Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / Ք Ի Լ Ե Ր

Գագիկ-Սարգիս Կարապետյանի «ՔԻԼԵՐ»  պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա»  հանդեսի 2-րդ համարում (հուլիս-դեկտեմբեր 2000 թվական):

Պիես մեկ գործողությամբ

 

Գործող անձինք

ՔԻԼԵՐ

ԳՐԻԳՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

ՍԵՐԳԵՅ

ՈՒՐՎԱԿԱՆ

 

Հին, լքված շենքի տանիք: Ջարդված աթոռներ, սեղան, բազմոց ու պահարան: Առաստաղից կախված է հին ջահ: Պատերին մերկ կանանց նկարներ են, խավարասեր պատկերող խզբզոցներ և մի սրբապատկեր:

Գործողությունը կատարվում է մեր օրերում:

Վախեցած և հևասպառ ներս է մտնում Գրիգոր Սողոմոնյանը, թաքստոց է փնտրում: Ի վերջո… թաքնվում է պահարանում:

Անշտապ ներս է մտնում Քիլերը, աչքի տակով զննում է շուրջը, նստում է սեղանի եզրին՝ նախօրոք սրբելով սեղանի փոշին: Սկսում է ծխել:

ՔԻԼԵՐ — Ես ժամանակ ունեմ, կարող եմ սպասել: (Ծխելը վերջացնում է, նայում ժամացույցին:) Երեք րոպե ապրեցիր: (Սկսում է ատրճանակը ստուգել ու մաքրել: Հետո պահում է հանդիսականի վրա:) Քը՛խ: Կար-չկար, մի կառապան կար, նա մի ձի ուներ: Կառապանին սպանեցին, քը՛խ, ո՞ւմ է պատկանում ավանակը: Ավանակը… Հա՛, մինչև կատարածուները փնտրում էին ժառանգորդին, ձին դարձավ ավանակ: Ինչո՞ւ ձին դարձավ ավանակ… մարդկությունը այդ առեղծվածը դեռ չի լուծել: (Նայում է ժամացույցին:) Չորս րոպե և ոչ մի վայրկյան ավել: Այդպիսի նվեր միայն Աստված կարող է շնորհել… և ես: Այո՛, ես բարեգործ եմ, տրամադրությունս էլ մի տեսակ էն չէ: Գուցե նրանից է, որ երեկ լուծողական խմեցի ու ստամոքսիս մաղձը դատարկեցի: (Դադար:) Պատկերացնո՞ւմ ես, այսօր նայեցի երկինք ու տեսա շարժվող ամպեր. ինձ հետ այդպիսի բան չէր եղել: Իմ ինչի՞ն են պետք ամպերը, ես սիրում եմ գաղջ հողը: (Անհամբեր նայում է ժամացույցին:) Գրիգոր Սողոմոնի Սողոմոնյան, իմ համբերությունն անսահման չէ, դուրս արի: (Պահարանից լսվող աղմուկից գուշակում է, որ զոհն այնտեղ է:) Գրիգոր Սողոմոնյանը թաքնվել է պահարանում… Կորպորացիայի պրեզիդենտը պահարանում է… Կորպորացիայի պրեզիդենտը վախից թրջել է տակը… Այ թե նյութ կլինի թերթերի համար: (Դադար:) Մեկ րոպե քեզ ժամանակ… կամ դուրս արի՝ մարդավարի խոսենք, կամ էլ… (Լիցքավորում է ատրճանակը:) Մահդ կդիմավորես պահարանում:

Գրիգորը դուրս է գալիս պահարանից: Քիլերը ծաղրական հայացքով նայում է նրան:

ՔԻԼԵՐ — Նստի՛ր: (Գրիգորը նստում է աթոռին:) Գույնդ դուրս չի գալիս, դեղնել ես: Իմ կարծիքով, շատ խմելուց է:

ԳՐԻԳՈՐ — Ես չեմ խմում:

ՔԻԼԵՐ — Ճիշտ է, փոքրիկ մարդուկը չի սիրում խմել: (Դադար: Նայում են իրար:) Միայն չերևակայես, թե հերոս ես:

ԳՐԻԳՈՐ — Երբ ատրճանակը պահում ես վրաս, սիրտս խառնում է:

ՔԻԼԵՐ — Այդքան շա˚տ ես ուզում ապրել:

ԳՐԻԳՈՐ — Այո՛:

ՔԻԼԵՐ — Կան մարդիկ, որ թքած ունեն այս կյանքի վրա՞:

ԳՐԻԳՈՐ — Ես ընտանիք ունեմ, կին և երկու երեխա:

ՔԻԼԵՐ — Տղա և աղջիկ: Տղադ 12 տարեկան է, աղջիկդ՝ 10: Կինդ դասավանդում է համալսարանում ժամը 11-ից մինչև 14-ը: Դու էլ հաջողակ բիզնեսմեն ես, ունես երկհարկանի ամառանոց, 5 սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում ու երեք ավտոմեքենա: Չես խմում, մոլախաղով չես տարվում, շաբաթը մեկ թաքնվում ես մի գեղեցկուհու տանը: Ես քո մասին ամեն ինչ գիտեմ:

ԳՐԻԳՈՐ – Ի՞նչ ես ուզում ինձնից… Ես քեզ ի՞նչ եմ արել, որ հետապնդում ես:

ՔԻԼԵՐ — Քեզ սպանելու համար ինձ բավականաչափ մեծ գումար են վճարել: Ես քիլեր եմ:

ԳՐԻԳՈՐ (լացակումած): Աստված իմ… ինձ սպանելո՞ւ ես:

ՔԻԼԵՐ — Իհարկե: Եթե չսպանեմ, կկորցնեմ իմ բարի անունը: (Ծիծաղում է:) Ես իմ անվան գերին եմ: (Լռություն: Տեսնելով Գրիգորի տառապանքները:) Եթե քեզ չսպանեմ, ինձ կսպանեն: Դա է մեր օրենքը:

ԳՐԻԳՈՐ — (հուսահատ): Ես… ես հասկանում եմ:

ՔԻԼԵՐ — (զայրացած): Ի՞նչ ես հասկանում, ես էլ մարդ եմ, չէ˚: (Սկսում է նյարդայնանալ:) Ինչպե՞ս սպանեմ քեզ պես մարդուն, որն ունի կին և երկու երեխա… ինձ էլ ոչ մի վատություն չի արել: Ո՞վ է տվել ինձ այդ իրավունքը, հը՞… Հա՛, վճարել են, դրանով ասված է ամեն ինչ: Դարն է շուկայական, ամեն ինչ առնում են, ամեն ինչ՝ վաճառում: Ես քո տեղն էլ չգիտեի, բայց փողն իր գործն արեց: Պատրաստվի՛ր մեռնելու: (Մեռյալ լռություն: Սկսում է շուրջը հոտոտել, քայլել, նայում է առաստաղին, պատերին:) Շան պես ընկած քո հոտն եմ փնտրում… (Լռություն:) Մի՞թե ինձնից է այդ հոտը գալիս: (Իրենից հոտ է քաշում:) Արյան հոտ է… (Բռնում է գլուխը:) Մելամաղձոտ եմ դարձել, սիրտս էլ կարծես այն չէ… Այս ինչ օրն եմ ընկել: (Գոռում է:) Մա՛յր գայլ, փրկի՛ր քո որդուն… Ո՜ւո՜ւ… (Ոռնում է, հետո կարճ դադար:) Վերջ զեղումներին: (Ատրճանակը պահում է Գրիգորի վրա:) Օ՜, ինչքան հեշտ է, բայց… (Զայրացած է իր անվճռականության վրա, բայց հանկարծ նոր մտքից ոգևորվում է:) Հայհոյի՛ր:

ԳՐԻԳՈՐ – Ինչո՞ւ:

ՔԻԼԵՐ — Որ ինձ արդարացնելու պատճառ ունենամ:

ԳՐԻԳՈՐ — (վճռական): Դու անմեղ մարդու ես ուզում սպանել:

ՔԻԼԵՐ — Այս աշխարհում անմեղ մարդ չի կարող լինել: Մայր ունե՞ս:

ԳՐԻԳՈՐ — Այո՛:

ՔԻԼԵՐ – Չի՞ պատմել թե ինչ տառապանքով է քեզ լույս աշխարհ բերել: Դու հենց այդ օրվանից ես մեղավոր:

ԳՐԻԳՈՐ — Դժգոհելու պատճառ չունեի:

ՔԻԼԵՐ — Մանչուկը գոհ է ու երջանիկ: (Զայրացած:) Գոնե այս պահին ասա, որ դժբախտ ես, որ այս կյանքը քեզ զզվեցրել է, որ ուզում ես մեռնել:

ԳՐԻԳՈՐ — Դժբախտ եմ, որ ընկա քո ձեռքը:

ՔԻԼԵՐ (արհամարհական): Դու ի՞նչ գիտես, թե դժբախտ լինելն ինչ է: (Նայում է առաստաղին, պատերին, կարծես ինչ-որ մեկին է փնտրում ու քթի տակ գրմռում է:) Ասում եմ հայհոյի՛ր ինձ, որ զգամ կոկորդիս մեջ կուտակված ատելությունս:

ԳՐԻԳՈՐ — Քեզ հայհոյելու պատճառ չունեմ, մենք անծանոթ ենք:

ՔԻԼԵՐ — Խելացի միտք: (Ոգևորված շփում է ձեռքերը:) Ուրեմն ծանոթանանք, ես քիլեր եմ, մականունս՝ Գայլ: Լսե՞լ ես իմ մասին: (Գրիգորը վախից սփրթնում է:) Լսել ես… Դու այն օղակից ես, որտեղ օրը մի մարդ են մորթում: Երազումդ չե՞ս լսել գայլի ոռնոցը… Այդ ես եմ լիալուսնին ոռնում: (Ոռնում է:) Ես իմ կենսագրությունը վերջացրի, հերթը քոնն է, սկսի՛ր:

ԳՐԻԳՈՐ — Գրիգոր Սողոմոնյան…

ՔԻԼԵՐ — 45 տարեկան, ունես կին և երկու երեխա՝ տղա ու աղջիկ: Քո կենսագրությունը հետաքրքիր է մինչև… 97 թվականը: Այդ տարի դու անհավանական արագությամբ հարստացար:

ԳՐԻԳՈՐ — (ժպտում է): Բախտը ժպտաց ինձ:

ՔԻԼԵՐ — (ուրախ): Մանչուկը բախտավոր աստղի տակ է ծնվել: (Ծիծաղում են:) Գիտե՞ս, դու սկսում ես ինձ դուր գալ: Ես նախանձում եմ բախտից երես առածներին:  Ինչպե՞ս պատահեց, հը՞, քայլում էիր, ու հանկարծ ոսկե դրամներ թափվեցի՞ն վրադ: (Ատրճանակը պահում է վրան:) Ասա՛ փողոցի անունը, որ ես էլ բախտս փորձեմ:

ԳՐԻԳՈՐ — (փորձում է արդարանալ): Դե՛, այդպես չէ, ես օրը 12 ժամ աշխատում եմ, ո՛չ շաբաթ ունեմ, ո՛չ կիրակի: Ես սիրում եմ իմ աշխատանքը… Գործդ որ իմացար, հաջողությունն ինքն է իր ոտքով գալիս:

ՔԻԼԵՐ — Նայիր, է՜, աշխատանքը այս կապիկին մարդ է դարձրել:

ԳՐԻԳՈՐ — Արի քեզ դարձնեմ իմ գործընկերը… Երդվում եմ, մի տարում կունենաս այն, ինչ ես ունեմ: Գործուղումներ, սիրուն քարտուղարուհիներ, կանայք: Մի սիրուն աղջիկ էլ կգտնես, կամուսնանաս, ընտանիք կկազմես, երեխաներ կունենաս:

ՔԻԼԵՐ — Տղա ու աղջիկ:

ԳՐԻԳՈՐ — Բա ո˚նց, թե չէ գործ ես գտել քեզ համար:

ՔԻԼԵՐ — Դա ինձ գայթակղում է…

ԳՐԻԳՈՐ — Մի քանի օրից որոշել եմ գնալ Կիպրոս… Քեզ էլ հետս կտանեմ… Չքնաղ ծովափ, հինգ աստղանի հյուրանոց, մշտական տաք ջուր… Երբևէ եղե՞լ ես…

ՔԻԼԵՐ — Չէ, իմ խուցն ընդամենը մի պատուհան ունի:

ԳՐԻԳՈՐ (երանությամբ): Կտեսնես, կզգաս, կհասկանաս, որ ապրելը հրաշալի բան է:

ՔԻԼԵՐ – Ուրեմն՝ Կիպրո՞ս…

ԳՐԻԳՈՐ (ավելի ոգևորված): Տասն օր կմնանք Կիպրոսում, երկու օր էլ՝ Փարիզում, կֆռֆռանք ու կվերադառնանք:

Լռություն: Գրիգորի ժպիտն աստիճանաբար մարում է Քիլերի հայացքի ներքո:

ՔԻԼԵՐ (անողոք): Այս տարի անհայտ պատճառով զոհվեցին քո երկու ընկերները:

ԳՐԻԳՈՐ (վախեցած): Նրանք ավտոմեքենայի տակ ընկան:

ՔԻԼԵՐ – Կարծո՞ւմ ես:

ԳՐԻԳՈՐ — Վարորդը խոստովանեց… Նա հիմա նստած է բանտում:

ՔԻԼԵՐ — Էլ բան չունե՞ս ավելացնելու:

ԳՐԻԳՈՐ — Ես հաջողության եմ հասել միայն իմ ուժերով:

ՔԻԼԵՐ — (վերածվում է գայլի): Գայլը ոռնալ է ուզում… Ո՜ւո՜ւ… Ես մենթի նմա՞ն եմ… ասա՛, ես մենթի նմա՞ն եմ… (Բռնում է նրա մազերից և նայում աչքերին:) Ինչո՞ւ ես աչքերդ թաքցնում… (Բաց է թողնում:) Գոնե մեռնելուց առաջ մի ստիր:

ԳՐԻԳՈՐ — Ես նրանց չեմ սպանել… պատահականություն էր:

ՔԻԼԵՐ — Վերջ տո՛ւր հոմոսեքսուալ լեզվաէշությանդ… Ինձ խաբել չես կարող… Պատահականություն էր միայն քո ծնունդը: Ասում եմ՝ հայհոյի՛ր, որ հոգիս մռնչա:

ԳՐԻԳՈՐ (նվնվալով): Ես երեխաներ ունեմ… ծերացած մայր:

ՔԻԼԵՐ – Հետո՞ ինչ… Ես ոչ ոք չունեմ, չեմ էլ հիշում՝ մայր ունեցե՞լ եմ թե՞ ոչ:

ԳՐԻԳՈՐ — Մայրս որ իմացավ, կմեռնի:

ՔԻԼԵՐ — Չէ՛, այդ չեղավ, քո մոր մահը մի՛ փաթաթիր իմ վզին: Առանց այդ էլ մեղքերի տակ ճկռել եմ: Արի… հիմա նրան մի նամակ գրիր… ասա, որ որոշել ես Կիպրոս գնալ՝ հանգստանալու, հետո ՝Փարիզ, Լոնդոն ու Հռոմ, գուցե և չվերադառնաս:

ԳՐԻԳՈՐ — Չեմ գրի: Չեմ կարող նրան խաբել:

ՔԻԼԵՐ — Այ թե սրիկան ես… մորդ էլ չես խղճում:

ԳՐԻԳՈՐ — Նա չի հավատա: Երեսուն տարի ուսուցիչ է եղել… Երբ հայրս մահացավ, նա մեր քաղաքի գլխավոր ճարտարապետն էր… Մենք որոշել էինք ինչ-որ սուտ հորինել… մայրս նայեց մեր աչքերին ու սկսեց արտասվել:

ՔԻԼԵՐ — Ինտելիգե՜նտ ընտանիք… հասկանում են նույնիսկ աչքերով: Նվաստս ի՞նչ անի, հո չի՞ կախվելու, որ նրան ծեծել են կրակխառնիչով: Ուզում եմ քեզ հաճույք պատճառել՝ պատմել իմ մասին. հայրս հարբեցող էր, ինձ ամեն երեկո ծեծում էր: Մի օր էլ թռա ու դանակով հարվածեցի ծոծրակին: (Դառը ծիծաղ:) Անասունը չմեռավ, այնպես խփեց, որ ուշագնաց ցած ընկա: Հը, լա՞վ պատմություն էր:

ԳՐԻԳՈՐ — Ո՛չ:

ՔԻԼԵՐ — Մի անգամ էլ գցեց ձեղնահարկն ու երկու օր ուտելիք չտվեց: Ես նայում էի դժգույն լիալուսնին ու սովից ոռնում՝ ո՜ւո՜ւ… Քեզ հետ այդպիսի բան եղե՞լ է:

ԳՐԻԳՈՐ — Ո՛չ, հայրս մատով չի կպել ինձ: Մի անգամ պարսատիկով խփեցի մեծ ջահին: Մայրս ասաց՝ երբ հայրդ տուն գա, կպատժի: Ամբողջ օրն իմ սենյակում նստած մտածում էի, թե ինչ պատիժ եմ կրելու:

ՔԻԼԵՐ – Քոթակե՞ց:

ԳՐԻԳՈՐ — Չէ՛, որ ասեմ, չես հավատա: Պարսատիկը տվեց ձեռքս ու ասաց. «Տղաս, չեմ հավատում, որ դու այդքան դիպուկ կարող ես խփել, մեկ էլ փորձի՛ր»: Ես էլ վերցրի պարսատիկը, ուրախ-ուրախ նշան բռնեցի… բայց ներս մտավ մայրս…

ՔԻԼԵՐ — Հա, ուրախ մանկություն ես ունեցել: Իսկ ես ոչ մի լավ բան չեմ հիշում: (Դադար:) Հայհոյի՛ր հորս…

ԳՐԻԳՈՐ — Չեմ կարող:

ՔԻԼԵՐ — (ատրճանակը պահում է Գրիգորի վրա): Հայհոյի՛ր, թե չէ կկրակեմ:

ԳՐԻԳՈՐ — Ես քո հոր…

ՔԻԼԵՐ — (մտորում է): Չեմ կարողանում բարկանալ… Նա արժանի է միա՛յն հայհոյանքի: Կուզե՞ս մորս էլ հայհոյիր…

ԳՐԻԳՈՐ — Նրանք ո՞ղջ են:

ՔԻԼԵՐ – Ի՞նչ իմանամ… գուցե սատկել են: Յոթ տարեկան էի, որ փախա տնից, ընկա մանկատուն, հետո՝ բանտ… Հիմա էլ պատրաստվում եմ քեզ սպանել: (Դադար:)

ԳՐԻԳՈՐ — Լսիր, արի հաշտվենք:

ՔԻԼԵՐ — Չեմ հիշում, որ խռոված լինեինք, բայց որ ասում ես՝ խնդրեմ… Համբուրվե՞նք եղբայրաբար, թե՞ ձեռք սեղմելը բավական է:

ԳՐԻԳՈՐ — (բռնում է Քիլերի ձեռքն ու թոթվում): Ես հարգում եմ բոլոր մարդկանց:

ՔԻԼԵՐ — Ես նրանց թվո՞ւմ եմ:

ԳՐԻԳՈՐ — Իհարկե: Աշխարհի բոլոր մարդիկ եղբայրներ են:

ՔԻԼԵՐ — Ես երազել եմ եղբայր ունենալ… Ուրեմն մենք եղբայրներ ենք: (Գրկում է Գրիգորին կեղծ հուզմունքով:) Հարազա՛տս, գիտե՞ս ինչքան եմ քեզ փնտրել: Երեք ամիս քո ամեն մի քայլը դրոշմել եմ սրտիս մատյանում: (Ծոցագրպանից հանում է  տետր:) Ահա՛, ժամը 9-ից մինչև 12-ը օֆիսում ես: 12-ից 13-ը ճաշում ես դիմացի ռեստորանում, գերադասում ես հորթի միս և տապակած կարտոֆիլ, վերջում՝ սև սուրճ և մանգոյի հյութ… Շարունակե՞մ…

ԳՐԻԳՈՐ — Ոչ, ինքս էլ գիտեմ՝ որտեղ եմ լինում և ինչ եմ ուտում:

ՔԻԼԵՐ — Իսկ դու գիտե՞ս, թե ես ինչ եմ սիրում ուտել:

ԳՐԻԳՈՐ — Ո՛չ:

ՔԻԼԵՐ — Հետո էլ ասում ես՝ եղբայրներ ենք… Ժամը 13-ից 18-ը նորից օֆիսում ես՝ պատուհանը բակի կողմից, չորրորդ հարկ, 17 սենյակ՝ ապակիներն անթափանց են: Ամբողջ օրն ի՞նչ ես անում օֆիսում:

ԳՐԻԳՈՐ — Աշխատում եմ:  Հարյուր միլիոնի ապրանք ունեմ պահեստներում: Արտասահմանից ներկրվող սննդի 30 տոկոսն իմն է:

ՔԻԼԵՐ – Ա՞յդ է արածդ: Մե՜ծ գործատեր ես, կատակ բան չէ՝ 30 տոկոս…

ԳՐԻԳՈՐ — Ես ուզում եմ քեզ մի բան առաջարկել, որը երկուսիս էլ կբավարարի: Ինչքա՞ն են քեզ վճարել…

ՔԻԼԵՐ — (ժպտում է): Շատ…

ԳՐԻԳՈՐ — Ես կրկնակի կվճարեմ:

ՔԻԼԵՐ — Կդառնա կրկնակի շատ:

ԳՐԻԳՈՐ — Դու միայն ասա՝ ուզածդ գումարը կստանաս:

ՔԻԼԵՐ — Ուզում ես ինձ կաշառե՞լ:

ԳՐԻԳՈՐ — Ո՛չ, նոր գործարք կնքել: Համաձա՞յն ես:

ՔԻԼԵՐ — Ես մինչև հին գործարքը չեմ վերջացնում, նորը չեմ կնքում:

ԳՐԻԳՈՐ — Բայց դու ուզում ես սպանել մի մարդու, որը քեզ վատություն չի արել:

ՔԻԼԵՐ — Այդ մեկը ճիշտ է: Ես սիրած աղջիկ ունեի, երբ ընկա բանտ, նա պոռնիկ դարձավ: Փարթամ աղջիկ էր՝ մեծ կրծքեր ուներ ու ձիգ հետույք… Հայհոյի՛ր նրան:

ԳՐԻԳՈՐ — (կատաղած): Ես նրա մերը…

ՔԻԼԵՐ — Մայրը բոզ էր, աղջիկն էլ դարձավ բոզ… Եթե նրա հետ ամուսնանայի, տղաս էլ կդառնար քիլեր:

ԳՐԻԳՈՐ — Չէր դառնա… Նա կդառնար տիեզերագնաց:

ՔԻԼԵՐ — (ատրճանակը պահում է Գրիգորի վրա): Նա կդառնար քիլեր:

ԳՐԻԳՈՐ — Բայց ինչո՞ւ ես այդպես մտածում: Ամեն մարդ էլ կարող է կյանքում իր տեղը գտնել:

ՔԻԼԵՐ — Կարծում ես, ես իմ տեղում չե՞մ: Ես գայլ եմ, ես գայլ եմ ծնվել: Ես սպանում եմ մարդուն, որովհետև դա իմ էությունն է, իսկ մարդիկ իմ պահանջն ունեն և ինձ վճարում են:

ԳՐԻԳՈՐ — Ես էլ կվճարեմ, որ ինձ հանգիստ թողնես:

ՔԻԼԵՐ — Չեմ կարող, ես իմ խոսքի տերն եմ:

ԳՐԻԳՈՐ — Ախր դու հասկանո՞ւմ ես, որ մարդ ես սպանում, մարդ…

ՔԻԼԵՐ — Մա՛րդ… Երբևէ տեսե՞լ ես, թե մարդն ինչպես է մեռնում: (Ատրճանակը պահում է նրա վրա: Գրիգորը վախից կծկվում է:) Մարդը վախից կորցնում է իր մարդկային արժանապատվությունը, դառնում է անասուն ու սարսափահար ուզում է փախչել… (Նայում է շուրջը, տեսնում է խավարասերի նկարը:) Ահա՛ նա է մարդը, որ վախից դարձել է խավարասեր: (Ոտքը դնում է Գրիգորի վրա:) Ես ոտքս դնում եմ նրա վրա և ուզում եմ սպանել:

ԳՐԻԳՈՐ — Խնդրում եմ, մի՛ սպանիր:

ՔԻԼԵՐ – Մի՞թե ողբերգություն է տեղի ունենում… Չէ՛, միայն զզվանք եմ զգում: (Ոտքը իջեցնում է:) Քեզ սպանելով, ես ընդամենը սպանում եմ մի խավարասեր: (Հանգստանում է:) Այո, փիլիսոփայությունն ինձ ազատություն է տալիս:

ԳՐԻԳՈՐ — (լացակումած): Դու չարաչար սխալվում ես, որ ինձ համեմատում ես խավարասերի հետ: Ես վախենում եմ, դա բնական է, բայց ես ավելի շատ մտածում եմ իմ կնոջ ու երեխաների մասին: Առանց իմ հայրական հոգատարության նրանք ի՞նչ պիտի անեն:

ՔԻԼԵՐ — (հոգնած): Մի տարի հետո կինդ կամուսնանա, երեխաներդ հայրացուին հայրիկ կանվանեն: Մարդն այն կենդանիներից է, որ շուտ է մոռանում: Պատկերացրու, որ մենք օժտված չլինեինք մոռացությամբ, դարերի հիշողությունը մեզ կճզմեր: Մոռացությունն Աստծո կողմից մեզ տրված բարիք է: Դու իմ 11-րդն ես, եթե ես չմոռանայի քո նախորդների աղճատված դեմքերը, ինձ կտանեին հոգեբուժարան:

ԳՐԻԳՈՐ — Դու հավատո՞ւմ ես Աստծուն… Եթե հավատում ես ու սիրում…

ՔԻԼԵՐ – Ինչո՞ւ պիտի սիրեմ: Ես գիտեմ, որ դժոխք եմ ընկնելու. դա է իմ տեղը: (Դադար:) Բավական շատախոսեցինք, ժամանակն է, որ վերջակետ դնենք:

ԳՐԻԳՈՐ — Դու ինձ չե՞ս ասի, թե ով է ուզում իմ մահը:

ՔԻԼԵՐ – Ինչի՞դ է պետք:

ԳՐԻԳՈՐ — Չեմ ուզում մեռնել՝ չիմանալով թե ինչի համար:

ՔԻԼԵՐ — Ես ի՞նչ իմանամ, բոլորն էլ իրար կոկորդ են բռնել: Մարդու ատելությունը թաքնված է դիմափոշու ու ժպիտի տակ, բավական է սրբես երեսը, կմնա մերկ հոգին, որն ամոթից կարմրած կճչա՝ մա՛հ, մա՛հ, մա՛հ…

ՈՒՐՎԱԿԱՆ — Մա՛հ, մա՛հ, մա՛հ…

ՔԻԼԵՐ — Հը, ո՞վ է իմ անունը հոլովում: (Հոտոտում է շան նման:) Դու եկար, ես քո հոտը զգում եմ: (Դադար:) Ես ուզում եմ քեզ նորից տեսնել…

ԳՐԻԳՈՐ — (զարմացած նայում է նրան): Քեզ ի՞նչ պատահեց:

ՔԻԼԵՐ — Նա է… (Կարծես ցցերի վրա կանգնած լինի:) Նա է՝ ութերորդս: Նա ինձ ստիպեց փիլիսոփայությունը խառնել հոդացավիս հետ: (Տնքում է:) Դժվար է կուլ տալը: (Նայում է երկինք:) Խոսի՛ր: (Կարճ դադարից հետո դիմում է Գրիգորին:) Գիրուկ ամուսինն արցունքներն աչքերին ինձ աղերսում էր սպանել նրան… ու բավականին լավ էլ վճարեց: (Գոռում է:) Այնքան վճարեց, որ հարյուր կին էլ լինեին, պիտի մեռնեին: Ուղիղ վեց ամիս հետևեցի նրան, պատճառն էի ուզում հասկանալ: Ո՛չ խանդի տեղիք կար, ո՛չ էլ անպատկառ կանանց էր նման, որոնք բռնում են ամուսնու կոկորդից ու հեծնում վրան: (Երազկոտ:) Նա անաղարտ դեմք ուներ, մեծ ու լուրթ աչքեր: (Հոգնած:) Քանի անգամ եմ նրա մահը հետաձգել, ձեռքս չէր գնում: (Ընկճված նստում է:) Գիտե՞ս, ամենամեծ փիլիսոփան ով է:

ԳՐԻԳՈՐ – Ո՞վ:

ՔԻԼԵՐ — Գայլը: Ոչ մի խղճմտանք: Սպանում է, որովհետև քաղցած է: (Ուրվականին.) Տիկի՛ն, ձեր ամուսինը նոր կին է առել ու դեմքից երևում է, որ երջանիկների շարքին է պատկանում: Այ թե ամուսին ունեիր, ասում էր. «Սիրում եմ, բայց սպանի՛ր նրան, ես այսպես չեմ կարող ապրել»: Կարո՞ղ ես ինձ ասել, եթե սիրում էր, ինչո՞ւ էր ուզում քո մահը: (Լուռ սպասում է, հետո դիմում է Գրիգորին:) Գուցե կինդ է քո մահն ուզում… Հը՛, ի՞նչ կասես…

ԳՐԻԳՈՐ — (զարմացած): Կի՞նս… բայց ինչո՞ւ… Ես սիրող հայր եմ, լավ ամուսին…

ՔԻԼԵՐ — Չհաշված սիրուհիդ:

ԳՐԻԳՈՐ — Դե, դա մի փոքրիկ զվարճություն է, ուրիշ ոչինչ:

ՔԻԼԵՐ — Կանայք խանդից պատրաստ են խեղդամահ անել սիրած ամուսնուն:

ԳՐԻԳՈՐ — (շփում է կոկորդը): Ես այնպես եմ արել, որ մեկը չիմանա մյուսի մասին:

ՔԻԼԵՐ — Կինդ լռում է, բայց նայե՞լ ես նրա մատներին, գուցե կատաղությունից եղունգներն է կրծում:

ԳՐԻԳՈՐ — Նա հավասարակշռված կին է, բարի ու գթասիրտ: Չէ՛, չեմ հավատում, որ նա իմ մահը ցանկանա: Վերջապես, ես լավ եմ նաև անկողնում:

ՈՒՐՎԱԿԱՆ — Մա՛հ, մա՛հ, մա՛հ…

ՔԻԼԵՐ (նյարդայնացած): Նա ամեն ինչ անում է, որ կորցնեմ հոգուս կորովը: (Գոռում է:) Ի՞նչ ես թառել այդտեղ ու գուժում ես՝ մա՛հ, մա՛հ, մա՛հ: Ես այն խելագարներից չեմ, որ սպանում են սպանելու համար: Ես ընդամենը կտրող գործիք եմ՝ դանակ, մկրատ, սղոց… (Կատաղած հարձակվում է Գրիգորի վրա:) Լսի՛ր, անասո՛ւն, եթե քո կինը սիրահարվել է ու քո մահն է ուզում, մի՞թե ես եմ մեղավոր:

ԳՐԻԳՈՐ – Սիրահարվե՞լ է… (Մտածում է:) Նա է: Ախ, սրիկա՛, սրիկա՛… Մի հեռավոր ազգական ունի, երաժիշտ է: Շաբաթը մեկ գալիս է մեր տուն՝ կուշտ ուտելու: Միայն նա կարող է խելքահան անել կնոջս: Ես ո՞նց գլխի չընկա… Արվեստից էին բլբլում, միասին համերգ գնում, մի երկու անգամ էլ տեսել եմ իրար հետ զբոսնելիս: (Խոսում է կնոջ հետ:) Երախտապարտ եմ, տիկի՛ն, եղջյուրակիր ես դարձրել՝ քիչ է, կյանքս էլ վաճառել ես: (Զայրացած:) Եվ ո՞ւմ հետ ես ինձ փոխել՝ մի սոված երաժշտի… թո՛ւ: Ու դա այն դեպքում, որ քո ամեն ցանկությունն ինձ համար օրենք էր: (Լալիս է:) Ես սիրում էի նրան:

ՔԻԼԵՐ — Ես դա կհաղորդեմ նրան:

ԳՐԻԳՈՐ — Պետք չէ: Իմ կորուստը նա հետո է զգալու: Զղջալու է արածի համար, ողբալու է իմ մահը, մազերն է պոկելու, սոված է մնալու և վերջում սատկելու է: (Նվնվում է:) Եվ երեխաներս այդ սրիկային պիտի հայրիկ ասեն… Գոնե մարդու նման լինի՝ երկար մազերով, այծամորուքով… պատառաքաղն այնպես է բռնում, կարծես եղան լինի, մսի կտորներն իրար ետևից խցկում է բերանը ու շան նման կուլ տալիս: (Հուզված մտածում է:) Բայց չեմ հավատում, անհնար է… Նա ընդունակ չէ այդպիսի ստորության… Եվ հետո, նրանց որտեղի՞ց այդքան դրամ… Գումարն ինչքա՞ն է…

ՔԻԼԵՐ — Չեմ սիրում գաղտնիքը բացել:

ԳՐԻԳՈՐ – Քանի՞ զրո կա՝ վեց… յոթ…

ՔԻԼԵՐ — Այդքան քի՞չ ես քեզ գնահատում: Ախր, գիտե՞ս, թե ինչքան ծախս արեցի, մինչև կպա հետքիդ:

ԳՐԻԳՈՐ — (ուրախացած): Ուրեմն նա չէ, նա այդ գումարը չունի: Ներողություն եմ խնդրում, տիկի՛նս, որ գեթ մի վայրկյան քեզ կասկածեցի:

ՔԻԼԵՐ — Երեք ամիս չէի կարողանում քո մշտական երթուղին գտնել:

ԳՐԻԳՈՐ — Ես ամեն օր փոխում էի երթուղիս:

ՔԻԼԵՐ — Իմ հաշվարկները ճիշտ դուրս եկան: Երբ ցիկլը կրկնվեց, ես գիտեի, թե այսօր որ երթուղով ես տուն գնալու: (Ժպտում է:) Ու ընկար թակարդը:

ԳՐԻԳՈՐ — Որ իմանայի՝ ինձ հետևում ես, հետքս էլ չէիր գտնի:

ՔԻԼԵՐ — Կգտնեի, դա իմ աշխատանքն է: (Դադար:) Մենք անիմաստ ժամանակ ենք վատնում: Պատրա՞ստ ես… Գուցե աղոթե՞լ ես ուզում… Ութերորդս մի ժամ աղոթեց… Ես համբերությամբ սպասեցի: (Ուրվականին.) Ճի՞շտ  եմ ասում:

ՈՒՐՎԱԿԱՆ — Օ՜, ինչպիսի մեծահոգություն…

ՔԻԼԵՐ – Ի՞նչ, ես մեծահոգի չեմ… Իսկ դո՞ւ… Ի՞նչ արիր դու, հպարտությունդ թույլ չտվեց գոնե մի բառ ասել, կյանքդ շպրտեցիր այնպես հեշտ ու անհասկանալի, որ ակամա աչքերս փակեցի ու նոր կրակեցի: Օ՜, ինչ մեծ հաղթանակ: Այդպիսի հաղթանակ միայն հայոց պատմությունը գիտի: Եթե հուշարձան էիր ուզում ունենալ, ապա պիտի ինձ սպանեիր: Դա քեզ համար այնքան հեշտ էր, բավական էր մի խոսք ասեիր, մի ժպիտ… ու գայլը կմեռներ: (Դադար:) Ինքնասպանություն… Այդպիսի ցանկություն դեռ մեջս չկա, բայց խոսք եմ տալիս մտածել այդ մասին: (Ժպտում է:) Ես քեզանից մեծահոգի եմ:

ԳՐԻԳՈՐ — Քեզնից ի՞նչ մեծահոգություն…

ՔԻԼԵՐ — Արհամարհանքդ չեմ ընդունում… Ամեն ինչ, բայց ոչ պռոշների ծամածռություն:

ԳՐԻԳՈՐ — Եթե մեծահոգի ես, բաց թող, գնամ տուն՝ որդիս ինձ է սպասում:

ՔԻԼԵՐ — Ես զբաղվում եմ բիզնեսով, ինչպես դու, ինչպես մյուսները, և իմ հացը վաստակում եմ ազնիվ քրտինքով:

ԳՐԻԳՈՐ — Դու հաց ես վաստակում իմ կյանքի գնով:

ՔԻԼԵՐ — Ուզում եմ քեզ նման հաստ վիզ ունենալ ու ճարպակալած փոր: (Ծիծաղում է:) Շնորհակալություն հայտնիր, որ քո կյանքը արժեվորել են:

ԳՐԻԳՈՐ — Ես նախանձում եմ վերջին մուրացկանին:

ՔԻԼԵՐ — Չի՛ կարող պատահել… Ու դու աղբա՞րկղ կմտնես, որ ոսկոր գտնես:

ԳՐԻԳՈՐ — Միայն թե ապրե՛մ, ապրե՛մ… Ես ապրել եմ ուզում:

ՔԻԼԵՐ — Ինչպես խավարասե՞ր:

ԳՐԻԳՈՐ — Հա՛, ինչ ուզում ես ասա, միայն թող ապրեմ:

Ծանր լռություն:

ՔԻԼԵՐ (Ուրվականին): Նայիր, թե այս մարդը հանուն իր կյանքի փրկության ինչի է ընդունակ: (Ծիծաղում է:) Խավարասե՛ր, ծնկի՛… Վազի՛ր, ասում եմ… (Խփում է: Գրիգորը ծնկաչոք վազում է:) Արագ գնա՛: Խավարասերներն այնպես արագ են մութ ծակը գտնում, որ չես հասցնում ճզմել: (Գրիգորը կանգնում է:) Ինչո՞ւ կանգնեցիր…

ԳՐԻԳՈՐ — (լացակումած ու զայրացած): Սպանի՛ր, միայն հանգիստ թող ինձ: Դու գայլ ես, մարդակեր գազան:

ՔԻԼԵՐ — Ի տարբերություն խավարասերների, գայլին չես կարող ոտքով տրորել, ժանիքները սուր են: (Մի պահ նայում են իրար:) Պատրաստվի՛ր…

ԳՐԻԳՈՐ – Սպանելո՞ւ ես:

ՔԻԼԵՐ — Անշուշտ: Հենց նոր լուր ուղարկեցի, որ քավարանի դուռը բացեն:

ԳՐԻԳՈՐ — Դու կարծում ես՝ դժո՞խք եմ ընկնելու:

ՔԻԼԵՐ — Էլ ո՞ւր պիտի ընկնես: Դու այնտեղ ընկերներիցդ շատերին կհանդիպես: Հենց որ քեզ գցեն այրվող մազութի մեջ, այնպես կգոռաս, որ ձայնդ լսեմ:

ԳՐԻԳՈՐ — (հոգնած): Մարդավարի չե՞ս կարող սպանել:

ՔԻԼԵՐ — Տասը մեռյալ ականջիս մեջ մեղվի նման բզզում են, դու էլ կմիանաս նրանց:

ԳՐԻԳՈՐ — Ես այնպես կգոռամ, որ ականջներդ խլանան:

ՔԻԼԵՐ (կեղծ զարմանքով): Քե՞ն ես պահում: Ինչ-որ մի մարդ կյանքդ վաճառել է երեսուն արծաթով, ե՞ս եմ մեղավոր:

ԳՐԻԳՈՐ — (վճռական): Մեռնելուց առաջ իրավունք ունե՞մ իմանալու այդ մարդու անունը:

ՔԻԼԵՐ — Զոքանչդ:

ԳՐԻԳՈՐ — Մի՛ ծաղրիր, ես զոքանչ չունեմ: Խնդրում եմ… դա ինձ համար այնքան կարևոր է:

ՔԻԼԵՐ — Ասացի՝ չգիտեմ, հեռախոսով էին հրահանգներ տալիս:

ԳՐԻԳՈՐ — (մտազբաղ): Բայց ո՞վ կարող է լինել, հը՞:

ՔԻԼԵՐ — Փնտրի՛ր քո շրջապատում, տեղակալդ կամ բաժնետերերից մեկն ու մեկը:

ԳՐԻԳՈՐ — Անհնար է: Բոլոր օղակներն իմ ձեռքում են կենտրոնացված: Եթե ես մեռնեմ, օղակը կկտրվի, շատ մեծ գումարներ անհետ կկորչեն: Բայց սպասի՛ր… Ա՜, սողո՛ւն… նրա ծիծաղը, հրաժեշտի ձևը… Այսօր այնպես ջերմագին բաժանվեց ինձանից… Այդ ոջիլն ամեն ինչ գիտի: Նա պիտի դռնապահ լիներ, ոչ թե… Այո՛, բարությունը բումերանգի նման պտտվում է ու քեզ խփում: Ես նրան փողոցից վերցրի, կոշիկներս էր մաքրում, ավտոմեքենայիս դռներն էր բացում ու փակում: Ա՛խ, դու անասո՛ւն, ո՞նց վստահությունս չարաշահեց…

ՔԻԼԵՐ — Գտար:

ԳՐԻԳՈՐ — Այո, միմիայն նա կարող է լինել:

ՔԻԼԵՐ — Վերջապես պարզվեց՝ շան գլուխը որտեղ է թաքնված: (Գրիգորը ծիծաղում է:) Քեզ ի՞նչ պատահեց…

ԳՐԻԳՈՐ — Պայթելու է…

ՔԻԼԵՐ – Ի՞նչն է պայթելու:

ԳՐԻԳՈՐ — Նա կարծում է, թե ամեն ինչ գիտի, բայց կան բաներ, որ ինձ հետ են թաղվելու: Եվ այդ ժամանակ կորպորացիան կպայթի: Բանկիրներն ուրախությունից խելքները կթռցնեն: Ա՜խ, թե ձեռքս ընկնի… Դու կարո՞ղ ես պատվեր ընդունել:

ՔԻԼԵՐ — Ինչո՞ւ չէ: Փող ունե՞ս:

ԳՐԻԳՈՐ — Մեքենայիս տեղը գիտե՞ս:

ՔԻԼԵՐ — Կապույտ մերսեդե՞սը…

ԳՐԻԳՈՐ — Հա՛: Վերցրու բանալին… Ետևի նստատեղի տակ 300 000 կա, նեղ օրվա համար էի պահել:

ՔԻԼԵՐ (արհամարհական): 300 000… այդքան քի՞չ…

ԳՐԻԳՈՐ — Դոլար:

ՔԻԼԵՐ — Հաշվիր, որ նա արդեն մեռած է: (Վերցնում է բանալին:) Ո՞վ է…

ԳՐԻԳՈՐ — Սերգեյ անունով այդ լակեյը… Դու նրան գիտե՞ս:

ՔԻԼԵՐ (մտածում է): Կարծես տեսել եմ… Կարճ, սղալած մազերով, ակնոց է կրում…

ԳՐԻԳՈՐ — Հա՛: Նրան կբերես հենց այստեղ:

ՔԻԼԵՐ – Ինչո՞ւ ես գործը բարդացնում:

ԳՐԻԳՈՐ — Լավ, որտեղ որ կարող ես: Սպանելուց առաջ կասես՝ շները սատկում են շան պես:

ՔԻԼԵՐ — Պատվերն ընդունված է: Աղոթելո՞ւ ես, թե՞ ոչ:

ԳՐԻԳՈՐ – Ի՞նչ ասեմ… Ճակատագրից փախչել չեմ կարող:

ՔԻԼԵՐ — Անհնար է:

ԳՐԻԳՈՐ — Այնպես կուզեի ապրել… Ափսոս, որ էլ չեմ կարող տեսնել տղայիս, նա այնքան նման է ինձ: (Հուզվում է:) Տղայիս իմ կողմից հեռադիտակ կնվիրե՞ս:

ՔԻԼԵՐ — Կնվիրեմ:

ԳՐԻԳՈՐ — Թող կարողանա հեռուն տեսնել:

ՔԻԼԵՐ – Պատրա՞ստ ես:

ԳՐԻԳՈՐ — Մերոնց կհայտնե՞ս տեղս:

ՔԻԼԵՐ — Կհայտնեմ:

ԳՐԻԳՈՐ — Այդ սրիկային սպանելուց առաջ կտաս սա… (Ծոցագրպանից մի թուղթ է հանում ու տալիս նրան:) Նա կհասկանա: Մեռնելուց առաջ թող զմայլվի այդ թղթով: (Գոռում է:) Խոստացի՛ր, որ կսպանես նրան:

ՔԻԼԵՐ — Ես խոսքս երբեք չեմ դրժում, նա կմեռնի:

ԳՐԻԳՈՐ — (նայում է սրբապատկերին): Տե՛ր Աստված, թողություն տուր մեղքերիս և ընդունի՛ր իմ հոգին: (Ուժասպառ ընկնում է հատակին ու լալիս:)

ՔԻԼԵՐ — Ամե՛ն: Դե՛, տղամարդ եղի՛ր, թաքցրո՛ւ արցունքներդ: (Ուրվականին.) Մի կրակոց, և աշխարհը նրա համար կդառնա անդառնալի: Ծնունդ ու մահ:

ՈՒՐՎԱԿԱՆ — Մա՛հ, մա՛հ, մա՛հ…

ՔԻԼԵՐ — Գիտակցված մի անզորություն, ավելի շուտ՝ վախ: Ամբողջ կյանքում նստում է կրծքիդ ու ամեն վայրկյան իրեն զգալ է տալիս: Եվ դու վախեցած ու պարտված ընկնում ես ցած: (Դադար:) Վեր կաց, ես ուզում եմ քեզ ազատագրել…

ԳՐԻԳՈՐ — Թույլ ես տալիս, որ տո՞ւն գնամ:

ՔԻԼԵՐ — Դա անհնար է: Բայց ուզում եմ քեզ մարդավայել մեռնելու հնարավորություն տալ: Ինքնասպան եղի՛ր:

ԳՐԻԳՈՐ — (զարմացած): Ինքնասպա՞ն լինեմ:

ՔԻԼԵՐ — Հա՛, այդպիսի հնարավորություն ունես:

ԳՐԻԳՈՐ — Ինքնասպան լինելն իմ ուժերից վեր է:

ՔԻԼԵՐ — Լսի՛ր, դա այն հնարավորությունն է, որ հաղթանակած կգնաս էն աշխարհ:

ԳՐԻԳՈՐ — Հաղթանակած, թե նվաստացած… Ի՞նչ տարբերություն:

ՔԻԼԵՐ — Երբ մարդը գեղեցիկ է մեռնում, մահը պարտվում է:

ԳՐԻԳՈՐ — Ողջ շունը գերադասում եմ մեռած թագավորից:

ՔԻԼԵՐ — Մեռած թագավորը մնում է թագավոր:

ԳՐԻԳՈՐ — Ես թագավոր չեմ:

ՔԻԼԵՐ — Միևնույն է՝ մեռնելու ես… Բայց եթե ինքնասպան լինես… (Նայում են իրար:) Գոնե քո արյունն իմ վրա չի գրվի:

ԳՐԻԳՈՐ – Ո՞վ է գրողը:

ՔԻԼԵՐ – Ի՞նչ իմանամ… Ասում են՝ վերևում հաշվապահները նստած մեղքերս են հաշվառում:

ԳՐԻԳՈՐ — Լավ, ի՞նչ պիտի անեմ: (Նայում է ջահին:) Կախվեմ ջահի՞ց…

ՔԻԼԵՐ (շուրջն է նայում): Պարան չկա, ատրճանակս վերցրու: (Գրիգորի աչքերը հույսով շողում են: Քիլերն արհամարհանքով ժպտում է:) Ընդհանրապես ես իմ ատրճանակը ոչ մեկին չեմ վստահում, բայց քեզ կտամ:

ԳՐԻԳՈՐ — (պաթետիկ և հուզված): Համաձայն եմ, ավելի լավ է հպարտ ու գեղեցիկ ինքնասպան լինեմ:

ՔԻԼԵՐ – Խոստանո՞ւմ ես:

ԳՐԻԳՈՐ — Ազնիվ խոսք: Սողոմոնյան Գրիգորի խոսքն արժեք ունի:

ՔԻԼԵՐ (կասկածանքով): Արի հավատամ քո խոսքին: (Ատրճանակը տալիս է Գրիգորին, նա դողդողալով ատրճանակը պահում է քունքին, հետո ծիծաղում: Ատրճանակը պահում է Քիլերի վրա:)

ԳՐԻԳՈՐ — Տե՛ր Աստված, մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ բախտի անիվը շրջվել է իմ դեմ: Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, Տե՛ր, որ հուսախաբ չարիր: (Նայում է Քիլերին:) Հիմա դու ես իմ ձեռքում: (Քիլերը ծիծաղում է:) Ուզում ես ասել, որ չե՞ս վախենում:

ՔԻԼԵՐ — Ես ո՛չ կին ունեմ, ո՛չ էլ տղա ու աղջիկ, կյանքն էլ ինձ համար արժեք չունի: (Դադար:) Դու խոստացար:

ԳՐԻԳՈՐ — Խոստումը դատարկ բառ է, իսկ բառից կառչելն ու կյանքը տալը՝ հիմարություն: Դու չես պատկերացնում, թե ինչքան ուրախ եմ, կարծես նորից ծնվեցի:

ՔԻԼԵՐ — Որ նորից մեռնես:

ԳՐԻԳՈՐ — Դա հետո, հարյուր տարի հետո: Պապս հարյուր երկու տարեկանում մահացավ: Ա՜խ, ինչ թեթև եմ շնչում: Ուրախությունից ուզում եմ ցատկոտել: (Ցատկոտում է:) Ես ողջ եմ, ես ապրում եմ… (Հանկարծ սառած նայում է Քիլերին:) Հիմա ես ի՞նչ եմ անելու…

ՔԻԼԵՐ — Կրակի՛ր, քո հերթն է:

ԳՐԻԳՈՐ — Ուրիշ ելք չկա՞:

ՔԻԼԵՐ — Ես չեմ սակարկում:

ԳՐԻԳՈՐ — Երկուսիցս մեկը… Գերադասում եմ, որ դու լինես:

ՔԻԼԵՐ — Դու հումորից զուրկ չես: (Ձեռքը մեկնում է:) Վերադարձրու ատրճանակը…

ԳՐԻԳՈՐ — Երևում է՝ դու էլ հումորից զուրկ չես:

ՔԻԼԵՐ — Դու կարո՞ղ ես մարդ սպանել:

ԳՐԻԳՈՐ — Գրողը տանի, իսկ ինչո՞ւ ոչ: Ես պահպանելու եմ երեխաներիս հոր կյանքը: Նրանք որբ չպիտի մեծանան:

ՔԻԼՐ – Դրանո՞վ ես ուզում արդարանալ:

ԳՐԻԳՈՐ — Ես ոչ մեկի մոտ չեմ ուզում արդարանալ, հասկացա՞ր: Ես ուզում եմ ապրել, աշխատել ու երեխաներիս պահել:

ՔԻԼԵՐ (մռայլ): Դու խոսք տվեցիր:

ԳՐԻԳՈՐ — Բառերից ես կառչում: (Վերականգնում է երբեմնի կերպարը:) Պարո՛ն, ես շատ գործեր ունեմ այս կյանքում: (Նայում է ժամացույցին:) Քո պատճառով ուշացա մի մեծ գործարքից: Ափսոս, կարող էի մի քանի հազար վաստակել: Հասկացի՛ր, ես մեծ բիզնեսմեն եմ: Քեզ նման հազարավոր մարդիկ են աշխատում ինձ համար: Ինձ ճանաչում է անձամբ նախագահը… Իսկ դու ով ես, ոչնչություն, քիլեր… (Ծիծաղում է:) Գա՛յլ, ապա ոռնա…

ՔԻԼԵՐ — Ուուո՜ւ…

ԳՐԻԳՈՐ — Լավ չոռնացիր… Նորից ոռնա, թե չէ կկրակեմ: (Ատրճանակը պահում է Քիլերի վրա:)

ՔԻԼԵՐ — Ինձ համար դժվար չէ, կոռնամ:

ԳՐԻԳՈՐ — Հա՛, ոռնա՛, երկարացրու քո ողորմելի կյանքը:

ՔԻԼԵՐ — Ուուո՜ւ… (Ոռնալու կեսից սկսում է հազալ:)

ԳՐԻԳՈՐ — Չէ, դու այլևս նման չես գայլի, ավելի շատ՝ խեղկատակի: (Դադար:) Բոժոժներն են պակասում… (Ինչ-որ տեղից գտնում է խեղկատակի գլխարկ, դնում է Քիլերի գլխին:) Այ, սա քեզ սազեց: Ապա մի վազիր, որ ծլնգոցդ լսեմ… Լավ էլ ծլնգում է: (Ծիծաղում է, հետո նայում ժամացույցին:) Դե ինչ, պարո՛ն խեղկատակ, պատրաստվի՛ր մահվան:

ՔԻԼԵՐ — Իսկ պատրաստվելու ի՞նչ ունեմ:

ԳՐԻԳՈՐ — (մեղմ): Աղոթել ուզո՞ւմ ես…

ՔԻԼԵՐ — Կյանքումս չեմ աղոթել:

ԳՐԻԳՈՐ — Գուցե ծխե՞լ ես ուզում…

ՔԻԼԵՐ — Այս վայրկյանից թողեցի ծխելը, առողջությանս վնաս է:

ԳՐԻԳՈՐ — Կարող ես զանգահարել հարազատներիդ…

ՔԻԼԵՐ — Շնորհակալություն, ես հարազատ չունեմ, միակ հարազատս դու ես, թաղման ծախսը քո վրա է:

ԳՐԻԳՈՐ — Դե ինչ, եթե պատրաստվելու բան չունես… մեղքը քո վիզը… (Նշան է բռնում:)

ՔԻԼԵՐ — Սպասիր…

ԳՐԻԳՈՐ – Ի՞նչ կա, թաշկինակով աչքերդ կապե՞մ…

ՔԻԼԵՐ — Զգուշացնում եմ, որ հենց դուրս գաս, միևնույն է՝ քեզ կսպանեն:

ԳՐԻԳՈՐ — Ստում ես:

ՔԻԼԵՐ — Կարող ես չհավատալ:

ԳՐԻԳՈՐ — (վախեցած նայում է դռանը): Դռան ետևու՞մ են սպասում:

ՔԻԼԵՐ — Չգիտեմ: Բայց կարծում եմ, որ նրանք մեզ հետևում են:

ԳՐԻԳՈՐ — (մոտենում է դռանը, կամաց բացում): Մարդ չկա:

ՔԻԼԵՐ — Ես հազվադեպ եմ սխալվում:

ԳՐԻԳՈՐ — (հուզվում է): Գրողը տանի, դու նորից սիրտս վախ մտցրիր: Անիծյալ լինես, ես էլ կարծեցի՝ արդեն տուն եմ գնում:

ՔԻԼԵՐ — Տղամարդուն վայել մեռնելու արժանապատվություն ունեցիր:

ԳՐԻԳՈՐ — (զայրացած): Մի խոսք էլ ասես՝ գնդակները ճակատիդ կշարեմ:

ՔԻԼԵՐ — Օ՜, այնպես վախեցա… Ինչո՞ւ ես ձգձգում, կրակի՛ր: (Գրիգորը զայրույթից իրեն կորցրել է: Ատրճանակը պահում է Քիլերի վրա:) Տանը, ընթրելուց առաջ, չմոռանաս ձեռքերդ լվանալ:

ԳՐԻԳՈՐ — Ի՜նչ գարշելի մարդ ես:

ՔԻԼԵՐ — Իմ փորձն եմ քեզ փոխանցում՝ կվերցնես մի շիշ օղի, մինչև վերջ կդատարկես ու կքնես: Առավոտյան կզարթնես ու կմտածես, որ ոչինչ էլ չի եղել:

ԳՐԻԳՈՐ — Հա՛, հենց այդպես էլ կանեմ:

ՔԻԼԵՐ —  Մեր աշխատանքում ամենակարևորը մոռացումն է:

ԳՐԻԳՈՐ — Հենց հասնեմ տուն, չեմ հիշի քո գոյության մասին:

ՔԻԼԵՐ — Ասում ես, էլի… Բայց հիշողությունը քո պոչը բռնած հետապնդելու է՝ երազում տեսնելու ես ինձ, արդարանալու ես ու կարծելու ես՝ կողքիդ կանգնած եմ: Կուլ ես տալու սառն ապուրը ու տեսնելու ես իմ լերդացած աչքերը, որ պլշած քեզ են նայում: Ես միշտ քո կողքին եմ լինելու:

ԳՐԻԳՈՐ — Ա՛հ, մտացածին բաներ ես ասում, կարևորը ողջ տուն հասնելն է:

ՔԻԼԵՐ — Չէ՛, դու չես կարող ինձ մոռանալ, պարո՛ն խավարասեր:

ԳՐԻԳՈՐ — Չհամարձակվես մեկ էլ կրկնել… Այն, ինչ եղավ, հանգամանքների ստիպմամբ եղավ: Ես ֆիզիկական բռնության զոհ էի: Վերջին անգամ եմ քեզ առաջարկում՝ ապրել ուզո՞ւմ ես:

ՔԻԼԵՐ – Արդյո՞ք ուզում եմ ապրել… Չգիտեմ, ինձ համար էլ դեռ պարզ չէ:

ԳՐԻԳՈՐ — Լսի՛ր, ես գիտեմ, որ դու կարող ես մեզ այս ծուղակից ազատել:

ՔԻԼԵՐ — Ինձ համար այնքան դժվար գործ չի լինի…

ԳՐԻԳՈՐ — Արի միասին փախչենք: Ես քեզ կուղարկեմ արտասահման, այնքան փող կտամ, որ մինչև կյանքիդ վերջ հանգիստ ապրես:

ՔԻԼԵՐ — Ես քո մահն եմ խոստացել… Ինչպես և Սերգեյինը՝ քեզ, որի համար դու ինձ վճարեցիր: Այնպես որ, տուր ինձ ատրճանակը, դու մարդ սպանելու ընդունակ չես:

ԳՐԻԳՈՐ — Ես իմ շանսը երբեք բաց չեմ թողնում:

ՔԻԼԵՐ — Միևնույն է, քեզ կսպանեն:

ԳՐԻԳՈՐ — Դա էլ հարց է… (Մոտենում է դռանն ու լսում:) Ես մտածում եմ, որ ողջ դուրս պրծնելու հնարավորություն կա:

ՔԻԼԵՐ — Այնքան քիչ է փրկվելուդ հավանականությունը:

ԳՐԻԳՈՐ — Նույնիսկ եթե անհնար է, պիտի փորձեմ:

ՔԻԼԵՐ — Ուրեմն, սպանիր ինձ ու փորձիր քո բախտը:

ԳՐԻԳՈՐ — Դու ուրիշ ելք չես թողնում:

ՔԻԼԵՐ — Եղավ, ես իմ խոսքի տերն եմ:

ԳՐԻԳՈՐ — Եթե այդպես է, ուրեմն մեռիր: (Կրակում է, ատրճանակը լիցքավորված չէ:)

ՔԻԼԵՐ — Չէ, դու հաստագլխի մեկն ես: Գոնե ստուգեիր՝ մեջը փամփուշտ կա՞, թե՞ ոչ: (Գրիգորից վերցնում է ատրճանակը: Գրիգորը հարձակվում է նրա վրա:) Մանչուկն ապուշացել է… (Կռվում են:) Հարված ձախից, ու մանչուկն ընկնում է գետնին: Այ թե քեզ ինչ կասեմ՝ ամեն անգամ չէ, որ քո բախտը բերելու է: Այս մեկը փուչ դուրս եկավ, բիզնեսմե՛ն: (Լիցքավորում է ատրճանակը:)

ԳՐԻԳՈՐ — Անիծյալ լինես, կեղտո՛տ մարդասպան:

ՔԻԼԵՐ — Ես սպասում էի, որ տղամարդուն վայել կկրես քո խաչը, բայց ասպետության ժամանակներն անցել են: Դու կորցրիր քո շանսը, բիզնեսմե՛ն, մեռի՛ր որպես խավարասեր: (Կրակում է ու տխուր նայում մեռնողին:) Հող էիր, հող դարձիր… Տխուր է: Բերանումս ամեն անգամ արյան համ եմ զգում… ու դատարկություն:

Մի պահ՝ լռություն: Դուռը կամաց բացվում է, ներս է սողոսկում, դիպլոմատը ձեռքին, սղալած կարճ մազերով, ակնոցավոր մի մարդ: Մոտենում է Գրիգորին, ստուգում զարկերակը:

ՍԵՐԳԵՅ — Մեռած է: Ինչո՞ւ այդքան երկարացրիր… Կարծեցի՝ էլ չես կրակի:

ՔԻԼԵՐ — Սերգեյ…

ՍԵՐԳԵՅ — Ինքն է, որ կա:

ՔԻԼԵՐ – Որտեղի՞ց իմացար մեր տեղը:

ՍԵՐԳԵՅ — Մենք ձեզ հետևում էինք:

ՔԻԼԵՐ — Ահա թե ինչ… Դա ինձ դուր չի գալիս:

ՍԵՐԳԵՅ — Ապահովության համար էր: Վախեցա՝ ձեռքիցդ բաց թողնես:

ՔԻԼԵՐ – Ի՞մ ձեռքից… Դու իմ մասին լսել էիր, չէ՞, ես խոսքս քամուն չեմ տալիս: (Ժպտում է երկդիմի:) Ոչ ոք չի կարող իմ ձեռքից պրծնել:

ՍԵՐԳԵՅ — Հա՛, գիտեմ… Գայլն իր որսը բաց չի թողնում: (Ծիծաղում է:) Մեռնելուց առաջ բան ասա՞ց:

ՔԻԼԵՐ — Նա ասաց, որ քեզ տամ այս թուղթը:

ՍԵՐԳԵՅ – Իմացա՞վ՝ ով է քեզ վարձել:

ՔԻԼԵՐ — Մտածեց, մտածեց ու գտավ:

ՍԵՐԳԵՅ — (նայում է թղթին): Ա՛յ թե միամիտն էր: (Այրում է թուղթը, գրպանից հանում է մի փաթեթ ու դնում սեղանին:) Ինչպես պայմանավորվել էինք… սա մյուս կեսն է: Ուզո՞ւմ ես հաշվել…

ՔԻԼԵՐ — Կարիք չկա, ես քեզ վստահում եմ:

ՍԵՐԳԵՅ — Մեր գործարքը համարենք ավարտված:

ՔԻԼԵՐ — Այո, կողմերը դժգոհելու պատճառ չունեն:

ՍԵՐԳԵՅ — Եթե պետք լինես, կզանգահարեմ, առայժմ: (Ուզում է գնալ:)

ՔԻԼԵՐ — Մի րոպե սպասիր:

ՍԵՐԳԵՅ – Ի՞նչ կա, ես շտապում եմ:

ՔԻԼԵՐ — Ես Գրիգորին խոստացել եմ…

ՍԵՐԳԵՅ — Էլի բա՞ն ունես ինձ հաղորդելու:

ՔԻԼԵՐ — Այո: Նա ասաց, որ քեզ հաղորդեմ. «Շները սատկում են շան պես»: (Ատրճանակի փողը պահում է նրա վրա:)

ՍԵՐԳԵՅ — (վախենում է, բայց տիրապետում է իրեն): Ի՞նչ է, խելագարվեցի՞ր:

ՔԻԼԵՐ — Նա վճարել է քեզ համար: Պատկերացրու, նա ավելի առատաձեռն էր, քան դու:

ՍԵՐԳԵՅ — Դու… դու կատակո՞ւմ ես:

ՔԻԼԵՐ — Աշխատանքիս բնույթն է այդպիսին… Կատակում եմ, հետո սպանում, կամ էլ սպանում եմ առանց կատակելու: Պատրաստվիր մեռնելու: Ես ոչ մեկին այնպես չեմ ցանկացել այն աշխարհ ուղարկել, ինչպես քեզ:

ՍԵՐԳԵՅ — Լսիր, մոտս 300 000 կա, վերցրու, քեզ եմ տալիս:

ՔԻԼԵՐ — Մեքենայի միջի՞նն է… (Ծիծաղում է:) Այդ գումարն արդեն տվել են, դա քո կյանքի գինն է: Ա՛յ թե սողունն ես, քիթդ ամեն տեղ մտցնում ես: Հիմա ես քո քիթը երկու կես կանեմ: (Նշան է բռնում:)

ՍԵՐԳԵՅ — Ես քեզ տասնապատիկ կվճարեմ:

ՔԻԼԵՐ — Կաշառք չեմ վերցնում: Եթե իմ մեջ ինչ-որ բան է մնացել, դա խոսքիս տեր կանգնելն է:

ՍԵՐԳԵՅ — Խնդրում եմ, մի՛ սպանիր… Ես կին և երեխա ունեմ:

ՔԻԼԵՐ — Նա էլ ուներ կին և երկու երեխա՝ տղա և աղջիկ: (Դադար: Նայում են իրար:) Ուզո՞ւմ ես տղամարդուն վայել մեռնելու շանս տամ քեզ:

ՍԵՐԳԵՅ – Ի՞նչ պիտի անեմ:

ՔԻԼԵՐ — Ինքնասպան լինես: Վերցրու ատրճանակս… հա՛, հա՛, պահիր քունքիդ ու կրակիր: (Սերգեյը վերցնում է ատրճանակն ու միանգամից սկսում է կրակել Քիլերի վրա: Պահունակը դատարկ է:) Ապշելու բան է: Դու այնպես ես մարդ սպանում, կարծես մսագործ լինես: Պապերիցդ մեկը ղասաբ չի՞ եղել…

ՍԵՐԳԵՅ — Ո՛չ:

ՔԻԼԵՐ — Կասկածելի է: (Լիցքավորում է ատրճանակը, պահում վրան:) Իրոք նա քեզ լավ էր ճանաչում… սատկիր շան պես:

ՍԵՐԳԵՅ — Դե իմացիր, դու էլ ես մեռած, իմ մարդիկ ներքևում քեզ են սպասում:

ՔԻԼԵՐ — Սողո՛ւն, հետքե՞րն ես մաքրում: Երբ ներս մտար, կանխազգացի, որ վերջս եկել է: Երբ փողը տվեցիր… (Արհամարհական նայում է կապոցին:) Սա՞ է իմ կյանքի գինը… Եվ ինչքան քիչ ես ինձ գնահատել: Գնաս բարով, կհանդիպենք էն աշխարհում:

ՍԵՐԳԵՅ — (ծնկի է գալիս): Չեմ ուզում մեռնել:

ՔԻԼԵՐ — Ոչ ոք չի ուզում մեռնել, բայց մահը մոտենում է բոլորին, դա անխուսափելի է: (Կրակում է:) 12-րդն էլ մեռավ: 13 թիվն անիծյալ է: (Դադար, մտածում է:) Ես այս շենքը հինգ մատիս պես գիտեմ: (Դանդաղ բացում է դուռը:) Հիմարներ, ինչքան պիտի սպասեն մուտքի մոտ: Գայլին թակարդ գցելն այդքան հեշտ բան չի: (Հուսալքված:) Բայց ինչի՞ համար… Ի՞նչ պիտի անեմ մնացած օրերը… Օ՜, ոչ, հոգնել եմ:

Հանկարծ երևում է գեղեցիկ կին հպարտ կեցվածքով, մեծ աչքերով ու լայն ճակատով:

ՔԻԼԵՐ (մի պահ սարսափած նայում է նրան): Դու եկար… Ես զգում էի, որ քեզ տեսնելու եմ: (Պտտվում է նրա շուրջը:) Երբ գիշերով մտա քո սենյակը, քնած էիր… Ի՜նչ հաճելի էիր շնչում, ի՜նչ փառահեղ էիր, կարծես մարդ չէր պառկած, այլ աստվածուհի… Կարկամել էի անզորությունից: Երբ արթնացար ու իմացար իրողությունը, միակն էիր, որ կյանք չխնդրեցիր, այլ միայն աղոթել ցանկացար: Երբ ծնկի եկար Աստծո պատկերի առջև, շունչս պահած քեզ էի նայում… Կարծես մոլեռանդ հավատացյալի երկնային ոգին քեզ այցի էր եկել, դու ժպտում էիր… Դու այնպես էիր դեպի մահը գնում, որ վախեցա… Մի՞թե չէիր հասկանում, թե՞ չուզեցիր արժևորել կյանքի գինը… Օ՜, կյա՛նք, ինչքան էժան ես… Եթե աչքերիդ մեջ տեսնեի վախի մի նշույլ, էլ չէի զղջա: Բայց դու կանգնեցիր հպարտ, գեղեցիկ ու անհասանելի… Այնպես նայեցիր, որ ես ակամա աչքերս փակեցի: (Աչքերը փակում է, ատրճանակը պահում քունքին:) Ու նոր կրակեցի: (Կրակում է ու ընկնում կնոջ ոտքերի առջև:)

Լույսն աստիճանաբար մարում է:

 

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։