ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹ/ «ԽԱՂ»
ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹԻ «ԽԱՂ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում
ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹ
ԽԱՂ
Գործող անձինք
Կ 1 — ԱՌԱՋԻՆ ԿԻՆ
Կ 2 — ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ
Տ – ՏՂԱՄԱՐԴ
Կենտրոնում, բեմեզրին մոտ, երեք միանման գորշ, մեկ յարդ բարձրություն ունեցող աղբարկղ—սափորներ են՝ միմյանց շատ մոտ: Ամեն մեկից դուրս է ցցված գլուխ, իսկ վիզը հաստատուն մնում է սափորի բկանցքում: Եթե նայենք դահլիճից, ապա ձախից աջ՝ հերթականությամբ, Կ 1-ի, Տ—ի, Կ 2-ի գլուխներն են: Ներկայացման ընթացքում նրանք կողքի չեն նայում՝ միայն առաջ: Դեմքերն այնքան են զուրկ տարիքային և արտահայտչական նշաններից, որ թվում են այդ նույն սափորների բաղադրիչներ: Սակայն դիմակներ օգտագործել պետք չէ: Նրանք սկսում են խոսել, երբ լուսարձակի լույսն ընկնում է դեմքերի վրա:
Լույսի անցումը մի դեմքից մյուսին վայրկենական է: Լիակատար մթություն չկա, բացի հատուկ նշված տեղերից: Լույսի նկատմամբ վերաբերմունքը միանգամից չի առաջանում: Յուրաքանչյուր ռեպլիկի սկզբում պահպանվում է կարճ դադար, եթե ավելի երկարատև դադար հատուկ չի նշվում: Դեմքերը մշտապես մնում են անկիրք—անվրդով: Ձայները միապաղաղ են, բացի հատուկ նշված տեղերից: Սկզբից մինչև ավարտը խոսքի տեմպն արագացված է:
Բարձրանում է վարագույրը: Բեմը համարյա լիակատար մթության մեջ է: Բայց սափորներն, այնուամենայնիվ, տեսանելի են: 5 վայրկյան: Թույլ լույս միաժամանակ երեք դեմքերի վրա: 3 վայրկյան: Ձայները խուլ են, խոսքը՝ անհասկանալի: Խոսում են միասին:
Կ 1 — Տարօրինակ է, այո, խավարն ավելի լավ է, ինչքան մութ՝ այնքան վատ, անդորր ու խավար լավ է մինչև որոշակի ժամը, բայց նա արդեն վրա է հասնում, այն պահը, ահա այն, ինքդ կհասկանաս, կորի՛ր, չանհանգստացնես, միայն անդորր, միայն խավար, ամեն ինչ անցել է, իհարկե, արմատահան արված…
Կ 2 — Գուցե, այո, ստվերը հեռացել է, ենթադրում եմ, այսպես կասեն՝ թշվառ, ստվերը հեռացել է, պարզապես ստվերը՝ գլխի մեջ (ծիծաղում է), հա-հա-հա, պարզապես ստվեր, կասկածում եմ, կասկածում եմ, ոչ լիովին, ինչպես կարող եմ, որ կարող եմ…
Տ — Այո, հոգիս խաղաղ է, ու կարծես թե ամեն ինչ հեռու է՝ ողջ կարոտը, կարծես չէր էլ եղել, բայց վրա է հասնում (զկրտում է), պարդոն, իմաստ չունի, ես որ գիտեմ, բայց և այնպես հոգիս խաղաղ է, հենց այնպես չի անցել այդ ամենը, բայց ասես չի էլ եղել…
Լուսարձակներն անջատվում են: Խավարում 5 վայրկյան: Ուժեղ լույս միաժամանակ երեքի դեմքերի վրա: 3 վայրկյան: Նորմալ լսելի ձայներ:
միաժամանակ Կ 1 Ես նրան ասացի՝ թո՛ղ ներան…
Կ 2 } Մի առավոտ, երբ նստած էի…
Տ Մեր կապը երկար չտևեց…
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան:
Լույսը Կ 1-ի վրա է:
Կ 1 — Ես նրան ասացի՝ թո՛ղ ներան: Ես երդվեցի բոլոր սրբերով…
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Մի առավոտ, երբ նստած էի պատուհանի մոտ ու կար էի անում, ներս ընկավ նե ու հարձակվեց վրաս: Թո՛ղ նրան, ճչում էր, նա ի՛մն է: Լուսանկարները ներան ակնհայտորեն քծնում էին: Այդ պահին, առաջին անգամ ներան տեսնելով ոտից-գլուխ, ես հասկացա, թե ինչու նա ի՛նձ է գերադասել:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Մեր կապը երկար չտևեց, իսկ նե արդեն խանձահոտն զգաց: Թո՛ղ այդ պոռնիկին, ասաց նե, թե չէ կոկորդդ կկտրեմ… (զկրտում է)… պարդոն, և Աստված ինձ օգնական: Ես գիտեի. նե չէր կարող ապացույցներ ունենալ: Ու ես ասացի, թե չգիտեմ՝ ինչի մասին է խոսում:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ինչի՞ մասին եք այստեղ խոսում՝ հարցրի ես, շարունակելով կարս: Ձերը՝ ո՞վ է: Թողնեմ՝ ո՞ւմ: Ես հոտով եմ զգում, ճչաց, նրանից քածի հոտ է գալիս:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Ու թեև նրա հետքերով առաջնակարգ խուզարկուի բաց թողեցի, ապացույցներ չհայտնվեցին: Ու նաև չէր կարելի ժխտել, որ անկողնում նա նույնքան… ջանասեր էր, ինչքան նախկինում: Այդ իսկ պատճառով, ու նաև իմանալով նրա ատելությունը մաքուր պլատոնիզմի նկատմամբ, երբեմն մտածում էի՝ արդյո՞ք իզուր չեմ նրան մեղադրում: Այո:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ինչի՞ցդ ես բողոքում, հարցրի ես: Մի՞թե քեզ անտեսում եմ: Ինչպե՞ս կարող էինք հիմիկվա պես իրար հետ լինել, եթե մեկ ուրիշին էլ ունենայի: Ամբողջ սրտով սիրելով՝ ես չէի կարող չխղճալ ներան:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Վախենալով, որ նե բռնության կդիմի, ուղարկեցի Էրսկինի ետևից ու խնդրեցի դուրս քշել ներան: Հրաժեշտի պահին, ինչպես կարող է վկայել Էրսկինը, եթե դեռ ողջ է ու չի մոռացել՝ թափառելով աշխարհով մեկ, ընդունելով ու ճանապարհելով այցելուներին, ուրեմն՝ հրաժեշտի պահին նե արտահայտվեց այն ոգով, որ դեռ հաշիվ է մաքրելու ինձ հետ: Չեմ թաքցնում, այդ պահին դա ինձ տագնապեցրեց:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Նե չհավատաց ինձ: Դա սպասելի էր: Ես ներան հոտով եմ զգում՝ կրկնում էր անընդմեջ: Դժվար էր հակաճառելը: Այդ ժամանակ ես գրկեցի ներան ու երդվեցի, որ չեմ կարող ապրել առանց ներան: Ավելին, ես ինձ էլ համոզեցի, որ այդպես է: Նե չվանեց ինձ:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Ինքներդ դատեք, ինչքան զարմացա, երբ առավոտյան, հարդարանքիս պահին, նա սողոսկեց իմ ննջարանը, դեմքը թաղեց զգեստիս մեջ, ծնկի իջավ ու… խոստովանեց:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Նե խուզարկու քսի տվեց վրաս: Բայց ես խոսեցի նրա հետ: Նա ուրախ էր ևս մի վաստակի համար:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Բա ինչո՞ւ չես հեռանում, ասում էի ես, երբ նա սկսում էր գանգատվել իր ընտանեկան կյանքից: Չէ՞ որ ձեր մեջ ոչինչ չկա: Թե՞ կա:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 – Խոստովանեմ՝ առաջին զգացումս զարմանքն էր: Ա՛յ քեզ արու:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին: Նա բացում է բերանը խոսելու համար:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Անկեղծ ասա, ինձ ինչի՞ տեղ ես դրել, հարցրի: Մեխանիկական սարքի՞: Անշուշտ, նրա հետ հոգեկան ապրումի տրվելու վտանգ չկա: Հապա ինչո՞ւ չես հեռանում, հարցրի: Մեկ-մեկ մտածում էի, որ ինքը փողի համար է նրա հետ պառկում:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Հետո նրանք տեսարան սարքեցին: Ես չեմ կարող, ասաց նե, որ ինչ-որ մեկը ներս ընկնի այստեղ՝ սպառնալով կյանքիս: Երևի թե այնքան էլ ուշադիր չէի լսում: Հարցրու Էրսկինին, եթե ինձ չես հավատում, ասաց նե: Բայց նե սպառնում է ի՛ր կյանքին վերջ տալ, ասացի: Իսկ գուցե քո՞ կյանքին, հարցրեց նե: Ո՛չ, ասացի, ի՛ր: Մենք զվարճացանք՝ դատողություններ անելով այդ մասին:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Հետո ես նրան ներեցի: Մինչև ուր ասես՝ սերը չի ստորացնի: Ես առաջարկեցի մեր հաշտությունը նշել ճանապարհորդությամբ կամ Ռիվիերա, կամ էլ մեր սիրելի Կանարյան կղզիներ: Նա գունատ էր: Սմքած: Հենց հիմա դա անհնար է: Գործնական հանգամանքներ:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Նե կրկին եկավ: Այս կողմերով անցնում էր՝ ներս մտավ: Ոտից-գլուխ՝ քաղցր-մեղցր: Շուրթերն էր լպստում: Թշվա՛ռ: Ես նստել էի պատուհանի մոտ ու մանիկյուր էի անում: Նա ինձ ամեն ինչ է պատմել, հայտարարեց նե: Ո՞վ՝ նա, — պատասխանեցի առանց սղոցիկը մի կողմ դնելու,- և այդ ի՞նչ «ամեն» է: Ես հասկանում եմ, թե հիմա ի՛նչ ցավ եք զգում, ասաց նե, պարզապես եկա հայտնելու, որ ձեր նկատմամբ քեն չեմ պահում: Ես մարդ ուղարկեցի Էրսկինին կանչելու:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Հետո ես վախեցա և ամեն ինչ պատմեցի: Ներա երեսին գույն չկար: Նկատի ունեցեք, չի կարելի խոստովանել ամուսնական անհավատարմությունը:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Երբ մտածեցի, որ ամեն ինչ վերջապես ավարտվել է, անցա չարախոսության: Սովորական մի պոռնիկ: Թե նա ի՞նչ էր գտել ներա մեջ, երբ ե՛ս կայի…
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Երբ նա նորից եկավ, մենք պարզեցինք եղածը: Ես ոնց որ մեռած լինեի: Նա հա՜ բացատրում էր, թե ինչու էր պետք խոստովանելը: Շատ վտանգավոր էր, ու նման բաներ: Դա նշանակում էր, որ նա նորից այն մեկի հետ է: Վերադարձել է այդ… ներա մոտ:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Դեմքը կլոր, ինքն էլ գեր, պզուկներ, դուրս ցցած շուրթեր, վիզ չկա, կուրծքն ասես…
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Նա խոսում ու խոսում էր: Լսվում էր, թե ինչպես են հնձում գազոնը: Ձեռքի հին հնձիչով: Ես ընդհատեցի նրան ու ասացի, որ ինչպիսին էլ լինեն իմ զգացմունքները, միտք չունեմ ոչ ապուշ սպառնալիքների դիմել, ոչ էլ սնվել նրա սեղանի մնացորդներով: Նա մտածմունքի մեջ ընկավ:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Ազդրերը ոնց որ… գալիֆե:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Երբ նորից հանդիպեցինք, նե արդեն գիտեր: Նե… (զկրտում է)… սարսափելի տեսք ուներ: Պարդոն: Ինչ-որ մի ապուշ գազոնն էր հնձում: Խոտի խշշոց, լռություն, հետո նորից խշշոց: Կարևորը, պետք էր նրան համոզել, որ… ինտիմության վերականգնում չի ենթադրվում: Ես ի վիճակի չէի: Դա սպասելի էր: Ու ես գրկեցի ներան ու ասացի, որ չեմ կարող ապրել առանց ներան: Ասենք, իսկապես չէի կարող:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Միակ ելքը հեռանալն էր: Նա երդվեց, որ մենք այդպես էլ կվարվենք, բայց ոչ շուտ, քան ինքը կկարգավորի գործերը: Իսկ առայժմ ամեն ինչ պիտի լինի նախկինի պես: Ինչքանով որ դա հաջողվի:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Եվ այսպես, նա նորից իմն էր: Ոտից-գլուխ: Ես երջանիկ էի: Քայլում ու երգում էի: Խաղաղություն…
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Տանը, մեկս մեկիս համար հոգի ենք տալիս՝ կյանքի նոր էջ է սկսվել: Ինչպես ասում են՝ ով հինը հիշի… Ես այցելել եմ ներան… այդ քո… ասաց մի անգամ գիշերով, անկողնում, լավ է, որ վերջ տվիր այդ պատմությանը: Դա ասելը այնքան էլ տեղին չէր՝ մտածեցի ես: Իհարկե, թանկագինս, ասացի, իհարկե: Ա՛յ թե պարազիտներ են այս կանայք: Շնորհակալ եմ, հրեշտա՛կս, ասացի ես:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Հետո ես նորից սկսեցի զգալ ներա ներկայությունը: Այո:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Երբ նա դադարեց այցելել, արդեն պատրաստ էի դրան: Շատ թե քիչ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Վերջում անտանելի դարձավ: Ես պարզապես չէի կարող այլևս…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Մինչ կհասցնեի ինչ-որ բան անել, նա չքվեց: Ուրեմն, նե՛ հաղթեց: Այդ քա՛ծը: Ես չէի կարողանում հավատալ: Ջարդված պառկում էի օրեր շարունակ: Հետո գնացի այդ… ներա մոտ: Տունը փակ էր, պատուհանները՝ մեխած: Պատերը եղյամով էին ծածկվել: Վերադարձիս, Էյշի ու Սնոդլենդի մոտ…
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ես այլևս անկարող էի…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ես մի կույտ արեցի նրա հագուստներն ու վառեցի: Նոյեմբեր ամիսն էր, ու խարույկը երկար վառվեց: Գիշերը ես զգում էի վառվածի հոտը:
Խավարում 5 վայրկյան: Լույսը միաժամանակ երեք դեմքերի վրա է, բայց կրկնակի թույլ, 3 վայրկյան: Ձայները համապատասխանաբար կամաց են:
միաժամանակ Կ 1 Խղճա, խղճա…
Կ 2 } Ասել, որ չկա…
Տ Սկզբում, երբ ամեն ինչ փոխվեց…
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան: Լույսը՝ Տ—ին:
Տ — Սկզբում, երբ ամեն ինչ փոխվեց, ես շնորհակալ եղա Տիրոջը: Ես, իհարկե, կարծում էի, որ ամեն ինչ արդեն ասվել, անցել է…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Խղճա, խղճա, լեզուս դեռ գթություն է հայցում: Դու կխղճաս: Ինքդ կհասկանաս ու կխղճաս:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Ասել, որ հիասթափություն չկա՝ ոչ, չեմ ասի: Ես ավելին էի սպասում: Ավելի շատ անդորրի:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Կամ դու կհոգնես ինձանից: Չքվիր:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ներքև ու վերև, դեպի խավար, խաղաղությամբ է համակվում հոգիս, մտածում էի ես սկզբում, երբ ամեն ինչ փոխվեց, ահա և վերջ, վերջապես, ես ճիշտ էի, ահա և վերջ, փառք Աստծո:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ավելի քիչ՝ մշուշ: Ավելի քիչ՝ խառնաշփոթ: Ու միաժամանակ հիմա ավելի լավ է, քան… այն ժամանակ: Անկասկած: Ժամանակ առ ժամանակ անգամ տանելի ու հանդուրժելի է դառնում:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Մտածում էի ես:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Երբ դու մարում ես, ես ինձ կորցնում եմ: Երբևէ կզզվեցնեմ քեզ, ու դու կգնաս… ընդմիշտ:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Դժոխային կիսախավար է:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Այո՛, անդորր, ու կարծես թե ամեն ինչ չքվել է, կարծես այդ կարոտը չի էլ եղել:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Թո՛ղ ինձ, չստացվեց: Հեռացիր ու թռիր ուրիշների վրա:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 – Հեռո՛ւ ինձանից: (Մոլեգին): Չքվի՛ր:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Բայց կհաստատվի խաղաղություն: Այն, ինչ եղել էր, ապագա չուներ:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Բայց ամեն ինչ կարող է ավելի վատթարանալ, այդ վտանգը կա:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Իհարկե, հիմա որ ես գիտեմ…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Գուցե ճշմարտությունը չեմ ասում, գուցե երբևէ մի կերպ կասեմ ճշմարտությունը: Ու հետո լույս չի լինի այդ ճշմարտությա՞ն պատճառով:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Կարո՞ղ էիր զայրանալ, որպեսզի ես վշտից խենթանայի: Դու կարո՞ղ էիր:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Հիմա որ ես գիտեմ՝ դա խաղ էր: Իսկ այս մե՞կը: Երբ սա կդառնա…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Գուցե՞:
Լույսը ՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Դու կարո՞ղ էիր արդյոք:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Ե՞րբ սա կդառնա… պարզապես խաղ:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Ոչինչ չեմ կարող անել… արդեն… ոչ մեկի համար… փառք Աստծո: Ուրեմն, հարկավոր է ինչ-որ բան ասել: Ի՜նչ ալարկոտ է աշխատում միտքս:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Կասկածելի է: Դա քեզ նման չէ: Բայց դու պիտի իմանաս, որ ես ջանում եմ՝ ինչպես կարող եմ: Թե՞ չգիտես:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Գուցե նրանք մտերմացան: Գուցե թե վիշտը…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Բայց ես ամեն ինչ ասացի: Այն ամենը, ինչ ինձ թողեցին ասել: Այն ամենը, ինչ…
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Գուցե թե վիշտը միավորեց նրանց:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Անկասկած, ես նույն սխալն եմ անում, որ արել եմ արևի լույսի տակ. իմաստ եմ փնտրում այնտեղ, որտեղ, հնարավոր է, ոչ մի իմաստ էլ չկա:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Հնարավոր է, նրանք հանդիպում են. սեղանին մի բաժակ կանաչ թեյ, որը երկուսն էլ այնքան սիրում են՝ առանց կաթի ու շաքարի, անգամ առանց լիմոնի շերտիկի…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Դու լսո՞ւմ ես ինձ: Որևէ մեկը ինձ լսո՞ւմ է: Որևէ մեկը տեսնո՞ւմ է ինձ: Գոնե որևէ մեկին ես պե՞տք եմ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Անգամ առանց շերտիկի…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Գուցե դե՞մքս ծամածռեմ, ոչ թե միայն փնթփնթամ: Լա՞ց լինեմ:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Խափա՞նք է դրված վրաս, ինչ է: Հիմա որ վտանգն արդեն անցել է: Այն խղճուկը… հիմա էլ լսում եմ նրան, այն թշվառին…
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Պոկեմ լեզուս ու կո՞ւլ տամ: Թե՞ դուրս թքեմ: Դա քեզ կբարիացնի՞: Ի՜նչ ալարկոտ է աշխատում միտքս:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Հանդիպում են, նստում իրար հետ ու համեմատում են (զկրտում է), պարդոն, երջանիկ հուշերը:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Եթե միայն կարողանայի մտածել: Այդտեղ էլ իմաստ չկա… նույնպես: Բոլորովին չկա: Չեմ կարող:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Ի՞նչ ես կարծում, ի՞նչ եղավ այն թշվառի հետ, որ փորձում էր գայթակղել քեզ: Ես հիմա էլ լսում եմ նրան: Թշվա՜ռ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Անձամբ ես միշտ գերադասել եմ «Լիպտոնը»:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Ամեն ինչ քանդվում է, ամեն ինչ քանդվեց՝ հիմնահատակ, ամայացավ: Ո՛չ մի հարց: Ոչ մեկն ինձ ոչինչ չի հարցնում:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Նրանք անգամ կարող էին ինձ խղճալ, եթե հասկանային: Բայց, իհարկե, ոչ այնպես, ինչպես ես՝ նրանց:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Չեմ կարող:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Իրենց դառն համբույրներով:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Համենայնդեպս, ես խղճում եմ նրանց, այո, իմ ճակատագիրը համեմատում եմ նրանց երջանիկ ճակատագրի հետ ու…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Չեմ կարող: Բանականությունս թույլ չի տալիս: Թող այդպես էլ հեռանա: Այո՛:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Խղճում եմ երկուսին էլ:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ի՞նչ ես անում, երբ հեռանում ես: Սփոփվո՞ւմ ես:
Լույսը՝ Կ 2-ից Տ-ին:
Տ — Թաքցնո՞ւմ եմ ինչ-որ բան: Կորցրե՞լ եմ արդյոք ես…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Այն մեկն, իհարկե, ուներ միջոցներ, թեև խոզի պես էր ապրում:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Կարծես այրող կեսօրին քարշ ես տալիս այգու հին հնձիչը: Ճգնում ես… տեղից շարժելու համար: Իներցիա է առաջանում…
Լույսը մարում է: Խավարում 3 վայրկյան:
Լույսը Կ 2-ի վրա:
Կ 2 — Մարում է, ու՝ ևս մի ճիգ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Զրկվե՞լ եմ արդյոք… ի՞նչ էր ուզածդ: Ինչո՞ւ ես գնում: Ինչո՞ւ…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ու դու երևի խղճում ես ինձ, մտածում ես՝ թշվա՛ռ, ներան հանգիստ է պետք:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Այն մեկը երևի նրան իր մոտ տարավ… ինչ-որ տեղ՝ շոգ արևի տակ:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ինչո՞ւ ես անտարբեր: Ինչո՞ւ չես…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Չգիտեմ:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Այն մեկը երևի նստած է ինչ-որ տեղ՝ բաց պատուհանի մոտ, ձեռքերը ծնկներին ծալած ու նայում է ձիթենիներից ներքև…
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ինչո՞ւ անընդմեջ ինձ չես նայում: Ես կարող էի զառանցել ու (զկրտում է) ամեն ինչ դուրս տալ: Պար…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ոչ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Պարդոն:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Նայում է ձիթենիներից ներքև՝ ծովին, մտածում է, թե ի՛նչը կարող էր նրան ուշացներ ու մրսում է: Ստվերն ամեն ինչ թաքցնում է: Այn:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Մտածեք հապա, մենք երբեք միասին չենք եղել:
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Գուցե ես արդեն թեթևակի խախտվե՞լ եմ:
Լույսը՝ Կ 2-ից Կ 1-ին:
Կ 1 — Թշվառ: Թշվա՛ռ:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Երբևէ միասին չենք արթնացել. մայիսյան լուսաբացին ով առաջինն է արթնանում՝ ոտքի է հանում մնացածներին: Հետո փոքրիկ նավակում…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 1 — Զղջում, այո, ծայրահեղ դեպքում՝ հաշտություն. արդեն համակերպվել եմ, բայց ինչի՞ համար է դա:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ն:
Կ 2 — Լսիր, գուցե ես արդեն թեթևակի խախտվե՞լ եմ: (Հույսով): Շատ թեթևակի: (Դադար): Կասկածում եմ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Փոքրիկ նավակում…
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Անդորր ու խավար՝ ահա իմ ուզածը: Դե ինչ, և մեկից, և մյուսից ունեմ քիչ-քիչ: Միասնաբար: Երևի թե մեղք է ավելին խնդրելը:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Փոքրիկ նավակում, գետի վրա, հանգստանում եմ՝ թիավարում եմ, նրանք փռվել են փչովի բարձերի վրա… Առագաստներ: Մեզ տանում է քամին: Այսպիսի երազանքներ:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Դժոխային կիսախավար է:
Լույսը՝ Կ 1-ից Կ 2-ին:
Կ 2 — Ստվերը հեռացավ: Որ գլխիս մեջ էր: Պարզապես ստվեր: Կասկածում եմ:
Լույսը՝ Կ 2-ից Տ—ին:
Տ — Մենք քաղաքակրթված չենք:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Մեռնել, ու թող լինի խավարում, և ինչքան մութ՝ այնքան վատ: Տարօրինակ է:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Այսպիսի երազանքներ: Այն ժամանակ: Իսկ հիմա…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին:
Կ 2 — Ես կասկածում եմ:
Դադար: Կ 2-ի խուլ քրքիջի պայթյուն, ընդհատված լույսի տեղաշարժ նրանից՝ Կ 1-ի վրա:
Կ 1 — Այո, և այդ ամենն այստեղ, ամենն այստեղ է, նայում է դեմքիդ: Դու կհասկանաս: Գնա՛ այստեղից: Թե չէ կհոգնես:
Լույսը՝ Կ 1-ից Տ-ին:
Տ — Իսկ հիմա, երբ դու… միայն աչքեր ես: Պարզապես նայում ես: Դեմքիս: Ու հանկարծ՝ չկաս:
Լույսը՝ Տ—ից Կ 1-ին:
Կ 1 — Կհոգնես ինձ հետ խաղալուց: Հեռացի՛ր: Այո:
Լույսը՝ Կ 1-ից Տ—ին:
Տ — Ինչ-որ բան ես փնտրում դեմքի վրա: Ճշմարտություն: Աչքերում: Կամ նույնիսկ…
Լույսը՝ Տ—ից Կ 2-ին: Կ 2-ի քիչ առաջվա քրքիջը՝ ընդհատված լույսի տեղաշարժով, դեպի Տ—ն:
Տ — Միայն աչքը: Բայց ոչ միտքը: Բացվում ու փակվում է: Մի՞թե ես…
Լույսը մարում է: Խավարում 3 վայրկյան: Լույսը Տ—ի վրա է:
Տ — Մի՞թե ես… այդքան տեսանելի եմ:
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան: Թույլ լույս միաժամանակ երեք դեմքերի վրա: 3 վայրկյան: Ձայները խուլ են, խոսքը՝ անհասկանալի:
միաժամանակ Կ 1 Տարօրինակ է, այո, և այլն:
Կ 2 } Կարող է, այո, և այլն:
Տ Այո, հոգում, և այլն:
Ճշգրտորեն կրկնում են տեսարանը:
Տ — Մի՞թե ես… այդքան տեսանելի եմ:
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան: Ուժեղ լույս միաժամանակ երեք դեմքերի վրա: 3 վայրկյան: Ձայները հնչում են բնական ուժգնությամբ:
միաժամանակ Կ 1 Նրան ասացի՝ թո՛ղ ներան…
Կ2 } Մի առավոտ, երբ նստած էի…
Տ Երկար չտևեց մեր կապը…
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան: Լույսը Տ—ի վրա:
Տ — Երկար չտևեց մեր կապը…
Լույսը մարում է: Խավարում 5 վայրկյան:
Վարագույր
Երգչախումբ
միաժամանակ Կ 1 Տարօրինակ է այո ավելի լավ է խավար ինչքան մութ ավելի վատ
Կ 2 } Կարող է այո ստվերը հեռացավ կարծում եմ այդպես կասեն
Տ Այո իմ հոգում կարծես խաղաղություն է անցած է ողջը ողջ կարոտը
միաժամանակ Կ 1 անդորր ու խավար լավ է մինչև պահը այն մեկը կգա
Կ 2 } թշվառ ստվերը հեռացավ պարզապես ստվեր գլխի մեջ
Տ կարծես թե չէր էլ եղել բայց կգա (զկրտում է) պարդոն
միաժամանակ Կ 1 այն պահը ահա այն մեկը ինքդ կհասկանաս չքվիր
Կ 2 }հա-հա-հա պարզապես ստվեր կասկածում եմ կասկածում եմ
Տ իմաստ չունի ես որ գիտեմ բայց և այնպես իմ հոգում
միաժամանակ Կ 1 մի անհանգստացրու միայն անդորր միայն խավար ամեն ինչ անցավ
Կ 2 } ամենևին ինձ համար հեշտ է դեռևս ինչպես կարող եմ
Տ – խաղաղություն հեշտ չէ ամեն ինչ անցավ բայց կարծես թե
Անգլերենից թարգմանեց Արամ ԱՆԱՆՅԱՆԸ