Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿԱՄՐՋԻՆ` ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ
(Դրամա երկու գործողությամբ)
Գործող անձինք
ԳԵՎՈՐԳ — հիսունն անց
ՍՈՆԱ — քառասունին մոտ
ԲԺԻՇԿ – Սուրեն Ստեփանիչ Խաչունց, բժիշկ-նարկոլոգ
ՎԱՐԴԱՆ – հիվանդանոցում բուժվող հիվանդ
ԿԻՆ – հիվանդանոցում բուժվող հիվանդ, տարեց
ՀԻՎԱՆԴ 1 – տղամարդ, որ երևակայական թիթեռներ է որսում օդում
ՀԻՎԱՆԴ 2 – տղամարդ, որ երևակայական գործիքներն է կորցրել
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Պատկեր առաջին
Գևորգի բնակարանը` մեկ անշուք սենյակ: Չխկում է փականը, ներս է մտնում Գևորգը, ետևից` Սոնան:
ԳԵՎՈՐԳ — Դուք էլ եք մտնո՞ւմ:
ՍՈՆԱ — Չմտնե՞մ:
ԳԵՎՈՐԳ — Ինչների՞դ է, այստեղ հետաքրքիր ոչինչ չկա: Եվ առհասարակ, ո՞վ եք, ի՞նչ եք ուզում… Լավ, մտեք, քանի որ եկել եք. կամաց, տախտակները փտած են, չծակեք:
ՍՈՆԱ — Իմ կոշիկները բարձրակրունկ չեն:
ԳԵՎՈՐԳ — Ու չնայած դրան` չեմ պատկերացնում, թե ինչով կարող եմ օգտակար լինել: Կամրջի մոտից ետևիցս գալիս եք… Եթե փող եք ուզելու` նախապես ասեմ` զուր են ջանքերը, չունեմ:
ՍՈՆԱ — Չէ, ի՞նչ փող, ես նման եմ մուրացիկի՞:
ԳԵՎՈՐԳ — Ոչ… Բայց հիմա ընդունված է, ուզում են, մատաղի, ինչ-որ գերծանր հիվանդների բուժման, անտուններին տուն ձեռք բերելու…
ՍՈՆԱ — Չէ, ես փող ունեմ, տուն էլ ունեմ:
ԳԵՎՈՐԳ — Դա լավ է: Ուրեմն ի՞նչ:
ՍՈՆԱ — Ներս թողեք, ասեմ:
ԳԵՎՈՐԳ — Ահա, թողել եմ:
ՍՈՆԱ — Հիմա կասեմ: Միայն թույլ տվեք նստեմ, ոտքերս ցավից պայթում են, ահագին քայլել եմ ձեր ետևից:
ԳԵՎՈՐԳ — Ո՞վ էր խնդրում:
ՍՈՆԱ — Լույսը վառեք, որ աթոռը տեսնեմ:
ԳԵՎՈՐԳ — (վառելով լույսը): Ահա, նստեք:
ՍՈՆԱ — (նստելով ճռճռան, հնամաշ աթոռին): Մտքովս չէր անցնի, թե նման աթոռներ դեռ պահպանվել են:
ԳԵՎՈՐԳ — Հուսով եմ, գույքագրման համար չեք եկել:
ՍՈՆԱ — Ոչ, իհարկե, պարզապես մանկության շունչ փչեց ձեր սեղան-աթոռից, ներսս ջերմացավ մի տեսակ:
ԳԵՎՈՐԳ — Մահվան շունչն է, երբեմն ջերմացնում է: Լսում եմ ձեզ, համակ ուշադրություն:
ՍՈՆԱ — Սուրճ կտա՞ք, թե էնպես սկսեմ:
ԳԵՎՈՐԳ — Էնպես, սուրճ չունեմ, այսինքն` գուցե և ունեմ, բայց փնտրելու հավես չունեմ, ունեմ գարեջուր, դա հաստատ է, կուզե՞ք:
ՍՈՆԱ — Կուզեմ:
ԳԵՎՈՐԳ — Հա՞… (Սառնարանից հանում, բացում է, տալիս:) Խնդրեմ: (Իր շիշը ձեռքին` նստում է:) Դե՞:
ՍՈՆԱ — Թույլ տվեք խմեմ: (Խմում է:) Այնպիսի տպավորություն է, որ իմ ներկայությունը տհաճ է ձեզ:
ԳԵՎՈՐԳ — Տանելի է, պարզապես պատճառն եմ ուզում իմանալ:
ՍՈՆԱ — Ուրեմն… Սրանից քսանհինգ տարի առաջ էր…
ԳԵՎՈՐԳ — Ահաաա՜…
ՍՈՆԱ — Կարճ է, մի վախեցեք, մինչև գարեջուրը խմեք, կավարտեմ:
ԳԵՎՈՐԳ — Չեմ կարծում: (Կլլում է շշի ամբողջ պարունակությունը:)
ՍՈՆԱ — Ճիշտ որ, չհասցրի:
ԳԵՎՈՐԳ — Մի վշտացեք, նորը կբերեմ: (Մի շիշ էլ է բերում, բացում է:)
ՍՈՆԱ — Ես տասներկու տարեկան աղջնակ էի, հայրս խանութ ուղարկեց, հացի, ասաց` հանկարծ կամրջով չանցնես, էս կողմի խանութից բեր: Բայց երբ ինձ ասում են` կամուրջը չանցնես, ես անցնում եմ, բնավորություն է:
ԳԵՎՈՐԳ — Լավ բնավորություն է, ավանակային համառություն, իսկ ավանակներն այնքան հմայիչ արարածներ են:
ՍՈՆԱ — Գուցե, դեմ չեմ, բայց շարունակեմ, հա՞:
ԳԵՎՈՐԳ — Շարունակեք, սկիզբը լավն էր:
ՍՈՆԱ — Ուրեմն, անցնում եմ կամրջով, տեսնեմ իմ առջև, կամրջի հենց մեջտեղում, մի տաքսի կանգ առավ, տարօրինակ է, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — (զգուշացած): Չգիտեմ:
ՍՈՆԱ — Մի տղամարդ դուրս եկավ միջից, մոտեցավ բազրիքին, տաքսին անմիջապես քշեց-գնաց, տղամարդը թեքվեց` նայեց ցած` ձորին, հետո նկատեց ինձ, գլուխը բարձրացրեց, ասաց` «Մի րոպե, պստլո, էս փողը վերցրու», գրպանից մի բուռ թղթադրամ հանեց, տվեց, ասաց` «Ինձ այլևս պետք չի, վերցրու, տիկնիկ կառնես, վերցրու ու արագ գնա էստեղից»: Ես էլ վերցրի ու վազեցի, էլ ետ չնայեցի, վախեցա:
ԳԵՎՈՐԳ — Պարզ է: (Խմում է:)
ՍՈՆԱ — Ծանոթ պատմություն է, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Ծանոթ է կարծես:
ՍՈՆԱ — Դուք էիք, ճի՞շտ է:
ԳԵՎՈՐԳ — Եվ այո, և ոչ: Քսանհինգ տարի առաջ ես ուրիշ էի, ուրիշ մարդ էր մոտեցել կամրջի բազրիքին:
ՍՈՆԱ — Ուզում եք ասել` այն ժամանակ սխալվե՞լ եք:
ԳԵՎՈՐԳ — Ինձ թվում էր` վճռական եմ տրամադրված, բայց հետո պարզվեց, որ իրականում ես չէի եկել ինձ կամրջից գցելու, ես պարզապես բեմադրել էի իմ ինքնասպանությունը և ուզեցի մինչև վերջ հանդիսատես մնալ, ես վայելում էի պրոցեսը, իսկ երբ եկավ կատարելու ժամը, հասկացա, որ մեռնել այնքան էլ չեմ ուզում, խաղ էի անում` տաքսին, կամուրջը, փողը ձեզ տալը, բազրիքին մոտենալ` ցած նայելը, թիթիզություն էր արածս, հերիք էր ցած նայել` որպեսզի հասկանայի դա, սառն օդն ու սարսափը խփեցին դեմքիս` սթափվեցի, տակս լցրած` փախա, գրպաններիս խորշերում մի քանի թղթադրամ պահպանվել էր, տաքսի վարձեցի, իջա գինետուն ու պինդ հարբեցի, կամուրջ-ինքնասպանություն-բան` դուրս եկան միջիցս:
ՍՈՆԱ — Պատճառն այնքան էլ լուրջ չէր հավանաբար:
ԳԵՎՈՐԳ — Լուրջ էր… Կամ էլ լուրջ չէր, չգիտեմ, ներսս մի փորեք փայտփորիկի պես, ցավում է:
ՍՈՆԱ — Լավ, էլ չեմ փորի: Բայց չեք պատկերացնի` ինչ ուրախ եմ, որ չեք գցել ձեզ:
ԳԵՎՈՐԳ — Չեմ կիսում ձեր ուրախությունը, հիմա պրծած կլինեի:
ՍՈՆԱ — Ինչո՞ւ, այս տարիների ընթացքում լավ բան չե՞ք տեսել կյանքում:
ԳԵՎՈՐԳ — Շատ:
ՍՈՆԱ — Է՞…
ԳԵՎՈՐԳ — Լավ-վատ` մեկ է, չի մնում, վզզալով անցնում է, մնում է հիշողությունդ, որը երջանկություն չի բերում, միայն` տխրություն, այսինքն՝ ինչքան շատ ես հավաքել` ներսդ այնքան ավելի է ցավում: Կամրջից մի լավ բան մնաց, սարսափը, որ հետո նկարել եմ, խորություն մտավ փորձիս մեջ:
ՍՈՆԱ — Նկարի՞չ եք:
ԳԵՎՈՐԳ — Չի երևո՞ւմ: (Ներկոտ ձեռքերը ցույց տալով:) Բայց դա էլ պայմանական է, կարող էի գրել, նվագել, պարզապես նկարչությունն ընկավ ձեռիս տակ:
ՍՈՆԱ — Թույլ կտա՞ք ծխեմ:
ԳԵՎՈՐԳ — Ես ձեր հայրիկը չեմ, ծխեք, եթե ուզում եք շուտ մեռնել:
ՍՈՆԱ — (սիգարետ հանելով): Իսկ եթե հայրիկս լինեի՞ք:
ԳԵՎՈՐԳ — Կքոթակեի:
ՍՈՆԱ — Զարմանալի մարդ եք, կամրջի եզրին եք հասել` բայց ծխելու համար քոթակել եք ուզում:
ԳԵՎՈՐԳ — Դե, եթե ապրում ես` առողջ ապրիր: (Ինքն էլ է ծխում:)
ՍՈՆԱ — Ես ինձ մեղավոր էի զգում, ինձ նույնիսկ թվում էր, թե ե՛ս եմ մեղավոր ձեր ինքնասպանության համար:
ԳԵՎՈՐԳ — Մտքովս չէր անցնում, որ դա կարող է հետք թողնել ձեր հոգեկանի վրա, այդ պահին ամեն բան ինքնաբերաբար էի անում… Անասունի մեկն էի, ասում եմ, չէ՞…
ՍՈՆԱ — Հիմա մա՞րդ եք դարձել:
ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ: Խոստացաք չփորփրել, ասացի` կներեք, վերջ, դրանից ավելի ի՞նչ կարող եմ անել, դարձյա՞լ սպանեմ ինձ… (Խմում է գարեջուրը:) Ահագին փող էր, որքան հիշում եմ, չէ՞:
ՍՈՆԱ — Ճշգրիտ եմ հիշում` հարյուր երեսուներեք ռուբլի: Այդքան փող չէի պահել ձեռքիս, մենք հարուստ չէինք, շարքային սովետական ընտանիք, ձեռքերս այրվելով փողը տուն հասցրի, տվեցի հորս, ասաց` քեզ հացի ենք ուղարկել, դու փող ես բերե՞լ, կամրջով ես գնացե՞լ… Ասաց` տար, վերադարձրու: Ասացի` ո՞ւմ վերադարձնեմ, հո էնտեղ ինձ չի՞ սպասում: Ասաց` իմ գործը չէ, տար ռադ արա իմ տնից: Ես էլ տարա ու կամրջից ցած գցեցի, ձեր ետևից, նետեցի ու փախա:
ԳԵՎՈՐԳ — Ափսոս: Պահեիր` ծախսեիր, դպրոցի բուֆետում ընկերներիդ հետ նրբերշիկ, քաղցրավենիք ուտեիր, պաղպաղակ…
ՍՈՆԱ — Ասում եմ` ձեռքերս այրում էին… Ամեն դեպքում` ես ձեզ պարտք եմ, հարյուր երեսունհինգ ռուբլի, այսօր դա մոտ երեք հարյուր դոլար կանի, հաշվել եմ:
ԳԵՎՈՐԳ — Եկել եք վերադարձնե՞ք:
ՍՈՆԱ — Մտքովս չէր անցել… Բայց` կարող եմ:
ԳԵՎՈՐԳ — Պետք չէ, պարտքով չեմ տվել: (Սառնարանում տնտղելով:) Վերջացավ գարեջուրը: Այ, եթե ուզում եք լավություն անել` խանութից մի շիշ օղի բերեք, բայց փողը ես եմ տալու, ե՛ս կգնայի, բայց ինձ վատ եմ զգում, գլուխս պտտվում է:
ՍՈՆԱ — Փող պետք չի, խնդրում եմ, ես եմ հյուրասիրում, թույլ տվեք:
ԳԵՎՈՐԳ — Լավ: Բայց արագ արեք այդ բանը, բերանս չորանում է:
ՍՈՆԱ — Կլինի՞ ուրիշ բան բերեմ, որ ես էլ խմեմ, ես օղի չեմ տանում, գինի բերեմ, հա՞:
ԳԵՎՈՐԳ — Եվ օղի:
ՍՈՆԱ — Պարզ է: (Դուրս է գալիս:)
ԳԵՎՈՐԳ — Ահա այսպես, Գևորգ եղբայր, կյանքը չի դադարում անակնկալներ մատուցել, թեև թվում էր` անհուսորեն թառամել է, նա ուզում է ասել` տեսնո՞ւմ ես, ես այնուամենայնիվ ողջ եմ, կամ, ավելին` հետաքրքիր եմ, ապրիր ինձ հավեսով, մինչև վերջ, ու ափսոսա ամեն անցնող րոպեն: Չեմ ափսոսա, չհավատաս: Տեսնենք հյուրասիրելու ինչ ունեմ, ամեն դեպքում` հյուրս կին է, հաց-պանիրով չեմ պրծնի: (Պահարանում փորփրում է, ինչ-որ բլիթ, կոնֆետ է հայտնաբերում:) Չէ, սրանք հին են, ամոթ է, թե որտեղի՞ց են հայտնվել այս տանը… (Գցում է աղբամանը:) Եկել է, քսանհինգ տարի անց, ասում է` ինչ լավ է, որ ինքնասպան չեղար, հոգիս հանգստացավ: Բոլորն իրենց հոգիների հանգստության համար են հոգում… Լավ, ես սրան ի՞նչ հյուրասիրեմ ախր… Ձու կա, գուցե ձվածե՞ղ սարքեմ, օմլետ… Լավ դե, Գևորգ, ինչ ես իրար անցել, կարծես դու ես հրավիրել, հրեն` սուրճ կա, հերիք է, թե՞ չկա… Չէ, տակը մի քիչ մնացել է, կհերիքի: Ծխենք: (Ծխում է:) Էէէ, ինչ եղավ այս կինը, շենքի տակի խանութը չի՞ տեսել… Թե՞ բնավորության համաձայն կամուրջի մոտի խանութն է գնացել:
Գալիս է Սոնան:
ՍՈՆԱ — Եկա, եկա, մի սրտնեղեք, սրտնեղում էիք, չէ՞, պարոն… Ձեր անունը չգիտեմ, քսանհինգ տարվա ծանոթներ ենք, բայց միմյանց անուն չգիտենք:
ԳԵՎՈՐԳ — Բեր խմենք` հետո: (Վերցնում է օղին, բացում, լցնում, խմում:) Օֆֆֆ… Այ հիմա կարելի է և ծանոթանալ, հիմա ես` ես եմ, Գևորգն եմ:
ՍՈՆԱ — Սոնա:
ԳԵՎՈՐԳ — Տվեք գինին, բացեմ, Սոնա:
Գևորգը բացում է գինին: Սոնան նաև կոնֆետ է բերել, դնում է սեղանին:
ԳԵՎՈՐԳ — Կոնֆետը օղուն չի սազում, անպատվություն է, ձկան պահածո բերեիք կամ բաստուրմա:
ՍՈՆԱ — Մտքովս չանցավ, կներեք:
ԳԵՎՈՐԳ — Զիջող կին եք, իսկական կին: Թեև ես ավանակային համառությամբ կանանց եմ սիրում, այն` որ ամեն ինչի կռվով ես հասնում, արյունլվա:
ՍՈՆԱ — Գուցե միայն այդպիսիք են հանդիպել, վարժվել եք:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ չեք նստում:
ՍՈՆԱ — Փոշոտ է, մաքրեմ, փալասն ո՞ւր է:
ԳԵՎՈՐԳ — Սկսվեց: Քիչ առաջ նստել էիք, մաքրվել է արդեն:
ՍՈՆԱ — Ճիշտ որ…
ԳԵՎՈՐԳ — Ներկ էլ է կպել, կանաչը… Կարգին շրջվեք, նայեմ…
ՍՈՆԱ — Պարոն…
ԳԵՎՈՐԳ — Շրջազգեստին եմ նայում, ազնիվ խոսք:
ՍՈՆԱ — Հա՞… Վիրավորական է նույնիսկ:
ԳԵՎՈՐԳ — Բերեք լուծիչով մաքրեմ:
ՍՈՆԱ — Պետք չէ, շնորհակալ եմ, ինքս կմաքրեմ հետո: (Նստում է:)
ԳԵՎՈՐԳ — Կուզե՞ք, սուրճ եփեմ:
ՍՈՆԱ — Եփեք:
ԳԵՎՈՐԳ — Գեղեցիկ էր, անկեղծ եմ ասում:
ՍՈՆԱ — Ի՞նչը:
ԳԵՎՈՐԳ — Այդ կնոջական սեթևեթանքը, որով ասացիք` եփեք:
ՍՈՆԱ — Խմիչքը բացեց ձեզ:
ԳԵՎՈՐԳ — Բացում է, այո, ձեզ էլ կբացի: Խմեք, լցրել եմ:
ՍՈՆԱ — Ողջ լինեք: (Խմում է:)
ԳԵՎՈՐԳ — Ողջ եմ, ողջ: Նկարել ուզեցի:
ՍՈՆԱ — Հենց հիմա՞:
ԳԵՎՈՐԳ — Չէ, հիմա չէ, մի քիչ էլ ծանոթանանք: Բայց շատ չէ, որ գաղտնիքի մաս մնա: Կատվով:
ՍՈՆԱ — Գրկիս` երևի:
ԳԵՎՈՐԳ — Ոչ, գլխին: Կատուն ձեր շարունակությունը պետք է լինի, ձեր բնույթի լրացումը: Չէ՞ որ իրականում այնքան էլ զիջող չեք, ճանկռել կարող եք:
ՍՈՆԱ — Կարող եմ: Կյանքը փոխեց, առաջ ավելի ճանկռող էի: Բայց կատուն գլխիս չի մնա:
ԳԵՎՈՐԳ — Պետք էլ չի, բա երևակայությունն ինչի՞ համար է, մի օր էլ կգաք, կտեսնեք` արդեն նկարել եմ, ինձ պետք չի, որ ժամերով նստեք առջևս, ես հոգնել եմ նման նկարչությունից, ես դա անում էի ուսանող ժամանակ: Պահը պետք է հասունանա, հասկանո՞ւմ եք, երբ հասունացավ` կվերցնեմ վրձինն ու կհարձակվեմ կտավին, գուցե` ոչ էլ կտավին, այլ փայտի վրա կամ թիթեղի, չգիտեմ, ինքը կհուշի:
ՍՈՆԱ — Ափսոս, կուզեի նստել նկարչի առաջ, կեցվածքներ ընդունել:
ԳԵՎՈՐԳ — Մե՞րկ:
ՍՈՆԱ — Դեհ, եթե արվեստին անհրաժեշտ եղավ… Բայց իմ մերկությունն այլևս հետաքրքիր չէ, մարմինս իր թարմությունը վաղուց կորցրել է:
ԳԵՎՈՐԳ — Խորամանկո՞ւմ եք:
ՍՈՆԱ — Չէ, իսկապես…
ԳԵՎՈՐԳ — Լավ, թողնենք:
ՍՈՆԱ — Կուզե՞ք, պատմեմ ձեզ իմ մասին:
ԳԵՎՈՐԳ — Ոչ: Այսինքն պատմեք, զգում եմ` ձեզ պետք է:
ՍՈՆԱ — Չէ, չեմ պատմի:
ԳԵՎՈՐԳ — Լավ, մի պատմեք: Բերեք էլի խմենք:
ՍՈՆԱ — Խմեցինք: (Լցնում է:) Մեր երկրորդ ծանոթության համար:
ԳԵՎՈՐԳ — Բայց առաջինը լավն էր, չէ՞, հետաքրքիր էր, բովանդակալից:
ՍՈՆԱ — Համաձայն եմ:
ԳԵՎՈՐԳ — Դե բերեք նախ առաջինի համար խմենք:
ՍՈՆԱ — Խմենք առաջինի համար:
ԳԵՎՈՐԳ — Էն պստիկ աղջնակի համար, որ փողերս առավ ու թռավ:
ՍՈՆԱ — Հենց նրա համար: Սիրունիկ աղջնակ էր, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Սիրունիկ չլիներ` երևի փողը չտայի. սա ես հետո գիտակցեցի, վերհուշի ժամանակ: Դեհ, խմենք արդեն, փոշի նստեց:
Խմում են: Սոնան սկսում է շնչակտուր լինել, պայուսակից հանում է դեղով սրվակը, փչում է բերանի մեջ, հանգստանում:
ԳԵՎՈՐԳ — Ասթմատիկ նոպանե՞ր:
ՍՈՆԱ — Այո, երբեմն: Մանրուք է մեծ կյանքի դիմաց:
ԳԵՎՈՐԳ — Գուցե, բայց խմել ձեզ չի կարելի:
ՍՈՆԱ — Իբր ձեզ կարելի է: Գիտե՞ք, կան մարդիկ, ում հենց սկզբից պետք է ախտորոշել ու ասել` ձեզ ապրել չի կարելի:
ԳԵՎՈՐԳ — Սիրուն ձևակերպում էր, բայց սխալ: Չէ՞ որ մենք բոլորս հաղթած սերմնաբջիջի ծնունդ ենք, միլիոնավորներից մեկն է, որ սրան-նրան հրելով, բոլորից արագ սլանալով, առաջինն է տեղ հասել ու մխրճվել ձվաբջիջի մեջ, և մենք այդ հաղթողի, չեմպիոնի զավակն ենք, մենք իրավունք չունենք հանձնվելու, հարգենք մեզ ծնունդ տված սերմնաբջիջին, մերժե՛նք պարտվողականությունը:
ՍՈՆԱ — Եվ ով է սա ասում, մարդ, ով հասել էր կամրջին:
ԳԵՎՈՐԳ — Ես եմ ասում, այո, ես առավել իրավունք ունեմ ասելու, որովհետև հասել եմ կամրջին ու ետ դարձել: (Աղոթելու կերպով:) Ներիր մեղավորիս, օ մեծն սերմնաբջիջ, հա՛յր իմ, ներիր, որ տարիներ առաջ փորձել եմ դավաճանել մեծիդ, նվաստս, ստորս, դավաճանս, ներիր: (Սոնային.) Բերեք խմենք հաղթած սերմնաբջիջի կենացը:
ՍՈՆԱ — Փորձենք
Խմում են:
ԳԵՎՈՐԳ — Դե՞…
ՍՈՆԱ — Ի՞նչ:
ԳԵՎՈՐԳ — Պատմեք:
ՍՈՆԱ — Ի՞նչ պատմեմ:
ԳԵՎՈՐԳ — Ձեր կյանքի պատմությունը, ուզում էիք, չէ՞:
ՍՈՆԱ — Բայց դուք չուզեցիք լսել, հիմա պարզապես զիջում եք:
ԳԵՎՈՐԳ — Չէ, կլսեմ, երբեմն մարդասեր եմ լինում, հիմա այդ պահն է:
ՍՈՆԱ — Ես հասկանում եմ, հետաքրքիր չի, իհարկե, մենք միայն ինքներս մեզ ենք սիրում, դա՛ էլ երևի չեմպիոն սերմնաբջիջից ժառանգած բնույթ է, դիմացինին մենք միայն կարող ենք հանդուրժել, լավագույն դեպքում:
ԳԵՎՈՐԳ — Հիմա լավագույն դեպքն է, պատմեք, թե չէ կանցնի:
ՍՈՆԱ — Դուք կարծես թե ոչ միայն ամուսնացած չեք, այլև երբեք ամուսնացած չեք եղել, այո՞:
ԳԵՎՈՐԳ — Ճիշտ դիտարկում էր: Խելացի կին եք: Ինձ իմ մասին եք ուզում պատմե՞լ:
ՍՈՆԱ — Բայց կանայք եղել են ձեր կյանքում, հետքեր թողել են, նույնիսկ` սպիներ, և քիչ չեն եղել կարծես…
ԳԵՎՈՐԳ — Եղել են, անշուշտ, ճգնավոր չեմ, սպիներ էլ կան` և՛ հոգուս, և՛ մարմնիս վրա: Սակայն ես այս խաղը վճռել եմ մենակ խաղալ, այսպես ազնիվ է, ո՞ր իրավունքով եմ ինչ-որ մեկին էլ հետս ներքաշելու, դժվարին խաղ է, վտանգներով, խնդիրներով լեցուն… Բացի այդ, ինչ-որ մեկին ներքաշելով` ստիպված խաղի կանոնները պիտի փոխես, հարմարվես, հարմարեցնես, հետո` երեխա, խաղի կանոններն առավել ես փոխելու, առավել ես հարմարվելու, ու հանկարծ կպարզվի, որ դու արդեն դու չես, դավաճանել ես քեզ, քո կյանքին. ես ուզում եմ ես մնալ, ուզում եմ մենակ տանել խաղը, մինչև վերջ:
ՍՈՆԱ — Գուցե էգոի՞զմ է:
ԳԵՎՈՐԳ — Թո՛ւ, բարկացրիք: Ես մեծ, բարձր հարցերից եմ խոսում, իսկ դուք մանրացնում, տանում եք միջին մարդկային կաղապարների մեջ: Եթե խոր նայենք` միացյալ ապրելն է էգոիզմ. մենակ չմնաս, քո մասին հոգան, կերակուր տան, հագուստդ լվանան, զայրույթդ թափելու տեղ ունենաս… Մենակ ապրելը դյուրին բան չէ, հավատացեք, ամեն մեկի բանը չէ:
ՍՈՆԱ — Ինքս էլ մենակ եմ ապրում:
ԳԵՎՈՐԳ — Տարբերություն կա, դուք դեպքերի բերումով եք մենակ, ես` սեփական ընտրությամբ:
ՍՈՆԱ — Իմն էլ ինչ-որ տեղ ընտրություն էր:
ԳԵՎՈՐԳ — Կենցաղային իրավիճակի ընտրությո՞ւն… Բաժանվե՞լ եք:
ՍՈՆԱ — Այո: Արդեն վաղուց:
ԳԵՎՈՐԳ — Երևի հարբեցող էր, թմրամոլ կամ խաղամոլ, ընտանիքի փողը քամուն էր տալիս:
ՍՈՆԱ — Ոչ, հակառակը:
ԳԵՎՈՐԳ — Այսինքն…
ՍՈՆԱ — Շատ ճիշտ մարդ էր, չափազանց ճիշտ, հոգնեցի, ձանձրացա:
ԳԵՎՈՐԳ — Սա արդեն հետաքրքիր է, բարձրանում եք աչքիս, գիտե՞ք: Բայց սկզբում չտեսա՞ք,՝ ում հետ գործ ունեք:
ՍՈՆԱ — Սկզբո՞ւմ, դեհ, ջահել էինք, նա գիտությամբ էր տարված, ֆիզիկայով, թմրամոլի պես տարված էր, և դա ինձ դուր էր գալիս…
ԳԵՎՈՐԳ — Տեսքով էլ սիրունիկ էր երևի:
ՍՈՆԱ — Հա, վատը չէր, բարձրահասակ, մարզված… Բայց…
ԳԵՎՈՐԳ — Բայց անկողնում այդ բոլորն այնքան էլ գործուն չէին, այո՞:
ՍՈՆԱ — Չէ, անկողինը ոչինչ, անկողինը չէր խնդիրը:
ԳԵՎՈՐԳ — Անկողինը խնդիր է, այն էլ ինչպիսի խնդիր, բոլոր անկողիններում Ֆրեյդի ականջներն են թաղված, մեկ էլ` բարձրանում են, և ոչ միայն անկողիններում, կարելի է ասել` ամենուրեք, նայում ես, ասենք, բետոնե խուլ պատին, թվում է` էստեղ նա չկա, կհանգստանաս որոշ ժամանակ, բայց մի քիչ երկար նայեցիր` մեկ էլ` ըհը` հայտնվեց…
ՍՈՆԱ — Չե՞ք չափազանցնում այդ ականջների ներկայությունը… Ոմանց համար դրանք շատ փոքրիկ են կամ էլ առհասարակ բացակայում են:
ԳԵՎՈՐԳ — Այս դեպքում փոքրությունը կամ բացակայությունը ավելի մեծ ներկայություն է:
ՍՈՆԱ — Դժվարանում եմ հասկանալ…
ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, հետո կմտածեք` կհասկանաք: (Խմում է:)
ՍՈՆԱ — (խմելով): Ամեն դեպքում, մենք նորմալ անկողին ունեինք:
ԳԵՎՈՐԳ — Ռեգուլյար:
ՍՈՆԱ — Ծաղրում եք:
ԳԵՎՈՐԳ — Ամենևին, անկողնային գործում ռեգուլյարը շատ կարևոր է:
ՍՈՆԱ — Առանց հեգնանքի չեք կարողանո՞ւմ:
ԳԵՎՈՐԳ — Չեմ կարողանում, այնքան հեգնելի է մարդն իր ծեծված խնդիրներով, ամբողջ կյանքը ծախսում է դրանց լուծման վրա, ու մեկ էլ շըրխկ` արդեն դագաղի մեջ է` կոկիկ կոստյումով, փողկապով, աչուկները փակ, որդերին կեր դառնալու պատրաստ, քիչ է մնում մոտենաս, լխկած տուտուզը կմճտես, հարցնես` հը՞, ի՞նչ եղավ լիբիդոդ, մեծ սերերդ, հավատքդ, հույզերդ, լացուկոծդ…
ՍՈՆԱ — Դաժան եք:
ԳԵՎՈՐԳ — Իմ մասին եմ խոսում, ոչ ոքի չեմ դիպչում, թեև ընդհանրացումներ կան, իհարկե, ուրիշ ո՞նց, ես էլ մարդկային ցեղից եմ, չէ՞, հո այլմոլորակային չե՞մ: Սակայն դառնանք ձեր հարցին, ամուսնական կյանքից հոգնեցիք ուրեմն…
ՍՈՆԱ — Հոգնեցի, այո, ասես ռոբոտի հետ ապրեի, երբ մտածում էի` որ ոչինչ չի փոխվելու, որ այսպես էլ շարունակվելու է միշտ, քիչ էր մնում խելագարվեի: Օտար երկրում դա ավելի անտանելի էր, մենք Հոլանդիայում էինք ապրում, տեղափոխվել էինք, նրան լավ գործ էին առաջարկել, ինքն էր ու իր գործը, իսկի երեխա չէր ուզում, մի խոսքով, թողեցի` եկա:
ԳԵՎՈՐԳ — Է՞, հիմա լավ եք զգո՞ւմ ձեզ:
ՍՈՆԱ — Ոչ այնքան: Բայց տանելի է, գոնե հարազատ միջավայրում եմ…
ԳԵՎՈՐԳ — Բաց հնարավորություններով, չէ՞:
ՍՈՆԱ — Վստահ չեմ:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ, ծեր չեք, ահագին համակրելի եք դեռ…
ՍՈՆԱ — Այդպես խոսելուց հետո սովորաբար փորձում են գրկել:
ԳԵՎՈՐԳ — Էէէ, սպասեք դուք էլ ձեր գրկելով, չեմ գրկի, ճշմարտությունն եմ ասում:
ՍՈՆԱ — Բայց ձեզ մոտ հաստատ բաց հնարավորություններս օգտագործելու համար չեմ եկել:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ իմանաս, մի՞թե մենք միշտ գիտենք, թե ինչու ենք անում այս կամ այն բանը, մեր ներսում թաքուն նախագծող կա:
ՍՈՆԱ — Տարօրինակ տուն է ձեր տունը, ձեզ նման է:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչն է տարօրինակ, տուն է, էլի:
ՍՈՆԱ — Այսպիսի նախագծով տներ չեմ տեսել:
ԳԵՎՈՐԳ — Նորմալ տուն էր, երկու սենյականոց, բայց այն մի սենյակը հարևանս գնեց, կպցրեց իր երեք սենյակին:
ՍՈՆԱ — Փողի կարի՞ք ունեիք:
ԳԵՎՈՐԳ — Դեհ…
ՍՈՆԱ — Բայց նկարիչները փող ունենում են, նկարների վաճառք, պատվերներ…
ԳԵՎՈՐԳ — Իմ նկարները չեն առնում, ես հանդիսատեսի քիմքին վայել նկար չեմ նկարում, պարզապես չեմ կարողանում, փորձել եմ վաճառքի նկար նկարել, չի ստացվում, ապաշնորհ եմ, հենց սկսում եմ նկարել` ծիծաղս գալիս է, հետո զզվանքս է գալիս, հետո` զայրույթս… Քաղցրիկ-մեղցրիկ նատյուրմորտներ, պուպուշիկ ծաղիկներ, սղալած պեյզաժներ, էրոտիզմ` նրբիկ բդիկներով, կլորիկ ծիծիկներով, երկիմաստ հայացքներով… Աստված իմ, ինչ հիմար է սպառողը, ինչ հեշտ է նրան խաբելը:
ՍՈՆԱ — Ձեր դեպքում` ոչ այնքան:
ԳԵՎՈՐԳ — Իմ դեպքում` այո, չի ստացվում, իմ նկարածը տհաճություն է պատճառում, երբեմն էլ` ցավ, ո՞վ կուզի իր տանն իրեն ցավ պատճառող նկար կախել…
ՍՈՆԱ — Ե՛ս կուզեմ, կվաճառե՞ք:
ԳԵՎՈՐԳ — Ձեռ քաշեք:
ՍՈՆԱ — Ցույց էլ չեք տա՞:
ԳԵՎՈՐԳ — Ինչների՞դ է:
ՍՈՆԱ — Պարզ հետաքրքրություն:
ԳԵՎՈՐԳ — Լավ, բայց հիմա չէ, հիմա խմենք, վաղուց չենք խմել:
Խմում են:
ՍՈՆԱ — Իմ հարևանն էլ ուզեց, որ սենյակս վաճառեմ իրեն, տղային ամուսնացրել էր, նեղվում էին…
ԳԵՎՈՐԳ — Է վաճառեիք, ձերը շա՞տ է:
ՍՈՆԱ — Երեք սենյակ, ծնողներիցս մնացած տուն է:
ԳԵՎՈՐԳ — Ձեզ, մենակ, երեք սենյակն ի՞նչ պետք է, ես լինեի` երկո՛ւսը կվաճառեի:
ՍՈՆԱ — Չեմ կարող, դավաճանության պես է, այդ տանը ծնողներս են ապրել, պապիկ-տատիկս, նրանց ոգիները շրջում են սենյակներում, նրանց եփած կերակուրների հոտերը սավառնում են օդում, նրանց ձայները հնչում են…
ԳԵՎՈՐԳ — Սենտիմենտալ կին: Ձայները սավառնում են, հոտերը՝ հնչում… Երևի կարգին գին չի տվել, հա՞:
ՍՈՆԱ — Շատ էլ կարգին գին էր տալիս: Բայց ես փողի կարիք չունեմ:
ԳԵՎՈՐԳ — Հարուստ ե՞ք:
ՍՈՆԱ — Չէ, բայց ինձ հերիքում է:
ԳԵՎՈՐԳ — Ագահ չեք, լավ է: Ես էլ ագահությունից չէր, որ վաճառեցի:
ՍՈՆԱ — Հասկանում եմ, անհրաժեշտությունից էր:
ԳԵՎՈՐԳ — Առնետը:
ՍՈՆԱ — Ի՞նչ:
ԳԵՎՈՐԳ — Առնետն է, դուրս եկավ զբոսանքի, էնտեղ:
ՍՈՆԱ — Ես առնետներից չեմ վախենում, բայց ինչո՞ւ չեք վերացնում:
ԳԵՎՈՐԳ — Իմ առնետներն ուրիշ տեսակի են, չեն վերանում: Գնացեք արդեն, Սոնա, սկսվում է:
ՍՈՆԱ — Ի՞նչը:
ԳԵՎՈՐԳ — Առնետապարը: Չէ, դեռ մի քիչ էլ կարող եք մնալ, բայց դրա համար ես մի մեծ բաժակ պիտի կլանեմ: (Լցնում է, խմում:)
ՍՈՆԱ — Հիմա կարո՞ղ եմ մնալ:
ԳԵՎՈՐԳ — Մի րոպե… (Դադար, խմիչքն է տեղավորում իր ներսում:) Կարող եք, այո, դեռ կա ժամանակ, սակայն կարծում եմ` շատ չի: (Նայում է ենթադրյալ առնետի կողմը:) Ժպտում է տականքը:
ՍՈՆԱ — Ինձ նայեք, մոռացեք:
ԳԵՎՈՐԳ — Բայց նա կանչում է:
ՍՈՆԱ — Երաժշտություն միացրեք, չունե՞ք… Այն ի՞նչ գործիք է, սրի՞նգ… Դո՞ւք եք նվագում:
ԳԵՎՈՐԳ — Էնպես, սիրողական:
ՍՈՆԱ — Սիրողական նվագ չեմ սիրում, բայց նվագեք, հետաքրքիր է:
ԳԵՎՈՐԳ — Երաժիշտ եք:
ՍՈՆԱ — Այո, դաշնակահար եմ, դասավանդում եմ երաժշտական դպրոցում:
ԳԵՎՈՐԳ — Ուրեմն կնվագեմ, ձեր ինադու: (Վերցնում է գործիքը:)
ՍՈՆԱ — Ափսոս, դաշնամուր չունեք, կնվագակցեի:
ԳԵՎՈՐԳ — Չունեմ, այո, ունեի, բայց բնակարանի այն կեսի հետ վաճառեցի: Ի՞նչ նվագեմ… Այսինքն՝ ինչ եմ հարցնում, ընդամենը մի քանի մեղեդի գիտեմ, «Լորիկը» նվագե՞մ:
ՍՈՆԱ — Հրաշալի է, նվագեք:
ԳԵՎՈՐԳ — Երգեք հետս, ոգևորեք երաժշտիս:
Գևորգը նվագում է, Սոնան երգում է, հետո վեր է կենում, պարում են:
ՍՈՆԱ — Ինքնուսի համար վատ չնվագեցիք, գիտե՞ք:
ԳԵՎՈՐԳ — Պահ, իսկ դուք վատ երգեցիք:
ՍՈՆԱ — Չէ հա…
ԳԵՎՈՐԳ — Այո, այո:
ՍՈՆԱ — Ես կոնսերվատորիա ավարտած երաժիշտ եմ:
ԳԵՎՈՐԳ — Հա, ի՞նչ անենք, էնքան կոնսավարտ գիտեմ, որ բանի պետք չեն: Երաժշտությունը հո կոնսերվատորիայով չի՞, ոչ էլ` բացարձակ լսողությամբ, ձեզ նմանները ազատություն չունեն, իրենց ուսումի ու բացարձակ լսողության կաղապարների գերին են, իսկ արվեստի մարդը պիտի ազատություն ունենա, նա պիտի ունենա սխալվելու ազատություն, սխալվելու համարձակություն: Ինչո՞ւ եք լռում:
ՍՈՆԱ — Ես լավ եմ նվագում, պարոն:
ԳԵՎՈՐԳ — Լավ, մի բորբոքվեք, մի օր կգնանք մի տեղ, ուր դաշնամուր կա, և կստուգենք:
ՍՈՆԱ — Իմ տանը կա: Ձեզ ընթրիքի հրավիրե՞մ մի օր:
ԳԵՎՈՐԳ — Հրավիրեք, բայց` ճաշի, ընթրիքը կարող է ուշանալ, հետո ուշ կլինի, ես կասեմ` մնա՞մ, դուք կասեք… Ի՞նչ կասեք:
ՍՈՆԱ — Չգիտեմ:
ԳԵՎՈՐԳ — Հասկանում եմ, ծեր եմ, երբեմն մոռանում եմ այս իրողությունը, այսինքն` երբեմն չէ, միշտ էլ մոռանում եմ:
ՍՈՆԱ — Մի սեթևեթեք, տեղը տեղին, կարգին տղամարդ եք, ի՞նչ է եղել:
ԳԵՎՈՐԳ — Սովորել եմ մթան մեջ սանրվել, բայց երևի լույսը վառելու ժամանակն է, ինքս ինձ խաբելով` ծիծաղելի եմ դառնում:
ՍՈՆԱ — Լավ, համոզեցիք, կասեմ` մնացեք, բայց` հարևան սենյակում:
ԳԵՎՈՐԳ — Դա էլ վատ չէ, կսկսենք հարևան սենյակից: Ես ձեզ կնկարեմ ձեր տանը, ձեր միջավայրում, դաշնամուրի մոտ, չէ, վրա:
ՍՈՆԱ — Կատուն գլխիս:
ԳԵՎՈՐԳ — Չէ, այս դեպքում` կրծքին, դուք` դաշնամուրին պառկած, այսպես` ջղաձիգ կեցվածքով, իսկ կատուն` ձեր կրծքին:
ՍՈՆԱ — Բայց դուք ասացիք, թե երևակայությամբ եք նկարելու:
ԳԵՎՈՐԳ — Շատ բան ասացի, ես առհասարակ կես ժամը մեկ նույն առիթով կարող եմ ծայրահեղ տարբեր բաներ ասել, ինձ մի վստահեք, Սոնա, վտանգավոր է:
ՍՈՆԱ — Չեմ էլ վստահում:
ԳԵՎՈՐԳ — Այ քեզ բան… Այդպես միանգամի՞ց…
ՍՈՆԱ — Հիմա դուք ո՞րն եք ուզում, վստահե՞մ, թե՞ չվստահեմ:
ԳԵՎՈՐԳ — Երկրորդը: Եթե վստահեք, դա իմ մեջ ինքնաբերաբար պատասխանատվության զգացում կծնի, իսկ պատասխանատվությունը կապվածություն է, իսկ ես, ինչպես ասացի, մենակ եմ ուզում խաղալ այս խաղը:
ՍՈՆԱ — Հասկանալի է, ուզում եք գալ, նկարել ու չքվել:
ԳԵՎՈՐԳ — Այո, չի լինի՞:
ՍՈՆԱ — Կլինի:
ԳԵՎՈՐԳ — Զարմանալի է, կանայք սովորաբար սիրում են ամեն բան բարդացնել, և միայն վճարովի կանայք են, որ չեն բարդացնում:
ՍՈՆԱ — Դուք հիմա հասկացա՞ք, թե ինչ ասացիք:
ԳԵՎՈՐԳ — Վիրավորեցի՞… Վիրավորեցի, էլի: Գրողը տանի: Բայց դուք ինձ ճիշտ չհասկացաք…
ՍՈՆԱ — Ստոպ: Այլապես կխճճվեք, հանել չեմ կարողանա, բերեք պարզապես խմենք:
ԳԵՎՈՐԳ — Լսեք, դուք ինձ ավելի ու ավելի եք դուր գալիս:
ՍՈՆԱ — Խմիչքն է, սա էլ խմենք` սիրահարվելու եք: Ձեր կենացը:
ԳԵՎՈՐԳ — Էն փողի կենացը, որ քսանհինգ տարի առաջ տվեցի ու այսօր ձեզ ինձ մոտ բերեց:
ՍՈՆԱ — Չէ, խնդրում եմ, փողը չարժի, որ իր կենացը խմենք:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ, աշխարհը փողի շուրջն է պտտվում, իրար բուկ են կրծում, իսկ դուք ասում եք` չարժի:
ՍՈՆԱ — Հենց դրա համար էլ` չարժի: Ձեր կենացը:
ԳԵՎՈՐԳ — Իմը խմել ենք, ձե՛րը:
ՍՈՆԱ — Թող լինի իմը:
Խմում են:
ՍՈՆԱ — Էլի մի բան նվագեք, հա՞, ուրախ մի բան:
ԳԵՎՈՐԳ — Պատվերդ` ի կատար: (Վերցնում է սրինգը:)
Պատի ետևից բարձր երաժշտություն է հնչում:
ՍՈՆԱ — Սա հաստատ դուք չեք, ձեր սրինգն այսպիսի աղմուկ չի կարող հանել:
ԳԵՎՈՐԳ — Հարևանս է, հազարավոր անգամներ ասել եմ` դու չես լսում, եղբայր, դու լսացնում ես:
ՍՈՆԱ — Լավ, մի ներվայնացեք:
ԳԵՎՈՐԳ — Ոնց չներվայնանամ, է՜… (Պատն է թակում:) Վարդգես, էյ… Չէ, անօգուտ է: Նույնն է, թե իր աղբը իմ տուն լցնի: Բայց մենակ ինքը չի, Սոնա, այս քաղաքում արդեն լուռ տեղ չի մնացել, մեքենաներից, տներից, հրապարակներից, ամեն տեղից դմբդմբոց են լցնում ականջդ, մենք անհեթեթ աղմուկի մեջ ենք ապրում, անդադար, և փրկություն չկա, ահա, ո՞նց փրկվես սրանից, ինչքան ուզում ես` ասա, անօգուտ է:
ՍՈՆԱ — Իզուր եք վաճառել ձեր սենյակը, հիմա ձեր սենյակը վրեժ է լուծում ձեզնից:
ԳԵՎՈՐԳ — Երևի սա էլ ծախեմ, գնամ` լեռնային գյուղում մի հյուղակ առնեմ:
ՍՈՆԱ — Կկարողանա՞ք:
ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ, սարերն ափսոս են: Սարերն ափսոս են, ձորերն ափսոս են, ջրերն ափսոս են, կենդանիներն ափսոս են, մենք ափսոս ենք, բոլորը` ինչ կա` ափսոս է ու մեղկ…
ՍՈՆԱ — Չեմ հասկանում…
ԳԵՎՈՐԳ — Սոնա, ես ստեցի, թե կնկարեմ քեզ, ես չեմ կարող նկարել քեզ` ո՛չ կատվով, ոչ առանց կատվի…
ՍՈՆԱ — Երևակայությամբ…
ԳԵՎՈՐԳ — Ոչ էլ երևակայությամբ, առհասարակ: Ես վաղուց արդեն չեմ նկարում, որովհետև նկարելը խղճուկ զբաղմունք է, ուզում ենք ինչ-որ բան փրկել ժամանակի ճիրաններից, ժամանակն ավերում է, իսկ մենք, սարսափած, ջանում ենք պահել` մի ձև, մի գույն, մի լույս, մի ծվեն… պոկել ժամանակի երախից` դնել կտավի վրա` փրկել: Բայց փրկել հնարավոր չէ, պատրանք է, ժամանակն ամենազոր է: Հիմա ես նրա դաշնակիցն եմ` իմ թշնամո՛ւ, ավելին` ես նրանից առաջ եմ անցնում, նրանից շուտ եմ ավերում, նա դեռ նայում է, չափչփում, նշան բռնում, իսկ ես արդեն տեսնում եմ մոտալուտ ավերն ու իրենից շուտ սկսում` վերցնում եմ ներկն ու քսում կտավին` խառը, ոնց պատահի, էս կողմից` էն կողմ, էն կողմից` էս կողմ, վարից վեր, վերից վար, բռով վերցնում եմ ներկը ու ցպնում կտավին… Իսկ նա կատաղում է, որ իրենից առաջ եմ ընկել, խփում է քիթմռթիս… Նայում եմ հայելուն` հա էլի, անցել է վրայովս, լավ էլ անցել է… Էսպես էլ ապրում ենք, ես ու ժամանակը:
ՍՈՆԱ — Ուզում եմ նկարես ինձ` հենց էդպես, էս կողմից` էն կողմ, էն կողմից` էս կողմ, վերից վար, վարից վեր, ներկը վերցնես ու քսես, ցպնես… Ավերված Սոնայի դիմանկարը: Իր տեսակի մեջ` միակը:
ԳԵՎՈՐԳ — Ուզում ես գոնե ինչ-որ մի բանում միակը լինել:
ՍՈՆԱ — Այո, ինչո՞ւ ոչ:
ԳԵՎՈՐԳ — Սեթևեթում ենք, ողբերգության ճահճում խրված` սեթևեթում ենք, ո՞ւմ ենք խաբում, Սոնա, ինքներս մե՞զ, աստծո՞ւն, ժամանակի՞ն…
ՍՈՆԱ — Բերեք խմենք, կհանգստացնի, շատ եք հուզված:
ԳԵՎՈՐԳ — Ուշ է, չի օգնի, նրանք արդեն եկել են… Տեսա՞ք, տեսա՞ք… Հրեն, փախավ, թախտի ետևում է…
ՍՈՆԱ — Առնե՞տն էր:
ԳԵՎՈՐԳ — Ոչ միայն… Ահա, ահա, գալիս են, եկան, վաղուց չէին երևացել… Բարի գալուստ, բարի եկաք…
ՍՈՆԱ — Ովքե՞ր:
ԳԵՎՈՐԳ — Բոլորը, կերպարանք առած` գալիս են, ահա, գալիս են իրենց վրեժն առնեն… Ոչխարին նայեք, նայե՛ք, գլուխն ընկած է, ինքն անգլուխ, արնոտ` գալիս է վրաս… Ի՞նչ ես ուզում, ոչխար ախպեր, էդպես էլ չներեցի՞ր, չէ՞, բեեե… Դու է՞լ, այ շուն… Էս հավերին նայեք, ոնց են թպրտում արնաշաղախ… Աաա՜, օրիորդ, դո՞ւք էլ եկաք, ձե՞զ ինչ եղավ, ի՞նչ հիշեցիք հանկարծ… Օ՜, պարոն, համեցեք, համեցեք, առանց ձեզ ո՞նց կլինի…
ՍՈՆԱ — Սթափվեք, այստեղ ոչ ոք չկա մեզնից բացի:
ԳԵՎՈՐԳ — Դուք չեք տեսնի, տիկին, ի՛նձ համար են եկել, առաջին անգամը չի, սովորական բան է…
ՍՈՆԱ — Դրանց էլ ավերեք, ավերեք` դրեք կտավին` պրծեք:
ԳԵՎՈՐԳ — Օ՜, սրանց չի ստացվի, սրանք հզոր են, սրանք ժամանակին չեն ենթարկվում, իմ ուղեղի կետերն են, միայն ինձ հետ կավերվեն… Գնացեք, Սոնա, ընդունելությունն ավարտված է, ուրիշ հյուրեր ունեմ: Գնացե՛ք:
ՍՈՆԱ — Գուցե շտապօգնությո՞ւն կանչեմ…
ԳԵՎՈՐԳ — Պետք չի, գնա՛, խնդրում եմ, գնա՛… (Համարյա հրելով` տնից դուրս է հանում Սոնային:)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Պատկեր երրորդ
Հիվանդասենյակ հիվանդանոցում: Գևորգը` մահճակալին: Մտնում է բժիշկը, ձեռքին` պայուսակ, որում` «սիստեմայի» պարկը և այլ բժշկական պարագաներ:
ԲԺԻՇԿ — Գևո՛րգ, է՛յ, Գևո՛րգ, արթնացե՛ք, դեղերն ընդունելու ժամն է: Ամբողջ օրը քնած եք, սիրելիս, այսպես ո՞նց կլինի: Ասենք` ինքս եմ քնաբեր տվել, ո՞նց չքնի մարդը: Գևորգ, էյ, արթնացեք, արթնացեք:
ԳԵՎՈՐԳ — (արթնանալով): Բժի՞շկ:
ԲԺԻՇԿ — Ես եմ, բժիշկն եմ, այո, Սուրեն Ստեփանիչ Խաչունցը, արթնացա՞ք, դե մերկացրեք ձեր թևը: (Ռետինով կապում է Գևորգի թևը:) Հիմա աշխատացրեք մկանները, աշխատացրեք, ավելի ինտենսիվ, ուժ չունե՞ք, ինչ է:
ԳԵՎՈՐԳ — Ունեի ոնց որ…
ԲԺԻՇԿ — Վախ, վախ, վախ, ինչ է կատարվում մարդու հետ, ուժերը հատել են: Բա պիտի հատեին, չհատեի՞ն:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ եք գոռում, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Դարձյա՞լ ձեր աղմուկի նևրոզը գլուխ բարձրացրեց:
ԳԵՎՈՐԳ — Նևրոզն ի՞նչ կապ ունի, գոռում եք անհարկի:
ԲԺԻՇԿ — Դե, բորբոքվեցի` գոռացի, պատմություն մի սարքեք, բժիշկ եմ, իրավունք ունեմ: Լրիվ սմքել եք, եղբայր, կարգին աշխատացրեք ձեռքը, աշխատացրեք… Հիմա բռունցք արած պահեք: Երակ չկա, դե արի, Սուրեն Ստեփանիչ, ասեղ խրիր: (Ասեղը խրում է երակի մեջ:)
ԳԵՎՈՐԳ — Կամաց:
ԲԺԻՇԿ — Ցավա՞ց… Հրաշալի է, ցավում է` ուրեմն ապրում եմ: Բայց չստացվեց, փուստ գնաց, մի անգամ էլ փորձենք: (Դարձյալ է խրում ասեղը:) Ահա, այս անգամ ստացվեց: (Միացնելով «սիստեմը», տոպրակը կախելով պատից կամ մի այլ բարձր տեղից:) Գնաց դեղը, գնաց թոռոմած երակներով, գնաց, որ զվարթություն տա: Հանգիստ պառկեք, չշարժվեք: (Թղթապանակ է հանում պայուսակից, բացում է, թերթում, ինքն իրեն:) Այսպես, այսպես, հետաքրքիր է… (Գևորգին.) Է, ինչպե՞ս եք:
ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ, իսկապես չգիտեմ:
ԲԺԻՇԿ — Մենք մեզ կորցրել ենք, այո՞:
ԳԵՎՈՐԳ — Կորցրել ենք, բոլորս ու վաղուց:
ԲԺԻՇԿ — Փիլիսոփայում եք: Ահա, այս հաբերն ընդունեք:
Գևորգը բերանն է գցում բժշկի տված հաբերը:
ԲԺԻՇԿ — Սպասեք, ջուր տամ:
ԳԵՎՈՐԳ — Արդեն գնաց:
ԲԺԻՇԿ — Այդպես չոր-չոր… Իսկական մազոխական ակտ է: (Հակվում է թղթապանակին:) Ձեզ, ուրեմն, ուրբաթ երեկոյան են բերել, պարոն… Ուրբաթ, ամսույս տասներեքին, պատկերացնո՞ւմ եք, իսկական սատանայական օր:
ԳԵՎՈՐԳ — Ես սնոտիապաշտ չեմ:
ԲԺԻՇԿ — Սուտ եք ասում, բոլոր մարդիկ էլ փոքրիշատե սնոտիապաշտ են, թաքնվում եք, բայց ինչո՞ւ… Լավ, ինչ որ է, ուրեմն, արդեն երեք օր է՝ մեզ մոտ եք. հիշո՞ւմ եք դեպքերի զարգացումը:
ԳԵՎՈՐԳ — Շատ աղոտ, այդ աղոտին էլ վստահ չեմ:
ԲԺԻՇԿ — Դեհ, ո՞նց վստահ լինեք, սպիտակ տենդով են բերել: Ոստիկաններին փողոցում մոտեցել եք, ասել եք, թե ձեզ հալածում են, ուզում են լինչի դատաստան իրագործել, խնդրել եք` փրկել, նրանք էլ, լավ է` փորձված ոստիկաններ էին, կռահել են ինչն ինչոց է, բերել են ուղիղ մեզ մոտ:
ԳԵՎՈՐԳ — Դեհ, բերել են, ուրեմն` բերել են:
ԲԺԻՇԿ — Ի՜նչ թեթև եք խոսում, ի՜նչ թեթև եք խոսում… (Թղթերին նայելով:) Այսպես… Ծնվել եք Երևանում, կենտրոնական ծննդատանը… Քաղաքի հենց սրտում եք ծնվել, հիվանդ… Հազար ինը հարյուր…
ԳԵՎՈՐԳ — (ընդհատելով): Այդ մանրամասներն ի՞նչ կարևոր են:
ԲԺԻՇԿ — Աաա, ծննդյան թվականը չեք ցանկանում լսել, պարզ է… Էս ո՞նց եք թշնամացել ինքներդ ձեզ: Սակայն մանրամասները կարևոր են, հիվանդ: Հո չե՞ք ժխտի, որ հիվանդ եք: Կարևոր են, հավատացնում եմ, հիվանդության պատմությունն է կազմվում:
ԳԵՎՈՐԳ — Բայց` ոչ հանցագործության, չէ՞:
ԲԺԻՇԿ — Նման է, գիտե՞ք, նույնիսկ հետաքրքիր ստացվեց: Կրկնում եմ` յուրաքանչյուր մանրուք կարևոր է` պարզելու համար հանցագործության, կներեք, հիվանդության պատճառները, ընթացքը, հնարավոր զարգացումը: Այ, հենց հասանք ծննդյան թվականին` ընդհատեցիք, նույնիսկ այլայլվեցիք, ինչո՞ւ, հենց այնպե՞ս… Ոչ, սիրելիս, հենց այնպես չի լինում, խորքեր կան, խորքերում` հարուցիչներ, դուք ձեր ծննդյան մասին նույնիսկ լսել չեք ուզում հիմա, ուրեմն այնտեղ ցավեցնող բաներ կան, թվում է` անցած-գնացած են, սակայն ոչինչ անհետ չի անցնում, թաքնվում է խորքերում, ծպտվում ու դավադիր սպասում: Գուցե նաև դժվար ծննդաբերությո՞ւն է եղել, կեսարյան հատում, վաղաժամկետ ծնունդ… Եղե՞լ է:
ԳԵՎՈՐԳ — Չեմ հիշում:
ԲԺԻՇԿ — Հումորը տեղում է, դա լավ է, կատակում եմ` ուրեմն ապրում եմ: Իսկ եթե լո՞ւրջ:
ԳԵՎՈՐԳ — Ինձ չեն զեկուցել:
ԲԺԻՇԿ — Գտնել է պետք, գտնել, որպեսզի քոքահան անենք, ընդմիշտ բուժենք:
ԳԵՎՈՐԳ — Քոքահան ու ընդմիշտ հարկավոր չէ, բժիշկ, դուք հո ինձ ինձնից չե՞ք զրկելու, ես չեմ ուզում ուրիշ մարդ դառնալ:
ԲԺԻՇԿ — Այսպես եք, նկարիչներդ, գրողներդ, երաժիշտներդ… արմատական բուժումից խուսափում եք, վախենում եք` էլ չկարողանաք նկարել-գրել-երգել, դրանով իսկ կարծես խոստովանում եք, թե անառողջ զբաղմունքով եք տարված:
ԳԵՎՈՐԳ — Կարծում եմ` դա մեր մեկնաբանություններից վեր բան է, բերեք աստծունն աստծուն թողնենք, բժիշկ, իսկ դուք սրացումը բուժեք` գնամ:
ԲԺԻՇԿ — «Սրացումը բուժեք` գնամ»: Գնաք` որոշ ժամանակից էլի գաք, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Դեհ, ինչ արած…
ԲԺԻՇԿ — Բան ու գործ չունենք, էլի: (Հանկարծ պայծառանալով:) Լսեք, ապշեցուցիչ զուգադիպություն է, գիտե՞ք, հենց այդ թվականներին ծննդատանը իմ Նվարդ տատիկն է աշխատել, մանկաբարձուհի էր, պատկերացնո՞ւմ եք:
ԳԵՎՈՐԳ — Դեռ ոչ:
ԲԺԻՇԿ — Շատ հավանական է, որ հենց նա է ընդունել ձեր ծնունդը, ես համարյա համոզված եմ:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ եք այդպես համոզված:
ԲԺԻՇԿ — Սիրտս վկայում է, իսկ իմ սիրտն ինձ չի խաբում: Գիտե՞ք, իմ տատիկը շատ բծախնդիր, ժուժկալ կին էր, նրա ներկայությամբ երեխա փոխս գցելը բացառված էր, ուստի դուք դուք եք, հարգելիս… Ուրախալի է, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Այսպես, թե այնպես` ես ես եմ:
ԲԺԻՇԿ — Էէէ, ինչ դժվար մարդ եք: Հաբերը չեն ազդո՞ւմ, չեմ հասկանում… Ահա, այս մեկն էլ կուլ տվեք: (Տալիս է հաբը:) Այնպես եք խոսում, կարծես չեք վախեցել, թե ձեզ կարող են փոխս գցած լինել, թե ձեր ծնողները ձեր ծնողները չեն:
ԳԵՎՈՐԳ — (կուլ տալով հաբը): Պատանի ժամանակ եղել է, մտածել եմ, բայց հիմա չէ, հիմա մեկ է: Գոնե սիրո՞ւն էր Նվարդը:
ԲԺԻՇԿ — Նվարդն ո՞վ է… Ախ, իմ տատի՞կը… Չքնաղ էր, ինչո՞ւ:
ԳԵՎՈՐԳ — Դեհ, առաջինն էր, ում տեսել եմ, գոնե սիրուն բան տեսած լինեի:
ԲԺԻՇԿ — Հենց այդպես էլ տեսել եք: Գիտե՞ք, մտածում եմ` գուցե հենց դա է ձեզ նկարիչ դարձրել:
ԳԵՎՈՐԳ — Երախտապարտ եմ տատիկին:
ԲԺԻՇԿ — Մի հեգնեք, կատակեցի: Թեև` ի՞նչ իմանաս… Լավ, առաջ անցնենք: (Թղթերին նայելով:) Առաջին անգամը չէ, որ բուժվում եք մեզ մոտ, չէի էլ կասկածում:
ԳԵՎՈՐԳ — Երրորդ անգամ է:
ԲԺԻՇԿ — Ծնողները բաժանված են, երբ դեռ տակավին…
ԳԵՎՈՐԳ — Այո, երկու-երեք տարեկան էի… Բայց դրան չդիպչենք, ցավ է տալիս:
ԲԺԻՇԿ — Դրան չդիպչեք, սրան չդիպչեք… Չեմ կարող, սիրելիս, դուք հասկանո՞ւմ եք, թե այստեղ որչափ նյութ է թաղված, ինչպիսի ֆրուստրացիաներ կան, ինչ բարդույթներ ու նևրոզներ… Լսեք, մանկապարտեզում արդեն սիրահարվել եք, հա՞:
ԳԵՎՈՐԳ — Նույնիսկ` երկու անգամ, սիրառատ էի:
ԲԺԻՇԿ — Բաժանված ծնողների զավակների սիրած բարդույթն է սերը:
ԳԵՎՈՐԳ — Բայց ձեզ որտեղի՞ց իմ կենսագրությունը:
ԲԺԻՇԿ — Առաջին անգամ սովետների օրոք եք բուժվել, ճի՞շտ է, իսկ սովետները… սովետները, սիրելիս, այնպիսի մանրամասներ գիտեին մեր մասին, որ ինքներս չգիտեինք. մի հատ հիշեք սովետները` հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, կուսակցական: Դպրոց վեց տարեկանից եք հաճախել, իզուր, իզուր եք շտապել, մի քիչ էլ ազատ վազվզեիք Երևանի փողոցներով…
ԳԵՎՈՐԳ — Այնպիսի տպավորություն ունեմ, որ քննիչի առաջ ապրածիս համար պիտի հաշվետու լինեմ:
ԲԺԻՇԿ — Մեղքի զգացումը կրծո՞ւմ է:
ԳԵՎՈՐԳ — Ապրելու համա՞ր:
ԲԺԻՇԿ — Ինչո՞ւ ոչ:
ԳԵՎՈՐԳ — Դեհ, մեղքի զգացում` ինչքան ուզեք, երբեմն նույնիսկ միզելիս եմ մեղքի զգացում ապրում:
ԲԺԻՇԿ — Վայ, պարոն Գևորգ, վայ… (Ծիծաղում է:) Ասում եք՝՝ միզելի՞ս… Հետաքրքիր է… Ուրետրի՞տ:
ԳԵՎՈՐԳ — Գրած չի՞ ձեր այդ թղթերում:
ԲԺԻՇԿ — Գրված է, ահա, վատ բուժված գոնորեա, որը բերել է խրոնիկ ուրետրիտի: Լսեք, թղթերը՝ թուղթ, բայց դուք էլ մի բան պատմեք:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ պատմեմ:
ԲԺԻՇԿ — Դեհ, որևէ հետաքրքիր դեպք մանկապատանեկան շրջանից:
ԳԵՎՈՐԳ — Լավ, փորձեմ: Հանքավանի պիոներական ճամբարում էր, տաս-տասներկու տարեկան էի…
ԲԺԻՇԿ — Ահա, ահա, դեղը կարծես թե սկսեց ներգործել, շարունակեք:
ԳԵՎՈՐԳ — Գիշեր էր, մեզ հրամայված էր քնել, բայց շատերի քունը չէր տանում, ես էլ քնած չէի, հանկարծ ներս եկավ ճամբարի պետը, մտավ ու լույսը վառեց, բոլորն իրենց աչքերը փակեցին, իբրև թե քնած են, ես չփակեցի, չուզեցի:
ԲԺԻՇԿ — Հետո, հետո, շարունակեք:
ԳԵՎՈՐԳ — Այդքանը:
ԲԺԻՇԿ — Ո՞նց թե այդքանը, ձեռ եք առնո՞ւմ:
ԳԵՎՈՐԳ — Ձեր թղթերում երևի գրված է, կարդացեք:
ԲԺԻՇԿ — Չեղավ, չեղավ, դարձյալ խրտնեցիք:
ԳԵՎՈՐԳ — Հոգնեցի, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Այդպես չի լինի, հարգելիս, թափ տվեք ձեզ, կուզե՞ք սուրճ բերել տամ:
ԳԵՎՈՐԳ — Շնորհակալ եմ, չեմ ուզում:
ԲԺԻՇԿ — Հասկացեք, մենք ձեզ հետ շատ ենք զրուցելու, չարի արմատները գտնել է պետք, արմատախիլ անել է պետք, այլապես ի՞նչ կստացվի, վրայից ասֆալտելով ի՞նչ կստացվի, վաղը դարձյալ կծլեն չարի ծաղիկները… Շարլ Բոդլերին անշուշտ սիրում եք: (Գևորգը ծիծաղում է: Բժիշկն էլ է ծիծաղում:) Դե լավ, այսօրվա համար բավական է, չճնշեմ, հանգստացեք: Ամեն բան լավ է լինելու, չվախեք:
ԳԵՎՈՐԳ — Չեմ վախենում, վախենալու բան չմնաց կարծես:
ԲԺԻՇԿ — Մեծամիտ մի եղեք, հիվանդ, վախենալու բան միշտ էլ մնում է, մինչև վերջին պահը, և հատկապես` վերջին պահին: Դեհ, մինչ հանդիպում: Գրողը տանի, ինչ դժվար է ձեզնից բաժանվել, մագնետիկ բնույթ ունեք, պարզապես գերում եք: («Սիստեմի» մասին:) Ահա, դեղի պարկն էլ դատարկվեց արդեն: Հարգելիս, վեր կացեք, երեք օր է` պառկած եք, վեր կացեք, զբոսնեք միջանցքում, կուզե՞ք բակ դուրս գալ, կարգադրեմ՝՝ թողնեն:
ԳԵՎՈՐԳ — Միջանցքն առայժմ բավարար է:
ԲԺԻՇԿ — Դեհ, մինչ հանդիպում: (Դուրս է գալիս, անմիջապես էլ ներս է գալիս:) Հիշեցի, ապա մի ձեր ոտնաթաթերը ցույց տվեք, դուրս բերեք վերմակի տակից, դուրս բերեք… (Նայելով Գևորգի ոտքի մատներին:) Ահա, ահա, պարզ է: Հիմա ձեռքերն առաջ պարզեք… (Տնտղելով Գևորգի ձեռքի մատները:) Պարզ է, պարզ է: (Տնտղում է Գևորգի քիթը, ականջները:) Հետաքրքիր է, չնայած ձեր մշտական մղվածությանն առ ինքնավերումը, բավական զգույշ եք ապրել, գիտե՞ք, արտաքին աշխարհի հետ ամենից շատ շփվող մարմնամասերն անվնաս են, ոչ մի ծայրատվածք, գոնե` թեթև, ամեն բան տեղում է, ամբողջական:
ԳԵՎՈՐԳ — Ինքնապաշտպանության բնազդն է աշխատել երևի:
ԲԺԻՇԿ — (շարունակելով տնտղել Գևորգի մարմինը): Բայց ահա սպիները շատ են, կրծքին, փորին, դաստակին… Ինքներդ ձեզ չեք խնայել, պարոն: Թեև, երակներին այդպես էլ չեք հասել, հա՞, խաղ եք արել, ինչպես կամրջից նետվելն էր, այդպես էլ չնետվեցիք, չէ՞… Բարձրության վա՞խը խանգարեց, թե՞ էլի խաղ էր… Դերասա՜ն, դերասա՜ն… (Դուրս է գալիս:)
Պատկեր երրորդ
Նույն սենյակը: Գևորգը կիսանստած է անկողնում: Վարդանը անաղմուկ մտնում է սենյակ, թիկունքից շոշափում Գևորգին:
ԳԵՎՈՐԳ — Բժի՞շկ… Թողեք ձեր կատակները:
ՎԱՐԴԱՆ — Բժիշկը չի, ես եմ, կույր Վարդանը:
ԳԵՎՈՐԳ — Առանց թակելու ինչո՞ւ ես մտել, Վարդան, շատ էլ՝՝ կույր ես:
ՎԱՐԴԱՆ — Թակել եմ, չարձագանքեցիր, ես էլ մտա. վախեցա, մտածեցի` մեռած չլինի՞ մարդը, կարգին մարդ է, ինչի մեռնի, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Բայց քեզ ո՞վ է խնդրել իմ ողջ կամ մեռած լինելը ստուգել:
ՎԱՐԴԱՆ — Մարդ ենք, չանհանգստանա՞նք իրար համար: Լավ դե, մի բորբոքվիր, կույր եմ, ինձ ներելի է: Մի սիգարետ տուր, իմը պրծավ:
ԳԵՎՈՐԳ — Վերցրւ, սեղանին է:
Վարդանը խարխափելով գտնում է սիգարետի տուփը:
ՎԱՐԴԱՆ — (սիգարետը բերանը խոթելով): Էհ, մի քիչ խմելու բան լիներ, թե չէ տխուր է… (Բերանի սիգարետի մասին:) Այրի՛ր:
Գևորգը հրահանով վառում է Վարդանի սիգարետը:
ՎԱՐԴԱՆ — (ծխելով): Գիտե՞ս, կույր լինելը այդքան վատ չի, ինչպես թվում է առաջին հայացքից, կուզե՞ս` աշխարհը սիրուն կտեսնես, քեզնից է կախված, քո երևակայությունից, դուրսը չկա, ոնց ներսում նկարեցիր` այդպես է: Հիշում եմ, առաջ, երբ տեսնում էի, էդ ի՞նչ էր աշխարհը՝ ցեխոտ, մռայլ, ագահ, խոժոռ, իսկ հիմա իմ ներսում երբ ուզեմ` արև է, սիրուն, բարի, ժպտուն… Քեզ պես:
ԳԵՎՈՐԳ — Ես բարի չեմ, Վարդան, ու ոչ էլ ժպտում եմ:
ՎԱՐԴԱՆ — Ըհը, ես էլ դա եմ ասում, դու չես ժպտում, բայց ես քեզ ժպտացող եմ տեսնում: Ես մարդուն անմարմին եմ տեսնում, մարմին չկա, ու պետք էլ չի, ես մարդուն տեսնում եմ, երբ նա խոսում է, այ, դու խոսեցիր, ես քեզ տեսա, ու տեսա, որ ժպտում ես, իրականում էդպես էլ կա, պարզապես ինքդ քեզ չես ճանաչում, դու չգիտես, որ ժպտում ես: Հիմա ես լիքը բան կարող եմ ասել քո մասին, որ դու չգիտես, նույնիսկ արտաքինիդ մասին, կուզե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Ձեռ քաշի:
ՎԱՐԴԱՆ — Լավ, քաշեմ, մի երկու սիգարետ էլ տուր` քաշեմ:
ԳԵՎՈՐԳ — Վերցրու:
ՎԱՐԴԱՆ — (վերցնելով սիգարետները): Գոհ եմ: (Դուրս է գալիս:)
Պատկեր չորրորդ
Հիվանդանոցային կիսամութ միջանցք, Գևորգը ետառաջ է քայլում, զբոսնում է: Նրան ընդառաջ է գալիս-անցնում օդում երևակայական թիթեռներ որսացող հիվանդը` Հիվանդ 1-ը:
ՀԻՎԱՆԴ 1 — Էն կողմ, մի խանգարի… Ձախ կողմը չգնաս, ճահիճ ա:
Մոտենում է մի ուրիշ հիվանդ` Հիվանդ 2-ը:
ՀԻՎԱՆԴ 2 — Ընկեր, եղբայր, գործիքներս էս պատի տակ էի թողել, չես տեսե՞լ, էսպես մեծ, քառակուսի չամադանի մեջ:
ԳԵՎՈՐԳ — Չէ:
ՀԻՎԱՆԴ 2 — Չէ՞… Ավտոս փչացել ա, պիտի մտնեմ տակը` սարքեմ, բայց գործիքներս չկա, չգիտե՞ս` ով ա գողացել:
ԳԵՎՈՐԳ — Չէ:
ՀԻՎԱՆԴ 2 — Բայց հաստատ դու չե՞ս, լավ հիշի:
ԳԵՎՈՐԳ — Լավ եմ հիշում, ես չեմ:
ՀԻՎԱՆԴ 2 — (հեռանալով): Բա ո՞վ ա, է… Կարող ա՞ բժիշկն ա…
Հիվանդ 2-ը հեռանում է: Գևորգը շարունակում է զբոսնել: Միջանցք բացվող սենյակների դռներից մեկից հայտնվում է տարեց կնոջ ձեռքը, Գևորգին ներս է քաշում:
Պատկեր հինգերորդ
Տարեց կնոջ սենյակը: Կինը Գևորգին հրում-գցում է մահճակալին, մագլցում է վրան, հախուռն սկսում է քանդել կոճակները: Գևորգը ծիծաղում է:
ԿԻՆ — Տրամադրվեք վերջապես, ի՞նչ խաղ է, չեմ հասկանում… Թե՞ ուզում եք բռնաբարված լինել… Կապկպե՞մ ձեզ պարանով:
ԳԵՎՈՐԳ — Չեմ ուզում:
ԿԻՆ — Ուրեմն տրամադրվեք, Սուրեն Ստեփանիչ:
ԳԵՎՈՐԳ — Ես Սուրենը չեմ, շփոթել եք:
ԿԻՆ — Ո՞նց թե` Սուրենը չեմ… (Ուշադիր նայելով:) Իսկ Սուրենն ո՞ւր է:
ԳԵՎՈՐԳ — Չգիտեմ:
ԿԻՆ — Սակայն տարբերությունը մեծ չէ, տրամադրվիր, հա՞:
ԳԵՎՈՐԳ — Չեմ կարող:
ԿԻՆ — Ինչո՞ւ:
ԳԵՎՈՐԳ — Ես հիվանդ եմ, բուժվում եմ այստեղ:
ԿԻՆ — Ես էլ եմ բուժվում, հետո ի՞նչ:
ԳԵՎՈՐԳ — Դեղերի տակ եմ:
ԿԻՆ — Ես էլ եմ դեղերի տակ, հետո ի՞նչ:
ԳԵՎՈՐԳ — Տիկին, տղամարդու և կնոջ ֆիզիոլոգիաները տարբեր են` եթե նկատել եք:
ԿԻՆ — Հա, ի՞նչ անենք…
ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, ոչինչ էլ չանենք: (Հրելով վեր է կենում:)
ԿԻՆ — Սպասիր… Ամենևին հույս չկա՞:
ԳԵՎՈՐԳ — Չկա: Սուրեն Ստեփանիչին որսացեք, նա բողկի պես թարմ է: (Դուրս է գալիս:)
Պատկեր վեցերորդ
Գևորգի սենյակը: Գևորգը նստած է մահճակալին: Գալիս է բժիշկը:
ԲԺԻՇԿ — Դեղերը բերեցի:
ԳԵՎՈՐԳ — Ինչո՞ւ եք անհանգստանում, բժիշկ, բուժքույրը կբերեր:
ԲԺԻՇԿ — Ես չեմ կարող ինձ զրկել ձեզ հետ շփվելու հնարավորությունից: Հը՞, ո՞նց եք… Ասում են, մեր պառավը երեկ արշավել է ձեր վրա, այո՞:
ԳԵՎՈՐԳ — Ծիծաղում եք, ձեզ ի՞նչ կա:
ԲԺԻՇԿ — Մոլագար է, ձեռը տղամարդ ընկնի` վերջ, ամորձիներից բռնած կքաշի անկողին: Ո՞նց պլստացիք:
ԳԵՎՈՐԳ — Պլստացի, էլի:
ԲԺԻՇԿ — Ոչինչ, գթասիրտ լինենք, հարգենք մերձավորի հիվանդությունը:
ԳԵՎՈՐԳ — Տեսնում եմ` դուք հարգել եք:
ԲԺԻՇԿ — Ի դեպ, մի կին էր եկել ձեզ տեսության:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ կին:
ԲԺԻՇԿ — Կին, էլի, էնպես ոչինչ կին էր, անունը ասեց, մոռացա… Ի՞նչ է, այդքան շատ կի՞ն կա ձեզ այցելող: Սոնա էր անունը, հիշեցի: Չթողեցինք, մեզ մոտ խիստ ռեժիմ է:
ԳԵՎՈՐԳ — Բանտարկյալ եմ, ինչ է: Թեև լավ եք արել, հիմա ոչ ոքի տեսնել չեմ ուզում:
ԲԺԻՇԿ — Կերակուր էր բերել, տվեցի սանիտարներին, որ ձեզ փոխանցեն, չեն բերե՞լ:
ԳԵՎՈՐԳ — Չէ:
ԲԺԻՇԿ — Կերած չլինե՞ն անկուշտները:
ԳԵՎՈՐԳ — Ոչինչ, անուշ լինի, ես քաղցած չեմ:
ԲԺԻՇԿ — Էհ, կար ժամանակ` բերում էին, մայրիկն՝ առանձին, խորթ մայրիկն՝ առանձին… Ի՜նչ ուտեստներ էին, տոլմա, խաշլամա, իշխան ձուկ, էլի տոլմա… Հիշո՞ւմ եք:
ԳԵՎՈՐԳ — Ոչ:
ԲԺԻՇԿ — Էլի խրտնեց մեր հիվանդը… Խմեք այս հաբերը:
Գևորգը կուլ է տալիս հաբերը:
ԲԺԻՇԿ — Ձեզ մի գաղտնիք բացեմ: Ոչ մի կին, սիրելիս, չի կարող տղամարդուն սիրել այնպես, ինչպես տղամարդը կսիրի: Աշխարհի մեծերն իմացել են սա` Մակեդոնացին, դա Վինչին, Նյուտոնը…
ԳԵՎՈՐԳ — Ցուցակն ինքնակամ հագեցնում եք, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Ոմանք բացահայտ են, ոմանք՝ թաքնված, սակայն, ինչպես գիտեք, չկա թաքուն ոչինչ, որ վաղ թե ուշ բացահայտ չդառնա:
ԳԵՎՈՐԳ — Նյուտոնին ըստ իր ֆիզիկայի օրենքների՞ եք բացահայտել:
ԲԺԻՇԿ — Ըստ նրա երկատվածության. նա և՛ ֆիզիկոս էր և՛, ինչպես գիտեք, ալքիմիկոս: Դուք էլ երկատված եք, Գևորգ, այնպես չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Ես տրոհված եմ:
ԲԺԻՇԿ — Խեղճ մարդ: Չասացիք` ո՞նց եք, այսօր ավելի լավ չե՞ք զգում ձեզ:
ԳԵՎՈՐԳ — Համեմատաբար լավ եմ, այո: Բայց ինչ-որ խշխշոցներ եմ լսում, բժիշկ, այնկողմնային ձայներ, փսփսոցներ, շշնջոցներ…
ԲԺԻՇԿ — Ոչինչ, կանցնի, կարևորը` դեռ ահագին եռանդուն մարմին ունեք, հոգին մի քիչ ճաքճքած է, բայց յոլա կտանի, բուժումը կավարտենք, թարմացած, զվարթացած` կգնաք տուն: (Ձեռքը հպելով Գևորգի ազդրի մկաններին:) Ահա, մկանները դեռ պինդ են, կենսալեցուն… Պառավը հարկավոր կետերը չի գտել, հախուռն, բութ կին է:
ԳԵՎՈՐԳ — (վանելով բժշկի ձեռքը): Պետք չէ, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Լարված եք, թուլացեք:
ԳԵՎՈՐԳ — Պետք չէ` ասացի, չկա իմ մեջ դա: (Վեր է կենում:)
ԲԺԻՇԿ — Ի՞նչ գիտեք, փորձե՞լ եք:
ԳԵՎՈՐԳ — Առանց փորձելու գիտեմ:
ԲԺԻՇԿ — Բայց փո՛րձն է գիտության մայրը: Նստեք, ի՞նչ էդպես խրտնեցիք թամբ չտեսած ձիու պես: Ուզում էի ձեզ բարձրացնել, մեծերի շարքում դասել:
ԳԵՎՈՐԳ — Ես բարձրության վախ ունեմ:
ԲԺԻՇԿ — Լավ, թողնենք, չէ` ուրեմն չէ: Ասում եք` խշշոցնե՞ր եք լսում:
ԳԵՎՈՐԳ — Լսում եմ:
ԲԺԻՇԿ — Հիմա է՞լ:
ԳԵՎՈՐԳ — Հիմա` չէ, միայն` երբ մենակ եմ լինում: Մտածում եմ` երևի զգուշացում է, զգուշացնում են, որ սատկելու վրա եմ, սակարկության ձայներն են, այնտեղ արդեն սակարկում են հոգուս համար:
ԲԺԻՇԿ — Հոգու համար կսակարկեն, այո: Դե, իսկ մարմինն իրենց պետք չէ, մարմինն այստեղ են թողնում, իրենք բան չեն հասկանում մարմնից, մարմինն այստե՛ղ է մեծ արժեք, այստեղ կատաղի կռիվ է գնում մարմնի համար, այստեղ մարմին բոլորին է պետք, ոմանց` արդեն մեռած, ոմանց` դեռ կենդանի, ոմանց` ամբողջությամբ, ոմանց` մաս-մաս, ոմանց` որպես մկան ու միս, ոմանց` որպես վկայություն ու քվե, ոմանց…
ԳԵՎՈՐԳ — (ընդհատելով): Ես հոգնել եմ մարդ լինելուց… (Հիստերիկ:) Ես հոգնել եմ ինձնից, բժիշկ, ես զզվում եմ ինձնից…
ԲԺԻՇԿ — Հանգիստ, հիվանդ, հանգիստ: Ահա, այս հաբն էլ ընդունեք: (Գևորգը կուլ է տալիս հաբը:) Ի՞նչ եք ամեն չնչին առիթով այդպես հուզվում: Ասե՞մ` սուրճ բերեն, ո՞րն եք սիրում:
ԳԵՎՈՐԳ — Ես սուրճ չեմ սիրում, բժիշկ, շնորհակալ եմ:
ԲԺԻՇԿ — Թե՞յ եք սիրում:
ԳԵՎՈՐԳ — Այո, բայց հիմա չեմ ուզում:
ԲԺԻՇԿ — Բայց լա՞վ եք, խաղաղվեցի՞ք, ապա նայեք մատիս… (Մատը մոտեցնում է Գևորգի քթին, հեռացնում:) Չէ, ոչինչ, կարծես լավ եք:
ԳԵՎՈՐԳ — Լավ եմ:
ԲԺԻՇԿ — Դե որ լավ եք, ուրեմն շարունակենք:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչը:
ԲԺԻՇԿ — Ի՞նչը… Ասենք թե… Ասենք թե` ձեր բարձրության վախը, ասում եք` ինչի՞ց է:
ԳԵՎՈՐԳ — Մեր մի ազգական, երբ փոքր էի, կամրջի մեջտեղում գրկեց, հանեց ջրերի վրա ու այդպես պահեց որոշ ժամանակ, հետն էլ ծիծաղելով կրկնում էր` գցե՞մ ջուրը, գցե՞մ, իբր կատակ էր անում, իսկ ցածում փրփրած գետն էր, այսօր էլ հստակ հիշում եմ արագահոս ջրերի պատկերն ու իմ սարսափը:
ԲԺԻՇԿ — Անասո՛ւն, անասո՛ւն… Մոտի՞կ ազգական էր:
ԳԵՎՈՐԳ — Ոչ այնքան:
ԲԺԻՇԿ — Ասենք, դա ինչ կարևոր է: Անասո՛ւն, իսկական անասո՛ւն, այդպիսի ազգականներին գնդակահարել է պետք:
ԳԵՎՈՐԳ — Մի չափազանցրեք, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Հեշտ եք ներում, հեշտ եք ներում: Լավ, իսկ ճամբարո՞ւմ ինչ եղավ, նախորդ անգամ կիսատ մնաց պատմությունը:
ԳԵՎՈՐԳ — Առանձնապես մի բան չի:
ԲԺԻՇԿ — Այնուհանդերձ…
ԳԵՎՈՐԳ — Թողնենք:
ԲԺԻՇԿ — Կուզե՞ք օգնեմ` վերապատմեմ մինչև ընդհատված տեղը… Ուրեմն այսպես էր, ճամբարի պետը մտավ, լույսը վառեց, տղերքը փակեցին իրենց աչքերը, իբր թե քնած են, իսկ դուք, համառ իշուկի պես, չփակեցիք, չուզեցիք ձևացնել, հետո՞…
ԳԵՎՈՐԳ — Դե ինչ եք կպել` հետո, հա հետո…
ԲԺԻՇԿ — Հանգիստ, հիվանդ:
ԳԵՎՈՐԳ — Հետո նա ետ քաշեց վերմակս, ապա իջեցրեց վարտիքս, կարծում էր` ձեռնաշարժությամբ եմ զբաղված:
ԲԺԻՇԿ — Է՞…
ԳԵՎՈՐԳ — Հուսախաբ եղավ:
ԲԺԻՇԿ — Գոնե ներողություն խնդրե՞ց:
ԳԵՎՈՐԳ — Չէ, թողեց` գնաց, իսկ առավոտյան պատժեց ռեժիմին չենթարկվելու համար, ամբողջ օրը սենյակում կալանված մնացի:
ԲԺԻՇԿ — Անասո՛ւն:
ԳԵՎՈՐԳ — Վատն այն էր, որ դեպքը բոլորի ներկայությամբ էր եղել, ու հաջորդ օրը ամբողջ ճամբարն իմացավ պատմությունը:
ԲԺԻՇԿ — Ծաղրել են, պարզ է: Անասո՛ւն, կատարյալ անասո՛ւն, համարյա կաստրացիայի զգացողություն է պատճառել դեռահասին, անասո՛ւն… Այդ ժամանակի՞ց էր, որ խախտվեց ձեր լիբիդոյի վարքը:
ԳԵՎՈՐԳ — Չէի ասի` խախտված է:
ԲԺԻՇԿ — Դեհ, երբեմն պասիվ եք, երբեմն էլ` չափազանց ակտիվ ու անհագ, այն ժամանակ, երբ պասիվ եք` էլի անհագ եք, բայց ինչ-որ վախ կա, չէ՞:
ԳԵՎՈՐԳ — Կարծում եմ, բոլորի մոտ է այդպես, մերթ լավ, մերթ վատ, նուրբ ոլորտ է:
ԲԺԻՇԿ — Անասո՛ւն… Մեծահասակներ կան, որոնց չի կարելի մոտիկ թողնել երեխաներին, անասո՛ւն, կախել է պետք նմաններին:
ԳԵՎՈՐԳ — Սակայն կախելուց առաջ նրանց մանկությունն էլ է պետք քննել:
ԲԺԻՇԿ — Վերջ տվեք այդ փսլնքոտ հանդուրժողականությանը, կախել, և վերջ:
ԳԵՎՈՐԳ — Ի դեպ, բժիշկ, ձեր մանկությունն էլ հարթ ճամփով չի ընթացել կարծես, չէ՞:
ԲԺԻՇԿ — (վախեցած): Ինչի՞ց ենթադրեցիք:
ԳԵՎՈՐԳ — Դեհ… Այդպիսի տպավորություն ունեմ մեր շփումներից:
ԲԺԻՇԿ — Դիտարկումնե՞ր եք անում: Ինձ էլ թվում էր` դեղերից թմրած եք:
ԳԵՎՈՐԳ — Բացեք ձեր հոգին, բժիշկ, բեռնաթափվեք, կուզե՞ք օգնեմ ձեզ հարցերով:
ԲԺԻՇԿ — Վերջացրեք, հա՞, այստեղ հարցեր ես եմ տալիս:
ԳԵՎՈՐԳ — Կարծեցի` ես էլ իրավունք ունեմ:
ԲԺԻՇԿ — Ունեք, գուցե, բայց` հիվանդանոցից դուրս, երբ առողջ լինեք: Իսկ հիմա քնեք, ուշ է, ռեժիմը չխախտենք: (Գնում է դեպի ելքը, դռան մոտ շրջվելով:) Իմ մանկության մեջ ամեն բան լավ է եղել, հրաշալի է եղել: (Դուրս է գալիս:)
Պատկեր յոթերորդ
Գևորգը անկողնում է: Լուսադեմ է: Գալիս է Վարդանը:
ԳԵՎՈՐԳ — (արթնանում է): Ո՞վ է:
ՎԱՐԴԱՆ — Ես եմ, Վարդանն է, մի վախենա:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչ ես ուզում, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Սիգարետներս պրծավ:
ԳԵՎՈՐԳ — Համբերի, գոնե լույսը բացվի:
ՎԱՐԴԱՆ — Արդեն բացվել է, չես տեսնո՞ւմ:
ԳԵՎՈՐԳ — Զարմանալի է, որ դու ես տեսնում:
ՎԱՐԴԱՆ — Լույսն ու ստվերը տարբերում եմ: Ունե՞ս…
ԳԵՎՈՐԳ — Սեղանին է, վերցրու:
Վարդանը խարխափելով սիգարետի տուփն է փնտրում սեղանին:
ԳԵՎՈՐԳ — Ձևեր մի թափիր, երեկ պալատիդ դուռը բաց էիր թողել, տեսա՝ ոնց ես սիգարետները հաշվում-շարում տուփի մեջ. ինձնից լավ ես տեսնում, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Երե՞կ… Երեկ տեսնում էի, ճիշտ է… Դե հա, կույր չեմ, այսինքն` միշտ չէ, որ կույր եմ: Բայց դու մի նեղացի, հա՞… Հասկանո՞ւմ ես, շփումների նոր ոլորտ եմ բացել ինձ համար, բոլորը կարծում են՝ կույր եմ, ինչպես կույրի են վերաբերվում, հետաքրքիր է, գիտե՞ս… Սա էլ իմ խաղն է` ընդդեմ ձանձրույթի: Նեղացած ե՞ս:
ԳԵՎՈՐԳ — Չէ: Ապրիր, ոնց ուզում ես, քո կյանքն է:
ՎԱՐԴԱՆ — Հիմա վերցնե՞մ, թե՞ չէ:
ԳԵՎՈՐԳ — Վերցրու:
ՎԱՐԴԱՆ — Տուփով վերցնե՞մ:
ԳԵՎՈՐԳ — Ոչ, Վարդան, մեկ հատ:
ՎԱՐԴԱՆ — Այնուամենայնիվ նեղացար: Կույր լինելու առավելությունները շատ են, հիմա եթե հավատայիր, որ կույր եմ, լրիվ տուփը կտայիր:
ԳԵՎՈՐԳ — Չէի տա, վերջինն է:
ՎԱՐԴԱՆ — Ծխե՞մ էստեղ:
ԳԵՎՈՐԳ — Ծխի՛ր: Ես էլ կծխեմ:
Ծխում են:
ՎԱՐԴԱՆ — Ասում են` խմում ես, Վարդան, հարբեցող ես: Որպես մեղադրանք են ասում: Բայց իրենք իրենց չեն մեղադրում, որ էս տեսակ կյանք են ստեղծել: Ես հո հենց էնպես չե՞մ խմում: Խմում եմ, որ մերվեմ: Օտար ենք մենք էս մոլորակի վրա, եղբայր, ոմանք ուժեղ են, կռիվ են տալիս, իսկ ես էդքան ուժեղ չեմ, խմում եմ, որ հանդուրժեմ, որ հաշտվեմ, որ արհեստականորեն հարազատանամ էս ամեն ինչին: Բայց էդ էլ չեն թողնում:
ԳԵՎՈՐԳ — Ո՞վ:
ՎԱՐԴԱՆ — Ի՞նչ իմանամ, վերևներից, երկինքներից: Չեն թողնում, հենց քեզ լավ ես զգում` խփում են քիթմռթիդ: (Հանկարծ արտասվում է:)
ԳԵՎՈՐԳ — Դե լավ, մի տխրի, Վարդան: Նայի` ինչ արևոտ, ինչ բարի օր է…
ՎԱՐԴԱՆ — (հիստերիկ): Ի՞նչ ես ապուշ-ապուշ դուրս տալիս, քանի՞ բարի օր ես տեսել էս աշխարհի վրա, մի հատ աչքերդ կարգին բաց արա, չես տեսնո՞ւմ` գալիս են, ցուրտն ու մութն են գալիս, երկրաշարժերը, կատաղած գազաններն են վրա տալու, օձերն ու առնետները, կարիճներն ու բլոճները, քանդվելու է ամեն բան… Գոնե կույր էլ չեմ, որ չտեսնեմ, խուլ չեմ, որ չլսեմ…
ԳԵՎՈՐԳ — Մի հատ էլ ծխի` հանգստացի, Վարդան:
ՎԱՐԴԱՆ — Դու իսկականից ապուշ ե՞ս, քեզ ասում եմ՝ վերջն է գալիս, դու ասում ես` ծխի, հանգստացի: Չես լսո՞ւմ, ձայները չես լսո՞ւմ, մոտիկ են արդեն…
Ներս է մտնում սև սքեմով քահանան` քողարկված բժիշկն է:
ՎԱՐԴԱՆ — Եկավ… (Սարսափած` իրեն գցում է մահճակալին` Գևորգի գիրկը:) Իմ հոգու ետևից է եկել… Չթողնես տանի, խնդրում եմ:
ԲԺԻՇԿ — (Գևորգին): Թող նրան, զավակս, ի՞նչ ես այդպես սիրագորով գրկել, այլասերություն է:
ՎԱՐԴԱՆ — Չթողնես, աղաչում եմ:
ԲԺԻՇԿ — Վարդան, որդյակ իմ, քեզ համար չէ, որ եկել եմ, թող նրան ու հանգիստ գնա քո սենյակը:
ՎԱՐԴԱՆ — Դե երդվի:
ԲԺԻՇԿ — Օֆ… Կուզես, որ սանիտարների՞ն կանչեմ… Գնա խաղաղությամբ:
Վարդանը դուրս է փախչում սենյակից:
Պատկեր ութերորդ
ԳԵՎՈՐԳ — Բարի տեսանք, տեր հայր:
ԲԺԻՇԿ — Բարին ընդ քեզ, որդյակ Աստուծո:
ԳԵՎՈՐԳ — Ինձ մո՞տ եք եկել, չե՞ք սխալվում:
ԲԺԻՇԿ — Այո, զավակս, քեզ մոտ, այդպես տարակուսած մի նայիր: Ես հիվանդանոցի քահանան եմ:
ԳԵՎՈՐԳ — Քահանա` այս հիվանդանոցո՞ւմ:
ԲԺԻՇԿ — Այո, ինչո՞ւ ոչ: Ձեր մոլորյալ հոգիների փրկության համար է, Տիրոջ կամքը ձեր տկար հոգիների մեջ հաստատուն պահելու համար: (Դադար:) Ո՞նց է:
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչը:
ԲԺԻՇԿ — Ինքնազգացողությունը, բուժումը…
ԳԵՎՈՐԳ — Տանելի է, տեր հայր, ես սովոր եմ, առաջին անգամը չէ:
ԲԺԻՇԿ — Գիտեմ, տեղյակ եմ, զավակս: Անշուշտ, դժվար է խուսափել սատանայի լարած որոգայթներից, սակայն պե՛տք է, անհրաժե՛շտ է, հոգին փրկելու համար ճիգեր են անհրաժեշտ, հաճախ` զրկանքներ ու անձնազոհություն, փոխարենը` հավերժական երանավետությունն է իջնելու վրադ:
ԳԵՎՈՐԳ — Կիջնի՞ որ:
ԲԺԻՇԿ — Մի հեգնիր, պիտի հավատաս, որ իջնի: Դե, իսկ առհասարա՞կ…
ԳԵՎՈՐԳ — Ի՞նչը:
ԲԺԻՇԿ — Առհասարակ, էլի, կյանքը, կեցության խնդիրները, ո՞նց ես տանում:
ԳԵՎՈՐԳ — Առհասարակ էլ ոչինչ, էլի սովոր եմ, թեև մարդ լինելը դյուրին բան չէ, հոգնեցնում է հաճախ:
ԲԺԻՇԿ — Ապա, ապա, հետաքրքիր է:
ԳԵՎՈՐԳ — Նոր բան չի, տեր հայր, գիտես, սրան շրջանցիր, նրան կոխրճիր, սրանից խույս տուր, էս մեկին ընդառաջիր, էն մեկին վանիր, էստեղ ժպտա, էնտեղ խոժոռվիր, մեկին սիրիր, մյուսին ատիր, խաբվեցիր` ոչինչ, հաջորդ անգամ ինքդ խաբիր, պարտվեցիր` ոչինչ, հաջորդ անգամ հաղթիր… Ու այսպես շարունակ, ամեն օր, ամեն ժամ:
ԲԺԻՇԿ — Էհ, մարդուս աշխարհն է, ինչ արած:
ԳԵՎՈՐԳ — Աղմուկը շատ է, տեր հայր, անհարկի աղմուկը, շփոթը…
ԲԺԻՇԿ — Այո, ունայն է աշխարհը:
ԳԵՎՈՐԳ — Եվ այդ շփոթի մեջ անդադար վազվզում ենք, փնտրում, որսում, կորցնում, դարձյալ որսում, ամեն որսածի հետ երջանկանում, բայց անմիջապես էլ տագնապում…
ԲԺԻՇԿ — Քանզի ինչ օգուտ` եթե նույնիսկ աշխարհը շահես, սակայն ինքդ քեզ կորցնես:
ԳԵՎՈՐԳ — Երբեմն ինձ թվում է` լավ է կորցնես, կորցնես, մոռանաս ինքդ քեզ, ցանկություններդ, հիշողություններդ, երազանքներդ…
ԲԺԻՇԿ — Սարերը գնա, առանձնացիր աշխարհից, որդիս:
ԳԵՎՈՐԳ — Սարերի համար արդեն խիստ եմ փչացած, տեր հայր: (Սեփական կուրծքը ցույց տալով:) Այստեղ ինչ-որ մեկը մշտապես կրծում է, կրծում, կրծում…
ԲԺԻՇԿ — Խիղճն է, մեղքի զգացումը: Այո, դժվարին է կեցությունն այս մոլորակի վրա, բարդ խնդիր է, որ ծնված օրից անդադար ճգնում ենք հասկանալ, լուծել… Փորձություն է, պիտի անցնենք:
ԳԵՎՈՐԳ — Բայց շատերը, ես կասեի` մեծամասնությունը, տեր հայր, թեթև-թեթև ապրում են իրենց քեֆին, ոչ հարցեր են տալիս իրենք իրենց խղճին, ոչ մեղքի ու պատասխանատվության զգացումից են տանջվում, ոչ մղձավանջներ են ունենում…
ԲԺԻՇԿ — Կարծում եմ` նրանք պատժի արժանի չեն դեռևս, պատժի արժանի լինելը շնորհ է, ճանաչում է, զավակս, ուրախացիր, երկինքները քեզ ճանաչել են որպես մարդու, հաշիվ են պահանջում:
ԳԵՎՈՐԳ — Ծաղրո՞ւմ ես, տեր հայր:
ԲԺԻՇԿ — Ամենևին, զավակս, ո՞նց կհամարձակվեմ: Դե, իսկ վերջի մասին ի՞նչ մտածումներ ունես, ունե՛ս անշուշտ:
ԳԵՎՈՐԳ — Ինձ պատմել են, որ երբ փոքր էի, դեռ քայլել, խոսել չէի կարողանում, շատ լացկան էի, անդադար լաց էի լինում: Մտածում եմ` գուցե այն ժամանակ իմացե՞լ եմ վերջը: Ես վերջից էի եկել, գիտեի, հիշում էի վերջը, վերջն իմ տունն էր, իմ հարազատը, բայց սկսվող կյանքն ինձ օրեցօր պոկում էր նրանից, և ես ողբում էի, լաց էի լինում, կարոտում էի նրան, ես չգիտեի, որ վերջից պոկվում` սակայն էլի վերջ եմ տարվելու, որ այնտեղ, ուր սլանում է կյանքը, դարձյալ վերջն է, և մենք նորից հանդիպելու ենք: Վերջի համար էր իմ լացը:
ԲԺԻՇԿ — Տարօրինակ ես խոսում, զավակս, հուսով եմ` հավատքդ հաստատո՞ւն է:
ԳԵՎՈՐԳ — Բարդ հարց է: Աստծուն խճճել ենք մեր գաղափարների սարդոստայնի մեջ, այդպես խճճված-գերված` նա ինձ լավ տեսանելի չէ, ես փորձեցի` գնացի ազատ աստծո ետևից, ազատության մեջ փնտրեցի նրան, բայց նա էլի անճանաչելի եղավ, էլի անիմանալի մնաց… Չգիտեմ, բարդ է, անլուծելի, վերջի խնդրի նման է, գուցե իմ լացը վերջի համար` նաև լաց էր Աստծու համար:
ԲԺԻՇԿ — Այդ պատճառով է, որ խաղաղություն չի իջնում հոգուդ, հարցեր շատ ես տալիս, կասկածներիդ շատ ես տեղիք տալիս:
ԳԵՎՈՐԳ — Այլ կերպ ո՞նց… Հարց չունի մրջյունը, եղջերուն, դոդոշը, ծիտը… բնությունը նրանց ամեն հարցին պատասխանել է` ի սկզբանե ու ի սպառ, իսկ մարդը ո՞նց կարող է հարց չունենալ: Չեմ կարծում, թե դուք հարցեր չունեք, տեր հայր, հրեն` մշտական ներքին լարվածությունը ոնց է կնճռոտել ձեր դեմքը, ձայնն էլ անբնական է, անհարկի բարձր ու ճչան:
ԲԺԻՇԿ — Տարիքն է, կարևորություն մի տուր:
ԳԵՎՈՐԳ — Տարիքի հոգնածությանը ծանոթ եմ, ուրիշ է:
ԲԺԻՇԿ — (պատրաստվելով հեռանալ): Թող Տերը հանի քեզ մոլորություններից, ես կաղոթեմ քեզ համար, զավակս:
ԳԵՎՈՐԳ — Ձեր մորուքը կախվել է:
ԲԺԻՇԿԸ — Մորո՞ւքը…
ԳԵՎՈՐԳ — Այո, քունքի մոտ, Սուրեն Ստեփանիչ:
ԲԺԻՇԿ — Նզովյալ սոսինձ, ժամկետանց էր երևի:
ԳԵՎՈՐԳ — Խեղկատակ:
ԲԺԻՇԿ — Լավ դե, դուք էլ… Եթե չլիներ այս գրողի տարած մորուքի պոկվելը, չէիք ճանաչի: Ի՞նչ է, զարմացա՞ծ եք… Դա լավ է, զարմանում եմ` ուրեմն ապրում եմ:
ԳԵՎՈՐԳ — Բայց ինչո՞ւ:
ԲԺԻՇԿ — Որպես բժշկի այնքան էլ չեք վստահում, փորձեցի ընդլայնել մեր շփումների երանգապնակը: Համ էլ մենակ ձեզ համար չի, ես ժամանակ առ ժամանակ անում եմ սա, որպես քահանա` զրուցում եմ հիվանդներիս հետ, թերապևտիկ միջոց է: Լավ եմ մտածել, չէ՞: Ահագին հետաքրքիր զրուցեցինք, խոստովանեք: Դե, մի խռովեք, սիրելիս, հո երեխա չե՞ք:
ԳԵՎՈՐԳ — Հոգնեցի ձեզնից, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Պատկերացնում եմ: Դե ինչ, զվարթացեք, վաղը դուրս ենք գրում ձեզ:
ԳԵՎՈՐԳ — Ավարտվե՞ց բուժումը:
ԲԺԻՇԿ — Ավարտեցինք, այո: Ահագին կարկատեցինք, յոլա կգնաք` մինչ հաջորդ վերանորոգում: Եթե ավելի անկեղծ ու նվազ գաղտնապահ լինեիք` գուցե ավելի լավ ստացվեր, բայց ինչ արած, ունենք այն` ինչ ունենք: Զգույշ կապրեք, չսայթաքեք:
ԳԵՎՈՐԳ — Ոնց ստացվի:
Պատկեր իններորդ
Գևորգը կանգնած է կամրջին, բազրիքին հենված` ցած է նայում: Մոտենում է Սոնան:
ՍՈՆԱ — Հիվանդանոց գնացի, ասացին` դուրս ենք գրել: Ողջույն, ո՞նց ես:
ԳԵՎՈՐԳ — Լավ եմ, բարև:
ՍՈՆԱ — Մտածեցի` տանը կլինես, բայց չգիտես ինչու ոտքերս բերին այստեղ` կամրջի վրա:
ԳԵՎՈՐԳ — Բնազդդ ճշգրիտ է աշխատել: (Ցած նայելով:) Նայիր` ինչ շքեղ տեսարան է, առաջներում բարձրության հմայքը չէի ընկալում, վախը խանգարում էր: Ասում են, շատ բարձր տեղից եթե քեզ գցում ես, օդում սիրտդ պայթում է, չես հասցնում խփվել գետնին, այսինքն՝՝ հասցնում ես, բայց արդեն դու դու չես, արդեն չկաս: Պատկերացնո՞ւմ ես` ինչ սրընթաց տրանսֆորմացիա է, թռչում ես գիտակցված, թարմ, բայց օդում արագ վերածվում ես դիակի և արդեն դիակդ է խփվում քարերին, մարդիկ էլ նայում են, ասում` խեղճ մարդ, էս ո՞նց է ջարդուխուրդ եղել, չեն իմանում, որ մարդն արդեն ոչ միայն խեղճ չէ, այլև գուցե երջանիկ է: Ի՞նչ ես մտածում այս առիթով:
ՍՈՆԱ — Մտածում եմ` ապրելն ամեն դեպքում չապրելուց լավ է:
ԳԵՎՈՐԳ — Ուրեմն ինչո՞ւ ես քեզ տանջում, ապրիր խաղաղ:
ՍՈՆԱ — Գիտե՞ս, ես եկել եմ այն համոզման, որ իմ ձախորդությունների, իմ մենակության պատճառն իմ եսակենտրոնությունն է, ես երբեք կարգին հոգ չեմ տարել որևէ մեկի նկատմամբ, միշտ միայն իմ մասին եմ հոգացել, նույնիսկ շուն կամ կատու չեմ պահում:
ԳԵՎՈՐԳ — Եվ որպես հոգածության օբյեկտ ինձ ես ընտրել, այո՞:
ՍՈՆԱ — Չեմ ընտրել, ինքն իրեն ստացվեց… Մտածում եմ` նախախնամությունն է, որպես փրկություն է ուղարկել մեզ միմյանց ընդառաջ:
ԳԵՎՈՐԳ — Ես լավ օբյեկտ չեմ հոգ տանելու համար, Սոնա, ծանոթ ես արդեն:
ՍՈՆԱ — Ծանոթ եմ, այո: Բայց դյուրին օբյեկտներ երևի թե չեն լինում: Վերջապես ես էլ մի բարի պտուղ չեմ:
ԳԵՎՈՐԳ — Եվ ինչ ես առաջարկում, ապրե՞լ:
ՍՈՆԱ — Ապրել, այո:
ԳԵՎՈՐԳ — Հանուն ինչի՞, հանուն հոգ տանելո՞ւ:
ՍՈՆԱ — Քիչ չէ: Բայց եթե ուզում ես` կարելի է հանուն հաղթած սերմնաբջիջի, հուսախաբ չանենք նրան:
ԳԵՎՈՐԳ — Պատճառներ շատ կարելի է գտնել, եթե հակված ես ապրելու:
ՍՈՆԱ — Իհարկե: (Թևանցուկ է անում Գևորգին, հեռացնում է կամրջից:)
Աստիճանաբար հեռանում են բեմի խորքը, նրանց հետագա խոսքն աստիճանաբար մարում է` հեռանալուն զուգընթաց:
ԳԵՎՈՐԳ — Չես կարծո՞ւմ, որ մեկի նկատմամբ հոգ տանելը նույնպես եսակենտրոնության դրսևորում է:
ՍՈՆԱ — Չեմ կարծում:
ԳԵՎՈՐԳ — Գուցե դու քեզ խաբո՞ւմ ես, Սոնա, և ուզում ես` ես էլ ի՞նձ խաբեմ: Դու ուզում ես, որ ես դավաճանե՞մ ինքս ինձ…
ՍՈՆԱ — Ես պարզ մի բան եմ ուզում` ապրել, պարզապես ապրել:
Նրանց խոսքն այլևս չի լսվում:
Բարեսիրտ տրամադրվածության դեպքում`
կարելի է հենց այսպես էլ ավարտել: Մռայլ տրամադրվածության դեպքում` կարելի է շարունակել.
Բեմի խորքից Գևորգը հանկարծ թողնում է Սոնային, վազելով բեմառաջ է գալիս և իրեն նետում կամրջից: Սոնան ճչալով գալիս է բեմառաջ:
ՍՈՆԱ — Այնուամենայնիվ, նա մենակ խաղաց իր խաղը: