Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Դրամատուրգ, Արտավազդ մրցանակի դափնեկիր
Ըստ ավանդության՝ Արտավազդ արքան ավելի քան 2000 տարի առաջ սկզբնավորեց հայերիս թատրոնը և դրամատուրգիան: Նա նաև դերասան էր ու գրող, մեր պատմության ամենաարվեստագետ, ասել է՝ մտածական ու զգացմունքային թագավորը: Մենք նրա հետնորդներն ենք, դա մեզ պարտավորեցնում է՝ երբ էլ ապրելու լինենք, չմոռանանք մեր ինքնությունը, բնիկ որտեղացի ենք, ինչ առաքելությամբ ենք եկել այս աշխարհ: Իսկ վերին նպատակը ազատության, գեղեցիկի ու ճշմարտության հաստատումներն են՝ ժողովրդի ու հայրենիքի հիմնասյուներ: Ես ինձ երբեմն հարց եմ տալիս՝ ընդհանրապես և մասնավորաբար, մեր դեպքում արվեստներից ո՞րն է ամենահինը, և միշտ պատասխանում եմ՝ թատրոնն է, բնության դժվարին տիրույթներում հնամարդու գոյության պայքարի գործողությունը: Թատրոնը ասպարեզ եղավ մյուս արվեստների ծագման ու առաջընթացի համար՝ գրականություն, կերպարվեստ, պար, երգ ու երաժշտություն, ինչու չէ՝ նաև ճարտարապետությունը, որոնք հետագայում որքան էլ ինքնուրույնացան ու յուրակերտվեցին՝ ձեռք բերելով անշփոթելի հոգենկարագիր, իրենց արմատին մշտապես մնացին հարազատ: Մի ծայրահեղ, գուցե սխալ, բայց ոչ սխալ բան ասեմ. նշածս ու չնշված բոլոր արվեստներն էլ, թատրոնը, մարդկությունը տարբեր ձևերով ու կառուցվածքներով բեմադրում-խաղում է իր կյանքի ու ճակատագրի թատրոնը:
Այսօր մենք բացում ենք հայոց հազարամյա թատրոնի ևս մեկ էջը՝ 2020 թվականը, որը պարզ թիվ չէ, այլ՝ հանրահաշիվ: Բացում ենք ետ նայելով, բացում ենք առաջ նայելով, բացում ենք հույս ու հավատով, որ լուսավոր արժեքներ կրող մեր ժողովուրդը կշարունակի ապրել ճշմարտության, գեղեցիկի ու ազատության բարոյականությամբ և չի երկնչի խորշակ քամիներից:
Ամանորի առթիվ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հոգևոր Հայաստանի զինվորներն են: Գեղարվեստական մշակութը հզոր բանակ է: