Լեոնիդ ԶՈՐԻՆ / ՄՈԼԱԳԱՐԸ

Լեոնիդ ԶՈՐԻՆԻ «ՄՈԼԱԳԱՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում

 

 

 

Ժամանակակից կատակերգություն

 

Գործող անձինք

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՎԻՏԱԼԵՎՆԱ – դերասանուհի

ԱՆԱՀԻՏ – ֆլեյտահարուհի

ՄՈՆԳՈԼՈՎ – Անահիտի ամուսինը, հրապարակախոս

ՄԱՍՈՆԵՐ – պատմաբան

ՉԵՏՎԵՐԳՈՎ – սոցիոլոգ

 

Ալեքսանդրա Վիտալևնայի հյուրասենյակը։ Պատերին տանտիրուհու լուսանկարներն են՝ կյանքում ու տարբեր դերերում։ Նրա հյուրը Անահիտն է՝ հարևանուհին։

ԱՆԱՀԻՏ – Մոլագա՛ր։ Փողոցներում ազատ ու անպատիժ մոլագար է թափառում:

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անիծվե՛ս դու։ Անիծվես՛դու։ Անիծվե՛ս դու։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա… մի՞թե այդ դերն ավելի կարևոր է այն ամենից, ինչ կատարվում է կյանքում, ձեր կողքին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ինձ համար կարևոր է։ Անիծվե՛ս դու։ Անիծվե՛ս դու։

ԱՆԱՀԻՏ — Ախր, ինչո՞ւ եք այդքան տանջում ձեզ։ Անհնար է ավելի արտահայտիչ արտասանել այդ բառերը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ոչ, Անահիտ, տոնս ճիշտ չէ։ Դուք երաժիշտ եք, ուրեմն և՝ արտիստ։ Դուք որ պիտի հասկանաք։

ԱՆԱՀԻՏ — Ֆլեյտայի վրա այդքան երկար չի կարելի պարապել։ Օդի մեծ ծախս է։ Շատ մեծ։ Դրանից գլխապտույտ է սկսվում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Անիծվե՛ս դու։

ԱՆԱՀԻՏ — Իսկ եթե դո՞ւք հանդիպեք մոլագարին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ստիպված կլինեմ հնազանդեցնել նրան։

ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ եք կատակի տալիս։ Չեմ կարծում, որ իրոք այդքան անտարբեր եք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Կյանքն էլ, մահն էլ ճակատագիրն է տնօրինում։

ԱՆԱՀԻՏ — Համենայնդեպս, հիշեք, որ նա գողեգող է քայլում, գլխարկն էլ՝ աչքերին քաշած։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Բա ինչպե՞ս է տեսնում։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա… նա ամեն ի՛նչ է տեսնում։ Բայց ի՜նչ հանգիստ եք դուք։ Ես հասկանում եմ մարդկանց, որոնք պաշտում են ձեզ… Ի՞նչ է զգում կինը, որին պաշտում են բոլորը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ախ, Անահիտ, լսարանը մի անասելի էակ է։ Նրան ոգևորությունը պետք է իր խելահեղությունը արտահայտելու համար։

ԱՆԱՀԻՏ — Համաձայն չեմ։ Ձեր դիմացն ապրող Չետվերգովը, մեր ներքևում ապրող Մասոները միանգամայն նորմալ մարդիկ են, բայց երկուսն էլ նվիրված են ձեզ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ներքևում ապրող Մոնգոլովը, հուսամ, կասկածից դո՞ւրս է։

ԱՆԱՀԻՏ — Ինձ դժվար է այդպես խոսել սեփական ամուսնու մասին, բայց դուք հրապուրում եք նրան։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դե բավական է, բարեկամս, անհեթեթություն է այդ ամենը։ Պարզապես նա գտնվում է ընդհանուր դաշտում։

ԱՆԱՀԻՏ — Օ՜, ոչ… նա ուրիշ մարդ է դարձել։ Երբ ինձ կրքոտ սիրահետում էր, ինձ Ամներիս էր ասում, իսկ հիմա բողոքում է ստեղծագործական ճգնաժամից։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Խարույկը միշտ պիտի թեժ պահես։ Ժամանակ առ ժամանակ փայտ գցես… Վախենամ, ղուք բավականաչափ քնքուշ չեք։ Մի անգամ տեսա, ինչպես էիք իրար հրաժեշտ տալիս. դուք շուրթերով հազիվ կպաք նրա ճակատին, կարծես հանգուցյալի էիք համբուրում։

ԱՆԱՀԻՏ — Ես չեմ կարող պինդ համբուրվել՝ շուրթերս պիտի պահպանեմ։ Նա գիտեր, որ ամուսնանում է փողային գործիք նվազողի հետ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իհարկե, նա պետք է հաշվի նստի ձեր կոչման հետ, բայց դուք էլ պիտի հասկանաք նրան։

ԱՆԱՀԻՏ — Հասկանում եմ… Ես էլ գիտեի, որ ամուսնանում եմ հրապարակախոսի հետ։ Բայց եթե այդպես է՝ գրի՛, լուսավորի՛, բարքե՛ր դաստիարակի… մի՛ թափառի քաղաքով մեկ, մի՛ կորի, սատանա գիտե, որտե՛ղ…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ստեղծագործական ճգնաժամը վտանգավոր բան է։

ԱՆԱՀԻՏ – Ալեքսանդրա Վիտալևնա, ներեցեք, բայց… Հրապարակախո՞ս ես՝ գրասեղանի առաջ նստիր… Դուք ինչո՞ւ չեք ամուսնանում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մի անգամ քիչ մնաց՝ ամուսնանայի, բայց հետո դա ինձ դուր չեկավ։

ԱՆԱՀԻՏ — Հասկանում եմ, ամուսինը ձեզ կխանգարեր։ Բայց կնոջ համար սարսափելի է մենակ ապրելը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ինչո՞ւ… ամենևին սարսափելի չէ։

ԱՆԱՀԻՏ — Ամեն լուսաբացի մեջ վտանգ կա, էլ չասած՝ գիշերվա մասին։ Օրինակ, այդ մոլագարը…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Արդեն ասացի՝ ես ֆատալիստ եմ։

ԱՆԱՀԻՏ — Ձեր պե՛տքն էլ չէ… իսկ նա ամեն րոպե կին է բռնաբարում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իսկապե՞ս… և դա նրան հաջողվո՞ւմ է։

ԱՆԱՀԻՏ — Ռադիոյով են հաղորդել։ Թերթերում են գրել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Թերթերին սենսացիա է պետք։ Հարցրեք ձեր ամուսնուն։

ԱՆԱՀԻՏ — Միլիցիան հալից ընկել է, զոհերի թիվն օր օրի ավելանում է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Բարեկամս, պետք չէ խուճապին տրվել։

ԱՆԱՀԻՏ – Կամա՛ց…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ի՞նչ է։

ԱՆԱՀԻՏ — Լսո՞ւմ եք… դուռը բացվեց։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իհարկե, լսում եմ։ Մասոներն է։ Անտոնին է զբոսանքից բերել։

ԱՆԱՀԻՏ — Ու դուք նրան բանալի՞ եք տվել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իհարկե։ Որ կարողանա մտնել, երբ տանը չեմ, որ ավելորդ անգամ դուռը չզանգի, եթե դրա կարիքը չկա։

ԱՆԱՀԻՏ — Խոնարհվում եմ ձեր խիզախության առջև։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Աստված ձեզ հետ… Մասոները անվնաս մարդ է։ Մեդիեվիստ։

ԱՆԱՀԻՏ – Ինչպե՞ս…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Զբաղվում է միջին դարերի պատմությամբ։ Անիծվե՛ս դու…

ՄԱՍՈՆԵՐ — (ներս մտնելով)։ Մեծահոգաբար ներեք… ես Անտոնին եմ բերել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դա ձեզ չէր ուղղված, դեր եմ սովորում։

ՄԱՍՈՆԵՐ — Առավել ևս ներողություն, ձեզ շեղեցի… Բարև ձեզ, Անահիտ Վարազդատովնա։

ԱՆԱՀԻՏ — Մասոներ, դուք այնպես անաղմուկ մտաք ներս…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Հուսով եմ, Անտոնը ձեզ շատ չհոգնեցրեց։

ՄԱՍՈՆԵՐ — Դե իհարկե, ոչ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իրեն լա՞վ պահեց։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչպես միշտ՝ անթերի։ Նա ապշեցուցիչ դաստիարակություն ունի։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Տանտիրուհուց առավել։

ՄԱՍՈՆԵՐ — Տանտիրուհին ոչ միայն համեմատությունից բարձր է։ Նա համեմատությունից դուրս է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շնորհակալ եմ։ Միջին դարերով զբաղվելը ազնիվ մտքեր է արթնացնում… ասպետական մրցամարտե՜ր, սրտի Տիրուհու պաշտամո՜ւնք։

ՄԱՍՈՆԵՐ — Համարձակվում եմ ավելացնել՝ Գեղանի՛ Տիրուհու։ Ի դեպ, պիտի ձեզ զգուշացնեմ՝ թաղամասում մոլագար է հայտնվել։

ԱՆԱՀԻՏ — Լսեցի՞ք… Ձեզ ի՞նչ էի ասում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այսինքն, ինչպես թե՝ «թաղամասում», Առնոլդ Միխայլովիչ։

ՄԱՍՈՆԵՐ — Վերջին անգամ նրա տեսել են մոտակայքում, Մարտի Ութի փողոցում։

ԱՆԱՀԻՏ – (Ալեքսանդային): Իսկ դուք ինձ չէիք հավատում։

ՄԱՍՈՆԵՐ — Իզուր։ Նա անգութ է ու նենգ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Սարսափելի չէ, դուք ինձ կպաշտպանեք։

ՄԱՍՈՆԵՐ — Շնորհակալություն, հպարտ եմ ձեր վստահությամբ։ Ափսոս, որ մշտապես ձեր կողքին չեմ։ Անհարգալից չե՞մ գտնվի, եթե այստեղից զանգահարեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Խնդրեմ։ Դուք գիտեք, որտեղ է հեռախոսը։

Մասոները գնում է հարևան սենյակը։

ԱՆԱՀԻՏ — Մարտի Ութի փողոցում… մեզանից երկո՛ւ քայլ հեռու։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անահիտ, վախն աղճատում է անհատականությունը։

ԱՆԱՀԻՏ — Իրավացի եք, գլուխս կորցրել եմ։ Բայց այսպես հեշտ ու հանգիստ բանալին տալ…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ես Չետվերգովին էլ եմ բանալի տվել, դռան ու փոստարկղի բանալիները։ Նա է իմ նամակները բերում։

ԱՆԱՀԻՏ — Դուք խելագարվել եք… ինչպիսի՛ խիզախություն…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մի՞թե… հիշեք Չետվերգովին՝ նա ֆլեգմատիկ է։ Եվ, իմիջիայլոց, ձեր ամուսինն էլ ունի իմ բանալին։

ԱՆԱՀԻՏ — Իսկ նրա՞ ինչին է պետք ձեր բանալին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Նա այնքան բարի է, որ երբեմն թերթեր է բերում։ Ես բաժանորդագրվելու սովորություն չունեմ։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա, դուք ինձ ցավ պատճառեցիք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Հիմարությո՛ւն, բանի տեղ մի դրեք։

ԱՆԱՀԻՏ — Հավատացեք ինձ, դուք պետք է ամուսնանաք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Ձե՛զ է պետք իմ ամուսնանալը, ինձ պետք չէ։ Հանգստացեք, ձեզ վտանգ չի սպառնում։ Ինձ էլ։ Մենք կորցնելու բան չունենք։ (Ականջ է դնում։) Անտոնը գռմռաց։

ԱՆԱՀԻՏ — Դուռը բացվեց։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ձեր ամուսինն է։

Ներս է մտնում Մոնգոլովը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Շունն արդեն պիտի որ ինձ վարժվեր։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Բարի երեկո, Ռամզես Պետրովիչ, օ՜հ, այս ինչքան թերթ եք բերել… Չեմ էլ հասցնի կարդալ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Մեր հոլդինգի արտադրանքն է։ Մի բան չէ, բայց աչքի անցկացրեք։ (Կնոջը.) Ահա թե որտե՛ղ ես։

ԱՆԱՀԻՏ – Կարո՞ղ եմ ենթադրել, որ ինձ փնտրել ես։

ՄՈՆԳՈԼՈՎ — Միայն առանց ենթատեքստի։ Պատասխան տալու տրամադրություն չունեմ։

ԱՆԱՀԻՏ – Դե իհարկե, շունը քեզ չի ընտելացել, թեև պիտի ընտելանար։ Դու այստեղ հաճախակի հյուր ես։

ՄՈՆԳՈԼՈՎ — Գոնե Ալեքսանդրա Վիտալևնայից ամաչեիր… Ի սեր Աստծո, քո ֆանտազիաների սիրտը չունեմ։ Ալեքսանդրա Վիտալևնա, ծայրահեղ զգուշավորություն պահպանեք, խնդրում եմ, Մոսկվայում մոլագար է հայտնվել։

ՄԱՍՈՆԵՐ — (ներս մտնելով)։ Ոչ միայն Մոսկվայում, այլև մոտերքում։ Նրան տեսել են Մարտի Ութի փողոցում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Թանկագին հարևաններ, բոլորդ եք սևեռված։

ՄԱՍՈՆԵՐ — Թանկագինս, այդպես չէ։ Ես չէի համարձակվի ձեզ հետ վիճել, բայց հենց նոր ձեր հեռախոսով խոսեցի ընկերոջս հետ, ու նա էլ նկատելիորեն ցնցված է։ Իսկ նա չափազանցնելու հակում չունի։

ԱՆԱՀԻՏ — Ռամզես, կարո՞ղ ես ինձ բացատրել, թե ինչո՛ւ քիչ առաջ այդքան ստոր վարվեցիր։

ՄՈՆԳՈԼՈՎ — Քեզ ի՞նչ պատահեց։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնային զգուշացրիր, բայց մտքովդ չանցավ նույնը ինձ ասել։

ՄՈՆԳՈԼՈՎ – Հիմարությո՛ւն։ Ես միայն ասացի, որ պետք է աչալուրջ լինել։

ԱՆԱՀԻՏ — Դու վիրավորեցիր ինձ, դու ինձ նսեմացրիր։ Ուրեմն, քո կարծիքով, ես չե՞մ կարող զոհ դառնալ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Չես կարող։ Զոհ պիտի ծնվես։

ԱՆԱՀԻՏ — Ո՞ւմ նկատի ունես… քե՞զ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Խնդրում եմ, մի շարունակիր այդ թեման։

ՄԱՍՈՆԵՐ — Դե լավ, մի բարկացեք։ (Գլուխն օրորելով։) Ինչքա՛ն կարևոր են նյուանսները։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դա անդրկովկասյան հպարտությունն է, նույնքան անիմաստ, որքան ռուսական ըմբոստությունը։ Ձեր ամուսինը հիշում է, որ ես միայնակ կին եմ, ահա նրա ուշադրության պատճառը։ Ես պաշտպան չունեմ։

ՄԱՍՈՆԵՐ — Ալեքսանդրա Վիտալևնա, հավատացնում եմ ձեզ, ես պատրաստ եմ հարվածը վերցնել ինձ վրա։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իսկ ես պատրաստ եմ ինքս հարված հասցնել։

ԱՆԱՀԻՏ — Լսեցի՞ք, նա ամե՛ն ինչի պատրաստ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ասում եմ՝ խելոք մնա։

ԱՆԱՀԻՏ — Ռամզես, դու թույլ չես տա, որ Ալեքսանդրա Վիտալևնայի գլխից մի մազ պակասի, իսկ քո կնոջը թող բռնաբարի պատահած սրիկան… Ցանկացած կատաղած սրիկա՛ն։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչպե՞ս կարող եք անհիմն նման բան պնդել։

ՄՈՆԳՈԼԱՎ — Հիմա հասկացա՞ք, ի՛նչ է իմ կյանքը։

ԱՆԱՀԻՏ – Անհի՞մն… Լավ էլ հիմքով է։ Թող մտաբերի, թե ինչպես էր ինձ զբոսանքի քշում Տիմիրյազևյան զբոսայգի։ Իսկ զբոսայգին մեր կողքին է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես հոգատարություն եմ ցուցաբերում, իսկ նա ասում է, թե վախենում է մրսելուց։

ԱՆԱՀԻՏ — Այո, հարբուխն ինձ համար աղետ է։ Ի վերջո, դու գիտեիր, թե ի՛նչ էիր անում, երբ ամուսնացար փողայինի հետ։

ՄՈՆԳՈԼՈՎ – Նորի՛ց այդ ատելի բառը, տանե՛լ չեմ կարող… ես ամուսնացել եմ ոչ թե փողայինի, այլ ֆլեյտայի հետ։ Եթե ուզում ես՝ ֆլեյտայի շարունակության հետ։ Երաժիշտ ես ու չես զգում տարբերությունը, դու լսողություն ունե՞ս, թե՞ ոչ։

ԱՆԱՀԻՏ — Եվ նա ինձ Ամների՜ս էր ասում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Որպես ստեղծագործող, ես անտարբեր չեմ գեղեցիկի նկատմամբ։ Բեմ է դուրս գալիս մի աղջիկ ու ֆլեյտայի վրա նվագում Դեբյուսի։ Աղջկան համեմատեցի երաժշտության հետ ու, բնականաբար, գլուխս կորցրի։

ՄԱՍՈՆԵՐ — Ձեզ կարելի է հասկանալ։ Ես էլ եմ սիրում Դեբյուսի։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Առնոլդ Միխայլովիչ, չմոռանաք, երաժշտությունից բացի այնտեղ նաև աղջիկ կար։

ՄԱՍՈՆԵՐ — Ներեցեք, սխալ թույլ տվեցի։

ԱՆԱՀԻՏ — Ոչինչ, Մոնգոլովն ինձ ընտելացրել է դրան։ Ես հո Ալեքսանդրա Վիտալևնայի շունը չե՞մ, որը չի ընտելանում։

ՄՈՆԳՈԼՈՎ — (շշուկով)։ Անիծվե՛մ ես։

ԱՆԱՀԻՏ – Չգոռա՛ս ինձ վրա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անիծվեմ ես… Ինչպես արտասանեցի՞ք՝ «Անիծվե՛մ ես»։ Կարծես թե իմ ուզածն է։

ՄԱՍՈՆԵՐ — Ալեքսանդրա Վիտալևնան կերպար է փնտրում։

ԱՆԱՀԻՏ — Եվ հնչերանգ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շնորհակալ եմ, դուք ինձ օգնեցիք, Ռամզես Պետրովիչ։

ԱՆԱՀԻՏ — Առաջին անգամ ինչ-որ մեկին օգնեցիր, այն էլ՝ հայհոյելիս։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դադար տուր։ Առանց այդ էլ դժվարությամբ եմ ինձ զսպում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ինչքան էլ դժվար լինի՝ դա անհրաժեշտ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ալեքսանդրա Վիտալևնա… եթե միայն իմանաք իմ հոգեվիճակը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անահիտն ասել է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ է ասել։

ԱՆԱՀԻՏ — Ասել եմ, որ ստեղծագործական ճգնաժամի մեջ ես։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ, դա ի՛մ պրոբլեմն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մի զայրացեք, դա բնական պրոցես է։ Եվ, անշուշտ, շատ հարգելի։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իմ կինը լրիվ հակառակ կարծիքի է։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա, այդպես չէ… Ռամզես, ինչո՞ւ ես ամեն ինչ խեղաթյուրում: Ստեղծագործական ճգնաժամը ես հարգում եմ, բայց եթե ամեն օր դու կազինոյում ես…

ՄՈՆԳՈԼՈՎ — Եվ դու կարող ես ինձ կշտամբե՛լ դրա համար։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իրոք որ, հիշեք Դոստոևսկուն։ Կիրքն է թելադրում իր ուղիները։

ՄՈՆԳՈԼՈՎ — Եթե միայն կիրք լիներ… սա ինքնահրաժարում է, Ալեքսանդրա Վիտալևնա: Ես պարտավոր եմ ապահովել իմ ընտանիքը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ու ձեր բախտը բերո՞ւմ է խաղի մեջ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ խաղ… իմ գրիչը պետք եկավ այդ որջը փառաբանելու համար։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ուրեմն ձեզ նաև վճարո՞ւմ են։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դրանից եմ ցավ զգում… դա ոչ թե խրախճանք է, այլ աշխատանք, այն էլ՝ նվաստացուցիչ։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց՝ ձեռնտու։

ԱՆԱՀԻՏ — Իսկ դո՞ւք որտեղից գիտեք:

ՄԱՍՈՆԵՐ — Ռամզես Պետրովիչը ինձ տեղյակ է պահել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես օբյեկտիվ եմ։ Նրանք առևտուր չեն անում, այդ առումով բողոք չունեմ։

ՄԱՍՈՆԵՐ — Ավելին, նրան քարտ են տվել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անգամ այդ մանրամասների՞ն տեղյակ եք։

ՄՈՆԳՈԼՈՎ — Հարևանաբար հետը կիսվել եմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Եվ ի՞նչ է ձեզ տալիս այդ քարտը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դրանով կարող ես ձրի ճաշել ցերեկվա ժամը երկուսից մինչև վեցը։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա, հիմա հասկացա՞ք։ Նա քեֆ է անում ու գանգատվում ճգնաժամից։

ՄՈՆԳՈԼՈՎ – Բացարձա՛կ անհասկացողություն։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մոնգոլով, գնահատեք։ Ձեր կինը կարոտում է ձեզ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ալեքսանդրա Վիտալևնա, նա շատ խորամանկն է։

ԱՆԱՀԻՏ — Դու առարկում ես Ալեքսանդրա Վիտալևնայի՞ն։

ՄԱՍՈՆԵՐ — (գլուխն օրորելով)։ Այդ մեկը չպիտի անեիք։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես չեմ առարկում, ես տեղեկացնում եմ։ Եթե ինչ-որ բանի մասին եմ գրում, այն պիտի ուսումնասիրեմ հիմնովին։ Դա իմ ստեղծագործական մեթոդն է և իմ մարդկային ոճը։ Կինս բավական ժամանակ ուներ ինձ ճանաչելու համար։

ԱՆԱՀԻՏ — Վախենամ, դա իմ ուժերից վեր է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես էլ այդ վախն ունեմ։

ԱՆԱՀԻՏ — Կամաց… դուռը բացվեց։

ՄԱՍՈՆԵՐ — Անտոնը լռում է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — (ներս մտնելով)։ Որովհետև մենք բարեկամներ ենք։ Անհանգստանալու կարիք չկա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Բարև ձեզ, Գրիգորի Անդրեևիչ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Խնդրեմ, ձեր փոստը։ Ողջո՛ւյն, Մոնգոլով։ Անահիտ Վարազդատովնա, միանգամից հասկացա, որ ձեզ տեսնելու եմ։

ԱՆԱՀԻՏ — Իրո՞ք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր ֆլեյտայի պատյանը նախասենյակում էր։

ԱՆԱՀԻՏ — Փորձից եմ եկել, ի՜նչ ուշադիրն եք։ Իսկ ամուսինս չի էլ նկատել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Վիրավորական է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Կշտամբանք, անվե՜րջ կշտամբանք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հատուկ ողջույնս մեդիեվիստին։ Իսկ սա՝ հատուկ նամակ, խելագարի մեկը խնդրեց հանձնել։ Ձեր բոլոր երկրպագուներն արդեն ճանաչում են ինձ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Նամակը տվեց փողոցո՞ւմ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չէ, շքամուտքում։ Ձեր տաղանդի երկրպագու, որն ընդհուպ մոտեցել է ինքնասպանությանը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դե, դուք արդեն… Դուք սիրտ չունեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սոցիոլոգը պարտավոր է սառնասիրտ լինել։

ԱՆԱՀԻՏ — Սարսափելի հատկություն…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իմ մասնագիտության բաղադրիչ մասն է։ Ես մարդկանց հարցում եմ անում նրանց համակրանքների ու հակակրանքների մասին, բայց այդպիսիք ինքս ունենալ չեմ կարող։

ՄԱՍՈՆԵՐ — Չե՞ք վախենում շփվել բնակչության հետ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ դուք տառապում եք ժողովրդավախո՞վ։

ՄԱՍՈՆԵՐ — Պարզապես ինձ թևաթափ է անում լալլոկոպրիայի նկատմամբ նրա կիրքը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Գրողը տանի, ի՜նչ գիտունն եք։

ԱՆԱՀԻՏ — Դա ի՞նչ է նշանակում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Երևի ինչ-որ անպարկեշտություն է։ Այդպիսին է Մասոները, ժամանակն է, որ վարժվենք։

ՄԱՍՈՆԵՐ — Ես ասում էի զազրախոսելու հաստատուն հակվածության մասին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդ մեկը ինձ չի վախեցնում, ավելին, մանկությունից գնահատել եմ մայրենի խոսքի բոլոր գանձերը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — (ավարտելով նամակի ընթերցումը)։ Իրավացի եք, խելագարի նամակ է։ Նա հայտնում է, որ ուզում է կուսակրոն ձեռնադրվել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Կնոջը նվաճելու տարօրինակ միջոց է։

ԱՆԱՀԻՏ — Նա ոչինչ չի նվաճում, ոչ մի հաշվարկ չի անում։ Բայց մարդիկ կան, որ չեն կարող դա հասկանալ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ, հոգնել եմ քո ակնարկներից։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Հանգստացեք, Անահիտ, իսկ դուք, Մոնգոլով, պետք է ըստ արժանվույն գնահատեք այդ սխրանքը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դա սխրանք չէ, այլ կապիտուլյացիա։

ԱՆԱՀԻՏ — Դու առարկում ես Ալեքսանդրա Վիտալևնայի՞ն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այ, Մասոներն էլ կհաստատի, որ ասպետները վանական չէին դառնում։

ՄԱՍՈՆԵՐ — Սակայն կային տամպլիերները։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դա պատահում է դժնդակ ժամանակներում՝ մեկը մեծ ճանապարհ է դուրս գալիս, մյուսը գնում է մենաստան։

ԱՆԱՀԻՏ — Մեկն էլ՝ կազինո։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դու կրակի հետ ես խաղում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այստեղ իրար լափող երկու կրակ կա։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Կարդացի ռուլետկային նվիրված ձեր ներբողը՝ վարակիչ գրիչ ունեք։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես էլ եմ այդ կարծիքին։

ՄԱՍՈՆԵՐ — Ասացեք, իրո՞ք խաղն այդքան գրավիչ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Որ տանուլ տաք՝ կիմանաք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդ մեկը չպիտի ասեիք, դրա՞ համար են ձեզ տասնչորսից մինչև տասնութը ձրի կերակրում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դուք է՞լ գիտեք:

ՄՈՆԳՈԼՈՎ — Պատմել եմ որպես հարևանի։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ինչ որ ձեզ չեմ հասկանում, Մոնգոլով, ընկճվա՞ծ եք, թե՞ հպարտանում եք ձեր արածով։

ՄՈՆԳՈԼՈՎ — Արդեն ասացի, որ ընկճված եմ։ Ես թաղում եմ իմ տաղանդը։

ԱՆԱՀԻՏ — Դա վնասակար է հողի համար։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ, երդվում եմ, դու քայլում ես ածելու վրայով։

ԱՆԱՀԻՏ — Վախենո՞ւմ ես կյանքիս համար, դրա՞ համար էիր ինձ Տիմիրյազևյան զբոսայգի քշում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդ ո՞ւր եք քշել ձեր կնոջը։

Մոնգոլովը դառնացած ձեռքը թափ է տալիս։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչ է, դուք չե՞ք լսել մոլագարի մասին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Լսել եմ, որ թափառում է Մոսկվայում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ոչ թե Մոսկվայում, այլ մեր տան մոտերքում։

ՄԱՍՈՆԵՐ — Նրան նկատել են Մարտի Ութի փողոցում։ Ապշեցուցիչ է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ապշելու բան չկա, այդ փողոցը ստեղծված է նրա համար։

ՄՈՆԳՈԼՈՎ — Տարօրինակ է։ Ինչո՞ւ եք այդպես մտածում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդ անունը նրան հրահրում է։

ԱՆԱՀԻՏ — Իրոք որ… Իսկ Մոնգոլովի մտքով դա չի անցել։

ՄՈՆԳՈԼՈՎ – Անահի՛տ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Որտեղ կին, այնտեղ բռնություն։

ԱՆԱՀԻՏ — Բայց դա ցինիզմ է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչպես ցանկացած փաստ։ Վիճակագրությունը բարոյականությունից ծանրակշիռ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Եվ այդ մասին դուք ասում եք այդքա՛ն սառնասիրտ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իմ մասնագիտությունը զգացմունքներ չի հանդուրժում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Գուցե հարցո՞ւմ եք անցկացրել, ճշտելու, թե բնակչության թվաքանակին քանի մոլագար է հասնում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Կանա՞նց թվաքանակին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — ոգոցով)։ Դուք ի՞նչ գիտեք կանանց մասին։

ՄԱՍՈՆԵՐ — Տարօրինակ արարածներ են մարդիկ։ Փողոցում ցուրտ է ու խոնավ, իսկ նա թափառում է դրսում՝ զոհ գտնելու համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Գուցե նա այդպես է տաքանում։

ԱՆԱՀԻՏ – Ի՛նչ անամոթություն…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Եթե շատ է հուպ տալիս… Բայց ասածս վարկած է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դա նրա ոճն է, Գրիգորի Անդրեևիչը մեզ ապշեցնում է։

ԱՆԱՀԻՏ — Ինձ չի հուզում ո՛չ Չետվերգովի ոճը, ո՛չ էլ ամուսնուս անտարբերությունը, որն ինձ զբոսայգի է ուղարկում՝ վտանգելով առողջությունս ու պատիվս։ Ինձ հուզում է, որ մոլագարը հանգիստ քայլում է փողոցներով, իրական դեմքը գլխարկի տակ թաքցրած։

ՄԱՍՈՆԵՐ – Ի՛նչ բարքեր ու ժամանակներ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դուք նրան շատ հանգիստ կարող էիք հանդիպել, երբ զբոսնում էիք Անտուանի հետ։

ՄԱՍՈՆԵՐ — Ձեր թույլտվությամբ՝ Անտոն։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Թեկուզ Դանտոն: Ես ընդամենը ուզում եմ նշել, որ գլխարկը հանցանշան չէ։ Այսօր նա գլխարկով է, վաղը կլինի բերետով, ինչպես Մասոները, իսկ հետո՝ կեպիով, Մոնգոլովի նման։

ՄՈՆԳՈԼՈՎ — (նյարդային)։ Ի՞նչ եք ակնարկում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Որ այդ ջահելը հեշտ բռնվողը չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Սխալվում եք, մոլագարները ստերեոտիպերի են հակված։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր կարծիքով, եթե մոլագար է, ուրեմն ապո՞ւշ է։ Բութ ծնոտ, նեղ ճակատ, խոր ընկած աչքեր, թուքը ծլլում է… Ձեզ միք խաբի, մոլագարը կարող է ակադեմիկոսի տեսք ունենալ, կարող է վերնախավին պատկանել։ Բայց վրա է հասնում ինքնամոռացումը, և նա վերափոխվում է։

ԱՆԱՀԻՏ — Դուք առարկում եք Ալեքսանդրա Վիտալևնայի՞ն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ինչպես ասում են՝ վրիպեց:

ՄԱՍՈՆԵՐ — Ես, օրինակ, ինձ Ալեքսանդրա Վիտալևնայից ավելի իրազեկ չեմ համարում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Գրիգորի Անդրեևիչն ինքնահաստատվում է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ամենևի՛ն, ես հայտնեցի իմ կարծիքը։

ԱՆԱՀԻՏ — Ամեն ինչի մասին դուք ձեր կարծիքն ունեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Թույլ տվեք, բայց ես, ի վերջո, սոցիոլոգ եմ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Քոռ կոպեկ չեմ տա ձեր գովելի սոցիոլոգիային, երբ խոսում է Ալեքսանդրա Վիտալևնան։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դե, սա բանի նման չէ… Մեր տանտիրուհին հրաշալի կին է, բայց նրա ամեն ասածը չի կարող սուրբ ճշմարտություն լինել։

ԱՆԱՀԻՏ — Կարող է, քանի որ նա գիտե։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անահիտ, հերիք է նյարդերդ քայքայեք։ Ամեն մեկն ունի իր բարդույթները, Գրիգորի Անդրեևիչը բացառություն չէ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Մեդիեվի՛ստ։

ՄԱՍՈՆԵՐ — Ձեր խոնարհ ծառան։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ուրեմն դուք է՞լ պաշտամունքի ծառա եք։

ՄԱՍՈՆԵՐ — Չեմ էլ փորձում թաքցնել։ Ալեքսանդրա Վիտալևնային հանդիպելիս ես բարեպաշտության զգացում եմ ապրում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բա էլ ի՞նչ գիտության մարդ եք։

ՄԱՍՈՆԵՐ — Ես հենվում եմ պատմության փորձի վրա։ Այսպիսի կանայք դետերմինացված են։ Անտիկ ժամանակաշրջանում, օրինակ, Ասպազիան, կամ Գիպատիան, ավելի ուշ շրջանում՝ մադամ Ռեկամյեն, մադամ դը Ստալը։ Մեր դարում՝ Գերտրուդ Սթայնը, հայրենական Զինաիդա Գիպպիուսը։ Բնության յուրօրինակ օրենք է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շնորհակալ եմ, Առնոլդ Միխայլովիչ։ Քանի որ մրսում եք ու դողացնում, ձեզ կարմիր գինի կառաջարկեմ։

ՄԱՍՈՆԵՐ — Օհ, ի՞նչ եք ասում… դա ավելորդ է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ավելորդ չէ, ավելին, հրաշալի միտք է։ Մենք էլ շնորհակալ ենք Մասոներին, որ ձեզ այդ միտքը հուշեց։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Քանի որ այստեղ եք՝ իմ արգելոցում, առաջարկում եմ նստել սեղանի շուրջ։

ՄՈՆԳՈԼՈՎ — (մոտենալով Ալեքսանդրային՝ կամաց)։ Մասոներին գովեցիք, առանձնացրիք ձեր ուշադրությամբ, իսկ ինձ համար գոնե մի բառ չգտաք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մի նախանձեք, ես ձեզ գնահատեցի։

ՄՈՆԳՈԼՈՎ — Որևէ մեկին նախանձելու համար շատ եմ հպարտ։ Բայց պիտի խոստովանեմ, որ ցավ եմ զգում՝ տեսնելով, թե ինչպես է մարդն առաջադիմում օտար բառեր իմանալու հաշվին։ Եթե նայեիք հոգուս խորքը… նա արնահոսում է…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Ո՛չ, ի սեր Աստծո, ինչո՞ւ պիտի նայեմ ձեր մաշկախոցին։ Միայն թե ձեր մտքով չանցնի այն ցուցադրել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ինչո՞ւ, ինչո՛ւ եմ ինձ տանջում։ Պետք է փախչել, փրկել իմ անհատականությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Փախեք։ Եթե, իհարկե, կարող եք փախչել։ Իմ բաժին ինքնակիզվողները դեռ շատ են։

ՄՈՆԳՈԼՈՎ — (դառնացած)։ Ես ճգնաժամի մեջ եմ, դա ինձ կամազրկելէ։

ԱՆԱՀԻՏ — Ռամզես, այդ ի՞նչ ես այդպես կրքոտ շշնջում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ալեքսանդրա Վիտալևնային ասում եմ, որ կարող եմ մոլագարի մասին ամենաթարմ ինֆորմացիա ստանալ։ Ինձ պարտական մի կոլեգա ունեմ, հետաքննչական խմբում ծանոթներ ունի։ Հիմա մենք հստակ պատասխան կունենանք։

ԱՆԱՀԻՏ — Բա ո՞ւր էիր մինչև հիմա, չեմ հասկանում։ Քեզ ի՞նչ, որ կինդ վախից իրեն կորցրել է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Առնոլդ Միխալիչ, գնանք միասին։ Եթե թույլ կտաք, ձեզ հարցնելու բան ունեմ։

ՄԱՍՈՆԵՐ — Ձեր խոնարհ ծառան։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ինչպես ասացի՞ք՝ լալ-լա-կրոպիա՞… թե՞ լալլո-կոր-պիա։

ՄԱՍՈՆԵՐ — Լալլակոպրիա։

ՄՈՆԳՈԼՈՎ — Համենայնդեպս, գրեմ։

Անցնում են մյուս սենյակը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անահիտ, ի սեր Աստծո, միացրեք էլեկտրասալիկը և գավաթներ բերեք։

ԱՆԱՀԻՏ — Հիմա… թեև ինձ դժվար է այս պահին կենտրոնանալը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ի՞նչ է պատահել։

ԱՆԱՀԻՏ — Ես ինձ կորցրել եմ։ (Գնում է։)

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Զարմանալի է կնոջ կյանքը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Տղամարդունն ավելի անբացատրելի է։ Ի՞նչ էր նշանակում այդ տարօրինակ ըմբոստությունը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ուժերս չէի հաշվարկել։ Հակառակորդի գերակշիռ ուժերն ինձ ճնշեցին առաջին իսկ պահին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Խոսքը ձեր հոգեկան ուժերի՞ մասին է։ (Պահարանից դուրս է բերում գինու շիշն ու գավաթներ։)

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Խոսքն այն մասին է, որ զանգվածն ապրում է ծնկաչոք։ Դա բնազդ է, ոչինչ չես կարող անել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Պարզ է։ Սեղանին դրեք թխվածքը։ Կրեկերը նույնպես։ Կրեկեր սիրո՞ւմ եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Տանե՛լ չեմ կարող։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ոչինչ, կտանեք… Ուրեմն, դուք հերետիկո՞ս եք Գողգոթայի վրա։ ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, ու բոլորը գոռում են՝ խաչի՛ր նրան։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Ահա՜ թե ինչ… Մարգարեն ու ամբոխը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, մարգարեն ու օխլոսը, ինչպես կասեր Մասոները։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Վատ վարկած չէ։ Չգիտեմ, ի՛նչ կասեր Մասոները, իսկ ձեզ կասեմ՝ դուք էլ մյուսների նման եք, նրանցից ոչնչով չեք տարբերվում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Կարծո՞ւմ եք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իսկ ինչո՞վ եք տարբերվում։ Մասոները զբոսանքի է տանում Անտոնին, Անահիտը ջրում է իմ ծաղկի թաղարները, Մոնգոլովը թերթեր է բերում, դուք՝ ինձ ծափահարողների նամակներն ու ծաղկեփնջերը։ Իմ հարևանները հիասքանչ մարդիկ են, ես ի սրտե շնորհակալ եմ նրանց։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ներեցեք, բայց բոլորն անմռունչ լսում են ձեր որոշումներն ու դատավճիռները, իսկ ես երբեմն հակառակվում եմ։ Նրանք հնազանդվել են, ես դեռ դիմադրում եմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Լինում է, որ Անտոնն էլ է հակառակվում։ Ամեն մեկն իր դերն է խաղում։ Մասոները՝ միջնադարյան ասպետի, Անահիտը՝ զոհի, Մոնգոլովը՝ ճգնաժամի։ Դուք անկախություն եք խաղում։ Եվ ի՞նչ… դուք նույնպես ձեռնասուն եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ոչ, տիրուհիս, դա խաղ չէ, ոչ էլ իմ ծանր բնավորությունը։ Դեռ լիովին ձեռնասուն չեմ ու ձեզ սիրաշահելու համար ընդունակ չեմ հրաժարվել սթափ մտքից և այն բանից, ինչ ճշմարտություն եմ համարում։ Քիչ առաջ մոլագարի մասին խոսեցիք որպես մի օլիգոֆրենի, իսկ ես գիտեմ, որ գործն ավելի քան բարդ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ինչի՞ց եզրակացրիք, որ գիտեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Նախ և առաջ այն պարզ պատճառով, որ տղամարդ եմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դա դեռ պետք է ապացուցվի։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Արդեն ապացուցված է։ Ե՛ս եմ մոլագարը։

Շեմին հայտնված Անահիտի հուսահատ ճիչը։ Մատուցարանը՝ բաժակներով, ընկնում է հատակին։ Ներս են վազում Մոնգոլովն ու Մասոները։ Լույսը մարում է։

 

 

2.

ԱՆԱՀԻՏ – Մոլագա՛րը, մոլագա՛րը…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Թեկուզ մոլագարը… Բայց ինչո՞ւ ջարդուփշուր անել ամանեղենը։

ԱՆԱՀԻՏ — Ներեցեք, ներեցեք ինձ… ես կորցրի գիտակցությունս։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ մոլագար… ի՞նչ ես դուրս տալիս։

ՄԱՍՈՆԵՐ — Անահիտ Վարազդատովնա, ձեզ ի՞նչ եղավ։

ԱՆԱՀԻՏ — (մատնացույց անելով Չետվերգովին)։ Նա… Աստված իմ… նա՛ է…

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ եղավ քեզ։ Լրի՛վ ես ցնդել։

ՄԱՍՈՆԵՐ — Հարազատս, ախր սա Գրիգորի Անդրեևիչն է։

ԱՆԱՀԻՏ — Ի՛նքը խոստովանեց։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչ եղել՝ եղել է։ Բայց ես խոստովանել եմ Ալեքսանդրա Վիտալևնային։ Չնկատեցի, դուք ինչպես ներս եկաք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Չետվերգովի ասածը դուք լո՞ւրջ եք ընդունել։

ՄՈՆԳՈԼՈՎ – Վաղուց եմ ասել, որ քեզ չես տիրապետում։ Ահա և հետևանքը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ջարդված բաժակներ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, դուք վաղուց եք բոլորին ներշնչում, որ ձեր կնոջ պահվածքը… տարօրինակ է։ Բայց նա նույնքան նորմալ է, որքան ես։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Որքան դո՞ւք։ Բայց դուք մոլագար եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դա է մեր վեճի իմաստը։ Դուք կանխակալ եք վերաբերվում իմ մոլագարությանը։ Ես մի բան եմ, մոլագարությունս՝ մի այլ բան։

ՄԱՍՈՆԵՐ — Ի սեր Աստծո, Գրիգորի Անդրեևիչ, ի՞նչ է այստեղ կատարվում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Գերբնական ոչինչ։ Մինչ դուք զանգում էիք, իսկ Անահիտը միացրեց էլեկտրական սալիկը…

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ Վարազդատովնա՛ն:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մեղավոր եմ։ Ուզում եմ ասել, քանի դեռ բացակայում էիք, մենք շարունակեցինք բանավեճը։ Ես պարզաբանեցի Ալեքսանդրա Վիտալևնային, որ մոլագարը, անկախ իր արատից, նույնքան արժանի է ցավակցության, որքան ուրիշները։ Իսկ մնացած ամեն ինչում նա չի տարբերվում ուրիշներից։ Ու երբ թանկագին տանտիրուհին, իրեն հատուկ հավակնոտությամբ, դեն շպրտեց իմ բոլոր փաստարկները, ստիպված էի ասել ճշմարտությունը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դա ի՞նչ է նշանակում, պարզ խոսիր։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սրանից է՞լ պարզ։ Ես ազնվորեն ասացի, որ նրան սարսափ ներշնչող մոլագարը նրա հարևանն է։

ՄՈՆԳՈԼՈՎ – Ապո՛ւշ կատակ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հեչ էլ չէ, այս ամենը շատ լուրջ է։ Սրանից լուրջ էլ ի՞նչ կարող է լինել։

ՄԱՍՈՆԵՐ — Բարեկամս, ասացեք վերջապես, որ դուք տաղանդավոր կերպով հորինում եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ոչ, չեմ ասի, սա սկզբունքի հարց է։ Խոստովանել եմ, ուրեմն խոստովանել եմ։ Վե՛րջ։ Ալեքսանդրա Վիտալևնան կասկածեց, որ ես տղամարդ եմ, հիմա նա տեսնում է, որ ինձ տղամարդուն վայել եմ պահում։ Ընդ որում, ոչ միայն նոպաների ժամանակ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ախ, ուրեմն դա ճի՞շտ է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես ամե՛ն ինչ ասացի։

ՄԱՍՈՆԵՐ — Իսկ ես չեմ հավատամ։ Հանցագործ որ լինեիք, մեզանից կթաքցնեիք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Խելացի միտք է, բայց դուք արդեն պիտի համոզվեիք, որ ոչ միշտ եմ խոհամտություն հանդես բերում։ Ոչինչ այնպես չի մաշում, ինչպես գաղտնիքը։ Կանայք ինձ լավ կհասկանան։ Ես դիմացա, ինչքան կարողացա։ Մեջս խեղդում էի խոստովանվելու մարմաջը։ Բայց, պարզվեց, այն ինձնից ուժեղ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ու սրանից հետո մտադիր չե՞ք ապրել կեղծիքի մեջ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բանականության սահմաններում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Չեմ հասկանամ, ինչո՞ւ եք ձեզ այդպես վտանգում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ ի՞նչ եմ վտանգում՝ ոչի՛նչ։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց դուք կարող եք կորցնել ազատությունը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ինչպե՞ս։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ է նշանակում՝ ինչպես։ Կարծում եք, պիտի լուռ հետևենք ձեր հերոսությունների՞ն:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդպես էլ կարծում եմ։

ՄՈՆԳՈԼՈՎ – Համա՛ թե պտուղն եք։

ԱՆԱՀԻՏ — Սպասիր, Ռամզես։ Ի՞նչ ասաց միլիցիոներների հետ ընկերություն անող կոլեգադ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ասաց, որ գնում է Պետրովկա։ Ալեքսանդրա Վիտալևնա, ինձ թույլ տվեցի նրան տալ ձեր հեռախոսի համարը։ Նա խոստացավ զանգել ու հայտնել վերջին նորությունները։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ճիշտ ժամանակին է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Հանցագործն արդեն խայծը կուլ է տվել, հետքով գնում են։ Նրան բռնելը մոտակա ժամերի գործ է։

ԱՆԱՀԻՏ – Աստվա՛ծ իմ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չեմ ժխտի, որ ես էլ եմ լսում որսի քառատրոփը, ինչպես երևում է, նրանք իրոք մոտերքում են։ Բայց մեղքը դեռ ապացուցել է պետք։ Ես միշտ էլ երկաթե ալիբի եմ ունեցել։ Բռնված չէ՝ գող չէ։

ՄԱՍՈՆԵՐ — Ներեցեք, իսկ ձեր զոհերի ցուցմունքնե՞րը…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Զոհերն ինձ չեն ճանաչի։

ԱՆԱՀԻՏ – Դե իհարկե, դուք գլխարկը քաշում էիք աչքերիդ, ծածկելով ձեր իրական դեմքը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սովորական նախազգուշական միջոց։

ՄՈՆԳՈԼՈՎ — Բայց մենք հո գիտենք, ո՛վ եք դուք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Եվ ձեզանից ո՞վ ինձ կմատնի։ Ազնիվ Մասոնե՞րն իր ասպետականությամբ։ Կարո՞ղ եք նրան պատկերացնել իմ դեմ մատնագիր գրելիս։

ՄԱՍՈՆԵՐ — Անշուշտ, մատնության կազմաբանությունն ինձ օտար է։ Բայց, միաժամանակ, դուք վտանգավոր եք հասարակության համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ հասարակությունն ինձ համար վտանգավոր չէ՞։ Բայց այդ թեմային դեռ կվերադառնանք։ Եվ այսպես, մեդիեվիստը լռում է։ Նույնը կանի և Մոնգոլովը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Համոզվա՞ծ եք:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Համոզված եմ։ Ձեզ չեմ խանգարել Ալեքսանդրա Վիտալևնայի հյուրասենյակում, չեմ խոչընդոտել, որ նրան թերթեր բերեք։

ԱՆԱՀԻՏ – Ափսո՛ս։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահի՜տ։

ԱՆԱՀԻՏ — Ասվածը զուտ ճշմարտություն է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես հարգանքով եմ վերաբերվել ձեր ստեղծագործական ճգնաժամին, օստրակիզմի չեմ ենթարկել կազինոյին՝ այդ որջին նվիրված ձեր ներբողը, որի համար ձեզ խոստացվել էր ձրի կերակուր երկուսից վեցը։ Ես ձեզ հասկացա, ձեզ ձեռք մեկնեցի։ Ասենք, դուք կարող եք ինձ մատնել ու ստանալ ձեր երեսուն արծաթը։ Թեև շատ հնարավոր է, որ չեք ստանա։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք չարաշահում եք իմ ազնվությունը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դա էլ վատ գործիք չէ, համարյա ձեր կնոջ ֆլեյտայի պես մի բան…

ՄՈՆԳՈԼՈՎ – Հանգի՛ստ թողեք իմ կնոջը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ ես այդպես չե՞մ վարվել։ Միայն իմանայիք, ի՛նչ գնով է դա ինձ հաջողվել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Օհո՜… հետաքրքիր նորություն էր։

ՄԱՍՈՆԵՐ — Ի՜նչ լկտին է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ եք ուզում ասել, որ կարող էիք նրան սիրահետե՞լ։

ԱՆԱՀԻՏ — Ռամզես, ի՞նչ հարց ես նրան տալիս։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Կարծում եմ, արդեն պատասխանեցի ձեր հարցին։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ոչ, չպատասխանեցիք։ Բայց կպատասխանեք։

ԱՆԱՀԻՏ — Ռամզես, կարծես քեզ վշտացնո՞ւմ է, որ կինդ կարող է որևէ մեկին դուր գալ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իսկ քո ինքնասիրությունը շոյվո՞ւմ է։

ԱՆԱՀԻՏ — Դու ենիչերի ես։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հուսով եմ, արդեն համոզվեցիք, որ ձեր կինը ինձ չի մատնի։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այո, չի մատնի։ Դուք բացեցիք իմ աչքերը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր ռեակցիան անհասկանալի է։ Դուք ազնիվ լինելու իրավունք ունեք, բայց այդ նույն իրավունքից զրկում եք Անահիտին։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ Վարազդատովնայի՛ն։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Առավել ևս։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այ, նայում եմ ձեզ, Չետվերգով, ու չեմ կարող հասկանալ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Եվ ի՞նչ չեք հասկանում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այնպես եք ձեզ պահում, կարծես մեղավոր չեք զգում։

ՄԱՍՈՆԵՐ — Ի՜նչ անպատկառն է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Նախ՝ ես լիովին մեղսունակ չեմ, երկրորդ՝ ոչ մեկին չեմ սպանել, երրորդ, և դա ամենակարևորն է, երջանիկ կինը հազվադեպ երևույթ է։ Եվ ահա ես խուժում եմ որպես մրրկահավ, որպես ժամհարություն, որպես խոհանոցի, ամենօրյա բորշչի, ամուսնական տաղտկալի անկողնու փոխհատուցում։ Նրա կյանքի մեջ եմ ներմուծում մեղքի համն ու անկման տտիպ գաղտնիքը։ Ես շոյում եմ նրա թառամող հպարտությունը՝ չէ՞ որ վերջապե՜ս նրան ցանկացան։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այդքանից հետո ուղղակի տարօրինակ է, որ կանայք այդպես կաշվից դուրս են գալիս ձեզ, ինչքան հնարավոր է, շուտ մեկուսացնելու համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ամենասովորական վիրավորանք։ Նրանք մտածում էին, որ դա ծանոթության սկիզբն է միայն։

ԱՆԱՀԻՏ — Լսում եմ ձեզ ու սարսափից դողում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչո՞ւ։ Ուշադրություն դարձրեք, նրանցից յուրաքանչյուրը վազել է բողոքելու դեպքից միայն մի քանի օր հետո։

ՄԱՍՈՆԵՐ — Գրիգորի Անդրեևիչ, կնոջ համար հեշտ չէ խոստովանել, որ նրան պատվազրկել են։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Մեդիեվի՛ստ, ախր դուք գիտնական եք։ Իսկ գիտությունը վաղուց է ապացուցել, որ կինը թաքուն տենչում է բռնություն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ, այդպե՞ս է։

ԱՆԱՀԻՏ – Հանգի՛ստ թող ինձ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մոնգոլով, ես գիտեմ, ինչ եմ ասում։ Կնոջ վիկտիմ վարքագիծը գառնուկին անգամ բռնակալ է դարձնում։

ՄՈՆԳՈԼՈՎ — (կնոջը)։ Կրկնում եմ հարցս։

ԱՆԱՀԻՏ — Այդպիսի հարցի չեն պատասխանում։

ՄՈՆԳՈԼՈՎ – Ահա՛ թե ինչ… այդ մեկը չես մարսի։

ԱՆԱՀԻՏ – Երիտթո՛ւրք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Հիմա, խնդրում եմ, ինձ լսեք։ Ես Մասոների պես նրբակիրթ չեմ, Մոնգոլովի չափ ձեզ պարտական չեմ ու Անահիտի պես էլ ազնվաբարո չեմ։ Ես ձեզ հաճույքով բանտ կնստեցնեմ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դուք դա երբեք չեք անի։ Ոչ մեկին այնքան չեմ վստահում, որքան ձեզ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անպատժելիությունից լրի՛վ եք ցնդվել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինքներդ դատեք, մենք շատ մոտ ենք ապրում, դուռը դռան վրա, նույն հարթակում։ Ինձ եք տվել ձեր տան բանալին, մենք հաճախ ենք մենակ մնում, ու ոչ մի անգամ ես չեմ փորձել չարաշահել ոչ մեր հարևանությունը, ոչ ձեր վստահությունը, ոչ էլ ձեր տված բանալուց եմ օգտվել։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ձեր միակ առավելությունը իմ նկատմամբ ցուցաբերած ձեր հարգանքն է։ Ավելին՝ դա ձեր միակ հերոսական արարքն է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դե, իհարկե, և հարգա՜նք, և ակնածա՜նք, և սրբազան դո՜ղ։ Լավ, թող այդպես լինի։ Բայց ցանկացած ուղղամիտ կին ձեզ կասի, որ այդ ազնիվ զգացումները սահման պիտի ունենան։ Պատկերացրեք, որ ցուրտ գիշերին անսպասելի ինձ համակում է անկառավարելի տարերքը։ Դուք այստեղ եք, իմ կողքին, պատի մյուս կողմում։ Բայց ձեզ մոտ խուժելու փոխարեն, ձեր բանալին ցանկությունից դողացող ձեռքիս մեջ սեղմած, պիտի վրաս քաշեմ շալվարս, հագնեմ վերարկուս, գլխարկն իջեցնեմ աչքերիս ու դուրս վազեմ խավարի, սառնամանիքի մեջ, մի ինչ-որ Մարտի Ութի փողոց, առաջին պատահած զոհին փնտրելու համար։ Բարեկա՛մս, Ալեքսա՛նդրա Վիտալևնա, հարգանքը հրաշալի բան է, բայց երբ մարդու մեջ եռում է մութ, անկառավարելի հողմը, հարգանքի մասին խոսք լինել չի կարող։ Պատկերացրեք, թե մամուլն ինչպե՛ս կնկարագրի այս մահացու մանրամասները։ Եվ ինչպե՞ս եք մարդկանց բացատրելու իմ այդ տարօրինակ բարեպաշտությունը այն դեպքում, երբ ձեր պատճառով ամենազուսպ մարդիկ անգամ կորցնում են ինքնատիրապետումն ու հունից դուրս են գալիս։ Ի՛նչ հարված ձեր կանացի հպարտությանը, այդ նվաստացմանը նա չի դիմանա։ Իսկ ձեր երկրպագուները նույն օրն ևեթ կփախչեն ձեզանից, նրանց հե՛տքն էլ չի մնա։ Կկորչեն անհետ։ Ասենք, ինչո՞ւ անհետ, նրանք դավաճանաբար կտեղափոխվեն ձեր ամենաոխերիմ մրցակցուհիների շքամուտքերը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ու դուք համոզված եք, որ տեղի կտամ ձեր ցածրակարգ շանտաժի՞ն։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, իհարկե։ Ձեր համբավը ձեզ համար ավելի թանկ է։ Դուք պետք է մնաք Մի՛շտ Ցանկալի։ Դա է ձեր դերը, ձեր ամպլուան։ Իսկ տղամարդը, առավել ևս մոլագարը, չի կարող բաց թողնել այդպիսի հնարավորությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ի՜նչ սրիկան եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ես սոցիոլոգ եմ, միայն փաստում եմ իրողությունները։ Մտածեք, հազարավոր մանկահասակ պոռնիկներ ամեն ինչի կգնան՝ ձեր տեղը գրավելու համար։ Այդպիսին են նոր ռուսական ժամանակները։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Այստեղ հայտնվում եք ամեն օր, երբեմն՝ օրը երկու անգամ։ Եվ ուզում եք ասել, որ անտարբե՞ր եք իմ նկատմամբ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այդ է, որ կա, անտարբեր եմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Նամակներս եք բերում, անձնազոհությամբ ինձ պաշտպանում եք ամեն տեսակի խելագարներից և հույս ունեք, թե ինչ-որ մեկը կհավատա, որ այդպիսի վերաբերմունքը առանձնահատուկ չէ՞։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ալեքսանդրա Վիտալևնա, սոցիոլոգի համար առանձնահատուկ վերաբերմունք ունենալը մե՜ծ շռայլություն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Թեկուզ և այդպես, սոցիոլոգների մեջ էլ մազոխիստներ կան։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բայց ես սադիստ եմ, այ թե ո՛րն է խնդիրը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ես ձեզ բա՛նտ կնստեցնեմ։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա, դուք այդպես չեք վարվի, դա շատ դաժան է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Բայց նա խոստովանեց, որ սադիստ է։

ԱՆԱՀԻՏ — Նախ և առաջ նա մեր հարևանն է։

ՄԱՍՈՆԵՐ — Դժբախտաբար, դա բարդացնում է իրավիճակը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բնականաբար։ Ու մեր վիճակը նախանձելի չէ։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց և այնպես… բռնանալը… դա մի բաժակ ջուր խմել չէ։ Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես միանգամից եմ վստահություն ներշնչում, դա ինձ շատ է օգնում։ Ազնիվ դեմք, ազնիվ հայացք, բնածին վայելչություն… Կինն զգում է դա և ինձ հետ մտնում շքամուտք, վերելակ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ես ձեզ կնստեցնե՛մ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Էլի՛ ձերն եք պնդում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Մոլագարը պիտի նստի բանտում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սիրելիս, դրա համար բանտերը չեն հերիքի, ձեր շուրջը նայեք… Ո՞վ է ամեն օր լսում աստղագուշակներին ու բուժվում էքստրասենսների մոտ։ Նրանք մոլագարներ չե՞ն… Ո՞վ է պաշարում ստադիոններն ու ջարդուփշուր անում դրանք, երբ գնդակն իրենց ուզած դարպասը չի գլորվում։ Ո՞վ է մերկանում բեմերի վրա, վնգստում է՝ ասես սպանդանոցում, դողում է խելացնորի պես ու դժբախտ աղջնակների քթները հոտեցնում թևատակների քրտնքահոտով։ Կամ էլ վերցնենք հորինվածքների հեղինակին, որը ծնում է դրանք ամեն օր և ապրում ոչ իր, այլ օտարի կյանքով՝ ո՞վ է նա։ Իսկ այդ ժողովրդական հռետորնե՞րը, որոնք բոլորին ի ցույց են դնում վարտիքներն ու կիսավարտիքները։ Իսկ նրա՞նք, որ իրենց բախտը հանձնում են խաբեբաների ու սնանկ սրիկաների ձեռքը։ Նրա՞նց ինչպես կանվանեք։ Իսկ ո՞վ իսկական սերը փոխարինեց վիրտուալ սիրով ու կրքի համար նախանշված երկար գիշերներն անցկացնում է կոճակների ու ստեղնաշարի առաջ։ Իսկ ինտելեկտի այդ փղե՞րը, որոնք խելագարի նման հա՜ լայնացնում են երկնքի օզոնային ճեղքը։ Ի՞նչ են անում նրանք մեր մոլորակի վրա։ Իսկ նրա՞նք, ովքեր երբևէ բնակեցրել են երկիր մոլորակն ու ապրել են, ո՞վ գիտե, քանի դար… Նրանք դժվարությամբ կհավաքեն մի երկու հարյուր տարի, որտեղ չեն լինի արյուն ու կռիվ։ Նրանք խելագարներ չե՞ն։ Իսկ մեր հայրերն ու մայրե՞րը… Նրա՞նք չէին իրենց կյանքի կեսը երգում, որ ոչ մի տեղ մարդն այնքան ազատ չի շնչում, որքան զոնայում։ Զոնան ավելացնում էր նրանց բաժին օզոնը… Թող հողը թեթև լինի նրանց վրա՝ մեր հավերժական սառնամանիքի հետ մեկտեղ։ Ահա՛ նրանք, մեր նորմալ մարդիկ։ Իսկ բոլորի համար պատասխան պիտի տա Չետվերգովը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Պարզվում է, դուք կրքոտ եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դրա համար էլ ինձ որոնում է միլիցիան։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — (դադարից հետո Անահիտ, թեյնիկը բերեք, երևի ջուրը վաղուց է եռացել։

ԱՆԱՀԻՏ — Բերեմ, թեև ես չեմ տանտիրուհին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դա ի՞նչ է նշանակում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Քեզ օգնե՞մ։

ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ, ես ինքնուրույն եմ։ (Գնում է🙂

ՄՈՆԳՈԼՈՎ – Անահի՛տ…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ռամզես, հերիք է ձեզ պատեպատ խփեք։ Բոլորն են խելքները թռցրել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Չէ, այստեղ ուրիշ բան կա… այդ կնոջն ասես փոխել են։ Ու ես գիտեմ, թե ով է փոխել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հանգստացեք, Մոնգոլով, սա՞ ինչ մտագարություն է…

ՄՈՆԳՈԼՈՎ — Դե, գիտե՞ք ինչ… դուք չէ, որ այդ բառը պիտի ասեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ ո՞վ պիտի ասի։ Ես պրոֆեսիոնալ եմ։

ՄԱՍՈՆԵՐ — Բարի չե՞ք լինի բացատրել ինձ, մի՞թե առաջին պատահած կինը կարող է այնպես մթագնել ձեր բանականությունը, որ դուք… կարողանաք…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչպե՞ս ասեմ… դա կախված է սթրեսի աստիճանից։ Եթե ճիշտն ասեմ՝ մութ գործ է։ Բանաստեղծ, ճանապարհորդ Բայլմոնտը խոստովանել է, որ տեղացի մի ծեր կին նրան հրապուրել է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Ձեզ պես մի այլասերվածն էլ նա է եղել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Պարզապես լավ երևակայություն է ունեցել։

ԱՆԱՀԻՏ — (ներս է մտնում՝ թեյնիկը ձեռքին Ջուրը եռացել էր։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, մենք բոլորս էլ թեյնիկ ենք։ Պետք չէ պարզունակեցնել այս խնդիրը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ասացե՜ք, խնդրեմ…

ՄԱՍՈՆԵՐ — Թող ինձ ների Ալեքսանդրա Վիտալևնան, բայց այս գործն իրոք որ շատ մութ է։ Նստել եք մեզ հետ, Գրիգորի Անդրեևիչ, բավականաչափ սթափ դատողություններ եք անում…

ՄՈՆԳՈԼՈՎ — Եվ վերլուծելու ձեր կարողությունը ինչպե՞ս եք զուգակցում այդքան էկզոտիկ արարքների հետ։ Չե՞ք փորձել բուժվել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես տաք ու պաղ ցնցուղ եմ ընդունում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դե… դա ինքնագործունեություն է, ինչո՞ւ բժշկի չեք դիմում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սկսենք նրանից, որ բժիշկը կարող է չարաշահել իմ վստահությունը, իսկ օգնել չի կարող։ Ի՞նչ պիտի անի, ամենաշատը՝ ինչ-որ հաբեր կտա, իսկ դրանք ինձ համար նույնն են, ինչ որ մանր կոտորակը՝ փղի համար։ Երբ սկսում է դողացնել…

ԱՆԱՀԻՏ — Օհ, տեր Աստված…

ՄՈՆԳՈԼՈՎ – Հեռո՛ւ մնա նրանից։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դա ավելի վատ է, քան թմրամոլի ցանկությունը։

ՄԱՍՈՆԵՐ – Բայց ինչպե՞ս հասաք այդ օրին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես մտածել եմ այդ մասին։ Եվ ահա թե ինչ կասեմ ձեզ՝ իմ դժբախտության պատճառն այն է, որ մի կողմից կայսրության զավակն եմ ու ժառանգել եմ նրա ագրեսիվությունը, իսկ մյուս կողմից գավառի զավակն եմ, որն անափ հիացմունքով, ծառայամտությամբ ու չգիտակցված ըմբոստությամբ է վերաբերվում մայրաքաղաքին։ Ինչպես ցանկացած շարքային մարդ, թաքուն ձգտում էի դուրս պրծնել ընդհանուր շարքից, ինձ միայն պատճառ էր պետք։ Հանգամանքների ճակատագրական ընթացք։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դե իհարկե, մեղավոր են հանգամանքները։

ՄԱՍՈՆԵՐ — Վերջապես կասե՞ք մեզ, թե ինչպես դա պատահեց։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դուք, որպես կույս, երևի ինձ չհասկանաք։

ՄԱՍՈՆԵՐ – Ի՜նչ թունավոր զրպարտություն։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Վիրավորական ոչինչ չասացի։ Հնում նորահարսը գիտեր, որ կուսությունը Աստծո պարգև է։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց ես նորահարս չեմ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դե թեկուզ այդպես, բայց ես, միևնույն է, չեմ հասկանում, ինչո՞ւ եք զայրանում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Չետվերգով, հարցի՛ն պատասխանեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Թող ձեր ասածը լինի, բայց նախապես ներողություն եմ խնդրում այս ցավալի պատմության համար։ Անահիտ, ձեզնից էլ եմ ներողություն խնդրում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ասացի՝ Վարազդատովնա՛։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, իհարկե։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ուրեմն, դուք կայսրության զոհը դարձաք։ Ի՞նչ իմաստով։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ամենաուղղակի։ Երբ մայրաքաղաք եկա, մտա ծառայության։ Գերտերությունը ներկայացնող իմ պետը կին էր։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Եվ ի՞նչ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Նա ցանկացավ ինձ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Դժբա՛խտ կին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Նա ֆեմինիստուհի էր։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ ի՞նչ ավարտ ունեցավ այդ պատմությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դեռ հարցնո՞ւմ եք։ Բավական է միայն նայել այս հարգելի պարոնին։

ԱՆԱՀԻՏ — Ինչպե՞ս… մի՞թե։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, Անահիտ։ Հասկացեք, ես ջահել էի ու նրանից կախում ունեի։ Այն, ինչ կատարվեց հետագայում, գաղութատիրական ճնշվածության ողբերգական հետևանքն էր։ Բռնությունը բռնություն է ծնում։ Համոզված եմ, ինձ նմանները գոնե մեկ անգամ սեքսուալ ոտնձգության զոհ են եղել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Պետք չէ ձեր այլանդակություններին սոցիալական երանգ տալ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բայց և այնպես, սկզբում իմ բողոքն ուղղված էր ինձ օգտագործած համակարգի դեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ուրեմն դուք այլախո՞հ եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչ-որ չափով։ Ես երևի փորձեմ այս կրեկերը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Առնոլդ Միխայլիչ, Ռամզես Պետրովիչ, ձեզ համար սուրճ լցրեք։ Ի տարբերություն Չետվերգովի, սուրճը կարող է սառչել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչպիսի՜ մաղձ… Բայց՝ Աստված ձեզ դատավոր։ Աստված ձեզ դատավոր։

ԱՆԱՀԻՏ — Ձեզ սուրճ լցնե՞մ, Գրիգորի Անդրեևիչ։

ՄՈՆԳՈԼՈՎ — (դրամատիկ շշուկով Անահիտ, ինքը կարող է իր համար լցնել։

ԱՆԱՀԻՏ – Չգոռա՛ս նրա վրա։

ՄՈՆԳՈԼՈՎ — Նա ձեռքեր ունի։

ԱՆԱՀԻՏ — Վաղուց եմ դա հասկացել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Շնորհակալ եմ, բարի Անահիտ, երևի սուրճ չխմեմ։ Նախ, որ տանտիրուհին չառաջարկեց, երկրորդ՝ սուրճը բարձրացնում է ադրենալինը, ես դա ստուգել եմ։ Իսկ ինչպես հայտնի է, դրա հետ կատակելը հանաք բան չէ։ Ավելի լավ է, ինձ գինի տվեք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ձեզ գինի նույնպես չառաջարկվեց։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ի՞նչ անենք… Թագուհու գինին խմողը պետք է դիմանա գլխացավին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շշի մեջ ոչ թե գինի է, այլ օղի։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Առավել ևս։

ՄԱՍՈՆԵՐ — Ասացեք, իրո՞ք համոզված եք, որ մոլագարության ենթահիմքում որոշակի բողոք կա։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչպես երկուսին գումարած երկուս՝ հավասար է չորսի։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ ամեն մեկը ինչ-որ վտանգավոր անկանխատեսելի շրջադարձում կարող է անցնել այդ սահմա՞նը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ամեն մեկը, դուք ևս։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց ես բացարձակապես ագրեսիվ չեմ, ինձ հատուկ է ռեզինյացիան։

ՄՈՆԳՈԼՈՎ — Գրողը տանի, ի՛նչ գիտունն եք։ (Գրպանից հանում է ծոցատետրը։) Համենայնդեպս, այդ բառը գրեմ։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ հետո, մանկության տարիներին տառապել եմ հելմինտից։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չհասկացա, ինչի՞ց եք տառապել։

ՄԱՍՈՆԵՐ — Եթե գռեհիկ արտահայտվեմ՝ ճիճուներից։

ԱՆԱՀԻՏ — Դժբա՛խտ։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ իմ մասնագիտությունն էլ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր մասնագիտությունն էլ պատահականություն չէ, իզուր չէ, որ մեդիեվիստ եք դարձել։ Իզուր չէ, որ դու՝ հոգնած ստրուկդ, փախել ես հեռավոր տասնմեկերորդ դարը։ Այդ փախուստը բողոք է, որ կա։ Հոգու խորքում դուք ապստամբում եք։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց ես նման բան չեմ զգում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դա ձեր ենթագիտակցության մեջ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ի՞նչ եք լսում նրան, թխվածք կերեք։

ՄԱՍՈՆԵՐ — Իսկույն ևեթ։ (Չետվերգովին.) Ասացիք՝ ենթագիտակցության մե՞ջ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ասացեք, ինչպե՞ս են ձեզ անվանել ընտանիքում։ Ինչպե՞ս են դիմել համադասարանցիները։

ՄԱՍՈՆԵՐ — Զրոյիկ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չէի կասկածում։ Այդ Զրոյիկն էլ որոշել է ձեր հետագա կյանքը։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց ինչո՞ւ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Որովհետև մտածող մարդը չի կարող համակերպվել, որ ինքը զրոյիկ է։ Այո, դա ձեր ճակատագիրն է եղել։ Ես չէի ցանկանա զրո լինել։ Կգա օրը, դուք էլ չեք ցանկանա։

ՄԱՍՈՆԵՐ — Դուք ուղղակի զոմբիացնում եք ինձ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Վաղուց պիտի հասկանայիք, որ նա հրեշ է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ ո՞վ է վիճում։ Բայց հիմա խոսքը Մասոների մասին է։ Մի օր նա կցանկանա ընդմիշտ հաշվեհարդար տեսնել ճիճուների հետ։ Եվ այդ մասին կհայտարարի աշխարհով մեկ՝ ստո՛ւմ ես, ես զրոյիկ չե՛մ, ես զրո չե՛մ։ Այդ ժամանակ էլ կծավալվեն դեպքերը։

ՄԱՍՈՆԵՐ — Ի՞նչ դեպքեր, ի՞նչ նկատի ունեք։ Որ կարող եմ պատվազրկել կնո՞ջը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Շատ հնարավոր է, որ կարողանաք, կամ էլ դոցենտի մռութը կջնջխեք։ Կամ կռիվ կսարքեք Օխոտնի ռյադում։ Կամ հարբեցող կդառնաք։ Համենայնդեպս, դեն կշպրտեք պատյանն ու բացարձակապես ուրիշ մեկը կդառնաք։

ԱՆԱՀԻՏ — Ձեր բառերից մարդու հոգին սառչում է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր կենացը։ Պատահական չէ, որ միանգամից զգացի մեր հոգիների հարազատությունը։

ԱՆԱՀԻՏ — Բայց ինչպե՞ս կարող եք հանկարծ… մթության մեջ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ի՞նչ կարող ես անել, մութը էրոտիկ է։

ԱՆԱՀԻՏ — Իզուր չէ, որ Ալեքսանդրա Վիտալևնան ձեզ անվանեց…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հրեշ։ Իզուր չէ։ Բայց արժե՞, որ ամեն անգամ  հանդես գաք բեկ-վոկալի դերում։ Դուք ձեր ճակատագիրն ունեք, Անահիտ, ձեր սյուժեն, ո՞վ գիտե, թե ուր կհասցնի ձեզ։

ՄՈՆԳՈԼՈՎ – Ի՞նչ նկատի ունեք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ընդամենը այն, որ ձեր կինը դեռևս չընթեցրված գիրք է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք սադրիչ եք։

ԱՆԱՀԻՏ — (ամուսնուն Էնվեր փաշա՛։

ՄՈՆԳՈԼՈՎ — Երդվում եմ, երկուսդ էլ ձեր հասանելիքը կստանաք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չափն անցնում եք, ինչի՞ համար են այդ երդումները։

ԱՆԱՀԻՏ — Գրիգորի Անդրեևիչ, իզուր եք փորձում նրան խելքի բերել, այդ անիմաստ գործի վրա իմ լավագույն տարիները ծախսեցի։ Ընդ որում, անկարելին չէի պահանջում, միայն, որ իրեն քաղաքակիրթ պահեր։ Ժամանակակից մարդու նման։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես չե՛մ ուզում ժամանակակից լինել, իմ սիրտը խառնում է դրանից։ Եվ ամենաշատը՝ քաղաքակրթված անամոթությունից։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իրավացի եք, սա ծանր դեպք է։ Գուցե զարմանաք, բայց Մոնգոլովն էլ կայսրության զավակն է։ Իր տեսակի մեջ։ Նրան սովետական սեր տվեք, այն էլ կուլտուրայի ու սպորտի կենտրոնական այգում՝ նրա ծառուղիներով, ձեռքսեղմումներով, թաքուն ոգևորությամբ ու բարի հայրենասիրությամբ։ Տվեք նրան հայրենի դիետան՝ հարազատ ժելեն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այո, հենց այդպե՛ս։ Բայց՝ ոչ ժելե։ Ես դիկտատուրա եմ ուզում։ Ես ուզում եմ հանգիստ քայլել փողոցներով, չմտածելով, որ ամեն մի անկյունում իմ կնոջը մոլագար է սպասում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մոնգոլով, դա վտանգավոր թեմա է։

ՄՈՆԳՈԼՈՎ — (հեգնանքով Ներեցեք, կարծես կպա ձեր ինքնասիրությանը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այստեղ իմ խնդիրը չէ, ես Մասոների օրինակով ցույց տվեցի, որ մեզանից ամեն մեկի մեջ քնած է մոլագարը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր անձին, ապա նա համարյա արթնացել է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք ինձ վիրավորում եք:

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ես ձեզ ուսումնասիրում եմ։ Դուք ունայնամիտ եք, հիմար, սնապարծ։ Դուք փսլինք եք թափում ձեր երազանքների վրա, այն բանի վրա, որն ընդունված է Աստվածային կայծ անվանել։ Դուք սրտխառնոց եք զգում, որ այն մանրեցիք ձեզ շպրտվող փշրանքների, պտտախաղի զառերի, կարկանդակի մի կտորի համար։ Բայց դեռևս սիրահարվելու ունակությունը չեք կորցրել ու վավաշոտ եք։

ՄՈՆԳՈԼՈՎ – Եվ դա ասում եք դո՞ւք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես, այո, ե՛ս։ Ասում եմ՝ հրաշալի ճանաչելով ձեզ։ Դուք բռնկուն եք, ու դա ձեզ ճնշում է։ Դուք արատավոր եք, ու դա ձեզ սարսափեցնում է։ Դուք պատեպատ եք խփվում, տանջվում եք, դուք ուժասպառ եք եղել։ Դուք ամբողջ աշխարհին եք տեղեկացրել, որ ստեղծագործական ճգնաժամ եք ապրում։ Դուք ձեզ ու ձեր տեղն եք կորցրել։ Ծանոթ վիճակ է. ևս մի քայլ՝ և անդունդն է։ Ու դուք այնպե՛ս եք ուզում անել այդ քայլը։

ՄՈՆԳՈԼՈՎ – Լկտի՛ արարած։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Համոզված եմ, որ ուզում եք… Առավել ևս, որ ճգնաժամը թուլացնում է հակառակվելու, դիմադրելու կարողությունը։ Ձեր միակ հույսը ամաչկոտությունն ու վախկոտությունն է։ Իսկ հզոր խառնվածքը ոչնչի առաջ կանգ չի առնի իր հավասարակշռությունը վերականգնելու համար։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Հզոր խառնվածքը ձե՞րն է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չեմ ուզում ինձ գովազդել, բայց ինչ ակնհայտ է՝ ակնհայտ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Չէ, լրիվ եք չափն անցել։ Մասոներին կույս անվանեցիք, ինձ՝ վախկոտ։ Ի՞նչ հիմքեր ունեք այդպիսի հայտարարություններ անելու համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ես բարի եմ ու զգուշացնում եմ ձեզ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Աներևակայելի՜ բարություն է՝ իրեն վեր բարձրացրեց, մեզ նսեմացրեց։ Ո՛չ, ես վախկոտ չե՛մ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ավելի լավ, չեմ հասկանում, ի՞նչն է ձեզ հունից հանում։ Ի վերջո, ձեր վարկը կախված է միայն ձեզնից։ Ինչպես և ձեր ճակատագիրը։ Վճռական քայլ արեք դեպի իսկական Մոնգոլովը, ամեն ինչ կախված է ձեզնից։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչպիսի՜ բազմաշերտություն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Սադրիչի մեկն եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Սա զուտ տղամարդկային խոսակցություն էր։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուզում եմ ձեր գավաթները լցնել այս ազնվագույն գինով։ Ալեքսանդրա Վիտալևնա, թույլ կտա՞ք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Որքան հասկացա, սովոր եք գործել առանց թույլտվության։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, բայց ոչ այստեղ։ Մեծն պոետը, որի հոբելյանը վերջերս նշեցինք, մի անգամ գոչել է՝ կեցցե՛ն մուսաները, կեցցե՛ բանականությունը։ Ընդհանրապես նա իրավացի է։ Կեցցե՛ն մուսաները։ (Խոնարհվում է Ալեքսանդրային ու Անահիտին։) Իսկ ինչ վերաբերում է բանականությանը, թող նա էլ կեցցե, բայց չխանգարի զգացմունքների արտահայտմանը։ Ահա այսպիսի վերապահումով առաջարկում եմ միանալ բանաստեղծի բարեմաղթանքին։ Ձե՛ր կենացը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ու դու խմելո՞ւ ես։

ԱՆԱՀԻՏ — Իսկ ինչո՞ւ ոչ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Սարսափելի է։ (Խմում է։) Էլի լցրեք։

ՄԱՍՈՆԵՐ — Որպես կանոն, ես չեմ խմում… Բայց՝ ոչ այսօր։ Այսօր ուզում եմ ինչ-որ բան ինձ թույլ տալ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, այդպե՛ս, ձեզ ազատ թողեք։ Վաղուց պիտի օրինակ վերցնեիք ձեր ասպետներից։

ՄԱՍՈՆԵՐ — Արժեր, որ հիշեիք՝ ասպետները ասպետորեն են վարվում կանանց հետ։ ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մասոներ, պետք չէ ինձ զվարճացնել… Միայն պատկերացրեք՝ ամուսինը գործուղման մեջ է՝ Տիրոջ Գերեզմանը սարակինոսներից պաշտպանելու առաքելությամբ և գնալուց առաջ կնոջը երկաթե գոտի է հագցնում՝ ինչպիսի՜ սրիկայություն։ Կողպում է հավատարմության գոտին, իսկ բանալին վերցնում է իր հետ։ Բա դա անելո՞ւ բան է։ Իսկ եթե բանալին կորցնի՞։ Կամ էլ ինքն ընկնի անօրենի ձեռքից։ Իսկ տիկինը, ինչ է, այդպես էլ պիտի մնա՞ երկաթե օղակի մեջ։ Բավականին կասկածելի ասպետներ են եղել, ասեմ ձեզ։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչպե՞ս կարող եք այդպես խոսել, նրանք նախապատրաստեցին Վերածնո՛ւնդը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մենք էլ որոշ բաներ ենք նախապատրաստել, և ո՞ւմ կյանքն է դրանից հեշտացել։ Հապա պատկերացրեք նրանց՝ կեղտոտ, փոշոտ, ձիու քրտնքով ու մեզով ներծծված։

ՄԱՍՈՆԵՐ — Այդ դեպքում ինչո՞ւ են նրանցից օրինակ վերցնում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Նրանցից պիտի փոխառնեիք կոպտությունը, դաժանությունը, անգթությունը։ Այն ամենը, ինչից զուրկ եք։ Ի դեպ, դրանցից զուրկ է նաև ձեր սրտի տիրուհին։

ՄԱՍՈՆԵՐ — Միայն, խնդրում եմ, առանց անուններ տալու։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մի վախեցեք, որտեղ պետք է, ես նրբանկատ եմ։ Այդ գաղտնիքը մեր մեջ կմնա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Առնոլդ Միխայլովիչ, եղեք այնպիսին, ինչպիսին ձեզ գիտեմ։ Չլսեք այդ մարդուն։

ՄԱՍՈՆԵՐ — (մռայլ)։ Վախենամ, նա իրավացի է։ (Խմում է։)

ՄՈՆԳՈԼՈՎ — Դու է՞լ ես այդպես մտածում։

ԱՆԱՀԻՏ — Քեզ արդեն ասացի՝ այդպիսի հարց չեն տալիս։

ՄՈՆԳՈԼՈՎ — Անահիտ, քեզ կսպանեմ։

ԱՆԱՀԻՏ — Սպանիր։ Արդեն ոչնչից չեմ վախենում։ (Բաժակը խփում է Մասոների բաժակին ու խմում։)

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անահիտ, սթափվիր։

ԱՆԱՀԻՏ — Հենց դա էլ արել եմ։

ՍԱՍՈՆԵՐ — Ձեզ հասկանում եմ։ Գալիս է պահը, և զգում ես, որ վախը ստորացուցիչ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Աղավնյակս, ձեզ չեմ ճանաչում։

ՄԱՍՈՆԵՐ — Ես ինձ չեմ ճանաչում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Պարզապես չեք լսում ձեզ։

ՍԱՍՈՆԵՐ — Ճշմարտությունը այս մարդու կողմն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ջուր խմեք։

ՄԱՍՈՆԵՐ — Ավելի լավ է՝ օղի։ (Խմում է։) Եվ նրա ճշմարտությունն անպաճույճ է։ Դաժան, բայց իրական կյանքն է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Գերազա՛նց է։ Տղամարդուն վայել խոսքեր են։ Զգում եմ ձեր ուժը, ձեզ մնում է միայն բացահայտել այն։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Առնոլդ Միխայլովիչ, դուք սխալվում եք։

ՄԱՍՈՆԵՐ — Նա ավելի լավ գիտե։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ես դա կհիշեմ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մասոներ, նորից խիզախություն դրսևորեցիք։

ԱՆԱՀԻՏ — Կարծես նոր եմ ձեզ տեսնում։

ՄԱՍՈՆԵՐ — (հոգոց հանելով Շնորհակալություն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դու բոլորին ես տեսնում, ամուսնուցդ բացի։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Մոնգոլով, կինն անցյալ չունի, եթե դադարեց սիրել, ուրեմն եղածը անցած է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք չեք համարձակվի…

ՄԱՍՈՆԵՐ — Դա ինքը չէ, Բունինն է ասել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք ամեն ինչ գիտեք։ Հետո՞, ի՞նչ տարբերություն, եթե Պուշկինն ասած լիներ։ Դա սանձարձակություն է ու սրբապղծություն։ (Հանում է ծոցատետրը։) Համենայնդեպս, գրի առնեմ։

ԱՆԱՀԻՏ — Ապա մոտեցիր պատուհանին։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իսկ հետո՝ ի՞նչ։

ԱՆԱՀԻՏ — Տեսնո՞ւմ ես արձանը։

ՄՈՆԳՈԼՈՎ – Տեսնում եմ։

ԱՆԱՀԻՏ — Վաղուց այդպիսի մի արձան ինձ պիտի դրվեր, որ ապրում եմ քեզ հետ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Բրա՛վո, կին։

ՄՈՆԳՈԼՈՎ – Անահի՛տ, ո՞ւմ ես լսում։ Հիշիր, ով է նա։

ԱՆԱՀԻՏ — Ով էլ լինի, առաջինն է, որ հասկացավ ինձ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Եվ՝ առաջին հայացքից։ Անահիտ, մի ցանկություն ունեմ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Սա՞ ինչ բան է, դուք… Չէ, սա արդեն անտանելի է դառնում։ Դուք դեռ պատասխան կտաք…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ցանկությունս ավելի քան ազնվագույն է։ Սիրելի Անահիտ, նվազեք, ասենք, «Ֆավնի հանգիստը»։

ԱՆԱՀԻՏ — Դրա համար ինձ նվագախումբ է պետք, բայց ձեզ համար կնվազեմ այդ հեղինակի մեկ այլ գործը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Շնորհակալ եմ, դուք երկնային հրեշտակ եք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դուք բոլորից լավ կիմանաք, հրեշտակները ձեր բնագավառն են։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես էլ եմ դա զգում այն օրվանից, ինչ տեղափոխվեցի այս տունը։ Մոնգոլով, եղբայրս, գնացեք ու նախասենյակից բերեք կախարդական ֆլեյտան։

ԱՆԱՀԻՏ — Ի՞նչ ես կանգնել, կարծես սյուն լինես, քեզ բան են խնդրում։ (Մոնգոլովը հոգոց է հանում, թափ տալիս ձեռքն ու գնում։) Ալեքսանդրա Վիտալևնա, գուցե հրեշտակ չեմ, բայց գոնե երդմնազանց չեմ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Խորհուրդ եմ տալիս ելույթից առաջ հարաբերություններ չպարզել։

ՄՈՆԳՈԼՈՎ — (վերադառնալով Ահա՛։

ԱՆԱՀԻՏ — Տեսնում եմ։ Բաց պատյանը… զգո՛ւյշ:

ՄՈՆԳՈԼՈՎ — Կարող էիր «շնորհակալություն» ասել։

ԱՆԱՀԻՏ – Չգիտեմ էլ, ինչ կստացվի. այսօր օդն ինձ չի հերիքում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Անհամբեր սպասում եմ:

ՄԱՍՈՆԵՐ — Կանխավ վայելում եմ:

Անահիտը նվագում է:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հիասքանչ է… ի՞նչ էր:

ԱՆԱՀԻՏ — «Սիրինկս»:

ՄԱՍՈՆԵՐ – Աստվածային Դեբյուսի:

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Բայց սկզբում՝ աստվածային Անահիտ։

ՄՈՆԳՈԼՈՎ – Վարազդատովնա՛:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Որտե՞ղ է ձեր ոճի զգացումը, դուք գրականագե՞տ եք, թե՞ նոտարիուս: Աստվածայիններին հայրանունով չեն դիմում։ Աստվածային Վեներա, Լաուրա, Մոնա Լիգա։ Դա ավելին է, քան կինը։ Դա խորհրդանիշ է։

ԱՆԱՀԻՏ — Դուք չափից ավելի բարի եք իմ հանդեպ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այնքան, որքան պետք է։ Թույլ տվեք համբուրել ձեր ձեռքը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ինչ տիպն է, հա՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Թույլ տվեք, քանի նա խնդրում է։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բայց ինչո՞ւ այդպես… ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի։ Ցավալի է նման հայտարարություններ լսելը։ Ես հրահանգների ձեռնարկ եմ ստեղծել սոցիոլոգների համար, գիտե՞ք, ինչպես է կոչվում՝ «Առանց ցասումի ու կողմնապահության»։

ՄԱՍՈՆԵՐ – Sine ira et studio.

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ճիշտ այդպես։ Ես երազում եմ, որ Ալեքսանդրա Վիտալևնան մեր բարդ աշխարհն ընդունի՝ ղեկավարվելով հենց այդ կանոնով։

ԱՆԱՀԻՏ — Ուզում եմ կարդալ այդ աշխատությունը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ցանկություններ կատարելն իմ կոչումն է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Եվ դա անվանում է կոչո՛ւմ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Աշխատությունն այսօր է լույս տեսել, երջանիկ կլինեմ նվիրել ներկաներին։ Մոնգոլով, եղբայրս, խնդրում եմ, նախասենյակից բերեք պորտֆելս։

ԱՆԱՀԻՏ — Նորից քարացար տեղումդ, կարծես չես լսում։

ՄՈՆԳՈԼՈՎ – Ե՛վ լսում եմ, և՛ տեսնում։ Եվ ամե՛ն ինչ գիտեմ։ (Գնում է։)

ՄԱՍՈՆԵՐ — Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր ուսումնական ձեռնարկը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այն կանվանեի դիդակտիկ էսսե։ Սեփական փորձիս վրա հիմնվելով՝ գործընկերներիս նրբորեն խորհուրդ եմ տալիս, թե ինչպես պիտի իրենց պահեն հարցվողների հետ։ Սոցիոլոգը պետք է հաշվի առնի նրանց մակարդակը, միջավայրը և հատկապես հաղորդակցվելու կարողությունը։ Սոցիոլոգը նրբանկատ է, չի վարձվում, զուսպ է, համբերատար, բարեհամբույր։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ձեզ նման։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Չեմ ուզում անհամեստ լինել, բայց ես համապատասխանում եմ այդ պահանջներին։

ՄՈՆԳՈԼՈՎ — (վերադառնում է Ահա ձեր պորտֆելը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Շնորհակալ եմ, բարեկամս։ (Դուրս է բերում գրքույկները։) Այս տաք երեկոն համարենք գրքույկի առաջին շնորհանդեսը։ Տվեք ձեր գրիչը, որով մի ժամանակ նկարագրել եք կազինոյի գաղտնի հմայքները։ (Մասոներն է գրիչ տալիս։) Շնորհակալություն, սիրելիս, մակագրեմ։ (Գրում է։) Խնդրեմ, Ալեքսանդրա Վիտալևնա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — (վերցնում է գիրքը, կարդում «Ամենաարժանավորին»։ Ի՜նչ մեծահոգի եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Օբյեկտիվ եմ։ Սա ձեզ, Մասոներ։

ՄԱՍՈՆԵՐ — Շնորհակալ եմ։ (Կարդում է։) «Առնոլդ Մասոներին՝ մարդուն և էրուդիտին՝ ճակատագրի շրջադարձի պահին»։ Այո՜… Մարմնովս պաղ դող անցավ…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հասկանում եմ ձեզ. դող՝ վիհը գահավիժելուց առաջ։ Բայց դուք մեզ դեռ կզարմացնեք։ Սա ձեզ, իմ ֆլեյտա, մեկ գիրք՝ երկուսիդ։

ԱՆԱՀԻՏ — Հետաքրքիր է, ի՞նչ եք ինձ մակագրել։ (Կարդում է։) «Միտքս ու մնացած ամեն ինչը մթագնող առեղծվածային Անահիտին»։ Շնորհակալություն։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի՞նչ է նշանակում՝ «մնացած ամեն ինչը»։

ԱՆԱՀԻՏ — Հանդարտվիր։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իսկ ինձ ոչի՞նչ։

ԱՆԱՀԻՏ — Քեզ էլ կա, այնտեղ հետգրություն է. «Եվ երջանիկ Մոնգոլովին»։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այդ ե՞ս եմ երջանիկը։ (Ձեռքը թափ է տալիս։)

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դուք չափից ավելի եք վարժվել երջանկությանը, նույնիսկ չեք նկատում։

ՄԱՍՈՆԵՐ — Իմաստուն միտք է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Չափից ավելի վիճելի միտք է։

ԱՆԱՀԻՏ — Վիճելի ի՞նչ կա, մեղք է երջանկությանը վարժվելը, դրա համար հատուցում ես։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Տեսնում եմ, Գրիգորի Անդրեևիչը ձեզ համար բարձրագույն հեղինակություն է դարձել։

ԱՆԱՀԻՏ — (բարձրացնելով բաժակը Գրիգորի Անդրեևիչ, ես խմում եմ, որ ավարտվի այս սև շրջանը, որ ավարտվի այս կախարդանքն ու ձեր կյանքը վերադառնա նախկին հունին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Շնորհակալ եմ, բարի Անահիտ։ Իրոք որ կյանքիս այս շրջանը հեշտ չէ, թեև լինում են… ինչպես ձեզ ասեմ… վերելքներ և վայրէջքներ։ Բայց ինձ խորապես հուզեցիք, ու եթե մնամ ազատության մեջ, կմտածեմ ձեր խոսքերի մասին։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իսկ եթե հայտնվեք ճաղաշարի ետևում, ավելի շատ ժամանակ կունենաք մտածելու համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր ասածի մեջ իմաստ կա։

ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա, դուք սիրտ չունեք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Սիրտ փնտրեք Չետվերգովի մոտ, նա բարի է ու մարդասեր։ (Հեռախոսազանգ։) Հետաքրքիր է, ո՞վ է։ Մոնգոլով, մեծապես շնորհապարտ կլինեմ, եթե պատասխանեք։

Մոնգոլովը գնում է հարևան սենյակ։

ՄԱՍՈՆԵՐ — Ինչ-որ մեկի անհանգիստ հոգին է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — (արտահայտիչ նայելով նրան Ինչ-որ մեկի հուսալի հոգին է։

ՄԱՍՈՆԵՐ — Ձեր խոսքերում կշտամբանք եմ լսում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շատ գրագետ պարոն եք։ (Ներս է վազում Մոնգոլովը։) Ո՞վ էր։

ՄՈՆԳՈԼՈՎ — (ծանր շնչելով Կոլեգաս։ Կարևոր նորություն՝ մոլագարը ձերբակալվա ծ է։

ՄԱՍՈՆԵՐ — Ե՞վս մեկը։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այն նո՛ւյն մոլագարը։ Ձերբակալված է Տիմիրյազևյան զբոսայգում։

ԱՆԱՀԻՏ — (ցնցված է Այնտեղ, ուր ինձ քշում էիր զբոսնելու։

ՄՈՆԳՈԼՈՎ — Աստված իմ, նորից քոնն ես կրկնում… Տեսնո՞ւմ ես, ինչ ընկեր ունեմ, շուտով կիմանա նրա անունը։ Մենք՝ նույնպես։

ԱՆԱՀԻՏ — Աներևակայելի է։

ՄԱՍՈՆԵՐ — Իսկ նա հաղթանդա՞մ է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Երկաթբետոն։

Երկար լռություն։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Դե ինչ, Չետվերգով, վե՞րջ ձեր կարիերային։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր խոսքի մեջ ուրախություն չկա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իսկ որտեղի՞ց այդ ուրախությունը, չէ՞ որ ես չէի հավատում ձեր ոչ մի բառին։ Ի տարբերություն իմ հյուրերի։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ մեդիեվիստը ընդհանրապես վշտացած է։

ՄԱՍՈՆԵՐ — Ընդամենը կորցրել եմ ինքնավստահությունս։ Դուք էլ խոստովանեք, որ հիմա այնքան էլ նորմալ իրավիճակ չէ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իրավացի եք, նորմալ էր հեռախոսազանգից առաջ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դուք դեմագոգ եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դուք էլ նույն կարծիքին եք… Իսկ ձեր դեմքին, Անահիտ, այնպիսի տխրություն է, որ սիրտս սեղմվում է։

ԱՆԱՀԻՏ — Դուք ինքնակոչ եք։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բոլորին դժբախտացրի։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ի դեպ, Ալեքսանդրա Վիտալևնա…

ԱՆԱՀԻՏ – Ներեցե՛ք, ներեցե՛ք, ներեցե՛ք մեզ։

ՄԱՍՈՆԵՐ — Դուք հակված եք պատրանքների, բայց ո՛չ նա։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Շատ ուրախ եմ, որ ձեր աչքերը բացվեցին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Հուսամ, ձերը ևս, տիրուհիս։ Եվ համոզվեցիք, որ այս երեքը մարդկության իդեալական մոդելն են՝ հնազանդվելու, ընդհանուր շարք կանգնելու և երդվելու ձգտումով։ Նոր կուռքերի պահանջով։ Սկզբում նրանք ընտրեցին դերասանուհուն, մամուլի կողմից սիրված աստղին, հետո նրանց մոլագար էր պետք։ Եվ մոլագարն ավելի հրապուրիչ եղավ, մի զայրացեք, թանկագինս։ Ինչո՞վ… գոնե նրանով, որ սարսափ է ներշնչում։ Ձերդ Մեծություն, իմ շնորհավորանքները, որքա՛ն արագ ձեզ դավաճանեցին այդ մարդիկ բռնակալի իշխանությանը տրվելու համար։ Ի՞նչ արվեստ, նրանց վա՛խ է պետք։

ՄԱՍՈՆԵՐ – Ի՛նչ բացահայտ կազուիստիկա։

ՄՈՆԳՈԼՈՎ — Այո։ Ոմանք այստեղ սիրամարգի նման ողջ երեկո թոզ էին փչում մեր աչքերին՝ տեսե՜ք, ինչ անսովորն եմ ես։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Անհեթեթությո՛ւն։ Նման բան չեմ պնդել։

ՄԱՍՈՆԵՐ — Բայց և այնպես, Գրիգորի Անդրեևիչ, դուք շեշտում էիք ձեր գերազանցությունը։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Ես պահանջում եմ, որ բացատրություն տաք՝ ի՞նչ է նշանակում այս տրագիֆարսը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Դե, ասենք՝ ես փորձ էի դրել։ Ձեզ հնարավորություն տվեցի տեսնելու հասարակության անդամի ու հերձվածողի միջև եղած պայմանականության սահմանները։ Մասոները, առավել ևս Մոնգոլովը կարող էին այլանդակ մտադրությամբ հայտնվել Մարտի Ութի փողոցում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ինչո՞ւ «առավել ևս», ինչո՞ւ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Որովհետև դուք ստեղծված եք օրգիաների համար։

ԱՆԱՀԻՏ — Դա անզեն աչքով է տեսանելի։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ձեր երջանկությունն է, որ դուք ռեցիպիենտ եք։ Մարդիկ բաժանվում են ռեցիպիենտների ու դոնորների։ Մոնգոլով, դուք առաջիններին եք պատկանում։

ՄՈՆԳՈԼՈՎ — Իսկ դուք, իհարկե, դոնոր եք:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Իսկ ուրիշ էլ ո՞վ։ Մի՞թե այսօր ձեզ քիչ բան տվեցի։ Դուք պատրաստ եք հետևել ինձ մինչև աշխարհի ծայրը, ահա որն է իմ հաջողությունը։

ԱՆԱՀԻՏ — Պատրանքներով մի՛ տարվեք:

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Բայց դա այդպես է։ Խոստովանեք, բարի Անահիտ, դուք դառնացած եք, որ ես մոլագար չեմ։

ՄՈՆԳՈԼՈՎ — Նա ճի՞շտ է, Անահիտ։

ԱՆԱՀԻՏ — Քո գործը չէ՛։

ՄՈՆԳՈԼՈՎ — Դու խուսափում ես պատասխանից։

ԱՆԱՀԻՏ — Այդպիսի հարցերի չեն պատասխանում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Տոնն ավարտվեց, սկսվեց առօրյան։ Ցավակցում եմ, պարոնայք։

ԱՆԱՀԻՏ — Ես կրկնում եմ՝ դուք ինքնակոչ եք։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ես էլ եմ կրկնում՝ դուք դեմագոգ եք։

ՄԱՍՈՆԵՐ — Ամեն ինչ շատ պարզ է՝ ձեզ խղճացին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Խոնարհվում եմ ձեր մեծահոգության առջև։ Կրկին կարող եք ցուցաբերել այդ մեծահոգությունը։ (Դադար։) Պետք չէ ժամանակից շուտ հանգստանալ, ես նա եմ, ում փնտրում են։

ԱՆԱՀԻՏ — Դուք… նա՞ եք։

ՄԱՍՈՆԵՐ — Սա արդեն… չափից դուրս է։

ՄՈՆԳՈԼՈՎ — Ուշադրությո՛ւն։ Նա ուզում է նորից խթանել ձեր երևակայությունը։

ԱՆԱՀԻՏ — Այդ դեպքում ո՞ւմ են ձերբակալել զբոսայգում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Երկու տարբերակ կարող է լինել՝ կամ անբախտ մեկին, որ դուրս էր եկել թթվածին շնչելու, կամ մի գարշելի արարածի։ Նրա վզին մի մեղք էլ կկապեն, որպեսզի բնակչությունը խաղաղվի։ Բայց ես ձեզ խաղաղեցնել չեմ կարող։ Մոլագարները լինում են ըստ կոչումի և կոչման։ Շարքային մի հանցագործ են բռնել, իսկ իսկականը գինի է խմում։ (Դատարկում է բաժակը։)

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Կարող եք ձեզ ահաբեկիչ էլ հայտարարել։ Հավատացող չկա։

ԱՆԱՀԻՏ — Մի անգամ ստելուց հետո…

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես չեմ ստել։ Եվ ձեզ, և քրեական հետախուզության համար ձեռնտու է այդպիսի տարբերակը։ Վերջնականապես կազատվեք բարդ բարոյական խնդրից՝ կա՛մ ինձ հանձնել պատժիչ մարմինների ձեռքը, կա՛մ հանգիստ թողնել՝ ազատության մեջ որոճալու համար։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իսկ ձեզ չի՞ հուզում, որ անմեղ մարդը պետք է պատասխան տա ձեր արարքների համար։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Կարծում եմ, նրան մահապատժի չեն ենթարկի։ Եվրոպան դա չի քաջալերում։ Բայց մի քսան տարով կնստեցնեն։

ՄԱՍՈՆԵՐ — Նրան չե՞ք խղճում։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Խղճում եմ։ Ինչպես նկատեցիք, ես մարդկային եմ։ Բայց ի՞նչ կարող եմ անել։

ՄՈՆԳՈԼՈՎ — Գնալ և խոստովանել։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ես հումանիստ եմ, բայց ապուշ չեմ։

ԱՆԱՀԻՏ – Հրե՛շ։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, Անահիտ, բայց ինքներդ դատեք, մի կողմից՝ ինքնազոհողություն և ճաղավանդակ, մյուս կողմից՝ ազատություն, կանայք ու ռիսկ։ Համաձայնեք՝ համեմատության ոչ մի եզր չկա։

ՄԱՍՈՆԵՐ — Ու դուք թույլ կտաք, որ ձեր պատճառով, սխալմամբ ուրիշի՞ն դատապարտեն։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Այո, եղբայր Մասոներ, թույլ կտամ։ Քի՞չ սխալներ են եղել, մեկն էլ թող ավելանա։ Աշխարհում ոչ մեկը ապահովագրված չէ սխալից, ո՛չ արդարադատությունը, ո՛չ ես, ո՛չ անգամ Ալեքսանդրա Վիտալևնան։

ԱՆԱՀԻՏ — Նա միանգամից հասկացավ՝ ով եք դուք։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ ասաց, որ ձեզ հավատացող չկա։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Տեսնենք ինչ կասեք վաղը, երբ դժբախտին ազատ կարձակեն։ «Ալեքսանդրա Վիտալևնա՛»։ Ավելի լավ է մտածեք, թե ինչի եք վերածել նրան։ Աթենաս Պալլասի կամ էլ Կասանդրայի։ Կամ խելահեղ Պիֆանիայի, որն ապուշացել է ծծմբային գոլորշիներից։ Իսկ ձեր առջև կին է, ստեղծված ոչ թե պաշտամունքի կամ աղոթքի, այլ սիրո համար։

ՄՈՆԳՈԼՈՎ — Նա դեռ խոսում է սիրո մասին։

ԱՆԱՀԻՏ – Ի՛սկը քնարերգու։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Իրոք որ, Գրիգորի Անդրեևիչ, դուք կամ բանաստեղծ եք, կամ մոլագար։ Երկուսից մեկը։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ե՛վ մեկը, և՛ մյուսը։ Մի՞թե կինը հանգ չէ տղամարդու համար։ Ես ցնդվել եմ հանգի փնտրտուքում։

ՄԱՍՈՆԵՐ — Ի՛նչ անխոնջն է։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Նա, բայց ո՛չ ես։ Ես հոգնեցի, ձեզ էլ հանգստանալը չի խանգարի։ Սպասենք, առավոտն ավելի իմաստուն է։

ԱՆԱՀԻՏ — Մինչև վաղը, Ալեքսանդրա Վիտալևնա։

ՄԱՍՈՆԵՐ — Եվ հիշեք, մտքով ձեզ հետ եմ։

ՄՈՆԳՈԼՈՎ – Ոչ միայն դուք։ Գնանք, Անահիտ։ Այս երեկոն ինձ երկու կես արեց։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ես էլ շարժվեմ: Մնաք բարով, հարևանուհի։ Անսխալական ու անբասիր հարևանուհի։

Ալեքսանդրան մենակ է մնում։ Դանդաղ գնում է ննջասենյակ, անսպասելի վերադառնում է, վերցնում է գիրքը, թերթում, ասես հարկավոր էջն է փնտրում՝ իզուր փորձելով կենտրոնանալ։ Վճռական շարժումով փակում է գիրքն ու պտտվում սենյակում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Անիծվե՛ս դու, անիծվե՛ս դու։ Անիծվե՛ս դու։ (Վարանումով հանգցնում է լույսը։ Վերևից լսվում է ֆլեյտայի ձայնը՝ նույն «Սիրինկսն» է։ Նա կանգնած է անշարժ, հենված պատին։ Հազիվ լսելի դռան ճռռոց։) Դուռը բացվեց… իսկ Անտոնը չի հաչում… Ո՞վ է։ Ո՞վ է այդտեղ։ (Միացնում է սեղանի լամպը։ Ուրվագծվում է գլխարկը աչքերին քաշած մեկը։) Հանե՛ք գլխարկը։

ՆԵՐՍ ՄՏՆՈՂԸ — Ինչպես հրամայեք։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Վերադարձրե՛ք բանալին։

ՉԵՏՎԵՐԳՈՎ — Ինչպես հրամայեք։ Եկել եմ հայտնելու, որ ձեր հարևանները բացարձակ հիմարներ են։ Չեն տեսնում, չեն լսում, որ ձեզ զզվեցրել է Ջոմոլունգմա լինելը, որին հասնելու ճանապարհը ծածկված է ալպինիստների դիակներով։ Զառանցանք չէ՞ կնոջ համար մեռնելը, ում հետ, հակառակը, ուզում ես ապրել։ Կույր են ու խուլ։ Աչքի առաջ չեն տեսնում այս գեղեցիկ դեմքին գծագրված սրտնեղությունը և գաղտնի կանչն էլ չեն լսում։ Միայն ես՝ ըմբոստ հալածականս եմ գիտակցում գեղեցկության ու տաղանդի միայնությունը։ Մենակ չընդհատեք ինձ, ավելի լավ է, լսեք այս մեղեդին, Անահիտի էոլյան սրինգը։ Մոնգոլովը հանդարտվել է, իսկ Անահիտը մենակ է մնացել իր երաժշտության հետ։ Քնած է Մասոները, քնած է այս տունը, քնած է այս տարօրինակ խելահեղ քաղաքը, որի մեջ մենք թպրտում ենք ափ նետված ձկների նման։ Բոլորն են քնած, իմ հոգու սիրեցյալ։ Միայն ֆլեյտայի ձայնն ու բարեկամի ձայնն են լսվում սպասողական լռության մեջ։

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ – Անիծվե՛ս դու։ Անիծվե՛ս դու։

ՉԵՏՎԵՐԳՈՎ – Ամե՛ն։

 

Ռուսերենից թարգմանեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։