Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ / « ԼՔՎԱԾ ՍԻՐՈ ԿԱՅԱՐԱՆ կամ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՃԱԼԱԾՅԱԼՆԵՐԸ»

 

 

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻ « ԼՔՎԱԾ ՍԻՐՈ ԿԱՅԱՐԱՆ կամ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՃԱԼԱԾՅԱԼՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

 

Չէ, բոլորս էլ իրար նման ենք

Բոլորս էլ նույն գնացքին ենք սպասում: Թե՞ ապրում ենք միայն սպասելով

Եվ աշխարհն էլ վաղուց արդեն վերածվել է մի լքված ու մոռացված կիսակայարանի, որտեղ հաճախ չգիտես էլ, թե որ գրողի ծոցից, գնացքներ են հայտնվում

 

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ԼՔՎԱԾ ՍԻՐՈ ԿԱՅԱՐԱՆ կամ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՃԱԼԱԾՅԱԼՆԵՐԸ

Գործող անձինք

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ

ՊԵՐՃ

ՍՈՆԱ

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ

 

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Խանձված սիզախոտով ու չորացած փշածաղիկներով ծածկված ամայի վայրում կիսակայարանի հին, խարխլված շենքը: Կողքին, կառամատույց տանող հարթակին, բացօթյա սրճարանն է, որը վաղուց չի գործում և վերածվել է սպասարանի: Օգոստոսյան բորբ արևի տակ երկու-երեք հին սեղան, մի քանի մետաղյա աթոռ՝ ճաքճքված, ներկաթափ: Ամենուրեք լքվածություն է, լռություն, որ երբեմն խախտվում է, երբ գնացք է մոտենում կայարանին:

Կեսօր է: Դեռ լսվում է հեռացող գնացքի աղմուկը: Կանգնած է Կայարանապետը՝ երկաթուղային սլաքավարի դրոշակները ձեռքին:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (սթափվում, ձայն է տալիս): Պե՛րճ… ո՞ւր է կորել սատանի ճուտը, գնար մի գարեջուր բերեր, խմեինք: Շոգը վրա է տալիս, կտապակվենք… (Գալիս, տեղավորվում է սեղանի մոտ: Վերցնում է շշով ջուրը, մի քանի կում խմում, ապա լցնում ծոծրակին:) Ա՛յ գրողի բաժին դառնաս, Պերճ… Գիտեմ, գյուղ է գնա­ցել… Գնացել է շնանալու Սոնայի հետ, գի­տեմ… (Դժվարությամբ հանում է կոշիկները:)

 

Գալիս է Պերճը՝ թևից բռնած, քարշ տալով Ակնոցավոր մարդուն:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Ի՞նչ ես ուզում ինձնից, չեմ հասկանում…

ՊԵՐՃ — Ինչ էլ ծանր ես, հոգիս հանեցիր:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Թո՛ղ ինձ, տղաս, հոգնել եմ…

Պերճը նրան գցում է աթոռի վրա, թևքով սրբում քրտնած ճակատը:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (կարծես նոր նկատե­լով նրան): Հայտնվեցի՞ր վերջապես: Դու հեր­թապա՞հ ես, թե ինչ ես…

ՊԵՐՃ — Հերթապահ եմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Հերթապահ ես… Հերթապահն ի՞նչ պիտի անի, Պերճ:

ՊԵՐՃ Պիտի գնացքները ճանապարհի:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իսկ դու փախչում ես: Ես եմ քո փոխարեն աշխատում:

ՊԵՐՃ — Չես մեռնի:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գնացքին որ մի բան պատահեր, ի՞նչ կանեիր: Ո՞վ պատասխան կտար:

ՊԵՐՃ — Գնացքին բան չի պատահի:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (եռանդով հե­ռացնելով հագուստին կպած կռատուկի փշագնդերը): Անիծված փշերը կպչում են՝ ուր պա­տահի: Հի… հի… հի… Այ թե աներեսն են…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Կհեռացնեմ քեզ աշխատանքից, կտեսնես:

ՊԵՐՃ — Ես էլ կգնամ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Մոտ արի:

ՊԵՐՃ — Ի՞նչ ես ուզում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ուզում եմ աչքերիդ նայել:

ՊԵՐՃ — Կարոտե՞լ ես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Գյո՞ւղ էիր գնացել, Սոնայի մո՞տ:

ՊԵՐՃ — Չեմ գնացել:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Նայիր աչքերիս: Շնացե՞լ ես:

ՊԵՐՃ — Չեմ շնացել:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Շնացել ես, շան տղա…

ՊԵՐՃ — Հետս կարգին խոսիր:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Կայարանապետ, հաջորդ գնացքը ե՞րբ կգա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ  — (նրան ուշադրություն չդարձնելով): Ինչո՞ւ ես սրան հետդ քարշ տալիս, Պերճ:

ՊԵՐՃ — Գլուխը ռելսին էր դրել:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իզուր ես դրա ետևից ընկել: Ավելի լավ է գյուղ գնաս, մի տասը շիշ գարեջուր բերես: Շոգը վրա է տալիս, կտա­պակվենք…

ՊԵՐՃ — Գլուխը ռելսին էր դրել, ոչխարի նման…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Թող դրան, Պերճ: Աստված երես է թեքել դրանից:

ՊԵՐՃ — Թուլացել է Աստված: Աստված կարիքի մեջ է, պիտի նրան օգնենք…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Սիրում եմ քեզ, Պերճ… Շան տղա, իմ սրտովն ես դու…

ՊԵՐՃ — (ջղային): Հետս կարգին խոսիր…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չասացի՞, որ քեզ սիրում եմ:

ՊԵՐՃ — Շատ պետքս է:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Կայարանապետ, հարցնում եմ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (նրա ձայնը խլացնե­լով): Լսիր, մարդ… դու էդ բանը իմ տեղամա­սում չանես, կտուգանեմ:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (շփոթված ձեռքը տանելով գրպանը): Ինչքա՞ն պետք է վճարեմ, ես փող ունեմ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (նրան ուշադրություն չդարձնելով): Խանութում գարեջուրը կվերջա­նա, հետո կզղջանք: Պերճ, երբեք այնպիսի բան չանես, որ հետո ստիպված ափսոսաս:

ՊԵՐՃ — Մարդիկ կյանքում այնպիսի բա­ներ են անում, որ հետո ստիպված լինեն ափսոսալ:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (գրպանից մի քանի ճմրթված թղթադրամ հանելով, մեկ­նում է Կայարանապետին): Այսքանը բավա­կա՞ն է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՞նչ ես ուզում:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Տուգանքը ու­զում եմ նախօրոք վճարել: Այսքանը բավակա՞ն է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (մի պահ անթարթ նրան է նայում: Ուզում է հասկանալ: Հետո սկսում է բարձր ծիծաղել): Սափրվեիր գոնե… հի… հի…. հի… Գեշ մեռել դուրս կգա քեզնից… հի… հի… հի… Գլխացավանքի մեջ կգցես դու ինձ… (Ձեռքը թափ է տալիս, ուզում է հեռանալ, դիմացը կանգնած է Պերճը:) Իսկ դու ինչո՞ւ ես շշմել-մնացել, սատանի ճուտ… Սոնայի մոտ որ լիներ, վազ կտայի՞ր…

ՊԵՐՃ Հա, վազ կտայի:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Շուն ես, ֆո՛ւ… Չեմ ուզում երեսդ տեսնել…

ՊԵՐՃ Կգնամ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Կգնա՞ս…

ՊԵՐՃ Կգնամ, մի օր կգնամ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ամեն օր գնում ես, տեղ չհասա՞ր:

ՊԵՐՃ — Դու ինչքան ուզում ես՝ մնա էս ավերակների մեջ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Մեկը հարցնող չինի՝ ո՞ւր ես գնալու:

ՊԵՐՃ — Աշխարհը մեծ է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Կխմեինք, հետո դա­տարկ շշերը կշարեինք թմբի վրա, հի… հի… հի…. Ի՞նչ կասես, Պերճ, հի… հի…. Ոնց որ կարգն է…

ՊԵՐՃ — Արդեն հարյուր տասնյոթ հատ ջարդել ենք:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Դա ի՞նչ թվաբանու­թյուն է… Գարեջուր բեր, ասում եմ:

ՊԵՐՃ (գործնական): Փողը տուր:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Փող չկա, ապառիկ բեր:

ՊԵՐՃ — Ապառիկ չի տա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Իսկ դու հետը քաղաքավարի խոսիր, Պերճ, հարգանքով… Սիրում է, երբ հետը հարգանքով են խոսում:

ՊԵՐՃ Բոլորն էլ սիրում են:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Հա… ճիշտ ես ասում, սիրում են… Որովհետև մարդը արժանապատվություն ունի… Արժանապատվությու­նը, Պերճ, կարևոր բան է…

ՊԵՐՃ — Մեկ է, բան դուրս չի գա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ինչ լավ կլիներ… Դու կնվազեիր, ես էլ կլսեի ու գարեջուր կխմեի: Սիրում եմ քո դուդուկի ձայնը, երբ խմած եմ լինում:

ՊԵՐՃ — Գնամ փորձեմ: Փողերդ հենց միայն խմիչքի վրա ես ծախսում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Իսկ դու փող ծախսելու ուրիշ ի՞նչ լավ միջոց գիտես:

ՊԵՐՃ – Լավ, գնացի: Բայց շշերը էլ չենք ջարդելու, իմացիր:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏՇշե՞րը… Ինչի՞ պիտի շշերը ջարդենք, հի… հի… հի… Երեխա՞ ենք, ինչ է… Սպասիր:

ՊԵՐՃ – Ի՞նչ ես ուզում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Երբ դու նվագում ես, մարդ մի տեսակ ազնվանում է… Ո՞նց ասեմ… Գեղեցկանում է մի տեսակ մարդ, հասկանո՞ւմ ես…

ՊԵՐՃ – Լավ, գնացի:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Սպասիր, ասում եմ քեզ…

ՊԵՐՃ – Դե, ի՞նչ ես կպել:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Մարդու մեջ… գոնե մի բան պիտի մաքուր մնա, Պերճ: Մի փոքր անկյուն, գոնե… անձեռնմխելի սրբություն պիտի մնա… Թե չէ մարդ անասուն կդառնա…

ՊԵՐՃ – Հասկանում եմ: Ուզում ես ասել, որ Սոնայի մոտ չգնամ: Հասկանում եմ… (Ուզում է գնալ:)

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Չես հասկանում, Պերճ: Սպասիր…

ՊԵՐՃ — Գլուխ չունեմ… (Ձեռքը թափ է տալիս ու հեռանում:)

Դադար:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Չես հասկանում, Պերճ… Չես հասկանում, շան տղա… (Կանգնում է մտազբաղ: Սթափվում է: Քայլում է դեպի կայարանի շենքը: Կանգնում, մոտենում է Ակնոցավոր մարդուն, որը արտասվում է:) Իզուր ես տեղավորվել, գնացքը ուշ կգա, տուն գնա, տուն… Չեմ սիրում, երբ տղամարդը լաց է լինում:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Աղջկաս մոտ եմ գնալու, սպասում է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Դեռ կհասցնես… Կարգի մի՛ խախտիր, այ մարդ:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Կա՞րգը… ո՞ւմ կարգը:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Ես ի՞նչ գիտեմ՝ ում կարգը, Աստծո կարգը: Գնանք, հաց ուտենք: Վեր կաց, թե չէ մինչև գնացքի գալը մեկ էլ տեսար՝ սովից մեռար… հի… հի… հի… Գինի ունեմ, որ խմեցիր՝ հորդ անունը կմոռանաս, հի… հի… հի…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ (աշխուժանում է): Գինի՞… Լավ է, գնանք խմենք: (Տեղից բարձրանում է, բայց քայլել չի կարողանում: Արցունքները թրջել են ակնոցի ապակիները:) Ակնոցս սրբեմ, թե չէ ոչինչ չեմ տեսնում, խլուրդի նման… (Թևքով շտապ մաքրում է ակնոցը:)

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Արցունքդ մաքրիր… Չեմ սիրում, երբ տղամարդը կնկա նման լաց է լինում: Զզվում եմ… (Քայլում է դեպի կայարանի շենքը:)

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ (չի նկատել, որ Կայարանապետը գնացել է): Մեր ցեղում բոլորն էլ կարճատես էին… Հայրս, օրինակ, որ քթին ճանճ էլ կանգներ, չէր տեսնի, հե… հե… Մեքենայի տակ ընկավ փողոցն անցնելիս, էդպես եղավ…

Կայարանի շենքի պատուհանից գլուխը հանում է Կայարանապետը:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չե՞ս գալիս…Ի՞նչ ես շշմել…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Աղջիկս էլ մեզ նման էր, բաս… Մեր ցեղն էդպես է, կարճատես ենք մենք… (Շտապում է դեպի շենքը:)

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Երեկո է: Սրճարան-սպասասրահում, սեղանի մոտ նստած ենԿայարանապետն ու Ակնոցավոր մարդը, կավե սափորից գինի են խմում: Հատակին գարեջրի դատարկ շշեր են թափված: Նրանցից հեռու, կառամատույցի աստիճանին նստած Պերճը դուդուկ է նվագում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Որ չերգես՝ բաժակդ չեմ լցնի:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Երգել չգիտեմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Որ չերգես՝ չես խմի… հի… հի… հի…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – Ուզո՞ւմ ես՝ ծուղրուղու կանչեմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Ծուղրուղո՞ւ… հի… հի… հի…

Ակնոցավոր մարդը տեղում ձգվում է, հայացքը քարանում է, քիթը սրվում է, լսվում է նրա խեղճուկրակ ծուղրուղուն:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ(խեղդվում է ծիծաղից): Հարբել ես… Խմել չգիտես…

ՊԵՐՃ (մեկուսի): Ծեր խեղկատակ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ – Վեր կաց, տուն գնա, հարբել ես: (Ավելի բարձր:) Տուն գնա, ասում եմ, չե՞ս հասկանում… Ի՞նչ տեսակ մարդ ես, հի… հի… հի… Վերջը  ինձ գլխացավանքի մեջ ես գցելու, գիտեմ…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ – (դժվարությամբ գրպանից մի քանի ճմրթված թղթադրամ հանելով): Ես կվճարեմ, ես փող ունեմ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՞նչ անեմ քեզ հետ, չգիտեմ: Իմ ինչի՞ն է պետք քո փողը…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Քեզ ի՞նչ է պետք…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՞նչ է ինձ պետք… (Մտածում է:) Ոչինչ… Աստված վկա, ոչինչ պետք չէ… Տարիքս առած մարդ եմ: Աշխարհում ոչ ոք չունեմ: Մենակ եմ: Մենակ եմ ու դժբախտ, Աստծո նման… հի… հի… հի… Ինձ այլևս ոչինչ պետք չէ, ոչինչ… Դե լավ, խմենք: (Լցնում է բաժակները:)

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (աշխուժա­ցած): Խմենք, խմենք…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Խմենք քո կենացը: Աստված թող քեզ երկար կյանք տա:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Թող ձեզ էլ տա… (Տարածության մեջ:) Աղջիկս… Միակ աղջիկս մեռավ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (մտազբաղ): Ճիշտ է ասում՝ թող ինձ էլ տա… Մի ուրախ բան նվա­գիր, Պերճ: Ինչո՞ւ ոչ մի անգամ ուրախ բան չես նվագում: Լսո՞ւմ ես ինձ, շան տղա…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (իր առջև, փայտյա զինվորիկների նման շարված գարեջրի դատարկ շշերին): Գնացքի տակ ընկավ աղջիկս… էդպես եղավ…

ԿՍՅԱՐԱՆԱՊԵՏ — Ասում եմ՝ ինչո՞ւ ոչ մի անգամ մի ուրախ երգ չես նվագում, Պերճ: (Օրորվելով մոտենում, նստում է Պերճի կող­քին:)

ՊԵՐՃ — Հայերեն ուրախ երգ չկա:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Քեզ ի՞նչ է եղել, թթվել ես:

ՊԵՐՃ — Գլուխ չունեմ: (Դուդուկը դնում է ծոցը: Նստում է լուռ, մտազբաղ:)

ԿՍՅԱՐԱՆԱՊԵՏ — Շատ խմեցի էսօր, հարբել եմ… հի… հի… հի… Ի՞նչ է եղել, Պերճ, տխուր ես:

ՊԵՐՃ — Մտածում եմ:

ԿՍՅԱՐԱՆԱՊԵՏ — Մտածո՞ւմ ես… հի… հի… հի… Բայց ի՞նչ կա մտածելու… (Անսպասե­լի ջղային:) Մտածելու բան չկա… Գնա ան­տառ, Սոնայի հետ քեֆ քաշիր: Օգուտ չկա մտածելուց… Մտածող մարդու ցավը շատ է, կյանքը՝ կարճ… Երբ տունդ ցուրտ է, ուրախու­թյունը ներս չի մտնում: Ուրախությունը բոզ կնկա պես բան է, տաքուկ տեղեր է սիրում… հի… հի… հի… Վեր կաց:

ՊԵՐՃ Ի՞նչ անեմ:

ԿՍՅԱՐԱՆԱՊԵՏ — Գնանք ջարդենք:

ՊԵՐՃ Չասացի՞ր, որ էլ չենք ջարդելու:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Երբ շիշն արդեն դա­տարկ է, պետք է ջարդել:

ՊԵՐՃ — Էլ չի լինի, մտքիցդ հանիր:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — (ակնարկելով Ակնո­ցավոր մարդուն): Օրերով քարշ է գալիս կայա­րանում, քուն ու դադար չունի:

ՊԵՐՃ — Ցավ կա մեջը, հանգիստ չի տալիս:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՜նչ լավ էիր նվա­գում, Պերճ… Որտե՞ղ ես էդքան լավ նվազել սովորել:

ՊԵՐՃ — Թե ինչի՞ ես էդքան խմում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գնանք ջարդենք… տեսնո՞ւմ ես, ինչքան շատ գործ ունենք անելու… (Ցույց է տալիս զարեջրի դատարկ շշերը:)

ՊԵՐՃ Ձեռ քաշիր ինձնից:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ուրեմն չե՞նք ջարդելու էսօր, հի… հի… հի… Չե՞նք խաղալու:

ՊԵՐՃ Դու քո խաղը խաղացել, պրծել ես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ճիշտ ես ասում, ծերացել եմ… Չորացել եմ, ոնց որ ծառից կախված աշնան տերև… Բայց դեռ խաղալ եմ ուզում, հի… հի… հի…

Ակնոցավոր մարդը մի պահ արթնանում է քնից, ձեռքը մեկնում է դատարկ շշերին, խմիչք է փնտրում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Վեր կաց, Պերճ… Սրա արցունքները ջղերիս վրա են ազդում… Շշերը շարենք թմբին ու… Կա՞ մեկը այս աշխարհում, որ ցավ չունի: Աստված ցավի մեջ է…

ՊԵՐՃ — Դաժան է քո Աստվածը:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Հա… Աստված դա­ժան է: Չի ներում թույլերին… Ծեր ու դաժան է Աստված:

ՊԵՐՃ — Էլ չենք ջարդի: Չեմ սիրում քո Աստ­ծուն…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Վեր կաց, վեր կաց… Ինչքան շատ եմ մտածում, էլ ավելի եմ համոզվում, որ ինչ-որ բան պետք է ջարդել էս աշխարհում…

ՊԵՐՃ — Լավ կանես՝ գնաս քնես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ճիշտ ես ասում: Շատ խմեցի էսօր, գնամ անտառ…

ՊԵՐՃ – Մի՛ գնա, գիշերը ցուրտ է լինում, կմրսես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չեմ մրսի, Պերճ: Անտառում լավ է, լավ եմ քնում անտառում… (Դժվարությամբ բարձրանում է տեղից:) Հար­բել եմ, հի… հի… հի… ո՜նց եմ հարբել… հանկարծ չշրմփա՞մ գետնին… հի… հի… հի… Մեկ էլ տեսար՝ շրմփացի… (Օրորվելով հեռա­նում է:)

ՊԵՐՃ — Սպասիր, ո՞ւր ես գնում… Ախր կմրսես…

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանն է: Մթնում է: Ակ­նոցավոր մարդը քնել է՝ գլուխը հենած սեղանին: Պերճը շարունա­կում է նվագել: Կառամատույցի հարթակին հայտնվում է Սոնան, ձեռքին՝ դաշտային ծաղիկներ: Թաքուն մոտենում է Պերճին: Խլում է դուդուկը:

ՊԵՐՃ — (վեր է թռչում տեղից): Տո՛ւր…

ՍՈՆԱ — Վախեցա՞ր… (Ծիծաղում է:)

ՊԵՐՃ Տուր, ասում եմ:

ՍՈՆԱ Ինչ լավ էիր նվագում, Պերճ:

ՊԵՐՃ Տուր, թե չէ… (Ուժով խլում է դուդու­կը, դնում է ծոցը:)

ՍՈՆԱ — Մի քիչ էլ նվագիր, հա՞…

ՊԵՐՃ — Ինչո՞ւ ես եկել:

ՍՈՆԱ — Ո՞նց թե՝ ինչու ես եկել: (Ծիծաղում է:) Քեզ ի՞նչ է եղել, հը՞…

ՊԵՐՃ — Գնա այստեղից:

ՍՈՆԱ — Ուզում ես, որ գնա՞մ… ի՞նչ ես ասում: Սոնան եմ, չե՞ս ճանաչում:

ՊԵՐՃ — Արդեն ճանաչում եմ:

ՍՈՆԱ — Ի՞նչ է եղել. Պերճ: Ինչո՞ւ ես չարա­ցել: (Նստում է մի սեղանի մոտ:) Առավոտյան անտառ եմ գնացել, ծաղիկներ եմ հավաքել: Հիմա կնստեմ, ծաղկեպսակ կհյուսեմ և գիշերը կդնեմ իմ տիրակալի գլխին: (Սեղանին է փռում ձեռքի ծաղիկները, փորձում է ծաղկեպսակ հյուսել:) Ո՞վ է ասել. «Ով մենակ անտառ գնաց, հազար ցավի մեջ գնաց…»: Հնացած արտա­հայտություն է: Պաշտում եմ հնացած արտա­հայտությունները… (Ջղային քանդում է ծաղկեպսակը, փորձում կրկին հյուսել:) Չի ստացվում, երևի մոռացել եմ: (Դադար:) Դու էսօր գյո՞ւղ էիր եկել: Գյուղ էիր եկել ու ինձ մոտ չեկա՞ր…

ՊԵՐՃ — Իշխանի հե՞տ էիր անտառ գնացել:

ՍՈՆԱ — Չէ, մենակ եմ եղել:

ՊԵՐՃ Զիբիլի Իշխանի հետ:

ՍՈՆԱ Վայ… չեմ գնացել, քեզ խաբել են…

ՊԵՐՃ Տես՝ ում հետ ես ինձ փոխում:

ՍՈՆԱ — Ես ո՞նց կարող եմ քեզ ուրիշի հետ փոխել, Պերճ… Աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում… Մորս գերեզման, բացի քեզնից էլ ոչ մեկին չեմ սիրում:

ՊԵՐՃ — Ես քեզնից զզվում եմ:

ՍՈՆԱ — Ի՞նչ ես ասում, վայ… Ինչո՞ւ ես զզվում ինձնից: Չէ, էդպես մի՛ ասա: Ուզում ես՝ ծեծիր, մենակ թե մի՛ զզվիր ինձնից:

ՊԵՐՃ Չեմ ուզում երեսդ տեսնել:

ՍՈՆԱ Խփիր, մեկ է՝ չեմ գնա: Շատ եմ կարոտել քեզ: Ամբողջ օրը գլխիս մեջ ես եղել… Դե, գրկիր ինձ, ի՞նչ ես շշմել…

ՊԵՐՃ — Էլ չի լինի, մտքիցդ հանիր:

ՍՈՆԱ — Եթե էլ ինձ չգրկես… Լսո՞ւմ ես, Պերճ, եթե էլ ոչ մի անգամ չգրկես, մկնդեղ կխմեմ:

ՊԵՐՃ — Ավելի լավ է՝ մեռնես…

ՍՈՆԱ — Ուզում ես, որ մեռնե՞մ… Չես հասկա­նում՝ ինչ ես ասում…

ՊԵՐՃ — Ամեն շան հետ պառկում ես: Գնա, թե չէ կխեղդեմ:

ՍՈՆԱ — Ավելի լավ է՝ խեղդես: Ավելի լավ է՝ մեռնեմ քո ձեռքերի մեջ…

ՊԵՐՃ — Դու փնթի պոռնիկ ես:

ՍՈՆԱ — Ի՞նչ ես ասում, ուշքի արի…

ՊԵՐՃ — Գյուղում մի տղամարդ մնա՞ց, որ հետը պառկած չլինես:

ՍՈՆԱ — Ինչո՞ւ ես ինձ տանջում, գիտես, որ քեզ սիրում եմ:

ՊԵՐՃ — Թքել եմ էդ տեսակ սիրո վրա…

ՍՈՆԱ — Չես հասկանում՝ ինչ ես ասում… Արի էլ չկռվենք, լա՞վ: Ախր կյանքն անցնում է: Կյանքն անցնում է ու չենք էլ հասցնում ուշքի գալ: Մարդը ծնվել է սիրո համար, իսկ մենք տանջում ենք մեզ անընդհատ, մեր օրերը մա­շում աննպատակ… Չէ, բան չի ստացվում, ինչ էլ անում եմ՝ չեմ կարողանում… (Քանդում է ծաղկեպսակը:) Ես չեմ ուզում, որ իմ կյանքն էլ իզուր տեղն անցնի: Հետո ինչ ուզում է, թող լի­նի, թքել եմ հետոյի վրա: Ես հիմա եմ ուզում ապրել, այս վայրկյանին… Սուտ է, Պերճ, ապագա չկա, խաբեություն է… Ոչ էլ անցյալ է եղել… Մերն այս օրն է, որն անցնում է և այլևս ետ չի գալու: Դե, գրկիր ինձ, մի՛ ուշացրու… (Կրքով մղվում է դեպի տղան:)

ՊԵՐՃ — (կատաղի): Դրա համա՞ր ևս ամեն շան հետ վազում անտառ…

ՍՈՆԱ — Ի՞նչ ես անում, վայ… Ինչ անխիղճն ես: Սպանում ես ինձ…

ՊԵՐՃ — (ջղային քրքիջով): Շա՞տ ես սիրում ինձ…

ՍՈՆԱ  — Մի՛ ծաղրիր: Դու իրավունք չունես իմ սերը ծաղրելու… Դու ի՞նչ գիտես, թե ինչքան ես ինձ տանջել…

ՊԵՐՃ — Քեզ համար բոլորն էլ մեկ են, մե­նակ թե շալվար լինի…

ՍՈՆԱ — (սպառված): Չէ… ուրիշ բան է… Բո­լորովին ուրիշ բան է, Պերճ: Եթե դու հենց սկզբում ինձ հանդիպեիր… Որ իմանաս՝ ինչ­քա՜ն շատ եմ քեզ սիրում… Երբ մոտս չես, անընդհատ քո մասին եմ մտածում, ում էլ նա­յում եմ, քեզ եմ տեսնում: Անընդհատ դու ես գլխիս մեջ… էնքան շատ է քո սերն իմ մեջ… Դրա համար էլ քեզ կիսում եմ ուրիշների հետ… Որ իմ բեռը մի քիչ թեթև լինի, որ չգժվեմ…

ՊԵՐՃ — Ի՞նչ ես ասում… (Ցինիկորեն քրքջում է:) Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում…

ՍՈՆԱ — Չեմ հասկանում, Պերճ, գժվել եմ… (Դադար: Հուսահատ:) Ես էլ գիտեմ, որ վատն եմ, փչացածի մեկն եմ, ի՞նչ կարող եմ անել… Մարդու հոգին փոխել չի լինի: Բայց դու կարող ես հանգիստ լինել, քեզ համար իմ մեջ միշտ էլ մի մաքուր անկյուն կա:

ՊԵՐՃ — Ի՞նչ ես ասում… (Ջղային քրքիջով:) Արդեն լրիվ գժվել ես…

ՍՈՆԱ — Թե իմ մեջ մի լավ բան կա, դու ես, Պերճ… Քո սերն է: Դե գրկիր ինձ, ի՞նչ ես շշմել: Որ համբուրես՝ կմոռանաս… (Գրկում է նրան, հանկարծահաս կրքով համբուրում: Պերճը մի պահ շփոթվում է, տեղի է տալիս, ապա սթափ­վում, ուժով մի կողմ է հրում նրան: Սոնան դիպ­չում է սեղանի մոտ քնած Ակնոցավոր մարդուն: Վերջինս արթնանում է, նայում է շուրջը, ձգվում է նստած տեղում, փորձում է ծուղրուղու կանչել: Եվս մի պահ, գլուխը նորից հակվում է սեղա­նին:) Սա էլի հարբել է…

ՊԵՐՃ — Գործ չունես նրա հետ:

ՍՈՆԱ — Մի օր էլ ես հարբեցող կդառնամ: Երբ դու ինձնից ձանձրանաս… Պերճ, ինչքան շատ ցավ կա էս աշխարհում… (Նստում է սեղա­նի մոտ, ձեռքն առնում կիսատ թողած ծաղկե­պսակը:) Որ դու ինձ հետ չլինեիր, մենակ ի՞նչ էի անելու… Ինչքա՜ն լավ է, որ ինձ հետ ես… Աշխարհն այլևս կեղտոտ աղբանոց չի թվում… Նույնիսկ մարդիկ տանելի են դառ­նում… (Պերճը ուզում է հեռանալ:) Ո՞ւր ես գնում…

ՊԵՐՃ – Գնամ քնեմ:

ՍՈՆԱ – Քունդ չի տանի: Կտանջվես, չես քնի:

ՊԵՐՃ – Քո գործը չէ:

ՍՈՆԱ – Մի գնա: Էս աշխարհում ամենավատը ես չեմ: Ես գոնե ձևեր չեմ թա­փում: Ինձ սրբի տեղ չեմ դնում: Ինչ որ կամ՝ կամ… Բայց եթե դու ինձ սիրես, շատ, շատ սի­րես… Գուցե կարողանամ ինքս ինձ հաղթել…

ՊԵՐՃ Չասացի՞ր, որ մարդու հոգին փոխել չի լինի:

ՍՈՆԱ — Բայց գուցե իմ մեջ մի ուժ կա, մի զորություն, որ կարողանամ… (Ջղային քանդում է ծաղկեպսակը:) Չէ, չի ստացվում… Ինչ էլ անում եմ, բան դուրս չի գալիս… Մոռացել եմ, ո՞նց եմ մոռացել… Ախր, առաջ հյուսում էի… Կգնամ, հանգիստ կթողնեմ քեզ… Ծաղկեպսակ կհյուսեմ ու… Մեջս այդքան ուժ կգտնեմ: Այդ­պես երկուսիս համար էլ լավ կլինի: Կգնամ, մի­այն թե կարողանամ հյուսել գրողի տարած էս ծաղկեպսակը… (Նորից ու նորից անհաջող փորձեր է անում:) Աշխարհում ինչքան ասես մեծ, լուսավոր քաղաքներ կան, բայց մենք կուչ ենք եկել էս ավերակների մեջ, Աստծո կողմից մոռացված էս անտեր կիսակայարանում ու տանջվում ենք ոնց որ դժոխքում… Կգտնեմ մեկին, որ այնքան էլ հիմար չլինի ու… Մարդ մի անգամ է ապրում… Կյանքը Աստծո պարգևն է, բայց մենք դարձնում ենք պատիժ՝ մեր հիմա­րություններով:

ՊԵՐՃ — Ճիշտ ես ասում: Երբ էլ մի ուրիշիս ուզենաս՝ կգտնես:

ՍՈՆԱ — Հա, հասկանում եմ… հասկանում եմ, թե ինչ ես ուզում ասել… (Լպիրշ քրքջում է:) Երբ էլ ուզենամ: (Ծիծաղում է, միանգամից լրջա­նում:) Բայց ես նրանց հետ ուրիշ ձևի եմ լինում: Ո՞նց քեզ ասեմ, բոլորովին ուրիշ կերպ… Հաս­կանո՞ւմ ես, մի տեսակ զզվանք է կուտակվում մեջս… Ու սկսում եմ աշխարհում ամեն ինչից զզվել, նաև ինքս ինձնից… Դու չես կարող պատկերացնել: Դա կամ շատ սիրելուց է լի­նում, կամ շատ զզվելուց: Երկուսն էլ ուժեղ են ինձնից, հաղթում են ինձ: Ես թույլ եմ, ուժեր զգացմունքներ չեմ կարող տանել…

ՊԵՐՃ — Ստում ես, զզվելուց չէ…

ՍՈՆԱ — (սպառված): Ինքս էլ չգիտեմ, թե ինչից է: Բայց ես զզվում եմ նրանցից: Նրանք ինձ էս օրը հասցրին… Որովհետև որբ եմ, ան­պաշտպան: Իսկ մարդիկ չեն սիրում թույլե­րին… չեն ներում… (Պերճը քայլում է դեպի կա­յարանի շենքը: Սոնան հասցնում է կախվել նրա թևքից:) Մի՛ գնա, Պերճ… Եթե ինձ չսիրես, մկնդեղ կխմեմ:

ՊԵՐՃ — Թող ինձ… (Սոնան ամուր կառչել է նրանից:)

ՍՈՆԱ — Ուզում ես՝ խփիր, մեկ է, չեմ թողնի..

ՊԵՐՃ — Թող… Չեմ ուզում ձեռքերս վրադ կեղտոտել…

ՍՈՆԱ — Չէ, չես գնա… չես ուզում գնալ, տես­նում եմ… Ինչ ուզում ես՝ արա, Պերճ… Մեր գլխի տերը մենք չենք… Մեկը կա, որ ուժեղ է մեզ­նից, նա է մեր կյանքը տնօրինում: Դա սերն է: Մենք խեղճ ու կրակ մարդիկ ենք, պիտի նրան ենթարկվենք… պիտի տանջվենք նրա ձեռքին:

ՊԵՐՃ — Դե թող, ասում եմ… (Խլում է թևը, սակայն չի հեռանում: Կանգնած դեմ-դիմաց, հանկարծահաս կրքից ու բարկությունից եր­կուսն էլ դողում են:) Զզվում եմ քեզնից… ո՜նց եմ զզվում… Ատում եմ քեզ…

ՍՈՆԱ — Ստում ես… աչքերդ ուրիշ բան են ասում: Աչքերդ ուտում են ինձ… շրթունքներդ վառվում են, ուզում են համբուրել, կծել… Կար­ծում ես՝ գլխի չե՞մ ընկնում, թե ինչի ես էդքան տխուր բաներ նվագում, ինչի ես ընկել էս ավե­րակների մեջ ու մնացել…

ՊԵՐՃ — Կգնամ, մի օր կգնամ… (Լցված🙂  Կտեսնես, մի օր…

ՍՈՆԱ — Չես գնա, Պերճ, ոչ մի տեղ էլ չես գնա… Քանի ես էստեղ եմ… չես կարող գնալ…

ՊԵՐՃ — (անգոր կատաղությամբ): Կսպանեմ քեզ, կգնամ… (Պոռթկում, լաց է լինում:)

ՍՈՆԱ — Ես քո հոգու մեջ եմ: Հոգին սպանել չես կարող…

ՊԵՐՃ — Չեմ ուզում երեսդ տեսնել…

ՍՈՆԱ — Ստում ես, առանց ինձ մի օր էլ չես ապրի… Ների՛ր ինձ…. Գիտես՝ հիմար եմ: Ինչո՞ւ ում շատ են սիրում, շատ էլ ցավ են տա­լիս: Երևի ցավն էլ սիրուց անբաժան է… (Մոտենում է:) Լավ, հերիք է, թե չէ ես էլ կզռամ:

ՊԵՐՃ Չկպնես ինձ…

ՍՈՆԱ — Ես քեզ քրոջ նման, մաքուր կսիրեմ, Պերճ, մաքուր կհամբուրեմ: (Գրկում է նրա գլուխն ու սկսում շոյել:)

ՊԵՐՃ — (անօգնական): Ինչ աներեսն ես: Թող, կեղտոտեցիր ինձ…

ՍՈՆԱ — Ինչ ուզում ես՝ ասա, ոչինչ… թող սիրտդ թեթևանա… (Նրա գգվանքներն ավելի ու ավելի կրքոտ ես դառնում:) Տեսնո՞ւմ ես, Պերճ… Տեսնո՞ւմ ես, որ քրոջ նման չի լինում… (Ամուր գրկում է, սկսում համբու­րել:) Այնքան շատ է իմ սերը, որ… Հազար ան­գամ ավելի է քրոջ սիրուց…

Պերճը հանձնվում է, ինքն էլ է պատասխանում համբույրներին:

ՊԵՐՃ — Սիրում եմ քեզ, մի օր կխեղդեմ…

ՍՈՆԱ (հրճվանքով): Խեղդիր, խեղդիր…

ՊԵՐՃ Երևի դու ճիշտ ես ասում… Երևի մեր գլխի տերը մենք չենք: Մի օր քեզ կսպանեմ…

ՍՈՆԱ — Աստծո սիրուն, սպանիր… Դու չես կարող պատկերացնել, թե ինչ մեծ բախտավորություն է ինձ համար մեռնել քո ձեռ­քերի մեջ…

ՊԵՐՃ — Կսպանեմ, հետո էլ կգնամ, ինձ գնացքի տակ կգցեմ: Չե՞ս հավատում… Կտես­նես, կտեսնես, որ մի օր…

Չի հասցնում խոսքն ավարտել: Սոնան համբույրներով փակում է նրա բերանը:

 

 

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Առավոտ է: Լսվում է հեռացող գնացքի աղմուկը: Սպասարանում ոչ ոք չկա: Հատակին, սեղանների վրա գարեջրի դատարկ շշեր են: Գալիս է Պերճը՝ ոտքերը լայն-լայն գցելով: Սոնան հազիվ է հաս­նում նրա ետևից:

ՍՈՆԱ — Մի քիչ դանդաղ քայլիր, շունչս բերանս եկավ…

ՊԵՐՃ — Չասացի՞ հետս չգաս:

ՍՈՆԱ — Թող մի քիչ էլ մոտդ մնամ, ամբողջ օրը մենակ եմ լինելու:

ՊԵՐՃ — Կդիմանաս: (Հայացքով Ակնոցավոր մարդուն է փնտրում: Հեռվից լսվում է Կայարանապետի ձայնը):

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Պե՞րճ, ո՞ւր ես կորել…

ՍՈՆԱ — Քեզ է փնտրում:

ՊԵՐՃ — Գնա, չեմ ուզում քեզ տեսնի:

ՍՈՆԱ — Վախենո՞ւմ ես նրանից: Ես չեմ վա­խենում: Ես բոլորի հետ էլ կկռվեմ՝ ով փորձի մեզ խանգարել: Ես ատամներով կպաշտպանեմ մեր սերը… Թող մի անգամ էլ համբուրեմ: (Համբուրում է:) Կարծես գողություն ենք անում…

ՊԵՐՃ — Չկշտացա՞ր…

ՍՈՆԱ — Քեզնից կշտանալ չի լինի: (Ձգվում, նորից է ուզում համբուրել, Պերճը ետ է պահում նրան:)

ՊԵՐՃ Լավ, հերիք է:

ՍՈՆԱ — Ուզում ես, որ գնա՞մ… Հասկանում եմ, ամաչում ես իմ փոխարեն, չես ուզում՝ մեզ միասին տեսնեն: Ես չեմ ամաչում: Ամեն oր դուրս եմ գալիս տնից ու ասում եմ. «Ահա և ես… Ես այսպիսին եմ ու պետքս էլ չի, թե դուք ինչ եք մտածում իմ մասին: Ես թքած ունեմ… Ես ոչ ոքի չեմ խանգարում, դուք էլ բարի եղեք իմ կյանքը չթունավորել…»:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Պերճ… Ո՞ւր ես կորել, սատանի ճուտ…

ՍՈՆԱ — Այստեղ է գալիս: Ի՜նչ անդադար մարդ է:

ՊԵՐՃ — Գնա: Էլի պիտի կռվեք, գլուխ չու­նեմ:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ – Ա՛յ գրո­ղի բաժին դառնաս, Պերճ…

ՍՈՆԱ — Վայ, գալիս է: Թող մի անգամ էլ համբուրեմ: (Համբուրում է:) Դուք նման եք իրար:

ՊԵՐՃ — Նմա՞ն ենք, ինչո՞վ:

ՍՈՆԱ – Չգիտեմ՝ ինչով, բայց նման եք… Նա էլ է ինձ սիրում: Ճիշտ է, մենք միշտ կռվում ենք, բայց զգում եմ, որ սիրում է:

ՊԵՐՃ — Իրար հետ ոնց որ շուն ու կատու լինեք:

ՍՈՆԱ — Մենք իրար հասկանում ենք: Իսկ երբ մարդիկ իրար հասկանում են, ուրեմն սի­րում են:

Հայտնվում է Ակնոցավոր մարդը: Նա հուզված է ու շփոթված: Նորից քնով է անցել և ուշացել առավոտյան գնացքից:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (մոտենալով Սոնային): Ներեցեք, գնացքն արդեն անցե՞լ է:

ՍՈՆԱ — (անսպասելի ջղային): Ի՞նչ ես ուզում:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ Ես հարցնում եմ՝ գնացքը…

ՍՈՆԱ — Ինչո՞ւ ես մեզ խանգարում: Չե՞ս տեսնում՝ խոսում ենք:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Ներեցեք… (Շփոթված ու վախեցած գնում, նստում է խորքում՝ մի սեղանի մոտ: Դատարկ հայացքը հա­ռում է դատարկ շշերին:)

ՊԵՐՃ — Ինչո՞ւ նրան նեղացրիր, Սոնա:

ՍՈՆԱ — Նեղացրի՞, հա՞… Այդպե՞ս ես կար­ծում… (Ջղային քրքջում է:) Չէ, բոլորս էլ իրար նման ենք… Բոլորս էլ նույն գնացքին ենք սպա­սում: Թե ապրում ենք, միայն սպասելով… Եվ աշխարհն էլ վաղուց արդեն վերածվել է մի լքված ու մոռացված կիսակայարանի, որտեղ հա­ճախ չգիտես էլ, թե որ գրողի ծոցից, գնացքներ են հայտնվում… (Դադար:) Արի գնանք այստե­ղից, Պերճ, ես այլևս չեմ դիմանում…

ՊԵՐՃ — Ըհը, կգնանք:

ՍՈՆԱ — Նույնն է, ուր էլ որ գնանք, թեկուզ աշխարհի ծայրը: Մարդիկ ամեն տեղ էլ նույնն են… Միայն թե մենք միասին լինենք:

ՊԵՐՃ — Լավ, կգնանք:

ՍՈՆԱ — Հենց վաղն էլ կգնանք, առա­վոտյան գնացքով:

ՊԵՐՃ – Ասացի՝ կգնանք:

ՍՈՆԱ — Տես, որ էլի չուշանաս, հետո չասես, թե քնով ես անցել: Դե լավ, գնում եմ, գնում եմ… Պերճ, բայց ինչքա՞ն քիչ բան է պետք մար­դուն երջանիկ լինելու համար… ու այդ քիչն էլ ինչքան հեռու է նրանից: Հեռո՜ւ-հեռու… յոթ սա­րերի ետևում…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ (որ մինչ այդ ան­նկատ եկել, կանգնել էր սպասարանի մուտքի մոտ): Քեզ չե՞մ ասել, որ աչքիս չերևաս…

ՍՈՆԱ — (կռվի պատրաստ): Ուր կուզեմ՝ կգնամ, իմ գործն է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Որտե՞ղ է մեր ցա­խավելը, Պերճ…

Պերճը անվրդով ծոցից հանում է դուդուկն ու նստում աստիճանին:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Որտե՞ղ է մեր ցա­խավելը: Սրա ետևը դաղելու եմ:

ՍՈՆԱ — Ի՞նչ ես ուզում մեզնից: Ինչո՞ւ ես մեզ խանգարում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չեմ թողնի՝ տղային խելքահան անես…

ՍՈՆԱ — Ինքն է ինձ խելքահան արել: Դաղո­ղին նայեք… (Քրքջում է:) Կանգնած տեղդ գլորվում ես:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Լսիր, դու ամոթ չու­նե՞ս… պատկառանք չունե՞ս…

ՍՈՆԱ — Դու էիր մնացել, որ ինձ խանգարես ապրել, հարբեցողի մեկը…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Քշիր սրան էստեղրից, Պերճ, կյանքումդ գոնե մի անգամ տղամարդ եղիր:

Պերճը նրանց ուշադրություն չի դարձնում, տարված է իր դուդու­կով:

ՍՈՆԱ — Զգույշ մնա՝ չթրմփաս գետնին, ծեր խեղկատակ:

Հարմար պահ ընտրելով, Սո­նան Կայարանապետի գլխից թռցնում է գլխարկը, դնում իր գլխին ու փախչում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գլխարկս տուր…

ՍՈՆԱ — (քրքջում է): Արի վերցրու…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գլխարկս տուր: Ինձ համբերությունից մի՛ հանիր…

ՍՈՆԱ — Տեսեք, տեսեք՝ ոնց են արջ պարեց­նում… (Կայարանապետը թույլ ոտքերի վրա ծանրորեն օրորվելով, փորձում է ետ վերցնել գլխարկը: Սոնան հեշտությամբ խույս է տալիս նրանից:) Ծեր ու ծուռթաթ արջերին ո՞նց են պարեցնում… (Թռչկոտելով պտտվում է նրա շուրջը, քաշքշում շորերից:) Հեյ, մարդիկ, տեսեք, թե ոնց են արջերին պարեցնում…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Բռնիր դրան… (Շնչահեղձ է լինում:) Բռնիր դրան, Պերճ, ի՞նչ ես շշմել…

ՍՈՆԱ — Հը, ո՞նց ես… (Քրքջում է:) Քիչ է մնում, որ փռվես ու շունչդ փչես, չէ՞…

ՊԵՐՃ — Լավ, հերիք է:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Չեմ թողնի տղային փչացնես: Օ՜ֆ… հոգիս բերանս եկավ… Ա՛յ թե աներեսն ես…

ՍՈՆԱ — Մենք սիրում ենք իրար, ինչո՞ւ ես մեզ խանգարում:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ոտքերս թուլացան… Դու է՞լ ես սիրո մասին խոսում… Դու իրավունք չունես սիրո մասին խոսելու: Քոնը անտառն է…

ՍՈՆԱ — Աստված ներեց «Մեղավոր կնո­ջը»… Քեզ մեծ մարդու տեղ ես դրել…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Աստված գուցե ների: Բայց ես չեմ ներում: Ես Աստված չեմ: Տուր գլխարկս…

ՍՈՆԱ — Արի վերցրու… (Քրքջում է, մի կողմ փախչում:) Դե, ես գնացի, Պերճ: Գիշերը կգաս մեր կաղնու մոտ: Տե՛ս, չուշանաս:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Այ թե անամոթն ես: Շուն ես, ֆո՛ւ… Գլխարկս տուր, ասում եմ:

ՍՈՆԱ — Արի վերցրու… (Քրքջում է:)

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ոտքդ էլ էստեղ չտեսնեմ, լսեցի՞ր:

ՍՈՆԱ — Կարծում ես հե՞շտ է: Եթե դու էլ սիրած լինեիր, կհասկանայիր:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ո՞ւր ես գնում: Գլխարկս տուր, շան աղջիկ…

ՍՈՆԱ — Հետս քաղաքավարի խոսիր… (Գնում է:)

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Օ՛ֆ, հոգնեցի… գլխացավն էլ մի կողմից… (Ծանրորեն տեղավորվում է սեղանի մոտ:) Դու ի՞նչ տեսակ մարդ ես, Պերճ, որ թույլ ես տալիս դրան քթիցդ բռնած ման տա քեզ… Փսլնքոտի մեկն ես, այ թե ո՛վ ես… Շատ խմեցի երեկ, գլուխս պայթում է: Երևում է, էլի պիտի խմեմ, որ խելքի գամ:

ՊԵՐՃ — Էդքան խմում ես, որ ի՞նչ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Էսօր ոչինչ չունե՞նք խմելու: (Պերճը լուռ է:) Կոկորդս մի տեսակ չորանում է:

ՊԵՐՃ — Ավելի լավ է գնանք ջարդենք: (Սկսում է հավաքել դատարկ շշերը:)

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ի՞նչ ասացիր… հի…. հի… հի… ճիշտ ես ասում, գնանք ջարդենք:

ՊԵՐՃ Վերջին անգամ, գնալուց առաջ…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Կգնա՞ս… Ո՞ւր կգնաս…

ՊԵՐՃ- Չե՞ս հավատում: Կնստեմ առավոտ­յան գնացքն ու…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Ոչ մի տեղ էլ չես գնա: Չես կարող գնալ: Սա Աստծո երկիրն է, Աստված ցավի մեջ է…

ՊԵՐՃ — Կգնամ, չեմ սիրում քո Աստծուն:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Այստեղից միայն մի ճանապարհ կա գնալու: Բայց դա իմ ճանապարհն է, ոչ թե քո…

ՊԵՐՃ — Գալի՞ս ես, թե՞ չես գալիս…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ — Գալիս եմ, հի… հի… հի… Գնանք ջարդենք:

Նրանք այլևս չեն երևում: Սպասա­րանում մնում է միայն Ակնոցավոր մարդը, սևեռուն հայացքով նայում է դիմացը: Քիչ անց շենքի ետևից լսվում է նետվող քարերի ու փշրվող ապակու ձայն: Պերճն ու Կայարանապետը իրենց սովորա­կան գործով են զբաղված:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Չկպավ, ո՜նց չկպավ…

ՊԵՐՃԻ  ՁԱՅՆԸ — Թող, իմ հերթն է…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Ոտքդ առաջ չդնես:

Փշրվող ապակու ձայն:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Կպավ, կպավ… հայուր տասնհինգով երեք…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Հեռու գնա, իմ հերթն է…

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Անպայման պիտի հրե՞ս…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Չկպավ, թյո՛ւ… Բայց քիչ էր մնացել…

Նորից փշրվող ապակու ձայն:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Կպավ, հարյուր տասնվեցով երեք…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — (կռվազան): Չենք հաշվում, ոտքդ առաջ դրեցիր:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Առաջ չդրեցի…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Սահ­մանն անցել ես, չենք հաշվում:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Չեմ անցել: Տեսնո՞ւմ ես, գիծը չեմ տրորել…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Ուրեմն սո՞ւտ եմ ասում…

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Սուտ ես ասում…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Սուտ ես ասում, շան տղա:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Հետս կարգին խո­սիր…

 

Գալիս է Սոնան՝ Կայարանապետի գլխարկը գլխին: Նստում է սե­ղանի մոտ, ուր դեռ երեկվանից մնացել են դաշտային ծաղիկները: Ձեռքն է առնում կիսատ թողած ծաղկեպսակն ու շարունակում հյուսել:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Ի՞նչ են անում, շշե՞րն են ջարդում:

ՍՈՆԱ — Ինչ է, էլի ուշացե՞լ ես գնացքից: Երևի քնով ես անցել, հա՞…

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — Տարօրինակ է, ինչո՞ւ են ջարդում շշերը:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Դե խփիր, ի՞նչ ես շշմել…

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Համ­բերիր, նշան եմ բռնում…

ՍՈՆԱ — Լավ կանես՝ տուն գնաս: Հաջորդ գնացքը վաղր կլինի:

ԱԿՆՈՑԱՎՈՐ ՄԱՐԴ — (մտազբաղ): Վաղը… Իսկ ի՞նչ ենք անելու մենք վաղը… Հետո ի՞նչ ենք անելու… մնացած բոլոր օրերին…

ՍՈՆԱ — Ինչ ենք անելո՞ւ… (Ծիծաղում է:) Կարծում էի՝ գիտես… Ապրելու ենք: (Փշրվող ապակու ձայն:) Ա՛յ թե ինչ ենք անելու:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Կպավ, կպավ… Տեսա՞ր, ոնց խփեցի:

ՊԵՐՃԻ ՁԱՅՆԸ — Հարյուր տասնվեցով չորս:

ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Բայց դու տեսա՞ր, ոնց խփեցի: Ա՛յ թե ոնց պետք է խփել, գրողը տանի, հի… հի… հի…

 

Լսվում է մոտեցող գնացքի աղմու­կը: Մարդկանց ձայները խլանում են

աղմուկի մեջ: Ակնոցավոր մար­դը շփոթված վեր է թռչում տեղից:

Նրա դեմքին թույլ, տխուր ժպիտ է հայտնվում: Սոնան նույնպես ժպտում է:

Գնացքը կայարանում կանգ չի առնում: Շչակով ողջու­նում է ու հեռանում:

Գնացքի աղ­մուկին հընթացս փակվում է վա­րագույրը:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։