Ալեքսանդր Թոփչյան / ԱՅՆՏԵՂ

07.09.1939-03․09․2021

ԱՅՆՏԵՂ, ԲԱՅՑ ԴԵՊԻ Ո՞ՒՐ…

Գրական գործեր կան, որոնք տարիներով կարող են չգրվել և այդպես էլ մնում են չիրականացված: Սակայն բավական է փոքրիկ մի խթան, աննկատելի մի դրդում կամ հուշող մի խոսք, որպեսզի անմիջապես ստեղծագործական ծնունդը կայանա:
Ինձ համար նման խթան դարձավ Էրազմ Ռոտերդամցու «Գովք տխմարության» փառահեղ գրքի մի դրվագը, որտեղ հեղինակը գրում է, թե մարդկային ցեղի դժբախտության հիմնական պատճառն այն է, որ մարդը խախտել է իր բնական սահմանները:
Այս նախադասությունն իր արտաքուստ պարզության և դյուրամատչելիության տակ մի վտանգավոր բազմիմաստություն ունի, որը կարող է, ի վերջո, մի անելանելի լաբիրինթոս մտցնել: Օրինակ՝ կարելի է հասկանալ այսպես. աղվեսը, գայլը, արջը և այլն, ընդամենը մեկ բուն ունեն, մինչդեռ մարդը՝ մեկը, երկուսը… հինգը… տասը… և դարձյալ դժգոհ է… Կան և մարդիկ, և բազմաթի՛վ, որոնք այդ մեկ «բունն» էլ չունեն: Սա ի՞նչ է, «բնական սահմանների» խախտման հետևա՞նք է, թե՞ սոցիալական աղաղակող անարդարություն, իսկ եթե վերջինն է, ապա դրա պատճառը ո՞րն է…
Իսկ գուցե «բնական սահմանը» խախտվեց այն պահին, երբ մեր նախահայր կապիկը երկու թաթի վրա կանգնեց, հորիզոնը տեսավ և քայլեց այնտեղ… Ի՞նչը դրդեց նրան քայլել դեպի անծանոթ հորիզոնը: Գիտությունն այս բոլորը կարծես հանգամանալից բացատրել է: Բայց արդյոք այդ բացատրությունները սպառի՞չ են, հարցը փակվա՞ծ է, վերջնականորե՞ն: Այդ դեպքում ինչո՞ւ ենք բոլորս այդպես տենդագին ձգտում դեպի Այնտե՛ղ…
Արդեն ասացի, որ Էրազմ Ռոտերդամցու մի նախադասությունն է ինձ համար խթան եղել: Իրոք այդպես է: Սակայն դա դրսից եկող խթան էր: Մինչդեռ, դրանից զատ, կար անբացատրելի մի պահանջ. անպայման թղթին հանձնել այս նյութը, որը սկզբում, թվում էր, թե պիտի մարմնավորվեր վիպակի մեջ: Վիպակ, որը չգրվեց, որը ես պատռեցի և գրեցի պիեսը: Ինչո՞ւ: Անկեղծ ասած, դեռ չգիտեմ… Գուցե դա ևս Այնտեղի իմ թաքուն ու անհաղթահարելի մարմաջն էր… Գուցե…

ԱՅՆՏԵՂ
(Հավերժական ուղևորություն երեք հերթով)

Գործող անձինք
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Առաջնորդ
ՏՁԵՎ ԿԵՐՊԱՐԱՆՔ
ԿԻՆ
ՄԱԶԱԽՌԻՎ
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ
ՏԱՐԵՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿ ԵՎ ՏՂԱ
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹ

Բեմը ներկայացնում է մեծ ու դատարկ մի սենյակ: Դիմացի պատին երկու դուռ կա: Նրանց միջև շրջանակ է՝ առանց պատկերի: Աջ անկյունում, ավանսցենին, մի պարկ է դրված: Ձախից, պատի տակ, ուղղակի հատակին, նստած է մի մարդ՝ կծկված, ծնկները գրկած: Դեմքը չի երևում: Կեպին քաշել է աչքերին, գլուխն էլ դրել ոտքերի արանքը: Գործողության ընթացքում չի շարժվելու: Աջ կողմի դուռը բացվում է, մտնում է Կազմակերպիչը: 20-30 տարեկան է, կոկիկ և մաքուր հագնված, տեսքը համակրելի է, սակայն սերիական-ստանդարտ ինչ-որ բան կա մեջը: Շարժումները կտրուկ են, դեմքին թեթևակի նյարդային ջղաձգում ունի: Գործնական քայլերով զննում է բոլոր անկյունները, փորձում բացել ձախ կողմի դուռը և, չնայած այն փակ է, գրպանից հանում է բանալիներ տրցակը, փորձում դրանցով բացել, բռնակը մի քանի անգամ շարժում է, համոզվելով, որ ամուր փակ է, բանալիները դնում է գրպանը և, ձեռքերը գոհ շփելով, մոտենում անկյունին դրված պարկին, ծայրերը ետ տանում, ուշադիր նայում, այնուհետև մատը խոթում է պարկի մեջ, տանում բերանը և բավարարված գլուխը տմբտմբացնում է: Հետո, խայթվածի պես, շրջվում-նայում է պատի տակ նստած մարդուն: Կտրուկ քայլերով մոտենում և կանգնում է գլխավերևը: Երկար նայում է վերևից ներքև: Վերջապես խոսում է:

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Նորից այստե՞ղ ես: (Լռություն:) Ես քեզ ասացի, որ գնաս: Դու լավ գիտես, ես չեմ սիրում իմ կարգադրությունները կրկնել : Ինձ չի հետաքրքրում, թե՝ ուր: Ուր ուզում ես՝ միայն թե չքվիր այստեղից: (Մատնացույց է անում դահլիճը:) Դուրս ցատկիր պատուհանից: (Լռություն:) Արդեն հոգնել եմ քեզնից: Այս էլ որերորդ անգամ կրկնվում է նույն պատմությունը: Չեմ հասկանում, ինչո՞ւ չես գնում նրանց հետ: (Լռություն:) Լա՛վ, ես գիտեմ անելիքս: Մեկընդմիշտ վերջ կտանք այս պատմությանը: (Վճռական մոտենում է ավանսցենին, ասես ուզում է պատուհանը բացել, այդ պահին դրսից ձայներ են լսվում:) Բախտդ նորից բերեց: Տեղումդ անշարժ կնստես ու ծպտուն չհանես, հասկացա՞ր, ձայնդ չլսեմ: (Աջ կողմի դռնով դուրս է գալիս:)
Քիչ հետո դուռը բացվում է, մտնում է մի տձև կերպարանք: «Սրիկանե՜ր, տականքնե՜ր… մի փոր հացի համար հայրենիքը լքո՜ւմ են» գոռգոռալով մոտենում է պարկին, անկյունից քաշում մի կողմ, հարմար տեղավորվում կողքին և երկու ձեռքով միջից սկսում է խփշտել՝ մերթընդմերթ լիքը բերանով կրկնելով. «Սրիկանե՜ր, տականքնե՜ր…»: Ինչ-որ անճոռնի բան է հանում պարկից, հոտոտում, համտեսում, ծամածռում է դեմքն ու շպրտում պատի տակ կուչ եկածին:
ՏՁԵՎ — Առ, կեր, վաղուց է՝ բան չես կերել : Պատկերացնում եմ, թե որքան սոված ես… (Շարունակում է աղմուկով խփշտել, հետո միանգամից շրջվում է:) Նորի՞ց… Դու ինձ ինչի՞ տեղն ես դրել… Ո՞ւմ տեղն ես դրել… Ինչպե՞ս հասկացար, սրիկա՛… Սրան տեսեք, արհամարհո՜ւմ է… Դու ուտել չգիտես, դու որ ուտել իմանայիր, կգտնեիր քո տեղն աշխարհում, թե չէ ի՞նչ է վիճակդ, դու քեզ կողքից նայե՞լ ես… Լսիր, հետո՞ ինչ, որ այդ պատառն իր որակով մի քիչ, շատ քիչ, կարելի է ասել՝ աննշան տարբերվում է սրանից: (Ձեռքը մտցնում է տոպրակի մեջ և ձավարաալյուրային մի զանգված սորեցնում:) Բայց չէ՞ որ ես ծառայություններ ունեմ, իսկ տվյալ պահին չափազանց մի կարևոր հանձնարարություն եմ կատարում : Եվ գիտե՞ս՝ ում կարգադրությամբ… (Ցույց է տալիս դատարկ շրջանակը, խոսում ցածրաձայն, գրեթե շշնջալով:) Անձնապե՜ս, ուղղակիորեն ինձ ասված, ահա այսպես՝ երես առ երես… Հը՛մ… Իսկ դու ո՞վ ես, ասա տեսնեմ… Ոչնչությո՛ւն: (Լռություն:) Հիմա, ինչ է, չե՞ս ուտելու: Դե, ուրեմն, տուր այստեղ: (Մոտենում է, որ վերցնի, այդ պահին դուռը բացվում է և Տձև Կերպարանքը հասցնում է իր «պատառը» խցկել պատի տակ նստած մարդու ոտքերի արանքը, որն այդ «նվերն» ընդունում է կատարյալ անտարբերությամբ:)
Ներս է մտնում կոկիկ հագնված Կազմակերպիչը՝ Կնոջ հետ:
ԿԻՆ — …Օ՜հ, իսկապես, այնքան շտապում էի, որ չհասցրի երկու կարևոր բան անել. առավոտյան սուրճս խմել և երեխային կերակրել: Այսինքն, երեխան քնած էր, չուզեցի արթնացնել, թե ոչ՝ անպայման կկերակրեի, իսկ սուրճն արդեն պատրաստել էի և խոհանոցից պիտի բերեի սենյակ, երբ զանգեցիք և ասացիք, թե ուշանում ենք:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Կներեք, տիկին, այդպիսին է իմ պարտականությունը: Եվ հետո, ի՞նչ արած, հանուն մեծ նպատակների նման չնչին բաները կարելի է անտեսել:
ԿԻՆ — Այո, այո, իհարկե… Այսինքն, գուցե մի հինգ րոպե ժամանակ կունենանք, հնարավոր չէ՞ այստեղ մի բաժակ…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (ներողամիտ ժպտալով): Ինչե՜ր եք խոսում, տիկին, ի՞նչ սուրճ, ի՞նչ թեյ… Սա հո սրճարան չէ : Մի՞թե չեք կարող մեկ-երկու րոպե համբերել: Ընդամենը երկու րոպե:
ԿԻՆ — Ներող կլինեք, իհարկե կարող եմ…
Սակայն Կազմակերպիչն այլևս նրան չի լսում, որովհետև այդ պահին ինչ-որ մեկը դուռն ապարդյուն, գրեթե ջարդելով, փորձում է բացել: Մինչդեռ նա, այս կողմից, բռնակի թեթև շարժումով բացում է դուռը: Ներս է մտնում մազախռիվ մի անձնավորություն, որը, նրբին շղթայից կապած, բերում է Պիտեկանտրոպի Ժառանգ-Սերունդ-Որդի-Ձագին:
ՄԱԶԱԽՌԻՎ — (վրդովված): Ես սովոր չեմ փակ դռներ տեսնել… (Զննում է անհրապույր կացարանը:) …և դատարկ դահլիճներ: Ո՞ւր է իմ ժողովուրդը, ի՛մ ժողովուրդը : Ինչո՞ւ հրճվալից դեմքեր չեմ տեսնում, ինչո՞ւ ծափեր չեմ լսում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Համբերեք, պարոն, շուտով կհնչեն ծափերը… Սակայն, կներեք, դուք ո՞վ եք և… Ի՞նչ է սա, այս շղթայից կապված:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Ոչ թե Ի՞ՆՉ, այլ՝ Ո՞Վ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ըը… կներեք… Ո՛վ, այո, իհարկե, ով: Արդ, ո՞վ եք դուք, ձեր անունը կա՞ ցուցակում: (Մազախռիվ Անձին.) Եվ ձերը, պարոն:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Անպարկեշտ հարցեր եք տալիս, երիտասարդ… Ի՞նչ ցուցակ, ի՞նչ անուն : Հինգ հարյուր հազար տարի է՝ կանգնած եմ այս ճանապարհին, բոլորդ կողքովս անցնում-գնում եք այնտեղ, և ոչ մեկը չի մտածում իմ մասին:
ԿԻՆ — Գիտեք, ես կմտածեի, սակայն որոշ հանգամանքներ…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (գրեթե կոպիտ ընդհատելով): Վերջապես ո՞վ եք դուք:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Այդ հարցը շատերին է մտահոգում. այո. ո՞վ եմ ես: Պիտեկանտրոպի ժառա՞նգ, սերո՞ւնդ, որդի՞, թե՞ ձագ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Հա, հասկացա:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Դուք ոչինչ էլ չհասկացաք, քանզի եթե հասկացած լինեիք, շղթան վիզս գցած չէիք բերի այստեղ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ճանապարհին փորձեցի ձեզ գրկել, սակայն դուք հակառակվեցիք ու քիչ մնաց՝ քիթս կծեիք :
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Այո, որովհետև կամ շղթան վիզս գցած պիտի քարշ տաք ու չգրկեք, կամ շղթան հանեք՝ նոր գրկեք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Իրավացի եք, մանավանդ որ այդ շղթան ես չեմ գցել ձեր վիզը:
ԿԻՆ — (Մազախռիվ Անձին): Այստեղ գալուց պուրակի կողքով չանցա՞ք… Գեղեցիկ պարտեզ է, դիմացը բարձրահարկ շենք…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (նորից կոպտորեն ընդհատելով): Ոչ, տիկին, նա բաց դաշտի միջով եկավ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Այո, ճիշտ է, սակայն մինչև դաշտ հասնելը կարծես թե անցա այդպիսի մի տեղով:
ԿԻՆ — Երեխայի լաց չլսեցի՞ք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ոչ, ոչ, դեռ շատ կանուխ էր, երեխաներն այդ ժամին քնած են լինում… (Կտրուկ դառնալով Կազմակերպչին:) Իսկ այդ ի՞նչ ցուցակների մասին էր խոսքը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ձեր հարցը շատ տեղին էր. բոլորը գիտեն, որ, համաձայն մեր արդար սկզբունքների, բոլորս պիտի գնանք այնտեղ, սակայն, ինչպես հասկանում եք, չափազանց անազնիվ կլիներ ասել, թե բոլորս միանգամից, մեկ օրվա մեջ կհասնենք այնտեղ: Ահա թե ինչու ցուցակների կարիք ունենք: Նրանք, ովքեր պիտի գնան առաջին հերթին, ովքեր՝ երկրորդ հերթին, վերջապես՝ երրորդ, չորրորդ, գուցեև հինգերորդ հերթին: Եվ ձեր անունը, ցավոք սրտի, առաջին ցուցակներում բացա…
ՄԱԶԱԽՌԻՎ — (պայթելով): Ինչպե՞ս թե՝ բացակայում է, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում… Ինչպե՞ս կարող է ժողովուրդն առանց ինձ գնալ այնտեղ՝ անղեկավար, անոգի, լքված…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Անհոգ եղեք, պարոն, երկու փորձված առաջնորդ ունենք, որոնք տեղանքին լավ ծանոթ են, բացի այդ, նրանց ոգին անսասան է, կամքը՝ վճռական:
ՄԱԶԱԽՌԻՎ — Եվ դուք տուրիստական գրասենյակի համեստ ծառայողներին անվանում եք առաջնորդնե՞ր… Առաջնորդը ե՛ս եմ՝ ժողովրդյան ոգու պահապանը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սակայն, պարոն, դուք դժգոհելու պատճառ չունեք: Եթե չեմ սխալվում, ձեր անունը երկրորդ հերթի ցուցակում է: (Գրպանից թղթեր է հանում, զննում:) Ահա, կարդացեք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Դա քիչ է, երիտասարդ, ես բոլոր ցուցակներում պիտի լինեմ: Ես անպայման կգնամ առաջին հերթին, սակայն իմ ազգանունը պիտի լինի բոլոր ցուցակներում… Ես ազգի հավերժական ուղեկիցն եմ, և ամենուրեք… Ես ինձ հետ տանում եմ ձեր բոլորի ցավերը…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սակայն, պարոն, ազգն այլևս ցավեր չունի, ազգը գնում է այնտեղ, ուստի պատշաճ կլիներ, որ ազգի ցավերի ծանր բեռը թողնեիք այստեղ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ունի, ունի, ինչպե՞ս թե չունի: Իսկ եթե չեղավ, նոր ցավեր կստեղծենք: Ցավերն անհրաժեշտ են մեզ, և ես ազգի հավերժական ուղեկիցն եմ… Իհարկե, պարտադիր չէ, որ նրանք ամեն վայրկյան ինձ տեսնեն, սակայն պիտի հավատացած լինեն, որ ես իրենց կողքին եմ… Ազգը մեղք է, չէ՞ որ աստվածներին շիտակ նայողը կուրանում է:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Եթե ճիշտ հասկացա ձեզ, դուք պատրաստ եք ամեն հերթի հետ մեկնել այնտեղ ու վերադառնա՞լ… Դա շատ ծանր և ազնիվ…
ՏՁԵՎ — (մի պահ դադարեցնելով լափելը, ալրոտ ու լիքը բերանով): Եվ վեհանձն:
ԿԻՆ — Եվ հերոսակա՜ն: Օ՜, ես առաջին հայացքից սիրահարվեցի ձեզ: (Մոտենում է ու գրկում Մազախռիվին:)
ՄԱԶԱԽՌԻՎ — (հուզված, աջ ու ձախ խոնարհվելով): Չափազանց շոյված եմ, սակայն ես մտադիր չեմ յուրաքանչյուր խմբի հետ գնալ այնտեղ և վերադառնալ: Ես հո Քարոնը չեմ… Ես կենդանի մարդկանց, թրթռուն հոգիների…
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — (խանդավառ): Ինչպես ի՛մը…
ՄԱԶԱԽՌԻՎ — Այո, քնքուշ և զգայուն էակների հետ գործ ունեմ, ու քանի որ դուք այստեղ անմիջականորեն զբաղված եք այնտեղ ուղարկելով, ապա կարող եք յուրաքանչյուր խմբին հայտնել, թե ես հենց իրենց հետ եմ՝ հոգով ու մարմնով:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սակայն դուք ընդամենը մեկ մարմին ունեք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ճշմարիտ եք ասում, երիտասարդ, ինձ ավելին պետք չէ, և այդ մեկ ու խիստ եզակի մարմինն այսուհետ միշտ կլինի այնտեղ, իսկ դուք այստեղ կպնդեք, թե ամեն վայրկյան իրենց կողքին եմ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սիրով, պարոն, սակայն…
ՄԱԶԱԽՌԻՎ — Եվ չհակաճառե՛ք, ես վաղուց է, ինչ հոգով այնտեղ եմ: Դուք դեռ ծնված չէիք, երբ ես մարգարեաբար կանխազգացի այս ամենը: Եվ որքա՞ն կարող է տևել իմ այս պառակտումը, այս ողբերգական դուալիզմը՝ հոգիս վաղուց այնտեղ է, անվերադարձ, ընդմիշտ, իսկ անցավոր մարմինս համառորեն ուզում եք պահել այստեղ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սակայն, երբ գնանք հասնենք այնտեղ ու պարզվի, որ ձեր հոգին այնտեղ չէ, այլ սխալմամբ մեկ այլ հասցեով եք մարգարեացրել, ձեր պառակտումը կամ… ինչպե՞ս ասացիք, ձեր դուալիզմն ավելի ողբերգական բնույթ չի՞ ընդունի:
ՄԱԶԱԽՌԻՎ — Այդպիսի բան չի կարող լինել, ես իմ հոգին պատահական տեղեր չեմ մարգարեացնում, և հետո, դա՛ չէ կարևորը՝ այնտեղ, թե ոչ, այլ որ ես ձեզ պետք եմ, ի վերջո, մենք նույն գործն ենք անում: (Մոտենում և ականջին ինչ-որ բան է շշնջում:)
Աջ կողմի դուռը գրեթե անլսելի թակում են: Կազմակերպիչը մոտենում-բացում է և անմիջապես կրծքով փակում ինչ-որ մեկի մուտքը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սպասեք, տիկին, սպասեք… Նախ ճանապարհ տանք երիտասարդներին: (Դուռը կրնկին բացում ու ծիսական շարժումով քաշվում է մի կողմ:) Խնդրեմ, հրամմեցե՛ք:
Ներս է մտնում երիտասարդ զույգը: Ժպտադեմ բարևում են ներկաներին, հետո Տղան մոտենում է Կազմակերպչին, շփոթված, ականջին ինչ-որ բան շշնջում, իսկ Աղջիկն այդ պահին շփոթված հայացքը խոնարհում է:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Հասկանում եմ, հասկանում եմ… Բայց գիտեք, այստեղ… Ինչպե՞ս ասեմ… Նման կառույց չկա… Այո, գուցե տարօրինակ է, նույնիսկ անմարդկային, սակայն չկարծեք, թե դա բացթողում է, անհոգության, անուշադրության կամ անպատասխանատվության հետևանք: Ոչ, ոչ, ամեն ինչ խորապես մտածված և հանգամանալից վերլուծված է: Ամեն ինչ արված է ձեր հարմարավետության համար, ձեր կյանքը, ձեր առօրյան ավելի հաճելի դարձնելու նպատակով: Դուք, ի՞նչ է, ժամանցի համա՞ր եք եկել այստեղ, ի՞նչ է, մտադիր եք այստեղ օրե՞ր, շաբաթնե՞ր անցկացնել: Ոչ, ոչ, երիտասարդ, այս կացարանն ուրիշ նպատակի համար է, ահա ինչու նման բան չի շինվել, եթե ոչ, դրա եղածն ի՞նչ է որ, հարյուրը, հազարը կշինեինք… Սակայն դա կնշանակեր անարգել ձեր երազանքը՝ հնարավորին չափ շուտ հասնել այնտեղ, մինչդեռ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խնայենք ձեր ժամանակը, ձեր ուշադրությունը շեղում ենք անկարևոր բաներից: Այսինքն, դուք այստեղ ընդամենը մի քանի վայրկյան, առավելագույնը՝ մի երկու րոպե պիտի մնաք, այդպես չէ՞… Եվ հետո, սիրելի բարեկամ… (Արդեն առանց պաթոսի, ցածրաձայն:) Մինչև այստեղ հասնելը չկարողացա՞ք, ներողություն, չկարողացա՞վ մի թփի տակ, պատի ետևը կամ որևէ անկյունում, բնության մեջ, աչքից հեռու… Ինչպե՞ս ասեմ, այդ խնդիրը կարգավորել: Չէ՞ որ դուք, երիտասարդ, պայմանականություններից զերծ, բնության անաղարտ զավակներ եք…
Կազմակերպչի մենախոսության ընթացքում ներս է մտնում տարեց զույգ ու դռան մոտ համբերատար սպասում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (շրջվելով դեպի Տարեց Տղամարդը): Ահա, խնդրեմ, գրազ կգամ, որ հարգարժան պարոնը չի հասցրել ածիլվել, ու հիմա, այստեղ, նրա առաջին հարցը պիտի լինի, թե էլեկտրական ածելու խրոցը որտե՞ղ է: Իսկ տիկինը, անշուշտ, չհասցրեց մեկ-երկու զգեստ լվալ և արդուկել, այդպես չէ՞, տիկին: Ցավում եմ, պարոն, սակայն դեն շպրտեք էլեկտրական ածելին, իսկ դուք, տիկին, լվացքի այդ բոխչան մի կողմ դրեք: Եվ դուք, երիտասարդ ու համակրելի զույգ, լավ իմացեք. այստեղ ծննդատուն ու, բնականաբար, մանկամսուր, մանկապարտեզ, դպրոց և այլն չենք կառուցել: Դուք ասեք, արդյոք պե՞տք է այդպիսի անիմաստ ծախսեր անել, ժամանակ ու եռանդ վատնել: Իհարկե, ոչ: Եվ, կրկնում եմ, ամեն ինչ արվում է հանուն ձեզ, որպեսզի դուք անմնացորդ, ամբողջովին նվիրվեք մեկ և հիմնական գաղափարին, մտածեք միայն օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ այնտեղ հասնելու մասին: Ձեր մարմնի յուրաքանչյուր շարժումը, ձեր մտքի յուրաքանչյուր թրթիռը պիտի ծառայի այդ նպատակին: Մի կողմ դրեք բոլոր երկրորդական բաները և մտածեք միայն այդ մասին, ձեր ուշադրությունը, անգամ ձեր գեղձերի սեկրեցիան պիտի տոգորված լինեն միայն այդ ցանկությամբ՝ շուտ, հնարավորին չափ շուտ հասնել այնտեղ… Մինչդեռ դուք եկել և ինչ-որ գետնաքարշ բաներից եք խոսում: Այսինքն, դա մարդկային է. ահա ես էլ, մեկնումի նախապատրաստություններով զբաղվելու փոխարեն, թանկագին ժամանակ եմ ծախսում անպտուղ զրույցների վրա, ուստի, տիարք և տիկնայք, մեծահոգաբար թույլ տվեք չափազանց կարճ ժամանակով ձեզ լքել, որպեսզի գնամ ու մեքենավարին մեկ-երկու կարևոր հանձնարարություններ տամ: Դա բառացիորեն քառասունհինգ վայրկյան կտևի, դուք նույնիսկ չեք հասցնի ձանձրանալ: (Արտիստիկ շարժումով խոնարհվում է և դուրս գալիս:)
ՏԱՐԵՑ ԿԻՆ — (հմայված): Ի՜նչ համակրելի երիտասարդ է:
ԿԻՆ — Չէի ասի:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Ոչ, ոչ, իսկապես համակրելի է… Եվ գիտե՞ք՝ ինչու. նա հույս է ներշնչում, դա է կարևորը:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Կներեք, որ միջամտում եմ, սակայն ժամանակի հարց է, մանավանդ որ, ինչպես բարեհաճեցիք արտահայտվել, հույս է ներշնչում: Իսկ ի՞նչ է հույսը, եթե ոչ ժամանակի կատեգորիա: Also, կապրենք՝ կտեսնենք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Դուք ի՞նչ եք հասկանում ժամանակից, երիտասարդ: Ես եմ ժամանակի իշխանը, տիրակալը: Ես կմեռնեմ, սակայն իմ ոգին կապրի հավերժ:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Ապագայի մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն անցյալն իմն է ամբողջությամբ, և, եթե կուզեք իմանալ, ինձ համար ապագան ևս անցյալ է:
Դրսից հին գնացքի սուլոց է լսվում, անիվների աղմուկ: Բոլորը հրճվանքով գոչում են. «Գնա՛ցքը», «Վերջապե՜ս», «Գնո՜ւմ ենք…» և այլն:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Վերջացրեք անիմաստ վեճը, հատկապես դուք, ինչպե՞ս ասեմ… երիտասարդ, թերևս՝ պատանի…
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Կարող եք ասել թե՛ մեկը, թե՛ մյուսը, չնայած ես հինգ հարյուր հազար տարեկան եմ: Ու վիճելն իսկապես անիմաստ է, կապրենք՝ կտեսնենք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Իսկապես որ, ուստի ժամանակ չկորցնենք և պատրաստվենք ուղևորության դեպի այնտեղ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պատրաստվելու առանձնապես բան չկա, մենք վաղուց պատրաստ ենք: (Իր զույգի թևը մտած՝ շտապ մոտենում է ձախ դռանը:) Որքան հասկացա, այստեղից պիտի դուրս գանք:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Այո, հավանաբար այդտեղից, բայց առաջ մի՛ ընկեք, երիտասարդ: Ճիշտ է, ճանապարհը միշտ ձերն է, սակայն այնտեղ մեկնելիս հերթում մենք առաջինը պիտի լինենք, մեր սերունդը շատ երկար է սպասել: (Մոտենում է ձախ դռանը, Երիտասարդին մի կողմ վանում:)
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Եթե տարիքի հարց կա, ապա ամենածերը ես եմ, չնայած որ պատանի եմ: Այսպես թե այնպես, ճանապարհն իմն է, սակայն…
ՄԱԶԱԽՌԻՎ — Քո տարիքը փուչ տարիք է, և առաջինը ե՛ս պետք է ոտք դնեմ այնտեղ, քանզի, ինչպես արդեն ասացի, իմ հոգին այնտեղ է վաղուց:
ԿԻՆ — Ի՜նչ անկիրթ մարդիկ եք, ես կին եմ, և հետո, առաջի՛նը եկա այստեղ, բացի այդ, ես քնած ու սոված երեխայի մայր եմ: Իսկ ինձնից առաջ այս երկու պարոններն էին այստեղ, որոնք հավանաբար վաղուց են սպասում: (Ցույց է տալիս պատի տակ նստածին ու Տձև Կերպարանքին:) Ուստի արդար լինենք և առաջինը նրանց թողնենք… Ի դեպ, պետք արթնացնել պարոնին…
ՏՁԵՎ — (ալրոտ բերանով): Ես այնտեղ չեմ գնա, ես իմ հայրենիքը չեմ լքի:
ԿԻՆ — Զարմանալի է… Այսինքն, դա ձեր անձնական գործն է: Իսկ այս հոգնած ու հոգնությունից ննջող պարո՞նը:
ՏՁԵՎ — Ինքներդ դիմեք նրան: (Շրջվում է, մի պստիկ ու քստմնելի քրքիջ արձակում:) Դե, մոտեցեք, ասեք, թող վեր կենա, թե չէ շատ քնեց:
Բոլորը, Տձև Կերպարանքից բացի, մոտենում ու շրջապատում են պատի տակ նստածին:
ՄԱԶԱԽՌԻՎ — Քնա՞ծ է:
ԿԻՆ — Թե՞ քնած է ձևանում:
ՄԱԶԱԽՌԻՎ — Նա չի ձևանում, նա հարբած է, իսկ եթե հարբած է՝ չի կարող այնտեղ գնալ: Ուրեմն, մեկ տեղ ազատվեց:
ԿԻՆ — (Տձև Կերպարանքին): Պարոն, դուք միասին էիք, երբ ես եկա, չգիտե՞ք արդյոք, քնա՞ծ է, թե՞ հարբած:
ՏՁԵՎ — Նա արթուն է, բայց քնած և հատկապես քաղցած, շատ քաղցած ու բնավ հարբած չէ… Սակայն դա չէ կարևորը, այլ որ՝ նա չի ուզում գնալ այնտեղ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ինչպե՞ս թե՝ չի ուզում, մի՞թե հնարավոր է այդպիսի բան:
ԿԻՆ — Հապա ո՞ւր է ուզում գնալ:
ՏՁԵՎ — Ոչ մի տեղ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուրեմն, թող գնա այնտեղ, որտեղից եկել է:
ՏՁԵՎ — Նա ինքն էլ չգիտի, թե որտեղից է եկել:
ՄԱԶԱԽՌԻՎ — Այդպես չի կարող լինել, ինչ-որ տեղից պիտի եկած լինի:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Ես նույնպես չեմ ուզում գնալ այնտեղ, բայց լավ գիտեմ, թե որտեղից են ինձ բերել:
ԿԻՆ — Գուցե նրան է՞լ ձեր մոտից են բերել:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Ոչ, ոչ, բացառվում է, մեր մոտից եկածն այսքան երկար ու համբերատար չէր նստի այստեղ, օրինակ՝ ես արդեն ձանձրացա:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ոչինչ, համբերեք մի քիչ, և շատ շուտով ձեր ձանձրույթը կփարատվի:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Դուք շատ հավակնոտ եք, պարոն: Երբ պարանը վիզս գցած քարշ էիք տալիս այստեղ, ինչո՞ւ գեթ մեկ անգամ չհարցրիք, թե արդյոք ուզո՞ւմ եմ ասյտեղ գալ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Երիտասարդ, այդպիսի հարցեր չեն տալիս, պարզապես տանում են:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Ահա և ձեր ճակատագրական սխալը: Իսկ չմտածեցի՞ք, թե ինչո՛ւ չենք ուզում գնալ այնտեղ, երբ ճանապարհն անցնում է մեր քարանձավի առջևով: Երևի մի բան գիտենք:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Ձեզ ոչ ոք չի ստիպում, ամեն ինչ ազատ կամքի վրա է, չեք ուզում՝ չեք գնա: Սպասեք, այն համակրելի երիտասարդն ուր որ է ՝ ձեզ կառաջնորդի ձեր որջը… կամ քարանձավը… չգիտեմ:
Աջ կողմի դուռը բացվում է, ներս է մտնում Կազմակերպիչը: Մտահոգ է, ետուառաջ է անում, վերջապես խոսում է:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Սիրելի բարեկամներ, հայրենակիցներ… եղբայրներ ու քույրեր: Ես ցավով ու խոնարհամիտ ներողությամբ պիտի նշեմ, որ ձեր ուղևորությունն անակնկալ մի պատճառով… շատ կարճ, բայց, ավա՜ղ, անորոշ ժամանակով, ես կասեի՝ չափազանց սեղմ ժամկետով, հետաձգվում է:
ՄԱԶԱԽՌԻՎ — Հստակ խոսեք, երիտասարդ, ի՞նչ է պատահել, ես քիչ առաջ գնացքի սուլոց լսեցի:
ՊԻՏԵԿԱՆՏՐՈՊԻ ՁԱԳ — Այո, այո, դա գնացքն է, որ այստեղից տանում է այնտեղ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (ընկճված, գլուխը կախ): Այո, իսկապես, այդ գնացքն է և կազմ ու պատրաստ սպասում է ձեզ, որ տանի այնտեղ…
ԿԻՆ — Հրաշալի է, ուրեմն, գնանք…
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ոչ, տիկին, ավա՜ղ, չեք կարող գնալ… Ավելի ճիշտ, առայժմ չեք կարող գնալ:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Ինչո՞ւ… գնացքը փչացե՞լ է, քարածուխ չկա՞:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ոչ, տիկին, գնացքը սարքին է, ու բավականաչափ քարածուխ ունենք, սակայն առայժմ չեք կարող գնալ, քանզի պարզվեց, որ մեքենավարը չի տեսնում:
ԲՈԼՈՐԸ — (միաժամանակ): Ինչպե՞ս թե՝ չի տեսնում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Այո, այդպես, չի տեսնում:
ՄԱԶԱԽՌԻՎ — Հիմա՞ պարզեցիք, որ չի տեսնում:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Այո, այստեղ, քիչ առաջ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Հավանաբար ճանապարհին դժբախտ պատահար է եղել:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ոչ, ոչ, նա ողջ ու առողջ է, եթե չհաշվենք կուրությունը… արդեն քսան տարի է, ինչ անթերի աշխատում է, ոչ մեկ պատահար, ոչ մեկ վթար չի եղել… Նա մեր հաստատության լավագույն մեքենավարն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ հենց հիմա մեզ տանի այնտեղ:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ոչ, չի տանի: Ես չեմ կարող վտանգի ենթարկել ձեր կյանքը:
ՄԱԶԱԽՌԻՎ — Բայց ինքներդ ասացիք, թե նա փորձառու և օրինակելի մեքենավար է, թե բազմիցս ու բարեհաջող գնացել է այնտեղ ու վերադարձել: Հիմա ի՞նչ հիմքեր ունեք կասկածելու, թե այս անգամ ևս նույն բարեխղճությամբ չի կատարի իր պարտականությունը:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ես ոչ մի հիմք չունեմ, ավելին, համոզված եմ, որ նա անփորձանք ձեզ կտանի ու կվերադառնա: Բայց քանի որ արդեն գիտեմ, թե կույր է, իրավունք չունեմ ղեկը նրան վստահել, օրենքը խստիվ արգելում է, հասկանո՞ւմ եք… Ու ես պարտավոր եմ հետևել օրենքին:
ՄԱԶԱԽՌԻՎ — Հիմա ի՞նչ պիտի անենք:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Հիմա կգնամ կենտրոն ու մի նոր, լավ տեսողություն ունեցող մեքենավարի հետ կվերադառնամ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ղեկին ո՞վ պիտի նստի, դո՞ւք:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Ոչ, ես վարել չգիտեմ:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Ոչ մի դեպքում, երիտասարդ, ձեր կյանքն ինչո՞ւ եք վտանգում: Դուք մեզ պետք եք:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — (գլուխը համեստորեն խոնարհելով): Ի՞նչ արած, տիկին, իմ ճակատագիրն է դա՝ հանուն ձեր բարօրության դիմագրավել բոլոր վտանգները…
ՄԱԶԱԽՌԻՎ — Իսկ այդ դիմագրավումը որքա՞ն կտևի:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Հնարավորին չափ կարճ. այնքան, որքան պետք է կենտրոն հասնելու և նոր մեքենավարի հետ վերադառնալու համար:
ՕՐԻՈՐԴ — Իսկ մենք ի՞նչ պիտի անենք այստեղ՝ առանց ձեզ… Ինչո՞վ պիտի զբաղվենք:
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ — Պիտի զբաղվեք սպասելով, օրիորդ: (Նա խոնարհվում է, սակայն քիչ առաջվա արտիստիզմն այլևս չկա:) Ես ձեզ շատ կարճ ժամանակով եմ լքում, իսկ դուք մինչև վերադարձս ծանոթացեք իրար հետ, մտերմացեք, զրուցեք հաճելի բաներից… Ցտեսություն: (Աջ դռնով դուրս է գալիս՝ իր հետ տանելով Պիտեկանտրոպի Ձագին:)
Վարագույրը փորձում են իջեցնել, սակայն ապարդյուն. անիվները ժանգոտել են երկար չգործածվելուց: Ձգում են ներքև, սակայն պատռվում և ամբողջությամբ ընկնում է ցած՝ ծածկելով սպասվելիք ուղևորության մասնակիցներին, դրանով իսկ նշելով առաջին հերթի ավարտը:

ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹ
Նույն կացարանը: Խավար է: Լսվում են թույլ և ուժեղ խռմփոցներ, քնի մեջ արտասանված անկապ բառեր: Հանկարծ հնչում է մի ձայն՝ չափազանց մարդկային, բայցև չափազանց անիրական ու երազային, գուցե՝ երկնքից:
ՁԱՅՆ — Արթնացեք, եղբայրներ և քույրեր, վեր կացեք ու թոթափվեք թմբիրից, հասել է ժամը մեկնումի, ժամը փրկության: Վեր կացեք, արթնացեք խորունկ քնից: Ձեզ եմ դիմում, եղբայրներ, ես գտա փրկության ուղին, այլևս վե՛րջ մեր չարչարանքներին, մեր սպասումներին, ես ձեզ կտանեմ այնտեղ: Ելե՛ք, եղբայրներ… Ելե՛ք, քույրեր…
Ձայնը հնչում է ապարդյուն: Ոչ մեկը չի արթնացել: Խռմփոցները շարունակվում են: Անսպասելի պայթում է ծծկեր երեխայի՝ չափազանցված, ականջ ծակող, անմեղ արարածին խեղդելու վայրագ ցանկություն առաջացնող լացը և, որպես անմիջական անդրադարձ, հնչում են հիշոցներ, փնթփնոց, հորդորներ.
— Լակոտիդ ռեխը փակիր…
— Դրա ձայնը կտրեք…
— Ի՞նչ էիք մտածում, երբ ծնում էիք…
— Դե բավական է, սա ի՞նչ դժոխք է…
— Երեխան քաղցած է, կերակրել է պետք…
Չափազանց հստակ ու բարձր լսվում է կուրծք ուտող երեխայի չփչփոցը: Խավարը կամաց ցրվում է: Նորից լսվում է երեխայի լացը, այս անգամ ավելի մեղմ: Պատի տակ պառկած մարդկանց կույտից անջատվում է մեկը՝ ոչ այն է՝ երեխա, ոչ այն է՝ հասուն մարդ, սակայն շատ նման է Տձև Կերպարանքին: Օրոր-շորոր քայլվածքով մոտենում է անկյունում դրված պարկին, ակնթարթի մեջ դատարկում պարունակությունը:
ՄԱԶԱԽՌԻՎ — (գլուխը վարագույր-վերմակի տակից հանելով): Սա ո՞վ է:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — (Մազախռիվի կողքը պառկած): Մեր նորածինն է:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ե՞րբ հասցրեց այսպես մեծանալ:
Իսկ «նորածինը» կուշտ ուտելուց հետո, զկռտալով, մոտենում է մարդկանց կույտին, հարմար տեղավորվում և իր կողմն է քաշում վարագույրի մեծ մասը: Տձև Կերպարանքն այս ամենը չի նկատում, քանի որ պարկի կողքին քնած՝ բարձր խռմփացնում է: Նորից լսվում է խորհրդավոր ձայնը:
ՁԱՅՆ — Սիրելի եղբայրներ և քույրեր, ես ուրախ եմ, որ դուք անսացիք իմ ձայնին ու ոտքի ելաք: Մեզ հրաշալի ու երջանիկ ուղևորություն է սպասվում: Շուտով, շա՛տ շուտով…
Խորհրդավոր Ձայնն արթնացնում է Տձև Կերպարանքին, որը դժգոհ շպրտում է. «Նորից էս գիժն է…», հետո, տեսնելով իր փոքրացած պարկը, մրթմրթալով մոտենում է մարդկանց կույտին և սկսում հերթով փորերը շոշափել: Համոզվելով, որ «երեխան» է կերել, հեծկլտալով գալիս է իր անկյունը և վերջին պաշարներն է ուտում՝ կրկնելով. «Այսպես որ լափես, իհարկե, շուտ կմեծանաս… Գնա հորդ մոտ, թող քեզ կերակրի: Չէ, այսպես որ գնա, չեմ կարողանա իմ սրբազան առաքելությունը կատարել ազգիս հանդեպ»: Կույտից անջատվում է Տարեց Մարդը, մոտենում է պատուհանին: Նրա շորերը ցնցոտի են դարձել, Մաթուսաղա մորուքով է: Քիչ անց դողդոջուն քայլերով նրան է միանում Տարեց Կինը՝ ձեռքին նույն բոխչան: Բոլոր գործող անձինք գալիս-շարվում են պատուհանի առջև, այսինքն՝ նայում դահլիճ:
ԱՂՋԻԿ — (բարուրած երեխան գրկին): Նորից նույն ձայնը:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ո՞վ է այս մարդը, ի՞նչ է ուզում մեզնից:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Խելագարի մեկն է երևում:
ՄԱԶԱԽՌԻՎ — Խելագար չէի ասի, բայց ծալը մի քիչ պակաս է:
ԿԻՆ — Սակայն շատ հրապուրիչ ձայն ունի:
ՄԱԶԱԽՌԻՎ — Այդ հրապույրները մեզ այնպիսի՜ տեղեր կարող են տանել…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (բացելով պատուհանը:) Էհե՜յ, ո՞վ ես դու:
ՁԱՅՆ — Ես թևավոր մարդն եմ, ձեր երազանքը:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Չէ, սա իսկապես խելագար է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ ես անում այդտեղ:
ՁԱՅՆ — Ուզում եմ երկնքով հասնել այնտեղ:
ԿԻՆ — Ինչո՞ւ երկնքով, դու հո թռչուն չես, արի այստեղ, միասին ապահով կգնանք:
ՁԱՅՆ — Ոչ, չհավատաք, այդտեղից ճանապարհ չկա այնտեղ, միակ ճանապարհը երկնքով է, սավառնելով: Ես դա վաղուց եմ հասկացել ու, փախչելով այդտեղից, հայտնվել եմ այս անդունդում: Բայց ոչինչ, թռչելու ցանկությունից իմ մեջքին թևեր աճեցին…
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Եթե թևեր ունես, ինչպես պնդում ես, ինչո՞ւ չես թռչում այնտեղ:
ՁԱՅՆ — Ես հիմա իսկապես թևեր ունեմ, արծվի հզոր թևեր, ես բարձրացա երկինք ու տեսա այնտեղը շա՜տ հեռվից, լույսերի ծովի մեջ: Դա հրաշք էր կատարյալ…
ՄԱԶԱԽՌԻՎ — Հապա ինչո՞ւ չգնացիր այնտեղ:
ՁԱՅՆ — Չուզեցի մենակ գնալ, քանզի այս փոսում, այս անդունդի մեջ երազելիս նախևառաջ մտածում էի ձեր փրկության մասին: Հասկանո՞ւմ եք, ես անչափ երախտապարտ եմ, դուք ինձ օգնեցիք, որ թևեր ձեռք բերեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այդ ինչպե՞ս օգնեցինք քեզ այդ փոսում:
ՁԱՅՆ — Ձեր փրկության մասին մտածելով՝ փրկեցի ինքս ինձ, ուստի պիտի նախևառաջ պարտքս հատուցեմ ձեզ:
ՏՁԵՎ — (որ դադարեցնելով ուտելը՝ մոտեցել էր պատուհանին): Դու ոչինչ մեզ պարտք չես, այնպես որ ծիվ-ծիվ անելով ռադդ քաշիր-գնա: (Պատուհանը փակում է:) Չեք տեսնո՞ւմ, որ կատարյալ խելագար է: Նա վաղուց պիտի լիներ այնտեղ, սակայն չուզեց, դուրս ցատկեց պատուհանից ու հիմա խելքը թռցրել է: Չհավատաք նրան, գիտե՞ք, թե քանի-քանիսին է մոլորեցրել ու դժբախտացրել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բայց իսկապե՞ս սավառնել գիտի, իսկապե՞ս թևեր են աճել նրա մեջքին:
ՏՁԵՎ — Լսեք, ի՞նչ թևեր, ի՞նչ սավառնել, ցնդվեցի՞ք, ի՛նչ է: Հանգիստ տեղներդ նստեք ու սպասեք, ուր որ է՝ գնացքը կգա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (նորից բացում է պատուհանը): Լսիր, եթե իսկապես թևեր ունես, ապա միայն դու կկարողանաս թռչել այնտեղ, մենք ինչպե՞ս պիտի գանք քեզ հետ, մենք թևեր չունենք: Հո չե՞նք նստելու քո մեջքին:
ՁԱՅՆ — Հիմա թևեր չունեք, բայց եթե շատ ցանկանաք՝ կունենաք: Ես ձեզ կսովորեցնեմ, միայն պետք է հավատաք ինձ ու ձեզ: Դուք ամեն ինչ կարող եք անել, մնում է միայն ցանկանալ:
Երիտասարդ Տղան հմայված բարձրանում է լուսամուտի գոգին և ուր որ է՝ պիտի «դուրս գա» դեպի դահլիճ, այդ պահին Տձև Կերպարանքը նրան գրկում ու շպրտում է ներս, այնուհետև ամուր փակում է պատուհանն ու իր տոպրակը բերում-դնում է տակը:
ՏՁԵՎ — Վերջ, այսուհետև ոչ մեկը չի մոտենա պատուհանին, դուք լավությունը չեք հասկանում, այսքան մարդ, իրենց բան ու գործը թողած, օր ու գիշեր չարչարվում են, իսկ դուք խելագարին եք ականջ դնում: Թևե՜ր, չէ մի հա…
Լսվում է զարհուրելի, հակաերաժշտական, փողերի ու թմբուկների կակաֆոնիայից կազմված այլանդակ քայլերգ: Բոլորն իրենց տեղերից ելնում ու զգաստ կանգնում են: Երիտասարդը նույնպես ելնում է, բայց ցուցադրական դժկամությամբ: Երկու դռների միջև գտնվող շրջանակը լուսավորվում է, երևում է շատ ծանոթ դեմք՝ Առաջին Հերթի Կազմակերպիչը, որը հիմա Առաջնորդ է: Տձև Կերպարանքը մնում է տեղում ու շարունակում լափել: Առաջնորդի դիմագծերը նույնն են, նախկինի պես դեմքը ջղաձիգ կծկվում է, բայց դեմքին մի ծանրակշիռ, լուրջ, արժանապատվությամբ լի արտահայտություն է: Նա շատ զուսպ ու բարեկիրթ հազում է ու հոգնած ժպիտով սկսում խոսել:
ԱՌԱՋՆՈՐԴ — Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ ու քույրեր, զավակներ… Ինչպես տեսնում եք, բավական ժամանակ անցավ, բավական բաներ փոխվեցին:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — (գյուտ արածի պես): Սա մեր Կազմակերպիչն է:
ԱՌԱՋՆՈՐԴ — (համեստ ժպտալով): Այո, իրավացի եք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Այդ ի՞նչ համազգեստ է, ու դուք որտեղի՞ց եք խոսում:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Գուցե այնտեղից…
ԱՌԱՋՆՈՐԴ — Ոչ, ոչ, ես այնտեղ չեմ, այլ այստեղ, սակայն դա չէ կարևորը, այլ որ հոգով միշտ ձեզ հետ եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ մե՞նք, մենք որտե՞ղ ենք:
ԱՌԱՋՆՈՐԴ — Դուք դեռևս այնտեղ չեք, բայց դա չէ կարևորը, այլ՝ որ դուք այլևս այստեղ չեք ու գիտեք, որ այդ կապակցությամբ մենք ապրում ենք ժամանակավոր դժվարությունների մի շրջան: Դա չափազանց ժամանակավոր է և, անշուշտ, շատ կարճ պիտի տևի, ու ես ձեզ հավատացնում եմ, որ քսան տարի հետո մենք կհասնենք տասը տարի առաջվա կենսամակարդակին, իսկ հիսուն տարի հետո կհասնենք այսօրվա կենսամակարդակին և այդ ժամանակ, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի երջանիկ օրեր կսկսվեն… (Հազում է:) Սակայն դրանք երկրորդական բաներ են՝ մեր հիմնական նպատակի հետ համեմատած: Այնտե՜ղ, ահա թե ուր ենք ձգտում բոլորս, ու մենք գրեթե այնտեղ ենք, մեր մի ոտքն արդեն դիպչում, առնվազն շոշափում է այնտեղի ավետյաց հողը… Սակայն դուք լավ գիտեք, որ մենք չնչին հաջողություններով բավարարվողը չենք, մենք միշտ ձգտել ենք առավելագույնն ստեղծել ձեզ համար: Ուստի, սիրասուն զավակներ, մնում է անել հաջորդ քայլը՝ աննշան մի ճիգ գործադրել մյուս ոտքը դնելու համար:
ԲՈԼՈՐԸ — (միաձայն): Մենք պատրաստ ենք:
ԱՌԱՋՆՈՐԴ — Շա՜տ հաճելի է լսել այդպիսի ինքնաբուխ խոսքեր: Սակայն ձեզնից ոմանք այս խիստ պատասխանատու շրջանում անխոհեմ առաջարկներ են անում: Ահա, երեկ մի նամակ ստացա, որ գրել է ձեզնից մեկը: Նվիրական զգացումներով թելադրված մի ուղերձ, սակայն հապճեպ, չմտածված մի առաջարկով նամակագիրը, խոսելով ներկայիս ժամանակավոր ու չնչին դժվարությունների մասին, մեջտեղ է քաշում երկրորդական, ես կասեի, նույնիսկ գետնաքարշ մի խնդիր՝ սնունդը: Մենք, անշուշտ, այստեղ սնունդի պաշարներ չենք ամբարել՝ հաշվի առնելով, որ ձեր կյանքի լավագույն, մեծագույն մասը պիտի անցկացնեք այնտեղ, ահա թե ինչու սննդի բոլոր պաշարները տեղափոխել ենք այնտեղ:
ՏՁԵՎ ԿԵՐՊԱՐԱՆՔ — (մի պահ ընդհատելով լափելը): Բավակա՜ն է ստորին նյութից խոսեք, վսե՜մ բաներից խոսեք:
ԱՌԱՋՆՈՐԴ — Իրավացի եք: Սակայն, որպեսզի կարճատև լինի ձեր սպասումը, այնուամենայնիվ, այստեղ ևս պիտի սնվեք: Եվ ահա, ձեզնից մեկը չափազանց խոհեմ, բայց, իմ կարծիքով, հապճեպ մի առաջարկ է արել. այս խիստ ժամանակավոր անցման շրջանում մեր անպատվաբեր կախվածությունն ստորին նյութից նվազագույնի հասցնելու նպատակով նա խորհուրդ է տալիս փոքրանալ, անշուշտ, կամավոր սկզբունքով:
ՄԱԶԱԽՌԻՎ — Գուցե նիհարե՞լ:
ԱՌԱՋՆՈՐԴ — Ոչ, ոչ, փոքրանալ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչպե՞ս թե՝ փոքրանալ:
ԱՌԱՋՆՈՐԴ — Դուք, անշուշտ, լսել եք բոնսայ մեթոդի մասին, երբ, ասենք, քսան մետրանոց սոճին փոքրացնում-հասցնում են քսան սանտիմետրի: Շնորհիվ մեր գիտնականների համառ պրպտումների, այդ մեթոդն այժմ կարելի է կիրառել նաև մարդկանց վրա: Ասենք, եթե ձեր հասակը մեկ մետր ութսուն սանտիմետր է, ապա կդարձնենք քսան սանտիմետր, եթե ուզեք՝ երկու սանտիմետր, կարող ենք նույնիսկ երկու միլիմետր դարձնել ու դրանից էլ ավելի փոքր… Մի՞թե չեք լսել անսահման փոքրերի մասին: Այսպես ձեզ անսահման փոքրացնելով՝ անսահման մեծացնում ենք այնտեղ հասնելու հնարավորությունները: Այսպես ամբողջ մարդկությունը կարելի է տեղավորել լուցկու մեկ տուփի մեջ և արագ ու հեշտ տեղափոխել այնտեղ: Այսպիսով, սիրասուն եղբայրներ ու քույրեր… Հառա՛ջ դեպի այնտեղ:
Նորից հնչում է հակաերաժշտական քայլերգը: Շրջանակը վարագուրվում է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (վրդովված): Ո՞վ է գրել այս նամակը: (Տարեց Մարդուն:) Դո՞ւ… Այո, այո, դու գրած կլինես, քեզ ի՞նչ կա որ… մի ոտքդ արդեն գերեզմանում է: Հանգիստ կփոքրանաս, թաղելու ծախս էլ չի լինի:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Լեզուդ քեզ քաշիր, լակոտ, դեռ պետք է պարզել, թե մեզնից ով ավելի շուտ կգնա էն աշխարհ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Տարեց Կնոջը): Ուրեմն, դու գրած կլինես:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Երիտասարդ, ես ակնոցս մոռացել եմ, իսկ առանց ակնոց գրել-կարդալ չեմ կարող:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Կնոջը): Դու գրած կլինես:
ԿԻՆ — Ես ընդհանրապես նամակ չեմ գրում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Տձև Կերպարանքին): Մնում է ենթադրել, որ դու ես գրել:
ՏՁԵՎ — (ցույց տալով տոպրակը): Ես կարողանո՞ւմ եմ աչք բացել այս գործից, որ դեռ նամակներ գրեմ: Բայց ես գիտեմ, թե ով է գրել: (Ցույց տալով պատի տակ նստածին՝ հիստերիկ ու քստմնելի քրքջում է:) Ահա, տեսեք, թե ինչպես է փոքրացել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Մազախռիվին): Գուցե դո՞ւք եք գրել, քաջություն ունեցեք, խոստովանեք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ես իմ արարքներին միշտ տեր եմ կանգնել, երիտասարդ, ուստի հայտարարում եմ, որ ես չեմ նամակի հեղինակը, սակայն գտնում եմ, որ այդ առաջարկի մեջ մտածելու բան կա:
ԱՂՋԻԿ — Դուք գտնում եք, որ դա խելքին մոտ բա՞ն է:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ես այդպես չասացի, մի աղավաղեք իմ մտքերը, օրիորդ կամ տիկին, ես պարզապես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ այսպիսի դժվարին, անցումային պահերին ծնվում է հերոսական զոհաբերության սրբազան գաղափարը, և հոգին դառնում է ավելի կարևոր, քան մարմինը: Փոքրացնենք մարմինը, բայց մեծացնենք հոգին: Փոքր մարմնի մեջ՝ մեծ հոգի: Ահա ինչու ոգեղենությամբ ապրող անհատը կարող է նույնիսկ զոհաբերել մարմինը… Այդ բաներն, ավա՜ղ, ձեզ հասու չեն, տիկին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուրեմն, օրինակ ծառայեք, պարոն, և զոհաբերեք անկարևոր մարմինը հանուն ձեր կարևոր գաղափարների:
ՄԱԶԱԽՌԻՎ — Երիտասարդ, խոսքն իմ մասին չէ, քանի որ իմ մարմինը և գաղափարները հավասարապես կարևոր են:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Կարևորության հարցը ես չեմ ուզում քննել, սակայն հայտնի է, որ օդապարիկով ճանապարհորդող երկրախույզներն իրենց նպատակներին հասնելու համար, հաճախ ստիպված էին լինում, որպես բալաստ, զոհաբերել շատ կարևոր ու արժեքավոր բաներ: (Մազախռիվին:) Ընդունեք, պարոն, որ Աստծո շնորհած մեր մարմնի չափերը հավասարապես կարևոր են, թերևս, անհրաժեշտ թե՛ ձեզ, թե՛ մյուսների համար… Այդ չէ հարցը, այլ՝ որ մեր առջև դրված է սրբազան մի նպատակ, և այդ նպատակին հասնելու համար հարկ կլինի իսկապես գիտակցված կորուստների գնալ: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ մարդկությունն այսօր երկրագնդի վրա վեց միլիարդ է, վաղը կլինի տասը միլիարդ և գուցե ավելի… Երկրագունդն այլևս չի կարող այդքան մարդ պահել: Եթե ուզում ենք փրկել մեր մոլորակը, մեր համաստեղությունը, անգամ տիեզերքը, պիտի փոքրանանք: Իդկ ոմանք այնքան եսասեր են, որ հանդգնում են մեկուութսունից անցնել և դեռ մյուսներին էլ վերևից նայել, մոռանալով, որ իրենց լկտիությամբ վտանգի են ենթարկում մնացյալ մարդկության գոյությունը: Ուստի կոչ եմ անում… (Տարածած ձեռքերն սկսում է իրար մոտեցնել:) Փոքրանա՜լ, փոքրանա՜լ, փոքրանա՜լ… (Կարճ դադար:) Չէ, շատ եղավ, այսքանը բավական է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե, փոքրացեք, ինչո՞ւ եք կանգնել, գցեք ձեր բալաստը, իսկ ես հրաժարվում եմ այդ զոհաբերությունից, գոնե իմ երկար ոտքերն ինձ պետք են: Ես որոշել եմ մենակ, ոտքով գնալ այնտեղ, ես այլևս չեմ կարող սպասել:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ես ողջունում եմ խենթ ու համարձակ վճիռները, բայց ճանապարհը գիտե՞ս, չե՞ս վախենում մոլորվել և այնտեղ հասնելու փոխարեն ուրիշ տեղ գնալ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չգիտեմ, բայց կփնտրեմ ու կգտնեմ: Ասում են, թե հարթ և ուղիղ ճամփա է, թե մեկ տարվա մեջ կարելի ոտքով հասնել:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Մտքիցդ հանիր, երիտասարդ, արածդ կատարյալ խենթություն է:
ՏՁԵՎ — Խենթությունը մի կողմ, ի վերջո, յուրաքանչյուրն իր անձի տերն է, սակայն եկեք խնդիրը քննարկենք բարոյական տեսանկյունից. որքանո՞վ է պատշաճ առաջ ընկնել կոլեկտիվից, ազգից, ժողովրդից… Այնտեղը ընդհանուր մի հասկացություն է, դա մասնավոր գործունեության առարկա չէ, երիտասարդ, այլ հավաքական նվաճում: Դա նման է այն բանին, որ սեղանը գցված է բոլորի համար, սակայն դուք, անդաստիարակ երեխայի պես, առաջ եք ընկնում ու սկսում մեն-մենակ վայելել բոլորի համար պատրաստված կերակուրները: Տգեղ բան է, երիտասարդ, եթե չասեմ՝ անբարո:
ՏԱՐԵՑ ԿԻՆ — Բացի այդ, դու ընտանիք ունես, ինչպե՞ս կարող ես լքել նրանց:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (վճռական): Ես կգնամ, ճամփան կգտնեմ, հետո կգամ նրա ետևից:
Վճռական քայլում է դեպի ձախ դուռը և փորձում բացել, ապարդյուն: Ցնցում է ուժգին:
ՏՁԵՎ — Իզուր մի չարչարվիր, դուռը բանալիով փակած է:
Երիտասարդը շարունակում է ցնցել, դուռն անսպասելի բացվում է: Նա քայլում է առաջ և սոսկումի աղաղակով ընկրկում է:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ի՞նչ եղավ, ինչո՞ւ վերադարձար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այնտեղ… ուղղակի դռնից… անդունդ է: Անհատակ մի փո՜ս…
Մազախռիվ Անձը մոտենում բաց դռանը, նայում և, գլուխը ճոճելով, ամուր փակում:
ՄԱԶԱԽՌԻՎ — Զգույշ եղեք, չմոտենաք դռանը:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Իսկապե՞ս անդունդ է:
ՄԱԶԱԽՌԻՎ — Անդունդ չէի ասի, բայց դժվարին, զառիվար ճամփա է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ զառիվար, ի՞նչ ճամփա, փոս է, փո՛ս, կատարյալ անդունդ, իսկ անդունդի հատակից վայրի գազանների մռնչոց է լսվում:
ՄԱԶԱԽՌԻՎ — Դուք բորբոքուն երևակայություն ունեք, երիտասարդ: Դա հատուկ է ձեր տարիքին, նույնիսկ համակրելի ինչ-որ բան կա դրանում, սակայն բարի եղեք ձեր հիվանդագին տեսիլքները մեր վզին չփաթաթել և հատկապես խուճապային տրամադրություններ մի սերմանեք այստեղ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես կատարելապես առողջ եմ և աչքովս տեսա անդունդը: Սա ծուղակ է, պարոնայք, շտապ պետք է մի ելք գտնել:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Ելքը վաղուց գտել ենք, երիտասարդ, համբերիր, մեքենավարը կգա, և ամեն ինչ կկարգավորվի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես այլևս չեմ կարող սպասել, ես վերադառնում եմ:
Մոտենում է աջ կողմի դռանը և փորձում բացել: Ապարդյուն: Սկսում է ուժգնորեն ցնցել: Դուռն իր շրջանակով պոկվում է տեղից՝ մեջտեղ հանելով կանոնավոր և անուր շարված պատը: Երիտասարդն ապշած կանգնել է: Բոլորը լուռ են, քարացած:
ՏՁԵՎ — Դուռն իր շրջանակով հենց հիմա տեղը կդնես… Մի մեխ անգամ չես խփել, բայց աջ ու ձախ ավերում ես, մակաբույծի մեկը: Տեղը դի՛ր, ասում եմ, շո՛ւտ, և մաքրի՛ր հատակը:
Երիտասարդը հնազանդ ու լուռ կատարում է հրամանները: Հնչում է խորհրդավոր ձայնը:
ՁԱՅՆ — Ես ամեն ինչ լսեցի ու տեսա: Ես ուրախ եմ, որ այնտեղի կարոտը չի մահացել ձեր մեջ, բայց լավ իմացեք, դուք միայն երկնքի ճամփով կհասնեք այնտեղ: Եկեք ինձ հետ, ահա իմ թևը, նստեք վրան՝ ով ուզում է, բոլորիդ համար տեղ կա…
Աջ կողմի դռան ամուր ու հաստատուն պատն անսպասելի փլվում է, սենյակը լցվում է թռչնի հսկայական թևով: Բոլորը խուճապահար ու սարսափած ետ են մղվում դեպի ձախ անկյունը: Տձև Կերպարանքը՝ պարկն առած, նույնպես շտապում է դեպի հակադիր պատը:
ՏՁԵՎ — Սպասի՛ր, գալիս ենք քեզ հետ, սպասիր՝ պատրաստվենք… (Տոպրակի միջից կացին է հանում ու զգույշ մոտենում սենյակով մեկ տարածված թռչնի թևին՝ միաժամանակ լուռ ցուցմունքներ տալիս Մազախռիվին: Վերջինս, ճիշտ հասկանալով, կառչում է թևից, իսկ Տձև Կերպարանքը մոտենում է թևարմատին ու կացնով ուժգին հարվածում: Լսվում է Թևավոր Մարդու սոսկալի ճիչը: Երիտասարդը հուսահատ շարժում է անում, Կինը սարսափահար ծածկել է դեմքը, իսկ Աղջիկը ճչում է:) Դե հիմա տա՛ր, եթե կարող ես…
ՁԱՅՆ — Ես գիտեմ, որ բոլորդ դահիճներ չեք, որ ձեր մեջ կան ազնիվ մարդիկ… Ահա մյուս թևս, գոնե դուք փրկվեք:
Աղմուկով բացվում է պատուհանը, մյուս թևն է մտնում ներս, սակայն սա էլ առաջինի պես կտրվում է:
ՏՁԵՎ — Հա, շատ լավ եղավ, ձմեռներն այստեղ մրսում էի, հիմա փետուրի վերմակ կպատրաստեմ՝ լա՜վ, տա՜ք վերմակ կլինի:
ՄԱԶԱԽՌԻՎ — Կարծում է՝ միայն ինքը թևեր ունի: Հիմարի մեկը, սրիկա՛: Եթե թռչելով լիներ, մենք վաղուց հասած կլինեինք:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Անկեղծ ասած, ես էլ սկզբում խաբեբայի տեղ դրեցի սրան, բայց, ինչպես տեսնում եք, բավական զորավոր և ընդարձակ թևեր են: (Շոշափում է թևերից մեկը:) Բոլորիս կարող էր տեղավորել:
ՏՁԵՎ — (որ աշխուժորեն փետրահան է անում թևերը): Տեղավորվելը՝ կտեղավորվեիր, բայց ո՞ւր կհասնեիր:
ԿԻՆ — Իսկ ես կարծում եմ, որ կհասնեինք այնտեղ:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ես չգիտեմ, այնտեղ կհասցնե՞ր, թե՞ ոչ, բայց որ մեզ պատուհասի մեջ կգցեր, դա ստույգ է:
ԿԻՆ — Պետք է մի բան ձեռնարկել:
ՏՁԵՎ — (հռհռալով): Արդեն ձեռնարկեցինք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ոչ, ոչ, այդ խենթերին ես լավ գիտեմ: Մենք նրա թևերը կտրեցինք, սակայն դա ոչինչ չի նշանակում : Նա հիմա մի նոր բան կմտածի: (Հեգնական:) Ժողովրդին փրկելու համար:
ՏՁԵՎ — Ի՞նչ պիտի մտածի, նա հիմա փոսում ընկած է, վե՛րջ, այլևս ոչ ձայնը կլսենք, ոչ էլ կերպարանքը կտեսնենք: (Բացում է պատուհանը, գոռում:) Էհե՜յ, անթև թռչուն, ինչպե՞ս ես, լսո՞ւմ ես ինձ:
ՁԱՅՆ — (լռությունից հետո): Այո, լսում եմ ձեզ, եղբայրնե՜ր ու քույրե՜ր… Ես անչափ շնորհակալ եմ ձեզ…
ՏՁԵՎ — (ներկաներին): Տեսնում եք, չէ՞, խենթը էլ ինչպե՞ս է լինում: (Ձայնին.) Չարժե, սիրելի բարեկամ, բայց ինչի՞ համար ես շնորհակալություն հայտնում:
ՁԱՅՆ — Որ կտրեցիք թևերս:
ՏՁԵՎ — Խնդրեմ, եղածը մի բան չէ, տե՛ս, եթե շարունակեն աճել, բարձրացիր այստեղ, նորից կկտրենք:
ՁԱՅՆ — Շնորհակալ եմ, դուք շատ բարի եք, բայց այլևս չեն աճի:
ՏՁԵՎ — Ես էլ եմ այդպես կարծում, մենք գործը հիմնովին ենք անում, մենք արմատից կտրեցինք:
ՁԱՅՆ — Բայց ես հիմա կարող եմ ավելի բարձր և ավելի հեռուն սավառնել… Հիմա նոր, ուրիշ թևեր են աճում:
ՏՁԵՎ — Կուզե՞ս, արի, այդ թևերն էլ կտրենք:
ՁԱՅՆ — Այդ թևերը կտրել չի լինի, սրանք ներսում են: Սա մի հզոր էություն է: Ես հիմա փոսում չեմ, ես երկնքում եմ… Ամպերից բարձր…
Բոլորը մոտենում են պատուհանին ու նայում երկինք:
ՄԱԶԱԽՌԻՎ — (Տձև Կերպարանքին՝ գրեթե շշուկով): Ասա՝ թող ներքև իջնի, ու մի լավ պարան բեր:
ՏՁԵՎ — Պարանն ինչի՞դ է պետք:
ՄԱԶԱԽՌԻՎ — Բեր՝ կտեսնես… Հա՛, մյուս ծայրն էլ ամուր կապիր մի հաստատուն բանից:
Տձև Կերպարանքը տոպրակից երկար պարան է հանում, մի ծայրը կապում է տոպրակի բերանից, մյուս ծայրը բերում-հանձնում է Մազախռիվին:
ՏՁԵՎ — Լսիր, բարեկամ, ներքև իջիր՝ զրուցենք:
ՁԱՅՆ — Ես շտապում եմ, ժամանակ չունեմ:
ՏՁԵՎ — Իսկ մեզ թողնում ես այստե՞ղ:
ՁԱՅՆ — Սակայն դուք չուզեցիք գալ:
ՏՁԵՎ — Հիմա ուզում ենք: Բոլորիս, այս կացարանի հետ միասին, տար քեզ հետ երկինք: Այսպես ավելի ապահով կլինի. թե ոչ՝ պիտի ստիպված լինենք քո մեջքին տեղավորվել: Ահա պարանը, ոտքդ մոտեցրու՝ հագցնեմ: (Պարանի մյուս ծայրը գցում է դահլիճ, բայց այն գետնին չի ընկնում՝ աներևույթ մի ուժ պարանը ձգում է վեր:) Դե, քեզ տեսնեմ, թևավոր մարդ, տար մեզ այնտեղ: (Դառնալով կացարանի բնակիչներին և քստմնելի խնդմնդալով:) Որքան ապրում եմ այս երկրի վրա, իսկ այստեղ վաղուց եմ ապրում, շա՜տ վաղուց, դեռ չեմ տեսել որևէ մեկին, որ կարողանա այս պարկը գետնից կտրել: (Ծաղրածուի պես:) Հե՜յ, թևավո՛ր մարդ, տար մեզ երկինք…
Ձգված պարանը զնգում է:
ՁԱՅՆ — Թոթափվե՜ք գետնաքարշ իղձերից, բարեկամներ, ձերբազատվեք երկրորդական բաներից, մտածեք միայն երկնի խորքերում գտնվող այնտեղի մասին, շա՜տ ծանր եք, եղբայրներ, թոթափվե՛ք:
Տոպրակը մի պահ կտրվում է գետնից, թվում է՝ ուր որ է կսլանա երկինք, սակայն լեռ քարի ծանրությամբ, դղրդյունով զարնվում է հատակին:
ՁԱՅՆ — Լսե՜ք, դուք ահավոր ծանր եք, խնդրում եմ, իսկապե՛ս թոթափվեք ունայն բաներից, այլապես չեմ կարողանա ձեզ տանել այնտեղ:
ՏՁԵՎ — Հապա ի՞նչ էիր մեծ-մեծ բրդում: Ա՛յ, էդպես կխեղճանաս… Դե թռի՛ր, հա-հա-հա… Դե թռիր, ծիտիկ, հա-հա-հա… Ա՛յ էդպե՛ս կծլվլաս…
Տոպրակը դարձյալ կտրվում է գետնից, այս անգամ թվում է, թե իսկապես կսլանա երկինք: Տձև Կերպարանքը մտահոգ մոտենում, գրկում է տոպրակը և փորձում կապը քանդել:
ՏՁԵՎ — Զգուշությունը լավ բան է, մեկ էլ տեսար… (Վերջապես կապը քանդում է, պարանը սլանում է երկինք:)
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (որ մյուսների հետ լուռ հետևում է այդ տեսարանին, Տձև Կերպարանքին դիմելով): Ինչո՞ւ կապեցիր տոպրակից:
Տձև Կերպարանքը չի բարեհաճում նայել նրան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Տձև Կերպարանքին ցնցելով): Քեզ եմ ասում, ինչո՞ւ կապեցիր տոպրակից:
ՏՁԵՎ — (ալրոտ բերանով): Հապա ինչի՞ց կապեի:
ՄԱԶԱԽՌԻՎ — Ճիշտ է ասում, ուրիշ ի՞նչ կա այստեղ ավելի հաստատուն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (քիչ կարկամած): Գուցե ոմանք կուզեին օգտվել առիթից և… ինչպես ասեմ… նրա հետ սլանալ երկինք:
ՏՁԵՎ — (համարձակություն առած): Ասում ես՝ սլանալ երկի՞նք… Հա՞… Ես ճի՞շտ լսեցի… Դե, սլացի՛ր: Ինչո՞ւ ես կանգնել: Ուրիշի թևով պիտի թռչե՞ս: Իսկ որ հանկարծ ճամփի կեսին այն թևավոր գիժը… ասենք, ուզենա մի քիչ հանգստանալ կամ իրեն վատ զգա, դու ի՞նչ պիտի անես: Քարի պես, լսո՞ւմ ես, քարի պես այնտեղից, այն վերևներից կդրմփաս ներքև, ա՛յ, այնտեղ: (Ցույց է տալիս դահլիճը:) Եթե տղամարդ ես, ինքդ սլացիր: Թևերի խնդիրը գիտե՞ս ոնց է… Ամեն մեկն իր թևերը պիտի ունենա: Ու գիտե՞ս՝ որտեղից պիտի սկսես: (Նորից ցույց է տալիս դահլիճը:) Այնտեղից, այն փոսից… Դե գնա, ի՞նչ ես կանգնել, գնա՛, իջիր մինչև հատակը, անդունդը և այնտեղից բարձրացիր: Շո՛ւտ արա, գնա, քե՛զ եմ ասում:
Երիտասարդը գլխիկոր հեռանում-կծկվում է պատի տակ:
ՏՁԵՎ — (մյուսներին): Ուրիշ ծիտիկներ չկա՞ն այստեղ: (Կնոջը.) Օրինակ՝ դու, տիկին, չե՞ս ուզում թռչունի պես գնալ-տեսնել, թե երեխադ արթնացա՞վ: (Տարեցներին:) Իսկ դո՞ւք… քավթառ, դու, բիձա, չե՞ս ուզում… Դե, տեղներդ վեր ընկեք ու սպասեք: (Մոտենում է տոպրակին ու շարունակում լափել, հետո կտրուկ շրջվում է և հետագա մենախոսությունն արտասանում լափելով, լափածն աջ ու ձախ թքել-թափելով:) Եվ այդպես մի՛ նայեք ինձ… Այդպես չարացած, թունավոր, նախանցոտ հայացքներով: Եթե կուզեք իմանալ, ես ձեր գաղտնաթաքույց էության բյուրեղացումն եմ, ձեր իսկական բարեկամը: Ոչ, ոչ, իմ գործը շատ աննկատ, շատ անշնորհակալ, բայց չափազանց կարևոր, ես կասեի՝ սրբավայել գործ է: Չէ, ես ձեզ այնտեղ չեմ տանելու, ես ավելի համեստ բանով եմ զբաղված: Բայց դուք, անշնորհակալ ու երախտամոռ արարածներդ, արդյոք հասկանո՞ւմ եք իմ գործի կարևորությունը: (Դադար:) Իհարկե, չեք հասկանում, հիմա ձեր մտքում հայհոյում եք ինձ. խոզ, շատակեր, անկուշտ, ագահ, կղկղանքի փոս, այո՛, այո՛, այդպես եք ասում… Ես ամեն ինչ գիտեմ: Բայց մտածե՞լ եք, արդյոք, սիրելիներս, ձեզ ինչպիսի չքնաղ հնարավորություն եմ ընձեռում միշտ մաքուր, միշտ ազնիվ մնալու, թե չէ պատկերացնո՞ւմ եք, ի՛նչ կլիներ ազգի, մարդկության, աշխարհի վիճակը… Դո՛ւք, բոլո՛րդ պիտի լափեիք, խփշտեիք, խժռեիք, և ինձնից ավելի շատ, ինձնից ավելի ագահ, իսկ հիմա ես, հասարակ մահկանացուս, մարդկային պարզ հղիությամբ ծնվածս, ինձ վրա եմ վերցրել ձեր բոլորի ագահության, ձեր լափելու մեղքն ու մենակ տանում եմ այն: Եվ այդքանն էլ կարծես քիչ է, ձեզ իրավունք ու առիթ եմ տալիս ինքներդ ձեզ շարունակ մաքուր զգալ: (Ձեռքը թափ է տալիս:) Այսինքն, ո՞ւմ եմ ասում… (Շարունակում է տենդագին խփշտել, հետո դառնում է դեպի դահլիճը:) Վարագույր չկա, գործողությունը վաղուց է ավարտվել… Ի՞նչ եք աչքներդ չռել, վեր կացեք, գնացեք բուֆետ, կամ ի՞նչ իմանամ՝ թե ո՛ւր… Թողեք մարդ հանգիստ հաց ուտի… (Մեջքն անում է դահլիճին ու չփչփոցով լափում:)

ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹ

Մթնշաղ: Նույն կացարանը: Փոփոխություններ գրեթե չկան, եթե չհաշվենք պատերին հայտնված խզբզոցները, որ ներկայացնում են էրոտիկ տեսարաններ՝ բիզոնի ու մամոնտի որսի տեսարանների հետ խառը: Առաջին Հերթում պոկված վարագույրը վերջնականապես քրքվել է և հազիվ է ծածկում քուրջեր հագած մարմինները: Տձև Կերպարանքն անկյունում, տոպրակի վրա կռացած, խժռում է: Կողքից բարձրանում է մեկ ուրիշ Տձև Կերպարանք՝ հար և նման առաջինին, նույնանման հագուստով:
ՏՁԵՎ — (տոպրակից հեռանալով): Ահա, ձեր պատճառով ստիպված եմ հեղինակին դնել հիմար կացության մեջ և քննադատներին հրաշալի առիթ տալ հայտարարելու, թե նա չի տիրապետում թատերական արվեստի տարրական օրենքներին, այսինքն՝ միևնույն պերսոնաժով վերջացնում է նախորդ գործողությունը, ներողություն, հերթը, և սկսում հաջորդը: Սակայն ես ստիպված եմ միջամտել, քանի որ դուք, աչքներդ չռած, նայում եք այս սիրասուն զավակին, կարծելով, թե դա ես եմ, սակայն ես չեմ: Սա աչքի խաբկանք չէ, պարոնայք, դուք իսկապես ինձ տեսնում եք երկու հատ, և երկուսս էլ միս ու արյունից ենք: Այսինքն՝ նա կամ ես տեսիլք չենք: Ուստի հարց է ծագում, թե մեզնից ո՞րն է իսկականը, վավերականը, ես կասեի նույնիսկ առաջնայինը: Ծագումնաբանական առումով երկուսս էլ երկրորդական-հավելվածային ենք, սակայն, հարգելի տիարք և տիկնայք, դուք եկել եք թատրոն և այս ներկայացման առաջին իսկ րոպեներից տեսել մեր երկուսից մեկին ու հիմա, բնականորեն, ուզում եք իմանալ՝ առաջինը սա՞ է, որ այսպես անդուլ խժռում է, թե՞ ես, որ պատիվ ունեմ ձեզ դիմելո: Արդ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես եմ առաջինը, իսկ սա այն լակոտն է, որին տեսաք Երկրորդ Հերթի սկզբում, նա հիմա աճել ու զորացել է: Իսկ նմանության խնդիրը, ինչպե՞ս ասեմ, զուգադիպություն չէ կամ էլ մութ պատմություն, այլ պատմական-մարդաբանական օրինաչափություն: (Շրջվում է, դիմում Երիտասարդին, որը, դուրս գալով վարագույրի տակից, մոտեցել է իսկական Տձև Կերպարանքին:) Իսկ դուք, պարոն, այդպես խոժոռ ու թշնամաբար մի նայեք ինձ և հատկապես մի խանդեք ձեր պարկեշտ կնոջը: Դավաճանության խնդիր այստեղ չկա: (Ցույց է տալիս տոպրակը:) Ես ժամանակ չունեի այս գործից զատ ուրիշ բան անելու, ուր մնաց՝ զբաղվեի սիրախաղերով: Մի՞թե դուք չգիտեք, որ հասարակական գործիչներն անձնական կյանք չունեն: Իսկ այս նմանությո՞ւնը… Սա, սիրելիս, կենսաբանական չէ, այլ հասարակական: Հասկանո՞ւմ եք, նա պիտի ինձ նմանվեր ամեն ինչով… հոգեպես ու մարմնապես: Նա իր մոր արգանդում հոգեպես արդեն ինձ էր նման, իսկ մարմնապես նմանվեց ծնվելուց հետո: Հավատացեք, երիտասարդ, նա ձեր հարազատ զավակն է, և հանկարծ խանդի տեսարաններ չսարքեք:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Իսկ ինչո՞ւ է հատկապես ձեզ նմանվել:
ՏՁԵՎ — Իսկ ուրիշ ո՞ւմ պիտի նմանվեր, հարազատ հո՞րը, քե՞զ, հապա մի քեզ նայիր… Ե՛ս եմ ազգային իդեալը, լավ իմացեք, գեղեցիկի բոլոր չափանիշներն այսուհետև ինձ պիտի համապատասխանեն:
Երիտասարդը լուռ հեռանում է: Բոլորը ելել են վարագույրի տակից՝ Մազախռիվ անձից զատ: Նա բացակայում է:
ԿԻՆ — Բայց ինչպե՞ս զանազանենք ձեզ իրարից:
ՏՁԵՎ — Հարցը շատ տեղին է, բայց քանի որ տարբերություն չկա, ապա զանազանելու խնդիրը մեջտեղից վերանում է: Պարզապես պետք եղավ հայրությունը ճշտել, ահա ամբողջը: Հիմա ինքներդ կհամոզվեք:
Երկու Տձև Կերպարանքները կանգնում են իրար կողքի, նրանք մագնիսի պես իրար ձգում են, վերջապես մոտենում-հավասարվում-նույնանում և երկուսով անձնավորվում մեկ հոգու մեջ: Նորից մնում է մեկ Տձև Կերպարանք:
ՏՁԵՎ — Ահա, պարոնայք, իմ հավերժական էությունը հարստացավ մի նոր նրբերանգով, որի համար պարտական եմ ձեզ:
Նորից հնչում է ծանոթ քայլերգը: Դռների մեջ զետեղված շրջանակը լուսավորվում է, տեսնում ենք Մազախռիվ Անձին: Նրա դեմքին ռոմանտիկ հանդիսավորություն կա, հայացքն ուղղված է հեռուներին: Վերջապես գլուխն իջեցնում է, ինչ-որ տեղից դափնեպսակ հանում ու դնում է գլխին: Դիմացն ասես հայելի լինի, որի մեջ նայելով հարմարեցնում է դափնեպսակը: Սակայն դժգոհ է: Վերցնում է փշեպսակը, դնում ճակատին, նախապես մետաղե պաշտպանական գդակը դնելով գլխին, որպեսզի փշերը չծակեն: Սակայն սրանից էլ գոհ չէ: Վերևից իջնում է կրակե լուսապսակը և զետեղվում գլխին: Սրանից էլ գոհ չէ, մանավանդ որ շիկակարմիր լուսապսակը մի քիչ խանձում է նրա խռիվ մազերը: Հանկարծ աներևույթ մի ձեռք նրա գլխին է դնում գեներալական ժանդարմա-ոստիկանական գլխարկը: Մազախռիվ Անձի դեմքը հրճվանքից շողում է, նա միանգամից խրոխտանում է և, մեկ-երկու անգամ կոկորդը մաքրելով, դիմում է «ժողովրդին»:
ՄԱԶԱԽՌԻՎ — Իմ սիրելի եղբայրներ ու քույրեր, մեր Հազվագյուտ Եզակին ինձ հանձնարարել է ձեզ հայտնել հետևյալը: Ինչպես գիտեք, ձեզնից մի քանիսը բուռն ցանկություն էին հայտնել վասն սնունդի խնայողության բոնսայանալ, փոքրանալ, այսպես ասած, կրճատվել: Նրանք այդպիսով ուզում էին օգնել մեզ, որպեսզի մենք կարողանանք հնարավորին չափ շուտ և հարմարավետ ձեզ հասցնել այնտեղ: Մեր Հազվագյուտ Եզակին կտրականապես դեմ էր այդ բարբարոսական միջոցին, սակայն ստիպված լինելով զիջել ձեր թախանձագին խնդրանքներին և հավատարիմ մնալով մեր երկրի ազատասիրական ոգուն՝ թույլ տվեց առայժմ կրճատել կամ բոնսայացնել մեկ ձեռքը կամ ոտքը: Ձեռքը թե ոտքը, աջը թե ձախը՝ դա արդեն թողնում է ձեր հայեցողությանը, քանզի բռնությունն այս պարագայում պարզապես անթույլատրելի է:
Լսվում են հիացմունքի ճիչեր ու աղաղակներ, առանձին արտահայտություններ. «Շնորհակալ ենք», «Օվսաննա՜…», «Հավերժ կեցցե մեր Հազվագյուտ Եզակին», «Ալելույա՜, ալելույա՜…» և այլն: Որոշակիորեն զգացվում է, որ հիացմունքի այս աղաղակները ձայնագրություններ: Սակայն մեր պերսոնաժները, որ սկզբում անտարբեր էին, կամաց-կամաց ոգևորվում ու միանում են այդ ժխորին: Այս ընթացքում ձախ կողմի դուռն անսպասելի բացվում է, ներս է մտնում տարօրինակ մի կերպարանք՝ տրեխներ հագած, ձեռքին ճամփորդի մի մեծ մահակ, քրքված շորերով, ծանր ուսապարկով, ճերմակ բեղ-մորուքով, սակայն երիտասարդ դեմքով: Մի ակնթարթ նայում է մոլեգնած «ամբոխին», հետո մոտենում պատի տակ նստած մարդուն, ցնցում, կռանում, հանում է գլխարկը, նայում է դեմքին ու նորից տեղը դնում: Տարօրինակ Կերպարանքի մուտքն առաջինը նկատում է Երիտասարդը և նրան, հավանաբար, զարմացրել է ոչ թե նոր մարդու հայտնվելը, այլ ձախ դռան բացվելը և հատկապես այդ դռնից մտնելը: Ուստի վախվորած քայլերով մոտենում է ձախ դռանը և նորից փորձում բացել: Ապարդյուն: Ցնցում է, բռնակից քաշում: Ապարդյուն: Հետ է գալիս և զարմացած զննում Տարօրինակ Կերպարանքին: Մյուսները ևս մոտենում են նոր հայտնված պերսոնաժին:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Ո՞վ ես դու և որտեղի՞ց հայտնվեցիր:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — (ցույց տալով ձախ դուռը): Այստեղից:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Չի կարող պատահել, այդ դռնից չեն մտնում, այլ՝ այս: (Ցույց է տալիս աջ դուռը:)
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Իսկ ես չմտա, ես արդեն մտել էի: Ես վերադարձա:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Լսիր, մենք այստեղ բազմաթիվ հոգսեր ունենք, այնպես որ, բարի եղիր մեր ուղեղը չծանրաբեռնել հանելուկներով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Նա իսկապես այդ դռնից մտավ, ես տեսա: (Տարօրինակ Կերպարանքին.) Սակայն, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է նշանակում «վերադարձա»: Դուք այնտեղի՞ց վերադարձաք… Ես ձեզ ճի՞շտ հասկացա:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Գրեթե այնտեղից, ավելի ճիշտ՝ այնտեղ տանող ճանապարհից:
ԿԻՆ — Այսինքն՝ կես ճամփից ետ դարձաք:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Ե՛վ այո, և՛ ոչ:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Դուք դարձյալ հանելուկներով եք խոսում: Պարզ ասեք, ի՞նչը՝ այո, ի՞նչը՝ ոչ:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Ես ետ դարձա մի ճանապարհից, որն, իբր, պիտի տաներ այնտեղ:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Դուք մենա՞կ էիք:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Ոչ, մի մեծ խումբ էր: Մենք երկար, շատ երկար քայլեցինք, սակայն ոչ մի տեղ չհասանք: Խմբի կեսը ճամփին մահացավ:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Իսկ մյուսնե՞րը, ողջ մնացածնե՞րը…
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Մյուսները շարունակում էին իրենց ճամփան և համոզված էին, թե անպայման կհասնեն այնտեղ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ դո՞ւք, դուք համոզված չէի՞ք:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Ես նույնպես համոզված էի, ես ամենահամոզվածն էի: (Մի պահ լռում է:) Խմբի առաջնորդը ես էի, սակայն սկսեցի կասկածել, որ այն ամենը իզուր է, ապարդյուն:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Սպասեք, պարոն… Հստակ ասեք. դուք համոզվեցիք, որ ձեր ընտրած ճամփան այնտեղ չի՞ տանում, թե՞ որ այնտեղն ընդհանրապես… Ինչպե՞ս ասեմ… Չկա, գոյություն չունի:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — (դժվարությամբ արտաբերելով): Թե՛ մեկը, թե՛ մյուսը:
ՏՁԵՎ — Դա բնական է և անխուսափելի: Այդպես էլ պիտի լիներ, քանի որ ձեր խումբը որոշեց գնացքին չսպասել ու ոտքով գնալ: Աստված գիտի, թե ի՛նչ ճամփաներով եք քայլել:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Ոչ, ոչ, մենք ուղեցույցներ և քարտեզներ ունեինք, ճանապարհից երբեք չշեղվեցինք: Մի պահ, գիշերով, նույնիսկ լույսեր տեսանք, հավանաբար, այնտեղի լույսերը, սակայն ցերեկով կորցրինք:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Ուրեմն, ստացվում է, որ մեղավորը դուք եք, չեք համբերել, չեք սպասել ու քայլել եք անծանոթ ճամփաներով: Այո, այդպես էլ պիտի լիներ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հապա ի՞նչ եք անելու, ո՞ւր պիտի գնաք:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊԱՐԱՆՔ — Չգիտեմ: (Մոտենում է պատի տակ նստածին, նույն դիրքով տեղավորվում կողքը, գլուխը դնում ծնկների մեջ:)
Դարձյալ հնչում է ծանոթ քայլերգը, շրջանակը լուսավորվում է: Վարագույրը բացվելուց հետո տեսնում ենք տարօրինակ մի երևույթ. գեներալական մեկ համազգեստից դուրս եկած երկու գլուխ՝ Մազախռիվ Անձը և Առաջնորդը: Ասես երկգլխանի արծիվ լինի:
ՄԱԶԱԽՌԻՎ ԱՆՁ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ — (իրարից խոսք խլելով): Իմ սիրասուն, մեր սիրասուն ժողովուրդ, եղբայրներ ու քույրեր… Թող դավադիրները կասկած չսպրդեցնեն ձեր տառապած ձեր տառապած և ազնիվ հոգիների մեջ: Մենք գիշեր ու զօր մեղվաջանորեն միջոցներ ենք փնտրում հնարավորին չափ շուտ ձեզ հասցնելու այնտեղ, և արդեն ամեն ինչ վճռվեց: Մենք որոշեցինք ձեզ չբոնսայացնել, այսինքն՝ չկրճատել, մենք ձեզ թողնում ենք ձեր բնական չափերի, ձեր աստվածային ու մարդկային մեծության մեջ, և այսօր իսկ, ես կասեմ՝ նույնիսկ այս ժամին, հենց այս պահին դուք կունենաք հրաշալի մի նոր գնացք՝ հատուկ շինված այդ ուղևորության համար: Այդ գնացքը վարելու է մեր լավագույն մեքենավարը, բժշկական հանձնաժողովը հաստատեց, որ նա հրաշալի տեսողություն ունի, անգիր գիտի այդ ճամփան, յուրաքանչյուր մետրը: Սիրելի եղբայրներ ու քույրեր, մենք կատարեցինք մեր խոստումը, ձեզ սպասվում է հաճելի մի ուղևորություն: Սակայն…
Հրճվանքի ճիչեր են թնդում՝ ասես հարյուրհազարանոց ամբոխի մոլեգին հիացմունքի մի աղաղակ: Երկգլխանի արծիվն ինչ-որ բաներ է ասում, սակայն խոսքերը կորչում են աղմուկի մեջ: Վերջապես ամբոխը հանդարտվում է:
ՄԱԶԱԽՌԻՎ ԱՆՁ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴ — (այս անգամ խոսում է միայն վերջինը): Եղբայրներ և քույրեր, հարազատներ իմ… Ես անչափ հուզված եմ… (Արտասվում է, հանում է թաշկինակն ու սրբում աչքերը:) Վերջապես հասավ ժամը… Մենք այսօր, այս պահին, հենց հիմա կարող ենք գնալ այնտեղ… Սակայն, իմ անձնազոհ հայրենակիցներ, նոր առիթ է ստեղծվել ձեր հերոսական նկարագրի բացահայտման համար, և կարծում եմ, որ դուք առիթը չեք փախցնի: Արդ, սիրելի հայրենակիցներ, մեր դարավոր թշնամին այնտեղ տանող հրաշալի ճանապարհը ռմբակոծել է, և մի քանի հսկայական փոսեր են առաջացել: Մենք, ցավոք, բավարար քանակությամբ շինանյութ չունենք, որպեսզի այդ փոսերը վերացնենք, և երկար ժամանակ չենք ունենա, սակայն քաջածանոթ լինելով ձեր անձնվեր նկարագրին, մտածեցի, որ պատշաճ կլիներ նախ առաջարկել ձեզ՝ ձեր մարմիններով լցնել այդ փոսերը:
ՏԱՐԵՑ ՄԱՐԴ — Իսկ հնարավոր չէ՞ այդ փոսերը շրջանցել:
ԱՌԱՋՆՈՐԴ — Սկզբունքի հարց է: Այնտեղի ճամփան սլաքի պես ուղիղ պետք է լինի, ուստի ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն կարևոր հանգամանքի վրա, որ ուրիշ ընտրություն չկա. կա՛մ պիտի պառկեք այդ փոսերի մեջ՝ ապագա սերունդների ճամփան հարթելու համար, կա՛մ հավերժորեն պիտի սպասեք այստեղ: Սակայն նկատի ունեցեք. վաղը, երբ ձեր զավակներն ընթանան այնտեղ տանող ճանապարհով, նրանք երախտագիտությամբ կհիշեն իրենց հայրենասեր ծնողներին: Դե, սիրելի հայրենակիցներ, հառա՛ջ դեպի նոր հերոսություններ:
Բեմը մթնում է: Հնչում է «Մարսելյեզը», որին հաջորդում է «Ինտերնացիոնալը», այնուհետև աշխարհի տարբեր լեզուներով հնչում են հեղափոխական քայլերգեր, մայիսմեկյան և նոյեմբերի յոթի տոնակատարության շքերթների ձայնագրություններ, ամբոխի հիացական աղմուկ և այլն: Հետո միանգամից լռություն է տիրում: Բեմը լուսավորվում է: Մեզ ծանոթ պերսոնաժներն անհետացել են՝ Տձև Կերպարանքից և պատի տակ կծկվածներից զատ: Անհետացել է նաև պատառոտված վարագույրը: Աջ ու ձախ դռներից մտնում են մեկական բեմի բանվոր՝ համազգեստ հագած, ձեռքներին զանազան գործիքներ: Նրանք հանում են շրջանակը և տեղը պատկեր կպցնում՝ լուսապսակով սուրբ, որի դեմքը, սակայն, կտրված-հանված է: Բանվորներից մեկը մոտենում է պատի տակ նստածներից այն մեկին, որն Առաջին Հերթին դեռ կար և, գետնից կտրելով, խրտվիլակի պես դնում է թևի տակ ու տանում: Մյուսը գրավում է պատի տակ առաջին նստածի տեղը: Այնուհետև բանվորներից մեկն ուզում է Տձև Կերպարանքի տոպրակը վերցնել, սակայն վերջինս չի թողնում:
ՏՁԵՎ — Ձեռք չտաս, սա ռեկվիզիտ չէ: Սա ազգային հարստություն է: (Շարունակում է խփշտել:)
Բանվորները, մի վերջին անգամ աչք գցելով կացարանին, դուրս են գալիս: Բեմում մնում են Տձև Կերպարանքը և պատի տակ կծկվածը: Քիչ անց բացվում է աջ կողմի դուռը, մտնում է մեզ ծանոթ Կազմակերպիչը: Ամեն ինչ կարծես նույնն է, սակայն նրա շարժումներն այլևս կտրուկ չեն, դեմքն ավելի խոհեմ է ու ժպտալից: Մոտենում է Տձև Կերպարանքին, ձեռքը տանում տոպրակին, ալյուրանման զանգվածը համտեսում ու զզվանքի արտահայտությունը դեմքին ինչ-որ բան է հարցնում, հետո մոտենում է պատի տակ կծկվածին, կռանում, խոսում, ականջը մոտեցնում բերանին, զարկերակն է ստուգում, հետո կտրուկ ելնում է և, գրպանից հեռախոսը հանելով, ինչ-որ հրահանգներ տալիս: Աջ դռնից անմիջապես երկու սանիտար են մտնում՝ պատգարակով: Նրանք մոտենում են պատի տակ կծկվածին, պառկեցնում պատգարակի վրա ու դուրս տանում: Որոշ դադարից հետո, անսպասելի, անհայտ մի տեղից երկնային երաժշտություն է հնչում, որի ներքո, նույն հերթականությամբ, մուտք են գործում մեզ ծանոթ պերսոնաժները, սակայն նրանք շատ են փոխված: Օրինակ՝ Կինը նորաձև, գեղեցիկ հագնված է, նրա գրկին ծծկեր երեխա կա: Կազմակերպիչը, երեխային տեսնելով, անմիջապես սայլակ է բերում ու երեխային խնամքով պառկեցնում մեջը: Երիտասարդը և Աղջիկը հարսանեկան շքեղ զգեստներով են, իսկ Մազախռիվ Անձն այս առիթով շարունակ շամպայնի շշեր է բացում: Ամեն ինչ տոնական է, հրճվալի, և բոլորը, ներս մտնելուն պես, նետվում են դեպի ձախ դուռը, սակայն Կազմակերպիչը մոտենում է նրանց ու խիստ սիրալիր, ինչ-որ համոզիչ բառեր ասում, հետո նստեցնում՝ չգիտես որտեղից հայտնված հարմարավետ բազմոցների վրա, սուրճ ու խմիչք առաջարկում: Այնուհետև, ներողություն խնդրելու պես խոնարհվում է, ձեռքի ժամացույցին նայում և շտապ դուրս է գալիս աջ դռնից: Դիմացի պատին հայտնվում է օդանավակայանների էլեկտրոնային վահանակը, որի վրա, աշխարհի տարբեր լեզուներով, գրված է ԱՅՆՏԵՂ, և յուրաքանչյուրի մոտ վառվում է մոտակա թռիչքն ազդարարող կանաչ լույսերը: Երկնային երաժշտությանը միացել է օդանավի շարժիչների աղմուկը: Աստիճանաբար մարող երաժշտության ու աղմուկին զուգահեռ, հեռվից, շատ հեռվից, տիեզերքի անհասանելի խորքերից եկող աստղանավորդի ձայնի պես հնչում է մեզ ծանոթ Թևավոր Մարդու ձայնը:
ՁԱՅՆ — Եղբայրներ և քույրեր… Չնայած ես անչափ հեռու եմ ձեզնից, սակայն այստեղից, տիեզերքի անհասանելի խորքերից, հստակ տեսնում եմ ձեզ և ուզում եմ հավատացնել, հուսադրել, որ դուք անպայման կհասնեք ԱՅՆՏԵՂ: Ես, ահա, սկսեցի ավելի արագ սլանալ, ինձ քիչ է մնացել, շատ քիչ, ևս մի քանի համաստեղություն և, ամենայն հավանականությամբ, ես կհասնեմ ԱՅՆՏԵՂ… Մենք բոլորս, անպայման, օրերից մի օր կհանդիպենք ԱՅՆՏԵՂ… Հավատացեք ինձ, եղբայրներ և քույրեր…
Տիեզերական աղմուկը դադարում է: Բեմում երջանիկ, գեղեցիկ մարդկանց մի հավաքույթ է: Լույսն աստիճանաբար մարում է: Կամաց իջնում է վարագույրը: Ահա իջավ և Տձև Կերպարանքի վրա, քսվելով նրան փակեց ներկայացումը, սակայն իջած վարագույրի տակից հայտնվում է Տձև Կերպարանքն՝ իր մշտական տոպրակը ձեռքին:
ՏՁԵՎ — Սպասեք, սպասեք, ինձ այստեղ մի թողեք, ես կյանքից եմ, ես նրանց հետ կապ չունեմ… (Տոպրակն ամուր գրկած՝ մոտենում է ավանսցենին և դահլիճին դիմում:) Նորից աչքներդ չռեցիք ինձ վրա… Գնացե՛ք տուն, չե՞ք հասկանում, ինչ է, ներկայացումն ավարտվեց: Այն դուռը տեսնո՞ւմ եք, այնտեղից պիտի դուրս գաք: Հանկարծ չշփոթեք մյուս դռան հետ… Ձախ դռան հետ… Հա-հա-հա… Դե՛, մինչև նոր հանդիպում… (Ձեռքով ցույց է տալիս վարագույրից անդին:) Այնտեղ… Այո, այո, այնտեղ… Հա-հա-հա… (Հանկարծ ուշքի գալով:) Սպասեք, ինձ այստեղ չթողնեք, ես ձեզ հետ եմ գալիս, ես նրանց հետ սպասելու ցանկություն չունեմ… (Իջնում է բեմից, հանդիսատեսների հետ դահլիճից դուրս գալիս:)

«Դրամատուրգիա» թիվ 1
Հունվար-հունիս, 2000

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։