ՏԱՐ ԻՆՁ ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐԸ / Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
…Բայց գուցե պե՞տք չէ, որ մարդու բոլոր երազանքներն իրականանան: Ինչ-որ բան էլ պիտի անհասանելի մնա, որ մարդը ճախրելու տեղ ունենա, սիրելու տեղ, երազանքների ու հույսերի տեղ… Երազանքներ չունեցող մարդը սպառված է… Եկեք միասին երազենք «կյանք» կոչվող այս անվերջ երկնաքերի վերջին հարկի ու տանիքի մասին, ուր աստղերն են մեզ սպասում:
(տխուր կատակերգություն 1 արարով, 3 դրվագով)
Գործող անձինք
ՏՂԱՄԱՐԴ
ԿԻՆ
Բեմի կենտրոնում սպիտակ վանդակ է գծված՝ մոտ 1,5×1,5 մետր: Վանդակի չորս անկյուններում թեթև, ուղղահայաց լույսեր են: Որևէ դեկոր չկա: Գործողության ընթացքում լսվում է վերելակի ձայնը: Տղամարդը և Կինը միջին տարիքի են, թեև դա բնավ էական չէ: Ոչ մի վուլգար տեսարան կամ անգամ դա ենթադրող ձայնային կամ այլ էֆեկտ չպետք է լինի: Երաժշտությունը՝ ըստ բեմադրիչի հայեցողության: Տեղ-տեղ կարելի է օգտագործել Pink Floyd-ի “Dark Side of the Moon” ալբոմի վերելակի հատվածի երաժշտությունը:
Կարելի է նաև բնավ առանց երաժշտության:
ԴՐՎԱԳ 1
Կինը մտնում է վերելակի լուսավորված վանդակի մեջ, երևակայական կոճակ սեղմում: Ուսից փոքրիկ պայուսակ է կախված: Կանգնում է ձախ կողմում՝ դեմքով դեպի հանդիսատեսը, սպասում վերելակի շարժվելուն:
ՏՂԱՄԱՐԴ — (հևիհև իրեն վերելակ գցելով և հակառակ անկյունում կանգնելով): Հասցրեցի: Բարի օր:
Կինը զարմացած նայում է Տղամարդուն, ոտքից գլուխ չափում, չի պատասխանում: Հարդարում է մազերը: Վերելակը շարժվում է:
ՏՂԱՄԱՐԴ — (շատ սիրալիր ժպիտով): Իմ բարևին չե՞ք ցանկանում պատասխանել:
ԿԻՆ — (Տղամարդու կողմը չնայելով): Անծանոթ տղամարդկանց չեմ բարևում և անպատեհ խոսակցությունների մեջ չեմ մտնում:
ՏՂԱՄԱՐԴ — (ուրախացած): Ուրեմն առաջարկում եմ ծանոթանալ: Ճանապարհը երկար է…
ԿԻՆ — Ես անծանոթ տղամարդկանց հետ չեմ ծանոթանում:
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն եկեք, այսպես ասած, նախնական ծանոթանանք, քանի որ ճանապարհը երկար է:
ԿԻՆ — (զարմացած հայացք է նետում Տղամարդուն): Երկա՞ր:
ՏՂԱՄԱՐԴ — Երկար:
ԿԻՆ — Նախնակա՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Նախնական:
ԿԻՆ — Ինչպե՞ս:
ՏՂԱՄԱՐԴ — Դե՜… կարող եք ինձ պարզապես Տղամարդ անվանել:
ԿԻՆ — (շրջում է գլուխը, թեթև արհամարհանքով): Ախր, դուք ի՞նչ Տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ — Պայմանական անուն է:
ԿԻՆ — (հպանցիկ նայում է): Լավ, պայմանական Տղամարդ…
ՏՂԱՄԱՐԴ — Թույլ կտա՞ք իմանալ ձեր նախնական անունը:
ԿԻՆ — Կին… ձեզ համար՝ պարզապես Կին:
ՏՂԱՄԱՐԴ — Անչափ ուրախ եմ:
ԿԻՆ — Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ եք այդքան ուրախ:
ՏՂԱՄԱՐԴ — Ամեն օր ձեզ պես հմայիչ կնոջ չես հանդիպի վերելակում: Չեք հավատա, բայց նախորդ կյանքում վերելակում մի… Մի կնոջ հետ էի: Ուֆֆ, ափսո՜ս այդ տարիներս… Կյանքս կերավ… Պատկերացնո՞ւմ եք, վերելակում անցկացրած երկար ու ձիգ տարիներ մեկի հետ, որը շարունակ կրծում է միտքդ ու սիրտդ:
ԿԻՆ — (հառաչելով): Ես հասկացա:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ հասկացաք:
ԿԻՆ — (հեգնական ժպիտով): Ես ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ — Դե ասե՛ք, անհամբերությունից մեռնում եմ:
ԿԻՆ — (ինքնագոհ ժպիտով): Ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ — Խնդրում եմ՝ ասեք, թե ինչ հասկացաք:
ԿԻՆ — Դուք նրանցից եք, ով միշտ ուշանում է համերգից ու մոռանում է անջատել հեռախոսը:
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ…
ԿԻՆ — Անգամ վերելակից քիչ էր մնում՝ ուշանայիք: Երանի՜ թե ուշանայիք…
ՏՂԱՄԱՐԴ — Բայց հասցրեցի:
ԿԻՆ — Ձեր նմաններն են, որ ուշացումով ներս են խուժում համերգասրահ՝ դուռը ճռռացնելով: Մի կերպ գտնում են իրենց տեղն ու, հերթով բոլորի ոտքերը տրորելով, վերջապես տեղավորվում ինքնագոհ ժպիտով…
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — Մի թռուցիկ հայացքն էլ հերիք էր, որ ճանաչեի ձեզ…
ՏՂԱՄԱՐԴ — Ախր ես…
ԿԻՆ — (ժպտալով): Տեսա՞ք, ինչպես մերկացրի ձեզ:
ՏՂԱՄԱՐԴ — Մերկացրի՞ք:
ԿԻՆ — Մի՛ ոգևորվեք: Փոխաբերական իմաստով: Այսինքն՝ ճանաչեցի:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց…
ԿԻՆ — Եվ մի՛ փորձեք արդարանալ: Այդպես խցկվում եք ամեն տեղ, անգամ համերգասրահ ու վերելակ: Եվ այն պահին, երբ թվում է, թե վերջապես կարելի է վայելել երաժշտությունը… Ես գիտեմ, թե ինչ է լինում…
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ է լինում:
ԿԻՆ — Հնչում է ձեր հեռախոսի զանգը… Այդ պատկերն աչքիս առջև է: Ուֆֆ, հոգնե՜լ եմ այս ամենից…
ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ եմ հոգնել… Պատկերացնո՞ւմ եք, մի վերելակի մեջ երկար ու ձիգ տարիներ մի… մի կնոջ հետ… Հակառակի պես հեռախոսի լիցքն էլ վերջացել էր: Ոչ խաղալ էր լինում, ոչ էլ մի ուրիշ բան անել… Ստիպված այդքան տարի նրան եմ լսել…
ԿԻՆ — Դուք չէիք խոսո՞ւմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես նրան էի լսում: Այսպես ասած՝ հասարակական մենության պայմաններում…
ԿԻՆ — Անհետաքրքի՞ր էր…
ՏՂԱՄԱՐԴ — Ահավոր…
ԿԻՆ — Եվ ի՞նչ էիք անում:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ի՞նչ կարող էի անել… Վերելակում շատ բան չկա անելու:
ԿԻՆ — Չկա…
Կարճատև դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դուք ի՞նչ եք անում:
ԿԻՆ — Չեք հավատա, եթե անգամ ասեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Խնդրում եմ…
ԿԻՆ — Եթե ուշադիր լինեիք՝ կնկատեիք:
ՏՂԱՄԱՐԴ — Ուշադիր եմ: Չեմ նկատում…
ԿԻՆ — Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ — (ժպտում է): Դա նկատեցի: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ եք անում: Կյանքում:
ԿԻՆ — Նույնը:
ՏՂԱՄԱՐԴ — Այսի՞նքն:
ԿԻՆ — Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ — Շուտվանի՞ց:
ԿԻՆ — Երբ ծնվեցի, մի քիչ հասակ առա, սկսեցի խոսել ու ինձ մանկապարտեզ տարան: Հենց այդ օրվանից…
ՏՂԱՄԱՐԴ — Այդքա՞նը:
ԿԻՆ — Քի՞չ է: Թե՞ ձեզ թվում է՝ դուք ուրիշ բան եք անում:
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… Չէի մտածել: Ճիշտ եք՝ ես էլ նույնն եմ անում:
ԿԻՆ — Այ տեսնո՜ւմ եք…
ՏՂԱՄԱՐԴ — Տխուր է…
ԿԻՆ — Տխուր է, բայց սա է կյանքը… C’est la vie, mon chere amie…
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ է՞լ ինչ եք անում… Դե, վերելակով բարձրանալուց բացի:
ԿԻՆ — Ե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ — Ըհը…
ԿԻՆ — Ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դարձյալ չհասկացաք: Նկատի ունեմ՝ կյանքում… Ընդհանրապես…
ԿԻՆ — Արդեն ասացի՝ ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ամուսի՞ն…
ԿԻՆ — Ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Երեխանե՞ր…
ԿԻՆ — Ասացի՝ ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՜ս եմ ձեզ հասկանում…
ԿԻՆ — (թեթև հեգնանքով): Մի՞թե տղամարդը կարող է հասկանալ կնոջը…
ՏՂԱՄԱՐԴ — (վստահ): Կարող է…
ԿԻՆ — (ասես չլսելով Տղամարդուն): …և ցրել նրա ձանձրույթը:
ՏՂԱՄԱՐԴ — (ավելի անվստահ): Կարող է:
ԿԻՆ — (թեթևակի շրջվելով դեպի Տղամարդը): Ասացիք՝ ի՞նչ է ձեր անունը:
ՏՂԱՄԱՐԴ — Տղամարդ:
ԿԻՆ — (ետ շրջվելով): Ի՜նչ ձանձրալի է:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — «Ե՜ս, ե՜ս, ե՜ս…»: Հենց դրանից եմ ձանձրանում: Ձեզ համար աշխարհի կենտրոնը դուք եք: Մի աշխարհ ու մի վերելակ, որի տերն ու տնօրենը դուք եք ուզում լինել: Եվ աշխարհն էլ հատու՜կ ձեզ համար է պտտվում:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — Խնդրում եմ՝ լռե՛ք: Թողեք լսեմ վերելակի ձայնը… (Կարճ դադար, ականջ է դնում:) Հետաքրքիր է, ո՞ր հարկին հասանք:
ՏՂԱՄԱՐԴ — Հինգերորդ կամ վեցերորդ:
ԿԻՆ — Բայց դա ի՞նչ էական է… Որքա՜ն եք սիրում ճշգրտություն ամեն ինչում…
ՏՂԱՄԱՐԴ — (մեղավոր ձայնով): Դուք հարցրեցիք…
ԿԻՆ — Կարող էիք ավելի ռոմանտիկ պատասխան գտնել: Հենց դրանից եմ ձանձրանում: Ի դեպ, ի՞նչ կա վերևում…
ՏՂԱՄԱՐԴ — Ամենավերևո՞ւմ:
ԿԻՆ — Ըհը:
ՏՂԱՄԱՐԴ — Ասում են՝ երկինքն է…
ԿԻՆ — Ի՜նչ հետաքրքիր է… Ա՜խ, ինչպես կուզեի գոնե մի անգամ այնտեղ հայտնվել… Իսկ ի՞նչ կա այնտեղ՝ երկնքում:
ՏՂԱՄԱՐԴ — Ասում են, թեև ես չեմ տեսել, այնտեղ աստղեր կան ու մի լուսին… Ու թեթև մի քամի:
ԿԻՆ — (երազանքով): Թեթև քամի, որը խաղում է մազերիդ մեջ ու ալիքում շորիկդ… (Տեղում պտտվում է, որ շորիկը խաղա, իսկ ձեռքով ալիքում է մազերը:) Ասում եք, այնտեղ չե՞ք եղել:
ՏՂԱՄԱՐԴ — Ավա՜ղ…
ԿԻՆ — Ավաղ այո՞, թե՞ ավաղ ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ: Կուզեի լինել, բայց ասում են՝ այնտեղից վերադառնալ հնարավոր չէ:
ԿԻՆ — (երազանքով): Իսկ ես չէի էլ վերադառնա…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս թե… Բա ամուսի՞նը, բա ճա՞շը, արդուկը, լվացքը…
ԿԻՆ — Ո՜նց եմ ձանձրացել բոլորիցդ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինձանի՞ց էլ:
ԿԻՆ — Այո՛: Այն պահից, երբ ներխուժեցիք վերելակ: Անգամ դրանից առաջ: Դուք այնքա՜ն կանխատեսելի եք…
ՏՂԱՄԱՐԴ — (հառաչում է): Գուցե… Այսինքն՝ թերևս…
ԿԻՆ — Ես գիտեի… Ես զգում էի… Հրաշքներ չեն լինում:
ՏՂԱՄԱՐԴ — Ես չգիտեմ…
ԿԻՆ — Բայց անգիր գիտեք վերելակի արագությունն ու մեքենայի կառուցվածքը, չէ՞: Ձմեռային անվադողեր, շարժիչի յուղ, անվահեծեր ու էլի ինչ-որ ձանձրույթներ…
ՏՂԱՄԱՐԴ — Իրավացի եք, անվադողերը փոխելու ժամանակն է:
ԿԻՆ — Ձեզ մոտ գինի չկա՞:
ՏՂԱՄԱՐԴ — Գինի՞… Գինի չկա:
ԿԻՆ — Ձանձրալի մարդ եք դուք, պարոն…
ՏՂԱՄԱՐԴ — (համակերպված): Ձանձրալի եմ… Խոստովանում եմ…
ԿԻՆ — Ինքնախոստովանությունը դեռևս գործի կեսն է:
ՏՂԱՄԱՐԴ — Հաստատ:
ԿԻՆ — Ե՞վ:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը «Եվ»:
ԿԻՆ — Հետո՞:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը «Հետո»…
ԿԻՆ — Հետևություններ, պարոն Ձանձրալի, հետևություններ…
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… Չգիտեմ… Մի անգամ… Չեմ հիշում…
ԿԻՆ — Փաստորեն ես ճիշտ էի:
ՏՂԱՄԱՐԴ — Անվադողերի հարցո՞ւմ: Միանշանակ ճիշտ եք: Փոխելու ժամանակն է:
ԿԻՆ — Սպասե՛ք: Լռե՛ք, խնդրում եմ:
Լռում են մի քանի վայրկյան: Վերելակային ձայներ են լսվում:
ԿԻՆ — Ի՞նչ ձայն էր:
ՏՂԱՄԱՐԴ — (ականջ դնելով): Կարծես ինչ-որ հարկի հասանք:
ԿԻՆ — (հույսով): Երկնքի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ կարծում:
ԿԻՆ — Ափսո՜ս…
ՏՂԱՄԱՐԴ — Ուզում եք, որ հասնենք երկնքի՞ն:
ԿԻՆ — Շա՜տ… Շատ եմ ուզում…
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ասում են՝ այնտեղից վերադարձ չկա:
ԿԻՆ — Իսկ ես չեմ էլ ուզում վերադառնալ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս: Բա ամուսինը, ճաշը, լվացքը…
ԿԻՆ — (սրտնեղած): Լռե՛ք, խնդրում եմ… Դուք երբեք ինձ չեք հասկանա:
ՏՂԱՄԱՐԴ — (քիչ վրդովված): Ինչո՞ւ չեմ հասկանա:
ԿԻՆ — Որովհետև գիտեմ՝ ով եք:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ք:
ԿԻՆ — Միանշանակ: Ով միշտ ուշանում է համերգից, հերիք չէ, մոռանում է անջատել հեռախոսը:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — (ընդհատելով): Բացի այդ, ավտոմեխանիկ եք:
ՏՂԱՄԱՐԴ — (ընդվզելով): Բայց ես ավտոմեխանիկ չեմ:
ԿԻՆ — Դուք հոգո՛վ եք ավտոմեխանիկ՝ շարժիչ, յուղ, ձմեռային անվադողեր… Անգամ ձեր իսկական՝ ոչ-պայմանական անունը գիտեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ք: Որտեղի՞ց:
ԿԻՆ — Գիտե՜մ: Ձեր անունը Ձանձրույթ է:
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… Բայց ես…
ԿԻՆ — Ի՜նչ էլ նեղվածք է այստեղ… Անգամ պարելու տեղ չկա…
ՏՂԱՄԱՐԴ — (փորձելով սեղմվել վերելակի անկյունում): Ահավասիկ…
Կինը ցած է դնում պայուսակը, փորձում է պարային պտույտ կատարել, ձեռքը քսվում է Տղամարդուն: Այդ պահին մեխանիզմի կռնչյուն է լսվում, և վերելակը կանգ է առնում: Միաժամանակ լույսերը թուլանում են՝ գրեթե մարելու աստիճան: Միայն թույլ «հերթապահ» լույսի շող է ընկնում վանդակի մեջ և աստիճանաբար մարում: Այսուհետև ամբողջ շեշտադրությունը ձայնային կատարման վրա է՝ բացարձակ մթության մեջ:
ԴՐՎԱԳ 2
ԿԻՆ — (վախեցած): Ի՞նչ եղավ:
ՏՂԱՄԱՐԴ — Կարծես լույսերը գնացին:
ԿԻՆ — Ո՞ւր գնացին:
ՏՂԱՄԱՐԴԻԿ — Չգիտեմ… Լսել եմ, որ ամենաներքևում, առաջին հարկից վար, մի հարկ էլ կա, անունը՝ նկուղ: Գուցե այնտեղ…
ԿԻՆ — Նկո՞ւղ:
ՏՂԱՄԱՐԴ — Նկուղ…
ԿԻՆ — Ջրմուղի հետ կապ ունի՞:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ կարծում, թեև վստահ չեմ:
ԿԻՆ — Իսկ ի՞նչ կա նկուղում…
ՏՂԱՄԱՐԴ — Ինքս էլ լավ չգիտեմ: Կուզե՞ս քեզ տանեմ այնտեղ: Ասում են՝ այնտեղ հրաշալի հասարակություն է հավաքվում:
ԿԻՆ — Չէ՜, սպասիր… Թույլ կտա՞ս բռնել քո ձեռքը: Ես վախենում եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Այո, իհարկե: Հիմա կպարզեմ ձեռքս… Ահա… Սա քո՞ ձեռքն է:
ԿԻՆ — Դե, եթե քոնը չէ, ուրեմն իմն է: Կարծեմ վերելակում միայն մենք ենք, չէ՞: (Ծիծաղկոտ ձայնով:) Աո՜ւ, ո՞վ կա այստեղ:
ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ:
ԿԻՆ — Դու ո՞վ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Պարոն Ձանձրույթը:
ԿԻՆ — Հա՜, հիշեցի… Պարոն Ձանձրույթը, որի ուշքն ու միտքը ձմեռային անվադողերն են:
ՏՂԱՄԱՐԴ — (ուրախացած): Ի՜նչ լավ է, որ մտաբերեցիր ինձ:
ԿԻՆ — Բայց դա քեզ իրավունք չի տալիս ձեռքս այդպես բռնել:
ՏՂԱՄԱՐԴ — Ներիր, խնդրում եմ…
ԿԻՆ — Ո՞ւր կորար: Բաց մի՛ թող ձեռքս: Ես վախենում եմ: Ի՜նչ տաք է քո ձեռքը:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ քոնը՝ փափուկ…
ԿԻՆ — Եվ ուժեղ…
ՏՂԱՄԱՐԴ — Եվ նուրբ…
ԿԻՆ — Ի՞նչ ես կարծում՝ լույսերը շո՞ւտ կգան:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ: Սովորաբար դա տևում է ամիսներ և անգամ տարիներ…
ԿԻՆ — Տարինե՜ր…
ՏՂԱՄԱՐԴ — Շտապո՞ւմ ես:
ԿԻՆ — Մի քիչ… Հասկանո՞ւմ ես՝ լվացքս, արդուկս, ճաշս… Գրողը տանի… Ես չեմ ուզում շտապել… Գրողի ծոցը թող գնան լվացքն ու արդուկը…
ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ:
ԿԻՆ — Եվ անգամ ճաշը…
ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ քեզ:
ԿԻՆ — Մրսում եմ: Մյուս ձեռքս էլ բռնիր, խնդրում եմ… (Կարճ դադար:) Ա՜խ, ի՜նչ տաք և ուժեղ են քո մատները…
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ քոնը՝ նուրբ ու գեղանի… Եվ բուրում են միլիոնավոր վարդերի պես:
ԿԻՆ — (երազկոտ): Վարդե՜ր… Ասում ես՝ ի՞նչ կա նկուղում:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ… Պատմում են, որ այնտեղ մութ է…
ԿԻՆ — Ովքե՞ր են պատմում: Ջրմուղի մարդի՞կ:
ՏՂԱՄԱՐԴ — Երևի: Ասում են՝ այնտեղ շա՜տ մութ է:
ԿԻՆ — Այս վերելակի պե՞ս:
ՏՂԱՄԱՐԴ — Ավելի մութ… Այնտեղ բոլորը մշտնջենական տառապանքի մեջ են…
ԿԻՆ — Չէ՛, ես չեմ ուզում տառապել: Հերի՛ք է: Իմ ձանձրույթը հենց իմ տառապանքն է: Գիտե՞ս՝ միակ ազատությունս այս երկար ու ձիգ տարիներին իմ երազներն էին: Այն մի քանի ժամը, երբ կարելի էր մոռանալ լվացքի ու աման-չամանի մասին ու երազել… Իսկ դու գիտե՞ս՝ ինչի մասին եմ միշտ երազել… Լռի՛ր, երբեք չես կռահի: Քեզ կասեմ: Պատկերացնո՞ւմ ես՝ քնած ձևանալ ու երազել այն հույսով, որ ոչ ոք քեզ այդ պահին չի ասի՝ սոված եմ, ծարավ եմ, ո՞ւր է սպիտակ վերնաշապիկս, ճաշը պատրա՞ստ է, չիշիկ ունեմ, երեկոյան չմոռանաս՝ հրավիրված ենք, առավոտյան չմոռանաս՝ ծնողական ժողով է, չմոռանաս, որ կին ես, իմ կինը… Իսկ ես չեմ ուզում որևէ մեկի կինը լինել, հասկանո՞ւմ ես: Ես ուզում եմ պարզապես կին լինել ու ճախրել, բարձրանալ ու խառնվել աստղերին: Ու խառնել աստղերը… Ու սիրո բառեր լսել… Ու սիրված լինել… Հասկանո՞ւմ ես… Ասա՛, իմ սիրելի ու ձանձրալի ավտոմեխանիկ, ասա՛…
ՏՂԱՄԱՐԴ — Դու հրեշտակի պես ես՝ թեթև, եթերային… Եվ վարդերի բույրով օծված…
ԿԻՆ — (անհանգստացած): Ի՞նչ ես անում…
ՏՂԱՄԱՐԴ — Համբուրում եմ քո մատները…
ԿԻՆ — Բայց դու դողում ես…
ՏՂԱՄԱՐԴ — Այո, դողում եմ: Եվ իմ սիրտն է դողում…
ԿԻՆ — Գրկիր ինձ… ուզում եմ ինձ կին զգալ… հոգնել եմ… ճախրել եմ ուզում… Պտտիր ինձ ձեռքերիդ վրա… Ի՜նչ ընդարձակ է այստեղ… Ինչո՞ւ լույսերը շուտ չէին գնում… Այո, պտտիր ինձ… Ես ուզում եմ թռչուն դառնալ և ճախրել… Ես ուզում եմ հասնել վերջին հարկին, ուր աստղերն ու լուսինն են… Ես ուզում եմ, որ քամին տանի ինձ… Ուզում եմ փաթաթվել ծառերի ճյուղերին ու շոյել պարտեզի վարդերը… Զով տանել սիրո կարոտից տոչորվող սրտերին ու սիրո չասված բառերից չորացած շուրթերին…
ՏՂԱՄԱՐԴ — Հիմա դու կարող ես անել դա…
ԿԻՆ — Ի՜նչ լավն է վերելակը, մեր վերելակը… Այստեղ չկան ցավեր, ու չկա ճնշումը չափող սարք: Չկան բժիշկներ ու ավտոտեսուչներ, չկան ջրմուղի մարդիկ ու չկան հարևաններ… Չկա մեկը, որի հետ ստիպված ես ապրել, քնել ու արթնանալ, հյուր գնալ ու սպանել կիրակի օրերդ… Այդ ամենաձանձրալի օրը, որն սկսվում է ու երբեք չի ավարտվում… Եվ միայն քունը, երբ, ամուսնական պարտականություններդ կատարելուց հետո, վերջապես կարող ես շրջվել մյուս կողքիդ, փակել աչքերդ ու երազել… (Կարճ դադար:) Դու հասկանո՞ւմ ես… այստե՞ղ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Այստեղ եմ:
ԿԻՆ — Ինձ լսո՞ւմ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Լսում եմ:
ԿԻՆ — Հաստա՞տ ավտոմեխանիկ չես:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ես…
ԿԻՆ — (ընդհատելով): Չէ, չհասկացար ինձ: Դու հոգուդ խորքում ավտոմեխանիկ չես, չէ՞: Ես չեմ զզվում քո մարմնի հոտից: Ես չեմ զզվում քո ձեռքերի հոտից, երբ մեքենայիդ յուղն ես փոխում կամ էլ շարժիչը մաքրում: Ես սիրում եմ մարմնիդ ու ձեռքերիդ հոտը: Բայց զզվում եմ, երբ տղամարդու սրտից է վառված յուղի ու մեքենայի շարժիչի հոտ գալիս: Ի՜նչ հզոր են քո ձեռքերը… Ես սիրում եմ քո ձեռքերը, իմ մի քիչ ձանձրալի պարոն… Սիրում եմ քո ձեռքերը… Քո հզոր ձեռքերը…
ՏՂԱՄԱՐԴ — Ես սիրում եմ քո մաշկը…
ԿԻՆ — Ինձ մի հետաքրքիր բան պատմիր, խնդրում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Հետաքրքի՞ր… Հետաքրքիր… Հա, հիշեցի… Ներքին այրման շարժիչը նախատեսված է քիմիական էներգիան մեխանիկականի վերափոխելու համար: Շարժիչները լինում են քառատակտ ու…
ԿԻՆ — Օ՜ ոչ, միայն թե ոչ դա… Խնդրո՜ւմ եմ…
ՏՂԱՄԱՐԴ — Լավ… Հիշեցի: Աշխատանքը որոշվում է որպես ուժի և անցած ճանապարհի արտադրյալ…
ԿԻՆ — (մի քիչ զզված): Չէ՜…
ՏՂԱՄԱՐԴ — Մի անգամ վայրի ձիեր տեսա…
ԿԻՆ — Ավելի լավ է, բայց ի՜նչ շատ ես խոսում…
ՏՂԱՄԱՐԴ — Ես կլռեմ…
ԿԻՆ — Ո՜չ, մի՛ լռիր: Ուզում եմ լսել քո ձայնը: Ասա, որ գեղեցիկ եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Չքնաղ ես:
ԿԻՆ — Ասա, որ թեթև եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Եթերային ես:
ԿԻՆ — Ասա, որ քեզ հարբեցնում է իմ բույրը…
ՏՂԱՄԱՐԴ — Եվ անգամ գինի պետք չէ քեզնով հարբելու համար:
ԿԻՆ — Սկսում ես տղամարդ դառնալ…
ՏՂԱՄԱՐԴ — Տղամարդ…
ԿԻՆ — Բայց քեզ պետք էր մի կնոջ հետ մենակ մնալ վերելակի մեջ տղամարդ դառնալու համար…
ՏՂԱՄԱՐԴ — Երևի… Թերևս… Հաստատ…
ԿԻՆ — Հաստա՞տ: Եվ մի՞թե քո մտքով երբեք չի անցել հասնել վերջին հարկին, որ «տանիք» են անվանում, դուրս գալ վերելակից, նայել աստղերին ու վարակվել նրանցով: Ու լուսնից մի փոքր արծաթափոշի խնդրել ու դրանով օծել երեսդ ու մարմինդ… Որ վարակվես աստղերի քնքշությամբ ու լուսնի խորհրդավորությամբ…
ՏՂԱՄԱՐԴ — Ինձ քեզ պես կին էր պետք, որ ինձ տղամարդ զգայի:
ԿԻՆ — Կի՜ն… Իսկ դու գիտե՞ս, ինչ է կինը:
ՏՂԱՄԱՐԴ — Կինը…
ԿԻՆ — Այո, կինը…
ՏՂԱՄԱՐԴ — Կինը…
ԿԻՆ — Ես եմ… Գիտե՞ս, ինչ է պետք, որ ինձ կին զգամ: Այնքա՜ն պարզ ու միաժամանակ, այնքա՜ն բարդ մի բան՝ տղամարդ: Տղամարդ, որն առանց վախենալու ինձ վերելակով կհասցնի ամենավերին հարկը, ուր աստղերն ու լուսինն են՝ արծաթե փոշով:
ՏՂԱՄԱՐԴ — Դու այնքա՜ն կին ես… Դու արժանի ես դրան…
ԿԻՆ — (քիչ հուսահատ, սրտնեղած): Եթե արժանի եմ, ինչո՞ւ ես անընդհատ փորձում ինձ նկուղ տանել, ուր մութ է և չի հասնում աստղերի լույսը: Մի՞թե դրան եմ արժանի: Մի՞թե ինձ նվաստացնելով ես ինքնահաստատվում:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես… Ասում են՝ նկուղում շա՜տ հետաքրքիր հասարակություն է հավաքվում:
ԿԻՆ — Օ՜, պարոն Ձանձրույթ… Դու չես կարող միայնա՞կ բավարարել իմ որոնումները: Քեզ այլ ձանձրալի պարոնների ընկերակցությո՞ւնն է անհրաժեշտ:
ՏՂԱՄԱՐԴ — Պարզապես ցանկացա ասել, որ…
ԿԻՆ — Լռի՛ր, խնդրում եմ: Գրկի՜ր ինձ, ուզում եմ զգալ հզոր ձեռքերդ: Ուզում եմ զգալ սերդ: Ես հոգնել եմ վերմակի տակ բոլորից գաղտնի երազելուց: Ես ուզում եմ հարթմնի երազել, հասկանո՞ւմ ես: Ես ուզում եմ կին լինել…
ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ…
ԿԻՆ — Սո՛ւս, լսո՞ւմ ես: (Ավելի ցածր ձայնով:) Մեկը կարծես քայլում է աստիճաններով: Լսի՛ր…
Կարճ դադար: Քայլերի ձայն է լսվում:
ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ ես: Պետք է օգնություն կանչել…
ԿԻՆ — Չհամարձակվե՛ս: Ինչո՞ւ ես ուզում օգնություն կանչել:
ՏՂԱՄԱՐԴ — Դե՜… Որ…
ԿԻՆ — Այդքան անօգնակա՞ն ես:
ՏՂԱՄԱՐԴ — Ես… Երևի… Թերևս…
ԿԻՆ — Ինչո՞ւ ես ուզում, որ ավարտվի այս հեքիաթը: Դու վախենո՞ւմ ես:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչի՞ց: Մթությունի՞ց:
ԿԻՆ — Ինձանի՜ց: Դու վախենո՞ւմ ես ինձանից: Դու՝ հզոր, բայց մի քիչ ձանձրալի տղամարդդ, վախենում ես մի թույլ և անօգնական կնոջի՞ց:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ… Ես չգիտեմ… Պարզապես…
ԿԻՆ — Ուրեմն լռի՛ր, խնդրում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դու ճիշտ ես:
ԿԻՆ — Եթե ճիշտ եմ, ուրեմն՝ լուռ գրկիր ինձ: Չեմ ուզում, որ գա վերելակի մասնագետն ու փրկի մեզ: Դա մահ է: Հասկանո՞ւմ ես, դա մահ է: Այդ ջրմուղի, գազի ու վերելակի մարդիկ մահվան պես են գալիս ու մահ են բերում: Եվ հենց այն պահերին, երբ ցանկանում ես մենակ մնալ ու երազել… Ես չեմ ուզում, որ մեկը, որի սրտից մեքենայի ու վառված յուղի հոտ է գալիս, անգամ փորձի փրկել ինձ: Դա նույնն է, թե վարդը փորձես բահով շոյել կամ էլ ցանցով փորձես քամի որսալ:
ՏՂԱՄԱՐԴ — Իմ քնքուշ վարդ…
ԿԻՆ — Իսկ դու գիտե՞ս, ես ինչ եմ սիրում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ես սիրում:
ԿԻՆ — (ծիծաղկոտ): Մտքովդ չի անցնի… Ես սիրում եմ համերգից ուշանալ: Այդ պահին բոլորը մոռանում են խմբավարին ու երաժշտությունը և շրջվում են իմ կողմը: Այնքան եմ սիրում համերգների գնալ: Հագնում եմ լավագույն զգեստս… Ու բոլորը շրջվում ու ինձ են նայում… Տղամարդիկ ապշում են ու սիրահարվում, կանայք՝ նախանձից ու խանդից պայթում: Հսկա դռնով մտնում եմ ներս՝ իմ ամենագեղեցիկ շորով… Ու հսկա դահլիճ ներխուժած քամին խաղում է շորիկիս ու մազերիս հետ: Թե՞ կարծում ես՝ ուշանում եմ համերգից, քանի որ չեմ հասցնում ամանները լվանալ ու լվացքը անել: Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ: Ես կարող եմ այնքան գործնական լինել, որ բոլոր տղամարդիկդ միասին միայն իմ արածի կեսն էլ չեք կարողանա անել:
ՏՂԱՄԱՐԴ — Վստահ եմ:
ԿԻՆ — Բայց ես չեմ ուզում: Հասկանո՞ւմ ես: Չե՜մ ուզում… Ես ուզում եմ կին մնալ և ուզում եմ մի փոքր ուշանալ համերգից… Նաև հատուկ հեռախոսս միացրած եմ թողնում: Ինքս ինձ զանգ եմ ուղարկում: Եվ այդ պահին բոլորը կրկին շրջվում են իմ կողմը: Տղամարդիկ, արտաքուստ հանդիմանությամբ, ուրախանում են, քանի որ օրինական պահանջ ունեն կրկին անգամ ինձնով հիանալու: Դե, իսկ կանայք էլ… Դե կանայք են, էլի… Գիտե՞ս՝ ի՜նչ հրաշք է, երբ քամին խաղում է մազերիս ու շորիկիս հետ…
ՏՂԱՄԱՐԴ — Պատկերացրի: Երանի ե՛ս քամի լինեի ու խաղայի մազերիդ հետ…
ԿԻՆ — Իսկ դու եղի՛ր: Հզոր ու տաք քամի եղիր… Տար ինձ քո հորձանուտը, բարձրացրու վեր՝ դեպի աստղերն ու պտտիր ինձ այս հոգնած քաղաքի տանիքներից անդին՝ աստղերի մեջ… Պտտի՜ր ինձ, հարբեցրո՜ւ ինձ… Ես այնքա՜ն եմ ուզում կին լինել՝ սիրող ու սիրված… Ես այնքա՜ն եմ զզվել մեքենայի յուղի հոտով սրտերից ու հոգիներից… Ես սիրում եմ քո ձեռքերը, քո հզոր ու սիրող ձեռքերը… Ասա՛ ինձ աստղերի ու քամու կախարդական բառերը: Ես ուզում եմ լսել դրանք:
ՏՂԱՄԱՐԴ — Ես քեզ սիրում եմ, իմ Կին…
ԿԻՆ — Ես քեզ սիրում եմ, իմ Տղամարդ… Տա՜ր ինձ տանիք, տա՜ր ինձ դեպի աստղերը…
ՏՂԱՄԱՐԴ — Դեպի հեքիաթ և դեպի աստղերը…
ԿԻՆ — (մտահոգ): Բայց գուցե պետք չէ՞, որ մարդու բոլոր երազանքներն իրականանան: Ինչ-որ բան էլ պիտի անհասանելի մնա, որ մարդը ճախրելու տեղ ունենա, սիրելու տեղ, երազանքներ ու հույսեր: Երազանքներ չունեցող մարդը սպառված է… Ես ուզում եմ երազել վերջին հարկի ու տանիքի մասին, ուր աստղերն ի՛նձ են սպասում…
Կարճատև լռություն և դադար: Վառվում են նախկին լույսերն ու լսվում է վերելակի շարժիչի ձայնը: Կինը, հանկարծակիի եկած, դուրս է պրծնում Տղամարդու գրկից:
ԴՐՎԱԳ 3
ԿԻՆ — Ի՞նչ եղավ:
ՏՂԱՄԱՐԴ — Լույսերը եկան:
ԿԻՆ — (հարդարելով մազերն ու շորը): Ի՜նչ ահավոր է… Աչքերս մղկտացին այս լույսից…
ՏՂԱՄԱՐԴ — (իրեն կարգի բերելով): Իմն էլ: Երկար ճանապարհի համար խորհուրդ է տրվում արևի ակնոց ունենալ: Քո պայուսակում ավելորդ ակնոց չկա՞:
ԿԻՆ — (զարմացած հայացք նետելով Տղամարդու կողմը): Ներեցեք, իսկ դուք ո՞վ եք: Եվ ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս ինձ հետ «Դու»-ով խոսել ու ակնոց պահանջել…
ՏՂԱՄԱՐԴ — (մեղավոր ձայնով): Պարզապես հարցրի… (Ուրախացած ու զգաստ:) Պատիվ ունեմ ներկայանալու: Իմ անունը…
ԿԻՆ — Սպասե՛ք… Մի րոպե… Պե՛տք չէ… Ես անծանոթ տղամարդկանց հետ չեմ ծանոթանում: Առանց այդ էլ ճանապարհը երկար է…
ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն եկեք, այսպես ասած, նախնական ծանոթանանք, քանի որ ճանապարհը երկար է:
ԿԻՆ — Երկա՞ր: Բայց ես այնքա՜ն գործ ունեմ անելու…
ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ… Ի դեպ, եթե իմ անունը ձեզ չի հետաքրքրում, կարող եք ինձ պարզապես Տղամարդ կոչել:
ԿԻՆ — Տղամա՜րդ… (Հեգնանքով:) Ախր, դուք ի՞նչ Տղամարդ:
ՏՂԱՄԱՐԴ — Պայմանական անուն է:
ԿԻՆ — Լավ, պայմանական Տղամարդ…
ՏՂԱՄԱՐԴ — Թույլ կտա՞ք իմանալ ձեր նախնական անունը:
ԿԻՆ — Կին… Ձեզ համար՝ պարզապես Կին:
ՏՂԱՄԱՐԴ — Անչափ ուրախ եմ:
ԿԻՆ — Մի հարցնող լինի՝ ինչո՞ւ եք այդքան ուրախ:
ՏՂԱՄԱՐԴ — Ամեն օր ձեզ պես հմայիչ կնոջ չես հանդիպի վերելակում: Չեք հավատա, բայց նախորդ կյանքում վերելակում մի… Մի կնոջ հետ էի: Ուֆֆ… Կյանքս կերավ… Հակառակի պես հեռախոսի լիցքն էլ վերջացել էր: Ոչ խաղալ էր լինում, ոչ էլ անգամ եղանակի տեսությունը նայել… Ստիպված այդքան տարի նրան եմ լսել…
ԿԻՆ — Ես հասկացա:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ հասկացաք:
ԿԻՆ — (հեգնական ժպիտով): Ես ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ — Դե ասե՛ք, անհամբերությունից մեռնում եմ:
ԿԻՆ — (ինքնագոհ ժպիտով): Ամե՜ն ինչ հասկացա…
ՏՂԱՄԱՐԴ — Խնդրում եմ՝ ասեք, թե ինչ հասկացաք:
ԿԻՆ — Ձեր նմաններն են, որ ուշացումով ներս են խուժում համերգասրահ՝ դուռը ճռռացնելով: Մի կերպ գտնում են իրենց տեղն ու, հերթով բոլորի ոտքերը տրորելով, վերջապես տեղավորվում են՝ ինքնագոհ ժպիտով…
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ…
ԿԻՆ — Անգամ վերելակից քիչ էր մնում ուշանայիք: Երանի՜ թե ուշանայիք…
ՏՂԱՄԱՐԴ — Բայց հասցրեցի:
ԿԻՆ — Մի թռուցիկ հայացքն էլ հերիք էր, որ ճանաչեմ ձեզ…
ՏՂԱՄԱՐԴ — Ախր ես…
ԿԻՆ — Մի՛ փորձեք արդարանալ: Այդպես խցկվում եք ամեն տեղ, անգամ՝ համերգասրահ ու վերելակ: (Պաթոսով:) Եվ այն պահին, երբ թվում է, թե վերջապես կարելի է վայելել երաժշտությունը… (Հիասթափությամբ:) Ես գիտեմ, թե ինչ է լինում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ է լինում:
ԿԻՆ — Ես գիտեմ…
ՏՂԱՄԱՐԴ — Դե ասե՛ք, խնդրում եմ: Ի՞նչ է լինում:
ԿԻՆ — Հնչում է ձեր հեռախոսի զանգը… Ուֆֆ, հոգնել եմ այս ամենից…
ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ…
Տղամարդն խոնարհում է հայացքը: Կարճատև դադար:
ԿԻՆ — Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը:
ԿԻՆ — Իրար մոտիկից ճանաչելով՝ մենք անցանք «Դուք»-ի… Թեև դա գուցե բնական է…
ՏՂԱՄԱՐԴ — Բնակա՞ն է:
ԿԻՆ — Թերևս…
Կարճատև դադար:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դուք ի՞նչ եք անում:
ԿԻՆ — Չեք հավատա, եթե անգամ ասեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Խնդրում եմ…
ԿԻՆ — Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ — (ժպտում է): Դա նկատեցի: Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ եք անում: Կյանքում:
ԿԻՆ — Նույնը:
ՏՂԱՄԱՐԴ — Այսի՞նքն:
ԿԻՆ — Բարձրանում եմ վերելակով:
ՏՂԱՄԱՐԴ — Դա շո՞ւտ սկսեց:
ԿԻՆ — Երբ ծնվեցի, մի քիչ հասակ առա, սկսեցի խոսել ու ինձ մանկապարտեզ տարան: Հենց այդ օրվանից…
ՏՂԱՄԱՐԴ — Այդքա՞նը:
ԿԻՆ — Քի՞չ է: Թե՞ ձեզ թվում է՝ դուք ուրիշ բան եք անում:
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… Չէի մտածել: Ճիշտ եք՝ ես էլ նույնն եմ անում:
ԿԻՆ — Այ տեսնո՞ւմ եք…
ՏՂԱՄԱՐԴ — Տխուր է…
ԿԻՆ — Տխուր է, բայց սա է կյանքը… C’est la vie, mon chere amie…
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ է՞լ ինչ եք անում… Դե, վերելակով բարձրանալուց բացի:
ԿԻՆ — Ե՞ս…
ՏՂԱՄԱՐԴ — Դուք:
ԿԻՆ — Ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Դարձյալ չհասկացաք: Նկատի ունեմ՝ կյանքում… Ընդհանրապես…
ԿԻՆ — Ասացի՝ ձանձրանում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՜ս եմ ձեզ հասկանում…
ԿԻՆ — Մի՞թե տղամարդը կարող է հասկանալ կնոջը…
ՏՂԱՄԱՐԴ — (վստահ): Կարող է…
ԿԻՆ — (ասես չլսելով Տղամարդուն, կիսաձայն): …և ցրել նրա ձանձրույթը…
ՏՂԱՄԱՐԴ — (ավելի անվստահ): Կարող է…
ԿԻՆ — (թեթևակի շրջվելով դեպի Տղամարդը): Ասացիք՝ ի՞նչ է ձեր անունը:
ՏՂԱՄԱՐԴ — Տղամարդ:
ԿԻՆ — Ի՜նչ ձանձրալի է:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես…
ԿԻՆ — Խնդրում եմ՝ լռեք: Թողեք լսեմ վերելակի ձայնը… (Ականջ դնելով:) Հետաքրքիր է, ո՞ր հարկին հասանք:
ՏՂԱՄԱՐԴ — Յոթերորդ կամ ութերորդ:
ԿԻՆ — Թեև դա ի՞նչ էական է… Որքա՜ն եք սիրում ճշգրտություն ամեն ինչում…
ՏՂԱՄԱՐԴ — (մեղավոր): Դուք հարցրեցիք…
ԿԻՆ — Կարող էինք և ավելի ռոմանտիկ պատասխան գտնել… Հենց դրանից եմ ձանձրանում… Ի դեպ, իսկ ի՞նչ կա վերևում…
ՏՂԱՄԱՐԴ — Ամենավերևո՞ւմ:
ԿԻՆ — Ըհը:
ՏՂԱՄԱՐԴ — Ասում են՝ երկինքն է…
ԿԻՆ — Ի՜նչ հետաքրքիր է… Ա՜խ, ինչպես կուզեի գոնե մի անգամ այնտեղ հայտնվել… Ասում են, թեև ինքս չեմ հավատում, այնտեղ աստղեր կան ու մի լուսին… Թեթև քամի է, որը խաղում է մազերիդ մեջ ու ալիքում շորիկդ… (Շարժում է շորիկը, ձեռքով ալիքում մազերը:) Այնտեղ եղե՞լ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ավա՜ղ…
ԿԻՆ — Ավաղ այո՞, թե՞ ավաղ ոչ:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ: Կուզեի լինել, բայց ասում են՝ այնտեղից վերադառնալ հնարավոր չէ:
ԿԻՆ — Իսկ ես չէի էլ վերադառնա…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս թե չէիք վերադառնա… Բա ամուսի՞նը, բա ճա՞շը, արդուկը, լվացքը…
ԿԻՆ — Ո՜նց եմ ես ձանձրացել բոլորիցդ…
ՏՂԱՄԱՐԴ — Ինձանի՞ց էլ:
ԿԻՆ — Այն պահից սկսած, երբ ներխուժեցիք վերելակ: Անգամ դրանից առաջ: Դուք այնքա՜ն կանխատեսելի եք… Դուք միշտ այդպես ներխուժում եք ուրիշի կյանք…
ՏՂԱՄԱՐԴ — (հառաչում է): Գուցե… Այսինքն՝ թերևս…
ԿԻՆ — Ես գիտեի… Ես զգում էի… Հրաշքներ չեն լինում, չէ՞:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն չգիտեմ… Ես ոչինչ չգիտեմ:
ԿԻՆ — Իհարկե գիտեք: Գիտեք վերելակի արագությունն ու ձեր մեքենայի կառուցվածքը, չէ՞: Ձմեռային անվադողեր, շարժիչի յուղ, անվահեծեր ու էլի ինչ-որ…
ՏՂԱՄԱՐԴ — Այո, ի՜նչ ճիշտ եք, անվադողերը փոխելու ժամանակն է…
ԿԻՆ — Իսկ ձեզ մոտ գինի չկա՞:
ՏՂԱՄԱՐԴ — Գինի… Գինի չկա… Ավտոմեքենայի յուղ կա՝ փոքրիկ սրվակով… (Ծոցագրպանից փոքրիկ սրվակ է հանում:)
ԿԻՆ — (Տղամարդուն չնայելով): Պարզ է…
ՏՂԱՄԱՐԴ — (սրվակը դնում է գրպանը, համակերպված): Ես ձանձրալի եմ… Խոստովանում եմ…
ԿԻՆ — Ինքնախոստովանությունը դեռևս գործի կեսն է:
ՏՂԱՄԱՐԴ — Այո:
ԿԻՆ — Ե՞վ:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը «Եվ»:
ԿԻՆ — Հետո՞:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչը «Հետո»…
ԿԻՆ — Հետևություններ, պարոն Ձանձրալի, հետևություններ…
ՏՂԱՄԱՐԴ — (մոլորված): Հըմ…
ԿԻՆ — Փաստորեն ես ճիշտ էի:
ՏՂԱՄԱՐԴ — Անվադողերի հարցո՞ւմ: Միանշանակ ճիշտ եք: Փոխելու ժամանակն է:
ԿԻՆ — Սպասե՛ք: Լռե՛ք, խնդրում եմ:
Լռում են մի քանի վայրկյան՝ ականջ դնելով: Վերելակային ձայներ են լսվում:
ԿԻՆ — Ի՞նչ ձայն էր:
ՏՂԱՄԱՐԴ — Կարծես ինչ-որ հարկի հասանք:
ԿԻՆ — Երկնքի՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ կարծում…
ԿԻՆ — Ափսո՜ս…
ՏՂԱՄԱՐԴ — Ափսոս…
ԿԻՆ — Շա՜տ ափսոս…
ՏՂԱՄԱՐԴ — Ուզում եք, որ հասնենք երկնքի՞ն:
ԿԻՆ — Շա՜տ… Շա՛տ եմ ուզում… Շա՜տ կուզեի…
ՏՂԱՄԱՐԴ — Բայց ասում են՝ այնտեղից վերադարձ չկա:
ԿԻՆ — Իսկ ես չեմ էլ ուզում վերադառնալ…
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս: Բա ամուսի՞նը, ճաշը, լվացքը…
ԿԻՆ — (սրտնեղած, ծաղրելով): Ճա՜շը, լվա՜ցքը… Լռե՛ք, խնդրում եմ… Դուք երբեք չեք հասկանա ինձ:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ չեմ հասկանա:
ԿԻՆ — Որովհետև գիտեմ, դուք ով եք:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ք:
ԿԻՆ — (ընդհատելով): Գիտեմ: Դուք ավտոմեխանիկ եք:
ՏՂԱՄԱՐԴ — (ընդվզելով): Ես ավտոմեխանիկ չեմ:
ԿԻՆ — Դուք հոգո՛վ եք ավտոմեխանիկ՝ շարժիչ, յուղ, ձմեռային անվադողեր… Անգամ ձեր անունը գիտեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Գիտե՞ք: Որտեղի՞ց:
ԿԻՆ — Գիտեմ: Ձեր անունը Ձանձրույթ է:
ՏՂԱՄԱՐԴ — Հըմ… Բայց ես…
ԿԻՆ — Ի՜նչ էլ նեղվածք է այստեղ… Անգամ պարելու տեղ չկա…
ՏՂԱՄԱՐԴ — (փորձելով սեղմվել վերելակի անկյունում): Ահավասիկ…
ԿԻՆ — Անիմաստ է… Ես կպարեմ, երբ հասնեմ վերջին հարկին: Վստա՞հ եք, որ դա արդեն երկինքն է:
ՏՂԱՄԱՐԴ — Մի քանի քայլ էլ աստիճաններով, ու կհասնեք երկնքնին:
ԿԻՆ — (ինքն իրեն): Կամ էլ կիջնեմ ամենավարը… Ասում եք՝ ի՞նչ է կոչվում:
ՏՂԱՄԱՐԴ — Նկուղ:
ԿԻՆ — Համարյա Ջրմուղ… Ի՞նչ կա այնտեղ:
ՏՂԱՄԱՐԴ — Հրաշալի հասարակություն…
ԿԻՆ — Իսկ այնտեղ մո՞ւթ է:
ՏՂԱՄԱՐԴ — Կարելի է լապտեր վառել:
ԿԻՆ — (տխուր քմծիծաղով): Եթե լապտեր ունենայի՝ ինչո՞ւ պիտի վերելակից օգտվեի: Ի՜նչ միամիտ եք…
ՏՂԱՄԱՐԴ — Լավ իմաստով ասացի…
ԿԻՆ — (հեգնանքով): Լա՜վ իմաստով…
ՏՂԱՄԱՐԴ — Ի դեպ, կարծես հասնում ենք:
ԿԻՆ — Իրո՞ք:
ՏՂԱՄԱՐԴ — Դատելով ձայներից և արագության նվազումից:
ԿԻՆ — Լավ է, որ հասնում ենք: (Հառաչելով:) Ամուսինս, լվացքս, ճաշը, արդուկը…
ՏՂԱՄԱՐԴ — (հոգսաշատ ձայնով): Ես էլ մեքենայիս յուղը պիտի փոխեմ…
ԿԻՆ — Մեքենայի յո՞ւղը…
ՏՂԱՄԱՐԴ — (գրեթե հառաչելով): Մեքենայի յուղը…
ԿԻՆ — Իսկ որտե՞ղ եք փոխելու: Եթե գաղտնիք չէ, իհարկե…
ՏՂԱՄԱՐԴ — Գաղտնիք չէ… Դեռ չգիտեմ…
ԿԻՆ — (պայուսակից այցեքարտ է հանում, մեկնում Տղամարդուն): Ահա, կարող եք դիմել մեր ընկերությանը: Մենք քաղաքում լավագույն սպասարկումն ենք ապահովում բոլոր մակնիշների ավտոմեքենաների համար:
ՏՂԱՄԱՐԴ — (Կնոջ ձեռքից վերցնելով այցեքարտը և ուշադիր զննելով): Հըմ… Ինչո՞ւ ոչ… Թերևս, այո… Իսկ ձեր ընկերությունը ձմեռային անվադողեր տրամադրո՞ւմ է:
ԿԻՆ — Մեքենայի հետ կապված ցանկացած ծառայություն ու ցանկացած պահեստամաս: Այդ թվում՝ արգելակման կոճղակներ: Երբ դիմեք՝ կնշեք իմ անունը: (Ձայնն իջեցնելով և ձեռքով մազերը հարդարելով:) Այդ դեպքում ես իմ տոկոսը կստանամ:
ՏՂԱՄԱՐԴ — (ուսումնասիրելով այցեքարտը): Բայց այստեղ ձեր անունը չկա:
Վերելակի կանգ առնելու և դռները բացվելու ձայն:
ԿԻՆ — (վերելակից դուրս գալով և դեպի Տղամարդը շրջվելով): Իմ անո՞ւնը:
ՏՂԱՄԱՐԴ — Ձեր անունը:
ԿԻՆ — Կին, պարզապես Կին:
Կինը շրջվում, գործնական քայլերով անցնում է կուլիսներ: Տղամարդը դուրս է գալիս՝ նայելով Կնոջ ետևից ու չիմանալով անելիքը: Զարմացած նայում է հանդիսատեսին, ապա շրջվում ու քայլում է կուլիսների հակառակ կողմը:
Նոյեմբեր 2022 թ.