Սամվել ԿՈՍՅԱՆ / ՏԵՐԵՎԻ ԿԱՄՔԸ ՉՀԱՐՑՆԵԼՈՎ…

Մոնոդրամա

Բնակարան: Սեղան, վրան՝ հեռախոս ու մագնիտոֆոն: Բազկաթոռ: Մնացած կահավորությունը՝ ըստ հայեցողության: Պատուհան կամ պատուհանի երևութական առկայություն: Ներս է մտնում Նարեն՝ տագնապած, շփոթված: Ձեռքի պայուսակը գցում է բազկաթոռին, մոտենում է պատուհանին, ուշադիր դուրս է նայում, հավանաբար իր ուզածը չտեսնելով՝ հեռանում է պատուհանից:
ՆԱՐԵ — (ջղաձիգ): Բնակարանդ վաճառո՞ւմ ես: Դրսում երկու մարդ քո բնակարանով էին հետաքրքրվում: Ոնց որ չէր կարող հանգիստ ասել: Լավ էր՝ շքամուտքում հանդիպեց: Կողքիդ կանգնած գոռում է: Տղամարդկանց էլ տեսա` թաքուն, շքամուտքի դռան ետևից: Թիկնեղ էին, կարճ մազերով, պատի պես անթափանց: Սպառնալիքը իրականություն է դառնում: Երբեք այսքան բացահայտ չէին մոտեցել: Չքվել է պետք: Չեն ճանաչի, պառավի վրա ուշադրություն չեն դարձնի: Փախչել գրողի ծոցը, դրանցից հեռու: Մերոնց մոտ չի կարելի, վտանգավոր է: Մեկ էլ տեսար՝ նրանց էլ վնասեցին: Խոսում ու ոչինչ չեմ անում: Հա, կերպարանափոխվել է պետք: (Գնում է կողքի սենյակը, այնտեղից լսվում են նրա հատուկենտ բառերը:) Շոգին շալը կասկածելի կթվա… Ոչինչ էլ չի թվա, պառավների համար բոլոր եղանակներին էլ ցուրտ է: Մնաց կորանալ ու ոտքերը քստքստացնելով քայլել: Սատանան էլ չի ճանաչի: (Հայտնվում է շալը գլխին, տաք ժակետով, կորացած, ոտքերը քարշ տալով:) Առնետներ, առնետներ… (Միացնում է մագնիտոֆոնը: Ուրախ երաժշտությունը տարածվում է սենյակում:) Ես տանն եմ, ուղեղս անջատած ուրախանում-զվարճանում եմ: Դուրս եկող պառավը ուրիշ բնակարանից է, ես չեմ: (Ստուգում է հագուկապը, վերցնում է պայուսակը, կորացած, ոտքերը քարշ տալով դուրս է գալիս: Ուրախ երաժշտությունը շարունակվում է: Քիչ անց նորից սենյակում է հայտնվում` ջղաձիգ, ներվային շարժումով շալը քաշում է գլխից, գցում է հատակին, շալի ետևից հատակին է հայտնվում նաև ժակետը:) Նարե՞… Իսկը մոր պես… Մայր ու աղջիկ մոտիկն ու հեռուն չեն ջոկում, գոռում են: Դիմակահանդե՞ս ես գնում… Այնպես գոռաց, առնետները միանգամից զգաստացան ու շքամուտքի կողմը շրջվեցին: Լավ էր, սա էլ դրսում չհանդիպեց: Զզվում եմ հարևաններից էլ, դրանց աղջկանից էլ: Նարե՞… Հա, դիմակահանդես եմ գնում, ձեզ ինչ… Մահվան դիմակով: Ոնց էլ ճանաչեց: (Բարկացած անջատում է մագնիտոֆոնը: Մոտենում է հեռախոսին, բայց ինչ-որ բանից զգուշանալով` ձեռքը ետ է քաշում:) Մտածիր, միշտ էլ ելք կա, գտնել է պետք: (Նստում է, ձեռքերով բռնում է գլուխը, մտածում է:) Վախը չի թողնում: Առնետները չեն վախենում, նեղն ընկնելիս հարձակվում են: (Նորից է մոտենում պատուհանին:) Չէ, սերենադ երգելու չեն եկել, պատուհանի տակ չեն կանգնի: Ժամանակին պիտի չքվեի` տնից էլ, քաղաքից էլ, հանրապետությունից էլ: Հայ չե՞մ: Մինչև դանակը կոկորդիս չհասնի, վտանգը չեմ զգա: Սպառնում էին, չէի հավատում: (Անհանգիստ գնում-գալիս է սենյակում, ապա կանգնելով գոռում է:) Հե՜յ… Մեկը չկա՞ օգնի… Չեն լսում: Նեղն ընկածին ոչ մեկը չի ուզում լսել: Ծնողներիցս չպիտի հեռանայի, ծառից պոկված տերևին ջուրը տանում է՝ տերևի կամքը չհարցնելով: Ինչո՞ւ ուրիշի դռանը առնետներ չեն հայտնվում` կատաղած, գիշատիչ առնետներ: (Նորից ետ ու առաջ է քայլում, մոտենում է պատուհանին, ձեռքը թափ տալով գալիս, ընկնում է բազկաթոռին: Համարյա շշուկով:) Հե՜յ… Չեն արձագանքում: Չլսողի ամբողջ մարմինն էլ ականջ լինի` չի լսի: Լսող խուլերն ավելի սարսափելի են: Ասում են՝ ձայնը չի կորչում: Չի կորչում` ի՞նչ է լինում: Երևի քարշ է գալիս տիեզերքում: Թեկուզ միլիոն տարի քարշ գա, ինձ ի՛նչ: Հավանաբար հրեշտակները շուտ կլսեն, միայն թե ինձանից հեռու են: Մինչև իրենց դանդալոշ թևերը շարժեն… Ոչ մի հրեշտակ վտանգի արագությունը չունի: Վտանգն էլ չգիտես ինչ է` ոչ ձայն, ոչ գույն, ոչ համ ու հոտ: Հայացք էլ չունի… (Հուսահատ:) Հե՜յ… Անօգուտ է: Եթե ոչ մեկը չի լսում, գոնե պահապան հրեշտակը արձագանքի: Հե՜յ, որ երկնքում ես: Գոնե ձայն տուր, եթե պահապան ես ու չես պահպանում: Լռում ես, որովհետև դու էլ ես մեղավոր: Տեսնում էիր ու պահպանելու փորձ էլ չարեցիր: Ասենք, հրեշտակները մեղավոր չեն լինում: Ո՞նց ես անմեղ մնացել, եթե մեղքը քեզանից առաջ էլ է եղել: Ներիր, ցնդել եմ, չգիտեմ՝ ինչ եմ ասում: Փրկվելու համար ճանճի պես խփվում եմ ապակուն, չմտածելով, որ այդպես ավելի շուտ կսպանվեմ: Սակայն ծուղակն ընկածի համար անօգուտ ելքն էլ կյանք է: Ու եթե քո կամեցողությունն է ելքը, դու ես ելքը, ապա քեզ մոտ եմ գալիս: Գալիս եմ… (Նորից նստում է բազկաթոռին:) Ճանապարհ ընկնելուց առաջ նստում են: Իմ ամենաերկար ճանապարհը իմ պատմությունն է, որ բերելու է դեպի քեզ, դեպի ելքը…

Մեր ընտանիքը մեծ չէր` հայրս, մայրս, քույրս ու ես: Ծնողներս ուսուցիչներ են: Պարզ է, մեր օրերում ովքեր են ուսուցիչները: Նրանք ինչքան էլ բարձր առաքելությունից խոսեն, սուտ է, նրանցը թշվառությունն է: Ընդհանրապես ուսուցիչն ու թշվառությունը հոմանիշ են: Ինչ էլ բառ են հորինել` առաքելություն… Ոչ ուտել կլինի, ոչ խմել և ոչ էլ հագնել: Երանի քեզ` պահապան հրեշտակ, որ ցուրտ ու մութ օրերին երկնքում ես եղել: Ծնողներիս գիտությունը լույս չէր տալիս և ցրտին չէր ջերմացնում: Չէինք հագնվում, որովհետև չէինք էլ հանվում: Հագուստով պառկում էինք, արթնանում և նույն հագուստով էլ տնից դուրս էինք գալիս: Բայց հայրս լավատես էր, միշտ կրկնում էր, որ լավ է լինելու, միայն համբերել է պետք: Անվերջանալի խավարը երևի չէր թողնում նրան տեսնել, թե շրջապատում ինչ է կատարվում: Հենց մեր հարևանները… Զզվելիներ… Մայրն էլ, աղջիկն էլ, դրանց անմեղսունակ հայրն էլ: Միանգամից կերպարանափոխվեցին: Դրանց աղջիկը չէ՞ր… Նարե՞… Այնքան բարձր, որ հարևան շենքում էլ կլսեին: Անկիրթ, բռի… Միշտ ուզեցել եմ հարցնել` ալքիմիկո՞ս էիք, որ կարողացաք մի քանի ամսում ցնցոտիները ոսկեջրել: Մայրս հիվանդությունից մաշվում էր, բայց բժշկի փող չկար, իսկ հայրս իր երգն էր շարունակում` համբերեք: Նրանք ապրելու փոխարեն միշտ համբերել են և մեզ էլ էին ուզում դրան վարժեցնել: Մեր զզվելի հարևանները չհամբերեցին, շատերը չհամբերեցին, և նրանց լույսը շատացավ, հագուստները փոխվեցին, մարմնի չափերը լայնացան, ավելորդ ջերմությունից միշտ վարդագույն էր դեմքները: Չէի ուզում համբերել: Միշտ նողկացել եմ խավարասերներից, չէի ուզում փոխակերպվել ու նրանցից մեկը լինել: Չէի հավատում, թե հորս ասած հոգևորը նյութականից կարևոր է: Ո՞նց հավատայի, որ հոգևորը հնարավոր է խավարասերի մարմնի մեջ տեղավորել: Ցրտին ու քաղցած ստամոքսի համար հոգևորը աչքերիս առջև հայտնվող սև շրջանակներն էին, որ երբեմն այնքան էին ընդարձակվում, ասես երկրի վրա չեմ, այլ մութ ու խոր փոսում: Ես ջահել էի, գեղեցիկ, ավարտել էի անգլիական բաժինը և, վերջապես, հիմար չէի, իրոք, հիմար չէի: Ու պիտի համբերեի, իսկ նա` Նարե՞… Ամեն օր շքեղ մեքենաներով տուն գա: Դիմակահանդե՞ս ես գնում… Տականք: Երբևիցե հարցրե՞լ եմ` դեմքիդ փոխարեն ինչո՞ւ ես դիմակը սրտիդ դնում: Ո՞նց համբերեի: Կարծես կարելի է ջահելությունն ու գեղեցկությունը դարակը դնել ու պահել լավ օրերի համար…

Հե՜յ… Պահապան հրեշտակ: Քո ժամանակն էլ է՞ թռչում, թե՞ վերևում չգիտեն՝ ժամանակն ինչ է: Մեզ մոտ ժամանակը ռետինի պես է: Ջնջում է մանկությունը, պատանեկությունը, գեղեցկությունը: Չես հասցնում ուշքի գալ, երբ ամեն ինչ արդեն ջնջված է, չկա… Լավ է՝ հայելին կա, միայն հայելին է օգնում զգուշանալ: Ու հայելու առաջ պատկերացնում էի ինձ շքեղ հագուստներով, թանկարժեք մեքենաների մեջ, ինձանով հիացած տղամարդկանցով շրջապատված: Բայց հայելին իմ թշվառությունն էր ցույց տալիս, որից սարսափում ու հեռանում էի հայելու առջևից: Հուսահատությունս ավելի էր խորանում լուկուլլոսյան խնջույքների մասին լուրերից: Երկիրը պատերազմի մեջ էր, մութ էր, ցուրտ էր, իսկ քեֆերը չէին դադարում: Քեֆ անողները չէին էլ մտածում համբերել: Ինչո՞ւ համբերեին: Ժողովրդին խոստումներ տվողները պաշտոններ էին գրավել, ու պարզվել էր, որ էլ ասելիք չունեն, իրենց անելիքն էլ չգիտեն, պարզապես սոված են եղել և իշխանության են եկել` ուտելու: Եվ ժողովրդի կյանքն էլ հետն էին ուտում: Ու միևնույն է, ես ուզում էի նրանց միջավայրում լինել: Իմ շրջապատն ինձ ձանձրալի ու անհետաքրքիր էր թվում: Ավելի խորշում էի իմ շրջապատի տղամարդկանցից: Մանավանդ, երբ կանանց հետ խոսելիս անընդհատ ժպտում կամ ծիծաղում էին: Ավելի հաճախ էլ շփոթվում էին, ասես նոր էին դուրս եկել բարուրից: Մինչդեռ ինձ ոչ թե երեխա, այլ տղամարդ էր պետք: Միաժամանակ աշխատանք էի փնտրում: Բոլոր գործատուները բարետես, բարձրագույն կրթությամբ, օտար լեզուներ իմացող աղջիկներ էին ուզում: Գործը նույնն էր` մատուցողուհի, վաճառողուհի, հավաքարար, ամաններ լվացող: Հե՜յ… Հրեշտակ լինելու համար էլ է՞ օտար լեզուն պարտադիր: Երևի բոլոր լեզուներն էլ հասկանալի են քեզ: Ձայն հանիր, նշան տուր, որ հայերեն էլ գիտես: Շարժիր թևերդ, քամի արա, որ հասկանամ՝ լսում ես ինձ: (Հեռախոսազանգ: Հանկարծակիի գալով, լռում է:) Լռի՛ր: Տանը չեմ, գնացել եմ: Ո՞ւր: Պահապան հրեշտակի մոտ: (Հեռախոսազանգը շարունակվում է:) Ստուգում են՝ տա՞նն եմ… Չե՛մ, չկա՛մ: (Հեռախոսը լռում է: Մոտենում է պատուհանին:) Ինչ էլ արևոտ օր է: Որտե՞ղ ընդհատեցի… խոսքս անկապ է: Վախը, վախը չի թողնում կենտրոնանալ: Հասկացողը կհասկանա: Չէի ուզում ծնողներիս պես ուրիշների սխալները ուղղել: Ուրիշների սխալները չեն թողնում, որ քո սխալները տեսնես: Ուրիշների սխալների մեջ թափառողը չի գտնում կյանքի գաղտնագիրը և աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը: Չէի կասկածում, որ գաղտնագիրը անհրաժեշտ է կյանքի փակ դռները բացելու համար: Տեսնես որևէ մեկին հաջողվե՞լ է բոլոր դռները բացել: Հե՜յ… Հաջողվե՞լ է, թե՞ չէ: Եթե գիտես՝ ձայն տուր: Չեմ խելագարվել, դեռ չեմ խելագարվել: Խելագարության մանրէն տիեզերքում է… Ինքդ զգուշացիր, քանի որ վերջին հույսս ես, միակը: (Նորից է մոտենում պատուհանին:) Շքամուտքից պիտի ստուգել: Արմատ են գցել… Ծառի պես նույն տեղում են: Ուր էր` քարանային: Չեն քարանա: Վրեժխնդրությունը չի քարանում, ճյուղեր է տալիս: Ճյուղավոր առնետներ: (Ներվային ժպտում է:) Երկնքում ո՞նց է: Չի պատահո՞ւմ` իրարից վրեժ լուծեք: Երևի պատահում է, թե չէ մարդը որտեղի՞ց կիմանար` ինչ է վրեժը: Քոնն ուրիշ է: Պահապանը չի կարող ուրիշի ազդեցությանը ենթարկվել: (Փորձում է կենտրոնանալ:)

Աշխատանքի հերթական հայտարարությունը մի բանով էր տարբերվում. որ գործատուն բարձր աշխատավարձ էր խոստանում: Այս անգամ որոշեցի ծնողներիս ոչինչ չասել: Առավոտյան սովորականից երկար կանգնեցի հայելու առաջ: Փորձում էի տղամարդկանց աչքերով գնահատել ինձ ու անընդհատ թերություններ էի գտնում: Քիչ էլ հապաղեի, երևի այդպես էլ դուրս չգայի: Բայց կանխազգացումս հուշում էր, որ ինչ-որ բան փոխվելու է: Մեջս թռչելու ցանկություն էր հայտնվել: Երևի վերջին բառերս ծիծաղելի թվացին: Ծիծաղիր, եթե ուզում ես ու մի մոռացիր, որ երբեմն սողունների մեջ էլ է թռչելու ցանկություն հայտնվում: Ուրիշ բան, որ չեն կարող:

Միջին տարիքի, շքեղ հագնված մի տղամարդ դիմավորեց: Ոչինչ, բարետես էր: Ժպտաց, առաջարկեց նստել: Երկար զրուցեցինք: Թերևս միանգամից նրան դուր եկա: Տղամարդիկ չգիտեն՝ ինչ անպաշտպան ու մատնիչ են իրենց աչքերը: Մարմնիս բոլոր մասերում զգում էի նրա հայացքը: Մի պահ նեղվեցի, փորձեցի դուրս գալ, բայց մտովի, առանց տեղից շարժվելու: Վահրամը, այդպես էր անունը, ներսիս փոփոխությունը զգալով՝ անմիջապես փոխեց տոնը: Ես ընդունված էի: Առաջարկեց տուն ուղեկցել: Նրա մեքենան թանկարժեք էր, փայլուն, իսկը՝ երազանք: Ձևացնելով, իբր մեքենայի շքեղությունը վրաս չի ազդել, ոչ թե նստեցի, այլ անփութորեն տեղավորվեցի մեքենայի մեջ: Ափսոս, շուտ տեղ հասանք: Շատ էի ուզում, որ այդ անկիրթ ընտանիքը տեսներ իմ շքեղ վերադարձը: Թող պայթեին: Նարե՞… Ցանցառի մեկը: Բայց նա երևի այսպիսի մի մեքենայով վաղուց էր տնից դուրս եկել: Ինչ իմանամ, ուր` գրողի ծոցը: Իջնելիս Վահրամը ինչ-որ բան դրեց պայուսյակիս մեջ: Դոլարներ էին…

Տանն ուրախացան, որ աշխատանքի եմ ընդունվել: Բայց մի քանի օրից նոր հագուստներս տեսնելով, հայրս սկսեց կասկածանքով նայել: Չէր հասկանում, այդ ի՞նչ գործ էր, որ միանգամից այդքան շատ էին վճարել: Ստիպված էի անկեղծորեն բացատրել, որ ինքս էլ դեռ աշխատանքիս բնույթը չգիտեմ, միայն թե պահանջում են վայելուչ լինել: Չհասկացա, հայրս ընդունե՞ց ասածներս, թե չէ, միայն մտածում էի` եկել է թշվառության օղակը թուլացնելու ժամանակը: Իմ աշխատանքից ամենաշատը քույրս էր ուրախացել, քանի որ հին հագուստներս մեծահոգաբար նրան էի նվիրել: Մտածում էի ծնողներիս համար էլ նոր շորեր գնել: Քանի տարի է՝ աշակերտները նույն հագուստով են նրանց տեսնում: Տունն էլ կվերանորոգենք: Ցանկություններ, ցանկություններ, որ հնարավորություններիցս առաջ էին ընկնում…

Վահրամն օրեցօր ավելի շռայլ էր դառնում: Երբեմն մտահոգվում էի` ինչի՞ համար: Արածս սուրճ մատուցելն էր և մի քանի թուղթ էի տեղավորում թղթապանակների մեջ: Բայց մխիթարվում էի, մտածելով, որ հիմնական աշխատանքը առջևում է ու կհասցնեմ փոխհատուցել: Համարյա բոլոր երեկոները Վահրամի հետ ռեստորաններում էի անցկացնում: Ռեստորանի մթնոլորտը ինձ դուր էր գալիս: Այնտեղ եկողները ինքնավստահ էին, համարձակ, ինչ-որ տեղ՝ ցինիկ, երբեմն շատ խելոք էին թվում, իսկ ավելի հաճախ նրանց ինքնամեծար բառերի տակ խոր դատարկություն էի զգում, և կարծում էի՝ այդ դատարկությունը լցնելու համար է, որ այդքան շատ են ուտում ու խմում: Գինովցած մեկ-մեկ սենտիմենտալ էին դառնում, և այդ պահերին էր, որ հիշում էին ժողովրդին, հիշում էին, որ ժողովուրդը սոված է: Բայց առավել սթափ մեկը միշտ սփոփում էր ընկերների վիշտը. «Սով չկա,- ասում էր,- քանի դեռ ժողովուրդը հացի փշուրները չի հավաքում, թափում է` սովից չարժի խոսել»: Պատահում էր` այնպես էին իրենց կորցնում, որ կոտրում էին բաժակներն ու ամանեղենը, լկտիորեն վիրավորում ու ծաղրում էին մատուցողներին: Ո՞վ էին, ի՞նչ էին անում, չգիտեի ու չէի ուզում իմանալ: Իրար էլ էին վիրավորում, սպառնում էին միմյանց: Եվ, այնուամենայնիվ, անհամբեր սպասում էի հաջորդ երեկոյին, որ նորից այնտեղ ու նրանց մեջ հայտնվեմ: Ինքս էլ խմել սովորեցի ու հաճախ էի գինովցած տուն գալիս: Իսկ մի օր ընդհանրապես տանը չգիշերեցի: Այդ օրը քիչ ավելի էի խմել: Վահրամը խոնարհվեց ականջիս ու շշնջաց, որ ինձ համար բնակարան է գնել: Հուզմունքից` հենց ռեստորանում, առաջին անգամ նրան համբուրեցի: Հետո ռեստորանից գնացինք բնակարանը տեսնելու: Եվ եղավ այն, ինչը պիտի լիներ, երբ գինովցած կնոջն ու տղամարդուն ոչինչ և ոչ ոք չի խանգարում: (Հեռախոսազանգ: Ակնապիշ նայում է հեռախոսին:) Պետք է ստուգել` նրա՞նք են… Առաջին անգամ ստուգած պիտի լինեի: Ինչո՞ւ եմ այսքան ցրված դարձել: (Դուրս է գալիս, քիչ անց վերադառնում է:) Հեռախոսը ականջին սպասում է: Ո՞ւմ… Բո՞ւթ է, չի՞ հասկանում` տանը չեմ, չկամ: (Հեռախոսը լռում է:) Հասկացավ…

Հե՜յ… Էս զանգի ձայնը քեզ չի՞ գժվեցնում: Շարժվիր, որ թևերդ չընդարմանան: Չլինի՞ ձեր շարժվելն էլ է վիզայով: Հետաքրքիր է` Երկիր գործուղումո՞վ եք գալիս: Բա որ հրեշտակապետը չգործուղի, չուզենա գործուղել… Հո մենակ չե՞ս թողնելու ինձ: Մի բան արա, կաշառք տուր: Փողը հրեշտակապետին էլ կփափկացնի: Միայն չասես՝ հիվանդ ես: Հրեշտակները ինչո՞ւ պիտի հիվանդանան: Չեմ ուզում, որ հիվանդանան: (Մոտենում է պատուհանին, ուշադիր նայում է երկնքին: Դժգոհ գալիս, նստում է բազկաթոռին:)

Հաջորդ առավոտ մայրս, տեսնելով ինձ, արտասվեց: Նույնիսկ քրոջս ամենօրյա ժպիտն էր չքվել: Հայրս չշրջվեց իմ կողմը: Հուսահատ փորձեցի բացատրել, իբր, ժամանակները փոխվել են, Հայաստանում էլ չափահաս երեխաները ձգտում են ծնողներից առանձին ապրել և ապրում են: Խոսքս չէի ավարտել, հայրս պոռթկաց. «Դու, դու… Թքել եմ, թե մյուս երկրներում ոնց են ապրում: Մարդուն իր արյունը չներարկես` կմեռնի: Ազգն էլ ուրիշի բարքերին չի դիմանա: Անառակությունը քո ասած երկրներում էլ անառակություն է, և ոչ անգլիացի, ոչ չինացի ծնողը չի հանդուրժի, որ իր աղջիկը քարշ գա չգիտես որտեղ և ում հետ»: Հետո անցավ շշուկի. «Սգում եմ երեխաներիցս մեկի կորուստը»: Վիճելն անօգուտ էր: Հավաքեցի, ինչը պիտի հավաքեի ու դուրս եկա: Ինձ իրոք մեռած էի զգում: Փորձում էի մխիթարվել, որ մերոնք կորցրին ինձ, բայց ես նրանց չեմ կորցրել: Նույնիսկ որոշեցի վերադառնալ, ներողություն խնդրել: Չարեցի: Թշվառության սև շրջանակը թույլ չտվեց: Մյուս կողմից էլ վիրավորանքն էր խեղդում: Ես պոռնիկ չէի: Ամեն կին իրավունք ունի իր տղամարդը ունենալ: Մտքովս էլ չէր անցնում Վահրամին դավաճանել: Իսկ ազգային բարոյականությունը ինձանից առաջ էր ճաքել ու շարունակում էր ճաքեր տալ: Հայ կանայք մարմնավաճառությամբ էին զբաղվում, և որտե՞ղ… Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում` դավաճանելով ամուսիններին էլ, երեխաներին էլ, հայրենիք կոչվածին էլ: Իմ ուսուցիչ ծնողները կամ չգիտեին, կամ ձևացնում էին, որ չգիտեն: Իսկ իմ ու Վահրամի հարաբերություններն ավելի ջերմ ու մտերմիկ էին դառնում: Նույնիսկ սպասում էի, որ ամուսնության առաջարկ անի: Սրտանց ուզում էի ամուսնանալ: Ամուսնությունը կօգներ ինձ մաքուր դուրս գալ այս վիճակից: Սիրո՞ւմ էի Վահրամին, առանձնապես չէր մտահոգում: Սերը միշտ էլ անցողիկ է, և որքան էլ փայփայես, ի վերջո հայտնվելու է կենցաղի մի փոշոտ անկյունում: Ամուսնությունը կօգներ նորից ծնողներիս մոտ վերադառնալ, որոնցից բաժանվելը շարունակում էր ցավ պատճառել: Հարսանիքը շքեղ էի պատկերացնում: Առանձնապես տպավորիչ էր եկեղեցական արարողությունը, որտեղ ակնկալում էի ծնողներիս դեմքին վերջապես ժպիտ տեսնել: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ամեն ինչ անսպասելի շրջվեց: Վահրամը ամուսնանալու փոխարեն… առաջարկեց ուրիշի անկողինը մտնել: Հարձակվեցի վրան: Ուզում էի հոշոտել, պատառ-պատառ անել: Անխոս թևերիցս բռնելով այնպես հրեց, որ ընկա ու բազկաթոռին բախվեցի: Հետո մռնչալով հեռացավ: Նորից ջուրը տանում էր տերևին` տերևի կամքը չհարցնելով: Շնչահեղձ էի լինում: Պատերը մոտեցել, տուփ դարձել, փակել էին իրենց մեջ: (Ձեռքով խփում է պատին:) Այս պատերը… Արտաքինից են անշարժ, իրավիճակի թելադրանքով կարող են մարդուց արագ շարժվել: Մոտենալիս էլ անբնական հևում են: Նրանց շնչառությունը հիմա էլ է նեղում: (Ձեռքով խփում է պատին:) Սառն են, բութ, անհաղորդ, ինչպես բոլոր հրաման կատարողները: (Խփում է պատին:) Ինչքան էլ խփես, ձայն չեն հանի… Միայն գործում են: Գործ անելիս երևի դու էլ չես խոսում: Հետաքրքիր է` կհամաձայնեի՞ր քո… չգիտեմ, ընկերոջը թե ընկերուհուն… Հրեշտակների սեռը չգիտեմ… Ոչինչ, հիմա անսեռությունն ու միասեռությունը մոդայիկ են: Կհամաձայնեի՞ր, սեռը կարևոր չէ, ընկերոջդ ուրիշին տալ: Կհամաձայնեի՞ր… Չես խոսում, լռում ես, պատերը լռում են, բոլորը լուռ են: Անտարբերությա՞մբ ես պահպանելու, թե՞ միայն անունով ես պահապան: Իջնեիր, այս պատերը մի քիչ ետ հրեինք: Իմ ծանոթ նկարիչը, գիտե՞ս, ինչ ասաց: Ասաց՝ ուժ ունենայի, քեզ նկարելու հնարավորությունն էլ ուրիշի չէի տա: Դու կտայի՞ր: Քո ուժին ի՞նչ է եղել: Երևի ծանրութեթև ես անում` պատասխանե՞ս, թե՞ չէ: Քեզ նեղություն չես ուզում տալ, պատասխանատվություն չես ուզում վերցնել: Այդպես ո՞նց ես պահպանելու, թռչելն էլ ես մոռացել: Այդքան լռել կլինի՞: Չէ, շատ չեմ խոսում: Չե՞ս ուզում իմանալ` ինչից և ումից ես պահպանելու: Կարո՞ղ է ընդհանրապես չես շարժվում` ուտում ու նստում ես: Թե չէ այդքան անաղմուկ չէիր կարող շարժվել: Նույնիսկ պատերն են շարժվելիս հևում: (Հեռախոսազանգ:) Լռի՛ր, քեզ չեմ ուզում լսել, ամենաշատը քեզ չեմ ուզում լսել: Սայլի փոխարեն սայլվորն է ճռռում: (Մի պահ նորից է ուզում լսափողը վերցնել, վախեցած ձեռքը ետ է քաշում: Զանգը լռում է: Մոտենում է պատուհանին: Հայացքն անորոշ է, ցրված: Վերադառնալով՝ նստում է բազկաթոռին:)

Հաջորդ օրը Վահրամին ասացի՝ հիվանդ եմ, աշխատանքի չեմ կարող գալ: Ինձ իրոք հիվանդ էի զգում, շատ հիվանդ: Ինքը եկավ: Առաջվա պես սիրալիր էր: Հարցրեց՝ ի՞նչս է ցավում: «Ոչ մի տեղս,- բղավեցի,- ի՞նչս պիտի ցավի, եթե ամբողջովին ցավ եմ»: Ժպտաց, մի քանի քաջալերիչ բառ մրթմրթաց ու առողջություն մաղթելով հեռացավ: Պառկել, աչքերս փակել, փորձում էի վճռել անելիքս: Ինձ միշտ թվացել է, թե ուրիշ եմ, նման չեմ ոչ մեկի: Հիմա կատաղում էի, որ ուրիշ երևակայելով՝ մյուսներից չէի տարբերվում: Ինչո՞վ պոռնիկ չէի: Կարգին աղջիկներին ուրիշի չէին առաջարկի: Ու արցունքներն անարգել թափվում էին աչքերիցս: Արցունքի միջից էլ մորս դեմքը տեսա: Ինչքան էր ծերացել: Հետո հայրս երևաց: Զարմացա, որ ուզում է ափերի մեջ հավաքել արցունքը ու չի կարողանում: Արցունքը նրա մատների արանքից կաթիլ-կաթիլ թափվում էր գետնին: Անսպասելի հայտնված քույրս ուզում էր ավելով մաքրել հատակի լճակը, բայց լճակը շաղ գալուց հետո նորից նախկին տեսքն էր ստանում: Լճակի դողդողացող մակերեսին էլ դեմքս երևաց: Քույրս շարունակում էր ավելը քսել ու քսել: Վերջապես քրոջս ավելը դեմքս հանեց լճակից ու քույրս դեմքս դուրս տարավ, երևի աղբադույլը գցելու…
Վերջ: Նույն օրը աշխատանքից ազատվելու դիմումը դրեցի Վահրամի սեղանին: Չզարմացավ, տեսարան չսարքեց, խորհուրդ տվեց պարտքերս փակել ու գնալ՝ ուր ուզում եմ: Ցնցվեցի: Կրակոցը դիպուկ էր, ուղիղ սրտիս: «Կվերադարձնեմ,- կմկմացի,- կաշխատեմ` կվերադարձնեմ»: Հեգնեց` քանի՞ տարի ես աշխատելու: «Որ գիտես, ինչո՞ւ ես ուրիշին առաջարկում, տղամարդ չե՞ս»: Նրա երկրորդ կրակոցն ավելի ցավոտ էր: «Թուրքիա կամ Աֆրիկա չեմ ուղարկում: Քո նմանները շան օրի են այնտեղ»: «Մի խառնիր,- բղավեցի,- ես ուրիշ եմ»: «Մինչև այստեղ հայտնվելը»,- ասաց: «Հայաստանը Աֆրիկա չէ»,- շարունակեցի: «Աֆրիկան տարածք չէ,- ծիծաղեց,- Աֆրիկան վիճակ է: Գնա, մտածիր»: Նրա անդրդվելիությունը սպանում էր ինձ: «Հուսով եմ, կհամաձայնվես,- ասաց սառը:- Հենց առաջին հանդիպմանը նկատեցի, որ մեջդ ագահություն կա: Քո նմանները թշվառությանը չեն դիմանում»: Գլուխս պտտվեց: Ինձ անդունդի եզրին էի զգում ու վախից ետ-ետ գնացի: Չզգացի՝ ինչպես փողոցում հայտնվեցի: Ամենաանհավանականը եկեղեցին էր, որի մուտքի մոտ կանգնել` չգիտեի անելիքս: Ներս չմտա: Եկեղեցին ոչինչ չէր փոխելու: Փոխվելու համար պիտի երկրպագել կարողանաս: Չէի ուզում և չէի կարող երկրպագել: Ուզում էի՝ ինձ երկրպագեն:

Միապաղաղ, անհետաքրքիր ժամերն իրենց գործն էին անում՝ հարթելով ներսիս սուր եզրերը, բթացնելով այնքան, որ էլ ցավ չէի զգում, միայն ձանձրանում էի: Կյանքը շարունակվում էր, և ձանձրանալը համբերելուց քիչ էր տարբերվում: Վարժվել էի ռեստորանային աշխույժ, մարդաշատ միջավայրին, վարժվել էի ուշադրության կենտրոնում լինել: Միայնակ, չորս պատերի մեջ ուրախ հուշերը հալածում, հետապնդում էին ինձ: Ընկերուհիներ էլ չունեի: Տիրականը թշվառության ռախիտիկ պատկերն էր: Իմ ներսում ու ինքս ինձ հետ կռիվ էի տալիս, զարմանալով, որ գնալով կռվողների թիվը շատանում է: Երևի ճիշտ էր Վահրամը, որ Աֆրիկան տարածք չէ, այլ վիճակ` ընկնողի վիճակը, մեռնողի վիճակը: Եթե ուսուցիչը փողի գեթ կես կարողությունն ու ուժն ունենար: Չի ունեցել, չունի և չի էլ ունենա: Փողի ուժն ուրիշ է, փողի հիպնոսից դժվար է ազատվել: Ուսուցիչը կարող է գունավորել ցանկությունը, բայց չի կարող իրականացնել: Փողը կարող է: Եվ դժվարանում էի դիմադրել փողի գայթակղությանը: Վահրամը ուժ էր, փող ուներ, արդեն վարժվել էի նրա ուժին ապավինել ու այլևս ինձ չէի պատկերացնում առանց այդ ուժի ու փողի:

Վահրամն այնպես դիմավորեց, կարծես ոչինչ չէր եղել: Նրա զրույցը նույնիսկ նախկին ջերմությունն ուներ: Հետո, իմիջիայլոց, բացատրեց անելիքս: Պիտի գայթակղեի մեկին ու հետը անկողին մտնեի: Պարզ ու ծանոթ վիճակ, որ երևի աշխարհում օրը միլիոն անգամ կրկնվում է: Միայն թե նույն զգացողությունն էր, որ ջուրը տանում է տերևին` տերևի կամքը չհարցնելով:

Երեկոյան զուգվեցի, ինչպես կարողացա: Վահրամի հայացքը խոսուն էր: Նույնիսկ գրկեց ուսերս ու դեպի անկողինը տարավ, բայց կես ճանապարհին ինչ-որ բան մտածելով կանգ առավ: Դուրս գալիս վերջին անգամ նայեցի հայելու մեջ: Իսկը սեքս ռումբ: Ռեստորանում մի քանի անծանոթ տղամարդ էին հայտնվել: Վահրամն աչքունքով ցույց տվեց` ում եմ գայթակղելու: Հաճելի տղամարդ էր, մյուսներից ավելի ինքնավստահ, և մյուսները բացահայտ շողոքորթում ու քծնում էին նրան: Խաղը սկսված էր: Տղամարդը չի դիմանում, երբ կինը, այն էլ գեղեցիկ կինը, առանձնացնում է նրան մյուսներից: Միայն նրան էի նայում, ձևացնում էի, իբր հմայված ու հիացած եմ նրա տրամաբանությամբ, ամենատխմար սրամտությունն ընդունում էի բարձր ծիծաղելով, միաժամանակ զարմանք արտահայտելով, թե ինչպե՞ս կարելի է այդքան սրամիտ լինել: Ծիծաղելիս սեղանի տակ «պատահաբար» ոտքս հպում էի ոտքին, չմոռանալով անմիջապես ներողություն խնդրել: Զոհը գնալով շատախոս էր դառնում, սրամտում էր պատեհ-անպատեհ, փորձում էր իրեն ավելի ինքնատիպ ու եզակի ներկայացնել: Հետո, երևի ուժը ցույց տալու համար, սկսեց նվաստացնել կողքիններին, վիրավորել նրանց: Այլևս չէի կասկածում, որ խայծը կուլ է տվել, մնում էր կարթաթելը ձգել, որ չկարողանա դուրս պրծնել: Երբ պարի հրավիրեց, այնպես էի սեղմվել, ինչպես երկաթը՝ մագնիսին: Ինքն էլ մեջքս այնքան ամուր էր գրկել, կարծես վախենում էր, որ գիրկը թուլացնի, կարող եմ լուսամուտից դուրս թռչել: Երբ տուն ուղեկցեց, հրավիրեցի սուրճ խմելու: Հաղթական ժպտաց: Այստեղ, այս բնակարանում հագուստների հետ ստիպեցի մեծամոլությունն էլ վրայից հանել, ստիպեցի իջնել իր բարձունքներից ու անկողնուն ծնկաչոք մոտենալ: Հեռանալիս չմոռացավ դոլարները սեղանին թողնել: Եթե դատարկության զգացումը չլիներ, ինձ հաղթող պիտի զգայի ու կատարվածը սովորական պիտի թվար, ինչպես հայելու մեջ նայելը:

Երկու օրից Վահրամը մի կույտ լուսանկարներ ցույց տվեց: Նայում ու չէի հավատում: Լուսանկարներում ես ու նա էինք` մերկ, անկողնում ու անկողնուց դուրս: Վահրամն ինքնագոհ ժպտում էր. «Տեսախցիկները մինչև ձեր գալն էինք տեղադրել: Հիանալի լուսանկարներ են»: Կատաղությունից ձեռքս գցեցի սեղանի թղթերին ու դեմքին շպրտեցի, որոնք տեղ չհասնելով՝ թափվեցին հատակին. «Ինձ մերկ չէի՞ր տեսել, թե՞ հիմա քեզ մերկ տղամարդիկ են հուզում»: Ծիծաղեց, մի անգամ էլ կրկնելով` հիանալի լուսանկարներ են: Նրան ոգևորողը մերկ մարմինները չէին, այլ… Եվ գլխի էի ընկնում, թե ինչու է ոգևորված, և չէի ուզում հավատալ: Ներսս ամեն ինչ խառնվել էր, թղթերի պես շաղ եկել: Ի՞նչ էր ծրագրել ինձնով, իմ մերկ մարմնով… Ստորությո՞ւն, շանտա՞ժ… «Վերջ,- չդիմացա,- քո գարշանքների համար ուրիշ մարմին գտիր»: Բայց դժվար էր Վահրամի տրամադրությունը փչացնել: Ծիծաղելով լուսանկարները չհրկիզվող պահարանում թաքցնելուց հետո հայտարարեց. «Վերջը` վերջ, բայց առաջին մասի»: Եվ շարունակությունը չուշացավ: Հաջորդ զոհը հայերեն չգիտեր, հայ չէր: Նրա թարգմանչուհին էի լինելու, հետը Գառնի-Գեղարդ էի գնալու ու նույն օրն էլ բերելու էի այստեղ: Հետևանքների մասին չէի մտածում, պարզապես ջանում էի ինձ հանձնարարված դերը անթերի խաղալ: Այս մեկն իրեն չափազանց սառն էր պահում, որից նույնիսկ շփոթվեցի, անվստահության պես մի բան ապրեցի: Սակայն Գեղարդի վիմափոր տաճարի կիսախավարի մեջ նրա աչքերում էլ նույն ցանկությունն էր: Տագնապս իզուր էր, սա պարզապես առաջինից վախկոտ էր և փորձում էր շինծու սառնության ետևում թաքնվել: Տունդարձին ռեստորան հրավիրեց: Եթե առաջինը ցույց էր տալիս, որ կնոջը խելքահան անելը իր համար սովորական է, ապա այս մեկը մի քանի բաժակ օղուց հետո այնպիսի զեղումների մեջ ընկավ, որ քիչ էր մնում կարծեի, թե խախտվել է…

Նրա լուսանկարներն էլ Վահրամը խնամքով թաքցրեց չհրկիզվող պահարանի մեջ:
Պետք եղավ էլի երկու տղամարդու այս սենյակը բերել: Սցենարը նույնն էր, տղամարդիկ էլ առանձնապես իրարից չէին տարբերվում: Միայն թե վերջինը փոքր-ինչ ագրեսիվ կամ կրքոտ լինելը կոպտությունից չէր տարբերում: Հետն էլ խոզի պես խռխռում էր…

Հեռախոսն ինչո՞ւ չի զանգում: (Մոտենում է պատուհանին:) Դրսում էլ լուռ է: (Ինքնաթիռի ձայնը լսելով՝ հայացքը բարձրացնում է վերև:) Սրա ձայնի տակ սերենադ կլսվի՞… Այս ինքնաթիռն ո՞ւր է թռչում: Քանի՞սն են էլի լքում Հայաստանը: Քանի՞ հայուհի է նորից երջանկության ետևից թռչում Թուրքիա կամ մի այլ երկիր: Սրանք անընդհատ թռչում են, ու մեկնել ցանկացողների թիվը չի պակասում: Հե՜յ… Ո՞նց է՝ ինքնաթիռները թռչում են, իսկ դու ալարում ես շարժվել: Չլինի՞ ինքնաթիռներից ես վախենում: Հա, վախենալու է, հիմա երկնքում այնքան էլ անվտանգ չէ: Այստեղ գոնե երթևեկության նշաններ են հորինել, երկնքում ի՞նչ նշան: Վախենալու է, իհարկե, վախենալու է, ո՞վ է հրեշտակ սպանելու համար որևէ մեկին պատժելու: Ե՞րբ ես վերջին անգամ Երկիր իջել: Կարո՞ղ է՝ ընդհանրապես Երկրում չես եղել: Եկած լինեիր, հնարավոր չէ՝ հետդ մեղք տարած չլինեիր: Բա վերևից ո՞նց ես պահպանում, ի՞նչն ես պահպանում: Էքստրասենս հո չե՞ս: Երևի հրեշտակի կենսահոսանքները մի քանի անգամ ավելի ուժեղ են: Չեմ զգում, ոչ մի հոսանք չկա մեջս… Հեռախոսի լռությունն էլ է զարմանալի: Դրանք հաստատ սպասելուց հոգնել ու գնացել են: Ինչքա՞ն կարող են անշարժ կանգնել: Իզուր էլ նորից չեմ ստուգում: (Դուրս է գալիս, վերադառնում է առավել մռայլված:) Ոնց որ դրանց գետնին մեխել ու հեռացել են: Իրենք քարացել են, ինձ էլ չեն թողնում հեռանալ: Շուտ պիտի հեռանայի: Սպառնալիքները լուրջ չընդունեցի: Առաջին սպառնալիքը մեկ շաբաթ առաջ էր: Անծանոթ տղամարդը գոռաց, հոխորտաց, հետո խորհուրդ տվեց կտակս գրել: Հաջորդ զանգերի մասին Վահրամին տեղյակ պահեցի: Հանգստացրեց, ասաց՝ չանհանգստանամ, կգոռան-կգոռան ու կհանգստանան: Սակայն զանգողները հանգստանալու մասին չէին մտածում: Տարբեր ձայներ էին` օր-օրի ավելի անսանձ ու կատաղի: Հավանաբար շանտաժի մեխանիզմը սկսել էր գործել, և բոլորի աչքում միակ մեղավորը ես էի: Իրենց անհաջողությունների վրեժը փորձում էին ինձանից լուծել, ամենաթույլ օղակը ես էի, երևի մտածում էին՝ ինձանով ավելի հեշտ է ամբողջ շղթան քանդել: Վահրամը խորհուրդ տվեց չվերցնել լսափողը: Հեշտը հեռախոսն անջատելն էր, բայց Վահրամը թույլ չտվեց: Ու չնայած լսափողը չէի վերցնում, հայհոյանքներն ու սպառնալիքները շարունակում էին հնչել ականջներիս մեջ, որից ինձ որսի եղնիկ էի զգում: Երեկ չէ առաջին օրն էլ թվաց, որ փորձում են անծանոթ մեքենայի մեջ խցկել: Ճչացի ու փախա: Շնչակտուր ինձ ծանոթ նկարիչի մոտ գցեցի: Նկարիչին ասացի, որ վատ եմ զգում ու ջուր խնդրեցի: Երբ հանգստացել ու բազկաթոռին նստած կում-կում խմում էի ջուրը, նկարիչը մի անգամ էլ առաջարկեց ինձ նկարել: Բայց նկարակալի առջև կանգնած նայում ու ոչինչ չէր անում: «Ինչո՞ւ չես նկարում»,- հարցրեցի: «Չեմ կարողանում»,- մեղավոր ժպտաց: «Չե՞մ երևում»: «Դեմքդ տեսնում եմ,- ասաց,- դիմագծերդ չեն երևում»: Լռեցի: Փորձում էի գուշակել, թե չորս զոհերից ո՞ր մեկը կարող էր լինել: Յուրաքանչյուրը կամ չորսն էլ միասին: Ինչո՞ւ, իմ մեղքը ո՞րն է… Ուզենայի էլ՝ չէի կարող զգուշացնել: Ի՞նչ էի զգուշացնելու: Հո չէի՞ ասելու՝ սիրելիս, քեզ իմ անկողինն են մտցրել, որպեսզի… Ո՞նց էի ապացուցելու: Այնուամենայնիվ, համառորեն փորձում էի գուշակել, թե նրանցից ով կարող է լինել, կարծես դրանից ինչ-որ բան էր փոխվելու… Ու առանց հրաժեշտ տալու նկարիչի մոտից հեռացա:

Հե՜յ… Էքստրասե՛նս… Դու էլ չգիտե՞ս՝ ով է հետապնդողը: Քիչ է մնում՝ իջնեմ ու այդ առնետներից հարցնեմ: Բայց չեմ հիշում, որսը երբևէ որսորդից ինչ-որ բան հարցրած լինի… Որսը պիտի փախչի, եթե չի ուզում թիրախ լինել, անընդհատ պիտի փախչի, որովհետև որսի կոչումը փախչելն է:

Նորից Վահրամի մոտ գնացի: Այս անգամ սառը դիմավորեց: Հասկացա, որ հիմա իսկապես վերջ, որ շարունակություն չի լինելու: Շրջանը փակվել է, ու հիմա մնում է շրջանի պատերին անիմաստ բախվելով ելք փնտրել: «Ազատ ես, էլ իրարից պարտք ու պահանջ չունենք»: Վահրամի ձայնից սթափվեցի: Այդ պահին ինձ համար մի առնետ էլ նա էր, որ փորձում էր խորտակվող նավը լքել: «Ես ունեմ,- բղավեցի,- պարտք էլ, պահանջ էլ: Իմ վերջն ի՞նչ է լինելու: Փողոցում էլ հանգիստ չեն տալիս»: «Քո հարցերն ինքդ լուծիր»,- մռլտաց ու սենյակից դուրս եկավ:

Երեկ գիշեր հեռախոսը համարյա չլռեց… Որոշեցի Վահրամի հետ մի անգամ էլ խոսել: Իմ վերջին հույսը էլի նա էր մնում և չէի ուզում նրան թողնել: Որոշել էի վճռական լինել: Ոնց այս վիճակի մեջ գցել էր, թող այդպես էլ հաներ, ազատեր ինձ այս մղձավանջից: Բայց նրա աշխատասենյակում ամեն ինչ խառնված էր, հատակին թափված: Եթե աթոռը կողքիս չլիներ, երևի ինքս էլ հատակին հայտնվեի: Նայում, ոչինչ չէի հասկանում: Աչքերս էլ տրորեցի, մտածելով՝ երազ է: Երևի գիտակցությունս էլ էի կորցրել, որովհետև ուշքի եկա միայն կնոջ անծանոթ ձայնից, ով հարցնում էր, թե ո՞ւմ եմ փնտրում: Վահրամի անունը տվեցի: «Հիմա սա անշարժ գույքի գործակալություն է,- պատասխանեց,- Վահրամ անունով աշխատող չունենք»: «Երբվանի՞ց»,-կարողացա հարցնել: «Երեկվանից,- ասաց ու անտարբեր շարունակեց սենյակը հավաքել: Նշանակում է՝ Վահրամը գիտեր այս մասին, գիտեր ու չէր զգուշացրել: Շրջանն այնքան էր նեղացել, որ պտտվելու հնարավորություն էլ չկար: Հիմա ո՞վ էի ես… Թող որ տերև, որին քշում է ջուրը… Բայց ո՞ւմ մտքով է անցել տերևին հետապնդել… Ջուրն ընկած տերևը չլինելու պես է… Բայց ո՞վ է ուզում, որ չլինեմ, ինչո՞ւ են ուզում, որ չլինեմ… Երբվանի՞ց են փող սիրելու համար մարդուն պատժում: Ո՞վ չի սիրում… Փողը բոլորին հեռացրեց ինձանից: Ումի՞ց չի հեռացնում ու ունեցածը չի խլում: Էլ ինձանից ի՞նչ են ուզում: Կարծես քիչ է, որ օգտագործել ու շպրտել են… Մարդասպաններն էլ հանցանշանները թաքցնելու համար օգտագործելուց հետո զենքն են գցում: Ես ո՞ւմ զենքն եմ եղել: Ինձանով ո՞ւմ են սպանել ու շպրտել: Պարզվում է, տերև էլ չեմ, այլ հանցանշան, ընդամենը հանցանշան, որից ուզում են ազատվել: Վահրամը… Բա մյուսնե՞րը… Նրանց համար երևի ավելի վտանգավոր հանցանշան եմ: Երրորդն էլ կա` հանցանշան որոնողները: Բոլորն ուզում են ինձանից ազատվել: Որսորդները շատանում են: Որ կողմն էլ փախչեմ, դեպի որսորդն եմ փախչելու: Հե՜յ… Քո լռությունն ինձ վախեցնում է: Սարսափում եմ լռությունից, լռությունը մահն է հիշեցնում: Օգնիր, մենակ մի թողնիր… Վախենում եմ, եթե իմանաս՝ ինչպես եմ վախենում… (Հանկարծակի ոգևորության պես մի բան է հայտնվում դեմքին:) Հայրիկը, նա կարող է օգնել: Նա է հիմա իմ պահապան հրեշտակը: Հայրիկը չի թողնի, որ իր աղջիկը երկրորդ անգամ զոհվի, չի թողնի… (Հավաքում է համարը:) Եթե տերևը ուզում է ապրել, իր արմատին պիտի վերադառնա… Վերցրու, լսափողը վերցրու: Խնդրում եմ, հայրիկ, լսափողը վերցրու, մի լռիր, պատասխանիր: Գիտեմ` տանն ես, այս ժամին տանն ես լինում, վերցրու… (Հուսահատված լսափողը դնում է:) Հե՜յ… Ատում եմ քեզ, ատում եմ բոլոր հրեշտակներին: Բոլորը վերևից նայելու ձեր տխմար սովորությունից է: Վերևից ի՞նչ է երևալու: Ատում եմ բոլոր նրանց, ովքեր թևեր ունեն ու չեն թռչում: Ո՞ւմ եք պետք` երկնքում, թե գետնի վրա: (Դռան զանգի ձայնից լռում է, նայում է հեռախոսին, մոտենում, ձեռքով հարվածում է:) Դու էլ որսի գայթակղությանը չդիմացար: (Դռան զանգ: Միաժամանակ հեռախոսն է զանգում:) Հե՜յ… Երկնքում էլ ե՞ն մահվանից առաջ այսքան աղմկում: Միայն չասես՝ երկնքում չեն մեռնում: Աստղերը մեռնում են… Երևի մահվան հետ գործ չունես, մեղքի հետ գործ չունես, ոչ մի բանի հետ գործ չունես, մաքուր ես, ներս ու դրսից ճերմակ ու այդպես ճերմակ էլ անընդհատ կաս, չես ծերանում, դեմքիդ կնճիռներ չեն հայտնվում… Քեզ նման մարդիկ էլ կան: Ոչնչի չեն խառնվում, չեն մոտենում, չեն դիպչում, որ մաքուր մնան: Կարևորը մաքուր մնալն է, ու կահույքի պես օրը մի քանի անգամ փայլեցնում են իրենց ներսն ու դուրսը: Որ ի՞նչ… Մեռնես՝ մոտ չեն գա, պայթես` ձայնդ չեն լսի: Վախենում են ավելորդ շարժում անեն և կյանքի փոշին նստի իրենց փայլեցրած ներս ու դրսի վրա: (Դռան ու հեռախոսի զանգին զուգահեռ նաև դուռն են բախում, ավելի ու ավելի ուժեղ, ասես ուզում են կոտրել:) Հիմա դուռը կկոտրեն… Հիմա կկոտրեն…
Լարվածությանը չդիմանալով` վազում է դռան կողմը:
Բացվող դռան ձայնի հետ երկու կրակոց է հնչում:
Հայտնվում է Նարեն՝ ձեռքը կրծքին սեղմած, ցավից այլայլված դեմքով:
Ոտքերը քարշ տալով փորձում է մոտենալ բազկաթոռին և տեղ չհասնելով` օրորվելով ընկնում է, հասցնելով ասել` «Հե՜յ…»:
Այդ դիրքով էլ անշարժանում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։