Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԱՐԱՄՆ ԱՅՍՏԵՂ Է ԱՊՐՈՒՄ»

 

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԱՐԱՄՆ ԱՅՍՏԵՂ Է ԱՊՐՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

Եթե չլիներ Վարդուհի Վարդերեսյանի առաջարկը, որում պահանջկոտ շեշտը («Ինչո՞ւ չես գրում հայ կնոջ, Մոր մասին, մեր այս կյանքի մասին…») համարյա խլանում է հրաշալի արտիստիզմի բանվածքի մեջ, այս պիեսը չէր գրվի: Եթե անգամ գրվեր, հաստատ ուրիշ պիես կլիներ: Կհարցնեք՝ ինչո՞ւ… Որովհետև գլխավոր հերոսուհու՝ մոր կերպարն ստեղծվեց Վարդուհի Վարդերեսյանի համար: Տիկին Գոհարի ուսուցչուհի լինելն էր պատահական չէր. ով փոքրիշատե ճանաչում է մորս՝ պատմության ուսուցչուհի հարգելի Ելենային, կհասկանա՝ ինչու և ինչպես ստեղծվեց գլխավոր հերոսուհիս: Ամբողջ կյանքը երեխաներին նվիրած, անկոտրում, կենսահաստատ մայրս… նա պատրաստ է ում ասես դաստիարակել, միայն թե աշխարհը դառնա ավելի բարի… Միա՛յն բարի:

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱՐԱՄՆ ԱՅՍՏԵՂ Է ԱՊՐՈՒՄ

 

Գործող անձինք

Տիկին ԳՈՀԱՐ — ուսուցչուհի

Գող

ԳԵՎՈՐԳհարևանի տղան

ՍՈՆԱհարևանուհի

ՌՈՒԶԱՆուսուցչուհի

ՆՎԱՐԴզոհված ազատամարտիկի այրի

ԱՆԱՀԻՏԳոհարի ավագ դուստրը

ԼԻԼԻԹ — կրտսեր դուստրը

ԱՐՏԱԿավագ որդին

ԱՐԱՄկրտսեր որդին

ՄԼԵթաղային հեղինակություն

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Հյուրասենյակ. բազմոց՝ մինչև հատակը հասնող ծածկոցով, դիմացը սեղանիկ` վրան լուսանկար։ Ամենուր գրքեր են։

Բեմը լուսավորվում է` հեռախոսի զանգերին հընթացս։ Սենյակում ոչ ոք չկա։ Հերթական զանգից հետո ներս է մտնում Անահիտը։ Կարոտով նայում է շուրջը, ինչպես երկար բաժանումից հետո։ Միանում է ավտոպատասխանողը. «Բարև։ Մենք տանը չենք։ Խոսեք ազդանշանից հետո»։ 

ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Բարև, մամ ջան։ Երեք օր է՝ ձայնդ չեմ լսել։ Այսօր էլ, հակառակի պես, ուշացրի զանգս. արդեն դպրոցում կլինես… (Անահիտը  վերցնում  է ընկալուչը, դնում է կողքի։ Վերցնում է սեղանիկի վրա դրված գրքերից մեկը, թերթումԵվ նույն շեշտադրումով ինքը շարունակում է խոսակցությունը։)

ԱՆԱՀԻՏ — Բարև, մամ ջան։ Երեք օր է՝ ձայնդ չեմ լսել։ Այսօր էլ, հակառակի պես, ուշացրի զանգս, արդեն դպրոցում կլինես։ (Մենախոսության ընթացքում քայլում է սենյակում, զննում իրերը, շոյում, դնում` ոչ իրենց տեղերը։) Արևիկը չէր ուզում դպրոց գնալ, մի կերպ համոզեցի, ինքս  տարա, դրա համար ուշացա։ Քեզ  շատ եմ կարոտել, վախենում եմ ասել՝ ինչքան… Մենք լավ ենք, Դավիթին մշտական աշխատանք են խոստացել, ասա գոնե էս անգամ բախտներս բերի… Լավ, նախապես չասեմ, որ աչքով չտամ։ Մամ, թոռդ երեկ տուն եկավ աչքը կապտած։ Բա ո՜նց, թաղային կռիվների է արդեն մասնակցում, Գլենդելում էլ Երևանը չեն մոռանում… Ուզում էի իմ կողմից էլ տուգանային անկյուն կանգնեցնել, բայց որ չասաց՝ (նմանակելով). «Մամ, հայերովս սաղին մի լավ դաս տվինք…»։ Կհավատաս, սիրտս փուլ եկավ՝ «Հայերովս…»։ Վերջը. ոչ միայն չպատժեցի, քիչ մնաց՝ ճակատը  պաչեի։ Բայց հիշեցի քո մանկավարժական մեթոդն ու բավարարվեցի երկու րոպեանոց քարոզով… (Ծիծաղում է, պիտի զգացվի, որ փորձում է հուսադրել, միայն չգիտես՝ մո՞րը, թե՞ ինքն իրեն։) Կարոտախտի դասական օրինակ… (Մոտենալով գրադարակին՝ վերցնում է ապակե գունդը, կարոտով շոյում։) Մամ, իմ խաղալիքը էլի իր տեղո՞ւմ է… (Ապակե գունդը դնում է սեղանին։)  Երեխեքը անընդհատ հարցնում են՝ երբ ես գալու… գոնե հյուր։ Լավ, լավ, չեմ շարունակում, գիտեմ՝ ինչ ես ասելու… Երեկոյան կզանգեմ, համբուրում եմ։

Բեմը մթնում է։ Լուսավորվում է՝ ոչ ոք չկա։  Բացվում է աջ դուռը, մտնում է տիկին Գոհարը։ Ձեռքին` տնտեսական պայուսակ։ Մտնում է ձախ դռնով։ Հեռախոսազանգեր։ Գալիս է, նույն պահին միանում է ավտոպատասխանողը։

ԱՆԱՀԻՏԻ ձայնը. «Մամ ջան, Արևիկի մասին ասածս լուրջ չընդունես, անցումային տարիք է։ Բա՜յ»։

Գոհարը մոտենում է հեռախոսին, ետ պտտում ժապավենը։ Լսվում է 1-ին  տեսարանում հնչած խոսքը, «Բարև, մամ ջան…»։ Այն խլացնում է երաժշտությունը, որն ուղեկցում է նրա դիմախաղին` ինչպես է լսումարձագանքում Անահիտի ասածներին։ Զանգից հետո տիկին Գոհարը, լսածի ազդեցության տակ, նայում է շուրջը, տեղափոխված իրերը դնում նախկին տեղերը։ Դռան զանգը ստիպում է սթափվել։ Դուրս է գնում, վերադառնում Սոնայի հետ։

ՍՈՆԱ — Ինչ արի՝ ներս չեկավ։ Ասում է ` ինձ տիկին Գոհարն է պետք, ու վե¢րջ։ Ասում եմ ՝  կսպասես, հետն էլ սերիալ կնայես, հինգ րոպեից կսկսվի։ Հատկապես էսօրվա սերիան շատ բախտորոշ է՝ սիրտս վկայում է, որ Խոսեն սիրուհուն թողնի` ընտանիք պիտի վերադառնա։ Երկու ամիս է՝ պրոցեսը հասունանում էր։ Տեսնենք Էմիլիան ոնց է դիմավորելու… Հետո՝ Մարիան պիտի ծննդաբերի, որովհետև չորս սերիա է՝ էդ գործի   վրա է։ Ուրիշն էդ ընթացքում երկու երեխա էր բերել… Ու վերջապես պիտի պարզվի, Պաոլոն աղջկա է սիրո՞ւմ, թե՞ տղայի… մեղա քեզ Աստված…

ԳՈՀԱՐ — Սոնա, շունչ քաշիր։

ՍՈՆԱ — Ըհը, Մարիային էլ բժիշկը չորս սերիա է, ասում է՝ շունչ քաշիր, որ ցավերդ թեթևանան, մենք էլ…

ԳՈՀԱՐ — Սոնա, կարո՞ղ ես լռել։

ՍՈՆԱ — Որ լռեմ, ումի՞ց կիմանաս, թե ո՛վ էր եկել ու ի՛նչ էր ուզում։

ԳՈՀԱՐ — Հիմա որ խոսում ես՝ գիտե՞մ։

ՍՈՆԱ(գործնական տոնով): Անունը Նվարդ էր։

ԳՈՀԱՐ — Նվա՞րդը… (Անհանգստությամբ։) Տեսնես ի՛նչ է պատահել։

ՍՈՆԱ — Տեղը բերի՞ր։

ԳՈՀԱՐ — Արամիս ընկերոջ կինն է։

ՍՈՆԱ(փոխված տրամադրությամբ)։ Հա… Մի խոսքով, ներս չեկավ։

ԳՈՀԱՐ(բարեհոգի հեգնանքով)։ Գիտեմ, ինչու է մերժել հրավերդ։

ՍՈՆԱ — Հա՞։

ԳՈՀԱՐ — Քո սերիալից է վախեցել։

ՍՈՆԱ — Տիկին Գոհար, քեզ շատ եմ հարգում, բայց մի բան չեմ հասկանում`դու զարգացած կին ես, վաստակավոր մանկավարժ, ո՞նց կարող ես սերիալ չսիրել։ Նույնիսկ չորրորդ հարկի Վարսիկը, որ իրեն ինտելեկտուալ է համարում, օրվա մեջ ութ տարբեր սերիալ է նայում, մեկը մյուսի հետ չի շփոթում ու մի տասը սերիայից առաջ էլ ասում է՝ ինչ է լինելու…

ԳՈՀԱՐ — Ե՞վ…

ՍՈՆԱ — Տասից ինը սխալվում է, բայց դա նրա ռեյտինգի վրա չի ազդում։

ԳՈՀԱՐ — Սոնա, ասելիքդ մոռացար… (Հեռախոսազանգ։) Այո… Լիլի՞թ… Բարև, աղջիկս…

Սոնան գնում է դեպի դուռը, դիմախաղով հասկացնելով՝ ես գնամ, դու խոսիր։ Գոհարը նստում է բազմոցին, միացնում բարձրախոսը։ Սենյակի հակառակ անկյունում հայտնվում է Լիլիթը։ Խոսում են՝ իրար չնայելով։

ԼԻԼԻԹ — Մամ ջան, ո՞նց ես, միայն իմանաս՝ ինչքան եմ քեզ կարոտել։

ԳՈՀԱՐ — Գիտեմ, աղջիկս, ինձ համար էլ հեշտ չէ, բայց… ինչ արած։

ԼԻԼԻԹ — Ոչ մեկիս համար էլ հեշտ չէ… Ուզում եմ ասել՝ նստիր տանը, վերջապես հանգստացիր, բայց գիտեմ, որ քո դպրոցով ես ապրում։

ԳՈՀԱՐ — Հա, դասարան եմ մտնում, ու քառասունհինգ րոպե տարիքս արձակուրդ է գնում։

ԼԻԼԻԹ — Իսկ դպրոցից դո՞ւրս…

ԳՈՀԱՐ — Արամիս մոտ եմ գնում, միշտ էլ գործ կա` մաքրել, հավաքել… Մի քանի օր առաջ վարդի թուփ տնկեցի` գեղեցիկ վարդեր են… Արամիս սրտովն են։

ԼԻԼԻԹ(տագնապով)։ Մամ… քեզ խնայիր։

ԳՈՀԱՐ — Այսի՞նքն…. Չգնա՞մ եղբորդ մոտ… Շաբաթը մեկ-երկու անգամն ի՞նչ է, որ չկարողանամ գնալ։ Երկու օր չեմ գնում՝ էնքան ասելիք է հավաքվում…

ԼԻԼԻԹ — Մա՜մ…

ԳՈՀԱՐ — Մեղավո՞ր եմ, որ երեք զավակներս ընտանիքներն առան ու գնացին` ամեն մեկը մի երկիր։ Արամս մնաց ինձ… ինչ պիտի ասեի չորսիդ, ասում եմ նրան։

ԼԻԼԻԹ — Մամ, էս ամառ երևի թե կարողանանք գալ։

ԳՈՀԱՐ — Կգաք, բա ո՜նց… Անցյալ տարի, նախանցյալ տարի ու էդպես ութ տարի չեկա՞ք, որ հիմա չգաք։

ԼԻԼԻԹ — Ձեռքներս ճար կա, չե՞նք գալիս։ Էս անտեր Եվրոպան էնքան թանկ է, որ…

ԳՈՀԱՐ(զղջումով)։ Ի՞նչ ես ինձ լսում, տարիքս առել եմ, խելքս պակասեցրել… Բալես, գիտեմ, որ հնար չունեք, թե չէ… Թոռնիկս ո՞նց է։

ԼԻԼԻԹ — Էնքան է չարացել, բռնվելու բան չէ։ Ոչ մեկիս չի լսում։ Փեսադ փրփրում է՝ իմ զոքանչը քանի սերունդ է դաստիարակել, ինչո՞ւ պիտի հեռու լինեինք, որ սեփական թոռանը խելքի չբերեր…

ԳՈՀԱՐ(զոքանչավարի)։ Իմ ծուռ Մհերից ի՞նչ է պահանջում, թող էդ հարցը ինքն իրեն տա։ Կարո՞ղ է` Մհերս է իրեն հասցրել եվրոպաները… իսկ որ ծնվեց Ֆրանսիայում ու հիմա Ֆրանսիայի քաղաքացի է, իր կամքը հարցրե՞լ եք… Գուցե Մհերիս ուզածը դա՞ չէր…

ԼԻԼԻԹ — Մա՜…

ԳՈՀԱՐ — Լավ, բերանս չբացած՝ փակեցի։ Տնաշեններ, էնքան հեռու եք, չթողեցիք, որ մի կարգին զոքանչություն անեմ։ (Դադարից հետո։) Աղջիկս, չմտածես, ես լավ եմ, Արամս ինձ հետ է… Դուք ամուր մնացեք, որ դիմանաք…

ԼԻԼԻԹ — Մամ, իսկ եթե դու գաս…

ԳՈՀԱՐ — Նախ` Արամիս մենակ չեմ թողնի։ Հետո` աշակերտներիս… Գոնե եկող տարի կգա՞ք։

ԼԻԼԻԹ(դադարից հետո)։ Միայն մի վայրկյան հայտնվեի կողքիդ, գրկեի…

Կապն անջատվում է։ Գոհարը վերցնում է Արամի լուսանկարը։

ԳՈՀԱՐ — Նրանց մի մեղադրի… Նրանք որ դիմանում են կարոտի ծանրությանը… Մերը հեշտ է, մենք այստեղ ենք, նրանք են կորցրել իրենց տեղը։ Արևիկիս մի կերպ տարել է դպրոց, ինձ էլ ասում է՝ լուրջ բան չկա։ Ես էլ հավատացի։ Մոտս լիներ, իմանայի` ինչ է պատահել, խորհուրդ տայի… Արամ ջան, մոտդ էլ որ չեմ գալիս, լուսանկարիդ հետ եմ խոսում, ի՞նչ անեմ, բալա…

Հեռախոսազանգ։ Միացնում է բարձրախոսը։

ՌՈՒԶԱՆ — Տիկին Գոհար, ձեզ եմ սպասում, ձեր մուտքի մոտ եմ։

ԳՈՀԱՐ — Ի՞նչ… ո՞վ է։

ՌՈՒԶԱՆ — Ռուզանն է, 7-րդ ա-ի դասվարը։

ԳՈՀԱՐ — Ձայնդ փոխված է։

ՌՈՒԶԱՆ — Հեռախոսիցս է։ Սեմինարի ենք, մոռացե՞լ եք։

ԳՈՀԱՐ — Ռուզան, աղջիկս, մի քանի րոպեից կիջնեմ։

Արագ անցնում է ձախ դռնով, վերադառնում՝ արդեն հագնված։ Դուրս է գնում։ Քիչ անց բացվում է դուռը, ներս է մտնում գողը։ Գնահատող հայացքով տնտղում է շուրջբոլորը, քեյսը դնում է բազկաթոռին, ձեռքերը շփելով պտտվում է սենյակում, մտնում ձախ դռնով, դուրս գալիս, հանում կաշվե բաճկոնը, խնամքով կախում է բազկաթոռից։ Նստում է բազմոցին, գրպանից հանում բջջային հեռախոսը։

ԳՈՂ — Տեղում եմ։ Ասում ես, կոնֆերանսի՞ է, մի չորս ժամ ունե՞մ… Ժամանակը քիչ է… Որովհետև ինտելիգենտի բնակարան է, փողը գրքերի մեջ պահելու սովորություն կունենան… Էդ քո տանը հեշտ է գրքի մեջ պահած փողը գտնելը, ունեցածդ մի գիրք է, էն էլ` քրեական օրենսգիրք… Մանկավարժը դոշակի տակ կամ սպիտակեղենի ծալքում փող չի պահի… Դու քո գործին նայի…

Բջջայինը դնում է գրպանը, գնում ձախ դռնով։ Հեռախոսազանգեր։ Ազդանշանից հետո լսվում է Արտակի ձայնը։ Գողը, սուրճի բաժակը ձեռքին, ներս է մտնում, նստում բազմոցին, լսում խոսակցությունը։

ԱՐՏԱԿԻ ձայնը — Մամ ջան, ոնց ես։ Մենք լավ ենք, չմտածես։ Գործերս լավ են։ Երկու շաբաթով Նորվեգիա եմ գնում։ Փողն ուղարկել եմ։ Մամ, քեզ լավ նայիր։ Գոնե մեզ համար։ (Կապն անջատվում է։)

ԳՈՂ — Փոխանցումը գալիս է։ Ուրեմն` փող կա։ Ու հաստատ` գրքերի մեջ։ Միայն թե որ պատից սկսենք՝ սա է խնդիրը…

Սուրճի բաժակը մոտեցնում է բերանին, բայց աղմուկ լսելով՝ բարձրանում է, մոտենում աջ դռանը, վերադառնում, նայում է շուրջը, քեյսն ու բաճոնը շպրտում է բազմոցի տակ, սուրճի բաժակը ձեռքին մտնում է բազմոցի տակ։ Դռան բացվելն ու բազմոցի ծածկոցի փակվելը համընկնում են։ Ներս է մտնում Գոհարը՝ Ռուզանի ուղեկցությամբ։

ԳՈՀԱՐ — Այնպես վախեցար, կարծեցի` վերջս եկել է։ Եղածն ինչ է՝ սրտի նոպա։

ՌՈՒԶԱՆ(նրան տանելով դեպի բազմոցը)։ Կամաց… զգույշ… Նստեք, հիմա ջուր կբերեմ… ճնշումը պիտի չափել… շտապ օգնություն կանչեմ… (Չգիտի՝ որից սկսի։)

ԳՈՀԱՐ — Պայուսակս բաց… գրպանից դեղի սրվակը հանիր… ապրես։ Տուր ինձ… (Երկու հաբ է դնում լեզվի տակ։) Նստիր, ասացի՝ նստիր… խորը շունչ քաշիր… ապրես, էլի հինգ անգամ խորը շնչիր-արտաշնչիր… Հիմա գնա խոհանոց ու մի բաժակ ջուր բեր։

Ռուզանը գնում է ձախ դռնով։ Գոհարը կծկվում է, բայց Ռուզանի երևալուն պես նախկին դիրքն է ընդունում։

ԳՈՀԱՐ — Ապրե՛ս, նստիր… Չէ, ջուրն ինձ պետք չէ, դու խմիր… մինչև վերջ… հիմա նորից խորը շունչ քաշիր։ (Այլ տոնով։) Չեմ հասկանում, ե՞ս եմ նոպայի մեջ, թե՞ դու։

ՌՈՒԶԱՆ(մեղավոր)։ Շտապ օգնություն կանչեմ։ (Ուզում է տեղից բարձրանալ։)

ԳՈՀԱՐ — Նըս-տե՛լ։ (Խորը շունչ քաշելով։) Չգիտես՝ իմացիր։ Սրտայինների լավագույն դեղը նրանց լսելն է։ (Ռուզանը ինչոր բան է ուզում ասել։) Եվ չհակաճառելը… Դե լավ, խոսիր, թե չէ դու նոպա կունենաս։

ՌՈՒԶԱՆ — Ձեզ շտապ օգնություն է պետք։

ԳՈՀԱՐ — Ինձ ոչինչ էլ պետք չէ։ Մի քիչ կպառկեմ, ու վերջ։ Այսինքն, ոչ թե ինձ վերջ, այլ՝ նոպային։

ՌՈՒԶԱՆ — Դեռ կատակում եք։

ԳՈՀԱՐ — Հայտնի չէ` այն աշխարհում մենք կատակելու հնարավորություն կունենա՞նք, թե՞ ոչ։ Գոնե այստեղ կատակենք… Քեզ էլ սեմինարից ուշացրի։

ՌՈՒԶԱՆ — Գրողի ծոցը… Ներեցեք։

ԳՈՀԱՐ — Սիրում եմ, երբ կինն է հայհոյում։ Մեզ մոտ դա ավելի լավ է ստացվում, ավելի անկեղծ։

ՌՈՒԶԱՆ — Տիկին Գոհար, բժիշկ…

ԳՈՀԱՐ — Աղջիկս, եթե շարունակես, վախենամ՝ բժիշկն ավելի շատ քեզ պետք լինի։ (Լուրջ։) Եթե այս նոպաներին նայեմ՝ օրը քանի՜ անգամ քո շտապ օգնությունը պիտի գա ու գնա… Իսկ այդ մեքենայի հետ իմ հարաբերությունները շա~տ բարդ են։ (Կանխելով Ռուզանի հարցը։)  Արդեն լավ եմ։ Իսկ դու դեռ կարող ես հասնել սեմինարին։ Միայն չասես՝ գրողի ծոցը։

ՌՈՒԶԱՆ — Իմ փոխարեն ասացիք։ Ես կմնամ ձեզ մոտ…

ԳՈՀԱՐ — Ես լավ եմ։

ՌՈՒԶԱՆ — Իսկ ես ձեզնից համառ եմ։

ԳՈՀԱՐ — Այդ մեկը դեռ կտեսնենք։ Հապա, ննջարանից բարձը բեր։ (Ռուզանը բերում է։) Մի մեծ բաժակով էլ՝ ջուր։ (Բերում է, Գոհարը խմում է։) Նոպայի հախից գալիս եմ ջրով ու բարձով։ Ջուրը խմեցի, հիմա կպառկեմ։ Ու կես ժամ չանցած ոտքի վրա եմ։ (Ռուզանը փորձում է առարկել։) Հիմա ինձ լռություն է պետք։ Ու մենակ մնալ։ (Հարմարվում է բարձին, աչքերը փակում։) Դու ազատ ես։

Ռուզանը վարանում է։ Դուռն աղմուկով բացվում է, ներս է ընկնում Գևորգը։

ԳԵՎՈՐԳ — Գոհար տատի, էլի նոպադ բռնե՞լ է։

ԳՈՀԱՐ(Ռուզանին)։ Լռության վերջն եկավ։ (Գևորգին.) Ես եմ նրան բռնել ու ամուր պահում եմ, որ չարություն չանի։ (Ռուզանին.) Հիմա հանգիստ կարող ես գնալ, Գևորգը ինձ մենակ չի թողնի։

ԳԵՎՈՐԳ — Դուք գնացեք, հո առաջին անգամը չէ՞։ (Դավադիր տոնով։)  Գոհար տատի նոպան ինձ դզում է։ (Ռուզանի տարակուսանքին։) Էդ ժամանակ ինչ հարց ասես՝ տալիս եմ, ուզածիս չափ խոսում եմ։

ՌՈՒԶԱՆ(ինքն էլ դավադիր տոնով)։ Իսկ ի՞նքը…

ԳԵՎՈՐԳ — Սկզբում լուռ է, նշանակում է` դեռ լավ չէ։ Հետո սկսում է հարցերիս պատասխանել. դա էլ նշանակում է, որ արդեն վատ չէ, իսկ հենց ասում է` «Արի թեյ խմենք», հասկանում եմ, որ էս անգամ էլ պրծանք։ Ու թեյ ենք խմում։ Մուրաբայով։ Որ իմանաք` ինչ համով մուրաբաներ ունի Գոհար տատը։

ՌՈՒԶԱՆ(Գոհարին)։ Տեսնում եմ, դուք վստահելի ձեռքերում եք։ (Ձեռքը մեկնելով։) Ռուզան։

ԳԵՎՈՐԳ — Գևորգ։ (Զննելով։) Իսկ դուք գեղեցիկ եք։ Եվ բարի։ Ամուսնացա՞ծ եք։

ՌՈՒԶԱՆ — Դեռ ոչ։

ԳԵՎՈՐԳ — Պետք չէ շտապել։

ՌՈՒԶԱՆ — Իսկ տնեցիները հակառակն են ասում։

ԳԵՎՈՐԳ — Նրանք չեն հասկանում… Դուք սպասեք։ Կմեծանամ ու կամուսնանամ ձեզ հետ։

ՌՈՒԶԱՆ — Եվ ինչքա՞ն պիտի սպասեմ։

ԳՈՀԱՐ(աչքերը փակ)։ Շատ չէ` տասը տարի։ Միայն թե հերթն է մեծանում։ Գևորգը բոլոր գեղեցիկ աղջիկներին ամուսնության առաջարկ է անում։

ԳԵՎՈՐԳ — Գեղեցիկ ու բարի։ Բարին չմոռանաս։ Դա ավելի կարևոր է, քան գեղեցիկ լինելը։ (Ռուզանին.) Իմ առաջարկությունը ուժի մեջ է։ (Գնում, գալանտ շարժումով բացում է դուռը։)

ՌՈՒԶԱՆ(Գոհարին)։ Ես կզանգեմ։ (Մոտենալով Գևորգին։) Նրան մենակ չե՞ս թողնի։

ԳԵՎՈՐԳ — Ոչ։

ՌՈՒԶԱՆ — Ազնիվ խո՞սք ես տալիս։

ԳԵՎՈՐԳ — Տղամարդու։

ՌՈՒԶԱՆ(թատերական)։ Քանի ուշ չէ՝ գնամ։

Գևորգը ուղեկցում է նրան, գալիս, պահարանից հանում է պլեդը, ծածկում Գոհարին, նստում կողքը։

ԳԵՎՈՐԳ(լուրջ)։ Դու խոստացել էիր, որ չի կրկնվի։

ԳՈՀԱՐ — Ես խոստացել էի, սիրտս՝ ոչ։

ԳԵՎՈՐԳ — Դպրոցում ջղայնացրե՞լ են։

ԳՈՀԱՐ — Ո՞վ։

ԳԵՎՈՐԳ — Ինձ նման անհասկացող սուբյեկտները։

ԳՈՀԱՐ — Ոչ։

ԳԵՎՈՐԳ — Ուրեմն զանգերն են… Նորի՞ց…

ԳՈՀԱՐ(մեղավոր)։ Անահիտս զանգել էր… Արևիկիս հետ ինչ-որ բան է կատարվում… Հետո…

ԳԵՎՈՐԳ — Հետո՞…

ԳՈՀԱՐ — Հետո Լիլիթս զանգեց… այս տարի էլ չեն գա։ Ախր, Մհերիս դեռ չեմ տեսել։ Լուսանկարներն են ուղարկում, հեռախոսով ձայնն եմ լսում… Լավ է, որ չգիտես, թե ինչն է ամենից շատ հուսահատեցնում։

ԳԵՎՈՐԳ(մեծավարի)։ Կարո՞տը։

ԳՈՀԱՐ — Տարածությունը։ Սահմանները։ Ճանապարհները։ (Ասես գաղտնիք է հայտնում։) Երբ երեխաներիս, թոռներիս շատ եմ կարոտում, մտքով կտրում-անցնում եմ մեզ բաժանող հեռավորությունը, ու սիրտս կարծես թեթևանում է։ Այսօր էլ փորձեցի մտքով հասնել Արևիկիս. նստեցի ինքնաթիռը, դուրս եկա Հայաստանից, Վրաստանով ելա Սև ծով, այնտեղից՝ Եվրոպա` Լեհաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, բայց երբ հասա օվկիանոսի ափին, հասկացա, որ էլ ուժ չունեմ, օվկիանոսն անցնել չեմ կարող… Մնացի կես ճանապարհին, ու սիրտս ծակեց… Լռություն։

ԳԵՎՈՐԳ — Անահիտ մորաքույրը Լոսում է, Լիլիթը՝ Ֆրանսիայում, Արտակ քեռին՝ Մոսկվայում, Արամը…

ԳՈՀԱՐ(կտրուկ)։ Արամս այստեղ է։ Ու նա է ինձ պահում… (Տոնը փոխելով։) Վարդի թուփը տարա։

ԳԵՎՈՐԳ — Բա ե՞ս։ Խոստացել էիր, չէ՞, որ ինձ հետդ կտանես։

ԳՈՀԱՐ — Չուզեցի խանգարել, բակոմ խաղում էիր։ Ոնց նայում եմ՝ ֆուտբոլիստ ես դառնալու։

ԳԵՎՈՐԳ — Ես պատմաբան եմ դառնալու… Արամ քեռու պես։

ԳՈՀԱՐ(դադարից հետո)։ Եթե Արևիկս այստեղ լիներ, դուք լավ ընկերներ  կլինեիք։

ԳԵՎՈՐԳ — Արևիկի աչքերն եմ հիշում, մեկ էլ պոչ կապած երկար մազերը։ Ուշքս գնում էր էդ պոչը քաշելու համար… Ինքն էլ նեղանում էր, ու աչքերը հո չէի~ն փայլում… (Անզոր կատաղությամբ գոռում է։) Ե՞րբ պիտի մեծանամ, որ գնամ Մոսկվա, Փարիզ, Գլենդել, հավաքեմ բոլորին ու բերեմ… Ինչո՞ւ նրանց չես ասում, որ վերադառնան, ինչո՞ւ ես թաքցնում, որ սիրտդ ցավում է… Ինչո՞ւ չես ստիպում, որ վերադառնան, չէ՞ որ դու նրանց մայրն ես, նրանք պարտավոր են քեզ լսել… Դուն ու Արամը, Արամն ու դու… վարդի թուփը… ինչքա՞ն կարող ես դիմանալ… (Դուրս է վազում։)

ԳՈՀԱՐ — Տղամարդու խոսք տվեց, որ մենակ չի թողնի։ (Փակում է աչքերը։) Երբ մայրն ունի չորս զավակ, բայց մենակ է մնացել, նրան միայն մի բան է մնում՝ համակերպվել այդ մենակությանը։

Լռություն։ Բազմոցի տակից երաժշտության ձայն է լսվում։ Գողի բջջային հեռախոսն է։

 

Տեսարան. Գոհարը նստում է տեղում, ծածկոցը բացվում է՝ երևում է Գողը։ Նա դուրս է սողում բազմոցի տակից, Գոհարն բարձով է «զինվում»։ Գողը կանգնում է, ստուգում գրպանները՝ հեռախոսը չկա։ Նորից մտնում է բազմոցի տակ։ Երբ երևում է քեյսը ձեռքին՝ Գոհարն արդեն կանգնած է բազմոցին։ Բացումստուգում է՝ ներսում հեռախոս չկա։ Նորից է մտնում բազմոցի տակ, դուրս է գալիս         բաճկոնով՝ Գոհարն արդեն բարձրացել է բազմոցի թիկնակին։ Գտնում է հեռախոսը, նայում համարին, առանց պատասխանելու՝ անջատում։ Իրար են նայում։

ԳՈՀԱՐ — Ո՞վ էր։

ԳՈՂ — Ո՞վ։

ԳՈՀԱՐ — Զանգողը։

ԳՈՂ — Ինչի՞դ է պետք։

ԳՈՀԱՐ — Ինձ պետք չէ։ Ձեզ են զանգում։

ԳՈՂ — Հետո՞ ինչ։

ԳՈՀԱՐ — Ոչինչ։ Դուք ո՞վ եք։

ԳՈՂ(ուզում է ինչոր բան ասել, նորից հեռախոսազանգ)։  Մի րոպե։  (Զանգողին.) Քնած չէի… Բազմոցի տակ էի… Ինչ էի անո՞ւմ… Տակտիկական քայլ… ասում եմ՝ ընդհատակ էի անցել… Չեմ զառանցում։ Կանգնել եմ սենյակի մեջտեղում ու խոսում եմ քեզ հետ, իսկ բազմոցի վրա մեր մանկավարժն է… Ինչ է անո՞ւմ… Լսում է՝ ինչ եմ քեզ ասում։ Չես հասկանո՞ւմ… Ես էլ։ (Անջատում է հեռախոսը։ Նայում են իրար։) Լա՞վ եք տեղավորվել։

ԳՈՀԱՐ — Շնորհակալություն։ (Նոր զգալով՝ ուր է հայտնվել։) Ինչպե՞ս հասա այստեղ։

ԳՈՂ — Եթե էդտեղ մնալու միտք չունեք… (Ուզում է մոտենալ։)

ԳՈՀԱՐ(ճչում է)։ Չմոտենա՛ք։

ԳՈՂ(նստում է բազկաթոռին)։ Ոնց կուզեք։ (Գոհարը հարմարվում է տեղում։) Ինչքան հասկանում եմ՝ իջնելու միտք չունեք։

ԳՈՀԱՐ — Այստեղ կմնամ այնքան ժամանակ, մինչև տնեցիները գան։

ԳՈՂ — Դուք մոռանում եք, որ բազմոցի տակ էի ու որոշ բաներ իմացա… Մենակ եք ապրում։

ԳՈՀԱՐ — Դուք… բանդի՞տ եք։

ԳՈՂ — Բանդիտի նմա՞ն եմ…

ԳՈՀԱՐ — Եկել եք տունս թալանելու… մտել եք բազմոցի տակ։ Նազարը ձեր ազգակա՞նն է։

ԳՈՂ — Նազա՞րն ով է։

ԳՈՀԱՐ — Որ տղամարդ էր ու թախտի տակից դուրս չէր գալիս։

ԳՈՂ — Գրականությա՞ն ուսուցիչ եք։

ԳՈՀԱՐ — Պատմության։

ԳՈՂ — Արամի նմա՞ն։

ԳՈՀԱՐ — Արամիս անունը չտա՛ս։

ԳՈՂ — Ինչի՞… Էն երեքից ինչո՞վ է լավ։ Նրանք գոնե զանգում են, իսկ սա քաղաքում է ու քեզ հետ չի ապրում… Երևի հարսիդ հետ յոլա չես գնում, հա՞… Ի՞նչ ես թարս նայում։

ԳՈՀԱՐ — Արամիս կասեմ, ու եթե ոչ այսօր, ապա վաղը քեզ մի լավ դաս կտա։

ԳՈՂ — Ի՞նձ…

ԳՈՀԱՐ — Ականջիցդ բռնած ոստիկանություն կտանի։

ԳՈՂ — Նա իմ ականջին պիտի հասնի՞…

ԳՈՀԱՐ — Ինչի՞, ձեր ականջ անհասանելի՞ է։

ԳՈՂ — Համենայնդեպս, մինչև հիմա ոչ մեկը չի հասել։

ԳՈՀԱՐ — Մոտ եկեք։

ԳՈՂ — Այսինքն։

ԳՈՀԱՐ — Մոտ եկեք։ Վախեցա՞ք։

ԳՈՂ — Չէ մի՝ սրտաճաք եղա։ (Մոտենում է։) Եկա։

ԳՈՀԱՐ(ձեռքը մեկնում է)։

ԳՈՂ — Որ ի՞նչ։

ԳՈՀԱՐ — Ինչ անհասկացող բանդիտ եք, երիտասարդ։ Օգնեք՝ իջնեմ։

ԳՈՂ — Բայց վատ չեք տեղավորվել։ (Թատերական մեկնում է ձեռքը։)

ԳՈՀԱՐ(բռնում է գողի ականջը)։ Տեսա՞ր… (Բաց է թողնում ականջը, իջնում է բազմոցից։)

ԳՈՂ(ականջը շփելով։) Սիրտդ ո՞նց է։

ԳՈՀԱՐ — Դեռ չգիտեմ։ (Ստուգելով զարկերակը։) Սրանից վատն էլ է լինում։ Զինվա՞ծ բանդիտ եք, թե՞…

ԳՈՂ — Էդ հետո կերևա։

ԳՈՀԱՐ — Տանել չեմ կարող զինված բանդիտներին։

ԳՈՂ — Դե ասա՝ բախտս բերել է։

ԳՈՀԱՐ — Դա էլ հետո կերևա։ Վաղո՞ւց եք այստեղ։

ԳՈՂ — Կես ժամ հազիվ։

ԳՈՀԱՐ — Խանգարեցի՞…

ԳՈՂ — Հիվանդ սիրտդ հաշվի չէի առել։

ԳՈՀԱՐ — Զինված չեք, մենակ եք։ Նշանակում է՝ կարող ենք խոսել։

ԳՈՂ — Բա մինչև հիմա ի՞նչ էինք անում։

ԳՈՀԱՐ — Հետախուզություն։ Իրար էինք տնտղում։

ԳՈՂ — Ե՞վ…

ԳՈՀԱՐ — Սուրճ կխմե՞ք։

ԳՈՂ(ակամա հարգանքով): Երկաթե ներվեր ունես:

ԳՈՀԱՐ — Կարծեմ սուրճ առաջարկեցի։ (Մտնում է խոհանոց, անմիջապես վերադառնում։) Ո՞ւր է սուրճիս բաժակը։

ԳՈՂ — Ի՞նչ իմանամ։

ԳՈՀԱՐ — Բաժակս իր տեղում չէ։

ԳՈՂ — Սկլերոզի հետ ո՞նց ես։

ԳՈՀԱՐ — Մեկ րոպեում այնքան տարեթիվ կասեմ՝ սկլերոզ կստանաք։ (Մոտենում է քեյսին։) Այստե՞ղ է։

ԳՈՂ — Ես բաժակ գողացո՞ղ եմ։ (Հանկարծ մտաբերելով։) Սպասիր… (Մտնում է բազմոցի տակ։)

ԳՈՀԱՐ — Տեսնում եմ՝ դուր է եկել այդտեղ…

ԳՈՂ(նախ երևում է ձեռքը՝ բաժակով)։

ԳՈՀԱՐ(խլում է, ստուգում՝ չի՞ վնասվել, չարախինդ։) Սկլերոտիկը դո՛ւք եք։ (Գնում է խոհանոց։)

ԳՈՂ(դուրս է գալիս, նրա ետևից): Հետո էլ ասում է՝ սիրտս հիվանդ է։ (Մոտենում է պահարանին, ստուգում գրքերը։)

ԳՈՀԱՐ(ներս է գալիս սուրճի բաժակով։) Սիրո՞ւմ եք գիրք կարդալ։

ԳՈՂ — Գիրքը միայն կարդալու համա՞ր է։

ԳՈՀԱՐ — Էլ ինչի՞։

ԳՈՂերցնում է բաժակը, կում անում։) Իմ եփածն էլ վատը չէր։ (Բաժակը դնում է սեղանին։ Նստում է, փոխված տրամադրությամբ։) Չգիտե՞ս, էլ ինչի համար է։

ԳՈՀԱՐ — Եթե գիտեք՝ ասեք։

ԳՈՂ – Կարծում ես` հաստագլուխ աշակե՞րտ եմ, որ խոսելով շշմեցնես։

ԳՈՀԱՐ — Վերջապես դեմքդ ցույց տվեցիր։

ԳՈՂ — Բա ի՞նչ պիտի անեի։ (Սպառնալի.) Փողերը որտե՞ղ ես պահել։

ԳՈՀԱՐ — Չեմ հասկանում։

ԳՈՂ — Հիմա կհասկանաս։

Բարձրանում է տեղից։ Գոհարը լարված նայում է նրան։ Դուռն աղմուկով բացվում է, ներս է ընկնում Գևորգը։

ԳԵՎՈՐԳ — Գոհար տատի, Աշոտը փոխանցումն էր բերել, ինքը չբարձրացավ… (Ծրարը մեկնելով։) Արտակ քեռին է ուղարկել։ (Նոր նկատելով գողին։) Ո՞վ է։

ԳՈՀԱՐ(շփոթահար)։ Արամի ընկերը։

ԳԵՎՈՐԳ — Արամի՞… (Մեծավարի պարզում է ձեռքը։) Գևորգ։ (Գողը, Գոհարի հայացքի ստիպմամբ, պարզում է ձեռքը։) Ինձ համար պատիվ է Արամի ընկերոջ ձեռքը սեղմելը։ (Ու մոռանալով մեծավարի տոնը, համարյա մանկական անհամբերությամբ։) Միասի՞ն եք կռվել։

ԳՈՂ(կաշկանդված)։ Հա… կռվել ենք։

ԳԵՎՈՐԳ — Վիրավորվե՞լ եք։

ԳՈՂ — Ի՞նչ կռիվ՝ առանց վիրավորվելու։

ԳՈՀԱՐ(փորձելով փրկել իրավիճակը)։ Գևորգ, նա սուրճ է խմում, գուցե մի փոքր համբերե՞ս…

Գողն կենտրոնացած խմում է սուրճը։

ԳԵՎՈՐԳ(կամաց՝ Գոհարին)։ Անունն ի՞նչ է։

ԳՈՀԱՐ — Անունը… (Նայում է՝ պատասխանի ակնկալիքով, բայց գողը չլսելու է տալիս։) Նրան ավելի շատ մականունով գիտեն։

ԳԵՎՈՐԳ — Մականունո՞վ…

ԳՈՀԱՐ(հայացքով հասկացնում է՝ օգնի՛ր։ Գողն անթաքույց չարախնդությամբ լռում է։ Ճարահատյալ։) Բանդիտ։ (Ի պատասխան տղայի հայացքին։) Թշնամին է նրան այդպես անվանել։ Գիտե՞ս ինչ կռվող է՝ բազմո… ըըըը… կամուրջների տակ… Կամուրջներ է պայթեցրել։ (Փորձում է տղային հեռացնել։) Նա կոնտուզիա է ստացել… երբեմն նյարդայնանում է… Դու գնա, մենք խոսելու բան ունենք։

ԳԵՎՈՐԳ — Արամի մասի՞ն։

ԳՈՀԱՐ — Նաև Արամի։

ԳԵՎՈՐԳ — Իսկ սիրտդ… նոպադ թողե՞ց։

ԳՈՂ(առանց շրջվելու)։ Նրան թողել, հիմի ինձ է բռնել։

ԳՈՀԱՐ(մոտենալով տղային)։ Գնա, բալես, ես արդեն լավ եմ…

Գևորգը դռան մոտ շրջվում  է, ինչոր բան է ուզում ասել, բառը չի գտնում, գնում է։

ԳՈՀԱՐ — Գոնե երեխայի հոգին մի պղտորի։

ԳՈՂ — Նա կյանքից ավելի լավ է գլուխ հանում, հարգելի մանկավարժ։ Բայց չշեղվենք։ Ո՞ւր են փողերը։

ԳՈՀԱՐ — Ի՞նչ փող։

ԳՈՂ — Զավակներդ բարեհաջող փախել են, ամեն մեկը մի տաք անկյունում լավ հարմարվել է ու ամեն ամիս կանոնավոր ու կամավոր անդամավճար է ուղարկում։ Դպրոցում հայրենասիրության մասին ճառեր ես ասում, իսկ սեփական բալիկներիդ դաստիարակել ես «Որտեղ հաց, էնտեղ կաց» սկզբունքով։ Էդ ի՞նչ դրեցիր գրպանդ, հլա մի հանիր… Սկսենք դրանով, կհասնենք մյուսներին։

ԳՈՀԱՐ(ծրարը դնում է սեղանին)։ Այս փողը վերցնելու իրավունք չունես։

ԳՈՂ — Իրավո՞ւնք… էդ բառը կօգտագործես դպրոցում։ (Նայում է ծրարի մեջ, դնում գրպանը։) Մի ամսվա՞ անդամավճարն է։

ԳՈՀԱՐ — Այո։

ԳՈՂ(հարգալից սուլում է)։ Դատելով գումարի չափից` տղադ քեզ շատ է սիրում։

ԳՈՀԱՐ — Ես իմ զավակներին սովորեցրել եմ սիրել։

ԳՈՂ — Դրա համար էլ օր-ծերության քեզ մենակ են թողել… էս գրքերի մեջ։ Մնացած փողերը…

ԳՈՀԱՐ — Չկա։

ԳՈՂ — Փողեր…

ԳՈՀԱՐ — Ասացի՝ չկա՛։

ԳՈՂ(ընդհուպ մոտենալով)։ Հիմա կասես՝ կա։

Դուռը բացվում է, ներս են մտնում Սոնան և Նվարդը։

ՍՈՆԱ — Գոհար, անտեր հեռուստացույցի էկրանը սևացավ, մոտդ էի գալիս, տեսնեմ` Նվարդը…

ՆՎԱՐԴ — Բարև ձեզ։

ԳՈՀԱՐ — Բարև, ի՞նչ է պատահել, աղջիկս։

ՆՎԱՐԴ — Ես գիտեմ, որ անիմաստ է… բայց գնալու ուրիշ տեղ չունեմ…

ԳՈՀԱՐ — Գնանք խոհանոց… (Գնում են։)

ՍՈՆԱ — Մինչև դուք խոսեք, ես… ֆիլմը… (Միացնում է հեռուստացույցը։ Ժպտալով։) Երիտասարդ, նստեք։ Եվ նրանց չեք խանգարի, և ժամանակն անօգուտ չի անցնի։

ԳՈՂ(ճարահատ նստում է, նայում էկրանին)։ Սա ի՞նչ է։

ՍՈՆԱ — Ինչպե՞ս թե… բրազիլական սերիալ։

ԳՈՂ — Քանի՞ սերիանոց։

ՍՈՆԱ — 501։

ԳՈՂ — Սա որերո՞րդն է։

ՍՈՆԱ — 289։

ԳՈՂ — Էդքանը կնայվի՞։

ՍՈՆԱ — Միայն այդքա՞նը… Օրվա մեջ ութ սերիալ եմ նայում։ Ամեն մեկը միջին թվով չորս հարյուր սերիա…

ԳՈՂ — Տիկին, ես բլոճներ եմ սատկացնում։ Մինչև ձեր գալը դեղ էի դնում… (Դավադիր։) Նրանց որջն էնտեղ է։ Շարունակեմ գործս։ (Գնում է ննջարան։)

Վերադառնում են Գոհարն ու Նվարդը։

ԳՈՀԱՐ — Ներիր… բայց ես… չգիտեմ… անզոր եմ։

ՆՎԱՐԴ — Հասկանում եմ… գիտեի, որ անհույս է, բայց ի՞նչ անեմ, ներող եղեք… (Գնում է դեպի դուռը։)

ԳՈՀԱՐ — Եթե Արամս…

ՆՎԱՐԴ — Այո, եթե ձեր Արամը, իմ Վարդանը… Բայց այսօր մեզ մոլախոտն է ուտում։ (Գնում է։)

Գոհարը մի պահ մնում է շեմին, հետո շրջվում, տեսնում է Սոնային՝ հեռուստացույցի առաջ։ Գողը չկա։ Գնում է ձախ դռնով, վերադառնում։

ԳՈՀԱՐ — Սոնա։ (Սոնան չի լսում։) Սո-նա՛…

ՍՈՆԱ(վերացած)։ Ասա…

ԳՈՀԱՐ — Որտե՞ղ է… (Դժվարանում է ասել՝ ով։)

ՍՈՆԱ — Ո՞վ։

ԳՈՀԱՐ — Իմ… հյուրը։

ՍՈՆԱ — Բլոճ սատկացնո՞ղը։

ԳՈՀԱՐ — Ի՞նչ բլոճ։

ՍՈՆԱ — Դու է՞լ բլոճ ունես… «Սարսափի հարթավայր»-ում էլ բլոճները քսան սերիա տեռորի էին ենթարկել քաղաքը, մինչև որ…

ԳՈՀԱՐ(համբերությունը հատած)։ Սոնա, սերիալից բացի ինչ-որ բանի մասին կարո՞ղ ես մտածել։

ՍՈՆԱ — Կարող եմ, բայց իմա՞ստը։

ԳՈՀԱՐ — Դեռ իմաստի՞ց ես խոսում։

ՍՈՆԱ — Ուզում ես ասել՝ կյանքս անիմա՞ստ է։ (Դադարից հետո։) Անիմա՛ստ է։ Կյա՛նքս անիմաստ է։ Գիտե՞ս, երբ անիմաստ դարձավ։ Երբ մեր ֆաբրիկան փակեցին, իսկ ինձ ու ինձ պես հարյուրավորների դուրս շպրտեցին։ Ու ոչ միայն աշխատանքից, կյանքի՛ց դուրս շպրտեցին։

ԳՈՀԱՐ — Չե՞ս չափազանցնում։

ՍՈՆԱ — Դու ինձ չես հասկանա, դու աշխատում ես… Իսկ ե՞ս ինչ անեմ։ Էս տարիքում նոր մասնագիտություն չես սովորի… 18 տարեկանի կազմվածք էլ չունեմ, որ աշխատանք գտնելու հույս ունենամ… Ի՞նչ մնաց… առևտրով զբաղվելու շնորհք չունեմ, ոչ էլ սկզբնական կապիտալ։ Գործազուրկ եմ, անիմաստ ապրում եմ սերիալների կյանքով…

ԳՈՀԱՐ — Նիրիր…

ՍՈՆԱ — Երբ աշխատում էի, կինո նայելու ժամանա՞կ ունեի… Հիմա ժամանակս ութ չէ, օրը տասնութ սերիալի կհերիքի։ (Դադարից հետո, այլ տոնով։) Ի՞նչ էիր հարցնում։

ԳՈՀԱՐ — Որ եկար, մեկն էլ կար սենյակում…

ՍՈՆԱ — Կա…

ԳՈՀԱՐ — Ո՞ւր գնաց։

ՍՈՆԱ — Ննջարան։

ԳՈՀԱՐ(բացում է ննջարանր դուռը։ Գողը դուրս է գալիս։)

ՍՈՆԱ — Էդ բլոճները ամեն տեղ էին, ու Մարկոն որ տուն մտավ, բնականաբար, չէր սպասում, որ…

ԳՈՂ(դանդաղ մոտենալով Սոնային)։ Տիկին Սոնա, ես Արամի ընկերն եմ, կռված տղա եմ, վիրավորվել եմ, կոնտուզիա եմ ստացել ու երբեմն արածիս համար պատասխանատու չեմ։

ՍՈՆԱ(վախեցած ետետ գնալով)։ Հա, Լետիցիան էլ կոնտուզիա ստացավ ու ամեն ինչ մոռացավ ու կորցրած հիշողությամբ երեք անգամ ամուսնացավ…

ԳՈՂ — Եթե հենց հիմա հեռուստացույցը չանջատես, այլևս սերիալներ չես տեսնի։ Կոնտուզիա ստացածի ազնիվ խոսք։

Սոնան անջատում է հեռուստացույցն ու կողքանց գնում դեպի դուռը։

ՍՈՆԱ — Գոհար, ես գնամ… Վարսիկի մոտ կնայեմ… Իմիջիայլոց, երիտասարդ, դու նաև ինձ համար ես կռվել, որ ես կարողանամ սիրիալ նայել։ (Դուրս է գնում։ Լռություն։ Լարված իրար են նայում։)

ԳՈՂ — Մեկ էլ խանգարեցին….

Գոհարը դուռը փակում է, բանալին դնում է գրպանը։ Հեռախոսազանգ։ Գողն անջատում է հեռախոսը։

ԳՈՀԱՐ — Փո՞ղ ես ուզում։

ԳՈՂ — Էսքան ժամանակ ինչի՞ց էինք խոսում։

ԳՈՀԱՐ — Լսել ես, որ մենակ ապրող ծեր կնոջը ամեն ամիս զավակները փող են ուղարկում… ինչպես ասացի՞ր՝ անդամավճա՞ր…

ԳՈՂ — Կարո՞ղ է` էդպես չէ։

ԳՈՀԱՐ — Այդպես է։ Իմ զավակներն իրենցից կտրելով, ամեն ամիս փող են ուղարկում…

ԳՈՂ — Առանց սենտիմենտի… չես լացացնի։

ԳՈՀԱՐ — Դու լա՞ց լինես…

ԳՈՂ(նայելով ժամացույցին)։ Օրը պրծավ…

ԳՈՀԱՐ — Մտել ես տունս ու պահանջում ես, որ ունեցածս իմ ձեռքով քեզ տամ։

ԳՈՂ — Ժամանակից շուտ տուն չգայիր։ Ինքս կգտնեի, քեզ էլ նեղություն չէի տա… Դե՞…

ԳՈՀԱՐ — Հիմա։ (Գնում է ձախ դռնով, վերադառնում, ձեռքում փողն ու բլոկնոտը։) Ես միանգամից հասկացա, որ մարդու ճամփան կորցրել ես, բայց ուզեցա հասկանալ` ի՞նչ տեսակ ես, ուզածդ ի՞նչ է… (Կապուկը դնում է սեղանին։ Գողը շարժում է անում։) Սպասիր, ասելիքս կասեմ, հետո կվերցնես ու կչքվես… (Սիրտը զգացնել է տալիս։) Առաջինը Լիլիթս գնաց։ Ինքը չէր ուզում, ամուսինը ֆիզիկոս է, փայլուն գիտնական, պայմանագրով հրավիրեցին, մի քանի ամսում հասկացան՝ ինչ մասնագետ է ձեռքերն ընկել ու պահեցին։ Ու կպահեն, այնտեղ գիտնականի հարգը գիտեն… Անահիտս ծրագրավորող է, էլի փայլուն մասնագետ, նրան էլ տարան, մշտական աշխատանքով ապահովեցին։ Փեսաս դժվար է համակերպվում, բայց… նա էլ անգործ չի մնա… Արտակս իրավաբան է…

ԳՈՂ — Լսեցի՝ փայլո~ւն մասնագետ է։

ԳՈՀԱՐ — Հա, մենք այդպես ենք դաստիարակել  մեր զավակներին… 1992-ի ձմռանը ամուսինս մահացավ։ Սիրտն էր… շտապ օգնություն կանչեցինք, ասացին՝ բենզին բերեք, որ գանք… Գիշերվա երեքն էր, մութ, փողոցում սովից կատաղած շներ… Մինչև Արտակս բենզին գտավ, մինչև տարավ…  Իսկ նա դեռ ապրելու ժամանակ ուներ, ընդամենը օգնությունը ուշացավ:  Այդ օրից սարսափում եմ շտապ օգնության մեքենաներից… Իսկ Արտակս մինչև հիմա իրեն մեղավոր է զգում, որ հորը փրկել չկարողացավ…

ԳՈՂ — Մնաց Արամդ…

ԳՈՀԱՐ(վերցնում է բլոկնոտն ու պարզում նրան)։ Կարդա։ (Ի պատասխան գողի տարակուսած հայացքին՝ բացում է պատահական էջն ու տալիս նրան։) Ասացի՝ կարդա։

ԳՈՂ(ճարահատ, քթի տակ)։ Էս օրը շատ եմ հիշելու… (Թերթում է էջերը։) Գրիգորի ընտանիքին` 20 դոլար — լույսի փող, 15 դոլար՝ Անուշիկին կոշիկ…

ԳՈՀԱՐ — Գրիգորը զոհվեց 1990 թվականի մարտի 4-ին, մնացին կինն ու աղջիկը։ Անուշիկը հորը չի տեսել, ծնվեց հոր մահից երկու ամիս հետո…

ԳՈՂ — Աշոտի ընտանիքին՝ 40 դոլար։

ԳՈՀԱՐ — Աշոտը վիրտուոզ ջութակահար կդառնար։ Ես չեն ասում, մասնագետներն էին ասում… Նա զոհվեց 1991-ի հունվարին 11-ին։ Ծնողների մինուճարն էր… 19 տարեկան էր։

ԳՈՂ — Արմենակի ընտանիքին — 100 դոլար։

ԳՈՀԱՐ — Միջնեկ տղային վիրահատեցին… 100 դոլարը վիրահատության համար էր։ Արմենակը զոհվեց 91-ի հունվարին 11-ին, Աշոտի հետ… Մնացին կինն ու երեք որդիները… (Արդեն ինքն է թվում։) Վարդանի ընտանիքին — 60 դոլար։ Վարդանը զոհվեց 91-ի նոյեմբերի 24-ին, արկի վրա պայթեց… Մնացին մայրը, կինը, երկու զավակները։ Վարձով են ապրում… Այդ 60 դոլարը տան վարձն է։

ԳՈՂ — Ի՞նչ ես ուզում ասել… որ ի՞նչ…

ԳՈՀԱՐ — Արամիս ընկերներն են։

ԳՈՂ(նոր հայացքով տնտղելով էջերը)։ Ու դու ամեն ամիս նրանց փող ես բաժանո՞ւմ։

ԳՈՀԱՐ — Արամս նրանց հրամանատարն էր։

ԳՈՂ — Տղայիդ ողջ մնալու գինը դոլարո՞վ ես փոխհատուցում…

ԳՈՀԱՐ(պոռթկում է)։ Արամս ողջ լիներ, դու ո՞ւմ շունն էիր, որ տունս մտնեիր, տակա՛նք։ Իմ չորս զավակներից միայն Արամս էր, որ ինձ մենակ չէր թողնի, իր երկիրը չէր թողնի…

ԳՈՂ — Ինչի՞ էդքան վստահ ես, հը՞…

ԳՈՀԱՐ — Իր երկրի համար կռիվ գնացած տղամարդը երկիրը չի թողնի գնա։ Արամս Եռաբլուրում է, Արմենակի, Վարդանի, Աշոտի, Գրիգորի, Կարենի ու Տիգրանի հետ… Ու նրանք են պահում երկիրը… Պահում են վերջին շնչով, չապրած կյանքի ուժով, երկրի սահմանն են պահում, բայց… մոլախոտի դեմ անզոր են… երկիրն ավերող մոլախոտի… (Կարծես վերջին ուժերն հավաքելով։) Գիտե՞ս, ինչու էր եկել Նվարդը` Վարդանի այրին։ Վարձով են ապրում, չորսով՝ մի սենյակում։ Որպես զոհված ազատամարտիկի ընտանիք բնակարան պիտի ստանան։ (Գրպանից թղթի մի կտոր է հանում։) Քեզ պես մի սրիկա, որ պատերազմի օրերին, ո՛վ գիտե՝ որտեղ էր թաքնվել ու հիմա պաշտոնի տեր է դարձել, Նվարդից փող է պահանջում` որ բնակարան տա… Իսկ Նվարդը ումի՞ց պահանջի իր ամուսնու, իր երեխաների հոր կյանքի գինը…

ԳՈՂ(անսպասելի շրջադարձը նրան ցնցել է, բայց փորձում է ցույց չտալ։ Կամաց)։ Սրիկա…

ԳՈՀԱՐ — Նրանից ինչո՞վ ես պակաս… (Ցույց տալով թղթի կտորը։) Միամիտ Նվարդ, տականքի անուն ազգանուն, հասցեն բերել է, որ մի ճար գտնեմ… Ինչո՞վ օգնեմ, ինչպե՞ս…  (Թուղթը շպրտում է հատակին։ Հոգնած նստում է, փակում աչքերը։) Փողն առ ու կորիր այստեղից։

Գողը փողերը խոթում է գրպանը, վերցնում հատակին գցած թուղթը, գնում, դուռը փակ է։ Պտտում է բռնակը։

ԳՈՀԱՐ — Ո՞ւր… Չես կարող։ (Գողը շրջվում է։ Գոհարը փակ աչքերով գրպանից հանում է բանալին, պահում օդի մեջ։)

ԳՈՂ(մոտենալով)։ Էս օրը երկար եմ հիշելու։ (Վերցնելով բանալին։) Սիրտդ ո՞նց է։

ԳՈՀԱՐ — Քո գործը չէ։ Թշնամու ներկայությամբ չեմ թուլանում։

Գողը բացում է դուռը, մի պահ վարանում, գնում։ Մթնում է։

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեսարան. Բեմում կիսախավար է։ Գոհարը նույն բազկաթոռին է՝ կծկված։ Դուռը բացվում է։ Ներս է մտնում գողը, դուռը փականով փակում, վառում է լույսը։ Գրպանից ինչոր բան հանելով` դնում դարակի գրքերից մեկի մեջ։ Մոտենալով ու տեսնելով Գոհարին՝ այդ դիրքում, տագնապած ձեռք է տալիս։

ԳՈՀԱՐ(աչքերը չբանալով, կարծես չզարմացած)։ Ողջ եմ։ Բայց որ ջուր տաս` վատ չի լինի։ (Գողը ջուր է բերում։) Հիմա՞ ինչու եկար…

ԳՈՂ — Մոռացել էի։ (Սեղանիկի տակից վերցնում է քեյսը։)

ԳՈՀԱՐ — Հա՜, իրեղեն ապայցույց էիր թողել…

ԳՈՂ — Ինչո՞ւ ուսուցիչներն էդքան շատ են խոսում։

ԳՈՀԱՐ — Մեր ուժը խոսքի մեջ է։

ԳՈՂ — Բա ինչո՞ւ ես ասում՝ լռությունը ոսկի է։

ԳՈՀԱՐ — Որովհետև լռել կարող ես հարազատ մարդու հետ։

ԳՈՂ — Մի բան լավ հասկացա՝ քեզ հետ վիճելն անիմաստ է։ Նախ` կին ես, հետո` մանկավարժ ես…

ԳՈՀԱՐ — Է՞լ։

ԳՈՂ — Մայր ես։ (Դադարից հետո։) Ամեն ինչ կսպասեի, բացի էդ հաշվառման մատյանից։

ԳՈՀԱՐ — Սկզբում որոշել էի ոչինչ չասել։

ԳՈՂ — Բա ինչո՞ւ ասացիր։

ԳՈՀԱՐ — Զավակներս ի~նչ դժվարությամբ են այդ փողը վաստակում, այստեղ էլ քանի՜ ընտանիք է այդ փողին սպասում… Դու պրոֆեսիոնա՞լ գող ես։

ԳՈՂ — Այսինքն…

ԳՈՀԱՐ — Քանի՞ տարեկանում որոշեցիր, որ մեծանաս` գող ես դառնալու։

ԳՈՂ — Դե, դե… Չսպասես, որ խոստովանվեմ։ Էս աշխարհում բոլորն են գողանում, պարզապես մի քանիսը շատ մեծ մասշտաբի գող են, որոշները՝ միջին… մնացածները՝ մանր-մունր…

ԳՈՀԱՐ — Քեզ պես։

ԳՈՂ — Չեմ նայի, որ սրտային ես…

ԳՈՀԱՐ — Ոչ մի բան էլ չեմ։ (Խոր շունչ քաշելով։) Ասելիքդ մինչև վերջ ասա։

ԳՈՂ — Նկատե՞լ ես, որ հիմա գողություն անողը չի ամաչում։ Պարծենում է։ Քանի՞ սերունդ ես դաստիարակել ազնվության քարոզներովդ, մի խնդիր ասեմ՝ լուծի։ Էդ ինչի՞ Արամիդ ընկերները, որ կռվեցին-զոհվեցին, իրենցից հետո ոչինչ չթողեցին, ու իրենց ընտանիքները քո տված փողի հույսին են։ Լավ, մի խնդիր էլ ասեմ` քո նախկին աշակերտներից ով որ մարդ է դարձել, ինչո՞վ է դարձել` ազնիվ աշխատանքո՞վ։

ԳՈՀԱՐ — Ու դա քեզ իրավունք է տալիս, որ գողությո՞ւն անես։ Ի՞նչ գործ ունես ուրիշների հետ, դու քո կյանքի տերն ես։

ԳՈՂ — Ի~նչ բառեր… բրավո, հարգելի վարժապետ։  Բայց աշխարհը էսպես եկել է, էսպես էլ կգնա. մեկը թանկարժեք մեքենայով է ֆռֆռում, մյուսը տներ է թալանում, մեկն էլ պառկած է Եռաբլուրում։

ԳՈՀԱՐ — Լսիր, գնացել էիր, չէ՞, ինչո՞ւ վերադարձար։

ԳՈՂ — Ես էլ չգիտեմ… ասենք, չէ, գիտեմ… էդ Նվարդին… կարո՞ղ ես զանգել։

ԳՈՀԱՐ — Նվարդի՞ն…

ԳՈՂ — Զանգի, ասա, առավոտ շուտ փաստաթղթերով գնա էդ տականքի մոտ։

ԳՈՀԱՐ(տեղում ուղղվելով)։ Ում մո՞տ…

ԳՈՂ — Քո ասածն եմ կրկնում` տա-կան-քի։ Ամեն ինչ կարգավորված է։

ԳՈՀԱՐ — Փողե՞րը տվեցիր։

ԳՈՂ — Մնում էր` դրան կաշառք տայի… Երկու բառ ասացի ականջին` հասկացավ…

ԳՈՀԱՐ — Այսինքն` բնակարանի հարցը լուծվա՞ծ է։ (Բռնում է սիրտը։)

ԳՈՂ — Լրիվ։ (Սեղանիկի վրայից վերցնում է սրվակը, հաբը մեկնում Գոհարին։ Քթի տակ։) Մեզ միայն սրտի նոպան էր հիմա պակաս…

ԳՈՀԱՐ(հաբը լեզվի տակ դնելով)։ Էդ էր պակաս… Անունդ ի՞նչ է։

ԳՈՂ(կարճ դադարից հետո)։ Արամ։

ԳՈՀԱՐ(փորձելով թաքցնել հուզմունքը)։ Թեյնիկը միացրու։ (Ի պատասխան գողի հարցական հայացքի` ժպտալով։) Մուրաբայով թեյ ենք խմելու։

Գողը գնում է խոհանոց, վերադառնում թեյի բաժակներով։ Գոհարը ճիգ գործադրելով բարձրանում է, միասին են գնում խոհանոց։ Վերադառնում են։ Գողը պահում է մատուցարանը, վրան` թեյնիկը, պնակով մուրաբան, շաքարամանը։ Գոհարը նստում է, ժպտալով հետևում, թե նա անվարժ շարժումներով ինչպես է դրանք շարում սեղանին, մատուցարանը տանում խոհանոց։ Վերադառնում է, նստում է։ Գոհարը ձեռքը մեկնում է թեյամանին։

Դուռը դանդաղ, զգույշ բացվում է։ Գոհարն ու գողը հիպնոսացված նայում են` ինչպես է հայտնվում Մլեն։ Նա, իր հերթին, չէր սպասում տեսնել այսպիսի հովվերգական պատկեր ու առաջին պահին շվարած է։

ՄԼԵ(դադարից հետո)։ Ի-յյա~…

ԳՈՀԱՐ(աչքը չկտրելով Մլեի ձեռքի կեռիկից)։ Դրանո՞վ բացիք դուռը։

ՄԼԵ(գողին)։ Կնիկ եմ ասել, իրան չի կորցնում։ (Գոհարին.) Կարծեմ, ինձ բանալի չես տվել։

ԳՈՀԱՐ — Իսկ դուք ո՞վ եք, որ ձեզ բանալի տամ։

ՄԼԵ — Խի՞ որ… իրան կարաս չայ տաս, էդքան է՞լ չկանք։

ԳՈՀԱՐ — Ի՞նչ… (Նայելով քարացած Գողին։) Արամ, ի՞նչ է ասում։

ՄԼԵ — Արա՞մ… ստե ո՞վ ա Արամը։ Արա՞, կարող ա՞, էտի դու ես… Էս մի էրկու ժամում անունդ է՞լ փոխիր, արա… Խոսա, է’, քեզ հետ եմ։

ԳՈՂ(տեղից բարձրանալով)։ Արի դուրս գանք, կխոսենք, ինչքան ուզես։

ՄԼԵ — Դո՞ւ պտի ասես, թե ես որդեղ խոսամ։ Էս ի՞նչ խաղեր ես տալի, արա’… (Գոհարին.) Ոնց ասի՞ր… Արա՞մ… Այ մեր ջան, էսի մեր Գագոն ա, հլա որ մեր թաղում ինքը էդ անունով ա ման գալի։

ԳՈՂ — Քեզ ասի` դուրս գնանք… (Վրա է գնում։)

ԳՈՀԱՐ — Հլա մի` ստո’պ… (Երկուսը զարմացած նայում են նրան։ Զգացվում է, որ փնտրում է հարկավոր բառերը։) Էս ի՞նչ… ոնց էր… հա, էս ի՞նչ բազար եք այստեղ սարքել։ Արամ, ո՞վ է այս մարդը։

ՄԼԵ — Իմ մասին կխոսանք ավելի ուշ։ Հըմի իրա հերթն ա, ինքը պտի խոսա։ Բայց մինչև էդ` իրան մի հարց կա։ (Սպառնական մոտենալով։) Մի քոսոտ գործի հմար էն թուլեն փողոցում ժամերով կանգնի, ու դու քեզ հմար ստեղ կայֆեր անե՞ս, արա… (Ուժեղ հարվածում է, Գողը երկտակվում է, երկրորդ հարվածը դեմքին է` ատամն է փշրվում։ Նա տապալվում է հատակին։ Ասես ոչինչ չի եղել, Մլեն անվրդով շրջվում, մոտենում է քարացած Գոհարին, ուժով նստեցնում, ինքն էլ նստում է կողք։) Ներող էղեք, ընկեր Հարությունյան, էս էլ դաս տալու մեր ձևն ա։ (Շեղ նայելով գողին, որը փորձում է տեղից բարձրանալ։) Չեղավ, մնա ըդտեղ, մինչև կասեմ։ (Գոհարին.) Բա՞, ընկեր Հարությունյան, իսկական դպրոցը ուրիշ տեղ ա… (Հենվելով թիկնակին, սիգարետ է վառում։)

ԳՈՀԱՐ(շատ հանգիստ)։ Մեր տանը չեն ծխում։

ՄԼԵ(շարունակելով ծխել)։ Հետո՞ ինչ…

ԳՈՀԱՐ(ուսուցչուհու տոնով)։ Ո՞ւմ եմ ասում, հանգցրու ծխախոտը։ Դե՞… (Լուռ մենամարտ։ Մլեն բռան մեջ ճմլում է սիգարետը։) Այդպես, ու տեղիցդ չշարժվես։ (Բարձրանում, մոտենում է Գողին։) Ոտքի ել, տղաս։

ՄԼԵ(չնայելով գողին)։ Քեզ ասի` մնա ըդտեղ։

ԳՈՀԱՐ(առանց շրջվելու)։ Իսկ ես քեզ ասացի` տեղիցդ չշարժվես։ (Ձեռքը մեկնելով, Արամին.) Տուր ձեռքդ… (Գողը ինքն է բարձրանում` խուսափելով Գոհարի հայացքից։ Գոհարը սեղանից անձեռոցիկ է բերում, ուզում է մաքրել, գողը վերցնում է, ինքն է մաքրում։ Գողին զննելուց հետո։) Հիմա արդեն ոչինչ, այդքան սարսափելի չես… (Գնում, նստում է տեղը։) Արամ, դու էլ արի…

ՄԼԵ — Չասի՞նք, որ անունը…

ԳՈՀԱՐ — Սուս մնա։ Արամ, ո՞ւմ հետ եմ…

ՄԼԵ — Հորս արև, մաքուր ցիռկ ա… Է, հետո՞, ընկեր Հարությունյան, կարող ա՞, մի հատ էլ բարիշացնես։

ԳՈՀԱՐ — Շատ կերազեիր… (Սիրտն զգացնել է տալիս։) Իսկ հիմա ասեք, թե ինչ է նշանակում այս ամենը։

ՄԼԵ(իբր վախեցած)։ Չէ, մենձ ախպեր, մինչև չասես` առաջինը ով խոսի, մենք խոսացողը չենք։

ԳՈՀԱՐ — Արամ, ո՞վ է այս մարդը։

ԳՈՂ(դադարից հետո)։ Իմ անունը Գագիկ է։

ԳՈՀԱՐ(ցույց չտալով հուզմունքը)։ Գագիկ… ո՞վ է այս մարդը։

ՄԼԵ — Մնացել է` էս հարիֆը ընձի ներկայացնի… Կներես, ընկեր Հարությունյան, բայց հմի ես պտի խոսամ։ Բայց, նախ, մի կարճ նախաբան։

ԳՈՀԱՐ — Նախաբա՞ն… այդ բա՞ռը որտեղից գիտես։

ՄԼԵ(անտեսելով նրա խայթոցը, անվրդով)։ Նախաբան, առանց որի իրար չենք հասկանա։ Ընենց որ, ամեն ինչ կարգ ու կանոնով պտի ըլնի։ (Ի պատասխան Գոհարի հեգնական հայացքի։) Բա ո՞նց, պետությունից մինչև ընտանիք տեր պտի ունենա։ Էդ առաջ ղեկավար էր կոչվում, հմի, ձևի համար, ասենք` նախագահ կամ թաղապետ, բայց իրականում էս երկրում ամեն ինչ իր նայողն ունի։

ԳՈՀԱՐ — Դուք էլ դրանցից եք, հա՞…

ՄԼԵ(անտեսելով հեգնանքը)։ Գիտե՞ս, ով ա նայողը։ Էդ քո թաղապետարան, էն ինչ էր… ավագանի, դատ ու միլիցա… Էդ ամենը ձևի հմար է, ոնց քու դպրոցը։ Ճշտով կյանքը մեր ձեռի տակ ա…

ԳՈՀԱՐ — Եվ ի՞նչ գործ ունի թաղի նայողը իմ տանը։

ՄԼԵ — Էդ հարցը ինձ չպտի տայիր, ա~յ, էն հարիֆին պտի տայիր։

ԳՈՀԱՐ — Հա, գիտեմ, գող է, եկել էր ինձ թալանելու…

ՄԼԵ — Այ, ըդտեղ դու սխալվար։ Ինքը գող չէ։

ԳՈՀԱՐ — Ինչպես թե…

ՄԼԵ — Բա՞…

ԳՈՀԱՐ — Այսպես որ գնա, անունը էլի կփոխվի, կդառնա Արամ…

ԳՈՂ — Չէ, Արամ չի դառնա։

ՄԼԵ — Էդ մեկը` հաստատ։ Քու նմանը Արամ չի կարա դառնա… Հա, ընկեր Հարությունյան, ես գիտեմ քու տղու մասին, ասում եմ, չէ՞, էս թաղում բան չկա, որ չիմանամ։

ԳՈՀԱՐ — Թաղի հեղինակությունը մտել է տունս…

ՄԼԵ — Չեղավ, ընկեր Հարությունյան, ես չեմ մտել, ես էկել եմ, ստիպված էկել եմ, որովհետև ըստեղ պրոբլեմ կա, որ պտի լուծվի։

ԳՈՀԱՐ(գլխով ցույց տալով գողին)։ Դո՞ւ ես իրեն ուղարկել։

ՄԼԵ(ինքնագոհզարմացած)։ Տես, է՞, գլխի ընկավ։ Հա, ես եմ իրան ըստեղ ուղարկողը, բայց թե ընչի՞ հմար, այ, էդ մեկը հաստատ գլխի չես ընկնի։

ԳՈՀԱՐ — Հնարավոր է։ Կյանքը դաժան է, բայց ձեզպեսներից հեռու է պահել։

ՄԼԵ — Բայց վերջը հանդիպեցինք, չէ՞… Ու պտի հանդիպեինք, որովհետև կյանքը ընենց է դարձել, որ մենք ու դուք հմի նույն պլոշչադկի վրա ենք։ Էդ մի ժամանակ էր, որ մենք մեր տեղն ունեինք, դուք` ձերը։

ԳՈՀԱՐ — Ես ոչ սիրտ, ոչ էլ ժամանակ ունեմ քո գողական փիլիսոփայությունը լսելու համար։ Հարցիս պատասխանիր, ինչո՞ւ ես իրեն ուղարկել իմ տուն։ Չէ՞ որ նա գող չէ։

ՄԼԵ — Բա որ ասում էի՞… (Գողին.) Փողերը…

ԳՈՂ(հայացքը` հատակին)։ Չկա։

ՄԼԵ — Ո՞նց թե, արա… (Սպառնալի։) Փողերը, ասի…

ԳՈՀԱՐ(առերևույթ` հանգիստ)։ Արամ… (Հայացքով խեթելով Մլեին։) Արամ, տղաս, դրան փող չտաս։

ՄԼԵ — Ընկեր մանկավարժ, գիտե՞ս, ինքը ով ա… Ոչ իմ պես գող ա, ոչ էլ քեզ պես ազնիվ մարդ։ Ինքը ոչ մի բան ա… Հա, տենց տեսակ հմի շատ կա։ Դրանք ժամանակին մասնագիտություն են ունեցել, կարգին գործ, երբեմն էլ` պաշտոն։ Բայց կյանքը, այ, (ձեռքերով ցույց տալով) շուռ էկավ, դրանք դարձան… հեչ բան։ (Գողը ինչոր բան է ուզում ասել։) Ձենդ… Մեր հարգված ընկերը էկավ մոտս, թե մի համբալ պարտք ա վերցրել, տոկոսը հավաքվել ա, ժամկետ-բան անցել ա, բայց ինքը չի տալի։ Ասում ա` չունեմ, ինչ ուզում ես` արա, թեկուզ` սպանի, բայց պարտքը տալ չեմ կարա։ (Գողին.) Ըտենց էլ ասել ես, չէ՞… «թեկուզ սպանի»։ (Գոհարին.) Բայց էս աշխարում ախպերություն կա, մարդկությունն էլ հլա չի վերացել երկրիս էրեսից։ Ասի` բերեք մոտս, տենամ` ով ա։ Պարզվեց` ինքն ա։ Ու գիտե՞ս, ինչն ա հետաքրքիրը, դպրոցում իրար հետ ենք սովորել, մի էրկու տարվա տարբերությամբ… Ինքը լավ սովորող, ակտիվ կոմսոմոլ էր, ես… ինչ որ կամ։ Բա, ընկեր Հարությունյան, էս ա իսկական կյանքը։ Իսկ հմի ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչի հմար է պարտքի տակ ընգել։ Տղուն ա բանակից ազատել, փողով։ Թե՞ չգիտես, որ էսօր փողն է ամեն ինչ որոշում։ Պռոստո, փող պտի ունենաս։ Տղուն փախցրել ա ռուսաստանները, բայց ոնց էրևում ա, տղեն կամ հոր պես ձախորդ Փանոս ա, կամ էլ ընդեղի նանարների վրայա փողերը ծախսում, բայց փաստն էն ա, որ հմի իրա վրա սչոտչիկ ա դրած։ Իսկ ես որոշի` ասածս տունը կմտնես, ու եթե տաս հազար դրամ էլ դուս բերես` պարտքդ ե¢ս կփակեմ։ Հասկացա՞ր, թե ընչի Գագոն, որ էս տանը հանկարծ Արամ դարձավ, էս րոպեիս գոնե տաս հազար դրամ պտի դնի սեղանի վրա։ Հըմի՞ ինչ կասես։

ԳՈՀԱՐ(առանց գողին նայելու)։ Փողը տվեք սրան ու գնացեք իմ տնից։

ԳՈՂ — Փող… չկա։ (Երկուսի հայացքներին ի պատասխան` մարտահրավերով։) Ու չի լինի։

ՄԼԵ(երկիմաստ)։ Դու գիտես, չէ՞, թե հմի ինչ ասիր։

ԳՈՂ — Գիտեմ։

ՄԼԵ — Բա հետո՞… հետոն չե՞ս մոռացել։

ԳՈՂ — Կարևոր չէ։ (Գոհարին.) Դու պատերազմին տղայիդ կռվելու ուղարկեցիր։ Ես խաղաղության մեջ տղայիս դասալիք դարձրի։ Դա ինձ հերիք չէր` էս ոչնչությունն էլ կարողացավ իր խաղի մեջ քաշել։ Ու թե սիրտդ չվատանար, շուտ չգայիր` փողերն առած գնալու էի…

ԳՈՀԱՐ — Ես չէ` մի ուրիշ բան կխանգարեր քեզ…

ԳՈՂ — Չէ, գնալու էի, որովհետև հիմա սրանց ժամանակն է։ Ու քանի դեռ իրենց ժամանակն է, սրանք ամեն ինչ անելու են, որ ում կարողացան` իրենց պես դարձնեն։

ՄԼԵ(ատելությամբ)։ Խի՞, կարո՞ղ ա` չդառար… Մոռացա՞ր, արա, ոնց էիր խեղճացել… որ ասի` տուն պտի մտնես` ընչի՞ էդ ժամանակ դուխտ չհելավ-քեզ չկերավ։ Վերջին անգամ եմ ասում` փողը դիր սեղանին։ Խոսք եմ տալի, որ ըտենց էլ սեղանին կմնան։ Դու լավ գիտես` ինձ ինչ է պետք…

ԳՈՂ — Գիտեմ, ու քիչ էր մնացել` ուզածիդ հասնեիր, բայց… (Բարձրանում է տեղից։) Տիկին Գոհար, Նվարդի թղթերը դրել եմ դարակին, Թումանյանի գրքի մեջ։ (Դուրս է գնում։)

Ծանր լռություն է։ Երկուսը իրար են նայում. նրանց միջև լուռ պայքար է։

ԳՈՀԱՐ — Առաջին անգամ հյուրին դուրս պիտի հրավիրեմ։

ՄԼԵ — Գնալուս վախտը ես եմ որոշում։ (Ձեռքի հեռախոսով, կամաց։) Դուս էկա՞վ… Հարցերը լուծեք։ (Հեռախոսն անջատելով։) Բա՞, ընկեր Հարությունյան… Էրեխեքը ո՞նց են, լսել եմ, Արտակը լավ գործի է։

ԳՈՀԱՐ — Ինչո՞ւ նրան իմ տուն ուղարկեցիր։

ՄԼԵ(խուսափուկ)։ Լավ, էլի, ընկեր Հարությունյան, բան էր` անցավ-գնաց։ Մոռացի։ (Նայելով ժամացույցին։) Հեսա` գնում եմ։ Չնայած մի բաժակ սուրճ չառաջարկեցիր, բայց կարաս հանգիստ ապրես… էս մեկը` հեչ, սրանից դենը մազիդ կպչող չի լինի։

ԳՈՀԱՐ — Հաստատ իմ աշակերտը չես եղել։

ՄԼԵ — Բա որ հանկա՞րծ…

ԳՈՀԱՐ — Իմ աշակերտները գիտեն, որ եթե հարց եմ տալիս, պատասխանն անպայման պիտի ստանամ։

ՄԼԵ(դժկամ)։ Ընչի՞ համար… Հարգված մարդ ես, երեխեք ես դաստիարակում, փորձում ես իրանց ազնիվ, մաքուր մեծացնես։ Վատ չի, գիտե՞ս, ազնիվ մարդն էլ ա պետք, թե չէ ի՞նչ կլնի էս խեղճ աշխարհի վիճակը, թե որ սաղը գող, քցող ու մարդասպան ըլնեն։ (Տեսնելով, որ Գոհարն անդրդվելի է։) Էս խաղի իմաստն էն էր, որ ինքը ազնիվ մարդու տուն պիտի մտներ։

ԳՈՀԱՐ – Որոշել էիր մինչև վերջ ստորացնել նրան…

ՄԼԵ — Իրա տեսակին։ Աշխարհը խառնվեց, մարդիկ փոխվան։ Բայց ինքը ոնց կար` ըտենց մնաց։ Կիսասոված, գլուխը կախ իր գործին, բայց… հպարտ։ Ու էդպես մնաց, մինչև տղան իրան խեղճացրեց: Մնացածը արդեն գիտես…

ԳՈՀԱՐ — Ու քո ժամը եկավ։

ՄԼԵ — Իմ ժամը միշտ էլ էկած է։ Էդ իրա ժամը էկավ, իսկական ժամը, որ վերջապես հասկանար, որ իրա ազնվությունը սուտ ա, սարքովի ա, ու թե տեղը էկավ, գողություն էլ կանես, մարդ էլ կսպանես…

ԳՈՀԱՐ — Ինչ-ինչ, բայց նրան մարդասպան դարձնել չես կարող։

ՄԼԵ — Դու չես սպասնում` քեզ են սպանում։

ԳՈՀԱՐ(սահմռկած)։ Ի՞նչ ես ուզում ասել…

ՄԼԵ(նայելով ժամացույցին)։ Գիտե՞ս, ինչքան էր պարտքը… 5000 դոլար։ Ու էդ գումարը պտի փակեր քո տնից հանած գոնե 10000 դրամով։ Վա՞տ պայման էի դրել։

ԳՈՀԱՐ — Այդպիսի մեծահոգությո՞ւն… քո բանը չէ։

ՄԼԵ — Ճիշտ ա… որովհետև պայմանը երկրորդ կետ էլ ուներ։ Փողը չես բերում` թրըխկ…

ԳՈՀԱՐ — Սպասիր… ուզում ես ասել…

ՄԼԵ — Ես ոչ մի բան էլ չասի։

ԳՈՀԱՐ(տեղից թռչում է, մոտենում դարակին, վերցնում է գիրքը, ձեռքերը դողում են, չի կարողանում թերթել, գիրքը թափ է տալիսթղթադրամները թափվում են)։ Տե~ր Աստված…

ՄԼԵ – Ի՛… չհասկացա…

ԳՈՀԱՐ(հայացքը` հատակին թափված թղթադրամներին)։ Չես էլ հասկանա։ (Ի մի բերելով կատարվածը։) Ճիշտ ասացիր, հիմա քո ժամանակն է։ Ու դու պիտի օգտվեիր առիթից… նա կոտրված, ստորացված եկավ մոտդ, ու դու ուրախացար, որ պստիկ վրեժդ լուծելու ժամը հասավ։ Բայց ի~նչ սրիկան ես… նրան չուղարկեցիր թալանչու կամ կաշառակերի տունը, ուղարկեցիր այստեղ, որպեսզի վերջնականապես ոչնչացնես նրան… Աստված իմ, ի՞նչ ստորության կարող է իջնել մարդը…

ՄԼԵ — Հըմի ո՞ւմ ես պաշտպանում, տունդ մտած գողի՞, թե՞ սրբի…

ԳՈՀԱՐ — Մարդո¢ւ… (Սիրտը զգացնել է տալիս։ Ավելի` ինքն իրեն։) Երևի վերադառնալուց հետո է փողն այստեղ դրել… կարող էր փողը շպրտել երեսիդ, բայց չարեց։ (Մլեին.) Գիտե՞ս, ինչու չարեց… Չէր կարող անել, որովհետև ուզեց ապրել որպես մարդ։

ՄԼԵ(լկտի)։ Ուզում ես ասել` մեռնել որպես մարդ։

ԳՈՀԱՐ(սիրտը բռնելով)։ Սրիկա…. մարդասպան…

ՄԼԵ(դեպի դուռը գնալով)։ Էս ժամանակների ինչն ա լավ` ամեն մեկը կարա իր ընտրությամբ իր պարտքը մարի։ (Դուրս է գնում։)

Գոհարը մի կերպ մոտենում է բազմոցին, փլվում մեջը, ձեռքը մեկնում է հեռախոսին` ձեռքն անուժ ընկնում է։

ԳՈՀԱՐ(աստիճանաբար նվաղող ձայնով)։ Արամ… Արամ, որտե՞ղ ես, տղաս… Արամ…

Բեմը մթնում է։ 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։