ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ԿՈՒԶԻԿԸ
Գործող անձինք
ՄԱՐԻԱՄ
ԳԵՎՈՐԳ
ԴԱՎԻԹ
ԱՎՈ
ԿՈՒԶԻԿ
I տեսարան
Բեմի ձախ կողմում հյուրասենյակն է, աջում` խոհանոցը: Տղամարդը հյուրասենյակում քայլում է կամ ականջը հպում պատին` լսում է: Խոհանոցում կինն է, նա վախեցած նայում է «այնտեղ»:
ՄԱՐԻԱՄ — Նա շարժվում է: Ես զգում եմ նրա ամեն մի շարժումը: (Թաքնվում է սեղանի ետևում:) Գարշելի անասուն, ի՞նչ ես ուզում ինձանից… Նա գալիս է իմ կողմը, էլ չեմ դիմանում, շունչս կտրվում է, այսպես ապրելն անհնար է: Ինչի՞ եմ սպասում…
ԳԵՎՈՐԳ — Մի ժամ է` անշարժ կանգնած եմ, չեմ շնչում, կոպերս չեմ թարթում, ոտքերս էլ թմրել են: Կողքից նայողը կկարծի` հոգեկան եմ: Ուզում եմ լսել, թե այնտեղ ինչ է կատարվում: Ամուսինն եմ, չէ՞…
ՄԱՐԻԱՄ — Նա փորսող է տալիս… դանդաղ, դժվարությամբ հաղթահարելով ամեն մի թիզը: (Թաքնվում է սառնարանի ետևում:) Կանգ առ, քեզնից քրտինքի ու արյան հոտ է գալիս: Ես վախենում եմ: (Նայում է «այնտեղ»:) Նրա բոսորագույն աչքերը ինձ են նայում: Ինչո՞ւ մեկ աչքը բաց է, մյուսը` փակ, ի՞նչ է ուզում դրանով ասել:
ԳԵՎՈՐԳ — Աչքերս հոգնեցին: Ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս, ի՞նչ է մտածում, անցած կյա՞նքն է հիշում, այդ անիծյալ օրը… Չէ, խելքը թռցրել է: Որոշում կայացնելու ժամանակն է: Բայց` ոչ այսօր: (Դադար:) Դու նրան սիրո՞ւմ ես… ինչ հիմար հարց է: Ես պարզ մարդ եմ, ուզում եմ, որ կինս էլ սովորական լինի, մյուսների նման: (Դադար:) Արդեն յոթն է, շուտով կգան, ու կյանքի ձանձրույթը կլցնենք թղթախաղով: (Դադար:) Գաղափար չունեմ, թե ինչ է անում այնտեղ: Ծխում է…
ՄԱՐԻԱՄ — Նա կհասնի: Գիտեմ` կհասնի, քանի որ նրան տեսնում եմ: Նա «այնտեղ է»: Ինչքան մոտ է, այնքան էլ` հեռու, մեր միջև ճահիճ կա: Նա սողալով կանցնի ճահիճն ու կմոտենա ինձ: Կբռնի ձեռքս: (Ձեռքը թաքցնում է:) Կբռնի իմ մարմինը… հետո ի՞նչ է լինելու: (Այլ տեղ է թաքնվում:) Բացեց մյուս աչքը` արյուն է կաթում. ճահիճը լցվեց արյունով: Զզվում եմ, երբ արնակալած աչքերով ինձ է նայում: (Ելնում է թաքստոցից, վերցնում է դանակը:) Հեռացի՛ր: (Հուսահատ:) Տեր Աստված, ես խելագար չեմ:
ԳԵՎՈՐԳ — Առավոտ աչքերս չբացած` Ավոն ու Դավիթը խաշ բերեցին: Խաշ շատ եմ սիրում, նրանք գիտեին, անակնկալ արեցին: Հաճելի էր: Կերանք տրաքվելու աստիճան: Հետո սուրճ խմեցինք ու սկսեցինք ծխել: (Ծխում է:) Հաճելի է կուշտ փորով ծխել: Ես սիրում եմ կուշտ ուտել ու թուղթ խաղալ: Իսկ նա ամեն ինչ փչացնում է: Հիմա ի՞նչ է անում այնտեղ…
ՄԱՐԻԱՄ — Երբ հասնի ինձ, ի՞նչ եմ անելու, այդ մտքից սիրտս կանգնում է: (Գոռում է:) Ես թույլ չեմ տա, լսո՞ւմ ես, թույլ չեմ տա` տիրանաս ինձ: Ես բարոյական կին եմ: (Դադար:) Առաջին գիշերն զգացի, որ ինձ չի սիրելու: Ամուսինս: (Դադար:) Ամուսինս տարվեց թղթախաղով, իսկ ես տեսա նրան: Նա «այնտեղ» է:
ԳԵՎՈՐԳ — Ուտելուց հետո սկսեցինք թուղթ խաղալ: Պրեֆերանս: Հետո անցանք պոկերի: Խաղում էինք, օղի խմում ու բխկում: Խաշը ծանր ուտելիք է… Նա չմոտեցավ սեղանին, ափսեները դրեց ու մտավ բույնը` խոհանոց: (Ժպտում է:) Ամբողջ օրն այնտեղ է: Ի՞նչ է անում այնտեղ, ի՞նչ է փնտրում: Նա խանգարում է իմ խաղին:
ՄԱՐԻԱՄ — Ուտելուց հետո սկսեցին թուղթ խաղալ: Չգիտեմ` ինչ խաղ է: Հայրս կորցրեց ունեցվածքն ու ինքնասպան եղավ: Մայրս բոլորին պատմում էր, որ անհույս սիրուց է, ուզում էր արդարացնել նրան… Երբ նա խաղում է, անընդհատ ջուր է խմում, ես գիտեմ` ինչու է չորանում բերանը` վախից ու ագահությունից: Փախա խոհանոց, ինձ ստիպեցի, որ չորձկամ, որ չճչամ: Նրանց ծխի ու բորբոսի հոտը ռունգերիս մեջ է:
ԳԵՎՈՐԳ — Տանուլ տվեցի, հետո պարտք ուզեցի, նրանք փող տվեցին, իսկ ես` պարտամուրհակ: Վերադառնան` խաղը կշարունակենք, ու ետ կբերեմ կորցրածս:
ՄԱՐԻԱՄ — Չեմ ուզում նրանց տեսնել… էլ չեմ դիմանում:
ԳԵՎՈՐԳ — Վաղուց պիտի բաժանվեինք: Առաջին օրվանից հասկացա, որ իմը չէ:
ՄԱՐԻԱՄ — Հոգնել եմ, անընդհատ լաց եմ լինում, հուսահատությունից ինձ կորցրել եմ:
ԳԵՎՈՐԳ — Ե՞րբ են նրանք գալու, գլուխս սկսեց ցավել:
Լարված նայում են «այնտեղ»:
II տեսարան
Դռան զանգ: Գևորգը բացում է դուռը: Ներս են մտնում Գևորգն ու Ավոն:
ԳԵՎՈՐԳ — Մտածում էի, էլ չեք գա:
ԴԱՎԻԹ — Կներես, մի քիչ ուշացանք:
ԱՎՈ — Ես անընդհատ հիշեցնում էի, որ մեզ սպասում են:
ԳԵՎՈՐԳ — Ես սպասում էի, չորս անգամ փորձեցի զանգել, չկարողացա, սպասելուց հոգնեցի: Գլուխս ցավում է:
ԴԱՎԻԹ — Ուզո՞ւմ ես` գնանք:
ԳԵՎՈՐԳ — Նայած, թե ինչքան եք տարվելու:
ԱՎՈ — Ուրեմն սկսեցինք:
Գալիս է Մարիամը:
ԳԵՎՈՐԳ — (Մարիամին): Շարունակելու ենք խաղը:
ՄԱՐԻԱՄ — Արդեն ուշ է:
ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, վաղը կիրակի է… Գուցե քնե՞ս, մենք չենք խանգարի, կամաց կխոսենք: Եթե քունդ չի տանում` նստիր ու խաղին նայիր: (Կինը նստում է, մյուսներին:) Նա խաղից հասկանում է, հայրը հայտնի խաղացող էր: Ես չեմ կարող համեմատվել… Այնքան խաղաց, մինչև… հին պատմություն է: Սկսեցինք:
Ավոն խաղաթուղթ է բաժանում:
ԳԵՎՈՐԳ — Հազար դրամ:
ԴԱՎԻԹ — Կրկնապատկում եմ:
ԱՎՈ — Ես հնգապատկում եմ:
ԳԵՎՈՐԳ — Տասնապատկում եմ:
ԴԱՎԻԹ — Ես` պաս:
ԱՎՈ — Ընդունում եմ, բաց թղթերը:
ԳԵՎՈՐԳ — Երեք տղա:
ԱՎՈ — Տարար: Բաժանիր: (Թղթերը գցում է հատակին, կռանում, վերցնում:)
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ ես ներվայնացել:
ԱՎՈ — Ամեն ինչ նորմալ է:
ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, գնա քնիր:
ՄԱՐԻԱՄ — Երբ տանը օտար մարդ կա, քնել չեմ կարող:
ԳԵՎՈՐԳ — Ասյտեղ օտարներ չկան, մենք մոտիկ ընկերներ ենք:
ՄԱՐԻԱՄ — Արդեն կեսգիշեր է:
ԴԱՎԻԹ — Տիկինը ճիշտ է, տուն գնալու ժամանակն է:
ԱՎՈ — Նոր էինք տաքացել: (Դադար:) Այսօր ցրտեց:
ԳԵՎՈՐԳ — Նստեք: (Կնոջը.) Սիրելիս, դու մեզ խանգարում ես: Գնա ննջարան, ինձ մի սպասիր:
ՄԱՐԻԱՄ — Ես չեմ կարող քնել:
ԳԵՎՈՐԳ — Գնա ննջարան, պառկիր ու մի՛ քնիր:
ՄԱՐԻԱՄ — Իմ քունը տանում է:
Հյուրերը ոտքի են կանգում: Լույսը բոսորագույն է: Չորսով կանգնած են դեմ դիմաց:
Կինը — Ես ձեզ խանգարո՞ւմ եմ:
I տ. — Նա մեզ խանգարո՞ւմ է:
II տ. — Նա խանգարում է:
III տ. — Ես գիտեմ: (Դադար:)
Կինը — Ես չեմ ուզում, որ դուք խաղաք:
I տ. — Նա դեմ է:
II տ. — Մենք իզուր եկանք:
III տ. — Դեռ կտեսնենք: (Դադար:)
Կինը — Ես թույլ կին եմ:
I տ. — Նա մեզ հիմարացնում է:
II տ. — Ուշադրություն մի՛ դարձրու:
III տ. — Դա իմ գործն է: (Դադար:)
Կինը — Ես էլ չեմ կարող:
I տ. — Ինչքա՞ն պիտի այսպես կանգնենք:
II տ. — Այ թե ծիծաղելի վիճակ է:
III տ. — Նստեք: (Դադար:)
Սովորական լույս է: Դավիթն ու Ավոն նստած են:
ԳԵՎՈՐԳ — Գնա խոհանոց, մի՛ խանգարիր: (Կինը գնում է:) Խաղից հաճույք չեմ ստանում, երբ նա այստեղ է:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ եք վիճել:
ԳԵՎՈՐԳ — Նրա հետ վիճելն անհնար է, նայում է քեզ ու չի տեսնում: Երբ հեռանում է, նույնիսկ դեմքի գույնն է փոխվում: Դառնում է ավելի սպիտակ` ինչպես թուղթը:
ԴԱՎԻԹ — Լավ համեմատություն չէր, թուղթը տարբեր գույնի է լինում:
ԳԵՎՈՐԳ — Ես ասում եմ` նմանվում է սպիտակ թղթի: Իսկ մարմինը թղթի նման ծալվում է, ասես ուզում է թռչել ու եթե չբռնես` քամին կտանի:
ԴԱՎԻԹ — Նրան հարցրե՞լ ես` ուր է գնում:
ԳԵՎՈՐԳ — Նա գնում է «այնտեղ»:
ԴԱՎԻԹ — Այնտեղ: (Դադար:) Որտե՞ղ:
ԱՎՈ — Կնոջը բռիդ մեջ պիտի պահես, որ չկարողանա շնչել: Խաղալո՞ւ ենք, թե՞ ոչ:
ԴԱՎԻԹ — Կանայք այս տարիքում իրենց կորցնում են:
ԳԵՎՈՐԳ — Նա ինձ ոչինչ չի ասում:
ԴԱՎԻԹ — Դա պիտի իմանաս:
ԱՎՈ — Չլինի՞ սիրահարվել է:
ԴԱՎԻԹ — Հիմարություն դուրս մի տուր:
ԳԵՎՈՐԳ — Տարօրինակությունները նրա մոտ ստացվում են:
ԴԱՎԻԹ — Կանայք տարօրինակություններ անել գիտեն:
ԱՎՈ — Ուրեմն` փողն է պակաս: (Դադար:) Սկսում եմ հազար դրամից:
ԳԵՎՈՐԳ — Ես անընդհատ մտածում եմ նրա մասին, դրա համար էլ տարվում եմ:
ԱՎՈ — Էդ մեկը ճիշտ է:
ԳԵՎՈՐԳ — Դու ինձ փող կտա՞ս:
ԱՎՈ — Առավոտյան երեք անգամ ստացական ես գրել:
ԳԵՎՈՐԳ — Մի վախենա, մինչև վերջին կոպեկը կվճարեմ:
ԴԱՎԻԹ — Բավական է, այսօր շատ ես տարվել:
ԱՎՈ — Ինչքա՞ն ես ուզում:
ԳԵՎՈՐԳ — Երկու միլիոն:
ԱՎՈ — Տալիս եմ վերջին անգամ;
ԴԱՎԻԹ — Չտաս:
ԱՎՈ — Ընկերս կմտածի, թե ժլատ եմ: (Փողն է հաշվում:)
ԳԵՎՈՐԳ — Սրտանց ես տալիս, չէ՞:
ԱՎՈ — Շատ սրամիտ է, չմոռանաս ստացական գրել:
ԳԵՎՈՐԳ — Խաղի վերջում կհաշվենք: (Դադար:)
ԴԱՎԻԹ — Գլուխս սկսեց ցավել, գնամ, թարմ օդ շնչեմ: (Ոտքի է կանգնում:)
ԱՎՈ — Չուշանաս, շատ բան կկորցնես:
ԳԵՎՈՐԳ — Կնոջս ասա` սուրճ դնի:
Դավիթը գնում է:
III տեսարան
Հյուրասենյակ մթնում է, լուսավորվում է խոհանոցը, Մարիամն այնտեղ է: Ներս է մտնում Դավիթը:
ԴԱՎԻԹ — Բարև: Խանգարեցի՞ ձեր մեծությանը: Կներեք: Խաղից գլուխս ցավեց, թույլ տվեք լուսամուտը բանալ:
ՄԱՐԻԱՄ — Բացեք:
ԴԱՎԻԹ — Շնորհակալություն: (Բացում է լուսամուտը:) Խաղաղ երեկո է:
ՄԱՐԻԱՄ — Արդեն կեսգիշեր է:
ԴԱՎԻԹ — Այնքան շուտ անցավ օրը` չնկատեցինք: Դեմքիցդ երևում է, որ լարված ես: Բայց չէ՞ որ մենք ամուսնուդ ընկերներն ենք, օտար չենք: Մենք սիրում ենք Գևորգին, նա լավ տղա է, ընկերասեր, հյուրասեր… (Դադար:) Գևորգը խնդրեց, որ սուրճ դնեմ, դուք էլ ուզո՞ւմ եք…
ՄԱՐԻԱՄ — Ես կդնեմ:
ԴԱՎԻԹ — Ոչ, ես սիրում եմ ինքս… միայն իմ եփածն եմ հավանում:
ՄԱՐԻԱՄ — Առավոտյան ես էի սուրճ եփել:
ԴԱՎԻԹ — Դե… հո չէի՞ ասի` կներեք, ձեր եփած սուրճն անհամ է… կարող էիք վրդովվել: ՄԱՐԻԱՄ — Շաքարավազն ու սուրճը պահարանում են:
ԴԱՎԻԹ — Քեզ համար սուրճ դնե՞մ:
ՄԱՐԻԱՄ — Գիշերը սուրճ չեմ խմում:
Դավիթը սուրճ է եփում:
ԴԱՎԻԹ — Մենք դառը սուրճ ենք խմում, դու` քաղցր: Քեզ համար կեփեմ, հետո` մեզ…
ՄԱՐԻԱՄ — Ես ասացի…
ԴԱՎԻԹ — Դա՛ռն եք խմում: Ո՞չ: Մի գդալ շաքարը բավակա՞ն է, ուզո՞ւմ եք` երկուսը լցնեմ… Լավ, երկուսուկես գդալ, որ քաղցր աչքով մեզ նայես: Երբ տանտիրուհին քաղցր աչքով է նայում, ուզում ես սիրտդ բացել նրա առջև: Նայի՛ր, ինչ գեղեցիկ սիրտ է… (Ցույց է տալիս:) Նա շարունակում է թկթկալ, զգույշ, կարող է նեղանալ:
ՄԱՐԻԱՄ — Ես քաղցր աչքով չեմ նայում:
ԴԱՎԻԹ — Բայց ցանկություն ունեք: Դուք այնքա՜ն մեծահոգի եք:
Լույսը դժգունում է, ներս է մտնում Կուզիկը:
Կուզիկ — Տվեք ձեր սիրտը:
Դավիթ — Ի՞մ սիրտը:
Կին — Քո սիրտը: (Դադար:)
Կուզիկ — Ես այն կդնեմ սառնարանը:
Դավիթ — Իմ սիրտը սառնարանո՛ւմ:
Կին — Ի՞մ սառնարանում: (Դադար:)
Կուզիկ — Որ չհոտի:
Դավիթ — Ես չեմ հավատում:
Կին — Դու չե՞ս հավատում: (Դադար:)
Կուզիկ — Որ սառուցապատի:
Դավիթ — Ի՞մ սիրտը:
Կին — Հասկացա՞ր ինձ: (Դադար:)
Դավիթ — Ոչ:
Կուզիկ — Խեղճ տղա:
Կին — Նա սիրում է խաղալ:
Կուզիկը հեռանում է: Սովորական լույս է:
ԴԱՎԻԹ — Օրը չորս բաժակ սուրճ եմ խմում: (Նայում է սառնարանին:)
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ:
ԴԱՎԻԹ — Կարո՞ղ եմ բանալ սառնարանը:
ՄԱՐԻԱՄ — Խնդրեմ: (Դադար:)
ԴԱՎԻԹ — Հիմարություն է: (Ծիծաղում է:)
ՄԱՐԻԱՄ — Բաց, տես, այնտեղ ի՞նչ կա: (Դադար:)
ԴԱՎԻԹ — Ամուսինդ վատ է խաղում:
ՄԱՐԻԱՄ — Դուք էլ օգտվում եք դրանից:
ԴԱՎԻԹ — Նա ինձ չի լսում:
ՄԱՐԻԱՄ — Ստում ես: Բա՛ց սառնարանը, տես, այնտեղ ինչ կա:
ԴԱՎԻԹ — Նա ասում է, որ քեզ հետ չի քնում:
ՄԱՐԻԱՄ — Մենք նույն մահճակալին ենք քնում:
ԴԱՎԻԹ — Նա իմպոտենտ է:
ՄԱՐԻԱՄ — Իմպոտենտ չէ, բայց ինձ հետ չի քնում: (Դադար:) Նա է ասե՞լ…
ԴԱՎԻԹ — Հա… ասում է, որ դուք «այնտեղ» եք, ամբողջ օրը դուրս չեք գալիս: Ի՞նչ է նշանակում այնտեղ լինել:
ՄԱՐԻԱՄ — Սուրճդ եփիր:
ԴԱՎԻԹ — Ես պաղ եմ խմում:
ՄԱՐԻԱՄ — Դու սրճեփը չես դրել կրակի վրա:
ԴԱՎԻԹ — Իսկապես… հիմա կդնեմ: Լուցկին կվառեմ, գազի ծորակը կբացեմ… (Ուզում է վառել, չի ստացվում:)
ՄԱՐԻԱՄ — Զգույշ, կպայթեցնես:
ԴԱՎԻԹ — Կօգնե՞ս` սուրճ եփեմ: Ես սուրճ եփել չգիտեմ:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ չես բացում սառնարանը:
ԴԱՎԻԹ — Ուզում եմ ասել` կուզիկը…
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ, այս տանը կուզի՞կ ես տեսնում: Ոչ ես, ոչ էլ Գևորգը կուզիկի նման չենք: Իսկ դո՞ւ:
ԴԱՎԻԹ — Ե՞ս: Ուզում ես ասել, որ ե՞ս եմ կուզիկը: Բայց իմ հասակը 1մ 60 սանտիմետրից ավելի է: Ավոն… Ավո՛ն է կուզիկը, բայց դա հնարավոր չէ:
ՄԱՐԻԱՄ — Քեզ չեմ հասկանում:
ԴԱՎԻԹ — Ես ինքս ինձ չեմ հասկանում:
ՄԱՐԻԱՄ — Սրճեփը դիր գազի վրա:
ԴԱՎԻԹ — Ե՞ս դնեմ:
ՄԱՐԻԱՄ — Ծա՞նր է:
ԴԱՎԻԹ — Չէ, դժվար չէ, նայիր, դնում եմ: (Չի շարժվում:)
ՄԱՐԻԱՄ — Դու սրճեփը չես դրել կրակի վրա:
ԴԱՎԻԹ — Իսկապե՞ս… զարմանալի է: Հիմա կդնեմ, գազի ծորակը կբացեմ ու լուցկի կվառեմ:
Ինչ ասում է` անում է, բայց լուցկին չի վառվում, գազը լցվում է սենյակը:
ՄԱՐԻԱՄ — Զգո՛ւյշ… կպայթեցնես տունը, փակիր ծորակը:
ԴԱՎԻԹ — (փակում է ծորակը): Վախեցրիր… Կօգնե՞ք սուրճը եփեմ, ես եփել չգիտեմ: (Սրճեփը դնում է սեղանին:)
ՄԱՐԻԱՄ — Անճարակ… Ինչո՞ւ չես բացում սառնարանի դուռը: Նայում ես, բայց չես բացում: (Բացում է սառնարանի դուռը:) Տես, սիրտ է, շուկայից եմ գնել, դեռ տաք է, բայց շուտով կսառցակալի:
ԴԱՎԻԹ — Ուզում եք ասել` կուզիկը…
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ, այս տանը կուզիկ տեսնո՞ւմ եք: Ոչ ես, ոչ էլ Գևորգը կուզիկ չենք: Իսկ դո՞ւ:
ԴԱՎԻԹ — Ե՞ս… ուզում եք ասել, որ ե՞ս եմ կուզիկը, բայց իմ հասակը 1մ 70 սանտիմետրից ավելի է: Ա՜, Ավոն… բայց դա անհնար է:
ՄԱՐԻԱՄ — Քեզ չեմ հասկանում:
ԴԱՎԻԹ — Ես ինքս ինձ չեմ հասկանում: (Դադար:)
ՄԱՐԻԱՄ — Սրճեփը դիր գազի վրա:
ԴԱՎԻԹ — Ե՞ս դնեմ:
ՄԱՐԻԱՄ — Ծա՞նր է:
ԴԱՎԻԹ — Չէ, դժվար չէ, սրճեփը դնում եմ գազի վրա… գրողը տանի, այ թե գործ է, ճակատս քրտնեց:
ՄԱՐԻԱՄ — Իսկ հիմա գազի ծորակը բաց:
ԴԱՎԻԹ — Չէ, չեմ կարող:
ՄԱՐԻԱՄ — Լավ, ես կեփեմ: (Ինքն է եփում:)
ԴԱՎԻԹ — (ծիծաղում է): Քեզ հետ դժվար է:
ՄԱՐԻԱՄ — Քո ճանաչած կանանց նման չե՞մ:
ԴԱՎԻԹ — Փառք Աստծո, որ ոչ… Կգժվեի:
ՄԱՐԻԱՄ — Իսկ դու ուշադիր նայիր շուրջդ:
ԴԱՎԻԹ — Երկրորդ անգամ թակարդը չեմ ընկնի:
ՄԱՐԻԱՄ — Սովորեցի՞ր սուրճ եփել:
ԴԱՎԻԹ — Ոչ: Բայց կուզենայի հասկանալ, թե ինչ է նշանակում «այնտեղ» լինել:
ՄԱՐԻԱՄ — «Այնտեղ» դիմացդ է, ի՞նչ ես տեսնում:
ԴԱՎԻԹ — Քեզ, իսկ ետևում` պատն ու կախիչ: Կախիչից կախված է… ոչինչ էլ կախված չէ: (Դադար:) Ամուսինդ քո մասին է մտածում, դրա համար էլ տարվում է:
ՄԱՐԻԱՄ — Մյուս անգամ տնից կգնա, որ ազատ զգաք:
ԴԱՎԻԹ — Դուք տարբեր եք: Քեզ նման կանայք ամբողջ կյանքում մենակ են ապրում:
ՄԱՐԻԱՄ — Սուրճը պատրաստ է:
ԴԱՎԻԹ — Իզուր ես մեզ անտեսում: Ամուսինդ իրեն կորցրել է, խղճուկ տեսք ունի: Հիմա հասկացա. եթե տանտիրուհին տղամարդու գրկում չէ, այլ ինչ-որ տեղ` այդ ընտանիքը երկար կյանք չունի: Նա քեզ հետ չի քնում, որովհետև մենք ենք նրան խորհուրդ տվել:
ՄԱՐԻԱՄ — Դուք ինձ ձանձրացրիք:
ԴԱՎԻԹ — Զգուշացե՛ք, տիկի՛ն:
ՄԱՐԻԱՄ — Ումի՞ց, ամուսնուս հարգարժան ընկերների՞ց: Որոնք ամեն օր իրար ականջ են մտնում ու փսփսում են:
ԴԱՎԻԹ — Վախեցեք ինքներդ ձեզնից:
ՄԱՐԻԱՄ — Հեռացե՛ք:
Դավիթը սուրճը տանում է:
ՄԱՐԻԱՄ — Հինգ տարվա ամուլ ամուսնությունը իր վախճանն ունի:
IV տեսարան
Հյուրասենյակը թույլ լուսավորված է: Ավոն ու Դավիթը խաղում են, Գևորգը մտովի ոտքի է կանգնում, ականջը հպում է պատին:
ԳԵՎՈՐԳ — Նա մենակ է, իր ցնորքների մեջ, ես այնտեղ չկամ, ես զգում եմ իմ բացակայությունը, ես նրան չեմ կարողանում օգնել: «Մարիամ, դու գիտես` ինչ ես ուզում: Համբուրիր ինձ… թող ես քեզ համբուրեմ, մի թող ինձ մենակ»: Մարիամն ասաց` այդ ես չեմ: Ի՞նչ էր ուզում դրանով ասել: Դավիթն ասաց` քո սենյակում կուզիկ է տեսել: Ծիծաղեցի: Ես գիտեմ, դու ոնց ես կարողանում մարդկանց մոլորեցնել: Դու բացել ես սառնարանը, ցույց ես տվել սիրտն ու ասել ես, որ դա մարդու սիրտ է: Ես հռհռացի… Այդ սիրտը ես եմ գնել, ոչխարի սիրտ է, չէ, խոզի էր, որովհետև խոզինը էժան էր: Ես գնեցի քեզ զվարճացնելու համար: Ես պիտի կիսեի սիրտն ու ցույց տայի փականները: Դու ասում էիր, որ սիրտդ ծակում է: Ուզում ցույց տալ, թե արյունը ինչպես է շրջապտույտ կատարում փականներով, ասես ավտոմեքենայի շարժիչ է, մարդու սիրտը նույնպես մեխանիկական շարժում է կատարում: Գուցե այս խաղը մեզ օգներ ու մենք նայեինք իրար որպես մեքենաներ: (Ծիծաղում է:) Այ թե բան մտածեցի…
ԱՎՈ — Ի՞նչ ես քնել, խաղա:
ԳԵՎՈՐԳ — Դնում եմ մեկ միլիոն:
ԴԱՎԻԹ — Ես` պաս:
ԱՎՈ — Ափսոսում եմ, բայց ռիսկի չեմ դիմի: (Թղթերը ցած է դնում:)
ԳԵՎՈՐԳ — Նայեք, ոչինչ չունեմ, դատարկ փամփուշտով էլ կարելի է կրակել:
ԴԱՎԻԹ — Ամեն անգամ բախտդ չի բերի:
ԳԵՎՈՐԳ — Կյանքն էլ է խաղ, մի օր տանում ես, մի օր էլ` տարվում:
ԴԱՎԻԹ — Կինդ մեղադրում է, որ քեզ խաղի մեջ ենք քաշել:
ԳԵՎՈՐԳ — Իզուր ես նրա հետ երկար խոսել:
ԴԱՎԻԹ — Գնա, նրան ասա, որ մենք քեզ չենք ստիպում:
ԱՎՈ — Որ այդպես է, էլ չենք խաղա:
ԳԵՎՈՐԳ — Ես եմ ուզում խաղալ, հասկացա՞ք, ձեզ արգելում եմ նրա հետ խոսել:
ԱՎՈ — Այ, սա տղամարդու խոսք է: Կնոջը լսես` օղի էլ չես խմի:
ԴԱՎԻԹ — Ասածս էն է, մեր ախպեր, որ կինդ կնեղանա, մենք էլ սևերես կմնանք:
ԳԵՎՈՐԳ — Նրա կարծիքն այդքան կարևո՞ր է: Դուք ուզում եք, որ նրան կանչեմ այստե՞ղ: Ինչ եք ուզում լսել… այդքան թույլ անձնավորությո՞ւն եմ: Ի՞նչ է անում այնտեղ… (Դավիթին.) Կարո՞ղ ես ասել, ի՞նչ էիք անում խոհանոցում:
ԴԱՎԻԹ — Մեզ համար ուզում էի սուրճ դնել, չկարողացա… սա իմ ուզած սուրճը չէ:
ԱՎՈ — Ճիշտ է, համ չունի:
ԴԱՎԻԹ — Ես չկարողացա իմ ուզած սուրճը եփել: Ամեն օր եփում եմ, բայց ձեր խոհանոցում չկարողացա:
ԳԵՎՈՐԳ — Դա քեզ համար կարևո՞ր է:
ԱՎՈ — Խաղը ծանրանում է, օդն էլ թանձրանում, քիչ ծխեք, ու բավական է նրա մասին խոսեք: Դավիթ, փող դիր: Ես ուզում եմ խաղալ:
ԴԱՎԻԹ — Երեսուն հազար:
ԳԵՎՈՐԳ — Ոչ ոք չի կարող ստիպել, որ խաղը կիսատ թողնեմ, ես դնում եմ ամբողջը:
ԴԱՎԻԹ — Այդպես չեն խաղում:
ԳԵՎՈՐԳ — Իսկ ես խաղում եմ: Հը, թղթերդ գցո՞ւմ եք:
ԴԱՎԻԹ — Ես քեզ զգուշացրի: Նայիր` մեկ տուզ, երկու տուզ, երեք տուզ, տարա: (Փողերը հավաքում է) Այդպես խաղաս` տունդ էլ կկորցնես:
ԳԵՎՈՐԳ — Աչք ես դրել տանս վրա՞, քամակդ կտեսնես` տունս չես տեսնի:
ԴԱՎԻԹ — Հանգստացիր, ոչ ոք տունդ չի ուզում, ես միայն խորհուրդ եմ տալիս:
ԳԵՎՈՐԳ — Գիտե՞ս` ուր մտցրու քո խորհուրդը…
ԴԱՎԻԹ — Ո՞ւր: (Դադար:)
ԱՎՈ — Լսեք, մենք եկել ենք խաղալու:
ԴԱՎԻԹ — Ասա, ո՞ւր մտցնեմ…
ԱՎՈ — Ես ասե՞մ…
ԴԱՎԻԹ — Չէ, թող ինքն ասի:
ԱՎՈ — Ի՞նչ ես տղային նեղացնում: (Դադար:) Խաղում ենք:
ԳԵՎՈՐԳ — Ինձ փող տվեք:
ԴԱՎԻԹ — Չունես` մի խաղա:
ԱՎՈ — Իսկ ես փափուկ սիրտ ունեմ, ինչքան էլ ուզես` կտամ:
ԳԵՎՈՐԳ — Երեք միլիոն:
ԱՎՈ — Տվեցի: Դու էլ ստացական գրիր: (Գևորգը գրում է) Ստացականներս սրտիս մոտ եմ պահում: (Դնում է վերնաշապիկի գրպանը:) Ինչի՞ տխրեցիր:
ԳԵՎՈՐԳ — Էս տունը քրոջս էր, գնաց Դոնի Ռոստով, ամեն շաբաթ նամակ էր գրում, թե` հիվանդ եմ, փող չունեմ, տունը վաճառի: Ես էլ նամակներին չէի պատասխանում: Քաղցկեղով հիվանդ էր, մեռավ, տունը մնաց ինձ: Սրտիս դարդ է մնացել: Չհամարձակվե՛ք տան անունը տալ:
ԴԱՎԻԹ — Դուք խաղացեք, ես թարմ օդ շնչեմ:
ԳԵՎՈՐԳ — Ոչ մեկդ էլ տեղից չեք շարժվի: Բաժանի՛ր:
Խաղում է Գևորգը, տանում է:
ԱՎՈ — Այս անգամ տարար, էլ ի՞նչ ես կպել բախտի կոկորդից:
ԳԵՎՈՐԳ — Մի երկու անգամ էլ այսպես տանես` պարտքերս կփակես:
ԱՎՈ — Թույլ տուր գնամ, պիպի անեմ:
ԳԵՎՈՐԳ — Լսեք, դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել:
Ավոն դուրս է գնում: Դավիթն ու Գևորգը խաղում են: Մթնում է: Լուսավորվում է խոհանոցը: Ներս է մտնում Ավոն: Կինը հարցական նրան է նայում:
ԱՎՈ — Զուգարանակոնքը չի աշխատում: Ես էլ վերցրեցի ջրամանն ու դատարկեցի, հետո հասկացա` սխալվել եմ, ջուրը չէր գալիս:
ՄԱՐԻԱՄ — Կեղտոտ ձեռքերով մտել ես խոհանոց:
ԱՎՈ — Իմ ձեռքերը միշտ մաքուր են: Որտեղ աշխատում եմ` տերն ափսոսում է ձեռնոց տալ, մուրը մտել է մաշկիս մեջ, ինչքան լվանում եմ` չի մաքրվում: Կինս մրոտ ձեռքերիս չի նայում, նրան ավելի շատ ուրիշ բան է հետաքրքրում: (Ծիծաղում է:) Կանայք միայն դա են ուզում տեսնել:
ՄԱՐԻԱՄ — Հեռացի՛ր:
ԱՎՈ — Աչքերիցդ կրակ է թափվում, որ ուժ ունենայիր, տղամարդու ուժ` կոկորդս կբռնեիր: (Դադար:) Ամուսինդ ասում է` հաճախ ես բացակայում, ո՞ւմ մոտ ես գնում… Ես լինեի` չէի դիմանա: Այդպես մի նայիր, կհալվեմ: Կատակեցի, ես պինդ տղամարդ եմ, եթե կասկածներ ունես… ասա:
ՄԱՐԻԱՄ — Դուք ընկերներ եք:
ԱՎՈ — Ինչ-որ չեմ հիշում, որ նա իմ ընկերն է:
ՄԱՐԻԱՄ — Իսկ ինչո՞ւ ես նրա տանը:
ԱՎՈ — Խաղալու համար, այսպես հարմար է, տունն էլ դուր է գալիս, քաղաքի կենտրոնում, լուսավոր, ճիշտ է, վերանորոգված չէ, բայց ոչինչ: (Դադար:) Երբ այս տունը իմը դառնա, կվերանորոգեմ, իմ այս «կեղտոտ» ձեռքերից ամեն ինչ էլ գալիս է: (Դադար:) Ամուսինդ դանդաղ խրվում է պարտքերի մեջ: Կարծում ես, դա քեզ չի՞ վերաբերում: Հույս ունեմ, որ ամուսնուդ փափլիկ ձեռքը կբռնես ու կհեռանաս:
ՄԱՐԻԱՄ — Տունը քեզ չեմ տա:
ԱՎՈ — Դե, դե, այդքան վստահ մի ասա:
ՄԱՐԻԱՄ — Կրակին կտամ, բայց քեզ չեմ տա:
ԱՎՈ — Իսկ ամուսնուդ պարտքը ո՞նց ես փակելու:
ՄԱՐԻԱՄ — Ինքն է պարտք` ինքն էլ կվճարի: (Դադար:)
ԱՎՈ — Այ թե կին ես, վայրի ձիու պես ծառս ես լինում, իսկ ես գիտեմ` դրան ոնց են հնազանդեցնում: Պարանը գցում ես վիզն ու քաշում, մինչև կինը ընկնում է ոտքերիս տակ ու թողություն է խնդրում: Ես էլ մեծահոգաբար ներում եմ նրան: (Բռնում է կնոջ դեմքը:) Դե, փոքրիկս, հանգստացիր, պապան իր գործը դեռ չի սկսել…
ՄԱՐԻԱՄ — Կգոռամ:
ԱՎՈ — Դե, դե, ինձ մի զայրացրու:
ՄԱՐԻԱՄ — (վերցնում է դանակը): Ես կարող եմ ինձ պաշտպանել:
ԱՎՈ — Դու կարո՞ղ ես մարդ սպանել:
ՄԱՐԻԱՄ — Հեռացիր, խնդրում եմ:
ԱՎՈ — Հեռանա՞մ … ինչո՞ւ:
Լույսը մարում է:
V տեսարան
Կինը մաքրում է հյուրասենյակը: Գևորգն անտարբեր նրան է նայում:
ԳԵՎՈՐԳ — Տարօրինակ է: Տարօրինակ է, որ դու այստեղ ես:
ՄԱՐԻԱՄ — Ես սրբում եմ հատակը, որ քեզ լավ զգաս:
ԳԵՎՈՐԳ — Մի գոռա… երեկ շատ խմեցի, գլուխս պայթում է, բայց լսողությունս տեղն է:
ՄԱՐԻԱՄ — Ես չեմ գոռում:
ԳԵՎՈՐԳ — Ոչ, գոռացիր: Հատակն ես մաքրում, բա էլ ո՞վ պիտի մաքրի:
ՄԱՐԻԱՄ — Դա իմ պարտականությունն է:
ԳԵՎՈՐԳ — Մի բաժակ օղի բեր: Դու ինձ չես հասկանում, շուտով ընկերներս գալու են: Ես պիտի սթափ ուղեղ ունենամ:
ՄԱՐԻԱՄ — Նրանք ծիծաղում են… ասում են` խաղալ չգիտես:
ԳԵՎՈՐԳ — Դեռ կտեսնենք` ով ում վրա կծիծաղի:
Մարիամը օղին ու բաժակը դնում է սեղանին:
ՄԱՐԻԱՄ — Ձեռքերդ դողում են:
ԳԵՎՈՐԳ — Լցրու օղին: Օղին լցրու բաժակը: (Մարիամը լցնելուց թափում է:) Տեր Աստված, մի բաժակ օղի լցնել չես կարող: Ձեռքիցդ ոչինչ չի գալիս, բայց ամբողջ օրը խոհանոցում ես, ընկերներս մտածում են` իսկական տնտեսուհի ես: (Խմում է:) Միայն ես գիտեմ, որ ինձ հետ չես քնում: Ճիշտ է, մարմինդ ինձ քսվում է, բայց դու չկաս, անկողնուս մեջ ես, բայց ինձ հետ չես, ո՞ւր ես, որտե՞ղ ես թրև գալիս, ո՞ւմ ես երազում: Կարծես երազախաբ լինենք, ամեն մեկս` մեզ համար: Ես չեմ կարող քեզ փաղաքշել, քաղցր բառեր ասել…
ՄԱՐԻԱՄ — Իզուր ես էներգիադ ինձ վրա ծախսում:
ԳԵՎՈՐԳ — Քո կյանքում ուրիշն է հայտնվել:
ՄԱՐԻԱՄ — Կարո՞ղ եմ գնալ խոհանոց:
ԳԵՎՈՐԳ — Ոչ:
ՄԱՐԻԱՄ — Ո՞չ:
ԳԵՎՈՐԳ — Նստիր, ուշադիր լսիր ինձ: Երեկ շատ խաղացի, ազարտի մեջ էի, սկզբում տանում էի, հետո սկսեցի տարվել:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ ես ինձ ասում:
ԳԵՎՈՐԳ — Դու իմ կինն ես… Մեծ գումար պարտք մնացի:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել, ես փող չունեմ:
ԳԵՎՈՐԳ — Ամբողջ օրը մտածում եմ, թե ինչպես եմ փակելու: Ուզում եմ` դու խաղաս:
ՄԱՐԻԱՄ — Ե՞ս խաղամ… քո փոխարե՞ն:
ԳԵՎՈՐԳ — Գուցե քո բախտը բերի:
ՄԱՐԻԱՄ — Ես խաղալ չգիտեմ:
ԳԵՎՈՐԳ — Դժվար չէ, շատ արագ կսովորեցնեմ:
ՄԱՐԻԱՄ — Ես չեմ ուզում խաղալ: Դու էլ մի խաղա, պարտքդ քիչ-քիչ կփակես, չէ՞ որ ընկերներ եք:
ԳԵՎՈՐԳ — Նրանք ի՞նչ ընկերներ… (Դադար:) Ու՞ր ես նայում, կարծես գազան տեսած լինես: Արի գրկեմ, մի սրթսրթա, ես քո կողքին եմ: Ես քեզ կպաշտպանեմ:
ՄԱՐԻԱՄ — Նա գազան չէ, գազան չէ… մի խաղա, խնդրում եմ:
ԳԵՎՈՐԳ — Զանգեմ շտապ օգնություն, նրանք քեզ խելքի կբերեն:
ՄԱՐԻԱՄ — Դու ինձ չես հասկանում:
ԳԵՎՈՐԳ — Այսօր ավելի կարևոր խնդիրներ ունեմ: Ուզո՞ւմ ես պառկել:
ՄԱՐԻԱՄ — Ես արդեն լավ եմ: Մի խաղա, նրանք քեզ խաբում են:
ԳԵՎՈՐԳ — Ինձ ոչ ոք չի կարող խաբել: Նույնիսկ դու: (Դադար:) Նորից նայում ես այնտեղ:
ՄԱՐԻԱՄ — Մեխից կախված իմ մարմինը ճոճվում է թիկ-թակ, թիկ-թակ… ծիծաղելի է, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Ոչ:
ՄԱՐԻԱՄ — Իսկ ես ուզում եմ ծիծաղել: (Ծիծաղում է, հետո լալիս:) Ես մեղավոր չեմ, որ անկողնում ինձ չես զգում:
ԳԵՎՈՐԳ — Գիտեմ: Ուզո՞ւմ ես, գնանք թատրոն:
ՄԱՐԻԱՄ — Դու ամեն անգամ խոստանում ես:
ԳԵՎՈՐԳ — Երբ այս պատմությունից դուրս գամ, անպայման կգնանք թատրոն:
ՄԱՐԻԱՄ — Դու չես կարող նրանց հաղթել:
ԳԵՎՈՐԳ — Նայիր… (Խաղաթղթերը բաժանում է երեք տեղ:) Ի՞նչ է իմ մոտինը: (Բացում է:) Երեք տուզ, իսկ նրա՞նցը… (Բացում է:) Երեք արքա ու երեք աղջիկ: Ես մեծ գումար եմ դնում, նրանք էլ մտածում են, որ իրենց խաղաթղթերը մեծ են, դնում են ամբողջն ու տարվում: Հետո ես ասում եմ` արդեն ուշ է, չէ, դու ես ասում… նրանք գլխիկոր գնում են:
Գևորգը շարունակում է խաղաթղերով փորձեր անել, կինը քայլում է սենյակում:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ես մտածում:
ՄԱՐԻԱՄ — Այս վիճակից դուրս գալու ելք եմ փնտրում:
ԳԵՎՈՐԳ — Բոլոր խաղաթղթերն իմ ձեռքում են, քո մոտ ոչինչ չկա:
ՄԱՐԻԱՄ — Դու միայն ինձ կարող ես հաղթել:
Դռան զանգ:
ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, բաց դուռը:
Մարիամը դուրս է գնում:
VI տեսարան
Ներս են մտնում Ավոն ու Դավիթը, օղու շիշը դնում են սեղանին:
ԴԱՎԻԹ — Դուռը բաց էր, ոչ ոք մեզ չդիմավորեց:
ՄԱՐԻԱՄ — Կինս է դուռը բաց թողել:
ԴԱՎԻԹ — Ինչո՞ւ դուռը դու չբացեցիր, մենք արժանի չե՞նք հարգանքի:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
ԴԱՎԻԹ — Հարազատ ընկերներին հարգանքով են վերաբերվում: Պատահական մարդ չենք, դիմավորեիր, դռան մոտ շիշը ձեռքներիցս վերցնեիր… Իսկ դու նստած նայում ես մեզ: Մենք նմա՞ն ենք անկոչ հյուրի:
ԳԵՎՈՐԳ — Իմ վերաբերմունքը միշտ նույնն է եղել:
ԴԱՎԻԹ — Այսինքն` դու մեզ չես հարգում… Հարգո՞ւմ ես, թե՞ ոչ:
ԳԵՎՈՐԳ — Ես պիտի մտածեմ:
ԴԱՎԻԹ — Նա ուզում է մտածել:
ԱՎՈ — Բայց մտածելու ի՞նչ կա, ասա «այո», ու վերջ:
ԳԵՎՈՐԳ — Այո:
ԴԱՎԻԹ — Պատկերացնում եմ` ոնց կուզեիր մեզ թրխկացնել: Դեմքիցդ երևում է: Ուզո՞ւմ ես թրխկացնել, թե՞ չէ:
ԱՎՈ — Հանգիստ թող տղային, չե՞ս տեսնում` խաղաթղթերն է խառնում:
ԳԵՎՈՐԳ — Ես խաղաթղթերն եմ խառնում, որ ժամանակ չկորցնենք:
ԱՎՈ — Ճիշտ է ասում, բայց մինչև սկսելը լավ կլինի` մի բաժակ օղի խմենք:
ԳԵՎՈՐԳ — Մարիամ, բաժակները բեր:
ԱՎՈ — Հը՞, պատրա՞ստ ես թրխկացնել: (Ծիծաղում է:)
ԳԵՎՈՐԳ — Այսօր վճռական եմ տրամադրված:
ԴԱՎԻԹ — Երեկվա օրը չընկնե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Եկենք մի պարտիա խաղանք, մինչև բաժակները բերի: (Սկսում է բաժանել:)
ԱՎՈ — Դո՞ւ ես բաժանում:
ԳԵՎՈՐԳ — Հարցեր կա՞ն:
ԴԱՎԻԹ — Չէ բաժանիր: Մեզնից մեկը պիտի բաժանի, չէ՞:
Գևորգը բաժանում է: Ավոն ու Դավիթը իրար են նայում, ժպտում են: Վերցնում են թղթերը, իրար են նայում, ժպտում են:
ԱՎՈ — Գրազ կգամ, քո մոտ երեք տուզ է:
ԳԵՎՈՐԳ — Պայծառատե՞ս ես:
ԱՎՈ — Չէ, բայց մատից հոտ եմ քաշում: Հազար դրամ եմ դնում ու բացում:
ԳԵՎՈՐԳ — Մինչև մենք չխաղանք, չես կարող բացել:
ԴԱՎԻԹ — Ես` պաս:
ԳԵՎՈՐԳ — Ես դնում եմ ամբողջը:
ԱՎՈ — Ես էլ պաս: Տես, չորս արքա ունեմ, բայց գցում եմ:
ԴԱՎԻԹ — Ես` երեք աղջիկ… ցույց չե՞ս տա` ինչ ունես:
ԳԵՎՈՐԳ — Չէ: Խաղայիք` ես էլ կբացեի:
ԴԱՎԻԹ — Մենք ուզում ենք տեսնել` ինչ ունես:
ԳԵՎՈՐԳ — (իր խաղաթղթերը խառնում է մյուսներին): Արդեն չեմ հիշում: Ի՞նչ կա, իմ ազնվությանը կասկածո՞ւմ եք:
ԴԱՎԻԹ — Ես քեզ հավատում եմ:
ԱՎՈ — Ես էլ եմ հավատում, բայց հիմա ես եմ բաժանելու:
ԳԵՎՈՐԳ — Ով հաղթում է, նա էլ բաժանում է:
ԴԱՎԻԹ — Ի՞նչ կարևոր է` ով է բաժանում, վստահում ենք իրար, չէ՞… Մենք ընկերներ ենք:
ԱՎՈ — Բաժակները այդպես էլ չբերեց:
ԳԵՎՈՐԳ — Մարիամ…
ԴԱՎԻԹ — Մի անհանգստացրու տիկնոջը, ես կբերեմ: (Դուրս է գնում:)
ԱՎՈ — (խառնելով խաղաթղթերը): Հին պարտքերդ ե՞րբ ես փակելու:
ԳԵՎՈՐԳ — Մի անհանգստացիր, կփակեմ:
ԱՎՈ — Չեմ անհանգստանում, բայց չեմ էլ կարող սպասել: Ուզում եմ մատներով շոշափել փողերս:
ԳԵՎՈՐԳ — Խաղից հետո կփակեմ:
ԱՎՈ — Կփակե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Կփակեմ:
ԱՎՈ — Տղամարդու խո՞սք:
ԳԵՎՈՐԳ — Ես այսօր փողերդ կրելու եմ:
ԱՎՈ — Իսկ եթե չկարողացար, ապա…
ԳԵՎՈՐԳ — Ապա` ի՞նչ:
ԱՎՈ — Ինքդ մտածիր հետևանքների մասին:
ԳԵՎՈՐԳ — Սպառնո՞ւմ ես: Բայց չէ՞ որ ընկերներ ենք:
ԱՎՈ — Փողի դեպքում ի՞նչ ընկեր…
Լույսը խամրում է:
VII տեսարան
Խոհանոցի լույսը մոխրագույն է: Ներս է մտնում Դավիթը, զարմացած նայում է շուրջը: Մարիամը մերկ է, համակարգիչի վրա տեքստ է հավաքում: Կուզիկը քայլում է ու թելադրում:
Կուզիկ — … երկու երրորդը մարդ է, մեկ երրորդը` անասուն, երբ գումարում ենք… Ի դեպ, գումարելիների տեղերը փոխելիս, միևնույն է, ստանում ենք մեկ: Մեկ մարմին, մեկ հոգի: Տեսնո՞ւմ ես, Աստված ինչքան բարյացակամ է: (Մարիամին.) Դանդաղ ես տեքստը հավաքում, բայց որ սկսել ենք` պիտի վերջացնենք: (Մոտենում է Դավիթին:) Երիտասարդ, մենք ծանոթնե՞ր ենք: (Դավիթը ապշած նայում է կնոջը:) Ինչո՞ւ ապշած ես, տղա, արտասովոր բա՞ն ես տեսել: Ախ, կինը մե՞րկ է: Հարգելիս, մարդիկ մերկ են ծնվում: Նույնիսկ քեզ նման տհասները կոշիկով չեն ծնվում: Հետո են կոշիկ գնում: Ես մի հարուստ մարդու գիտեմ, ունի երեսուն զույգ կոշիկ: Ամեն օր մի զույգն է հագնում, բայց, միևնույն է, նա էլ է մերկ ծնվել: (Մարիամին.) Ինչի՞ վրա կանգնեցինք, տիկին… Գրողը տանի, մտքիս թելը կտրվեց: (Նայում է Դավիթին:) Անհույս է: (Մարիամին.) Կգամ վաղը, գործից հետո, փափլիկս: (Կսմթում է կնոջն ու անհետանում:)
Խոհանոցի լույսը պայծառանում է: Կինը մերկ չէ:
ԴԱՎԻԹ — Նա ձեզ ասաց «փափլիկս»:
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ ասացիր:
ԴԱՎԻԹ — Կուզիկն ասաց` «փափլիկս»:
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կուզիկ:
ԴԱՎԻԹ — Նա այստեղ էր… ծոր տալով ասաց «փափլիկս»: Նա թելադրում էր, դուք գրում էիք:
ՄԱՐԻԱՄ — Ջերմո՞ւմ ես:
ԴԱՎԻԹ — Դուք մերկ էիք… գեղեցիկ կուրծք ունեք: Ես ձեզ մերկ տեսա:
ՄԱՐԻԱՄ — Ամեն մարդ տեսնում է այն, ինչ ինքն է ուզում տեսնել: Ինչո՞ւ ես եկել:
ԴԱՎԻԹ — Բաժակ տանեմ, մոռացաք բերել:
ՄԱՐԻԱՄ — Ինձնից ոչ ոք բաժակ չի ուզել:
ԴԱՎԻԹ — Մի օր որ այս տանը մնամ` կնմանվեմ ձեզ:
ՄԱՐԻԱՄ — Բաժակները վերցրու ու գնա:
Դավիթը շփոթված շուրջն է նայում:
ԴԱՎԻԹ — Կարծում եք, խելքս թռցրե՞լ եմ… ես տեսա կուզիկին, նա թելադրում էր, իսկ դուք մերկ, այո, մերկ էիք… Թույլ տվեք միացնեմ համակարգիչը:
ՄԱՐԻԱՄ — Խորհուրդ չէի տա:
ԴԱՎԻԹ — Համենայնդեպս, ես պիտի հասկանամ:
Դավիթն նստում է համակարգչի առաջ: Լույսը խամրում է, ներս է մտնում կուզիկը:
Կուզիկ — Բարև, հարգելիս:
Դավիթ — Բարև:
Կուզիկ — Պոռնոսա՞յթ ես նայում:
Դավիթ — Ես քեզ եմ փնտրում:
Կուզիկ — Համակարգիչո՞վ: Հարգելիս, սխալ ուղու վրա ես: Խոսիր, փափլի՛կս:
Դավիթ — Դու ասացիր «փափլիկս»:
Կուզիկ — Իմ փաղաքշական խոսքն է, քեզ դո՞ւր եկավ:
Դավիթ — Ուրեմն, ես գիժ չեմ, դու այստեղ էիր, տիկինը մերկ էր: (Շրջվում է, տեսնում է կնոջը մերկ:) Սա խաբկանք չէ:
Կուզիկ — Դու էլ ես մերկ:
Դավիթ — (տեսնում է, որ մերկ է): Չէ, ես խելագար եմ: Մենք ո՞ւր ենք ընկել, դու ո՞վ ես:
Կուզիկ — Աղավնյակս, մենք կհանդիպենք, շատ շուտով կհանդիպենք: Իսկ հիմա աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը: Դու հաշվել գիտե՞ս:
Դավիթ — Գիտեմ:
Կուզիկ — Դե, սկսիր:
Դավիթ — Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս:
Կուզիկն անհետանում է: Լույսը պայծառանում է: Դավիթը աչքերը բացում է, ինքն ու Մարիամը հագնված են:
ԴԱՎԻԹ — Դժվար է սովորել այս կյանքին:
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ կյանք… ես հոգնել եմ:
ԴԱՎԻԹ — Ձեր ամուսինը ասում էր, որ ֆանտազյոր եք` չէինք հավատում: Դուք ձեզ չեք թողնում ապրել սովորական կյանքով:
ՄԱՐԻԱՄ — Ժամանակը սպառվեց:
ԴԱՎԻԹ — Մեկ-մեկ ինձ էլ է թվում, որ այլմոլորակայինները մեր մեջ են մտնում ու փորձեր են անում մեր նյարդերի վրա: Գրողը տանի, ո՞վ էր այդ կուզիկը:
ՄԱՐԻԱՄ — Այնտեղ քեզ են սպասում: Շատ մի խմիր, անգամ քեզ վնասակար է:
ԴԱՎԻԹ — Ընդունում եմ իմ պարտությունը, ձեզ հասկանալը ուժերիցս վեր է: Եթե այս ամենը նրանց պատմեմ` ինձ գժի տեղ կդնեն: Կներեք, որ երկար չեմ կարող ձեզ հետ խոսել, նրանք անհամբեր ինձ են սպասում:
ՄԱՐԻԱՄ — Նրանք շարունակում են խաղը:
ԴԱՎԻԹ — Ավոն ուզում է տիրանալ այս տանը, ամուսինդ էլ մաս առ մաս տարվում է: Մտածիր, որտեղ ես ապրելու, որ նեղն ընկնես` դիմիր ինձ, կօգնեմ: (Գնում է:)
ՄԱՐԻԱՄ — Դու ինձ լսո՞ւմ ես: (Լսվում է հառաչանք:) Դու ինձ տեսնում ես, օգնիր ինձ: Նա այնտեղ է, այն անկյունում, ուղեղը մթագնել է, աչքերը չեն տեսնում, հուսահատությունից լեզուն է ծամում, իսկ գիշատիչը քարշ է տալիս ճահիճ: Նա շուտով կխեղդվի, ինձ էլ իր հետ կտանի: Չէ՞ որ մեր ձեռքերը կապված են անքակտելի կապով: (Քայլում է:) Ա՜… ես ճչում եմ վախից ու հուսահատությունից: Հիմար, հիմար, հիմար… (Դադար:) Վաղը լինելու է այսօր, իսկ այսօր` վաղը: Մենք դոփելու ենք տեղում, ուշանալու ենք ժամանակից: Բանկի տոկոսները մեզ ճզմելու են գետնին: Ծերանալու ենք ու կրկվելու… այ, ասպես: (Ընկնում է, ջղաձգվում:) Օդ տվեք, օդ, շնչահեղձ եմ լինում…
VIII տեսարան
Հյուրասենյակում Ավոն, Դավիթը և Գևորգը լարված խաղում են:
ԱՎՈ — Տարվեցիր… (Փողերն է հավաքում:)
ԳԵՎՈՐԳ — Այսօր խաղս չի ստացվում:
ԱՎՈ — Պարտքով փող չե՞ս ուզում:
ԳԵՎՈՐԳ — Չէ, ուշ է, վաղը աշխատանքի ենք:
ԱՎՈ — Մենք դեռ կարգին չենք տաքացել:
ԳԵՎՈՐԳ — Քունս տանում է:
ԴԱՎԻԹ — Դու վստա՞հ ես, որ պիտի վերջացնենք:
ԳԵՎՈՐԳ — Կինս ինձ է սպասում: (Ոտքի է կանգնում:)
ԱՎՈ — Նստիր: Մինչև բերանիս մեջ պղնձի համ չեմ զգում` չեմ հանգստանում: Ամեն ինչ փչացրիր: (Խաղաթղթերը պատռում է:)
ԴԱՎԻԹ — Ե՞րբ ես պարտքդ տալու:
ԳԵՎՈՐԳ — Վաղը:
ԴԱՎԻԹ — Մեզ հիմա է փողը պետք:
ԱՎՈ — (Գևորգին): Օղի լցրու: (Գևորգը լցնում է, Ավոն խմում է) Մենք այդպես չենք պայմանավորվել: Առավոտյան տղամարդու խոսք տվեցիր:
ԳԵՎՈՐԳ — Չեմ կարող տալ, տանը փող չկա:
ԱՎՈ — Ի՞նձ ինչ, չխոստանայիր: Փչացար:
ԴԱՎԻԹ — Բանկում փող ունես, կսպասենք, մինչև լույսը բացվի:
ԱՎՈ — Հիասթափվեցի: Քեզ նման տղային գիտե՞ս` ինչ են անում…
ԳԵՎՈՐԳ — Վաղը փող կճարեմ:
ԴԱՎԻԹ — Նախօրոք պիտի մտածեիր:
ԱՎՈ — Կնոջդ կանչիր:
ԳԵՎՈՐԳ — Նրան մի խառնիր:
ԱՎՈ — Քո պարտքը նաև նրանն է:
ԴԱՎԻԹ — Ես կանչե՞մ…
ԳԵՎՈՐԳ — Ասում եմ` մի գնա, նա ոչ մի կապ չունի:
ԱՎՈ — Նստիր: Իսկ դու գնա: (Դավիթը գնում է:) Ոսկեղեն չունե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Ես քեզ փող չեմ տա:
ԱՎՈ — Ազնիվ պիոներական խո՞սք… (Ծիծաղում է:) Օղի լցրու:
ԳԵՎՈՐԳ — Ես չեմ խմում: Ինքդ լցրու:
ԱՎՈ — Դու չհասկացա՞ր` ինչ ասացի…
ԳԵՎՈՐԳ — Տուն գնալուդ ժամանակն է:
ԱՎՈ — Ես իմ տանն եմ:
ԳԵՎՈՐԳ — (ոտքի է կանգնում): Գնա, հակառակ դեպքում…
ԱՎՈ — Ի՞նչ… Այդ մեկը պիտի չասեիր:
Մթնում է, բայց երևում է` ինչպես են կռվում: Ավոն կապկպում է Գևորգին, գցում սեղանի վրա, նստում ու ծխում է:
IX տեսարան
Խոհանոցում Մարիամը նստած նայում է մի կետի: Ներս է մտնում Դավիթը:
ԴԱՎԻԹ — Հըմ… (Մարիամը նրան է նայում:) Ամուսինդ տարվեց: (Դադար:) Ինչ գալիս եմ այստեղ, կոշիկներս մաքրում եմ, վերնաշապիկս փոխում եմ, տաբատս հարթուկում եմ… որովհետև կյանքն այստեղ ուրիշ է: Սկսել եմ ինձ հարցեր տալ. ինչո՞ւ եմ ապրում, կյանքի իմաստը ո՞րն է: Այս կյանքն ինձ բավարարում է, իսկ մահից հետո ի՞նչ կա: Ես ամեն օր հարցնում եմ… որովհետև մտել եմ խոհանոց, տեսնում եմ ձեզ, նույնիսկ կուզիկը ինձ համար իրական է: Այնքան իրական, որ ուզեցի ձեռք տալ… Ծիծաղելի չէ՞: Դուք միշտ լռում եք, դա ինձ նյարդայնացնում է: Ես ուզում եմ ձեզ հետ անկեղծ խոսել: Չստացվեց, ձեզ բա՞րձր եք դասում… Երջանիկ ապրում էի, ինչ մտա այս խոհանոցը, կարծես ցցերի վրա լինեմ: Իսկ Ավոն` այդ անասունը, բռնել է Գևորգի կոկորդից ու մինչև փողը չվերցնի` տնից դուրս չի գա: Դուք ինձ հասկանո՞ւմ եք: Դուք ինձ տեսնո՞ւմ եք… Ավոն կպառկի ձեր մահճակալին առանց կոշիկները հանելու: Հետո ես կպառկեմ: Դա ընդունված ձև է, մինչև փողը չստանանք, այդպես պառկած կմնանք ձեր մահճակալին: Մեր կեղտոտ կոշիկները կմաքրենք ձեր սպիտակ սավանով:
ՄԱՐԻԱՄ — Ձեզանից սպասելի է: Ուրի՞շ:
ԴԱՎԻԹ — Ավոն կատակներ չի սիրում: Նա հարցի լուծման մի ձև էլ գիտի, դանակը դնում է կոկորդին ու… Իհարկե, դա ծայրահեղ դեպքում:
ՄԱՐԻԱՄ — Ես ոստիկանություն կկանչեմ:
ԴԱՎԻԹ — Չէինք ուզենա, որ գործն անլուծելի դառնա:
ՄԱՐԻԱՄ — Իսկ ես կզանգեմ: (Վերցնում է լսափողը:) Անջատված է: (Դավիթը ժպտում է, կինը նայում է շուրջը:)
ԴԱՎԻԹ — Սա՞ եք փնտրում: (Ցույց է տալիս բջջային հեռախոսը:)
ՄԱՐԻԱՄ — Ի՞նչ է սա նշանակում:
ԴԱՎԻԹ — Մի փորձեք Ավոյի համբերությունը, ես նրան լավ գիտեմ… Դուք անհուսալի վիճակում եք: Գուցե ուրիշ առաջա՞րկ ունեք: Ամեն առաջարկ իր գինն ունի:
Լույսը խամրում է, ներս է մտնում կուզիկը:
Կուզիկ — Ինձ հետ խաղացեք:
Դավիթ — Մինչև Գևորգը փող չվճարի…
Կուզիկ — Ես կվճարեմ, փափլիկս, դու դեմ չե՞ս, որ քեզ ասում եմ փափլիկ: Գուցե ուզում ես սապատի՞ս ձեռք տաս: Ասում են` ով իմ սապատին ձեռք է տալիս, խաղում հաջողակ է դառնում: Դե, մի վախենա, ձեռք տուր:
Դավիթ — Ավոն ուզում է տիկնոջը տեսնել:
Կուզիկ — Ասում ես` այլ աշխարհ գոյություն չունի, դե, մի վախենա…
Դավիթ — Ավոն տիկնոջն է սպասում:
Կուզիկ — Ափսոս, որ դեռ քո ժամանակը չի եկել, մի մտածիր, շուտով կտեսնվենք:
Գնում է: Լույսը խամրում է:
X տեսարան
Հյուրասենյակը: Գևորգը կապկպված պառկած է սեղանին: Ավոն ծխում է:
ԱՎՈ — Ծխել ուզո՞ւմ ես: (Ծխախոտը մոտեցնում է նրա շուրթերին:) Չմտածես, որ ես եմ քո թշնամին, իրար հետ հաց ենք կերել… Խաղալ որ չգիտես, ինչո՞ւ խաղացիր: (Ծխախոտը մոտեցնում է նրա շուրթերին:) Ես տարվեի` դու ինձ կպառկեցնեիր սեղանին: Ոչ մի աղերս էլ չէր օգնի:
ԳԵՎՈՐԳ — Ես չէի անի:
ԱՎՈ — Վերջ տուր, քեզ լավ գիտեմ: Էլի ուզո՞ւմ ես ծխել: (Դադար:) Ես վարձով եմ ապրում, երեխաներս մեծանում են, ուզում են իրենց տունն ունենալ, դժվար տարիներ են: Պարտքիդ փոխարեն գուցե տունդ վերցնեմ:
ԳԵՎՈՐԳ — Իմ տունը թանկ արժե:
ԱՎՈ — Ամեն մարդ իր ունեցվածքն ուզում է թանկ վաճառել: Օղորմածիկ պապս էծ տարավ շուկա, ձիու գին ուզեց, բայց նրան տվեցին մի սագի գին: Այնպես որ, գինը ես եմ որոշում:
Ներս են մտնում Դավիթն ու Մարիամը:
ԴԱՎԻԹ — Այնքան էլ հաճելի տեսարան չէ:
ԱՎՈ — Ուրիշ ճար չունեի, ասում է` «պարտքդ չեմ տա»:
ՄԱՐԻԱՄ — Դուք իրավունք չունեք մարդուն կապկպել իր տան մեջ:
ԴԱՎԻԹ — Գուցե արձակե՞ս:
ԱՎՈ — Չէ: Եթե պարտքը չվճարեք, փորոտիքը դուրս կթափեմ:
ՄԱՐԻԱՄ — Ուզում ես նրան սպանե՞լ, ե՞րբ:
ԱՎՈ — Հիմա: Ձեզնից է կախված:
ՄԱՐԻԱՄ — Նրա կյանքը ինձ նվիրեք:
ԴԱՎԻԹ — Մենք կարող ենք առատաձեռն լինել:
ԱՎՈ — Ոչ: Ես փողը քամուն չեմ տալիս:
ՄԱՐԻԱՄ — Ժամանակ տվեք:
ԴԱՎԻԹ — Երեք օրից կարո՞ղ եք վճարել:
ՄԱՐԻԱՄ — Կվճարենք:
ԱՎՈ — Հակառակ դեպքում տունը իմն է:
ԳԵՎՈՐԳ — Ոչ: (Ավոն մոտենում է նրան:) Երեք օրը բավական է:
ԱՎՈ — Երեք օրից կգանք:
ԴԱՎԻԹ — Երեք օր և ոչ մի վայրկյան ավելի: Ցտեսություն տիկին: (Գևորգին.) Շնորհակալություն հայտնիր կնոջդ:
Դուրս են գնում:
XII տեսարան
Գևորգը դեռ սեղանի վրա է: Մարիամը նստած է:
ԳԵՎՈՐԳ — Արձակիր կապերս… ո՞ւմ հետ եմ: (Դադար:) Ես տարվել եմ, ես էլ կվճարեմ:
ՄԱՐԻԱՄ — Քաղցա՞ծ ես:
ԳԵՎՈՐԳ — Հա: Արձակիր կապերս:
ՄԱՐԻԱՄ — Հիմա կբերեմ, դու սիրում ես կաղամբով դոլմա: Չէ, դու սիրում ես բրնձով շիլա… Չէ, կիսաեփ միս: Ես կկերակրեմ, որ ուժ հավաքես:
ԳԵՎՈՐԳ — Ես գիտեմ` ինչ պիտի անեմ:
ՄԱՐԻԱՄ — Դու գիտե՞ս… խաղալու ես:
ԳԵՎՈՐԳ — Փակելու միակ միջոցը խաղալն է:
ՄԱՐԻԱՄ — Վաճառիր տունը: Վարձով կապրենք:
ԳԵՎՈՐԳ — Ոչ, սա քրոջս տունն է, միակ հիշատակը:
ՄԱՐԻԱՄ — Դու պիտի ուտես, որ դիմանաս:
ԳԵՎՈՐԳ — Խաղաթղթերի վրա ասեղով նշան կանեմ:
ՄԱՐԻԱՄ — Չեմ կարող քեզ սոված տեսնել: Դու պիտի լավ սնվես: Ես այսպես չեմ կարող… մահը գերադասելի է:
ԳԵՎՈՐԳ — Կապերս արձակիր ու մեռիր: (Մարիամն արձակում է: Գևորգը թևերն է մերսում:) Սրիկան ուժեղ էր կապել: Ինչո՞ւ ես այդպես նայում:
ՄԱՐԻԱՄ — Քո աչքերը դատարկ են: Ես չեմ կարող քեզ փրկել:
ԳԵՎՈՐԳ — Քո օգնության կարիքը չունեմ:
ՄԱՐԻԱՄ — Գիտեմ: (Երերում, ընկնում է աթոռին:)
ԳԵՎՈՐԳ — Քեզ ի՞նչ եղավ:
ՄԱՐԻԱՄ — Ես չեմ տեսնում:
ԳԵՎՈՐԳ — Նայիր ձեռքիս, ես շարժում եմ:
ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ տեսնում:
ԳԵՎՈՐԳ — Իմ աչքերը քո աչքերի դիմացն է:
ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ տեսնում:
ԳԵՎՈՐԳ — Ես քեզ գրկել եմ:
ՄԱՐԻԱՄ — Ես քեզ չեմ զգում, ես քեզ չեմ զգում, ես կույր եմ:
Լույսը մարում է:
Երկրորդ գործողություն
I տեսարան
Երեք օր անց: Մարիամը խոհանոցում է:
ՄԱՐԻԱՄ — Պղպեղ, լոլիկ ու կաղամբ: (Դադար:) Չէ՞ որ նա մեռել է, էլ ի՞նչ են ուզում ինձնից: Նրանք պահանջում են հուշեր գրել, ամփոփել ապրած օրերը: Ի՞նչ են հասկանում ապրած օրեր ասելով: Կարծում են, որ ես ճանաչում եմ նրան: Հիմարություն: Ես ինձ չեմ ճանաչում: Նայեք իմ դեմքին… մարմինս, ձեռքերս, մատներս այնքան օտար են ու նրանց չեմ զգում… Երբ առաջին անգամ տեսա նրան` շուկայում էի: Այդ շուկան այնքան մեծ էր, իսկ ես քսան տարեկան էի, անմեղ աղջիկ` ու փնտրում էի նրան` միակին: Նրան գտա դդումի ու կաղամբի կողքին` անտարբեր ծամոն էր որոճում: Ասացի` ահա իմ սիրելին, մոտեցա ու համբուրեցի: Ինձ այնքան քաղցր բառեր ասաց, որ համաձայնեցի գնալ իրենց տուն: Տունը շուկայի մոտ էր, թթու դրած վարունգի հոտ էր գալիս: Մենք երկուսով էինք, ինձ այդպես թվաց, նա վրնջում էր հովատակի նման, իսկ ես սարսռում էի երանությունից: Մենք համբուրվում էինք, հետո ասացի` ուշ է, տուն գնալու ժամանակն է, բայց երևաց քույրը, նայեց ինձ ու ասաց` տիրի՛ր նրան: Ես չհասցրի ճչալ: «Տիրի՛ր նրան». այդ բառերը մինչև հիմա ծակում են կողերս: (Դադար, քայլում է:) Պղպեղ, լոլիկ ու կաղամբ, էլ ի՞նչ եմ մոռացել: (Հեռախոսազանգ:) Այո, լսում եմ: Տիկին, ամբողջ օրը այդ մասին եմ մտածում: Դուք վստա՞հ եք, որ ես պիտի գրեմ: Այո, մենք ապրել ենք միասին, այո, կենակցել ենք տասը տարի, անընդմեջ, ոչ մի օր բաց չենք թողել: Բայց ես նրան չեմ ճանաչում: Նա գիտի միայն գոյատևել… Այո, գոյատևման բնազդը նրա մոտ ուժեղ է: Ի՞նչ: Այնքան անպարկեշտ հարց տվեցիք, դեմքս քրտնեց: Վերջ, ոչնչով չեմ կարող ձեզ օգնել: (Լսափողը դնում է ցած:)
Ներս է մտնում Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Բժիշկն ասաց, որ նյարդային ցնցումից է: Անքնությունն ինձ տանջում է: Մի տուփ քնաբեր եմ գնել:
ՄԱՐԻԱՄ — Այսօր երրորդ օրն է:
ԳԵՎՈՐԳ — Գիտեմ: Մի վախենա, ամեն ինչ կկարգավորեմ:
ՄԱՐԻԱՄ — Դու ոչինչ չես տեսնում:
ԳԵՎՈՐԳ — Այսօր վերջին անգամ կխաղանք:
ՄԱՐԻԱՄ — Այդպե՞ս ես կարգավորելու… ճնշումս բարձրացավ:
ԳԵՎՈՐԳ — Գնա ննջասենյակ, պառկիր մեր մահճակալին:
ՄԱՐԻԱՄ — Նրանք ցեխոտ կոշիկներով մտել են մեր անկողինը: Այդ մահճակալը մերը չէ:
ԳԵՎՈՐԳ — Ես թույլ չեմ տա… նրանք չեն համարձակվի:
ՄԱՐԻԱՄ — «Մարդը ծնվեց` ես թեքվում եմ ձախ: Մարդը մեռավ` ես թեքվում եմ աջ»: Դոնի Ռոստովում մի կին կար, որ քեզ ճանաչում էր:
ԳԵՎՈՐԳ — Քրոջս մասին ես ասում: Նա մեռել է:
ՄԱՐԻԱՄ — Հիշում եմ, երբ ինձ տիրացար… քույրդ ասաց` այսպես անպատվված ո՞ւր ես գնում, մնա:
ԳԵՎՈՐԳ — Նա ինձ շատ էր սիրում:
ՄԱՐԻԱՄ — Պառավը մեռավ առանց իմ միջնորդության:
ԳԵՎՈՐԳ — Նա պառավ չէր, ութ տարի էր ինձնից մեծ: Չամուսնացած կանայք շուտ են ծերանում:
ՄԱՐԻԱՄ — Միակն էր, որ քեզ ճանաչում էր, նա կարող էր քեզ փրկել:
ԳԵՎՈՐԳ — Քույրս երեք ամիս ընկած էր հիվանդանոցում, չկարողացա օգնել:
ՄԱՐԻԱՄ — Շարժվելն ինձ վնաս է, ականջներիս խշշոցն ավելացավ:
ԳԵՎՈՐԳ — Ուզում ես պառկել հյուրասենյակո՞ւմ:
ՄԱՐԻԱՄ — Նրանց հոտն այնտեղ է, սրտխառնոց է առաջացնում:
Հեռախոսազանգ: Գևորգը վերցնում է լսափողը:
ԳԵՎՈՐԳ — Ալո… որտեղի՞ց: Խմբագրությունից քեզ են հարցնում:
ՄԱՐԻԱՄ — Լսում եմ: Դեռ չեմ ավարտել: Տիկին, կարծում ես, հե՞շտ է մարդուն ճանաչել… առավել ևս, նրա մասին հիշողություն գրել: Դա անհնար է, ամեն ինչ ջնջվել է, նույնիսկ դիմագծերն ինձ ոչինչ չեն ասում: Հիմար իրավիճակ է: Ձևեր չեմ թափում, խնդրում եմ, էլ չզանգեք: (Լսափողը դնում է:) Մարդը դեռ չի մեռել, բայց նրան մոռացել են: Այդպես հնարավո՞ր է:
ԳԵՎՈՐԳ — Դու հուշե՞ր ես գրում: Ո՞ւմ մասին:
ՄԱՐԻԱՄ — Նրանց: Նրանք տասը տարվա ամուսիններ են, բայց կինը չի հիշում, իսկ խմբագրությունը պահանջում է հաշվետվություն: Կինը կարո՞ղ է գրել մի մարդու մասին, ում չի հիշում:
ԳԵՎՈՐԳ — Ամուսինը մահացա՞ծ է:
ՄԱՐԻԱՄ — Ոչ: Գոյատևում է: Ինչպես բոլորը:
ԳԵՎՈՐԳ — Իմ մասին ի՞նչ ես հիշում:
ՄԱՐԻԱՄ — Առաջին օրը:
ԳԵՎՈՐԳ — Անիծյալ լինես, ի՞նչ ես ուզում ինձնից:
ՄԱՐԻԱՄ — Ոչինչ: Արագիլի նման կանգնած եմ մեկ ոտքի վրա ու սպասում եմ:
ԳԵՎՈՐԳ — Գնում եմ շուկա, ի՞նչ գնեմ:
ՄԱՐԻԱՄ — Գնայիր քրոջդ մոտ, նա քեզ կանչում էր, իսկ դու մնացիր, խեղճ տղա… ո՞նց ես դիմացել:
ԳԵՎՈՐԳ — Մի կերպ: Լոլիկ, բիբար, կաղամբ… չմոռանամ հաց գնել: (Նայում են իրար:) Այստեղ խեղդոց է, գնամ թարմ օդ շնչեմ:
ՄԱՐԻԱՄ — Եթե նրանք գան` ես կհեռանամ:
ԳԵՎՈՐԳ — Չմոռանաս բանալին դնել փալասի տակ: (Դուրս է գնում:)
ՄԱՐԻԱՄ — Նա այդպես էլ ինձ չճանաչեց: Հետաքրքիր է, նա ի՞նչ կգրեր իմ մասին: (Զանգում է:) Ալո, ես եմ, ուզում եմ ձեզ հայտնել… ի՞նչ, արդեն տպագրե՞լ եք: Չի կարելի մարդկանց խաբել: Ես ձեզ դատի կտամ…
II տեսարան
Դռան զանգ: Մարիամը դուռը բացում է: Ներս են մտնում Ավոն ու Դավիթը:
ՄԱՐԻԱՄ — Նա տանը չէ:
ԴԱՎԻԹ — Ոչինչ, կպառկենք մահճակալին, մինչև գա:
ԱՎՈ — Հոգնած մեռնում ենք:
ՄԱՐԻԱՄ — Ես թույլ չեմ տալիս:
ԴԱՎԻԹ — Երրորդ օրը լրացավ, փողերը պատրաստե՞լ ես:
ՄԱՐԻԱՄ — Դա ինձ չի վերաբերում:
ԴԱՎԻԹ — Իսկ մենք քեզ վստահեցինք:
ԱՎՈ — Տիկին, ժամանկան է, որ լուրջ խոսենք: Գևորգը պարտք է քսան հազար դոլար, այս տունը կիսով չափ մերն է:
ՄԱՐԻԱՄ — Քեզ տուն չեմ տա:
ԱՎՈ — Ուրեմն, տուր փողը:
ՄԱՐԻԱՄ — Ես այդ փողը չեմ տեսել, մոլախաղով տարված գումարն անօրինական է:
ԴԱՎԻԹ — Իսկ ո՞վ է ասում, որ թղթախաղով ենք տարել: (Հանում է թուղթը:) Քսան հազար դոլարանոց մուրհակ է: Ամուսնուդ ստորագրությամբ ու նոտարով հաստատված: Ամեն ինչ օրինական է:
ԱՎՈ — Որտե՞ղ է նա:
ՄԱՐԻԱՄ — Գնացել է շուկա, որ ձեզ համար ուտելիք գնի: Մինչև տան մնացած մասը կտանեք` ես դոլմա կեփեմ, որ ձեզ կշտացնեմ:
ԴԱՎԻԹ — Իզուր եք կշտամբում եք, քանի անգամ զգուշացրի, բայց մեզ չլսեց:
ԱՎՈ — Մենք նրան չենք ստիպել:
ՄԱՐԻԱՄ — Այո, չպիտի խաղար:
Ներս է մտնում Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Սիրելիս, լոլիկ չկար, միայն պղպեղ ու կաղամբ եմ գնել: Մեզ համար դոլմա եփիր:
Կինը գնում է խոհանոց:
ԱՎՈ — Պարտքդ փակո՞ւմ ես:
ԳԵՎՈՐԳ — Տունդս գնահատեք:
ԱՎՈ — Քառասուն հազար, կեսը տարել եմ, մնացել է մյուս կեսը:
ԳԵՎՈՐԳ — Էժան ես գնահատում:
ԱՎՈ — Ուրեմն, վաճառիր…
ԳԵՎՈՐԳ — Լավ: Այս տնից կա՛մ մենք դուրս կգանք, կա՛մ դուք:
ԱՎՈ — Կտեսնենք:
Լույսը խամրում է, նրանք սկսում են խաղալ:
III տեսարան
Խոհանոցի լույսը պայծառանում է, երևում է Մարիամը: Վախեցած նայում է «այնտեղ»:
ՄԱՐԻԱՄ — Նա խաղում է իմ տան վրա: Ես հույս ունեի, որ ընտանիք կունենամ: (Ծխում է:) Այստեղ չի կարելի ծխել, սա խոհանոց է… (Ծխում է:) Տանել չեմ կարող ծխի հոտը: (Ծխում է:) Էլ չեմ դիմանում, ուզում եմ ոռնալ չարությունից: Չեմ ուզում տեսնել, թե ինչպես են նվաստացնում, չեմ ուզում տեսնել նրանց հաղթանակած մռութները:
Ներս է մտնում Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ է պատահել, երեսիդ գույն չկա: Ի՞նչ ես ծխում… «Մալբորո», թունդ է: Ես քեզ թույլը կտամ:
ՄԱՐԻԱՄ — Տարվեցիր:
ԳԵՎՈՐԳ — Ոչ:
ՄԱՐԻԱՄ — Ստում ես, նայիր աչքերիս:
ԳԵՎՈՐԳ — Հենց մուրհակը ձեռքս ընկնի, էլ չեմ խաղա:
ՄԱՐԻԱՄ — Կխաղաս: Էլ չեմ դիմանում, ես գնում եմ «այնտեղ»:
ԳԵՎՈՐԳ — Մի գնա, դեռ ամեն ինչ կորած չէ:
ՄԱՐԻԱՄ — Ինչո՞ւ ես եկել:
ԳԵՎՈՐԳ — Խնդրում եմ, մեզ համար սուրճ դիր:
ՄԱՐԻԱՄ — Դու թողնում ես, որ քեզ տանեն:
ԳԵՎՈՐԳ — Ինձ հաջողություն ցանկացիր:
ՄԱՐԻԱՄ — Ցանկանում եմ հաջողություն, ցանկանում եմ հաղթանակ, ցանկանում եմ տեսնել նրանց հիասթափված մռութները… իսկ քեզ կդիմավորեմ արծաթե դափնիով:
ԳԵՎՈՐԳ — Շնորհակալություն:
ՄԱՐԻԱՄ — Ստում ես, դու պարտվել ես հենց այն օրը, երբ ձեռքդ վերցրիր խաղաթղթերը: Անդունդից փախչել չես կարող:
ԳԵՎՈՐԳ — Կարծում էի` ինձ սիրում ես:
ՄԱՐԻԱՄ — Բայց դու ամուսնացած ես… Գնա, սուրճը ես կդնեմ: (Գևորգը դուրս է գնում:) Ժամանակն է որ այս հիմար պատմությունը վերջանա: Ոչինչ չունեմ կորցնելու: (Դարակից հանում է թույնի սրվակը:) Սա գնեցի, երբ ինքնասպան էի ուզում լինել: Տասը տարի առաջ, առաջին օրը, երբ նա ինձ տիրացավ: (Սրվակը պահում է լույսի տակ:) Ինչ գեղեցիկ գույն ունի, ո՞վ կմտածի, որ մի կաթիլն էլ բավական է… մեռնելու համար: (Նայում է շուրջը:) Մի վայրկյանից էլ չեմ տեսնի, մի վայրկյանից կլինեմ դիակ: Սգո հանդիսականները` երկու ընկեր ու մի քանի հարևան կթաղեն ու կասեն` «Ինչքան հիմար էր նա»: Հիմար… Դեռ ժամանակը չէ, չեմ ուզում պարտված հեռանալ, ես նրանց կոկորդին կանգնած ոսկոր եմ:
Գլխիկոր ներս է մտնում Գևորգը:
ԳԵՎՈՐԳ — Սուրճը պատրա՞ստ է… Ուզում եմ քեզ համբուրել, խնդրում եմ, մի մերժիր: (Համբուրում է:) Կարծում եմ, առաջին օրը մենք վատ բան չենք արել:
ՄԱՐԻԱՄ — Տունը տանուլ ես տվել: Հիմա ինչի՞ վրա ես խաղում:
ԳԵՎՈՐԳ — Դու որ թաքնվում ես «այնտեղ»` քո պատյանում, ազատ կարո՞ղ ես թռչել:
ՄԱՐԻԱՄ — Թռչե՞լ:
ԳԵՎՈՐԳ — Հա, իմ վրայով: Ես այնտեղ չկամ, դու համարձակ որոշումներ ես կայացնում, օրինակ, մտածում ես, որ կարող ես տան տղամարդու վրայով թռչել: (Դադար:) Ես փորձում եմ պատյանը բացել, բայց դու չես թողնում և անընդհատ հիշեցնում ես առաջին օրը: (Կինը ծխում է:) Մի՛ ծխիր, դու ծխել չգիտես, ամբողջ կյանքում չես ծխել: Ուզում ես ինձ զարմացնե՞լ: (Կինը ծխախոտը հանգցնում է:) Երբ առաջին օրը համբուրվում էինք, ես կին չէի տեսել, խակ էի, բայց ցույց չէի տալիս: Մենք կարող էինք երկար պաչպչվել ու բաժանվել: Ես մտածում էի, որ հաջորդ օրը գնալու ենք կինո: Մթի մեջ համբուրվելու: Բայց քույրս ներս մտավ ու ասաց. «Տիրի՛ր նրան»: Այդ բառերն իմ ուղեղում այնպիսի խառնաշփոթ առաջացրին, որ պարկի նման ընկա ցած: Դու կարող էիր գնալ:
ՄԱՐԻԱՄ — Եթե քույրդ չլիներ…
ԳԵՎՈՐԳ — Եթե կինը չցանկանա, ոչինչ չէ լինի:
ՄԱՐԻԱՄ — Ստո՛ւմ ես:
ԳԵՎՈՐԳ — Աղջիկները շուտ են հասունանում: Այն, ինչ դու արեցիր, իմ պատկերացումից վեր էր:
ՄԱՐԻԱՄ — Դո՜ւ, դո՛ւ…
ԳԵՎՈՐԳ — Լռի՛ր: Դու ամաչում ես այդ օրվա համար: Ես երբեք քեզ չեմ մեղադրել, դա օրն էր, որ զգացել եմ քեզ: Մենք երջանիկ էինք, քո դեմքից հանգստություն էր ճառագում:
ՄԱՐԻԱՄ — Հիմա ինչի՞ վրա ես խաղում:
ԳԵՎՈՐԳ — Ես դեռ չեմ զգացել պղնձի համը: Սպասում եմ…
ՄԱՐԻԱՄ — Ինչի՞:
ԳԵՎՈՐԳ — Մենք դառը սուրճ ենք ուզում: (Դուրս է գնում:)
ՄԱՐԻԱՄ — Առաջին օրը նա ինձ նայեց հույսով, ես բավարարեցի նրա սպասումները: Հետո ամեն օր ինձ նայում էր որպես պոռնիկի: (Սուրճ է եփում:) Հիմա ո՞ւմ վրա է խաղում: Հիմա ո՞ւմ վրա է խաղում, եթե ոչ` պոռնիկի: (Ճչում է, դանակով խփում է կաղամբին:) Ստացի՛ր, ստացի՛ր, կավա՛տ: (Կաղամբից արյուն է հոսում:)
——- — Մարիամ, ես եկա: (Մարիամը հուսահատ ճչում է:) Ես քեզ համար եմ եկել: Մարիամ գնալու դու ուրիշ տեղ չունե՞ս:
ՄԱՐԻԱՄ — Ամբողջ կյանքում կռվեցի ինքս ինձ հետ, ես ուզում էի կին դառնալ, երեխա ունենալ…
——— — Մարիամ, մենք երեխա կունենանք, դա կլինի մեր ոճրի արդյունքը, դու չես զղջա:
ՄԱՐԻԱՄ — Թող ինձ, թույլ տուր մի վայրկյան շունչ քաշեմ: Այս ի՞նչ եմ անում, մեղքի տակ ընկա:
——— — Արի գիրկս, մենք կդառնանք մեկ մարմին, քո մեղքը կլինի մերը, ես քեզ չեմ դավաճանի:
ՄԱՐԻԱՄ — Ես զգում եմ քեզ, արյունս հոսում է, մարմինս այրվում է ցանկությունից, տիրի՛ր ինձ, ես քոնն եմ:
Մթություն:
IV տեսարան
Մութ է: Ճռռոցով դուռը բացվում է: Աստիճանաբար բեմը լուսավորվում է սառը լույսով: Ներս են մտնում Դավիթը, Ավոն և Գևորգը: Նրանք վախեցած նայում են շուրջը:
ԴԱՎԻԹ — Նա այստե՞ղ չէ:
ԱՎՈ — Այստե՞ղ չէ:
ԳԵՎՈՐԳ — Այնտեղ է:
ԴԱՎԻԹ — Մենք որտե՞ղ ենք:
ԱՎՈ — Որտե՞ղ ենք:
ԳԵՎՈՐԳ — Տանը չենք:
ԴԱՎԻԹ — Ո՞ւր ենք գնում:
ԱՎՈ — Ո՞ւր:
ԳԵՎՈՐԳ — Մեզ տանում են:
Սուլելով ներս է մտնում կուզիկը, խաղաթղթերն է խառնում:
ԿՈՒԶԻԿ — Արդեն եկա՞ք: Ձեզ ասացի, որ շուտով հանդիպելու ենք: Ես խոսքիս տերն եմ: Հը, չխաղա՞նք:
ԴԱՎԻԹ, ԱՎՈ, ԳԵՎՈՐԳ — Խաղանք: Բայց ինչի՞ վրա ենք խաղալու:
ԿՈՒԶԻԿ — Դուք հոգի ունեք, չէ՞, էլ ի՞նչ եք ապուշ կտրած նայում: Դրեք սեղանին ու սկսեք խաղալ: Ես երբեք չեմ պարտվում: