Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ

Սատիրիկ տրագիկոմեդիա

Գործող անձինք

ՔՆՆԻՉ ՊՂՊՋԱԿՅԱՆ – ե՛ս, հետո` Աստված: Կենսագրությունը՝ «Մահացել է կենդանության օրոք…»

ԴԵՐԱՍԱՆ – 21-րդ դարի 8-րդ հանճարը

Նրա ՀՈՐԱՔՈՒՅՐԸ – 75-ամյա օրիորդ, մեռնող գյուղի նախավերջին մոհիկանը

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – նոր սերնդի հնացող տեսակ 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – ուսանողուհու մայրը.– «Կյանքը վաճառվե՞ց. ուշացա»… 

30-ամյա ՕՐԻՈՐԴ – չծնված իր արքայազնին սպասող

ԲԺՇԿՈՒՀԻ – օրիորդի մայրը` Հիպոկրատի ոխերիմ բարեկամուհի

ՍԱՏԻՐԻԿ – «մեռել». նրա  հումորն ու հեգնանքն իր երկրում ընկալում են ազգային արժեքների պահապան 1549 մարդ

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – ըստ Քննիչի՝ «դեղին մեռել»

Ոստիկաններ

Գործողության վայրը` մայրաքաղաք: 

Ժամանակը` անցյալ գալիքում:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Տեսարան առաջին

Էլիտար շենք. նկարագրությունն արգելված է: Խայտաբղետ բազմություն:  Բոլորի ճակատին անտես տառերով գրված է. «Ժամանակ չկա. շտապում եմ ապրել»: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Էլի մարդասպանությո՞ւն…

ՔՆՆԻՉ – Մարսի՞ց եք իջել: Հավաքվե՛ք, կարևոր բան ունեմ ասելու:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Հիմա՞ ում են խփել…  

ՕՐԻՈՐԴ – Պարո՛ն Քննիչ, բացակա մարդ կա: Ի՜նչ պարտաճանաչ ենք: Դրա համար էլ այսքա՜ն առաջ ենք գնում:  

ԲԺՇԿՈՒՀԻ – Բոլորն էլ ներկա են:

ՕՐԻՈՐԴ – Ո՛չ, մայրի՛կ, գոնե դու պետք է ուշադիր լինեիր: Սերիալիստը չկա:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Կգա՛, աղջի՛կս: Նա դարի 8-րդ հանճարն ա: Աստղերը միտումնավոր ուշանում են… 

ՕՐԻՈՐԴ – Տիկի՛ն, ձեր գյուղում նա կարող է բոլոր դարերի առաջին հանճարը կամ գիսաստղը լինել, բայց ո՞ր մեղքիս համար պետք է նրան 374 վայրկյան սպասեմ:

ՔՆՆԻՉ – Ժամանե՛ց: Պարո՛ն սերիալիստ, մյուս սերիայում կպարզվի՞, թե ով կրակեց ձեր հետույքին: 

ԴԵՐԱՍԱՆ – Զիլ էր խաղս, չէ՞: Հորաքո՛ւյր, ֆանատներիս ծաղկեփունջը՝ քեզ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Տանն արդեն նվիրել էիր, տղա՛ս:  Ինչի՞ ես ծաղկամանից… 

ԴԵՐԱՍԱՆ (Քննիչին): …Լսում եմ` ի՞նչ է պատահել:

ՕՐԻՈՐԴ Վե՜րջ: Խաչ եմ քաշում, գնամ: Կներե՛ք, մեծարգո՛ Քննիչ, սպասեցնելու համար…  

ՔՆՆԻՉ – Օրիո՛րդ, սպասե՛ք: Շատ կարևոր բան ունեմ հաղորդելու:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ասե՛ք, էլ չենք դիմանում: 

ԴԵՐԱՍԱՆ – Որքան կռահում եմ` օրիորդն իր ծակ գնդակն իմ դարպասն էր նետում:

ՕՐԻՈՐԴ – Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: (Դերասանին.) Ձեր դարպասը փակ պահեք:

ԱՅՍ ՈՒ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ — «Անհարմա՛ր է: Թողեք Քննիչն ասի իր խոսքը»:

ՔՆՆԻՉ – Օրիո՛րդ, ավարտեմ խոսքս, հետո իրար կդարպասեք:

ՕՐԻՈՐԴ – Ի՞նչ: Եթե իրավապահ մարմի՜նն է մեզ դարպասում, ուրեմն չզարմանանք, որ օրումեջ

մարդ են սպանում, ու բացահայտում չկա:

ՔՆՆԻՉ – Օրիո՛րդ, պատասխանատվության կենթարկվեք:

ԲԺՇԿՈՒՀԻ(գրկելով): Հանգստացի՛ր, աղջի՛կս: Հիացի՛ր մեր բարեկրթությամբ…

ՔՆՆԻՉ – Սթափվե՛ք… Հարգարժա՛ն քաղաքացիներ, երեկվա մարդասպանությունը թվով

յոթերորդն էր վերջին ամիսների ընթացքում…

ՕՐԻՈՐԴ – Տասնյոթերորդը:

ՔՆՆԻՉ – Ավա՜ղ, բոլոր սպանվածներն էլ հայտնի մարդիկ էին` դատախազը, պատգամավորը,

լրագրողը, քրեական աշխարհի Կյաժը, ձեր սիրելի հարևանը` Սատիրիկը…

ԴԵՐԱՍԱՆ – Ներողություն, դեռ շա՞տ բան կա ասելու:

ՔՆՆԻՉ – Սա ի՞նչ քաղաքացիական վերաբերմունք է… Արդեն հոգնել ենք. է՛լ կոռուպցիա, է՛լ

ապօրինի հարստացում, է՛լ հարկերից խուսափում, գողություն, միակողմանի բռնաբարություն,

ստախոսություն, բամբասանք, զրպարտություն, է՛լ դավաճանություն, սիրո պակաս: Սերն ի՞նչ է,

որ չունեն: Մեկով չբավարարվելու անզսպություն, գնահատել չիմանալ, կուլտուրայի պակաս… 

Ցանկանում ես երջանկանալ, բայց այսքան մեղքերի ու արատների պատճառով ապականվում է

մեր կյանքը: Եվ ու՞մ պատճառով, ու՛մ: Ելք կա՞: Գտնվե՛ց. ուրախ լուր. դատարանը որոշել է

հատուկ փորձարկում անել:  Ըստ նոր որոշման` այսուհետև բարոյականության դեմ որևէ մեղք

գործած մարդուն պատժելու ենք խստությամբ: Աշխարհի փրկությունը մեղքը կանխելու մեջ է: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Այսինքն՝ ամեն մեղքի համար՝ բա՞նտ: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Ապրե՛ք, տղա ջան, վերջապես հասարակությունից կեղտը կմաքրվի:

ՕՐԻՈՐԴ – Իսկ ինչո՞ւ եք մեր թաղամասի վրա փորձարկում: Դա ի՞նչ խորամանկ խաղ է:

ՔՆՆԻՉ – Հրամանը չեն քննարկում, Օրիո՛րդ… Ես արտասվեցի, երբ այս օրենքը դուրս եկավ:

Երջանիկ կյանք է սպասվում մեզ: Չեմ հիշում` ո՛վ է ասել մեր համակարգից, բայց շշել է, ներեցե՛ք,

շշպռել է. «Ավելի լավ է մի մոմ վառել, քան թե անվերջ խավարն անիծել»:

ՕՐԻՈՐԴ Խե՛ղճ Շեքսպիր, ոստիկան էլ դարձար…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ո՞նց եք իմանալու` ով ինչ մեղք է գործել:

ՔՆՆԻՉ – Դա մեր գործն է, տիկի՛ն: Թե Սատիրիկի դիակն ինչո՞ւ է հայտնվել երրորդ հարկում, երբ

նա ապրում էր երկրորդ հարկում, թե ինչո՞ւ եք այսքան անտարբեր միմյանց հանդեպ, կպարզենք

հետո: Մարդասպանը շենքից դուրս չի եկել… Գիտե՞ք, չէ՞, որ ըստ նոր օրենքի՝ լեզվին տալու

համար դատ է հասնում:

ՕՐԻՈՐԴ – Ուրեմն՝ ձեր ողջ համակարգը բանտ են տանելու:

ԲԺՇԿՈՒՀԻ Կատակեց, պարո՛ն Քննիչ:   Ա՛յ, հումոր չունեցողներին ցմահ բանտարկեք:

ՔՆՆԻՉ Եթե ամեն մարդ հումոր ունենար, հանցագործություն չէր լինի: (Բժշկուհուն.) Տիկի՛ն, ձեր

ընտանիքն իրեն խիստ կասկածելի է պահում… Չմոռանամ՝ նոր օրենքի չափանիշն Աստվածաշունչն է: Ազատ եք:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Աստվածաշնչով սկի մեր գյուղի տերտերը չի շարժվում, ա՛յ որդի: Անունը դրել եք,

թե աշխարհն եք փոխում, բայց մուռ եք հանում մարդկանցից: Ու՞ր մնաց սերը մարդկության

հանդեպ, թե՞ դա միայն գրքերի մեջ եք պահում:

ԴԵՐԱՍԱՆ – Հորաքո՛ւյր:

Բոլորը գնում են: Մնում է Քննիչը:

ՔՆՆԻՉ – Դե արի, խոզերի առաջ մարգարիտ գցի… Էդ նոր օրենքն աշխարհն ինքնակործանումից

կփրկի… Թե փորձարկումը հաջող անցնի, է՛լ Ամերիկա, է՛լ Գերմանիա, բոլորը կօգտագործեն:

Գնում է:

Տեսարան երկրորդ

Տաճար-բնակարան` ի՛ր աստծո մեծադիր նկարներով: Ներս է մտնում դարի 8-րդ հանճարը:

ԴԵՐԱՍԱՆ – Հորաքո՜ւյր, արագացրո՛ւ: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Չես թողնում` կարգին հարդարվեմ: Չկրկնե՛ս իններորդ անգամ:  Գիտե՛մ անելիքս:

ԴԵՐԱՍԱՆ – Միշտ մի բան թարս ես անում: Հիշո՞ւմ ես՝ կարևոր հարցազրույցի խառնվեցիր ու

ասացիր` եթե ռեժիսորներին փշո-փշո չանեինք, մեր երեխային դեր չէին տա: Չորս անգամ պատիվ

տալը սիրաշահե՞լ է: Հորաքո՛ւյր, ավելի լավ էր՝ գյուղում բադ պահեիր: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Կինդ ու երեխաներդ էստեղ չեն, քեզ օգնող չկա, բա մնայի գյուղո՞ւմ:

ԴԵՐԱՍԱՆ – Լավ, հորաքո՛ւյր, տանն ինձ աշխատող էր պետք: Բայց եկար, որ գյուղում

պարծենաս` էլիտար շենքում ես ապրել, չէ՞: Չմոռանա՛ս, բեմում երևամ թե չէ` կծափահարես:

Հանդիսատեսը քեզ կմիանա: Իսկ երբ ասեմ. «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես, որ քեզ բաժին

ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը…», բա՜րձր ծափ կտաս: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Եղա՛վ, տղա՛ս: 

ԴԵՐԱՍԱՆ – Ինչո՞ւ կոչում չունեմ, ում ասես` տվեցին: Միանգամից պետք է ժողովրդական տային,

ո՞վ ինձ չի ճանաչում: Գան-տեսնեն` օրական քանի՜ ինքնագիր եմ բաշխում: Ի՜նչ էիք անելու, որ

չծնվեի:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Իսկ ձեր շենքի հանգուցյալին ճանաչո՞ւմ էիր:

ԴԵՐԱՍԱՆ(գավաթը գետնին խփելով): Հորաքո՛ւյր: Խոսում եմ վեհ բաներից, իսկ դու՝

դիակներից: Ատո՛ւմ եմ գեղցիներին: Կամ խոսում եմ դերիս հոգեբանական նրբությունների մասին,

դու հարցնում ես` կոչումդ դասավորող սիլիկոնե կինը սիրուհի՞դ է: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ — (հավաքելով կտորտանքները): Լսի՛, է՛, ա՜յ տղա, որ գյուղացիները չլինեն, ձեր 

քաղաքացիք կասկածի տակ կդնեն կյանքի իմաստը:

ԴԵՐԱՍԱՆ – Վա՛խ, հորաքո՛ւյր, անգրագետներն են դժոխք սարքում կյանքը… Նույնիսկ «գեղցի» և

«գյուղացի» բառերի տարբերությունը չգիտես:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Է՜, տղա ջան, էս քաղաքը դարձրել եք արևելյան բազար, ու թվում ա` աշխարհում

տեր-տիրական չկա:  Մարդիկ ռոբոտացվել են, փողոցում պաչպչվում են չտեսի նման, հետն էլ

վազքի մեջ են: Էդ ո՞ւր եք վազում: Ձեր կյանքից բա՞ն եք հասկանում: Ուտում եք, քնում: Հանուն

փողի էլ՝ աշխարհը բզկտում: Ընկնող ծառ եք ման գալիս, որ կացինն առնեք՝ վրա վազեք: Դատ ու

դատաստան չլիներ, կյանքը հրաձգարան կսարքեիք… Բա գյուղում էդպե՞ս ա: Գեղցիք ձեր

քաղաքացիք են, որ կեղծ ծափ են տալիս, հետո ասում` խայտառակությո՜ւն էր: (Դռան թակոց:)  Ե՛ս

կբացեմ: 

ԴԵՐԱՍԱՆ Էսօր մեր մսավաճառ վաստակավոր արտիստը կտեսնի, որ ինձ ծափ են տալիս,

իրեն` ոչ: Երեկ բեմ մտա, հանդիսատեսը չծափահարեց: Էս ի՜նչ մարդիկ են, տո՜, ամեն ինչ պիտի

հուշես: 

Ներս է գալիս Հորաքույրը, ձեռքին` ծրար: Հանձնում է եղբորորդուն:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Սիրահարական նամակ կլինի: Անմարդ կանանց սիրելու հարցը քե՞զ ա տրված: 

ԴԵՐԱՍԱՆ Էս նամակները թանգարան կհանձնեմ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Իրո՞ք քեզ շատ են սիրում, տղա՛ս: Ինչի՞ մեր գյուղում քո մասին չեն խոսում:

ԴԵՐԱՍԱՆ Ձեր գյուղը փակել եմ տալու:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Չէ՛, տղա ջան, չանե՛ս: 

ԴԵՐԱՍԱՆ Հիշո՞ւմ ես, թե ո՛ր բառից հետո պետք է ծափ տաս:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Վայ, բու՛թ չեմ. «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես…»:

ԴԵՐԱՍԱՆ Ո՜չ, վերջին բառից հետո. «…չավելացնե՛ս աշխարհի վիշտն ու տառապանքը…»:

Կրկնի՛ր: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ «…վիշտն ու…

ԴԵՐԱՍԱՆ …տառապանքը»:

ՀՈՐԱՔՈՒՅՐ …տառապանքը»: Ձեր անինտելեկտ դերասանուհիներից լավ կխաղայի: Թողնես՝

միայն զուգվեն:

ԴԵՐԱՍԱՆ Հորաքո՛ւյր, կյանքը ֆեյսբուք ես դարձրել. ինչից քիչ գիտես, դրա մասին շատ ես

խոսում… 

ՀՈՐԱՔՈՒՅՐ Էդ Քննիչի նոր օրենքից բան չհասկացա: Ուշադիր եղիր` չբռնեն քեզ: Իսկ ձեր

երրորդ հարկում հայտնված դիակին ճանաչո՞ւմ էիր:

ԴԵՐԱՍԱՆ Նախ, ըստ նոր օրենքի, հանրապետության գլխավոր կրկնահանցագործը դո՛ւ 

կհամարվես  թեման փոխելու համար, երկրորդն էլ՝ էդ հանգուցյալը  սուր ծաղրով աջ ու ձախ

նախշում էր: Ասացին` արձանը պիտի դնեն: Ի՜նչ մարդասիրություն. մարդուն խփում են, հետո՝

արձան դնում: Իմը թող կենտրոնական տեղում դնեն:  

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Բալե՛ս, ես քեզնից շուտ եմ գնալու. արդեն վաթսուն տարեկան եմ: 

ԴԵՐԱՍԱՆ Անցած տարի 74-ամյակդ էր: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Ես խոսքիս տեր կին եմ, վաթսուն եղել եմ, վաթսուն էլ կմնամ: (Դռան թակոց:) Ֆանատներդ դադար չեն տալիս: (Դուրս է գնում:)

ԴԵՐԱՍԱՆ Ա՜խ, պարո՛ն վաստակավոր, նախանձից ո՜նց ես մաշվելու, երբ հանդիսատեսն ինձ

ծափ տա: Լավ է` հորաքրոջս պես արժեք գնահատող դեռ կա:

Ներս է վազում Հորաքույրը: Դուռն ուժգին թակում են:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ոստիկան ա, բացե՞մ:

ԴԵՐԱՍԱՆ Բա՛ց, շո՜ւտ, կասկածի տեղիք ես տալիս:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Եղա՛վ, եղա՛վ: (Գնում է:)

ԴԵՐԱՍԱՆ Ա՜խ, հորաքույր…

Մտնում է Քննիչը:

ՔՆՆԻՉ(ցույց տալով փաստաթուղթը): Պետք է խուզարկեմ առանց ձեր ներկայության: Կարգն է

այդպես:

ԴԵՐԱՍԱՆ Ինձ չե՞ք ճանաչում:

ՔՆՆԻՉ Ո՛չ, սերիալներ չեմ դիտում:

Հորաքույրը և դերասանը դուրս են գնում: Քննիչն ինչ-որ բան է ամրացնում սենյակում:

ՔՆՆԻՉ – Կարող եք գա՜լ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ի՜նչ դար ա. ամեն ինչ արագ են անում:

ՔՆՆԻՉ Այո՛, ամեն ինչ… 

Գնում է:

ԴԵՐԱՍԱՆ – Էլ մարդ չմնաց, որ ինձ հետ չլուսանկարվի: Եթե էս տարի կոչումս չտվեցին, թող

պատրաստվեն սգահանդեսի: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ Էդ տիտղոսները տաղանդը չեն պակասացնում, չէ՞: 

ԴԵՐԱՍԱՆ Ըհը՜, գյո՜ւղ, գավառականությո՜ւն… Հորաքո՛ւյր, դա պատիվ է: Նշանակում է`

վաստակ ունես մշակույթում:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ստաժն ու վաստակը տարբեր բաներ չե՞ն:

ԴԵՐԱՍԱՆ Կարո՞ղ է` ինձ էն աշխարհն ուղարկես: Ի՜նչ դժբախտ է էն արվեստագետը, ում

ընտանիքում չեն հասկանում: Հորաքո՛ւյր, ամեն օր պետք է ուրախությունից ցնծաս.

հաղորդակցվում ես ինձ պես աստվածային էակի հետ, որ բեմում մարդ է արարում: Ձեր գյուղում

չե՞ն սովորեցրել, որ առանց հոգևոր սննդի մարդն ու անասունը կդառնան հոմանիշներ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Մի րոպե, տղա ջան. էսօր արվեստագետներդ կշիռ ունե՞ք… Երբ տեսնես` իրար

բզկտում եք, հետո… հաց կիսում: 

ԴԵՐԱՍԱՆ Հերի՛ք է ներկայացման ճանապարհելուց առաջ նյարդերս բութ դանակով կտրտես:

Էստեղ, ավա՜ղ, նախկին կառավարությունը մեղք չունի: Վե՛րջ, գնացի: Հորաքո՛ւյր, հիշո՞ւմ ես, երբ

պետք է ծափահարես: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ Էլ չասես: Վեց օր ա՝ գլուխս տանում ես: Հիշում եմ, գնա՛, քեզ հաջողություն:

ԴԵՐԱՍԱՆ – Ասա՛ վերջին անգամ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ «Կյանքիդ ժամերն ապրի՛ր այնպես…»:

ԴԵՐԱՍԱՆ Ո՜չ, հանկարծ էդ բառերի վրա ծափ չտաս: Հիշի՛ր, չոքում եմ առաջդ. «վիշտն ու

տառապանքը…»:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Մի՛ չոքիր, ա՛յ վիշտ ու տառապանք, կհիշե՛մ:

Դերասանը դնում է ցիլինդրը և վերցնում մի փոքրիկ ճամպրուկ:

ԴԵՐԱՍԱՆ «…Վիշտն ու տառապանքը… վիշտն ու տառապանքը»… (Գնում է:)

ՀՈՐԱՔՈՒՅՐ Տեսնես բոլո՞ր արվեստագետների կտուրն ա էսպես թռած:

Տեսարան երրորդ

Բնակարան: «Բիզնես լեդին» կայծակի արագությամբ մոտենում է պատուհանին:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ո՞վ է տեսել` մի ընտանիքը երեք մեքենա ունենա, բայց էլի փողալաց տա:

ԱԱԾ-ին ասելու եմ՝ գա, սրանց մաղի: Հաստատ ապօրինի հարստացում է: Ոչ մեկիս հետ չեն

շփվում: Արկղեր են բերում: Եթե մոտիկից չտեսնեմ` կմեռնեմ:  

Ներս է մտնում դուստրը` Ուսանողուհին:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Հեռո՜ւ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Մա՛մ, ի՞նչ է պատահել:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Հե՛չ, խոշոր կողոպուտ: (Դուրս է գնում:)

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Որտե՞ղ: (Վազում է մոր հետևից:) Քո ի՞նչ գործն է, թե ինչ կա էդ չշփվողների

բերած արկղերում: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Բա չիմանա՞մ` ինչ են բերում. գուցե նռնակների առքուվաճառքո՞վ են

զբաղված: Էդպես մի՛ նայիր: Պետք է տեղյակ լինել` որտեղ ինչ կա, որ դարից հետ չմնաս: Լավ է

ընտրակաշառք քիչ ստանաս, քան անտարբեր հարևան լինես: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Հա, արդեն մոռացի՛ր ընտրակաշառք վերցնելու արկածներիդ մասին: Էլ չես

կարող հավատարմության երդում տալ, փողեր պոկել, բայց ուրիշին ընտրել:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ինչի՞: Մեզ համար խելոք փող էինք կլպում ամեն կուսակցությունից:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ — Մայրի՛կ, հոգնած եմ, գերեզմանոցից եմ գալիս:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Վա՜յ, աղջի՛կս: Ո՞վ է մահացել, ո՞նց, ինչի՞, ո՞վ տեսավ, ի՞նչ ասավ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ոչ ոք չէր մահացել. բոյֆրենդիս տարա, որ տեսնի` ի՜նչ հուշարձաններ կան:

Թոմն ասեց` Մոնա Լիզայի նկարից հետո հիացմունքից էդպես արտասված չկար: Հպարտացա, որ

մահից հետո էստեղ ավելի են քեզ սիրում: Ափսո՜ս, գերեզմանոցում սրճարան չկար:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Կյաժի շիրմաքարը սարքե՞լ էին:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Էն էլ ո՜նց: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Իսկ էդ Սատիրիկին, որ սպանել են, ո՞ւր են տարել:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ի՞նչ իմանամ… Երեկ համալսարանում իմացա, որ հայտնի դեմք է եղել:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Էդ սովորական մա՞րդը, որ նույնիսկ մեքենա չուներ: Լուրերով ասեցին, որ

անխնա ծաղրել է մարդկային թերությունները: Օրինակ՝ կաշառքի մասին գրել է, որ մարդիկ

փոխադարձ լավություն են անում, ինչո՞ւ եք բարի գործ անելու համար բանտ տանում: Բայց ճիշտ է

գրել. եթե հերդ փող չտար ոմանց, ո՞նց էիր համալսարան ընդունվելու:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Չվստահեցիք իմ ինտելեկտին…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Կամ եթե «բարություն» չանեինք քո ղեկավարությանը, քեզ աշխատանքի

կընդունեի՞ն  հոգեբանական կենտրոն:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Գիտե՞ս՝ էսօր ինչ եղավ մեր կենտրոնում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ի՞նչ, ձեն էլ չես հանում:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Մի ծանրաքաշ կին եկավ, ասեց` «ամուսինս դավաճանում է, ես էլ փորձեցի

ինքնասպան լինել, դեղահաբեր կուլ տվեցի, բայց վրաս չազդեց»… 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Հետո՞:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Հետո ինձ էնպիսի՜ ծիծաղ բռնեց, որ նրան թվաց` խելագարվեցի իր ցնցող

պատմությունից:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Գժո՛ւկ, մարդը եկել է հոգեբանական օգնություն ստանալու, դու ծիծաղե՞լ ես: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Հետո էդ բեղերով կինը գնաց մեր տնօրենին բողոքելու: Երբ տնօրենն ինձ

ծիծաղելիս տեսավ, ինքն էլ սկսեց հռհռալ: Էդ կինը դուռն էնպես շրխկացրեց, որ պատուհան

ջարդվեց: Տնօրենն ինձ կանչեց, որ նախատի, բայց ավելի ուժգին սկսեց ծիծաղել: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Բայց ծիծաղելու ի՞նչ կար:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Պատկերացնու՞մ ես՝ ինչ կլիներ անկողնում. նստած տեղից ալարում էր

կանգնել…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Գնա՛, կյանքում գոնե մի օր պատրաստվիր քննությանդ: Կարմիր դիպլոմ հերդ

խոստացել է: Կնկարես ու ֆեյսբուք կգցես. թո՛ղ ձեր կուրսի գերազանցիկները տրաքվեն:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Բա ոնց: Ա՜խ, մա՛մ, մի տարի հետո Թոմի հետ կլինեմ Նյու Յորքում: Ոչ մեկին

չասես, որ բոյֆրենդս վաթսունչորս տարեկան է:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Դու էլ գնա, ու մենակ մնամ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Եղբայրս կգա բանակից: Ի դեպ, տղադ ընկերոջը նամակ էր փոխանցել իմ

միջոցով: Ես էլ թաքուն կարդացի:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Գոնե ինձ էլ տայիր:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Խեղճ տղան չգիտի` «գողական» օրենքներո՞վ, թե՞ զինվորական

կանոնադրությամբ առաջնորդվի:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ի՞նչ տարբերություն: Իսկ ինչի՞ կարդացիր ուրիշի նամակը:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Որպես հոգեբան ուզում էի իմանալ՝ եղբայրս հետագայում կարո՞ղ է սննդի

ծառայության պետ աշխատել. զորամասից արկղերով համով բաներ տուն կբերեր քեռու պես:

Դռան թակոց: Մտնում է Քննիչը:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ի՞նչ է պատահել: Իզուր եք եկել. մենք չէինք կարող սպանել Սատիրիկին:

ՔՆՆԻՉ Պետք է խուզարկեմ ձեր սենյակները: Խնդրում եմ՝ դուրս եկեք այստեղից:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ներողություն, վաղո՞ւց եք էս բնագավառում: Հե՞շտ եք ընդունվել էդ

համակարգ: Շա՞տ քամեցին: 

ՔՆՆԻՉ Տիկի՛ն, թույլ կտա՞ք աշխատել:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Բայց ինչո՞ւ չեք պատասխանում հարցերիս:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Մայրի՜կ…

ՔՆՆԻՉ Ձեր ո՞ր հարցին պատասխանեմ:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Բոլո՛ր:

ՔՆՆԻՉ Այո՛, ո՛չ, այո՛, ո՛չ, ո՛չ: Հիմա ինձ մենակ թողեք:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Տեսե՛ք, հա՛, աղջկաս պետական քննության փողից մի դրամ չպակասի… Լսել

եմ՝ Ձեր դուստրն էլ է քննության…

ՔՆՆԻՉ Տիկի՛ն, իմ աղջիկն առանց քննություն տալու էլ ստանում է:  

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Մայրի՛կ:

Ուսանողուհին դուրս է գնում, մայրը ծիկրակում է:

ՔՆՆԻՉ – Տիկի՛ն, իրավունք չունեք խանգարելու:

«Բիզնես լեդին» գնում է: Քննիչը կատարում է գործն ու գնում: «Բիզնես լեդին» վերադառնում և ինչ-որ բան է փնտրում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Սրանք մեր գլխին օյին են ուզում խաղալ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ(ներս գալով): Ի՞նչ կուզես՝ ուղարկեմ Նյու Յորքից:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Նստի՛ր, մի կարևոր բան հաշվենք: Էդ սպանությունից հետո ինձ մի հարց է

տանջում…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ի՞նչ հարց:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Երբ մահանամ, բացի ընտանիքիս անդամներից, ո՞վ կսգա մահս:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ավելի լավ է մտածես, որ մի օր էլ դո՛ւ ես գալու Նյու Յորք:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Աղջի՛կս, մահն էնպիսի ուղտ է, որ պիտի չոքի բոլորի դռանը: Ավելի լավ է

ճշտենք՝ ինձ իսկապես սիրող քանի՞ մարդ կա:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ(մեկուսի): Մայրիկը ֆրուստրացված հոգեվիճակում է: (Մորը.) Երևի ճիշտ

օգտագործեցի բառը: Ըստ քեզ՝ ո՞վ է քեզ իսկապես  սիրում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ընկերուհիս` Նվարդը: Աչքերին չի հավատա…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Եթե էդքան չօգնեիր, քեզ «կսիրե՞ր»: Նվերներ մի՛ տուր ու կհամոզվես: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ո՜նց էի մոռացել Սառային ու Արամին: Նրանք բարեհաճ են տրամադրված

բոլորիս հանդեպ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ճի՜շտ է, ճի՛շտ է:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Վերջապես գտանք երկուսին:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Բայց, մի վայրկյան… Ինչո՞ւ տարիներով քո դուռը չեն բացում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Շատ զբաղված են:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Զբաղված մարդիկ միշտ էլ ժամանակ գտնում են մի այլ բանի համար: Մեր

խանութի պահակն ավելի կցավի քեզ համար, քան հորեղբայրս:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Դու էլ մարդ գտար. ամեն ինչից դժգոհ է: Արժե՞ շարունակելը… 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Կիսատ մի՛ թող: Լավ ճանաչիր մարդկանց: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Կարծում եմ` պարոն Մուշեղը, որ քեզ ընդունել տվեց համալսարան…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Հոգուս մեղք չլինի, բայց համոզվա՞ծ ես` տվածդ գումարից գրպանը չի դրել: «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Լա՛վ, դո՛ւ հուշիր…  Տիկին Աղավնի՞ն, Բերոյանների ընտանի՞քը…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Չէ՛, չէ՛, ինչ ես ասում… Թո՛ղ մտածեմ: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Աղջի՛կս, իսկ երբ ծերանանք, մարդկանց շատ փող կտանք, ու պետք եղած

ժամանակ մեզ սիրող իսկական լացողներ կունենանք: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Է՛հ, մա՛մ, սե՞րն էլ ես ուզում փողով առնել… 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Աղջի՛կ ջան, կյանքը բիզնես է. իմ տարիքին կհասնես, կհամոզվես:

Տեսարան չորրորդ

Բժշկուհու բնակարանը: Ներս են խուժում Բժշկուհին և Օրիորդը:

ԲԺՇԿՈՒՀԻ Ինչքա՞ն պիտի քեզ ուղեկցեմ. պարապ չեմ:

ՕՐԻՈՐԴ Վե՛րջ, խաչ եմ քաշում, գնամ: Ինչո՞ւ պետք է օրը ցերեկով թիկնապահով ման գամ:

ԲԺՇԿՈՒՀԻ Կեցցե՛ս, աղջի՛կս, թիկնապահ էլ դարձա: 

ՕՐԻՈՐԴ … Ինչո՞ւ բաժակը շպրտեցիր նորեկ բուժքրոջ երեսին, երբ զայրացել էիր տարեց

բժշկուհու վրա:

ԲԺՇԿՈՒՀԻ Թողնե՛նք դա: Այսպես որ շարունակես, չես ամուսնանա: 

ՕՐԻՈՐԴ Ինձ սիրահարված տղան մի ծաղիկ է նվիրել: Եթե հիմա այդքա՜ն գծուծ է, հետո ի՞նչ

կդառնա: Ինչո՞ւ այն ճիպոտանման աղջկա նշանածը հարյուր մեկ ծաղիկ տա, իսկ իմ ընկերը` մեկ:

ԲԺՇԿՈՒՀԻ Քեզ ասացի` տղաներին արհամարհանք ցույց տուր, հետևիցդ քարշ կգան, բայց

չասացի` ոչնչացնես:

ՕՐԻՈՐԴ Խնջույքներին միայն լսես տղաների անալի, միանման կենացները: Անբովանդակ

դեմքով, դատարկ աչքերով, խոտահամ «հումորով», շաբլոն տեքստով, ինքնավստահ, չկարդացած,

ուշքումիտքը՝ փող ու անկողին…   Մեր դարի տղաներին չեմ ուզում:

ԲԺՇԿՈՒՀԻ – Սպասիր չծնված ասպետիդ… Ի դեպ, թույլ չտաս քո ներկայությամբ գռեհիկ

հումորներ անեն: Ցույց տուր, որ քեֆերում թրև եկողներից չես: Տեսա՞ր՝ տակս քանդող տեղակալիս

ո՜նց դուրս շպրտեցի: Մի հաշմանդամ էլ բողոքեց վերևներում, թե կոպիտ եմ ու ժամկետանց դեղեր

եմ տալիս: Հիմա դրան անվճար դեղ չեմ տալիս: Չեմ էլ տալու: Հայ-հայդ գնացել, վայ-վայդ է

մնացել…

Դռան թակոց: Բժշկուհին գնում, վերադառնում է Քննիչի հետ:

ՔՆՆԻՉ – Բժշկուհի՛, ընդամենը խուզարկելու եմ: Ոչ մի վտանգավոր բան չկա: 

ՕՐԻՈՐԴ Օ՜, թույլ տվեք կարմիր գորգ փռել Ձեր ոտքերի տակ և աղ ու հացով դիմավորել: Օրը

ցերեկով սարսափում ենք տնից դուրս գալ: Ինչո՞ւ պետք է հենց մե՛ր շքամուտքում հայտնվեր

դիակը:

Բժշկուհու ժպիտից կարդացվում է. «Աղջիկս լինի ձեր պատիժը»

ՔՆՆԻՉ – Նախ՝ չափավորե՛ք Ձեր խոսքերը: Եվ երկրորդ՝ հասարակությունն է մեղավոր իր

լավագույն զավակների սպանվելու համար:

ՕՐԻՈՐԴ – Օ, հասարակությունը շատ մարդասիրական գործով է զբաղված. լայքեր է տալիս

ֆեյսբուքում: Լսե՛ք, շատ թանկ է իմ կյանքը: Ինձպեսների շնորհիվ ամեն երկիր կծաղկի:

Հասարակությանը դիահերձողի հոգեբանությամբ եք մոտենում: Ներողություն, ի՞նչ հիվանդություն

ունեք:

ՔՆՆԻՉ Օրիո՛րդ, այդ ի՞նչ հարց եք տալիս:

ՕՐԻՈՐԴ Մարդ ինչքան խրոնիկ հիվանդություն, այնքան էլ բնավորության անտանելի գծեր ունի: 

Ասե՛ք Ձեր հիվանդությունը, և կասեմ` ինչ թերություններ ունեք:

ՔՆՆԻՉ – Իմ հիվանդությունը իմ մեղմությունն ու հանդուրժողականությունն է…

ՕՐԻՈՐԴ – Ուրեմն՝ պանկրեատիտ ունեք, պարբերական և սնկային հիվանդություն: Լավ, անցե՛ք

գործի:

Քննիչը տեղում ձեռք է բերում «չորրորդ» աստիճանի հիպերտոնիա:

ՔՆՆԻՉ Կարո՞ղ եք ինձ մենակ թողնել, բժշկուհի՛:

ԲԺՇԿՈՒՀԻ Հիվանդներից պրծում չկա։ (Գնում է:)

ՕՐԻՈՐԴ Խնդրում եմ՝ մի րոպե նստեք: Շնորհակալ եմ: Խնդրում եմ՝ պահե՛ք ձեռքերը:

ՔՆՆԻՉ – Ինչո՞ւ:

ՕՐԻՈՐԴ Հիմա կասեմ: (Նրան կապում է աթոռին:)

ՔՆՆԻՉ – Ի՞նչ եք անում, օրիո՛րդ: 

ՕՐԻՈՐԴ — (փակում է նաև բերանը): Կուտակված ասելիքս ո՞վ է լսելու, հը՞: Ձեր ոստիկանությանը

չե՞ն ասել, որ մարդկանց պետք է անհատական մոտեցում ցուցաբերել. չէ՞ որ վայրի կատու չենք:

ՔՆՆԻՉ(մի կերպ): Օրիո՛րդ…

ՕՐԻՈՐԴ Մի՛ վայրկյան: Մարդիկ կան, որոնց ուզում եմ մեքենայից կապել, քարշ տալ, բայց 

պլստալ պատժից… 

ՔՆՆԻՉ Օրիո՜րդ…

ՕՐԻՈՐԴ   Երբ քաղաքապետի տղան երթևեկություն է խախտում, ինչո՞ւ է ձեր տեսողությունը

մինուս քսան դառնում: Ուրիշ երկրում պետության նախագահը խախտում է անում` տուգանում

են, իսկ դուք գուցե պարգևատրե՞ք: Բանասիրականի 4-րդ կուրսում հայտնաբերեցին, որ մակբայն

ու գոյականը տարբեր բաներ են: Մեծ պաշտոնի են արժանի, հարգելի՛ պետություն:  Այսուհետ

հայրենասեր կանվանեք ցույցերի ժամանակ սելֆի անողներին, գիրք ատողներին, սոցցանցերում

քֆուրով բարոյականություն քարոզողներին: 

ՔՆՆԻՉ – Վա՛յ, ասացի՞ք քֆուր… Չե՞ք ամաչում: Գոնե հայհոյանք ասեիք, օրիո՛րդ։

ՕՐԻՈՐԴ – Օրիո՞րդ եք թողել… Ջուր բերե՞մ: Քանի՞ մարդ է գեղեցիկ մայրենիով խոսում: Ամոթ է,

չէ՞: Բայց թողնես, բոլորին հողին հավասարեցնեն: Ով ինչպես խոսում է, այնպես էլ ապրում է:

Ինչո՞ւ չեք վարձատրում անճոռնի լեզվով խոսողներին: (Արձակում է բերանի, ապա ձեռքերի

կապը:) 

ՔՆՆԻՉ Կանայք կան, որ մինչև յոթհարկանի չհայհոյես, չեն հանգստանա…

ՕՐԻՈՐԴ Կանանց հայհոյանքով չեն հանգստացնում, պարո՛ն քննիչ: 

             ՔՆՆԻՉ Սա հեշտ կուլ չեք տա… Աստված հեռու պահի չբավարարվածներից: Բոլորդ ավելի լավ

              կկառավարեք երկիրը, քան կառավարությունը: Իսկ հիմա… խանգարո՛ւմ եք:

ՕՐԻՈՐԴ Աշխատեք Ձեր սրտին մոտ ընդունել ասածներս…

ՔՆՆԻՉ — (մեկուսի): Կտուրդ թռած… 

Օրիորդը դուրս է գալիս: Քննիչը  մրթմռթալով կատարում է իր   գործը  և կատաղած գնում: Գալիս են մայր ու աղջիկ:

ՕՐԻՈՐԴ Աշխատանքի չեմ գնում…

ԲԺՇԿՈՒՀԻ Աղջի՛կս, էլ դիակ չկա: Եվ քեզ մոտ ծալովի դանակ պահիր…

ՕՐԻՈՐԴ Ի՜նչ ապահով ենք ապրում… Թող ինձ հեռացնեն աշխատանքից, բայց ես ոտքս դուրս

դնողը չեմ:

ԲԺՇԿՈՒՀԻ Քեզ շտապ ամուսնանալ է պետք: 

ՕՐԻՈՐԴ – Տղա ցույց տուր, որ թերություն չունենա… Եթե հայրիկը ողջ լիներ, ճիշտ խորհուրդ

կտար: Թեպետ էլի դո՛ւ պիտի որոշեիր` ով է մեր տան հայրիկը: 

ԲԺՇԿՈՒՀԻ Անունը չտա՛ս: 

ՕՐԻՈՐԴ Ափսո՜ս, որ նախարարության անհումոր պարոնն ընտանիք ունի…

ԲԺՇԿՈՒՀԻ – Դա քո գործը չէ: Այդ քննիչն ինչպե՞ս խուզարկեց, որ կարծես ոչնչի ձեռք տված չլինի:

ՕՐԻՈՐԴ Կարծես անփորձ թմրամոլ լիներ: Իմ սենյակ չգաս… (Դուրս է գնում:)

ԲԺՇԿՈՒՀԻ – Դեղերս բե՛ր, ժամն է… Ի՜նչ բախտավոր է լինելու քո կողակիցը… 

Տեսարան հինգերորդ

Քննիչի ճամպրուկանման գրասենյակը:

ՔՆՆԻՉ – Ա՛խ, ջա՜ն… Մեռնեմ իմ դուխով ջանին, արա՛: Նույն օրը նույն ժամին երկու ճամպրուկ

փող են գրեֆ անում: (Աննկատ ներս են գալիս արգո մեռելները, ժպտալով հետևում քննիչին:) 

Ուզում եք կաշառք կոչեք, ինչ ուզում եք ասեք. վրե՛ն: Իբր խստացրել են կաշառք ընդունելըՄեռնեմ

ձեր հումորին: Փողն ինձ պես տղերքի համար միշտ քիչ ա, ախպե՛ր: Ջա՜ն, Սատիրի՛կ ջան, սուր լեզուդ չլիներ,սպանելուց առաջ ոչ թևերդ կկտրեին, ոչ լեզուդ, ես էլ էս

մի ճամպրուկը չէի ստանա: Քո շնորհիվ դատախազի դղյակից մեծ պալատ կառնեմ: Էդ ի՞նչ

ինֆորմացիա ունեիր վերևների մասին… Սպանողներիդ լավությունը ջուրը չեմ գցի: Բա էս, էս, էս…

լաչառ լրագրողները… վրա են տվել, թե նա մեծ գրող ա: Հենց մեռավ, մեծ դառա՞վ, ա՛յ ֆեյսբուքի

ստատուսից էն կողմ բան չկարդացողներ:  Բայց մի րոպե. Սատիրիկի սպանության հետ կապված

ուրիշ բան պետք ա հորինվի… Պատվիրատուներն ու մարդասպանն անհամբեր սպասում են… Իսկ

ո՞նց   եմ ազատվելու Սատիրիկի գազազած համակիրների ձեռքից: Թե դա ի՞նչ դառավ, որ էսքան

շուխուր բարձրացավ:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ո՞նց թե… Պարոն Պղպջակյա՞ն, արվեստ չհասկացող պաշտոնյային  միշտ քայլ

ենք անելու, մերժենք… 

ՔՆՆԻՉ – Ա՛հ… Ո՞վ եք: Լը… լը… լրագրողուհի՞ն… Նա… նա էլ… Սատիրի՞կն է: Օդի մե՞ջ…  Ո՛նց… 

Չսպանե՜ք ինձ, աղաչում եմ, վերցրե՛ք ճամպրուկները, միայն ինձ ձեռք չտաք…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Հանգստացի՛ր, քեզ փրկելու համար ենք եկել…

ՔՆՆԻՉ Բայց իրոք դուք եք… Ինձ… ձե՞ռ եք առնում… Ի՞նչ հյուրասիրեմ Ձեզ… բայց ավելի լավ

կլինի` գնաք, խանգարում եք: Ձեզ ի՞նչ կա… առոք-փառոք մահացել եք, գլուխներդ ազատել:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Հիմա առոք-փառոք ասա` ինձ ո՞վ խփեց: Ինչո՞ւ չեք գտել մեզ սպանողներին:

Վե՛րջ, չենք թողնի զվարճանաս սիրուհուդ հետ, մինչև չզբաղվես մեր սպանությունների

բացահայտումով: Ափսոս չէի՞. հազար երազանք սրտումս, ջահել-ջահել մահացա: 

ՔՆՆԻՉ Ա՛յ Սատիրիկ, լրագրողների քթի մասին ինչո՞ւ սատիրա չես գրել: Ուր ասես՝ կոխում են:  

Դուք էն լրագրողն եք, տիկի՛ն, ով քաղաքապետի հինգ բառի մեջ ինը սխալ գտավ: Կամ

քաղաքապետի որդու սանձարձակության մասին ինչո՞ւ կիսատ գրեցիք…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Հենց խմբագրությունից դուրս եկա, մեկը բերանս փակեց: Վրայից ինը հարյուր

դրամանոց օղու հոտ էր փչում: Ձեռքերը կծոտեցի: Հայհոյեց ու՝ շրը՜խկ, անձայն ատրճանակով…

ՔՆՆԻՉ – Տիկի՛ն լրագրողուհի, չգիտեի՞ք, որ թիկնազորի պետի ապօրինի հարստացման մասին

էդքան գրելուց հետո չէիք մարսելու: Հիմա շատ բան է փոխվել, բայց դե… թեթև տարեք: 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Երկու օր ժամանակ չգտար ինձ խփողին` քեզ կուղարկենք հոգեբուժարան: Հա՛,

պարո՛ն Պղպջակյան, ճամպրուկները քեզ հետ կտանես դժոխք, որովհետև պաշտոնդ

բարձրացնելու համար էլ ես կաշառք տալու:  

Քննիչը սրտից բռնած՝ ջուր է խմում, մաքրում  քրտինքը, հատկապես երբ նայում է խորհրդավոր

լռություն պահպանող Սատիրիկին:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Ինձ սպանեցին, մեր Սատիրիկին ու դատախազ Չամուռյանին սպանեցին,

գողական Կյաժին սպանեցին… Ու դեռ չեք բացահայտել: Հա՛, Կյաժը հարցնում էր՝ հո քեզ

նեղացնող չկա՞, գանք կենացը խմենք: Վե՛րջ, չենք թողնի քնես, մինչև չպատժես հանցագործներին: 

Սատիրիկն աչքերով ինչ-որ բան է հասկացնում…

ՔՆՆԻՉ Ա՛յ Սատիրիկ, համբերե՛ք: Ասացի` կանե՜մ: Խելոք մնայիք, չսպանեին: (Մեկուսի:) Էս

մեռելներին թվում է` սրբերի շարքին պիտի դասվեն: (Նրանց.) Կարևորը՝ բոլորի տներում

տեղադրեցի լսող-ձայնագրող սարքը: Մարդասպանը շենքից դուրս չի եկել… Բանտերը պատրաստ

պահում ենք… Օգնեցե՛ք, օգնեցե՜ք: Թարմ մեռելները վրա են տվել, օգնեցե՛ք…

Անհետանում են: Քննիչը ցնորվածի պես փախչում է:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեսարան առաջին

Դերասանի բնակարանը:

ԴԵՐԱՍԱՆ(ներս գալով): Վա՛յ, հորաքո՛ւյր, ի՞նչ երեսով պիտի տուն գաս: Տանը ծառա է պետք,

որ էս պահերին ջուր տա ինձ ու հանգստացնի: Դու ծափ ես տալիս իմ ախոյանի տեքստից հետո՞…

Ու քեզ է հետևում ամբողջ դահլիճը: Գոնե հայացքիցս հասկանայիր ու վերջ տայիր բռավոներիդ:

Թուր էի ման գալիս, որ ինձ խարակիրի անեմ…

Ոտնաթաթերի վրա ներս է մտնում հորաքույրը, ծնկում է դերասանի առջև ու վայնասուն բարձրացնում:

ԴԵՐԱՍԱՆ Հիմա որ կաթված ստանամ, ի՞նչ պատասխան պիտի տաս դարերին, հը՞…  Մի՛ ողբա,

դեռ չեմ զոհվել:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ախր դու չէիր զգուշացրել, որ էդ տեքստն ուրիշն էլ ա ասելու…

ԴԵՐԱՍԱՆ Բա ականջն ինչի՞ համար է տրված: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ոչի՛նչ, տղա՛ս, բոլորն էլ զգացին, որ ծափերը սխալ տեղ գնացին…

ԴԵՐԱՍԱՆ — (անմարդկային ձայներ է հանում): Աղոթի՛ր, որ հիմա՛ չմեռնեմ, գոնե սերիալս

ավարտվի: Իսկ մյո՞ւս սխրագործությունդ: Հսկիչները բողոքեցին` հորաքույրդ աղեկտուր 

խռմփացնում էր: էն էլ ի՛մ տեսարանում: Քեզ չե՞մ ասել` շատ սուրճ խմիր թատրոն գալուց առաջ:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Տղա ջան, ների՛ր, դերասաններն էնպես հաճելի էին խոսում, որ քունս տարավ…

ԴԵՐԱՍԱՆ – Նախ՝ ամենահաճելին ե՛ս էի, երկրորդն էլ` խռմփոցիդ պատճառով շատ եմ

խայտառակ եղել: Չե՞ս հիշում, օպերայում «Ռիգոլետտոյի» ժամանակ խռմփացրել ես, էն էլ`

Սպարաֆուչիլի տեսարանում: Հսկիչները փորձել են դուրս տանել, աղմուկ ես սարքել, թե` տոմսի

վրա փող ես ծախսել, իսկ տնօրենի մոտ ինչո՞ւ ես ասել, որ իմ հորաքույրն ես:  Ավելի լավ չէ՞ր` ինձ

էլ սպանեին: 

Երկուսով բարձրաձայն լաց են լինում:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Մեր լավը լավ էր, վատը` վատ… (Մեկուսի:) Ձեռքերս կեղտոտեցիք ձեր քաղաքում:

Ինչի՞ եք ինձ զոռով գցում կեղծիքի մեջ: 

ԴԵՐԱՍԱՆ Լսի՛ր, թե ոնց պետք է ինձ հուղարկավորեք: Ուշադի՛ր եղիր, որ hիմա էլ չգնաս ուրիշի

մեռելի վրա լաց լինես: Դիակիս մոտ երկար չնստես, որ աչքդ չկպչի, քեզ չկոտորես, բայց

անընդհատ լաց կլինես: Սև քողով գլխարկ կդնես, որ դեմքդ ծածկվի: Մեկընդմեջ կասես.

«Ժողովուրդը զրկվե՜ց իր մեծ զավակից»: Կնոջս էլ կասես, որ հանկարծ չասի` «Եթե սերիալ

չմտնեիր` նույն բոմժն էիր մնալու»: Իբր կատակում է իր ցնդած ազգականների մոտ, նրանք էլ, իբր

արվեստից հասկանում են, չինական տիկնիկի պես գլխով են անում: Վա՜յ, հորաքո՛ւյր,

թաշկինակն էդպես չպահես:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Կասեմ` երեխայիս սխալ տեղ ծափ տվեցի, բայց նա ինձ ներեց…        

ԴԵՐԱՍԱՆ Կարո՞ղ է` ինձ հոգեդարձ անես: Օ՛դ չկա, ջուր բերե՛ք, ջո՜ւր… (Հորաքույրը ջուր է

տալիս:) Թող արձանս կենտրոնական հրապարակում դնեն: Թող Իտալիայից կանչեն

քանդակագործին: Թո՛ղ սուգ հայտարարվի: Ու անպայման հեռուստատեսությամբ հրկիզյալի պես

ելույթ կունենաս, թե դարի 8-րդ հանճարին կոչում չտվեցին, որովհետև ժողովուրդն արդեն տվել

էր: Հասկացա՞ր, հորաքո՛ւյր: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ Հա՛, բալե՛ս:

ԴԵՐԱՍԱՆ Բոլորին գլխի կգցես, որ առանց ծաղկի չգան: 

Դռան թակոց: Մտնում է Սատիրիկի ուրվականը` բազմանշանակ ժպիտը դեմքին:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ե՛ս կբացեմ: (Գնում է:)

ԴԵՐԱՍԱՆ Բացի՛ր, գոնե մի լավ բան արա էս աշխարհում, ա՛յ մեռնող գյուղի խորհրդանիշ: Ինձ

մեղադրում են, թե հայերեն խոսել չգիտեմ, իսկ էն մսավաճառին, որ կոչում տվեցին, ասեք` մի

դիմում գրի, ու կարդացե՛ք:

ՀՈՐԱՔՈՒՅՐ(գալով): Էլի նամակ ունես:

ԴԵՐԱՍԱՆ Տեսնո՞ւմ ես` ինչքան երկրպագու ունեմ: 

ՀՈՐԱՔՈՒՅՐ — (ակնոցը դնելով): Տեսնեմ` ո՞վ ա քեզ անընդհատ գրում:

ԴԵՐԱՍԱՆ Տո՛ւր ինձ, տո՜ւր…

ՀՈՐԱՔՈՒՅՐ Վա՜յ, ուղարկողը մեր հասցեի՞ց ա… Չեմ հասկանում: 

ԴԵՐԱՍԱՆ Շփոթվել են…  Կարդա, հորաքու՛յր…

ՀՈՐԱՔՈՒՅՐ — (կարդում է տառասխալներով նամակը): «Իմ պաշդելի՛ Արտիստ, եթե Դուք լինեիք

մի այլ երկրում, վաղղուց կենդանի լեգենդ կլինեիք: Միշտ մենակ եք: Հոքեկան փոդորկումների

ժամանակ ոչ ոք Ձեզ չի ամոքում, անգամ ձեր մակերեսային կողակիցը: Իսկ կոչումն անցողիկ բան

է… Դուք Ձեր հանգուցյալ Սատիրիկ  հարևանի պես հաճախ ճշմարտություն եք կրակում, ու դա

թանգ է նստում ձեզ վրա: Դուք ո՛չ կարող եք հաշտվել այս տխմար ու անիդեալ հասարակության

հետ, ոչ էլ դառնալ կեղձիքի վարպետ: Ոխչախոհ տարեք ձեր խաչը` գտե՛ք ճշմարիտ բարեկամներ:

Ձեր ֆանատներ»: Այս նամակագիրը քեզ պաշտում է… 

Սատիրիկը քրքջում է:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Էն ի՞նչ հանգուցյալի մասին են գրել, հո չե՞ն ուզում քեզ էլ սպանել, բալե՛ս:

ԴԵՐԱՍԱՆ Մարդը կենդանության օրոք էլ կարող է սպանված լինել:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Էդ ո՞նց, տղա՛ս:

ԴԵՐԱՍԱՆ Է՜, հորաքո՛ւյր:

Տեսարան երկրորդ

«Բիզնես լեդիի» բնակարանը: Մայր ու աղջիկ խելացնոր պարում են:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Մեծ ախպե՜րս,   ախպե՜րս…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Լա՛վ, մայրի՛կ, մեծ ախպերդ թիվ մեկ մարդն է, որ անկեղծ կսգա քո մահը: Եթե

ամուսնանամ Թոմի հետ, հետո ի՞նչ պատճառով ամուսնալուծվեմ: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Կզանգես, ամեն ինչ կպատմես, ես էլ խորհուրդ կտամ… 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Բա որ պարկեշտ ամուսին լինի՞…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Խոսքս հարգի՛ր, աղջի՛կս: Միայն ճշտի՛ր, թե նրա հորեղբորն ինչի՞ են յոթ տարի

նստեցրել: Հիմա ասա` էլ ո՞վ անկեղծ կլացի վրաս:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Սառան` ընկերուհիս… քեզ շատ է սիրում: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Չէ՛, նա ուղղակի քաղաքավարի է: Մի քանի օր կողքիդ կլինի, ու վե՜րջ:

Քաղաքավարի մարդիկ հաճախ հաշվենկատ են ու սառը…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Գիտե՞ս` ում ես մոռացել:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ո՞ւմ…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ազգականիդ` Ժենյային… միշտ քեզ համար քաղցրավենիք է բերում: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ճի՜շտ է, ճի՜շտ է… (Պարում է, ապա` անսպասելի վազում պատուհանի մոտ:)

Հայտնվում է Սատիրիկի ուրվականը, նստում անկյունում:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ի՞նչ նորություն կա դիակից: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ասում են` մարդասպանը մեր շենքից է: Անգամ ե՛ս չեմ գլուխ հանում, դրանք

ո՞նց են գտնելու: Լրագրողներ եկան, հարցրին` կարդացե՞լ եք Սատիրիկի գրվածքները, ասեցի`

էդքան նմա՞ն եմ գիրք կարդացողի: Լսի՛ր, էդ երկու հոգի՞ն են սգալու դիակիս վրա: 

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Բավակա՛ն է… Գործիս տեղն էլ էնքան շատ մարդ է գալիս, որ ստիպված

չորում եմ, որ էլ չգան…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Բայց էդ հոգեբանությունից դեռ բան չե՞ս հասկանում, աղջի՛կս:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ինչը որ չեմ հասկանում, հորինում եմ: Կամ հիմա ո՞վ է իր տեղում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Լավ, նոր անուններ ասա…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Հարևաններից մարդ չկա: Ապրում են հաշվարկով: Եթե լացեն քեզ վրա` դու էլ

դժոխքից պիտի գաս, որ իրենց վրա լացես…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Դժոխքի՞ց: Լավ է՝ մեզ լսող չկա. կյանքում ընդամենը վեց հոգու եմ առևտրի մեջ

խաբել կամ փողային հարցերում միջնորդ եղել: Հորդ մերսեդեսն ինչո՞վ գնեցինք… Ա՜հ, հիշեցի,

Սահակյանցների՜ ընտանիքը, նրանք միշտ աջակցել  են, գտա՜: Աստված իմ, ի՜նչ քիչ են…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Հետո գուցե շատանան…

«Բիզնես լեդին» արագ մոտենում է դռանը: Սատիրիկը գնում է:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Էդ ո՞ւր…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Քանի օր է` նորություններս պակասել են, շունչս կտրվում է:

Ոստիկանությունից են զգուշացրել դուրս չգալ: Ինչ-որ բան է լինելու, բայց ոչ մեկին չեն ասում:

 ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Լավ, միայն թե զգույշ: (Մայրը գնում է:)  Սահակյանցների ընտանիքը չի սգա

քո մահը, խե՛ղճ մայրիկ: Էդ ընտանիքն էնքա՜ն է ինքն իրենով տարված, որ ուրիշների հետ շփվում

են, ինչպես պարտապանների հետ: Իսկ Ժենյան անպատասխանատու կին է, ու հարց է` կգա՞

թաղումիդ, եթե, իհարկե, հետո չզանգի ու արդարանա`  չի իմացել:

Տեսարան երրորդ

Բժշկուհու բնակարանը:

ՕՐԻՈՐԴ Վե՜րջ, խաչ եմ քաշում` գնամ, ինչպե՞ս կարելի է լավություն անել ու օրն ինն անգամ

երեսով տալ: Համբերությանս բաժակը ճաքել է: Քո կյանքում գոնե մեկը կա, իսկ ես ի՞նչ ասեմ:

Տղաները մի աղջկանով չեն հագենում. քո գրկի մեջ ուրիշին աչքով են անում: Ընկերուհիներս

իսկական չեն. հանուն ինձ պատրաստ չեն մեռնելու: Լավություն ես անում, երեք օր հետո մոռանում են: Ի՞նչ ես թթվել:

ԲԺՇԿՈՒՀԻ Ընկերուհիներիդ ճնշի՛ր, թող քեզնից կախում ունենան:  Իսկ հիմա շուտ

մատանիներդ բեր: 

ՕՐԻՈՐԴ Ինչո՞ւ: 

ԲԺՇԿՈՒՀԻ Ոստիկանությունից չե՞ն զանգել:

ՕՐԻՈՐԴ Զանգել են, ասել` տնից դուրս չգաք: Մատանիներս ինչո՞ւ բերեմ… էլի բժշկուհիներով

վիճել եք, սխալ ախտորոշում տվել հիվանդին ու խեղճին գրողի ծո՞ցն եք ուղարկել:

ԲԺՇԿՈՒՀԻ Պապանձվի՛ր: Ընդամենը երեք անգամ է նման բան եղել: Դատավորների բերանը

փակել է պետք…

Հայտնվում է Սատիրիկը, մեխվում շեմին:

ՕՐԻՈՐԴ Կարո՞ղ է` դու ես սպանել Սատիրիկին:

ԲԺՇԿՈՒՀԻ Սպանողը սպանեց…

ՕՐԻՈՐԴ Ինչ վարիչ են նշանակել` բնավորությունդ փոխվել է, նևրոզներ ունես: Երևի արդեն

սրտի իշեմիկ հիվանդություն էլ կունենաս` կայուն կրծքահեղձուկով: Նյարդերդ ավերել են քեզ ու

մեզ:

ԲԺՇԿՈՒՀԻ Աղջի՛կս, քո մեջ կարևոր բաներ են պակասում Մարդ դառնալու համար: Դեղերիս

ժամն է, բե՛ր…

ՕՐԻՈՐԴ Աշխատի՛ր առողջ մնալ: Հայտնաբերել եմ, որ մարդը որքան մոտենում է մահվանը,

այնքան դառնում է իր հակապատկերը… 

ԲԺՇԿՈՒՀԻ Մատանիներդ բե՛ր: Հասկացի՛ր՝ իմ պատճառով «պետպատվերով» հիվանդ է

մահացել: Մի քնձռոտ պառավ էր… Հիմա դատի են տալիս: Փող չտվեց, ես էլ ասացի` թաղումն

ավելի թանկ է: 

ՕՐԻՈՐԴ Պետական հանցագործը մեր տանը` ուրիշների բմբուլներն եմ քամուն տալիս: Քեզ

պե՞տք էին այդ պառավի գրոշները: 

Օրիորդը գնում է: Սատիրիկը քրքիջով ինչ-որ բան է ուզում գոռալ, ձայնը չի լսվում…Անհետանում

է:

ԲԺՇԿՈՒՀԻ Աղջի՛կս, մայրդ սովորական կին չէ… 

ՕՐԻՈՐԴ(գալիս է): Վերցրո՛ւ, մեծ հեղինակություն ունեցող բժշկուհի: 

ԲԺՇԿՈՒՀԻ Մեկ ամսից քառակին կվերադարձնեմ:

ՕՐԻՈՐԴ Կգա՞ մի օր, որ մարդիկ առողջ նայեն աշխարհին: Ճշտել եմ, որ մեր տնօրենը

տառապում է պիելոցիստիտով և դաոդենիտներով: Նրա տեղակալը ստամոքսի խոց ունի, երկրորդ

աստիճանի հիպերտոնիա, էրեկտիլ դիսֆունկցիա ու միգրեն: Դե արի ու սրանց հետ աշխատիր:

Անառողջ մարդիկ անտանելի բնավորություն են ձեռք բերում:  Ինչո՞ւ չես  խոսում… 

ԲԺՇԿՈՒՀԻ Դու քո աշխատակիցներին…

ՕՐԻՈՐԴ Տնօրենի երկրորդ տեղակալն էլ, թվում է` լավ մարդ է, կարևորը` հումոր ունի: Փոքրիկ

կուզ ունի: Նրան սիրում էի, որոշեցի սիրտս բացել: Եվ ի՞նչ: Մարդը լսել չգիտե, ամեն ինչ զավեշտի

է վերածում: Անգամ հուղարկավորությանն իրեն չի զսպում: Խեղճը նյութափոխականության

խնդիր ունի: Քեզ հետ կարող է հացի նստել, բայցև թիկունքից անվարան խփել: Իսկ սրբություն

բառի իմաստը չգիտե:

ԲԺՇԿՈՒՀԻ Դու պետք է…

ՕՐԻՈՐԴ – Դու պետք է լսես` ի՜նչ կենցաղային թեմաներից են խոսում մեր աշխատակիցները:

Ամաչում եմ նրանց փոխարեն: 

ԲԺՇԿՈՒՀԻ Դրանց երես…

ՕՐԻՈՐԴ Դրանց ոչ միայն երես չեմ տալիս, այլև ճնշած եմ պահում: Չարիքի աղբյուրը

տգիտությունն է:

ԲԺՇԿՈՒՀԻ – Լռի՛ր: Դեղերիս ժամն է, բե՛ր…Գնում եմ վաճառեմ մատանիները: 

ՕՐԻՈՐԴ Գնա՛: Արդեն հոգնել եմ նաև հոգնելուց…

Տեսարան չորրորդ

 Քննիչի սենյակը: Պղպջակյանը խելագարի պես վազվզում է:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պարո՜ն քննիչ, կինդ երեխաներիդ ասաց` ձեր հայրը խանգարումներ ունի: 

ՔՆՆԻՉ Ծնկաչոք խոստանում եմ՝ կհրապարակեմ հանցագործների անունները…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Էշ մի՛ սատկիր, գարուն կգա: Ոխ ունեի՞ր իմ դեմ… Մոռացի՛ր, որ հանգիստ

ունես, Պղպջակյա՛ն: Գոնե մանկությանս երազանքը կիրականանա: (Երգում է:)

ՔՆՆԻՉ Վե՛րջ տուր, դեղի՛ն մամուլ: Ամբողջ գիշեր չթողեցիք` աչք փակեմ: Խեղճ կինս ինձ դուրս

արեց սենյակից: Քեզ պես երգողներին բռնաբարության հոդվածի տակ նստեցնել կտայիր… 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ(ավելի ոգևորված է երգում): Պղպջակյա՛ն, ախր երկու ճամպրուկ փողը քեզ պես

բարեգործ քննիչի համար քիչ է… 

ՔՆՆԻՉ – Յոթ անգամ եմ եղել կազինոյում, հիմա քթո՞վս եք բերելու: 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Նոր օրենքի պատճառով կաշառքդ պակասել է: Անհանգստանում ենք,

կոռուպցիայի դեմ պայքարող ջան…

ՔՆՆԻՉ – Ութ մարդուց եմ կաշառք վերցրել. փողով էին տան բուխարին վառում, ո՞նց բան

չվերցնեի: Ա՛յ Սատիրիկ, լեզուդ ու ձեռքերդ կտրած չլինեին, էս 500 դոլարանոց լրագրողուհու

մասին նոր սատիրա կգրեիր:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Կյանքում մի անգամ սխալվեցի. կիսաքաղց օրերին գովասանք գրեցի մի

անարժան պատգամավորի մասին, նա էլ տվեց. միշտ պետք է հիշեցնե՞ս: Խմբագրի տված

աղքատավարձը քեզ տային, ձրի էլ կգրեիր… Գույնդ գցել ես, Պղպջակյա՛ն, վիսկի բերե՞մ: Ինչպես

պարոն Սատիրիկն էր ասում՝ «Դու նրանց ես լավություն արել, նրանք՝ քեզ»… 

ՔՆՆԻՉ Եվ ո՞վ է խոսողը: Աշխարհի միակ հանճարեղ լրագրողը, ով ինչ լսում` թարս է գրում: Ինձ

քանի՜ հանցագործ է գովել, ինչո՞ւ չեք գրել, նախանձնե՛ր:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Պա՛հ, ինչի՞ պիտի քեզ գովեր, Պղպջա՛կ-յա՛ն: Փողը վերցնում էիր, բայց

ժամանակին չէիր ազատում… Պարո՛ն քննիչ, քեզ պես ընտանիք սիրող, ճարպիկ, կյանքի տղա չկա:

Հիշու՞մ ես. ամենամեծ պաշտոնավորի եղբոր տղան երկու հոգու գլուխ էր կերել: Հետո մի թրջված

ներկայացել էր, թե՝ ատրճանակ է գտել, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է,

վնասվածք պատճառել ոմանց: Քրեական գործի վարույթը կարճեցիք կողմերի հաշտության

հիմքով:  Մեծ պաշտոնավորը մեծ գումարի հետ մեծ զգուշացում տվեց, որ հանկարծ չսխալվես,

մե՛ծն քննիչ, ու բացահայտվի ճշմարտությունը…

ՔՆՆԻՉ – Սատիրի՛կ ջան, էս էլ մեր քույրն է, մի ճամպրուկը ձեզ տամ, ու ռա՛դ էղեք էլի…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Քրտնեցի՞ր, Պղպջակյա՛ն…  Մենք չորս ճամպրուկից պակաս չենք վերցնում…

ՔՆՆԻՉ – Ա՛յ անհագ կաշառակերներ, չեք թողնում մարդ վայելի իր հալալ քրտինքով վերցրած

փողը… 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ո՞նց չգովես էսպիսի քննիչին, որ ազգի պարծանք Սատիրիկի սպանությունը

վաճառեց մեկ ճամպրուկ փողով: Ախորժակս գրգռեցիր: 

ՔՆՆԻՉ – Սատիրիկի անունը չտաս: էնքա՜ն է մարդկանց վարքն ու բարքը ծաղրել, ջրի երես

հանել… Սատիրի՛կ ջան, էդպես մի՛ նայիր, սիրտս կկանգնի, գործդ կիսատ կմնա… Համ էլ ես քեզ

երկու ճամպրուկի չափ էի գնահատում. պատվիրատուներն են գին գցել… Քո սպանության

գաղտնիքը բացահայտել ենք, շուտով կիմանաք…  Պարադոքսն էն է, որ ամենաշատ աղմուկը քո՛

մահվան շուրջն է: Ի՛նչ: Չքվե՛ք…

Սատիրիկը բազմանշանակ ժպտում է:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Գիտե՞ս` աթոռից ընկա, երբ կարդացի քեզ վերաբերող սատիրան:  

ՔՆՆԻՉ Անբարո մարդկանց աջակցողները կրկնակի մեղսավոր են: Ձեզ շուտ պիտի սպանեին…

Ա՛յ մեռելներ, ի՞նչ եք առնաբաղձ էգերի պես ընկել հետևիցս: Թողեք գործ անեմ:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Հա, փողե՞րդ ես ուզում հաշվել, Ձե՛րդ գերազանցություն:  է՛, պարո՛ն քննիչ,

չարագործի ուրախությունը երկար չի տևում: Հա՛, էսօր բացահայտվել է ամենամեծ պաշտոնավորի

եղբոր տղայի մարդասպանության գաղտնիքը… 

Անհետանում են մեռելները:

ՔՆՆԻՉ – Ի՞նչ…  Չի կարող պատահել… Դա վաղուց էր ջրվել… Ա՛, մեռելի ասածը հիմք չի…

Տեսարան հինգերորդ

Էլիտար շենքի բակը: Բնակիչների ձեռքերը շղթայված են: Բացակայում է դարի 8-րդ  հրաշքը: Գալիս են պատվարժան «մեռելները»:  Կանանցից ոմանք հուզված են: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Սկի «սատիրիկ» բառի իմաստը չգիտենք: Եթե ինքնասպան է եղել, որ

ուշադրություն գրավի, մեզ ինչի՞ եք տանջում: Երևի գիրքը չեն կարդում… Էդ գրքերը մեզ պես

մարդիկ չե՞ն գրել: Դրա տեղը բիզնեսս կծաղկացնեմ ու կոմպով խաղեր կխաղամ: 

Սատիրիկը ուշաթափվելու չափ ծիծաղում է:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ա՛խ, «Բիզնես լեդի», դու ոչ թե հասարակ խավի հավաքական կերպարն ես, այլ

մի շարք չինովնիկների: Դե գիրք որ կարդաս, բիզնեսդ վարի կգնա…

Բնականաբար, ողջ բնակիչներից ոչ մեկը նրան չի լսում: Զբաղված են հեռախոսներով:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Բա խելացի մարդը սեփական սպանությունը կկազմակերպի՞: 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ի՞նչԱյ քեզ սրիկայությունԵթե նույնիսկ էդպես է, ուրեմն դա ապտակ է

ստամոքսազբաղ հասարակությանը: Տիկի՛ն, մի՛ շարունակեք: Դա քննիչի հորինվածքն է: Չե՞ք

լսում ինձ:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Ինչի՞ բան չեք խոսում: Հա՛, ձեր ֆեյսբուքի ժամանակից են խլում: Հիմա սուրճ

խմելով, երաժշտություն լսելով ֆեյսբուքում կտժժայինք, ոչ թե կանգնած… Մոռացա վերցնել ընտիր

հեռախոսս…

Սատիրիկը ծնկել է մի անկյունում. մի աչքից արցունք է հոսում, մյուսով ծիծաղում է…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պարո՛ն Սատիրիկ… Իհարկե, վիրավորական է՝ մարդուն հետմահու մեղադրել

սեփական սպանությունը կազմակերպելու մեջ: Կայքերն էլ գրում են Քննիչի բարբաջանքը… 

Հիշեցի քո սատիրան. 

«…Քո հրաշալի մարմինն արդեն գրկում են ամենքը. էլիտար հմայիչ սիրուհու շուքով… Մարդը

դժբախտության պահին քեզ հետ մենակ է, ի՛մ գերժամանակակից…  

Վիշտ ամոքել սովորիր,

Ու վերջնականապես բռիդ մեջ կճզմես երկիր-գլոբուսը՝ որպես 

անթագակիր «աստված», որպես «տեր» քո համայն ստրուկ մարդկության, օ՛, ԱՅՖՈ՛Ն…

Մարդանալու ճանապարհին մարդուն խլեցիր մեզնից, գո՛ղ, 

օ՛, մարդառոբոտացման աստված Այֆոն…»:

Ոստիկաններն ուժով բերում են Դերասանին: Նրան հետևում է Քննիչը:

ԴԵՐԱՍԱՆ Պատասխան եք տալու: Թեև իմ պատճառով պատմության մեջ եք մնալու:

Հորաքո՛ւյր, ասածներս չմոռանաս…

ՀՈՐԱՔՈՒՅՐ Չեմ մոռանա, բալե՛ս: (Անկեղծ լալիս է:)

ՕՐԻՈՐԴ Խաչ եմ քաշում` գնամ:  Տանջեցի՛ք ձեր նոր օրենքով:  Դուք եք մեզ հանցագործ

սարքում: 

ՔՆՆԻՉ Օրիո՛րդ, էլի չսկսես, առանց այդ էլ սերիալիստի պատճառով շաքարս բարձրացավ:

ՕՐԻՈՐԴ Ա՜խ, դուք շաքար ունե՞ք: Դրա պատճառով եք սոսկալի աշխատում: Դուք

ուրեապլազմոզ էլ կունենաք: Ձեզ չպետք է պատասխանատու պաշտոն տան… Եթե մարդն ունի

անբուժելի հիվանդություն, ուրեմն կունենա նաև բնավորության անշտկելի գծեր…

ՔՆՆԻՉ Օրիո՛րդ, ըստ նոր օրենքի, այստեղ ամենամեծ հանցագործը դուք եք… 

ԲԺՇԿՈՒՀԻ Ձեզնից ով անմեղ է, թող ժայռաբեկոր շպրտի վրաս…

ՀՈՐԱՔՈՒՅՐ Ջու՛ր բերեք, ջո՜ւր… Վատ ա տղաս:

Ջուր են բերում:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Ա՜խ, ինձ պես հոգեբանը ե՞րբ է գնալու Նյու Յորք: Հոգնել եմ ձիրեվնյաներից:

ՔՆՆԻՉ – Վայ, ա՛յ մեռելներ, էլի դու՞ք: Ռա՛դ եղեք:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Տղա՛ ջան, դու էլ ես հասնելու մեր տարիքին: Մեկն էլ քեզ «մեռել» կասի: 

ՔՆՆԻՉ – Տո ձե՛զ չեմ ասում, այլ այս աներես ուրվականներին: 

ՕՐԻՈՐԴ – Ուրվական էլ դարձանք…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Շու՛տ, մարդկանց խոստովանի՛ր, որ դու ես հորինել Սատիրիկի

ինքնասպանության լուրը, սրիկա՛:

ՔՆՆԻՉ – Տո ա՛յ դեղնած մամուլ, ի՞նչ տարբերություն՝ ո՞վ է սպանել… Շնորհակալ եղեք. Ավելի

ուշադրության կարժանանա այդ գրողի տարածը:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ցինի՛կ, խարդա՛խ: Եվ մարդկության մեղքերով դու՞ ես զբաղվում… Սրիկա՛…

ՔՆՆԻՉ – Ա՛յ մեռելներ, հասկացե՛ք, մինչև մարդկությունը չթարգի մեղքեր գործելը, ոչինչ չի դզվի…

ԲԺՇԿՈՒՀԻ – Նա մեզ անվանեց «մեռելնե՞ր»: Դեղերս բերե՛ք…

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Պարո՛ն քննիչ, աղջիկս պետական քննություն ունի: Խեղճը գիշեր-ցերեկ

պարապում է: Թո՛ղ գնա…

ՔՆՆԻՉ Լռե՛ք: Ողջերդ էլ, մեռածներդ էլ, լռե՛ք:

Լսվում է՝ «Նա ցնորվել է, ցնորվել է…»:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ուզում եմ ձեզ հետ առանձին խոսել, պարո՛ն Քննիչ:

ՕՐԻՈՐԴ Ա՛յ, այդ առանձին խոսելն է քանդում ամեն ինչ: Հանե՛ք ձեռնաշղթաս, ես խաչ եմ

քաշում:

ՔՆՆԻՉ Կլռե՞ք վերջապես: Սատիրիկի մահն այն վերջին կաթիլն էր… 

ՕՐԻՈՐԴ – Ես կասեի՝ դաժան հաշվեհարդարը…

  ՔՆՆԻՉ –   …Նա   դարձավ այն զոհը, որի պատճառով որոշեցին կիրառել այս օրենքը: Ճիշտ է,

հիմա բանտերում գրեթե տեղ չկա… Տասը հոգանոց խցում երեսուն հոգի ենք խցկել…

ԴԵՐԱՍԱՆ Ա՜խ, ձեր նմանների դերը ո՜նց կխաղամ:

ՕՐԻՈՐԴ Նեղ խցում երեսուն հոգի՞…  Վա՜յ, էլ չեմ դիմանում: 

ՔՆՆԻՉ Լսե՜ք, այդ խոսքերն ավելացնելու են պատժի տարիները: (Բոլորը սսկվում են:)  Ձեր

բնակարաններում գաղտնալսող սարք ենք տեղադրել: 

ԲՈԼՈՐԸ – Գաղտնալսող սա՞րք…

ՔՆՆԻՉ Ես ինքս էլ հոգնել եմ պայքարել կոռուպցիայի, անարդարության, անիրավության ու

կեղծիքի դեմ: Պետք է օգնենք մեզ, որ հասարակությունը մաքրվի մեղքերից, ու երջանիկ ապրենք:

Ընդամենը մի քանի մեղք նշեմ` ինքներդ կցանկանաք բանտ գնալ:

Սատիրիկը տարօրինակ շարժումներ է անում…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պղպջակյա՛ն, հանգիստ թող նրանց: Երբեմն մեղքերն են զարդարում

մարդկանց…

ՔՆՆԻՉ – Հասարակությունը մաքրել է պետք, տիկի՛ն լրագրող:

ԴԵՐԱՍԱՆ – Բայց էստեղ լրագրող չկա…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պարո՛ն քննիչ, մեր գրողի սատիրաները համարում էիր վիրավորանք ընդդեմ

մարդկությանը: Հիմա ինչո՞ւ եք այս սրբազան մարդկությանը դատում: 

ՔՆՆԻՉ Սրա՞նք են սրբերը: Վերևից ներքև՝ մեծամի՛տ, կաշառակե՛ր, խաբեբա՛, եսասե՛ր, շնացո՛ղ,

խարդա՛խ, անարդա՛ր, նախա՛նձ, բամբասո՛ղ, չմահավա՛ն, անհոգի՛ մեղսակիրներ են:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Բժշկուհի՛, օգնե՛ք. էս մարդը հալյուցինացիաների մեջ է… 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Ասում ես՝ ինչո՞ւ  եք թաքցնում մարդասպաններին: Պարո՛ն Քննիչ, մի անգամ էլ

քաղցր երգս չլսե՞ս:

ՔՆՆԻՉ Ո՜չ, ագռավի ձայնդ չգցե՛ս, ա՛յ դեղին մամուլ: Գոնե սրանց տանեմ բանտ, հետո

մենահամերգ կտաս ու վաստակավորի կոչում կստանաս անտաղանդությանդ համար:

ԴԵՐԱՍԱՆ — (Քննիչին՝ մեկուսի): Պարո՛ն Քննիչ, եթե միջնորդեք՝ կոչում ստանամ, Ձեզ երկու

անգամ ռեստորան կտանեմ: 

ՔՆՆԻՉ – Լսեցի՞ք՝ կաշառք են առաջարկում: Իմ հեղինակության հետ եք խաղում: Ամո՛թ… Դուք

կպատժվեք, պարո՛ն սերիալիստ:

ԲԺՇԿՈՒՀԻ – Երևի նոր օրենքն ազդել է վրան… 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Պղպջակյա՞ն, կուսակցությունդ ավելի հաճախ ես փոխում, քան ներքնաշորերդ: 

ՔՆՆԻՉ – Վա՛յ, գետինը մտնեք դուք, հա: (Շենքի բնակիչների բուռն արձագանքը:)  Սիրտս մեծ է.

երեկ ատում էի կառավարությանը, էսօր պաշտում եմ… Իսկ որ նշեմ ընդամենն ա՛յս շենքի

բնակչության ամենօրյա մեղքերը` կհրաժարվեք մարդկային ցեղի անդամ լինելուց:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Լսում ենք: 

ՔՆՆԻՉ – Մեղք թիվ մեկ. պարո՛ն Դերասան, ձեզ համարում եք բարեկիրթ: Ինչո՞ւ եք ձեր

վաստակավոր խաղընկերոջն անվանում «մսավաճառ»:

ԴԵՐԱՍԱՆ Ե՞ս… Ձեր երկրորդ կուսակցության քարոզների պես սուտ է:

ՔՆՆԻՉ Տեսնո՞ւմ եք այս սարքը… (Գաղտնալսող սարքը:) Ի՞նչ է, մսավաճառը մարդ չէ՞:

ԴԵՐԱՍԱՆ Մսավաճառն ու բեմն էնքան իրար հետ կապ ունեն, որքան ձին ու բիլիարդը:

ՔՆՆԻՉ Այնքա՜ն համեստ ես, որ կենդանությանդ օրոք արձան ես ուզում, ոչ թե հուշահամալիր:

Արվեստը թողած՝ ամբողջ կյանքում ինքնարժեքավորմամբ եք զբաղված… Մեղք թիվ երկու. ինչո՞ւ

ես նամակներ գրում ինքդ քեզ` խաբելով հորաքրոջդ:

ԴԵՐԱՍԱՆ Չհամարձակվե՛ք շարունակել…

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Վա՛յ: Ուրեմն էդ նամակները…  (Քննիչին.)  Որ խեղճը մեռնի, դո՞ւք եք պատասխան

տալու: Եթե մարդուն լիարժեք չեն գնահատում, ինքն ա իրեն սիրում ձեր փոխարեն…

ՔՆՆԻՉ Ինչո՞ւ հուզվեցիք, տիկի՛ն, թեև դուք էլ մի տարի կնստեք, որովհետև չեք հասկանում այն

արտիստի հոգեբանությունը, ով հասարակությանը համարում է տխմար ու անիդեալ: Ի՞նչ

իրավունքով եք մարդուն այդքա՜ն նյարդայնացնում ներկայացումից առաջ: Երկու տարի էլ կնստեք

չգործած մեղքերի՝ հասարակությունից անամոթաբար տարբերվելու համար:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Երե՞ք տարի… Սկի օրը մի կնիկ փոխող մեր գյուղապետին չեք էդքան նստացնում…

ՔՆՆԻՉ(Ոստիկաններին): Ջուր պահեք ձեզ մոտ, որովհետև ամոթից ուշաթափվողներ կլինեն:

Գանք «Բիզնես լեդիի» ընտանիքին: Մեղք թիվ մեկ. ձեզ վրա անկեղծ լացողների ցուցակը կազմելիս

ինչո՞ւ եք մարդկանց թերագնահատում:

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Ի՞նչ իրավունք ունեք ուրիշի խոսակցությունն ականջ դնել:

ՔՆՆԻՉ Հապա տեսեք` ո՛վ է ասում: Մեղք թիվ երկու. քաղաքավարի մարդկանց ինչո՞ւ եք

անվանում հաշվենկատ ու սառը: Մեղք թիվ երեք. առևտրի մեջ խաբել եք վեց հոգու և դա

համարում եք ձեր արժանի՞քը: Մեղք թիվ չորս. ձեր աղջիկը, հանուն հարստության,

պատրաստվում է կեղծ ամուսնության 94 տարեկանի հետ:

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – Ո՛չ, 74: 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Թե՞ 64…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – 74…  Սերը տարիք չի հարցնում… 

ՔՆՆԻՉ – Մեղք թիվ հինգ. ինչո՞ւ եք այն անմարդամոտ ընտանիքին ռոբոտ անվանում: Մեղք թիվ

վեց. համալսարան ընդունվելու համար ինչո՞ւ եք կաշառք տվել: (Աղմուկ, ժխոր…) Լռե՛ք, այլապես

մեղմացուցիչ հանգամանքներ չեն լինի: Գանք ամենավտանգավոր ընտանիքին: Բժշկուհի՛, գիտե՞ք,

որ ձեզ քառասունմեկ տարվա բանտարկություն է հասնում:

ԲԺՇԿՈՒՀԻ – Ծի՛-ծա՛ղ:  Բժշկուհիների համար ես չափանիշ եմ:

ՔՆՆԻՉ Հիպոկրատի երդում տված այս բարի ծնողը հանճարեղ դաստիարակ է. աղջկան

խորհուրդ է տալիս ճնշել ընկերուհիներին: Դուք դատավորներին կաշա՞ռք եք տալու: Ո՞վ է նման

բան տեսել մեր օրերում: Եվ ինչո՞ւ եք կասկածում, որ ձեր աղջիկը ցնորված է. դա իրականություն

է:

ՕՐԻՈՐԴ Ի՞՜նչ… Վե՜րջ, խաչս քաշած է…

ՔՆՆԻՉ Կեցցե՛ն նոր օրենք ստեղծողները: Իսկ ամենակարևորը` այս Բժշկուհու պատճառով

հիվանդ է մահացել, թեպետ մասնագիտությամբ անասնաբույժ եք: Սրանք ձեր մեղքերի մեկ

երրորդն են: Գանք գլխավոր հանցագործուհուն. մեղք թիվ հարյուր. այս հուզառատ Օրիորդն

ընկերուհուն մեղադրում է լավությունը երեսով տալու մեջ: Մարդկությանը մեղադրում ես

ապերախտ լինելու մեջ: Իսկ ինձ՝ բռնի կերպով… 

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – Էն բանի՞ց…

ՔՆՆԻՉ – Ո՛չ, «Բիզնե՛ս լեդի»: Ձեր ուշքումիտքն էլ էն բանն է…

ՕՐԻՈՐԴ – Այս երկրում տեր կա՞… Տեսնո՞ւմ եք՝ պետական մարմինն ինչեր է իրեն թույլ տալիս:

ԲԺՇԿՈՒՀԻ Ըստ նոր օրենքի` դուք մեղք գործեցիք: Ինչո՞ւ եք աղջկաս ծաղրում:

ՀՈՐԱՔՈՒՅՐ Աղջի՛կս, բռունցքով մախաթին չես խփի:

ՔՆՆԻՉ Ձեր տիեզերական դատողությունները բանտում կանեք: Հետո՝ այս Օրիորդը բամբասում

է աշխատակիցներին և այլն: Ըստ մեր մեղմ հաշվարկի` ձեզ հարյուր յոթ տարվա բանտարկություն

է հասնում: (Աղմուկ:) Լռե՛ք: Այս մեղքերը ձեր ուսերին` ի՞նչ երեսով եք փողոց դուրս գալիս:

Մնացածը` դատարանում:

Ժխոր: Սատիրիկն անհանգիստ շարժումներ է անում:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պղպջակյա՛ն, ի՞նչ եղավ մեր հարցը:

ՔՆՆԻՉ Ա՜խ, ո՜նց եմ զզվում մեռելներից: Հանգիստ գնացեք դժոխք, էլի: Տիկի՛ն լրագրող, քթիս

տակ կնոջս պես ֆսֆսոցով մի՛ շնչիր: 

Աղմուկը կտրուկ դադարում է: Բոլորն ապշած հետևում են Քննիչին:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Պղպջակյա՛ն, մարդկության մեջ միակ սուրբը դու ես մնում, հա՞…  

ՔՆՆԻՉ – Տո ձե՛զ ինչ. մեռել եք՝ ձեզ մեռելի՛ պես պահեք:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Մենք մեռել չենք, այլ` հանգուցյալ: Չէ՛, Պղպջա՛կյա՛ն, դու էսօր էլ չքնեցիր: 

Սատիրիկը զվարթ գլխով է անում:

ՔՆՆԻՉ – Սատիրի՛կ, գոնե դու՛ ամաչիր: Ո՞նց ես համարձակվում հայտնվել մեր ննջարանում. Մի

շաբաթ է՝ կնոջս ստիպում եմ շորերով քնել:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պարո՛ն Քննիչ, կենդանի համերգիս համար հոնորար կտաս…

ՔՆՆԻՉ – Վա՜յ, ա՛յ դեղին մամուլ, վերջնականապես համոզվեցի, որ խմբագիրդ քեզ հոնորարի փոխարեն մկնդեղ է տվել:

Բոլորն ապշած նայում են «օդի» հետ խոսակցող Քննիչին:

ՕՐԻՈՐԴ – Նրա աչքին լրագրողներ են երևում…  Խելագարության նշաններ են…  

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Պղպջա՛կյա՛ն, շա՞տ ենք քո պոչից ման գալու: Արդեն յոթ հայտնի մարդու սպանել են, ու հանցագործներն անպատիժ են… 

ՔՆՆԻՉ – Ա՛յ մեռյալ ու կիսամեռ հասարակություն, բա որ դուք եք ամեն օր անդանակ մորթում

կարգին մարդկանց, ինչո՞ւ եք անպատիժ մնում: (Ոստիկաններին:) Դո՞ւք ինչ եք բերաններդ բաց

կանգնել: Տարե՛ք էս մեծ ու փոքր կալիբրի հանցագործներին:

Լացուկոծ: Հանկարծ ինչ-որ տեղից լսվում է գերժամանակակից ազդանշան, ապա՝ թավշյա, հեղափոխական ՁԱՅՆ: Բոլորն աջ ու ձախ են նայում:

ՁԱՅՆ Կարևոր լուր. պարո՛ն Քննիչ, չեղյալ է հայտարարվել նոր օրենքը, որովհետև ամբողջ

մարդկությանը տարել են բանտ, և այլևս տեղ չկա:

Ուրախության աղաղակներ:

ՔՆՆԻՉ Եթե սրանց բաց թողնենք, շարունակելու են սարսափելի մեղքեր գործել… 

ՁԱՅՆ Նախարարն առաջարկում է անմեղ մարդկանց բանտարկել, որովհետև նրանք քանակով

քիչ են, այլապես ամբողջ երկրի համար բանտ է կառուցվելու: Նա նաև կարգադրել է՝ երկու

ճամպրուկով ներկայանալ իրեն: Ավաղ՝ ձեր արած ինը խարդախություններից տասը

բացահայտվել է…

ՔՆՆԻՉ – Ի՞նչ… Երկու ճամպրուկ կաշառք բերե՞մ: (Բնակիչներին.) Տեսնո՞ւմ եք…

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ Մի՛ հուզվիր, պարո՛ն Քննիչ, քեզ կայցելենք:

ՔՆՆԻՉ Բանտը ի՛մ տեղը չէ… 

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Քեզ որպես անմեղ են բանտարկելու, Պղպջակյա՛ն ջան:

 Ոստիկանները հանում են բնակիչների ձեռնաշղթաները, ձերբակալում  Քննիչին:   

«ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» Թեթև տարե՛ք:

ԴԵՐԱՍԱՆ – Շատ անտաղանդ դերասան ես, պարո՛ն Քննիչ: Թեթև տար։

ՕՐԻՈՐԴ – Վե՛րջ. խաչը քաշել եմ… (Ցույց տալով Քննիչին:) Այս անմեղ հասարակության մեջ ես

ավելորդ եմ:

ՔՆՆԻՉ – Վա՛յ, խաչաքաշ արեցիր մեզ…

ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ Էս Քննիչի աչքին ուրվականներ են երևում:

Կրակոց: Քննիչն ընկնում է: Բացի հանգուցյալներից` բոլորը փախչում են: Մնում է միայն Հորաքույրը:

ՀՈՐԱՔՈՒՅՐ – Վա՛յ, պարո՛ն Քննիչ… Վա՛յ, օգնե՛ք մարդուն…  Ո՞ւր գնացին… Անտարբերությունը

դառել ա աշխարհի քաղցկեղը…  Թե էլ ցավ ու դարդ չունենանք, Մարդ մնալու մասին մտածելը

հերիք ա մեզ:  (Փախչում է:) 

Սատիրիկն օգնում է Պղպջակյանին բարձրանալ: Վերջինս, արդեն որպես «մեռել», տարակուսած միանում է մեռելախմբին:

ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – Բարի գալուստ, պարո՛ն Պղպջակյան: Ա՛յ հիմա՝ թեթև տար…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։