Կյանքը վանդակի կողքով. պրեմիերա Գյումրիում
Հունիսի 17-ին Գյումրիի Արվեստների ակադեմիայի դահլիճում ներկայացվեց Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» պիեսի բեմադրությունը,որն իրականացրել էր Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Էլբակյանը: Հատկաշական է, որ երիտասարդ բեմադրիչը արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Ս. Կոսյանի դրամատուրգիային: Առաջինը «Եվ ձյունն իջնում է» պիեսն է («Դրամատուրգիա» հանդես, թիվ 50-51, 2017), որը բեմադվել է 2017 թ. նույն բեմում:
Քանի որ «Կյանքը վանդակի կողքով» չի տպագրվել «Դրամատուրգիայում», այժմ այն տեղադրում ենք կայքում
Սամվել ԿՈՍՅԱՆ
ԿՅԱՆՔԸ ՎԱՆԴԱԿԻ ԿՈՂՔՈՎ
/Դրամա 8 պատկերով/
Գործող անձինք
Թռչուններ
ՉԻԿ
ՊՈՉԵԿ
ՓԵՏՐՈՒՀԻ
ՏԵՐ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Սենյակ: Երևում է ճաղաշար վանդակի պատը: Վանդակի առաստաղից կախված ճոճին նստած` Չիկը ճոճվում է: Պոչեկը անհանգիստ գնում-գալիս է: Նրանց վարքից երևում է՝ արտասովոր ինչ-որ բան է եղել, որ խառնել է իրերի բնական ընթացքը, որից երկուսն էլ անհանգիստ են ու լարված:
ՉԻԿ- Հերիք գնաս-գաս:
ՊՈՉԵԿ — Կերն ուշացնում են:
ՉԻԿ — Կբերեն:
ՊՈՉԵԿ — Այս ժամին արդեն բերած էին լինում:
ՉԻԿ — Երևի ինչ-որ բան է եղել:
ՊՈՉԵԿ — Հակառակի պես այսօր շատ եմ քաղցած:
ՉԻԿ — Ուրեմն` ճոճի պես մի գնա ու գա:
ՊՈՉԵԿ — Քաղցը մոռանալու ուրիշ ձև չեմ գտնում:
ՉԻԿ — Գուցե երգը օգնի:
ՊՈՉԵԿ — /երգում է/.
Հիմա կերը կբերեն,
Հիմա կերը կբերեն,
Հիմա դուռը կբացվի,
Հիմա կերը կբերեն:
Հիմա կերը կբերեն,
Հիմա դուռը կբացվի,
Տեսնես ինչ է պատահել,
Տերն այսքան չէր ուշացնի…
ՉԻԿ — Ուրիշ բան երգիր:
ՊՈՉԵԿ — Չեմ կարող:
ՉԻԿ — Հատակին փնտրիր, կարող է մի հատիկ գտնես:
ՊՈՉԵԿ — Փնտրել եմ, չկա:
ՉԻԿ — Ինչը չկա` չես գտնի: /Իջնում է ճոճից:/ Մնում է սպասել:
ՊՈՉԵԿ — Բայց ուշանում է:
ՉԻԿ — Գուցե տերը հիվանդացել է:
ՊՈՉԵԿ — Երեկ երեկոյան շատ առույգ էր: Նույնիսկ երգում էր մեզ հետ:
ՉԻԿ — Գուցե ինչ-որ տեղ է գնացել ու չի հասցրել ժամանակին վերադառնալ:
ՊՈՉԵԿ — Երբ ինքը չի լինում, կինն է բերում:
ՉԻԿ — Կինն էլ չի երևում:
ՊՈՉԵԿ — Ոչ մի անգամ չի եղել, որ ուշացնեն:
ՉԻԿ – Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է եղած լինել:
ՊՈՉԵԿ — Չգիտեմ, բայց տարօրինակ է:
ՉԻԿ — Տարօրինակ ի՞նչ կա: Տիրոջ քմահաճույք է, ուզի՝ կկերակրի, ուզի` կուշանա:
ՊՈՉԵԿ — Չեղավ: Պահում է` թող պահի, կերն էլ ժամանակին տա, վանդակն էլ ժամանակին մաքրի:
ՉԻԿ — Է~… Կարծես չգիտես, որ տերերը պարտականություններ չունեն:
ՊՈՉԵԿ — Բա ինչ ունեն:
ՉԻԿ — Քմահաճույքներ, միայն քմահաճույքներ…
ՊՈՉԵԿ -Կերը որ ուշացնում է, քմահաճո՞ւյք է:
ՉԻԿ — Գուցե քմահաճույք է, գուցե` մի ուրիշ բան:
ՊՈՉԵԿ — Աղիքներս կտրատվում են: Հիմա որ ասի` երգիր, չեմ երգելու:
ՉԻԿ — Կերգես, աղիքներիդ ցավը կհիշես ու կերգես:
ՊՈՉԵԿ — /լարվում է/: Ոտնաձայներ եմ լսում:
ՉԻԿ — Ես էլ:
ՊՈՉԵԿ — Վերջապես:
ՉԻԿ — Ոտնաձայները հեռացան:
ՊՈՉԵԿ — Խիղճ ունեցիր, քաղցածի հետ չեն կատակում:
ՉԻԿ — Չեմ կատակում, մոտեցան ու անցան:
ՊՈՉԵԿ — Հաստատ ինչ-որ բան այնպես չէ:
ՉԻԿ — Նոր ոտնաձայներ… Մի հոգու ոտնաձայներ չեն:
ՊՈՉԵԿ — Երևի հյուրեր ունեն:
ՉԻԿ — Չգիտեմ: Մոտենում են:
ՊՈՉԵԿ — Հո տեսիլք չեն, որ մոտենում, մոտենում ու չեն հասնում:
ՉԻԿ — /հուսահատված/: Սրանք էլ հեռացան:
ՊՈՉԵԿ – Ո՞նց հեռացան:
ՉԻԿ — Հեռացան, էլի…
ՊՈՉԵԿ — Բա կե՞րը…
ՉԻԿ — Էլ ինչ կեր… Բայց սպասիր, կարծես մեկը նորից մոտենում է:
ՊՈՉԵԿ — Սա էլ կհեռանա:
ՉԻԿ — Դեռ մոտենում է: Ինքդ լսիր:
Ոտնաձայներն ուժեղանում են, սենյակ է մտնում տերը:
ՉԻԿ — Տերն է:
ՊՈՉԵԿ — Տերն է, դատարկ ձեռքերով:
ՉԻԿ — Դեմքը դուրս չի գալիս:
ՊՈՉԵԿ — Իմ դուրն էլ…
Այդուհանդերձ, տիրոջ գալու հետ դեմքները խաղաղվում է, վերանում է նախկին լարվածությունն ու անհանգստությունը: Տերը մոտենում է վանդակին: Չիկն ու Պոչեկը ժպտալով կպչում են ճաղերին` ցույց տալով, որ ուրախ են նրան տեսնելու համար: Տերն անշտապ բացում է վանդակի դուռը, ձեռքի շարժումով թռչուններին հրավիրում է դուրս:
ՏԵՐ — Ազատ եք, կարող եք թռչել` ուր ուզում եք: Այլևս թռչուն չեմ պահում:
ՉԻԿ – Ո՞ւր գնանք:
ՏԵՐ — Ուր ուզում եք, հիմա դուք ազատ եք;
ՊՈՉԵԿ — Բայց մենք շատ ենք քաղցած:
ՏԵՐ — Ինքներդ ձեր կերը գտեք:
ՉԻԿ — Երեկ ավելի բարի էիք, նույնիսկ երգեցիք մեզ հետ:
ՏԵՐ — Դա երեկ էր, իսկ այսօր ազատ եք: Մի րոպեն էլ հերիք է աշխարհը փոխելու համար:
ՉԻԿ — Գոնե սովորեցնեիք, թե վանդակից դուրս ինչպես ապրել:
ՏԵՐ — Մեղավոր եմ, չեմ սովորեցրել, բայց հիմա չեմ ուզում ձեր պատճառով գլխացավանքի մեջ ընկնել: Դուրս եկեք:
ՊՈՉԵԿ — Ոչ մի տեղ էլ չեմ գնա:
ՏԵՐ — Մնա, եթե ուզում ես, բայց այլևս չեմ կերակրելու:
ՊՈՉԵԿ — Բարբարոսություն է:
ՏԵՐ — Բարբարոսությունը ձեզ վանդակում պահելն էր: Վերջ… Յուրաքանչյուրն իրավունք ունի ապրել, ինչպես ուզում է:
ՊՈՉԵԿ — Մենք ուզում ենք վանդակում մնալ:
ՏԵՐ — Չեք կարող: Յուրաքանչյուրն իրավունք ունի ապրել, ինչպես ուզում է, բայց` վանդակից դուրս:
ՉԻԿ — Մենք չգիտենք` ինչ է վանդակից դուրսը:
ՏԵՐ — Դուրս գաք, կիմանաք: Գնացի…
ՉԻԿ — Բայց…
ՏԵՐ — Ավելացնելու ոչինչ չունեմ: Գնացի, լավ կլինի դուք էլ շտապեք: /Քայլում է դռան կողմը:/
ՉԻԿ — Վանդակը, վանդակն ի՞նչ եք անելու:
ՏԵՐ — Վանդակի մասին մի մտածեք:
ՉԻԿ – Ո՞նց չմտածենք… Սա մեր ծննդավայրն է, մեր տունը…
ՏԵՐ — Մոռացեք, վանդակը խանութ եմ դարձնելու:
ՉԻԿ – Խանո՞ւթ…
ՏԵՐ — Խանութ, խանութ… Թռչնի կեր եմ վաճառելու: Դե, մնաք բարով, չմոռանաք վանդակն ազատել: /Դուրս է գնում:/
ՊՈՉԵԿ — Իզուր չէր առավոտից սիրտս կծկվում: Գոնե գիտե՞ս, ինչ է այդ ազատությունը:
ՉԻԿ — Ոչինչ չգիտեմ, միայն գիտեմ, որ դուրս արեցին:
ՊՈՉԵԿ — Քաղցս էլ մոռացա:
ՉԻԿ — Այդ դուրսն ինձ համար համատարած խավար է: Ո՞նց տերը չհասկացավ, որ վանդակից դուրս մենք կույր ենք: Եթե նույնիսկ տեսնում ենք, բայց չգիտենք մեր տեսածն ինչ է, էլի կուրություն է:
ՊՈՉԵԿ — Արի դուրս չգանք:
ՉԻԿ — Ուժով կհանեն:
ՊՈՉԵԿ – Ո՞վ:
ՉԻԿ — Տերն ինքը: Դիմադրենք` կսպանեն: Ո՞վ է թռչուն սպանելու համար մեղադրելու:
ՊՈՉԵԿ — Դրսում էլ կմեռնենք:
ՉԻԿ — Առայժմ ոչինչ չգիտենք դրսի մասին:
ՊՈՉԵԿ — Ինչ գիտենք և ինչ չգիտենք: Գիտենք` ինչ է վանդակը, ինչ է դուրսը` չգիտենք: Գիտենք, որ մեզ վռնդեցին, ինչո՞ւ` չգիտենք…
ՉԻԿ — Շատ բան չգիտենք; Տարօրինակ է… Դուրս ենք գալիս և չգիտենք` ինչո՞ւ, չգիտենք՝ ո՞ւր:
ՊՈՉԵԿ — Վախենում եմ:
ՉԻԿ — Ես էլ… Մնալ չեն թողնում, ուր գնալ` չգիտենք:
ՊՈՉԵԿ — Արի թաքնվենք:
ՉԻԿ – Տիրոջի՞ց… Տերն այլևս չի փնտրի մեզ:
ՊՈՉԵԿ — Մենք էլ շնչավոր ենք, կարելի էր մի անգամ մեր կարծիքն էլ հարցնել:
ՉԻԿ – Ո՞ւմ է պետք քո կարծիքը… Հարցնողի համար պիտի կարևոր լինի քո պատասխանը:
ՊՈՉԵԿ — Տխուր է, եթե այդպես է, եթե ոչ մեկին պետք չենք:
ՉԻԿ — Մտածիր գնալու մասին:
ՊՈՉԵԿ — Գոնե մի վերջին անգամ կերակրեր:
ՉԻԿ – Ինչո՞ւ, եթե այլևս պետք չենք:
ՊՈՉԵԿ — Բայց պետք ենք եղել, որ պահել է:
ՉԻԿ – Լսեցի՞ր՝ ինչ ասաց… Մի բան փոխելու համար րոպեն էլ հերիք է: Հիմա մենք խոսում ենք, իսկ կյանքը փոխվում է, մինչև դուրս գանք, էլի կփոխվի: Գուցե այդ ազատությունը այնքան էլ վախենալու չէ, հը՞…
ՊՈՉԵԿ — Չեմ հավատում:
ՉԻԿ — Եկ հրաժեշտ տանք: Մնաս բարով, ծննդավայր, մնաս բարով, հայրենի տուն:
ՊՈՉԵԿ — Մնաս բարով: Մենք չէինք լքի, մեզ ստիպեցին, ներիր… Մնաս բարով:
ՉԻԿ — Դուրս գնանք:
ՊՈՉԵԿ — Գնացինք:
Դժկամությամբ դուրս են գալիս վանդակից: Շարժվում են դժվարությամբ, ասես բեռի ծանրության տակ, անընդհատ վանդակի կողմը նայելով: Նրանց հայացքից, շարժումներից դժվար չէ կռահել, որ ընկճված են, անորոշությունից՝ հուսահատված: Նրանց տրամադրությանը համահունչ երաժշտությունն ավելի է խորացնում անտերության զգացումը: Նրանք ավելի մահապարտներ են հիշեցնում: Հենց այդ դիրքում էլ վարագույրը փակում է նրանց:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան բնության մեջ: Տեղանքը աղքատիկ է բուսականությունից: Հայտնվում են Չիկն ու Պոչեկը` գլխիկոր, հոգնած: Առաջին տպավորությունն այն է, որ ծերունիներ են:
ՊՈՉԵԿ — Հոգնեցի այս դրսից, ոչ մի սահման… Վանդակը սկսվում և վերջանում էր, սա` չէ: Սա, չգիտես, որտեղից է սկսվում և որտեղ է վերջանալու: Աչքերս ցավում են… Էլ չեմ կարող, էլ ոչ մի քայլ…
ՉԻԿ — Գնալ է պետք, այստեղ համարյա ոչինչ չկա:
ՊՈՉԵԿ — Միևնույն է… Հիմա կպառկեմ, և թող լինի, ինչ լինելու է:
ՉԻԿ — Ավելի լավ է հիշես, որ տերը չկա, որ մեր հոգսերը հիմա ինքներս ենք հոգալու: Ամեն ինչ փոխվել է:
ՊՈՉԵԿ — Անարդարություն էր մեզ այդպես դուրս շպրտելը: Կարելի էր աստիճանաբար, վարժեցնելով…
ՉԻԿ — Երևի մտածում ես` համալսարան պիտի բացեին: Ներիր… Չեն հասկացել: Իսկ այստեղից գնալ է պետք:
ՊՈՉԵԿ — Իմ ամեն ինչը ցավում է, ես հոգնել եմ, նույնիսկ փետուրներս են հոգնել:
ՉԻԿ — Մեզ չի կարելի հոգնել, մեզ արգելված է հոգնելը, որովհետև հոգնածներին չեն սիրում, տանիք չեն տրամադրում, ուտելիք չեն տալիս:
ՊՈՉԵԿ – Մի՞թե թռչունների իրավունքները պաշտպանող չկա:
ՉԻԿ – Ի՞նչը պաշտպանեն, եթե քո ասած իրավունքը երբեք չենք ունեցել:
ՊՈՉԵԿ — Բա Ի՞նչ ենք ունեցել:
ՉԻԿ — Ենթարկվելու հնարավորություն:
ՊՈՉԵԿ — Բայց դա էլ մեր ձեռքից խլեցին:
ՉԻԿ — Եղածը եղած է, մտածիր՝ որ ուղղությամբ հեռանանք:
ՊՈՉԵԿ – Մի՞թե միևնույն չէ:
ՉԻԿ — Միևնույն է…
Լսվում է տիրոջ ձայնը. ՛՛Թռչնի կեր, թռչնի կեր՛՛: Քիչ անց երևում է նաև տերը` պարկը ուսին: Նա էլ հոգնած է երևում, հագուստն էլ առաջվա պես կոկիկ չէ:
ՊՈՉԵԿ — Վայ, տերն է:
ՉԻԿ — Տարօրինակ է…
ՊՈՉԵԿ — Տարօրինակ ոչինչ չկա: Երևի մտածել-մտածել ու զղջացել է, որ մեզ դուրս է շպրտել: Տեսնո՞ւմ ես, մեզ է փնտրել և կերն էլ հետն է վերցրել: Ասում էի, չէ՞, խղճով է:
ՉԻԿ — Այնուամենայնիվ, տարօրինակ է…
ՏԵՐ — /նրանց տեսնելով/: Ա~… դո՞ւք եք: /Պարկը դնում է գետնին:/ Ինչ էլ ծանր է: Դուք ինչո՞ւ եք այս օրն ընկել:
ՊՈՉԵԿ — Հա, շատ ենք հոգնել, բայց ձեզ տեսնելուց հետո… Երկա՞ր փնտրեցիք մեզ:
ՏԵՐ — Ես ձեզ չեմ փնտրել:
ՊՈՉԵԿ — Մեզ չե՞ք փնտրել…
ՏԵՐ – Ինչո՞ւ պետք է փնտրեի, առանց ձեզ էլ` հոգսերս շատ են:
ՊՈՉԵԿ — Եթե չեք փնտրել, ինչո՞ւ եք թռչնի կերը քարշ տալիս:
ՏԵՐ — Վաճառում եմ:
ՊՈՉԵԿ — Ուրեմն մենք գնում ենք ձեր կերը:
ՏԵՐ — Իսկ դրամ ունե՞ք:
ՊՈՉԵԿ — Դրամն ի՞նչ է:
ՏԵՐ — Դրամը, սիրելիս, ազատություն է, հնարավորություններ, ապահովություն է: Դրամն ամեն ինչ է:
ՊՈՉԵԿ — Երբ մեզ դուրս գցեցիք, ասացիք, որ ազատ ենք, բայց դրամ չտվեցիք:
ՏԵՐ — Ազատությունն էլ, սիրելիս, ձրի չեն տալիս, բայց ես ձեզ ձրի տվեցի:
ՊՈՉԵԿ — Իսկ հարցրի՞ք, ուզո՞ւմ ենք ձեր այդ ազատությունը, թե՞ չէ: Մեզ նախկին կյանքն էլ էր ձեռք տալիս:
ՏԵՐ — Պարտավոր չէի որևէ մեկից թուլտվություն խնդրել:
ՊՈՉԵԿ — Բայց չէ՞ որ սիրում էիք մեզ:
ՏԵՐ — Սիրել եմ, բայց հիմա նշանակություն չունի:
ՉԻԿ – Հիշո՞ւմ եք, ինչպես էիք բացում վանդակի դուռը և մեզ համար բանաստեղծություններ էիք կարդում` ձեր գրած բանաստեղծությունները: Գիտեիք, որ այդ հանգ ու վանկից մեր խելքը չի հասնում, բայց միևնույն է, ձեզ հաճելի էր մեզ համար կարդալը: Իսկ հիշո՞ւմ եք, մի անգամ բանաստեղծությունը կարդալուց հետո, երբ Պոչեկի հետ սկսեցինք բարձր երգել, ինչպես ոգևորվեցիք, ինչպես էիք բղավում. ՛՛Եթե թռչուններին էլ դուր եկավ, նշանակում է` վերջապես հանճարեղ գործ եմ գրել՛՛: Նույնիսկ պարեցիք, երգում էիք ու պարում և քնքուշ խոսքեր էիք ասում մեզ:
ՏԵՐ — Բանաստեղծության ժամանակներն անցան, ցավում եմ, բայց անցան: Ես էլ առաջվանը չեմ: Հիշողությունները ջերմացնում են, բայց վատ խորհրդատու են: Դուք էլ շատ բան մոռացեք: Հիմա ամեն ինչ ուրիշ է, հիմա բոլոր չափանիշները փոխվել են: Հավատում եմ, որ ձեզ համար վանդակում լավ էր, որ հիմա դժվար է, բայց օգնել չեմ կարող և չեմ էլ ուզում:
ՉԻԿ — Այո, իսկապես առաջվանը չեք, իսկապես փոխվել եք: Ցավալի է, որ կորցրել եք ձեր ռոմանտիզմը և… Մի քիչ էլ չարացել եք:
ՊՈՉԵԿ — Եթե փոխված չլիներ… Իհարկե փոխվել է… Ամբողջ պարկը ուսին… Գիտի, թե ինչ քաղցած ենք, գիտի, որ մեր քաղցի համար ինքն էլ մեղք ունի, բայց կարծես ոչինչ չի եղել, կարծես ինքը մեզ երբեք չի պահել: Փոխվել է, այն էլ ինչպես է փոխվել: Ո՞վ կհավատար, որ կափսոսա մի քանի կորեկաձավար տալ մեզ:
ՏԵՐ — Ձրի չեմ տա, ձրին հակասում է առևտրի օրենքներին:
ՊՈՉԵԿ — Առևտուրն ի՞նչ կապ ունի, ձեզնից օգնություն են խնդրում:
ՏԵՐ — Օգնելն էլ է հակասում առևտրի օրենքներին: Օգնելը թույլերի սովորությունն է: Ուզում եք ապրել՝ ինքներդ գտեք ելքը:
ՉԻԿ — Ուզելն ուզում ենք, բայց չենք կարողանում:
ՏԵՐ — Լավ չեք ուզում: Լավ ուզելու մեջ կարողանալ էլ կա:
ՊՈՉԵԿ — Ուրեմն մեզ չե՞ք օգնի:
ՏԵՐ — Չեմ օգնի, սիրելիներս, պապս էլ որ տատիս ձեռքը բռնած գա, չեմ օգնի: Դեռ կհասկանաք, որ այս աշխարհում ամեն ինչ կռիվ է: Դուք վանդակում էիք կուշտ: Ազատության մեջ փոքր-ինչ այլ է, ազատության մեջ ունեցածդ էլ, չունեցածդ էլ քիչ է թվում: Հենց նույն ազատությունը: Որքան ուզում ես ունեցիր՝ քիչ է թվալու: Ապրելու օրենքն է, միայն մեռածներն են կուշտ ամեն ինչից:
ՊՈՉԵԿ — Մենք ազատություն չենք ուզում, մեր ուզածը մի քանի կորեկաձավարն է:
ՏԵՐ — Չեք տեսել՝ չեք ուզում: Կտեսնեք` քիչ կթվա: Հավատացեք, ցավում եմ, որ չեմ կարող օգնել: Գուցե ինձնից բարիներին, ավելի շուտ` անխելքներին հանդիպեք, բայց ես չեմ կարող… Այնպես որ մնաք բարով, սիրելիներս, ուշացա, այսօր դեռ ոչ մի հատիկ չեմ վաճառել: Ինձ վատ մի հիշեք: Թռչնի կեր, թռչնի կեր…
Պարկը նորից առնում է ուսին և այնպես է հեռանում, ասես ոչ մեկին չի հանդիպել ու չի զրուցել:
ՊՈՉԵԿ — /զարմացած և մի քիչ էլ վիրավորված/: Գնաց:
ՉԻԿ — Հո չէ՞ր մնալու:
ՊՈՉԵԿ — Իզուր նրան կոպիտ բառեր չասացի:
ՉԻԿ — Պետք չէր: Նա մեր ծնողներին էլ է պահել, մեր պապերին էլ…
ՊՈՉԵԿ — Իսկ մեզ դուրս գցեց:
ՉԻԿ — Մեր թռչնի խելքին քիչ բան է հասկանալի:
ՊՈՉԵԿ — Միևնույն է, պիտի կոպտեի:
ՉԻԿ — Ավելի լավ է մտածես՝ ինչ ենք անելու:
ՊՈՉԵԿ — Ոչինչ էլ չեմ ուզում անել: Ուզում եմ պառկել, հիշել վանդակն ու դանդաղ մարել:
ՉԻԿ — Դեռ կհասցնես մարել… Որոշենք, ո՛ր ուղղությամբ ենք գնալու: Երբ որոշենք, մնացածը հեշտ կլինի: Անորոշությունը միջոց չէ, իսկ մեզ նպատակ է հարկավոր: Այստեղ ոչինչ չկա, նշանակում է` առաջին խնդիրը այստեղից գնալն է:
ՊՈՉԵԿ — Որոշիր և գնա, ես չեմ գալիս, ես հոգնած եմ… Ես ուզում եմ հիշել վանդակը, որպեսզի գոնե հիշողության մեջ վանդակում մեռնեմ:
ՉԻԿ — Նվնվալով չես կշտանա:
ՊՈՉԵԿ – Ո՞վ կսպասեր, որ վանդակը չի լինի… Այնքան հավերժական էր թվում:
ՉԻԿ — Մի դանդաղիր, շարժվիր, եթե չգիտես՝ ուր ես գնում:
ՊՈՉԵԿ — Եվ ինչու այսքան հոգնեցի… Տարիքս էլ այն չէ, բայց հոգնեցի…
Չիկ — Գնացինք, դեռ կհասցնես տարիքիդ մասին մտածել…
Բռնում է նրա ձեռքից: Պոչեկը դժվարությամբ հետևում է նրան:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Տեսարանը փոխվում է: Հիմա այն ավելի կանաչապատ է: Թռչունների ծլվլոց ու երգ է հնչում: Բնությունը զարթոնքի մեջ է և այդ զարթոնքի հակապատկերն են Չիկն ու Պոչեկը: Երկուսն էլ ծանր են շնչում:
ՊՈՉԵԿ — Էլ չեմ կարող, հենց հիմա կընկնեմ ու շունչս կփչեմ:
ՉԻԿ – Լսո՞ւմ ես թռչունների ծլվլոցը… Ինչ-որ տեղ մոտերքում են: Պետք է գտնել նրանց: Թռչուններն ավելի շուտ կհասկանան մեզ, որովհետև մենք էլ թռչուն ենք:
ՊՈՉԵԿ — Դու գնա, փնտրիր նրանց… Միայն ինձ հանգիստ թող: /Պառկում է:/ Գնա, պառկած ինձ լավ եմ զգում:
ՉԻԿ — Միասին գնանք: Մի՞թե կարծում ես, որ կարող եմ լքել քեզ, թողնել գետնին ու գնալ:
ՊՈՉԵԿ — Չեմ ուզում, որ քեզ համար էլ վատ լինի:
ՉԻԿ — Եթե քեզ համար վատ է, ինձ համար էլ է վատ:
ՊՈՉԵԿ – Հիշո՞ւմ ես վանդակը… Այս ժամին, ուտելուց հետո, թառում էի ճոճին:
ՉԻԿ — Հա, ուտելուց հետո սիրում էիր ճոճվել:
ՊՈՉԵԿ — Իսկ դու երգում էիր… Ինչո՞ւ էիր այդքան երգում…
ՉԻԿ — Երևի անհոգ էի:
ՊՈՉԵԿ — Իսկ հիշո՞ւմ ես, պահեր կային, երբ տերը ներս էր մտնում, ուրախությունից կպչում էինք ճաղերին ու աղմկում էինք: Տերը փաղաքշական բառեր էր ասում մեզ, նրան դուր էր գալիս մեր ուրախությունը:
ՉԻԿ — Դուր էր գալիս և չէր թաքցնում: Երբ տրամադրությունը բարձր էր, միշտ ՛՛Բալենու այգին՛՛ էր սուլում և երբեք չէր լինում, որ սուլոցը սահուն ու վարժ լինի: Սխալվելիս էլ, չգիտես ինչու, բարձրանում էին ուսերը:
ՊՈՉԵԿ — Ձախ ուսը:
ՉԻԿ — Չէ, աջը…
ՊՈՉԵԿ — Ձախը…
ՉԻԿ — Աջը…
ՊՈՉԵԿ — Միևնույն է, այդպես էլ սուլել չսովորեց:
ՉԻԿ — Պոչեկ:
ՊՈՉԵԿ – Ի՞նչ:
ՉԻԿ — Ասում եմ` գուցե փրկվենք, հը՞… Գուցե գտնենք թռչուններին, գուցե ամեն ինչ լավ վերջանա:
ՊՈՉԵԿ — Դու միշտ էլ լավատես ես եղել, բայց ես չեմ հավատում: Վերջ լավին: Գոնե մեռնելուց առաջ չտանջվեինք:
ՉԻԿ — Ինչ տանջվել, ինչ մեռնել, ինչեր ես ասում… Ես ուզում եմ ապրել, ուզում եմ իմանալ` ինչ կա վանդակից դուրս:
ՊՈՉԵԿ — Տարածություն, միայն տարածություն…
Հայտնվում է Փետրուհին` գունավոր, բարեկազմ, գեղեցիկ… Նրա հայտնվելով շրջապատն ասես ավելի է ջերմանում, լուսավորվում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Բարև, տղաներ Դու ինչո՞ւ ես պառկած:
ՊՈՉԵԿ — Սա ո՞վ է:
ՉԻԿ — Չգիտեմ: /Հմայված նայում է Փետրուհուն:/ Բայց գեղեցիկ է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Տղաներ, ես բարևեցի ու հետո հարցրեցի` ինչո՞ւ ես պառկած:
ՉԻԿ — Բարև:
ՊՈՉԵԿ — Բարև, իսկ ո՞վ ես:
ՓԵՏՐՈՒՀԻ – Փետրուհին: Այդպես են անվանել գեղեցիկ փետուրներիս համար: Ի՞նչ է, հիվանդացե՞լ ես…
ՊՈՉԵԿ — Չէ, հոգնած եմ ու քաղցած:
ՓԵՏՐՈՒՀԻ — Մեղք է այսպիսի եղանակին հոգնելը: Նայիր, ինչ կապույտ ու արևոտ երկինք է:
ՊՈՉԵԿ — Երկինք է, էլի…
ՉԻԿ — Զարմանալի է, չէի նկատել, որ երկինքն այսքան գեղեցիկ է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Առաջարկում եմ միասին թռչել:
ՊՈՉԵԿ – Չլսեցի՞ր, որ քաղցած ենք:
ՓԵՏՐՈՒՀԻ — Լսեցի, երկնքում ուտելիք ավելի հեշտ կգտնենք:
ՊՈՉԵԿ — Բա ինչո՞ւ երկնքում չես:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ձեզ համար իջա… Տեսա՝ պառկած ես, իջա:
ՉԻԿ — Մեզ համա՞ր… Պոչեկ, ասում էի, չէ՞, թռչունները կօգնեն:
ՊՈՉԵԿ — Դեռ հայտնի չէ` սա մեզանից ինչ է ուզում:
ՉԻԿ — Ինքն ասաց, որ իջել է օգնելու:
ՓԵՏՐՈՒՀԻ — Մի փսփսացեք;
ՊՈՉԵԿ — Չենք փսփսում, ուզում ենք իմանաս, որ չենք կարող քեզ հետ թռչել:
ՓԵՏՐՈՒՀԻ – Չասացի՞ք, որ հիվանդ չեք:
ՊՈՉԵԿ — Ասացինք, բայց չենք կարող թռչել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Զարմանալի է:
ՉԻԿ — Զարմանալու ի՞նչ կա… Մենք… Մենք… Միայն հատակից թռել ենք ճոճին ու ճոճից` ցած… Ցատկել ենք ճոճին ու ցած… Միայն ճոճին ու ցած…
ՓԵՏՐՈՒՀԻ – Ի՞նչ հատակ, ի՞նչ ճոճ…
ՊՈՉԵԿ — Մենք միշտ վանդակում ենք եղել, վանդակում էլ ծնվել ենք և… և թռչել չգիտենք:
ՓԵՏՐՈՒՀԻ — Բայց թռչուն եք, չէ՞:
ՉԻԿ — Որ թռչուն ենք, ի՛նչ… Մենք չենք իմացել՝ ինչ է երկինքը. աստղազարդ է, թե արևոտ, մռայլ է, թե պարզ, կապույտ է, թե անգույն… Չենք իմացել, որովհետև չենք տեսել: Մեր ամենաբարձր կետը վանդակի առաստաղն է եղել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ա~… ա~…ա~…
ՊՈՉԵԿ – Ի՞նչ է, վանդակում չե՞ս եղել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Չէ:
ՉԻԿ — Եղել ես դրսում ու միշտ ազատության մե՞ջ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Միշտ:
ՊՈՉԵԿ — Բա ինչպե՞ս է, որ ողջ ես մնացել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Վանդակում ավելի շուտ կմեռնեի:
ՊՈՉԵԿ — Չէ~ մի, կմռնեիր… Ո՞նց է` մենք չենք մեռել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ով վարժվել է ազատությանը, վանդակում չի կարող ապրել:
ՊՈՉԵԿ — Բայց քո ազատությունը բեռի պես ճնշում է ինձ: Զգում եմ՝ ինչպես են նվաղում ուժերս: Ոչինչ չեմ հասկանում… Միայն քաղցի զգացումն է, վտանգի զգացումը… Երևի մի քանի տեսակի ազատություն կա:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ազատությունը չի կարող մի քանիսը լինել:
ՊՈՉԵԿ — Եթե չի կարող, ինչո՞ւ է ինձ համար այսքան վատ, տառապալի, իսկ քեզ համար, ոնց ասում ես` երջանկություն է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Որովհետև դու քո բնությանը հակառակ ես ապրել: Թռչունը չի կարող առանց թռչելու:
ՊՈՉԵԿ — Մի պահ երևակայիր, որ վանդակում ես, ի՞նչ էիր անելու:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ինչքան էլ ձգտեմ, չեմ կարող ինձ վանդակում պատկերացնել… Ես… Ես… Չէի ապրի:
ՊՈՉԵԿ — Չեմ հավատում… Մենք ապրել ենք, չէ՞… Հիմա է, որ մեռնում ենք:
ՉԻԿ — Սպասիր, Պոչեկ, սպասիր… Գուցե չի ստում: Այդ մենք ենք հուսահատվել, այդ մեզ է թվում, թե թողնելով վանդակը` աշխարհ ենք կորցրել: Գուցե ազատությունը մի բան է, որը կորցնելն ավելի մեծ ցավ է, շատ մեծ, այնքան, որ հնարավոր չէ դիմանալ:
ՊՈՉԵԿ — Չեմ ուզում ու չեմ համոզվի: Հիշիր վանդակը… Այն իմ ամեն մի բջջի մեջ է, հոսում է երակներիս միջով… Անգամ հիշելիս ջերմանում է սիրտս, մարմինս երանությամբ է լցվում: Իսկ ազատությունից մրսում եմ, անհարմարությունից ցավում են ոսկորներս:
ՓԵՏՐՈՒՀԻ — Այդպես ես ասում, որովհետև չես տեսել, չգիտես: Դու թռչուն ես, իսկ թռչունը պետք է թռչի: Երբևիցե մտածե՞լ ես, թե ինչի՞ համար են քո թևերը: Ճոճին կարող էիր առանց թևերի էլ ցատկել: Դե ասա, մտածե՞լ ես, թե ինչի՞ համար են քո թևերը… Եթե չգիտես, նշանակում է` չես ապրել, նշանակում է` կյանքն անցել է վանդակի կողքով, անցել է, նրան տեսել ես, բայց չես ապրել, որովհետև նա չի մտել վանդակ:
ՉԻԿ — Եթե հավատանք քեզ… Եթե հավատանք… Մենք մեռած ենք ծնվել: Բայց դու էլ ես տեսնում… Մենք շարժվում ենք, խոսում ենք…
ՓԵՏՐՈՒՀԻ — Շարժվում եք, խոսում եք… Բայց կորցրել եք ձեր կյանքը ու հիմա պիտի փնտրեք, գտնեք այն:
ՉԻԿ – Գտնե՞նք… Ինչպե՞ս…
ՓԵՏՐՈՒՀԻ — Վանդակից դուրս… Հիմա նորածնի եք նման, որ ծնվել և փորձում է ճանաչել աշխարհը… Տեսեք, ինչպես են ճախրում թռչունները…
ՊՈՉԵԿ — Ես հոգնում եմ այդ տարածությունից, ես նայելուց էլ եմ հոգնում…
ՓԵՏՐՈՒՀԻ — Մի հոգնիր, նայիր… Երկնքում է ձեր կյանքը, այնտեղ կիմանաք` ինչի համար են ձեր թևերը և ինչ արժեն: Ուզո՞ւմ եք, թռչել սովորեցնեմ: Դուք թռչուն եք, դուք շուտ կսովորեք:
ՊՈՉԵԿ — Չեմ էլ մտածում:
ՉԻԿ — Ես գուցե փորձեի… Հետաքրքիր է…
ՓԵՏՐՈՒՀԻ — Չհամեմատվող զգացողություն է, ոչնչով չես փոխարինի:
ՊՈՉԵԿ — Մի լսիր նրան, Չիկ, միևնույն է, չի ստացվի: Իզուր տառապելու ես:
ՉԻԿ — Փորձելուց ի՞նչ վնաս, գուցե ստացվի… Չէ՞ որ մենք իսկապես թռչուն ենք:
ՊՈՉԵԿ — Փորձիր` եթե ուզում ես, տես, որ չզղջաս:
ՉԻԿ — Չես նեղանա, չէ՞, եթե կարճ ժամանակով լքեմ քեզ: Ես շուտ կվերադառնամ:
ՊՈՉԵԿ — Միայն` զգույշ… Թևերդ չկոտրես:
ՉԻԿ — Զգույշ կլինեմ:
ՓԵՏՐՈՒՀԻ – Գնացի՞նք:
ՉԻԿ — Ես շուտ կվերադառնամ:
Պոչեկը մնում է: Փետրուհին բռնում է Չիկի ձեռքն ու երգելով տանում է իր հետ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Կապույտ երկինք, մաքուր լույս,
Լուսե թևեր, ճախրանք սեգ:
Լոկ թռիչքն է` կապույտ հույս,
Հնչում մեր մեջ, որպես երգ:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույն տեսարանը: Առաջվա պես Պոչեկը պառկած է գետնին:
ՊՈՉԵԿ — Ուշացավ: Ասա ինչի՞դ էր պետք թռչելը: Հիմա երևի անօգնական ընկած է մի տեղ: Փետրուհին, իհարկե, լքել-գնացել է: Մնա՝ ի՞նչ անի, նա երկնքին է սովոր: Ինչպես էր ասո՞ւմ. ՛՛Երջանկություն է թռչելը…՛՛: Չէ մի… Հետո ոնց էր ասո՞ւմ` չգիտես, հա չգիտես: Չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ: Սովն էլ չգիտեի ինչ է… Իմացա, ի?նչ շահեցի: Թերևս ազատությունն ավելի զզվելի լինի: Ազատություն… Թյու… Տեսնես ինչո՞ւ է ուշանում: Ի՞նչ եմ անելու առանց նրա: Վերջ երանելի օրերին: Լավ է այն, ինչի մասին գիտես: Մնացածը ծուղակ է: Ազատությունն էլ է ծուղակ, թռչելն էլ, Փետրուհին էլ… Չիկն ինչպե՞ս գլխի չընկավ: Հիմա տեսնես որտե՞ղ է: Գոնե կուշտ լինեի: Անհույս երազանք: Կուշտ միայն վանդակում էր: Ավելի լավ է քնեմ, քնած հեշտ կլինի… Գուցե այլևս չարթնանամ… Ավելի լավ: Գոնե հրաժեշտ տայինք իրար, գնաց` առանց հրաժեշտ տալու:
Հայտնվում է Չիկը: Շարժումներն այնպիսին են, ասես թռչելով է գալիս: Ոգևորված է, եթերային հայացքով:
ՉԻԿ — Պոչեկ, Պոչեկ… Քնա՞ծ ես…
ՊՈՉԵԿ — Կարծում էի` այլևս քեզ չեմ տեսնի:
ՉԻԿ – Պատկերացնո?ւմ ես, երկնքից տեսա քեզ, ուզեցի ողջունել, իսկ դու քնած էիր:
ՊՈՉԵԿ — Ես չեմ քնել, ես քեզ էի սպասում:
ՉԻԿ — Ապա պատկերացրու… Թռչում եմ և ոչնչով չեմ տարբերվում մյուսներից: Փետրուհին սկզբում օգնեց թռչել ամենացածր ծառի կատարը: Հետո ավելի բարձր ծառեր ընտրեցինք: Փետրուհին պարզապես մանկավարժ է ծնվել` ուշադիր էր, հոգատար… Թվում էր` մի երկու անգամ թևերս թափահարեմ` վերջ, կհոգնեմ ու կընկնեմ ցած: Բայց թևերս իրենք իրենց էին ճեղքում օդը… Փետրուհին ստիպեց, որ ծառերից էլ բարձր թռչեմ… Վերևից ամեն ինչ ուրիշ է… Ու հանկարծ քեզ տեսա: Ես ու Փետրուհին վերևից ձայն տվեցինք քեզ, իսկ դու քնած էիր:
ՊՈՉԵԿ — Ասացի` չեմ քնել: Մտածում էի՝ այլևս չեմ տեսնի քեզ և այսպես պառկած էլ կմեռնեմ: Ափսոսում էի, որ իրար հրաժեշտ չենք տվել: Իսկ ո՞ւր է Փետրուհին:
ՉԻԿ — Կգա: Որոշել ենք համոզել, որ դու էլ թռչես:
ՊՈՉԵԿ — Իզուր ժամանակ եք կորցրել:
ՉԻԿ — Երբ թռչես, այդպես չես ասի: Մոռացիր ճոճը: Պատկերացրու՝ այս հսկա ծառերը քո ներքևում են: Ներքևում են նաև շենքերը, մարդիկ: Իսկ քո թևերը շարունակում են քեզ վեր բարձրացնել, վե~ր, ավելի վե~ր և հանկարծ ամպի սառնությունից փշաքաղվում ես, անծանոթ դողից փակվում են աչքերդ և այդ ամենը ընդամենը մի ակնթարթ, որովհետև քիչ հետո ամպերն էլ քո ներքևում են ու դու արևի շողերի մեջ ես, անսահման կապույտի մեջ ես: Երանությունից թմրում է մարմինդ ու զգում ես, որ ընկնում ես, բայց վախ չկա, որովհետև կամավոր է քո անկումը… Դու ընկնում ես, որ հետո նորից թռչես:
ՊՈՉԵԿ – Չէի՞ր վախենում:
ՉԻԿ — Մի քիչ… Սկզբում: Դու էլ մի վախենա:
ՊՈՉԵԿ — Չեմ վախենա, որովհետև չեմ թռչելու:
ՉԻԿ – Ինչո՞ւ… Ինչո՞ւ չես ուզում փորձել:
ՊՈՉԵԿ — Որովհետև մեջս թռիչք չկա:
ՉԻԿ -Կլինի: Իմ մեջ էլ չկար:
ՊՈՉԵԿ — Դու ուրիշ ես… Իսկ իմ մեջ չկա, իմ մեջ թռչելու միտքն էլ չկա:
ՉԻԿ — Բայց բնությունը մեզ թռչելու համար է ստեղծել:
ՊՈՉԵԿ — Գուցե, բայց մենք կորցրել ենք մեր նշանակությունը:
ՉԻԿ — Պարզվում է, չենք կորցրել… Չէ՞ որ ես թռա…
ՊՈՉԵԿ — Հնարավոր է, որ դու չես կորցրել, բայց ես վախենում եմ:
ՉԻԿ – Ինչի՞ց:
ՊՈՉԵԿ — Վտանգից:
ՉԻԿ — Վտանգավոր ոչինչ չկա:
ՊՈՉԵԿ — Երկնքին նայիր:
ՉԻԿ — Նայեցի, պայծառ, կապույտ երկինք է:
ՊՈՉԵԿ — Ուշադիր նայիր… Իսկ հիմա փորձիր թեկուզ մտովի այդ տարածության մեջ թաքնվել: Փորձիր, փորձիր… Հասկացա՞ր, որ չես կարող:
ՉԻԿ — Բայց դրա կարիքը չկա:
ՊՈՉԵԿ — Սխալվեցիր… Եթե թաքնվելու տեղ չկա, միշտ էլ վտանգավոր է: Եթե թաքնվելու տեղ չկա` թիրախ ես, ամենասովորական թիրախ:
ՉԻԿ – Ո՞ւմ համար:
ՊՈՉԵԿ — Քեզնից ուժեղ թռչունների, քամիների, կայծակների, որսորդների համար: Էլի ուժեր կլինեն` երևացող ու չերևացող:
ՉԻԿ — Վտանգը վանդակում էլ կգտնի:
ՊՈՉԵԿ — Չէ… Այդ դեպքում թիրախը տերն է, իսկ տերը թաքնվելու տեղեր շատ ունի: Օֆ… Թվում է՝ այլևս երբեք կուշտ չեմ լինի:
ՉԻԿ — Երկնքում ուտելիք շատ կար:
ՊՈՉԵԿ — Բաղդադում էլ` խուրմա:
ՉԻԿ — Կարող ես անձամբ համոզվել:
ՊՈՉԵԿ — Թյու… Էլի նույն երգը… Վանդակը հիշիր` ապահո~վ, տա~ք: Ժամը քանիսը կլինի… Վիտամինների ժամն է… Տերը շատ պարտաճանաչությամբ էր հետևում, որ վիտամինները ժամանակին ընդունենք: Ցուրտ օրերին էլ սավանով ծածկում էր վանդակը, որ քամուց չհիվանդանայինք: Սավանի հոտը քթիս մեջ է` հնության ու փոշու խառնուրդով:
ՉԻԿ — Հիմա մեջս կասկած կա: Կարծում էի` վանդակի կյանքն է ճիշտը… Հիմա մտածում եմ… Եվ հնարավոր է, որ սխալվում եմ:
ՊՈՉԵԿ — Չես սխալվում: Ճիշտն այն է, ինչը քոնն է: Մերը վանդակն էր և վանդակն է ճիշտը:
ՉԻԿ -Մենք չգիտեինք` ինչ է դուրսը, հիմա իմացանք: Գուցե մի երրորդ, չորրորդ վիճակ էլ կա, որի մասին չգիտենք: Իմանանք, գուցե նրանք կլինեն մերը:
ՊՈՉԵԿ — Ինչը քեզ է բաժին ընկել, նա է քոնը:
ՉԻԿ — Եթե ցեխն ես ընկել` մնաս, ինչ է` ցե՞խն է քոնը…
ՊՈՉԵԿ — Դուրս գալուց ինչ օգուտ, եթե ցեխն է քոնը:
ՉԻԿ — Թռչելիս մտածեցի` գուցե վանդակը չէ իմը, գուցե իմը երկինքն է:
ՊՈՉԵԿ — Մի անգամ ես թռել և արդեն ուզում ես երկնքից թոշակ ստանալ: Ապրելով է իմացվում լավն ու վատը:
ՉԻԿ — Գիտեմ, քո համար լավը ապահովությունն է:
ՊՈՉԵԿ — Քո համար էլ, պարզապես չգիտես, որ այդպես է:
ՉԻԿ — Գիտեմ, բայց ուզում եմ, որ մի ուրիշ բան էլ լինի:
ՊՈՉԵԿ — Այդքան մի ուզիր: Ինչն անծանոթ է, վտանգավոր է: Եթե չես վիրավորվի, ես մի քիչ քնեմ:
ՉԻԿ — Քնիր մինչև Փետրուհու գալը:
ՊՈՉԵԿ — Որ գա, ի՞նչ է անելու:
ՉԻԿ — Չգիտեմ, հո այստեղ չե՞նք մնալու:
ՊՈՉԵԿ — Ես նրան քնած կսպասեմ:
ՉԻԿ — Քնիր, քնիր… Իմ քունը չի տանում, անընդհատ թռիչքի մասին եմ մտածում:
ՊՈՉԵԿ — Հա, չես կարող քնել… Ես ինձ թույլ եմ զգում:
ՉԻԿ — Քնես, պինդ կզգաս:
Չիկը երազկոտ նայում է վեր: Պոչեկը փակում է աչքերը, փորձում է քնել:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույն տեսարանը: Երաժշտությունը շարունակվում է: Չիկը նստած է, Պոչեկը աչքերը տրորելով արթնանում է:
ՊՈՉԵԿ – Չքնեցի՞ր:
ՉԻԿ — Չէ:
ՊՈՉԵԿ — Իսկ ես երազ տեսա: Մութ սենյակ էր` ոչ դուռ, ոչ լուսամուտ: Հետո ինչ-որ շող կիսեց մութը: Հարահոսի պես շող էր` անընդհատ շարժվող: Տարօրինակ շող էր, որ միայն իրեն էր լուսավորում: Հետո շողի միջով կորեկաձավար հոսեց` մեծ, դեղին ու լուսավոր հատիկներով: Ագահորեն վրա ընկա, ուզեցի մի բուռ վերցնել, բայց կորեկաձավարը հեղուկի պես հոսեց մատներիս արանքից և կրկին խառնվեց շողին: Շատ փորձեցի, բայց ոչ մի հատիկ ձեռքս չընկավ…
ՉԻԿ — Սովածի երազ է:
ՊՈՉԵԿ — Հետո շողն ինչպես հայտնվել էր, այդպես էլ չքացավ: Շոշափեցի հատակը, գուցե մի քանի հատիկ ընկած լիներ… Ոչ մի հատիկ չգտա:
ՉԻԿ — Փետրուհին ուշացավ:
ՊՈՉԵԿ — Էլ չի գա:
ՉԻԿ — Նա չի կարող խաբել:
ՊՈՉԵԿ – Որտեղի՞ց գիտես… Չէ՞ որ քեզ խաբեց… Թե չէ դու թռչողը չէիր:
ՉԻԿ — Չի խաբել, ինքս ուզեցի:
ՊՈՉԵԿ — Բա ո՞ւր է:
ՉԻԿ — Կգա, եթե խոստացել է` կգա:
ՊՈՉԵԿ — Իսկ եթե բան է պատահե՞լ: Չէ՞ որ երկնքում ամեն ինչ հնարավոր է:
ՉԻԿ — Միայն դա չլինի:
ՊՈՉԵԿ — Լինի-չլինի, ոչնչով չենք կարող օգնել:
ՉԻԿ – Ինչո՞ւ չենք կարող, մի՞թե մի աղջկա չենք կարող օգնել:
ՊՈՃՉԵԿ — Չենք կարող, որովհետև չգիտենք, թե որտեղ է:
ՉԻԿ — Այդպիսի բան չի լինի, նա մեզ չի լքի:
ՊՈՉԵԿ — Մեզ չէ, քեզ:
ՉԻԿ — Նա մեր վերջին հույսն էր:
Աղիողորմ, կերկերուն ձայն է լսվում. ՛՛Ողորմացեք մուրացկանիս, ողորմացեք մուրացկանիս…՛՛: Այնուհետև հայտնվում է ձայնի տերը` ձեռնափայտով, ցնցոտիների մեջ, ձեռքն առաջ պարզած… Մուրացկանը տերն է, բայց նրա ինքնաբավ տեսքից ոչինչ չի մնացել: Թվում է՝ նույնիսկ մի փոքր կորացել է: Նա չի նկատել Չիկին ու Պոչեկին և անտարբեր փորձում է շարունակել իր ճանապարհը, կրկնելով. ՛՛Ողորմացեք մուրացկանիս…՛՛:
ՊՈՉԵԿ — Սրա դեմքն ինձ ծանոթ է:
ՉԻԿ — Ինձ էլ:
ՊՈՉԵԿ — Այ քեզ բա~ն… Սա հո մեր տերն է:
ՉԻԿ — Այս ի՞նչ օրի է և ինչո՞ւ է այսքան կեղտոտ ու անլվա:
ՊՈՉԵԿ — Եկ ձայն տանք: /Կանչում է:/ Մենք այստեղ ենք;
ՏԵՐ — /շրջվում, նկատում է նրանց, մեկուսի/: Նորի՞ց դուք: Կարծում էի, այլևս չեմ տեսնի: /Մոտենում է:/
ՊՈՉԵԿ — Մենք ենք, մենք ենք… Այս ի՞նչ օրն եք ընկել:
ՉԻԿ — Հազիվ ճանաչեցինք:
ՏԵՐ — Օրս օր չի: Ինձանից վաճառական դուրս չեկավ: Ծայրահեղությունների ժամանակներ են: Կամ հարստանում ես, կամ` ինձ նման ողորմություն խնդրում: Միջինը չկա:
ՉԻԿ — Հիմա ձեզ ո՞վ պիտի օգնի: Դուք էիք ասում, թե օգնելը թույլերի սովորությունն է: Եթե ձեզ լսենք, հիմա մնացել են միայն հարուստները, որ թույլ չեն, և մուրացկանները, որ թույլերից ցածր են: Ումի՞ց եք ողորմություն խնդրում:
ՏԵՐ — Էլի եմ կրկնում, որ օգնելը թույլերի սովորությունն է և թույլերից էլ խնդրում եմ: Հավատացեք, թույլեր շատ կան և՛ հարուստների, և՛ մուրացկանների մեջ: Ձեր գործերն ինչպե՞ս են:
ՉԻԿ — Միակ ունեցածներս հույսն է:
ՏԵՐ – Միա՞յն:
ՉԻԿ — Առայժմ դա է:
ՏԵՐ — Քիչ է, շատ քիչ է: Հույսով շատ բանի չես հասնի: Ես էլ հույս ունեի, հիմա ցնցոտիների մեջ եմ:
ՉԻԿ — Ձեր հույսից բան չէր դուրս գա:
ՏԵՐ – Ինչի՞ որ:
ՉԻԿ — Որովհետև ձեր հույսը հիվանդ էր: Ապահովվածների հույսը միշտ էլ հիվանդ է լինում: Նրանք կամ քիչ կամ բոլորովին չեն ապավինում հույսին:
ՏԵՐ — Ուզում եմ, որ միշտ հիշես, սիրելիս, որ հույսը նյութի ծնունդ է…
ՉԻԿ — Բայց նյութապես դուք ապահովված էիք:
ՏԵՐ — Էի… Հիմա` չեմ: Փոխարենը հույսս է առողջացել: Գուցե նորից բախտս բերի:
ՉԻԿ — Ձեր ասելով չի բերի, եթե այլևս ապահովված չեք:
ՏԵՐ — Ամեն ինչ հարաբերական է: Այս վիճակում էլ ինձ վատ չեմ զգում:
ՊՈՉԵԿ — Դրա համար էլ մեզ դուրս գցեցիք:
ՏԵՐ — Դրա համար չէ: Էլի եմ ասում` ժամանակները փոխվել են: Նոր իշխանությունները հրամայել են ոչ մեկին չպահել վանդակում: Ոչ մեկին, նույնիսկ թռչուններին: Չկատարողներին խիստ պատիժ է հասնում: Ես էլ ազատ արձակեցի ձեզ:
ՊՈՉԵԿ — Իսկ չասացի՞ն, որ վանդակում ծնվածներին չի կարելի միանգամից անկախություն տալ, ազատություն տալ: Չասացի՞ն…
ՏԵՐ – Ո՞վ ասեր:
ՊՈՉԵԿ — Չգիտեմ, մեկը պիտի մտածեր, որ մեր նմանները ազատության մեջ մոլորյալներ են:
ՏԵՐ — Անկախությունը մաս-մաս չի լինում: Կամ լինում է, կամ` չէ: Դիմանալ է պետք:
ՊՈՉԵԿ — Դուք էլ չդիմացաք, չնայած վանդակում չէիք:
ՏԵՐ – Ո՞վ ասաց` չէի… Պարզապես իմ վանդակն ավելի մեծ էր: Միայն նոր ծնվածները կհասկանան` ինչն ինչոց է և հնարավոր է` երջանիկ էլ լինեն:
ՊՈՉԵԿ — Նույնիսկ երջանի՞կ:
ՏԵՐ — Կյանքը շարունակվում է և ինչ փոփոխություններ էլ լինեն, բոլորն էլ ուզում են ապրել:
ՊՈՉԵԿ — Ես փոփոխություններ չեմ սիրում: Ես նորից կուզենայի վանդակում լինել:
ՏԵՐ — Հիմարություն է, կյանքը միշտ էլ քաղցր է: Դուք չպիտի նստեք, դուք ժամանակ չունեք նստելու, դուք չեք ճանաչում կյանքը:
ՉԻԿ — Նստել ենք, որովհետև մեր ընկերուհուն ենք սպասում:
ՏԵՐ — Արդեն լավ է: Լավ է, որ ընկերուհի եք գտել: Չէ, առանց կատակի, դա իսկապես լավ է: /Պատրաստվում է հեռանալ:/
ՊՈՉԵԿ — Նորից լքում եք մեզ:
ՏԵՐ — Ուտել բոլորն են ուզում, սիրելիներս: Հիմա մարդիկ երկար չեն մնում փողոցներում, մութն ընկնելուն պես փակվում են տներում, այնպես որ պիտի շտապել: Սպասեք ձեր ընկերուհուն, փորձեք ճանաչել կյանքը: /Կրկին ձեռքն առաջ պարզած դանդաղ հեռանում է` կանչելով:/ Ողորմացեք մուրացկանիս, ողորմացեք մուրացկանիս…
ՊՈՉԵԿ — Մի տեսակ խեղճացել էր:
ՉԻԿ — Մեր մասին մտածիր, եթե Փետրուհին չգա, ի՞նչ ենք անելու:
ՊՈՉԵԿ — Էլ չի գա:
ՉԻԿ — Բայց առայժմ նա միակն էր, որ ուզում էր օգնել մեզ, գիտեր, որ իր կարիքն ունենք:
ՊՈՉԵԿ — Փետրուհի~… Փետրուհի~…
ՉԻԿ – Գժվեցի՞ր:
ՊՈՉԵԿ — Չգժվեցի, կանչում եմ` Փետրուհի~…
ՓԵՏՐՈՒՀԻ — /հայտնվելով/: Ո՞վ է ինձ կանչում:
ՉԻԿ – Եկա՞վ:
ՊՈՉԵԿ – Հասկացա՞ր… Պիտի կանչես, եթե ուզում ես, որ գան:
ՉԻԿ — Քեզ էինք սպասում, անհանգստանում էինք:
ՓԵՏՐՈՒՀԻ — Լավ է, երբ քեզ սպասող կա: Իսկ անհանգստանալ պետք է: Առաջվա քաղաքը չի, փողոցները լցվել են վաճառականներով, մուրացկաններով, հանցագործներով… Խելագարներն ավելի շատ են, համարյա յուրաքանչյուր երրորդը խելագար է: Ամենացնցողը երեխաներն են, որ ասես հալածված լինեն գազաններից:
ՉԻԿ — Պատմում ես ու զգում եմ` ինչպես է անհանգստությունը փետուրներիս միջով ներսս լցվում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ձեր բախտը չբերեց, ձեզ համար դժվար կլինի: Գոնե կրակոցները չլինեին, թե չէ մութն ընկնելուն պես անընդհատ կրակոցներ են լսվում:
ՊՈՉԵԿ — Այս ամենը կանխազգում էի: Վանդակից հետո վտանգի զգացողությունը ոչ մի վարկյան չի լքել ինձ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Իզուր ես խուճապի մատնվում, պարզապես պետք է զգույշ լինել:
ՊՈՉԵԿ — Ինձ համար զգուշությունը վանդակն էր:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հիշեցի… Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ են հայտնվել, որ նորից ուզում են թռչուն պահել:
ՊՈՉԵԿ – Ի՞նչ… Կրկնիր, խնդրում եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ – Ինչո՞ւ ցնցվեցիր:
ՉԻԿ — Եվ գույնն էլ գցեց:
ՊՈՉԵԿ — Չիկ, ճիշտ էիր, որ Փետրուհին հրաշալի է, հավատում եմ, որ ուզում է օգնել մեզ: Խնդրում եմ, մի անգամ էլ կրկնիր, որ մարդիկ նորից ուզում են թռչուն պահել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ուզում են, ուզում են… Չիկ, դու իսկապե՞ս ասել ես, որ հրաշալի եմ:
ՊՈՉԵԿ — Ասել է և էլի շատ լավ բաներ է ասել և ես էլ համաձայնել եմ, որ աննման ես:
ՓԵՏՐՈՒՀԻ – Դո՞ւ… Դու, ախր, ինձ չես էլ վստահում:
ՊՈՉԵԿ — Հիմա և՛ վստահում եմ, և՛ սիրում եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ — /Չիկին/: Դու է՞լ:
ՉԻԿ — Ես չգիտեմ, ամեն ինչ այնքան արագ է փոխվում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Անհասկանալի է, որ թռչունն ուզում է նորից վանդակ վերադառնալ:
ՊՈՉԵԿ — Անհասկանալի ի՞նչ կա, անհասկանալին մեր այստեղ մնալն է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Այնպես ես շտապում, կարծես…
ՊՈՉԵԿ — Չեմ ուզում ուշացնել: Չիկ, ինչո՞ւ չես ոգևորվում, ինչո՞ւ ես հանգիստ կանգնել:
ՉԻԿ — Կերպարանափոխվեցիր:
ՊՈՉԵԿ — Որովհետև վերջ անորոշությանը: Թող կրակեն ինչքան ուզում են` ի՞նձ ինչ, թող մուրան ու քաղցեն, ինչքան ուզում են` ի՞նձ ինչ, թող հալածեն ու հալածվեն, ինչքան ուզում են` ի՞նձ ինչ… Կյանքը հրաշալի է, ես վերադառնում եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Եվ ի՞նչն ես կյանք համարում:
ՊՈՉԵԿ — Չիկ, բացատրիր նրան` ինչ է կյանքը:
ՉԻԿ — Հիմա իսկապես որ ամեն ինչ խառնեցի:
ՊՈՉԵԿ — Մի տարակուսիր, Չիկ: Հիշիր վանդակն ու հեշտ կլինի: Հիշիր, որ մեր ծնողներն էլ են վանդակում ծնվել և վանդակում էլ մեռել են: Շուրջդ նայիր, ամեն ինչ խորթ է և դու ես նրանց խորթ: Միայն վանդակում կարող ես քեզ լավ զգալ: Փետրուհին կհասկանա, նա քեզ կների…
ՉԻԿ — Հավատում եմ, բայց…
ՊՈՉԵԿ — Ուրեմն` մի հապաղիր: Ինքդ էլ լսեցիր, որ ամեն ինչ խառնվել է իրար: Դու աճպարար չես, որ այդ ամենից գլուխ հանես: Վանդակն ուրիշ է, վանդակն ապահով է:
ՉԻԿ — Փետրուհուն էլ չեմ կարող լքել:
ՊՈՉԵԿ — Փետրուհի, բացատրիր, որ հիմարություն է անում, ցրիր այս մոլորյալի կասկածները: Նա երբեք մինչև վերջ չի ընկալելու ազատությունը, չի կարողանալու տարբերել լավը վատից, չարը` բարուց…
ՓԵՏՐՈՒՀԻ — Նա ազատության մեջ իր առաջին քայլն արդեն արել է, նա հայտնվել է երկնքում: Ճիշտ է, վանդակում չեմ եղել, բայց մի՞թե մահն իմանալու համար պիտի մեռնես: Վանդակն ինձ համար մահ է և չէի ուզենա մի րոպե իսկ այնտեղ լինել:
ՊՈՉԵԿ — Մենք վանդակից ենք, բայց կարծեմ, մեռած չենք:
ՓԵՏՐՈՒՀԻ — Բայց ես չեմ կարող Չիկին նորից վանդակ ուղարկել:
ՊՈՉԵԿ — Չիկ, նրան մի լսիր:
ՉԻԿ — Զարմանալի է… Երկուսդ էլ համոզում եք ինձ:
ՊՈՉԵԿ — Ասա, որ ինձ չես լքի: Չէ՞ որ նույնն է մեր ուրախությունն ու տխրությունը:
ՉԻԿ — Մի սպասիր, որ խոստումներ տամ: Գուցե այլևս երբեք հնարավորություն չունենամ ապրելու ազատության մեջ, երբեք…
ՊՈՉԵԿ — Վճռական եղիր: Մենք վանդակում էլ կստեղծենք ուզածդ երևակայական ազատությունը, որը նույնն է, միայն` առանց վտանգների:
ՓԵՏՐՈՒՀԻ — Լրիվ ցնդել ես: Ի՞նչ երևակայական ազատություն: Եվ ի՞նչ ես անընդհատ` վտանգ հա վտանգ… Ուզում ես իմանալ` ամենամեծ վտանգն` ապրելն է: Խուսափում ես վտանգից՝ մի ապրիր: Բայց չէ, դու նաև ապրել ես ուզում:
ՊՈՉԵԿ — Չիկ, վանդակի դռնից ներս այլևս կասկածներ չես ունենա:
ՓԵՏՐՈՒՀԻ — Չիկ, ես քեզ ոչինչ չեմ պարտադրում, միայն հիշիր, որ թռչուն ես, որ թռչնի կյանքը երկինքն է:
ՊՈՉԵԿ — Չիկ, մի գայթակղվիր:
ՉԻԿ — Լռեք երկուսդ էլ… /Մեկուսի:/ Ով խոսում է, թվում է՝ նա է ճիշտ… Արի ու գլուխ հանիր… Երկուսն էլ պատասխանի են սպաում` Պոչեկը, որի հետ ծնվել ու մի ամբողջ կյանք եմ ապրել, և Փետրուհին, որ ինձ հիշեցրեց իմ ով լինելը:
ՊՈՉԵԿ – Հը՞…
ՓԵՏՐՈՒՀԻ — Վճռիր և ոչ մեկը չի վիրավորվի…
ՊՈՉԵԿ — Ճիշտ է ասում, միայն թե` մի դանդաղիր:
ՉԻԿ — /զգացվում է, որ ներքին պայքարի մեջ է/: Ես… Ես… Ես մնում եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ – Կեցցե՛ս, Չիկ, այդպես էլ գիտեի:
ՊՈՉԵԿ – Ի՜նչ անխոհեմություն:
ՉԻԿ — Ներիր, ուզեցի ազատ կյանքն էլ ճանաչել… Հնարավոր է, քո ասածը լինի ու վատ լինի, բայց ուզում եմ փորձել: Սիրտս ցավում է, երբ մտածում եմ, որ բաժանվելու եմ քեզանից:
ՊՈՉԵԿ — Ինչպես էի վարժվել քեզ:
ՉԻԿ — Ես էլ:
ՊՈՉԵԿ — Հետևիր նրան, Փետրուհի, նա դեռ այնքան անփորձ է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Դու էլ բարի հիշիր ինձ:
ՊՈՉԵԿ — Դե ինչ, Չիկ, հնարավոր է՝ այլևս չտեսնենք իրար… Կուզենայի, որ սխալված չլինեիր… Ինչ էլ լինի, հիշիր որ`
Վանդակից լավ տեղ չկա,
Վանդակից լավ դեղ չկա,
Ով ինչ կուզի, թող ասի,
Տիրոջից լավ ցեղ չկա:
ՓԵՏՐՈՒՀԻ — Մենք էլ գնանք, Չիկ: Առավոտյան կսկսվի քո նոր կյանքի առաջին իսկական օրը և գուցե տխրությունդ մեղմանա:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Չիկը նստած է կոճղին, Փետրուհին պտտվում է նրա շուրջը:
ՓԵՏՐՈՒՀԻ – Ինչո՞ւ ես լռում, ինչո՞ւ չես խոսում:
ՉԻԿ — Հանգստանում եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Անզեն աչքով էլ տեսանելի է, օրեցօր ավելի ես մռայլվում:
ՉԻԿ — Վերջ տուր կպչելուդ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Նախկինում չէիր կոպտում, հիմա հազիվ ես քեզ զսպում:
ՉԻԿ — Ներիր, Պոչեկին հիշեցի: Չեմ կարողանում մոռանալ նրա հայացքը, երբ վերջին անգամ մեր կողմը շրջվեց:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ոչ ոք նրան ոչինչ չպարտադրեց: Քեզ էլ չստիպեցին:
ՉԻԿ — Ուրեմն որտեղի՞ց է մեղքի զգացումը, որ անընդհատ խորանում ու չի թողնում գտնեմ ինձ, այլ մաս-մաս, բջիջ-բջիջ քայքայում է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ինքդ քո համար դժվարություններ մի ստեղծիր: Ի՞նչ մեղք ես գործել, ասա, ո՞րն է քո մեղքը: Ինչո՞ւ ես կորցրել քեզ ու չես կարողանում գտնել: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Նա ընտրեց, դու էլ ընտրեցիր, ո՞րն է քո մեղքը: Ինչո՞ւ ես տանջում քեզ և ինձ էլ քեզ հետ: Չես էլ զգում, որ էլ առաջվանը չես, փոխվել ես: Միշտ քնքուշ էիր, ի՞նչ եղավ… Ես փոխվեցի՞… Եթե մեղք էլ ունես, ապա քո մեղքը ինքդ քեզ կորցնելն է:
ՉԻԿ — Ուրեմն, իրոք մեղավոր եմ… Իրոք կորցրել եմ ինձ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ակամա մեղավոր:
ՉԻԿ – Ակամա՞…
ՓԵՏՐՈՒՀԻ — Մի խճճվիր ու մի թույլ տուր, որ տխրության մաղձը ուտի քեզ:
ՉԻԿ — Փորձում եմ, չի ստացվում:
ՓԵՏՐՈՒՀԻ – Վե՞րջը…
ՉԻԿ — Մտածում եմ` Պոչեկն հիմա ի՞նչ է անում, ո՞ւմ հետ է… Հետո մտածում եմ, որ գուցե իզուր եմ տանջվում, որ գուցե նա չկա այլևս:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հակառակը մտածիր, մտածիր, որ լավ է, չի մրսում, քաղցած չէ:
ՉԻԿ — Դա էլ եմ մտածում, բայց վատն ավելի հավանական է թվում:
Արգելակվող մեքենայի ձայն: Լսվում է, ինչպես է բացվում ու փակվում մեքենայի դուռը: Չիկն ու Փետրուհին զգաստանում են: Հայտնվում է մեքենայի տերը, նա թռչուններին չի տեսել: Մատներին՝ ոսկե մատանիներ, կրծքին՝ հաստ, ոսկե շղթա: Տեսքն ինքնագոհ է: Արագ մոտենում է թփի: Կարիքը բավարարելուց հետո շրջվում է և միայն այդ պահին է նկատում Չիկին:
ՏԵՐ — Էլի դո՞ւ… Կարո՞ղ ա, քեզանից մի տասը հատ կա… Ուր գնամ` դեմս ես դուրս գալիս:
ՓԵՏՐՈՒՀԻ – Ո՞վ է:
ՉԻԿ — Մեր տերն էր:
ՏԵՐ — Էս ա, հա՞, ընկերուհիդ: Ոչինչ, լավիկն ա:
ՓԵՏՐՈՒՀԻ — Սրան էի՞ք հիշում:
ՏԵՐ – Ի՞նչը դուրդ չեկավ:
ՉԻԿ — Նորից վաճառական եք դարձե՞լ:
ՓԵՏՐՈՒՀԻ – Ի՞նչ վաճառական, սա հանցագործ աշխարհի հեղինակություններից է:
ՏԵՐ – Տես, է՛, դա էլ գիտի:
ՉԻԿ – Հանցագո՞րծ…
ՏԵՐ – Ինչո՞ւ շշմեցիր: Հիմա ամեն ինչ արագ է փոխվում: Իմիջիայլոց, ընկերդ էլի ինձ մոտ է: Դու ինչո՞ւ չեկար:
ՓԵՏՐՈՒՀԻ — Նա ազատությունը նախընտրեց:
ՏԵՐ – Սա՞… Ի՞նչ գիտի ազատության մասին, որ նախընտրեց:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ինչ որ բաներ գիտի:
ՉԻԿ — Չեմ հավատում, թե հանցագործ եք:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հավատա, հավատա… Գիտե՞ս, ինչ է անում… Սպանելու սպառնալիքով թալանում է, խաբում է, ստորացնում է:
ՉԻԿ — Տարօրինակ է, նրանից չեմ սպասում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հարցրու, որտեղի՞ց այդ զարդերը:
ՏԵՐ — Քիչ խոսիր:
ՉԻԿ — Բայց այդքան արագ փոփոխություններից երկաթն էլ կճաքի:
ՓԵՏՐՈՒՀԻ — Երկաթը կճաքի, սա` չէ: Սա աչքն էլ չի թարթի ու կսպանի:
ՏԵՐ — Լեզուդ փետուրներիցդ երկար է:
ՉԻԿ — Ընկերուհուս մի վիրավորեք:
ՏԵՐ — Այ քեզ բան… Չէ, դրսում էլ նույն դմբոն ես մնացել:
ՉԻԿ — Փոխարենը դուք եք շատ փոխվել:
ՏԵՐ — Փոխվել եմ, ճիշտ ես, շատ եմ փոխվել: Ինձ մտավորական գիտեիր… Հետո մուրացկան դարձա… Չէ, վաճառական, հետո մուրացկան… Նշանակություն չունի… Ամեն ժամանակ ապրելու իր պահանջն ունի: Ուզում ես կուշտ լինել` այդ պահանջին պիտի ենթարկվես…
ՉԻԿ — Մեկն էլ ձեզ կարող է թալանել, սպանել, ստորացնել:
ՏԵՐ — Կարող է, դրա համար էլ միշտ զգոն եմ:
ՉԻԿ — Բայց մի՞թե չեք խղճում նրանց, ում թալանում եք: Ո՞րն է նրանց մեղքը:
ՏԵՐ — Մի խղճա ու մի ասա, որ մեղավոր չեն: Նրանք են ծնում վաճառականներին էլ, մուրացկաններին էլ, հանցագործներին էլ: Ծնում են իրենց լռությամբ, անտարբերությամբ… Քեզ խղճա: Հա, ընկերոջդ կողքին տեղ եմ պահել, նեղն ընկնես, արի:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ձեզ մոտ օձն էլ չի գա:
ՏԵՐ — Չեմ ուզում թևերդ պոկել, սիրունիկ թռչնակ ես… Չգիտես` մի բլբլացրու: Հիմա ազատության մեջ ծնվածներն էլ են ուզում վանդակ մտնել… Չեն ուզում, խնդրում են… Թռչուններին դժվար է հարմարվել ժամանակի ընթացքին, մեր ժամանակին՝ առավել ևս, որովհետև մեր ժամանակը ուղղություն չունի: Դու դրան մի լսիր, արի, ընկերդ էլ կուրախանա:
ՉԻԿ – Ինչպե՞ս է:
ՏԵՐ — Օրերով ձայնը չի լսվում:
ՉԻԿ — Տխրում է, առանց ինձ տխրում է:
ՏԵՐ — Կտխրի, բա չի՞ տխրի՞ Խելքդ էս երեսառածին ես տվել… Սրա նմաններին ի վերջո կամ վառում են, կամ գնդակահարու: Իզուր էլ ժամանակ եմ կորցնում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Վաղուց պիտի գնայիք:
ՏԵՐ — Այս անգամ ներում եմ… Մեկ էլ հանդիպես` ես քո…
Գնում է: Լսվում է մեքենայի բացվող և փակվող դռան ձայնը:
ՉԻԿ — Օրերով ձայնը չի լսվում… Չի երգի, ո՞ւմ համար երգի, ինչի՞ մասին… Նույնն էր, երբ մայրը մահացավ: Զզվելի օր էր: Առավոտյան արթնացանք և տեսանք նրա մորը հատակին, մեջքի վրա պառկած, ոտքերը սեղմած որովայնին, աչքերը` փակ: Հետո տերը եկավ, թղթով բռնեց չորացած մարմինն ու տարավ: Չգիտեմ՝ ինչ թուղթ էր, բայց չափազանց բարձր էր խշշում: Թղթի ձայնը մինչև օրս էլ ականջներիս մեջ է: Ոչ մի արարողություն, մխիթարանքի ոչ մի խոսք: Երեք օր լուռ էինք: Միակը, ով հասկանում էր նրա վիշտը, ես էի: Մահվան լռությունն ուրիշ ծանրություն ունի:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ինձ ծանոթ է այդ լռությունը… Այն մաշկի պես ամուր կպչում է մարմնիդ ու հոգուդ:
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Նույն տեսարանը: Չիկը հևում է և կարծես իրեն լավ չի զգում:
ՉԻԿ — Երբեք այսքան չէի հոգնել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Վերջերս հաճախ ես շուտ հոգնում: Տրամադրությունդ էլ ընկած է:
ՉԻԿ — Երևի հիվանդացել եմ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հիվանդությունը կապ չունի: Սկզբում կարծում էի՝ այդ ամենը ժամանակավոր է, կանցնի, բայց ավելի խորացավ: Սկսել ես լռել, չխոսեմ` ժամերով լուռ կմնաս:
ՉԻԿ — Իրոք, ինձ լավ չեմ զգում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ուզում եմ մի բան ասել ու չգիտեմ` ոնց: Խոստացիր անկեղծ լինել ու չվիրավորվել:
ՉԻԿ — Դեռ չգիտեմ՝ ինչ ես ուզում ասել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Միևնույն է, խոստացիր:
ՉԻԿ — Խոստանում եմ անկեղծ լինել և չվիրավորվել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Սկզբում ինձ էլ էր թվում, թե հիվանդացել ես, բայց աստիճանաբար հասկացա, որ ցավդ ուրիշ է, որ հիվանդությունից չես թուլացել ու մարում, այլ… Չեմ ուզում երկարացնել, կասեմ միանգամից: Ինձ թվում է… Չէ, արդեն համոզված եմ… Դու նորից ուզում ես վանդակ վերադառնալ:
ՉԻԿ – Ի՞նչ ես ասում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Այն, ինչն ամեն օր ինքդ քեզ ես ասում, բայց` լուռ, միայն քո համար, ինչը վախենում ես խոստովանել:
ՉԻԿ — Լռիր, խնդրում եմ: Քո խոսքերից ավելի եմ հոգնում:
ՓԵՏՐՈՒՀԻ — Լռելուց ինչ օգուտ: Այսօր լռեցինք, վաղը… Իսկ ցավը նույնն է մնալու ու այնքան է մեծանալու, որ էլ ծանրությանը չդիմանաս: Լռենք, եթե ուզում ես, բայց լռելը ելք չէ: Դու շլացար ազատության փայլով, բայց քոնը չդարձրիր: Կարծում էի՝ հաղթահարել ես վանդակի հոգեբանությունը, բայց փոփոխությունը զսպաշապկի պես նեղում է քեզ: Ազատության մեջ քո ապրելաձևն ընդմիջվեց, բայց չփոխվեց: Ես քեզ չեմ մեղադրում, ինչի՞ համար մեղադրեմ:
ՉԻԿ — Կարծում ես, դրանի՞ց է, որ ներսս ասես կապար լցրած լինեն:
ՓԵՏՐՈՒՀԻ — Խոստացար անկեղծ լինել:
ՉԻԿ — Անկեղծ լինեմ: Գիշերները վանդակն եմ տեսնում, բայց առավոտյան փորձում եմ ինձ համոզել, որ սովորույթի ուժն է ստիպում ետ նայել: Ե՛վ վանդակն է ձգում, և՛ ազատությունը: Իմ մեջ երկու շունչ կա` մեկը, որ վանդակն է երկրպագում, և մյուսը, որ կարող է զոհվել հանուն քեզ: Յուրաքանչյուրն ուզում է ինձանից ավելի մեծ բաժին փախցնել, և նրանց կռվից ջլատվում են ուժերս, արյան փոխարեն երակներիս միջով ջուր է հոսում, որից անընդհատ մրսում եմ: Օգնիր ինձ, այնպես արա, որ կողմերը հաշտվեն, որ նրանցից մեկը պարտվի կամ պարտվեն երկուսն էլ և ինձ վերջապես հանգիստ թողնեն: Մի անգամ արդեն օգնել ես ինձ, այս անգամ էլ օգնիր: Եթե իմանաս՝ ինչպես չեմ ուզում կորցնել քեզ և ինչքան քիչ ուժ կա մեջս ինքնուրույն ինչ-որ բան որոշելու համար:
ՓԵՏՐՈՒՀԻ — Ուշ է ինչ-որ բան որոշելու համար: Դու վանդակում էլ հանգստություն չես գտնի:
ՉԻԿ — Եթե դու ես ասում, նշանակում է, իրոք, դատապարտված եմ: Բայց ես վարժվել եմ քո քնքշանքին, քո հոգատարությանը…
ՓԵՏՐՈՒՀԻ — Եվ ուզում ես իմ կողքին մեռնել:
ՉԻԿ – Ինչո՞ւ մեռնել:
ՓԵՏՐՈՒՀԻ — Որովհետև օրեցօր մարում ես ու կգա պահը, երբ ցավը վերջնականապես կսպանի քեզ և քո մեջ էլ` ինձ…
ՉԻԿ — Դու այլևս չես ուզում օգնել: Հիմա ավելի դատավորի ես նման, որի դատավճիռը անբեկանելի է:
ՓԵՏՐՈՒՀԻ — Սրտանց ուզում եմ օգնել, բայց չեմ կարող, այլևս չեմ կարող:
ՉԻԿ – Հրամայիր, և կմնամ: Միշտ քեզ հետ կմնամ:
ՓԵՏՐՈՒՀԻ — Այլևս կասկած չունեմ, որ իսկապես որոշել էիր վանդակ վերադառնալ: Ես քեզ չեմ կարող հրամայել, իմ բնության մեջ չկա հրամայելը… Եթե նույնիսկ փորձեմ, այլևս չեմ կարող քեզ հետ մնալ, որովհետև ինձ համար միշտ էլ հոգնեցնող ու ձանձրալի են եղել նրանք, ովքեր պատրաստ են ենթարկվելու և կարևոր չէ` ում կամ ինչու: Ես լավատես էի, կարծում էի կկարողանամ քեզ ազատությանը վարժեցնել, բայց քո բնությունն ավելի ուժեղ էր: Գիտեի, որ երջանիկ լինելու համար երևակայություն է պետք, բայց չէի մտածել, որ չէիր կարող երևակայություն ունենալ, քանի որ վանդակն առաջինը երևակայությունն է սպանում: Կարող ես նորից վանդակ վերադառնալ… Ինձ համար ծանր է տեսնել` ինչպես ես մարում մայրամուտի վերջին շողի պես… Կրկնում եմ, որ վիրավորված չեմ և չեմ մեղադրում:
ՉԻԿ — Իսկ դու, դու ի՞նչ ես անելու:
ՓԵՏՐՈՒՀԻ — Այն, ինչ մինչ քեզ էի անում:
ՉԻԿ – Մի՞թե ինձանից առաջ էլ ես եղել, կարծում էի, ես եմ քեզ գտել…
ՓԵՏՐՈՒՀԻ — Զուր մի տանջվիր, առանց ինձ էլ դժվարին օրեր դեռ շատ կլինեն:
ՉԻԿ — Դաժան է մտածել, որ այլևս չենք տեսնելու իրար:
ՓԵՏՐՈՒՀԻ — Հիմա դա քիչ նշանակություն ունի:
ՉԻԿ — Ծանր է, երբ այդպես ես ասում: Եվ ապրելն է ծանր, և հրաժեշտը, և մեռնելը… Մի՞թե հնարավոր է այդքան կորցնել, կորցնել ինձ, նրան, քեզ…
ՓԵՏՐՈՒՀԻ — Երբ ամեն ինչ պարզ է, ոչինչ մի ասա: Ես կփորձեմ մոռանալ մեր բաժանվելու պատճառը: Ավելի լավ է իմ հիշողության մեջ լինես այն թռչունը, որը երկրպագում էր երկինքը և երկնքում էլ անէացավ: Չեմ ուզում փչացնել իմ իսկ հորինած հեքիաթը:
ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ
Առաջին պատկերի տեսարանը: Վանդակի հատակին պառկած Չիկը տնքում է: Պոչեկը խոնարհվել է նրա վրա:
ՊՈՉԵԿ – Ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ:
ՉԻԿ — Օֆ… Մի անհանգստացիր:
ՊՈՉԵԿ — Հանգիստ թառել էիր:
ՉԻԿ — Երազում փետրուհուն տեսա… Օֆ, անտանելի ցավ է… Փետրուհին կանչեց ինձ… Զարմանալի տեսք ուներ` և՛ ժպտում էր, և՛ տագնապ կար դեմքին… Հետո ինձ օգնության կանչեց… Մոռացա, որ վանդակում եմ… Փորձիր մի փոքր շրջել… /Պոչեկը փորձում է շրջել Չիկին:/ Զգույշ, այդպես կտրուկ մի շարժիր… Փետրուհին անընդհատ կանչում էր… Գոնե ցավը մի քիչ մեղմանար… Չեմ հիշում՝ ինչպես թռա… Չէի կարծում, որ վանդակի առաստաղը կարող էր այդքան պինդ լինել…
ՊՈՉԵԿ — Գուցե տիրոջը կանչեմ:
ՉԻԿ — Պետք չէ, երևի ցավերը մեղմանան;
ՊՈՉԵԿ — Հո մեջքդ չե՞ս կոտրել:
ՉԻԿ — Հնարավոր է, բայց տիրոջը մի կանչիր, գա` ի՞նչ պիտի անի:
ՊՈՉԵԿ — Ասում էի, չէ՞, մոռացիր այդ դուրսը:
ՉԻԿ — Փետրուհին էլ էր ասում: Օֆ… Չգիտեի, որ ցավն այսքան դաժան է:
ՊՈՉԵԿ – Հիշո՞ւմ ես, որ տերն ուզում էր բռնել ինձ: Փախա: Բայց պոչս ձեռքին մնաց: Փորձեց պոչիցս բռնած դուրս քաշել ու պոկեց: Հիշո՞ւմ ես… Դրանից հետո անունս Պոչեկ դրեց: Այն ժամանակ քիչ էր մնում ցավից աչքերս դուրս թռչեին:
ՉԻԿ — Սա ուրիշ ցավ է, սա չի մեղմանում:
ՊՈՉԵԿ — Աղմկեմ, թող տերը գա:
ՉԻԿ — Պետք չէ:
ՊՈՉԵԿ — Բայց ես չգիտեմ՝ ոնց օգնեմ:
ՉԻԿ — Այլևս ոչ ոք չի կարող ինձ օգնել: Վերադարձրու նախկին դիրքին: Միայն զգուշորեն, չշտապես:
ՊՈՉԵԿ — Քիչ է մնում խելագարվեմ, որ չեմ կարողանում օգնել:
ՉԻԿ — Փետրուհին զգուշացնում էր` մոռանամ կամ վանդակը, կամ դուրսը:
ՊՈՉԵԿ – Ինչո՞ւ չլսեցիր:
ՉԻԿ — Օֆ… Չկարողացա… Գիտեի, որ այսպես է վերջանալու, կանխազգում էի:
ՊՈՉԵԿ — Ասա, որ չես մեռնի… Ինձ համար ծանր կլինի նորից կորցնել քեզ: Հավաքիր ուժերդ, ինչ ուզում ես արա…
ՉԻԿ — Փետրուհի… Բայց նրա դեմքը փոշի դարձավ:
ՊՈՉԵԿ — Դու չես կարող լքել ինձ: Ասա, որ ցավդ մեղմանում է, ասա, որ լավ ես:
ՉԻԿ — Ցավն աքցանի պես սեղմում է կոկորդս… Փետրուհի~…
ՊՈՉԵԿ — /ցնցում է Չիկին/: Սթափվիր…
ՉԻԿ — Փոշի… Սև փոշի… Օֆ… Սև փոշի… Համատարած… համա…
Ցնցվում է, վերջին ջղաձգումով պառկում է մեջքի վրա, ոտքերը ծալած և որովայնին սեղմած: Վերջին հոգոցը, այդ դիրքով էլ անշարժանում է: Պոչեկը հուսահատված ցնցում է նրան, համոզվելով, որ իզուր է, խենթացած ոտքի է թռչում:
ՊՈՉԵԿ — Վերջ… Նորից մենակ… Չվերջացող գիշերներ, չվերջացող ցերեկներ… Չհասկացավ, որ նույնին երկու անգամ չի կարելի լքել, չի կարելի… Չեմ ուզում, ոչինչ չեմ ուզում, ոչինչ… Հիմա աշխարհի ամենանեղ վանդակը իմ մարմինն է… Չեմ ուզում… Իմ մարմինն էլ չեմ ուզում և իմ ապրելը չեմ ուզում… /Բղավում է:/ Չեմ ուզում, վերցրեք, փրկեք ինձ… Փրկեք… Վանդակի մեջ միայնությունը կրկնակի է սպանում:
Ձայնի վրա ներս է մտնում տերը:
ՏԵՐ – Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել, ի՞նչ է եղել:
ՊՈՉԵԿ — Փրկեք ինձ…
ՏԵՐ — Ձայնդ կտրիր… /Հայացքն ընկնում է Չիկի անշունչ մարմնին:/ Սրան ի՞նչ եղավ, սա ինչո՞ւ սատկեց, առավոտյան լավ էր…
Պոչեկը լուռ, խեղճացած նայում է մերթ տիրոջը, մերթ Չիկի անշունչ մարմնին:
ՏԵՐ – Թո՛ւհ, ես ձեր… Գնամ, թուղթ բերեմ…
Տերը դուրս է գալիս, Պոչեկը հեկեկալով փորձում է
Չիկի անշնչացած մարմինը բարձրացնել/:
Նոյեմբեր-դեկտեմբեր 1997թ.