Անահիտ ԱՐՓԵՆ/ ԿԱՑԱՐԱՆ

Անահիտ ԱՐՓԵՆԻ «ԿԱՑԱՐԱՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

Տեսարան առաջին. Սրճարան

ԿԻՆ — Ներեցեք, այստեղ կարո՞ղ եմ նստել:

ՊՈԵՏ — Այո, խնդրեմ:

ԿԻՆ — Շնորհակալ եմ: (Նկատում է ազատվող կողքի սեղանը, նստում է:)

ՍՊԱՍՈՒՀԻ — (սրբելով սեղանը): Համեցեք, խնդրեմ: Ի՞նչ կկամենաք:

ԿԻՆ — Պաղպաղակ:

Լռություն:

ՊՈԵՏ — Կուզե՞ք՝ զրուցենք:

ԿԻՆ — Ասելիք չունեմ:

ՊՈԵՏ — Ժամանակն անցնի…

ԿԻՆ — Արդե՛ն անցել է:

ՊՈԵՏ — Կարծում եք՝ չի՞ գա:

ԿԻՆ — (հանգիստ): Կարծեմ՝ չի եկել:

ՊՈԵՏ — Մի՛ շտապեք գնալ…

ԿԻՆ — Դուք ի՞նչ կապ ունեք:

ՊՈԵՏ — Չգիտեմ, թե՝ ինչ: Կապեր չեմ սիրում: Քմծիծա՞ղ տվիք: Հեգնելու բա՞ն կա…

ԿԻՆ — Կապեր չեք սիրում, բայց կապ եք ստեղծում:

ՊՈԵՏ — Նկատի ունեք ձեզ հետ խոսե՞լս:

ԿԻՆ — Հա, երևի դա:

ՊՈԵՏ — Տխուր եք: Ինչո՞ւ:

ԿԻՆ — Պատճառներ շատ կան:

ՊՈԵՏ — Չեմ ուզում՝ տխրեք:

ԿԻՆ — (հոգնած): Դե, հանգիստ թողեք:

ՊՈԵՏ — Էդ դո՛ւք ինձ թողեք… որ հանգիստ մնամ: Երկու ժամ այստեղ թող չնստեիք՝ չէի նկատի:

ԿԻՆ — 0՜, Տեր իմ Աստված…

ՊՈԵՏ — …«գժերն ինձանից անպակաս են», հա՞: Աստծո հետ գործ չունես:

ԿԻՆ — Ինչե՜ր եք ասում:

ՊՈԵՏ — Ի՞նչ պիտի ասեմ: Լավ չսպասեցիք, ու նա էլ չեկավ: Համաձայն չե՞ք, չէ՞… ներեցեք: Նորից սկսեմ ասածս: Մարդու եք սպասում, հասկացանք, պարզ է: Իսկ նա չի եկել… Սպասում էիք, չէ՞… Ո՞ւմ էիք սպասում:

ԿԻՆ — Ձեզ էի սպասում: Համոզիչ չէ՞ր, չէ՞: Ներեցեք: Նորից սկսեմ ասածս: Սպասում էի՝ ոչ… դա իմ գործն է, հա՞: Հիմա ես արդեն գնալ եմ ուզում: Կարելի է, չէ՞:

ՊՈԵՏ — Եվ հաճա՞խ եք ինձ այստեղ սպասում:

ԿԻՆ — Ոչ այնքան հաճախ, որ արդեն փորձեք անգիր անել ինձ:

ՊՈԵՏ — Ուրիշի գլխում միշտ թափառում է խարխափող մի միտք: Ի՞նչ գույն եք սիրում:

ԿԻՆ — Իսկ դո՞ւք:

ՊՈԵՏ — Թափանցիկ:

ԿԻՆ — Իսկ ծաղիկների՞ց…

ՊՈԵՏ — Ժպտացողներին:

ԿԻՆ — Ծառերի մասին մի բան էլ ասեք:

ՊՈԵՏ — Բարդի եմ սիրում:

ԿԻՆ — …Սլացողների՛ն:

ՊՈԵՏ — Սլացողին՝ հա, հեռացողին՝ ոչ: Ներկայանամ ձեզ՝ պոետ եմ, երգիչ:

ԿԻՆ — Պոետ եք, երգի՞չ…

ՊՈԵՏ — Իսկ ձեզ թվաց… թե՞…

ԿԻՆ — Դե, որ այդպես է…

ՊՈԵՏ — Ասեք, իմանամ:

ԿԻՆ — Երևի պետք չէ:

ՊՈԵՏ — Ներեցեք… եթե ես ձեզ ձանձրացրի:

ԿԻՆ — Ա՜ա՜ա՜ա… (Հեռանում է:)

 

Տեսարան երկրորդ. Պարասրահ

ԿԻՆ — Ա՜ա՜ա՜ա՜…

ՊՈԵՏ — (մոտենալով): Ուզում եք ասել, որ չեք նեղացել: Ողջույն, ինչպե՞ս եք:

ԿԻՆ — Գուցե վատ չեղավ, որ հանդիպեցինք, բայց ես ոչինչ էլ չեմ ուզում ասել:

ՊՈԵՏ — Իսկ ես կասեի՝ շատ էլ լավ եղավ, որ հանդիպեցինք… Ես և… աչքերդ:

ԿԻՆ — Ու դուք սիրեցիք նրանց՝ աչքերս:

ՊՈԵՏ — Իսկ մնացածը՝ աչքերից հետո: (Հեռանում է:)

ԿԻՆ — (ինքն իրեն): Օ՜ֆ, ա՛յ քեզ կրակ:

ՊԱՐԸՆԿԵՐ — (պարի հրավիրելով): Ո՞վ է:

ԿԻՆ — (պարելով): Չգիտեմ: Անսովոր է, բայց… և խելացի:

ՊՈԵՏ — (պարի հրավիրելով ուրիշ մեկին): Ես անկեղծ եմ միշտ:

ԿԻՆ — Ձևացնում է…

ՊՈԵՏ — …Ոչ: Ես կարիք չունեմ կեղծելու ոչինչ:

ՊԱՐԸՆԿԵՐՈՒՀԻ — Ո՞վ է:

ՊՈԵՏ — Չգիտեմ: Բայց անսովոր ու խելացի կին է:

ԿԻՆ — Հնարավոր է՝ խելացի է, կամ… Խորամանկ է ու ձևերը գիտի:

ՊԱՐԸՆԿԵՐ — Գուցե և՝ այո, գուցե՝ բնավ ոչ:

ԿԻՆ — Բայց նա շատ զուսպ է պոետի համար:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ է, վատ է, հա՞:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Չէ, վատ չի, բայց ես ինչպե՞ս իմանամ, թե ի՛նչ մարդ ես դու:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Ինչ էլ որ լինեմ, հենց ճանաչեցիր, էլ չես ուզենա կրկին ինձ տեսնել:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Էլ ի՞նչ ճանաչեմ… Պոետ չե՞ս, երգի՜չ:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Պոետ եմ, երգիչ՝ դժվար կլինի:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Իսկ ո՞վ է ասել՝ հեշտ պիտի լինի: Քո սրաթափանց հայացքը արդեն…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — …Շատ բան է ասում քո խոժոռ դեմքի՞ն:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Այո… ես գիտեմ, որ գեղեցիկ չեմ:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Եվ ոչ էլ տգեղ: Այդ էլ գիտես, չէ՞:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Իհարկե, գիտեմ:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Խենթ ես դու հաստատ:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Շատերը այստեղ…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Չեմ սիրում սրանց՝ սարսափահար են, թույլ ու «խղճացող», ահաբեկված են իրենց իսկ բախտից ու շուտ խեղճացող:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — 0՜, Տեր իմ Աստված, բայց ես եմ այդպես…

ՊԱՐԸՆԿԵՐ — Ինչո՞ւ կանգնեցիր, չե՞ս ուզում պարել:

ԿԻՆ — Ներիր, հոգնեցի: Դու գնա, պարիր:

ՊՈԵՏ — (մոտենալով): Թույլ տվեք, մադա՛մ: (Պատասխան չստանալով:) Ինչպես կամենաք:

ԿԻՆ — (տագնապելով): Սպասեք, խնդրում եմ: Դեռ մի գնացեք:

ՊՈԵՏ — (զգույշ): Հանգիստ չեք ինչ-որ… Պարո՞ւմ եք, թե՞ ոչ: Բան չեմ հասկանում:

ԿԻՆ — Դուք հաղթեցիք ինձ:

ՊՈԵՏ — Ես չէի կռվում:

ԿԻՆ — (պարելով): Դուք… չե՞ք վախենում:

ՊՈԵՏ — Ինչի՞ց: Չգիտեմ… չէ՛, չե՛մ վախենում:

ԿԻՆ — Ես վախենում եմ: (Դադարեցնելով պարը:) Եվ՝ ամեն ինչից:

ՊՈԵՏ — Նորից ի՞նչ եղավ: Ինչի՞ն եք նայում: (Կատակի տալով:) Սրանք հագուստ են, իսկ սրանք՝ կոշիկ: Աչքե՛ր, քի՛թ, բերա՛ն, ականջնե՞ր… փոքրի՜կ: Հասակս վատ չէ, տեսքս տհաճ չէ, կասեի՝ դեռ թարմ: Ուժս կպատի դեռ էլի պարել: Խոչընդո՞տ… չկա: Հը՞, առաջ գնա՞նք: Լա՜վ, ի՞նչ եք կանգնել… գոնե ժպտացեք: Ահա, այ այդպես: Չշարժվե՛ք: (Իբր լուսանկարում է:) О՜-պա: Լավ ժպիտ ունեք: Կարող եք շարժվել… Հոգիս, հա՞րց ունեք:

ԿԻՆ — Այո: Այն էլ՝ շատ:

ՊՈԵՏ — Խնդրեմ, համեցեք:

ԿԻՆ — Պարը վերջացա՞վ:

ՊՈԵՏ — Դիմակահանդես-մարդահանդե՞սը: Դեռ չի վերջացել: Ի՞նչ բերեմ՝ խմեք:

ԿԻՆ — Չգիտեմ, թե՝ ինչ:

ՊՈԵՏ — (ակնարկելով բազմությանը): Սրանք անհաջող խմիչք են, հաստա՛տ: Հիշե՛ք, չնայեք, չժպտաք դրանց:

ԿԻՆ — Ես հասկանում եմ, հո երեխա չե՞մ: Չգիտեմ նույնիսկ, թե ձեզ ի՛նչ ասեմ…

ՊՈԵՏ — (հեռանալով): Մի վիրավորվեք, ասածս հիշեք ու սրանց երբեք դուք «այո» չասեք:

ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ — Ջանիկս, բարև:

ԿԻՆ — Ներեցեք, ո՞վ եք:

ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ — Երջանիկ եմ ձեզ տեսնելուս համար:

ԿԻՆ — Զգացված եմ, պարոն: Բարև ձեզ: (Պոետին.) Սպասի՛ր:

ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ — Թույլ տուր ուղեկցեմ՝ ուր որ կամենաս:

ԿԻՆ — Մենք… բար ենք գնում:

ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ — (կիսաշշուկով): Շատ գեղեցիկ ես պարում դու, գիտե՞ս:

ԿԻՆ — (հուսախաբ): Այո՜… սիրում եմ… Ողջո՜ւյն, աղջիկներ, շատ լավ երգեցիք:

ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐ — Ողջո՜ւյն: Ինչպե՞ս ես:

ԿԻՆ — Լավ եմ, փա՛ռք Աստծո:

ՊՃՆԱՄՈԼ ՏՂԱՄԱՐԴ — (շտապելով երգչուհիների ետևից): 0՜, շատ սիրունիկ ծանոթներ ունես…

ԿԻՆ — (նայելով պոետի ձեռքում մնացած բաժակներին, փորձում է թաքցնել շփոթությունը): Ներեցեք, կարծեմ մեզ ընդհատեցին… Ի՞նչ էի ասում… որ… հիմար բան է հանդուրժել կողքիդ անծանոթ մարդո՞ւ…

ՊՈԵՏ — Ե՞ս եմ դա ասում: (Խմում է:) Ներեցեք, օրիո՛րդ, դուք չե՞ք շփոթում… չէ՞ որ ես միայն…

ԿԻՆ — Դուք ի՞նչ… դուք միայն…

ՊՈԵՏ — Փորձեցի լռել ես համեստորեն:

ԿԻՆ — Դո՞ւք… համեստորե՞ն:

ՊՈԵՏ — (երկրորդ բաժակն էլ խմելով): Համեստ չէ՞ր արդյոք իմ վարքագիծը:

ԿԻՆ — Պոետը՝ համե՜ստ… Մեծամիտ են միշտ ու նաև՝ անգործ:

ՊՈԵՏ — Մեր գործն ուրիշ է:

ԿԻՆ — Գործը միշտ գործ է:

ՊՈԵՏ — Տեսնում եմ՝ արդեն կարիքս չունեք: Դե՜հ, մնաք բարով:

ԿԻՆ — Գնո՞ւմ եք, ի՛նչ է:

ՊՈԵՏ — Ոչ թե գնում եմ, այլև չեմ գալիս:

ԿԻՆ — Նեղացրի ձեզ, հա՞… Արդեն մթնում է:

ՊՈԵՏ — Ես կուղեկցեմ տուն, երբ գնալ ուզեք:

ԿԻՆ — Շնորհակալ եմ:

ՊՈԵՏ — Բայց մարդ տեսնելիս ձեզ մի կորցրեք:

ԿԻՆ — Ախ, դա շատ բարդ է:

ՊՈԵՏ — Բարդ է, թե բարդ չէ, դու պիտի զգաս, թե ի՛նչ ես ուզում և ընտրես հենց այդ: Ու որ իմանաս, թե ո՛ւր ես գնում: (Բռնելով նրա ձեռքը:) Իսկ հետո կընտրես ինձ կամ էլ՝ նրանց:

ԿԻՆ — Ցավեցնում ես, թող… անհարմար է, թո՛ղ, մարդիկ կան…

ՊՈԵՏ — …Ո՞ւր են:

ԿԻՆ — Չգիտեմ՝ ուր են, բայց… բա ի՞նչ եղան:

ՊՈԵՏ — Դիմակահանդես-ցուցահանդես է: Շարունակվում է: Իսկ մարդիկ չկան ու չեն էլ եղել:

ԿԻՆ — Եղել են, թո՛ղ, կան… Նրանք էլ են մարդ ու հիմա կգան:

ՊՈԵՏ — Արի՛: Մարդիկ քեզ ցույց տամ ես հիմա: (Ուժով տանում է իր հետ: Նվագողներից խլում է բարձրախոսը:) Էհե՜յ, դո՛ւք, մարդի՛կ… Կարոտել են ձեզ: Դե եկե՜ք, գրկե՜ք: (Կնոջը հրում է դեպի ամբոխը:) Մարդ է, մա՛րդ, գրկե՛ք: (Կնոջը.) Նայիր, լա՛վ նայիր այս խաժամուժին, շուտ ծակն են մտնում, երբ թվում է, թե պիտի որ դուրս գան, իրենց մարդ զգան… Առանց ամբոխի երևի ապրես, ուզես թե չուզես: Մա՞րդ ես, մա՛րդ մնա:

ԿԻՆ — Չխփես, եկան:

ՊՈԵՏ — (նրան բարձրացնելով հատակից): Ներկայացում են եկել նայելու, ոչ թե՝ քեզ օգնեն:

ԿԻՆ — (բարձրախոսով): Օգնեցե՜ք, մարդի՛կ, շատ եմ խնդրում ձեզ: Լավն եք, ես գիտեմ:

ՊՈԵՏ — (բարձրախոսով): Օգնեցե՜ք, մարդի՛կ, շատ են խնդրում ձեզ:

ԿԻՆ — (բարձրախոսով): Օգնեցե՜ք, մարդի՛կ, որ չսպանի ինձ:

ՊՈԵՏ — (բարձրախոսով): Օգնեցե՜ք, մարդի՛կ, թե չէ կսպանեմ:

ԿԻՆ — (բարձրախոսը գցելով): Մարդի՜կ, ա՛յ մարդիկ…

ՊՈԵՏ — Ծպտուն չեն հանում, ուր մնաց՝ օգնեն:

ԿԻՆ — Թո՛ղ, մի՛ ստորացրու, փորձադաշտ չեմ, ա՜խ… Դու դաժան ես, չա՛ր:

ՊՈԵՏ — Հանդարտվիր, վե՛րջ տուր:

ԿԻՆ — Ես ատում եմ քեզ: Թո՜ղ, ատում եմ, թո՛ղ:

ՊՈԵՏ — Դաժան եմ, այո՛: Բայց՝ ոչ անարդար:

ԿԻՆ — Թո՛ղ, ասում եմ քեզ:

ՊՈԵՏ — Թողնում եմ, ընտրիր՝ ինձ կամ նրանց, վե՛րջ:

ԿԻՆ — Ընտրելու համար պիտի հասկանամ:

ՊՈԵՏ — Սրանց գիտես, չէ՞:

ԿԻՆ — Հա, գիտե՛մ, գիտե՛մ:

ՊՈԵՏ — Ինձ էլ իմացիր:

ԿԻՆ — Դու էլ ես մարդ: Ի՞նչ…

ՊՈԵՏ — Եվ պոետ, երգիչ:

ԿԻՆ — Եվ պոետ, երգի՜չ…

ՊՈԵՏ — Լավ, արի գնանք:

ԿԻՆ — Ո՞ւր գամ, չեմ ուզում: Ատում եմ… մարդկանց: Ես ատում եմ ձեզ:

ՊՈԵՏ — Լավ, հանգստացիր:

ԿԻՆ — Ես չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում, ու ոչ էլ գիտեմ, թե ի՛նչ եմ զգում:

ՊՈԵՏ — Սո՜ւս… գնանք:

ԿԻՆ — Գիտեմ, կատես ինձ:

ՊՈԵՏ — Ատե՞մ քեզ… ինչո՞ւ:

ԿԻՆ — Ես եմ մեղավոր:

ՊՈԵՏ — Անմեղ մարդ չկա:

 

Տեսարան երրորդ. Կացարան

ԿԻՆ — Սոված մեռար, դեռ շա՞տ ունես:

ՊՈԵՏ — (գրելր չընդհատելով): Բան չմնաց: Ի՞նչ ես եփել:

ԿԻՆ — Հիշո՞ւմ ես որ…

ՊՈԵՏ — Այո՛, այո՛, հիշում եմ դեռ… Այդ օրվանից միասին ենք, բայց թե ինչո՞ւ չենք բաժանվում:

ԿԻՆ — Ես քեզ ուրիշ բան եմ ասում…

ՊՈԵՏ — Տեր իմ Աստված, ինչպե՛ս է, որ չենք բաժանվում: Ալարո՞ւմ ենք:

ԿԻՆ — Ո՞ւր ես գնում, հաց չե՞ս ուտում:

ՊՈԵՏ — (շարժումներով բացատրում է):

ԿԻՆ — (սեղան գցելով): Դեռ կարող ենք մենք բաժանվել:

ՊՈԵՏ — Ուշ է արդեն և շատ է ուշ՝ սիրում եմ քեզ:

ԿԻՆ — Ո՞ւշ ես գալու:

ՊՈԵՏ — Դեռ չգիտեմ:

ԿԻՆ — Քեզ կուլ կտան:

ՊՈԵՏ — Կարևոր չէ՝ քո գիրկը կա:

ԿԻՆ — Էլ չե՞ս գնում:

ՊՈԵՏ — (սիրելով): Սո՛ւս, կգնամ… թող սիրեմ քեզ:

Պոետի գնալուց հետո Կինը հավաքում է թափթփված իրերը,

կարդում է գրասեղանի թղթերը: Հեռանում է:

 

Տեսարան չորրորդ. Կայարան

Գնացքները սլանում են: Պոետն ու Կինը լուռ են:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Մնա, մի՛ գնա:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Մի՛ թող, որ գնամ:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Ասա՝ չեմ գնում:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Ասա՝ մի՛ գնա:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Մնա, մի՛ գնա:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Տեր Աստված, խոսիր…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Դե, մի բան ասա:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Գնում եմ…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Մնա՛: Մնա՛, մի՛ գնա… Գնում ես՝ գնա՛:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Գնում եմ…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Գնա՛:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Գնացի…

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Գնաց…

 

Տեսարան հինգերորդ. Սրճարան

ՊՈԵՏ — Մեզ գինի բերեք:

ԸՆԿԵՐ — …Ոնց որ բոլորը՝ դու էլ նույնն արա:

ՊՈԵՏ — Ո՞ւմ համար, ինչո՞ւ: (Կիթառը սեղանին է դնում:) Եվ հետո, սա է իմ իմացածը:

ԸՆԿԵՐ — Էլի կերգես՝ բիզնեսից հետո:

ՊՈԵՏ — Երգն՝ ո՜ւր, բիզնեսն՝ ո՜ւր… Չէ, չէ, էդ ես չեմ:

ԸՆԿԵՐ — Հո չե՞ս մնալու շարքային երգիչ:

ՊՈԵՏ — Երգիչներին շարք չպիտի լինի:

ԸՆԿԵՐ — Պիտի՛, չպիտի՛… Դու տես, թե ի՛նչ կա:

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Խորոված, քյաբաբ, ապխտած երշիկ… էս էլ ձեր գինին:

ՊՈԵՏ — Վատ եք լսո՞ւմ, թե՞… վատ եք հասկանում:

ԸՆԿԵՐ — Դրեք, թող մնան:

ՊՈԵՏ — Տո, ձեր գինին էլ չեմ ուզում խմել:

ԸՆԿԵՐ — Թողեք, թող մնա:

ՍՊԱՍՈՒՀԻ — Ահա ձեզ գինի, համեցեք, պարոն:

ՊՈԵՏ — Դուք շատ բարի եք:

ՍՊԱՍՈՒՀԻ — Նա էլ է բարի:

ՊՈԵՏ — Քո հանդեպ՝ գուցե: Իսկ ինձ զայրացրեց:

ՍՊԱՍՈՒՀԻ — Մեր գործն է այդպես, դե՜… մի նեղացեք:

ՊՈԵՏ — Ուրիշ գործ չկա՞:

ՍՊԱՍՈՒՀԻ — Կա, շատ գործեր կան: Բայց սա էլ վատ չէ:

ՊՈԵՏ — Ասում է՝ վատ չէ: Ինչի՞ է նման. գինի եմ ուզում, տալիս եք քյաբաբ:

ՍՊԱՍՈՒՀԻ — Նա ասաց, որ մեծ երգիչ եք… հարկավ…

ՊՈԵՏ — Թե մեծ երգիչ եմ, մարդու տեղ դրեք, իսկ ձեր քծնանքից զայրույթս չանցավ:

ՍՊԱՍՈՒՀԻ — Ինչո՞ւ չեք ուզում հանդարտվել մի քիչ:

ՊՈԵՏ — Չգիտեմ ոչինչ…

ՍՊԱՍՈՒՀԻ — Դե լավ, ներեցեք:

ՊՈԵՏ — Կաց դեռ, մի՛ գնա: Գուցե դու ճիշտ էս, ինչո՞ւ եմ կոպիտ: Դու… պիտի դուր գաս ինձ, հա՞, երևի:

ՍՊԱՍՈՒՀԻ — Դա պարտադիր չէ:

ՊՈԵՏ — Նախընտրելի է: Հա՞, լավ կլինե՞ր:

ՍՊԱՍՈՒՀԻ — Նայած ճաշակի:

ՊՈԵՏ — Կխմե՞ս ինձ հետ:

ՍՊԱՍՈՒՀԻ — Չեմ հրաժարվի:

ՊՈԵՏ — Դու ի՞նչ ես խմում, հենց դրանից բեր:

ՍՊԱՍՈՒՀԻ — (կոկտեյլ սարքելով): Վաղորդյան ցողեր, փոքրիկ թիթեռներ, շա՜տ, շա՜տ ծաղիկներ ու նաև՝ ձիե՛ր…

ՊՈԵՏ — Սիրուն աղջիկը սազում է ձիուն:

ՍՊԱՍՈՒՀԻ — Կամ նա՝ աղջկան:

ՊՈԵՏ — Դու ո՞վ ես. պոռնի՞կ, թե՞ փիլիսոփա:

ՍՊԱՍՈՒՀԻ — Ձեզ համար… Ասենք՝ ով ինչ կամենա:

ՊՈԵՏ — (մտադիր է նվագակցել նրան): Քո հեքիաթն ասա:

ՍՊԱՍՈՒՀԻ — Պատմելու բան չի, դժվար էր…

ՊՈԵՏ — …Դըժ… (երգեցիկ) …վար: Հետո՞… Ի՞նչ եղավ: Դե լավ, մի՛ պատմիր, եթե չես ուզում:

ՍՊԱՍՈՒՀԻ — Շատ էի սիրում, բայց նա ինձ լքեց:

ՊՈԵՏ — Ինչո՞ւ թույլ տվիր, որ նա քեզ լքեր:

ՍՊԱՍՈՒՀԻ — Այնքան չսիրեց, որ չհեռանար:

ՊՈԵՏ — Թող չթողնեիր, որ նա հեռանար: Դու ես մեղավոր, եթե լքվել ես:

ՍՊԱՍՈՒՀԻ — Շատ հեշտ եք խոսում:

ՊՈԵՏ — Ո՛չ, հեշտ չեմ խոսում: Այդ ցավը գիտեմ: Դեռ չե՞ս մոռացել:

ՍՊԱՍՈՒՀԻ — Արդեն չգիտեմ:

ՊՈԵՏ — Դեռ չես մոռացել: Չես էլ մոռանա: Գալի՞ս է այստեղ:

ՍՊԱՍՈՒՀԻ — Չէ՛, Աստվա՜ծ չանի:

ՊՈԵՏ — Դու է՞լ ասացիր՝ ազատ ես, գնա, եթե կարող ես առանց ինձ ապրել:

ՍՊԱՍՈՒՀԻ — Հա՜, նման բաներ:

ՊՈԵՏ — Չափսոսաս երբեք ոչնչի համար:

ՍՊԱՍՈՒՀԻ — Այդպես է, քանզի ուրիշ ճար չկա:

ՊՈԵՏ — Տարբերությունը այնքան էլ մեծ չէ:

ՍՊԱՍՈՒՀԻ — Ներեցեք, պարոն, ես պետք է գնամ:

ՊՈԵՏ — Այո, իհարկե… շնորհակալ եմ:

ԸՆԿԵՐ — (ուտելով): Հը՞, ի՞նչ ես ասում:

ՊՈԵՏ — Կերդ կեր, ջանը՜մ:

ԸՆԿԵՐ — Անտաշ եկել ես, անտաշ կգնաս:

ՊՈԵՏ — Իսկ դու ուտելուց էն կողմ չտեսա՛ր:

ԸՆԿԵՐ — Բայց ուրիշները խնդրում են, գիտե՞ս:

ՊՈԵՏ — Գիտեմ: Նրանց տար: Իսկ ինձ հանգիստ թող, հավեսդ չունեմ:

ԸՆԿԵՐ — (ծամելով): Արի ինձ լսիր ու քո շնորհքը ոտի տակ մի՛ տուր:

ՊՈԵՏ — Սրտիս հետ գնա: Ծախվել չեմ կարող:

ԸՆԿԵՐ — Ուրեմն կյանքում բանի չես հասնի:

ՊՈԵՏ — Նորություն ասիր:

Պոետը նկատում է դռների մեջ հայտնված Կնոջը:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Գնացիր-եկա՞ր:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Եկա՜… ետ եկա:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Բարև, ինչպե՞ս ես:

ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Տեսա՜… քեզ տեսա:

ՊՈԵՏԻ ՁԱՅՆԸ — Վերջապես եկար:

ՊՈԵՏ — Գնացիր-եկար: Գնացիր՝ եկա՞ր: (Դառնացած:) Ի՞նչ կա, դե պատմիր: (Հեգնական:) Ի՞նչ բարձրություններ ոտքի տակ տվիր: Մինչև ո՞ւր հասար: (Լռություն:) Հետո՞… Ի՞նչ եղավ: Ոչինչ մի՛ պատմիր… Փուչ է աշխարհը: Փո՞ւչ է այս կյանքը: Ունա՜յն է, ունա՛յն: (Գինովցած:) Տակը ի՞նչ մնաց, սերն՝ ինքը Աստված: (Գոռում է:) Հիմքերի հիմքը… (Շշուկով:) Իսկ քեզ սիրեցի՞ն:

ԿԻՆ — Այո, սիրեցին:

ՊՈԵՏ — Նույնն ես մնացել:

ԿԻՆ — (հոգնած): Չէ, շատ եմ փոխվել: Ամեն ինչ փոխվեց:

ՊՈԵՏ — Հասկացա՞ր արդյոք, որ ուր էլ գնաս, քեզնից չես փախչի, քանզի տանում ես դու քեզ միշտ քեզ հետ՝ պոչիցդ կախած:

ԿԻՆ — Ցավոք, այդպես է:

ՊՈԵՏ — Իմ բաժին սերը գալի՞ս էր քեզ հետ:

ԿԻՆ — Ուր գնում էի:

ՊՈԵՏ — Ցավակցում եմ քեզ խորապես, հոգի՛ս:

ԿԻՆ — Արի տուն գնանք:

ՊՈԵՏ — (կտրուկ): Դա անցյալում էր:

ԿԻՆ — Դու չէի՞ր ասում, որ անցյալ չկա:

ՊՈԵՏ — Զղջո՞ւմ է խոսքդ:

ԿԻՆ — Չգիտեմ՝ ինչ է:

ՊՈԵՏ — Նույնն ես մնացել:

ԿԻՆ — Չգիտեմ, գուցե:

ՊՈԵՏ — Էլի՞՝ չգիտեմ: (Արդեն հարբած:) Չգիտեմ չկա՛, չպիտի՛ լինի: Զղջում էլ չկա: Բայց պիտի՛ լինի: Խաղ է աջ ու ձախ, իսկ ես՝ ապաշնորհ խեղկատակս, խաղալ չգիտեմ: Կյանքս էլ անցավ՝ չսովորեցի: Խաղալով հասանք անխաղ փուչ կյանքի, բայց այդպես կորցրինք մի թանկ բան կյանքից՝ խաղը հիրավի: Ոչ վերջ կա, ոչ՝ սկիզբ, կամ էլ վերջից է սկսվում… (Գայթում է:) …ամեն ինչ:

ԿԻՆ — (պահելով նրան): Ամեն ինչ ունի շարունակություն:

ՊՈԵՏ — Հա՞: Բայց ինչպիսի՞:

Մեր կյանքը… ասեմ մի չքնա՜ղ… ջադո՛ւ,

Զոհաբերության մեծ հրապարակ՝ եսապաշտության տոնահանդեսում,

Բիրտ լլկանքների օվկիանոս է ծակ:

Շղթայահալած, անիշխան ու խորթ,

Ստրկամտորեն չարակամ ու բութ,

Անկուշտ, նախանձոտ, կեղծամափոշոտ

Կրքախաղերի դիրիժոր անգութ:

Քաղցրահամ պտուղ՝ քաղցդ սաստկացնող,

Մեղրածոր գինի, բայց՝ վայրագացնող,

Ցավուվշտի մեջ շատացող արցունք,

Արարչանքների մոռացված բարձունք:

Թե սիրո կրակ՝ բաժանման մոխիր,

Թե տաքուկ օջախ՝ և հոգու զնդան,

Տաժանավայրը մեծ դատաստանի.

Անվերջ մեղսատեղ, հավերժ քավարան:

Ե՛վ թատերաբեմ, և՛ դավի կուլիս,

Ե՛վ մեղսաթաթախ, և՛ մաքրամաքուր

Հոգիների փոս-փորձարան մարդու՝

Այդ կյանքը՝ որպես մի չքնա՜ղ ջադու:

ԿԻՆ — Տառապել ես շատ, ես հասկանում եմ:

ՊՈԵՏ — Դու չե՞ս տառապում:

ԿԻՆ — Կարևոր չէ դա:

ՊՈԵՏ — (լացակումած): Ինչո՞ւ ետ եկար: (Խմիչք է փնտրում:)

ԿԻՆ — Միայն քեզ համար:

ԸՆԿԵՐ — (վերջապես ուտելն ավարտելով): Դե, ես գնացի: Իսկ դու մտածիր՝ փորդ չի ծակի ավելորդ փողը: (Գնում է:)

ՊՈԵՏ — (Կնոջը): Ինձ համար չարժեր:

ԿԻՆ — Չգիտեմ… գուցե: Բայց անկարող եմ առանց քեզ ապրել:

Պոետը, գլուխն առած ափերի մեջ՝ արտասվում է:

ԿԻՆ — Չես ներում դու ինձ:

ՊՈԵՏ — Ես հիմա այն չեմ: Կարգին գործ չունեմ: Ի՞նչ կուզես՝ անեմ:

ԿԻՆ — Ինչ հարմար գտնես:

ՊՈԵՏ — Բայց ես երգիչ եմ…

ԿԻՆ — …ու նաև՝ պոետ:

ՊՈԵՏ — Առաջարկում են… (Ապարդյուն փնտրելով ինչ-որ բան:) Սիրունացել ես:

ԿԻՆ — Չես ներում դու ինձ:

ՊՈԵՏ — Ես ո՞վ եմ ախր՝ ներեմ, չներեմ: (Նյարդայնանալով:) Ի՞նչ ներել, ի՞նչ բան: Ներման հարց չկա:

ԿԻՆ — Արի տուն գնանք:

ՊՈԵՏ — (խմելով): Հիմա կգնանք:

ԿԻՆ — (սրճարանատիրոջը): Կարո՞ղ եմ խնդրել, որ ճամպրուկներս…

ՍՐՃԱՐԱՆԱՏԵՐ — Այո, հենց հիմա կտանեն, տիկին:

ԿԻՆ — (վճարելով): Շնորհակալ եմ:

Սպասուհին փորձում է վերցնել շիշը, Պոետը չի թողնում,

գրպաններն է քրքրում: Կինը փորձում է նրա փոխարեն վճարել:

ՊՈԵՏ — (սաստելով նրան): Դու գնացիր, որ գտնես ինքդ քեզ ու կապիտալդ:

ԿԻՆ — Ապրելու միջոց:

ՊՈԵՏ — Ապրուստի միջոց: Եվ ուզում էիր վայելել կյանքը, քանի պառավ չես: Գտար, ետ եկար… թե չէ չէիր գա, ես քեզ լավ գիտեմ: (Վճարելով:) Ուրեմն, ես էլ… Դե, քեզ ո՞նց ասեմ… Առաջարկում են եկամուտով գործ: Ինչ որ ուզենաս, հաստատ կլինի, ոսկի, բաց ճամփա, ճոխ-ճոխ… ուտելիք: Պարահանդեսներ, ընդունելություն, առատ նվերներ, փափկասուն կենցաղ: Հասարա՜կ — ությո՜ւն քո շուրջը վխտող, աջ ու ձախ քծնող ու քեզ նախանձող…

ԿԻՆ — Ես դրանց համար քեզ մոտ չէի գա:

ՊՈԵՏ — Դե, որ այդպես է՝ վերցրու: (Վերջապես գտնելով փնտրածը:) Սա կարդա: (Սպասուհուն գրկելով:) Միակ բանն է, որ կստանաս ինձնից… Չեմ թաքցրել ես ոչինչ քեզանից:

ԿԻՆ — Վաղուց ես գրել, բայց չես ուղարկել:

ՊՈԵՏ — (համբուրելով սպասուհուն): Վախեցա՝ հանկարծ ու չհավանես:

ԿԻՆ — Չմահավան չեմ:

ՊՈԵՏ — Բայց խիստ աչք ունես: Իսկ այդտեղ ամբողջ հոգիս է դրված:

ԿԻՆ — Քո ամբողջ հոգին ինձ ես նվիրել՝ դե տուր, տանում եմ:

ՊՈԵՏ — Ես քեզ քիչ էի՝ հոգիս ես տանում…

ԿԻՆ — (կիթառը վերցնելով): Տանում եմ, տանում…

ՊՈԵՏ — (մոտենալով նրան): Դու տուն ես գնում… ինձ հետ միասին:

Հեռանում են:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։