Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / «Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԱՍՏՎԱԾ»
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԻ «Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԱՍՏՎԱԾ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում
Ինձ համար Շուշանիկը մեր պատմության ամենաարդիական անձնավորություններից մեկն է։ Չափից ավելի համարձակ է նա, խիզախ, նույնիսկ հանդուգն, ծայրաստիճան անհաշտ՝ անարդարության, կեղծիքի և բռնության հանդեպ։ Ցավոք, նրա ողբերգական (և հերոսակա՛ն) պատմությունը մեզ է հասել վկայաբանված, վարքագրված ու կանոնացված։ Այսինքն՝ համաձայն ժանրի պահանջների՝ տաշվել, հղկվել ու հարթվել են բոլոր սուր անկյունները։ Սակայն ոչ իսպառ։ Եկեղեցական գրիչը որքան էլ ջանացել, այնուհանդերձ չի կարողացել վերջնականապես նրանից հնազանդ գառնուկ սարքել։ Եվ չէր էլ կարող, թե ոչ՝ ստիպված պիտի լինեին արմատապես փոխել ամբողջ դիպաշարը, կեղծել բուն իրողությունը։
…Բոլորը հաշտվել են մեղքի, չարիքի և բռնության գոյությանը, անգամ եկեղեցու սպասավորներն են հորդորում շղթայակապ իշխանուհուն հաշտվել, հնազանդվել հավատուրաց և արյունապիղծ ամուսնու հետ, սակայն կա մեկը, որն իր կամքի և ոգու բացառիկ ուժով ապացուցում է, որ Չարի իշխանությունը չի կարող վերջնական ու հավերժական լինել։ Եվ այդ մեկ, իսկապես ազատ մարդը ապացուցում է, որ ճշմարիտն ինքն է։
Իսկ մի՞թե այսօր կացությունն ուրիշ է, մի՞թե այսօր Սատանան չի ձգտում համոզել մեզ, որ իր իշխանությունն անսասան է և հավերժական, և մի՞թե ստորև ներկայացվող մենադրամայի հերոսուհու պես մենք չենք պահանջում, որ Չարը «պատժվի և՛ Երկրի վրա, և՛ Երկնքում… Ե՛վ մարդուց, և՛ Աստծուց»։
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԱՍՏՎԱԾ
(պատկերներ Սուրբ Շուշանիկի չարչարանաց պատմությունից)
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
— Եվ չգիտեին նրանք, որ Քրիստոսն է արդեն ապրում իմ մեջ…–
469 թ.։ Բանտախուց Ցուրտավի բերդում։ Կիսախավար։ Բեմում Շուշանիկն է՝ շղթայված։
Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել… Ոչ, ոչ, ցավերից չէր… Մի երեխա էր լալիս… Աղջիկ էր… Երեք-չորս տարեկան… Այստե՞ղ… այստեղ երեխա չկա… Լացը ձորափի կողմից էր… Որքա՞ն կլինի մինչև ձորափ… Ուրեմն, եթե կեսօրից հետո ճամփա ընկնես, իրիկնադեմին հազիվ կհասնես… Չէ, այստեղ աղմուկ չկար, կատարյալ անդորր էր… Այդ լացն էր, որ չէր թողնում քնել… Խնդրում եմ, Տեր Անդրեաս, այսօր ժամանակ գտիր, գնա և պարզիր, թե ինչ եղավ այդ երեխան… Աղոթքներս տեղ հասա՞ն…
Ի՞նչ ես շարունակ ցավերիցս խոսում… Պետք չէ… այս արյունը… պետք չէ լվալ… այս արյունը մեղքերիս մաքրումն է… Ոչինչ մի արա… Իմ վերքերը մի քանի օրից կսպիանան… Սակայն նրա վերքերն այլևս չեն բուժվի, քանզի դժոխքի բաժին դարձրեց իր անձն ու իր հոգին… Կուրացե՞լ ես, ինչ է, Տեր Հայր, մի՞թե չես տեսնում, որ սատանան է մուտք գործել այստեղ…
Հիշում եմ միայն, որ եկան հայտնեցին, թե ամուսինս է գալիս… Նախորդ գիշեր վատ երազ էի տեսել… Օձի նման սողում էր իմ կողմը… Եվ մինչև հասնելը, կաշին երեք անգամ փոխեց… Գլուխն իրենն էր, բայց օձի մարմին ուներ…
Հաջորդ օրն առավոտյան ամուսնուս պատգամաբերը եկավ փրփրակալած ձիով… Ամբողջ գիշեր քշել էր, որպեսզի կարևոր լուրը ժամ առաջ հասցնի… «Քո ամուսինը՝ մեր տեր բդեշխ Վազգենը, վաղը կժամանի Ցուրտավ…»։ Նա հուզված էր, այդ պատգամաբերը, և ուրախ լուր բերողի տեսք չուներ։ Եվ ես ասացի նրան. «Արդյոք ո՞ղջ է հոգով»։
Ես գիտեի, թե ինչու եմ հարցը տալիս, քանզի գիտեի, թե ինչու է գնացել պարսից արքայի մոտ… Եվ պատգամաբերը ծնկի իջավ ու արտասվելով պատասխանեց. «Քո ամուսինն ուրացավ քրիստոնեությունը և պարսից կրոնն ընդունեց»։
Ո՛չ, ոչ, Տեր Անդրեաս, ոչ ոք նրան չէր ստիպել… Նա ինքը շտապեց գնալ այնտեղ և ուրանալ իր հայրերի հավատը… Գիտեմ, թե ինչու, ես նախազգում էի… Հավատը չէր սասանվել նրա հոգում, այդ մարդը հավատի խնդիր չունի, նա ընդհանրապես հավատ չունի… Նա ոչ քրիստոնյա է, ոչ էլ՝ կրակապաշտ… Այդ մարդը միայն ուժն է պաշտում և վայելքը… Եվ հանուն փառասիրության՝ ամեն ինչ կարող է ծախել… Նա ողորմելի է և թշվառ… Մի՞թե ես պիտի քեզ ասեմ, Տեր Անդրեաս, որ հավատը կորցրած մարդն ամենաթշվառ արարածն է այս աշխարհում…
Ահավոր լուրն առնելուն պես, չորս զավակներիս առած՝ մտա եկեղեցի, որ նրանց փրկության համար աղոթեմ… Եվ ասացի ես. «Տեր Աստված, դու ես տվել նրանց ինձ, դու էլ պահպանիր: Նրանք լոկ մարմնով են այդ ամբարիշտից, սակայն քոնն են հոգով… Արդ, Հիսուս Քրիստոս, ինձ ու իմ որդիներին հանձնում եմ քեզ, դու ես Տեր ու Աստված… Իսկ ես պատրաստ եմ չարչարանքներ կրելու և մեռնելու քո սուրբ անվան համար…»։
Ես աղոթեցի նաև այդ ամբարիշտի հոգու փրկության համար, և հավատա, որ սիրտս իրոք ցավում էր, ես աղերսում էի, որ Տերը փրկի գեհենի բաժին դարձած նրա հոգին… Գիշերը մնացի եկեղեցում և մինչև այգաբաց ծնրադիր աղոթում էի խորանի առջև… Իսկ լուսաբացին հրաժարվեցի պալատ գնալ… Չկարողացա, Տեր Հայր։ Ինձ համար արդեն անկարելի էր նրա հետ մի հարկի տակ ապրելը… Պիտի խոստովանեմ, որ վաղուց ի վեր տառապանք էր նրա կողքին գտնվելը, սակայն իրավունք չունեի հեռանալու… (Ցասկոտ։) Այո, այո, գիտեմ, դուք միշտ, բոլոր պարագաներում նույնն եք ասում. ամուսնուդ հետ մի մարմին և մի հոգի եղիր… Այո՛, բայց եթե հավատուրաց է, նրա հետ ինչպե՞ս նույն անկողինը մտնեմ, ինչպե՞ս հանդուրժեմ նրա ներկայությունը… «Ելեք նրանց միջից և մեկնեցեք, ասում է Տերը, և պիղծերին մի մոտեցեք…»։
Ոչ, Տեր Հայր, տառապանքները չեն սկսվել, տառապանքները վերջացան… Այս շղթաները ոչինչ են այն տանջանքի համեմատ, որ ես ամեն օր, ամեն ժամ ապրում էի՝ նրա երեսը տեսնելով, նրա ձայնը լսելով, նրա ներկայությունը զգալով… Դեռ չեմ ասում ուրիշ բաների մասին… Ինձ համար մի՛ լար, քանզի այդ գիշերն իմ ուրախության սկիզբը եղավ…
Առավոտ կանուխ կանչեցի իմ սպասուհուն, հանեցի բոլոր զարդերս, իշխանական զգեստներս և պահանջեցի, որ տանի ու հանձնի բդեշխին, իսկ ինքս համեստ մի պարեգոտ հագա… Այդպես ավելի ազատ էի ու Աստծուն ավելի մոտիկ… Ընդմիշտ հեռացա պալատից, որպեսզի վանական խցի մեջ ապրեմ… Վերցրի միայն այս Ավետարանը, որ ժառանգություն էր հասել իմ նախնիներից՝ Սահակ Պարթևից…
Երեկոյան նույն սպասուհին զգեստներս ետ բերեց, զարդերն էլ հետը… Ասաց, թե ամուսինս պահանջում է, որ հագնեմ և գնամ հետն ընթրելու… Պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը… Վերջապես օրինական պատճառ էի գտել նրանից հեռանալու, մինչդեռ նա շարունակում էր իր իշխանությունը բանեցնել: Լսի՜ր, դու Մամիկոնյան տնից ես գալիս, ինչե՜ր ես խոսում… Տարոնից եկել, հասել ես այստեղ, որպեսզի ինձ հնազանդության դասե՞ր տաս… Նա այլևս ի զորու չէր ինձնից որևէ բան պահանջել, քանզի խախտել էր սուրբ խորանի առջև տրված երդումը, մեր հոգիներն այլևս նույնը չէին, ուստի մարմիններն էլ չէին կարող միասին լինել: Մենք տարբեր աստվածների էինք պատկանում: Ուստի զգեստները ետ ուղարկեցի և մերժեցի բդեշխի հրավերը…
Քիչ հետո մոտս եկավ նրա եղբայրը՝ սրբակենցաղ մի մարդ, և ծնկաչոք խնդրեց, որ ընդունեմ հրավերը, այլապես բդեշխի ցասումը կբորբոքեմ… Ի վերջո, համաձայնեցի, սակայն ոչ զայրույթից խուսափելու համար… Չնայած նրա կատաղությունն ինձ հայտնի էր…
Լուր հասավ ականջիս, թե նոր կին է բերել իր հետ, թե, որպես դավաճանության պարգև, արքայից արքան իր զոքանչին է նվիրել՝ ասելով, թե քեզ նման նախարարին այս կինն է վայել: Պատկերացնո՞ւմ ես խեղճ թշվառի վիճակը…
Որոշեցի ներկա գտնվել ուրախությանը: Սակայն ոչ թե իշխանական զգեստներով, այլ՝ պարեգոտով, մանավանդ, ինչպես պարզվեց, հյուրեր չկային, և ընդամենը մի համեստ ընթրիք էր սպասվում… Սեղանի մոտ հինգ հոգի էինք. Վազգենը, նրա եղբայրը՝ կնոջ հետ, ես և, վերջապես, հարսնացուն՝ պարսից արքայի զոքանչը, պառաված մի կին, որին ավելի պատշաճ կլիներ մտածել իր վերջին ուղևորության, քան ամուսնական առագաստի մասին… Ինչևէ… Նա պճնվել էր նորահարսի պես՝ միամտաբար հավատալով, որ արքայից արքայի կամքը բավական է ամուսնական նոր երջանկության համար: Աչքերը սուրմայել էր, երեսին սնդիկ քսել՝ ճերմակացնելու համար և նմանվել անդենականից եկած մի ուրվականի… Նա շարունակ ժպտում էր բոլորիս՝ բացելով ատամնաթափ բերանը: Հետո սկսեց տրտնջալ, թե ճանապարհը հոգնեցուցիչ էր, իսկ գիշերն էլ չի կարողացել աչք փակել արնախում մոծակների գրոհներից… Եվ իսկապես, նրա թորշոմած երեսը տեղ-տեղ ուռել էր խայթոցներից…
Ես նրան բարի գալուստ ասացի և նստեցի սեղանի ծայրին, բոլորից հեռու… Սակայն ամուսինս պահանջեց, որ իր կողքին նստեմ՝ ձախից, քանզի աջից նստել էր նորապսակը: Հագիս պարեգոտը չհավանեց, պահանջեց, որ գնամ և իշխանական զգեստներ հագնեմ… «Ես աշխարհից հեռացել եմ, տեր իմ,- ասացի,- ինձ վայել չէ պերճաշուք զգեստներ հագնել»։
Նրա դեմքը սև ամպ դարձավ, սակայն զսպեց իրեն՝ հավանաբար զգուշանալով արքայական զոքանչից։ Այդ ժամանակ մատռվակները գինի մատուցեցին, իսկ բդեշխը վարազի խորովածի խոշոր պատառներ դրեց իր կանանց առջև։ «Դե, վայելեք»,- հրամայեց նա։ Խեղճ կինն իր անատամ բերանով ինչպե՞ս պիտի վայելեր… Իսկապես, բավական չարչարվելուց հետո, պատառը ցած դրեց…
Բդեշխը դրանից ավելի մռայլվեց: Հետո, տեսնելով, որ ես չեմ դիպել ոչ մեկ բանի, որոշեց զայրույթն ինձ վրա թափել: «Դու ինչո՞ւ չես ուտում»,- հարցրեց նա։ «Ես ծոմ եմ պահում»,– պատասխանեցի, և արցունքներս սկսեցին առատորեն հոսել… «Սակայն հիմա պահքը չէ»,– ընդգծված ասաց նա։ «Մի՞թե քեզ համար այդքան կարևոր են քրիստոնյայի օրենքները,- պատասխանեցի՝ գրեթե հանդիմանելով:- Առաջ դու բոլորովին չէիր հետաքրքրվում դրանցով»։
Բդեշխը ոչինչ չպատասխանեց… Լուռ նստել էր… Ես դեմքին չէի նայում, բայց զգում էի, թե ինչպես է հասունանում կատաղությունը… Նա վեր կացավ և սկսեց ետուառաջ անել սրահում… Հետո անսպասելի մոտեցավ բուխարիկին, կրակխառնիչն առավ և սաստկորեն զարկեց երեսիս…
Դրանից հետո այլևս ոչինչ չեմ հիշում… Ես ուշակորույս ընկած եմ եղել հատակին, իսկ նա կատաղած ցուլի պես կոխկրտել է ինձ… Եղբայրը փորձել է միջամտել, սակայն դրանով ավելի է բորբոքել նրա կատաղությունը… Կոպտորեն հրել է նրան մի կողմ և մահակը վերցնելով՝ հարձակվել ինձ վրա… Այդ ծեծից հետո մեկ ամիս չէի կարողանում շարժվել…
Նորից նույնն ես կրկնում, Տեր Հայր… Իմ ըմբոստությունը չէր պատճառը, այլ, պարզապես, զոքանչի ներկայությամբ ուզում էր իր նվիրվածությունն ապացուցել պարսից թագավորին: Եթե ես Մամիկոնյան տոհմից չլինեի, թերևս այդպես չգազազեր: Չէ՞ որ ես դուստրն եմ Վարդանի, որ հանուն քրիստոնեական հավատի կռվեց պարսից արքայի դեմ… Հիմա վտանգավոր է Մամիկոնյան լինելը…
Սակայն գիտե՞ս, թե ով է վերջապես այդ գազանի ձեռքը բռնել… Չես հավատա, արքայից արքայի զոքանչը… Նա վրդովված ասել է, թե վայել չէ ծեծել սպարապետի դստերը: Նա չի ասել՝ քո կնոջը, այլ հիշեցրել է անհավատ իշխանին, թե ով էր իմ հայրը: Որքա՜ն ցավալի է, որ մեր թշնամիները մեզ ավելի են հարգում…
Իմ ամուսինը, հոգնաբեկ, գնացել է լոգանք առնելու, որպեսզի վրայի արյունը լվա… Ասում են, թե դահճի պես ոտքից գլուխ կարմիր էր… Իսկ ինձ, քանի որ անշարժ պառկած եմ եղել, հրամայել է տանել իմ խուցը…
Հաջորդ օրն առավոտյան, երբ եկավ ու տեսավ, որ ողջ եմ, խիստ զարմացավ: Պահապան կարգեց և հրամայեց ոչ մեկին մոտս չթողնել: Թույլ տվեց միայն գարեհաց ու ջուր տալ ինձ: Հետո իր պարսիկ հյուրերի հետ գնաց որսի…
Նրա գնալուց հետո դռան քահանան եկավ և աղաչեց պահապաններին, որ ներս թողնեն: Տեսնելով ինձ արյունլվա ու անշարժ պառկած՝ սկսեց դառնագին ողբալ… Ես նրան մխիթարում էի՝ ասելով, թե մի՛ լար ինձ վրա, քանզի առանց տառապանքների Աստծո առաջ չես արդարանա: Հետո ասացի, որ իմ հոգին վերջապես թոթափվում է մեղքից, որ այս չարչարանքներով ես մաքրվեցի ամբարիշտ ամուսնու պիղծ անկողնուց…
Այսպիսով, քահանան իմ վերքերն էր լվանում ու լալիս, իսկ ես մխիթարում էի նրան և ասում, որ մարմնական այս ցավերն անցավոր են, այսօր կան, վաղը չեն լինի, մինչդեռ քսան տարի իմ հոգին այդ գազանի կողքին տառապում էր ամեն ժամ, ամեն վայրկյան, քանզի պիղծ էր նա էությամբ: Քանզի պղծում էր նա ոչ միայն ինձ, այլև իր զավակներին…
Այո, քսան տարի ընդվզել եմ նրա դեմ, սակայն ապարդյուն… Նա նույն ամբարիշտն է մնացել: Եթե առաջ ծածուկ էր անում ամեն ինչ, հիմա բացահայտ է: Արիաց արքայից իրավունքներ ստացավ… Այն, ինչ պղծություն էր, հիմա կդառնա օրենք…
Դռան քահանան էլ քեզ նման խոսեց: Նա էլ ասաց, թե Աստծո խորհուրդների դեմ եմ ընդվզում, թե Աստված է բերել նրան, Աստված էլ կտանի…
Եվ գիտե՞ս՝ ինչ կատարվեց ինձ հետ… Ես, որ մատներս շարժել չէի կարող, տեղիցս վեր թռա և գոռացի. «Ո՛չ, սատանան է նրան բերել, և որպեսզի Աստված վերացնի սատանայի բերածը, պիտի ապացուցենք, թե ուզում ենք չարից ազատվել… Մարդը պիտի վերացնի սատանայի բերածը… Ի՛ր ձեռքով, քանզի սատանան հայտնվում է այնտեղ, ուր սասանել է հավատն Աստծո հանդեպ…»։
Ուրեմն, հայրս պիտի հույսը դներ Աստծուն և հանգիստ նայեր, թե պարսիկներն ինչպես են ավերում մեր եկեղեցիները, որպեսզի տեղը ատրուշաններ կանգնեցնեն… (Բորբոքված։) Եվ եթե չկռվեր, չզոհվեր հանուն հավատի, դու հիմա մոխիր մաքրող պիտի լինեիր նրանց կրակարաններում… Չնայած՝ ոմանք գոհ են… Ասում են՝ հավատուրացներին լավ են վճարում: Իսկ հետո, գործածելուց հետո, դավաճաններին վերացնում են: Նրանց չեն խնայում… Քանզի նույն հաջողությամբ, երեսուն արծաթի համար, կարող են նոր տերերին դավաճանել…
Ուրախ եմ հատկապես քեզնից լսել, որ հավատը մարմնից ավելի կարևոր է, սակայն ինչո՞ւ ես պահանջում, որ հանուն այս խղճուկ մարմնի ենթարկվեմ անօրենին…
Ներողամիտ եղիր, Տեր Անդրեաս, որ չկարողացա բարկությունս զսպել և վշտացրի քեզ: Շարունակ իմ մասին եմ պատմում: Մոռացա նույնիսկ հարցնել, թե ինչպես հասար, ինչպես գիշերեցիր… Օթևան և կերակուր տվեցի՞ն քեզ… Արդյոք իմացա՞ն, թե ով ես դու… Իմացա՞ն, որ Մամիկոնյանների կողմից ես գալիս… Զգույշ եղիր, իմ պատճառով փորձանքի մեջ չընկնես: Հիմա Հայաստան աշխարհում ոչ թե մարդասպանն ու գողը պիտի զգուշանան, այլ ազնիվ, հայրենասեր մարդիկ…
Պատմիր տեսնեմ, թե եղբայրներս ինչպե՞ս են՝ Գրիգորը, Վահանը… Ա՜հ, եթե նրանք էլ են սկսել խոհեմության կոչել, ուրեմն, աշխարհն իսկապես կործանվում է: Ինձ նույնպե՞ս խորհուրդ են տալիս զգույշ լինել և համբերել: Բայց մինչև մենք համբերենք, այս երկրում այլևս առաքինի քրիստոնյա չի մնա: Կգնաս, նրանց կասես, թող սուրը պահեն և վանական դառնան:
Այո, Տեր Անդրեաս, իմ լեզուն իմ թշնամին է: Եղել է և կմնա: Մանավանդ, երբ ոմանք ուզում են այդ լեզուն կտրել։ Այո, այդպես է… Աշխարհը չի սիրում ինձ նման մարդկանց… Հորս նման մարդկանց… Չնայած մենք քիչ ենք, մատնեքի վրա կարելի է հաշվել… Բայց մեր նմաններից եթե նույնիսկ մեկ հոգի մնա այս աշխարհում, դարձյալ չեն հանդուրժի: Ամբարիշտի, անառակի, դավաճանի ներկայության հետ հաշտվել են, սակայն նրանց դատապարտողին չեն հանդուրժում: Երևի ճշմարտություն լսելն ավելի դժվար է, քան ասելը…
Տեր Անդրեաս, գիտե՞ս, որն է իմ և քո տարբերությունը: Որ դու խոսում ես ընդհանրապես մեղքի մասին, հայացքդ հառում երկինք ու սպասում, թե Տերը երբ կպատժի մեղավորներին, իսկ ես մատնացույց եմ անում նրանց և պահանջում, որ մեղքերի համար պատասխան տան ա՛յս կյանքում: Հետաձգված պատիժը նոր ոճիրներ է ծնում: Այո, իրավացի ես, վերջնական պատիժն այնտեղ պիտի ստանան, բայց ինչո՞ւ ենք այդքան շատ գործ թողնում Աստծուն: Թող մեղավորները մաքրված գնան երկինք… Ահեղ Դատաստանը, ի՛նչ է, մարդկային ստոր կրքերի աղբանո՞ցն է…
Ես չեմ դատում, սակայն, Տեր Երկնավոր, հանիր իմ աչքերը, խլացրու ականջներս, թող պապանձվի իմ լեզուն, որպեսզի այլևս չլսեմ, չտեսնեմ, չիմանամ ու չխոսեմ այս աշխարհի բազում ցավերի մասին: Ես շնչահեղձ եմ լինում, ո՛վ Տեր: Այս տառապանքն ավելի սոսկալի է, քան ջարդված մարմնիս ցավերը…
Ոչ, ոչ, Տեր Անդրեաս, այդ ամենը, որ պատմեցի, երկու տարի առաջ պատահեց: Լուրն ուշ է հասել ձեզ… Իսկ այս վերքերը մի շաբաթ առաջ եղան՝ ճիշտ այն օրը, երբ եղբորս կարգադրությամբ Տարոնից ճամփա ընկար, որ գաս այստեղ…
Այդ օրը հյուրեր կային: Վրաց մարզպանն էր եկել, հետն էլ՝ բազմաթիվ նախարարներ: Զարդեր ու պատվական զգեստներ ուղարկեց, որպեսզի զուգվեմ և ներկա լինեմ իշխանական խնջույքին: Որովհետև լուրը տարածվել էր Վիրքով մեկ, թե բդեշխի օրինական կինն ապրում է ամուսնուց զատ՝ վանականի կյանքով… Այո, ես ընդունեցի այդ հրավերը՝ հարգելով վրաց մարզպանին, որն, իսկապես, առաքինության մարմնացում է։ Նորից իմ անտիոքյան պարեգոտով ներկայացա պալատ: Գիտեի, որ դրանով պիտի նրա զայրույթը բորբոքեմ, սակայն շքեղ զգեստն հագնելն ինձ համար կնշանակեր նախկին կյանքին վերադառնալ: Իմ պարեգոտը չզարմացրեց հյուրերին… Ավելին, ակնածանքով էին նայում ինձ, և դա հաճո էր բդեշխին: Նրա հավատը կախված է հանգամանքներից… Այդ դավանափոխը նաև չընդդիմացավ, որ, համաձայն քրիստոնեական ծեսի, սեղանը օրհնվի…
Հաջորդ օրը մարդ ուղարկեց մոտս՝ համոզելու, որ թողնեմ այս խուցը և վերադառնամ պալատ: Մեծամեծ պատիվներ էր խոստանում, մանավանդ, որ կարող եմ մնալ իմ հավատի մեջ, միայն թե կողքին լինեմ…
Օ, նե՜նգ արարած… Ոչ մի զգացմունք չունի այդ անօրենը՝ միայն հաշիվներ… Իմ ներկայությամբ ավելի բարձրացավ նրա վարկը, ուստի մտադիր էր անունս օգտագործել իր մութ նպատակների համար: Գնում է պարսից արքայի մոտ և նրան հաճոյանալու համար Մամիկոնյաններին անարգում, իսկ այստեղ՝ մարզպանի առջև, մեր անունով ուզում է իր գործերը կարգավորել:
Ուրեմն, զարդերն ու շքեղ հանդերձքը նորից վերադարձրի և թեթևացած սրտով գնացի եկեղեցի՝ աղոթելու: Չնկատեցի, ինչպես անցավ ժամանակը… Ես, արտասվելով, մեր մեղքերի ներումն էի խնդրում Տիրոջից։ Եվ Նա ականջալուր եղավ… Ինձ թվաց, թե… խորանին դրված մեծ խաչի վրա, որը Սուրբ Նունեն Տարոնից բերեց՝ իմ հայրերի ոստանից… Աստծո Որդին հայտնվեց այդ խաչի վրա… Նրա վերքերից բոսորագույն արյուն էր հոսում… Եվ Երկնքից մի ձայն հասավ իմ ականջին. «Ես իմ Որդուն ուղարկեցի աշխարհ, որպեսզի իր արյունով ձեր մեղքերը մաքրի… Եվ որքան շարունակեք մեղսագործել, այնքան ավելի պիտի արյուն հոսի իմ Որդու վերքերից…»։
Ես ելա, անարժանս, որպեսզի բարձրանամ խորան և արցունքներով մեր Փրկչի վերքերը լվամ, և ինձ թվաց, թե իմ անկեղծ ցանկությունը հաճո է Աստծուն… Եվ այն պահին, երբ արտասվալից աչքերով, ձեռքերս տարածած մոտենում էի Խաչին, սոսկալի մի հարված թիկունքից տապալեց ինձ գետնին: Հետո պիտի իմանայի, որ դա հրեշն էր, իմ նախկին ամուսինը, որ ծանր մահակով զարկել էր մեջքիս…
Ես ուշակորույս ընկել եմ խորանին, իսկ նա շարունակել է մահակով հարվածել և լպիրշաբար կրկնել. «Դե, թող օգնեն քեզ քո Քրիստոսն ու քո եկեղեցին, քո և նախնյացդ աղոթքները»։ Ի՞նչ իմանար այղ ողորմելին, որ իմ աղոթքներն արդեն օգնում են ինձ… Որ արդեն Քրիստոսն է ապրում իմ մեջ… Եվ որքան շատանան մարմնիս տառապանքները, այնքան ավելի կզորանա հոգիս…
Հետո մահակը գցել է մի կողմ և, մազերիցս բռնած, քարշ տալով եկեղեցուց հանել դուրս: Քահանաներից մեկը փորձել է միջամտել… Բդեշխն ավելի է կատաղել և ծեծել է այդ քահանային: Հետո քարշ է տվել ինձ քարերի ու փշերի վրայով, պատառոտել զգեստներս, մարմինս… Ասում են՝ եկեղեցուց մինչև պալատ ընկած ճանապարհը ծածկված էր արյունով… Ի՛մ արյունով…
Հետո՞… Հետո դարձյալ քարշ է տվել մինչև պալատի դուռը և ասել. «Քո կամքով չեկար, իմ կամքով բերեցի: Դե հիմա վայելիր իշխանական պատիվները»։ Եվ այսպես ասելով՝ շարունակել է տանջել ինձ… Հետո կանչել է սպասավորներին և հրամայել, որ ինձ բանտ գցեն, այսինքն՝ բերեն այստեղ… Կարգադրել է նաև, որ ձեռքերս ու ոտքերս շղթայեն… Ահա, տես, մի շղթա էլ պարանոցիս է կապել… Եվ այսքանով չի բավարարվել… Երկաթե հաստ ցցերը տեսնո՞ւմ ես… Այո, դրանք երկու օր առաջ ամրացրին պատի մեջ… Որպեսզի շղթաներս կապեն այդ ցցերից… Ո՞ւր պիտի փախչեմ, և ինչո՞ւ, և ինչպե՞ս…
Դարբինը, որ եկավ այդ ցցերն ամրացնելու, լալիս էր, արդարանում, մեղա գալիս իմ առջև… Հետո խնդրեց, որ Հիսուսի մոտ բարեխոս լինեմ իր համար…
Ի դեպ, ինչպե՞ս կարողացար մտնել այստեղ: Հարցնում եմ, որովհետև պահապաններ է կարգել և խստիվ արգելել, որպեսզի որևէ մեկը մտնի առանց իր թույլտվության… Հապա ի՞նչ էի ասում, Տեր Հայր, աշխարհի կարգը շրջվել է… Այս բանտում, ինձնից առաջ, որևէ մեկը չի եղել: Ես առաջինն եմ… Այո… Այն էլ՝ ձեռք ու ոտքը շղթայված: Եվ շղթաները կարծես քիչ են, դուռն է կողպել, դռան վրա էլ զինված պահապաններ դրել: Ոճրագործներն ազատ շրջում են այս երկրում, նրանցից վտանգ չկա… Վտանգավոր միակ մարդը ես եմ…
Ասում ես՝ պահապանները չարգելեցին քեզ այստեղ մտնել… Նույնիսկ խնդրեցին, որ օրհնես իրենց… Տեսնո՞ւմ ես, Տեր Անդրեաս, հավատը սպանել չի լինի, եթե իսկապես հավատում ես: Դու գիտե՞ս, որ այդ պահապանները նրա հավատարիմ մարդիկն են, բայց դարձյալ հոգու խորքում մնացել են մաքուր…
Իմ մանկությո՞ւնն ես պատմել նրանց… Ինչո՞ւ, Տեր Անդրեաս… Իսկապե՜ս երջանիկ տարիներ էին: Այդ մագաղաթն ես կարդացե՞լ… Սպասիր, չեմ հասկանում, ուրեմն, դու մատյան ես գրում իմ մասի՞ն… (Կտրուկ։) Այրի՛ր, ոչնչացրո՛ւ այդ մագաղաթը: Քանզի ունայն բանով ես զբաղված… Այսքան արժանավորներին թողած՝ ինչո՞ւ որոշեցիր հանկարծ անարժանիս մասին գրել… Հետո՞ ինչ, որ ծննդյանս օրվանից ինձ գիտես… Ամբողջ Հայաստանն իմ մասին հրաշքներ է պատմո՞ւմ… Ոչ, ոչ, դրանք առասպելներ են… Եվ ովքե՞ր են պատմում, շինականնե՞րը, թե՞ ազնվազարմ մարդիկ… Բոլո՞րը… Համեմատում են ինձ հորս հե՞տ… Լռիր, Տեր Անդրեաս, սրբապղծություն է ասածդ… Մեռցրու քո մեջ այդ բառերը… Մարդիկ պարապ բաներ շատ կխոսեն, դու ինչո՞ւ ես կրկնում նրանց ասածները… Նույնիսկ գրի առնում…
Ուրեմն, Ղազարոսը մատյան է շարադրում եղբորս՝ Վահանի մասին, դու էլ որոշել ես իմ մասին գրել: Քո գործերի համար դու ես պատասխանատու Աստծո առջև: Հուսամ՝ չես մոռացել ութերորդ պատվիրանը. ճշմարտությունը նամ… Գնա, հանգստացիր, ճանապարհից մոռացել ութերորդ պատվիրանը. ճշմարտությունը կեղծիքով թաքցնողը հոգիներն էսպանում: Գնա, հանգստացիր, ճանապարհից հոգնած կլինես… Եվ հեռու մնա այն վայրի գազանից… Աստված քեզ պահապան…
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
— Ավելի զորեղ եղա, քան մարմինս, բայց սիրտս չեմ կարող խլացնել…-
471 թ.։ Շուշանիկը նույն բանտախցում է։ Ծնրադիր աղոթում է։ Այնուհետև աչքերը փակում է և վերացած խոսում:
Ծուխը թափանցում է ամենուր, ամեն ինչ պատած է մոխիրով, ամեն ինչ կորել է մրի տակ, կրակը գիշեր-ցերեկ բորբոքում են, անգամ այս դժոխային շոգին, երբ առանց կրակի էլ՝ արևի դաժան ճառագայթներից հողն է այրվում…
Ինչպիսի՜ քծնանք, ինչպիսի՜ ստորաքարշություն… Գլխավոր ատրուշանը կանգնեցրել են իշխանական պալատի առջև: Մոգերը գիշեր-ցերեկ կրակ են բորբոքում: Ծուխը խեղդում է, արցունք հոսեցնում, մուրը մտնում է մաշկի տակ, մազերի մեջ կուտակվում… Դժոխքի կրակների պես սոսկալի է այս ատրուշանը… Ո՞վ է տեսել, որ կրակն աստված լինի… Այդ ի՞նչ անգութ աստված է, որ ստեղծելու փոխարեն ոչնչացնում է… Եթե աստված է, թող անսկիզբ ու անվախճան լինի, մինչդեռ անձրևի մի քանի կաթիլը բավական է, որպեսզի անէանա… Եթե աստվածային է այդ կրակը, թող անկերակուր դառնա, ինչպես արեգակ… Այդ ի՞նչ աստված է՝ խեղճ ու անօգնական, որի գոյությունը մահկանացուներից է կախված…
Ասում են, թե այլևս անտառ չի մնացել Հայոց աշխարհում, թե ատրուշաններն ագահորեն խժռել են բոլոր ծառերը և փոխարենը մոխիր թքել… Ասում են, թե փողոցները, տները լցված են մոխիրով… Մարդիկ քայլում են մոխրի վրայով, քնում են մոխրի վրա, մոխրի վրա ուտում… Շինականների ձեռքերը կոշտացել են կացին բռնելուց, մեջքները քերթվել՝ փայտ կրելուց, երեսները մրոտվել են, աչքերը՝ ջրակալել կրակից ու ծխից…
(Ձեռքերը դնում է աչքերին): Երեխաներ եմ տեսնում կրակի մոտ… Նրանց բերել են երկրպագելու… Նրանց երեսներն այրվում են… Նրանց մազերը, նրանց հոգիները խանձվում են… Ես տեսնում եմ նրանց… Մեկ առ մեկ…
Ճանաչեցի… Անմիջապես ճանաչեցի… Չէ՞ որ իմ զավակներն են, չէ՞ որ ես եմ ծնել… Ահ, որքա՜ն են փոխվել… Տեր Աստված, չորս տարի է անցել… Չորս տարի է՝ չեմ տեսել իմ զավակներին, չեմ գրկել, չեմ համբուրել… Հայրն արգելել է, որ մտնեն ինձ մոտ… Արգելել է անգամ իմ անունն արտասանել… Նրանք մայր չունեն և չեն ունեցել… Խե՜ղճ երեխաներ, գոնե հայր ունենային, արժանավոր հայր…
Ո՜վ Տեր, սա միակ ցավն է, որին չկարողացա դիմանալ: Չորս տարի դիմացա բոլոր տանջանքներին, բոլոր զրկանքներին… Ավելի զորեղ եղա, քան իմ մարմինը, բայց սիրտս… Սիրտս չեմ կարող խլացնել…
Ես ուզում եմ տեսնել երեխաներիս, գրկել, համբուրել նրանց… Ուզում եմ և, միաժամանակ, չեմ ուզում… Քանզի չեմ ուզում, որ ինձ տեսնեն այս շղթաների մեջ, այս մութ ու խոնավ զնդանում: Ահա, նրանք հեռանում են ատրուշանից… Հեթանոս ծիսակատարությունն ավարտված է: Հիմա, որպեսզի վերադառնան պալատ, պիտի անպայման անցնեն այս բանտի դարպասների առջևով: Պահապաններ, պետք չէ, մի՛ ասեք, որ նրանք շղթայակապ ու անարգված մայր ունեն այստեղ… Իմ ցավն իմն է, նրանցը չէ… Իմ խաչը ես պիտի կրեմ…
(Կտրուկ շրջվում է): Ով Հիսո՜ւս Քրիստոս… Չեմ հավատում աչքերիս… Հայրս հարություն առավ, նա չի նահատակվել, նա ողջ է, ահա, առջևս կանգնած, միս ու արյունով, երիտասարդ, հոյակապ, հզոր… Մոտեցիր, Վարդան, ես չեմ կարող քեզ մոտենալ, շղթաներս չեն թողնում… Հորս անունով մկրտեցինք քեզ, որպեսզի նրա հիշատակը շարունակվի… Ես այդպես ուզեցի, քանզի իմ առաջնեկն էիր: Դու ծնվեցիր հորս նահատակությունից ուղիղ մեկ տարի անց… Ասես Աստված ինքն էր ցանկանում, որ քեզ կոչենք նրա անունով՝ Վարդան…
Ի՞նչ ասացիր… Կրկնիր… Ա՜խ, երանի խուլ լինեի… Եվ դու չընդվզեցի՞ր, չբողոքեցի՞ր: Դու արդեն քսան տարեկան ես և այդպես հեշտությամբ համաձայնեցիր, որ սուրբ ավազանով մկրտված անունդ փոխեն և դարձնեն ի՞նչ… Հիմա ինչպե՞ս ես կոչվում… Բարձր ասա… Չեմ լսում… Եվ դու գո՞հ ես քո անունից… Ինչպե՞ս թե՝ միևնույն է… Չէ, դու իմ զավակը չես… Իմ զավակն այդպես չէր պատասխանի… Ինձ համար դու այլևս չկաս… Գոյություն չունես… Այո, այո, այն օրվանից, երբ համաձայնեցիր անունդ փոխել… Հեռացի՛ր… Գնա… (Սրբում է արցունքները։)
Իսկ դու, աղջիկս, դու էլ ե՞ս փոխել անունդ… Փա՜ռք Աստծո… Կանայք այս բերդում տղամարդկանցից ավելի քաջարի են… Քո գեղեցիկ ճերմակ երեսն ինչո՞ւ է մրոտվել… Կրակին այդքան մի մոտեցիր… Մի՞թե իսկապես հավատում ես նրա զորությանը… Ստիպվա՞ծ ես… (Թեթևացած ժպտում է։) Հասկանում եմ… Քո պապն էլ՝ Վարդանը, առերես ուրացավ, որպեսզի կարողանա գերությունից վերադառնալ ու Հայաստան երկիրը փրկել: Իմն ուրիշ է, դստրիկս… Ես իմ երկրում եմ… Ես չեմ կարող ուրանալ իմ միակ Աստծուն, Հայաստան աշխարհն իր տունն է, ինչպե՞ս կարող եմ իր տան մեջ նրան ուրանալ: Աղոթո՞ւմ ես… Իսկապե՞ս… Անկողնո՞ւմ… Գաղտնի՞… Ոչինչ, աղջիկս, շարունակիր, մտովին աղոթիր, կարևոր չէ՝ եկեղեցում, թե այլուր… Կարևորն այն է, որ հավատում ես մեր Տեր Հիսուսին և դիմում նրան… Նա լսում է քեզ… Նա արդեն գիտի քո տառապանքների մասին… Սրբիր ճակատիդ մուրը, քո երեսն ու հոգին մաքուր են Աստծո առջև… Քաջությո՛ւն, աղջիկս…
Իսկ դու, Հմայակ, դու գիտե՞ս, թե ես ով եմ… Հիշո՞ւմ ես ինձ… Տեր Հիսուս, այս ի՜նչ երջանկություն պարգևեցիր ինձ… Լսածիս չեմ հավատում… Դու ընդամենը վեց տարեկան էիր, երբ… երբ ինձ… երբ ձեզ խլեցին ինձնից… (Արցունքների միջից։) Դու չես մոռացել քո մորը… Ուրեմն, ինձ ես փնտրել, ուզեցել ես այստեղ գալ… Իսկ դու գիտե՞ս, թե ում անունն ես կրում… Կեցցե՛ս, բայց Հմայակ Մամիկոնյանը ոչ թե քո, այլ իմ հորեղբայրն էր… Ուրեմն չթողեցիր, որ անունդ փոխեն… Կեցցես, դու իսկական հերոս ես… Դու արժանի ես այդ անվանը… Տեր իմ, պահպանիր նրան, աղաչում եմ քեզ…
Մոտեցիր ինձ, Գրիգոր… Քեզ հետ եմ, Գրիգոր, իմ ամենակրտսեր զավակ… Ինչո՞ւ ես զարմացած նայում… Քո անունը Գրիգոր չէ՞… Հապա ի՞նչ է… Պերո՞զ… Դու գիտե՞ս, որ դա արիաց արքայի անունն է… Դու է՞լ որոշել ես արքա դառնալ… Սակայն որտե՞ղ… Հայաստանո՞ւմ… Կեցցե՛ս, ճիշտ ես որոշել… Բայց գիտես, չէ՞, որ քո անունը Գրիգոր է… Հայաստանի արքան պետք է հայի անուն ունենա… Եղբորս անունն եմ դրել… Որովհետև դու իմ զավակն ես… Երկու տարեկան չկայիր, երբ մեզ հեռացրին իրարից… Ի՞նչ իմանամ, չար մարդիկ… Այո, նրանք շղթայեցին ինձ… Հանգիստ եղիր, զավակս, Աստված կպատժի նրանց… Ոչ, Նա այստեղ չի ապրում… Նա երկնքում է… Նա հիմա տեսնում է քեզ և հավանում քո խոսքերը… Այո, զավակս, Նա տեսնում է բոլորիս չար ու բարի գործերը… Անգամ մեր թաքուն մտքերն է կարդում… Եվ ամեն մեկն իր արժանին կստանա… Բարի գործ անողները կպարգևատրվեն, իսկ չարագործները կպատժվեն… Այո, ես հավատում եմ, որ երբ թագավոր դառնաս, կգաս, ինձ կազատես այս շղթաներից…
Դե, գնացեք, զավակներս, պահապաններն արդեն շտապեցնում են, գնացեք… Իմ պատճառով թող ձեզ փորձանք չպատահի… Եվ թող Աստված միշտ ձեզ հետ լինի, միշտ ձեր մեջ… (Երանելի ժպիտով։) Դու արդեն թագավոր ես, զավակս… Իսկական թագավոր, և արդեն ազատեցիր ինձ… Շնորհակալ եմ, Տեր…
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
— Ես ամբողջ աշխարհի ցավն եմ զգում…-
472 թ.։ Նույն բանտախուցը։ Ջահերի լուսավորություն։ Շուշանիկը դիմում է բդեշխին։
Ինչո՞ւ ես գլխատել պահապանին: Նա քո ամենահավատարիմ մարդկանցից էր… Այդ դեպքում պիտի հրամայես գլխատել բոլորին, և ոչ միայն այստեղ… Առասպել է, թե ինչ, բայց լուրը հասել է մինչև Տիզբոն՝ պարսից արքայի պալատ… Դու գլխատել ես այդ մարդուն, որպեսզի, ինչպես դու ես ասում, առասպելներ չտարածի իմ մասին, բայց նա ճշմարտությունն է ասել… Այո, ես բուժել եմ նրա զավակին… Առանց տեսնելու… Աղոթքներով… Շարունակ այդ երեխայի ձայնն էի լսում… Իմ կարեկցանքով, իմ սիրով եմ բուժել…
Դու շղթայել ես ինձ ոճրագործի պես, դռներն ամուր փակել… Անգամ պատուհան չունեմ… Արդեն մոռացել եմ, թե ինչ բան է լույսը… Աչքերս կուրանում են խավարից… Բայց ինձ հասնում են հալածյալների, հիվանդների և թշվառների տրտունջները… Ես ամբողջ աշխարհի ցավն եմ զգում… Եվ աղոթում եմ նրանց փրկության համար… Այդպես մոռանում եմ իմ ցավերը, որ թվում են չնչին այն ահռելի դժբախտության առջև, որով դու և քեզ նմանները լցրել եք աշխարհը…
Իսկ մյուս պահապանին ինչո՞ւ ես այդպես դաժանորեն պատժել… Ինչպե՞ս կարող էր նա ինձ ազատել, երբ քո ձեռքով կնքել ես այս շղթաները, իսկ բանալին պահում ես մոտդ… Արդեն հինգ տարի է՝ այստեղ եմ, և ոչ մի անգամ դուրս չեմ եկել այդ դռնով, քանզի շղթաները չեն թողնում… Պահապանը կատարելապես անմեղ է… Այո, շատերն են պնդում, որ ինձ տեսել են, և միաժամանակ տարբեր վայրերում… Բոլորը գրեթե նույն բանն են ասում… Որ մոտենում եմ, դիպչում հիվանդին, և նա անմիջապես ապաքինվում է… Դա անբացատրելի է… Այո, թերևս…
Դու ուզեցիր տրորել, ոչնչացնել ինձ, բայց դարձրիր ավելի զորեղ… Այս շղթաներն իմ ուժն են… Քո ապականված հոգուն հասու չէ արդարի ուժը… Քեզ համար ուժը անմեղներին հալածելն է, իսկ ինձ համար՝ կարոտյալներին օգնելը… Որքան ավելի խոնարհ եմ դառնում իմ Տիրոջը, այնքան ավելի զորանում է իմ հոգին… Եվ որքան ավելի է զորանում իմ հոգին, այնքան ավելի եմ զգում քո ողորմելիությունը… Այո, շատերն են գալիս այստեղ ուխտի… Հավաքվում բանտի պատերի տակ… Օրերով իմ օրհնանքին են սպասում… Անգամ օտարն ինձ ավելի է հարգում, քան դու… Իսկ քեզ չեն սիրում… Դավաճաններին ոչ մի տեղ չեն սիրում, և հատկապես այնտեղ, ուր գնում և երեսուն արծաթով իրենց Տիրոջն են ծախում…
Պարսից արքայի առջև քո հոգին ուրացար ճղճիմ պարգևների դիմաց, իսկ այդ նույն պալատից ազնվազարմ մի տիկին եկել է այստեղ, ինձ մոտ՝ վասն իր փրկության… Ինձ չեն պատվել, ոչ էլ իմ տոհմը, այլ իմ հավատը… Պահապաններին ասա, որ նրան ներս թողնեն… Կարծում եմ՝ դեմ չես լինի այդ կնոջը հաճոյանալ, չէ՞ որ նա կարող է քեզ համար բարեխոս լինել արիաց արքայի առջև… Ոչ, ես չեմ կարող նրան պալատում ընդունել… Որովհետև նա եկել է այստեղ՝ բանտ, ուստի այստեղ էլ պիտի ընդունեմ… Ես գիտեմ, թե ինչ եմ ասում… Եվ չէի ուզի, որ դու ներկա լինես…
Այդ կնոջը կանչեք, այդ օտարականին, որ ամբողջ գիշեր ծվարել էր պատի տակ… Բարով ես եկել, քույր իմ… Քեզ ո՞վ խորհուրդ տվեց այստեղ գալ… Նույնիսկ շատե՞րը… Հայե՞ր էին, թե՞ պարսիկներ… Տեր Աստված, անգամ պարսիկները… Ես այստեղ պարսիկի՞ եմ օգնել… Որևէ մեկին օգնելիս հավատը չեմ հարցնում…
Դա իմ փառքը չէ, մեր Տեր Հիսուսի փառքն է, որ հասել է մինչև պարսից արքայի պալատ… Իսկ արքան գիտե՞ր, որ գալիս ես այստեղ… Այսինքն՝ գալիս ես քրիստոնյա, հալածյալ կնոջ մոտ օգնություն աղերսելու… Նա քեզ արտոնե՞ց… Մոգպետաց մոգպետը նույնպե՞ս գիտեր… Եվ չարգելեցի՞ն քեզ… Իմաստուն է քո արքան… Նա հասկացել է, որ մեղսագործություն է ուխտին արգելք դնելը…
Ուղևորությունդ երկա՞ր տևեց… Եվ այդ ընթացքում, թեկուզ մեկ անգամ, չկասկածեցի՞ր իմ Տիրոջ զորությանը, չուզեցի՞ր արդյոք ետ դառնալ, գնալ քո մոգերի մոտ բուժվելու… Ուրեմն, բազմիցս դիմել էիր մոգերին… Եվ շարունակ ապարդյո՞ւն… Իսկ հավատո՞ւմ էիր նրանց… Նույնքան, որքան իմ Տիրո՞ջը…
(Մի պահ սևեռուն նայում է նրան): Քո սև քողի տակից լույս է ճառագում… Երեսդ բաց, քույր իմ, այլևս կարիք չունես այն թաքցնելու… Վերջին անգամ ե՞րբ ես հայելու մեջ նայել… Տիզբոնո՞ւմ… Ուղևորությունից առա՞ջ… Նորից մի ծածկիր, հանիր այդ քողը, դեն նետիր… Ափսոս, հայելի չունեմ այստեղ, որպեսզի ինքդ տեսնես ու համոզվես, սակայն ճշմարիտ եմ ասում, դու այլևս նախկին բորոտը չես, դու բուժված ես… Քո երեսը լույս է արձակում… Դա հավատի լույսն է, որ խավարի միջով քեզ առաջնորդեց այստեղ… Այդ լույսն այնքան զորեղ էր, որ զնդանի պատերի միջով թափանցում էր ներս…
Դու Տիրոջ մոտ ես եկել, ոչ թե ինձ մոտ… Ես ընդամենը նրա համեստ աղախինն եմ… Ես կատարում եմ լոկ նրա կամքը… Ուրիշի լույսը տեսնելու համար պիտի ինքդ էլ լույս ունենաս… Բավական է հավատաս, կամենաս, և բարիք կգործես…
Ճանապարհ ընկնելուդ օրը ես երազ տեսա… Հրեշտակն այցելեց ինձ՝ Տիրոջ պատվիրակը… Նա հայտնեց, որ հեռավոր եզերքից այլադավան մի կին է գալիս այստեղ, որին պիտի ընդունեմ որպես հարազատ քույր… Եվ հրեշտակն ասաց, որ տառապյալ կնոջ ուխտը կկատարվի այստեղ… Այդ մասին նա չխոսեց… Դա միայն քո կամքով պիտի կատարվի…
Դու կարող ես մեր հավատն ընդունել, քրիստոնյա դառնալ, եթե ցանկանում ես… Դա քո իրավունքն է… Մեր Աստված բարեգութ է և ողորմած, ոչ մի արդար հոգու չի մերժում… Ի դեպ, քույր իմ, Տերն արդեն օգնել է, բուժել է ծանր հիվանդությունդ, որ քսան տարի չարչարում էր քեզ, և դու ամենևին պարտավոր չես մեր հավատն ընդունելով վարձահատույց լինել նրան…
Համաձայն եմ, դու ճշմարիտ Աստծո հավա տացյալը դարձար այն պահիցն իսկ, երբ որոշում առար գալ ինձ մոտ… Թող քեզ պահապան լինի այն Աստված, որին հավատացիր սրտանց և բուժվեցիր…
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
— Թեպետ մեռար մարմնով, բայց հոգիդ փրկեցիր.. —
474 թ.։ Սգո սրահ պալատում։ Մոմերի լուսավորություն։ Շուշանիկը որդու դիակի առջև է։
Դու հիմա նորից իմ որդին դարձար… Մահը հաշտեցրեց ինձ քեզ հետ… Արդեն քանի՜ տարի ասում էի, թե Վարդան անունով զավակ չունեմ… Հիմա դու նորից Վարդան ես… Թեպետև մեռար մարմնով, բայց հոգիդ փրկեցիր ուրացող հորդ որոգայթներից, և այդ ամենի համար փա՜ռք Աստծուն… Դու մահով մահը հաղթեցիր, ինչպես հայրս…
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այնպես արեցիր, որ միայն մահը գրկելով կարողանաս հոգիդ փրկել… Մի՞թե ափսոս չէր այս փառահեղ մարմինը ալիքների ճարակ, պղտոր ջրերի բաժին դարձնել… Մի՞թե ավելի լավ չէր լինի սուրը ձեռքիդ զոհվեիր՝ քո երկիրը, քո ժողովրդին պաշտպանելիս… Կամովին ինչո՞ւ մտար այդ ծուղակը…
(Գրեթե շշուկով): Զավակս, կցանկանա՞ս արդյոք քո համրացած բերանով ինձ ասել, թե գետի մի փոքրիկ ալիքն ինչպե՞ս կարողացավ քեզ նավակից դուրս շպրտել և տաշեղի պես հոսանքն ի վար տանել… Ինչո՞ւ այդպես միանգամից անձնատուր եղար ջրի ամենակուլ տարերքին… Դու, որ դեռևս մանուկ հասակում գետի մի ափից մյուսն էիր լողում համարձակ… Այդ ի՞նչ պատահեց քեզ… Թե՞ կարծեցիր՝ նավավարը տանում է քեզ մոռացության գետի ջրերի միջով… Նավակը գուցե դանդաղ էր ընթանում, և դու շտապեցիր մյուս ափ լողա՞լ… Գո՞հ է արդյոք քո հոգին հիմա… Երբ որ ես էլ, իմ հերթին, անցնեմ այդ գետի ջրերի վրայով, մեր հոգիներն արդյոք կհանդիպե՞ն այնտեղ… Վստա՞հ ես արդյոք… Այդ երջանիկ իրավունքն արդյոք կշնորհի՞ մեզ Տերը…
(Շշուկով): Քո մահը սակայն փրկություն եղավ ոչ միայն քեզ համար… Դու փրկեցիր նաև քրոջդ… Այո, այո… Գոնե ժամանակավոր… Առնվազն քառասուն օրով… Դու քո մահով հետաձգեցիր քրոջդ հարսանիքն իր հարազատ հոր հետ… Մի՞թե չգիտեիր, որ հայրդ պատրաստվում է ամուսնանալ քրոջդ հետ… Հա՜, ես գիտեմ, թե ինչու հեռացար… Դու հարսանիքներ չես սիրում… Նժույգդ հետդ տարա՞ր… Այն նժույգը, որ հայրդ նվիրեց քեզ անունդ փոխելու համար… Հիմա ո՞ր անունով ես ներկայանալու Աստծուն…
Օ՜, հայրդ հիմա դժգոհ է, նույնիսկ զայրացած… Նա մեծ պատրաստություն էր տեսել, որպեսզի մեկ շաբաթ հետո կնության առներ իր հարազատ աղջկան… Դու խանգարեցիր նրա արյունապիղծ վայելքը… Նա, որ արդեն տիրացել է իր աղջկան, ինչպես սովորական հարճին կտիրանային… Անգամ հիմա, այս սգո պահին, վավաշոտ հայացքով հոշոտում էր քրոջդ… Այդ շնագայլը… Որքա՞ն անմեղություն պիտի պղծվի, ո՛վ Տեր, որպեսզի չարը հագենա վերջապես…
Օ՜, իմ խեղճ դուստր, քո շղթաներն իմից ավելի ծանր են… Ես շնորհակալ եմ Աստծուն իմ փորձության համար, որն ինձ ուժ տվեց, ավելի մոտեցրեց Երկնային Արքայության արժանանալու հույսը… Մինչդեռ քոնը սոսկալի է, քանզի գազանն ամեն օր քեզ խեղդելու է իր մթին կրքերի տղմուտներում…
Ներիր ինձ, դուստր իմ, որ չկարողացա քեզ փրկել նրա մագիլներից, որ չկարողացա զսպել նրա ախտամոլ ցանկությունները՝ չնայած ամեն ինչ գիտեի… Գիտեի, որ քո լոգանքի պահին, վարագույրի ետևից, աչք է դնում քո մերկությանը… Գիտեի նաև, թե ինչու է գնում արքայի մոտ… Նա պարսից կրոնն ընդունեց, որպեսզի իրավունք ստանա իր աղջկա հետ ամուսնանալ… Ինչպիսի՜ փառահեղ իշխանազուններ էին երազում քեզ կնության առնել, սակայն դառը ճակատագիրդ բորենու երախը գցեց քեզ… Մեր տոհմի արյունն է հոսում քո երակներով, աղջիկս… Մենք՝ Մամիկոնյաններս, միշտ ընդվզել ենք ճակատագրի անարդարության դեմ… Գիտեմ՝ դու էլ կընդվզես, սակայն հիշիր, որ վերին դատաստանը կա… Եվ մի մոռացիր աղոթքներդ… Թող Աստված քեզ պահապան լինի…
(Մոտենում է բեմառաջքին և միանգամից փլվում): Տեր Աստված, տար ինձ այս աշխարհից… Այլևս չեմ դիմանում հարվածներիդ… Մինչև ե՞րբ պիտի փորձության ենթարկես… Կամ գոնե աղավնու թևեր տուր ինձ, որպեսզի հեռանամ… դադար առնեմ անապատում…
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
— Ասում են, նույնիսկ, թե ես ողջ եմ դեռ…–
475 թ.։ Վանականի խուց մենաստանում։ Կիսախավար։ Շուշանիկն է հայտնվում լուսաշող։ Հագին ճերմակ պարեգոտ է, գլխի շուրջը՝ լուսապսակ։ Երազային տեսիլք։
Ես եմ, Տեր Անդրեաս, Վարդանի դուստր Շուշանիկը… Մի՞թե չճանաչեցիր… Ուշադիր լսիր ինձ և չմոռանաս առավոտ կանուխ ասածներս շարադրել արթուն մտոք… Ուրիշ միջոց չունեմ քեզ տեսնելու… Ես կարող եմ միայն երազներիդ մեջ քեզ այցելել… Օ՜, անկարելի, գրեթե անլուծելի մի խնդիր է դա, քանզի դու՝ ծեր վանականդ, այնքան հազվադեպ ես աչք փակում, որ գիշերներ շարունակ հսկում էի, որպեսզի երազիդ մեջ թափանցեմ…
Ես անհանգիստ եմ, Տեր Անդրեաս, և մտահոգ… Քանզի կամովին հանձն առար իմ կենաց պատմությունը գրել, սակայն ժամանակից շուտ հեռացար Գուգարքից… Դու չտեսար իմ հրաժեշտն այս աշխարհին… Մինչդեռ հիմա զանազան առասպելներ են շրջում այդ մասին… Ասում են նույնիսկ, թե ես ողջ եմ դեռ և շրջում եմ աշխարհով մեկ՝ օգնում թույլերին և հիվանդներին… Երդվում են նույնիսկ բոլոր սրբերով, որ տեսել են ինձ, զգեստս շոշափել, ձեռքս համբուրել… Սակայն լսիր իմ բերանից իրական պատմությունը…
Վեց տարի մնացի մութ ու խոնավ զնդանում՝ փակված ու շղթայված… Մեր ճշմարիտ Աստծուց խնդրել էի այնքան կյանք տա ինձ, որքան պետք կլինի ամբարիշտ ամուսնուս արժանի պատիժը տեսնելու համար իմ երկրային գոյության ընթացքում… Եվ Տերն ունկնդրեց իմ աղաչանքը…
Իմ բանտարկության յոթերորդ տարին նոր էր սկսվել, երբ մի օր զնդանի դռները բացվեցին, պահապանները ներս մտան և ուրախությամբ հայտնեցին, որ վրաց թագավոր Վախթանգը հրամայել է դավաճան ամուսնուս գլխատել…
Ես հասկացա, որ Տերն արդեն կանչում է ինձ, որ իմ անցավոր կյանքի վերջին օրերն են… Տերն այլևս չէր ուզում, որ այդ թունավոր խցում մնայի, ուր ամենաքաջարի տղամարդն անգամ չէր դիմանա… Սակայն ինձ ուժ տվեց և համբերություն, որպեսզի կարողանամ սպասել արդար պատժին…
Հաջորդ օրերին ինձ տեսության եկան հայոց և վրաց աշխարհների նախարարներն ու ազնավուրները… Գալիս էին իրենց կանանց ու զավակների հետ և օրհնություն խնդրում ինձնից… Նրանք խնդրում էին նաև իմ շղթաները՝ որպես մասունք… Եվ ասում էի նրանց. «Ես դրան արժանի չեմ… Բացի այդ, այս շղթաներն իմ փրկությունն են… Իսկ մի՞թե իմ փրկությունը կարող է ձերը դառնալ… Բռնակալը շղթաներ էր դրել նաև ձեր հոգիներին»։
Ասացի նաև նրանց. «Ես՝ անարժանս, մենավոր ու բոլորից լքված՝ դիմադրեցի հրեշին, քանզի գիտեի, որ իմ հավատն է ճշմարիտ… Եվ Տերն ինձ զորավիգ եղավ… Եվ թող ձեզ էլ զորավիգ լինի այսուհետ, որպեսզի դուք էլ ազատվեք ձեր շղթաներից»։
Հետո դիմեցի Տիրոջը. «Գոհություն քեզ, Տեր Աստված, որ արժանի արիր տառապանքով ավարտել իմ ընթացքը… Արդ, քո շնորհին հուսալով՝ քեզ եմ ավանդում իմ հոգին»։
Ահա այսպես ավարտվեց իմ չարչարանաց պատմությունը, և դու էլ այսպես կփոխանցես սերունդներին… Ոչինչ չավելացնես և ոչինչ չպակասեցնես…
Հարցնում ես, թե Տերն ի՞նչ ասաց այնտեղ… Տերն ամեն մեկին իր ասելիքն ունի… Եվ հետո, այն, ինչ ասվում է երկնքում, լսելի չէ այստեղ… Մնաս բարով, Տեր Անդրեաս… Սպասում եմ քեզ այնտեղ… Մնաս բարով…
Սակայն, մի՛ արթնացիր… Երազը դեռ չի ավարտվել… Ուրիշ բան էլ մնաց ասելու… Տիրոջ խոսքերից… Նա հատկապես կարգադրեց քեզ հայտնել, որ մարդ արարածը պարտականություններ ունի կատարելիք իր անցավոր կյանքում… Տերն ասաց, որ մարդու մեծագույն առաքելությունն այս աշխարհում Չարին դիմադրելն է և այն պատժելը… Մի սպասեք, որ Աստված անի այն, ինչ պարտավոր եք դուք անել երկրի վրա… Սրանք Տիրոջ ճշմարիտ պատվիրաններն են… Եթե չես հավատում, կգաս, ինքդ կլսես քո ականջով… Երբեք չվախենալ Չարից, մշտապես դիմադրել և պատմել… Չարը պիտի պատժվի և՛ Երկրի վրա, և՛ Երկնքում… Անպայման պիտի պատժվի… Լսո՞ւմ ես… Ե՛վ մարդուց, և՛ Աստծուց… Ասաց նաև, որ իրեն փառաբանող հնազանդ ստրուկներ չեն պետք, այլ ազատ, աստվածանման մարդիկ, որ Բարին արարեն և շարունակեն իր գործն աշխարհում…
Լույսն ուժգնանում է և կուրացնող ճերմակության մեջ անհետացնում Շուշանիկին։ Աստվածային երաժշտություն։