ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՀԵՌԱԽՈՍԸ ԶԱՆԳՈՒՄ Է

Տպագրվել է ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ 2007, թիվ 12-13

Երիտասարդական փորձարարական՝ «Փոսի» թատրոնում 2002 թվականին բեմադրել եմ իմ հեղինակած «Հեռախոսը զանգում է» կատակերգությունը: Ներկայացումը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և տարի ու կես թատրոնի խաղացանկում էր: Այս ներկայացման «կյանքն ավարտվեց» մի խայտառակ ու հանցավոր իրողության պատճառով. «Փոսի» թատրոնը՝ իր ուրույն, ինքնատիպ բեմով ու դահլիճով, իր ամբողջ տարածքով, վաճառվեց ու վերածվեց խանութի, որի պակասը մեր քաղաքը չունի: Թատրոն սարքելը տաճար սարքելու նման մի բան է, թատրոն քանդելը տաճար քանդելուն է հավասար: Մինչև դա մեզ համար աքսիոմ չդառնա, մենք չենք կարողանա դուրս զալ բարոյական օրենքներից զուրկ լակոտների փորած փոսից ու քաղաքակիրթ ազգ կոչվելուիրավունք ունենալ:

Երբեմն, երբ հեռախոսի զանգ է հնչում, «Փոսի» թատրոնն եմ հիշում, ու ապագայի հանդեպ մի մեծ տագնապ է ինձ պատում: Չէ՞ որ ներկան անցյալի հետևանք է, ապագան՝ ներկայի:

 

 

ՀԵՌԱԽՈՍԸ ԶԱՆԳՈՒՄ Է

 

Գործող անձինք

ԱՐԵՆ

ՍՈԻՐԵՆ

ԼԻԼԻԹ

ՇՈԻՇԱՆ

 

 

Սուրեն Արշակունու բնակարանը: Սուրենը՝ Դոն Ժուանի զգեստով, սուրը ձեռքին, բազմոցին ընկողմանած կարդում է: Անսպասելի վեր է թռչում, ոգևորված արտասանում է:

 

ՍՈԻՐԵՆ — Ի՞նչ է, դուք ուզում եք, որ հավերժորեն կապված մնանք մեզ աոաջին անգամ տրվող կնոջը, որ հանուն նրա ուրանանք մյուսներին և այլևս ոչ մեկին չնայե՞նք: Գեղեցիկ բան է պարծենալ հավատարմության սուտ պատվով, ընդմիշտ թաղվել մի կրքի տակ և երիտասարդ օրերից մեռած լինել բոլոր այն գեղեցկուհիների համար, որոնք կարող են մեր ուշադրությունը գրավել: Ո՛չ, ո՛չ… (Հեռախոսազանգ:) Ալո, լսում եմ… Շուշա՞ն… Ես էլ եմ քեզ սիրում խելագարի պես և ոչինչ չի կարող բաժանել մեզ: Բացի ամուսնության գաղափարից: Նորի՞ց սկսեցիր… Ոչ… Այո, այո: (Դնում է լսափողը:) Ոչ, զգացմունքների հարատևությունը միայն խենթերի բաժինն է: Ես միշտ կարող եմ խոստումով պարտավորված լինել, սակայն մի գեղեցկուհու հանդեպ ունեցած սերս բնավ չի պարտավորեցնում ինձ անարդարացի լինել մյուսների հանդեպ: Իմ աչքերը շարունակում են մյուսների արժանիքները տեսնել և, ինչպես բնությունն է մեզ ստիպում, յուրաքանչյուրին հպատակություն և տուրք մատուցել… (Հեռախոսազանգ:) Ալո… Հա, լսում եմ, Շուշան… Այո, ես եմ և միշտ դեմ եմ եղել: Քանի անգամ եմ կրկնել՝ ես այն ցլիկ տղամարդկանցից չեմ, որոնց սիրո խաղերի վերջում կանայք երեխաներ են ունենում և համալրում միայնակ ու դժբախտ մարդկանց շարքերը: Ինչո՞ւ ես լաց լինում: Ախ, ծիծաղո՞ւմ ես… Լսիր, ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե երբ ես լացում, երբ ես ծիծաղում: Այո, Դոն Ժուանի դերն եմ փորձում: Շնորհակալություն: (Դնում է լսափողը:) Եվ, հետո, ամեն ծնվող սեր անբացատրելի հմայք ունի, և սիրո ողջ հաճույքը փոփոխությունների մեջ է: Դա սուր հաճույք է՝ երիտասարդ գեղեցկուհու սիրտը հազար ու մի մեծարանքով նվաճել, արցունքներով և հառաչանքներով հաղթահարել անմեղ ամոթխածությունը մի հոգու, ով չի ուզում զենքերը վար դնել, քայլ առ քայլ խորտակել այն փոքրիկ դիմադրությունները, որ դնում է նա մեր առջև, հաղթել խղճմտությունը, որը համարում է իր արժանիքը և կամաց-կամաց առաջնորդել այնտեղ, որտեղ ցանկանում ենք, որ նա հասնի: Բայց հենց դրության տերը դարձար, երբ այլևս ոչինչ չկա ասելու, ոչինչ չկա ցանկանալու, նշանակում է՝ կրքի ողջ հմայքն ավարտված է: Եվ մենք քնում ենք այդ սիրո հանգստության մեջ, մինչև մի նոր արկած գա և արթնացնի մեր ցանկությունները… (Դռան զանգ:) Գրողը տանի, չեն թողնում, որ մարդ հանգիստ ստեղծագործի:

Գնում է, վերադառնում Արենի ուղեկցությամբ:

Արեն ջան, նստիր ու լսիր, վերջացնում եմ: (Արենը նստում է:) Վերջապես, ոչինչ այնքան քաղցր չէ, որքան մի գեղեցկուհու դիմադրություն կոտրելը, ու ես նվաճողի փառասիրություն ունեմ, որն անդադար հաղթանակից հաղթանակ է թռչում և չի կարող սահման դնել իր ցանկություններին: Ես զգում եմ մի սիրտ, որը կարող է սիրել ամբողջ աշխարհը և, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին, կցանկանայի, որ ուրիշ աշխարհներ լինեին, որտեղ կարողանայի իմ սիրո նվաճումները տարածել…

ԱՐԵՆ- (ծափահարումէ): Բռավո, հոյակապ է:

ՍՈՒՐԵՆ — (գլուխ է տալիս): Շնորհակալություն, մերսի:

ԱՐԵՆ — Նորից Դոն Ժուանի դերի վրա ես աշխատում:

ՍՈՒՐԵՆ – Աշխատո՞ւմ… Ոչ, հաճույք եմ ստանում: Եթե այս դերը չխաղամ, վախենամ՝ աթեիստ դառնամ:

ԱՐԵՆ — Եթե հասցնես…

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ…

ԱՐԵՆ- Այսօր Շուշանին եմ տեսել… Քո վերջին սերը տեղեկացրեց, որ գնում է մի շատ կարևոր բան պարզելու: Եթե պատասխանը դրական եղավ, ստիպված պիտի քեզ սպանի:

ՍՈՒՐԵՆ – Կատակո՞ւմ ես:

ԱՐԵՆ — Ոչ, Շուշանը շատ էր ուզում իմանալ, թե որտեղի՞ց կարելի է ատրճանակ ճարել:

ՍՈՒՐԵՆ — Թույնը թողած՝ ուզում է ատրճանակո՞վ սպանել… Այ քեզ ռաբիզ: Դրա համար էր վրա-վրա զանգում:

ԱՐԵՆ — Նորից ամուսնության հա՞րցն է բարձրացվել:

ՍՈՒՐԵՆ — Այո, Շուշանն իմ այն հերթական սերն է, ով ամեն գնով ուզում է ամուսնանալ ինձ հետ, չնայած բոլոր կանանց, հանդիպման հենց առաջին պահից, հայտարարում եմ, որ ցմահ ամուրի եմ մնալու:

ԱՐԵՆ — Երևի հենց այդ նախազգուշացումն էլ նրանց դիվահար է անում: Չգիտե՞ս կանանց…

ՍՈՒՐԵՆ — Գիտեմ, դրա համար էլ փափագում եմ Դոն Ժուան խաղալ:

ԱՐԵՆ — Մի փոքր ծեր չե՞ս այդ դերի համար:

ՍՈՒՐԵՆ — Դոն Ժուանը տարիք չունի: Նրա մեծ, սիրող սիրտը միշտ երիտասարդ է, իսկ մարմինը՝ ճկուն: (Սուսերամարտում է: Ճկուն շարժումներ է անում:)

ԱՐԵՆ — Հոյակապ է, համոզեցիր:

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ ես խմում:

ԱՐԵՆ — Կոնյակ: Եթե չկա՝ գարեջուր:

ՍՈՒՐԵՆ — Կա: (Շիշը բերում, դնում է սեղանին:)

ԱՐԵՆ — Հետաքրքիր է՝ հանդիսատեսին այսօր Դոն Ժուանի խնդիրները կհուզե՞ն, կհետաքրքրե՞ն:

ՍՈՒՐԵՆ — Այն էլ ինչպե՜ս… Ժողովուրդը զզվել է գռեհիկ, գխտացնող ու բխտացնող ներկայացումներից:

ԱՐԵՆ — Սե լա վի, մոսյո:

ՍՈՒՐԵՆ — Չեմ հասկանում, որպես դրամատուրգ՝ էդ ամեն ինչն ընդունո՞ւմ ես:

ԱՐԵՆ — Հո իմ ընդունել-չընդունելով չէ, եղբայր, ամեն տեղ այդպես է: Նույնիսկ Անգլիայի թագուհու բառապաշարում հայհոյանք կա:

ՍՈՒՐԵՆ — Անգլիայի թագուհին ոնց ուզում է, թող չրթի, մե՞զ ինչ… Բա մենք յոթ հազար տարվա ազգ լինենք ու էդ լակոտ-լուկուտների խելքով ու ճաշակո՞վ շարժվենք:

ԱՐԵՆ- Իհարկե, մենք Հայկ ու Տիգրան Մեծ ենք ունեցել… Մաշտոց, Խորենացի, Նարեկացի ու Քուչակ…

ՍՈՒՐԵՆ — Սարոյան, Սարյան, Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Մամուլյան, Արշիլ Գորկի, Ազնավուր…. Հա՜ կարող եմ թվարկել: Ասա, ի՞նչ չունենք…

ԱՐԵՆ- Ամեն ինչ էլ ունենք: Գոջի Կոլիկ, Ճիճու Վանիկ, Կազյոլ Նորիկ, Բլոճ Սերիկ, Մրոտ Զավեն, Բիճ Գագո, Ապասնի Բուլո, Փորձանք Սամվել, Խելառ Մանվել… Հա՜ կարող եմ թվարկել:

ՍՈՒՐԵՆ — Էդ էլ ունենք, էն էլ ունենք… Լավ, արի պեչենու բաղերը չընկնենք: Արի խմենք, որ շառից, փորձանքից ու քաղաքականությունից հեռու լինենք:

ԱՐԵՆ– Ամե՜ն… (Խմում են:)

ՍՈՒՐԵՆ — Աիդայից, էրեխեքից ի՞նչ կա-չկա: Էս ինչքան անցավ, չե՞ն ուզում Լոսից վերադառնալ:

ԱՐԵՆ — Արդեն վեց ամիս է: Ամերիկան այնպես է գայթակղել Աիդային, որ… Ասում է. «Դու էլ արի, մնանք Լոսում, վարիանտներ կան»: Ասում եմ՝ա՛յ տիկին ջան, ա՛յ ցավդ տանեմ, ես կենտրոնի տունս փոխել, Մասիվ եմ բարձրացել, իններորդ հարկում թառել, որ ամեն օր զարթնեմ, Արարատին բարևեմ, դու ինձ ասում ես` «Ամերիկա արի»: Էդ տափակ Ամերիկայում ի՞նչ անեմ՝ մի՞ս ծախեմ, դզող-փչո՞ղ աշխատեմ, թե՞ մուրացիկ թատերական խմբակ ղեկավարեմ:

ՍՈՒՐԵՆ — Լավ ես ասել… Էս Երևանը ինչքան էլ մութ ու խավարի մեջ լինի, լույսերի մեջ լողացող Լոսի, Փարիզի, Լոնդոնի հետ չեմ փոխի:

ԱՐԵՆ — Իհարկե, բա ամեն օր դուրս չգա՞ս ու մեկին ասես՝ բարև ձեզ, մյուսին՝ ողջույն, էն մեկին՝ պրիվետ, էն մեկին էլ՝ բարև, ախպեր: Հետո նստես «Պապլավոկում», Մալխասի ջազը լսես, սրանից-նրանից, դեսից-դենից էնքա՜ն խոսես…

ՍՈՒՐԵՆ — Մինչև մի նոր շարժում սկսվի, ու շուստրիները էդ շարժումից օգտվեն, երկիրը թալանեն, միլիոնները դնեն տակները, իսկ մեր նմանները նորից ձեռքները տանեն ծակ գրպաններն ու մանթոյից պինգ-պոնգ խաղան:

ԱՐԵՆ — Էդպես է օրենքը՝ կա՛մ փող, կա՛մ ազատություն: (Դադարից հետո:) Ես հիմա եկել ու քեզ հետ հանգիստ խոսում եմ, բայց չես պատկերացնի, թե ինձ հետ ինչ է կատարվում: Լինել-չլինելու հարցի առաջ եմ կանգնել: Ու այս բախտորոշ պահին ուզում եմ հարցնել, թե…

ՍՈՒՐԵՆ — Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:

ԱՐԵՆ — Այո, պասիվ ապրե՞լ, թե՞ ակտիվ մեռնել:

ՍՈՒՐԵՆ — Բառեր, բառեր, բառեր… Ստեղծագործական դեպրեսիայի մեջ ես:

ԱՐԵՆ — Ընդհակառակը, հենց նոր մի էնպիսի պիես եմ գրել… Հավատա, իսկական շեդևր է, գլուխգործոց: Այդ գործն ինձ համաշխարհային ճանաչում կբերի: Դրանից հետո իմ գրվածքներին ուրիշ աչքով կնայեն և կհասկանան, որ ես մեծ գրող եմ, դասական…

ՍՈՒՐԵՆ — Բայց այդ ամենը տեղի կունենա, երբ հիմա հիսուն դոլար տամ պարտքով, գնաս, կազինոյում խաղաս ու երեկվա տարվածը ետ բերես:

ԱՐԵՆ — Ոչ, արդեն մի ամիս է՝ չեմ խաղում: Դու ինձ լավ չես ճանաչում: Իմ «չէ»-ն՝ չէ է, «հա»-ն՝ հա… Երդվում եմ երկու բալիկներիս արևով, հավատա:

ՍՈՒՐԵՆ — Հավատում եմ, ինչո՞ւ ես երեխաներով երդվում: Լավ, ասա՝ իմանանք, թե ի՞նչն է քեզ խանգարում աշխարհահռչակ դառնալ:

ԱՐԵՆ- Ոչինչ… Ուղղակի պիեսի վերջում հեղինակը, այսինքն՝ ես, դիմում եմ իմ ստեղծած կերպարներին. «Տիկնայք և պարոնայք, այս ամենից հետո ստիպված պիտի գնամ ու Կիևյան կամրջից ինձ նետեմ ցած: Մնաք բարով: Ես գնացի»:

ՍՈՒՐԵՆ — Ու փոխանակ քո հերոսներին տված խոստումդ կատարես, եկել ես, հանգիստ նստել, կոնյակ ես խմում, դեսից-դենից ես խոսում…

ԱՐԵՆ — Հա, բա՜…

ՍՈՒՐԵՆ – Ինչի՞ մասին է պիեսը, ես այնտեղ դեր ունե՞մ:

ԱՐԵՆ — Ոչինչ չեմ կարող ասել:

ՍՈՒՐԵՆ — Լավ, կկարդամ, ինքս կպարզեմ:

ԱՐԵՆ- Կարդալն անիմաստ է: Եվ, ընդհանրապես, այդ գործն անիմաստ է դառնում, եթե հեղինակն իր խոստումը չի կատարում:

ՍՈՒՐԵՆ – Այսինքն՝ Կիևյան կամրջից իրեն ցած չի՞ նետում, ինքնասպանություն չի՞ գործում:

ԱՐԵՆ — Հա, միայն դրանից հետո է պիեսը շեդևր դառնում, ու մյուս գործերի արժեքը տասնապատիկ բարձրանում է:

ՍՈՒՐԵՆ — (ընդունելով որպես կատակ՝ խաղում է): Եվ դու իմ տուն ես եկել, որպեսզի ինձ հարցնես՝ գցե՞ս քեզ կամրջից, թե՞ չգցես: Ինքնասպան լինե՞ս, թե՞ չլինես:

ԱՐԵՆ — Այո, բայց ուրիշ հարցեր էլ կան:

ՍՈՒՐԵՆ — Որ այդպես է, արի քննարկումն սկսենք:

ԱՐԵՆ — Սկսենք:

ՍՈՒՐԵՆ — Տարբերակ աոաջին՝ դու քեզ գցում ես կամրջից, բայց աշխարհահռչակ գրող չես դառնում:

ԱՐԵՆ — Բացառված է:

ՍՈՒՐԵՆ – Ինչո՞ւ է բացառված, Արեն ջան:

ԱՐԵՆ- Եթե պիեսը կարդաս, հարյուր տոկոսով կհամոզվես:

ՍՈՒՐԵՆ — Ինչքան հասկացա, այդ գլուխգործոցը միայն քո մահից հետո կարող եմ կարդալ:

ԱՐԵՆ — Միմիայն…

ՍՈՒՐԵՆ — Լավ, արի խմենք: Վերցրու, Արեն ջան, խմենք, քանի դեռ ողջ ես: Արի ողջ­առողջ լինենք:

ԱՐԵՆ — Ողջ-առողջ…

Խմում են:

ՍՈՒՐԵՆ — Երկրորդ տարբերակին անցնենք: Դու քեզ գցում ես Կիևյան կամրջից ու դառնում ես աշխարհահռչակ, դասական: Դա մեզ ի՞նչ է տալիս…

ԱՐԵՆ — Նախ և առաջ, իմ սկսած կյանքի խաղից կրած եմ դուրս գալիս: Կինս իսկույն դասականի կին է դառնում, երեխաներս՝ դասականի զավակներ…

ՍՈՒՐԵՆ – Ընկերներդ՝ դասականի ընկերներ, հարազատներդ՝ դասականի հարազատներ, հարևաններդ՝ դասականի հարևաններ…

ԱՐԵՆ- Այո, մեզ 21-րդ դարի համաշխարհային նոր դասականներ են պետք: Եվ, հանձին երևանցի Արեն Չարյանի՝ հայ ժողովուրդը համաշխարհային մասշտաբի մեծ գրող, դրամատուրգ է ունենում, աշխարհն էլ՝ մի նոր դասական:

ՍՈՒՐԵՆ – Այսինքն՝ բոլորի համար էլ լավ է լինում, որոշ մարդիկ նույնիսկ բախտավոր են դառնում: Այս ամենի մեջ շատ մեծ պլյուսներ կան: Բայց կա նաև մի փոքրիկ մինուս:

ԱՐԵՆ — Ո՞րը…

ՍՈՒՐԵՆ — Քո մահը:

ԱՐԵՆ — Իմացյալ մահն անմահություն է: Հանուն ազգի ու արվեստի մի քիչ շուտ եմ այն աշխարհ գնում:

ՍՈՒՐԵՆ — Մանրուք է, ընդամենը մի երեսուն, քառասուն տարով շուտ ես հասնում հազար տարվա մեռելներին: Հավերժության առջև դա ի՜նչ է որ…

ԱՐԵՆ — Իհարկե, տարածության ու ժամանակի մեջ երեսուն, քառասուն տարին հեչ բան է:

ՍՈՒՐԵՆ — Տրամաբանական է: Անցնենք հաջորդ տարբերակին: Դու քեզ կամրջից չես գցում, կնոջդ, երեխաներիդ հետ հաշտ-համերաշխ ապրում ես: Ուտում, խմում, ման ես գալիս, քո սիրած գործով ես զբաղվում: Եվ համբերատար, նստած թախտին, սպասում ես բախտին: Բախտդ բերում է՝ դառնում ես հռչակավոր, չի բերում՝ չես դառնում:

ԱՐԵՆ — Հա, բայց ինչո՞ւ հույսս դնեմ բախտի վրա, երբ Աստված ինձ արդեն տվել է, ու ես շեդևր եմ ստեղծել: Սուրեն, գիտե՞ս, հիմա ինչ պահ է. ձեռքիս ֆլեշ ռոյալ եմ բռնել, իսկ դու ասում ես՝ պաս գնա, թղթերդ թափիր, բա՜… Ոչ, ես պիտի Կիևյան կամրջից թռչեմ ու հաղթեմ, ուրիշ տարբերակ չունեմ:

ՍՈՒՐԵՆ — Լսիր, պարոն Չարյան, եթե այդ ամենը որոշված ու ճշտված է, էլ ինչո՞ւ ես ինձ մոտ եկել, բարեկամ, ինչի՞ մասին պիտի խորհրդակցենք:

ԱՐԵՆ– Այնքա՜ն բան կա… Նախ, մերձավորներիս ցուցակը պիտի կազմենք: Չէ՞ որ ինքնասպանությունից առաջ պիտի այցելեմ նրանց, հրաժեշտ տամ: Դե, որ չնեղանան: Օրինակ, դու չէի՞ր նեղանա, եթե նախքան կամրջից գցվելը չգայի քեզ մոտ, չնստեինք, կոնյակ չխմեինք: Ասա…

ՍՈՒՐԵՆ — Բա դա հա՞րց է: Բարով ես եկել, Արեն ջան, կենացդ, ցավդ տանեմ: Հա, բա Աիդային չե՞ս ուզում տեղյակ պահել, երեխաներին չե՞ս ուզում զանգել, վերջին անգամ ձայները լսել:

ԱՐԵՆ- Ուզում եմ, բա չե՞մ ուզում… Բայց ոնց անեմ՝ չգիտեմ: Հետո, ճիշտն ասած, մի քանի բարոյական օրենքներից զուրկ լակոտներ կան, մինչև մեռնելս դրանց հարցերն էլ կուզեի կուլտուրական ձևով լուծել: Մեկին ապտակել, մեկի երեսին թքել… մեկի ականջը կտրել, մյուսի՝ քիթը…

ՍՈՒՐԵՆ – Շա՞տ են էդ բոզի լակոտները:

ԱՐԵՆ- Կան, էլի… Մի քանի խոզա-եզական նախարար, շակալա-կռիսական պատգամավոր, թախտաբիթի-ճճվական սուտ գողական, տզրուկա-բլոճային ջեբկիր մտավորական, ոչխարի տեսքով գայլուկ պուզատիներ: Եվ էլի մի քանի անհասկանալի վիժվածքային երևույթ: Օրինակ, էն Մեմեին ո՞նց կարող եմ անպատիժ թողնել ու հանգիստ խղճով գնալ, կամրջից գցվել:

ՍՈՒՐԵՆ — Չէ, էդ անասունին պիտի սատկացնես:

ԱՐԵՆ — Կարելի է…

ՍՈԻՐԵՆ — Հա, բայց այդ ծրագիրը իրագործելու համար քեզ ամենաքիչը մի քանի ամիս է հարկավոր:

ԱՐԵՆ — Հենց էդ է վտանգավոր: Վախենամ՝ էդ ընթացքում միտքս փոխեմ ու ինքնասպանությունից հրաժարվեմ:

ՍՈՒՐԵՆ — Հա, ճիշտ ես, երկրորդ տարբերակում ռիսկը քիչ է:

ԱՐԵՆ — Դրա համար էլ առավոտ շուտ կգնամ ու ինձ կամրջից կգցեմ:

ՍՈՒՐԵՆ — Առավոտ շո՞ւտ, ինչո՞ւ…

ԱՐԵՆ — Բա հո գիշերը չե՞մ գցվի: Ցերեկն այնտեղ ուժեղ երթևեկություն է: Ինքնասպան մարդ ես, էլի… Մեկ էլ տեսար՝ հուզվես ու մեքենայի տակ ընկնես, խայտառակ լինես:

ՍՈՒՐԵՆ — Իրոք, Կիևյան կամրջից գցվելու ամենահարմար ժամանակը լուսաբացն է… (Հեռախոսազանգ:) Դե, ծլնգահան արիր, էլի, Շուշո… (Վերցնում է լսափողը:) Հա, ասա… Ո՞վ, Արեն Չարյա՞նը… Այո, այստեղ է: Ի՞նչ, իմ հասցե՞ն… Չեխովի 14, բնակարան 18: Այո, ատամնաբուժարանի դիմաց: Կանչե՞մ պարոն Չարյանին: Ո՞չ… սպասե՞նք: Եղավ: (Դնում է լսափողը:) Ա՜յ քեզ հմայք…

ԱՐԵՆ — Ո՞վ էր:

ՍՈՒՐԵՆ — Չգիտեմ, հրեշտակի ձայնով աղջիկ էր, քեզ էր հարցնում: Ասաց՝ սպասեք, գալիս եմ:

ԱՐԵՆ — Երևի Շուշանն է, ատրճանակը ճարել, հոգեառ հրեշտակ է դարձել, գալիս է քեզ մահ պարգևի:

ՍՈՒՐԵՆ — Շուշոս եթե այդպիսի ձայնով մեկ նախադասություն արտասաներ, իմ բոլոր սկզբունքներից կհրաժարվեի:

ԱՐԵՆ — Կարծում ես՝ սխա՞լ կանեիր: Շուշանի նման կին էլ որտեղի՞ց պիտի ճարես, համ էլ մահից կպրծնես: Ամուսնացիր, էլի, Սուրեն…

ՍՈՒՐԵՆ — Երբեք: Լավ, արի էս բաժակով լուռ խմենք կանանց կենացը:

ԱՐԵՆ — Խմենք, բայց ինչո՞ւ լուռ:

ՍՈՒՐԵՆ — Որովհետև ինչ էլ ասենք՝ լավ, թե վատ, էդ Եվայի ցեղի համար քիչ է:

ԱՐԵՆ — Այո: Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու… (Նայում է բաժակին:)

ՍՈՒՐԵՆ — (նայում է բաժակին): Կինն ու կանայք: (Խմում են:) Լավ, հիմա ի՞նչ անենք… Աոաջին տարբերակում ինձ գայթակղեցնում են քո հրաժեշտի կերուխումերը: Շատ կուզեի տեսնել, թե մեր մոտիկները իրենց ինչպես կպահեն: Եթե վաղը քեզ գցես, այդ ամենից կզրկվենք: Արի մի շաբաթով հետաձգենք, էլի…

ԱՐԵՆ — Բա որ փոշմանե՞մ… Չէ, արի ռիսկի չդիմենք: Առավոտ շուտ միասին կգնանք, ու եսկթռչեմ… Հա, կարող ես նկարահանել՝ որպես հիշատակ, որպես պատմական փաստ:

ՍՈՒՐԵՆ — Կարելի է… (Ինքն իրեն:)Էս ընկերս լուրջ ուզում է իրեն գցել կամրջից: (Բարձր:)Արա, ոնց չէի մտածել…

ԱՐԵՆ — Ի՞նչը:

ՍՈՒՐԵՆ — Բա որ կամրջից գցվես ու ողջ մնաս, ընդամենը ջարդուփշուր լինես:

ԱՐԵՆ — Ո՞նց թե…

ՍՈՒՐԵՆ — Հենց ըտենց… Չմեռնես, հաշմանդամ դառնաս ու անեկդոտի շարքերն անցնես:

ԱՐԵՆ — Կիևյան կամուրջը հարյուր տոկոսանոց երաշխիք ունի: Շատերը օդի մեջ են մահանում, վախից սիրտները պայթում է:

ՍՈՒՐԵՆ — Բայց ես քեզ լավ գիտեմ… Այ, օդում վախից սիրտդ պայթեր, ամեն ինչ նորմալ կլիներ: Իսկ ըսենց, կարող է՝ մի փափուկ տեղ վայրէջք կատարես, չմեռնես:

ԱՐԵՆ- Էնպես ես խոսում, ոնց որ էս քաղաքից չլինես: Կիևյան կամրջի տակ սուր քարերիցբացի էլ բա՞ն կա:

ՍՈՒՐԵՆ- Հա, բայց քո թռիչքի պահին կարող է ուժեղ քամի բարձրանա, քեզ տանի, էն ղամիշների մեջ գցի:

ԱՐԵՆ — Այ ցավդ տանեմ, ղամիշներն՝ ո՜ւր, կամրջի տակն՝ ո՜ւր…

ՍՈՒՐԵՆ — Կյանք է, ամեն ինչ էլ կարող էպատահել, ջարդուփշուր լինելու, ողջ մնալու տարբերակը պետք չէ բացառել: Բոլոր տարբերակներն էլ անհրաժեշտ է վերլուծել:

ԱՐԵՆ — Է, վերլուծիր:

ՍՈՒՐԵՆ — Ո՞նց, ես մենա՞կ…

ԱՐԵՆ – Այսինքն՝ վերլուծենք: Լցրու, լավ կոնյակ է, քեֆս լավացել է: Արշակունի ջան, մի հատ չերգե՞նք:

ՍՈՒՐԵՆ — Երգենք, ցավդ տանեմ: Ո՞րը…

ԱՐԵՆ — Էս պահին մի լավ ողբերգ կսազեր:

ՍՈՒՐԵՆ — Էս պահին ռաբիսը լավ կհնչի: Է՜հ, վերցրու, օղորմաթաս խմենք, նոր երգենք:

ԱՐԵՆ — Օղորմի ինձ ու մեր բոլոր անցավորներին:

ՍՈՒՐԵՆ — Օղորմի, Արեն ջան: Արի, քեզ մի հատ պաչեմ… Յա, ճակատդ ինչո՞ւ է այդքան սառը:

ԱՐԵՆ – Արդե՞ն… երևի զգում է, որ մահս մոտ է:

ՍՈՒՐԵՆ — Բայց շուտ չի՞: Լավ, արի երգենք՞ (Երգում են:)

Դռան զանգ:

ԱՐԵՆ — (ծիծաղում է): Շուշանն է: Երևի ատրճանակը ճարել է: Կորար, Սուրեն…

ՍՈՒՐԵՆ — Նախ, Շուշանը չէ, որովհետևբանալի ունի, ու իմացիր, Արեն, Շուշանս ինձ այնքան է սիրում, որ չի թողնի՝ մատս փուշ մտնի, ուր մնաց՝ սպանի: (Գնում, վերադառնում է Լիլիթի հետ:) Անցեք, խնդրեմ, անցեք… Մեզ հրեշտակ է այցելել:

ԱՐԵՆ — 0՜, ողջո՜ւյն…

ԼԻԼԻԹ — Բարև ձեզ, դուք գրող Արեն Չարյա՞նն եք:

ԱՐԵՆ — Այո:

ԼԻԼԻԹ — Իմ անունը Լիլիթ է:

ՍՈՒՐԵՆ — Սուրեն Արշակունի, արտիստ ժողովրդական և ձեր խոնարհ ծաոան:

ԼԻԼԻԹ — Ուրախ եմ, քիչ առաջ ձեզ հետ էի խոսում: Ի միջի այլոց, պարոն Չարյան, ես ձեր բնակարանից էի զանգում:

ԱՐԵՆ- Ի՞նչ, իմ բնակարանի՞ց…

ԼԻԼԻԹ — Այո, ընկերուհիս՝ Սեղան, ձեր վերևում է ապրում: Լոգանք ընդունեցի, ելա պատշգամբ, որ սրբիչը փռեմ, ընկավ ուղիղ ձեր լվացքի պարանների վրա: Ներքև իջա, զանգեցի, ոչ ոք չպատասխանեց: Հետո նկատեցի, որ դուռը բաց է: Սրբիչը վերցրի, արդեն դուրս էի գալիս, երբ սեղանին մեքենագրված թղթեր տեսա, վերջինն էլ դեռ գրամեքենայի վրա էր: (Մեղավոր տեսքով:) Ես կարդալ շատ եմ սիրում ու… Առաջին էջը կարդացի՝ էլ չկարողացա պոկվել… և…

ԱՐԵՆ- Ի՞նչ, դուք կարդացի՞ք… Ձեզ ո՞վ թույլ տվեց: Ի՞նչ իրավունքով… Գրողը տանի, մի՞թե ամեն ինչ կորավ, ջուրն ընկավ:

ԼԻԼԻԹ — Ոչ, ոչ… Մի անհանգստացեք, ես ոչ մեկին ոչ մի տող չեմ պատմի: Դուք հանգիստ կարող եք Կիևյան կամրջից ցած թռչել, ինքնասպան լինել: Պարզապես ուզում էի մինչ այդ ձեզ անպայման տեսնել: Սեղանին ձեր բլոկնոտն էր՝ հեռախոսի համարներով, սկսեցի զանգել, տասը րոպեից այստեղ ընկա: Չեք պատկերացնի՝ որքան ուրախացա, երբ ձեզ ողջ-աոողջ գտա:

ՍՈՒՐԵՆ – Հրեշտա՜կ է, հրեշտա՜կ…

ԱՐԵՆ – Ինչո՞ւ էիք ուզում ինձ տեսնել:

ԼԻԼԻԹ — Մի խնդրանք ունեմ…

ԱՐԵՆ — Լսում եմ:

ԼԻԼԻԹ – Չգիտեմ՝ ոնց սկսեմ… Ամաչում եմ, գուցե ինձ ճիշտ չհասկանաք…

ԱՐԵՆ- Մի ամաչեք, համարձակ սկսեք:

ԼԻԼԻԹ — Ես… ես ուզում եմ երեխա ունենալ:

ԱՐԵՆ — Է, ունեցեք:

ԼԻԼԻԹ — Ձեզնից:

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ…

ԱՐԵՆ – Ինձնի՞ց…

ՍՈՒՐԵՆ –Ա՜յ քեզ հրեշտակ:

ԼԻԼԻԹ — Այո, ուզում եմ, որ իմ երեխայիհայրը դուք լինեք:

ԱՐԵՆ – Երեխա՞… ինքնասպանությունից առա՞ջ… Ես արդեն այս կյանքից չեմ, մեռյալների հետ եմ զրուցում, իսկ դուք եկել և առաջարկում եք ինձ անկողին մտնել…

ՍՈՒՐԵՆ — Եվ, հետո, նա ամուսնացած է, իսկ ես ամուրի եմ, ազատ: Նա կին ունի, երեխաներ…

ԼԻԼԻԹ — Գիտեմ, տիկին Աիդայի հետ եմ խոսել, նա ամեն ինչ պատմել է:

ԱՐԵՆ- Տիկին Աիդան ո՞վ է:

ԼԻԼԻԹ — Ձեր կինը:

ԱՐԵՆ — Ի՞նչ, խոսել եք կնոջս հե՞տ… ե՞րբ… որտե՞ղ…

ԼԻԼԻԹ — Ձեր բնակարանում… Նա քիչ աոաջ զանգեց Ամերիկայից:

ԱՐԵՆ — Ու դուք լսափողը վերցրի՞ք:

ՍՈՒՐԵՆ — Կաշը գնա՜ց…

ԼԻԼԻԹ — Ի՞նչ…

ՍՈՒՐԵՆ — Առաջ ես էլ չէի հասկանում, թե դա ինչ է նշանակում: Իմացա, երբ մի մեծ պղինձ թթված կաշա լցրի զուգարանը: Ջուրը քաշեցի ու տեսնելով, թե ինչ է կատարվում այնտեղ, բացականչեցի՝ կաշը գնաց: Վերջ, կարող եք շարունակել:

ԼԻԼԻԹ — Ես փորձեցի բացատրել ձեր կնոջը, թե ով եմ, որտեղից եմ եկել, ուր եմ գնալու, բայց նա չէր ուզում ինձ հասկանալ: Ստիպված նրա հարցերին սկսեցի պատասխանել:

ԱՐԵՆ — Եվ ի՞նչ էր նա հարցնում:

ԼԻԼԻԹ — Քանի տարեկան եմ, որտեղ եմ աշխատում, բոյս ինչքան է, ինչ եմ հագել… Հա, ամենասկզբում հարցրեց, թե կրծկալիս համարը ո՞րն է:

ՍՈՒՐԵՆ — Ո՞րն է…

ԼԻԼԻԹ — Չգիտեմ, ես կրծկալ չեմ կրում:

ՍՈՒՐԵՆ — Հոյակապ է:

ԼԻԼԻԹ — Հետո հետաքրքրվեց աչքերիս ու մազերիս գույնով, մատներիս ու քթիս ձևով: ՍՈՒՐԵՆ – 0՜, պատկերացնում եմ քո վիճակը, խեղճ Աիդա…

ԱՐԵՆ — Ու դուք, իմ բնակարանում կանգնած, հանգիստ պատասխանում էիք կնոջս հիմար հարցերի՞ն:

ԼԻԼԻԹ — Ոչ, ես նստած էի ու շատ անհանգիստ էի: Հատկապես անհարմար զգացի, երբ նա հարցրեց, թե ինչ կա հագիս: Ստիպված ճշմարտությունն ասացի, որ բաղնիքի խալաթից բացի ոչինչ չկա:

ՍՈՒՐԵՆ — Շատ էրոտիկ է… խեղճ Աիդա…

ԼԻԼԻԹ — Դրանից հետո ձեր կինը մեկ լաց լինելով, մեկ ծիծաղելով բղավեց. «Ահա թե ինչու, Արեն Չարյան, քեզ դուր չի գալիս Ամերիկան»: Իսկ երբ ասացի, որ հացի եք գնացել ու շուտով կվերադառնաք, ինչ-որ ռուսական երգճչաց:

ՍՈՒՐԵՆ — Ինչ երգ էր, ինչի՞ մասին էր…

ԼԻԼԻԹ — Ինչ-որ գիմնազիստկաների…

ՍՈՒՐԵՆ — Իմացա, իմացա… (Երգում ու պարում է:) Гимназистки румяные,

От мороза чуть пьяные.

ԱՐԵՆ- Իսկ քեզ ո՞վ ասաց, որ հացի եմ գնացել ու շուտով կվերադառնամ:

ԼԻԼԻԹ — Դե, դուռը բաց էր, ես էլ մտածեցի, որ…

ԱՐԵՆ — (գրպաններում փնտրում է բանալիները): Գրողը տանի, նորից մոռացա դուռը փակել: Բանալիներս ո՞ւր են…

ԼԻԼԻԹ — Մի անհանգստացեք, դուռը ուժեղ քաշեցի, շրխկոցով փակվեց:

ԱՐԵՆ — Բանալիներս տանն եմ թողել… Նշանակում է, դրսում մնացի:

ԼԻԼԻԹ – Ինչո՞ւ:

ԱՐԵՆ — Բա էդ երկաթե դուռը գիշերով ո՞նց ջարդեմ:

ՍՈՒՐԵՆ — Հանգստացիր, Արեն, հիշիր՝ առավոտյան քեզ ինչ է սպասում: Հիշիր, դե՞…

ԱՐԵՆ — Առավոտյան… ի՞նչ… Այո, իհարկե… Մահվան դեմ ամեն ինչ անիմաստ է:

ԼԻԼԻԹ — Դա վա՞ղն է տեղի ունենալու:

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչը:

ԼԻԼԻԹ — Հանճարացման թռիչքը:

ԱՐԵՆ — Այո:

ԼԻԼԻԹ — Ոչ, ոչ, խնդրում եմ, հետաձգեք թռիչքը:

ԱՐԵՆ- Բայց ինչո՞ւ…

ԼԻԼԻԹ — Ես… ես պիտի հղիանամ ձեզնից:

ԱՐԵՆ- Սուրեն, ես պրծում չունեմ այս մոլագարից:

ՍՈՒՐԵՆ — Հանգիստ, Արեն… Լիլիթ, դուք անպայման ուզում եք հղիանա՞լ:

ԼԻԼԻԹ — Այո:

ՍՈՒՐԵՆ — Մտեք պարոն Չարյանի դրության մեջ… Նա վաղը գնալու է՝ հասնի հազար տարվա մեռելներին: Այդ տրամադրությամբ նա ոչինչ չի կարողանա… Մտեք ընկերոջս վիճակի մեջ ու հանգիստ թողեք նրան: Եվ, հետո, իմացեք, Երևանում ավելի փորձված ու բանիմաց այրեր կան: Նրանցից մեկը կանգնած է ձեր դիմաց ու կարող է ցանկացած պահին գործել: Մնում է միայն ձեր «այո»-ն…

ԼԻԼԻԹ — Դուք ինձ չհասկացաք: Ես երեխա եմ ուզում պարոն Չարյանից: Ինքնասպանությունից հետո նա մեծ գրող է դառնալու:

ՍՈՒՐԵՆ – Ահա՜ թե ինչ… Ուրեմն, եթե նա չգցի իրեն կամրջից, հանճար չդառնա, դուք չե՞ք ուզենա նրանից հղիանալ:

ԼԻԼԻ Թ — Իհարկե, իմ երեխայի հայրը պետք է անպայման հանճար լինի:

ՍՈՒՐԵՆ — Հիմա հասկացա… Իսկ եթե Արենը մահից հետո հանճար չդառնա ու դուք էլ նրանից հղի մնա՞ք…

ԼԻԼԻԹ — Եթե պիեսը կարդացած լինեիք, ձեր մտքով այդպիսի բան չէր անցնի:

ՍՈՒՐԵՆ — Հրեշտակս, խնդրում, աղաչում եմ ասա, ինչի՞ մասին է ընկերոջս այդ չարաբաստիկ պիեսը:

ԱՐԵՆ — Լիլիթ…

ԼԻԼԻԹ — Մի անհանգստացեք, պարոն Չարյան, մինչև ձեր մահը աչքովս չտեսնեմ, ոչ մեկին չեմ պատմի:

ԱՐԵՆ — Շնորհակալություն:

ՍՈՒՐԵՆ — Ուրեմն՝ ստիպված պիտի սպասեմ, թե երբ այդ գլուխգործոցի վերջին տողը իրականություն կդառնա: (Հեռախոսազանգ:) Շուշան ջան, քանի չեմ խելագարվել, հասիր օգնության… Ի՞նչ, ո՞վ է… Յա, բարև, Աիդա: Հա, ես եմ: (Արենին.) Կինդ է: Ի՞նչ… ամուսի՞նդ: Այո, այստեղ է: Ի՞նչ, իհարկե, կտամ: (Հեռախոսը մեկնում է Արենին:) Հայհոյում է:

ԱՐԵՆ- Հա, լսում եմ, ասա… Բարև: Նորմալ: Ոչ մի Լիլիթ էլ չեմ ճանաչում:

ԼԻԼԻԹ — Ես եմ Լիլիթը, ես…

ԱՐԵՆ — Հա, հիմա ճանաչեցի… Ինչ բացատրեմ, միևնույն է, ոչինչ չես հասկանա: Չեմ վիրավորում, անհասկացող չես: Ուղղակի չգիտեմ, ոնց բացատրեմ, թե այդ մերկ աղջիկը, բաղնիքի խալաթը հագին, իմ սենյակում ինչ էր անում: Չես հասկանա, որովհետև չես հավատա: Ո՞վ… Լիլի՞թը… Ոչինչ էլ չի ուզում: Այսինքն, ուզում է, բայց ես չեմ համաձայնվում: Ի՞նչ… Երեխա է ուզում ինձնից: Հանգստացիր, Աիդա, հանգստացիր…

ՍՈՒՐԵՆ – Տեսա՞ք, Լիլիթ, ջուրը քաշեց, ու թթված կաշը նորից գնաց:

ԱՐԵՆ — Լսիր, Աիդա… Եթե չգռռաս, ուշադիր լսես, գուցե ինչ-որ բան հասկանաս… Այո, նա ինձնից երեխա է ուզում, բայց միայն մի պայմանով…

ՍՈՒՐԵՆ — Չասես, թե չէ կզանգի ու Երևանով մեկ ընենց հարայ-հուրույ կդնի, որ կես ժամից Կիևյան կամուրջը տանկերով կփակեն, տակն էլ ցանց կքաշեն, ու քո մուրազը փորումդ կմնա: Արա, տուր, է՛, տուր ինձ, տեսնեմ: (Վերցնում է լսափողը:) Աիդա ջան, ես եմ, Արշակունին… Հանգստացիր, ցավդ տանեմ: Նա չի կարող, ես կբացատրեմ: Ո՞վ, Լիլի՞թը… Այստեղ է: Ի՞նչ է անում… Հրեշտակի հայացքով ինձ է նայում: Սատանա՞… Ո՞վ, նա՞… Չէ, Աիդա, նորմալ աղջիկ է: Հետո՞ ինչ, որ Արենից երեխա է ուզում: Բայց նա իր պայմանն է դնում: Ի՞նչը, պայմա՞նը… Արենը պիտի հանճար դառնա… Ես կարծում եմ, որ վարիանտ չկա: Իսկ դու կարծում ես, որ կա՞… (Արենին.) Արա, էս խեղճ կինդ ոնց ա քեզ սիրում ու հավատում: (Աիդային.) Հա, Լիլիթն էլ է քեզ պես մտածում: Իհարկե, հեշտ բան չի: Դրա համար ամուսինդ ստիպված պիտի իրեն գցի կամր… (Փակում է լսափողը:) Էս ի՞նչ եմ ասում: (Բացում է լսափողը:) Ինչը գցի՞… Հեչ, ուղղակի Արենը ստիպված պիտի մի քիչ քաշը գցի: Հա, չաղացել է, էն էլ ոնց… Թո՛ւ, Աիդան հիստերիկայի մեջ ընկավ, իսկ ես՝ ցեյտնոտի: Արեն, կնոջդ հանգստացրու:

ԱՐԵՆ — Ի՞նչ անեմ, մի տարբերակ կա՝ ինքնասպանության մասին պատմեմ, Աիդայի սիրտը պայթի, ու նա ընդմիշտ լռի…

ԼԻԼԻԹ — Ոչ, ես թույլ չեմ տա, տվեք, ես նրան ամեն ինչ կբացատրեմ: Տիկին Աիդա, ես եմ, Լիլիթը… Հանգստացեք, ոչ մի վտանգավոր բան չկա: Ես չեմ ուզում քանդել ձեր ընտանիքը: Հա, պարոն Արենը իմ հոր տարիքին է… Հետո՞… Ես հայրիկիս չեմ տեսել… Հանգամանքներն են այդպես դասավորվել: Մայրս ասում է, որ նա աննշան տղա է եղել: Դա ինչ կապ ունի ձեր ամուսնու հե՞տ… Ես չեմ ուզում, որ իմ երեխան էլ աննշան հայր ունենա: Ես հաստատ որոշել եմ, որ իմ երեխայի հայրը պետք է հանճարեղ մարդ լինի: Այո, ես նպատակ եմ դրել ու ամեն գնով կհասնեմ իմ նպատակին: Խնդրեմ, տվեք: Բարև: Անունդ ի՞նչ է, Լուսինե՞: Ինչ լավ անուն է…

ԱՐԵՆ — Աղջիկս է, տուր լսափողը: Բարև, բալիկ ջան, ես եմ, պապան… Չէ, ցավդ տանեմ, բան չի պատահել: Լուսինե ջան, Արամը որտե՞ղ է… Կողքի՞դ է: Լուսինե ջան, մեռնեմ ջանիդ, բալես, իմացիր, որ հայրիկը քեզ շատ է սիրում: Վայ, ձայնիդ մատաղ լինի հայրիկը… Ամերիկա՞… Չէ, չեմ գալու, ուրիշ տեղ եմ գնալու, դստրիկս: Այո, հեռու, շատ հեռո՜ւ… Մնաս բարով, աղջիկս: Ես էլ եմ քեզ շատ սիրում: Հա, տուր ապերին: Արա՞մ… Բարև, տղաս: Արամ, իմացիր, որ ինձնից հետո տան տղամարդը դու ես: Հավատա ինձ, որ հայրդ ինչ անում է՝ ձեզ համար է անում: Ես քեզ շատ եմ սիրում: Լսիր մամային ու միշտ նրան օգնիր: Քույրիկիդ էլ լավ նայիր: Ոչ, դժվար տեսնվենք: Այդպես է պետք: Այդպես բոլորիս համար էլ լավ կլինի: Ի՞նչ,մամայի ուշքը գնա՞ց… Գնա, օգնիր, ուշքի բեր նրան… Մնաս բարով, որդիս, մնաս բարով, Արամ ջան: (Հուզված դնում է լսափողը:)

ՍՈՒՐԵՆ — Լսիր, Լիլիթ, եթե հղիանաս Արենից, իսկ նա միտքը փոխի ու երկու ամսից հետո իրեն կամրջից չգցի՞…

ԼԻԼԻԹ — Բացառվում է: Հակառակ դեպքում ես կազատվեմ երեխայից:

ԱՐԵՆ — Ի՞նչ… Ես կատեգորիկ դեմ եմ աբորտներին: Դա սպանություն է… Տեր Աստված, ե՞րբ է լույսը բացվելու, թռնեմ, պրծնեմ այս աշխարհի պրոբլեմներից:

ԼԻԼԻԹ — (ծնկաչոք հետևում է Արենին): Ոչ, ոչ, ինձ մի կործանեք… Աղաչում եմ, խնդրանքս բավարարեք…

ՍՈՒՐԵՆ — Լսիր, անխիղճ, անաստված, նայիր քո դեմ ծնկի իջած հրեշտակին: Հասկացիր, այս չքնաղ էակը ուզում է քեզ տրվել… Սիրո մի քանի հրաշք գիշեր նվիրել: 0՜, Լիլիթ, ես պատրաստ եմ քեզ հետ մեկ վայրկյան լինելու համար դուրս նետվել այս լուսամուտից, ջարդուփշուր լինել…

ԼԻԼԻԹ — Բայց ձեր բնակարանը առաջին հարկում է:

ՍՈՒՐԵՆ — Կներես, ուզում էի ասել՝ մեր շենքի տանիքից: Երդվում եմ իմ պաշտելի Շուշանով…

ԼԻԼԻԹ — Ո՞վ է Շուշանը:

ՍՈՒՐԵՆ — Այս աշխարհում ինձ համար ամենաթանկ էակը:

ԱՐԵՆ — Որն ընկած ատրճանակ է փնտրում…

ՍՈՒՐԵՆ — Լռիր…

ԼԻԼԻԹ — Իսկ Շուշանը ինչո՞ւ է ատրճանակ փնտրում:

ՍՈՒՐԵՆ — Կոլեկցիայի համար: Իմ թանկագին Շուշանը ատրճանակների մեծ հավաքածու ունի: Այնպես որ, որոշիր, ես ամեն ինչի պատրաստ եմ: Եվ իմացիր, Լիլիթ, ես հասարակ մարդ չեմ, ես մեծ դերասան եմ: Մեր երեխային իմ մասին պատմելու շա՜տ բան կա: Դու ինձ դեռ չգիտես…

ԼԻԼԻԹ — Գիտեմ: Դուք հոյակապ դերասան եք, նույնիսկ տաղանդավոր, բայց ոչ՝ հանճարեղ: Իսկ ինձ հանճար է հարկավոր, ու վերջ: Երբ հիշում եմ, թե իմ անվերջ հարցերին. «Ո՞վ է իմ հայրը»՝ ինչ էր պատասխանում մայրս, խելագարվում եմ…

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ էր պատասխանում:

ԼԻԼԻԹ — «Լիլիթ, քո հայրը սովորական, հասարակ տղա էր: Նրա հետ հանդիպել ենք Սև ծովում, Դագամիսում: Այդ հանդիպումից էլ դու ծնվեցիր»: Ոչ, չեմ ուզում երեխայիս մի այդպիսի ապուշություն պատմել:

ԱՐԵՆ – Դագամիսո՞ւմ… Քանի՞ տարեկան ես, Լիլիթ:

ԼԻԼԻԹ — Քսանմեկ:

ԱՐԵՆ — (հաշվում է մտքում): Հորդ անունը ի՞նչ էր:

ԼԻԼԻԹ — Մկրտիչ:

ՍՈՒՐԵՆ – Մկրտի՞չ…

ԱՐԵՆ — Իսկ մո՞րդ անունը…

ԼԻԼԻԹ — Լիաննա, սակայն բոլորը նրան Լյալյա գիտեն:

ԱՐԵՆ – Լյալյա՞… Նա դաշնակահարուհի՞ է, Լյալյա Պապյա՞ն…

ԼԻԼԻԹ — Դուք ճանաչո՞ւմ եք Լյալյային:

ԱՐԵՆ — Շատ լավ:

ՍՈՒՐԵՆ — Ինձ թվում է, որ Արենը ձեր հորն ավելի լավ գիտի: Ճի՞շտ է, Չարյան:

ԱՐԵՆ — Երևի…

ԼԻԼԻԹ – Հո՞րս… Ո՞վ է նա, ի՞նչ է աշխատում… որտե՞ղ է հիմա…

ՍՈՒՐԵՆ — Այստեղ, քո առջև կանգնած է:

ԼԻԼԻԹ – Դո՞ւք…

ՍՈՒՐԵՆ — Ոչ, ընկերս… Խնդրեմ…

ԼԻԼԻԹ — Դուք ինձ ծաղրում եք: Չէ՞ որ նրա անունը Արեն է:

ՍՈՒՐԵՆ — Դա նրա գրական կեղծանունն է, իսկական անունը Մկրտիչ Չամչուկյան է:

ԼԻԼԻԹ — Ի՞նչ…

ՍՈՒՐԵՆ — Մկրտիչ Չամչուկյան:

ԼԻԼԻԹ — Ի՞նչ… ի՞նչ…

ՍՈՒՐԵՆՆ — Չամ… չամ… չամիչ… Այսինքն՝ Մկրտիչ… Ա՜յ քեզ փորձանք, էս ինչ սերիալի մեջ ընկանք:

ԼԻԼԻԹ — Բրազիլական:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ

 

Տեսարան, նույն պատկերն է:

ԼԻԼԻԹ – Վա՜յ, մամա ջան, վա՜յ, Լյալյա… Չի կարող պատահել: Դա ճի՞շտ է, պարոն Չամչուկյան, ես ձեր… ձեր…

ԱՐԵՆ — Այդպես է ստացվում… Քո ծնված տարում ես եղել եմ Դագամիսում: Լյալյայի հետ հոյակապ պահեր ենք ապրել: Բայց ինչո՞ւ այս տարիների ընթացքում նա քո մասին ինձ ոչինչ չի ասել: Վերջին անգամ նրան անցյալ տարի Մոսկվայում եմ տեսել… Չէ՞ որ այնտեղ է ապրում:

ԼԻԼԻԹ — Այո, ամուսնացել է, իր ընտանիքն ունի, իսկ ես տատիկիս մոտ եմ մեծացել:

ԱՐԵՆ- Նշանակում է, դու իմ աղջիկն ես: Չի կարող պատահել, ինչո՞ւ է ինձնից թաքուն պահել, մի՞թե կարելի է այդպիսի բանը թաքցնել:

ԼԻԼԻԹ — 0՜, Տեր Աստված, շնորհակալություն… Այ քեզ երջանկություն… Ուրեմն, դուք իմ հայրն եք: Ես հիմա կզանգեմ Մոսկվա, կուրախացնեմ Լյալյային: (Հավաքում է համարը:)

ՍՈՒՐԵՆ — (երգում է): Լյա-լյա-լյա-լյա՜…

ԼԻԼԻԹ — Գրողը տանի, տանը մարդ չկա, ավտոմատ պատասխանիչն է միացված:Միևնույն է, պիտի ասեմ… Լյալյա, ես եմ, Լիլիթը: Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ, քանի որ գտել եմ հարազատ հորս, քո Մկրտչին, ում բոլորովին չես ճանաչել: Իմացիր, նա հասարակ մարդ չէ, նա հանճար է: Այսինքն՝ շուտով կդառնա: Ես սիրում եմ նրան, ես սիրում եմ քեզ… Լյալյա, հենց տուն մտնես, զանգիր 42 33 54 համարով: Իմ հայրը շուտով պիտի այս աշխարհից հեռանա, որպեսզի հանճարեղ մարդ դառնա… Լավ, երբ զանգես, մանրամասն կպատմեմ: (Արենին.) Հայրիկ, չե՞ս ուզում երկու խոսք ասել մայրիկին:

ԱՐԵՆ — (շփոթված): Ե՞ս… մամայի՞ն… Բայց նա տանը չէ: Հա, ավտոմատին ասեմ: Ի՞նչ ասեմ… (Վերցնում է հեռախոսը:) Բարև, Լյալյա… Ես հիշում եմ Դագամիսը, ես ամեն ինչ հիշում եմ: Ինչո՞ւ այդպես եղավ… Ինչո՞ւ եղավ այդպես, չէ՞ որ դու սիրում էիր ինձ, ես սիրում էի քեզ: Ինչո՞ւ թաքցրիր մեր երեխային ինձնից, ինչո՞ւ այդպես արեցիր… Զանգիր, մի ուշացնի, ես պիտի ինձ գցեմ Կիևյան կամրջից, որ հանճար դառնամ: Այդպես է գրված ճակատիս… Զանգիր, զանգիր, զանգիր… (Դնում է լսափողը:)

ԼԻԼԻԹ — Հայրիկ… (Գրկախառնվում են:) Հայրիկ, սիրելիս, դու կարող ես հանգիստ խղճով ինքնասպան լինել, թռչել կամրջից ցած և ես՝ քո աղջիկը, կդառնամ հանճարի դուստր: Իմ զավակները կլինեն հանճարի թոռներ… 0՜, հայրիկ, օ՜, մայրիկ… Տեր Աստված, այս ինչ եմ անում, ուրախանում եմ հորս մահով… Քսանմեկ տարի փնտրեմ, գտնեմ ու նորից կորցնե՞մ: Պետք չէ, հայրիկ, պետք չէ:

ԱՐԵՆ- Պետք է… Հիմա հատկապես պետք է:

ԼԻԼԻԹ – 0՜, ես տխուր եմ, հայրիկ:

ԱՐԵՆ- Իսկ ես ծարավ եմ ու բժժած… Գնամ, գնամ…

ՍՈՒՐԵՆ — Ո՞ւր, արդեն գնում ես՝ գցվե՞ս…

ԱՐԵՆ- Գարեջուր բերեմ: (Դուրս է գնում:)

ՍՈՒՐԵՆ — (կեղծ պաթոսով): Իմացյալ մահն անմահություն է: (Դադար:) Ամենակարևոր բանը տեղի ունեցավ քո կյանքում՝ դառնալով հանճարի դուստր՝ դու կարող ես ազատ ընտրություն կատարել: Այդպես չէ՞, Լիլիթ…

Աննկատ ներս է մտնում Շուշանը:

ԼԻԼԻԹ — Այդպես է:

ՍՈԻՐԵՆ — Ես ուրախ եմ… Եվ ես… Լիլիթ, ինձ դեռ չես ճանաչում: Դու մեծ սխալ ես գործում, որ ինձ ուրիշի հետ ես շփոթում:

ԼԻԼԻԹ — Ո՞ւմ:

ՍՈՒՐԵՆ — Աշխարհում խարդախ մարդիկ շատ կան, որոնց ուշքն ու միտքը միայն աղջիկներին խաբելն է: Ինձ պետք է առանձնացնես այդ ամբոխից և չկասկածես երդումներիս անկեղծությանը: Երդվում եմ, սիրտս հազար կտոր կանեմ, եթե ամենաչնչին միտքն ունենամ քեզ դավաճանելու…

ԼԻԼԻԹ — Աստված իմ…

ՍՈՒՐԵՆ – Համաձա՞յն ես, ուզո՞ւմ ես իմ կինը դառնալ…

ԼԻԼԻԹ — Ի՞նչ…

ՇՈՒՇԱՆ — (առաջ է գալիս): «Եթե երբևէ որևէ կնոջ ամուսնության առաջարկություն անեմ, թող Գաբրիել հրեշտակապետը հոգիս առնի ու ինձ մահ պարգևի»: Ձեր խոսքե՞րն են, պարոն Արշակունի…

ՍՈՒՐԵՆ — Այո, բայց…

ՇՈՒՇԱՆ — Ոչ մի բայց: (Հանում է ատրճանակը:) Ես եմ քո հոգեառ հրեշտակը, և դու հիմա կմեռնես:

ՍՈՒՐԵՆ — Շուշան, ինձ լսիր… Ես ոչ մի առաջարկություն չեմ արել, ուղղակի Դոն Ժուանի տեքստն էի արտասանում: Այս աղջիկն ինձ հետ կապ չունի, նա Չարյանինն է: Մենք պարզապես փորձ էինք անում, ճի՞շտ է, Լիլիթ…

ԼԻԼԻԹ — Երևի, իհարկե…

ՇՈՒՇԱՆ — Սուրեն Արշակունի, մեղքերից կարծրացած մարդը դժնդակ մահ է ունենում: Ով հրաժարվում է երկնային շնորհներից՝ արժանանում է Աստծո ցասումին:

ՍՈԻՐԵՆ — (բռնում է փորը): Ով երկինք, ի՞նչ է կատարվում ինձ հետ, աներևույթ կրակն այրում է ինձ, էլ չեմ կարող դիմանալ… Վա՜խ, փորս… Չկրակես: (Փորը բռնած դուրս է վազում:)

ՇՈՒՇԱՆ — (ծիծաղում է): Խեղճ Դոն Ժուան, վախից տակը լըց… (Ատրճանակը դնում է պայուսակը:)Դե, անուշիկս, ներկայացիր: Իմ անունն արդեն լսեցիր, Շուշան է:

ԼԻԼԻԹ — Լիլիթ… Տիկին Շուշան, քիչ առաջ պարոն Արշակունին ձեր արևով էր երդվում:

ՇՈՒՇԱՆ – Ուրեմն՝ ստում էր… Ո՞վ ես, որտեղի՞ց ես…

ԼԻԼԻԹ — Երկար պատմություն է:

ՇՈՒՇԱՆ — Կարճ:

ԼԻԼԻԹ — Որ այդպես է, վերջից սկսեմ… Կես ժամ առաջ պարզվեց, որ ես Արեն Չարյանի դուստրն եմ: Տիկին Շուշան, վերջապես գտա հարազատ հորս, բայց նա վաղը լուսաբացին իրեն գցելու է Կիևյան կամրջից, որպեսզի երջանկացնի ինձ:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչ… չհասկացա, Արենին բա՞ն է պատահել:

ԼԻԼԻԹ — Դեռ ոչ, վաղն առավոտյան պիտի պատահի:

ՇՈՒՇԱՆ — Իսկ ո՞ւր է նա…

ԼԻԼԻԹ — Գնացել է գարեջրի:

ՇՈՒՇԱՆ – Ուրեմն, որքան հասկացա, Արենը հանդիպում է իր անհայտ դստերը, ուրախությունից իրեն կորցրած վազում է գարեջուր բերի, խմի, որ առավոտյան իրեն կամրջից ցած գցի ու քեզ՝ իր աղջկան, երջանկացնի՞:

ԼԻԼԻԹ — Ճիշտ այդպես:

ՇՈՒՇԱՆ — Իսկ մինչև գարեջուր բերելը և կամրջից ցած նետվելը իր քաղցրիկ դստրիկին մենակ է թողնում Դոն Արշակունու հետ, որպեսզի նա հասցնի գայթակղել անմեղ թռչնակին: Ի՜նչ կարգին հայրիկ ես ճարել, ճուտիկ ջան:

ԼԻԼԻԹ – Ճուտի՞կ…

ՇՈՒՇԱՆ — Այո, ցիպ-ցիպ…

Դռան զանգ:

ԼԻԼԻԹ — Հայրիկս է, գնամ բացեմ…

ՇՈՒՇԱՆ — Ստոպ… Մի հուզվիր, Դոն Սուրենն այնտեղ պախկված է, կբացի:

Կոնյակի շիշ ու ծաղկեփունջ ձեռքին՝ ներս է մտնում

գինովցած Արենը: Ծաղիկները տալիս է Լիլիթին:

ԱՐԵՆ — Սա քեզ, բալիկ ջան… 0՜, Շուշան, դու չքնաղ ծաղիկ Շու…Շու…Շու…

ՇՈՒՇԱՆ — Արեն, հարբա՞ծ ես…

ԱՐԵՆ — Որոշ չափով… Հա, լսել եմ, ատրճանակը ճարել ես, Շուշան:

ՇՈՒՇԱՆ — Ճարել եմ… Եթե այս Լիլիթիկը գժանոցից չի փախել և, իրոք, քո նորահայտ զավակն է, կարծում եմ՝ ատրճանակը քեզ էլ պետք կգա:

ԱՐԵՆ — Ի՞նչ գժանոց, ի՞նչ բան… Լիլիթը իմ հարազատ աղջիկն է, Շուշան:

ՇՈՒՇԱՆ – Ուրեմն՝ իմացիր, Լիլիթիկի հայրիկ, քիչ աոաջ քո հավատարիմ ընկերը՝ Դոն Արշակունին, փորձում էր գայթակղել հարազատ բալիկիդ:

ԱՐԵՆ — Ի՞նչ… (Կատաղած:) Սուրեն…

ՍՈՒՐԵՆ — (ներս է մտնում): Սուտ է, մի հավատա, Շուշանն իր ստվերին էլ է խանդում: Պարզապես Դոն Ժուանի դերն էի փորձում, իսկ Լիլիթը լսում էր…

ՇՈՒՇԱՆ – Հա՞… Այդ դեպքում, եթե անմեղ էիր, ինչո՞ւ վախից տակդ լցրիր, երբ ձեզ բռնացրի:

ՍՈՒՐԵՆ — Սուտ է, նա սուտ է ասում, Արեն ջան: Ինձ ես հավատո՞ւմ, թե՞ նրան:

ԱՐԵՆ — Ուրեմն, դու իմ աղջկան… Դոն Ժուանի նման… Ասա՝ այո՞, թե՞ ոչ:

ՍՈՒՐԵՆ — Այո:

ԱՐԵՆ — Ի՞նչ նպատակով, հանուն ինչի՞:

ՍՈՒՐԵՆ — Հենց այնպես, հանուն արվեստի:

ՇՈՒՇԱՆ — Հենց այնպես, հանուն արվեստի, գայթակղիչ տեքստերով քանի՞ այսպիսիանմեղ աղջիկ ես խաբել ու անկողինդ մտցնելով՝ դժբախտացրել:

ՍՈՒՐԵՆ — (հանդիսավոր): Պարոն Չարյան, եթե ակամա վիրավորանք եմ հասցրել ձեզ ու ձեր աղջկան, իմացեք, ամեն վայրկյան պատրաստ եմ այն մաքրել, լվանալ իմ… իմ… (Ուզում է սուսերով բացել երակը: Լիլիթը ճչում է:) …և Լիլիթի ամուսնությամբ: Վաղն ևեթ մենք կարող ենք զագս գնալ:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչ… Այսօր արդեն երկրորդ անգամ նա ցանկանում է ամուսնանալ, բայց ոչ ինձ հետ: 0՜, ես կսպանեմ նրան… (Ուզում է կոնյակի շշով հարվածել, Սուրենը թաքնվում է:)

ԱՐԵՆ- Ստոպ… հանգստացիր, Շուշան: Բա էդ Դոն Ժուանին, էդ ուրացող հորը ես աղջի՞կ կտամ:

ՇՈՒՇԱՆ — Ուրացող հա՞յր… Դա ի՞նչ է նշանակում:

ԱՐԵՆ — Ախ, հա՜, դու նրա մեծ գաղտնիքը չգիտես:

ՍՈՒՐԵՆ — (շփոթված): Չասես:

ԱՐԵՆ- Կասեմ:

ՍՈՒՐԵՆ — Չասես:

ՇՈՒՇԱՆ — (հանում է ատրճանակը): Ձեռքերը վեր, լռիր, թե չէ կկրակեմ: Խոսիր, Արեն:

ԱՐԵՆ — Շուշան, քո սիրելի Դոնը ուր գնացել է՝ Մոսկվա, Փարիզ, Նյու Յորք, Լոնդոն, Մադրիդ, Բեռլին, Վիեննա, առաջին հերթին մտել է ֆեմինիստական ակումբներ և ներկայանալով որպես թագավորներիթագավոր Տիգրան Մեծի ժառանգ՝ բարձր գնով վաճառել է իրեն:

ՍՈՒՐԵՆ — Ոչ թե ինձ, այլ իմ քրոմոսոմները՝ իմ արմենոիդյան գեները, որպեսզի միայնակ կանայք բեղմնավորվեն, երեխաներ ծնեն ու երջանկանան:

ՇՈՒՇԱՆ — Լռիր: Իսկ դու շարունակիր:

ԱՐԵՆ — Էլ ինչ շարունակեմ… Հիմա նա աշխարհի տարբեր մասերում յոթ աղջիկ ու տասը տղա ունի և, ըստ պայմանագրի, իր զավակների հանդեպ ոչ մի պատասխանատվություն չունի:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչ… Հասկացա, հասկացա… Իմ երդվյալ ամուրին շատ հարմար է դասավորվել: Բայց նա մեծ սխալ թույլ տվեց, երբ ինձ գայթակղեց: Ես սիրեցի ու սիրում եմ նրան խելագարի պես և թույլ չեմ տա, որ ամուրի մնա: Կամ դու իմ ամուսինը կլինես, կամ՝ դիակ: Դա է միակ ելքը, ուրիշ տարբերակ չկա: Իսկ հիմա, իմ սեր, լավ լսիր, թե ինչ կասեմ: Այսօր եղա բժշկի մոտ և հաստատ իմացա, որ քեզնից երեխա եմ սպասում, հասկացա՞ր, երեխա…

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ…

ԱՐԵՆ — Կեցցես, Շուշան… Աչքդ լույս, պարոն Արշակունի: Վերջապես դու էլ քո երեխայի լացը կլսես, դեմքը կտեսնես ու նորմալ հայր և ամուսին կդառնաս:

ԼԻԼԻԹ — (հուզված): Պապա…

ԱՐԵՆ — Աղջիկս… (Գրկախառնվում են:)

ՍՈՒՐԵՆ — Գրկիր քսանմեկ տարի հոր սիրուց զրկված, շաշլամիշ եղած քո աղջկան… Դավաճան հայ մտավորական:

Հեռախոսազանգ:

ԼԻԼԻԹ — Մայրիկն է: (Վերցնում է լսափողը:)Լյալյա, մամա… Ի՞նչ, տիկին Աի՞դա… Ինչպե՞ս եք… Ոչ, ձեզ չեմ ծաղրում: Որտեղի՞ց եք զանգում… ինքնաթիռի՞ց: Հոյակապ է: Ամեն ինչը… մի րոպե, մի գոռացեք, եթե ուզում եք լսել ողջ ճշմարտությունը: Ես ձեր ամուսնու հարազատ աղջիկն եմ: Այո, ձեր ամուսինը իմ հայրն է: Որտեղի՞ց հայտնվեցի՝ ծովափից, Դագամիսից: Ումի՞ց… Լյալյայից: Ինչո՞ւ եք լալիս, տիկին Աիդա, ո՞ւմ, հայրիկի՞ն: Հիմա… Հա, տիկին Աիդա, իմ կողմից համբուրեք քույրիկիս ու եղբորս՝ Լուսինեին ու Արամին: Տալիս եմ, տալիս եմ, մի հայհոյեք… (Լսափողը մեկնում է Արենին:) Հայրիկ, հայհոյում է:

ԱՐԵՆ- (վերցնում է լսափողը): Այո, լսում եմ, իմացա: Փարի՞զ եք իջնում… Շուտով տանը կլինե՞ս… Ո՞վ, Լիլի՞թը… Այո, այդպես ստացվեց: Հա, բայց ոնց շուտ ասեի, երբ այդ մասին մի ժամ առաջ եմ իմացել: Ո՞ւմ նկարագրեմ, Լյալյայի՞ն… Լսիր, քեզ թվում է, էս աշխարհում էլ անելիք չունեմ, պարա՞պ եմ… Հա… Լավ, կգաս, կխոսենք: Այսինքն՝ դժվար թե… Ես պիտի գնամ, պիտի հեռանամ: Դե, այնտեղ, էլի, այն աշխարհ: Մի խոսքով, կիմանաս թերթերից, հեռուստացույցից: Ինձ չես տեսնի, բայց ամեն ինչ լավ կլինի… Մնաս բարով: (Դնում է լսափողը:)

ՇՈՒՇԱՆ — Այդ ինչե՞ր ես խոսում, Արեն…

ՍՈՒՐԵՆ — Անճարը որ ուզում է հանճար դառնալ, ամբողջ աշխարհը փորձանքի մեջ է գցում: Արի, արի գնանք խոհանոց, մի համով բան պատրաստիր՝ ուտենք: Ես կպատմեմ, թե իմ դավաճան ընկերը ուր է թռչելու առավոտյան. համ էլ ապագա հանգուցյալ հորը հնարավորություն տանք մահվանից առաջ հրաժեշտ տալ իր նորահայտ աղջկան:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչ…

Սուրենն ու Շուշանը դուրս են գնում:

ԼԻԼԻԹ — Տխրեցիր, հայրիկ:

ԱՐԵՆ — Հայրիկ… հետաքրքիր է: Աստված ամեն ինչ անում է, որ չձգձգեմ իմ թռիչքը, քսանմեկ տարի անց աղջկաս օգնության է ուղարկում: Դու պետք է օգնես ինձ նախապատրաստվելու ինքնասպանությանը:

ԼԻԼԻԹ — Ժամանակ չկորցնենք… Սկսենք:

ԱՐԵՆ — Սկսենք, բայց ինչի՞ց…

ԼԻԼԻԹ — Մեռնելուց առաջ, որքան գիտեմ, լողանում, սափրվում, մաքուր սպիտակեղեն և նոր շորեր են հագնում:

ԱՐԵՆ- Ապրես, աղջիկս: Հիմա մի կտոր հաց կուտենք, սոված սատկում եմ, հետո կլողանամ, կսափրվեմ… Հա, ստիպված Արշակունու սպիտակեղենից պիտի օգտվեմ, չեմ կարող բնակարանս մտնել, բանալիները տանն են մնացել:

ԼԻԼԻԹ — Այս շորերո՞վ ես ուզում գցվել, հայրիկ:

ԱՐԵՆ- Ինչ է, վա՞տ է…

ԼԻԼԻԹ — Նորմալ է, բայց կոշիկները պետք է փոխել:

ԱՐԵՆ — Սուրենի նոր «լիմոնտիները» կհագնեմ:

ԼԻԼԻԹ — Հոյակապ է: Ես ու պարոն Արշակունին կուղեկցենք քեզ մինչև կամուրջը:

ԱՐԵՆ — Սուրենը որոշել է այդ ամենը նկարահանել, ի՞նչ կասես:

ԼԻԼԻԹ — Շատ լավ է, բայց նկարահանմանը պետք է պատրաստվել: Ինձ թվում է՝ ճիշտ կլինի ժպիտը դեմքիդ ինքնասպան լինես:

ԱՐԵՆ- Կամրջից ժպտալո՞վ գցվեմ… Վախենամ՝ հոգեկան հիվանդի տպավորություն թողնեմ:

ԼԻԼԻԹ — Նայած ոնց ես ժպտում: Ապա, տարբեր ժպիտներ ցույց տուր, տեսնեմ:

ԱՐԵՆ — Փորձեմ… (Ժպտում է:) Լա՞վ է:

ԼԻԼԻԹ — Շատ հիմար էր, պապա:

ԱՐԵՆ- Իսկ այսպե՞ս:

ԼԻԼԻԹ — Իսկ դա պրիմիտիվ է:

ԱՐԵՆ — Իսկ հիմա՞:

ԼԻԼԻԹ — Երջանիկ ապուշ ես… Կներես, հայրիկ:

ԱՐԵՆ — Ոչինչ, ոչինչ… Գուցե այսպե՞ս ժպտամ:

ԼԻԼԻԹ — Խելագար մարդասպանի ես նման:

ԱՐԵՆ — Իսկ սա՞:

ԼԻԼԻԹ — Ոչ, դա սեքսուալ էր:

ԱՐԵՆ- Իսկ հիմա՞:

LԻԼԻԹ — Հոմոսեքսուալ դարձավ:

ԱՐԵՆ- Թու, սատանա, չի ստացվում:

ԼԻԼԻԹ — Հիշիր, դու հանճար ես, որն ինքնասպան է լինում: Այդ պահին ինչպե՞ս պետք է ժպտալ:

ԱՐԵՆ- Չգիտեմ:

ԼԻԼԻԹ — Ես էլ չգիտեմ: Արի այսպես անենք, դու սկսիր տարբեր ձևերով ժպտալ, հենց մեր ուզածը տեսնեմ, կասեմ՝ ստոպ:

ԱՐԵՆ — Սպասիր, կենտրոնանամ, պատկերացնեմ… Ուրեմն, ինչպե՞ս էր՝ հանճարեղ ինքնասպանի ժպի՞տ… Հանճարեղ ինքնասպան, հանճարի ինքնասպանությունը…

Տարբեր ձևերով ժպտում է: Լիլիթն ասում է. «ոչ»:

Փորձում են այնքան, մինչև Լիլիթը ուրախ բացականչում է:

ԼԻԼԻԹ — Ստոպ… (Արենը, ժպիտը դեմքին, քարանում է:) Լավ է, հոյակապ է, բայց դու պետք է տեսնես, որ հիշես: Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ… (Արենը ձեռքով հայելի է ցույց տալիս:) Ի՞նչ, հայելի՞… հիմա… (Գտնում է հայելին, պահում է Արենի առաջ:)

ԱՐԵՆ — Իրոք, լավ է ստացվում, կհիշեմ: Իսկը հանճարեղ ինքնասպանի ժպիտ է… Ջոկոնդայից էլ ինչ-որ բան կար:

ԼԻԼԻԹ — Այո, կար, հոյակապ էր: Ինձ թվում է՝ պետք է մի քիչ էլ կեցվածքի ու քայլվածքի վրա աշխատել:

ԱՐԵՆ — Կարող ենք հենց հիմա սկսել:

Արենը քայլում է, տարբեր կեցվածքներ է ընդունում:

Երբ նրա ոգևորությունը հասնում է գագաթնակետին,

մտնում են Շուշանն ու Սուրենը՝ մատուցարաններով,

զարմացած կանգ են առնում:

ՇՈՒՇԱՆ — Այս ի՞նչ ես անում:

ԼԻԼԻԹ — Փորձում է, վաղվա նկարահանմանն է պատրաստվում: Պարոն Արշակունին նկարահանելու է հայրիկի թռիչքը կամրջից:

ՍՈՒՐԵՆ — Թող իզուր չչարչարվի, նրան ոչ նկարելու եմ, ոչ էլ ուղեկցելու եմ:

ԱՐԵՆ — Չհասկացա, ինչո՞ւ…

ՍՈՒՐԵՆ — Բա ես հայրենանվեր, ընդհատակյա գործունեություն ծավալեմ, արմենոիդյան մեր գեները աշխարհով մեկ տարածեմ և մտավորական ընկերոջս սադրանքին արժանանա՞մ:

ԼԻԼԻԹ — Հանուն ազգի ու արվեստի իմ հայրը ինքնասպանություն է գործում, իսկ դուք մի փոքր բանից նեղանում ու հրաժարվում եք նրա ինքնասպանության և հանճարացման պահը նկարահանել:

ՍՈՒՐԵՆ — Այո, հրաժարվում եմ:

ԱՐԵՆ – Ուրեմն չե՞ս թողնի՝ բաղնիքիցդ օգտվեմ… Ածելի է՞լ չես տա:

ՍՈՒՐԵՆ — Չհասկացա, ծրագիրդ փոխվե՞լ է, հիմա էլ ուզում ես ածելիով կոկորդդ կտրել, էն էլ իմ բաղնիքո՞ւմ:

ԱՐԵՆ — Ոչ, պարզապես ուզում եմ մեռնելուց առաջ, ինչպես վայել է հայ քրիստոնյային, լողանալ, սափրվել:

ԼԻԼԻԹ — Հետո, հայրիկին մաքուր սպիտակեղեն է պետք և ձեր նոր, տոնական կոշիկները՝ «լիմոնտիները»:

ՍՈՒՐԵՆ — Բա ես ի՞նչ եմ հագնելու… Նրա թաղմանը բոթասներո՞վ եմ գալու:

ԼԻԼԻԹ — Ես ձեզ համար նորը կգնեմ:

ՍՈՒՐԵՆ — Շատ շնորհակալ եմ: Հորդ թռիչքը հետաձգեք, մինչև խանութները բացվեն ու ձեր առևտուրն արեք, պրծեք: Իմ հագուստի հետ գործ չունեք, ես սնոտիապաշտ եմ: Մեկ էլ տեսար՝ «լիմոնտիներիս» ետևից ինձ էլ դուրս տանեն մեջքի վրա: Եվ հետո, լողանալու, սափրվելու կարիք չկա: Դիահերձարանում քեզ կլողացնեն ու կսափրեն, դեմքդ մակիյաժ էլ կանեն, որպեսզի ջարդուխուրդ եղած քիթ ու մռութդ կարգին մեռելի տեսքի բերեն:

ՇՈՒՇԱՆ — Չհասկացա, ուրեմն Սուրենի պատմածը ճի՞շտ է: Արեն, ուզում ես Կիևյան կամրջից քեզ գցե՞լ:

ԱՐԵՆ- Իհարկե:

ՇՈՒՇԱՆ — Ուղեղդ մթագնե՞լ է, այ տղա:

ՍՈՒՐԵՆ — Ոչ, պայծառացել է: Իսկ դու, տիկին Շուշան, պատմածիս չէիր հավատում, դրա համար էիր անվերջ կչկչում, հա՞:

ՇՈՒՇԱՆ — Հա, կարծում էի՝ հումոր ես անում, ուզում ես ինձ ծիծաղեցնել ու սիրտս շահել:

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ… Ե՞ս պիտի քո սիրտը շահեմ, թե՞ դու՝ իմ: Ո՞վ էր ատրճանակով սպառնում:

ՇՈՒՇԱՆ — Բա ի՞նչ անեի, չէիր ուզում ամուսնանալ:

ՍՈՒՐԵՆ — Իսկ հիմա ուզո՞ւմ եմ:

ՇՈՒՇԱՆ — (պայուսակից հանում է ատրճանակը): Հարցնում եմ, Սուրեն Արշակունի, ուզո՞ւմ եք ամուսնանալ ձեր սիրելի Շուշանիկի հետ, ով ձեզնից երեխա է ունենալու:

ՍՈՒՐԵՆ — Իհարկե, ուզում եմ… (Հեռախոսը զանգում է:) Աիդան է, ո՞վ կմոտենա հեռախոսին:

ԱՐԵՆ — Ես նրան արդեն հրաժեշտ եմ տվել:

ԼԻԼԻԹ — Նա ինձնից ալերգիա ունի:

ՍՈՒՐԵՆ — Իսկ ես նրա դավաճան ամուսնուց եմ հրաժարվել:

ՇՈՒՇԱՆ — Խեղճ Աիդա, էս ի՜նչ օրն ես ընկել… (Վերցնում է լսափողը:) Հելլո, Աիդա ջան, Շուշ… Ի՞նչ… ո՞ւմ, Արենի՞ն… Իսկ ո՞վ է հարցնում… Ինչ-որ Լյալյա է:

ԼԻԼԻԹ — Հայրիկ, մայրիկն է…

ԱՐԵՆ — (վերցնում է լսափողը): Բարև, Լյալյա: Այո, ես եմ: Ես հիշում եմ Սև ծովի կապույտը, ուր մերկ լողում էինք գիշերային տաք լուսնի տակ, ու լուսատտիկներն էին թռչում, մեր սիրո երգն էին երգում: Ի՞նչ… (Դադար:) Ո՞րը… Էն մորեխներ ու թիթեռներ բռնո՞ղը… Ուրեմն՝ իմ ու քո ժամանակ նա արդեն կա՞ր: Ի՞նչ, սխալ հաշիվ եմ արե՞լ: Այո, այո, կբացատրեմ: Հայրությո՞ւն…. Կանեմ, կանեմ: Հա, եղավ, կբարևեմ… Բարի գիշեր: (Շփոթված նայում է Լիլիթին:)

ԼԻԼԻԹ — Ի՞նչ է պատահել, հայրիկ:

ԱՐԵՆ — Ես քո հայրը չեմ… Երբ Լյալյայի հետ հանդիպել եմ, դու արդեն ծնվել էիր: Նրա իսկական հայրը Մկրտիչ Ջվալյանն է, Մկոն:

ՍՈՒՐԵՆ — Ո՞րը, էն միջատ Մկո՞ն…

ԱՐԵՆ- Հա, էն թիթեռ ու մորեխ բռնողը, որը համալսարանի երկրորդ կուրսից Ֆրանսիա գնաց: Նա քո ծնվելու մասին գիտեր, նույնիսկ տեսել է քեզ բարուրում:

ՍՈՒՐԵՆ — Մալադեց, Մկո…

ԼԻԼԻԹ — Չի կարող պատահել, Լյալյան ինչ-որ բան շփոթել է:

ՍՈՒՐԵՆ — Այդ ես եմ սխալվել, ինը ամիսը հաշվի չէի առել: Իրականում, այդ ժամանակ դու արդեն երեք ամսական էիր, ու քո հայրը Մկոն է՝ Մկրտիչ Ջվալյանը:

ՍՈՒՐԵՆ — Նորից հրեշտակը քաշվեց:

ՇՈՒՇԱՆ — Հրեշտակն ո՞վ է:

ԼԻԼԻԹ — Ես եմ… (Ցնորված վիճակում է:)

ՍՈՒՐԵՆ — Այնպես որ, պարոն հանճար, հանուն նախկին դստրիկիդ, ինքնասպանությունդ երկու ամսով պիտի հետաձգես:

ԼԻԼԻԹ — Այո, այո, դուք ճիշտ եք…

ԱՐԵՆ — Երբեք: Ես Լյալյային խոստացա, որ Լիլիթին հայրություն կանեմ:

ՍՈՒՐԵՆ — Բայց դու միայն այդ ձևով կարող ես նրան երջանկացնել:

ԼԻԼԻԹ — Այո, այո, դուք ճիշտ եք…

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչն է ճիշտ, այ հրեշտակիկ, Արենն արդեն հայրական զգացմունք ունի քո նկատմամբ, ո՞նց կարող է քեզ հետ անկողին մտնել:

ԼԻԼԻԹ — Այո, այո, դուք ճիշտ եք…

ՍՈԻՐԵՆ — Էվրիկա: Որպեսզի այս պարոնի՝ դեպի հանճարեղություն տանող թռիչքը չհետաձգվի, այս հրեշտակն էլ առանց կենակցելու պտուղ տա, միայն մի տարբերակ կա: Ասե՞մ…

ԱՐԵՆ — Ասա:

ՍՈՒՐԵՆ — Արհեստական բեղմնավորում:

ԼԻԼԻԹ — Այո, այո, դուք ճիշտ եք…

ԱՐԵՆ- Ի՞նչ… Դու ուզում ես, որ ինքնասպանությունից առաջ դոնո՞ր դառնամ:

ՍՈՒՐԵՆ — Եթե ուզում ես օգնել քո Լյալյայի աղջկան…

ԼԻԼԻԹ — Այո, այո, դուք ճիշտ եք…

ԱՐԵՆ- Երբեք: Այդ հաճույքը քեզ չեմ պատճառի: Որ հոգեհացիս նստես, ուտես-խմես ու ծիծաղելով բոլորին պատմես…

ՍՈՒՐԵՆ — Ո՞վ՝ ե՞ս… Քո քելեխին ծիծաղե՞մ: Պատմելը՝ կպատմեմ, բայց արտասվելով: Չեմ հասկանում, ծիծաղելու ի՞նչ կա:

ԼԻԼԻԹ — Այո, այո, ճիշտ է… Ծիծաղելու բան չկա… (Հիստերիկայի մեջ է ընկնում: Նրան սկսում են հանգստացնել:) Չգիտեմ՝ ոնց, ինչպես, բայց ես պետք է ձեզնից հղիանամ, հակառակ դեպքում պիեսը կպատռեմ ու ձեզնից առաջ Կիևյան կամրջից ինձ ցած կգցեմ:

ԱՐԵՆ — Դու այդ բանը չես անի:

ԼԻԼԻԹ — Կանեմ:

ԱՐԵՆ — Չես անի:

ՇՈՒՇԱՆ — Հանգստացիր, աղջիկ ջան:

ԼԻԼԻԹ — Շուշան մորաքույր, ո՞նց հանգստանամ, ինձնից դժբախտ ծնունդ աշխարհում չկա…

Հեռախոսազանգ:

ԱՐԵՆ — Լյալյան է… (Վերցնում է լսափողը, բղավում:) Տո, շան աղջիկ, որ էդ թիթեռ ու մորեխ բռնողի հետ պառկում էիր, ապագա երեխայիդ մասին չէի՞ր մտածում… Ի՞նչ… Աիդա՞: Հեչ, թիթե՞ռ, մորե՞խ… հա, մեկը կար: Ո՞վ է լացում… Լիլի՞թը: Չէ, նա արդեն իմ աղջիկը չի: Չեմ հրաժարվում: Բա ինչո՞ւ եմ լացացնում… Որովհետև չեմ ուզում… Լավ, կարճ կապի, ինձնից ի՞նչ ես ուզում: Որտե՞ղ ես… Փարիզի օդանավակայանո՞ւմ: (Հեգնանքով:) Ի՞նչ կա-չկա Փարիզում, աղավնյակս: Ի՞նչ, Էյֆելի աշտարակի՞ց… Դրամատո՞ւրգ: Մի րոպե… պատմիր, հանգիստ պատմիր: Ամբողջ Փարիզը դրա մասի՞ն է խոսում: Ամբողջ աշխա՞րհը… Անունն ի՞նչ է… Էժեն Շեվալյե՞: Ի՞նչ, ե՞րբ է եղել… Երեք օր առա՞ջ: Ուշանո՞ւմ ես, ինքնաթիռի՞ց: Հա, լավ, արի: (Դնում է լսափողը: Շփոթված:) Ուշացա: Ուշացա, ուշացա…

ՍՈՒՐԵՆ – Ինչի՞ց:

ԱՐԵՆ- Թռիչքից:

ՇՈՒՇԱՆ – Ինչո՞ւ գունատվեցիր, Արեն:

ԱՐԵՆ- Գրող Էժեն Շեվալյեն իրեն գցել է Էյֆելի աշտարակից:

ՇՈՒՇԱՆ – Հետո՞ ինչ…

ԱՐԵՆ — Նրա պիեսի վերջում հեղինակը, դիմելով իր կերպարներին, ասել է. «Տիկնայք և պարոնայք, այսքանից հետո, ստիպված, պիտի գնամ ու Էյֆելյան աշտարակից ինձ նետեմ ցած: Մնաք բարով: Ես գնացի»:

ԼԻԼԻԹ — Չի կարող պատահել:

ԱՐԵՆ- Պատահեց:

ՇՈՒՇԱՆ — Դե, Փարիզում պետք է ապրել, էլի, Փարիզո՜ւմ:

ԱՐԵՆ — Ոչ, ուղղակի պետք չէր ուշացնել:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչը:

ԱՐԵՆ — Ամեն ինչը:

ՍՈՒՐԵՆ — Հիմա ի՞նչ, Կիևյան կամրջից քո գցվելը անիմա՞ստ է դառնում:

ԱՐԵՆ — Թող Լիլիթն ասի, նա կարդացել է պիեսը:

ԼԻԼԻԹ — Միանգամայն:

ԱՐԵՆ- Ուշացա… ուշացա…

ՍՈՒՐԵՆ — Ինչ-որ փսլնքոտ, Էժեն Շեվալյե, քո փոխարեն հանճարեղ գրող է դառնում, դասական… Հայի բախտ է, էլի, հայի բախտ…

ԱՐԵՆ — Նա երեք օրով ինձնից առաջ անցավ, Սուրեն ջան:

ԼԻԼԻԹ — Եթե հիմա ձեր կինը չզանգեր, անիմաստ ինքնասպանություն էիք գործելու:

ՍՈՒՐԵՆ — Հա, էլի… Լրիվ իզուր տեղը թռչելու էիր կամրջից:

ՇՈՒՇԱՆ — Աիդայի ոտքերը պիտի պաչես: Տեսա՞ր, Սուրեն Արշակունի, ոնց է հավատարիմ կինը հեռվից-հեռու փրկում ամուսնուն խայտառակ մահից: Հիմա ասա, Դոն Արշակունի, դու ինձ տե՞ր ես, թե՞ չէ…

ՍՈՒՐԵՆ — Տեր եմ, Շուշան ջան, տեր եմ, ցավդ տանեմ:

ԼԻԼԻԹ — Բա հիմա ես ի՞նչ անեմ:

ՇՈՒՇԱՆ — Թքիր ամեն ինչի վրա… Երգի, պարի, ուրախացի:

ԼԻԼԻԹ – Թքե՞մ… երգե՞մ…

ՇՈՒՇԱՆ — Հա, երգի, Լիլիթ ջան, երգի: (Երգում է, Սուրենն ու Արենը ձայնակցում են:) «Կեսգիշերին ես ու յարս միասին»…

Սուրենն ու Շուշանն ուզում են համբուրվել:

Լիլիթը բարձր ճիչով երգում է:

ԼԻԼԻԹ — Ման ես գալիս, այ շան աղջիկ,ման արի,

Ում հետ կուզես, որտեղ կուզես, ման արի,

Հերն անիծած, թու, էս անիրավ աշխարհի,

Ման ես գափս, ցավդ տանեմ, ման արի…

(Կտրուկ լռում է:) Իսկ հիմա ի՞նչ անեմ…

ՇՈԻՇԱՆ — Պարի:

ԼԻԼԻԹ – Պարե՞մ…

ՇՈԻՇԱՆ — Պարի, Լիլիթ ջան, պարի:

Լիլիթն սկսում է պարել, մյուսները միանում են նրան:

Հեռախոսազանգ: Արենը նետվում է դեպի հեռախոսը:

ԱՐԵՆ — Աիդաս է, իմ փրկիչը… Աիդա ջան… Ի՞նչ, Լյալյա՞… Հա, լսում եմ, ասա, Լիլիթն այստեղ է: Ի՞նչ պարզվեց… Ո՞նց թե, չի կարող պատահել… Էն, որ իրեն գցե՞լ է Էյֆելից: Գիտեմ, Էժեն Շեվալյե: Ո՞չ… ո՞նց թե… Քեզ էլ են ուղարկե՞լ… Միայն Լիլիթի՞ն: Այ քեզ բա՜ն… Լիլիթ, մորդ հետ խոսիր, բայց մինչև այդ, աղջիկ ջան, թույլ տուր քեզ հայրական համբույր տամ: (Համբուրվում են:)

ՍՈՒՐԵՆ — Հաստատ, նորից Լիլիթի պապան է դարձել:

ՇՈԻՇԱՆ — Երևի այս անգամ էլ Լյա-լյա-ֆան է սխալ հաշիվ արել:

ԱՐԵՆ — (մեկնում է լսափողը): Վերցրու, աղջիկ ջան:

ՍՈՒՐԵՆ — Հա, էլի, նորից կաշը գնա՜ց:

ԼԻԼԻԹ — Հա, Լյալյա… Ի՞նչ… ի՞նչ… Հետո՞: Ե՞ս… Ո՞նց… Ուռա՜… ամո՞թ է: Ճիշտ որ, ամոթէ: Հա, եղավ: (Դնում է լսափողը: Զարմացած նայում է Արենին:)

ՍՈՒՐԵՆ — Ի՞նչ է պատահել:

ՇՈԻՇԱՆ — Դե, ձայն հանեք… Արեն, Լիլիթ, ասեք, խոսեք…

ԱՐԵՆ — Թող Լիլիթն ասի:

ԼԻԼԻԹ — Ոչ, դուք ասեք:

ԱՐԵՆ — Ոչ, դու ասա:

ԼԻԼԻԹ — Ոչ, ես հուզված եմ:

ԱՐԵՆ- Իսկ ես ապշած եմ:

ԼԻԼԻԹ — Ոչ, դուք…

ԱՐԵՆ — Ոչ, դու…

ՇՈԻՇԱՆ — Ստոպ, ստոպ… Էս ինչ պինգ-պոնգ եք խաղում: Բան ունեք ասելու՝ ասեք, պրծեք:

ԱՐԵՆ — Լավ, արի միասին փորձենք: Ես հարցնեմ, դու պատասխանիր, հա՞… (Լիլիթը գլխով է անում:) Լիլիթ, ո՞վ է քո հայրը:

ԼԻԼԻԹ — Էժեն Շեվալյեն:

ՇՈԻՇԱՆ — Ի՞նչ… որ իրեն գցեց Էյֆելի՞ց…

ԼԻԼԻԹ — Այո:

ՇՈԻՇԱՆ — Ցավակցում եմ, աղջիկ ջան:

ԼԻԼԻԹ — Շնորհակալություն:

ՍՈՒՐԵՆ — Էս ի՞նչ են խոսում…

ԱՐԵՆ — Իսկ ո՞վ է Էժեն Շեվալյեն և որտե՞ղ է հանդիպել մորդ:

ԼԻԼԻԹ — Թիթեռ ու մորեխ բռնող Մկրտիչ Ջալյանն է: Մորս Դագամիսում է հանդիպել:

ԱՐԵՆ – Հետո՞, հայրդ քեզ մոռացե՞լ է:

ԼԻԼԻԹ — Այո:

ԱՐԵՆ — Ոչ, աղջիկ ջան, նա քեզ միշտ հիշել է և Էյֆելյան աշտարակից իրեն գցելուց առաջ Մկո Շեվալյեն քեզ՝ որպես հարազատ զավակի, իր երեք ժառանգորդներից մեկն է դարձրել: Այդպե՞ս է, Լիլիթ:

ԼԻԼԻԹ — Այդպես է:

ԱՐԵՆ — Նա քեզ վիզա ու տոմս է ուղարկել իր թաղմանը մասնակցելու համար: Ճի՞շտ է:

ԼԻԼԻԹ — Ճիշտ է:

ԱՐԵՆ – Հետո՞…

ԼԻԼԻԹ — Փարիզում բոլորն անհամբեր ինձ են սպասում, որպեսզի հորս թաղումից հետո ես՝ որպես ժառանգ, թույլ տամ, որ նրա ստեղծագործությունները հրատարակեն, այդ գործերի հիման վրա ֆիլմեր, ներկայացումներ, օպերաներ բեմադրեն:

ԱՐԵՆ- Հիմա հասկացա՞ք, թե ինչ է կատարվել:

ՇՈԻՇԱՆ, ՍՈՒՐԵՆ — Հասկացանք:

ԼԻԼԻԹ — Դե, լավ, ես գնամ… Առավոտ շուտ Ֆրանսիայի դեսպանություն պիտի մտնեմ, որ շտապ ինձ Փարիզ հասցնեն:

ՍՈՒՐԵՆ – Ինչո՞ւ Ֆրանսիայից տատիկիդ չեն զանգել:

ԼԻԼԻԹ — Տատիկս գյուղում է, տանը մարդ չկա: Նրանք փորձել են, հետո զանգել են Լյալյային: Դե, ես գնամ, ցտեսություն: (Գնում է դեպի դուռը: Հանկարծ կանգ է առնում:) Գրողը տանի, այս ինչ եմ անում, ուր եմ փախչում… Այսքանից հետո այսպե՞ս պիտի հրաժեշտ տամ ձեզ: Հապա, վերցրեք բաժակները, հարազատներս: Դոն Արշակունի, տիկին Շուշան, Արեն Չարյան, վերցրեք բաժակները, ես ուզում եմ կենաց ասել: Ես հուզվում եմ, շատ եմ հուզվում…Ես ուզում եմ այս բաժակով խմել ձեր, այսինքն՝ մեր… Չեմ կարողանում, չի ստացվում… Ես ուզում եմ խմել…

ՍՈՒՐԵՆ — Մի րոպե, Լիլիթ… Հայկական սովորության համաձայն՝ մենք պիտի հարգենք քո հոր հիշատակը, խմենք նրա օղորմաթասը:

ԱՐԵՆ — Իհարկե, օղորմի հորդ, Մկրտիչ Շեվալյեին՝ 21-րդ դարի մեծ դասականին:

ՍՈՒՐԵՆ — Որը սիրել է մորդ՝ Լյալյային: Թիթեռ ու մորեխ է բռնել, երգել ու պարել է, կերել, խմել է, գրել, ստեղծագործել է, վերջում էլ, բարձրանալով Էյֆելյան աշտարակի ծայրը, թռել, հասել է հազար տարվա դասական մեռելներին:

ԼԻԼԻԹ — Իմ հայրը մահացել է… (Հազիվ է զսպում արցունքները:)

ՍՈՒՐԵՆ – Օղորմի՜ Մկրտչին:

ՇՈՒՇԱՆ – Հազա՜ր օղորմի:

ԱՐԵՆ– Երանի՜ Մկոյին:

ՇՈՒՇԱՆ – Հազա՜ր երանի:

ՍՈՒՐԵՆ — Դե, խմենք: Գիտեք, այն զգացողությունն ունեմ, կարծես ինչ-որ թատրոնում, ինչ-որ մեկի պիեսն ենք խաղում:

ՇՈՒՇԱՆ — Գուցե Արեն Չարյանի՞…

ՍՈՒՐԵՆ — Հը, Արեն, ինչո՞ւ ես լռում:

ԱՐԵՆ- Մտածում եմ:

ՍՈՒՐԵՆ – Ինչի՞ մասին:

ԱՐԵՆ- Մտածում եմ՝ էս պատմությունից մի պիես չգրե՞մ:

ՇՈՒՇԱՆ — Կարելի է:

Լիլիթը ծիծաղում է:

ՍՈՒՐԵՆ – Դո՞ւ ինչու ես խնդմնդում:

ԼԻԼԻԹ — Հիշեցի, թե Արեն Չարյանի պիեսն ինչպես էր ավարտվում, վերջում հեղինակը ինչ էր ասում:

ՇՈՒՇԱՆ — Ի՞նչ էր ասում:

ԼԻԼԻԹ — Ասում էր. «Տիկնայք հ պարոնայք, այսքանից հետո ես ստիպված պիտի»…

ԱՐԵՆ — Պարդոն… Տիկնայք և պարոնայք, այսքանից հետո ես ստիպված պիտի գնայի ու Կիևյան կամրջից ինձ գցեի ցած, բայց, բայց… Ուշացա, ուշացա…

ՇՈՒՇԱՆ — Ոչ մի բանից էլ չես ուշացել, Արեն ջան:

ՍՈՒՐԵՆ — Հաստատ, մենք դեռ մերը կասենք:

ԱՐԵՆ- Աշխարհում հաստատ չկա ոչ մի բան:

ԼԻԼԻԹ – Ինչպե՞ս, բա հավատը, հույսը, սե՞րը…

ՇՈՒՇԱՆ — Այո, սերը… Մենք քեզ սիրում ենք, Արեն Չարյան, ու սպասում ենք հանճարեղ թատերգություններիդ:

ՍՈԻՐԵՆ — Ու ես հավատում եմ, որ ուժեղ դերեր կունենամ:

ԼԻԼԻԹ — Այո, հույս, հավատ, սե՜ր:

ՇՈՒՇԱՆ — Եվ դրանցից գլխավորը սերն է:

ԼԻԼԻԹ – Սե՜ր… սիրտս այս պահին հրավառություն է ուզում, սալյո՜ւտ:

ՇՈՒՇԱՆ – Սալյո՞ւտ… Կինոյում դա հնարավոր է, աղջիկ ջան, իսկ թատրոնը կրակոցներից այն կողմ չի անցնում:

ԼԻԼԻԹ — Թեկուզ, թող կրակոցներ լինեն:

ՍՈԻՐԵՆ — Այո, այս պահին կրակոցներ են հարկավոր, համազարկ: Ո՞ւր է պայուսակդ, Շուշան… տուր ատրճանակը:

ՇՈՒՇԱՆ — Պետք չէ, Դոն ջան:

ՍՈԻՐԵՆ — Պետք է, Շուշան:

ՇՈՒՇԱՆ — Պետք չէ, Դոն ջան, վախենում եմ:

ՍՈԻՐԵՆ — Պետք է, Շուշան, մի վախեցիր:

ՇՈՒՇԱՆ — Պետք չէ, Դոն ջան:

ՍՈԻՐԵՆ — Պետք է, Շուշան: (Կրակում է, ատրճանակից կրակ է դուրս գալիս:) Էս ի՞նչ է, Շուշան:

ՇՈՒՇԱՆ — Կրակվառիչ է, Դոն ջան:

ՍՈԻՐԵՆ — Ի՞նչ… Վա՜յ, Շուշան, ես քո էն, էն…

ՇՈՒՇԱՆ — Ցավը տանեմ: Բա ես իսկական ատրճանա՞կ կպահեմ քեզ վրա, սիրելիս:

ՍՈԻՐԵՆ — Շուշան, Լիլիթ, Արեն, ժողովուրդ… (Հուզված է:) Ես ձեր էն, էն, է՛ն…

Բոլորը միասին — Ցավը տանեմ:

Հեռախոսազանգ, բոլորը քարանում են:

ՍՈԻՐԵՆ — (վերև է ցույց է տալիս: Զանգն ընդհատվում է): Հեռախոսը զանգում է, և կյանքի բեմում ամեն մեկս Աստծու կողմից տրված մեր դերն ենք խաղում:

ԼԻԼԻԹ — Հեռախոսը զանգում է…

ՇՈՒՇԱՆ — Կյանքը շարունակվում է…

ԱՐԵՆ – Թատրոնը՝ նույնպես:

ՍՈԻՐԵՆ — Այո, հեռախոսը զանգում է, կյանքը շարունակվում է, թատրոնը՝ նույնպես:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։