ՄՈՌԱՑՎԱԾ ՕՐԸ ԿԱՄ ԽԱՂ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Պիեսը գրվել է 1998 թվականին, տպագրվել է ՛՛Դրամատուրգիայի՛՛ 1-ին համարում /հունվար-հունիս 2000 թ./:
ԱՅՍ ԽԱՂՆ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ…
…Ինչն ամենևին չի նախանշում այդ խաղին չանդրադառնալու պարտադրանքը: Ընդհակառակը:
Իշխանությունն այնքան գայթակղիչ չէ, որքան նրա շուրջ ծավալվող իրարանցումը: Իսկ գուցե ընդհակառա՞կը…
Ի՞նչ գիտեմ ՛՛վերևում՛՛ գտնվողի մասին, ով, չկասկածելով անգամ իմ գոյության մասին, գուցե հենց այս պահին տնօրինում է իմ ճակատագիրը: Իմ կամ ինձ հարազատ, գուցե և՝ անծանոթ մարդկանց ճակատագրերը: Նա չի էլ կասկածում իմ գոյության մասին, իսկ ե՞ս… Եվ իմ վերաբերմունքը /այս պահին վերաբերմունքի որակի ճշտումն անկարևոր է/ չի՞ կանխորոշում նրա՝ ինչպիսին լինելը…
Չշարունակեմ, որովհետև նման հարցերը սովորաբար ավարտ չեն ունենում: Պարզապես պիեսն սկսեցի մի տրամադրվածությամբ, ավարտին այն բևեռայնորեն հակառակն էր /տրամադրվածությանս որակի ճշտումն էլ անկարևոր է, բայց ոչ՝ միայն այս պահին/:
Իսկ խաղի վերջնական հաշիվը գուցե որոշվի խաղի վերջնական ավարտից հետո:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Գործող անձինք
Քաղաքի Տիրակալ
1-ին դիմակ — Գաղտնի խորհրդական
2-րդ դիմակ – Քարտուղար
Քաղաքի Ճարտարապետ
Քաղաքի Պատմիչ
Քաղաքի Բանաստեղծ
Սևազգեստ Կին
Աղջիկ
Տղա
Հաղորդավարի ձայնը
Նախաբեմի երկու անկյուններում փռվել են դիմակավոր երկուսը: Մեկը շուռումուռ է տալիս խաղաթղթերի կապուկը, մյուսը կիսափակ աչքերով հետևում է նրան:
1-ին դիմակ — Այսօր շատ պարապ եմ:
2-րդ դիմակ — Պարապ ես այնքան, ինչպես միշտ:
1-ին դիմակ — Չէ, այսօր ուրիշ է: Այսօրվանի մեջ սպասում կա:
2-րդ դիմակ — Մոտալուտ ճաշի սպասումն է երևի:
1-ին դիմակ — Այսօր այնքան պարապ եմ, որ խղճուկ խայթոցդ պատասխանի չի արժանանա:
2-րդ դիմակ — Պատասխան պիտի՛ ունենաս:
1-ին դիմակ – Ձե՛նդ: Ես մտածել եմ ուզում:
2-րդ դիմակ – Բրա՛վո: Վաղուց նման տեսարանի ներկա չեմ եղել:
1-ին դիմակ — (ցույց տալով կապուկը): Այստեղ մի ամբողջ քաղաք է, ամեն բնակիչ իր խաղաթուղթն ունի, և ամեն մեկի խաղը կանխորոշված է: Բայց… Տես: (Խառնում է կապուկը: ) Ինչպես էլ խառնեմ, հանված խաղաթուղթը միշտ նույնը կլինի:
2-րդ դիմակ — Ուզում ես ասել` խաղի ավարտն է՞լ է կանխորոշված:
1-ին դիմակ — Միայն միամիտների համար: Կամ էլ` իմաստունների: Չէ՞ որ կեղծ խաղաթուղթը ինձ մոտ է:
2-րդ դիմակ — Հոգնել եմ քո խաղերից:
1-ին դիմակ — Շուտ չէ՞, խաղը դեռ չի սկսվել: Իսկ սպասումի տաք շնչառությունն արդեն մոտերքում է: Աչքդ չթարթած` այստեղ կլինի:
2-րդ դիմակ — Աչքս թարթեցի: Արդեն այստեղ է:
1-ին դիմակ — Ուրեմն վարագույրը բացելու ճիշտ ժամանակն է:
2-րդ դիմակ — Իսկ եթե պարապությունդ ձանձրանա ու չքվի՞… Արի գնանք գարեջուր խմենք:
1-ին դիմակ — Ուշ է: Քաղաքի Տիրակալն արդեն վարակվել է իմ պարապության վիրուսով: Եվ արդեն սկսվել է այս պատմության առաջին պատկերը:
Երկու կողմից վարագույրը բացելով հեռանում են:
Տեսարան. Կիսախավար դահլիճի կենտրոնում, գահին,
աչքերը փակ նստած է Տիրակալը: Ինքն իրեն միանում է ռադիոն:
Հաղորդավարի ձայնը — Քաղաքն ապրում է իր օրով: Օրը նույնն է, ինչ երեկ ու հարյուր օր առաջ: Եղանակն անփոփոխ է: Կյանքը…
Վերջին բառի վրա Տիրակալը բացում է մի աչքն ու սևեռում ռադիոյին,
այն ճայթյունով լռում է: Փակում է աչքը, անշարժանում է:
Գալիս Քարտուղարը:
ՏԻՐԱԿԱԼ — (աչքերը փակ): Ի՞նչ կա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (շուտասելուկով): Ամեն ինչ այնպես է, ինչպես միշտ: Օրը նույնն է, ինչ երեկ ու հարյուր օր առաջ: Եղանակն անփոփոխ է: Կյանքը…
ՏԻՐԱԿԱԼ — Արդեն լսել եմ: Դու նորություն ասա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Չը-կա՛:
ՏԻՐԱԿԱԼ — Այսօ՞ր էլ չկա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինչպես միշտ, ինչպես երեկ ու հարյուր օր առաջ:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչո՞ւ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (անակնկալի եկած): Չգիտեմ:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչո՞ւ չգիտես:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Որովհետև դուք բավարարվել եք ամենօրյա ծիսակարգով: Հարցրել եք ՛՛Այսօ՞ր էլ չկա՛՛: Պատասխանել եմ` ՛՛Ինչպես միշտ, ինչպես երեկ ու հարյուր օր առաջ՛՛: Այսքանը:
ՏԻՐԱԿԱԼ — Ուրեմն, նոր հարցիս պատասխանել չես կարող:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Շատ կուզենայի, բայց չգիտեմ, ձեզ ինչ պատասխան է պետք:
ՏԻՐԱԿԱԼ — (բացում է աչքերը): Ինչո՞ւ չգիտես:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (անսպասելիությունից ծնկի է իջնում): Երբեք բաց աչքերով չեք խոսել ինձ հետ: Ես… (Լացակումած: ) Ես այսպես չեմ կարող…
ՏԻՐԱԿԱԼ — Քեզ ի՞նչ պատահեց:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ի՞նչ իմանամ: Երևի ինչ-որ բան գցեցի հատակին ու հիմա փնտրում եմ: (Հույսով: ) Հա՞, փնտրո՞ւմ եմ:
ՏԻՐԱԿԱԼ — Ոչ: Ոտքերդ թուլացան: Վախից:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Վախից…
ՏԻՐԱԿԱԼ — Վախդ թող հատակին ու ոտքի ել: Դե…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (մի կերպ բարձրանում է): Գնա՞մ:
ՏԻՐԱԿԱԼ — Ո՞ւր:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Չգիտեմ: Պարզապես այստեղից գնամ:
ՏԻՐԱԿԱԼ — Իսկ հարցս պիտի մնա անպատասխա՞ն:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ինչո՞ւ: Հաստիքով խորհրդական ունենք, այն էլ` Գաղտնի խորհրդական: Կանոնավոր գալիս է աշխատանքի ու սպասում ձեր կանչին: (Մաղձով: ) Ես վաղուց հույսս կտրած կլինեի, որ երբևէ խորհրդի կարիք կունենաք, իսկ նա…
ՏԻՐԱԿԱԼ — Հիմա հասկացա՞ր, ինչու նա Գաղտնի խորհրդական է, իսկ դու` Քարտուղար:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ինքն իրեն): Թե ո՜րն է դրանց տարբերությունը… (Բարձր: ) Կանչե՞մ:
ՏԻՐԱԿԱԼ — Սատանային էլ կկանչես, միայն այստեղից պրծնես: Դե լավ, բեր քո խորհրդականին:
Քարտուղարը դուրս է վազում:
Տեսարան. Տիրակալ, Գաղտնի խորհրդական:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (մտնում է` թևի տակ թղթապանակ): Վաղուց խորհուրդներս պահանջարկ չունեն:
ՏԻՐԱԿԱԼ — Դա լա՞վ է, թե՞ վատ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ես ընդհանրապես չեմ հասկանում լավի ու վատի տարբերությունը: Ինձ համար լավը վատ է, վատը լավ է: Կամ հակառակը:
ՏԻՐԱԿԱԼ – Ինչո՞ւ եմ քեզ կանչել:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Վերջին անգամ ինձ կանչել է ձեր նախորդը: Հանկարծամահ լինելուց մեկ օր առաջ:
ՏԻՐԱԿԱԼ — Ինձ է՞լ է մեկ օր մնացել:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Դեռ ոչ: Ամեն Տիրակալ գոնե յոթ անգամ իմ խորհրդի կարիքն զգում է: Սա ձեր առաջին կանչն է:
ՏԻՐԱԿԱԼ — Դեռ ժամանակ ունեմ: (Մեկուսի: ) Թե ի՜նչ եմ անելու այդ ժամանակի հետ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Այդ հիմա եք ասում, երբ նոր է սկսվում ձեր վեճը ժամանակի հետ: Շատ շուտով կզգաք, թե ինչ արագությամբ է ժամանակը սահում ձեր միջով:
ՏԻՐԱԿԱԼ — Հարցիս չպատասխանեցիր:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ինչո՞ւ եք կանչել… Որովհետև այսօր շատ պարապ եք: Իսկ քաղաքում նորություն չկա, որովհետև այդ նորությունը դուք պիտի ստեղծեք:
ՏԻՐԱԿԱԼ — Չէի կարծում, որ դա իմ գործն է:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (հեգնանքով): Իսկ մինչև հիմա ի՞նչ գործ էիք անում:
ՏԻՐԱԿԱԼ — Մոռանում ես, ում հետ ես խոսում:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Պարզապես խոսքիս տոնը կստիպի, որ դուրս գաք ընդարմացումից: Ի՜նչ զոհողություններով հասաք այստեղ, բայց հասնելուց հետո շատ արագ տրվեցիք համակերպության թմբիրին: Մինչդեռ իսկական պայքարը նոր է սկսվում:
ՏԻՐԱԿԱԼ — Խելացի ես խոսում, բայց մի մոռանա` ում հետ ես խոսում:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Գտեք պարապությունը լցնելու միակ միջոցը: Հակառակ դեպքում խոսքս ավելի անտանելի կդառնա:
ՏԻՐԱԿԱԼ – Այդպե՜ս… Իմ թիկունքում ինչ-որ բա՞ն է կատարվում: Երեկվա համախոհներս այսօր դժգոհների բանակո՞ւմ են հայտնվել: Դու իրավացի ես, կորցրել եմ աչալրջությունս, իսկ ժամանակը… Արդեն զգում եմ նրա տաք շունչը: (Մոտենում է ռադիոյին` այն միանում է: )
Հաղորդավարի ձայնը — Քաղաքն ապրում է իր օրով: Օրը նույնն է, ինչ երեկ ու հարյուր օր առաջ: Եղանակն անփոփոխ է: Կյանքը…
Տիրակալը հայացքով անջատում է ռադիոն ու քարանում:
Քիչ անց, երբ շարժվում է, այլևս նոր մարդ է:
Հանդիսատեսը նույնիսկ պիտի կասկածի` քիչ առաջվա դերասա՞նն է:
ՏԻՐԱԿԱԼ — (նստելով գահին): Կանչիր Քարտուղարին:
Գաղտնի խորհրդականը նայում է դռանը:
Ներս է սահում Քարտուղարը` ձեռքին խաղաթղթի կապուկը:
ՏԻՐԱԿԱԼ — Քանի՞ հատ է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ – 365, այս տարվա օրերի չափ:
ՏԻՐԱԿԱԼ — Տուր: (Խառնում է կապուկը, դուրս քաշում մեկը: ) Քարտուղար, գրիր հրաման: Քաղաքի բնակիչների բարօրությամբ ու խաղաղությամբ մտահոգ` հրամայում եմ. օրացույցներից պոկել ու մոռացության ենթարկել տարվա մեկ օր: Մեկ օրվա կորուստն անհամեմատ փոքր է այն աղետից, որ կարող է հասցնել մեզ այդ օրը: Որպես մոռացության ենթակա օր նշում եմ… (Մեկնում է կապուկից պատահական դուրս քաշած խաղաթուղթը: ) Կգրես այս օրը: Ամսաթիվ, կնիք: Տուր բազմացնելու: Ժամկետը` մինչև գիշեր: Հետգրություն ավելացրու. ՛՛Ովքեր դեմ են հրամանին, անձամբ ներկայանան ինձ: Համոզված եմ, որ կլոր սեղանի շուրջ կհասնենք համաձայնության՛՛: (Այլ տոնով: ) Ի՞նչ կասեք:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ներս գալուց առաջ որոշեցի 365 խաղաթուղթ վերցնել: Թեև յոթ խաղաթղթի կապուկն էլ վատ տարբերակ չէր լինի:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Վատ կամ լավ, ի՞նչ տարբերություն: Կարևորը խաղը մինչև վերջ տանելն է:
ՏԻՐԱԿԱԼ – Ուզում եք ասել, որ զարմացած չեք:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Զարմացած, զայրացած, ուրախ, տխուր… սրանց տարբերությունն էլ չեմ հասկանում:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Էլի՞ սկսեցիր:
ՏԻՐԱԿԱԼ — (Քարտուղարին): Դու հրամանը տարածիր:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Հրամանը վաղուց հայտնի է բոլորին:
ՏԻՐԱԿԱԼ — Ե՞րբ հասցրիք:
Քարտուղարն ու Գաղտնի խորհրդականը,
երկիմաստ խնդմնդալով, ետ—ետ են գնում:
ՏԻՐԱԿԱԼ — Հիմա ի՞նչ եմ անելու:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ոչինչ: Թափանիվն առաջին պտույտն է անում: Մի քանի պտույտ, ու կսկսվի՜…
ՔԱՐՏՈՒՂԱՐ – Միայն հիշեք, որ խաղի ավարտին մեկը պարտվում է, բայց միշտ չէ, որ մյուսը պիտի հաղթի: Կարևորը կեղծված խաղաթուղթը գտնելն ու ոչնչացնելն է:
ՏԻՐԱԿԱԼ — Այդ ո՞ւր…
Երկուսով — Գնանք նախապատրաստելու հաջորդ պատկերը:(Գնում են: )
ՏԻՐԱԿԱԼ — (մոտենում է հայելուն, խոսում ինքն իր հետ): Քարտուղարը եկավ 365 խաղաթուղթ պատրաստ պահած, այսինքն… Նա՛ ինձ ստիպեց այդ վճիռն ընդունել: Ուրեմն` ի՞նչ… Հրամանը համարել անվավե՞ր: Ի՞նչ պատճառաբանությամբ… Քաղաքի Տիրակալին ստիպե՜լ են: Դրանից հետո հաջորդ հրամանը պիտի լինի հրաժարականիս մասին: (Քմծիծաղով: ) Բայց ի՜նչ ապուշ հրաման` մոռանալ տարվա մեկ օրը: Ա՛յ թե կհռհռայի, եթե այդ հրամանի հեղինակը ուրիշը լիներ:
Միանում է ռադիոն:
Հաղորդավարի ձայնը — Քաղաքի Տիրակալի հրամանը ոգևորությամբ են ընդունել բոլորը: Թեև կարծիքները տարբեր են, եզրակացությունը մեկն է` մոռացված օրը նոր հաջողություններ ու բարեկեցություն կբերի քաղաքին: Լսենք մասնագետի կարծիքը:
Ձայն — (լսվում է փսփսոց` ՛՛“Ախր, ինչի՞ մասին խոսեմ՛՛… կարճ դադարից հետո): Մի քանի ամիս է` մեր աստղադիտարանի գիտնականները լարված հետևում են աստղային զանգվածին, որը, մեր կարծիքով, պիտի հասնի կրիտիկական պայթյունի այն օրը, որը մեր իմաստուն Տիրակալի հրամանով ենթակա է մոռացման: Դա միակ ու ճիշտ քայլն է, որովհետև միայն այդ կերպ կարելի է կանխել աղետը: Քանի որ արդեն չկա այդ օրը, ուրեմն և չի լինի աղետը: (Այլ տոնով: ) Ասելիքս ավարտեցի, գնա՞մ:
Հաղորդավարի շփոթահար ձայնը – Ըըը… Դուք լսեցիք մասնագետի կարծիքը: Իսկ այժմ… Տիրակալը շրջվում է, ռադիոն լռում է: Սկսում է անզուսպ ծիծաղել:
Տեսարան. Տիրակալ, Քարտուղար:
ՏԻՐԱԿԱԼ – Հիմա՞ ինչ կա:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Քաղաքը ոգևորությամբ է ընդունել…
ՏԻՐԱԿԱԼ — Կարող ես չշարունակել: Նորություն կա՞:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Այսուհետև դուք նորության պակաս չեք զգա: Ընդունարանում քաղաքի Ճարտարապետն է:
ՏԻՐԱԿԱԼ — Դժգո՞հ է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Կատաղած է:
ՏԻՐԱԿԱԼ — Կանչիր: (Նստում է գահավորակին, փակում աչքերը: )
Տեսարան. Տիրակալ, Ճարտարապետ:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — (սրընթաց մտնում է): Սա չլսված բան է: Դուք ուզում եք մոռանալ քաղաքի հիմնադրման օրը: Անհաշիվ տարիներ քաղաքն ունեցել է ծննդյան օր, ու հանկարծ մի հրամանով այն չեղյա՞լ է հայտարարվում: Որպես քաղաքի ճարտարապետ և ազնիվ քաղաքացի… (Նոր նկատելով, որ Տիրակալը քնած է, շփոթված կոկորդն է մաքրում: )
ՏԻՐԱԿԱԼ — (աչքերը փակ): … դեմ եմ այդ ապուշ հրամանին: (Աչքերը բացելով: ) Դա՞ էիր ուզում ասել:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — Այո… (Աստիճանաբար թափը կոտրվում է: ) Դա… անհեթեթություն է… քաղաքը զրկել ծննդյան օրից` այնքան էլ ճիշտ քայլ չէ… ավելի ճիշտ` լավ բան չէ: (Ավելի խոնարհ: ) Ես չեմ պնդում, որ քաղաքացիները շատ դժգոհ են: Գուցե` տեղ-տեղ, գուցե… (Տիրակալի հայացքից խեղճացած: ) Գուցե դա իմ բորբոքված երևակայությո՞ւնն է:
ՏԻՐԱԿԱԼ — Վերջին միտքդ ճիշտ էր. ընդամենը բորբոքված երևակայություն, ուրիշ ոչինչ: Իսկ քանի որ բորբոքումները խրոնիկական դառնալու միտում ունեն, քաղաքի ճարտարապետի պատասխանատու պաշտոնը չի կարող զբաղեցնել հիվանդ մեկը: (Սպասողական նայում է: )
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — Ես դեմ չեմ… հաճույքով կմոռանամ մեկ օր, եթե դա բխում է քաղաքի շահերից: Ինչքան քիչ լինեն օրերը, նույնքան կնվազեն դրանց անախորժությունները: Ես միայն խնդրում եմ փոխել մոռացման ենթակա օրը:
ՏԻՐԱԿԱԼ — Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս նորակառույց կամուրջ փլվեց, կարծեմ հաշվարկները սխալ էին արված:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — (խուճապահար): Իհարկե, քաղաքի ծննդյան օր տոնելը անցյալի մնացուկ է… Ես հենց այսօր ժողով կհրավիրեմ ու մեր աշխատակազմը այս պատմական օրը, երբ ծնվեց ձեր իմաստուն հրամանը, միահամուռ կառաջարկի հռչակել որպես քաղաքի վերածննդի օր: Ես համոզված եմ, որ…
ՏԻՐԱԿԱԼ – Մեկ ժամ:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — Ի՞նչ:
ՏԻՐԱԿԱԼ — Ժողով կհրավիրեք մեկ ժամվա ընթացքում:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — Կրկին իրավացի եք: Երկու ժամ էլ չանցած ձեր սեղանին կլինի ժողովի որոշումը: Կարո՞ղ եմ գնալ:
ՏԻՐԱԿԱԼ — Գնա: Իսկ այն կամուրջը… (Երկիմաստ: ) Մոռանանք:
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ — Շնորհակալ եմ: Երջանիկ եմ, որ քաղաքի բախտը ձեր ձեռքերում է: Ես…
ՏԻՐԱԿԱԼ — Լավ, լավ, մնացածը գիտեմ: Գնա: Բայց զգուշացիր բորբոքումներից: (Ճարտարապետը ետընթաց դուրս է նետվում: ) Սա՞ էր կեղծված խաղաթուղթը:
Տեսարան. Տիրակալ, Գաղտնի Խորհրդական:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (մտնում է` քթի տակ խոսելով): Եվ այո, և ոչ, բայց թե ո՞րն է դրանց տարբերությունը… (Բարձր: ) Ընդունարանում քաղաքի Պատմիչն է:
ՏԻՐԱԿԱԼ — Դժգո՞հ է:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Դժվար է ասել, նա կարողանում է միշտ նույն արտահայտությունը պահել դեմքին: Բայց եթե եկել-հասել է այստեղ…
ՏԻՐԱԿԱԼ — Ուրեմն, կլսենք նրան: (Մի գիրք է վերցնում, իբր խորասուզված կարդում է: )
Տեսարան. Տիրակալ. Պատմիչ:
ՏԻՐԱԿԱԼ — (իբր չի նկատել Պատմիչին, բարձրաձայն կարդում է): ՛՛Եվ մեծ ցնծություն եղավ քաղաքում, և թագավորեց այնտեղ արդարությունը: Իսկ դժգոհների խղճուկ բազմությունը գիշերով փախավ քաղաքից: Իսկ քաղաքի` թվով 458-րդ Տիրակալը կառավարեց մինչև խոր ծերություն ու մահացավ հպատակներով շրջապատված՛՛: (Հայացքը գամելով Պատմիչին: ) Մինչդեռ իրականում… Այդ` թվով 458-րդը իմ նախորդն էր, նրան դեռ հիշողներ կան: Իսկ այդ դժգոհները… քանի՞սն էին նրանք` հազա՞ր, տա՞սը հազար: Եվ ինչ լավ է ձևակերպված` ՛՛գիշերով փախավ քաղաքից՛՛: Բայց նրանք կամավո՞ր հեռացան, այն էլ` գիշերով: Չէ՞ որ գիշերն են կատարվում ամենաքստմնելի արարքները: Իսկ 458-րդ Տիրակալը մեռավ միայնության մեջ: Մահվան թափորը ի՜նչ ցնծությամբ էր նրան ճանապարհում: Ի դեպ, ո՞վ է այս գրքի հեղինակը: (Լպիրշ ժպիտով: ) Ա՜յ թե անառողջ երևակայություն ունես: Բայց` ոչ բորբոքված: (Դադար: ) Ինչո՞ւ ես եկել:
ՊԱՏՄԻՉ — (անխռով): Չեղյալ համարիր հրամանը:
ՏԻՐԱԿԱԼ — Դու կհարգե՞ս իր հրամանից հրաժարվող Տիրակալին:
ՊԱՏՄԻՉ — Գալիս է մի պահ, երբ ամեն ինչ դառնում է երկրորդական` աղետի առաջ:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչո՞ւ պիտի հավատամ քեզ: (Թափահարելով գիրքը: ) Հավատամ այս հորինվածքի հեղինակի՞ն: Կարծում ես, չգիտե՞մ, ինչու ես արժանապատվություն խաղում: Պատմիչներիցդ ոչ մեկը նոր բան հնարել չի կարողանում… այլընտրանքային պատմություն գրելուց բացի: Մի ձեռքով հորինում ես սա, մյուսով ճշմարտությունն ես գրում, որը, հույս ունես` երբևէ լույս աշխարհ կգա` ապահովելովդ ազնիվ պատմիչի համբավդ: Չի՛ ստացվի: Էյ, ո՞վ կա… (Հայտնվում է Գաղտնի խորհրդականը, թղթերի տրցակ տալիս Տիրակալին, դուրս է գնում: Նա թղթերը շպրտում է չորսդին: ) Սա չէ՞ ապագայի քո արդարացումը: Կորա՛վ, ցրի՛վ եկավ, չկա՛…
ՊԱՏՄԻՉ — (իրեն կորցրած): Խնդրում եմ, վերադարձրու…
ՏԻՐԱԿԱԼ — Անհույս ապուշի տե՞ղ ես դրել: Հրամանը չեղյալ համարեմ, թղթերդ վերադարձնեմ… (Անսպասելի: ) Հավաքիր դրանք ու գնա:
ՊԱՏՄԻՉ — (ծնկած հավաքում է թղթերը): Ես կգրեմ նաև այս մասին:
ՏԻՐԱԿԱԼ — Կեցցես, վերջապես համարձակվեցիր բարձրաձայն ասել մտածածդ: Ափսոս, շատ ուշ է: Նայիր թղթերիդ` մաքուր են, մի բառ անգամ չկա:
Պատմիչը ստուգում է թղթերն ու քարանում:
ՏԻՐԱԿԱԼ — Այսօրվանից կգրես իմ պատմությունը: Չմոռանաս նշել, որ հրամանս ընդունվել է ցնծությամբ:
Պատմիչը, թղթերը ցրիվ տալով, հեռանում է: Միանում է ռադիոն:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Անընդմեջ հեռախոսազանգեր ենք ստանում, ու բոլորի կարծիքը մեկն է` անվերապահ համաձայնություն հրամանին: Լսենք նրանցից մեկի կարծիքը:
Շինծու—հանդիսավոր ձայն — Այս հրամանով քարացած ավանդույթը կջնջվի մեր հիշողությունից ու մենք` ազատագրված հին կաղապարներից, կդառնանք ավելի միասնական, ուժեղ: Արտահերթ ժողովի մասնակիցներս որոշեցինք այս հրամանի օրը հռչակել վերածնված քաղաքի օր: Համոզված ենք, որ մեր առաջարկը արձագանք կգտնի յուրաքայչյուրի սրտում: (Դադար: Հետո նույն ձայնը` արդեն սովորական տոնով: ) Հիմա կարո՞ղ եմ ուն գնալ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Ըըը… Դուք լսեցիք…
Տիրակալը գոհունակ աչքով է անում, ռադիոն անջատվում է:
Հատակից մինչև պատի կեսը բռնած հայելին տեղաշարժվում է`
գաղտնի դռնից դուրս է գալիս Սևազգեստ Կինը:
Շատ մոտիկ կանգնում է Տիրակալի թիկունքում,
պարզում ձեռքերը, բայց չի գրկում նրան:
ՏԻՐԱԿԱԼ — Հեռացիր:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Հիմա՞, թե՞ հետո:
ՏԻՐԱԿԱԼ — Հիմա:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Լսում են և հնազանդվում: (Գրկում, ամբողջ մարմնով հպվում է նրան: ) Ես չկամ:
ՏԻՐԱԿԱԼ — Դու չկաս:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Հիմա ընդհանրապես չեմ լինի: (Նստում է Տիրակալի ծնկներին, կրքով համբուրում: ) Հիմա միայն մենք ենք:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչո՞ւ եկար:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Մի ժամանակ հարցնում էիր` ինչո՞ւ չես գալիս:
ՏԻՐԱԿԱԼ — Ծնկներս հոգնեցին:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (օձագալար փաթաթվում է նրան): Հիմա ամբողջ մարմնով կզգաս ինձ ու չես հոգնի: (Տիրակալը լիովին տրված է նրա կրքին: ) Մնացածը… ինչպես միշտ, կլինի այստեղ, այս գահի վրա: Հետաքրքիր է, մեկի մտքով անցնո՞ւմ է, թե ո՛րն է գահի ուղղակի նշանակությունը: (Տիրակալը փորձում է արձակել կնոջ պիջակի կոճակները: ) Ո՜նց եմ սիրում, երբ անփորձ տղայի նման քաշքշում ես կոճակներս: (Արագ բարձրանում, կանգնում է Տիրակալի առջև: )
ՏԻՐԱԿԱԼ — (խուլ ձայնով): Արի ինձ մոտ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ավելի խելացի բան մտածել չկարողացա՞ր… Մեկ օրը մոռացնելու համար բոլոր օրերի տերը պիտի լինես:
ՏԻՐԱԿԱԼ — (սթափվելով): Քո գործերով զբաղվիր:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Մի ժամանակ այդ գործերը երկուսինս էին:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչքան անցյալը հիշես, այնքան կտուժես: Կինը հիշողություն չպիտի ունենա:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ասածդ ի՞նձ է վերաբերում:
ՏԻՐԱԿԱԼ — Քիչ առաջ մարմնիս վրա ճապաղվածը ո՞վ էր:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Այդ մեկը ես էի, իսկ դու խոսում ես կնոջ մասին:
ՏԻՐԱԿԱԼ — Իսկ ուրիշնե՞րը ինչ են խոսում:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Չեմ խոսում, ծիծաղում են:
ՏԻՐԱԿԱԼ — Ո՞ւմ վրա:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Հրամանի:
ՏԻՐԱԿԱԼ — Թող ծիծաղեն: Ծիծաղին հաջորդում է հետոն:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (նայելով հայելուն): Ես ծերանում եմ:
ՏԻՐԱԿԱԼ — Չի երևում:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ես ծերացա:
ՏԻՐԱԿԱԼ — Հիմա երևաց:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (վազքով մոտենում, փլվում է նրա առջև, գրկում ծնկները): Տեր Աստված, ինչո՞ւ այսպես… Ես վախենում եմ… սա ինձ պետք չէր, ես չեմ ուզում… (Խոսք դառնում է անկապ, ընդմիջվում է հեծկլտոցով: )
ՏԻՐԱԿԱԼ — Դու ինձ սիրո՞ւմ ես:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (դադարից հետո): Ինչ ասացի՞ր:
ՏԻՐԱԿԱԼ — (գոռում է): Դու ինձ սիրե՞լ ես:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Չեմ լսում:
ՏԻՐԱԿԱԼ — (շշուկով): Ինձ սիրե՞լ ես` գոնե մեկ օր, մեկ ժամ, բայց սիրել… հասկանո՞ւմ ես` սիրել:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (շոյելով նրա ծնկները): Ես քո կյանքով եմ ապրել, քո երազանքներին եմ հավատացել: Դա ավելին է, քան սերը:
ՏԻՐԱԿԱԼ — Բայց ոչինչ է սիրո դիմաց:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Գուցե, բայց… ոչ մի սիրող կին քեզ այնքան հավատարիմ չի եղել, ինչպես ես:
ՏԻՐԱԿԱԼ — Գուցե, բայց ոչ մի տղամարդ այնպես չի մրսել, ինչպես ես` քո կողքին:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Տաք մուշտակ հագիր: (Թղթապանակից թղթեր հանելով՝ աչքի է անցկացնում: ) Այսօրվա բոլոր հանդիպումներդ ձախողված են:
ՏԻՐԱԿԱԼ — Գրողի ծոցը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (թղթապանակը շպրտում է հատակին): Լսիր, շուն-շանորդի, քո երևակայության մեջ քանդիր, ավերիր, գրողի բաժին դարձրու՝ ինչ կուզես: Բայց այս դահլիճի օրենքներին թաթդ չմեկնե՛ս:
ՏԻՐԱԿԱԼ — Մոռանում ես, ում հետ ես խոսում:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Մոռացողները քո ապուշ խորհրդական-քարտուղարներն են:
ՏԻՐԱԿԱԼ — Քեզ կոչնչացնեմ, պոռնիկ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ընդ որում` շատ հանգիստ, ձեռքի մեկ շարժումով:
ՏԻՐԱԿԱԼ — Մոռացե՞լ ես, ով էիր… երկրորդական մանկլավիկների կամակատարը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ – Ինչպիսի՜ հիշողություն…
ՏԻՐԱԿԱԼ — Ցերեկը կատարում էիր նրանց հրամանները, գիշերը` վերածվում փալասի նրանց մարմինների տակ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ – Փայլո՛ւն հիշողություն…
ՏԻՐԱԿԱԼ — Ու ես մտածեցի` սրան էլ ոչնչով չես վախեցնի, սրա նմանը ամենագնացի համառությամբ կհարթի իր ճամփան: Ավելի ճիշտ` իմ ճամփան: Դու արդարացրիր իմ սպասումները…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ – Լռի՛ր…
ՏԻՐԱԿԱԼ — Դու դարձար իմ ստվերը, իմ աղախինը, իմ գաղտնիքների հավատարմատարը… ամեն ինչը, բացի մի բանից…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Լռի-ի-ի՜ր…
ՏԻՐԱԿԱԼ — Ես քեզ չդարձրի իմ փալասը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (ատամների արանքից): Դու վերադարձել էիր քաղաք, հավաքույթ-բողոքներ էիր կազմակերպում ու հավատացած էիր, որ դա է քո հաղթանակի ճամփան: Հիմար, ինքնահավան ապուշ: Մինչև օրս էլ կմնայիր կես ճամփին, եթե ես… ես…
ՏԻՐԱԿԱԼ – Դու՝ ի՞նչ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ոչինչ: Վերադառնանք մեր գործերին:
ՏԻՐԱԿԱԼ – Դու՝ ի՞նչ…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (վրեժխնդիր հրճվանքով): Ոչինչ:
ՏԻՐԱԿԱԼ — Ամեն ինչում ես պոռնիկ, անգամ խոստովանելիս:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ախ, այդպես… Հիշո՞ւմ ես այն գիշերը, երբ անկողնում էիր… նրա հետ:
ՏԻՐԱԿԱԼ — Լռիր:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ես եմ մատնել ձեր հանդիպման տեղը, ես եմ բացել ննջարանի դուռը, ներս թողել լուսանկարիչներին…
ՏԻՐԱԿԱԼ — Ոչինչ չեմ ուզում լսել: (Դեսուդեն է նետվում: ) Ինչո՞ւ… ինչպե՞ս կարողացար:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ինձ… այսինքն` երկուսիս սկանդալ էր պետք, մեծ սկանդալ, ինչը քեզ դուրս կքաշեր անհայտությունից ու հերոս կդարձներ: Ու դու հաղթեցիր: Ես դարձա քո կամքի տերը, դու քո մաքուր սերը փոխարինեցիր ինձ պես փալասով: (Շոյում է ոտքերի առաջ փռված Տիրակալի մազերը: ) Դե, դե… անցածը անցած է, արդյունքն է կարևոր: (Ուղղվում է դեպի գաղտնի դուռը: ) Մի փորձիր ինձ հետ խաղալ, առայժմ քո բոլոր խաղերի կազմակերպիչը ես եմ:
ՏԻՐԱԿԱԼ — (անզոր չարությամբ): Բայց ոչ այս մեկինը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Պարծենալու բա՜ն գտար: (Անհետանում է դռան ետևում, հայելին նախկին դիրքն է ստանում: )
Տիրակալը փնտրում, կարմիր ատլասի
կտոր է գտնում, փակում է հայելին: Նստում է գահին:
ՏԻՐԱԿԱԼ — (հազիվ լսելի կանչում է): Քարտուղա՛ր:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (ներս է խուժում, ձեռքին՝ ծաղկեփունջ): Ես չեմ ուշացել:
ՏԻՐԱԿԱԼ — Սա՞ ինչ է:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ընդունարանում Բանաստեղծն է` սարսափելի հուզված ու ջղային: (Ծաղկեփունջը թաքցնում է գահի ետևում: ) Պետք չէ երկար սպասեցնել: (Գնում է: )
Տեսարան. Տիրակալ, Բանաստեղծ:
ԲԱՆԱՍՏԵՂԾ — (սրընթաց մտնում է` խոսելով): Ես թույլ չեմ տա… Քանի դեռ իմ խոսքը ինչ-որ արժեք ունի քաղաքի համար, ես կպայքարեմ այդ հրամանի դեմ… Ես կգնամ հրապարակ ու կմնամ այնտեղ` անհաց, անջուր, բայց կասեմ իմ խոսքը…
ՏԻՐԱԿԱԼ — Լրիվ համաձայն եմ ձեզ հետ: Ավելին` ես վրդովված եմ: Ի՛նչ ապուշություն` մոռացման ենթակա օր: Կեցցե՛ք, դուք ապացուցեցիք, որ ազատ մարդ եք և, ուրեմն… թույլ տվեք սեղմել ձեր ազնիվ ձեռքը… և ոչ միայն… ես հիմա… (Գրասեղանին ինչ—որ բան է փնտրում՝` չընդհատելով խոսքը: ) Պատկերացնում եմ, ինչպես եք հասնում հրապարակ: Այնտեղ ձեզ կշրջապատի ամբոխը… ներողություն, մարդիկ: Նրանք կծափահարեն անհաց-անջուր մնալու ձեր որոշմանը և կսպասեն` ինչքա՞ն կդիմանաք: Դա էլ կրկես է, միայն` ավելի հետաքրքիր: Օր-օրի կհյուծվեք, կթուլանաք, ու ձեր բառերն այլևս չեն համոզի, որովհետև ի՞նչ ուժ կարող են ունենալ սոված-ծարավ մարդու բառերը: Մի օր էլ ձեր անբառ-անխոսք մարմինը մարդիկ… ներողություն, արդեն ամբոխը կտանի գերեզմանատուն: Մի երկուսը ճառ կասեն, ու նրանց խոսքում ավելի շատ ինքնացուցադրում կլինի, քան ցավ… Ու կթաղեն: Վե՛րջ: Շատ չանցած քչերը կիշեն, որ թաղեցին բանաստեղծին: Ահա… (Գտնում է փնտրածը` գիրք է: Շողոմ ձայնով: ) Մի քանի բառ գրեք ձեր գրքի վրա: Ես ձեր արվեստի երկրպագուն եմ և անգամ ձեր ըմբոստությունը չի կարող մարել հիացմունքս ձեր տաղանդի նկատմամբ:
ԲԱՆԱՍՏԵՂԾ — (շոյված է): Ինձ համար պատիվ է…
ՏԻՐԱԿԱԼ — Այս ամենը` փայլ, իշխանություն, ուժ… ինձնից լավ գիտեք` անցողիկ են: Բայց մեծ բարեկամությունը մեծ բանաստեղծի հետ` ամեն մի տիրակալի երազանքն է: Մեր քաղաքում գրողները շատ են, բայց ո՞վ է միակը: Գիտե՞ք, ես բավական խորհել եմ այս մասին ու միայն վերջերս հասկացա, որ այդ միակը… դուք եք: (Միանգամից սառը տոնով: ) Բայց դուք կատարել եք ձեր ընտրությունը: (Սպասողական զննում է նրան: ) Դե՞… (Բանաստեղծը պարտված է: Տիրակալը` ասես ոչինչ չի եղել: ) Ընթրիքին կսպասեմ ձեզ: Մոմերի լույսի տակ ժամանակից թանձրացած գինին կլցնենք երկարոտն բաժակների մեջ, դուք կկարդաք նոր բանաստեղծություններ, ես… խոստովանեմ, երբեմն խաղում եմ հանգերի հետ, գուցե այնքան համարձակություն ունենամ ու մի երկուսը ձեր դատին հանձնեմ: Ի դեպ, ընթրիքին ի՞նչ կգերադասեք` նրբահամ ձո՞ւկ, թե՞ սագի լյարդ:
ԲԱՆԱՍՏԵՂԾ — Միևնույն է:
ՏԻՐԱԿԱԼ – Շուտով նույնը չի լինի: Շատ արագ կզգաք խոհանոցի նրբությունները: Ինչպես նաև հին գինիների դյութանքը: Արդեն խոսում եմ բանաստեղծի պես, տեսնո՞ւմ եք, ինչ բարերար ազդեցություն եք թողնում ինձ վրա:
ԲԱՆԱՍՏԵՂԾ — Հիմա ի՞նչ անեմ:
ՏԻՐԱԿԱԼ — (սիրալիր): Ինչ ուզում եք: Բայց ընթրիքին չուշանաք: Տանե՛լ չեմ կարող ուշացողներին, ուշացման մեջ անհնազանդության ակնարկ կա:
ԲԱՆԱՍՏԵՂԾ — Ես չեմ ուշանա:
ՏԻՐԱԿԱԼ — Չեմ կասկածում: (Ծաղկեփունջը համարյա շպրտում է նրա դեմքին: ) Սա էլ, այսպես ասած, սկիզբ առնող մեր բարեկամության խորհրդանիշ: Հրապարակում սպասում են քո խոսքին: Քեզ տեսնեմ… (Արհամարհական ժպիտով հետևում է նրա գնալուն, հետո կատաղած պատեպատ շպրտվում: )
Տեսարան. Տիրակալ, Գաղտնի խորհրդական, Քարտուղար:
ՏԻՐԱԿԱԼ — (վիրավորված երեխայի նման): Ոչինչ չեմ հասկանում: Կամ ես եմ հանճարեղ գնորդ, կամ նրանք` չնչին ծախվող: Ներս են ընկնում փրփրած, կատաղած, զգում եմ, չէ՞, ինչպես են ինձ ատում, բայց… Այնքան հեշտ են գործարքի գնում, որ ես եմ անհանգստանում եմ նրանց համար` խղճի խայթ չե՞ն զգում: Զավեշտ է` ես մտածում եմ նրանց խղճի փոխարեն… (Հիստերիկ քրքջում է, հետո` կտրուկ: ) Ինչո՞ւ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (անխռով): Նրանք մինչև այստեղ մտնելն են կնքում այդ գործարքը:
ՏԻՐԱԿԱԼ — Զզվեցի: Ինչ գարշահոտ է այստեղ, զզվեցի… Եկեք հրամանը չեղյալ համարենք:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ուշ է: Թափանիվը կանգ չի առնի, որովհետև օրն արդեն երեք քառորդով մոռացված է:
Երկուսով ուղղվում են դեպի դուռը:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (Քարտուղարին): Այս սարքովի այցերը` հեչ… Նրան ուրիշ բան է հարկավոր: Ապա, չքվիր այստեղից:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (քինոտ): Ոչի՜նչ, մի օր էլ քեզ հետ կխոսենք: (Դուրս է գնում: )
Գաղտնի Խորհրդականը մոտենում է Տիրակալին:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (ձևական հանդիսավոր): Հայցում եմ իմ Տիրակալի ներողամտությունը, ես մոռացության եմ մատնել մի կարևոր հանգամանք: (Տիրակալը ցուցադրական հորանջում է: ) Այս գործի քննությունը սկսած ու ավարտած պիտի լինեի շաբաթներ առաջ, բայց…
ՏԻՐԱԿԱԼ — Ի՞նչ ես երկարացնում…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Խոսքը Դատավորի մասին է:
ՏԻՐԱԿԱԼ — (կարողանում է անտարբերություն խաղալ): Ո՞ւմ…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Դա-տա-վո-րի: Թույլ տվեք հիշեցնել գործի մանրամասները: (Թղթերը ցուցադրաբար շրջում է, բայց չի կարդում: ) Երկու տարի առաջ վերադարձաք քաղաք ու ձեր շուրջը հավաքեցիք լավագույն քաղաքացիներին: Ձեր քննադատական հոդվածները ռումբի պես էին պայթում` ալեկոծելով քաղաքի լճացած անդորրը…
ՏԻՐԱԿԱԼ — Չերկարացնես:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ձեր նախորդը որոշեց մեկուսացնել ձեզ: Հանձնարարեց Դատավորին քրեական գործ սարքել:
ՏԻՐԱԿԱԼ — (վեր է թռչում տեղից, խոսում ասես տենդի մեջ, խոսքն աստիճանաբար պիտի նմանվի զառանցանքի): Նրանք եկան գիշերով, ջարդեցին դուռը: Ես մենակ չէի… նա այն կանացից էր, ում ներկայությամբ քեզ տղամարդ ես զգում: Արու, որի ամեն մի նյարդը զգում է կնոջ մոտիկությունը, մաշկի թավիշը, մարմնի գրգռող հոտը… (Խավար անկյունը լուսավորվում է` Ճերմակազգեստ կինն է կանգնած: Տիրակալը կարոտով զննում է նրան: ) Ի՜նչ գեղեցկություն էր, ի՜նչ քնքշություն կար մատների մեջ և ի՜նչ կատաղի գգվանք` ձեռքերում… (Լույսը մարում է: ) Նրանք ինձ դուրս քաշեցին անկողնուց, մերկ կանգնեցրին սենյակի մեջտեղում: Լուռ զննում էին, հետո ծիծաղեցին: Բոլորը: Միաժամանակ: Հետո շրջվեցին մահճակալի կողմը: Սենյակում այնպիսի լռություն էր, որ ես լսեցի նրա սրտի զարկերը: Մշակված, սովոր շարժումներով նրան գցեցին հատակին ու հերթով… Հետո սպանեցին: Ինձ քարշ տվեցին նրա դիակի մոտ, փայտացած ձեռքերիս մեջ դրեցին դաշույնը… Ինձ գցեցին նրա վրա, երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր սառչում նրա արյունը… Նրանք դուրս եկան, հետո սենյակ խուժեցին ինչ-որ մարդիկ ու սկսեցին լուսանկարել… (Դադար: Սթափվում է: ) Դատավարությունը սարքված էր, վկաները պատվիրված էին, վկայությունները` կեղծ: Դատը վարում էր Դատավորը: Նա էլ կարդաց իմ վճիռը` ցմահ բանտարկություն: (Սովորական տոնով: ) Գնդակահարել:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ո՞ւմ:
ՏԻՐԱԿԱԼ — Դա-տա-վո-րին:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Գնդակահարե՞լ…
ՏԻՐԱԿԱԼ – Քառատե՛լ: Էլեկտրական աթո՛ռ: Լինչի դատաստա՛ն: (Հիստերիկ: ) Կկոտորեմ նրա ցեղը` մեծից-փոքրին, կրակի կտամ տունը…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (գրանցում է` գոհ ժպտալով): Վկաներին չմոռանաք:
ՏԻՐԱԿԱԼ — Համազգեստավոր տականքների՞ն… (Թշնամանքով: ) Ուրախացա՞ր:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ե՞ս…
ՏԻՐԱԿԱԼ — Բայց ուրախությունդ կապ չունի ասածիս հետ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Չեմ հասկանում, ինչ եք ակնարկում:
ՏԻՐԱԿԱԼ — Լավ էլ հասկանում ես: Թքա՛ծ ունես Դատավորի ու մնացածների վրա:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (հայացքը փախցնելով): Ես ընդամենը գրանցում եմ ձեր հրամանը:
ՏԻՐԱԿԱԼ — Հա՞… Ուրեմն գրիր հրամանս. ՛՛Քաղաքի Արդարադատության Գերագույն Պատասխանատու եմ նշանակում… Դատավորին՛՛: (Դադար: )
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (հարգանքով): Շնորհավորում եմ:
ՏԻՐԱԿԱԼ — (չլսելու տալով): Մնացածներին… Նրանցով զբաղվելու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ տրամադրություն: Նրանք հրաման են կատարել:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Բոլոր ժամանակներում հրամանը կատարողներ են պետք:
Նրանց քմծիծաղը վերածվում է հռհռոցի:
ՏԻՐԱԿԱԼ — Դատավորը ի՞նչ օրի է: Երևի վախից… հա՞:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ասում են, սրտի տագնապ է ունեցել:
ՏԻՐԱԿԱԼ — Ասո՞ւմ են:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Տեսել եմ:
ՏԻՐԱԿԱԼ — Ե՞վ…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Լեզուն կպել էր քիմքին:
ՏԻՐԱԿԱԼ — Քիմքի՞ն:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ըհը… շուրթերն էլ` կապտած:
ՏԻՐԱԿԱԼ — Կապտա՞ծ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Աչքերը ճակատը թռած:
ՏԻՐԱԿԱԼ — Շարունակիր:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Երբ նրան ասացի, որ օրերը հաշված են… (Թշնամանքով: ) Գիտե՞ք, ինչ պատասխանեց:
ՏԻՐԱԿԱԼ — Ի՞նչ կարող էր ասել այդ ողորմելին:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ասաց. ՛՛Երբ դառնամ Արդարադատության Գլխավոր Պատասխանատուն, կխոսենք՛՛:
ՏԻՐԱԿԱԼ — (ծիծաղում է): Այդպես էլ ասա՞ց: Սրիկա՛… Շուն-շանորդի: Տես, է՛, ինչ պոռնիկի տղա է…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նաև ասաց…
ՏԻՐԱԿԱԼ — (գոռում է): Ձա՛յդ… Կարծում ես, չգիտե՞մ, ինչ է ասել: Որ ես ժամանակավոր եմ այս դահլիճում, ինքն է մշտականը:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Հաղորդե՞մ ձեր շնորհավորանքը:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչի՞ն է պետք: Խորհուրդս փոխանցիր:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (վատ թաքցրած ծաղրով): Հավատարիմ ծառայի ձե՞զ:
ՏԻՐԱԿԱԼ — Բայց կաշվից դուրս չգա: Դրանով կարագացնի իմ վախճանը: Գնա՛:
Գաղտնի Խորհրդականը գնում է: Տիրակալը մոտենում է դռանը, բացում:
Գաղտնի Խորհրդականն ու Քարտուղարը դռան ետևում լսում են:
ՏԻՐԱԿԱԼ — (ասես ոչինչ չի եղել): Այցելու չկա՞:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Սրանց չէինք սպասում:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (շփոթված): Երկուսն են: Թե որտեղից եկան…
ՏԻՐԱԿԱԼ — Ուզում եք ասել, որ անտեղյա՞կ եք: (Երկուսը զարմացած տարածում են ձեռքերը: ) Հրաշալի է: Վերջապես կցուցադրեմ իմ մեթոդը: Ներս կանչեք: (Հայելին շարժվում է: ) Ասացի` կանչեք նրանց: (Երկուսը նայում են հայելուն: ) Ա՜յ թե ինչ… Լավ, չքվեք: (Նրանք նետվում են դեպի դուռը: ) Է՛յ, դուք… (Նրանք քարանում են: ) Այս դահլիճում կա՞ մի բան, ինչին անտեղյակ եք:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (անթաքույց հեգնանքով): Այդ հայելու նախագիծը ինձ մոտ է:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Գաղտնի դռան գոյությունը արդարացված է պետական շահերով:
ՏԻՐԱԿԱԼ — Կնոջ ներկայությունն է՞լ:
Երկուսը խնդմնդալով դուրս են գնում:
Տեսարան. գաղտնի դռնից հայտնվում է Սևազգեստ Կինը,
մոտենում, փորձում է միացնել ռադիոն:
Բռունցքով խփում է, ռադիոն չի միանում:
ՏԻՐԱԿԱԼ — (չարախինդ): Այս նզովյալ ծուղակում վերջապես մի բան չի ենթարկվում քեզ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (չոր): Շատ է հնացել, սրա տեղը աղբարկղն է:
ՏԻՐԱԿԱԼ — Երբեք: Այս հնոտին միակն է, որ հնազանդվում է ինձ… Երբեմն:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (նստում է գահի աստիճանին): Քո հրամանը անխուսափելի էր:
ՏԻՐԱԿԱԼ — (անակնկալի եկած): Մտքի՞նդ ես ասում:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ինչո՞ւ կեղծեմ: Վաղ թե ուշ պիտի քո խաղը խաղայիր:
ՏԻՐԱԿԱԼ — (անկեղծանալով): Ինձ ստիպեցին:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Գիտեմ: Այս դահլիճն իր օրենքներն ունի:
ՏԻՐԱԿԱԼ — (ակամա հարգանքով): Դու ամեն ինչ գիտես:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (անհաղորդ): Ասում են: Նաև համոզված են: Դրա համար էլ շան պես վախենում են ինձնից:
ՏԻՐԱԿԱԼ — Բայց դու իսկապե՛ս հավատարիմ ես եղել ինձ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ինչո՞ւ անցյալ ժամանակով:
ՏԻՐԱԿԱԼ — (շփոթված): Իսկապե՞ս… (Կնոջ հայացքին ի պատասխան` մարտահրավերով: ) Այո, ես հատուկ շեշտեցի անցյալ ժամանակը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Հեռանալուս ժամանա՞կն է:
ՏԻՐԱԿԱԼ — Հեռացումը ժամանակ չունի: Քո ժամանակն է սպառվել:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Արարքդ սև երախտամոռություն է կոչվում:
ՏԻՐԱԿԱԼ — Կասե՞ս, որ խաղից առանց շահի ես դուրս գալիս:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Նկատի ունես կուտակած հարստությո՞ւնս:
ՏԻՐԱԿԱԼ — Ինչո՞ւ այդքան արհամարհական: Ինչո՞վ էիր սկսել` վարձու նկուղ, քրքրված վերարկու…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Միայն չասես, որ սպիտակեղենս էլ հնամաշ էր:
ՏԻՐԱԿԱԼ — Հագուստիդ այդ բաժինը շքեղ էր, անգամ նրբաճաշակ: Իսկ այսօր` բանկային հաշիվ արտասահմանում, թանկարժեք զարդեղեն, անշարժ գույք…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (հազիվ լսելի): Միայնակ գիշերներ…
ՏԻՐԱԿԱԼ — Ապահով ծերություն:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Ձեռքեր, որոնք երեխա չլողացնելով ծերացան:
ՏԻՐԱԿԱԼ — (գոռում է): Դու էիր ընտրել:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (հանգիստ): Ճակատագիրն էր ինձ ընտրել:
ՏԻՐԱԿԱԼ — Քեզ չեմ կարող տեսնել: Այսօրվա խոստովանությունիցդ հետո…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Կարծեցի, քեզ հասցնելով այս դահլիճ, կբաժանեմ քո միայնությունը: Ես չէի կարող չսխալվել, որովհետև բոլոր նվիրված կանանց ճակատագիրը նույնն է` սխալվել: Դու քեզ տղամարդ ես զգացել նրա հետ: Ես ինձ կին եմ զգացել քեզ հետ: (Սրբում է ժլատ արցունքը: ) Բոլորը դեմքիս ժպտում են, թիկունքիս շպրտում` պոռնիկ, ու վախենում են, որովհետև ես եմ քո չար ոգին, քո սև ես-ը, քո փալասը… Ի՞նչ անենք, որ գոնե մեկ անգամ գիշերվա լռության մեջ չեմ լսել քո շնչառությունը:
ՏԻՐԱԿԱԼ — Ներիր…
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Կինը չի ներում, ատում է: Ավելին, կարողանում է հեռու քաշվել, անցյալից գոնե մի փշուր պահելու համար: (Դադար: ) Այս խաղը քոնն է, չեմ խանգարի: Բայց… Քանի դեռ կույր ատելությունս ինձ չի հոշոտել, խորհուրդ եմ տալիս: Վերջին անգամ:
ՏԻՐԱԿԱԼ — Խորհրդի կարիք չունեմ:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (իբր չլսեց): Մի ընդունիր այն երկուսին: Քշիր, թող կորչեն: Զնդան գցիր, վերացրու, միայն չհանդիպես նրանց հետ:
ՏԻՐԱԿԱԼ – Ի՜նչ սրիկան ես… Գիտես, որ հիմա անպայման կուզենամ տեսնել նրանց:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (հայելում զննում է իրեն): Աշխարհի ամենամեծ դերասանը հայելին է: (Պաշտոնական: ) Վերջին խոսքդ ո՞րն է:
ՏԻՐԱԿԱԼ — Այստեղ ես եմ տալիս վերջին խոսքի իրավունքը:
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — (հեգնանքով): Ուրեմն, օգտվեմ իմ իրավունքից: (Թշնամանքով: ) Մոռացությունն էլ չի հաղթի միայնությանդ:
Անհետանում է դռան ետևում: Տիրակալը վեր է թռչում, բռունցքով խփում է հայելուն: Փշրվող ապակու ձայնը արձագանքվում է: Նա, ականջները փակած, մի կերպ հասնում է գահին, նստում իր մշտական դիրքով, դեմքը` անթափանց դիմակ:
Տեսարան. Տիրակալ, Աղջիկ, Տղա:
ՏԻՐԱԿԱԼ — Ովքե՞ր եք: Ի՞նչ եք արել քաղաքի բարօրության համար ու հիմա ի՞նչ իրավունքով եք եկել այստեղ:
ՏՂԱ — Սովորական բնակիչ ենք:
ԱՂՋԻԿ — Դեռ այնքան չենք ապրել, որ իմանան մեր մասին:
ՏԻՐԱԿԱԼ — Ու եկել եք բողոքելու, չէ՞, դժգոհ եք, չէ՞, զայրացած եք, չէ՞:
ԵՐԿՈՒՍՈՎ — Դժգոհ ենք: Ու չենք թողնի, որ այդ հրամանը կատարվի:
ՏԻՐԱԿԱԼ — Դո՞ւք չեք թողնելու: Ինչպիսի՜ մեծամտություն, ամբարտավանության ի՜նչ խտացում… (Երկուսը չեն շփոթվում: Փոխում է տոնը: ) Ինչի՞ց եք դժգոհ:
ՏՂԱ — Մեկ տարի առաջ այդ օրն առաջին անգամ մենք հանդիպեցինք:
ԱՂՋԻԿ – Ու երդվեցինք լինել միասին:
ՏԻՐԱԿԱԼ — Ուրեմն, այդ օրը ձեր սիրո օրն է: Հետո՞ ինչ:
ՏՂԱ — Կարծում եք, այդքան հե՞շտ կզիջենք մեր օրը:
ՏԻՐԱԿԱԼ – Ինչի՞ս է պետք այդ օրը: Ես ընդամենը հրաման եմ տվել, մնացածը… (Շրջվում է դեպի ռադիոն, այն միանում է: Լսվում է Բանաստեղծի ձայնը: )
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ձայնը — Թոթափելով մեր մտքին ու հոգուն ծանրացած օրը, որը մեզ պարտադրել էին մութ ուժերը, մենք նորացած լույսով կգնանք դեպի մտքի բարձրագույն ոլորանները, որի վերջում ամենաիսկական բառն է: Այդ բառը մեզ կբացի համընդհանուր հավասարության, եղբայրության, արդարության գաղտնիքը: (Ծափահարություններ: Դադար: )
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Սրանից էլ պրծանք: (Շփոթված քրթմնջոց, հետո՝ նույն ձայնը: ) Դուք լսեցիք Բանաստեղծի խոսքը: Ուղիղ հեռարձակումը քաղաքային հրապարակից էր:
Ռադիոն անջատվում է:
ՏԻՐԱԿԱԼ — Լսեցի՞ք: Ինձնից ի՞նչ եք պահանջում: Բոլորը համաձայն են, երկուսդ ի՞նչ կարող եք անել: (Նրանք գնում են դեպի դուռը: ) Սպասեք… Ինչո՞ւ եք շտապում: Նստեք, զրուցենք: Ինձ հետաքրքիր է, թե ինչ են մտածում ջահելները: Ապագան ձերն է, ես ընդամենը ժամանակավոր հյուր եմ այստեղ: (Տենդահար խառնում է խաղաթղթերը: )
Ներս են մտնում Քարտուղարն ու Գաղտնի Խորհրդականը: Քարտուղարի ձեռքին մատուցարան է, նա սեղան է պատրաստում, Գաղտնի Խորհրդականը թևանցուկ է անում Տղային:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Դու շատ հետաքրքիր աշխատություն ես գրում: Վերնագիրն էլ գիտեմ` ՛՛Ճշմարտության գաղտնիք՛՛: Չե՞մ սխալվում: (Տղան շփոթված գլխով է անում: ) Բայց երրորդ գլխում, որտեղ խոսվում է մեր քաղաքի մասին, անճշտություններ կան:
ՏՂԱ — (վիրավորված): Դրանք աճշտություններ չեն, այլ տեղեկատվության պակաս: Մի քանի գիրք ոչ մի տեղ չգտա: Կեղծ բաներ չգրելու համար այդ մասերում բազմակետ եմ դրել:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Եթե չեմ սխալվում, այդ գլխում բազմակետերը բառերից շատ են:
ՏՂԱ — Լավ է բազմակետ լինի, քան` կեղծիք:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Ծաղրելու միտք չունեմ: Ուզո՞ւմ ես ունենալ այդ գրքերը:
ՏՂԱ — Հնարավո՞ր է… Ես հույսս կտրել եմ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Փնտրածդ գրքերից մեկական օրինակ կա իմ գրադարանում, բացառության կարգով ցույց կտամ: Գնանք, գրքերը կողքի սենյակում են:
ՏՂԱ — (նայելով Աղջկան): Իսկ նա՞…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Միայն դու: Նա քեզ այստեղ կսպասի:
ԱՂՋԻԿ — (Տղային): Չգնաս: Ինձ մենակ չթողնես:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — (Աղջկան): Ինչի՞ց ես վախենում: Ընդամենը կես ժամ: Փոխարենը նրա աշխատությունը կլինի անթերի ու ճշմարիտ:
ՏՂԱ — Ես արագ… Մի շնչով կկարդամ ու կգամ:
ԱՂՋԻԿ — Եթե քեզ պետք է…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Շտապեք: Միտքս կարող եմ փոխել: Ամեն օր չէ, որ այսպես բարի եմ: Երկուսով հեռանում են:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — (քթի տակ): Հրաշալի գինի է, սքանչելի բիսկվիտ… Մեր օրերում մոռացել են այս սովորությունը` բիսկվիտը թաթախել թանձր գինու մեջ ու վայելել: Լավ է, գոնե ես հիշում եմ դեռ… (Աչքի տակով նայելով Տիրակալին: ) Ընդամենը կես ժամ ունեք: Արդեն` 28 րոպե: (Դուրս է գնում: )
Տեսարան. Տիրակալ, Աղջիկ:
ՏԻՐԱԿԱԼ — Վաղուց չեմ վայելել այսքան գեղեցիկ աղջկա ներկայությունը: (Ավելի շփոթվելով: ) Ներեցեք, ասածս հիմար ու ճոռոմ ստացվեց:
ԱՂՋԻԿ — Կարո՞ղ եմ դրսում սպասել:
ՏԻՐԱԿԱԼ — Այդքան տհա՞ճ է իմ ներկայությունը:
ԱՂՋԻԿ — Այո… Ներեցեք, ոչ… Իհարկե, ոչ: Պարզապես դրսում ինձ ազատ կզգամ:
ՏԻՐԱԿԱԼ — Այստեղ ո՞վ է բռնանում ձեր ազատության վրա: Այ, հիմա ի՞նչ կուզենայիք անել:
ԱՂՋԻԿ — Ջարդուփշուր անել այն ծաղկամանը:
ՏԻՐԱԿԱԼ — Հրաշալի է: (Ծաղկամանը տալիս է նրան: ) Դե՞…
Աղջիկը կարճ վարանումից հետո ծաղկամանը խփում է հատակին: Վախեցած փակում է աչքերը, ձեռքերով` ականջները: Տիրակալը մոտենում, գրկում է նրան:
ԱՂՋԻԿ — (փորձելով ազատվել նրա գրկից): Ի՞նչ եք անում:
ՏԻՐԱԿԱԼ — Գիտեի, որ գտնելու եմ քեզ:
ԱՂՋԻԿ — Դուք խենթ եք:
ՏԻՐԱԿԱԼ — Կուզենայի տեսնել նրան, ով գտներ քեզ ու չխենթանար:
ԱՂՋԻԿ — Ես կասեմ նրան…
ՏԻՐԱԿԱԼ — Քաղաքին ասա:
ԱՂՋԻԿ — Լռեք, խնդրում եմ, լռեք…
ՏԻՐԱԿԱԼ — Նա ինձնից շատ ջահել է, բայց ի՞նչ ունի քեզ տալու` ընդամենը ջահել կիրք: Դա շատ քիչ է:
ԱՂՋԻԿ — (ազատվում է նրա գրկից): Դո՞ւք ինչ ունեք, այս դահլի՞ճը… Դա ոչինչ է:
ՏԻՐԱԿԱԼ — Եթե իմանաս, ինչ է նստել այս դահլիճի ամեն մի թիզը ինձ վրա: Ասում ես` ի՞նչ ունեմ: Անսահման միայնություն` ներծծված մաշկիս, արյանս մեջ: Ու հանկարծ` դու: Ուրեմն փորձիր հաշվել, թե ինչպես կսիրեմ քեզ` միայնությունիցս գոնե մի պահ ազատվելու համար: Հիմա նժարին դիր նրա ջահել կիրքն ու իմ միայնակ սերը և ընտրիր: Երկու դեպքում էլ չես սխալվի: Բայց միայն մեկի հետ կշահես: Երեք րոպե ունես` ահռելի ժամանակ ճիշտ որոշում կայացնելու համար: (Երկու գավաթ գինի է լցնում, մեկը պարզում է Աղջկան: )
Տեսարան. Տիրակալ, Աղջիկ, Տղա:
ՏՂԱ — (ոգևորված, չի նկատում կատարված փոփոխությունը): Ես կարդացի… իմացա ամենակարևորը: (Աղջկան.) Գնանք: Մեզ սպասում են:
ԱՂՋԻԿ — (վերցնում է գավաթը, անգույն ձայնով): Դու գնա: Ես մնում եմ:
Խավար:
Տեսարան. Տիրակալի ծնկներին նստած Աղջիկը արձան է հիշեցնում:
ՏԻՐԱԿԱԼ — Մինչև մայրամուտ քաղաքի Գերագույն միտքը կվավերացնի հրամանը և տարվա մի օր կմոռացվի, իսկ այս օրը կհռչակվի քաղաքի վերածննդի օր: Բայց միայն ես ու դու կիմանանք, որ սա մեր օրն է: (Համբուրում է, Աղջիկն անհաղորդ է: ) Ինչքան մենակ եմ, որ պաղ շուրթերդ կարող են ջերմացնել: Աչքերդ փակ են, շարունակիր այդպես, մինչև նրանք այրվեն: Ատելությամբ: (Աղջիկը հուսահատ պոռթկումով գրկում է նրան: ) Բառերս դեռ իշխանություն ունեն քեզ վրա:
Միանում է ռադիոն:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Երեկոյան, նոր հռչակված տոնի առթիվ կլինի հրավառություն և ժողովրդական տոնահան… (Ձայնը խզվում է, դադար: )
ՏՂԱՅԻ ձայնը — Մի սպանեք օրը` ինչպիսին էլ որ լինի: Ձեզնից մեկը կկորցնի իր առաջին համբույրը, մյուսը` հոր մահը, երրորդը` զավակի ծնունդը… Չփորձեք արդարանալ, որ հրաման է, իսկ դուք օրինապահ քաղաքացիներ եք: Դուք կլինեք տուժողը, որովհետև այսօր կամովին հրաժարվելով մեկ օրից, վաղը կկորցնեք երկուսը, հետո…
Լսվում է կրակահերթ, աղմուկ, ճիչեր:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Հաղորդումն ընդհատվեց տհաճ միջադեպով: Օրինականության պահնորդը ծառայողական պարտականությունը կատարելիս վնասազերծեց խռովարարին: Միջադեպն արդեն հարթված է, հրապարակում վերահաստատվել է կարգուկանոնը: (Դադար, հետո` ծաղրական: ) Ուրեմն` սա՞ էր կեղծված խաղաթուղթը:
Տիրակալը հայացքով սաստում է` ռադիոն չի անջատվում: Կատաղած՜ ինքն է անջատում:
ՏԻՐԱԿԱԼ — Ի՞նչ ես քարացել, խոսիր:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ իրավունքով: (Գնում է դեպի դուռը: )
ՏԻՐԱԿԱԼ — (կրքոտ): Չգնաս, չլքես ինձ: Տես, անկյունում դարանակալել է… Չե՞ս տեսնում, նա է, միայնությունս, ինչ չարախնդությամբ է ինձ սպասում: Հեռանաս՝ կգա, կփաթաթվի պաղ շոշափուկներով: Չգնաս: Խնդրում եմ, հրամայում եմ… վերջապես, ուժով կստիպեմ…
ԱՂՋԻԿ — (անխռով): Գնալու տեղ չունեմ: Մենք արժանի ենք իրար: (Դուրս է գնում: )
Տիրակալն անուժ ընկնում է գահի աստիճաններին: Ներս են խուժում Գաղտնի Խորհրդականն ու Քարտուղարը:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նրանք Տղայի դագաղը զարդարել են ծաղիկներով:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նրանք կրկնում են Տղայի խոսքերն ու ամեն անգամ նոր իմաստ են գտնում դրանց մեջ:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նրանք ավելի ու ավելի են մռայլվում:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Նրանք քարծեծ արին պահնորդին ու դիակը շպրտեցին աղբափոսը:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Նրանք ավել հաճախ են նայում քո նստավայրի կողմը, և ամեն անգամ` ավելացող ատելությամբ:
ՏԻՐԱԿԱԼ — (չարախինդ): Ահա եկավ իմ քայլն անելու ժամանակը: (Դուրս է գնում, երկուսը չկամ հետևում են նրան: )
Տեսարան. Ծաղիկների միջից հազիվ երևացող դագաղ:
Շուրջը կանգնել են Ճարտարապետը, Պատմիչը, Քարտուղարը,
Գաղտնի Խորհրդականը, բնակիչներ:
ՏԻՐԱԿԱԼ — (ողբացյալ պաթոսով): Մենք պիտի հպարտանանք, որ ճանաչել ենք նրան, ապրել ենք նրա կողքին: Իր կարճատև, բայց իմաստալից կյանքում նա ոչ մի խարդախ քայլ չարեց: (Լույսն ընկնում է Ճարտարապետի վրա: ) Նա դողում էր քաղաքի ամեն քարի ու շինության վրա: (Ճարտարապետն աննկատ հեռանում է: ) Նա հանճարեղ գիրք էր գրում: (Լույսն ընկնում է Պատմիչի վրա: ) Ու միայն անգութ ճակատագիրը չթողեց, որ ավարտին հասցնի իր կյանքի գործը: Իսկ եթե այն լույս աշխարհ գար, այլևս կեղծ վկայությունների կարիք չէր լինի: (Պատմիչն էլ է հեռանում: ) Նա բանաստեղծ էր: (Լույսն ընկնում է Բանաստեղծի վրա: ) Որովհետև օրհասական պահին գնաց հրապարակ ճշմարիտ բառն ասելու: (Բանաստեղծն էլ է հեռանում: Լույսն ընկնում է մնացածների վրա: ) Նա միակն էր, որ չշլացավ հրամանի փայլից, արհամարհեց կնիքի ու ստորագրության զորությունը: (Բազմությունն աննկատ նոսրանում է: ) Նա… (Սթափվում է, բեմում մնացել են Քարտուղարն ու Գաղտնի Խորհրդականը: ) Ամբոխի ձեռքից հերոս խլելուց հեշտ բան չկա: Ընդամենը հերոսին պիտի հակադրես ամբոխին: (Զզվանքով: ) Փոսի մեջ գցեք, տեղն էլ չերևա: Արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ նա: (Նկատելով խավարից դուրս սահող Աղջկան: ) Սպասեք: Նրան հրաժեշտ տվող կա: Միակը, ով անկեղծ կսգա դժբախտի վրա, որովհետև ամենաանկեղծը դավաճանի արցունքն է:
Աղջիկը ծնկի է գալիս դագաղի առջև: Նրա հետ միաժամանակ բեմի հակառակ կողմում ծնկի է գալիս Տիրակալը:
ՏԻՐԱԿԱԼ — (ասես զառանցում է): Այս խաղն իմ դեմ էր ուղղված: Չէ՞ որ ես հիշում եմ… Երբ առաջին անգամ մտա դահլիճ… առաջին անգամ նստեցի գահին, առաջին միտքս եղավ` ես ամեն ինչ կփոխեմ և իմ քաղաքը կդառնա ամենա… ամենա… (Լարված: ) Ամենա-ի՞նչը… Ինչո՞ւ չեմ հիշում: Այս ի՞նչ մշուշ է… Չէ, մշուշ չէ, աստիճաններ են: Ո՞ւր են տանում: Վերև՞… ներքև՞… Ո՞ւր: Չի երևում, բայց ես դրանց եմ պատկանում, այդ աստիճաններին: Սա է դավադրությունը: Ինձ թվում էր` նստած եմ գահին, այնինչ աստիճանների վրա եմ կանգնած ու այնտեղ էլ կմնամ… (Աղջիկը բարձրանում է, բեմի այդ մասը թաղվում է խավարի մեջ: Սթափվելով: ) Ի՞նչ էի ասում…
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Ոչինչ: Համարյա ոչինչ:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Համաձայն չեմ: Ոչնչի ու համարյա ոչնչի միջև մեծ տարբերություն կա: (Հանդիսավոր: ) Դուք ուզում եք Պետական խորհուրդ հրավիրել:
ՏԻՐԱԿԱԼ — Ճիշտ ժամանակն է: Գնացինք: (Շրջվում է, որ գնա: )
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Մնացեք տեղում: (Քմծիծաղով: ) Աստիճանները ձեզ կտանեն:
Տիրակալն արագ դուրս է գնում, նրանք հրճվանքով հետևում են նրան:
Տեսարան. Աղջիկը գինի է լցնում, մեկնում գահին նստած Տիրակալին:
ՏԻՐԱԿԱԼ — Գինի՞ է:
ԱՂՋԻԿ — Իհարկե:
ՏԻՐԱԿԱԼ — Միա՞յն…
ԱՂՋԻԿ — Ուրիշ ի՞նչ կարող է լինել:
ՏԻՐԱԿԱԼ — Իրոք որ… (Թափով խմում է: ) Քաղաքում ի՞նչ կա:
ԱՂՋԻԿ — (նստում է գրասեղանի մոտ): Ոչինչ:
ՏԻՐԱԿԱԼ — Այսի՞նքն…
ԱՂՋԻԿ — (սեղանի թղթերը մանր կտորների վերածելով): Ինչպես ամեն օր: Միշտ նույնը:
ՏԻՐԱԿԱԼ — Իսկ ես նորության եմ սպասում: Միացրու ռադիոն:
ԱՂՋԻԿ — Դու հայացքով էիր միացնում և անջատում ռադիոն:
ՏԻՐԱԿԱԼ — Դա ե՜րբ էր…
Աղջիկը միացնում է ռադիոն:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐԻ ձայնը — Անհայտ հիվանդությունն ավելի ու ավելի է տարածվում: Բժիշկները հուսահատ են: Լսենք մասնագետին:
Ձայն — Սկզբում մարդն ընկնում է անհասկանալի թմբիրի մեջ, հետո սկսում է մոռանալ օրերը և դրանց հետ կապված հիշողությունները: Եվ մոռացվող օրերի քանակն ավելանում է մինչև… Չգիտեմ, ինչ ասեմ: Քիչ առաջ մի հիվանդ մոռացել է տարվա 212 օր, դրանց հետ նաև իր ապրած կյանքի երկու երրորդը: Չգիտեմ, ինչ խորհուրդ տամ, որովհետև ինքս էլ… Այսօր իմ օրացույցից պակասել է 12 օր: Ու դեռ ինչ է սպասվում` ոչ ոք չգիտե: (Հիստերիկ: ) Ես չեմ ուզում խոսել, թողեք, տուն գնամ:
Աղջիկն անջատում է ռադիոն:
ՏԻՐԱԿԱԼ — Ո՞ւր են:
ԱՂՋԻԿ — Ինչպես միշտ` դռան ետևում:
ՏԻՐԱԿԱԼ — Էյ, դուք… (Մտնում են Քարտուղարը, Գաղտնի Խորհրդականը: ) Դուք է՞լ չգիտեք` ինչ է լինելու:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Մենք գիտեինք… մինչև դեպքերը դուրս եկան մեր հսկողությունից:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Այդքան հետևողական չպիտի լինեիք:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Հրաման էր` արձակեցիք: Մնացածը թողնեիք ինքնահոսի:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Հրամանի կատարման համար ջանք ու եռանդ չպիտի խնայեն հպատակները…
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — …բայց ոչ` հրաման արձակողը: Այդ դեպքում նա է դառնում հրամանին ամենաենթակա հպատակը:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Իսկ հրաման արձակողը միշտ ու բոլոր դեպքերում պիտի մնա իր հրամանի տերը:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Եվ ոչ թե` հրամանի ծառա:
ՏԻՐԱԿԱԼ — Մեղավորը ես եմ:
Երկուսով — Էլ ո՞վ…
ՏԻՐԱԿԱԼ — Իրավացի եք: Մի՞թե Պատմիչի, Բանաստեղծի կամ մյուսների ձեռքում էին խաղաթղթերը: Միակ ընտրողը ես էի: Ինչպես որ միակ ստվերս իմ միայնությունն է: Ես ճի՞շտ եմ ասում, տիկինս:
ԱՂՋԻԿ — Ճիշտ, սխալ… Դրանց տարբերությունը չեմ հասկանում:
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ — Շրջանը փակվեց:
ՔԱՐՏՈՒՂԱՐ — Մենք կարող ենք վերադառնալ մեր գործին:
Գրպաններից հանում են դիմակները, փակում դեմքերը: 1-ին Դիմակը մոտենում է Տիրակալին, նրա գրպանից հանում է խաղաթղթերի կապուկը, սկսում դրանցով աճպարարել: Ծաղրական խոնարհումներով դուրս են գնում:
ՏԻՐԱԿԱԼ — (շոյելով Աղջկա մազերը): Մնացինք ես ու դու: Թեև մեր թիկունքում ինչ-որ մեկի ստվերը կա: Նաև մոռացության անդունդը գլորվող քաղաքը: Հիմա Պատմիչը գրում է այս օրերի պատմությունը: Գրում է երկու օրինակից` սև ու սպիտակ թղթերի վրա: Իսկ դրանցից ո՞ր մեկը կհասնի ապագային` այլևս անիմաստ է:
ԱՂՋԻԿ — Ես զգում եմ, ինչպես է մոռացության սարդոստայնը պատում փողոցները, գունազրկում լուսամուտների ապակիները: Տեսնում եմ, ինչպես ենք պատվում մոռացության մամուռով:
ՏԻՐԱԿԱԼ — Չե՞ս վախենում ինձ հետ թաղվել մոռացության ճահճում:
ԱՂՋԻԿ — Ոչ: Որովհետև ես ոչինչ չեմ հիշում:
Թանձր խավար:
Տեսարան. Նախաբեմի երկու անկյուններում փռվել են դիմակավոր երկուսը:
1-ին դիմակ — Հետաքրքիր պատմություն էր:
2-րդ դիմակ – Ի՜նչ մի հետաքրքիր բան կար: Դեռ ուշ չէ, գարեջրատունը դեռ բաց է:
1-ին դիմակ — Ուշքդ ու միտքդ գարեջուրն է:
2-րդ դիմակ — Իսկ դու տառապում ես համաշխարհային ողբի ծանրության տակ:
1-ին դիմակ – Շա՛տ պետքս է… Այդ ծիծաղելի քաղաքից մի քանի թղթապանակ վերցրի ինձ հետ: Սպասիր, նայեմ… Ահա, այս մեկը կիսատ աշխատություն է… ՛՛Ճշմարտության գաղտնիքը՛՛: Վերնագիրը լավն է, բայց… (Արագ թերթում է: ) Հետաքրքիր ոչ մի բան: Ոչ մեկին պետք չեկող մտքեր են: Հանգիստ սրտով կարող ենք շպրտել: Իսկ սա… Այստեղ նույն պատմության երկու շարադրանք է: Մեկը` կեղծված, մյուսը` չգիտեմ: (Ձեռքերի մեջ ծանրութեթև անելով: ) Ի՞նչ կասես, ո՞րը պահեմ:
2-րդ դիմակ — Բան ու գործ չունեմ` ապագայի հետ պիտի գործարքի մեջ մտնեմ: Ես` պաս, չկամ: Քարշ տվել-բերել ես` դու էլ որոշիր:
1-րդ դիմակ — (կարճ մտորումից հետո): Երկուսն էլ կգցեմ ճանապարհի վրա: Որն ուժեղ է` կմնա: Գնա՞նք գարեջուր խմելու:
2-րդ դիմակ – Վերջապե՜ս… Բայց լավ պատմություն սարքեցինք, չէ՞:
1-ին դիմակ — Ինչ պատմություն էր, որ… Դրանից լավն ենք ունեցել:
2-րդ դիմակ — Լա՞վը, թե՞ վա՞տը:
1-ին դիմակ — Այդ երկուսի տարբերությունը ես չեմ հասկանում: Իսկ դո՞ւ:
2-րդ դիմակ — Անկեղծ ասած, ես` նույնպես:
Ծիծաղելով դուրս են գնում: