Դավիթ ԽԱՉԻՅԱՆ/ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ
Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
ԵՐԵԿ, ԱՅՍՕՐ, ՎԱՂԸ
Տրագիֆարս 1 արարով, 3 պատկերով
Գործող անձինք
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ
ԴԵՐԱՍԱՆ
ԶԻՆՎՈՐ
ԿԻՆ
ՀԻՄԱՐ
ՈՒՍԱՆՈՂ
ՔԱՀԱՆԱ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
Սովորական բեմ է՝ մի քանի աթոռով և մի դատարկ աշտանակով: Լուսավորությունը՝ նախապես դահլիճի լուսավորությամբ, առանց լրացուցիչ լուսարձակների: Երաժշտական ձևավորումը՝ ըստ բեմադրիչի հայեցողության: Հերոսները՝ սովորական քաղաքացիական հագուստով են, բայց տարբերվող: Անգամ քահանան սովորական հագուստով է, բայց բուտաֆորիկ խաչով: Քաղաքական գործիչը շապիկով է՝ վրայից քրքրված փողկապ: Դեռևս ներկայացումը չսկսած՝ հերոսները տարբեր կողմերից մտնում են բեմ, նստում աթոռներին, կամ մնում կանգնած, կամ հենվում պատին: Նրանցից մի քանիսը կարող են անգամ դահլիճից գալ: Ի վերջո բոլորը հավաքվում են բեմում: Լռություն է տիրում: Ներկայացումը սկսվում է:
ՊԱՏԿԵՐ 1
Վառվում են բեմի լույսերը, դրան զուգահեռ՝ դահլիճինն անջատվում են: Հերոսները զննում են միմյանց և հանդիսատեսին, բայց ամեն մեկն իր մտքերի հետ է: Հանկարծ լույսերից մեկը սկսում է թարթել, լսվում է տագնապի շչակի ձայնը: Հերոսները խուճապահար այս ու այն կողմ են վազում: Մեկն անգամ սայթաքում է, գլորվում և փռվում երեսնիվայր՝ ձեռքերով ծածկելով գլուխը: Մյուսները՝ այլայլված և քաոսային շարժումներով, փորձում են բեմի վրա ապահով տեղ գտնել: Ի վերջո ամեն մեկը ծվարում է մի անկյունում: Շչակի ձայնը կտրվում է: Լույսերը մարում են: Հետո դանդաղ միանում են: Հերոսները մի կերպ ուշքի են գալիս և վախվորած շուրջբոլորը նայում: Բեմի կենտրոնում մի բուտաֆորիկ քար է հայտնվել:
ՀԻՄԱՐ – (զգուշորեն մոտենալով և մատնացույց անելով քարը): Էս ի՞նչ է:
Բոլորը լուռ են: Վախվորած շուրջբոլորն են նայում, ապա, անկապ շարժումներ անելով, հավաքվում են քարի շուրջը և ակնդետ ու զարմացած նայում քարին, ապա միմյանց, ապա կրկին քարին:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ՀԻՄԱՐ – (խորամանկ ժպտալով մի կողմ է գնում): Տեսիլք է, լուրջ մի՛ ընդունեք:
ԿԻՆ – (երազկոտ): Ինձ սրա մասին պատմել են: Երջանկության քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Ես ձայնը լսեցի: (Շոշափում է քարը): Տեսե՛ք, դեռ տաք է:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (հայացքով տնտղելով քարը): Հարմար քար է: Կարելի է լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – Աստծո պատիժն է սա: (Շինծու խաչակնքվում է):
ՈՒՍԱՆՈՂ – Ես գիտեմ, թե ինչ է: Սա գիտության գրանիտն է: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան: Ուսանող եղբայրներս են կրծել զօր ու գիշեր:
ԿԻՆ – Չէ մի չէ՜, գիտության գրանի՜տ: Ասում եմ՝ սա սիրո և երջանկության քարն է:
ՔԱՀԱՆԱ – Բա ինչո՞ւ է սև: (Մատնացույց է անում Կնոջը): Հաստատ սատանայից է, քանի որ Կինն էլ հավանեց:
ԿԻՆ – (բարկացած շրջվում է դեպի Քահանան): Ուրեմն այդպես, հա՞…
ՀԻՄԱՐ – (լկտի ժպիտով): Լավ վարկած է…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Սևը հարմար գույն է: Սևին միշտ էլ լավ գին են տալիս: Ամեն ինչի հետ սազում է: Մի անգամ Հնդկաստանում…
ԴԵՐԱՍԱՆ – (ընդհատելով): Կարելի է բեմը սալիկապատել: Որ փոշի չլինի: Կամ էլ՝ օգտագործել որպես գրոտեսկային ատրիբուտ:
ԶԻՆՎՈՐ – Սպասե՜ք, այ մարդի՜կ: Սա հաստա՛տ թշնամիներն են գցել: Զգո՛ւյշ եղեք: Կարող է պայթել:
Բոլորը խուճապահար հեռանում են քարից: Կինը շփոթահար գրկում է Քահանային, որը մի քիչ զզվանքով փորձում է ազատվել նրանից: Մի քանի վայրկյան անց բոլորը, դիրքերը փոխելով, կրկին զգուշորեն մոտենում են քարին:
ԴԵՐԱՍԱՆ – Դերասանություն մի՛ արեք: Դուք հո դերասան չե՞ք: Ասում եմ ձեզ՝ բուտաֆորիկ է: Բեմական արվեստի տեսությունից ենք անցել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (կեղծ լրջախոհությամբ): Առաջարկում եմ՝ հանձնաժողով ստեղծել և պարզել այս քարի ծագումնաբանությունը: Հանձնաժողովի կազմում առաջարկում եմ ընդգրկել՝ (հերթով մատնացույց է անում) Ուսանողին, Հիմարին, Քահանային, այս Կնոջը, Զինվորին, Առևտրականին, Դերասանին և, իհարկե, (մատնացույց անելով ինքն իրեն) ձեր խոնարհ ծառային՝ որպես հանձնաժողովի նախագահ: Կլոր սեղան կհրավիրենք… (Կնոջը.) Ասե՛ք՝ թող պատրաստեն հրամանը:
ԿԻՆ – (վրդովված): Իսկ ինչու՞ հենց ես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ձեզ կսազի մեքենագրել իմ հրամանը:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հիմա չեն մեքենագրում: Համակարգչով են հավաքում: Աչքովս տեսածն եմ ասում: Մի անգամ Չինաստանում…
ՈՒՍԱՆՈՂ – (ընդհատելով): Ճիշտ է ասում: Ես անցել եմ աշխարհագրությունից:
ԿԻՆ – Իսկ իմ կարծիքը հարցնող չկա, չէ՞:
ՔԱՀԱՆԱ – Ձայն բազմաց՝ ձայն Աստծո: (Խաչակնքվում է):
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ — (ուշադրություն չդարձնելով): Ուրեմն՝ կլոր սեղան կգումարենք…
ԴԵՐԱՍԱՆ – Իսկ եթե կլոր չճարե՞նք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էական չէ, թող ուղղանկյուն լինի:
ԿԻՆ – Ոչ մի հարցում հետևողական չեք… Էլ հասարակ մահկանացուներիցս ի՞նչ պահանջես…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կարելի է՝ օվալաձև: Մի անգամ Թայլանդում…
ԶԻՆՎՈՐ – (ընդհատելով): Այս գործը հանգիստ է սիրում:
ՈՒՍԱՆՈՂ – Նախ կարդալ է պետք, ուսումնասիրել: Որևէ տեղ հաստատ գրված կլինի այս քարի մասին:
ԶԻՆՎՈՐ – Կարդալու բան չկա: Ամեն ինչ առանց այդ էլ պարզ է:
ԴԵՐԱՍԱՆ – (ոգևորված): Բերեք այս գործն ի՛նձ հանձնարարեք: Ես դրա վարպետն եմ: Պատահական չէ, որ դերասան եմ: Օգնե՛ք, մարդիկ, պարապ մի՛ կանգնեք: Բերե՛ք աթոռները:
Յուրաքանչյուրն իրենից հեռու գտնվող մի աթոռ է ընտրում, բերում մոտիկ, և կիսաշրջանով շարում քարի շուրջը: Իրար չզիջելով՝ մի կերպ տեղավորվում են աթոռներին: Լռում են և նայում քարին:
ՔԱՀԱՆԱ – (ոտքի կանգնելով): Եկեք միասին աղոթենք:
ՀԻՄԱՐ – Ինչո՞ւ: Հա՞ց ենք ուտելու:
ՔԱՀԱՆԱ – Եսիմ… Չուտե՞նք: (Տարակուսած նստում է):
ԿԻՆ – (երազկոտ): Ես մի բան կխմեի…
ՀԻՄԱՐ – (ուրախացած): Լավ բան ես ասում…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ամեն ինչ իր ժամանակին: Համբերե՜ք: Մենք լուրջ հարց ունենք քննարկելու:
ԿԻՆ – Ի՞նչ հարց…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Դե՜… Մոռացա… (Դահլիճին.) Ժողովուրդ, ո՞վ է հիշում: Հմմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ազատ սիրո հարցը չէ՞ր: Ես պատրաստ եմ ելույթ ունենալ այդ թեմայով:
ՔԱՀԱՆԱ – (զայրացած ոտքի կանգնելով): Ես քեզ «ազատ սեր» ցույց կտամ: Թողնես՝ լեզուներին տան…
ԿԻՆ – Ի՞նչ կա որ: Արդիական թեմա է… (Բազմանշանակ ժպտում է Ուսանողին):
ՔԱՀԱՆԱ – (խիստ հայացքով խաչակնքվում է): Հրաժարիմք ի սատանայե… Մեղա՜, մեղա՜…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ժողովուրդ, ժողովու՜րդ, սպասե՜ք, հիշեցի… Մենք պիտի որոշեինք, թե որքանով ենք վաճառելու այս քարը:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ քար…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (Առևտրականին): Այ մարդ, բան ասա՝ բան հասկանանք:
ԶԻՆՎՈՐ – (ոտքի կանգնելով): Սպասե՛ք: Լռությո՛ւն:
Բոլորը պապանձվում են: Զինվորը զգուշորեն մոտենում է քարին, ծնկի իջնում և ականջը հպում: Մյուսները մեկ—երկու քայլ նահանջում են: Դերասանը բարձրացնում է ձեռքերը՝ ի նշան հանձնվելու:
ՀԻՄԱՐ – Դե ասա՜, մի՛ սպանիր… (Դանդաղ ոտքի է կանգնում, զգուշորեն շրջանցում քարը, հանդիսատեսներին նայելով անցնում է բեմեզրով, անցնում մյուս հերոսների մոտով՝ բոլորին հերթով ուշադիր զննելով, ապա կրկին մոտենում է քարին և մեկ անգամ ևս ուշադիր նայում): Այս քարը թշնամիներն են գցել:
ԲՈԼՈՐԸ – (hիասթափված): Է՜… Մենք էլ մտածեցինք՝ լուրջ բան ես ասում:
ԶԻՆՎՈՐ – Բայց մենք կարող ենք այս քարը հենց մեր թշնամիների դեմ օգտագործել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – (ռոբոտային ձայնով): Մենք թշնամիներ չունենք:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Բոլոր մարդիկ իրար բարեկամ են: Թողե՛ք հանգիստ առևտուր անենք: Հիշում եմ՝ մի անգամ Եգիպտոսում էի…
ՔԱՀԱՆԱ – Մեր թշնամին սատանան է: Այս քարն էլ նրանից է: Մեղա՜, մեղա՜… (Ցածրաձայն): Օձը, Կինը…
ԿԻՆ – Նորի՞ց…
ՈՒՍԱՆՈՂ – Պետք չէ հուզվել, տիկին: Թույլ տվեք ձեզ պարի հրավիրել:
Կինն անորոշության մեջ աջուձախ է նայում: Չգիտի՝ պարի՞, թե՞ ոչ:
ՀԻՄԱՐ – (լկտի ծիծաղով): Ըհը, բոլոր պարերը պարել էինք՝ մնացել էր ձեր պարը: Դե պարեք տեսնենք:
ԿԻՆ – (անվճռական): Պարե՞նք:
ՈՒՍԱՆՈՂ – Ես ձեր խոնարհ ասպետն եմ:
ԶԻՆՎՈՐ – Մարդի՜կ, ախր պետք է գործ անել: Ի՜նչ պարել, ի՜նչ բան… Մի պահ պատկերացրեք, որ սա մեր կյանքի վերջին օրն է: Շուտով այս քարը կպայթի ու… Ի՞նչ եք անելու այդ ժամանակ:
ԴԵՐԱՍԱՆ – Ես դերասանություն կանեմ: Լավ էլ դահլիճ է դրա համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես էլ իմ առևտուրը կանեմ: Հիշում եմ՝ մի անգամ Ռուսաստանում…
ԿԻՆ – (ընդհատելով և երազկոտ): Ես իմ ամենալավ շորերը կհագնեմ:
ՈՒՍԱՆՈՂ – (բազմանշանակ նայելով Կնոջը): Ես սիրով կզբաղվեմ:
ՔԱՀԱՆԱ – (բարկացած նայելով Ուսանողին և խաչակնքվելով): Ամո՛թ, հազա՛ր ամոթ… Մեղա՜, մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ես կխմեմ… Աշխարհի ամբո՜ղջ գինին… Ամեն ինչ սուտ է՝ պիտի կյանքը վայելես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես մի լավ հայեցակարգ կգրեմ: Աշխարհի վերջի մասին: Հետո կթարգմանենք տարբեր լեզուներով և շրջաբերականով կտարածենք բոլոր պատկան հաստատություններին…
Լռություն է տիրում: Բոլորը նայում են Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դո՞ւ:
ԶԻՆՎՈՐ – Ես՝ ի՞նչ:
ՔԱՀԱՆԱ – Դու ի՞նչ պիտի անես:
ԶԻՆՎՈՐ – Դե, ես ի՞նչ պիտի անեմ: Ես զինվոր եմ: Ես պիտի կռվեմ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կռվե՞ս: Ո՞ւմ դեմ:
ԶԻՆՎՈՐ – (անվստահ): Թշնամիների:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք թշնամիներ չունենք, եղբայր… Սա ականջիդ օղ արա: Դա անգամ օրենքում է գրված: Անձամբ եմ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Հրաժարիմք ի սատանայե…
Լռություն: Հերոսները պտտվում են բեմում՝ իրար զննելով, ապա յուրաքանչյուրը մի աթոռ է վերցնում ու քայլելով հեռացնում—դնում բեմի անկյուններում: Հետո հավաքվում են քարի շուրջը՝ շարունակելով իրար զննել:
ՀԻՄԱՐ – (ցույց տալով քարը): Սա ի՞նչ է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ՀԻՄԱՐ – Ասացի՝ տեսիլք է, լուրջ մի՛ ընդունեք:
ԿԻՆ – (երազկոտ): Ես գիտեմ: Սա սիրո քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Ես ձայնը լսեցի: (Ծնկում է և շոշափում քարը): Սառն է…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Լավ էլ քար է: Կարելի է կտրատել սալիկների և լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Աստծո պատիժն է սա:
ՈՒՍԱՆՈՂ – Սա գիտության գրանիտն է: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սա մեր պետության անկյունաքարն է: Բայց ինչո՞ւ է այստեղ՝ մայրաքաղաքի ամենակենտրոնական հրապարակի ամենակենտրոնում: Արվարձաններում մի ազատ տեղ չկա՞… Էն Հայկից ու Տորքից անդին պիտի որ ազատ տեղ լինի…
ՀԻՄԱՐ – (հեգնանքով): Կենտրոնում է, որովհետև մեր անկյունաքարն է:
ԴԵՐԱՍԱՆ – Ուրեմն՝ բուտաֆորիկ չէ՞:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (թխկթխկացնում է քարը): Իսկական է: Եթե կտրատենք, քառակուսի մետրը՝ այսքան… Ընդհանուր կանի՝ այսքան: Հանած տրանսպորտային ծախսերը… Հարկերը… Կանի… Դե՜ հարկերից կարելի մի կերպ խուսափել… Կանի…
ԿԻՆ – Կանի՝ մի քանի: Ասում եմ ձեզ, տհասներ, սա սիրո քարն է: Վեներան է ուղարկել:
ԴԵՐԱՍԱՆ – Վեներակա՞ն է…
ԿԻՆ – Լկտի…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Վաճառենք-պրծնենք էլի… Անիմաստ վիճում ենք իրար հետ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Չհամարձակվե՛ք: Սա մեր երկրի անկյունաքարն է:
ՈՒՍԱՆՈՂ – Տորք Անգեղի քարն է: Գրականությունից եմ անցել: (Պաթոսով արտասանում է): «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – Հին Հայաստանին չդիպչե՛ս, ապիկա՛ր:
ՈՒՍԱՆՈՂ – Բայց ես վատ բան չասացի…
ԶԻՆՎՈՐ – Լռի՛ր, տգետ… Ու սրանց մեր առաջավոր սերունդ են համարում: Թու՜…
ՈՒՍԱՆՈՂ – Բայց ես միայն լավ իմաստով…
ԴԵՐԱՍԱՆ – Մի՛ վիճեք: Սա մեր թատրոնի դեկորացիաներից է:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… Էլ ի՞նչ սատանայական բառեր գիտեք:
ՀԻՄԱՐ – Միզանսցեն և գրոտեսկային:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… Եկեք միասին աղոթենք…
ԿԻՆ – Ինչի՞ համար: Հա՞ց պիտի ուտենք:
ՀԻՄԱՐ – Գինին չմոռանաք…
ԿԻՆ – (երազկոտ): Լավ կլիներ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Եկեք բոլորով այս քարը բարձրացնենք ու մի կողմ տանենք, որ հասկանանք՝ ինչ է, ինչացու է: Տղերք, կպե՛ք:
Տղամարդ հերոսներներից փորձում են բարձրացնել քարը, բայց ապարդյուն:
ԿԻՆ – Բա ես ի՞նչ անեմ: Ես էլ եմ ուզում մասնակցել հասարակական կյանքին:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Դու սուրճ կդնես: Դու կինարմատ ես:
ԿԻՆ – Ձեր ասածն առնվազն սեքսիզմ է: Ես կբողոքեմ:
ՔԱՀԱՆԱ – Աղջիկ ջան, հանգստացի՜ր: Դու սուրճը դիր՝ խմենք, հետո ինչքան ուզում ես բողոքիր:
ԴԵՐԱՍԱՆ – Կամ էլ՝ օգնեք միասին քարը շարժենք:
ԿԻՆ – Ձեր ասածը կնոջ շահագործում է: Ես կբողոքեմ:
ՀԻՄԱՐ – Բողոքող լինի: Թեմա միշտ էլ կգտնվի:
ՈՒՍԱՆՈՂ – Չի ստացվում: Սպասե՛ք: Չի էլ ստացվի, քանի որ ամեն մեկս մի կողմ ենք հրում: Ըստ Նյուտոնի օրենքի…
Դարձյալ տագնապի շչակը: Թողնում են քարը, դարձյալ խառնվում են իրար, բայց ոչ նախկինի պես տագնապած: Մեկը սայթաքում է քարի վրա և ընկնում: Հիմարը մոտենում, քարը գցում է փոսը: Հիմարը հետնաքայլ գնում է դեպի բեմի անկյուն: Հերոսներն սկսում են քայլել բեմի վրա՝ ամեն մեկն իր մտքերի մեջ:
ՊԱՏԿԵՐ 2
ԶԻՆՎՈՐ – (գույժաձայն): Ժողովո՜ւրդ…
ԲՈԼՈՐԸ – Հիմա՞ ինչ եղավ:
ԶԻՆՎՈՐ – Ժողովուրդ, քարը չկա…
Մոտենում, զննում են տեղանքը:
ՈՒՍԱՆՈՂ – Ես հասկացա… Ես ամեն ինչ հասկացա… (Տեղում պարային շարժումներ է անում):
ԴԵՐԱՍԱՆ – Ի՞նչ հասկացար:
ՈՒՍԱՆՈՂ – Մեր բոլոր խնդիրները գիտե՞ք ինչից էին: Որ փոխանակ մի կտոր հաց ուտեինք ու գինի խմեինք, հիմարի պես ընկել էինք հիմար բաների ետևից: Մեկն առևտուր է անում, մեկը սեր է անում, մեկն աղոթում է: Ութ հոգով տասնութ երգ ենք երգում: Այսպես ոչ մի համախմբություն երբեք չի լինի:
ԲՈԼՈՐԸ – Բա ի՞նչ անենք:
ՀԻՄԱՐ – Ես արդեն արեցի:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ արեցիր:
ՀԻՄԱՐ – Ինչ որ դուք երազում էիք անել, բայց անկարող էիք: Արեցի ձեր փոխարեն: Դժվար էր, ինչ խոսք: Բայց արեցի՝ հանուն բոլորիս:
ԿԻՆ – Ի՞նչ արեցիր:
ՀԻՄԱՐ – Ուշադի՛ր նայեք: Մի՞թե չեք տեսնում:
Բոլորը աջուձախ են նայում, ապա կրկին նայում Հիմարին: Հիմարը մատով ցույց է տալիս այն տեղը, ուր քարն էր:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Քարը չկա, ժողովուրդ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (ծնկի է իջնում, հոտոտում հատակը): Հա էլի, չկա…
Դերասանը փորձում է կնոջ փեշի տակ նայել, բայց վերջինից ապտակ է ստանում:
ՀԻՄԱՐ – Ասում եմ՝ չկա՛: Մի՛ էլ փնտրեք: Չը-կա:
ՔԱՀԱՆԱ – Բա ո՞ւր է, Հիմար եղբայր:
ՀԻՄԱՐ – Ես գլորեցի ու գցեցի փոսը:
Բոլորը նայում են փոսին, հետո ցրվում բեմով մեկ:
ՀԻՄԱՐ – Եվ չկա մեկը, որն ինձ ասի՝ կեցցե՛ս, Հիմար եղբայր:
ԴԵՐԱՍԱՆ – Դու հո հիմար չե՞ս:
ՀԻՄԱՐ – Ե՞ս:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Այո, դու՛:
ՀԻՄԱՐ – Հիմար եմ: Եվ հպարտ եմ դրանով: Տեսանք, թե ձեր խելքը ձեզ ուր տարավ:
ԿԻՆ – Հիմար որ հիմար… Թեև…
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Մեղա՜, մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ինձ եք Հիմար ասում, բայց հիմարը դուք եք, որ կաք: Բոլո՛րդ: Չե՞ք հասկանում, որ եթե չկա քարը, ապա խնդիրներ էլ չկան: Ես բոլորիդ ազատեցի այդ մեծ դարդից:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Չկա քարը՝ չկան խնդիրները: Հմ… Կարծեմ Հին Հռոմում են ասել:
ԶԻՆՎՈՐ – Չգիտեմ՝ ինչ են ասել Հռոմում: Իմ դարդը մե՛նք ենք, մե՜նք: Քարը լավ զենք կդառնար:
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Չարին հակառակ չկանգնես, զավակս…
ԶԻՆՎՈՐ – Տեր հայր, այդ մեկը գնա մեր թշնամիներին ասա, հա՞:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜…
ԿԻՆ – (անվստահ): Չգիտեմ, գուցե լավն էլ հենց սա էր…
ՈՒՍԱՆՈՂ – Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա: Նյուտոնն է ասել:
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Մեղա՜, մեղա՜…
ԴԵՐԱՍԱՆ – Ստա-նիս-լավ-սկին…
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Մեղա՜…
ՀԻՄԱՐ – Ինձ եք հիմար ասում, բայց բոլորդ էլ հիմար եք: Դա իմ ընկերն է ասել: Շիշը սեղանից ցած ընկավ ու, պատկերացնո՞ւմ եք՝ չկոտրվեց: Անգամ մի կաթիլ չթափվեց: Ու հենց այդտեղ էլ ընկերս ասաց՝ ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հմմ, մի քիչ համաձայն չեմ: Մի անգամ Բեյրութում…
ԿԻՆ – Ոչ, դա իմ նախկին ամուսինն է ասել՝ երբ բաժանվեցինք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Նապոլեոնի բառերն են: Ի դեպ, Նապոլեոնը հայ էր: Հաստատ բան եմ ասում:
ԶԻՆՎՈՐ – Ըհը, հասանք՝ իջեք: Նապոլեոնը մեր գումարտակի հրամանատարի շունն էր: Դե հիմա, իմաստուն ջան, մի հատ մեզ բացատրիր, թե շունը ո՞նց էր հայ: Թողնես անկապ-անկապ բաներ ասեն…
ՔԱՀԱՆԱ – Սուրբ գրքից է մեջբերումը: Երբ Աստված Ադամին ու (մատնացույց է անում Կնոջը) Եվային արտաքսեց Եդեմից՝ այդպես էլ ասաց՝ ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա: Մեղա՜…
ԿԻՆ – (ցուցադրաբար շրջվելով քահանայից): Խելո՜ք…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասե՜ք, լրիվ ուրիշ տեղ գնացինք: Մենք կարող ենք արձանագրել, որ քարն այլևս չկա: Դա առաջին և ամենակարևոր քայլն է:
ՈՒՍԱՆՈՂ – Չկա:
ԶԻՆՎՈՐ – Չկա ու չկա…
ԴԵՐԱՍԱՆ – Մի րոպե՜…
ԲՈԼՈՐԸ – Քեզ ի՞նչ եղավ…
ԴԵՐԱՍԱՆ – Քարը եղե՛լ է, կա՛ և կլինի՛:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Բա ո՞ւր է:
ԴԵՐԱՍԱՆ – Քարը, ժողովուրդ, փոսի մեջ է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Հաստա՞տ:
ԶԻՆՎՈՐ – (դարձյալ ծնկի է իջնում և հոտոտում փոսը): Հաստատ: Հոտն առնում եմ:
ԿԻՆ – Քարից հո՞տ է գալիս:
ԶԻՆՎՈՐ – Իհարկե, գալիս է:
ԿԻՆ – Ի՞նչ հոտ:
ԶԻՆՎՈՐ – Քարի հոտ:
ՈՒՍԱՆՈՂ – Քարը հոտ չունի: Համալսարանում եմ անցել:
ԶԻՆՎՈՐ – (Ուսանողին): Փաստորեն դու էլ ես հիմար:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜…
ՈՒՍԱՆՈՂ – Ինչո՞ւ: Ե՞ս ինչու եմ հիմար:
ԶԻՆՎՈՐ – Որովհետև քարը հոտ ունի՛:
ԿԻՆ – Ի՞նչ հոտ:
ԶԻՆՎՈՐ – Քարի հոտ:
Լռություն:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Պարզ է: (Զինվորին ցույց տալով ու մատը քունքի մոտ պտտելով, որ զինվորը չտեսնի): Կանտուզիայի հետևանքներն են: Բա հիմա ի՞նչ ենք անելու:
ԴԵՐԱՍԱՆ – Ես դերասանություն կանեմ: (Հայացքը պտտում է դահլիճում): Հարմար դահլիճ է դրա համար:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես էլ իմ առևտուրը կանեմ: Հիշում եմ՝ մի անգամ Լեհաստանում…
ԿԻՆ – Արդեն ասել ես: Լռի՛ր, խնդրում եմ: Իսկ ես գիտե՞ք ինչ կանեմ:
ՈՒՍԱՆՈՂ – Ի՞նչ կանեք, գեղեցկուհի…
ԿԻՆ – Ես իմ ամենալավ շորերը կհագնեմ:
ՈՒՍԱՆՈՂ – (երազկոտ նայելով Կնոջը): Իսկ ես սիրով կզբաղվեմ:
ՔԱՀԱՆԱ – Ամո՛թ, հազա՛ր ամոթ… (Խաչակնքվելով): Մեղա՜, մեղա՜…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Տեր հայր, դո՞ւք ինչ կանեք:
ՔԱՀԱՆԱ – Ես, հարկավ, կաղոթեմ, զավակս:
ՀԻՄԱՐ – Իսկ ես կխմեմ… Ամեն ինչ սուտ է՝ կյանքը պիտի վայելես:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես կպատրաստվեմ ընտրություններին:
Բոլորը նայում են Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դո՞ւ…
ԶԻՆՎՈՐ – Ես՝ ի՞նչ:
ՔԱՀԱՆԱ – Դու ի՞նչ պիտի անես:
ԶԻՆՎՈՐ – Ես զինվոր եմ: Ես պիտի կռվեմ: Ուրիշ բան անել չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կռվե՞ս: Ո՞ւմ դեմ:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիների: Բա էլ ո՞ւմ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք թշնամիներ չունենք, եղբայր… Թշնամիները քո երևակայության մեջ են:
ԶԻՆՎՈՐ – Բա այս քարը ո՞վ նետեց: Երևակայությո՞ւնս:
ԲՈԼՈՐԸ – (անկեղծ զարմանքով): Ի՞նչ քար:
ԶԻՆՎՈՐ – (մատնացույց անելով փոսը): Այս քարը:
Դարձյալ տագնապի շչակը: Լույսերը թարթում են: Հերոսներն այս անգամ շատ քիչ են հուզվում: Մի քիչ այս ու այն կողմ են անում և նոր դիրքեր զբաղեցնում: Լույսերը կրկին վառվում են նախկին ուժգնությամբ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Երևի կեղծ էր: Կամ էլ վարժանք էր… Բան ու գործ չունեն…
Դերասանը կռանում է և հոտոտում փոսը:
ԴԵՐԱՍԱՆ – Վարժանք չէր: Քարն այստեղ է: Կարծես ես էլ եմ զգում նրա հոտը:
ՀԻՄԱՐ – (սրտնեղված): Ախր ես բոլորիդ ազատեցի այդ քարից: Գոնե մի բաժակ գինի հյուրասիրեիք…
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… Բայց ես էլ կխմեի հաճույքով… Տիրոջ արյունը…
ԲՈԼՈՐԸ – Ես էլ, ես էլ…
Մեկը գինի է լցնում, բոլորը խմում են: Ուսանողն ու Կինը՝ բուդերշաֆտ: Ուրախ երաժշտություն: Ուսանողն ու Կինը պարում են: Զինվորն ու Քահանան մի անկյունում կանգնած զրուցում են: Առևտրականը մատների վրա ինչ—որ բան է հաշվում: Դերասանը թռչնի պես փորձում է ճախրել: Քաղաքական գործիչը թուղթ է հանում և սկսում ինչ—որ բան գրել: Հիմարը՝ աթոռներից մեկին փռված, երանության մեջ է: Դարձյալ տագնապի շչակը: Երաժշտությունը լռում է, բոլորը մի պահ քարանում են, ապա շարունակում իրենց արածը՝ առանց որևէ տագնապի՝ կրկին երաժշտության հնչյունների տակ: Երաժշտության ձայնն իջնում է, բայց չի ընդհատվում:
ՀԻՄԱՐ – (տեղից բարձրանալով և բաժակը բարձր բռնած): Այ, կյանքն այսպես պիտի լինի՝ անհոգ և ուրախ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Համաձայն եմ, Հիմար եղբայր: Բա էլ ինչո՞ւ ենք ապրում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բայց մեր Հիմարը շա՜տ խելոք բաներ է ասում: Երանի բոլորս նրա պես և նրա չափ հիմար լինեինք:
ԲՈԼՈՐԸ – Երա՜նի: Հիմարի կենացը:
Բոլորը խմում են: Կինը թողնում է Ուսանողին ու գալիս բեմի կենտրոն:
ԿԻՆ – Մի բան էի ուզում հարցնել:
ԲՈԼՈՐԸ – Հապա, հապա…
ԿԻՆ – Եթե սա ձեր վերջին օրը լիներ, ի՞նչ կանեիք…
Լռություն:
ԴԵՐԱՍԱՆ – Ես քաղաքականությամբ կզբաղվեմ:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Իսկ ես կպարեմ: Պաշտում եմ պարը…
ԿԻՆ – Ես աղոթքներ կասեմ ու սաղմոս կերգեմ… Կամ էլ, եթե դա չստացվի, համալսարանում միջուկային ֆիզիկա կդասավանդեմ: Ի՞նչս է պակաս որ…
ԴԵՐԱՍԱՆ – Հիրավի… Կուրծքն ու (ձեռքերով օդի մեջ հետույք է նկարում)… տեղը: Ոտքերը էլ, դե տեսնում եք… Մի բառով՝ կատարելություն… Լիովին կարող եք ֆիզիկա դասավանդել: Եթե ես ուսանող լինեի, ձեր ոչ մի դասախոսությունը բաց չէի թողնի: (Համբուրում է շոյված Կնոջ ձեռքը):
ՈՒՍԱՆՈՂ – Ես կկռվեմ… Ուրիշ էլ ի՞նչ անեմ: Ուրիշ բան անել չգիտեմ…
ՔԱՀԱՆԱ – Հմմ… Ես կուսանեմ: Ուսման կարոտ եմ:
ՀԻՄԱՐ – Ես առևտրով կզբաղվեմ: Միշտ երազել եմ դրա մասին…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մի լավ բան էլ ես կանեմ…
ԿԻՆ – Օրինակ ի՞նչ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Իմ այգում լոլիկ և վարունգ կաճեցնեմ: Ձեզ էլ բաժին կհանեմ: Չկասկածե՛ք: Բոլորիս էլ կհերիքի:
Բոլորը նայում են մտախոհ կանգնած Զինվորին:
ԲՈԼՈՐԸ – Իսկ դո՞ւ:
ԶԻՆՎՈՐ – Ե՞ս:
ԲՈԼՈՐԸ – Այո, դու:
ԶԻՆՎՈՐ – Ես… ես… Ես չգիտեմ… Ես գունավոր կավիճներ կգտնեմ ու այս ասֆալտի վրա ծաղիկներ կնկարեմ…
Բոլորը լռում են… Հետո ցրվում են դեպի բեմի անկյունները ու վերադառնում լրջացած ու առանց գինու բաժակների:
ԴԵՐԱՍԱՆ – Լրիվ հիմարացել ենք:
ՀԻՄԱՐ — Ինձ պես եղեք և չեք փոշմանի… Կյանքը՝ ուրախ և անհոգ…
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Հետև՛ս գնա, սատանա… Մե՜ղա…
ԿԻՆ – Մի բան սխալ է: Վեցերորդ զգայարանս է ասում:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես հիշում եմ՝ այստեղ մի քար կար: Քանի դեռ այն կար, իմ կյանքում էլ նպատակ կար: Էս փոսի մեջ էր: Տղերք, կպեք… Փորձենք հանել:
Երեք հոգով փորձում են հանել քարը, բայց ոչինչ չի ստացվում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասեք, այդպես բան չի ստացվի: Պետք է ծրագիր գրել, լսումներ կազմակերպել, հանրությանը տեղյակ պահել, ազգային ժողովում հաստատել, որ օրենքի ուժ ստանա: Իզուր եք ձեզ տանջում:
Առևտրականն ու էլի երկուսը փորձում են հանել քարը, բայց ապարդյուն: Հոգնած ու շնչակտուր նստում են հատակին:
ԶԻՆՎՈՐ – Ոչ մի լսում էլ պետք չէ: Հատկապես որ լսողին ասող է պետք: Իսկ ասող չունենք:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես կասեմ: Դա իմ գործն է:
ԶԻՆՎՈՐ – Եթե մի խելոք բան ասած լինեիր՝ հաստատ լսող կգտնվեր: Ուրեմն՝ խելոք բան հաստատ չես ասել:
ԴԵՐԱՍԱՆ – Հիմարին ավելի շատ լսող կա, քան քեզ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ասել եմ: Բայց դե ասողին լսող է պետք, չէ՞: Ո՞վ է հիմա լսում: Հիմա բոլորը գրում են, բայց կարդացող չկա: Հիմա մարդիկ նկարներ են նայում և այդ բանից դնում… Անունը մոռացա… Դե էն որ կա՝ փոքրիկ ու կարմիր:
ԿԻՆ – (երազկոտ՝ օդի մեջ սրտիկ նկարելով): Սրտիկ: Կամ էլ՝ գոնե լայքիկ:
ԴԵՐԱՍԱՆ – (Կնոջը՝ սիրատոչոր): Հմմ… Թույլ տվեք սրտիկս ձեր ոտքերի տակ դնել…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (Դերասանին): Դերասանություն մի՛ արա: Միևնույն է՝ դերասաններին հիմա ոչ ոք չի հավատում: Դրա դարն անցել է:
ԴԵՐԱՍԱՆ – Սխալվում եք, պարոն Առևտրական: Դրա դարը երբեք չի անցնի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հաստա՞տ: Դե տես ինչ եմ ասում: Հեռու չգնանք: Մի անգամ Ֆրանսիայում…
ԶԻՆՎՈՐ – Կենացները քաղցրացան: Ֆրանսիա էլ հասանք… Ֆրանսիացիների գործը հեշտ է՝ նրանք ծով ունեն:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Միգուցե… Բայց ինչ եմ ասում՝ էդ քարն ափսոս էր, ախր: Կարելի էր սիրուն կտրատել, սալիկներ սարքել ու վաճառել հենց նույն ֆրանսիացիներին: Լավ գին կտային: Դրանք ճաշակով մարդիկ են: Մեզ նման չեն:
ԿԻՆ – Ուրեմն մենք անճաշակ ենք, հա՞…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – (շփոթված): Ես լավ իմաստով ասացի:
ԴԵՐԱՍԱՆ – Դրա լավ իմաստը ո՞րն է: Եվ շա՜տ կներեք: Մենք լավ էլ ճաշակով ենք: Տեսե՜ք, ինչ ներկայացումներ ենք բեմադրում: (Պաթոսով ցույց տալով հերոսներին և բեմը): Տասներկու գործողություն, հիսունյոթ գործող անձ… Էլ ֆաբուլա, էլ պերիպետիա…
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜… (Խաչակնքվում է):
ՈՒՍԱՆՈՂ – Տեսել եմ, տեսե՜լ: Բայց դրանք դեռ երկու հարյուր տարի առաջ ֆրանսիացիներն են բեմադրել: Մեկ էլ ռուսները՝ հարյուրհիսուն տարի առաջ: Սունդուկյանի ականջն էլ կանչի, իհարկե: Հեչ մտքով կանցնե՞ր, որ քսանմեկերորդ դարի քսանմեկերորդ տարում Պեպոն պիտի մեզ համար այժմեական լինի:
ՔԱՀԱՆԱ – Պեպոն շատ էլ լավն է: Ձեզ որ թողնեն՝ ամբողջ օրը չասեմ՝ ինչ կնայեք… Մեղա՜, մեղա՜… Մեզ նման նոր բաներ պետք չեն: Մենք մաքուր ազգ ենք և այդպիսին էլ պիտի մնանք ի փառս հայրենյաց: (Խաչակնքվում է):
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բա ի՞նչ անենք:
ՀԻՄԱՐ – Մեզ լավ խորհուրդ է պետք:
ՔԱՀԱՆԱ – Աղոթել է պետք…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Հմմ…
ՈՒՍԱՆՈՂ – Իսկ գուցե գո՞րծ անենք, հը՞: Հլա կպեք, տղերք:
Դարձյալ փորձում են քարը փոսից հանել, կրկին՝ ապարդյուն: Հոգնած նստում են բեմին ու լռում:
ԶԻՆՎՈՐ – Էսպես ախր բան չի ստացվի… Մի հիմար քարը գցեց փոսը ու հարյուր խելոքով հավաքվել՝ չենք կարողանում հանել:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ապրե՛ս: Ես էլ եմ ասում, որ մենք խելոք ազգ ենք: Հիշում եմ՝ մի օր Լեհաստանում էի…
ՈՒՍԱՆՈՂ – Բայց շա՜տ խելոք ենք: Թույլ տվեցինք, որ մի հիմար գիտության գրանիտը փոսը գցի: Հիմա գիտությունն էլ կմեռնի… Ի՞նչ պիտի կրծենք ես ու ընկերներս…
ԿԻՆ – (երազկոտ): Դա Սիրո քարն էր: Հիմա սերն էլ կվերանա մեր վրայից:
ԶԻՆՎՈՐ – Դարձյալ նույն հիմար բաներն եք ասում: Դուք էլ հո Հիմարի հիմար ընկերները չե՞ք: Ասում ես՝ այդ քարը զենք էր, զե՛նք: Հիմա զենք էլ չենք ունենա: Ինչո՞վ պիտի կռվենք, չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Լավ էլ քար էր: Կարելի էր կտրատել սալիկների և լավ գնով վաճառել: Հիմա ի՞նչ առևտուր պիտի անենք:
ՔԱՀԱՆԱ – Ասում եմ ձեզ՝ այդ քարն Աստծուց էր: Հիմա Աստծո օրհնանք էլ պիտի վերանա մեր վրայից:
ՈՒՍԱՆՈՂ – Գիտության գրանիտն էր…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մեր պետության անկյունաքարն էր:
ԴԵՐԱՍԱՆ – Մեր թատրոնի դեկորացիաներից էր: Արտավազդից էր մնացել: Տիգրանակերտից էին բերել:
ԿԻՆ – Բա ի՞նչ ենք անելու հիմա: Մի հիմարի պատճառով այդ ամենից զրկվեցինք: Տղամարդի՛կ, մեր հույսը դու՛ք եք: Ի գո՛րծ, ձեզ տեսնեմ:
Մի քանիսը դարձյալ փորձում են քարը հանել, բայց ոչինչ չի ստացվում: Հոգնած փռվում են բեմին կամ աթոռներին: Լռություն է տիրում:
ՊԱՏԿԵՐ 3
Տագնապի շչակը: Լույսերը թարթում եմ: Ոչ ոք տեղից չի շարժվում: Բոլորը նայում են մի կետի, մինչև շչակի ձայնը մարում է և լույսերը դադարում են թարթել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք քեզ ենք Հիմար կոչում, բայց հիմարը մենք ենք: Դու մեղավոր չես: Դու պարզապես հիմար ես: Ի ծնե: Եվ պատահական չէ, որ անունդ էլ Հիմար է: (Հանդիսատեսին.) Բայց ասում եմ՝ մենք ավելի հիմար ենք, քանի որ հիմար ենք դարձրել ինքներս մեզ: Եվ թույլ ենք տվել հիմարացնել մեզ: Եվ հիմարաբար այդ կարևոր քարը վստահել էինք քեզ պես հիմարին… (Մատով ցույց է տալիս Հիմարին): Հավես չունեինք կամ էլ հանգիստացել էինք… Դու միայնակ քարը գցեցիր փոսը, իսկ մենք հիմա հավաքվել ենք ամբողջ ազգով ու չենք կարողանում հանել… Երևի սրան ենք արժանի:
ՈՒՍԱՆՈՂ – «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – Հին Հայաստանը հանգիստ թող, զավակս:
ՈՒՍԱՆՈՂ – Բայց ես…
ԶԻՆՎՈՐ – Լռե՛ք: Բոլորդ լռե՛ք: Եթե ասելու բան չկա՝ ավելի լավ է լռել:
ԿԻՆ – Լռություն կա, որ հազար խոսք արժի:
Լռություն է տիրում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բոլորն այստե՞ղ են:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո…
ԴԵՐԱՍԱՆ – Էլ ո՞ւր պիտի լինենք… Կյանքը բեմ է, իսկ մենք՝ հիմարներ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Կարծես թե բոլորս ենք՝ Ուսանողը, Կինը, Հիմարը, Տերտերը…
ՔԱՀԱՆԱ – Ես տերտեր չեմ: Ես քահանա եմ: Մեղա՜…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ներե՛ք, Տեր հայր… Մի քիչ նման էիք: Խելք չի մնացել բոլորովին: Հա, ինչ էի ասում՝ Զինվորը, Դերասան, Առևտրականը և ես՝ ձեր խոնարհ ծառան:
ԴԵՐԱՍԱՆ – Այո, կարծես թե ամբողջ ազգն այստեղ է: (Նայում է դահլիճին): Ով էլ այստեղ չէ՝ երևի գործ է անում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ի՞նչ է, մենք գո՞րծ չենք անում:
ԴԵՐԱՍԱՆ – Ես լավ իմաստով ասացի: Տառակերություն մի՛ արեք:
ՈՒՍԱՆՈՂ – Այսօր պատմություն է կերտվում: Հետո սրա մասին գրելու են պատմության դասագրքերում: Ազգի սերուցքն է այստեղ հավաքվել: Պետք է մի որոշում կայացնել:
ԿԻՆ – Ազգի սերո՜ւցքը… Խելքի պուտուկնե՜ր…
ԶԻՆՎՈՐ – Զանգ կախող է պետք: Խոսք ասողների պակաս չկա:
ԴԵՐԱՍԱՆ – Ափսո՜ս, որ լսող չկա:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Չկա ու չկա… Ախր ասում էի՝ եկեք կտրատենք ու լավ գնով վաճառենք: Հիմա արդեն երևի գին տվող էլ չի լինի:
ՈՒՍԱՆՈՂ – Ի՞նչը կտրատենք:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Դե, էն սև բանը… Անունը մոռացա…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Քա՞րը:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Այո, քարը: Մասերի կբաժանեինք ու ամեն մեկիս, հաստատ, մի բան կհասներ: Մենք մի բուռ, բայց իմաստուն ազգ ենք: Պիտի կարողանանք արդարացիորեն ծախել ու կիսել ամեն ինչ: Չեմ հիշում՝ պատմե՞լ եմ: Մի անգամ չեմ հիշում՝ որտեղ…
ԴԵՐԱՍԱՆ – (ընդհատելով ու կասկածով): Բայց իմաստո՞ւն ենք որ…
ԶԻՆՎՈՐ – Կռվել է պետք… Խոսք ասողները շատ են ինչ-որ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Բայց ո՞ւմ դեմ կռվենք:
ԶԻՆՎՈՐ – (գազազած ձայնով): Բոլորի՛:
ՔԱՀԱՆԱ – Վա՜յ պատերազմ հրահրողներին… (Խաչակնքվում է): Մեղա՜…
ԿԻՆ – Դարձյա՞լ կռվենք: Ինչքան ինձ հիշում եմ՝ մենք միշտ կռվում ենք:
ՈՒՍԱՆՈՂ – Ճիշտ է: Դասագրքերում էլ է այդպես գրված: Երեսուն տարի է հեղափոխություն ենք անում:
ԶԻՆՎՈՐ – Ուրեմն՝ լավ չենք կռվում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մենք խելոք ազգ ենք: Մի ճար կգտնենք:
ԴԵՐԱՍԱՆ – Ուրեմն այդքան էլ խելոք չենք: Կռվում ենք, երբ դրա կարիքը չկա և չենք կռվում, երբ հենց կռվե՛լ է պետք:
ԿԻՆ – Երևի հիմար ենք, հա՞:
ԲՈԼՈՐԸ – Երևի…
ԴԵՐԱՍԱՆ — Մեր մեջ, փաստորեն, միայն մի խելոք մարդ կա՝ Հիմարը: Գոնե չի ստում:
ՔԱՀԱՆԱ – Ստելը մեղք է: (Խաչակնքվելով): Մեղա՜…
ՈՒՍԱՆՈՂ – Իսկ ինքնասպանությունը մեղք չէ՞:
ՔԱՀԱՆԱ – Հարկավ, մեղք է: Մեղա՜…
ԿԻՆ – Բա էլ ինչո՞ւ ենք սպանում ինքներս մեզ:
ԴԵՐԱՍԱՆ – Հռետորական հարց է:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Առաջարկում եմ Հիմարին մեր ղեկավար ընտրել…
ԶԻՆՎՈՐ – Զինվորական ղեկավա՞ր:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ամեն ինչի ղեկավար:
ՈՒՍԱՆՈՂ – Նաև՝ ավագ քուրմ:
ՔԱՀԱՆԱ – Եկեղեցուն չդիպչե՛ս, ապիկար: Մե՜ղք է:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Կարևորը, որ թույլ տա հանգիստ առևտուր անենք:
ԿԻՆ – Դու կանե՜ս… Ծախելու բան լինի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ես հարկերը մուծում եմ: Ոչ մի խարդախություն չեմ անում: Ամեն ինչ՝ միայն օրենքի սահմաններում: Մեռնեմ օրենքի զորությանը:
ԶԻՆՎՈՐ – Ցավն էլ հենց դա է, որ երկիրը ծախում եք հենց ձեր օրենքի սահմաններում:
ԴԵՐԱՍԱՆ – Այո, չեմ հիշում ով է ասել՝ դժոխք տանող ճանապարհը բարի ցանկություններով է պատված:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Կարծեմ Հին Հունաստանում են ասել:
ԶԻՆՎՈՐ – Չգիտեմ՝ ինչ են ասել Հունաստանում: Իմ դարդը մենք ենք: Որ մի օր մեր խոսքը գործ դառնա: Կռվե՜լ է պետք, կռվե՜լ…
ՔԱՀԱՆԱ – Չարին հակառակ չկանգնե՛ս, զավակս… Իսկ այդ խոսքը Մարգարեներից է: Հին կտակարանը կարդացեք:
ՈՒՍԱՆՈՂ – Տեր հայր, դու աղոթքդ արա, հա՞:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜… (Խաչակնքվում է):
ԿԻՆ – Լա՛վ է ասված: Կարծեմ Դյուման է ասել՝ Կամելիազարդ Տիկնոջ շուրթերով:
ՈՒՍԱՆՈՂ – Էյնշտեյնն է ասել: Մենք անցել ենք: Երբ միջուկային զենքի տեսության վրա էր աշխատում:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜…
ԴԵՐԱՍԱՆ – Ֆլորիան Զելլերի բառերն են: Բեմական արվեստից ենք անցել:
ՔԱՀԱՆԱ – (դերասանին՝ խաչակնքվելով): Մեղա՜… Զավակս, դահլիճում անչափահասներ կան: Հայհոյություններ մի՛ արտասանիր: Մեղք է…
ՀԻՄԱՐ – Ինձ եք հիմար ասում, բայց բոլորդ էլ հիմար եք: Դա իմ ընկերն է ասել: Հենց այդպես էլ ասաց՝ Օ՜, դժվար է քո ճանապարհը…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հմմ, մի քիչ համաձայն չեմ: Մի անգամ Թիֆլիսում էի…
ԿԻՆ – Ո՛չ, դա իմ նախկին ամուսինն է ասել՝ պսակվելիս: Լկտին այդպես էլ ասաց՝ քեզ հետ, սիրելիս, անգամ դրախտը դժոխք կդառնա…
ԴԵՐԱՍԱՆ – (քմծիծաղով): Երևի հակառակը նկատի ուներ:
ԿԻՆ – Լկտի՛:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մի՛ վիճեք: Նապոլեոնի բառերն են: Ի դեպ, Նապոլեոնը հայ էր: Հաստատ բան եմ ասում:
ԶԻՆՎՈՐ – Ըհը, հասանք՝ իջեք: Քեզ էլ կբուժենք:
ՔԱՀԱՆԱ – Սուրբ գրքից է: Երբ Աստված Ադամին ու (մատնացույց է անում Կնոջը) Եվային արտաքսեց Եդեմից՝ այդպես էլ ասաց՝ Սիրեցեք զմիմյանս և բազմացեք: Իսկ օձը թող դժոխքի բաժին դառնա:
Կինն ատելությամբ Քահանային է նայում: Բոլորը լռում են:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Սպասե՜ք, լրիվ ուրիշ տեղ գնացինք: Մենք կարող ենք արձանագրել… Ես կասեի՝ մենք պարտավոր ենք արձանագրել, որ…
Լռում է: Բոլորը սպասում են նրա խոսքին, բայց ասելիք չունի:
ԲՈԼՈՐԸ – Որ ի՞նչ…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Մոռացա…
ԿԻՆ – Երևի կարևոր չէր:
Բոլորը քաոտիկ քայլում են բեմի վրա՝ փորձելով հիշել:
ՀԻՄԱՐ – (կանգնելով): Ժողովուրդ, մի րոպե, իսկ մենք ի՞նչ ենք ուզում: Ինչո՞ւ ենք հավաքվել:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ճիշտ ես ասում, Հիմար եղբայր: Հազար ու մի գործ կա անելու: Արձանագրությունն էլ մնաց…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Առևտուրս մնաց…
ԿԻՆ – Լվացքս, արդուկս…
ԴԵՐԱՍԱՆ – Անգամ դերասանություն անելս չի գալիս…
ԶԻՆՎՈՐ – Կռվել է պետք…
ՈՒՍԱՆՈՂ – Քննություններին է պետք պատրաստվել…
ՔԱՀԱՆԱ – Աղոթքը կփրկի…
ՀԻՄԱՐ – Կփրկի, Տեր հայր, բայց ես այդպես էլ չհասկացա, թե մենք ինչու ենք հավաքվել այստեղ:
ԿԻՆ – (ոգևորված): Եկեք երգենք:
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜, մեղա՜…
Սկսում են երգել՝ ամեն մեկը՝ մի երգ: Աստիճանաբար բոլորն անցնում են նույն երգին և հաճույքով երգում են:
ԴԵՐԱՍԱՆ – Այ այսպես պիտի լինի՝ բոլորով մի երգ պիտի երգենք:
ՔԱՀԱՆԱ – Երգը աղոթք է: Սաղմոս ասացեք…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Սաղմոս ասացիր՝ հիշեցի: Մի անգամ Երուսաղեմում…
ՀԻՄԱՐ – Ես կարծես թե հիշեցի, թե ինչ պիտի անեինք:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ:
ՀԻՄԱՐ – Հիշո՞ւմ եք՝ ամեն ինչ քարից սկսվեց:
ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ քար:
ՀԻՄԱՐ – (մոտենում է փոսին և մատնացույց անում քարը): Այս քարը:
Բոլորը հավաքվում են քարի շուրջը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Էս որտե՞ղից: Ո՞վ բերեց: Ինչո՞ւ է փոսի մեջ:
ԴԵՐԱՍԱՆ – Իսկակա՞ն է, թե բուտաֆորիկ:
ԿԻՆ – Ինձ սրա մասին պատմել են: Սիրո քարն է:
ԶԻՆՎՈՐ – Թշնամիներն են գցել: Բայց կարող ենք հենց թշնամիների դեմ օգտագործել:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Հարմար քար է: Կարելի է լավ գնով վաճառել:
ՔԱՀԱՆԱ – Աստծո քարն է՝ երկնքից ընկած:
ՈՒՍԱՆՈՂ – Սա գիտության գրանիտն է: Ուսանող եղբայրներս են կրծել: Տեսեք՝ վրան ատամների հետքեր կան:
ԿԻՆ – Չէ մի չէ՜… Ասում եմ՝ սա սիրո և երջանկության քարն է:
ՔԱՀԱՆԱ – Աստծո քարն է: Պետք է խաչ կերտել և կանգնեցնել բարձր մի տեղ՝ ի տես ամենի:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Սևը հարմար գույն է: Սևին միշտ էլ լավ գին են տալիս: Ամեն ինչի հետ սազում է: Մի անգամ Հնդկաստանում…
ԴԵՐԱՍԱՆ – Կարելի է բեմը սալիկապատել: Որ փոշի չլինի: Մի հաստիք կկրճատվի: Մեր աշխատավարձն էլ կբարձրանա:
ՀԻՄԱՐ – Բոլորս էլ հիմար ենք, բայց ի՛նձ եք անուն կպցրել: Փաստորեն այս քարը բոլորիս էլ պետք էր, հա՞:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո… Շատ պետք էր:
ՀԻՄԱՐ – Հիմա է՞լ է պետք:
ԲՈԼՈՐԸ – Այո, այո… Շատ պետք է:
ՀԻՄԱՐ – Բա որ գցում էի փոսը՝ ինչո՞ւ մեկնումեկդ ձեռքս չբռնեց… Ինչո՞ւ ոչ ոք չասաց՝ այ մարդ, էս ի՞նչ ես անում: Տեսա, որ բոլորիդ խանգարում է, ու փոսը գցեցի: Մի՞թե վատ բան եմ արել:
Տագնապի շչակը: Լույսերը սկսում են թարթել: Ոչ ոք տեղից չի շարժվում: Լույսերը մարում են, ամեն ինչ թաղվում է մթության մեջ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Լույսերը գնացին: Եկեք արձանագրենք այս փաստը:
ԴԵՐԱՍԱՆ – Լուրջ մի՛ ընդունեք: Թատերական լուսային հնարք է:
ԿԻՆ – Սիրո ժամն է…
ԶԻՆՎՈՐ – Թշնամիների արածն է: Հաստատ բան եմ ասում:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Բա հիմա ի՞նչ անենք: Մթության մեջ ի՜նչ առևտուր…
ՔԱՀԱՆԱ – Աստծո պատիժն է: Եկեք աղոթենք…
ՈՒՍԱՆՈՂ – Հոգնել եմ այս ամենից, անսահման հոգնել: Պետք է քնել…
ԿԻՆ – Գուցե՝ երազել…
ԴԵՐԱՍԱՆ – Ա՜յ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ
Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝
Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք.
Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա…
ՀԻՄԱՐ – (գրպանից մոմ և լուցկի է հանում ու վառում, զուգահեռ վառվում են բեմի լույսերը): Երբ մութ է, ոչ թե բողոքել է պետք, այլ մոմ է պետք վառել:
Հիմարը մոմը ձեռքին դանդաղ պտտվում է բեմով, աշտանակը բերում կենտրոն ու մոմը տեղադրում նրա վրա:
ԿԻՆ – Տղամարդիկ, դուք գիտեք, թե ինչ է պետք անել: Իսկ ես ձեզ համար լավ սուրճ կեփեմ:
ԴԵՐԱՍԱՆ – Cherchez la femme!
Դժվարությամբ քարը հանում են փոսից:
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Ինչ էլ լավ քար է: Լավ տապանաքար կդառնա…
ՈՒՍԱՆՈՂ – Կամ էլ՝ լավ սեղան՝ պարապելու կամ պոկեր խաղալու համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Անկյունաքար…
ԿԻՆ – Սիրո թալիսման…
ՔԱՀԱՆԱ – Խաչքար կդառնա…
ԶԻՆՎՈՐ – Հրանոթի արկե՜ր…
ԴԵՐԱՍԱՆ – Ես դրա վրա կկանգնեմ ու Դանտե կարտասանեմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ավելի լավ է՝ «Շատ դարեր առաջ հին Հայաստանում…»
ՔԱՀԱՆԱ – Մեղա՜… (Խաչակքնվում է):
ՀԻՄԱՐ – Երեսուն տարի այս քարը դրված էր այստեղ: Նվեր էր մեզ՝ և՛ Աստծո օրհնանք, և՛ սեր, և՛ գիտություն, և՛ արվեստ, և՛ ամեն ինչ… Եվ ի՞նչ արեցինք: Արհամարհեցինք՝ ով ինչպես կարող էր: Անգամ թքեցինք վրան: Երևի թե պետք էր այն գցել փոսը, որ հասկանայինք դրա արժեքը, թե ինչ էր մեզ համար:
ԿԻՆ – Մի բան կորցնելուց հետո ես միայն հասկանում դրա գինը: Ամուսինս էր ասում…
Լռություն է տիրում:
ՀԻՄԱՐ – Բա հիմա ի՞նչ ենք անելու: Ահա քարը, և ահա մենք… Ի՞նչ ենք անելու:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ – Ես չգիտեմ…
ՈՒՍԱՆՈՂ – Ես չգիտեմ…
ԶԻՆՎՈՐ – Ես չգիտեմ…
ՔԱՀԱՆԱ – (խաչակնքվելով): Աստված գիտե…
ԴԵՐԱՍԱՆ – Ես էլ չգիտեմ…
ԿԻՆ – Ես չգիտեմ…
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ – Չգիտեմ…
Բոլորը ցրվում են բեմով մեկ՝ ասես ամաչելով միմյանցից:
ՀԻՄԱՐ — Ես գիտեմ: Միացրե՛ք լույսերը: Լուսավորե՛ք քարը: (Բեմը ողողվում է լույսերով: Հիմարը զգուշորեն փչում—հանգցնում է մոմը և դնում գրպանը): Նախքան ինչ-որ բան անելը՝ եկեք նստենք ու մտածենք: Մտածենք ու փորձենք հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում: Ընդհանրապես… Միգուցե մի տեղ հասնենք…
Լույսերն աստիճանաբար մարում են: Քարը լուսավորող լույսն է միայն մնում, ապա դանդաղ մարում է: