Մհեր ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ / 611-ՐԴ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ
Դրամատիկ աբսուրդ 3 գործողությամբ
Գործող անձինք
ՀԱՄԼԵՏ — հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն
ԳԵՐԱՍԻՄ — Սաշայի հայրը
ԿԱՏՅԱ — Սաշայի մայրը
ՍԱՇԱ — զորակոչիկ երիտասարդ
ԳՅՈՒԼՆԱՐԱ — ավագ բուժքույր
ԿԼԱՐԱ — հերթապահ սիրունատես բուժքույր
ԱՆԾԱՆՈԹ
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Համլետի աշխատասենյակը։ Առավոտ է։ Ձախ կողմում սեղանն է, աջ կողմում՝ պահարանը։ Սեղանի վրա գիրք, տետրեր ու փաստաթղթեր են, ինչպես նաև՝ արյան ճնշումը չափող գործիք և Համլետի օպտիկական ակնոցը։ Դուռն աջ կողմում է՝ պահարանի մոտ։ Կենտրոնում երկար բազմոցն է։ Համլետը նստած է սեղանի մոտ, ստուգում է իր զարկերակը՝ սպասողական ու մտահոգ նայելով պատից կախված ժամացույցին։
ՀԱՄԼԵՏ — (դժգոհ)։ Րոպեում՝ իննսունհինգ։ Էս գժերի մեջ բարձր ճնշում կունենաս, բա ի՞նչ… (Դնում է ակնոցը, վերցնում է ճնշման գործիքը, բայց չի հասցնում այն գործի դնել:)
Դռան թակոց։
ԳԵՐԱՍԻՄ — (դրսից)։ Կարելի՞ է։
ՀԱՄԼԵՏ — (գործիքն արագ տեղավորելով դարակի մեջ)։ Մտեք։
Գերասիմն ու Կատյան իրար հրմշտելով՝ փորձում են ներս մտնել, բայց մնում են դռան արանքում։
ԳԵՐԱՍԻՄ — Համբերիր, այ կնի՛կ։
ԿԱՏՅԱ — Համբերի՜ր, համբերի՜ր… Դու համբերո՞ւմ ես։ Կարևորն էրեխեն է։ Արի՛, Սաշո՛ւլ ջան։
Գերասիմը մի կերպ ներս է մտնում, հետո Կատյան՝ Սաշայի ձեռքը բռնած։
ՀԱՄԼԵՏ — (զարմացած նրանց է նայում)։ Նստեք։ (Ցույց է տալիս բազմոցը:)
Այցելուները տեղավորվում են բազմոցին։ Գերասիմն ու Կատյան հուզված են, Սաշան գլուխը կախ՝ վախեցած նայում է հատակին. կարծես նրան հրահանգվել է այդպես վարվել։
ԿԱՏՅԱ — Բժիշկ ջան, մեր տղայի հարցով…
ԳԵՐԱՍԻՄ — (սաստում է կնոջը)։ Բժիշկ ջան, ես Գերասիմ Մամյանն եմ, մեր տղայի…
ՀԱՄԼԵՏ — Դոկտոր Սիսակյա՛ն։
ԳԵՐԱՍԻՄ — Հա, դոկտոր Սիսակյա՛ն ջան։ Սա մեր տղան է՝ Սաշան։ Հենց նրա հարցով ենք եկել։
ՀԱՄԼԵՏ — Ու ի՞նչ հարց է։
ԿԱՏՅԱ — Սիսակյա՛ն ջան, մեր տղային…
ԳԵՐԱՍԻՄ — (բարկացած սաստում է կնոջը ցածր ձայնով): Դե սուս, էլի՛։ Տղամարդը ե՛ս եմ, ե՛ս պետք է խոսեմ։ (Համլետին.) Հա, դոկտոր ջան, մեր տղայի հարցն է։ Որոշեցինք հենց ձեզ մոտ գալ։ Նա ավարտել է համալսարանը ու հիմա բանակ են տանում։
ԿԱՏՅԱ — Վա՜յ, սիրտս չի դիմանում…
ՀԱՄԼԵՏ — Էստեղ ջուր կա, տիկի՛ն։
ԿԱՏՅԱ — Չէ՛, չէ՛, ջուրն ինձ չի փրկի։
ՀԱՄԼԵՏ — (Գերասիմին): Է՛հ, ուզում են տանել, թող գնա ծառայի։ Ինչո՞ւմն է խնդիրը։
ԳԵՐԱՍԻՄ — Չէ՛, չեղավ, դոկտո՛ր։ Նա հոգեկան խնդիրներ ունի։ Նայեք, կհասկանաք, էլի… (Ցույց է տալիս Սաշային:)
Սաշան, ավելի մտած դերի մեջ, չի փոխում դիրքը։ Կատյան քնքշորեն շոյում է նրա գլուխը։
ՀԱՄԼԵՏ — (հայացքով չափում է Սաշային)։ Չի երևում։ Առողջ տղա է։
ԳԵՐԱՍԻՄ — Ասում եք՝ առողջ է, հա՞…
ԿԱՏՅԱ — Քոռանա՜մ ես…
ՀԱՄԼԵՏ — Ուրախ չե՞ք, որ ձեր որդին առողջ է։
ԳԵՐԱՍԻՄ — Ուրախն ուրախ ենք, բայց ոնց որ դուք մեզ ճիշտ չհասկացաք։
ՀԱՄԼԵՏ — (ակնոցը հանելով)։ Շատ ճիշտ հասկացա, բացի մի բանից։
ԳԵՐԱՍԻՄ — Ո՞ր բանից։
ՀԱՄԼԵՏ — Ինչի՞ հենց հոգեկան հիվանդ։ Տղայի կյանքի վրա բիծ եք դնում։
ԿԱՏՅԱ — Դոկտոր ջան, ախր…
ԳԵՐԱՍԻՄ — (կնոջը): Սո՛ւս։ (Համլետին). Դոկտոր ջան, կարևորը, որ էդ թուղթը լինի, նրան բանակ չեն տանի։ Ճիշտ չե՞մ…
Համլետը լուռ նայում է։
ԳԵՐԱՍԻՄ — Ուղղակի չեմ հասկանում, թե ոնց են հավատալու, որ վերջերս համալսարան ավարտած տղան խրոնիկ հոգեկան հիվանդ է։
ՀԱՄԼԵՏ — (կամաց ծիծաղելով)։ Այն էլ՝ խրոնիկ, հա՞…
ԳԵՐԱՍԻՄ — Դոկտոր ջան, ես գրագիտությունից հեռու մարդ եմ…
ՀԱՄԼԵՏ — Ձեր խնդիրը չէ, թե ոնց կհավատան:
ԿԱՏՅԱ — (ամուսնուն թեթև հրում է)։ Այ մա՛րդ, ո՞ւմ ես սպասում։
ԳԵՐԱՍԻՄ — (ասես մի բան հիշելով)։ Հա, դոկտո՛ր ջան… (Կոստյումի ծոցագրպանից հանում է փողի փոքր կապուկ:)
ՀԱՄԼԵՏ — (կտրուկ վրդովվելով): Էսպես չի՛ կարելի, ի՞նչ եք անում։ Պահե՛ք… (Դառնալով Սաշային:) Տղա՛ ջան, դուռը ներսից փակիր։
Սաշան վերջապես հայացքը կտրում է հատակից, զարմացած նայում ծնողներին:
ԿԱՏՅԱ — Վույ, քոռանա՜մ ես։
ԳԵՐԱՍԻՄ — Ո՞ւմ ես սպասում։ Դոկտոր Սիսակյանը քեզ բան ասաց։ Արդեն կարող ես նորմալ նստել. դոկտորն ամեն ինչ գիտի։ Դուռը ներսից փակիր։ (Կնոջը.) Դո՛ւ էլ դերիցդ դուրս արի։
Սաշան դուռը ներսից փակում է, նստում հոր և մոր կողքին։
ՀԱՄԼԵՏ — Էդ ի՞նչ էր, հապա տեսնեմ…
Գերասիմը նորից հանում է փողի կապուկը, դնում սեղանին։ Համլետը մոտեցնում է իրեն, թղթի կտորի վրա փութկոտ ինչ-որ բան գրում, մեկնում է Գերասիմին։
ՀԱՄԼԵՏ — Էդքա՞ն է։
ԳԵՐԱՍԻՄ — (նայում է թղթին, մեղավոր դեմք ընդունում)։ Մի քիչ պակաս է։
ՀԱՄԼԵՏ — (ագահորեն նայում է փողի կապուկին): Լավ, էսքանն էլ բավական է։ Տեսնում եմ՝ համեստ ապրող մարդիկ եք։ (Փողը դնում է դարակի մեջ:)
ԿԱՏՅԱ — Դոկտո՛ր ջան, Աստված քեզ պահի։ Մենակ էրեխես մեզնից հեռու չլինի։ Էնտեղ չարչարում են, էնտեղ կրակում են։ Ավելի լավ է մեռնեմ, քան թե Սաշուլս մի օր բանակում մնա։
ՀԱՄԼԵՏ — Բանակում չէ, բայց էստեղ պետք է մնա։
ԿԱՏՅԱ — Քոռանա՜մ ես, էստեղ ո՞նց մնա…
ՀԱՄԼԵՏ — Պարտադիր է, տիկի՛ն։
Սաշան վախեցած նայում է հորն ու մորը։
ԳԵՐԱՍԻՄ — Գժերի մեջ ո՞նց մնա։
ՀԱՄԼԵՏ — (խիստ): Հարգանքով արտահայտվեք մեր հիվանդների մասին, իսկ ձեր որդին պետք է գոնե մեկ օր պառկի պալատում՝ իբրև թե բուժում է ստանում։ Դա պարտադիր է, որ խնդիրներ չունենամ։
ՍԱՇԱ — Մամ, պապ, ես էստեղ չեմ մնա, թե չէ իրոք կգժվեմ։
Կատյան թաշկինակով սրբում է աչքերը։
ՀԱՄԼԵՏ — Տղա ջան, նրանցից ոչ մեկին չես տեսնի։ Սենյակը 6-րդ հարկում է։ Մենակ կլինես։ Ընդամենը մի գիշեր է։ Միայն քույրերը կայցելեն, անհրաժեշտության դեպքում։
Գերասիմը, Կատյան և Սաշան անորոշ նայում են Համլետին։
ՀԱՄԼԵՏ — Հիմա ի՞նչ… Եթե չի մնալու, վերցրեք ձեր բերածը և մեր զրույցը կհամարենք չկայացած։
ԿԱՏՅԱ — Դոկտոր, չե՞մ կարող մնալ որդուս հետ։
ՀԱՄԼԵՏ — Չեք կարող։
ԿԱՏՅԱ — (Սաշային): Հը՞, կմնա՞ս, բալե՛ս։ Մի գիշեր է։ Վաղը կգաս տուն, քո սիրած քյուֆթան եմ սարքելու։
Սաշան գլուխը դրական շարժում է։
ՀԱՄԼԵՏ — Պայմանավորվեցինք։ (Զանգում է:) Գյուլնարա, նորեկ ունենք: Մեկ գիշեր։ 6-րդ հարկի սենյակներից մեկը պատրաստեք։ Ըհը։ Լավ։ (Հեռախոսը ցած է դնում:) 611 հիվանդասենյակը։ Դուք կարող եք գնալ, ձեր տղան կմնա։
ԿԱՏՅԱ — Շատ շնորհակալ ենք, դոկտո՛ր։ Փրկեցիք մեզ էլ, մեր տղային էլ։ Առավոտյան կգանք։
Դուրս են գնում։
ՀԱՄԼԵՏ — (ցածր ձայնով) Որդիապաշտ կույրե՛ր։ Կործանե՛ք երկիրը, կործանե՜ք։ Բա ո՞վ գնա ու ծառայի։ Ե՞ս։ Ինչքան որ ծառայեցի մեր երկրին էս գժերի մեջ, էդքանը հերիք է։ (Վերցնում է սեղանի վրայի գիրքը, նայում շապիկին:) Դոստոևսկի՜… ա՛յ թե տեսնեիր սրան. «Ապուշից» բացի «Թուլամորթն» էլ կգրեիր։
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Հիվանդասենյակ։ Երեկո է։ Երկու մահճակալ են՝ իրար հանդիպակաց։ Կենտրոնում՝ պահարան։ Սաշան մտացրիվ պառկած է մահճակալներից մեկին։ Ներս է մտնում Կլարան:
ԿԼԱՐԱ — Դուրդ գալի՞ս է սենյակդ։
ՍԱՇԱ — (ծանրորեն նստելով մահճակալին): Չէ։
ԿԼԱՐԱ — Ինչի՞։
ՍԱՇԱ — Ձեր հիվանդանոցում ոչ մի բան ինձ դուր չի գալիս։
ԿԼԱՐԱ — Տղա ջան, քեզ համար պառկած հանգստանում ես, էլի։
ՍԱՇԱ — Հոգնեցի պառկելուց։
ԿԼԱՐԱ — Մարզանք արա։ Երգ լսիր, հեռախոս չունե՞ս։ Կուզե՞ս՝ գիրք բերեմ, կարդաս։
ՍԱՇԱ — Գոհ եմ, պետք չի։
ԿԼԱՐԱ — Սովա՞ծ ես։
ՍԱՇԱ — Չէ, կերել եմ։ Ուզում եմ՝ գիշերը շուտ անցնի։
ԿԼԱՐԱ — Ուրեմն պառկիր ու քնիր, որ շուտ անցնի։ Բան պետք լինի, կկանչես։ Ես հերթապահ բժիշկների սենյակում եմ։ (Ուզում է դուրս գնալ:)
ՍԱՇԱ — Սպասե՛ք…
ԿԼԱՐԱ — (կտրուկ շրջվում է): Ի՞նչ է…
ՍԱՇԱ — Էս հարկում գժեր կա՞ն։ Դե… կողքի սենյակներում։
ԿԼԱՐԱ — (քմծիծաղում է): Չէ, չկան, հանգիստ եղիր։
ՍԱՇԱ — Լավ։ Իսկ էստեղ կարելի՞ է ծխել։
ԿԼԱՐԱ — Պալատում ծխելն արգելվում է։ Միջանցքով կգնաս պատշգամբ և կարող ես ծխել։ Բայց աշխատիր քիչ ելումուտ անել։ Քնիր, հանգստացիր, որ գիշերը շուտ անցնի, առավոտյան տուն գնաս։
ՍԱՇԱ — Ուրեմն քնաբեր բերեք։
ԿԼԱՐԱ — (փոքր-ինչ շփոթվելով): Հըմ… ավագ բուժքույրը… Լավ, ես ինքս կբերեմ։
ՍԱՇԱ — Էստեղ նո՞ր եք աշխատում։
ԿԼԱՐԱ -Հա։
ՍԱՇԱ — Դե, չեմ քնի ու կսպասեմ։
ԿԼԱՐԱ — (ծիծաղում է): Որ քնես, քնաբերը հաստատ պետք չի։ (Դուրս է գնում:)
Սաշան «մտնում է» հեռախոսի մեջ: Կլարան վերադառնում է՝ ձեռքին ջրով բաժակ և հաբ։
ԿԼԱՐԱ — Էս էլ քնաբերը։ Ջուրը դնում եմ կոմոդի վրա։
ՍԱՇԱ — (վերցնում է հաբը): Ջո՞ւրն ինչի եք բերել։ Լոգարանում էլ է ջուր գալիս։ Լավ, լավ, շնորհակալ եմ։
Կլարան դուրս է գնում։ Սաշան խմում է հաբը, պառկում մահճակալին։
Բեմը թույլ լուսավորվում է։ Գիշեր է։
ՍԱՇԱ — (նստում է անկողնում): Մի հատ ծխեմ։ (Դուրս է գնում:)
Քիչ անց վերադառնում է։ Մյուս մահճակալին կիսապառկած մարդու ուրվագիծ է նշմարվում։ Սաշան այն է՝ պառկելու է, նկատում է անծանոթին:
ՍԱՇԱ — (վախեցած): Վա՛խ, մամա ջա՜ն։ (Անկողնուց ցատկում է, նետվում՝ լույսը միացնելու:)
ԱՆԾԱՆՈԹ — (խզված ձայնով): Լույսը մի վառիր, խնդրում եմ։ Բարձր ճնշում ունեմ։ Մթան մեջ ինձ ավելի լավ եմ զգում։ (Հազում է:)
ՍԱՇԱ — (ջղային): Դու ո՞վ ես։ Ինձ ասել էին, որ մենակ եմ լինելու սենյակում։ (Նստում է իր մահճակալին:)
ԱՆԾԱՆՈԹ — Ապրես, որ խնդրանքս չմերժեցիր։ Ոչ մեկն ինձ մարդու տեղ չի դնում։ Կյանքն ինձ վրա ծիծաղեց: Քնիր, քեզ չեմ խանգարի… Մեծ սիրով ելակով տորթ կուտեի… (Հազում է, քիչ է մնում խեղդվի:)
ՍԱՇԱ — Վատ ախորժակ չունես։ Բայց որ էդպես հազաս, հաստատ անուշ կքնեմ։ Ջուր բերե՞մ, բաժակ կա։
ԱՆԾԱՆՈԹ — Չէ, չեմ ուզում։
ՍԱՇԱ — Քույրերից մեկին կանչե՞մ։
ԱՆԾԱՆՈԹ — Պետք չի։
ՍԱՇԱ — Իսկ կյանքը ո՞նց քեզ վրա ծիծաղեց։
ԱՆԾԱՆՈԹ — Արի գլուխդ չծանրաբեռնեմ։
ՍԱՇԱ — Չէ, չէ, ասա՛։
ԱՆԾԱՆՈԹ — Բան էր՝ ասացի։ Թող իմ դարդերով տապակվեմ։
ՍԱՇԱ — Պատմիր, մեկ է՝ քունս փախավ քո պատճառով։
ԱՆԾԱՆՈԹ — Հո կյանքս քեզ չե՞մ պատմելու։ Դժբախտ մարդ եմ, էլի։
ՍԱՇԱ — Որ էստեղ չլինեինք, դժբախտություններդ ինձ հետաքրքիր չէին լինի։ Պատմիր, մինչև լույսը բացվի, գնամ էստեղից։
ԱՆԾԱՆՈԹ — Դե… սկսեմ նրանից, որ կյանքն սկզբում ժպտում էր ինձ, հետո…
ՍԱՇԱ — Հետո սկսեց ծիծաղե՞լ։
ԱՆԾԱՆՈԹ — (վրդովված): Հիմա պատմե՞մ, թե չէ։ (Երկար հազում է:)
ՍԱՇԱ — Լավ, լավ, պատմիր։ Էլ չեմ ընդհատի։
ԱՆԾԱՆՈԹ — Ծնողներիս մինուճար զավակն էի։ Ինձ սիրում ու փայփայում էին, ինչպես ասում են՝ բամբակի մեջ էին պահում։ Ինձ թվում էր՝ բոլորը պարտավոր են ինձ սիրել… Դպրոցն ավարտելուն պես պահանջ դրեցի ծնողներիս առաջ…
ՍԱՇԱ — Ի՞նչ պահանջ։
ԱՆԾԱՆՈԹ — Որ սովորեմ քաղաքի լավագույն համալսարաններից մեկում։
ՍԱՇԱ — Ինքդ չէի՞ր կարող ընդունվել։
ԱՆԾԱՆՈԹ — Է՛հ… Գիտե՞ս, թե ամեն կիսամյակի վերջում ծնողներս քանի անգամ էին «լավություն» արել ուսուցիչներիս։ Հետո համալսարանը… Էդտեղ սովորելը թանկ հաճույք էր, բայց չգիտեի, թե խիղճն ինչ բան է։
ՍԱՇԱ — Սովորեցի՞ր քո ուզած համալսարանում։
ԱՆԾԱՆՈԹ — Ուզա՞ծը որն է։ Ինձ համար դա պարծենալու մի բան էր։ Խեղճ հայրս ու մայրս էլ չէին ուզում, որ իրենց որդին որևէ մեկից ետ մնա։ Հայրս պահակ էր, մայրս՝ դասատու: Հիշում եմ, որ խեղճ հայրս նույն կոստյումը հինգ տարի հագնում էր: Ասածս այն է, որ մեր ապրուստը հազիվ էին վաստակում: Մեր ապրուստը հազիվ էին վաստակում, բայց մեծ վարկ վերցրին բանկից, որ էդ համալսարանում սովորեմ։ Ուսման վարձը շատ թանկ էր… Ելակով տորթ եմ ուզում… (Հազում է:)
ՍԱՇԱ — Դե, կաշխատեիր, կօգնեիր ձերոնց։
ԱՆԾԱՆՈԹ — Հեշտ ես ասում։ Ծնողներիս թույլ կողմը լավ գիտեի։ Ո՛չ նորմալ հաճախում էի դասերին, ո՛չ էլ սովորում, ամբողջ օրը թրև էի գալիս ինձ պես աննպատակ մի քանիսի հետ, որոնց երևի բոլորից շատ էի սիրում։ Բայց հագնում էի ամենաթանկ հագուստները, համալսարանի բուֆետում ամենալավ բաներն էի ուտում ու խմում։ Ծնողներս չէին ուզում, որ ինչ-որ բանի կարիք ունենամ։ Մորս ճնշումը բարձրանում էր, երբ դիտավորյալ պատմում էի, որ էդ օրն ինչ-որ տեղ մրսել եմ կամ մի քանի ժամ սոված եմ մնացել։
ՍԱՇԱ — Վերջն ի՞նչ եղավ։ Ավարտեցի՞ր համալսարանը։
ԱՆԾԱՆՈԹ — «Ավարտեցին» ծնողներս, իսկ դիպլոմը ստացա ես, որ ամբողջ կյանքում պետք չեկավ։
ՍԱՇԱ — Հըմ, տխուր պատմություն էր։
ԱՆԾԱՆՈԹ — (վրդովված): Բայց դեռ չեմ վերջացրել։
ՍԱՇԱ — Լավ, շարունակիր։
ԱՆԾԱՆՈԹ — (դառը քմծիծաղով): Ասում ես՝ կաշխատեիր։ Մի անգամ, երբ դեռ սովորում էի համալսարանում, ընկերներիցս մեկն ասաց, որ ինչ-որ ընկերությունում պահակի թափուր տեղ կա ու խորհուրդ տվեց, որ աշխատեմ, քանի որ, ինչպես ասում էր, սկզբի համար լավ տարբերակ է, որ գրպանումս իմ վաստակած փողը հայտնվի։
ՍԱՇԱ — Փաստորեն պահակ ես աշխատել։
ԱՆԾԱՆՈԹ — (առժամանակ հազում է): Միամի՜տ… Է՞լ ինչ կուզեիր։ Էդ մասին ասացի ծնողներիս։ Ու գիտե՞ս, ինչ եղավ։ Հայրս գոռգոռաց, իսկ մայրս էնպես լացուկոծ դրեց, որ ճնշումը բարձրացավ։ Էլ չասեմ, թե ինչ հայհոյանք ու անեծք տեղացին խեղճ ընկերոջս հասցեին, որն ընդամենը ուզում էր օգնել ինձ։ Հորս ու մորս երազած աշխատանքն ինձ համար բարձր պաշտոնն էր, բայց թե ոնց պետք է հասնեի բարձր պաշտոնին, պատկերացում չունեի… Արդյունքում՝ ունակ չէի ծառայելու որևէ մեկին, որևէ մի տեղ։
ՍԱՇԱ — Գնայիր, բանակում ծառայեիր։
ԱՆԾԱՆՈԹ — (դառն ծիծաղում է): Բանակո՞ւմ… Մարդու ամենաթանկ բանը առողջությունն է, բայց ինձ դժբախտ էի զգում, որ առողջ եմ, քանի որ մահու չափ վախենում էի բանակից։ Ծնողներս, իհարկե, համամիտ էին ինձ հետ և ընթացիկ պարտքերը դեռ չմարած՝ քաղաքից դուրս գտնվող մեր հողամասը վաճառեցին, որտեղ ամեն տարի աշխատում էին, կայուն բերք էինք ունենում։ Էնտեղ մինչ օրս էլ ապրում են մանկությանս լավ հուշերը… Հիվանդանոցի տնօրենին մեծ գումար վճարեցին ու ես դարձա «անբուժելի հիվանդ». փաստաթուղթն արդեն բավարար ուժ էր, որ երբեք զինվոր չդառնայի։
ՍԱՇԱ — (զարմացած ու վախեցած): Ավելի լավ է՝ մի շարունակիր։ Պատմությունդ ինձ դուր չի գալիս։
ԱՆԾԱՆՈԹ — Ինչի՞, ինձ էլ թվում էր՝ հազիվ գտել եմ մեկին, ում առաջ սիրտս կդատարկեմ։
ՍԱՇԱ — Լավ, լավ։ Պատմիր։
ԱՆԾԱՆՈԹ — Էդպես սպասեցի բարձր պաշտոնին, լավ ընկերներին, շքեղ առանձնատանն ու մեքենային, հավատարիմ ու գեղեցիկ կնոջը, հրաշք երեխաներին, որոնց էդպես էլ չունեցա, որովհետև միայն սպասում էի։ Շուրջս բոլորն աշխատում և ապրում էին՝ ով ոնց կարողանում էր։ Շփվում էին, ամուսնանում էին, երեխաներ էին ունենում, պահում և մեծացնում նրանց, ապրում համերաշխ ու երջանիկ… Ես էլ հույսս միայն հորս ու մորս վրա էի դրել, բայց նրանք արդեն ծերացել էին։ Անկեղծ սիրում էի ծնողներիս, բայց սիրտս պայթում էր՝ հասկանալով, որ ինձ մեծացրել են որպես գեղեցիկ ու խնամված մի մեքենա, որ ունակ չէ գործելու… Մորս սարքած ելակով տորթն եմ ուզում…
ՍԱՇԱ — Կլինի՞ մոռանաս էդ տորթի մասին։ Բա մեքենան ինչի՞ չէր գործում։
ԱՆԾԱՆՈԹ — Որովհետև շարժիչ չէին ներդրել։ Թվում էր, թե աշխարհի ամենաանճարակը ես եմ: Որևէ գործ անելու մասին մտածելիս ոսկորներս ցավում էին անկարողության զգացումից։ Իսկ վախե՜րս… անվերջանալի վախերս գործերից, մարդկանցից, այն ամենից, որ ինձ կխանգարեին… (Երկար հազում է:)
ՍԱՇԱ -Կխանգարեի՞ն։
ԱՆԾԱՆՈԹ — Հա, կխանգարեին իմ հարմարավետության գոտուն։ Լսե՞լ ես դրա մասին։
ՍԱՇԱ — Մի քիչ։ Ամուսնացա՞ծ ես։ Կին, երեխաներ ունե՞ս։
ԱՆԾԱՆՈԹ — Ոչ մի աղջիկ չուզեց հետս մտերմանալ:
ՍԱՇԱ — Ինչի՞։
ԱՆԾԱՆՈԹ — Ոչ մեկին չէի կարողանում սիրել։
ՍԱՇԱ — Էդքան դժվա՞ր է սիրելը։
ԱՆԾԱՆՈԹ — Սիրելու համար պետք է զոհաբերվել, ինչին ունակ չէի…
ՍԱՇԱ — Հըմ, ցավալի է։
ԱՆԾԱՆՈԹ — Կյանքն ինձ համար դժոխք դարձավ։ Շատ էի ուզում ինչ-որ բան փոխել, գոնե ծնողներիս վերջին տարիները երջանկացնել… Ուրիշ խնդիրներ էլ կային։ (Հազում է):
ՍԱՇԱ — Ի՞նչ խնդիրներ։
ԱՆԾԱՆՈԹ — Երբ ամեն ինչ պատրաստի ես ուզում, գլխիդ միայն պարտքեր են կուտակվում։
ՍԱՇԱ — Բոլորս էլ պարտքեր ունենք։
ԱՆԾԱՆՈԹ — Իրական երջանկությունը ստեղծում են, ոչ թե գնում։
ՍԱՇԱ — Դու երևի խելացի մարդ ես։
ԱՆԾԱՆՈԹ — Կարող եմ էսպես ժամերով խոսել, բայց միայն խոսել… ո՞ւմ է պետք։ (Սաշան հազում է։) Դո՞ւ ինչի ես հազում։
ՍԱՇԱ — Ծանր հոտ է գալիս սենյակից։
ԱՆԾԱՆՈԹ — Ինձանից է։ Վաղուց չեմ լողացել։
ՍԱՇԱ — (հեռախոսի էկրանին ժամն է նայում)։ Պատմությունդ վերջացա՞վ։
ԱՆԾԱՆՈԹ — Չէ։ Հետո հայրս մահացավ։ Մի տարի առաջ էլ մորս թաղեցի. վրան կուշտ լաց եղա, մենակ մնացի։ Ծախեցի ինձ մնացած միակ սեփականությունը՝ հայրական տունս, որպեսզի շարունակեի գոյությունս քարշ տալ։ Փողերն էլ վերջացան, մնացի դրսում, դարձա մուրացկան, վրայիցս սկսեց գարշահոտ փչել… Իսկ վերջերս նոպաներ էի ունենում, վնասում էի մարդկանց… Վերջը… մի տարի առաջ ինձ բերեցին էս հիվանդանոցը…
Լռություն։
ԱՆԾԱՆՈԹ — (հառաչում է)։ Ելակով տորթ… ելակով տորթ…
Լռություն։
ՍԱՇԱ — Ասում են՝ ուժեղ կամքը կարող է պատը ջարդել։
ԱՆԾԱՆՈԹ — Շատ կամքեր ծնվեցին իմ ներսում, բայց չապրեցին…
ՍԱՇԱ — Ինչի՞։
ԱՆԾԱՆՈԹ — Նրանց սպանեց ներսումս ապրող հրեշը։ Նա սիրում է խժռել կամք-նորածիններին։
ՍԱՇԱ — Հրե՞շը։
ԱՆԾԱՆՈԹ — Հա։ Սկզբում որդ էր, որ էնքան սնվեց եսասիրությամբ, մինչև վերածվեց հրեշի։ Նա միայն քնել և խժռել գիտի։
ՍԱՇԱ — Հոգեբանի դիմե՞լ ես։
ԱՆԾԱՆՈԹ — (բորբոքված): Ինչի՞ համար դիմեմ։ Որ խոսեն ի՞նձ հետ։
ՍԱՇԱ — Բա ո՞ւմ հետ խոսեն։
ԱՆԾԱՆՈԹ — Հրեշի։ Աշխարհում ամենաշատը նրան եմ ենթարկվում՝ հոգով ու մարմնով. նա կերել է ողնաշարս։
ՍԱՇԱ — Բայց ո՞նց խոսեն նրա հետ։
ԱՆԾԱՆՈԹ — Պետք է իմ ներսում ապրեցնեն նրանից ուժեղ մեկին, բայց ո՛չ նորածնի, հասկանո՞ւմ ես, ո՛չ նորածնի։
Սաշան վեր է կենում, արագ գնում դեպի դուռը։
ԱՆԾԱՆՈԹ — Ոչ մեկին պետք չի կանչել։
ՍԱՇԱ — Բայց քեզ վատ ես զգում:
ԱՆԾԱՆՈԹ — Արդեն լավ եմ… Նա անձեռնմխելի է։
ՍԱՇԱ — (վերադառնալով նստում է մահճակալին։) Ո՞վ։
ԱՆԾԱՆՈԹ — Հրեշը։
ՍԱՇԱ — Միայն չասես, թե նրան սատանան է հովանավորում։
ԱՆԾԱՆՈԹ — (դառն քմծիծաղում է)։ Սատանան չէ, ծնողներս։
ՍԱՇԱ — Ծնողնե՞րդ։
ԱՆԾԱՆՈԹ — Հա… չգիտակցելով։
ՍԱՇԱ — Ծնողների՞դ ես մեղադրում։
ԱՆԾԱՆՈԹ — Հիմա ամենաշատը նրանց կարիքն ունեմ, նրանց եմ կարոտում։ Դա իմ ներքին բողոքն է նրանց հանդեպ, իմ ներսի լացը… Ոչ ոք չունեմ կյանքում…
Սաշան վեր է կենում տեղից, բայց հիշելով, որ պետք չէ, նորից նստում է մահճակալին։
ԱՆԾԱՆՈԹ — Է՛խ, երանի քսան տարի առաջ լիներ՝ 2014 թվականը։ Ուրիշ կերպ կապրեի, էս դժոխքի միջով չէի անցնի։ Իմ ապրելն ո՞ւմ է պետք։
ՍԱՇԱ -Ի՞նչ…
ԱՆԾԱՆՈԹ — Սխա՞լ եմ։ Ո՞ւմ է պետք ապրելս։
ՍԱՇԱ — Չէ, չէ։ Ասացիր՝ ո՞ր թվականը լինի։
ԱՆԾԱՆՈԹ — 2014։
ՍԱՇԱ — (հեգնանքով)։ Ինչի՞, հիմա ո՞ր թվականն է։
ԱՆԾԱՆՈԹ — Իբր չգիտե՞ս։ 2034։
ՍԱՇԱ — Ձե՞ռ ես առնում։
ԱՆԾԱՆՈԹ — Ոնց որ դու ես ինձ ձեռ առնում։ Իբր վրաս ծիծաղողները քիչ էին։ Է՜խ, Սաշա, ապրելդ իրոք անիմաստ է…
ՍԱՇԱ — Ո՞ւմ ապրելն է անիմաստ։ Չհասկացա, սպառնո՞ւմ ես։
ԱՆԾԱՆՈԹ — Ջահել ջան, կլինի՞ ինձ հանգիստ թողնես։ Քեզ ո՞վ բան ասաց։ Ինքս ինձ եմ ասում։
ՍԱՇԱ — Քո անունն է՞լ է Սաշա։
ԱՆԾԱՆՈԹ — Հա։
ՍԱՇԱ — (այլայլված)։ Ինձ լավ չեմ զգում։
ԱՆԾԱՆՈԹ — Քե՞զ ինչ եղավ։
ՍԱՇԱ — Լսիր, նախկինում հանդիպե՞լ ենք։ Ձայնդ ծանոթ է ինձ։
ԱՆԾԱՆՈԹ — Չգիտեմ։ Մութ է, դեմքդ չեմ տեսնում։ Մոտ արի։
Սաշան վեր է կենում, մոտենում անծանոթին՝ հեռախոսի էկրանի նվազ լույսն ուղղելով նրա դեմքին։ Հանկարծ ճչում է, հեռախոսը շպրտում հատակին ու վազում դեպի դուռը։
Բեմը մթնում է։ Լսվում է Սաշայի սարսափահար գոռգոռոցները, դռան շրխկոց, ապա՝ խառը ոտնաձայներ։ Խառնաղմուկ է։
Սենյակի լույս վառում է Գյուլնարան, նրա կողքին Կլարան է։ Երկուսով զարմացած նայում են այլայլված Սաշային։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Ի՞նչ է պատահել, տղա ջան։ Ո՞ւր էիր փախչում։
ՍԱՇԱ — (նայում է մյուս մահճակալի կողմը՝ դատարկ է): Չգիտեմ… Ուզում եմ գնալ էստեղից։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Չե՞ս համբերում։ Վատ երա՞զ ես տեսել։ (Կլարային.) Վախեցած է։ (Կլարան գլխի շարժումով հաստատում է:)։
ՍԱՇԱ — (փորձելով զգաստանալ)։ Չէ, չէ, արթուն էի…
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Կուզե՞ս՝ քույրերից մեկը մնա քեզ մոտ։
ՍԱՇԱ — Կարիք չկա։ Ինձ ճիշտը կասե՞ք, էս հարկում հիվանդներ կա՞ն…
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Միայն դու ես ու մենք։ Ուրիշ ոչ ոք չկա։ (Երկիմաստ նայում է Կլարային:)
ԿԼԱՐԱ — Պառկիր, փորձիր քնել։ Լույսը բացվելուն քիչ է մնացել։
ՍԱՇԱ — Չեմ կարողանում քնել։ (Նստում է իր մահճակալին։ Գյուլնարան և Կլարան ուզում են դուրս գնալ:) Մի բան էլ հարցնեմ, հա՞։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Հարցրու։
ՍԱՇԱ — (անվստահ)։ Հիմա ո՞ր թվականն է։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — 2014։ Մոռացե՞լ ես։
ՍԱՇԱ — Լավ։ (Պառկում է, թաքնվում վերմակի տակ:)
ԳՅՈՒԼՆԱՐԱ — (կամացուկ քաշում է Կլարայի թևից, գնում են դռան մոտ, կամաց)։ Ջանիկս, սրան աչքիս քնաբեր տանք։ Հաբերը պահարանիս ամենաներքևի դարակում են։ Մի հատ վերցրու, բեր, տուր սրան։ Կասես՝ հանգստացնող հաբ է։ Ես քույրերի սենյակում եմ…
ԿԼԱՐԱ — (մեղավոր դեմքով)։ Բայց…
Գյուլնարա Սուրենովնա, նրան արդեն քնաբեր եմ տվել։ Ինքն էր ուզել… Չէի ուզում ձեզ անհանգստացնել։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Ե՞րբ ես տվել։
ԿԼԱՐԱ — Երեկոյան։ Կներեք։
Գյուլնարա Սուրենովնա… Ուղղակի մի բան էլ…
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Ի՞նչ…
ԿԼԱՐԱ — Նոր ասացիք, որ քնաբերը վերջին դարակում է՝ ամենաներքևի: Բայց նախավերջին դարակից եմ դրանք վերցրել…
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Միամի՛տ… Էստեղ են ասել՝ ծանոթիդ համար մի միջնորդիր, որ գործի վերցնեն։ Նախավերջին դարակում հոգեմետ դեղերն են։
ԿԼԱՐԱ — (վախեցած)։ Վա՜յ, մամա ջան։ Հիմա ի՞նչ եմ անելու…
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Հանգստացի՛ր։ Ոչ մեկին չպատմես «հերոսությանդ» մասին։ Էդ էր պակաս, որ Սիսակյանի առաջ գլուխս կախեմ։
Դուրս են գնում։
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Համլետի աշխատասենյակը։ Համլետը նստած է իր տեղում, ձեռքով շոյում է մորուքը, քթի տակ դնդում է։ Դռան թակոց։
ՀԱՄԼԵՏ — Մտեք։
Ներս է մտնում Սաշան։
ՀԱՄԼԵՏ — Հա, դո՞ւ ես։ Նստիր ու սպասիր, տղա ջան։ Հիվանդությանդ փաստաթուղթն արդեն պատրաստ է։
ՍԱՇԱ — Էդ թուղթն ինձ պետք չէ։
ՀԱՄԼԵՏ — (անակնկալի գալով)։ Ո՞նց…
ՍԱՇԱ — Էդպես։
ՀԱՄԼԵՏ — Տղա՛ ջան, գիշերը նորմա՞լ է անցել։
ՍԱՇԱ — Հա, շատ նորմալ։
ՀԱՄԼԵՏ — Ուրեմն… գնում ես բանա՞կ։
ՍԱՇԱ — Հա։ Ես առողջ եմ։
ՀԱՄԼԵՏ — Երեկ չգիտեի՞ր, որ առողջ ես։
ՍԱՇԱ — Երեկ ուրիշ էր։
ՀԱՄԼԵՏ — Ես պայմանավորվել եմ ծնողներիդ հետ։
ՍԱՇԱ — Նրանք ինձ կհասկանան։
ՀԱՄԼԵՏ — Չեմ հասկանում, սա ձեզ համար հիվանդանո՞ց է, թե՞ մանկապարտեզ։ (Վերցնում է հեռախոսը:) Հիմա կճշտեմ, թե ինչ է եղել։
Դռան թակոց։
ՀԱՄԼԵՏ — (դեռ բարկացած է)։ Մտե՛ք։
Ներս են մտնում Գերասիմն ու Կատյան։
ԿԱՏՅԱ — Սաշուլ ջա՜ն, արդեն էստե՞ղ ես, ցավդ տանե՜մ։ (Գրկում է Սաշային:)
ԳԵՐԱՍԻՄ — Տղա ջա՞ն… գիշերը չենք քնել, մերդ ողբ էր դրել, թե Սաշուլս հիմա ոնց է, հա ոնց է։ (Գրկում է որդուն:) Ո՞նց պիտի լինի, այ կնիկ։ Հրես՝ ողջ-առողջ կանգնած է։
ՍԱՇԱ — Լավ եմ։
ԳԵՐԱՍԻՄ — Դոկտո՛ր ջան, ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Հիմա կարո՞ղ ենք գնալ։
ՀԱՄԼԵՏ — (հեռախոսը մի կողմ դնելով)։ Կարող եք, բա ո՜նց… Որ իմանաք՝ ձեր որդին ինչ է մոգոնել…
ԳԵՐԱՍԻՄ — Ի՞նչ է մոգոնել։
ԿԱՏՅԱ — Վա՛յ, քոռանա՜մ ես։ Ի՞նչ է եղել։
ՀԱՄԼԵՏ — Բանակ է գնում։
ԿԱՏՅԱ — Վա՛յ, ի՞նչ է ասում… (Թուլանում է, ընկնում Գերասիմի վրա:)
ԳԵՐԱՍԻՄ — Ա՛յ կնիկ, դե հանգստացի՛ր։ (Ետ է հրում կնոջը:) Այսինքն՝ ո՞նց է գնում։
ՀԱՄԼԵՏ — Ես չգիտեմ։ Թող ինքն ասի։
Ակնապիշ նայում են Սաշային:
ՍԱՇԱ — Հա՛, դոկտորը ճիշտ է ասում։ Որոշումս փոփոխման ենթակա չէ։ Ու հերի՛ք է դողաք ինձ վրա, ես ձեզ համար երեխա չեմ։ Ու լացուկոծ չլսեմ… Չեմ ուզում էն անողնաշար հոտածը լինել, չե՛մ ուզում…
ԳԵՐԱՍԻՄ և ԿԱՏՅԱ — Ի՞նչ ես խոսում։
ՍԱՇԱ — Արդեն ասացի։ Հանգի՛ստ թողեք ինձ։
ԿԱՏՅԱ — (լացակումած)։ Ցավդ տանեմ, քեզ վա՞տ ենք պահել-մեծացրել։ Որոշումդ փոխիր, մեռնեմ ջանիդ։ Որ գնանք տուն, ի՞նչ ես ուզում, որ քեզ համար սարքեմ։ Քյուֆթա՞… Կուզե՞ս ելակով տորթ սարքեմ:
ՍԱՇԱ — (հիստերիկ): Չէ՛… զզվում եմ էդ ելակով տորթից:
ԿԱՏՅԱ — Ի՞նչ եղավ, ա՛յ տղա ջան, երեկ սիրում էիր:
ՍԱՇԱ — Արդեն չեմ սիրում:
ԿԱՏՅԱ — (Համլետին): Ի՞նչ եք արել որդուս հետ։
ՀԱՄԼԵՏ — (բարկացած)։ Ի՞նչ ենք արել։ Ամեն ինչ արել ենք, որ իրեն լավ զգա։ Սա էլ շնորհակալությո՞ւնն է…
ՍԱՇԱ — Դոկտո՛ր, ձեզ իսկապես շնորհակալ եմ… Մա՛մ, պա՛պ, վերջ։ Վերցրեք փողը, գնանք էստեղից։ Էդ փողով պարտքերը կմարեք։ Բանակից էլ կգամ ու աշխատանք կգտնեմ։ Ամեն ինչ լավ է լինելու, հավատացե՛ք։ Միջանցքում կսպասեմ։ (Դուրս է գալիս:)
Գերասիմն ու Կատյան զարմացած նայում են Համլետին:
ԳԵՐԱՍԻՄ — Դոկտոր ջան… դե, փողը վերցնենք, քիչ փող չէ… Կներեք մեզ…
ԿԱՏՅԱ — Սպասի՛ր, Գերա՛ս։ Երեխա է, չի հասկանում…
ԳԵՐԱՍԻՄ — Սո՛ւս, քեզնից լավ է հասկանում։
ՀԱՄԼԵՏ — (դարակից հանում է ծրարը)։ Պետք է փողի կեսը վերադարձնեի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, բայց… ձեր որդին ճիշտ որոշում է կայացրել։ (Ծրարը մեկնում է Գերասիմին:)
ԳԵՐԱՍԻՄ — Կներեք մեզ, դոկտո՛ր, կներեք։ (Կատյայի հետ դուրս է գնում:)
Համլետը նայում է նրանց ետևից։ Դեմքին և՛ զարմանք կա, և՛ ափսոսանք, և՛ հանգստություն: Դռան թակոց։
ՀԱՄԼԵՏ — Ներս եկեք…
Ներս է մտնում Գյուլնարան։ Թղթեր է դնում սեղանին։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Հիմա ձեր սուրճը կբերեմ, դոկտոր։ (Ուզում է դուրս գնալ:)
ՀԱՄԼԵՏ — Չեմ հասցնի, պետք է նախարարություն գնամ։ Սպասիր… Գիշերը նորմա՞լ է անցել։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Մի արտառոց դեպք ունենք։
ՀԱՄԼԵՏ — Օրն արտառոց դեպքերով է սկսվել… Ի՞նչ է եղել։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Ալեքսանդրը նորից փախել է իր սենյակից։ Տեսախցիկն է ֆիքսել։
ՀԱՄԼԵՏ — 508-ի հիվա՞նդը, որ ամբողջ օրը ելակով տորթ է ուզում։
ԳՅՈՒԼՆԱՐԱ — Հա։ (Համլետը երկիմաստ ծիծաղում է։) Խելառի մեկն է։ Հիմա էլ սուսուփուս քնած է, ստուգել ենք:
ՀԱՄԼԵՏ — Նրա համար ելակով տորթ պատվիրեք, որ արթնանա, ուտի։ (Գնում է դեպի դուռը:)
ԳՅՈՒԼՆԱՐԱ — (զարմացած): Իրո՞ք։
ՀԱՄԼԵՏ — Հա։ Նրա շնորհիվ մի զինվոր ավել կունենանք։
Դուրս են գնում։