Սոնա ՄԵԼՈՅԱՆ/«ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ»

Սոնա ՄԵԼՈՅԱՆԻ «ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում

ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ

Մշակութային դաշտում լինում են իրադարձություններ, որոնք տոնական ծնծղաների, ժապավեններ կտրելու, միջազգային պատվիրակությունների անդամների ջերմ ողջագուրանքի խճանկարում ընկալվում են որպես տեղական նշանակության անցուդարձ: Ինչը, սակայն, չի նվազեցնում դրանց իրական նշանակությունը: Այդպիսի իրադարձությունների շարքին կարելի է դասել Երիտասարդ բեմադրիչների հանրապետական 3-րդ փառատոնը, որն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և ԹԳՄ-ի աջակցությամբ:

3-րդ Երիտասարդականը չհայտարարվեց թատերական նվաճումների ստուգատես, չշահարկեց «համաշխարհային մշակույթի ենթատեքստում» բառակապակցությունը, բայց իր շուրջը հավաքեց սպասված հանդիսատեսին՝ ջահել, եռանդով լի, ազատ ոչ միայն հագուկապով, այլև մտքերն ու զգացմունքներն արտահայտելիս:

Որ երիտասարդ բեմադրիչներն այսօր շրջապատված են այն ուշադրությամբ, որի մասին նրանց նախորդները միայն կարող էին երազել՝ բազմիցս է ասվել ու գրվել: Փառատոնի բացմանը Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հ. Գասպարյանը նկատեց. «Մեր ժամանակ շատ էին ասում, որ ծերերի նկատմամբ ամենուր հարգանք է, իսկ երիտասարդների ճանապարհն է բաց — սուտ է: Մենք տարիներով սպասում էինք բեմադրության հնարավորություն ստանալու համար: Այս փառատոնի մասնակիցների մեծ մասը հազիվ 25-ն անց է, բայց նրանք ներկայացնում են ինքնուրույն 2-րդ, 3-րդ աշխատանքը: Ցանկանում եմ, որ հետագայում էլ կարողանաք հմտորեն օզտվել այս հնարավորությունից, անընդհատ ստեղծագործական որոնումների մեջ լինել, աշխատել»:

Պետք է արժանին մատուցենք երիտասարդներին՝ ավագ գործընկերների սպասումները նրանք լիովին արդարացնում են: Գոնե «երիտասարդ շնորհալիների» դափնիներին չհանգչելու ձգտումով: Իսկ թե ինչպիսին էին նրանց ստեղծագործական որոնումները՝ լավագույնս ի ցույց դրեց փառատոնի ընթացքը՝ թեթև հիասթափություններով և հաճելի անակնկալներով:

Ոգևորող պահերից հարկ է նշել դրամատուրգիական հետաքրքրությունների բազմազանությունն ու թատերական ամենատարբեր ձևերին տիրապետումը, որ ցուցադրեց «հայ թատրոնի ապագան»: Ժամանակակից հայ դրամատուրգիա և Նոր դրամա, եվրոպական կլասիկա և հեղինակային պիեսներ, հոգեբանական թատրոն ու նոր ձևերի թատրոն: Մի հանգամանք ևս. փառատոնային բեմադրությունների ուղիղ կեսը իրականացրել էին թույլ սեռի ներկայացուցիչները:

Կանայք, ինչը սպասելի էր, առանց նախնական պայմանավորվածության, որոշել էին մեկ անգամ ևս խոսել սիրո մասին:

Կամ նրա բացակայության, անհաղթահարելի պահանջի մասին, ինչպես ամենաերիտասարղ մասնակցի՝ Լուսինե Երնջակյանի միանգամայն հասուն՝ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման մեջ:

Կամ սիրո կործանման, նաև պատրանքի և իդեալի կործանման, սիրո և գեղեցկության պարտության մասին մարտնչող քաղքենիության աշխարհում, ինչպես Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի արդեն փորձառու դերասանուհի և սկսնակ ռեժիսոր Իրինա Հարությունյանի «Ֆրեկեն Ժյուլի» ներկայացման մեջ, որտեղ Իրինային հաջողվել է ոչ միայն հաղթահարել կնատյաց Ստրինբերգին, այլև նորովի բացահայտել ու ներկայացնել երիտասարդ դերասանուհի Աննա Բալանդինային:

Սերն անսպասելի է գալիս — սա արդեն Սաթենիկ Խաչատրյանի «Չգիտեմ…» ներկայացումն է, որի քննարկմանը շռայլ հաճոյախոսություններ հնչեցին դերասաններ Նարինե Գրիգորյանի և Մխիթար Հարությունյանի հասցեին: Իսկ Նարինե Գրիգորյան բեմադրիչի «Աղջիկ գեներալը» ներկայացումը նկատողության արժանացավ թատերական ինստիտուտի տիկնիկային կուրսի շրջանավարտ դերասանների խաղի առումով, փոխարենը Նարինե դերասանուհին՝ փխրուն, նուրբ, գրավիչ, համընդհանուր հիացմունքի արժանացավ:

Երիտասարդ բեմադրիչների ջենտլմենական մասի ձգտումն էր պահել համազգեստի պատիվը, ինչը երբեմն ավելի քան հաջողվում էր:

Դեռես Երիտասարդական 1-ին փառատոնում «Գիշատիչների խնջույքը» ներկայացումով լուրջ հայտ ներկայացրած Դավիթ Հարությունյանը ցուցադրեց ակնհայտ մասնագիտական հասունություն, իսկ հիմա նրա «Վերջին ուսուցիչը» Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում դարձավ ոչ միայն թատերագետների շահագրգիռ խոսակցության առիթ, այլև հանդիսատեսի կողմից պահանջված ներկայացում:

Ցոլակ Մլքե-Գալստյանի «Սանասար և Բաղդասար» պլաստիկ ներկայացման հաղթանակը մոսկովյան Ոսկե դիմակ մրցանակաբաշխությունում դժվարացրեց այդ նույն ներկայացման քննարկումը Երևանում:

Որոշ հիասթափություն պատճառեց արդեն «մեր թատրոնի ապագա» ճանաչված Վահան Բադալյանի «Ամերիկյան երազանք»-ը՝ իրականացված ԹԳՄ-ի պատվերով Միության բեմի համար, որի բացատրությունը, թերևս, այն է, որ պիեսը արձագանք չի գտել բեմադրիչի հոգում՝ այստեղից բխող հետևանքներով:

Իսկ նույն բեմում և նմանատիպ պատվերով իրականացված «Fantomային ցավեր» ներկայացումը՝ Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ, բարձր գնահատվեց հանդիսատեսի, ավագ գործընկերների և թատերագետների կողմից:

Բայց փառատոնի հայտնությունը դարձան երկու ոչ մայրաքաղաքային ներկայացումներ՝ երիտասարդ դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանի «Մետաստազներ» պիեսը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետական թատրոնում՝ սկսնակ բեմադրիչ Նունե Խեչումյանի և սկսնակ դրամատուրգ Նարինե Սանթոյանի «Ինչո՞ւ այսպես չարացանք» պիեսը Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնում՝ Լյուղվիգ Հարությունյանի բեմադրություններով:

Նունե Խեչումյանի ներկայացումը հասցեազրված է գիտակ հանդիսատեսի նեղ շրջանակի՝ հոգեբանական, ենթագիտակցական անդրադարձումներով, մանրամասն մշակված, զգայական, մարդկային անտարբերության դեմ ըմբոստ պատմություն, որ հրաշալի խաղացին Վանաձորի թատրոնի երիտասարդ դերասանները:

Լյուդվիգ Հարությունյանի ներկայացումը շների մասին դաժան ավարտով ուրախ ներկայացում է, երբ շներին այնքան ավելին ես սիրում, որքան շատ ես ճանաչում մարդուն: Համամարդկային ողբերգության հնչեղություն ստացող անպաճույճ պատմությունը աճեմյանցիները ներկայացրին վարպետությամբ ու առինքնող թափով՝ առաջացնելով հանդիսատեսի բուռն հիացմունքը:

Դժվար է պատկերացնել այսքան տարբեր երկու ներկայացում, որոնք նույնանման ոճով ապացուցում են, որ ոչ մայրաքաղաքային թատրոնների ճգնաժամի մասին շրջանառվող խոսքուզրույցը չի կարող հաղթել այս ստեղծագործող, որոնող, նպատակասլաց երիտասարդությանը: 

Իրենց բաժին ոգևորությունը ստացան նաև երիտասարդ թատերագետները, ովքեր մասնակցեցին Թատերական միությունում անցկացվող փառատոնային բոլոր քննարկումներին: Ու եթե առաջին օրերին նրանք շփոթահար՝ խոսքը զիջում էին ավագներին, շատ արագ դարձան անզիջում, պաշտպանելով սեփական կարծիքն ու գնահատականը: Իսկ հետո նույն եռանդով պայքարում էին սիրված կամ չընդունված ներկայացման մասին գրելու համար:

Հետևելով երիտասարդ բեմադրիչներին ու դերասաններին, ովքեր նույն ուշադրությամբ լսում էին քննադատությունն ու գովասանքը, հիշեցի ընդամենը հինգ տարի առաջ Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ ԹԳՄ-ում անցկացված մեկ այլ քննարկում: Կայացած, ոմանք անգամ «աստղային» դերասաններ, որոնք թատերական մթնոլորտի բացակայության տարիներին ետ էին վարժվել քննադատական խոսք լսելուց, ազնիվ զայրույթ ապրեցին՝ ինչ-որ դեղնակտուցներ համարձակվում են դաս տալ… Ու հիմա՝ դարձ ի շրջանս յուր: Եվ թատերական քննարկումների վերածնվող ավանդույթը, տա՛ Աստված, կսնի ոչ միայն թատերագիտական միտքը, այլև դերասաններին:

Փառատոնի փակման իրավունքը արդարացիորեն ստացավ Գյումրին. Վ. Աճեմյանի անվան թատրոնը իր հրաշալի ներկայացմամբ վաստակեց թատերական տոնի եզրափակիչ ակորդի տանտերը լինելու պատիվը:

Մեր կյանքում լինում են իրադարձություններ, որոնց նշանակությունը չի նվազում ծնծղաների բացակայությունից:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։