Սոֆի ՄԻՐԶՈՅԱՆ / ՏՈՒՆՆ ՈՒ ԽԻՂՃԸ ԾԱԽՈՒ ՉԷ
Դրամա երկու գործողությամբ
Գործող անձինք
ՄԱՆԵ
ԱՐՏԱԿ
ՍԻՐՈՒՆ — Մանեի տատը
ՄԱՐԹԱ
ՏԻԳՐԱՆ — Մարթայի ամուսինը
ԳՈԳԻ
ԳՈՀԱՐ — Մանեի քեռու կինը
Մանեն, Արտակը, Մարթան, Տիգրանը և Գոգին համադասարանցիներ են — 33 տարեկան:
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Կիսախավար սենյակ, ձախ անկյունում՝ բազմոց, աջում՝ սեղանիկ, երկու աթոռ, գրապահարան: Երկու դուռ, մեկը տանում է խոհանոց, մյուսը՝ լոգարան: Բազմոցին կծկված է Մանեն: Դուռը թակում են: Մանեն վախեցած վեր է թռչում, փորձում է տեղից բարձրանալ՝ սահում ընկնում է:
ԱՐՏԱԿ — (դրսից): Մանե, դուռը բաց, բանալի չեմ վերցրել:
Մանեն մի կերպ բացում է դուռը:
ԱՐՏԱԿ — Քեզ արդեն մեռած էի պատկերացնում: Թանգարան մտա, Մանուշն ասաց, որ նոպա ես ունեցել: Տես, է՛, ինչքան էլ դեղ է կուլ տվել:
ՄԱՆԵ — Գինի լիներ՝ գինի կուլ կտայի:
ԱՐՏԱԿ — Ուզո՞ւմ ես, կանչեմ՝ սրսկեն:
ՄԱՆԵ — Մեռնելն ավելի ճիշտ կլիներ:
ԱՐՏԱԿ — Հասկանո՞ւմ ես, ինչ ես խոսում… Վարագույրներն ի՞նչի ես փակել: (Բացելով:) Բաց թող, աստծո լույսը ներս մտնի՝ տրամադրությունդ էլ կբացվի: Լսի՛ր, իսկապե՞ս նոպա է, թե՞… Ի՞նչ է եղել վերջապես, խոսի՛ր, հասկանամ: Գիտես, որ ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել:
ՄԱՆԵ — Լավ ես ասում:
ԱՐՏԱԿ — Ես չեմ ասում, Հելվեցիուսն է ասում:
ՄԱՆԵ — Եթե կարողանամ հիշել, թե ինչ էր Շեքսպիրն ասում… Հիմա էստեղ (ցույց տալով գլուխը) խառնաշփոթ է: Մի րոպե… «Ո՜վ կարող է ավելի նողկալի լինել, քան նա, ով ընկերոջը նետում է անդունդը թշվառության»: Հարյուր տարի առաջ եմ կարդացել, ընդունելության քննությանը: Որտեղի՞ց է մեջբերումը:
ԱՐՏԱԿ — Չեմ հիշում:
ՄԱՆԵ — Ասում եմ, չէ՞, իմ հիշողությունը քոնից լավ է: Թասը բեր, գրողը տանի… սիրտս խառնում է:
ԱՐՏԱԿ — Հիմա… (Վազում է լոգարան, վերադառնում առանց թասի:) Ծակվել էր, դեն ենք գցել… օգնեմ՝ լոգարան գնանք: (Ուղեկցում է լոգարան:)
ՄԱՆԵ — Ներս չգաս…
Քիչ անց վերադառնալով, Մանեն նստում է բազմոցին:
ՄԱՆԵ — Արևն է երկրագնդի շուրջը պտտվո՞ւմ, թե՞ հակառակը:
ԱՐՏԱԿ — Ըստ Կոպեռնիկոսի՝ հակառակը: Երիկամիդ ցավերի ժամանակ միշտ նույն հարցն ես տալիս: Վիրահատել է պետք:
ՄԱՆԵ — Էլի նույն երգը…
ԱՐՏԱԿ — Ու միշտ՝ քանի խելքի չես եկել: Գույնդ գնաց…
ՄԱՆԵ — (վատ է զգում): Ոնց որ մեռնում եմ…
ԱՐՏԱԿ — Դեղերիդ չափը չե՞ս անցել: Հո չէի՞ր ուզում… Բժիշկ կանչե՞մ…
Մանեն արագ գնում է լոգարան:
ԱՐՏԱԿ — Հիմար… (Սոդայաջուր պատրաստելով՝ տանում է լոգարան, քիչ անց Մանեին գրկած բերում, պառկեցնում բազմոցին, հանում է գլխին փաթաթած սրբիչը:)
ՄԱՆԵ — (թույլ ժպտալով): Չեմ մեռնի, մի վախեցիր:
ԱՐՏԱԿ — (սրբելով դեմքի քրտինքը): Արև՞ն է պտտվում երկրագնդի շուրջը, թե՞ հակառակը:
ՄԱՆԵ — Ըստ Կոպեռնիկոսի՝ հակառակը:
ԱՐՏԱԿ — Ուրեմն՝ արդեն լավ ես:
ՄԱՆԵ — Արտակ… Հակոբի հետ ամեն ինչ վերջացած է:
ԱՐՏԱԿ — Այս տարվա մեջ արդեն երրորդ անգամն եմ լսում:
ՄԱՆԵ — Այս անգամ վերջնական: Լիլիի հետ…
ԱՐՏԱԿ — Դրա համա՞ր ես հիմարություն արել:
ՄԱՆԵ — Չէ՛, բախտիս համար:
ԱՐՏԱԿ — Բախտիդ մասին ամեն ինչ գիտեմ:
ՄԱՆԵ — (զայրույթով): Մի բան կա՞ ինձ հետ կապված, որ չիմանաս: Ինչո՞ւ ես թանգարան գնացել, ինչո՞ւ ես շարունակ հետապնդում: Քեռի՞ս ես, ինչ է…
ԱՐՏԱԿ — Սկսվե՜ց…
Դրսից՝ տղամարդու ձայն և դռան թակոց:
ՁԱՅՆ — Էս աշխատանքի տեղավորման գրասենյակ չի՞:
ԱՐՏԱԿ — Չէ՛, գրասենյակ չի՛:
ՁԱՅՆ — Բա Ճակատագրի փողոցը չի՞:
ԱՐՏԱԿ — Չէ՛, Ճակատագրի փողոցը չի՛:
ՁԱՅՆ — Բա Ճակատագրի փողոցը ո՞ր կողմն է:
ԱՐՏԱԿ — (զայրույթով): Մտեք այգի, հետո՝ ուղիղ կայարան:
ՁԱՅՆ — Ի՞նչ ես ասում:
ԱՐՏԱԿ — (դուրս գնալով): Օրը հարյուր անգամ հարցնում են: Ես էդ սլաքը տնկողի հերն եմ անիծել…
Մանեն, կծկված բազմոցի անկյունում, լաց է լինում:
ԱՐՏԱԿ — (ներս գալով): Վե՛րջ, սլաքի ուղղությունը փոխեցի, էլ չեն զզվեցնի: (Նկատելով Մանեի հուզմունքը:) Նա վաղուց է քեզ խաբում: Չէի ուզում ասել, միևնույն է, չէիր հավատա, ու նորից քեռուդ դերում կհայտնվեի: Լիլիի հոր փողերով են Մոսկվա գնում: Կոմերցիոն ներկայացման հովանավորն է:
ՄԱՆԵ — Ինչի՞ համար եմ անընդհատ սխալվում:
ԱՐՏԱԿ — Հակառակվում ես ճակատագրին, դրա համար: Կարծում ես…
ՄԱՆԵ — (ընդհատելով): Մի՛ շարունակիր, գիտեմ: Ճակատս միշտ պատին եմ խփում:
ԱՐՏԱԿ — Երբեք այսքան խելացի չես եղել: Վեր կաց, քեզ կարգի բեր, 10-ի բ-ին ահազանգել եմ, հիմա ուր որ է՝ կգան: Հետո, մոռացե՞լ ես, ինչ օր է: Ամեն տարի օգոստոսի քսանյոթին, ով որտեղ էլ լինի… վեր կաց…
ՄԱՆԵ — Ոտքերս չեմ զգում:
ԱՐՏԱԿ — Ո՞նց կարող էիր նման հիմարություն թույլ տալ…
ՄԱՆԵ — Ապրելն իմաստ չուներ:
ԱՐՏԱԿ — Միշտ էլ էգոիստ ես եղել: Գոնե տատիդ խղճայիր:
ՄԱՆԵ — Երբ ցավերը մեղմացան, երկնքում կանաչ ու լուսավոր ճանապարհ բացվեց, թվում էր՝ թռչում եմ վեր, բմբուլից էլ թեթև էի: Մայրս իր մեղմ ժպիտով ընդառաջ եկավ: Քո ձայնից վեր թռա: Եթե դու չլինեիր, գուցե ինձ հետ խոսեր, կամ էլ երևի քնած կմնայի…
ԱՐՏԱԿ — Մայրդ խնայել է քեզ:
ՄԱՆԵ — Նրան շատ եմ կարոտում:
ԱՐՏԱԿ — Եթե մորդ երազում տեսել ես, ուրեմն ամեն ինչ լավ կլինի: Լավ խորհրդատու չեմ, բայց հավատա, ժամանակն ամեն ինչ կջնջի հիշողությունից: Ներկան կդառնա անցյալ, անցյալը` ոչինչ: Թան կուզե՞ս:
ՄԱՆԵ — Բեր: (Արտակը խոհանոցից բաժակով թան է բերում, տալիս Մանեին:) Զզվելի է, երբ խաբում են: Եթե ասեր, ավելի ազնիվ կլիներ… Ես կհասկանայի:
ԱՐՏԱԿ — Ոչինչ էլ չէիր հասկանա: Նա ո՛չ քեզ է սիրում, ո՛չ Լիլիին, ոչ էլ քեզնից առաջ՝ Քրիստիկին: Երեսուներեք տարեկան ես դառնում, բայց խելքդ դեռ ջուր է:
ՄԱՆԵ — Ե՞րբ անցավ… Հիսուսի տարիքին եմ, դեռ ոչ ոքի համար ոչինչ չեմ արել: Չարենցն իմ տարիքում «Դանթեական առասպել»-ն ու «Ես իմ անուշ Հայաստանի»-ն արդեն գրել էր:
ԱՐՏԱԿ — Գյոթեն՝ «Երիտասարդ Վերթերի տառապանքները», Պուշկինն իր «Եվգենի Օնեգին»-ը, Շեքսպիրը՝ «Ռոմեո և Ջուլիետ», Չեխովն էլ՝ պատմվածքների մի ամբողջ շարք…
ՄԱՆԵ — Շատ լավ համաշխարային գրականություն գիտես: Զարմանում եմ, ինչո՞ւ հրաժարվեցիր համալսարանի դասերից:
ԱՐՏԱԿ — Առաջին հերթին՝ ողորմելի գրոշների համար, հետո, մի մոռանա, երկրորդ մասնագիտությամբ հնեաբան եմ և երկրի գաղտնիքները բացահայտնելն իմ թուլությունն է: Մարդ չի էլ կարող պատկերացնել, թե պեղումներից հայտնաբերած ամեն մի նմուշ ինչ գաղտնիքներ ունի: ՄԱՆԵ — Խմբագրություն մտե՞լ ես, սցենարի համար ի՞նչ ասացին:
ԱՐՏԱԿ — Մերժեցին: Բերել եմ:
ՄԱՆԵ — Այդպես էլ գիտեի, որ բանի պետք չէ: Տուր, պատռեմ: (Վերցնելով թղթերը՝ ուզում է պատռել:)
ԱՐՏԱԿ — Սպասիր… խմբագիրն ասաց, որ հերոսի հոգեվիճակը ծայրահեղության է հասցված:
ՄԱՆԵ — Էդ խելոք խմբագրին բացատրեցի՞ր, որ էքստրեմալ վիճակներում է հերոսն իրեն բացահայտում:
ԱՐՏԱԿ — Եթե կոնֆլիկտը հերոսների փոխհարաբերության ժամանակ սրվի, լավ գործ կստացվի: Կարելի է աշխատել:
ՄԱՆԵ — Կոնֆլիկտը հերոսների ներաշխարհում է: Մարդը միշտ ինքն իր հետ է պայքարի մեջ՝ զգացմունքի ու բանականության…
ԱՐՏԱԿ — Դրամատուրգիայի օրենքները լավ չգիտեմ, բայց գիտեմ, որ գեղագիտական հայացքներով, ի տարբերություն ինձ, «իզմերից» գերադասում ես սիմվոլիզմը:
ՄԱՆԵ — Ճիշտ է, ի տարբերություն քո ռեալիզմի… քո իրականության ճշմարտացի արտացոլումից սիրտս խառնում է:
ԱՐՏԱԿ — Լավ, հանգստացի, քեզ չի կարելի հուզվել: Անկեղծ ասած, շտկելու քիչ բան կա: Երկրորդ գործողության երրորդ արարում նույնիսկ հուզվել եմ:
ՄԱՆԵ — Ինձ ոգևորելու համա՞ր ես ասում:
ԱՐՏԱԿ — Չէ, իհարկե: Դու կկարողանաս, ընդամենը կենտրոնանալ է պետք: Շեքսպիր սիրող մարդը չի կարող խորաթափանց չլինել:
ՄԱՆԵ — Անկեղծ փոխհարաբերության կարոտ եմ քաշում:
ԱՐՏԱԿ — 10-ի բ-ում դրա պակասը չունես: (Դռան թակոց:) Ահա և նրանք, քեզ կարգի բեր:
Ներս են մտնում Գոգին, Մարթան: Գոգին պայուսակը դնում է հատակին:
ԳՈԳԻ — Ողբերգության ո՞ր գործողությունն ենք փորձում: Հը՛, ի՞նչ է պատահել… Մանե, դեմքիդ գույն չկա:
ՄԱՆԵ — Մի սկսի, Գոգ, քաղաքի օդից է… արի համբուրեմ: Բա հայրենի՞ք էիր գնացել:
ԳՈԳԻ — Դու չգիտե՞ս, ուր էլ լինեմ, էս օրը հենց էստեղ պետք է լինեմ:
ՄԱՐԹԱ — (գրքերի կապոց ձեռքին): Էս արդեն ազգի կործանումն է, տեսեք, աղբամանի մոտից ինչ գրքեր եմ վերցրել՝ Տոլսոյ, Կանտ, Թումանյան… Հիշում եմ, հայրս հայ դասականներին ինչ դժվարությամբ բաժանորդագրվեց:
ՄԱՆԵ — Գրքերը քաղաքում վաղուց ավելորդ են դարձել, տեխնիկայի դարում ի՞նչ գրիք, ի՞նչ բան… Ամեն ինչ էդ հրեշի փորն է լցված, մի օր էլ մի ցնդած կոճակը կսեղմի ու…
ՄԱՐԹԱ — Մանե ջան, ի՞նչ է եղել, քեզ էսքան տխուր չեմ տեսել:
ԱՐՏԱԿ — Հիմա էլ չես տեսնի, գիտե՞ս, ինչ քեֆ ենք անելու:
ՄԱՆԵ — Բա Տիգրանն ո՞ւր է:
ԳՈԳԻ — Քեզ համար անակնկալ ունենք: (Ուտելիքը դասավորելով սեղանին:) Լոռվա բնաշխարհից՝ ձեր դատարկ սառնարանի համար: (Արտակին.) Պապդ է ուղարկել` փող, գինի, վիտամիններ, կեր՝ բկիդ կանգնի: (Գինի է լցնում, խմում:)
ՄԱՐԹԱ — Գոգի ջան, լյարդիդ մասին մի մոռացիր:
ԱՐՏԱԿ — Մարթա ջան, սեղանը փռի: Փախլավա բերե՞լ ես… Ի՜նչ քեֆ ենք անելու:
ՄԱՐԹԱ — Բա Հակոբն ինչի՞ է ուշանում:
ՄԱՆԵ — Հակոբը մեռել է:
ՄԱՐԹԱ — Արտա՛կ, էս ի՞նչ է ասում:
ԳՈԳԻ — Էստեղ ամեն ինչ խառն է, մենք էլ՝ բանից անտեղյակ: Մանե, թատրոնում գործերը ո՞նց են:
ԱՐՏԱԿ — Թատրոնից վաղուց է դուրս եկել:
ՄԱՐԹԱ — Խելքդ հո չե՞ս թռցրել… Ես էլ որոշել էի աշակերտներին ներկայացման բերել: Գիտե՞ս, ինչ հպարտությամբ եմ պատմում քո մասին: Արդեն գիտեն, որ երազում ես Ժաննա դ’ Արկ ու Անտիգոնե խաղալ: Հակո՞բն է պատճառը:
ԱՐՏԱԿ — Ուրիշ էլ ո՞վ…
ՄԱՐԹԱ — Այդքան դժվարությամբ թատրոն ընդունվեցիր, որ…
ԱՐՏԱԿ — Խանդում էր:
ԳՈԳԻ — Դրա համար թաղեցինք:
ՄԱՆԵ — Հերի՛ք է, նրա մասին էլ չենք խոսում:
ԳՈԳԻ — Բա ո՞նց ես ապրում:
ԱՐՏԱԿ — Օրգանիզմի հաշվին:
ՄԱՆԵ — (Արտակին՝ խիստ): Անտեղի կատակ է:
ԱՐՏԱԿ — Ինչքա՞ն կարող ես խփել բերանիս: Թող ամեն ինչ իմանան:
ԳՈԳԻ — Հա, թող ասի, եթե դու չես կարող, կամ եթե չես ուզում…
ՄԱՆԵ — Հակոբի հետ ամեն ինչ վերջացած է: Թատրոն էլ կգնամ, հիմարություններիս համար ներողություն կխնդրեմ գեղարվեստական ղեկավարից ու նորից կսկսեմ ապրել ուրիշի կյանքով: Բավարարվա՞ծ եք:
ՄԱՐԹԱ — Թատրոնի հարցում ճիշտ որոշում է, բայց Հակոբի դեպքում…
ՄԱՆԵ — Խնդրում եմ, էլ անունը չտաք: Գոգի՛, մեր երաժշտությունը կմիացնե՞ս:
ԳՈԳԻ — Էս սհաթիս, գենացվալե:
Գոգին միացնում է երաժշտությունը, բոլորը պարում են, բացի Արտակից: Նա ուշադիր հետևում է Մանեին: Դռան թակոց, Տիգրանը հանդրսավոր ներս է բերում Սիրուն տատին:
ՏԻԳՐԱՆ — (ծաղկեփունջը մեկնելով Մանեին): Էս՝ իմ կողմից, Սիրուն տատն էլ՝ քեռանցդ կողմից:
ՍԻՐՈՒՆ — Գեղըմը կյանքս կերաք, հերիք չի, հըմի էլ ըստի:
ՄԱՆԵ — Տատ ջան, էս ո՞նց էղավ, որ տնիցդ դուրս եկար:
ՍԻՐՈՒՆ — Մանե ջան, ուզում եմ վերջին անգամ աչքերս քո մոտ փակեմ:
ՏԻԳՐԱՆ — Սիրուն տատ, սենտիմենտալ չլինենք:
ՍԻՐՈՒՆ — Ամա՜ն, դենը քաշվի, գիժ մոզի: Սենտիմե՞նտը ինչ մեղքս էր:
ՏԻԳՐԱՆ — (գրպանից թուղթ է հանում): Էս էլ բժշկի տված հիվանդության պատմությունը: Կարդա՞մ… կարդում եմ, ուրեմն… պերիկարդիտ… պանկրեատիտ… շաքարային դիաբետ:
ԳՈԳԻ — Էդ դիաբետից մենք էլ ունենք:
ՏԻԳՐԱՆ — Շարունակե՞մ…
ԱՐՏԱԿ — (Տիգրանին): Իսկական բվեճ ես, տո, պետք չէր միանգամից դրանից սկսել: Բա չե՞նք երդվել իրարից բան չթաքցնել:
ԳՈԳԻ — (Տիգրանին մի կողմ տանելով): Տո ախմախ, հիմի Մարթային ասե՞մ, որ ճամպրուկդ մեքենայի մեջ է ու պատրաստվում ես փախչել Ռուսաստան:
ՏԻԳՐԱՆ — Գիտի, որ պետք է գնամ, բայց ոչ էսօր:
ՄԱՆԵ — Տատ ջան, էս քո՞ հիվանդության պատմությունը կարդաց:
ՏԻԳՐԱՆ — Բա էլ ո՞ւմ:
ՄԱՆԵ — Կբուժենք, տատ ջան, չվախենաս, դրանք ի՞նչ հիվանդություններ են որ…
ՄԱՐԹԱ — (Գոգիին՝ թաքուն): Տեսա՞ր, իրենը մոռացավ… քեռակնոջ մասին թող ոչինչ չիմանա:
ՄԱՆԵ — (Գոգիին): Ի՞նչ եք քչփչում:
ՄԱՐԹԱ — Ուզում եմ իմանամ՝ Արտակը դեռ խոհանոցո՞ւմ է քնում: Հիմա երևի տեղը զիջի Սիրուն տատին:
ՄԱՆԵ — Սիրուն տատը իմ կողքին կքնի: Արտակը կմնա իր խոհանոցում:
ՄԱՐԹԱ — Իսկ չի լինի՞, որ հակառակը լինի:
ԱՐՏԱԿ — Մարթա, լավ կանես՝ սեղան բացես:
ՄԱՐԹԱ — (գնալով խոհանոց): Գոգի, հորթի միսը բեր:
ԳՈԳԻ — (արդեն՝ խոհանոցից): Էստեղ ոտք դնելու տեղ չկա… (Կաթսաների աղմուկ:) Արտակի թախտը հենց դռան մոտ է:
ԱՐՏԱԿ — Դու էլ հրի պահարանի կողմը:
ՄԱՆԵ — (Արտակին): Երիկամիս թանկարժեք քարերի մասին տատիս ոչ մի խոսք:
ԱՐՏԱԿ — Բա որ նորից նոպադ բռնե՞ց:
ՄԱՆԵ — Մի կերպ կդիմանամ:
ՄԱՐԹԱ — (խոհանոցից): Տիգրան, կանաչին, պոմիդորը, էդ եղած-չեղածը բեր խոհանոց:
ՏԻԳՐԱՆ — Բա Գոգին դուրս չգա՞, որ շնչելու տեղ լինի:
ԳՈԳԻ — Արի, արի, մեկումեջ կշնչենք:
ՍԻՐՈՒՆ — (Տիգրանին, որ վերցնելով մթերքը՝ ուղղվում է խոհանոց): Տղա՛, դեղերս դեսը տուր: Անանասի սոկն ո՞ւր տարար, դեղից հետո պիտի խմեմ:
ՏԻԳՐԱՆ — Սիրուն տատ, լավ էլ հիշում ես, թե որը որից հետո պիտի խմես: (Մանեին.) Վերցրու, տուր, թող խմի: (Սիրունին.) Մանեն ո՞նց պիտի քեզ դիմանա:
ԱՐՏԱԿ — Սիրուն տատ, հեչ հիվանդի տեսք չունես, ճիշտ է, որ անունդ դեղձաթուշ են դրել, իսկապես թշերդ ոնց որ դեղձ լինեն՝ կլոր-կարմիր:
ՍԻՐՈՒՆ — Կլորությունն ու կարմրությունը աղջիկ ժամանակներիցն ա մնացել, նկարներս շըհանց տամ, հետս վեր եմ կալե: (Իրերի մեջ փնտրելով:) Էս մեկը տես… Թե որ էն աշխարհ գնացի՝ էս կքաշեք քարիս:
ԱՐՏԱԿ — (զննելով լուսանկարը): Այ տա՛տ, էստեղ քսան տարեկան ես:
ՍԻՐՈՒՆ — Մեռնողի կամքն է, ոնց ասեմ՝ տհենց կանեք:
ՄԱՆԵ — Տա՛տ, հետդ է՞լ ինչ ես բերել:
ՍԻՐՈՒՆ — Մեկ էլ մի քանի կարևոր բան:
ՄԱՆԵ — Վախեցնում ես, կարո՞ղ է՝ տնից խռով ես դուրս եկել:
ՍԻՐՈՒՆ — Չէ, այ որդի, տեհա՝ էրեխեքը քաղաք էին գալի, հետները էկա, դեղերը խմելուց հետո բժշկի մոտ չէի էղել: Գնա, էն խաշլամի վրեն գինի լցրու:
ՄԱՆԵ — Բա քեռի՞ն… նրան չէի՞ր կարող քեզ հետ բերել:
ՍԻՐՈՒՆ — Ավտոն խարաբ էր էլե: Գնա, մտիկ արա, խաշլամեն չփչացնեն:
ՄԱՆԵ — Տիգրա՛ն, բժիշկը տատի համար էլ ի՞նչ ասաց:
ՏԻԳՐԱՆ — (խոհանոցից): Ասաց՝ թե որ հորթի միսն ուտի, իսկույն ոտքի կկանգնի: Արի, շարունակի, ես տեղ ունեմ գնալու:
ՄԱՆԵ — Տատ, գնանք խոհանոց, կասես, թե ինչից հետո ինչ ավելացնենք:
ԱՐՏԱԿ — (Տիգրանին): Ո՞ւր:
ՏԻԳՐԱՆ — Շանորդի Գագոյի խանութն եմ գնում: Տարուց ավել է՝ բերքս տարել է ու փողը մինչև հիմա չի տալիս: Անընդհատ խաբում է: Տանեմ, բանկի վարկը փակեմ, էնքան ձգձգեց, մինչև տոկոսները ավելացան: Եթե տակն էլ մի բան մնաց…
ԱՐՏԱԿ — Բանկերը թակարդ են ժողովրդի համար, մեջն ընկար՝ էլ դուրս չես պրծնի:
ՄԱՐԹԱ — Ո՞ւր, Տիգրան:
ՏԻԳՐԱՆ — Գնամ փողի հետևից, շուտ կգամ:
ՄԱՐԹԱ — Չի լինի՞ էսօր չգնաս:
ՏԻԳՐԱՆ — Չի լինի:
ԱՐՏԱԿ — Սպասի, ես էլ եմ գալիս:
Արտակն ու Տիգրանը գնում են:
ԳՈԳԻ — (խոհանոցից դուրս գալով): Էս ո՞ւր թռան:
ՄԱՐԹԱ — (դուրս գնացողների հետևից): Ցույցերին չխառնվեք:
ԳՈԳԻ — Գնացին հեղափոխականների հետքերո՞վ:
ՄԱՐԹԱ — Գնացին փողի հետևից: Սիրտս անհանգիստ է… Գագոյի խանութը շա՞տ է հեռու:
ԳՈԳԻ — Մի երկու կանգառ հազիվ լինի: Դե, ես էլ գնացի, մինչև խաշլաման եփվի՝ կգամ:
Մանեն ու Սիրունը գալիս են խոհանոցից:
ՄԱՆԵ — (Գոգիին): Դո՞ւ ուր…
ՄԱՐԹԱ — Ժամադրված է:
ՍԻՐՈՒՆ — Էն անտերովը…
ՄԱՐԹԱ — (Մանեին): Տատի ասած՝ «կամպուտրովն» է ծանոթացել:
ՍԻՐՈՒՆ — Ամբողջ ճամփեն զահլես տարավ:
ՄԱՆԵ — Քաղաքում ով ինչ գործ ուներ՝ էսօրվան էր թողե՞լ:
ՍԻՐՈՒՆ — Հեյ գիդի ջահելությո՜ւն… գեղի ձորափեշին մի պոպոքի ծառ կա, չեմ իմանում, տեհել եք, թե չէ, շատ մուխանաթ տեղ է: Ես ու Քնարը միշտ էնտեղ էինք երազում: Մի օր հոտիցը թմրեցինք ու չեմ էլ հիշում, թե տակին ինչքան քնեցինք: Աչքս բացեցի տեհա՝ Քնարը չկա, ահն ընկավ սիրտս… Խի՞ հիշեցի… հա՛, Սերոժի տղի հետ էդ պոպոքի տակին էինք ժամադրվըմ… մի օր էլ տեհա…
ՄԱՐԹԱ — Տատ, Սերոժի տղի հետ էիր ժամադրվում, բայց ո՞նց եղավ, որ Լևոն պապի հետ ամուսնացար: Սպասիր, չպատմես, մինչև շալը բերեմ, գցեմ ոտքերիդ:
ՍԻՐՈՒՆ — Մեզ ո՞վ էր հարցնում: (Մանեն ցավից կծկվում է:) Մանե ջան, ընչի՞ գույնդ թռավ, լավ չե՞ս:
ՄԱՆԵ — Չէ, տատ ջան, լավ եմ, դու պատմի:
ՍԻՐՈՒՆ — Հա՛, մեկ էլ տեհա, պապդ հորթն առաջը գցած տնկվեց ծառի կողքին, սիրտս էն հանգի քլքլթաց, հենց իմացա՝ Սերոժի տղեն է: Մեկեն մոտ եկավ, ուսերս պինդ բռնեց, դեմ արավ ծառին, էդ է՝ ուզում էր պաչի, տեհանք հորթը աչքերը զլած մեզ էր մտիկ անում: Ամաչեցինք, չէ՛ բա, հմիկվա աղջկերանց պես, աշխարհն էլ տեսնի՝ ամոթ չունեն:
ՄԱՐԹԱ — Սիրուն տատ, դարը փոխվել է:
ՍԻՐՈՒՆ — Չի փոխվել, է՜, շուռ է եկել:
ՄԱՐԹԱ — Այ տատ, ով ում ուզում է, որտեղ ուզում է, թող էնտեղ էլ համբուրի, դրա մեջ ի՞նչ վատ բան կա որ…
ՍԻՐՈՒՆ — Ամա՜ն, դենը գնա: Գնա, խաշլամին մտիկ տուր:
Մարթան ժպտալով գնում է խոհանոց:
ՄԱՆԵ — Ոնց եմ անուշ ձենիդ կարոտել, մորս երգը կերգե՞ս: (Գրկելով տատին՝ գլուխը թաքցնում է նրա գոգի մեջ:)
ՍԻՐՈՒՆ — Թե որ լաց չըլես…
ՄԱՆԵ — Չէ, լաց չեմ ըլի… Գոգիցդ մորս հոտն եմ առնում…
Սիրունը երգում է, Մանեն ու Մարթան միանում են նրան:
ՄԱՐԹԱ — (երգի ավարտից հետո): Սիրուն տատ, բա Քնարը ի՞նչ եղավ:
ՍԻՐՈՒՆ — Վա՜յ, թաղվեր Քնարը, հա… Լևոնը որ ուզում էր ինձ պաչի, ինքը ծառի ծերիցը ձեն տվեց. «Տղա Լևոն, հըմի ի՞նձ ես սիրում, թե՞ Սիրունին, ասա, թե չէ ինձ ցած կգցեմ»: Էդ պահին շվարած պապդ ի՞նչ իմանար՝ ում էր սիրում: Լուսադեմին Վարսիկի հետ նամակ էր ղրգել, ետ տվի առանց կարդալու: Մերս լավաշ էր թխում, գնդի գնալու յետը մին էլ տեհա՝ մեկը թաքուն քաշ տվեց ծաղկած լիմոնների արանքը, պաչեց ու փախավ: Ամոթից օթախիցը դուրս չէի գալիս: Չէ բա՛, հմիկվանները:
ՄԱՐԹԱ — Հիմա ո՞նց է, այ տատ:
ՍԻՐՈՒՆ — Էդ անտերովն, էլի, կամպուտրովը:
ՄԱՐԹԱ — Էդ կոմպյուտորի հետ ես էլ համաձայն չեմ, տատ:
ՍԻՐՈՒՆ — Էդ անտերի մեջ ինչ ֆինտ ու ֆլուշկա ասես՝ չկա: Շավարշի աղջիկը դրանո՞վը չգնաց Ամերիկա:
ՄԱՆԵ — Հասմիկը սովորելու գնաց, տա՛տ:
ՄԱՐԹԱ — Մանե ջան, լավ հիշեցրեց տատը, Հասմիկից ծանրոց ու նամակ եմ ստացել: (Փնտրում է պայուսակի մեջ, հիշելով:) Հա՜, տվեցի Գոգիին, կարդաց, դրեց գրպանը, կգա՝ կկարդանք: Էս ինչի՞ են ուշանում:
ՍԻՐՈՒՆ — Թե էլը ծուռ սասունցու արինը մեջը եռաց, պրծա՛նք:
ՄԱՐԹԱ — Հենց քաղաք եմ մտնում՝ վախենում եմ:
ՄԱՆԵ — Ինչի՞ց ես վախենում:
ՄԱՐԹԱ — Չգիտեմ, վախենում եմ, էսօրվա, վաղվա, մնացած օրերի համար:
ՍԻՐՈՒՆ — Էսքան բան ով տեսնի, որ չվախենա:
ՄԱՆԵ — Հիմա… (Զանգում է բջջայինով:) Անջատված է:
ՄԱՐԹԱ — Արտակին զանգիր:
ՄԱՆԵ — (համար հավաքելով): Արտակն էլ չի պատասխանում: Մի քիչ հետո նորից կփորձենք: (Դրսից աղմուկ է լսվում:) Ահա և նրանք:
Ներս է մտնում Գոգին:
ՄԱՐԹԱ — Դո՞ւ ես, Գոգի:
ԳՈԳԻ — Հա, նախագահին էի՞ք սպասում: Էս տղերքը չե՞ն էկել:
ՄԱՐԹԱ — Չէ, չկան: Խանութի տեղը գիտե՞ս:
ԳՈԳԻ — Գիտեմ, բայց արժի՞, որ գնամ, ուր որ է՝ կգան:
ՍԻՐՈՒՆ — Կգան, էլի, ինչի՞ եք անհանգստանում: (Գոգիին.) Դու էն ասա, աղջիկը ո՞նցն էր:
ԳՈԳԻ — Է՜, տատ, կիսատկլոր:
ՍԻՐՈՒՆ — Խա՜չ, թե որ աղջկա պորտը բաց էլավ, էդ ջանը գաղտնիք չունի: Մեր ժամանակն ուրիշ էր:
Մանեն, Մարթան ու Գոգին նայում են միմյանց ու ժպտում:
ՍԻՐՈՒՆ — (այդ նկատելով՝ զայրացած): Ամոթ-աբուռը լավ բան է, տղա՛:
ԳՈԳԻ — Հա էլի, այ տատ, ես էլ մտածեցի, որ տկլոր ջանի մեջ հոգի փնտրելը անտեղի ժամանակի կորուստ է ու թռա, մանավանդ, որ զրույցներս ոչ մի թեմայով չզարգացան: Էս տղերքը ի՞նչ եղան, զանգել ե՞ք… (Համար է հավաքում:) Չի պատասխանում, չլինի՞ խառնվել են ցուցարարներին: Ժողովուրդը նախագահի նստավայր էր գնում: Ավելի շատ ոստիկան կար, քան ժողովուրդ:
ՄԱՆԵ — Ես էլ սկսեցի անհանգստանալ: Կուսակցությունների կռիվը իրենց ի՞նչ խելքի բանն է: Ժողովրդի հավատը վաղուց են սպանել ու էլի անտեղի գոռգոռում են:
ՄԱՐԹԱ — Փիլիսոփայության դասախոսիս հիշեցի. «Հեղափոխությունը սկսում են հանճարները, իրականցնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները»:
ԳՈԳԻ — Նորից կխառնվեն, ու էլի անտեղի ծեծ ու ջարդ…
ՄԱՐԹԱ — Աշակերտներիս միշտ ասում եմ, որ բնության մեջ ամենակարևորը մարդն է: Ու ոչ մի հեղափոխություն անմեղ թափվող արյուն չարժե:
ՍԻՐՈՒՆ — Այ բալամ, բա էս ծուռ աշխարհքը ո՞նց շտկենք:
ԳՈԳԻ — Ամեն մեկս՝ մեր սիրով, խղճով ու հայրենասիրությամբ:
ՍԻՐՈՒՆ — Դրա պակասիցն է, էլի, էս երկիրը պատառ-պատառ ըլըմ:
ԳՈԳԻ — Որտե՞ղ գնամ փնտրելու… խանութից դուրս եկած կլինեն:
ՄԱՆԵ — Բարիկադներում:
ՄԱՐԹԱ — (Մանեին): Թող կատակներդ: (Գոգիին.) Խանութ գնա, սիրտս վկայում է՝ էնտեղ կլինեն:
Բացվում է դուռը, ներս են գալիս Տիգրանն ու Արտակը: Տիգրանի ճակատը քերծված է, վերնաշապիկը՝ արնոտ: Արտակի վերնաշապիկը պատռված է:
ԳՈԳԻ — Մանեն ճիշտ ասաց, որ բարիկադներում եք:
ՄԱՐԹԱ — Ի՞նչ է եղել…
ՄԱՆԵ — Որտե՞ղ էիք, ո՞ւմ հետ եք կռվել…
Մարթան յոդ ու բամբակ է բերում:
ՏԻԳՐԱՆ — (զսպված զայրույթով): Ում մոտ ինչքան փող կա, հավաքե՛ք:
ՄԱՐԹԱ — Խնդրում եմ… հանգստացիր, Տիգրան… (Բամբակով փորձում է մաքրել նրա արնոտ ճակատը:)
ՏԻԳՐԱՆ — Ոչ մեկդ փող չունե՞ք: Երկրի մտավորականությունը խարխափում է աղքատության մեջ: Նրանցից մեկը ես՝ ողորմելի, ստորացած, որ ինժեների դիպլոմով քրտինք է թափում` հող մշակում, արցունքով ջրում, որ մի փալաս վաշխառուի առաջ վիզ ծռի իր փողը վերցնելու համար: Ի՞նչ եք քարացած դեմքիս նայում: Ուզում եք շարունակե՞մ էսպես ապրել: Էս տգետների, ագահների, էս վաշխառուների երկրում: (Մոտենում է սեղանին, իրար վրա մի քանի բաժակ գինի է խմում:)
ԱՐՏԱԿ — Հիմա կգնանք ու ցուցարարներին կմիանանք, ինչի՞ համար ես ուզում փախչել:
ՏԻԳՐԱՆ — Շուտ մոռացար 2008-ի մարտի մեկը:
ԱՐՏԱԿ — Չեմ մոռացել, վեց ամիս նստեցինք, կարծես մենք էինք մարդկանց ճակատին կրակել:
ՏԻԳՐԱՆ — Ո՞ւմ կամ ինչի՞ համար պայքարեմ: Հայաստանից անունն է մնացել: Ամեն ինչ ծախել են: Անկախությունը ինչ տվեց, կասե՞ք:
ԳՈԳԻ — Կազինոներ, ռեստորաններ, հյուրանոցներ, բանկեր, որոնք սնկերի պես աճեցին ժողովրդից վերջին ունեցածը խլելու համար:
ՏԻԳՐԱՆ — Գյուղերում մարդ չի մնացել:
ՍԻՐՈՒՆ — Էս երկիրը միայն ելքի դուռ ունի, հա՜ փախչըմ են ու փախչըմ:
ՄԱՐԹԱ — Բայց դրսում էլ փողը ծառերից կախված չէ, որ գնաս ու հավաքես: Ուր էլ գնաս՝ օտար ես:
ԱՐՏԱԿ — Իսկ ո՞ւմ համար էր անկախության համար թափված արյունը:
ՏԻԳՐԱՆ — Դու մնա ու վայելի քո անկախությունը: Կյանքիդ լավագույն կեսը ապրել ես ու դեռ ոչինչ չունես, քարորդ դար էլ կապրես ու էլի ոչինչ չես ունենա:
ԳՈԳԻ — Ճիշտ է, ոչ տուն, ոչ սառնարան ոչ էլ շուն… Պեղումների համար ի՞նչքան փող ես ստանում, պրոֆեսոր ջան: Ներիր, իհարկե, որ հարցնում եմ, հարցը Տիգրանին է պետք, որ իր գնալն արդարացնի:
Արտակը լուռ է:
ՄԱՆԵ — (Արտակին ակնարկելով): Ամաչում է պետության փոխարեն:
ԳՈԳԻ — Մեկ-զրո՝ հօգուտ Տիգրանին:
ՏԻԳՐԱՆ — (Մանեին): Դո՞ւ ինչի ես հասել, ո՞ւմ համար ես հոգիդ մաշում, երբ ծափեր ու ծաղիկներ չկա: Էս երկրի համար արվեստ կոչվածը պղպջակ է, հասկացե՛ք:
ՄԱՆԵ — Մեկ հանդիսատեսի համար էլ կարելի է հոգի մաշել, եթե նա հավատում է քեզ: Մարդը պետք է մաքրագործվի: Իմ վարձատրությունը Աստծո կողմից է:
ԳՈԳԻ — Մանե ջան, Աստծո վարձատրության մասին կառավարությունն արդեն գիտի, դրա համար ձեզ աշխատավարձ չի տալիս: Ում հոգին էլ որ պետք է մաքրվի՝ թատրոն չի սիրում ու չի գնում:
ՏԻԳՐԱՆ — Փակեց ակադեմիան, գիտահետազոտական ինստիտուտները, մշակույթը թաղեց աղբի մեջ, ծախեց ազգային ռեսուսներն ու երկիր ճակատին գրեց. «Ես անգրագետ եմ»: Հիմա էլ ցույցերին գլուխ ջարդեմ, որ մի սրիկային փոխարինեմ մյուսո՞վ… Ո՞ւմ ապացուցեմ, որ հին ազգ ենք, խոր արմատներ ունենք: «Ձայն բարբառոյ յանապատի»:
ԳՈԳԻ — Տասը-զրո՝ հոգուտ եվրոհամակարգի և համաշխարհային գլոբալիզացիայի:
ԱՐՏԱԿ — Մեր ապրանքը հոգին է, որը գին չունի:
ՏԻԳՐԱՆ — Կասե՞ս՝ որտեղ է էս ազգի հոգին, խիղճը: Չկա, մեռա՛ծ է:
ԳՈԳԻ — Տեսնո՞ւմ ես, ամենակարևորը չունենք, թե չէ էնտուզիազմ, պատրիոտիզմ ո՞ւմ մոգոնածն է:
ՄԱՐԹԱ — Տիգրան, խնդրում եմ… ուզո՞ւմ ես՝ տուն գնանք…
ՏԻԳՐԱՆ — Որ փակվես քո տասը քառակուսու մե՞ջ, չլսես-չտեսնես էս բարոյազուրկ աշխարհի կեղտե՞րը: Հեռու գնա, դու ավելի ես տանջում քո հնազանդությամբ: (Հրելով Մարթային:) Հերիք է ազդես խղճիս:
Մարթան ետ-ետ է գնում, ընկնում է, Մանեն օգնում է նրան բարձրանալ, հետո մոտենում է Տիգրանին ու ապտակում է:
ՏԻԳՐԱՆ — (սթափվելով): Ներիր, ծնունդդ հարամեցի:
ԳՈԳԻ — (փորձելով թուլացնել լարված իրավիճակը): Գենացվալե, կռվի գործ կար՝ զանգեիք:
ՍԻՐՈՒՆ — (սաստող): Գենացվալե Գոգի…
ԳՈԳԻ — Հասկացա, Սիրուն տատ, փոքրուց էլ ինձ չես սիրել:
ՏԻԳՐԱՆ — (հանդարտվելով՝ Սիրունին): Մի բան կտա՞ք ուտեմ:
Մարթան մոտենում է Տիգրանին, մաքրում է շրթունքի չորացած արյունը, նա համբուրում է Մարթայի ձեռքը: Նստում են սեղանի շուրջ:
ՄԱՐԹԱ — Գոգի, Հասմիկի նամակը կկարդա՞ս:
ԳՈԳԻ — Անգիր հիշում եմ: (Դանդաղ:) Իմ շատ սիրելիներ, այսօր ստացա առաջին աշխատավարձս, յուրաքանչյուրիդ որպես թալիսման 50 դոլար եմ ուղարկում: Նյութական առումով վիճակս բավարար է, հոգևորի պակասը շատ է: Ջորջից վերջնականապես բաժանվեցի: Չեմ ուզում դատել, Աստված նրա հետ: Գոգիից տեղեկություն չունեմ: Հասկանում եմ, որ նեղացած է, բայց ինչքա՞ն ժամանակ է պետք մեղավորիս ներելու համար: Գոգիս արդեն տասնհինգ տարեկան է, հայեցի չկարողացա դաստիարակել, որտեղ եմ սխալվել՝ չգիտեմ: Լուսաբացս մարաթոնի է նման` շարունակ վազում եմ: Այս խելահեղ աշխարհը ի՞նչ պիտի տա ինձ՝ չգիտեմ: Կարոտել եմ մեր սարերին, քարափներին, դեղձաթուշ տատի թանապուրին: Եվ, վերջապես, 10-ի բ-ին: Գրկում ու համբուրում եմ… Վերջակետ:
ՄԱՆԵ — (Գոգիին): Տղայի անունը Գոգի է դրել… Դու էլ պակաս մեղավոր չէիր, նույնիսկ հրաժեշտ չտվեցիր:
ԳՈԳԻ — Սիրուն տատի խոսքով՝ կամպուտրովը արդեն ծանոթացել էր պարոն Ջորջի հետ: Գործազուրկ Գոգին նրա ինչի՞ն էր պետք: Եթե սիրեր, ոչ մի տեղ էլ չէր գնա: Սիրուն տա՛տ, հավատո՞ւմ ես, առանց Լոռվա աշխարհի մի ժամ էլ չեմ ապրի: Էս հայրենասիրություն չի, է՛, չգիտեմ թե ինչ է:
ՍԻՐՈՒՆ — Արուն է, որդի՛, արո՛ւն:
ԱՐՏԱԿ — Գոգի, ինձ մեկ-մեկ թվում է, որ դու հոր կողմից էլ վրացի չես:
ԳՈԳԻ — Քնար տատիս գաղտնիքներն էլ Սիրուն տատի ծոցումն են պահված, ի՞նչ իմանաս…
ՍԻՐՈՒՆ — Տեգորս կնգա մատանին դրին մատս` խոսկապ արին: Քնարը մտահան չէր ըլըմ:
ՄԱՆԵ — Տատ, բա Սերոժի տղե՞ն:
ՍԻՐՈՒՆ — Կորա՜վ: Քնարը Լևոնին շատ էր սիրըմ: (Գոգիին.) Ծուռ էլ էր, հա՛… Թե քեռին Թիֆլիս չտաներ՝ քարափիցը ցած կընկներ: Իսկական սերը տհենց կըլի, թե չէ հմիկվանները սերը շփոթել են սեքսի հետ ու…
ԱՐՏԱԿ — (ծիծաղելով): Տատ ջան, ասածներիդ մեջ ճշմարտություն կա…
ՍԻՐՈՒՆ — Քա՛ խաչ, բա ընչի՞ եք ռեխներդ բացել, ձեր լեզվովն եմ խոսում:
ՏԻԳՐԱՆ — Մի տեսակ կաշկանդված ասացիր: Մի անգամ էլ չե՞ս ասի: (Փորձում է համբուրել Սիրուն տատի այտերը:)
ՍԻՐՈՒՆ — Դենը գնա, տամբաթ անտեր: (Գոգիին.) Տատդ թունդ էր սիրում, Գոգի ջան:
ՄԱՆԵ — Բա հետո՞, տա՛տ, հետո ի՞նչ եղավ:
ՍԻՐՈՒՆ — Հետո մի սիրուն աբրեշում տղա գիրկը՝ Թիֆլիսիցը հետ էկավ:
ԳՈԳԻ — Գրկինը հե՞րս էր…
ՍԻՐՈՒՆ — Հա, Շալիկոն:
ԳՈԳԻ — (խորամանկ): Լևոն պապը շուտ-շուտ է՞ր գնում մոտը:
ՍԻՐՈՒՆ — Էդ թող ես իմանամ:
ԳՈԳԻ — Հա՜… դրա համար մեզ չէիր սիրում:
ՍԻՐՈՒՆ — Գոգի ջան, տատիդ հետ խռով էինք: Մի յետ էլ մերան չեմ տվել:
ԳՈԳԻ — Մենակ էդ չի, է՜, մեզ էլ հայաթիցն ես վռնդել:
ՍԻՐՈՒՆ — Մի յետ ծառի տակին տխուր նստած տեհա, խոսեցի, հիշեցինք, խնդացինք, գլխովն անցածը պատմեց, լաց էղանք, ընդով յետը հորդ շատ սիրեցի:
ԳՈԳԻ — Գլխովն անցածի մասին մեզ չե՞ս պատմի:
ՍԻՐՈՒՆ — Չէ՛, էն, ինչ գիտեմ, ինձ հետ գերեզման կիջնի:
Լսվում է գնացքի ձայնը, բոլորը լուռ լսում են:
ՏԻԳՐԱՆ — Փող տվեք՝ գնամ: Նայեք, գործերս վերցրել եմ… (Ճամպրուկից թղթեր, գծագրեր է հանում:) Անքուն գիշերների աշխատանք է, սա է իմ գործը, իմ տարերքը, սրանք ինքնապաշտպանական հրթիռների նախագծերն ու հաշվարկներն են, էստեղ պետք չեն, չորս տարի պահելուց հետո հետ են ուղարկել, բայց ես գիտեմ, որ Ռուսաստանում սրանց մեծ գումարներ կտան: Չորս տարի առաջ պետք է դուրս գայի էս նախագծերով, հասկանո՞ւմ եք: Չորս տարի անիմաստ կորցրի:
Սիրուն տատը գնում է խոհանոց, վերադառնալով՝ գումար է տալիս Տիգրանին:
ՍԻՐՈՒՆ — Վեր կալ, գնա՛:
Բոլորը զարմացած նրան են նայում:
ՄԱՐԹԱ — Վայ, էս ի՞նչ ես ասում, Տիգրան, ո՞նց թե՝ փող տվեք, գնամ… ո՞նց կարող ես գնալ: Բա ես, երեխեքը, ծնողներդ… Տունն ինձ վրա մի թող, մենակ չեմ կարող:
ՏԻԳՐԱՆ — Վերջապես մի օր գնալո՞ւ եմ, թե՞ չէ…
ՍԻՐՈՒՆ — Թող գնա, որդի՛, տասը շունչ մի տան մեջ չի ըլի:
ՄԱՐԹԱ — Ի՞նչ ես ասում, տատ, միշտ դու ես դեմ եղել, հիմա ո՞նց… տասը շունչ, տուն, դպրոց, երկնքի երեսին փռած հող ու այգի, ո՞նց կարող է թողնի ու գնա, ես ո՞նց եմ անելու…
ՍԻՐՈՒՆ — Վարկերով ապրել էլ չի ըլի, թող բախտը փորձի:
ՏԻԳՐԱՆ — Ինչի՞ համար ես տեսարան սարքում, երկար ժամանակով չեմ գնում: Գործերս կստացվի, կգամ ձեր հետևից:
Մարթան մոտենում է գրապահարանին, դրամ է հանում, տալիս է Տիգրանին: Գոգին դուրս է վազում:
ԱՐՏԱԿ — (գրպաններում փնտրելով գնում է խոհանոց, վերադառնում): Վերցրու, քիչ է, գիտեմ, բայց… (Հանելով ձեռքի ժամացույցը:) Սա էլ վերցրու, Ռուսաստանում կարգին փող կտան:
ՄԱՆԵ — Մարթա, Հասմիկի ուղարկած հիսուն դոլարը բերե՞լ ես:
ՄԱՐԹԱ — Սիրուն տատի մոտ է:
ՍԻՐՈՒՆ — Հա, բոխչիս միջին է: Բեր, Մանե ջան:
Մանեն Սիրունի հագուստների մեջ փնտրում է գումարը:
ԳՈԳԻ — (վերադառնալով, փող է տալիս): Վերցրու, մեքենայի մեջ էր…
ՏԻԳՐԱՆ — Ամպայման կվերադարձնեմ, խոստանում եմ: Սիրուն տատ, Արտակ, Մանե, Գոգի… հարազատներս, սիրտս վկայում է, ամեն ինչ լավ է լինելու, կտեսնեք:
Երաժշտություն: Մանեն սկսում է պարել իրենց ավանդական պարը, նրան են միանում Արտակը, Գոգին, Տիգրանը, Մարթան: Բեմը մթնում է, լսվում է հեռացող գնացքի ձայնը:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Նույն սենյակն է:
ՄԱՆԵ — (ներս մտնելով): Տատ, որտե՞ղ ես: (Գնում է խոհանոց:) Տա՞տ…
ՍԻՐՈՒՆ — (դրսից ներս մտնելով): Ըստի եմ:
ՄԱՆԵ — Ո՞ւր էիր գնացել:
ՍԻՐՈՒՆ — Ճակատագրի փողոցին էի մտիկ տալի:
ՄԱՆԵ — Եվ ի՞նչ, տվեցի՞ր:
ՍԻՐՈՒՆ — (մտախոհ): Դո՜ւզ կայարան, ընդով յետը հույսի երկիր:
ՄԱՆԵ — Աշխարհում ապահով անկյուն չի մնացել, որ բախտդ էնտեղ փորձես: Նորություններ լսի ու դողա վաղվա օրվա համար: Հույսի ոչ մի նշույլ: Դեղերդ խմե՞լ ես:
ՍԻՐՈՒՆ — Մի բան էլ ավել:
ՄԱՆԵ — Տա՛տ, մի բան հարցնեմ:
ՍԻՐՈՒՆ — Ասա:
ՄԱՆԵ — Ինչի՞ որոշեցիր, որ հենց ես պիտի քեզ խնամեմ, ուրիշ թոռ չունե՞ս:
ՍԻՐՈՒՆ — Հենց թեկուզ նրա համար, որ տակաշորերդ շատ եմ լվացել: Էն ժամանակը էդ փամփերսիցը չկար:
Լսվում է գնացքի ձայնը:
ՍԻՐՈՒՆ — Սպասո՞ւմ ես, որդի:
ՄԱՆԵ — Սպասում եմ:
ՍԻՐՈՒՆ — Ո՞ւմ:
ՄԱՆԵ — Գոդոյին:
ՍԻՐՈՒՆ — Էդ էլ ուրիշ շան որդի՞ է:
ՄԱՆԵ — (գրկում է տատին): Մե՜րս, հե՜րս, քո՜ւրս, աշխա՜րհս…
ՍԻՐՈՒՆ — Դենը գնա՛, տամբաթ անտեր, շնչահեղձ եմ ըլըմ:
ՄԱՆԵ — Դու հիմա հանգիստ պառկի, մի երկու տող գրեմ, քանի գլխիցս խելառ մտքերս չեն թռել: (Գրելով:) Գոդոն կգա, տատ, Գոդոն հույսն է, որին համբերատար սպասում են, բայց շաբաթվա ո՞ր օրը…
ՍԻՐՈՒՆ — Հա, գրի, Կոպեռնիկոս ջան… Ախր, պառկում եմ թե չէ, ջանս խոնավություն է քաշում:
ՄԱՆԵ — Հայրս էս կիսավեր տունը թողեց՝ ո՛չ գրանցում, ո՛չ փաստաթուղթ… Պարկով փող է պետք օրինականացնելու համար, չհաշված ամուր նյարդերը: (Խորամանկ ժպիտով:) Տուն ու տեղիդ, հող ու ջրիդ չե՞ս կարոտում… ինչի՞ չես խոսում, էլի ի՞նչ է արել հարսդ…
Գալիս է Արտակը:
ԱՐՏԱԿ — Բարև, տա՛տ, էս քո դիետիկ հացը, կաթը, էս էլ՝ դեղերդ:
ՍԻՐՈՒՆ — Ապրես, մատաղ, գնամ, կաթը դնեմ կրակին:
ԱՐՏԱԿ — Ինչի՞ էր տխուր:
ՄԱՆԵ — Հող ու ջրին կարոտել է:
ԱՐՏԱԿ — Ե՞րբ է ուզում գնալ, թող ասի՝ կտանենք:
ՄԱՆԵ — Չի կարող գնալ:
ԱՐՏԱԿ — Հիվանդության պատճառո՞վ:
ՄԱՆԵ — Ուրիշ պատճառ կա, չի ուզում ասել:
ԱՐՏԱԿ — Եթե չի ուզում՝ մի ստիպիր:
ՄԱՆԵ — Իմանամ՝ հարսը խաթրին կպել է… հոգին կհանեմ… Պիեսի ութ էջը պատրաստ է, կկարդա՞ս: (Թղթերը տալիս է, Արտակը բռնում է նրա ձեռքը, Մանեն հետ է քաշվում:)
ԱՐՏԱԿ — (շփոթված): Ասել եմ, չէ՞, տասնհինգ էջից հետո կերևա ասելիքդ, էստեղ հինգ էջ է: (Նորից բռնելով նրա ձեռքը:) Մանե…
ՄԱՆԵ — Ոչինչ մի ասա… ոչինչ չեմ ուզում…
ԱՐՏԱԿ — Մեր մանկությունից ոչինչ չե՞ս հիշում:
ՄԱՆԵ — Հիշում եմ, ձեր կարմրամորուս այծին:
ԱՐՏԱԿ — Իսկ պոզերին կապած դեղին ժապավեննե՞րը… Հիշո՞ւմ ես, որտեղ էր ամենաշատը արածում:
ՄԱՆԵ — Եկեղեցու բակում:
ԱՐՏԱԿ — Զատիկին, ժամերգությունից հետո ժապավենները ծառին կապելու փոխարեն այծի պոզերին կապեցինք… հետո չե՞ս հիշում, թե ինձ ինչ խոստացար:
ՄԱՆԵ — (խուսափուկ): Չեմ հիշում:
ԱՐՏԱԿ — Որոշեցինք աշխարհից գաղտնի պահել մեր երազանքը, բայց դու միամտաբար խոստովանեցիր՝ ասացիր…
ՄԱՆԵ — (կտրուկ): Չեմ հիշում:
ԱՐՏԱԿ — Հետո քո զրնգուն քրքիջը միացավ եկեղեցու զանգերին ու ձուլվեց հիշողությանս, որից մինչև հիմա չեմ կարողանում ազատվել:
ՄԱՆԵ — Չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում:
ԱՐՏԱԿ — Ես եմ մեղավոր, ե՛ս, ողորմելի ապուշս…
ՍԻՐՈՒՆ — (ներս մտնելով): Մանե ջան, ճնշումիս դեղը տուր:
ՄԱՆԵ — Լավ չե՞ս… պառկի, հիմա կբերեմ:
Արտակը Սիրունին օգնում է պառկել, Մանեն գնում է խոհանոց:
ՍԻՐՈՒՆ — Արտակ տղա, օվկիանոսից դենը ի՞նչ խաբար:
ԱՐՏԱԿ — Ոչ մի խաբար:
ՍԻՐՈՒՆ — Բա էրեխիդ հետ էդ անտերո՞վն էլ չես խոսում:
ԱՐՏԱԿ — Չէ՛, մոտ չեն թողնում:
ՍԻՐՈՒՆ — Էդ կնգանդ սիրտը քարիցնա՞:
ԱՐՏԱԿ — Փափուկ սիրտ չի էլ ունեցել: Բաժանվեց գնաց, տատ, էլ ի՞նչ կին…
ՍԻՐՈՒՆ — Ինչ էլ հեշտ ես ասում: Բա դու հե՞չ մեղավոր չէիր:
ԱՐՏԱԿ — Առանց դրա ո՞նց կլինի, սկզբում աշխատանք չունեի, հետո փողն էր քիչ, հետո՝ կենցաղային վեճեր, հետո… մի խոսքով, չդիմացա:
ՍԻՐՈՒՆ — Թե որ սիրեիր՝ կդիմանայիր:
ԱՐՏԱԿ — Երկու թանկ մարդ եմ կորցրել, որոնց չեմ կարող գրկել, մեկը՝ օվկիանոսից դենը, մյուսը՝ կողքիս:
Մանեն, բաժակը ձեռքին, խոհանոցի շեմին կանգնած լսում է նրանց:
ՍԻՐՈՒՆ — Տամբաթ անտեր, չէի՞ր կարող մի գիշեր թախտիցը վեր ընկնեիր դուզ Մանեի անկողինը:
ՄԱՆԵ — (առաջ գալով): Տատ, ոնց որ արդեն լավ ես, հա՞:
ՍԻՐՈՒՆ — (խաղում է): Չէ՛, Մանե ջան, ջուրը դեսը տուր: (Խմում է դեղը:)
ԱՐՏԱԿ — Գնամ, պեղումների թույլտվության նամակը տանելու եմ նախարարություն: (Գնում է:)
ՄԱՆԵ — Ի՞նչ էիր խոսում Արտակի հետ:
ՍԻՐՈՒՆ — Հեչ, ասում էի, սիրուն տղա ես, ուսումն ու խելքդ՝ տեղը, ինչի՞ չես ամուսնանում:
ՄԱՆԵ — Եվ ի՞նչ պատասխանեց:
ՍԻՐՈՒՆ — Ասաց՝ աղջկերանցիցը կուշտ եմ, հիմի խաչքարերին եմ սիրահարված:
ՄԱՆԵ — Քարերի շունչն ավելի տաք է, բնությունից շատ ենք հեռացել, ոչ շնչառությունն ենք զգում, ոչ ձայնն ենք լսում… Ցավազրկող չունե՞ս, ոնց որ լավ չեմ: (Ցավից կծկվելով նստում է հատակին:)
ՍԻՐՈՒՆ — Ի՞նչ էլավ, բալես, ձեն հանի:
ՄԱՆԵ — Երևի մրսել եմ… հիմա կանցնի:
ՍԻՐՈՒՆ — (փնտրում է դեղատուփի մեջ): Ա՛ռ, խմի… Աստված ջան, օգնի մինուճարիս… բժիշկ կանչե՞մ:
ՄԱՆԵ — Թե որ աստված չհասավ, ընդով յետը բժշկին կկանչես: Հիմա օգնի պառկեմ: (Սիրունը Մանեին պառկեցնում է բազմոցին, նստում է կողքը:) Մի քիչ քնեմ, չվախենաս… հիմա կանցնի:
ՍԻՐՈՒՆ — Դու քնի, չեմ վախենա:
Մանեն բռնում է տատի ձեռքը, փակում է աչքերը: Սիրունը սրբում է Մանեի քրտնած ճակատը, ստուգում սրտի աշխատանքն ու պառկում է ոտքերի տակ:
Պատկեր երկրորդ
ՄԱՆԵ — (բացելով աչքերն ու տեսնելով կուչ եկած տատին): Հե՜րս…
ՍԻՐՈՒՆ — (փակ աչքերով): Մե՜րս…
ՄԱՆԵ — Քո՜ւրս…
ՍԻՐՈՒՆ — Աշխա՜րհս: (Գրկում են իրար:)
ՄԱՆԵ — Տա՛տ, քո կանաչ-կարմիր աշխարհիցը էլի մի բան կպատմե՞ս:
ՍԻՐՈՒՆ — Մի յետ…
ՄԱՆԵ — Էդ քո լինում-չի լինո՞ւմն է:
ՍԻՐՈՒՆ — Հա, իմ հեքիաթի էլած-չէլածը: Ուրեմն, մի յետ պապդ թութը թափ տվեց ու գեղի էրեխեքին հավաքեց բոլորը: Ասեց՝ ով շատ թութ հավաքեց ու լցրեց ղազանը, նրա համար պահած նվեր ունեմ: Նրանց մեջ Գոգին էր, Արտակը, Անդոյի թոռ Մանուշն ու էլ՝ միտս չեն, թե ովքեր… դու մեջներին չէիր: Գոգին ավելի շատ ուտում էր: Պապդ նրա ամանը թաքուն թութ էր լցնում: Հետո էնպես էղավ, որ ամենաշատ թութը Գոգիի թասում էր: Պապդ Գոգիին գովեց, պինդ պաչեց շիրոտ բերանն ու թերթով փաթաթած նվերը դրեց գիրկը, թե բա՝ չբացես, տուն կտանես, հետո մտիկ կտաս…
ՄԱՆԵ — Բա չիմացա՞ր՝ մեջն ի՞նչ էր:
ՍԻՐՈՒՆ — Ես թաքուն մտիկ տվի… (Լռում է:)
ՄԱՆԵ — Ի՞նչ էր:
ՍԻՐՈՒՆ — Քնարի համար՝ սիրուն ծաղկավոր շոր, Շալիկոյի համար՝ փող, Գոգիի համար էլ՝ ոտնաման:
ՄԱՆԵ — Դու ի՞նչ արիր:
ՍԻՐՈՒՆ — Որ դրեց Գոգիի գիրկը՝ լաց էղա: (Հուզվում է:)
ՄԱՆԵ — Տատ ջան, դու աշխարհի ամենաբարի մարդն ես:
ՍԻՐՈՒՆ — Ամենաբարի մարդը պապդ էր: Մեկ-մեկ որ հետը կռվում էի գլուխը ծակ բարության համար, ասում էր՝ ես մարդկանց եմ լավություն անում, Աստված՝ ինձ: Նրան սիրելով չեմ առել, բայց հետո շատ եմ սիրել… Արտակը էդ խալխին որ առավ՝ մոր ուզելովն էղավ: Հիմի ուզում է կյանքը շտկի:
ՄԱՆԵ — Ամեն շտկելուց էլի սխալ ենք թույլ տալիս ու ճիշտն ու սխալը փնտրելով՝ ժամանակն ենք կորցնում: Վե՛րջ, չեմ ամուսնանալու:
ՍԻՐՈՒՆ — Էլ չասես: Բա մի գանգուր էրեխա չըլի՞ գիրկդ:
ՄԱՆԵ — Ամուսնության միակ ուրախությունը էդ գանգուր լակոտն է: Ուտելու ի՞նչ կտաս:
ՍԻՐՈՒՆ — Խաշած բազուկ:
ՄԱՆԵ — Աղքատի կերակուր:
ՍԻՐՈՒՆ — Լավ է մարդ աղքատ ըլի ու խիղճն էլ՝ հանգիստ:
ՄԱՆԵ — Իսկ որ հարուստ լինի, խիղճը հանգիստ չի՞ լինի:
ՍԻՐՈՒՆ — Փողը խղճի հետ խաղաղ չի ըլըմ:
ՄԱՆԵ — Իմաստուն տատս…
Մանեն գնում է խոհանոց, Սիրունը սեղան է պատրաստում: Դռան թակոց:
ՍԻՐՈՒՆ — Դուռը բաց է:
Ներս է մտնում Գոհարը:
ԳՈՀԱՐ — Բարև ձեզ, տիկին Սիրուն: (Զննելով սենյակը:) Լավ էլ տուն է, քաղաքին կպած, կայարանին էլ՝ մոտ: Տեսնում եմ, լավ ես տեղավորվել, որ չես ուզում տուն գալ:
ՍԻՐՈՒՆ — Ինչի՞ համար ես էկել:
ԳՈՀԱՐ — Դու լավ գիտես գալուս պատճառը:
ՄԱՆԵ — (խոհանոցից): Տատ, աղը ո՞ւր ես դրել:
ՍԻՐՈՒՆ — (Գոհարին): Գնա՛, քանի աչքը չի առել քեզ:
ԳՈՀԱՐ — Առանց մեզ ամեն ինչ որոշել եք: Գիտեմ, ինչի համար ես փաստաթղթերը հավաքել, եկել: Ի՞նչ ես արել տան սեփականաշնորհման գրքույկը: Դու նվիրատվություն անելու իրավունք չունես:
ՍԻՐՈՒՆ — Գնա՛:
ԳՈՀԱՐ — Տունն էլ, հողերն էլ ամուսնուս են պատկանում: Դավիթն է տան տերը: Երեխաներս օրինական են, իրավունք չունես նրանց զրկել ժառանգությունից: Իմ ունեցածը բիճը չի վայելելու…
Ներս է մտնում Մանեն:
ՄԱՆԵ — (տեսնելով Գոհարին): Ա՜յ քեզ պատվավոր հյուր:
ԳՈՀԱՐ — Չէիր սպասո՞ւմ:
ՄԱՆԵ — Կանխազգում էի: Ինչո՞ւ ես ժամանել:
ԳՈՀԱՐ — Մի ձևացրու, իբր ոչինչ չգիտես:
ՄԱՆԵ — Ինչի՞ մասին… Հուսամ, քեռիս ողջ-առողջ է:
ԳՈՀԱՐ — Քեռու առողջության մասին մտածողը նրան թիկունքից չի հարվածի: Անմարդկային չի լինի ո՛չ նրա, ո՛չ նրա ընտանիքի հանդեպ:
ՄԱՆԵ — Ինչի՞ մասին է խոսում, տատ: (Գոհարին.) Առաջին օրվանից քեռուս կյանքը դժոխքի ես վերածել, դեռ մարդկությունից ես խոսում: Քո մարդկային վերաբերմունքից պապիս տունը քայքայվեց, քո բարեսիրտ վերաբերմունքից մեծ քեռիս ընտանիքով Ռուսաստան փախավ, մայրս քո մեծահոգությունից… կյանքին վերջ տվեց: Ո՞ւմ չես ցավեցրել և ո՞ւմ մոտ ես մարդկությունից խոսում:
ԳՈՀԱՐ — Մայրդ սիրո հողի վրա է ինքնասպան եղել, ինձ չմեղադրես:
ՍԻՐՈՒՆ — Լռե՛ք:
ՄԱՆԵ — Մայրս մեկ տղամարդու է սիրել, դու՝ տասնմեկը՝ բարոյականի դիմակով: Ծիծաղելի է, երբ անբարոյականը կույս է խաղում:
ԳՈՀԱՐ — Մայրդ բարոյականի համբավ չուներ:
ՄԱՆԵ — Դու ի՞նչ գիտես մորս մասին:
ՍԻՐՈՒՆ — (լացակումած): Հերիք է…
ՄԱՆԵ — Սպասիր, տատ, հիմա իմ խոսելու հերթն է: (Գոհարին.) Ասում ես՝ սիրո՞ հողի վրա է ինքնասպան եղել… Ճիշտ է, նա հորս շատ է սիրել, ես մեծ սիրո ծնունդ եմ, ու եթե հայրս չի հասցրել օրինականացնել իրենց կապը, դա չի նշանակում, որ ես բիճ եմ: Շատ անգամ ես այդ բառը շպրտել մորս երեսին: Խեղճուկրակ մայրս լուռ կուլ է տվել: Հիմա էլ քեռուս վաստակածն ես մսխում:
ՍԻՐՈՒՆ — Քեռուդ ու էրեխանց խաթեր լեզուս լալացել է:
ԳՈՀԱՐ — Դե, ուրեմն էդ էրեխանց խաթեր կտակդ գրի Դավիթիդ անունով:
ՍԻՐՈՒՆ — Ես իրեքն ունեմ՝ Աշոտս, Դավիթս ու Մանես:
ԳՈՀԱՐ — Թոռներիդ՝ Շուշանին ու Հասմիկին մոռացար:
ՍԻՐՈՒՆ — Չեմ մոռացել, լավ է, որ քեզնիցը մազ չունեն:
ԳՈՀԱՐ — Աշոտը ոչնչի կարիք չունի, թող ինձ շնորհակալ լինի, որ Ռուսաստանում առոք-փառոք ապրում է: Քսանհինգ տարի է՝ Հայաստան ոտք չի դրել, ցանկություն էլ չունի գալու: Հազար անգամ էլ ասել է, որ տան կարիքը չունի:
ՍԻՐՈՒՆ — Թե որ բաժին չի ուզում՝ Դավիթիս խաթր է: Անջուր ջրաղացն իր տան մեջ գերի է: Քանի՞ յետ ես ասել, որ տունը ծախելու ես:
ԳՈՀԱՐ — Տուն ծախելու միտք չունեմ: Եթե Շալիկոյի Գոգիից ես իմացել՝ սուտ է:
ՄԱՆԵ — Ո՞ւմ տունն է ծախում, տատ:
ՍԻՐՈՒՆ — Պապենական տունը:
ՄԱՆԵ — Մեր տո՞ւնը, պապիս սարքած տո՞ւնը.. (Գոհարին.) Դու որտե՞ղ էիր, երբ էնտեղ մի ամբողջ գերդաստան էր ապրում, թոնրատուն սարքում, այգի հիմնում: Քեզ չի հաջողվի խլել իմ, Շուշանի, Հասմիկի, մեր մանկության մաքուր հիշողությունները: Տատ, քեռին ի՞նչ է ասում:
ՍԻՐՈՒՆ — Լուռ է: Դրա համար եմ տանջվում:
ՄԱՆԵ — Պարզ է, խոսելու համարձակություն չունի: (Գոհարին.) Ուզածդ ի՞նչ է:
ԳՈՀԱՐ — Գիտեմ, որ փաստաթղթերը հավաքած Երևան է եկել ժառանգության հարցերով: Եթե չի գրել, թող աչքիս առաջ կտակը գրի:
ՄԱՆԵ — Որ հետո մեր աչքի առաջ տունը ծախե՞ս:
ՍԻՐՈՒՆ — Տունն ու խիղճը ծախու չի, թե տունդ ծախեցիր՝ հիշողությունդ կկորցնես, թե խիղճդ ծախեցիր՝ հոգիդ: Էս է իմ կտակը:
ՄԱՆԵ — Կեցցես, տատ: (Գոհարին.) Տան իրավունքները քեռուն է պատկանում, երբ ինքը ներկա կլինի, այդ ժամանակ էլ հարցը կլուծենք: Հիմա հեռացիր:
ԳՈՀԱՐ — Հարցեր լուծողը դու չես: Ես դեռ կգամ, ու մենակ չեմ գա: (Գնում է:)
Պատկեր երրորդ
Բազմոցին պառկած է Սիրունը, ներս է մտնում Մանեն:
ՍԻՐՈՒՆ — Քեռուդ զա՞նգ ես տվել:
ՄԱՆԵ — Հա, կարճ խոսեց, երևում է՝ հարսդ մոտն էր: Դեղիդ ժամն է, խմիր:
ՍԻՐՈՒՆ — Դենը տար: Ցերեկը աչքս կպավ թե չէ՝ հերանցս թախումին տեհա. Ավետիքն էր, Մագթաղը, Մկրտիչը, պապուդ ձենը լսեցի, կանչում էին… Թե որ մեռնեմ, ի՞նչ է լինելու քեռուդ հալը:
ՄԱՆԵ — Գոհարը կմխիթարի: (Դեղը մեկնելով:) Դու չէի՞ր ասում, որ մեռնողի հետևից մարդ չի մեռնում:
ՍԻՐՈՒՆ — Հոգուս հե՞տ ես խաղում…
ՄԱՆԵ — Հերանցդ թախումին առաջին անգամ չէ, որ տեսնում ես: (Ձեռքը նրա ճակատին դնելով:) Ու ջերմություն չունես:
ՍԻՐՈՒՆ — Էն տղեն քանի գիշեր է՝ տուն չի գալիս, տեղն էրևում է:
ՄԱՆԵ — Ընկերը հինգ օրով Եվրոպա է մեկնել, նրա տանն է մնում:
ՍԻՐՈՒՆ — Նրա տունը ըստի չի՞:
ՄԱՆԵ — Էստեղ է, էս խոնավ ու կիսաքանդ տունը:
ՍԻՐՈՒՆ — Էս խոնավ տան մեջ քեզ չեմ թողնի, Մանե ջան:
ՄԱՆԵ — Ինձ քեռու տնից ոչինչ պետք չէ, մենակ մանկությանս հուշերը չկորցնեմ: Էնտեղ մորս օրորոցն է, քո կոմոդը: Հիշո՞ւմ ես, ինչքան էի մտնում կոմոդի դարակները: Պապը թավշյա կտորով փաթաթած Աստվածաշունչը էնտեղ էր պահում: Մինչև հիմա դարակների հոտն առնում եմ:
ՍԻՐՈՒՆ — Լավ էլ միտդ է:
ՄԱՆԵ — Հա, մանկությունից շատ բան եմ հիշում:
ՍԻՐՈՒՆ — (խորամանկ ժպտալով): Բա ընչի՞ էիր տղին խաբում, թե բան չես հիշում:
ՄԱՆԵ — Արտակի հետ կապված ոչինչ չեմ հիշում, նրանց այծից բացի:
ՍԻՐՈՒՆ — Այծին մեր թոնրատունն էին կապում: Կարոտել եմ մեր դուռ ու երդիկին:
ՄԱՆԵ — Կուզե՞ս, Արտակին ասեմ՝ տանի: Կգնաս, քեռուն, էրեխեքին կտեսնես ու էլի հետ կգաս:
Սիրունը տխուր հոգոց է հանում: Ներս է մտնում Արտակը:
ԱՐՏԱԿ — (մրգերի տոպրակը դնելով սեղանին): Բարև ձեզ: Տատ ջան, ո՞նց ես, քեզ վիտամիններ՝ Ա, Բ, Ց… և Օ, Ֆ: Մանե, հյութ սարքի, ես ու տատը խմենք:
ՍԻՐՈՒՆ — Ո՞ւր էիր, մահը դուռս թակում է, գնացել ես ու քանի օր է՝ չկաս:
ԱՐՏԱԿ — Մեռնելը ձեռաց բան չի, տատ:
ՍԻՐՈՒՆ — Մեռնողն իր վերջը զգում է:
ՄԱՆԵ — Արտակ, նամակ ունես, հիմա բերեմ: (Գնում է խոհանոց:)
ՍԻՐՈՒՆ — (կամաց): Արտակ տղա, տնիցը երկար մի բացակայի:
ԱՐՏԱԿ — Կարոտե՞լ էիք:
ՍԻՐՈՒՆ — Մանեն մի յետ քնած ժամանակը անունդ տվեց:
ԱՐՏԱԿ — Չեմ հավատում: Անցյալը մոռացվել է:
ՍԻՐՈՒՆ — Դու նորից սկսի:
ՄԱՆԵ — (գալիս, մեկնում է ծրարը): Վերցրու:
ԱՐՏԱԿ — Վերջապես… Նախարարությունից է, շատ դանդաղ են աշխատում:
ՍԻՐՈՒՆ — Տղա, սուրճ կխմե՞ս:
ԱՐՏԱԿ — Դու կեփե՞ս, տատ:
ՍԻՐՈՒՆ — Հա՛, տամբաթ անտեր: (Գնում է խոհանոց:)
ԱՐՏԱԿ — (դեպի խոհանոց): Դառը, տատ: (Բացում է ծրարը, կարդում, մռայլվում է:)
ՄԱՆԵ — Լուրջ բա՞ն է:
ԱՐՏԱԿ — (ճմրթելով նամակը՝ շպրտում է): Արգելում են պեղումները շարունակել, ես ձե՛ր… ցնդել են, բթացել… Ո՞ւր ենք գնում, ինչո՞ւ չենք ուզում ապացուցել, որ մեր երկիրը եգիպտական բուրգերից առաջ էլ քաղաքակրթություն է ունեցել: Պարզվում է՝ տաս տարի իզուր եմ… (Վերցնելով նամակը, գնում է:)
ՍԻՐՈՒՆ — (ներս գալով): Էդ ընչի՞ գժվեց:
ՄԱՆԵ — Վերջ, խաչ քաշեց դիսերտացիայի վրա: Երկրին գիտնականներ պետք չեն: Ի՞նչ տեսակ ազգ ենք, տատ:
ՍԻՐՈՒՆ — Մենք մեր աչքը հանող ազգ ենք, որդի: Սուրճն էլ չխմեց… ետ կգա՞:
Մանեն նստում է գրասեղանի առաջ, սկսում է գրել:
Չորրորդ պատկեր
ԱՐՏԱԿ — (փակում է ճամպրուկը): Վերջ, ավարտվեց կենվորիս կարգավիճակը: Պիտերում նոր կյանք կսկսեմ:
ՄԱՆԵ — Բետոնե շաղախից:
ԱՐՏԱԿ — Այս անգամ որոշել եմ կանանցից սկսել:
ՄԱՆԵ — Միշտ էլ կնամոլ ես եղել:
ԱՐՏԱԿ — Մինչև այստեղ տեղափոխվելը: Երկու տարուց ավել է՝ ասկետի կյանքով եմ ապրում:
ՄԱՆԵ — Այստեղ՝ այո, իսկ ընկերոջդ տան վրա կասկածներ ունեմ:
ԱՐՏԱԿ — Ուզում ես ասել, որ… Գուցե դեռ կարելի է… (Գրկում է Մանեին:)
ՄԱՆԵ — Սերը տիեզերական գաղափար է, ես ու դու դրանից բան չենք հասկանում:
ԱՐՏԱԿ — Ես սիրում եմ…
ՄԱՆԵ — (կտրուկ): Գնա, եթե ուզում ես փրկել սերը:
Արտակը, վերցնելով ճամպրուկը, գնում է: Լսվում է հեռացող գնացքի ձայնը:
ՄԱՆԵ — (մեկուսի): Հիշում եմ, լսո՞ւմ ես, քեզ հետ կապված ամեն ինչ եմ հիշում: Ակացիայի ծառն եմ հիշում, որի տակ առաջին անգամ համբուրվեցինք, կակաչներից վառվող սարալանջն եմ հիշում, եկեղեցու բակն եմ հիշում, որտեղ ձեր կարմրամորուս այծի մոտ սիրտս քեզ բացեցի ու երբ այծը քո նվիրած ծաղկեփունջը կերավ՝ ծիծաղից խեղդվեցինք: Հիշողությանս մաքուր էջերին է գրվել, չի՛ մոռացվի, լսո՞ւմ ես, չի՛ մոռացվի…
ՍԻՐՈՒՆ — (ներս մտնելով): Ինչի՞ հետ չպահեցիր:
ՄԱՆԵ — Աստծուն էլ չեմ կարող խոստովանել, տատ:
Գալիս են Մարթան ու Գոգին:
ԳՈԳԻ — Չհասցրինք, հա՞…
ՄԱՐԹԱ — Նրա համար փախլավա էի թխել: (Մանեին.) Քո մի խոսքը կարող էր ամեն ինչ փոխել:
ՄԱՆԵ — Գոնե դուք ինձ մի մեղադրեք:
ՄԱՐԹԱ — Բայց այդ ամենը այնքան վաղուց էր…
ԳՈԳԻ — Արժե՞ր ջահելության սխալներին այդքան նշանակություն տալ:
ՄԱՆԵ — (նկատելով տատի հուզմունքը): Ամեն ինչ լավ է, դու մի հուզվիր: (Սիրունը ծանր է շնչում:) Գոգի, բժիշկ կանչիր:
Գոգին վազում է դեպի դուռը:
ՍԻՐՈՒՆ — Պետք չի, Գոգի ջան, ոչ մի տեղ չգնաս:
Մարթան ու Մանեն Սիրունին օգնում են պառկել:
ՄԱՆԵ — Մարթա, դեղը բեր… Աստված ջան, հասի տատիս… (Գոռում է:) Գոգի, բժիշկ… Տատ ջան, ինձ մենակ չթողնես:
ՍԻՐՈՒՆ — Թե Աստված չհասնի՝ ընդով յետը կանչի, Գոգի ջան:
ՄԱՆԵ — (դեղը վերցնելով Մարթայից): Տատ ջան, խմի:
ՍԻՐՈՒՆ — (դեղը խմելուց հետո): Գոգի ջան, կողքիս էղեք: Բարձը թիկունքիս տակ դիր:
ՄԱՆԵ — (Մարթային): Արտակի բարձը խոհանոցում է, բեր: Տատ ջան, քեզ հետ մի բան պատահի, քեռուն ի՞նչ եմ ասելու… աչքերդ բաց, տատ ջան, չփակես, ո՞վ պիտի ինձ համար երգ մրմնջա, հեքիաթ պատմի… տա՛տ ջան, խնդրում եմ, ինձ անտեր չթողնես, տատ ջա՜ն…
ՍԻՐՈՒՆ — (շունչը տեղը բերելով): Լավ եմ, Մանե ջան, ինչի՞ համար ես լաց ըլըմ:
ՄԱՆԵ — Լաց լինելու քի՞չ բան կա… Քեզ համար լաց չեմ լինում, մորս համար, հորս, հայի բախտի ու աշխարհի ցավի համար եմ լաց լինում:
ՍԻՐՈՒՆ — Էդ սիրուն աչքերիցդ արցունք մի թափի, դեռ կդիմանամ: Գոգի, Մարթա, մոտ նստեք, թե որ աչքերս փակեմ, հանկարծ չվախենաք, ուզում եմ քնեմ:
ՄԱՆԵ — Հա, դու քնի, չենք վախենա:
Տատը բռնում է Մանեի ձեռքը և աչքերը փակում: Մանեն սրբում է նրա քրտնած ճակատը, ստուգում սրտի աշխատանքն ու կծկվելով ոտքերի տակ՝ երգ է մրմնջում, նրան են միանում Մարթան ու Գոգին:
Բեմը լուսավորվում է, բազմոցին քնած են Մարթան, Գոգին, Մանեն:
ՄԱՆԵ — (արթնանալով՝ վախեցած): Տատ ջան, աչքերդ բաց, մեզ խնայի, աչքերդ բաց, հե՜րս, մե՜րս, քո՜ւրս…
ՍԻՐՈՒՆ — (բացելով աչքերը): Աշխա՜րհս…
Բոլորը միասին գրկում են Սիրուն տատին:
Լսվում է հեռացող գնացքի ձայնը:
Նամակ Ռուսաստանից — Իմ շատ սիրելիներ, աշխարհի ոչ մի անկյունում մեր արևի տաքությունը չկա, կարոտում եմ…
Նամակ Ամերիկայից — Իմ շատ սիրելիներ, հայրենիքիս զուլալ ջրին, խրխուր հողին ու թավ կանաչին կարոտում եմ…
Նամակ Պետերբուրգից — Իմ շատ սիրելիներ, աշխարհում Մանեի խոնավահամ տնից ուրիշ լավ տեղ չկա, կարոտում եմ… դիմավորեք: