ԱՅՍ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԻՆ ՓՐԿՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

(tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի

տնօրեն Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆԸ)

  1. tatron-drama.am – Ինչպե՞ս կբանաձևեք՝ ԱՐՄՄՈՆՈ փառատոնի «դասերը» համավարակին…

Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ — Թատրոնը եղել է, կա և միշտ կլինի՝ անկախ ամեն ինչից, իսկ համավարակները կանցնեն, կգնան։

  1. Փառատոնի կուլիսային՝ կազմակերպչական փուլը որչա՞փ և ինչպե՞ս էր տարբերվում նախորդ տարիներից:

Մ. Մ. — Անշուշտ, տարբերվում էր, նախ, որ այս տարի, ցավոք, միջազգային ծրագիրը ստիպված եղանք անցկացնել առցանց, իսկ հայկական ծրագիրը՝ բացօթյա և առցանց։ Եվ ավելի մեծ էր պատասխանատվությունը մեր հայ հանդիսատեսի առաջ, որը կարոտած սպասում էր նոր, կենդանի հուզումների, մտքերի ու զգացողությունների։

  1. Ինչո՞վ էր առանձնահատուկ ԱՐՄՄՈՆՈ 2020-ի ծրագիրը:

Մ. Մ. — Ինչպես արդեն նշեցի, ինքնին այս տարվա ծրագիրը տարբերվում էր նախորդ տարիների ծրագրից։ Մեզ համար էլ փոքր-ինչ անսովոր էր ցուցադրել ներկայացումները բացօթյա տարածքում, թեպետ բացօթյա ներկայացումների փորձ փառատոնն ունեցել էր նախորդ տարիներին։ Օրինակ՝ Մանկական երկաթուղու թունելում։

Պետք է նշեմ, որ բացօթյա ներկայացումները փորձառություն են տալիս թե՛ հանդիսատեսին, թե՛ դերասանին։ Բնության և մարդու հարմոնիան, ճշմարիտ խաղը, որը համադրվում է քամու, հողի, լուսնի ճշմարտության հետ, ավելի նոր երանգներ և արտահայտչամիջոցներում է բացում դերասանական խաղում։

  1. Մեկ շաբաթ առցանց և «կենդանի» ներկայացումների անխաթար կազմակերպման համար ո՞ւմ շնորհակալ լինենք:

Մ. Մ. — Բնականաբար, մեր անփոխարինելի և արհեստավարժ ստաֆին։

  1. Ամենամեծ մտահոգությունն ու տագնապը՝ փառատոնի անցկացման օրերին…

Մ. Մ. — …Որ ներկայացում դիտելու քանակը համապատասխանի Պարետատան թույլ տված քանակի հետ։

  1. Թատերական փառատոների իրականցման առումով ԱՐՄՄՈՆՈ-ի տնօրենը այս տարի հանրապետության մակարդակով առաջինն էր, առաջինն էր նաև որպես թատրոնի տնօրեն՝ բացօթյա ներկայացում կազմակերպելու առումով (նկատի ունենք Կ. Ստանիսլավսկու թատրոնի «Գարդենիա» ներկայացման առաջնախաղը): Ի՞նչ է Ձեզ համար Առաջինը լինելը:

Մ. Մ. — Պատասխանատվություն իմ գործընկերների առջև։ Այս դժվարին օրերին բոլորիս փրկում էր աշխատանքը։ Բոլոր թատրոնները աշխատում են, ամեն մեկն իր ձևով, և ժամանակը ցույց կտա, թե որն էր ավելի արդյունավետ և ճիշտ մոտեցումը։

  1. Այս դժվարին, անկանխատեսելի 2020 թվականին էլ ի՞նչ սպասենք Մարիաննա Մխիիթարյանից:

Մ. Մ. — Ինչպես գիտեք, ես սիրում խոսել անցյալով։ Ինչպես մեր մեծերից մեկն էր ասում՝ «Այն, ինչ հետո կլինի, հետո կիմանանք»։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։