Վարպետության աստիճան կա, որին միշտ ձգտում ես հասնել. հարցազրույց դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ
Արմեն Խանդիկյանի միտքը, թե Շեքսպիր խաղալ կարեցողը ամեն դեր էլ կկարենա կերպարանավորել, թևավոր խոսքի կարգավիճակ ունի, որին կավելացնեինք՝ բեմից մարդավայել հայհոյել իմացողը որևիցե կերպարային որակում հակագեղարվեստական չի լինի: Մոտավորապես կլինի, այնպիսին, ինչպիսին որ է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, ով և խորագրի անկյունադարձերում հայտնված առաջին քննարկուն է:
Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Հայտնի է, որ կինոյում և թատրոնում դերակատարումները արտահայտչական տարբերություններ են ենթադրել տալիս: Եթե այնպես ստացվի, որ նույն կերպարը և՛ թատրոնում, և՛ կինոյում խաղալու առիթ ստեղծվի, ինչպե՞ս կվարվես: Կաշխատես կերպարային տարբերակվա՞ծ մեկնաբանությամբ հանդես գալ, թե՞…
Բաբկեն ՉՈԲԱՆՅԱՆ — Դա ինձ համար հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ բավական վախենալու տարբերակ է, որովհետև տարբեր միջավայրերից բխող էներգետիկայի հետ գործ ունես: Թատրում կերպարը քիչ թե շատ ավարտուն է: Նկատի ունեմ՝ բեմադրական նրբությունների, խաղընկերների հետ հարաբերությունների փոքրիշատե ճշգրտվածությունը: Բայց ֆիլմում աշխատանքն այդ աստիճան հաստատուն չէ, ինչը բազում հանգամանքներով է պայմանավորված: Օրինակ՝ ռեժիսորն այս անգամ ի՛նչ է տեսնում, ի՛նչ է ակնկալում և ինչպիսի՛ սկզբունքով ենք աշխատելու: Կերպարն, իհարկե, ըստ էության չի փոխվում, գաղափարապես կարևոր դրությունները մնայուն են: Ուղղակի որոշ հանգամանքներ կարող են փոխվել. խաղընկերներդ ուրիշ են, ուրեմն փոխհարաբերությունների նրբություններից եկող զգացողություններն էլ են այլ դարձել:
Տ. Մ. — Այսինքն, լոկ արտահայտչամիջոցային և արտահայտչաձևային զանազանությա՞մբ ես տարընթերցումդ իրագործելու, թե՞ այլ գործոն էլ կա:
Բ. Չ. – Անկասկած, փոխվելու են թե՛ արտահայտչամիջոցները, թե՛ արտահայտչաձևերը, քանի որ կերպարը սրբագրումների կենթարկվի: Ու այդ առումով չափազանց զգուշավորություն է պետք, որովհետև հնարավոր է՝ իներցիայով բեմական կերպարիդ ներքինից պոկ չգալով առաջ գնաս: Հետո գլխի ընկես, որ թատրոնի էներգիտիկան ես օգտագործել, ինչը կինոխցիկը կաթվածահար կանի: Այս իմաստով աշխատելու մեծ ու ուշագրավ դաշտ կբացվի: Մասնագիտական նման փորձ, բնականաբար, պատրաստի դեղատոմս էլ չունեմ:
Վերականգնվող ներկայացման մեջ ներգրավված լինելը ֆրանկենշտեյնյան զգացողություններ է առաջ բերում…
Տ. Մ. — Բարի: Տարբերության թեմային նաև ժամանակշրջանային կտրվածքով մոտենանք: Դասականների գործերի հիման վրա արված բեմադրություններում ու բեմականացումներում դերեր խաղալով, անցյալում եղածն ես ներկայացնում, որին անձնապես ծանոթ չես: ‹‹Սև արկղ›› փոխադրական ներկայացման մեջ մեր օրերի ճանաչելի կերպարին ես անձնավորում ու մարմնավորում: Իսկ եթե ապագայամետ ֆանտաստ գրողի համանման ստեղծագործության կերպարի դերակատարման հնարավորություն ընձեռվի, ի՞նչն ես արտահայտչական ելակետ դարձնելու: Չէ՞ որ անցյալի իրականությունից սերող կերպարային խնդիրդ եթե զգայական փորձառությանդ անմիջականորեն ծանոթ չէ, բայց գոնե գիտես, որ այսինչ ժամանակաշրջանում այսպե՛ս է եղել: Չապրված ապագայի պարագայում կարծես թե բացարձակ անիմանալին է իշխում. գրեթե անտեղյակ ենք, թե այն ինչպիսին է լինելու:
Բ. Չ. — Այս դեպքում առաջնահերթ հեղինակի և բեմադրիչի հետ հաշվի նստելով հանդերձ, քո երևակայության համար է մեծ տեղ մնում. թե դու ինչպես կպատկերացնես այդ ենթադրվող իրականությունը: Առաջին հայացքից թվում է՝ լիակատար ազատություն է տրված, ինչ կուզես՝ կերևակայես, բայց համագործակցական սահմանափակումներ կան. քեզ նախորդած երկու ստեղծագործողների համատեքստից դուրս չգալու պայմանը: Չես կարող քեզ անպատասխանատու քայլեր թույլ տալ: Մանավանդ, որ սահմանափակումների մեջ հայտնված մարդու ուղեղն սկսում է ավելի էֆեկտիվ աշխատել: Թեև նույնիսկ այս տեսակ կերպարների դեպքում արածդ ավելի արդյունավետ կլինի, եթե կերպարի հետ աշխատանքի հայտնի սկզբունքին հետևես: Հավատաս, որ այդ մարդը գոյություն ունի, հավատաս, որ այդ մարդը դու ես, և դու ապրում ես այդ իրավիճակում, դրանից ծագող հարաբերություններում: Մեկնարկը սա է, եթե այս գործընթացում հաջողեցի, մնացածն ինձ համար արդեն երկրորդական հարցեր են դառնում:
Ցանկացած աշխատանքից հետո մեկ ուրիշը գտնելու գնով մի բանի
հրաժեշտ ես տալիս…
Տ. Մ. — Լա՛վ ասացիր՝ երկրորդական: Թատրոնում մեկ էլ դերերն է ընդունված երկրորդական և առաջնային համարել: Կա՞ որևէ դեր, որը ցանկացել և կամենում ես խաղալ, և ի՞նչն է հատկապես քեզ գրավել: Հանգամանքների համակցո՞ւմը, թե՞ կերպարի հոգեկան որակները:
Բ. Չ. — Գոնե վերջին մի քանի տարիներին չի եղել կերպար, որը երազել եմ խաղալ: Գուցե դերասանի համար սա աննորմալ է կամ սխալ է: Չգիտեմ՝ չափանիշները որոնք են: Տղամարդ դերասանների մեծամասնության նման չեմ երազել Համլետ խաղալ: Ընդհանրապես յուրաքանչյուր դերի առաջարկ ստանալու դեպքում, ինձ համար մեկնակետը եղել է կերպարի հետաքրքիր լինելը: Այժմ էլ նույն սկզբունքն է գործում: Իսկ թե ի՛նչն է կերպարներում ինձ հետաքրքրում: Գուցե ցանկանայի հոգեկան խանգարում ունեցող մարդու դեր խաղալ, թեև միայն կերպարի արտառոց լինելը բավարար չէ: Կարևոր է, թե ինչ իրավիճակներում է նա հայտնվում, ինչ խնդիրների առջև է կանգնած: Դա մի ամբողջ համակարգ է. մարդու հարաբերությունը ժամանակի, ուրիշների և իր հետ: Այլ հարց է՝ այդ ամենն ինչպես է ներկայացված:
Տ. Մ. — Իսկ հետաքրքվածությանդ հետ որքանո՞վ է կապված այն հանգամանքը, որ բեմում աչքի ես ընկնում տեսարանային մուտքերդ ու ելքերդ սահուն կառուցելու հմտությամբ: Ի՞նչ տեխնիկական հնարք է թաքնված այդ արհեստավարժության թիկունքում:
Բ. Չ. — Հետաքրքրություններիս կիզակետը կերպարիս նպատակադրումներն ու դրանց իրագործումներն են. ի՞նչ խնդրով է բեմ մտնում, ի՞նչ է ցանկանում անել, ինչպե՞ս է այդ հարցերը լուծում կամ անավարտ թողնում: Եվ դրանից հետո ո՞նց է ինքը շարունակելու ապրել: Իմ ելակետը դա է. կերպարը որտեղից՝ ու՞ր է եկել և ի՞նչ տեսակ տեղ է գնում: Այստեղ օգնության է հասնում նաև ենթագիտակցական մակարդակ անցած վարպետությունդ:
Դերասանը պետք է շատ աշխատի, որ ինքն իրեն սրբագրել կարենա…
Տ. Մ. — Քանի որ վերպետությունից խոսք բացվեց, ինքնին նմանտիպ հարց է ծագում: Անմնացորդ անկեղծանալիս՝ նեղ մասնագիտական տեսանկյունից ո՞ր դիսցիպլինն է քեզ պակասում: ‹‹Արհեստումդ›› ինչի՞ դեֆիցիտն ես զգում:
Բ. Չ. — Ճիշտն ասած, մասնագիտական անբավարարվածության զգացողությունը միշտ էլ ինձ հանգիստ չի տալիս, որովհետև գիտեմ, որ կարելի էր ավելին անել: Ամեն անգամ հաջող ֆիլմ ու հետաքրքիր ներկայացում նայելուց հետո իմ մեջ մի պակաս, ծուռ բան եմ գտնում, որը կցանկանայի լրացնել: Մասնավոր օրինակով՝ երևի թե պլաստիկայի հետ կապված խնդիրներն են իրենց մասին զգացնել տալիս, որոնք հիմնավորապես շտկելու համար արդեն տարիքն էլ է խոչընդոտներ ստեղծում:
Տ. Մ. — Այս համատեքստում մեր բեմադրություններում առկա պլաստիկական պատրաստվածությունը քեզ՝ որպես մասնագետ-հանդիսատես, բավարարո՞ւմ է արդյոք:
Մարմինը որպես դերասանի գործիք գրեթե անտեսված է…
Բ. Չ. — Խայտառա՛կ վիճակ է: Մեր թատրոնի խնդիրների մասին առաջին բացը, որ կնշեի, մասնագիտական աչքի համար այս սարսափելի երևույթն է: Դերասաններ կան, որ ոչ միայն իրենց մարմնին չեն տիրապետում, այլև իրենց մարմնին տիրապետելու գեղագիտությունից են անտեղյակ: Սկսած այդ անխնամ մարմնի անշարժ դիրքից, որ արդեն իսկ էսթետիկական հաճույք չի պատճառում, վերջացրած՝ քիչ թե շատ հղկված պլաստիկան օգտագործելու դերասանական-բեմադրական անկարողությունով: Մարմինը ենթարկեցնելու՝ ռիթմը փոխելու խնդիր կա: Դերասանը պետք է կատարելապես տիրապետի իր մարմնին, որ կերպարային պլաստիկայի հավաստիության հասնել կարողանա: Եթե դու այդ պլաստիկան չես կարողանում տեղ հասցնել, ուրեմն աշխատանքդ կիսատ է:
ՔՉՓՈՐԵՑ Տիգրան Մարտիրոսյան