Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ / «ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ»

 

 

Մանվել ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

 

 

 

Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՀՈՒԴԱՅԻ

Գործող անձինք

ՀԻՍՈՒՍ

ՀՈՒԴԱ

ՍԱՏԱՆԱ

ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՄԱՏԹԵՈՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Սենյակ: Կանթեղի թույլ լույս: Հուդան մենակ է:

 

ՀՈՒԴԱ

Աոաջին մեղքից մինչև օրս

Մարդու գործերը դեպի դժոխքի դռներն են վազել,

Մեղքերով է սալարկված դժոխքի ճամփան՝

Ուր որ գայթում է կյանքը մարդկային:

Նա եկավ, որ մի նոր ճանապարհ դառնա,

Եկավ, որ հույսը երկնքից կապի՝ որպես պորտալար,

Այսինչ տեսնում եմ, ավա՜ղ,

Ինչպես է ինքն էլ այս կանթեղի պես մարում՝

Օր օրի վրա մարդեղենալով:

(Ձեթ է լցնում կանթեղը:)

Թրթռա զվարթ ու լուսավորիր խավարը դու,

Ինչպես ինքս՝ խավարն իմ հոգու:

(Վերցնում է մի մագաղաթ:)

Պետք է այդ բանի դեմը ես առնեմ:

(Ինչ-որ բան է գրում:)

Ավետարանով իմ այս

Ես ճշմարտությունը կկտակեմ սերունդներին:

(Ընդհատում է գրելը, կասկածանքով:)

Իսկ բավարա՞ր է լոկ ճշմարտությունը թղթին հանձնելը.

Չէ՞ որ գրված է՝ գործն էր ի սկզբանե:

Ուրեմն, ավելի լավ է փոքր մի գործ անել,

Քան ճշմարտությունը լոկ թղթին հանձնել:

(Վեր է կենում՝ շպրտելով փետուրը:)

Ես պետք է մի այլ ճանապարհ ընտրեմ,

Եթե հարկ լինի՝ դժոխք էլ կիջնեմ.

Որ սատանային օգնության կանչեմ:

(Դուռը թակում են:)

Ահա, կարծես թակոցի ձայն եմ լսում,

Ինչ-որ մեկը բանականությանս փակ դուռն է ծեծում:

Օհ, ինչպե՜ս եմ մրսում,

Ի՜նչ դողէրոցք է տարվա այս պահին,

Մի՞թե խոհերս… Ո՜չ, ո՜չ…

Ես պետք է ականջ կախեմ իմ այդ խոհերին,

Թե չէ կզղջամ, ինչպես այն անգամ, երբ տատանվեցի,

Երբ սրտիս դուռն էին ծեծում, ու… կորցրեցի:

(Դարձյալ թակում են դուռը:)

Երազներըս եմ հոգուս մեջ շարել,

Ինչպես կույսը՝ չորացած վարդը՝ գրքի էջերում,

Ու նա շնչում է բույրը այդ վարդի,

Շուրթերը թրջում ներա թերթերի զգլխիչ շաղով:

(Դռան ուժեղ թակոց:)

Ո՞վ է, արդյոք, այս տարաժամին իմ դուռը թակում:

(Բացում է դուռը:)

ՍԱՏԱՆԱ

Այդ ի՞նչն է քեզ այդպես կլանել, Հուդա՛,

Որ թակոցներս դու չէիր լսում:

ՀՈՒԴԱ

Ինձ թվում էր, թե խոհերս էին դուռը ծեծողը:

ՍԱՏԱՆԱ

Այդպես է, որ կա,

Ես խորտակեցի դուռն այդ,

Բայց քեզ չգտա այնտեղ,

Ստիպված կերպարանք առա

Եվ քեզ մոտ փութացի,

Որ քեզ համար ճանապարհ դառնամ,

Սակայն փակ գտա դուռդ իմ առաջ,

Թեև հենց նոր դու ողոքում էիր, որ գամ օգնության:

ՀՈՒԴԱ

Ո՞վ ես դու:

ՍԱՏԱՆԱ

Նա՝ ում կանչեցիր:

ՀՈՒԴԱ

Ուրեմն՝ արդեն գիտե՞ս, թե ի՛նչն է ինձ տանջողը:

ՍԱՏԱՆԱ

Ես գիտեմ, թե ո՛վ է ինձ կանչողը:

ՀՈՒԴԱ

Նա, ով ուզում է հավատի մարող կանթեղը փրկել,

Նա, ով ուզում է…

ՍԱՏԱՆԱ

(ընդհատելով)

…իր սիրո՛ւն տիրել:

ՀՈՒԴԱ

Չկռահեցի՛ր:

Ես ուզում եմ, որ Նա մնա այն՝

Ինչ որ է՝ Փրկի՛չ:

ՍԱՏԱՆԱ

Ի՜-ի՞նչ…

ՀՈՒԴԱ

Ետևս անցիր,

Դու նա չես, ով ինձ կարող է օգնել:

ՍԱՏԱՆԱ

Համառ հիմար հողեղե՛ն…

(Չքվում է:)

ՀՈՒԴԱ

Օհ, ի՛նչ սոսկալի է,

Երբ որ խոհերդ դառնում են դերասան

Եվ թմրությանդ պահին աչքերիդ դեմ խաղում են՝

Ինչ մտածմունքդ էր:

(Դռան թակոց:)

Դարձյալ թակում են…

(Բացում է դուռը:)

Ո՞վ է այս անգամ:

(Ներս է մտնում Մարիամ Մագթաղինացին:)

Աստվա՛ծ իմ… այդ դո՞ւ ես, Մարիա՛մ,

Սպասիր, կանթեղը մի քիչ ձեթ լցնեմ,

Թե չէ այս կիսախավարի մեջ դու ինձ տեսիլք ես թվում…

(Ձեթ է լցնում կանթեղը:)

Խավարն ընդունակ է աչք ու միտք թովել.

Համոզվեցի դրանում հենց նոր:

ՄԱՐԻԱՄ

Այսօր երևի շատ ես տքնել ավետարանիդ վրա,

Հոգնած տեսք ունես, Հուդա:

(Վերցնում է ավետարանը:)

Հիսուսն էլ այսօր ընկճված էր:

Վաղը Զատիկն է…

Ի՜նչ շուտ եկավ այդ վաղը:

ՀՈՒԴԱ

Հոգիդ պատել է վախը…

ՄԱՐԻԱՄ

Նա ասում է, որ Զատիկից ետ

Մատնելու են Իրեն և խաչվելու է Ինքը,

Իսկ հետո հարություն առած՝ համբառնելու է երկինք:

0՜, Հուդա, ես միշտ մոռանում եմ, որ Նա Աստված է:

ՀՈՒԴԱ

Ասված է՝ երրորդ օրը հարություն կառնի…

ՄԱՐԻԱՄ

Այդ չէր ուզածս, Հուդա՛, այդ չէ՛ր:

ՀՈՒԴԱ

Նա եկավ ու ամեն ինչ խառնեց իրար՝

Երկինք ու երկիր, կյանք ու մահ, հոգի ու մարմին…

Ի՜նչ թեթևությամբ Նա ավերեց մեր չափանիշները մարդկային…

Այո՛, Աստված է Նա, Աստված ու… անմա՛հ:

Մահ… ահա թե ի՛նչ չունի Նա,

Ինչն արժեվորում է ունեցածները մահկանացուներիս:

ՄԱՐԻԱՄ

Քո ավետարանն ուրիշ է, Հուդա՛,

Մարկոսը, Հովհաննեսը, Ղուկասն ու Մատթեոսը

Չեն գրել քեզ պես:

Դու էլ ինձ նման մոռանում ես, որ Նա Աստված է,

Իսկ հենց նոր պնդում էիր, որ Նա Աստված է:

ՀՈՒԴԱ

Նրա աստվածությունն էլ հենց պակասությունն է Նրա:

ՄԱՐԻԱՄ

(Տեղը դնելով ավետարանը:)

Այդ միտքը տանջել է և ինձ:

Մահկանացուներիս խոհերը նման են, Հուդա՛,

Երկուսս էլ մոռանում ենք, որ Նա Աստված է,

Այնինչ ինձ հարկ է այլ բան իմանալ:

ՀՈՒԴԱ

Էլի թախիծն իր ոստայնը հյուսեց…

Ինչ Նա եկել է՝ քո սիրտը, Մարիամ,

Սարդոստայնն ընկած ճանճի նման

Բզզում է անզորությունից:

ՄԱՐԻԱՄ

Դեռ աղջկական իմ ժամանակից

Հոգուս մեջ միշտ մի պատկեր է եղել.

(Երազկոտ.)

Ագարակ, այգի՝ ծաղիկներով լի,

Ամուսիններ՝ իրարից սիրված, ու… երեխաներ:

(Սթափվելով:)

Երկրայի՜ն հույսեր…

ՀՈՒԴԱ

Մեր մոռացումները տարբեր են, Մարիամ,

Իմ հոգին ջլատողն ուրիշ բան է, ուրիշ բա՛ն:

Ի հակադրություն Նրա՝ ես Աստված չեմ

Եվ երջանիկ եմ իմ չաստվածությամբ:

Քանզի կարող եմ քո սիրուց մեռնել ու հող դառնալ քո ոտքերի տակ,

Անձրևոտ օրերին քսվել կոշիկներիդ,

Իսկ արևոտ օրերին շորերիդ ծալքերում նստել…

Ես քո ոտքերի տակ տրորվել եմ ուզում,

Եթե սրտիդ մեջ տեղ չկա ինձ համար:

ՄԱՐԻԱՄ

Ես այդ էլ չեմ կարող, Հուդա:

ՀՈՒԴԱ

Դու կվարժվես.

Աչքը, ականջը բերանն են սիրո:

ՍԱՏԱՆԱ

(Իր կերպարանքն առնելով:)

Եվ դեռ կպնդես, որ չկռահեցի քո ով լինե՞լը:

ՀՈՒԴԱ

Ո՛վ նեռ, քո էժան հնարքով չնչին

Սրտիս սրբազան գաղտնիքը կորզեցիր,

Որը բոլորից թաքուն էի պահում:

Աչքիցս կորի՛ր…

Մինչ այժմ չէին եղել ուրիշ ականջներ,

Որ ըմպեին գաղտնիքս անգին,

Իսկ հիմա ինձ այնպես է թվում,

Թե սիրուս վայելքը քեզ հետ եմ կիսում:

ՍԱՏԱՆԱ

Մարմինը գերեզման դարձնել հոգուն՝

Դա այն չէ, որ ինձ հրապուրի, Հուդա:

(Շշնջում է Հուդայի ականջին:)

Թող աշխարհը խենթանա քո սիրո բույրից,

Ոչ թե դու խելագարվես քո տառապանքից:

ՀՈՒԴԱ

Այո, ուզո՛ւմ եմ իմ սիրուն տիրել:

ՍԱՏԱՆԱ

Դրա համար էլ ուզում ես հավատի մարող կանթեղը փրկել:

ՀՈՒԴԱ

Տեսնում եմ՝ քեզնից փրկություն չկա…

Խոստովանում եմ՝ ճամփա եմ փնտրում:

ՍԱՏԱՆԱ

Ես եմ ճանապարհը, ներկայացա, երբ ծանոթացանք:

Ի գործ, ուրեմն,

Փնտրտուքի տառապանքը մնաց ետևում,

Առջևում քեզ է սպասում հրճվանքը գործի:

Համարձա՛կ գործիր:

ՀՈՒԴԱ

Եվ ի՞նչ պիտի անեմ ես:

ՍԱՏԱՆԱ

Դպիրներն ու քահանաները սպասում են քեզ,

Նրանք վճիռը կայացրել են արդեն:

ՀՈՒԴԱ

(Սահմռկելով:)

Դու ուզում ես, որ Հիսուսի՞ն մատնեմ:

ՍԱՏԱՆԱ

Ես ուզում եմ, որ դու Նրան փրկես:

Ես ուզում եմ այն, ինչ ինքդ ես ուզում:

ՀՈՒԴԱ

Չքվի՛ր, սատանա,

Դու խոհերս չե՛ս:

ՍԱՏԱՆԱ

Հիսուսին մատնելով՝ կփրկես Փրկչին,

Իսկ տատանվելով՝ կկորցնես Մարիամին:

ՀՈՒԴԱ

Մարիամը դա ինձ չի ների երբեք:

ՍԱՏԱՆԱ

Երեսուն արծաթը, Հուդա՛,

Երեսո՛ւն արծաթը…

ՀՈՒԴԱ

Ի՞նչ երեսուն արծաթ…

ՍԱՏԱՆԱ

Քահանաներն են գումարը պատրաստել…

Այն Մարիամի համար հայելի կդառնա,

Որի մեջ նե կտեսնի երազը կատարված.

Չէ՞ որ դու գիտես անկասկած,

Թե նե ինչպես է ուզում մայրանալ,

Ամուսնուն սիրել և տուն ունենալ:

Քո ուզածն էլ այդ չէ՞…

Մի բրուտ կա, որ չքնաղ ագարակ ունի

Եվ ուզում է այն շտապ վաճառել:

Քեզ մնում է դպիրներից արծաթը վերցնել

Ու… բրուտին հանձնել:

ՀՈՒԴԱ

Արանքում էլ՝ ասես ոչինչ չի՛ եղել…

ՍԱՏԱՆԱ

Չէ, ինչո՞ւ, արանքում դու տիրացել ես քո սիրուն…

ՀՈՒԴԱ

Արանքում, ո՛վ նեռ, ես Աստծուն եմ մատնել:

ՍԱՏԱՆԱ

Սովորական մի հաղթանակ մրցակցի դեմ.

Սիրո հարցերում ախոյանները հավասար են:

ՀՈՒԴԱ

Դու էլ Նրա նման

Սահմանները թեթևությամբ ես ջնջում,

Քիչ է մնում, որ քեզ հավատամ:

ՍԱՏԱՆԱ

Տեսնում եմ՝ խոհերդ արդեն վառվում են՝

Ինչպես աստղերը երկնքում,

Որ լուսավորեն անցնելիք ճամփադ:

ՀՈՒԴԱ

Իսկ ինչո՞ւ ինձ ընտրեցիր.

Ինձնից բացի տասնմեկն էլ դեռ կան:

ՍԱՏԱՆԱ

Մեղքը միշտ էլ գեղեցիկ է լինում:

(Դռան թակոց:)

ՀՈՒԴԱ

Այս անգա՞մ ով է:

ՍԱՏԱՆԱ

Նա է:

ՀՈՒԴԱ

Ո՞վ՝ նա:

ՍԱՏԱՆԱ

Հիսուսը:

(Դարձյալ թակոց:)

ՀՈՒԴԱ

Իսկո՛ւյն չքվիր:

ՍԱՏԱՆԱ

Չեմ կարող, մենք ունենք մի սովորություն՝

Դուրս գալ այնտեղից, որտեղից մտել ենք:

ՀՈՒԴԱ

Չքվի՛ր, ասում եմ,

Նա չպետք է քեզ այստեղ տեսնի:

ՍԱՏԱՆԱ

Ուրեմն պիտի թաքնվեմ:

ՀՈՒԴԱ

Որտե՞ղ:

ՍԱՏԱՆԱ

(Ինչ-որ տեղ է ցույց տալիս:)

ՀՈՒԴԱ

Մագաղաթի մե՞ջ… կանթեղի՞…

Այդ ընթացքում լույսն աղոտանում է: Մթնած բեմում ինչ-որ պայքար է երկուսի միջև: Դուռը թակում են երրորդ անգամ, Հուդան բացում է դուռը՝ կանգնելով կիսախավարի մեջ: Նրա ձայնն ու կեցվածքը փոխված են: Հիսուսը կանգնած է բաց դռնից ընկած լույսի փնջի մեջ:

ՀԻՍՈՒՍ

Հուդա՛:

ՀՈՒԴԱ

Ես եմ:

ՀԻՍՈՒՍ

Վաղը տոն է:

Հովհաննեսին ու Պետրոսին պատվիրեցի,

Որ Զատիկի պատրաստությունը տեսնեն:

Վերջին անգամ եմ ձեզ հետ ընթրելու:

ՀՈՒԴԱ

Որտե՞ղ պետք է Զատիկն ուտենք,

Տեղը Հովհաննեսս ու Պետրո՞սն են ընտրելու…

ՀԻՍՈՒՍ

Երուսաղեմում մի սափորավաճառ կա,

Հենց նրա տանն էլ Զատիկը կուտենք,

Իսկ մինչ այդ աշխատիր պատրաստ լինել:

ՀՈՒԴԱ

Ինչի՞ն, ուսուցի՛չ:

ՀԻՍՈՒՍ

Չտատանվես, ամուր եղիր,

Բնավ չխղճաս ինձ,

Արա, ինչ որ պիտի անես:

ՀՈՒԴԱ

Այդ ո՞ւմ հետ ես խոսում, Տե՛ր,

Մի՞թե մենք այստեղ մենակ չենք:

ՀԻՍՈՒՍ

Դո՛ւ ասացիր:

ՀՈՒԴԱ

Թեև ինձ ես նայում պլշած,

Բայց խոսքերդ, ասես, ուրիշին են ուղղված:

ՀԻՍՈՒՍ

Նրան, ով եկել է:

ՀՈՒԴԱ

Բայց մենք մենակ ենք:

ՀԻՍՈՒՍ

Նա, ով եկել էր, ինձ լսեց:

ՀՈՒԴԱ

Այո, մենք երեքով ենք,

Երեք ենք, եթե անգամ առանձին ենք՝

Ես, դու, Մարիամը:

ՀԻՍՈՒՍ

Ճշմարիտ եմ ասում, Հուդա,

Դու արդեն պատրաստ ես:

Հանգիստ եմ հիմա,

Երբ հնչի ժամը՝

Կկատարվի կամքը իմ Հոր:

Հիսուսը դուրս է գնում: Փակվող դուռը ծածկում է լույսի փունջը: Բեմն ընկղմվում է խավարի մեջ: Երբ քիչ-քիչ լուսավորվում է, երևում է փակ վարագույրը:

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Ագարակ: Հուդան և ագարակատերը:

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Սա էլ այգիս է,

Ուր գույների ու բուրմունքի ծով է:

Իմ ձեռքերով եմ ամեն ինչ արել,

Արդար քրտինքիս գեղեցկությունն է քո դեմ,

Այս հողակտորն Աստված ցողում է շաղով, անձրևով,

Իսկ ես ջրում եմ արդար քրտինքիս կաթիլներով:

ՀՈՒԴԱ

Խելագարվել կարելի է այսքան արդարությունից.

Ագարակումդ շնչելու օդ չի մնացել:

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Երբ հոգնում եմ սափորներ սարքելուց,

Այգի եմ գալիս հոգնությունից բուժվելու:

Գուցե չհավատաս դու ինձ,

Բայց հոդացավս թեթևանում է:

Մի ստվեր է երևում ու անհետանում:

ՀՈՒԴԱ

Քեզ ի՞նչ եղավ:

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Մի՞թե այս անգամ էլ չնկատեցիր.

Ստվերը նորից անցավ,

Այս էլ՝ չորրորդ անգամ:

ՀՈՒԴԱ

Գուցե Մարիա՞մն է:

Ագարակիդ տեղը բացատրեցի…

Սա իմ սիրո նվերն է ներան:

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Կին չէր ստվերն այդ, այլ տղամարդ,

Ոտից գլուխ թիկնոցով փաթաթված,

Ձեռքին էլ մի դաշույն բռնած:

ՀՈՒԴԱ

Չլինի՞ չարքերի բուն է ագարակդ…

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Առաջին անգամ է ինձ հետ այսպիսի բան կատարվում,

Աչքիս տեսիքներ չեն երևացել երբեք,

Կամ կինս է եղել, կամ երեխաներս:

Տարիքս էլ այնքան առաջացած չէ,

Որ մեղքը գցեմ աչքերիս վրա:

ՀՈՒԴԱ

Հիշի՛ր, գետնի տակից էլ քեզ կգտնեմ,

Թե ներա կյանքն այստեղ մղձավանջ դառնա,

Ոչ թե կատարվի երազը փայփայած:

0՜, դու կզղջաս, եթե իմ սերը

Այս ագարակում խորտակվի հանկարծ:

ԱԳԱՐԱԿԱՏԵՐ

Աստված տա, դու էլ, ինչպես և ես,

Այս ագարակում երջանիկ լինես:

ՀՈՒԴԱ

Լավ, ահա երեսուն արծաթդ, վերցրու և գնա:

(Ագարակատերը գնում է:)

Աստվա՛ծ, Նա խաչվեց:

Այս երեք օրը չի լինի Աստված,

Մինչև Նա հարություն առնի, եթե ճիշտ է դա:

Այս երեք օրն է ինձ տրված,

Միայն թե Մարիամը չզղջա, միայն թե գա,

Նա դեռ չգիտի, որ ես եմ Հիսուսին մատնել:

Աշակերտները ցրվել են, թաքնվել,

Միայն Պետրոսն է Երուսաղեմում,

Բայց նա էլ խնդիրներ ունի իր խղճի հետ.

Երեք անգամ ուրացել է Հիսուսին…

Ուրեմն կլռի Հուդայի մասին:

(Նայելով երկնքին:)

Մնա՛ս բարով, երկինք, ինձ համար չէիր,

Քոնը երբեմն եղել են աչքերս միայն:

(Խոր շունչ է քաշում:)

Ագարակատերը ճիշտ էր.

Օդն այստեղ համեմված է բույրով:

ՄԱՏԹԵՈՍ

(Գալով:)

Բայց ոչ վարդերի…

ՀՈՒԴԱ

Մատթեո՞ս…

ՂՈՒԿԱՍ

(Գալով:)

…և ոչ ծաղիկների:

ՀՈՒԴԱ

Ղուկա՞ս…

ՄԱՐԿՈՍ

(Գալով:)

Օդն այստեղ համեմված է…

ՀՈՒԴԱ

Մարկո՛ս…

ՀՈՎՀԱՆՆԵՍ

(Գալով:)

Մատնությա՛ն բույրով:

ՀՈՒԴԱ

Եվ դո՛ւ, Հովհաննես…

Խնդրում եմ, ասեք, որ Մարիամը տեղյակ չէ,

Որ նե չէ ձեզ այստեղ ուղարկել:

ՂՈՒԿԱՍ

Մարիա՛մը, Հուդա, Մարիա՛մն ասաց,

Երբ որ իմացավ՝ Հիսուսին դո՛ւ ես մատնել:

ՀՈՒԴԱ

Եվ դուք եկաք, որ ոճիրը ոճիրով պատժեք:

Սիրիր մերձավորիդ, ինչպես անձը քո.

Ի՛նչ է, դուք է՞լ չկարողացաք պատվիրանն այդ պահել,

Օհ, ձեզ համար էլ այն սաստիկ ծանր է:

Այո, մարդկային տրամաբանությունն է փլվում

Աստվածային պատգամի ծանրությունից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Մարիամն ասաց, որ Ավետարան ես գրում,

Բայց ոչ թե Աստծո, այլ մարդո՛ւ մասին:

ՀՈՒԴԱ

Դուք դեո չգիտեք գաղտնիքը՝

Հիսուսը մարդեղացել էր:

ՄԱՐԿՈՍ

Ո՞վ հիմարացրեց ականջդ, Հուդա, ո՞վ՝

Հոգիդ սիրո ավազանի տեղ մի աղբանոցի վերածելով:

ՄԱՏԹԵՈՍ

Այդ սխալ խոհերդ էլ քեզ սխալ ճանապարհ տարան:

ՀՈՒԴԱ

Փաստեր ունեմ ես:

Դուք դեռ չգիտեք, որ Նա

Գալիլիայում հացը բազմացնելուց ետ

Նավակ նստեց ու գնաց Մագդաղիա:

Ո՞ւմ մոտ և ինչո՞ւ՝ ունեմ պատասխան.

Երկրորդ նավակով ես հետևում էի Նրան:

ՂՈՒԿԱՍ

Մարիամն ասաց, որ քեզ նվիրական երազն է պատմել,

Ինչի համար զղջում է հիմա:

Միգուցե դա՞ է…

ՀՈՒԴԱ

Ո՛չ:

ՂՈՒԿԱՍ

Այս լուսնի տակ դեռ շատ անգամ

Բազում դավաճանություններ կլինեն,

Այլանդակություններ կլինեն նույնպես,

Կանացի արգանդն անգամ

Ինքն իր համար ամուսին կծնի,

Բայց քո դավաճանությունը, Հուդա՛,

Մինչև ժամանակի վախճանը կհիշվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Դու անմեղ արյուն մատնեցիր, Հուդա՛:

ՀՈՒԴԱ

Մատնեցի, որ Նա Աստված մնար,

Որ մարդկությունը կառչելու տեղ ունենար:

Ես մարդկության հույսը փրկեցի,

Տերն արդեն երերում էր,

Նրա տատանվելը ես իմ ականջով լսեցի:

Դուք քնած էիք,

Երբ Նա զղջում էր Ձիթենյաց լեռան վրա.

Աստծո որդին արդեն մարդեղացել էր,

Նա աղերսում էր, որ Հայրն իրենից

Ե՛տ տանի ճակատագրի դառը բաժակը:

Դուք պետք է շնորհակալ լինեք ինձանից,

Որ չթողեցի՝ Նա ընդդեմ գնար Աստծուն:

Ես փրկեցի՛ Նրան:

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Մենք էլ եկել ենք, որ քեզ փրկենք:

ՀՈՒԴԱ

Դուք ոչի՛նչ չհասկացաք:

Դուք վախենում եք լոկ գաղտնիքի բացվելուց,

Քանզի կուրորեն եք հավատում Նրան,

Եվ Նա հրաշալի հաշվարկել էր դա:

Նա աշակերտներ հավաքեց, որ սերունդների համար

Մաքրեն, բյուրեղացնեն Իր կերպարը,

Որ քողարկեն Իր մեջ եղած մարդկայինը:

Հասկացե՛ք, դուք վարագույր եք Իր և պատմության միջև,

Դուք պետք է Նրա մարդեղությունը

Օրացույցի թերթիկի պես

Նրա կենսագրությունից պոկեք,

Նրա պարտված չպարտությունը

Դուք պետք է ծածկեք:

Դրա համար էլ եկել եք ինձ մոտ,

Ձերը հավատ չէ, այլ կուրություն,

Իսկ դա ավելի վտանգավոր բան է:

Վաղն էլ կնետվեք Պետրոսի վրա,

Թե՝ ինչո՞ւ ուրացար,

Իսկ մյուս օրը մի ուրիշին կմեղադրեք՝

Ինչո՞ւ այս արիր և ոչ թե՝ այն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Կանթեղի լույսն սկսում է մարել…

ՄԱՐԿՈՍ

Հարկավոր է գործն ավարտել…

ՀՈՒԴԱ

Թույլ տվեք կանթեղի ձեթն ավելացնեմ,

Որ ձեր հարվածները չվրիպեն:

(Ձեթ է լցնում կանթեղը:)

ՂՈՒԿԱՍ

Վերջին աղոթքդ արա, Հուդա՛:

ՄԱՏԹԵՈՍ

Ճակատագրի հեգնանք.

Ում մատնեցիր՝ ներողն ի՛նքն է:

ՀՈՒԴԱ

Արյունն այդ վարագույր դարձավ

Եվ ինձնից հավետ ծածկեց երկինքը…

Փաթաթված մագաղաթներից, ինչպես պատյաններից, աշակերտները հանում են դաշույնները և հարվածում Հուդային:

ՀՈՒԴԱ

Դաշույնի չորս հարված,

Բայց մեջս շունչը կհերիքի դեռ

Ձեզ հիշեցնելու, թե ի՛նչ ասաց Տերը,

Երբ ճանապարհին մի սպանված տեսավ:

Այդ ո՞ւմ սպանեցիր՝ ասաց,

Որ հիմա ինքդ ես սպանված,

Եվ ո՞վ է սպանելու քեզ սպանողին:

(Աշակերտները դաշույնները շպրտում են դահլիճ:)

Աղաչում եմ, ասեք, որտե՞ղ է Մարիամը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Նրա հետ, Հուդա՛:

ՀՈՒԴԱ

Օ՝, Մարիամ, Մարիամ…

Իսկ ես սպասում էի, որ քեզ հանձնեմ հոգիս…

(Ընկնում է:)

ՂՈՒԿԱՍ

Անկեղծ ասած՝ նա ճիշտ էր.

Օդը համեմված է բույրով:

ՄԱՐԿՈՍ

Մահվան բույրն է դա:

ՂՈՒԿԱՍ

Եթե իրոք մահվան բույրն է դա,

Ապա չեմ ուզում, որ ռունգերս վարժվեն:

(Գնում է, Մարկոսը հետևում է նրան:)

ՄԱՏԹԵՈՍ

Իսկ ի՞նչ անենք նրա հետ… կարծես չի մեռել…

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Մենք մերն արեցինք,

Թողնենք, որ մահն էլ իրենը անի:

(Գնում են:)

ՀՈՒԴԱ

Նա ասում էր,

Որ երկինք տանող միակ ճամփան սերն է,

Մյուս բոլոր ճամփաները դժոխք են տանում:

Այդքան սիրելը կարելի՞ բան է…

Մի կերպ հեռանում է: Որոշ ժամանակ բեմը դատարկ է: Միայն մոռացված ավետարաններն են: Գալիս է սատանան:

ՍԱՏԱՆԱ

Այդ ապուշն ինքն իրեն կախեց:

Քիչ մնաց՝ ես էլ լինեի շնչահեղձ,

Ախր մենք ունենք սովորություն՝

Դուրս գալ այնտեղից, որտեղից մտել ենք:

Իսկ պարանն այնպես էր նրա կոկորդը սեղմել,

Որ սատանան անգամ չկարողացավ այնտեղից ելնել:

Լավ է, որ այդ անցքերը կային մարմնի վրա,

Որով էլ ես իսկույն դուրս ելա:

(Ծամածռվում է՝ թիկնոցի վրայի դաշույնների չորս անցքերից ծիկրակելով:)

Դաշույնի բացած չորս անցք.

Երկուսը՝ փորին, երկուսը՝ կրծքին,

Բայց չորսից ոչ մեկն էլ մահացու չէր,

Եթե այդ հիմարն ինքն իրեն չկախեր:

(Գալով նախաբեմ՝ իբր խոսում է կախվածի հետ:)

Հա, մոռացա քեզ մի գաղտնիք ասել.

Հիսուսն էլ չդիմացավ այս փորձությանը,

Ափսո՛ս, որ ավետարանիդ մեջ չհասցրիր նշել:

(Ինչ-որ բան է փնտրում:)

Իսկ որտե՞ղ է ավետարանը Հուդայի,

Ես պետք է այն փրկեմ,

Թեև հարկ է, որ խոստովանեմ՝

Ծանոթ լինելով բնույթին մարդու,

Որ փաստաթուղթն այս նրան պետք չի գալու:

(Գտնում է ավետարանը:)

Ահա մատաղացու գառն իմ…

(Երկինք նայելով:)

Ընդունի՛ր զոհաբերությունը սատանայի:

(Կանթեղից կրակ վերցնելով՝ այրում է ավետարանը և հրդեհում ագարակը:)

Ողբերգությունն այս հարկ է ծխահարել

Արյան գնով գնված այս ագարակով:

Քրքջալով գնում է: Ետնաբեմից տարածվում է կրակը: Նախաբեմը լցվում է ծխով:

1-ին ձայն

Ագարակն այրվո՜ւմ է…

2-րդ ձայն

Շտապի՛ր, այնտեղ մոռացանք մեր ավետարանները…

Գալիս են Ղուկասն ու Հովհաննեսը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Կրակը շուտով այստեղ կհասնի,

Փնտրի՛ր, Ղուկաս:

ՂՈՒԿԱՍ

Ծուխը խեղդում է,

Այս ի՞նչ էր՝ ոտքիս դեմ առավ…

(Վերցնում է:)

Ավետարանն է Մարկոսի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Ահա և երեքիս ավետարանները…

ՂՈՒԿԱՍ

Իսկ ո՞ւր է մարմինը Հուդայի:

Ձայն ետնաբեմից

Այս կողմ եկ, Մատթեո՛ս,

Հուդան կախվել է:

2-րդ ձայն ետնաբեմից

Ավետարանով էլ ագարակն է այրել,

Ահա մոխրացած մագաղաթի մի կտոր:

ՂՈՒԿԱՍ

Լսեցի՞ր, Հուդան իրեն կախել է,

Մեր հարվածները մահացու չեն եղել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

Վերջին պահին հասկացել է երևի,

Որ մարդկային էին իր խոհերը,

Որ մարդու մասին էր իր ավետարանը

Եվ ոչ թե՝ Աստծո:

ՂՈՒԿԱՍ

Թերևս զղջացել է…

Իսկ, ի՞նչ ես կարծում, նրա հոգին կփրկվի՞:

ՀՈՎՀԱՆՆԵՍ

(Կրծքին սեղմելով ավետարանը:)

Աստծունը՝ Աստծուն:

Մերը՝ մեզ:

Գնանք:

Գնում են: Այրվող ետնաբեմի և ծխով լի

նախաբեմի արանքում իջնում է վարագույրը:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։