Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ / ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ, ՋՈՒՐԸ ԳՑԻՐ
Այս թատերգությունը աշխարհի ամենամեծ, ամենահանճարեղ, ամենաիմաստուն ու ամենամարդասեր գրողին՝ Հովհաննես Թումանյանին պաշտելով եմ գրել,
գրել եմ նրա ստեղծագործության մոտիվներով:
Սիրելի ռեժիսոր, սիրելի երաժիշտ ու նկարիչ, սիրելի դերասաններ, ներեք, եթե որևէ բան այնպես չէ: Իսկ եթե բեմադրելու լինեք այս պիեսը, մի կարևոր բան մեկընդմիշտ հիշեք. մեր Հայրենիքից գեղեցիկ երկիր ոչ մի տեղ չկա ու մենք նրա ծառան ենք, նրա տերն ու պաշտպանը…
(Հեքիաթ-պիես երկու գործողությամբ՝
Հովհաննես Թումանյանի «ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ»
հեքիաթի մոտիվներով)*
(Հեքիաթ-պիես երկու գործողությամբ՝
Հովհաննես Թումանյանի «ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ»
հեքիաթի մոտիվներով)
Նվիրվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին
Գործող անձինք
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
ԴԵՐԱՍԱՆ
ՏԻԿՆԻԿՆԵՐ
ՊԻՊՈԶ — ներկայացումը վարող կատակաբան
ՁԿՆՈՐՍ
ՎԱՐԴԱՆՈՒՇ
ՁՈՒԿ — դառնում է ԵՐԻՏԱՍԱՐԴ
ՀՐԵՇ — դառնում է ՄՈՒԿ
ԿՈՎ
Ն Ա Խ Ա Բ Ե Մ
Հնչում է ներկայացման սկիզբն ազդարարող երաժշտությունը: Մեծ ճամպրուկը քարշ տալով, դահլիճ է մտնում Դերասանուհին:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — (հևիհև): Բարև, սիրելի երեխաներ, հարգարժան հանդիսատես: Ուշանալուս համար ներեցեք, խնդրում եմ: Ճամպրուկս շատ-շատ ծանր է: (Ճամպրուկը մի կերպ բարձրացնում է բեմ, դնում հատակին:) Իմ դերասան ընկերոջ ճամպրուկն էլ ծանր է: (Կանչում է:) Շտապի՜ր, պարոն դերասան, շտապիր, երեխաները մեզ են սպասում: Շտապի՜ր…
Սիրելի երեխաներ, տատիկներ ու պապիկներ, մայրիկներ ու հայրիկներ, մենք տիկնիկային թատրոնի դերասաններ ենք, մենք…
ԴԵՐԱՍԱՆ — (մեծ ճամպրուկով բարձրանում է բեմ): Այո՛, այո՜, մենք տիկնիկային թատրոնի դերասաններ ենք, մեր ներկայացման բոլոր անհրաժեշտ իրերը այս ճամպրուկների մեջ են: Մենք շրջում ենք աշխահով մեկ, խելացի, ուշիմ ու աշխատասեր երեխաներին պատմում իմաստուն հեքիաթներ… Ներեցե՛ք, ավելի ստույգ…
Ճամպրուկներից մեկի միջից լսվում է Պիպոզի գոռգոռոցը:
ՊԻՊՈԶ — Խեղդվո՜ւմ եմ… Շնչահեղձ եմ լինո՜ւմ… Շուտ ինձ հանեք այս մութ տեղից… Վա՜յ, վա՜յ-վայվայվա՜յ… Շուտ արեք, քանի շունչս չեմ փչե՜լ… Հանեք, ինձ հանեք այստեղից…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Պարոն դերասան, արագ ճամպրուկդ բաց, Պիպոզը շնչահեղձ է լինում… (Ճամպրուկի վրա կռանալով:) Համբերի՛ր, համբերի՜ր, սիրելի Պիպոզ…
ԴԵՐԱՍԱՆ — (բացում է ճամպրուկը): Պիպո՜զ, սիրելի Պիպո՜զ…
Ճամպրուկից դուրս է թռչում Պիպոզը:
ՊԻՊՈԶ — Լավ է լուսավոր ու տաք դահլիճում ապրել, քան մութ ու խեղդուկ ճամպրուկում… (Հանդիսավոր ու ներշնչված:) Իմ ջերմ ողջույնները ձեզ, թանկագին հանդիսատես: Թույլ տվեք ներկայանալ…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Ես ձեզ կներկայացնեմ, սիրելի Պիպոզ, նեղություն մի քաշեք:
ՊԻՊՈԶ — Շնորհակալություն:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Ծանոթացեք, խնդրում եմ: Մեր թատրոնի տաղանդավոր տիկնիկ-դերասան, կատակաբան Պիպոզ Պիպոզի Պիպոզյան… Ծափահարությո՛ւն…
ՊԻՊՈԶ — (խոնարհվում է աջ ու ձախ): Զգացված եմ… Շնորհակալություն: Սիրելի հանդիսատես, ես ծնվել, մեծացել ու ապրում եմ այս թատրոնում: Ես սքանչելի հեքիաթներ գիտեմ…
ԴԵՐԱՍԱՆ — Սպասի՛ր, սպասիր, Պիպոզ: Մինչև հեքիաթ պատմելը, մենք պետք է բեմը հարդարենք: Խնդրում եմ, օգնիր մեզ:
ՊԻՊՈԶ — Խնդրեմ: Ճամպրուկների միջից հանեք վարագույրները և կախեք ահա, այստեղ…
Դերասանները բացում եմ ճամպրուկները, հանում վարագույրները, հարդարում են բեմը:
ՊԻՊՈԶ — Շնորհակալություն… Սիրելի հանդիսատես, այս հեքիաթը, որ հիմա ձեզ պիտի ներկայացնեն մեր տիկնիկային թատրոնի դերասանները, գրել է հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Ծափահարությո՜ւն… Թանկագին դերասաններ, հեքիաթն սկսելու համար հորդառատ գետ է պետք:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Գե՞տ:
ՊԻՊՈԶ — Այո, այո՛, հորդառատ գետ:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — (դերասանին): Մենք գե՞տ ունենք:
ԴԵՐԱՍԱՆ — Այո, գետը ճամպրուկիդ մեջ է:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Իսկապես, գետն իմ ճամպրուկում է: (Բացում է ճամպրուկը, հանում երկար, կապտագույն շղարշե կտորը:) Խնդրում եմ, բռնիր այս ծայրից ու մի քանի քայլ հեռացիր: (Դերասանը կատարում է նրա հրահանգը:) Շնորհակալություն: Հիմա թափահարի՛ր… Համաչափ, հանգիստ թափահարիր, ահա այսպես:
Կտորը թափահարում են այնպես, որ ալիքներ առաջանան:
ՊԻՊՈԶ — Օ՜, ինչ հորդառատ գետ է: Խնդրում եմ, գետը տեղադրեք բեմում: (Դերասանները կատարում են հրահանգը:) Շնորհակալություն:
ԴԵՐԱՍԱՆ — Էլ ի՞նչ է պետք, Պիպոզ:
ՊԻՊՈԶ — Ձկնորսի տնակ ու նավակ:
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Ձկնորսի նավակն ու տնակը քո ճամպրուկո՞ւմ են:
ԴԵՐԱՍԱՆ — Այո՛, այո՜, իմ ճամպրուկում են: (Ճամպրուկից հանում է տնակն ու նավակը, տեղադրում է գետակի ափին:) Խնդրեմ, տնակն ու նավակը պատրաստ են:
ՊԻՊՈԶ — Շնորհակալություն: Դերասաններ, անցեք բեմ, ներկայացումը սկսում ենք: (Դերասանները վերցնում են ճամպրուկները, անցնում են բեմ:) Շնորհակալություն… Սիրելի հանդիսատես, ծափահարեք դերասաններին, որ ոգևորվեն… Շնորհակալություն… Վառեք բեմի լույսերը… (Վառվում են բեմի լույսերը:) Հնչեցրեք երաժշտությունը… (Հնչում է երաժշտությունը:) Շնորհակալություն… (Երգում է:)
Օ՜, հեքիաթ իմ, հեքիաթ իմ,
Շունչ առ, ապրիր մեր բեմում,
Ու մեր բեմը թող օծվի,
Աստղալույսով հեքիաթի…
Այն, ինչ չկա մեր կյանքում,
Մենք հեքիաթում թող տեսնենք,
Ապրենք խնդության պահեր
Մեր այս հեքիաթ աշխարհում…
Օ՜, հեքիաթ իմ, հեքիաթ իմ,
Իմ հեքիաթի հերոսներ,
Շունչ առեք դուք մեր բեմում,
Մեզ խնդություն պարգևե՜ք…
Թանկագին հանդիսատես, այսօր, այստեղ դուք ձեր աչքերով կտեսնեք, ձեր ականջներով կլսեք, թե ինչպես է ձուկը խոսում: Աշխարհում չտեսնված ու չլսված մի բան, որը միայն ու միայն մեր թատրոնում է տեղի ունենում, մեր գետի մեջ լողացող ձկան հետ: Ծափահարությո՜ւն… (Դեպի կուլիսները:) Դերասաննե՛ր, պատրա՛ստ, ներկայացումը սկսում ենք:
Պիպոզը գնում է:
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Պատկեր առաջին
Հնչում է Ձկնորսի մեղեդին: Գետն ալիքվում է:
Հայտնվում է Ձկնորսի նավակը:
ՁԿՆՈՐՍ — (թիավարում է ու երգում):
Ձկնորսի բախտը թե
հանկարծ բերի,
Ձուկը ջրում չի համբերի,
Կգա, ուռկանը կընկնի բաց,
Ձկնորսը կունենա
պանիր ու հաց:
Ձկնորսի բախտը թե
հանկարծ ժպտա,
Ոսկե ձկնիկն էլ չի համբերի,
Կգա, ուռկանը կընկնի բաց,
Ձկնորսը կունենա շքեղ պալատ,
Դուռ, լուսամուտ ոսկեջրած…
(Ուռկանը ջուրն է գցում ու քաշում): Էս ի՜նչ ծանր է… Երևի ուռկանը լիքը ձուկ է լցվել: Բախտս ժպտում է… Չէ, մենակ չեմ կարող դուրս հանել, Վարդանուշին կանչեմ… Վարդանո՜ւշ… Վարդանո՜ւշ… Հե՜յ, հե՜յ, Վարդանուշ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (հեռվից): Ո՞վ է ինձ կանչում:
ՁԿՆՈՐՍ — Ես եմ, քո ամուսինն եմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Խեղդվո՞ւմ ես:
ՁԿՆՈՐՍ — Չէ, շնչում եմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բա ինչո՞ւ ես ինձ կանչում, որ չես խեղդվում:
ՁԿՆՈՐՍ — Շո՛ւտ, շո՜ւտ արի, բախտներս ժպտում է… Արի, արի, արի՜…
Վազելով գալիս է Վարդանուշը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ժպտացող բախտը ո՞ւր է:
ՁԿՆՈՐՍ — Ուռկանը լիքը ձուկ է լցվել: Օգնի՛ր… Օգնի՛ր, ջրից հանենք…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մի կողմ քաշվիր… Հիմա մի մատով կքաշեմ, դուրս կհանեմ:
ՁԿՆՈՐՍ — Քաշի, քեզ տեսնեմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (քաշում, քաշքշում է): Չէ, շատ-շա՜տ լիքն է:
ՁԿՆՈՐՍ — Բա որ ասո՞ւմ եմ… Բռնի, միասին քաշենք: Բռնեցի՞ր: Ապրես: Հենց ասեմ՝ մեկ, երկու, երեք, հոպլա՜, կքաշես…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Քաշեցինք, ասա:
ՁԿՆՈՐՍ — Մեկ, երկու, երեք, հոպլա՜…
Քաշում-քաշքշում, երկուսով վայր են ընկնում:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — «Հոպլան» լավ չասացիր, դրա համար էլ դուրս չեկավ:
ՁԿՆՈՐՍ — Ես որ հոպլա էի ասում, դու դեռ ծնված չէիր:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հոպլան ես կասեմ: Ես որ ասեմ, դուրս կգա:
ՁԿՆՈՐՍ — Ասա:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բռնեցինք: Քաշեցինք: Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, հոպլա՜…
Քաշում-քաշքշում, ուռկանը ջրից հանում են: Ուռկանից դուրս է թռչում գեղեցիկ մի ձուկ, պոչով խփում է Ձկնորսին, գցում գետնին:
ՁԿՆՈՐՍ — Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ականջս… Վա՜յ, վա՜յ, վա՜յ, գլուխս…
Վարդանուշը հարձակվում է Ձկան վրա: Ձուկը պոչով խփում է Վարդանուշին:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (վայր է ընկնում): Վա՜յ, վա՜յ, վա՜յ, մեջքս, քիթս…
ՁԿՆՈՐՍ — (վեր է կենում): Վարդանուշ, գլուխդ պահի, գլխիդ չզարկի…
Ձուկը պոչով զարկում է Ձկնոսին:
ՁԿՆՈՐՍ — (վայր է ընկնում): Վա՜յ, վա՜յ, վա՜յ… Վարդանուշ, փրկիր…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (զայրացած): Չե՞ս ամաչում, գետինը չե՞ս մտնում, այ Ձո՛ւկ:
Ձուկը պոչով զարկում է Վարդանուշին:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (փռվում է գետնին): Մեռա՜…
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, շնչո՞ւմ ես:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մեռած-մեռած շնչում եմ:
ՁԿՆՈՐՍ — Ի՞նչ անենք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Կացինը բերենք, գլուխը կտրենք:
ՁԿՆՈՐՍ — Չէ, չէ, չէ՛… Մեղք է:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բա ի՞նչ անենք:
ՁԿՆՈՐՍ — Մեզ գցենք վրան, շունչը կտրենք: Ձեռքս բռնի: Երկու, երեք, չորս, հոպլա՜, թռանք…
Իրար ձեռք բռնում, թռչում են Ձկան վրա: Ձուկը թպրտում- թպրտում, հանդարտվում է:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Շունչը փչեց:
ՁԿՆՈՐՍ — Էսքան տարի ձկնորս եմ, էս տեսակ ձուկ առաջին անգամ եմ բռնում:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Շուկայում սրան շատ փո՞ղ կտան:
ՁԿՆՈՐՍ — Հա, շա՜տ փող կտան:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ինձ համար հուլունք կառնես, Նանիս` շալ, Զանիին` շալվար, Վանին` գլխարկ, Գագուլին` կոշիկ, Նանարին` գուլպա, Լալային` քիշմիշ, Գալոյին` բլուզ… Հա, չմոռանաս` յուղ ու բրինձ էլ կառնես…
ՁԿՆՈՐՍ — Գնա, պղինձը դիր կրակին: Յուղն ու բրինձը բերեմ, փլավ ուտենք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Գնամ, օջախը վառեմ, պղինձը դնեմ կրակին: Վաղուց փլավ չենք կերել:
Վարդանուշը գնում է: Ձկնորսը փորձում է Ձկանը շալակել:
ՁՈՒԿ — (արձագանքվող ձայնով): Մարդ ախպե՜ր, մարդ ախպե՜ր… Ախպե՜ր…
ՁԿՆՈՐՍ — (շուրջը նայելով): Ո՞վ է, ո՜վ է ինձ կանչում…
ՁՈՒԿ — Ես եմ, մարդ ախպեր… Ե՜ս…
ՁԿՆՈՐՍ — Սատանա՞ ես, գե՞լ ես, գազա՞ն ես, ո՞վ ես, երևա…
ՁՈՒԿ — Չէ՜, չէ՜, սատանա չեմ, գել չեմ, գազան չեմ… Ես եմ, մարդ ախպեր:
ՁԿՆՈՐՍ — Ձո՞ւկ… Դու ես խոսո՞ւմ… Ականջներիս չեմ հավատում:
ՁՈՒԿ — Ցավն է ինձ ստիպում խոսել: Ցա՜վը:
ՁԿՆՈՐՍ — Ի՞նչ ցավ, այ ձուկ:
ՁՈՒԿ — Մայրս հիմա ինձ է սպասում… Ընկերներս, հայրս ինձ են փնտրում… Ա՜խ, ախ, ախ, ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր, շնչահեղձ եմ լինում, ջո՜ւր…
ՁԿՆՈՐՍ — Հիմա… (Գետակից բռով ջուր է բերում:) Ահա, խմիր, խմիր, ձուկ ախպեր:
ՁՈՒԿ — (ագահաբար խմում է): Շնորհակալ եմ, մարդ ախպեր:
ՁԿՆՈՐՍ — Ձուկ ախպեր, դու էլ մեր նման մայր, հայր, բարեկամներ, ընկերներ ունե՞ս, աշխարհից բան ես հասկանո՞ւմ…
ՁՈՒԿ — Հա, մարդ ախպեր, մայրս հիմա ինձ է սպասում… Ջո՜ւր, ջո՜ւր, շնչահեղձ եմ լինում, ջո՜ւր…
ՁԿՆՈՐՍ — Հիմա, ձուկ ախպեր: (Նորից գետից ջուր է բերում:) Խմիր, խմիր, ձուկ ախպեր:
ՁՈՒԿ — Ինձ ջուրը գցիր, մարդ ախպեր: Մորս շատ եմ կարոտել: Խնդրում եմ, գետը գցիր, գնամ մորս մոտ:
ՁԿՆՈՐՍ — Մայրդ որ իմանա՝ դու էստեղ էսպես տանջվում ես, քեզանից ավելի շատ կտանջվի… Լաց կլինի…
ՁՈՒԿ — Գցիր, գցի՜ր, ինձ ջուրը գցիր, մարդ ախպեր, գնամ մորս մոտ:
ՁԿՆՈՐՍ — Հիմա, հիմա, ձուկ ախպեր: (Ձկանը գցում է գետը:)
ՁՈՒԿ — (գլուխը ջրից դուրս հանելով): Շնորհակալ եմ, մարդ ախպեր, քո լավությունը երբեք չեմ մոռանա:
ՁԿՆՈՐՍ — Գնաս բարով, ձուկ ախպեր… Իմ կողմից մայրիկիդ բարև տար…
ՁՈՒԿ — Շնորհակալ եմ, շատ-շատ շնորհակալ եմ, մարդ ախպեր…
ՁԿՆՈՐՍ — Զգույշ եղիր, հանկարծ նորից ուռկան չընկնես… Գնաս բարո՜վ… Գնաս բարո՜վ… Գնաս բարո՜վ…
Գալիս է Վարդանուշը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Էդ ո՞ւմ ես «գնաս բարով» ասում:
ՁԿՆՈՐՍ — Ձկանը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ո՞ւմ:
ՁԿՆՈՐՍ — Ձկա՜նը…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ո՞ր ձկանը:
ՁԿՆՈՐՍ — Էն, որ պոչով զարկեց գլխիդ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Գժվե՞լ ես:
ՁԿՆՈՐՍ — Ասաց` մայր ունեմ, հայր ունեմ, ընկերներ, հարազատներ ունեմ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ձո՞ւկը:
ՁԿՆՈՐՍ — Հա, հա, խոսում էր… Խոսող ձուկ էր: Մայրը մեղք էր, բաց թողի, գնա իր մոր մոտ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բա փլա՞վը, շորն ու կոշի՞կը, շալվարն ու քիշմի՞շը… Վա՜յ, վա՜յ, անխելք մարդ… Ինձ ջուրն եմ գցում, քեզնից պրծնեմ…
ՁԿՆՈՐՍ — Չգցես, քեզ ջուրը չգցես… Առանց քեզ ես կմեռնեմ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Բաց թող, բաց թո՜ղ… Գցում եմ… Ինձ ջուրն եմ գցում…
Վարդանուշն ու Ձկնորսը քաշքշում են իրար: Հայտնվում է Կովը:
ԿՈՎ — Մմուո՜ւ… Մմուո՜ւ… Մմուո՜ւ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ}- (միասին): Ջա՜ն… Ջա՜ն, ջա՜ն…
ՁԿՆՈՐՍ — Էս ի՞նչ սիրուն կով է…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Երանի մեզ տային: Որ մեզ տան, ինձ գետը չեմ գցի:
ՁԿՆՈՐՍ — Հե՜յ, հե՜յ, կովատեր, արի, կովդ տար…
ՀՐԵՇ — (արձագանքվող ձայնով): Կովը նվիրում եմ ձեզ… Նվիրում եմ ձեզ… ձե՜զ… նվիրում եմ… նվիրում եմ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Շնորհակալ ենք… Շատ շնորհակալ ենք:
ՁԿՆՈՐՍ — Որ հարցնեն՝ ով է նվիրել, ի՞նչ պատասխան տանք:
ՀՐԵՇ — Ասեք` տերը մենք ենք, մենք, մենք, մե՜նք…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Վա՜յ, վա՜յ, Աստված ջան, էս ինչ թարս օր է…
ՀՐԵՇ — Թարս օր չէ, լավ օր է… Կովը նվիրում եմ ձեզ… Նվիրում ե՜մ…
ՁԿՆՈՐՍ — Դու ո՞վ ես:
ՀՐԵՇ — Ե՜ս… ե՜ս… ես եմ…
ՁԿՆՈՐՍ — Ուզում եմ երեսդ տեսնեմ: Ո՞վ ես:
Խորհրդավոր երաժշտություն:
ՀՐԵՇ — (հայտնվում է): Բարի օր ձեզ… Հազար բարով…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (ճչում է): Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ես մեռա՜… Վա՜յ, մամա ջան…
ՁԿՆՈՐՍ — Սարի պես կանգնած, տերևի պես դողում եմ… Չվախենաս, Վարդանուշ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Չեմ վախենում… Չէ՜, չէ՜, չէ, չեմ վախենում…
ՁԿՆՈՐՍ — Ասա` ո՞վ ես… Ո՞վ ես… Չեմ վախենում, չեմ վախենում…
ՀՐԵՇ — Հրեշ Հրեշի Հրեշյանն եմ:
ՁԿՆՈՐՍ — Վայ, քո տունը քանդվի, Հրեշ…
ՀՐԵՇ — Ձեզ լավություն եմ ուզում անել:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Լեղիս ջուր է դարձել…
ՀՐԵՇ — Կովը նվիրում եմ ձեզ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ, ՁԿՆՈՐՍ — (միասին): Ի՞նչ ես անում: Չհասկացանք, նորից ասա:
ՀՐԵՇ — Կովը նվիրում եմ ձեզ:
ՁԿՆՈՐՍ — Հենց էնպես նվիրո՞ւմ ես:
ՀՐԵՇ — Հիմա ո՞վ է հենց էնպես ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրում:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Փոխարենը ի՞նչ ես ուզում, Հրեշ:
ՀՐԵՇ — Երեք տարի կովը ձեզ կաթ կտա: Կարագ, պանիր կունենաք, ուրախ, զվարթ կապրեք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Վա՜յ, էս ինչ լավ հրեշ է… Ապրես, շատ ապրես, Հրեշ ախպեր:
ՁԿՆՈՐՍ — Սպասի՛ր, խելոք կին… Երեք տարի հետո ի՞նչ ես անելու, Հրեշ Հրեշյան:
ՀՐԵՇ — Գալու եմ ձեր տուն, ձեզ հարցեր տամ: Իմ հարցերին որ չպատասխանեք, ձեզ տանելու եմ՝ ինձ ծառա դարձնեմ: Համաձա՞յն եք:
ՁԿՆՈՐՍ — Վարդանո՜ւշ… նո՜ւշ… խոսի՜ր… Վարդանուշ… նուշ-նուշ… փուշ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Լեզուս կապ է ընկել…
ՁԿՆՈՐՍ — Իմ բերանում էլ շունչ չկա… Վարդանուշ… նուշ-նուշ… փուշ…
ՀՐԵՇ — Երկար սպասել չեմ կարող: Ասեք` համաձա՞յն եք:
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, երեք տարի հետո կամ կովը կսատկի, կամ՝ կովի տերը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Համաձայն եմ: Այ մարդ, դու էլ ասա` համաձայն եմ: Կաթ, մածուն, պանիր, կարագ…
ՁԿՆՈՐՍ — Հա, կամ կովը կսատկի, կամ` կովատերը… Համաձայն ենք, համաձայն ենք… Կաթ, կարագ, պանիր…
ՀՐԵՇ — (հռհռում է): Հա՜-հա՜-հաա՜… կաթ, կարագ, պանիր… Մնացեք բարով… Երեք տարի հետո գիշերը կգամ, ձեզ կտանեմ, ծառա կդարձնեմ… Հա, հա՜, հաա՜…
Գնում է:
ԿՈՎ — Մմուուո՜ւ… մմուո՜ւ… մմուուո՜ւ…
ՁԿՆՈՐՍ, ՎԱՐԴԱՆՈՒՇ — (միասին): Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (մոտենում է կովին): Անունդ ի՞նչ է:
ԿՈՎ — Մմուումո՜ւ… Մուուո՜ւուիիի՜…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ի՞նչ:
ՁԿՆՈՐՍ — Մանուշակ ասաց:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մանուշա՞կ է անունդ, Կով ջան:
ԿՈՎ — Մաանննոուուու…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Քեզ վարդի պես կպահեմ, Մանուշակ ջա՜ն… Գնանք, գնանք…
ՁԿՆՈՐՍ — Հո՜, հո՜, հո՜, գնացինք, Մանուշակ ջան…
Ձկնորսը, Վարդանուշը, կովը գնում են:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Պատկեր առաջին
Իրիկնամուտ է: Կովը բառաչում է: Մի խուրձ խոտ շալակին, դույլը ձեռքին գալիս են Ձկնորսն ու Վարդանուշը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (կովի ճակատը շոյելով երգում է).
Կաթ ու կարագ տվող կով ջան,
Յուղ ու պանիր տվող կով ջան,
Մեր սիրելի, մեր քույր կով ջան,
Մեր Մանուշակ, վարդ ու շուշան,
Կաթ ու կարագ տվող կով ջա՜ն…
ՁԿՆՈՐՍ — (պարելով):
Մանուշակ ջան, Մանուշա՜կ,
Մեր հույս, մեր լույս, մեր ճրագ,
Սարից ծաղիկ խոտ եմ բերել,
Պաղ աղբյուրից ջուր եմ բերել
Քեզ համար, որ ուտես-խմես,
Առատ-առատ կաթ տաս մեզ,
Մանուշակ ջան, Մանուշա՜կ,
Մեր հույս, մեր լույս, մեր ճրագ…
Դռան ուժգին թակոցը ընդհատում է նրանց երգը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (ձեռքից դույլը վայր է ընկնում): Ո՞վ էէէէ՜…
ՁԿՆՈՐՍ — (թաքնվում է կովի ետևում): Վարդանուշ, գնա, տես, ո՞վ է:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Եսսս մրսո՜ւմ եմ… Ես… տկար ես… Ես չկամ…
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, երեք տարին ո՞նց անցավ, չիմացանք… Գնա, դուռը բաց: (Դռան թակոցը կրկնվում է:)
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ամենից շատ կարագ դու ես կերել, դու էլ գնա, դուռը բաց:
ՁԿՆՈՐՍ — Կովին տանեմ, մարագում թաքցնեմ… Դուռը դու բաց…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հրեշը եկել է՝ մեզ տանի, իրեն ծառա դարձնի… Վա՜յ, վա՜յ…
Դռան թակոցը կրկնվում է:
ՁԿՆՈՐՍ — Ոոոո՞վվվ էէէէ՜…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (դրսից): Մանուշակ անունով կովի տերերի տունը սա՞ է:
ՁԿՆՈՐՍ — (առաջ գալով): Կովին բա՞ն ունես ասելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուռը բացեք, ներս գամ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Շատ լավ կով է: Կաթը` անուշ, կարագը` համեղ, պանիրը` յուղալի… Երեք տարին չի լրացել… Գնա, կորի…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուռը բացեք:
ՁԿՆՈՐՍ — Մինչև չասես՝ ո՞վ ես, չեմ բացի:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ճամփորդ եմ: Գիշերելու տեղ չունեմ: Գիշերը ձեր տանը կմնամ, լույսը բացվի` կգնամ:
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, հյուր է, հյո՜ւր… Հրեշը չէ: Աչքդ լույս… Հյուր է:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մեր տան դուռը հյուրերի առաջ բաց է: Համեցեք:
ՁԿՆՈՐՍ — (դուռը բացում է): Համեցեք, համեցեք…
Ներս է գալիս Երիտասարդը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ներեցեք, որ նեղություն եմ տալիս:
ՁԿՆՈՐՍ — Չէ, չէ, ի՜նչ նեղություն… Լենություն է, նեղություն չէ… Վարդանուշ, մածուն բեր, կարագ բեր…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Նեղություն մի քաշեք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Պիտի նեղություն քաշենք, որ լավություն անենք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես ձեզանից միայն գիշերելու տեղ եմ խնդրում:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (լաց է լինում): Չենք կարող քեզ գիշերելու տեղ տալ… Չենք կարող… Չենք կարո՜ղ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մահճակալ, անկողի՞ն չունեք, թե՞…
ՁԿՆՈՐՍ — Ամեն ինչ էլ ունենք, բայց չենք կարող քեզ էս գիշեր հյուր ընդունել, չենք կարող…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչո՞ւ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Էս գիշեր երեք տարին լրանում է… Էս գիշեր Հրեշը գալու է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞վ է գալու:
ՁԿՆՈՐՍ — Կով տվողը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ասաց` երեք տարի հետո կգամ:
ՁԿՆՈՐՍ — Ասաց, կգամ` ձեզ հարցեր կտամ: Հարցերիս չպատասխանեք, ձեզ կտանեմ, ինձ ծառա կդարձնեմ…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Վախենում եմ, քեզ էլ տանի, ծառա դարձնի: Գնա, երիտասարդ, մեղք ես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, չեմ գնա, կմնամ ձեզ հետ: Որտեղ դուք, էնտեղ էլ ես:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Դու գիտես, ճամփորդ ախպեր, ուզում ես՝ մնա, ուզում ես` գնա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չեմ գնա: Մնում եմ:
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, ամենալավ, ամենափափուկ անկողինը պատրաստիր մեր հյուրի համար: Բմբուլի բարձը կդնես գլխի տակ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Շնորհակալ եմ… Շատ շնորհակալ…
ՁԿՆՈՐՍ — Գնանք, քնենք, լույսը բացվի, բարին հետը…
Գնում են: Երկնքում առկայծում են աստղերը: Ամպերի մեջ լողում է լուսինը: Գալիս է Պիպոզը:
ՊԻՊՈԶ — (երգում է):
Գիշերն անուշ, զովն անուշ,
Աստղ ու լուսին արթնացել,
Ողջ աշխարհին այս գիշեր,
Բաժանում են երազներ…
Ա՜խ, երազներ, երազնե՜ր,
Խաղաղ, բարի երազներ,
Աստղալույսով օծեցեք
Մեր երազներն այս գիշեր…
Պիպոզը գնում է: Երկինքը բռնկվում է կարմիր բոցով: Հայտնվում է Հրեշը:
ՀՐԵՇ — (արձագանքվող ձայնով): Հաա՜… Խաղաղ է, հանգիստ է, գիշեր է: Քնել են բոլորը… Ես, միայն ես եմ արթուն… Ագահ եմ, անկուշտ եմ, ծակաչք եմ… Ուզում եմ՝ աշխարհի գանձերն իմը լինեն… Ուզում եմ՝ բոլոր մարդիկ իմ ծառաները լինեն… Հե՜յ, Ձկնորս, եկել եմ ձեզ տանելու…
Մոտենում է Ձկնորսի տնակին, թակում դուռը: Դռնից գլուխը դուրս է հանում Վարդանուշը:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Տանը մարդ չկա… Ես էլ տանը չեմ… Կովն էլ տանը չէ…
ՀՐԵՇ — Երեք տարին լրացել է… Հա՜, հա՜, հա՜…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Չեմ վախենում, չեմ վախենում, չեմ վախենում, չեմ վախենում…
Տնից դուրս է թռչում Ձկնորսը:
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ, չվախենաս… Տերևի պես դողում եմ…
ՀՐԵՇ — Պատրա՞ստ եք իմ լավության պատասխանը տալու:
ՁԿՆՈՐՍ — Կո՞վն ես տանելու, թե՞ մեզ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Կովը չենք տա, կովը չենք տա, չենք տա՜…
ՀՐԵՇ — Իմ հարցերին որ պատասխանեք, կովը կմնա ձեզ: Չպատասխանեք, ձեզ կտանեմ, ինձ ծառա կդարձնեմ…
ՁԿՆՈՐՍ — Հարցերը տուր: Վարդանուշ, ես կպատասխանեմ, չվախենաս:
ՀՐԵՇ — Առաջին հարց: Ես եկել եմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Գրողի, ցավի, սատանայի գայիր… Սատկեիր, չգայիր…
ՁԿՆՈՐՍ — Քոռանայիր, չգայիր… Սատկեիր… վառվեիր…
ՀՐԵՇ — Դա պատասխան չէ: Դա անեծք է… Առաջին հարցիս չպատասխանեցիք: Չասացիք՝ ինչու եմ եկել, կամ ինչով եմ եկել…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…
Ձկնորսն ու Վարդանուշը փախչում են:
ՀՐԵՇ — Ո՞ւր եք փախչում: Հարցերիս պատասխանը տվեք, ծառաներ…
Հրեշի դիմաց հայտնում է Երիտասարդը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սպասիր, Հրեշ:
ՀՐԵՇ — Սա ո՞վ է: Սրան էլ ծառա կդարձնեմ… Հե՜յ, ո՞վ ես:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հարցերիդ պատասխան տվողն եմ:
ՀՐԵՇ — Դո՞ւ… Հա՜, հա՜, հա՜… Էդքան խելք քեզ որտեղի՞ց, որ իմ հարցերին պատասխան տաս, այ երիտասարդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Խելքը բնական է, գիտելիքները` ձեռքբերովի:
ՀՐԵՇ — Դե որ էդքան խելոք ես, պատասխանիր իմ հարցերին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պատրաստ եմ, հարցերդ տուր:
ՀՐԵՇ — Առաջին հարց: Ես եկել եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես էլ եմ եկել:
ՀՐԵՇ — Որտեղի՞ց ես եկել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ծովի ափից:
ՀՐԵՇ — Ինչո՞վ ես եկել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կաղ մոծակը թամբել, վրան նստել, եկել եմ:
ՀՐԵՇ — Ի՞նչ, ի՜նչ ես արել: Մոծակին ի՞նչ ես արել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մոծակին թամբել, վրան նստել, եկել եմ:
ՀՐԵՇ — Կաղ մոծա՞կը: Մոծա՞կը… Կա՜ղ… Կա՜ղ… Մոծա՜կը…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո, կաղ մոծակը թամբել, վրան նստել, եկել եմ:
ՀՐԵՇ — Ուրեմն էդ ծովը պստիկ է եղե՞լ: Այ, էսքան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ՜, չէ՛, պստիկ չէ: Մեծ, շատ մեծ ծով է: Արծիվը մի ծայրից մյուսը չի կարող թռչել:
ՀՐԵՇ — Հի՜, հի՜, հի՜, էդ արծիվը ճո՞ւտ է եղել, ճուտ է եղե՜լ: Պստիկ ճուտիկ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, մեծ, շատ մեծ արծիվ է: Թևերի ստվերը քաղաք է ծածկում:
ՀՐԵՇ — Էդ քաղաքը եղունգիս չափ փո՞քր է: Հա, փո՞քր է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, մեծ, շատ մեծ քաղաք է: Նապաստակը մի ծայրից մյուսը չի կարող վազելով անցնել:
ՀՐԵՇ — Նապաստա՞կը… Էդ նապաստակը փոքր, շատ փոքր ձագ է եղել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, մեծ, շատ մեծ նապաստակ է, մորթուց մի մարդու մուշտակ կարեցին ու չորս զույգ կոշիկ:
ՀՐԵՇ — Էդ մարդը թզո՞ւկ էր: Հա, թզո՞ւկ էր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, հսկա էր: Ծնկին թառած աքլորը որ ծուղրուղու էր կանչում, իր ականջներին ձայնը չէր հասնում:
ՀՐԵՇ — Հի՜, հի՜, հի՜… Էդ մարդը խո՞ւլ էր, խուլ էր, խո՜ւլ էր…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, կատարյալ լսողություն ուներ: Պախրան սարում խոտ էր ուտում, ինքը լսում էր, թե ինչպես է պախրան խոտը պոկում:
ՀՐԵՇ — Վա՜յ, վա՜յ, վա՜յ… Գլուխս պտտվում է… Ձկնորսին կանչիր: Ձկնորսը թող պատասխանները տա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հարցերդ տուր: Ես եմ քո բոլոր հարցերի պատասխանները տալու:
ՀՐԵՇ — Վա՜յ, մամա ջան, գլուխս դատարկվել է… Սիրտս թփթփում է…
ՁԿՆՈՐՍ — Վարդանուշ: Հրեշներն էլ մամա՞ ունեն:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հրեշի մաման էլ հրեշ պիտի լինի:
ՀՐԵՇ — Վա՜յ, վա՜յ, գլուխս իմը չէ… Աչքերս մթնում են:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հարցեր տո՛ւր, Հրեշ… Սպասում եմ:
ՀՐԵՇ — Մտածում եմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դու մտածիր, իսկ ես գնամ:
ՀՐԵՇ — Ո՞ւր, ո՜ւր ես գնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Էն քաղաքը, որ եղունգիս չափ է:
ՀՐԵՇ — Ինչո՞վ ես գնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կաղ մոծակը թամբում եմ, հեծնում, գնում:
ՀՐԵՇ — Կաղ մոծակը թամբում է, հեծնում է… Վա՜յ, վա՜յ, աչքերս շաշանում են, սիրտս դմբդմբում է… Մոծա՜կ, մուշտա՜կ, նապաստա՜կ… Ես փախա՜… Հեծնեմ մոծակին, փախչեմ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հե՜յ, հե՜յ, Հրեշ, ո՞ւր, ո՜ւր ես գնում:
ՀՐԵՇ — Գնում են էն քաղաքը, որ եղունգիս չափ է… Եղունգի՜ս…
ՎԱՐԴԱՆՈՒՇ — (առաջ գալով): Գնալդ լինի, գալդ չլինի, անկուշտ Հրեշ: (Ցավախելով հարձակվում է Հրեշի վրա:) Չեմ վախենում, չեմ վախենում, չեմ վախենում, չեմ վախենում…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հանգստացեք, խաղաղվեք, բարեկամներս:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Չեմ հանգստանա, մինչև ցախավելով չխփեմ Հրեշի դատարկ գլխին:
ՀՐԵՇ — Չխփես, չխփես, չխփես… (Ճոճվում է ու տապալվում գետնին:)
ՁԿՆՈՐՍ — Թողե՛ք, թողե՜ք պատառ- պատառ անեմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Չմոտենաս, կարող է վնաս տալ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բարեկամներս, հանգստացեք, խաղաղվեք:
Հրեշի ընկած տեղից ծուխ է ելնում:
ՁԿՆՈՐՍ — Հրեշը վառվե՞ց, մոխրացա՞վ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Չէ, չէ, մուկ դարձավ: Սև մո՛ւկ:
ՁԿՆՈՐՍ — Գնամ, մեր կատվին բերեմ, թող ուտի:
ՄՈՒԿ — Չէ, չէչէ՜… չէչէ՜… չէէէ՜… Ես կատուներից վախենում եմ… Չէ՜, չէ՜, կատու չբերեք… Օգնեցե՜ք, օգնեցե՜ք… (Փախչում է այս ու այն կողմ:)
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մեր կատուն էս մկանը որ ուտի՝ կսատկի: Չբերես, կատվին չբերես:
ՁԿՆՈՐՍ — Ցախավելով, ցախավելով խփիր գլխին:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հա, ճիշտ ես ասում, ցախավելով սատկացնեմ…
Վարդանուշը ցախավելով խփում է: Մուկը փախչում է:
ՁԿՆՈՐՍ — Չարը խափանվեց:
Կովը բառաչում է:
ՎԱՐԴԱՆՈՒՇ, ՁԿՆՈՐՍ — (միասին): Ջա՜ն, ջա՜ն, Մանուշակ ջա՜ն…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բարեկամներս, մնացեք բարով:
ՁԿՆՈՐՍ — Կովը կմնա՞ մեզ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Հրեշը չկա՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այլևս ոչ մի հրեշ ձեզ չի անհանգստացնի: Մնացեք բարով:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Գոնե անունդ ասա, որ օրհնենք քեզ, բարի երիտասարդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուք ինձ ճանաչում եք:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Ես քեզ առաջին անգամ եմ տեսնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ուշադիր նայեք:
ՁԿՆՈՐՍ — Ես էլ եմ առաջին անգամ տեսնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուք ինձ տեսել եք:
ՁԿՆՈՐՍ — Ե՞րբ, որտե՞ղ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ձեր գետի ափին:
ՁԿՆՈՐՍ — Մեր գետի ափի՞ն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Այո: Գետի ափին: Խոսող ձկանը չե՞ս հիշում:
ՁԿՆՈՐՍ — Ո՞նց չեմ հիշում: Մինչև հիմա ձայնը ականջումս է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես խոսող ձուկն եմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Վա՜յ, քո ցավը տանեմ, Ձուկ ախպեր: Ես էլ ասում եմ, որտեղ եմ տեսել: Սպասի՛ր, սպասի՜ր, մածուն բերեմ, կարագ բերեմ, պանիր բերեմ… Վա՜յ, ես քո ցավը տանեմ, Ձուկ ախպեր:
ՁԿՆՈՐՍ — Էն ո՞նց էիր գլխիս խփում…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ցամաքում երկար մնալ չեմ կարող: Մնացեք բարով:
Իրեն գցում է գետը:
ՁԿՆՈՐՍ — Ձուկ ախպեր, սպասիր, մի բան էլ եմ ուզում ասել:
Ձուկը գլուխը ջրից դուրս է հանում:
ՁՈՒԿ — Լսում եմ:
ՎԱՐԴԱՆՈՒՇ — Մայրիկիդ մեր կողմից բարև տար:
ՁՈՒԿ — Շնորհակալ եմ:
ՁԿՆՈՐՍ — Ձուկ ախպեր, էս ո՞նց եղավ, որ դու մեզ օգնության հասար:
ՁՈՒԿ — Լավություն արա, ջուրը գցիր: Լավությունն ու բարությունը երբեք չեն մոռացվում:
ՁԿՆՈՐՍ — Հա՜, հա՜, ճիշտ ես ասում: Վարդանուշ, Ձուկ ախպերը շատ-շատ ճիշտ է ասում` լավություն արա, ջուրը գցիր, մի օր անպայման պատասխանը կստանաս…
ՁՈՒԿ — Մնացեք բարով…
ՎԱՐԴԱՆՈՒՇ} — (միասին): Գնաս բարով, Ձուկ ախպեր… Գնաս բարով…
Հնչում է երաժշտությունը: Ձկնորսն ու Վարդանուշը երգում են:
Մի վախեցեք հրեշներից,
Չար մարդկանցից,
կախարդներից,
Միշտ բարություն արեք դուք,
Ու բարության հզոր ուժով,
Դուք չարերին կհաղթեք…
Լավ իմացեք, կյանքում երբեք,
Լավը, բարին չեն կորչում,
Ապրում են շատ, երկա՜ր-երկա՜ր,
Ազնիվ մարդկանց սրտերում…
Լավ եղեք միշտ ու լավություն
Միշտ արեք, երբեք-երբեք
Չմտածեք,
որ իզուր եք այն արել…
Վ Ե Ր Ջ Ե Ր Գ
Գալիս է Պիպոզը, հայտնվում են նաև Դերասանուհին ու Դերասանը:
ՊԻՊՈԶ — Այո, այո, սիրելի հանդիսատես, լավությունն ու բարությունը երբեք ու երբեք չեն մոռացվում… Շնորհակալություն դերասաններին, մեր տիկնիկներին և բոլոր նրանց, ովքեր ձեզ համար ստեղծել են այս ներկայացումը… Ուշադիր եղեք ձեր շրջապատի, ծառերի, ծաղիկների, կենդանիների նկատմամբ, ո՞վ գիտե, գուցե նրանք էլ մի օր ձեզ հետ կխոսեն…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Շնորհակալություն նաև քեզ, սիրելի Պիպոզ: Թանկագին երեխաներ, ծափահարեք Պիպոզին… Շնորհակալություն…
ՊԻՊՈԶ — Մեր ներկայացումը ավարտվեց: Դերասաններ, մեզ սպասում են, մենք ուրիշ քաղաքում ներկայացում ունենք… Գնացինք…
Դերասանուհին, Դերասանը, Պիպոզը երգում են:
Մենք ձեզ համար խաղացինք,
Ոսկեբառիկ մի հեքիաթ,
Որ գրել է հանճարեղ,
Թումանյանը Հովհաննես,
Որ դուք բարի լինեք միշտ,
Ու լավություն միշտ անեք…
Մնաք բարով, երեխաներ ու
մեծեր,
Մաղթում ենք ձեզ նոր
հանդիպում,
Մեր թատրոնի ու մեզ հետ…
Մարում են բեմի լույսերը: Դերասանները վերցնում են ճամպրուկները, գնում են կուլիսները:
Այս թատերգությունը աշխարհի ամենամեծ, ամենահանճարեղ, ամենաիմաստուն ու ամենամարդասեր գրողին՝ Հովհաննես Թումանյանին պաշտելով եմ գրել,
գրել եմ նրա ստեղծագործության մոտիվներով:
Սիրելի ռեժիսոր, սիրելի երաժիշտ ու նկարիչ, սիրելի դերասաններ, ներեք, եթե որևէ բան այնպես չէ: Իսկ եթե բեմադրելու լինեք այս պիեսը, մի կարևոր բան մեկընդմիշտ հիշեք. մեր Հայրենիքից գեղեցիկ երկիր ոչ մի տեղ չկա ու մենք նրա ծառան ենք, նրա տերն ու պաշտպանը…