճա­նաչում եմ, չի համապատասխանում քո էությանը։

ԱՐԻՖ — (ծիծաղում է)։ Նորեն դու ինձ ինձա­նից լավ գիտենալու հավակնություն ունես։

ՈՒՈԼՏ — (նույնպես ծիծաղելով)։ Դե, ես ինք­նավստահ, ինքնահավան ամերիկացի եմ։ (Թեր­թում է թուրք-հայերեն բառարանը։) Գիտենա­լով հորդ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ ինչպե՞ս մտահղացար գնել այս գիրքը։

ԱՐԻՖ — (ուշացումով, մտախոհ)։ Ես էլ եմ զարմանում։ Չգիտեմ… Ասես ուրիշի ձեռքով վերցրի բառարանը… Մի ներքին մղում առաջացավ…

ՈՒՈԼՏ — Հետաքրքիր է։

ԱՐԻՖ — Ինչ կա որ… թշնամու լեզուն ձեռնտու է իմանալ։ Հորս կույր ատելությունը արգե­լակում է դա։

Հարևան սենյակից հայտնվում է Մարիֆաթը։

ՄԱՐԻՖԱԹ – Համեցե՛ք ճաշասենյակ, ձեզ են սպասում։

Արիֆն ու Ուոլտը Մարիֆաթի ու­ղեկցությամբ մտնում են կողքի սենյակը։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ուրիշ օր։ Ճաշասենյակ։ Մազխա­րը նարդի է խաղում Մարիֆաթի հետ։ Խալիդեն դժկամությամբ դի­տում է սպասուհու և ամուսնու խա­ղը։ Գալիս են Արիֆը և Ուոլտը։

ՄԱԶԽԱՐ — (Ուոլտին)։ Ամերիկայում նար­դի խաղո՞ւմ են։

ՈՒՈԼՏ — Չեմ տեսել։

ՄԱԶԽԱՐ — Սա մեր խաղն է… Արևելքի գյուտը… Մեր քաղաքակրթությունն էր, որ սնեց Եվրոպան… էլ չեմ ասում՝ Ամերիկան… Որը դեռևս երեխա է… Համաձա՞յն եք։

ՈՒՈԼՏ — (ներողամտաբար)։ Համաձայն եմ, մենք միամիտ երեխա ենք։

ՄԱԶԽԱՐ – Միամի՞տ… Չէ՜, եղբայրս։ Միամիտ չեք։ Փչացած եք։ (Ծիծաղում է։)

ԽԱԼԻԴԵ — (անհարմար զգալով)։ Ամուսինս կատակում է… Փչացած ասելով նկատի ունի զարգացածությունր։

ՄԱՐԻՖԱԹ — Կինոն։

ՄԱԶԽԱՐ — (խեթ հայացք է ուղղում կնոջը)։ Զարգացածությո՞ւնը…

ԱՐԻՖ — Քաղաքակրթությունը։

ՄԱԶԽԱՐ — Դու էլ մեջ ընկա՞ր։ Այդ որտե՞ղ ես կարդացել։ Չլինի՞ շայթանի բառարանում։

ԱՐԻՖ — Ամերիկան այսօր աշխարհի տերն է, հայրիկ։

ՄԱԶԽԱՐ – Ապրե՛ս, վերջապես մի խելոք խոսք ասացիր։

ՈՒՈԼՏ — Ես կասեի՝ աշխարհի ծառան է։

ՄԱԶԽԱՐ — Մենք էլ կուզենանք այդպիսի ծառա լինել։ Թեպետ մեր մեջ նմանություն կա։ Ամերիկան զավթեց ուրիշի հողերը։ Կասեի՝ ազատ հողերը… Մենք եկանք Անատոլիա՝ բերելով իսկական քաղաքակրթություն։ Դուք ձերը կոչում եք դեմոկրատիա, մերը… մերը… մերը… (Չի գտնում հարմար բնորոշում։)

ԱՐԻՖ — Արևելքի ավանգարդ, աշխարհիկ իսլամ։

ՄԱԶԽԱՐ – Ապրե՛ս։ Սա երկրորդ խելոք խոսքդ էր և երկրի ճիշտ բնորոշումը։ (Ուոլտին.) Ի՞նչ կասեք՝ մենք նմա՞ն ենք։

ԽԱԼԻԴԵ — (ուրախ)։ Իհարկե, իհարկե, նման ենք։

ՈՒՈԼՏ — Նայած ինչով…

ԽԱԼԻԴԵ — Ամեն ինչով։ Շորերով, կանանց գեղեցկությամբ։

ՄԱԶԽԱՐ — (գցում է զառերը և աղմուկով փակում նարդին: Կծու)։ Բաց դեմքերով։

Խալիդեն գոհանում է, որ ամուսինը վերջացրեց ծառայի հետ խաղը, վերցնում է նարդին և դնում թախտի տակը։

ՈՒՈԼՏ — (մեղմ, աշխատելով ինչ-որ կերպ հարմարվել Մազխարին)։ Լավ կլիներ, ուրիշ բաներով էլ նմանվենք։

ԱՐԻՖ — Կարծում եմ՝ կնմանվենք… ժամանակ է պետք։

ՄԱԶԽԱՐ — (զգուշավոր)։ Ի՞նչ ուրիշ բաներ… (Կոշտ։) Մեզ ուրիշ բաները պետք չեն: Մենք պիտի ուրիշ բաներ ներմուծենք Ամերիկա։ Մենք պահպանել ենք մարդու նախեղակ տեսակը։ (Ոգևորվելով։) Մեր կինը պիտի կին լինի, տղամարդը՝ տղամարդ։ Այդպես է ալլահը ստեղծել։ (Ավելի բորբոքվելով։) Ամեն ցեղ տեղը պիտի ունենա։ Ամեն մարդ իր չափը պիտի գիտենա։ Խաբեբայություն չպիտի լինի… մեղքը պիտի պատժվի։

ՈՒՈԼՏ – Մե՞ղքը։

ՄԱԶԽԱՐ — Հա, մեղքը, սուտը, գողությունը…

ՈՒՈԼՏ — Սպանությունը, եղեռնը, ցեղասպանությունը…

ՄԱԶԽԱՐ — (մի պահ պապանձվում է): Ցեղասպանությո՞ւն… Ցեղասպանություն հասկացություն գոյություն չունի։ Կա տեղանքի մաքրազերծում։ Սանիտարներ են պետք աշխարհին, թե չէ կայլանդակվի մարդկությունը: Մե՛նք ենք այդ սանիտարները… Իմիջիայլոց, Ամերիկան էլ մաքրեց հողագունդը…

ՈՒՈԼՏ — (դժգոհության երանգ է հայտնվում դեմքին)։ Մաքրե՞լ հողագունդը…

ՄԱԶԽԱՐ – Այո՛։ Մաքրել, ինչպես դա արվեց հնդկացիների հետ։

ԱՐԻՖ — (մեղմելու համար հոր վերաբերմունքը)։ Հայրիկ, դա ուրիշ բան էր, ախր։

ՄԱԶԽԱՐ — Նորից՝ ուրիշ բան… Ուրիշ բան աշխարհում գոյություն չունի։ Ինչպես ալլահը նախագծել է, այնպես շարունակվում է և պիտի շարունակվի հավերժորեն։

ԽԱԼԻԴԵ — (հանգցնելու նպատակով աճող լարվածությունը)։ Մոտեցեք սեղանին։ (Ամուս­նու կողմը։) Արևելքը ձեզ է սպասում։ (Ուոլտին.) Համեցե՜ք…

Բոլորը մոտենում են սեղանին և նստում նրա շուրջը։ Յուրաքանչ­յուրը՝ իր վիճակից ելնելով։

 

 

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Մազխարի գրադարանը։ Արիֆը թերթում է գրքերից մեկը։ Ներս է մտնում Ուոլտը։

ԱՐԻՖ – Եկա՞ր, անխոնջ զբոսաշրջիկ։

ՈՒՈԼՏ — Ոչ թե զբոսաշրջիկ, այլ՝ հետա­խույզ։

ԱՐԻՖ — Որոշել ես Թուրքիան լրիվ հետազոտե՞լ։

ՈՒՈԼՏ — Ոչ մի պրեզիդենտ իր երկիրը լրիվ չգիտե։ Դա անհնար է։ Ուր մնաց՝ մի խեղճ ամերիկացի ուսանող օտար երկրում։

ԱՐԻՖ – Այնուամենայնի՞վ…

ՈՒՈԼՏ — Այնուամենայնիվ՝ ես շատ հետաքրքիր երևույթների հանդիպեցի։

ԱՐԻՖ – Օրինա՞կ…

ՈՒՈԼՏ — Օրինակ՝ մոտ հարյուր տարեկան մի թուրք ծերուկի հետ ծանոթացա, որը կեն­դանի հանրագիտարան է։

ԱՐԻՖ – Որտե՞ղ… մեզ մո՞տ…

ՈՒՈԼՏ — Ոչ, Էրզրումի մոտակայքի մի գյուղում։ Անունը, կարծեմ, Տարիկ է։

ԱՐԻՖ — Ո՞ւմ անունը… գյուղի՞։

ՈՒՈԼՏ — Ծերուկի։ Երկու ոտքը կորցրած ծերուկի։

ԱՐԻՖ — (գիրքը մի կողմ դնելով)։ Հետաքրրքիր է…

ՈՒՈԼՏ — Շատ հետաքրքիր կլինի հատկապես քեզ համար։

ԱՐԻՖ – Ինչո՞ւ ինձ համար։

ՈՒՈԼՏ — Որովհետև դու ձեռք ես բերել թուրք-հայերեն բառարան, և քեզ սկսել է հետաքրքրել հայերի հետ կատարված դժբախ­տությունը։

ԱՐԻՖ — (փոքր-ինչ սևեռվում է)։ Հետո՞, ծերուկը ի՞նչ կապ ունի դրանց հետ։

ՈՒՈԼՏ — Որովհետև ծերուկը իր ոտքերը կորցրել է ռուս-թուրքական պատերազմում և քաջ տեղյակ է նաև այդ օրերին հայերի հետ կատարվածին։

ԱՐԻՖ – Պատմի՛ր։

ՈՒՈԼՏ — Եվ ես մտածեցի քո մասին։

ԱՐԻՖ – Ի՞մ մասին… ինչո՞ւ… Ի՞նչ կապ տեսար ծերուկի և իմ միջև։

ՈՒՈԼՏ — Չգիտեմ… ավելի ներզգացողական է։

ԱՐԻՖ — (ներքին գրգիռով)։ Հետո՞…

ՈՒՈԼՏ — Կներես ամերիկացուս… Իմ մտքերը կաշկանդում չունեն և ինչ ափեխ-ցփեխ բաներ ասես կարող են երևակայել։

ԱՐԻՖ — Եվ ի՞նչ են երևակայել։

ՈՒՈԼՏ — Ծերուկի մոտ մի լուսանկար կար, նրա հայրն էր պատկերված և հոր ընկերը։ Եր­կուսն էլ՝ զինվորականներ։ Իր ասելով՝ այդ ընկերը հայ է եղել։ (Հայացքն ուղղում է մի լուսա­նկարի վրա։) Այ, այս մարդը։

ԱՐԻՖ — (ծիծաղում է)։ Խենթացե՞լ ես, ինչ է… դա իմ պապն է։ Թուրքերից թուրքը… հորս կուռքը։

ՈՒՈԼՏ — (մոտենում է լուսանկարին, երկար դիտում)։ Չէ, հաստատ ինքն էր։

ԱՐԻՖ — Գիտեմ, որ կատակներ ես սիրում, բայց սա անհաջող կատակ էր։

ՈՒՈԼՏ — Այս անգամ չեմ կատակում։ (Նո­րից է ուշադիր նայում։) Ինքն է, որ կա։

ԱՐԻՖ — (լրջանում է)։ Լավ նայիր, եթե կատակ չէր, ուրեմն սխալվում ես։

ՈՒՈԼՏ — Կարող եմ քեզ ուղեկցել ծերուկի մոտ, որ տեսնես՝ չեմ սխալվում։ Վերջիվերջո, ի՞նչ արտառոց բան կա դրա մեջ։

ԱՐԻՖ — (ավելի է լրջանում)։ Քեզ համար միգուցե չկա։ Բայց մենք ուրիշ ենք։

ՈՒՈԼՏ — (չէր սպասում նման հակազդեցու­թյան)։ Ուրի՞շ… Իսկ ես համոզված էի, որ ես ու դու մոտիկ ենք հոգեպես։ (Փորձում է նահանջել իր համոզվածությունից։) Ասացի՝ կներես ամե­րիկացուս անսպառ երևակայությանը։ Երևի ինձ թվաց… (Կարեկցական ժպիտով։) Երբեմն իմ ուղեղում այնպիսի մղձավանջային պատ­կերներ են հայտնվում, որ Դալիի նկարները կխամրեին դրանց կողքին։

ԱՐԻՖ — Խորհուրդ կտայի՝ ինձ հետ կապ­ված նման մղձավանջներ չունենաս։

ՈՒՈԼՏ — (փարվում է նրան)։ Կաշխատեմ… Նորից ներիր։ Ներեցի՞ր…

ԱՐԻՖ — Լավ, մոռանանք… Ասածիդ հավաս­տիությունը արժանի է անուշադրության։

Ուոլտը մոտենում է գրքերի դա­րակներին և կարդում կողերը։ Արիֆի սքողած, ներամփոփ լարվածությունը ճգնում է վերացնել։

ՈՒՈԼՏ — Հարուստ գրադարան է. Շոպենհաուեր, Ստենդալ, Պիեռ Լոտի… Սա ո՞վ է… Չեմ կարդացել։

ԱՐԻՖ — (սեփական մտքով տարված, միան­գամից չի արձագանքում)։ Հը՞… ի՞նչ ասացիր։

ՈՒՈԼՏ — Ասում եմ՝ չեմ կարդացել… Լոտիին։ Պիեռ Լոտիին։

ԱՐԻՖ — Հորս սիրած գիրքն է։ (Լռություն։) Եթե հարցնես՝ ինչի մասին է, կասեմ՝ հայերի դեմ է։

ՈՒՈԼՏ — (ժպտաշուրթ)։ Չեմ հարցնի։

ԱՐԻՖ — Իզուր։ Հիմա հատկապես տեղին կլիներ։

ՈՒՈԼՏ — Իմ ասածին չափից ավելի նշանա­կություն ես տալիս։

ԱՐԻՖ — Ոչ։ Չափից ավելի չէ։ Մի մոռանա, որ ես էլ թուրք եմ։

ՈՒՈԼՏ — (կատակով)։ Խոստանում եմ, որ չեմ մոռանա։

Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ են, գրքեր են թերթում։

ԱՐԻՖ — (կարծես հեռու տեղից է նրա խոսքը և Ուոլտին չի ուղղված)։ Կարո՞ղ ես ինձ տանել այդ ծերուկի մոտ։

ՈՒՈԼՏ – Պե՞տք է որ։

ԱՐԻՖ – Ի՞նչ ես կարծում, իմ ենթագիտակ­ցությունն ու անգիտակցականը չլսեցի՞ն քո պատմածը։

ՈՒՈԼՏ — Մոռացիր, սիրելի ընկեր։ Մենք քեզ հետ շատ բաներ ենք մոռացել։ Մտքումդ մնացե՞լ են Գլորիան… նրա ընկերուհի՞ն… էլի ուրիշները… Թվում է՝ ոչ։

ԱՐԻՖ — Ասածդ Գլորիայի նման չէր։ Հենց այսօր տար ծերուկի մոտ։

ՈՒՈԼՏ — Կարծում ես՝ հիշո՞ւմ եմ տեղը։

ԱՐԻՖ — Խաղեր մի խաղա։ Ես քո հիշողու­թյան չափը գիտեմ։

ՈՒՈԼՏ — Արի ձեռք քաշի… Նապոլեոնն էլ սխալվեց, Կլինտոնն էլ սխալվեց։ Ի՞նչ է, ես սխալվելու իրավունք չունե՞մ։

ԱՐԻՖ – Ունե՛ս, ունե՛ս… Միայն թե՝ տար այսօր ծերուկի մոտ։

ՈՒՈԼՏ — (ուսերն է թոթվում)։ Լավ… կփոր­ձեմ։

 

 

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Գրադարանը։ Արիֆի ձեռքին պա­տի վրայի լուսանկարն է, և նա հի­վանդագին տնտղում է լուսանկա­րի ետնամասն ու երեսը։

ԱՐԻՖ — (անսպասելի ծիծաղում է)։ Պապս հա՛յ է եղել… (Մոտենում է հայելուն, համեմատում է իրեն լուսանկարի հետ։ Ջղաձիգ ծիծաղ։) Պապս հա՛յ է եղել… (Նորեն ջղաձիգ ծիծաղ։) Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ եմ ուզում սովորել հայերեն։ Հայրս ճիշտ էր… ես գնել եմ շայթանի բառարանը։ (Նորեն ջղաձիգ ծիծաղ։ Հանկարծակի լռում է, և լռությանը հետևում է ուրախ ծիծաղ։) Ուրեմն հա՛յրս էլ է հայ… Թուրքերի թուրքը հայ է… (Ծիծաղում է։) Ուրեմն մենք հայեր ենք… (Շատ երկար ծիծաղում է, ասես ծիծաղը վերջ չպիտի ունենա։)

Ներս է մտնում Մազխարը։

ՄԱԶԽԱՐ — (շվարած դիտում է որդուն): Ծիծաղդ Ստամբուլ հասավ… (Արիֆը նայում է հորը և ծիծաղում ավելի ուժգին։ Մազխարը վարակվում է որդու ծիծաղից, և ծիծաղում են միասին։ Ծիծաղի միջից։) Զավզա՛կ, կասե՞ս, ինչ կա իմ գրադարանում ծիծաղելի։

ԱՐԻՖ — Կասեմ, կասեմ…

ՄԱԶԽԱՐ — (աշխատում է ընդունել սովորական խիստ կեցվածքը)։ Վերջացրո՛ւ… Լսո՞ւմ ես, վերջացրո՛ւ։

ԱՐԻՖ — (պառկում է հատակին)։ Դու հա՜յ ես, հայրիկ… Մենք հա՜յ ենք, հայրիկ… Հա՜յ-հո՜ւյ… Հա՜յ-հո՜ւյ… Հա՜յ-հո՜ւյ…

ՄԱԶԽԱՐ — (լուրջ չընդունելով որդու խոսքերը)։ Էլի՞ թմրադեղ ես ընդունել։

ԱՐԻՖ — Հա, չես պատկերացնում, թե ինչքան ուժեղ թմրադեղ…

ՄԱԶԽԱՐ – Էդ ամերիկացուց լավ բան չէիր սովորի։ Ես գիտեի…

ԱՐԻՖ – Ամերիկացի՞… ի՞նչ ամերիկացի: Դու չհասկացար ինձ… ասացի, որ մենք հայ ենք եղել…

ՄԱԶԽԱՐ — Հորդ հետ էսպես երբեք չէիր խոսել: Թուրքին վայե՞լ է…

ԱՐԻՖ — Ստացվում է՝ ես թուրք չեմ… (Նորեն ծիծաղը պոռթկում է։) Դու էլ թուրք չես։

ՄԱԶԽԱՐ — (այլևս ջղայնացած)։ Ձայնդ կտրի՛ր, լակո՛տ… (Հարձակվում է որդու վրա և ոտքով հարվածում։ Արիֆը փորձում է պաշտպանվել։)

Ներս է մտնում Խալիդեն, կանգնում որդու և ամուսնու միջև։

ԽԱԼԻԴԵ – Սպասի՛ր, Մազխար… քո որդին է, ախր… ի՞նչ ես անում…

ԱՐԻՖ — (պաշտպանվելով, շարունակում է ծիծաղել)։ Ես հա՛յ եմ, մայրիկ… հայի՛ է ծեծում, մի՛ խանգարի։ Հայի՛ է ծեծում…

ՄԱԶԽԱՐ – Ես քեզ հայ ցույց կտամ:

ԽԱԼԻԴԵ – Գժվե՞լ եք, ի՛նչ է…

ՄԱԶԽԱՐ — Ասում էի, որ այդ շայթանի գիրքը կգժվեցնի նրան։

Ներս է մտնում Ուոլտը։

ԽԱԼԻԴԵ – Օգնի՛ր, միստր Ուոլտ… բաժանիր սրանց…

ՄԱԶԽԱՐ — (շրջվում է դեպի Ուոլտը): Եկա՞ր, Ամերիկա՜։ Տեսնե՞լ ես ուզում քո ընկերոջ խայտառակությունը։ Ամերիկայի դաստիարակությունն է։ Ձեր համալսարանի շնորհքը ցուցահանվում է։ Դեմոկրատիա՜… դեմոկատիա՜… մարդկանց այլանդակող դեմոկրատիա… թուրքին հայ դարձնող դեմոկրատիա…

ՈՒՈԼՏ – Հանգստացե՛ք, Մազխար էֆենդի: Այդ ե՛ս եմ մեղավոր, թյուրիմացություն կա: Կարելի է ուղղել…

ՄԱԶԽԱՐ – Ի՞նչը ուղղել… այս խելագարի՞ն… թմրամոլի՞ն…

ՈՒՈԼՏ — Նա ոչ խելագար է, ոչ՝ թմրամոլ… Պարզապես սխալ հետևություն է արել։

ԽԱԼԻԴԵ – Ի՞նչ հետևություն…

ՄԱԶԽԱՐ – Ի՞նչ հետևություն…

ՈՒՈԼՏ — Վճոել է, որ թուրք չէ։ Ես կփոխեմ նրա վիճակը։ (Արիֆին.) Լսիր, Արիֆ… Սկսեմ այդ պատմությունը նորից։ (Մազխարին.) Դո՛ւք էլ լսեք… Դուք բոլորդ թուրք եք։

ՄԱԶԽԱՐ — (քմծիծաղով)։ Նորություն ասացիր։ Թուրք ենք, հապա ի՞նչ ենք։ Ես թմրադեղ չեմ ընդունում, որ մոռանամ ինչ լինելս։

ՈՒՈԼՏ — Հարցը ուրիշ խնդրի մեջ է։

ՄԱԶԽԱՐ — Ուրիշ խնդիր չի կարող լինել։

ԱՐԻՖ — Կարող է… (Փոքր-ինչ հանգստա­ցած։ Ուոլտին.) Ի՞նչ պիտի ասես, ասա՛։ (Մազխարին.) Դու էլ լսիր, որ իմանաս թուրք չլինելդ։

ՄԱԶԽԱՐ — (նորից է փորձում հարվածել, Ուոլտը, Խալիդեն բռնում են նրան)։ Ես քեզ ցույց կտամ իմ թուրք լինելու ներուժը։

ԱՐԻՖ — Քո ներուժը հայկական է… Խոսի՛ր, Ուոլտ։

ԽԱԼԻԴԵ — Միստր Ուոլտ, վերջապես ասա ասելիքդ, քանի դեռ համբերությունը չի լքել մեր տունր։

ՈՒՈԼՏ — Ոչինչ արտառոց բան չի պատա­հել… Ամեն ինչ ունի իր բացատրությունը։

ԽԱԼԻԴԵ – Բացատրի՛ր, բացատրի՛ր… ո՞ր կարիճն է կծել որդուս։

ՄԱԶԽԱՐ — Շայթանի կարիճը, որ հայերեն է խոսում։

ՈՒՈԼՏ — (չգիտե ինչպես սկսել)։ Հասկանո՞ւմ եք… այստեղ, կողքի գյուղում մի ծերուկ է ապրում։ Եթե չեմ սխալվում, Տարիկ անունով…

ՄԱԶԽԱՐ — Տարի՞կ…

ՈՒՈԼՏ — Երկու ոտքից զուրկ մի ծերուկ։ Ռուս-թուրքական պատերազմում է կորցրել։

ՄԱԶԽԱՐ — Ոչ։ Երևի հայերի հետ բախման ընթացքում…

ՈՒՈԼՏ — Չգիտեմ… ինքն այդպես չասաց։

ԽԱԼԻԴԵ – Հետո՞, հետո՞…

ՈՒՈԼՏ — Հետո… նրա մոտ մի լուսանկար կար, որը շատ նման էր ձեր այս լուսանկարին։ (Ցույց է տալիս պատի վրայի լուսանկարը։)

Բոլորը սևեռվում են լուսանկարին։

ԽԱԼԻԴԵ — Հետո ի՞նչ… այս լուսանկարը միշտ մեր տանն է եղել։

ՄԱԶԽԱՐ – Իմ գրադարանում։

ՈՒՈԼՏ — Ծերուկն ասաց, որ այն մեկը հայ էր։

ՄԱԶԽԱՐ — (վախեցած)։ Ո՞ր մեկը…

ՈՒՈԼՏ — Այն, որ ձախից է։

ԱՐԻՖ — (ծիծաղում է)։ Իմ պապր… (Մազխարին.) Քո հայրը, հայրիկ։

ՄԱԶԽԱՐ — (և՛ ծիծաղում է, և՛ բորբոքվում)։ Խենթե՛ր… (Ուոլտին.) Դու ակնոց ունե՞ս։

ՈՒՈԼՏ — Հա… ակնոցով եմ կարդում։

ՄԱԶԽԱՐ — (ցանկանալով պահպանել սառնասրտություն)։ Քթիդ վրա՞ էր… (Ուոլտը ուշացնում է պատասխանը։ Մազխարի ձայնի մեջ հայտնվում են թշնամական երանգներ։) Հարցնում եմ՝ քթիդ վրա՞ էր ակնոցը, երբ դի­տում էիր լուսանկարը։

ՈՒՈԼՏ — (շփոթված)։ Չեմ հիշում։

ՄԱԶԽԱՐ — (հիասթափությամբ)։ Է՛հ, ամե­րիկացի՛, ամերիկացի՛… Ես ձեզ էի վստահել մեր ճակատագիրը։ Իսկ քեզ՝ իմ թուլամորթ որ­դուն։

ԽԱԼԻԴԵ — (Ուոլտին)։ Սխալված կլինես… Իհարկե, առանց ակնոց այս հին նկարը կար­գին չի էլ երևում։

ՈՒՈԼՏ — Գուցե… Բայց ես ուրիշ բան եմ ու­զում ասել։ Ասել, որ եթե անգամ նույն լուսա­նկարն է, որևէ ողբերգություն չեմ տեսնում։

ԱՐԻՖ – Այսի՞նքն։

ՈՒՈԼՏ — (Արիֆին)։ Հասկանո՞ւմ ես, Արիֆ, պապդ կարող է և հայ լինել, սակայն դա ոչինչ չի փոխում։ Դու թուրք ես մնում։

ԱՐԻՖ – Ինչպե՞ս…

ՄԱԶԽԱՐ — (ջղային)։ Պապս թուրք էր, նրա հայրը թուրք էր, նրա հայրն էլ էր թուրք։ Մենք բոլորս թո՛ւրք ենք։ Իսկ դու ամերիկացի ես։

ՈՒՈԼՏ — Ուզում եմ ասել… կփորձեմ բա­ցատրել։ Եթե նույնիսկ ձեր պապը հայ էր, նրա կինը թրքուհի էր անպայման։

ԽԱԼԻԴԵ — Անպայման, իհա՛րկե, անպայման։

ՈՒՈԼՏ — Ուրեմն՝ նրանց որդին հիսուն տո­կոսով թուրք է եղել։ Ձեր՝ նման պայմաններում, նրա կինը անպայման թրքուհի կլիներ։

ԽԱԼԻԴԵ – Անպայմա՛ն, անպայմա՛ն…

ՈՒՈԼՏ — Ստացվում է, որ հայկականը միայն քսան տոկոսն է մնում…

ՄԱԶԽԱՐ — Վերջացրու քո ամերիկյան մաթեմատիկան… Ոչ մի տոկոս գոյություն չունի։ Մենք մաքուր թուրք ենք։ Լավ նայիր՝ չի՞ երևում…

ՈՒՈԼՏ — Երևո՛ւմ է, երևո՛ւմ է… Ես էլ դա եմ ասում…

ՄԱԶԽԱՐ – Ի՞նչ ես ասում։

ՈՒՈԼՏ — Ասում եմ, որ վերջին սերունդի մեջ հայկական ոչինչ այլևս չի մնացել։ Շատ-շատ՝ մի երկու տոկոս։

ԱՐԻՖ — (չարախնդորեն, հորը)։ Ես երկու տոկոսանի հայ եմ, այնուամենայնիվ։

Մազխարը ետ ու առաջ է քայլում սենյակում՝ որոշում գտնելու մի­տումով։ Մտքով անցնում է դուրս շպրտել Ուոլտին, բայց Ամերիկայի հետ կապված շատ ծրագրեր է փայփայում, հապա ի՞նչ անել… Կանգնում է տեղում, նայում լու­սանկարի կողմը։

ՄԱԶԽԱՐ — Պիտի այդ քաֆթառի մոտ գնալ։

ՈՒՈԼՏ — Ես կուղեկցեմ ձեզ։

ՄԱԶԽԱՐ — Էդ էր պակաս, որ ամերիկացին Թուրքիայում ճամփա տանի թուրքին։ Ես մե­նակ կգնամ… ակնոցավո՛ր ամերիկացի։ (Վեր­ջին բառերի մեջ կուտակված է ամբողջ դժգոհությունը Ուոլտի և, թերևս, Ամերիկայի նկատ­մամբ։)

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Ծերուկ Տարիկի խրճիթը։ Հաշ­մանդամի ինքնաշեն խարխուլ սայլակի մեջ տեղավորվել է ծե­րուկ Տարիկը։ Մտնում է Մազխա­րը և առանց այլևայլության քննում սենյակի պատերը։ Տարիկին դեռես չի նկատել։

ՄԱԶԽԱՐ — Սա արդեն տասնմեկերորդ տունն է։ Դատարկ պատեր… (Շուրջն է նայում և նոր միայն նկատում է Տարիկին։) Դու Տա­րի՞կն ես… (Ծերուկը չի արձագանքում։ Ավելի բարձր է ձայն տալիս։) Դու Տարի՞կն ես։ (Ծերուկը նորեն չի լսում նրան։ Մազխարը գոռում է։) Դու Տարի՞կն ես։ (Մոտենում է, մտնում ականջը և գոռում։) Դո՛ւ, քաֆթա՛ռ, Տարի՞կն ես։

Տարիկը նրա ձայնից սայլակով ընկնում է հատակին։ Մազխարը չի փորձում նրան բարձրացնել։

ՄԱԶԽԱՐ — Դու Տարի՞կն ես։ (Զզվանքով։) Եվ այս խրտվիլակը պիտի Թուրքիայի ճակատագրի հետ խաղա: (Ծերուկի ականջի մեջ։) Հարցնում եմ՝ դու Տարի՞կն ես։

ՏԱՐԻԿ – Հը՞…

ՄԱԶԽԱՐ — Հը ու չո՛ռ։

ՏԱՐԻԿ – Չո՞ռ…

ՄԱԶԽԱՐ — Դու Տարի՞կն ես։

ՏԱՐԻԿ – Չո՞ռ։

ՄԱԶԽԱՐ – Հա՜… Թող չոռ լինի, միայն թե ասա՝ դու Տարի՞կն ես։ (Տարիկը ձեռքով նշան է անում, որ Մազխարը բարձրացնի սայլակը։ Մազխարը բարձրացնում է սայլակը և մեղմ կրկնում։) Դու Տարի՛կն ես, գիտեմ…

ՏԱՐԻԿ — (գլխով է անում)։

ՄԱԶԽԱՐ — Հասկացա, ցածր ձայնն ես լսում… (Տնտղում է սենյակի պատերը։ Պատերին ոչինչ չկա։ Շշնջում է։) Որտե՞ղ է լուսանկարը։ (Երկար սպասում է։) Պատասխանի՛ր:

ՏԱՐԻԿ – Հը՞…

ՄԱԶԽԱՐ — Նորից՝ հը՞։ Լուսանկա՛րը: Ամերիկացու տեսած լուսանկարը ցույց տուր:

Տարիկը ձեռքը դժվարությամբ մեկնում է սենյակի մի կողմը, որտեղ սնդուկի նման մի բան է երևում։ Մազխարը արագ մոտենում է սնդուկին, բացում կափարիչը և սնդուկից հանում է տարբեր իրեր և նաև մի քանի լուսանկար: Դրանցից մեկը մոտեցնում է Տարիկին։

ՄԱԶԽԱՐ — Սա ո՞նց է քեզ մոտ հայտնվել: Հը՞…

ՏԱՐԻԿ — Հը՞…

ՄԱԶԽԱՐ — Ասում եմ՝ սա որտեղի՞ց է ձեռքդ ընկել։

Տարիկը ձեռքով անորոշ ինչ-որ շարժում է անում, որի իմաստը դժվար է հասկանալ։

ՄԱԶԽԱՐ — Չհասկացա… Նորից ասա։

Տարիկը նորեն նույն շարժումն է անում, սակայն այժմ՝ ժպտալով:

ՄԱԶԽԱՐ — Ո՞ւմ լուսանկարն է սա… լսո՞ւմ ես… (Ծերուկը ձայն չի հանում։ Մազխարը ցնցում է նրա ուսերը։) Ո՞ւմ լուսանկարն է սա… Ո՞ւմ լուսանկարն է սա… Քաֆթա՛ռ, ձե՛ն հանի… Ո՞ւմ լուսանկարն է սա… (Վերջապես զգում է, որ ցնցում է այլևս ծերուկի անշնչացած մարմինը։) Մեռա՞ր… ինչու՞… Հիմա ես ի՞նչ անեմ… ո՞ւմ հարցնեմ… ո՞վ եմ ես… (Շրջում է լուսանկարը։) Գիր կա… այս ի՞նչ տառեր են։ Թուրքերեն չեն… Անգլերեն էլ չեն… լատինատառ չեն… (Փոքր լռությունից հետո լուսանկարը խփում է գլխին։) Արիֆի բառարանը… շայթանի բառարանը… Սիրտս ասում էր, որ դա դժբախտություն է բերելու։ Ի՞նչ իմանամ՝ ո՞վ եմ ես… Գուցե մի Սարգիս, կամ Աշոտ… Գուցե Մարտիրոս կամ Պողոս։ Ո՞ւր կորավ Մազխարը… Ո՞վ է ինձ խաբել… Մա՞յրս, թե՞ պապս… Հա՞յրս, թե՞ տատս… (Տարիկի դիակին.) Դու մեծ գաղտնիք մնացիր։ Թուրքիայի գաղտնիքը: Ես երբեք չպիտի կարողանամ բացել գաղտնիքը: Տարիկ՝ մեծ գաղտնիք։

Մազխարը նստում է Տարիկի դիմաց, հատակին, գլուխն առնում ափերի մեջ:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Մազխարի գրադարանը։ Մարիֆաթը սրբում է գրքերի փոշին, հերթը հասնում է պատի վրայի լուսանկարին։ Այն է՝ պիտի սրբի լուսանկարը, երբ ներս է մտնում  Մազխարը։ Թուլացած ընկղմվում է բազկաթոռի մեջ։

ՄԱՐԻՖԱԹ — (մոտենում է և փորձում մաք­րել նրա ճմրթված վերարկուի վրայից աղտո­տության ինչ-որ մնացուկներ։ Մազխարը սթափվում է)։ Վերարկուդ կեղտոտել ես։

ՄԱԶԽԱՐ – Ի՞նչ… վերարկո՞ւս… Մարիֆա՞թ…

ՄԱՐԻՖԱԹ — Ես եմ, աղա։

ՄԱԶԽԱՐ — Խալիդեն տանը չի՞։

ՄԱՐԻՖԱԹ — (հաճոյակամ)։ Չէ, աղա… (Պչրաբար փարվում է Մազխարին։) Մենք մենակ ենք։

ՄԱԶԽԱՐ — Սպասիր… (Հրում է նրան մի կողմ։) Ես հիմա մենակ եմ… Գաղտնիքի հետ, գաղտնիքի հպատակը… Ես մենակ եմ, հաս­կանո՞ւմ ես…

ՄԱՐԻՖԱԹ — Ես քեզ հետ եմ, աղա։

ՄԱԶԽԱՐ — (մոլորամիտ)։ Դո՞ւ… դու ո՞վ ես։ Դու թրքուհի՞ ես… Դու ո՞ւմ ես ծառայում։

ՄԱՐԻՖԱԹ — (քաղցրահայացք)։ Իմ աղա­յին։

ՄԱԶԽԱՐ — Ո՞վ է քո աղան… Սարգի՞սր… Աշո՞տը… Արշա՞կը…

ՄԱՐԻՖԱԹ — Չէ, աղա… քե՛զ եմ ծառայում ամեն ինչով՝ և սրտով, և՜ մարմնով։ (Նորեն փորձում է փարվել Մազխարին։)

ՄԱԶԽԱՐ — Դրա ժամանակը չէ։

ՄԱՐԻՖԱԹ — Խալիդեն ուշ կգա, մենք մենակ ենք։

ՄԱԶԽԱՐ — (մոլոր)։ Խալիդե՞ն… Արի՞ֆը… (Շուրջն է նայում և կտրուկ բարձրանում է բազ­կաթոռից։) Ո՞ւր է…

ՄԱՐԻՖԱԹ – Ւ՞նչը, աղա։

ՄԱԶԽԱՐ — Լուսանկարը… Լուսանկարը…

ՄԱՐԻՖԱԹ – Հրե՛ս, աղա, ես ուզում էի փոշին մաքրել։

ՄԱԶԽԱՐ — Հարկավոր չի։ Թող փոշին վրան մնա։ Գաղտնիքը… գաղտնիքի վրա… ՄԱՐԻՖԱԹ — (շիվար)։ Ոչ ոք չի կասկա­ծում մեր գաղտնիքի մասին։

ՄԱԶԽԱՐ – Մե՞ր… (Ասես նոր է գիտակցում ծառայի խոսքը։ Տհաճությամբ։) Սպասի՛ր… (Խլում է նրա ձեռքից լուսանկարը և պտտվում սենյակում՝ լուսանկարը մի տեղ թաքցնելու նպատակով։) Ոչ ոքի չասես, որ այս լուսանկա­րը մեր տանն է եղել։

ՄԱՐԻՖԱԹ — (զարմանքն ավելանում է)։ Չէ, աղա, չեմ ասի… Բայց շատերը տեսել են և գիտեն դրա մասին։

ՄԱԶԽԱՐ — (վախեցած)։ Ւ՞նչ գիտեն։

ՄԱՐԻՖԱԹ — (այլևս զգալով Մազխարի հոգեկան խանգարումը)։ Որ լուսանկարը ձեր գրադարանում է։

ՄԱԶԽԱՐ – Ուրի՞շ… ուրիշ ի՞նչ գիտեն… (Լուսանկարը թաքցնում է վերարկուի տակ։) Ուրիշ ոչինչ չգիտեն։ Չպետք է գիտենան։ (Բարձրաձայն։) Գոյություն չունի ոչ մի լուսա­նկար։ Միայն գաղտնիք կա, մեծ գաղտնիք… Թուրքիայի գաղտնիքր…

ՄԱՐԻՖԱԹ — Հանգստացիր, աղա… (Ուզում է մոտենալ, Մազխարը հրում է, Մարիֆաթն ընկնում է հատակին։)

Մտնում է Խալիդեն և քարանում տեղում, ապա արագ մոտենում է Մարիֆաթին՝ փորձելով բարձ­րացնել նրան հատակից։

ԽԱԼԻԴԵ – Ի՛նչ է, ծեծե՞լ ես աղջկան;

ՄԱՐԻՖԱԹ – Ո՛չ, ո՛չ… ես ընկա։ Գրքեր էի սրբում և սայթաքեցի…

ԽԱԼԻԴԵ – Սա՛ է Արևելքը… Կինը իրավունք չունի… շուտով չադրան էլ կվերադարձնեն…

ՄԱԶԽԱՐ — (չի լսում կնոջը)։ Սո՛ւս… սո՛ւս… ոչ ոք թող չիմանա։ Ոչ ոք…

ԽԱԼԻԴԵ – Ի՞նչը չիմանա… որ անարգո՞ւմ են թրքուհուն։

ՄԱԶԽԱՐ – Թրքուհո՞ւն… ո՞վ է թրքուհի։ Դո՞ւ… (Նյարդային ծիծաղ։) Թրքուհի՜… թո՜ւրք…

ԽԱԼԻԴԵ — (Մազխարին, հետո Մարիֆա­թին)։ Ի՞նչ է կատարվում…

ՄԱՐԻՖԱԹ — Հոգնած է աղան… երևի հիվանդացել է աղան…

ԽԱԼԻԴԵ — (մեղմացած, ամուսնուն)։ Հի­վա՞նդ ես… բժիշկ կանչե՞մ…

Գալիս են Արիֆն ու Ուոլտը։

ՄԱԶԽԱՐ — Ահա եկան բժիշկները։

ԱՐԻՖ – Ի՞նչ բժիշկ… Ւ՞նչ է պատահել…

ԽԱԼԻԴԵ — Հայրիկին բժիշկ է հարկավոր։

ՄԱԶԽԱՐ — (Արիֆին և Ուոլտին)։ Դուք բժիշկ չե՞ք։

ՈՒՈԼՏ – Բժի՞շկ… (Զարմանքով նայում է Խալիդեին։)

ՄԱԶԽԱՐ — Սեռը փոխող… ազգը փոխող… մարդկության տեսակը փոխող…

Ուոլտը ե Արիֆը տարակուսանքով իրար են նայում։ Խալիդեն նշանա­ցի հասկացնում է, որ ամուսինն իրեն վատ է զգում։

ԱՐԻՖ — Հասկանալի է, հիմա կկանչեմ Սաադուլլային։

ՈՒՈԼՏ — Ո՞վ է Սաադուլլան։

ԱՐԻՖ — Մեր տան բժիշկը։ (Վերցնում է հե­ռախոսափողը, սակայն չի լսվում նրա խոսակ­ցությունը բժշկի հետ։ Խալիդեն ուզում է մոտե­նալ ամուսնուն, Մազխարը խուսափում է նրա­նից՝ վերարկուի տակ ընդգծած պահելով լուսանկարը։)

ԽԱԼԻԴԵ — Այդ ի՞նչ է, սիրելիս…

ՄԱՐԻՖԱԹ — Լուսանկար է, խանրմ։

ԱՐԻՖ — (նենգաժպիտ կարեկցանքով): Լու­սանկա՞ր: (Նայում է Ուոլտին։) Լուսանկար, ախպերս… լուսանկար…

ՄԱԶԽԱՐ — Ո՛չ մի լուսանկար… Սա գաղտ­նիքն է… մե՜ծ գաղտնիքը… Թուրքիայի մե՜ծ գաղտնիքը…

ԱՐԻՖ — Հանգստացիր, հայրիկ… Չափա­զանցնում ես…

ՈՒՈԼՏ — Պարոն Մազխար… ես շփոթել եմ, նման լուսանկարի երկրորդը չկա…

ՄԱԶԽԱՐ – Չկա՞… Չկա՞… (Ծոցից հանում է երկրորդ՝ Տարիկի տան լուսանկարը։) Չկա՝ ասում ես… (Նայում է ձախ ու աջ։ Շշուկով։) Միայն թե ոչ ոք չիմանա։ Սա մե՜ծ գաղտնիք է… Ամերիկան էլ թող չիմանա, լա՞վ… խոստանո՞ւմ ես…

ՈՒՈԼՏ — Իհարկե, խոստանում եմ, Ամերի­կան չի իմանա։

ՄԱԶԽԱՐ — (սղաձայն)։ Գլխավորը Ամերի­կան է։

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Նույն տեսարանը։ Սենյակում ավելացել է բժիշկ Սաադուլլան։ Նա փորձում է քննել, Մազխարը ընկրկում է։

ՄԱԶԽԱՐ — Ես թո՛ւրք եմ։ Դու ինձ չես կարող փոխել։ Թուրքին փոխելն անհնար է, ես թուրք եմ։ Իմ անունր Աարգիս չէ, Մազխար է…

ՍԱԱԴՈԻԼԼԱ — (փաղաքուշ)։ Ես էլ եմ թուրք։ Իմ անունն էլ Սաադուլլա է։ Ես քո հին բարեկամն եմ… մենք բարեկամներ ենք, այդպես չէ՞…

ԽԱԼԻԴԵ — (երեխայի հետ խոսելու հան­գույն)։ Ես էլ եմ թուրք… ես քո կինն եմ։ Իմ անունն էլ Խալիդե է։

ՄԱՐԻՖԱԹ — Ես էլ թուրք եմ, անունս Մարիֆաթ է, ես քո ծաոան եմ։

ՈՒՈԼՏ — (ընդունելով խաղը)։ Ես էլ եմ թուրք։

ԱՐԻՖ — (լուռ է։ Բոլորը սևեռվում են նրան՝ սպասելով, որ նա էլ կշարունակի հորդորը)։ Ես… թուրք չեմ։

ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ — (զարմանքի ընդ­հանուր հոգոցով)։ Ա՜հ…

ԱՐԻՖ — Իմ մեջ հայն է գլուխր բարձրացրել։ Չորս հազար տարվա հայը։ Իմ մեջ նա է խո­սում։ Ներգոյիս հիշողությունը կենդանի է։ Նա ձայն է տալիս և նրա ձայնը անհաղթահարելի է։ Ես չեմ կարողանում դիմադրել, նրա ձայնը հզոր է, նրա ձայնը ճեղքում է ժամանակը։

 

Հեռվից լսվում է. «Էհե՜յ… Էհե՜յ… Էհեհեեե՜յ…»։ Ձայնն ուժգնանում է։ Բեմը մթնում է և երբ նորեն լուսավորվում է, բեմի վրա երկուսն են՝ Արիֆը և Ուոլտը։

ՈՒՈԼՏ — Էս ի՞նչ արեցիր, խաղն էլ իր օրենքներն ունի։

ԱՐԻՖ — Դա խաղ չէր, Ուոլտ։ Դա իմ ամենալուրջ պահն էր։ Այդ պահը հասունանում  էր վաղուց։ Իզուր չէր բառարանով հետաքրքրվելս։ Ես տառապում էի և չէի գիտակցում տառապանքիս ակունքը։ Անգիտակցականի մեջ գիտակցությունս էր ճմռվել… ես ճմռված հայ էի մշտապես։

Ներս է մտնում Խալիդեն։ Արագ մոտենում է Արիֆին։

ԽԱԼԻԴԵ — Դու խիղճ չունե՞ս, կատակում ես հիվանդ հորդ հետ։ Թե՞ նա քո հայրը չէ։

ԱՐԻՖ – Հա՛յրս է… Այսօրվա՛ հայրս։

ԽԱԼԻԴԵ – Ի՞նչ ես դուրս տալիս։ Այսօրվա հայրը ո՞րն է, ինչ է, ես էլի՞ եմ ամուսին ունեցել:

ԱՐԻՖ — Չէ, մայրիկ, դու մի՛ ամուսին ունես, ես՝ մի՛ հայր։ Եվ հայրս Մազխար Շերիֆն է: Իմ անունն էլ Արիֆ Շերիֆ է։

ԽԱԼԻԴԵ — (հեգնամիտ)։ Եվ դու հա՛յ ես:

ՈՒՈԼՏ — Սա ուրիշ երևույթ է, Խալիդե խանըմ… (Ուզում է բացատրել, Արիֆը կանխում է:)

ԱՐԻՖ — Պետք չի, Ուոլտ, դա այս սենյակից դուրս է։

ԽԱԼԻԴԵ — Ես հայի՞ մայր եմ։

ՈՒՈԼՏ — (քնքշորեն)։ Ոչ, դու թուրքի կին ես, թուրքի մայր։ Այսօրվա մայրը։

ԽԱԼԻԴԵ — Խենթացել եք բոլորդ։

ԱՐԻՖ — Ամենաճիշտ խոսքը դու ասացիր, մայրիկ։ Խենթացել ենք։ Մեր խենթությունը իմաստություն ունի, իմաստո՛ւն խենթություն: Իմաստուն խենթություն…

ԽԱԼԻԴԵ — Դա Ամերիկայո՞ւմ են սովորեցնում։

ՈՒՈԼՏ – Ե՛վ Ամերիկայում։

ԱՐԻՖ — Մենք վաղը մեկնում ենք Ամերիկա՝ շարունակելու կատարելագործել խենթությունը:

Ներս է ընկնում այլայլված Մարիֆաթը։

ՄԱՐԻՖԱԹ — Մազխար բեյին տարան խենթանոց։

ԱՐԻՖ – Տեսնո՞ւմ ես, մայրիկ, այստեղ էլ կարելի է կատարելագործել խենթությունը: Թուրքական խենթությունը։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։