ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Մարիաննա Մխիթարյան
Այսքան կանացի, հմայիչ, կերպարներ մարմնավորելիս՝ պրպտող, թատրոնում՝ խոհեմ ու շրջահայաց, թատրոնից դուրս՝ անխոհեմ կենսասեր, որպես ԱՐՄՄՈՆՈ միջազգային փառատոնի տնօրեն՝ անգերազանցելի կազմակերպիչ, և այս ամենը՝ միայն իրեն հատուկ ինքնատիպությամբ: Ի դեպ, Մարիաննա Մխիթարյանի ինքնատիպության հերթական դրսևորումը սեփական ծննդյան օրն էր, որ նա նշեց կորոնավիուսային պարապուրդում՝ մեզանից առանձնացած ու է՛լ ավելի մեզ հարազատացած…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:
Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ — Ավելի շատ կինոյի՝ բլոկբաստերի հերոսուհիներից մեկի, որը տարբեր հոգեվիճակներ է վերապրում՝ համապատասխան ժանրի՝ կիրք, վախ, սարսափ, հուզմունք, կարոտախտ… Հույս ունեմ, որ այս ֆիլմը երջանիկ ավարտ կունենա։
Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կերպար կմարմնավորեիք:
Մ. Մ. — Այդ պիեսը դեռ գրված չէ։ Հերոսուհին հումորով կվերհիշի ինքնամեկուսացման մեջ անցկացված օրերը։ Սքարլետ Օհարայի հայտնի արտահայտությունը վերափոխելով՝ պիեսը, հավանաբար, կվերնագրվեր «Այդ մասին ես կհիշեմ վաղը»։
Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:
Մ. Մ. — Շատ խիտ և աշխատանքային, ապագայի մասին մտորումներով։
Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:
Մ. Մ. — Շատ եմ կարդում, ֆիլմեր եմ նայում, որոնք չէի հասցրել դիտել… Հեռախոսով եմ զրուցում։ Գեներացնում եմ ստեղծագործական էներգիա։
Կ. Խ. — Ինչպե՞ս նշեցիք ծննդյան օրը։
Մ. Մ. — Շատ հետաքրքիր… Ֆեյսբուքում ստացա ջերմ մաղթանքներ ծանոթներից և ոչ այնքան ծանոթ մարդկանցից, և դա ինձ ուժ տվեց ստեղծագործելու, ապրելու և սիրելու։