Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Ինչո՞ւ սատանան հ ինչո՞ւ կանայք…

Բոլոր ժամանակներում բողոքել են սատանայից ու միշտ զարմացել եմ. ո՞նց է՝ ոչ մեկի մտքով չի անցել պատասխանատվության կանչել նրան, դատի տալ: Նույն մարդիկ չէի՞ն, որ Քրիստոսին անգամ չներեցին: Աստվածաշունչն էլ հետաքրքիր է՝ ոչ մի տող, թե ինչպես պատժել սատանային: Ստիպված էի ինքս ինչ-որ բան հորինել:

Հիմա կանանց մասին: Ամեն ինչ սկսվեց Եվայից և նույն սխալը սերունդներով շարունակվում է: Աղջկա կերպարով փորձեցի խախտել ավանդույթը, բայց վստահ չէի, որ այդ անողը ես պիտի լինեմ, դրա համար էլ խնդրի մեջ առանձնապես չխորացա: Թերևս ինձ համար ամենակարևորը սատանային դատարան քարշ տալն էր և շուտ հասկացա, որ տղամարդիկ դա չեն կարող անել: Կանայք այլ են, կնոջը միջնորդ հարկավոր չէ, որպեսզի ճանաչի սատանային (միայն սա արդեն մեծ առավելություն է) և, վերջապես, վրեժխնդրության մեջ նրանք ավելի հնարամիտ են:

Ավարտելով ասեմ, որ աշխարհի բոլոր բաժանումները՝ մայրցամաքների, երկրների, ռասաների, լեզուների, չարի ու բարու և այլն, սատանայի գործն է, ավելի ճշգրիտն այն է, որ բաժանումն ու սատանան նույնն են: Սակայն չէի ուզենա, որ այս ամենը լուրջ ընդունվեր: Պարզապես չափածո պիես էի ուզում գրել ու գրեցի:

Սամվել ԿՈՍՅԱՆ

 

ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ

Չափածո պիես 7 պատկերով

Գործող անձինք

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ — (մինչև 40 տարեկան)

ԿԻՆ — (մինչև 30 տարեկան)

ԱՂՋԻԿ — (մինչև 20 տարեկան)

ՍԱՏԱՆԱ, նույնը՝ ԹԱՓԱՌԱԿԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ԿԱՇԵՎԱՃԱՌ

 

ՍԱՏԱՆԱ

Երգդ լսելով

չկարողացա ճամփաս շարունակել,

ու խեղճ ոտքերս

ինձ այստեղ բերին:

ԿԻՆ

Ով՞ ես, որտեղի՞ց,

ու թեև բնավ ինձ չես ճանաչում,

շողոքորթում ես սակայն շատ տհաճ:

ՍԱՏԱՆԱ

Հմայված մարդու

բառերը նվազ ու խեղճ են թվում

և հասակն էլ՝ կարճ:

ԿԻՆ

Բայց քո հայացքը նույնը չի ասում,

որքան վանող է, նույնքան՝ երկդիմի:

ՍԱՏԱՆԱ

Անորոշության գետն է երևի

հիմա մեզ երկու ափի բաժանում:

ԿԻՆ

Լավ է՝ հեռու են ու չեն միանում

գետի ափերը,

միայն իմանաս՝

ոնց են հալածում ինձ քո աչքերը:

ՍԱՏԱՆԱ

Գուցե այդպես է նոր սերը ծնվում:

ԿԻՆ

Ինձ բավական են և նախորդները,

իսկ թե ուզում ես օգնել իսկապես,

լավ կանես՝ գնաս քո ճանապարհով,

ինչպես եկել ես:

ՍԱՏԱՆԱ

Թույլ տուր մի քիչ էլ հիանալ քեզնով:

ԿԻՆ

Ժամանակն է կարճ և քո հայացքից

էլ ավելի է ասես կարճանում:

ՍԱՏԱՆԱ

Ափսոս, որ դու էլ ինձ չես հասկանում:

Հեռվից շների հաչոց է լսվում:

ԿԻՆ

Քո պատճառով է,

որ կատաղել ու չեն հանգստանում:

ՍԱՏԱՆԱ

Միայն փողոցի անպետք շներն են

առանց պատճառի շարունակ հաչում:

ԿԻՆ

Քո հոտն են առել

և հաչելով են մարդկանց պաշտպանում:

ՍԱՏԱՆԱ

Ի՜նչ ատելություն,

ինձ էլ կարծես թե Տերը չի ստեղծել:

ԿԻՆ

Բայց նրա որդուն

բոլորի միջից դու ես խաչն հանել:

ՍԱՏԱՆԱ

Գիտեմ՝ լուրերն այդ ով է տարածել:

ԿԻՆ

Տարածել պետք չէ, վաղուց է հայտնի:

ՍԱՏԱՆԱ

Ինձ Հիսուսն այսպես դարձրեց ատելի

և դարեր անց էլ

նրա աչքով եք նայում ինձ էլի:

ԿԻՆ

(խաչակնքում է)

Հոգուս տագնապը աճեց ավելի:

ՍԱՏԱՆԱ

Մինչդեռ հայտնի է, որ դավաճանը

ես չեմ, այլ Հուդան,

ես չեմ ծրագրել նրա վախճանը,

չեմ խաչել նրան:

ԿԻՆ

Իսկ ո՞վ էր Հուդան՝

քո նենգ լրտեսը,

որը նենգությամբ

հազիվ թե լիներ գոնե քո կեսը:

ՍԱՏԱՆԱ

Խեղճ, խեղճ Սատանա՝

միայնակ, լքված,

կա՞ արդյոք մեկը աշխարհի վրա

այսքան հալածված:

ԿԻՆ

Ո՞վ է բողոքում,

երբ տառապանքի աղբյուրը ինքն է:

ՍԱՏԱՆԱ

Բոլորն են վկա, որ իմ խեղճ հոգում

սիրուց ավելի արցունքն է լիքը:

ԿԻՆ

Շուրթերիդ վրա,

նույնիսկ բառերից արյուն է կաթում:

ՍԱՏԱՆԱ

Խեղճ, խեղճ Սատանա,

ոչ ոք չի սիրում ու չի հավատում:

ԿԻՆ

Տեսնես ի՞նչ եղավ,

շներն ավելի ուժգին են հաչում:

ՍԱՏԱՆԱ

Մի թափառական

պատի տակ մեռավ:

ԿԻՆ

Ճիշտ են ասում, որ

մահը քեզ հետ է ամենուր շրջում:

ՍԱՏԱՆԱ

Գիտեմ՝ բարի ես, գիտեմ՝ ցավից են

խոսքերդ այդքան բարբարոս հնչում:

ԿԻՆ

Ասա՛, ցավից դու ի՞նչ ես հասկանում:

Ցավող սիրտն ասես՝

թևերը կոտրած թռչունը ձորում,

ցավ կա այնքան մեծ,

որ տիրոջ մարմնում չի տեղավորվում:

ՍԱՏԱՆԱ

Ժամանակի մեջ ցավն հեշտ է լուծվում:

ԿԻՆ

Ցավը լուծվում է,

բայց չարությունը ինչի՞ մեջ լուծես,

ինչի՞ մեջ լցնես, «ինչն» այդ հյուծվում է՝

վերադարձնելով չարությունը քեզ:

ՍԱՏԱՆԱ

Դու չարությանն էլ

քո անուշ երգով կհաղթահարես:

ԿԻՆ

Ճամարտակում ես,

չնայած ոչ ոք չի հավատում քեզ:

ՍԱՏԱՆԱ

Վիշտդ չի թողնում միտքս ընկալել,

հիմա ափեափ վշտով ես լցված,

բայց կուզենայի ուսերդ գրկել,

մաքրել աչքերդ տառապյալ ու թաց:

ԿԻՆ

Սատանայի միտք — ուժեղ է ասված,

մտքե՞ր, թե՞ նետեր՝ թույնով ներծծված,

որոնց թիրախը հենց ես եմ դարձել:

ՍԱՏԱՆԱ

Անկեղծությանը

միշտ էլ ավելի քիչ են վստահել:

ԿԻՆ

Խոսքդ իզուր ես դես ու դեն գցում,

չէ՞ որ հենց այնպես դու չես հայտնվում:

ՍԱՏԱՆԱ

Մենակությունն է ինձ հունից հանել:

ԿԻՆ

Կարծես չգիտես, որ մի մենակը

մի այլ մենակի ընկեր չի դառնում:

ՍԱՏԱՆԱ

Մի՞թե ստիպված եմ կրկին տառապել:

ԿԻՆ

Ես քեզ չեմ կանչել.

ինքդ ես եկել, ինքդ էլ հեռացիր:

ՍԱՏԱՆԱ

Ինձ ո՞վ է կանչել, որ դու կանչեիր:

ԿԻՆ

Պատճառը խավար վարքիդ մեջ փնտրիր:

ՍԱՏԱՆԱ

Ի՞նչն է պատճառը,

միշտ պատկերում են ինձ պոզ ու պոչով,

երբեմն՝ փրչոտ ու չորքոտանի,

և այդ զազրելի ու բութ պատկերով

վախեցնում իրար ու հայհոյում են՝

սատանա՛ն տանի:

ԿԻՆ

Ոչինչ չես անի:

ՍԱՏԱՆԱ

Խե՜ղճ, խե՛ղճ Սատանա,

տեսնես կա՞ մեկը,

ով այսքան իզուր անարգված լինի,

որի հետ անգամ

ախոռի կեղտը չեն ուզում կիսել:

ԿԻՆ

Մի՛ ձևացրու քեզ տառապյալ ասպետ:

Ուր էր՝ չքվեիր երկրից առհավետ:

ՍԱՏԱՆԱ

Ինչո՞ւ եմ այսքան կամազուրկ դարձել

ու թույլ եմ տալիս վիրավորել ինձ:

ԿԻՆ

Իզուր ես փորձում ինձ հավատացնել,

թե ետ ես կանգնել քո նախկին կյանքից:

ՍԱՏԱՆԱ

Սակայն սրտանց եմ ուզում քեզ օգնել:

ԿԻՆ

Սրտանց օգնելով՝ սրտանց էլ տանջել:

Հայտնվում է Աղջիկը, Կնոջը տեսնելով անկեղծ ուրախանում է:

ԱՂՋԻԿ

Քանի ժամ արդեն նրան ենք փնտրում,

իսկ նա, տե՛ս, այստեղ ինչով է զբաղված:

ԿԻՆ

Ի՞նչ է պատահել,

թեև ժպտում ես,

աչքերդ խորին տագնապ են հայտնում:

ԱՂՋԻԿ

Ասելու բան չի, գնանք՝ կիմանաս:

ԿԻՆ

Սիրտս ինչ-որ վատ բան է գուշակում:

ԱՂՋԻԿ

Ընկերդ ո՞վ է, անծանոթ է ինձ:

ԿԻՆ

Լավ կանես՝ հեռու մնաս նրանից:

ԱՂՋԻԿ

Բայց ո՞վ է, եթե չես քշել նրան:

ԿԻՆ

Ինքը՝ Սատանան:

ԱՂՋԻԿ

Ի՞նչ է կորցրել և ի՞նչ է ուզում:

ԿԻՆ

Իբր ձայնիցս այնքան է հուզվել,

որ էլ չի կարող առանց իմ երգի:

ԱՂՋԻԿ

Նրա քնքշանքն էլ նման է վերքի:

ՍԱՏԱՆԱ

Վատաբանում է ինձ չճանաչելով:

ԱՂՋԻԿ

Ճանաչել պետք չէ,

քեզ անիծում են՝ անունդ տալով:

ՍԱՏԱՆԱ

Չէ, երկու կինը դժվար արգելք է:

ԿԻՆ

Չքվի՛ր ուրեմն և այլ տեղ փնտրիր ուզածդ երգը:

ԱՂՋԻԿ

Դու նրան վաղուց պիտի քշեիր:

ԿԻՆ

Հոգնեցի, գնանք, ու ետ մի նայիր:

Թևանցուկ է անում Աղջկան, փութով հեռանում են:

ՍԱՏԱՆԱ

(նման ընթացքից փոքր-ինչ շվարած, բայց արագ ուշքի գալով)

Հիմա հավատա՞ց, թե՞ չհավատաց,

որ հիմար երգից խելքս թռցրել եմ:

Մի քիչ ծանոթ եմ այդպիսի կանանց,

հեղուկի նման այն ձևն են ստանում՝

ինչի մեջ լցնես:

Հիմար արարած,

հիմար, վշտահույզ և սենտիմենտալ,

սակայն ի՛նչ արած,

ստիպված եմ նորից այս կողմերը գալ:

 

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Նույն տեսարանը: Ելնելով ռեժիսորական մտահղացումներից, հնարավոր են նաև աննշան փոփոխություններ: Ժամանակակից, ռիթմիկ երաժշտությունը պարի է տրամադրում: Աղջիկը միայնակ պարում է պատանեկան խանդավառությամբ: Սատանան կրկին հայտնվում է զգուշորեն: Վերջապես Աղջիկը նկատում է նրան ու թեև դանդաղեցնում է շարժումները, այնուամենայնիվ շարունակում է պարել:

ԱՂՋԻԿ

Ի՜նչ արվեստասեր Սատանա է մեր

երկիրը մտել,

երեկ թե երգն էր,

այսօր էլ պարն է նրան դուր եկել…

ՍԱՏԱՆԱ

Մեղքս ինչ թաքցնեմ,

չկարողացա հուզմունքս զսպել:

ԱՂՋԻԿ

Բա պոզդ ու պոչդ որտե՞ղ ես կորցրել:

ՍԱՏԱՆԱ

Չեմ էլ ունեցել,

հնարել են մի այլանդակ կերպար,

իբր մարդ չեմ, այլ…

Այլ չգիտեմ՝ ինչ:

ԱՂՋԻԿ

Ո՞վ է հնարել:

ՍԱՏԱՆԱ

Հարցրու Հիսուսին,

կասի ամեն ինչ:

ԱՂՋԻԿ

Մինչև Հիսուսն էլ բանի պետք չէիր,

ավելի լավ է՝ եկ, ինքդ էլ պարիր:

ՍԱՏԱՆԱ

Չեմ կարող քեզ պես:

ԱՂՋԻԿ

Ձևեր մի՛ թափիր,

հիմա չես կարող, հետո կվարժվես:

Սատանան չկամությամբ, բայց մո­տենում է Աղջկան և փորձում է պարել: Սկզբում անվարժ է, սա­կայն աստիճանաբար հարմար­վում է ռիթմին, և երկուսի պարն այնքան ներդաշնակ է, ասես շատ անգամներ են պարել միասին:

ԱՂՋԻԿ

Իսկ ասում էիր՝ պարել չգիտես:

ՍԱՏԱՆԱ

Ես ընդամենը պատճենում եմ քեզ:

ԱՂՋԻԿ

Լավ աշակերտ ես, միայն չեմ հիշում՝

որևէ տեղ սովորած լինես:

ՍԱՏԱՆԱ

Ավելի լավ է՝ պարդ շարունակես…

ԱՂՋԻԿ

(ընդհատելով պարը)

Կշարունակեմ,

եթե իմ հարցին ճիշտ պատասխանես:

ՍԱՏԱՆԱ

Ստելու պատճառ չունեմ ես բնավ:

ԱՂՋԻԿ

Թափառականը ինչի՞ց մահացավ:

ՍԱՏԱՆԱ

Բոլորն են մեռնում և նա էլ մեռավ:

ԱՂՋԻԿ

Այդքան ջահել էր, առողջ, առնական:

ՍԱՏԱՆԱ

Կյանքը չի սիրում մարդկանց թուլակամ:

ԱՂՋԻԿ

Իսկ փորձում էիր

նրա կնոջը երեկ գայթակղել:

ՍԱՏԱՆԱ

Ես նրա քնքուշ երգից էի հարբել:

ԱՂՋԻԿ

Եվ որոշեցիր սպանել ամուսնուն:

ՍԱՏԱՆԱ

Բայց նա կնոջը մինչ ինձ էր լքել:

ԱՂՋԻԿ

Հետո՞ ինչ, չէ՞ որ

վերադառնում էր խեղճը երեկ տուն:

ՍԱՏԱՆԱ

Ճակատագիրն է

բոլորիս կյանքի հարցերը լուծում,

ճակատագիրն էլ գուցե չի ուզել,

որ նա հասնի տուն…

Չարժե ինձ վրա ամեն մեղք բարդել,

առանց դրա էլ շատ եմ տառապում

մարդկանց անարդար ատելությունից:

ԱՂՋԻԿ

Քո ցավը բնավ չի հետաքրքրում ինձ:

ՍԱՏԱՆԱ

Մի օր կցնդեմ մենակությունից:

ԱՂՋԻԿ

Եվ որպես ընկեր նախընտրել ես ինձ:

ՍԱՏԱՆԱ

Կյանքում այս պահն եմ իրոք երազել:

ԱՂՋԻԿ

Սիրտս խառնում է քո չարությունից:

ՍԱՏԱՆԱ

Դեռ շատ ես ջահել՝

զանազանելու արդարը չարից,

գեղեցկությունդ էլ լրիվ չի բացվել

հոգուդ և մտքիդ անփորձությունից:

ԱՂՋԻԿ

Բայց ես չեմ նեղվում ջահելությունից:

ՍԱՏԱՆԱ

Միայն հիմարը կհրաժարվի նման պարգևից:

ԱՂՋԻԿ

Բառերդ հազար ձայնով են հնչում,

հայացքդ էլ ասես գիշատիչ թռչուն՝

պտտվում է, որ մի բան փախցնի:

ՍԱՏԱՆԱ

Հայացքս միշտ էլ գունաթափվում է,

գեղեցիկին է երբ որ հանդիպում:

ԱՂՋԻԿ

Ի՞նչն է դուր գալիս քեզ գեղեցիկի,

չլինի՞՝ միայն մարմինը անշունչ…

ՍԱՏԱՆԱ

Ինձ համար այլ է իմաստը կյանքի,

մահը չտեսած՝

նրա արժեքը չես գնահատի:

Մահվան հետ շատ եմ նստել դեմ-դիմաց

ու կյանքն ինձ պետք է, գուցե՝ կրկնակի:

ԱՂՋԻԿ

Իսկ երբ քո կյանքը չի բավում արդեն,

ուրիշներինն ես խլում ուղղակի:

ՍԱՏԱՆԱ

Քո դաժան ստից սիրտս կճաքի:

ԱՂՋԻԿ

Թե որ խելոք ես ու այդքան գիտես,

ի՞նչ եղավ կյանքը թափառականի,

ինչո՞ւ նա չկա, իսկ դու ապրում ես

ու հույս էլ չունեմ,

թե մահը մի օր քեզ էլ կտանի:

Դրա համար էլ

անամոթաբար սիրահետում ես՝

ումը պատահի,

երեկ այն կինն էր, իսկ այսօր էլ՝ ես:

ՍԱՏԱՆԱ

Եթե ուզում ես լիարժեք ապրել,

պիտի սիրեն քեզ ու դու էլ սիրես:

ԱՂՋԻԿ

Էդ ո՞նց եմ ես քեզ սիրելու հանկարծ,

իսկը որ ցնդած…

ՍԱՏԱՆԱ

Կցնդեմ, եթե մենակությունը

բաց չթողնի ինձ,

արդեն քանի դար նա է իմ տունը

և ինձ՝ կողակից:

ԱՂՋԻԿ

Սահմաններ չունի քո չարությունը,

քեզնից փախչում են՝ ինչպես վարակից:

ՍԱՏԱՆԱ

Մի ձգտիր այդքան միամիտ լինել,

ասում ես բաներ անգետ ու անմիտ,

որոնք կարող են քեզ հունից հանել:

ԱՂՋԻԿ

Թե որ քեզ լսեմ, խելոք երևամ՝

ճիշտն այն կլինի, որ հարճդ դառնամ,

բայց դրա համար շատ ես պառավել:

ՍԱՏԱՆԱ

Պիտի շատ ապրես, որ նոր պառավես:

ԱՂՋԻԿ

Ապրելդ էլ գիտեմ,

դժբախտացնելուց բացի ի՞նչ գիտես:

ՍԱՏԱՆԱ

Իմ գիտեցածը դու չես իմանա,

ինչքան էլ ապրես:

ԱՂՋԻԿ

Թողնեն՝ ինքդ քո գլուխը գովես:

ՍԱՏԱՆԱ

Ժամանակները ինչքան են փոխվել,

և մարդիկ նույնպես:

Կասկածամիտ են մի տեսակ դարձել:

ԱՂՋԻԿ

Ինչքան էլ նստես ու դարդդ պատմես,

զուր է, չես կարող հոգիդ քողարկել…

ՍԱՏԱՆԱ

Նրանից է, որ շատ բան չգիտես,

իսկ թե լրջանաս ու շուրջդ նայես,

կտեսնես՝ ոնց են լլկում ու սպանում,

թալանում, խաբում ու գոռում վրաս,

իբր, իրենք չէ, ե՛ս եմ ողջն անում,

ինձ դարձրել են քավության նոխազ:

ԱՂՋԻԿ

Հերի՛ք նվնվաս,

էլ ավելի ես ձանձրալի դառնում,

թե չլինեիր,

ոչ ոք չէր տեսնի խավարի հունը:

ՍԱՏԱՆԱ

Կապ դիր անորոշ ու խակ մտքերիդ,

հիշիր, մի լավ օր սատանայությունը

ծաղկելու է քո նուրբ շրթունքներին:

ԱՂՋԻԿ

Ճիշտ էլ ասում են, որ դարանակալ

հետևում ես ամենուր մարդկանց,

և քո ստոր կիրքը կարիքը ունի

հատկապես կանանց:

ՍԱՏԱՆԱ

Սրտանց օգնել եմ ուզում ես նրանց:

ԱՂՋԻԿ

Ինչպես կնոջը օգնեցիր՝ խեղճի

սիրեցյալին այլ աշխարհ ճամփելով:

ՍԱՏԱՆԱ

Նա մեռավ միայն Արարչի կամքով:

ԱՂՋԻԿ

Իսկ ինձ ինչպե՞ս ես ցանկանում օգնել:

ՍԱՏԱՆԱ

Տեսքդ չբացված վարդի է նման,

շատ կուզենայի՝ աչքիս դեմ ծաղկեր:

ԱՂՋԻԿ

Տե՛ս, թե ինչեր են մտքովդ անցնում:

ՍԱՏԱՆԱ

Դու չես հասցրել կյանքը ճանաչել,

վայելքները դեռ քեզ խաղ են թվում:

ԱՂՋԻԿ

Վայելքներն իրենք թող ինձ որոնեն,

վայելքներով չեն հմայիչ դառնում:

ՍԱՏԱՆԱ

Ինձ ծանոթ են քո երազանքներն էլ,

սիրտդ ավելի բարձրին է տենչում:

ԱՂՋԻԿ

Նույնիսկ անգետն է արդեն հասկացել,

որ ճշմարիտը բարձրից է լավ երևում:

ՍԱՏԱՆԱ

Քո ճշմարիտը շատ չեմ հավատում,

դուրը որ չեկար,

երբեմն օձից ուժեղ է խայթում:

ԱՂՋԻԿ

Երևում է՝ քեզ շատ է հալածել,

սարսափից նույնիսկ պոզերդ են ցցվել:

ՍԱՏԱՆԱ

Ասացի արդեն,

որ պոզեր չունեմ ու չեմ ունեցել:

ԱՂՋԻԿ

Հնարավոր է’ ժամանակի հետ

նրանք ոչ թե վեր, այլ ներս են աճել:

ՍԱՏԱՆԱ

Լեզուդ կյանքիցդ առաջ է ընկել:

ԱՂՋԻԿ

Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ես ուզում:

ՍԱՏԱՆԱ

Լոկ ընկերություն:

ԱՂՋԻԿ

Սրամիտ էլ ես, գուցե և ասես,

թե Սատանայի ընկերությունը ինչպես է լինում,

դու ինձ ես խաբում, ես էլ հաստատ՝ քեզ…

ՍԱՏԱՆԱ

Դժոխքի համար դեռ պատրաստված չես:

ԱՂՋԻԿ

Դրա համար էլ դպրոց կբացես:

ՍԱՏԱՆԱ

Ասածս, ափսոս, լուրջ չես ընդունում:

ԱՂՋԻԿ

Չես էլ հասկանում՝ ինչ ես զառանցում…

(Ինչ-որ մեկին տեսնելով՝ բղավում է:)

Այստեղ եմ, այստե՛ղ, ո՞նց է, չես տեսնում:

Հայտնվում է Հասուն տարիքի կինը:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Աչքերիս լույսը շաղվել է փոքր-ինչ,

դանդաղ դառնում եմ խավարին գերի…

ԱՂՋԻԿ

Ա՛յ թե ասացիր,

կհաղթես ինձ պես հազար ջահելի…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դեմքը չեմ տեսնում կողքիդ տղայի…

ԱՂՋԻԿ

Մի՞թե չես տեսել երբևէ նրան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինչ-որ չեմ հիշում…

(Ուշադիր նայում է, փորձում է հիշել:)

ԱՂՋԻԿ

Ինքն է՝ Սատանան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

(խաչակնքում է)

Իզուր ես կանգնել, արագ հեռանանք:

ԱՂՋԻԿ

Գնանք, գուցե թե պրծնենք սրանից:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Նրա հետ ուրիշ խնդիրներ ունեմ,

չափը կիմանա, երբ հանդիպի ինձ…

Աղջկա թևը մտնելով՝ արագ տա­նում է իր հետ:

ՍԱՏԱՆԱ

(ձեռքերը շփելով և անհոգ քրքջալով)

Ուժերս տեղն են, դեռ չեմ թուլացել,

հաջորդն այս կինն է, չեմ էլ կասկածում,

միայն թե պիտի նախապատրաստվել,

սա նախորդներից կոշտ է մտածում…

 

 

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Նույն տեսարանը: Սատանան սպասում է ինչ-որ մեկի…

ՍԱՏԱՆԱ

Շատ է ուշանում:

(Շարունակում է հետ ու առաջ քայլել: Երկինքը մթնում է:)

Եղանակն ինչո՞ւ այսքան մռայլվեց,

սա լա՞վ նշան է, թե՞ հակառակը,

միտքս այս անգամ ոչինչ չհուշեց,

ո՞րն է այս կնոջ հոգու տեսակը…

(Ուշադիր նայում է մի ուղղությամբ:)

Չէ, չի երևում…

(Շարունակում է շուրջը նայել անհանգիստ:)

Չլինի՞ եկել-անցել է արդեն…

Բայց ինչ-որ մեկը գալիս է կարծես:

(Երկինքը կրկին պայծառանում է:)

Երևի նա է, երկինքն էլ պարզեց…

(Պատրաստվում է հանդիպմանը:)

Ինչո՞ւ է ժպտում, տարօրինակ է,

հաստա՛տ ուրիշ է սրա տեսակը…

Երևում է Հասուն կինը: Սատանան ձևացնում է, իբր զարմացած է հանդիպումից:

ՍԱՏԱՆԱ

Այս ո՞ւմ եմ տեսնում,

ա՜յ քեզ հանդիպում…

ՀԱՍՍՈՒՆ ԿԻՆ

Բայց քո աչքերը այլ բան են ասում:

ՍԱՏԱՆԱ

Ուրախ ես, կի՛ն, ի՞նչ է պատահել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հենց որ քեզ տեսա,

չկարողացա ժպիտս պահել:

ՍԱՏԱՆԱ

Բայց ծիծաղելի չեմ տեսնում ոչինչ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Երեկ հասկացա,

որ խուսափելը քեզանից հեշտ չի:

ՍԱՏԱՆԱ

Այդ լկստվածն է բամբասել էլի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Աղջիկն էլ չասեր՝ գլխի կընկնեի,

շատ եմ հանդիպել սատանաների:

ՍԱՏԱՆԱ

Սատանան մեկն է, մի վիրավորիր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հնարավոր է, որ մեկը լինի,

սատանությունը ինչպես էլ անես,

միայն մի մարմնում չես տեղավորի…

Ասենք, այդ ամենն ինձնից լավ գիտես:

ՍԱՏԱՆԱ

Իմանալը ի՞նչ,

երբ փորձառու է կյանքն ինձանից,

ով էլ որ լինես՝ թեկուզ Արարիչ,

գլուխ չես հանի կյանքի խաղերից:

Մարդիկ էլ այն չեն ու շատ են փոխվել,

փակ են ավելի ու ավելի մութ,

դժվար է նրանց հոգին թափանցել,

մտքերին նրանց լինել հետամուտ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Խե՜ղճ մարդիկ, որոնք

ինչքան էլ փորձեն փախչել քեզանից,

ձյութի պես էլի նրանց ես կպչում:

ՍԱՏԱՆԱ

Ինչո՞ւ են փախչում,

բորոտ չեմ, ոչ էլ ժանտախտ եմ ընկել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հիվանդ չես, հարկավ սուտ էլ չես ասում,

հիշողությունդ է գուցե ցամաքել:

ՍԱՏԱՆԱ

Ոչինչ կարևոր ես չեմ մոռանում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Երևի ճիշտ ես…

Ուզում եմ ասել…

(Մի պահ լռում է: Մտածմունքների մեջ փոր­ձում է վճռել՝ շարունակի՞, թե՞ ոչ: Ապա՝ ինքն իրեն հաղթահարելով:)

Դեռատի էի, երբ մեկն ինձ խաբեց,

անփորձ էի ու երազներով լի,

բայց նույն օրն էլ հենց մեկն այդ ինձ լքեց,

կարծես կոտրված խաղալիք էի…

(Զգացվում է՝ ծանր է հիշելը:)

Անիմաստ էր, մութ շուրջը ամեն ինչ,

թեև ծանր էր, չէի հավատում,

ինձ հույս էի տալիս, իբր թե՝ ոչի՜նչ,

շատերի հետ է նույնը պատահում:

Բայց հուգուս վերքը չի սպիանում

և արյունոտ է մինչև հիմա էլ:

Այդ մեկն ստիպեց, որ ամբողջ կյանքում

հուգուս ու անձիս հակառակ ապրեմ:

ՍԱՏԱՆԱ

Ի՜նչ դաժանություն,

իրոք ցնցված եմ,

անունը ասա,

և կամ տուր հասցեն:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ի՞նչ պիտի անես:

ՍԱՏԱՆԱ

Մաշկահան կանեմ նապաստակի պես:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Տես, որ չզղջաս:

ՍԱՏԱՆԱ

Ամբողջն ես ուզո՞ւմ, թե՞ մաշկեմ մաս-մաս:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Թույլ տուր մտածեմ:

ՍԱՏԱՆԱ

Բայց դեռ անունը նրա չես ասել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հեշտ չէ այնքան էլ,

ես այս պահն եմ անվերջ երագել:

ՍԱՏԱՆԱ

Անունը ասա, մի տարակուսիր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

(պոռթկում է)

Ինքդ քե՛զ մաշկիր:

ՍԱՏԱՆԱ

Հնարավոր չէ, չի՛ կարող լինել,

ես երբևիցե քեզ չեմ հանդիպել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ասում էի, չէ՞, հիշողությունդ

ամռան գետակից շուտ է ցամաքել:

ՍԱՏԱՆԱ

Ա՜յ քեզ խելագար, նենգամիտ ջադու…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այն ժամանակ էի թերևս խելառ,

երբ քեզ սիրահար՝

գերեզմանս էի իմ ձեռքով փորում:

ՍԱՏԱՆԱ

Թե որ եղել է ու ճիշտ ես ասում,

բա մինչև հիմա ինչո՞ւ էիր լռում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այս պահին էի անընդհատ սպասում,

որ ինքդ ուզես քո մաշկը հանել:

ՍԱՏԱՆԱ

Թե որ հաստատ է դեպքը պատահել,

դու գժանոցում պիտի լինեիր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գոնե մի անգամ խոսքիդ տերն եղիր:

ՍԱՏԱՆԱ

Ինձ դեռ ծուղակը ոչ ոք չի գցել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Բայց մի մոռացիր,

ժամանակները իրոք են փոխվել:

ՍԱՏԱՆԱ

Քեզ չեմ ստիպել ու չեմ բռնացել,

ինքդ ես հոժարել ու մերկացել…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Անփորձությունից,

միայն ու միայն անփորձությունից…

ՍԱՏԱՆԱ

Հիմա էլ առաջ մի՛ ընկիր կյանքից:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Բայց նորից էիր ուզում գայթակղել:

ՍԱՏԱՆԱ

Է՛լ ինչ կարող ես հիմա հորինել:

Ուզում էի քեզ օգնական դարձնել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Կօգնեմ՝ շուտափույթ դու սատակես:

ՍԱՏԱՆԱ

Զգո՛ւյշ, նոր փորձանք գլխիդ չբերես:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ի՞նչ փորձանքով ես փորձում վախեցնել,

փորձանքը վաղուց որդեգրել է ինձ:

ՍԱՏԱՆԱ

Զզվեցի քեզնից…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մաշկահան եղիր, հետո կզզվես:

ՍԱՏԱՆԱ

Զզվանք, մե՛ծ զզվանք

և ավելի մեծ, անսահմա՛ն զզվանք…

ո՞նց քո նմանի հերը չանիծես,

գլխին չթափես չոռ ու հալածանք:

Դեմքը ծամածռելով հեռանում է:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ապո՛ւշ, անկարո՛ղ, սրիկա՛, տակա՛նք,

քո երեսից եմ դարդ ու ցավ տարել,

այսքան ամոթ ու այսքան տառապանք:

 

 

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Նույն տեսարանը, սակայն գույնե­րի և լույսերի այլ համադրու­թյամբ: Գերակշռում են մուգ գույ­ները, հիմնականում՝ մուգ կարմի­րը: Կինը փորձում է առաջանալ, սակայն թևերին կապված թելերը չեն թողնում: Տագնապալի երաժշտություն, անծանոթ, անմարդ­կային ձայներ: Կնոջ դեմքը լար­ված է, շարժումները ջղաձիգ են ու նյարդային: Չնայած հուսահատ ճիգերին, չի կարողանում դուրս պրծնել պարաններից: Մաքառե­լով, թվում է, թե պարում է, պա­րում է վերջին հոգեվարքի պարը: Մի պահ անմարդկային ճիգերից ուժերը լքում են, և հուսահատ ծնկում է: Հենց այդ պահին հնչում են եկեղեցու զանգերը, որոնց ղո­ղանջների մեջ տարրալուծվում են աղմուկներն ու մուգ գույները, բե­մը լուսավորվում է: Կինը կրկին փորձում է ազատվել պարաննե­րից և, ի զարմանս իրեն, պարան­ները ետ են քաշվում: Կինը, հա­վասարակշռությունը մի կերպ պա­հելով, ծնկաչոք առաջ է գալիս:

ԿԻՆ

(շունչը մի կերպ տեղը բերելով)

Մեղա, մեղա, Տե՛ր,

օգնության հասար:

Ծանր փորձանք էր այս վտիտ ու թույլ ուսերի համար…

(Խաչակնքում է:)

Բայց չկա, չկա՛

հոգուս փրկություն,

ես մահն իմ գտա,

երբ անհոգաբար ապրել էի ուզում:

Հայտնվում է Հասուն կինը և տես­նելով Կնոջը ծնկաչոք՝

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինչո՞ւ ես ծնկած…

ԿԻՆ

Համբերիր, մինչև շունչս տեղը գա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Շատ ես այլայլված,

տեսնելով քեզ՝ ես էլ վախեցա:

ԿԻՆ

Ծուղակն եմ ընկել,

թուլակամ մեկն է հիմա քո դիմաց:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ծուղակն ենք ընկնում մենք ամեն քայլի:

ԿԻՆ

(դժվարությամբ)

Հենց նոր տրվեցի ես Սատանային…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դու չէիր կարող այդ բանը անել,

չէ՞ որ ամուսնուդ դեռ նոր ենք թաղել:

ԿԻՆ

(վերջապես ոտքի կանգնելով)

Ինքս էլ չգիտեմ՝ ինչպես պատահեց,

ոչինչ չեմ հիշում.

խայթե՞ց, կախարդե՞ց, թե՞ թունավորեց,

իսկ ուշքի եկա արդեն անկողնում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Քեզ որտե՞ղ բռնեց, ի՞նչ էիր անում:

ԿԻՆ

Լացում էի, բախտս անիծում:

Այդ պահին էր, որ եկավ Սատանան,

քշեցի նրան ու անպատվեցի,

հետո չգիտեմ, թե ինչպես եղավ,

որ հայացքները մեր հանդիպեցին…

Աչքերս շաղվեցին, միտքս մթագնեց,

չհասցրեցի նույնիսկ բղավել,

ինձանից անկախ մարմինս փլվեց,

երբ ուշքի եկա, արդեն շատ ուշ էր…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այդ անիծվածը իրենը արեց,

չհասցրեցի քեզ զգուշացնել…

ԿԻՆ

Հնարավո՞ր է արդյոք ինձ ներել…

Տիրոջն աղոթեմ,

գուցե թե գթա,

չնայած հիմա ինչ էլ որ անեմ՝

փրկություն չկա…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Աչքերդ մաքրիր,

ինչ-որ մեկն էլ է այս կողմը գալիս:

ԿԻՆ

Ավա՜ղ, ոչ մեկին չեմ ուզում տեսնել…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ուժերդ հավաքիր և փորձիր լռել:

Հայտնվում է ցնցոտիավոր մեկը՝ բեղ-մորուսով: Նրան տեսնելով, Կինը սարսափահար ընկրկում է, ապա նյարդային տրորում է աչքե­րը՝ տեսածը ստուգելու համար:

ԿԻՆ

Ո՞վ ես, նման ես այնքան դու նրան:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Նման չեմ — ես եմ, բայց իրոք չկամ:

ԿԻՆ

Գուցե ուրու ես, գուցե սատանա…

Այսքան էլ նմա՞ն…

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Գուցե ստվեր եմ կամ գուցե քամի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Երեկ չէ՞ր, որ քո թաղումն արեցինք:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Թույլ տվեք գոնե նստել, շունչ առնել:

(Ալարկոտ նստում է նստարանին:)

Շատ եմ տառապել,

ծանր է կյանքը թափառականի…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Քեզ չէին ստիպել քո տունը լքել,

այնպես որ հիմա զահլա մի տանի:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Է՛հ, որոշեցի տուն վերադառնալ,

բայց հենց քաղաքում, դեմքն էլ չտեսա,

մեկն անխնա ուժերս քամեց,

չզգացի էլ, թե ինչպես թուլացա…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

(մեկուսի)

Հիմա՛ր Սատանա…

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Կարծես թե մեկը ինչ֊որ բան ասաց:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մի շեղվիր ու քո պատմությունն արա:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Հա, չզգացի էլ՝ ինչպես թուլացա,

արյունս սառեց, ու ընդարմացա:

ԿԻՆ

Հետո՞, հետո ի՞նչ եղավ:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Միայն այդքանը, հետո մահացա:

ԿԻՆ

Բայց կենդանի ես, ասում ես, խոսում:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Ի՜նչ փույթ, երբ ներսս արյուն չի հոսում…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Չե՞ս կարող հստակ ասել,

թե ով ես՝ նմանա՞կ ես կամ…

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Ասացի՝ ես եմ, միայն թե չկամ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Թե որ ոգի ես, լավ կանես՝ չքվես:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Ոնց էլ որոշես,

հիմա Կնոջը ես եմ հարկավոր:

ԿԻՆ

Երբվանի՞ց դարձա այդքան կարևոր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հարկավոր էիր՝ չհեռանայիր,

հիմա ո՞ւմ է պետք սերդ հետմահու:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Հեռանալիս է սերը քաղցրանում,

հեռվից մանրուքն էլ լավ է երևում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մնայիր հեռվում, ինչո՞ւ ետ եկար:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Միայն կնոջը օգնելու համար:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինչի՞ց ես ուզում Կնոջը փրկել:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Ինչից որ այդպես հուզվել է, տխրել:

  • ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այս ի՞նչ են դարձել մեր տղամարդիկ,

լքում են տունը, կին ու ընտանիք,

ու երբ զգում են,

որ բանը բանից անցել է արդեն,

վերադառնում են կրկին հայրենիք:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Բայց հոգիս միշտ էլ մաքուր է եղել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գուցե այդպես է, սակայն այս պահին

փոշու պես շաղ է եկել ամենուր:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Իմ գնալու մեջ նա էլ մեղք ունի,

թե չէ հենց այնպես ո՞վ է ում լքում:

ԿԻՆ

Իմ մեղքը այն է, որ ամեն պահի

նրա անունն էի տալիս իմ հոգում:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Հայացքդ անվերջ

փողոցներում էր ու տնից հեռու,

հասկանում էի՝ սերս կորցնում եմ,

բայց ինչպես փրկել՝ չգիտեի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Եվ ամենահեշտ լուծումը գտար,

գլուխդ առար, թաքուն հեռացար:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Հեռացա, սակայն սիրտս հետս չէր,

սիրտս թողել էի նրան պահապան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Տղամարդիկդ խելոք եք միշտ էլ,

երբ անլուծելի խնդիրներ չկան:

ԿԻՆ

Ինչ-որ մի բան է անպայման փոխվել,

նա ոչ սիրել է և ոչ էլ խանդել:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Գիտեմ, որ երբեք ինձ չես հասկացել,

ու չես զգացել: — Հոգիս տառապյալ

որքան է փորձել գաղտնիքը բացել

միայն քեզ կրկին տիրելու համար:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Եվ ի՞նչ ես համառ ուզում իմանալ:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Թե հեռուներում նա ում է փնտրել:

ԿԻՆ

Դեմքն իմ, քանի որ

չգիտեի, թե որտեղ եմ կորցրել:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Դեմքդ կարող էիր և տանը փնտրել:

ԿԻՆ

Տանը չէի կարող, տունն հրեշի պես

լափում էր հույսիս շողերը վերջին,

սիրտս ձգտում էր դեպի նոր եզերք,

աչքերս՝ դեպի լույսը առաջին:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինչ ուզում էիր, այն էլ իմացար,

այլ պատճառ չկա մնալուդ համար:

ԿԻՆ

Ուրու չլիներ և կամ սատանա…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ի՞նչ եղավ նորից, ինչո՞ւ դալկացար:

ԿԻՆ

Սա թեև անչափ նման է նրան,

բայց ոնց որ նա չէ,

նա հանգիստ մնալ չէր կարող այսքան

ու ինչ-որ մի բան գլխիս կջարդեր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Արյուն որ չեղավ,

հազիվ թե ստիպես մեկին կատաղել:

ԿԻՆ

Բայց ուրվականը

ցերեկվա լույսից պիտի կանաչեր:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Խեղճն սկսել է արդեն զառանցել:

ԿԻՆ

Կարծես ուղեղս սկսում է պարզել:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Գուցե հարմար է, որ բժիշկ կանչեմ:

ԿԻՆ

(օրորվում, ճչում է)

Ախ, ի՛նչ հիմար եմ,

ճիշտ որ ցնդել եմ, խելքս թռցրել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գույնդ գցեցիր, աչքերդ սառեց,

ասես ոչ թե նա, դու ես ուրվական:

ԿԻՆ

(կակազելով)

Ամուսինս չէ, նա է՝ Սատանան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ի՜նչ լկտիություն,

այդքանից հետո շարունակել ծաղրել:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Ոնց երևում է, լավ չէի ծպտվել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մահն իրոք պիտի քեզ իր գիրկն առներ:

ԿԻՆ

Ուր էր, թե լիներ

ու սրան հավետ գետնի տակ քշեր:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Գետնի տակ էլ ինձ ոչինչ չի սպառնում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Անպարտելի ես քեզ պատկերացնում,

արածդ ի՞նչ է՝ գայթակղել կանանց:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Չէ՛, շունչս կրկին նոր թափ է առնում

ու որոշել եմ

աշխարհը պատել խավարով անանց:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Քո ախորժակը մեծ է քեզանից,

զգո՜ւյշ, ինքդ քեզ չխժռես հանկարծ:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Չեմ ներում ես ինձ,

որ քեզ չեմ թողել անկողնուն գամված:

ԿԻՆ

Նա ի՞նչ է ասում,

մի՞թե իսկապես…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինձ էլ է խաբել, ինչպես հիմա՝ քեզ:

ԿԻՆ

Չէ, չեմ հավատում:

Դժոխքի դուռը բացել են իմ դեմ,

սակայն ոչ մեկը կանգնած չի մտնում,

հոսում են, կարծես թե դոնդող լինեն:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Դուք էլ կնեխեք հոտած ջրի պես:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մի մոռացիր, դեռ մաշկդ ինձ պարտք ես:

ԹԱՓԱՌԱԿԱՆ

Այս ցնդածին տես,

հուսով եմ՝ շուտով էլ չեմ տեսնի քեզ…

ռհռում է:)

Հեռանամ, թե չէ սրանք կցնդեն,

իսկ ցնդած կանայք հետաքրքիր չեն:

ԿԻՆ

Ինչո՞ւ չէիր ասել,

որ Սատանայի հետ դու էլ ես պառկել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Չէի ուզում հիշել,

ուրիշին պատմել՝ առավել ևս:

ԿԻՆ

Բա հիմա ի՞նչ ես որոշել անել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սատանայից շուտ Աղջկան գտնել:

ԿԻՆ

Գնա՛նք, թե կրկին շատ չենք ուշացել:

 

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Խավարում լսվում է Աղջկա ձայնը:

Այս ինչ տագնապ է ու այս ինչ թախիծ,

երաժշտության պես մաքուր ու թեթև,

մի՞թե մի ասպետ կարոտում է ինձ,

կանչում է, սակայն տեղը չգիտեմ:

Լույսի շողը լուսավորում է Աղջկան:

Բայց ձայնը նրա լսում եմ անվերջ

և այղ ձայնը ինձ հանգիստ չի տալիս,

ի՞նչ է կատարվում ջահել հոգուս մեջ,

մի՞թե նոր սերը այսպես է գալիս…

Վերջին տողերի հետ բեմը լուսավորվում է: Նախորդ տեսարանն է:

ԱՂՋԻԿ

Գուցե պետք է որ ես նրան կանչեմ

և իմ կանչով նա իմ տեղը գտնի,

ասպե՛տ, երևա՛, որ քեզ ճանաչեմ…

Հայտնվում է Կինը:

ԿԻՆ

Գտա, այստեղ է, այս կողմը արի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ո՞ւր է, ուզում եմ աչքովս տեսնել:

ԿԻՆ

Այստեղ է, այստեղ, մենք չենք ուշացել:

Երկուսով մոտենում են Աղջկան, ողջագուրվում են:

ԱՂՋԻԿ

Հուզված եք թվում, նույնիսկ ավելի,

ի՞նչն է ձեզ այդպես իրարու խառնել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Տագնապում էինք, որ չենք հասցնի,

չենք կարողանա քեզ զգուշացնել:

ԱՂՋԻԿ

Ինչի՞ց և ումի՞ց…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սատանան է մեր սիրտը ահ գցել:

ԱՂՋԻԿ

Ամբողջ աշխարհն է խորշում նրանից:

ԿԻՆ

Ուրախ եմ, որ քեզ դեռ չի հանդիպել:

ԱՂՋԻԿ

Ատում եմ նրան իմ ամբողջ հոգով:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ատելը քիչ է, պետք է պաշտպանվել:

ԱՂՋԻԿ

Բայց ինձ զգում եմ ամուր, ապահով,

ինքս ապրում եմ մի ուրիշ պահով:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Լավ է, որ հոգիդ մնում է ջահել,

սիրտս տեղն ընկավ, ես հանգստացա…

ԱՂՋԻԿ

Բայց ի՞նչ է եղել:

ԿԻՆ

Էլ մի՛ ձգձգիր, եղածն ասա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սատանան է մեր ետևից ընկել:

ԱՂՋԻԿ

Սատանան ո՞վ է, որ ինձ վնաս տա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այդպես մի՛ ասա:

ԱՂՋԻԿ

Բայց ինձ նրա հետ ոչինչ չի կապում:

ԿԻՆ

Սկզբում բոլորն են այդպես մտածում:

ԱՂՋԻԿ

Իսկ ի՞նչ է փոխվել:

ԿԻՆ

Ինձ համար ծանր է եղածը հիշել:

ԱՂՋԻԿ

Թե լռելու եք, ինչո՞ւ եք եկել,

կարծես չգիտեք, որ Սատանան միշտ

մեր լռությունն է մեր դեմ զենք դարձրել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գուցե դու ես ճիշտ,

սակայն Կնոջը իզուր մի տանջիր,

կպատմեմ, եթե ուզում ես լսել…

ԱՂՋԻԿ

Իսկ Կինն ինչո՞ւ է զսպում խոսքն իր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դեռ չես հասցրել իրոք տառապել,

թե չէ նրան շուտ կհասկանայիր:

ԱՂՋԻԿ

Լռությունը շատ չի կարող ասել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ուրեմն ինձ լսիր…

Չնայած դեպքը վաղուց է եղել,

երբ դարձա զոհը նենգ Սատանայի,

վիրավորանքը սակայն չի մեռել,

այդ պահին գուցե քեզնից փոքր էի:

ԱՂՋԻԿ

Ուզում ես ասել…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այսօր էլ նա է ծուղակը ընկել,

մոլորվել է ու տեղը չգիտի:

ԱՂՋԻԿ

Մի՞թե երկուսդ էլ…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մի մոռացիր, որ գայթակղել գիտի

և մեզնից հետո նա քեզ է ընտրել:

ԱՂՋԻԿ

Ապա թող փորձի…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Տե՛ս, որ միամիտ թակարդը չընկնես:

ԱՂՋԻԿ

Մինչև ձեր գալը

այլ զգացում էր սիրտս ջերմացնում:

ԿԻՆ

Զգացումը այդ ծանոթ է այնպես,

բայց կարճ է տևում:

ԱՂՋԻԿ

Ես նրա ձայնը լսում եմ, ինչպես…

ինչպես հիմա ձեզ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ձայնը չի կարող պաշտպան լինել քեզ:

ԱՂՋԻԿ

Ձայնը չի կարող, բայց նրա տերը

անշուշտ ուժեղ է ձեր Սատանայից:

ԿԻՆ

Ուզում ես ասել… Ասել, որ սերը…

ԱՂՋԻԿ

Ահա մեկը, որ շուտ հասկացավ ինձ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Բայց երկնքում են սիրո թևերը՝

հեռու առօրյա շառ ու փորձանքից:

ԱՂՋԻԿ

Թևերն հեռու են, բայց նրանց քամին

քշում է մեղքը սրտի վրայից:

ԿԻՆ

Այդ զգացումը հարազատ է ինձ,

թեև վաղուց է, որ չեմ հանդիպել:

ԱՂՋԻԿ

Կանայք շեղվում են սիրո պակասից,

այ թե ինչու ես փորձանքը ընկել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Եղածն եղել է, պետք է մտածել,

թե չարը ինչպես պատիժն իր ստանա:

Երեկ մենք էինք, իսկ այսօր դու ես,

վաղը չգիտենք՝ ով կդալկանա:

ԿԻՆ

Նրան պատժելու համար անփորձ ենք,

ի՞նչ են անելու երեք թույլ կանայք:

ԱՂՋԻԿ

Մեր էությանը թե ապավինենք

ու միաբանվենք,

հնարավոր է, որ հզորանանք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մեր դատաստանը մենք պիտի անենք

և այդ անարգին դատարան քարշ տանք:

ԿԻՆ

Մի՞թե ուզում ես դատի տալ նրան:

Դեռ երբևիցե մեկը չի եղել,

որ Սատանային տանի դատարան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ուրեմն մեկն այդ հենց մենք կլինենք:

ԱՂՋԻԿ

Այս խաղը կարծես սկսում է դուր գալ:

ԿԻՆ

Չեմ հավատում, թե դատը կշահենք:

ԱՂՋԻԿ

Շահելու համար պիտի հավատալ:

ԿԻՆ

Բայց մեզ չի ծեծել ու չի բռնացել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Նա մեր հոգին է շան առաջ գցել,

իսկ խաբված հոգին չի ապաքինվում:

ԱՂՋԻԿ

Եվ մի մոռացիր, որ նա է սպանել

քո թափառական և խեղճ ամուսնուն:

ԿԻՆ

Իսկ եթե հանկա՞րծ…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ոչ ոք չգիտի՝ ինչ է թաքնված

երակների մեջ չարացած կանանց:

ԱՂՋԻԿ

Ես այս պայքարին տրվում եմ սրտանց:

ԿԻՆ

Հո չե՞մ կարող ձեզ միայնակ թողնել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ավելի լավ է պայքարել-պարտվել,

քան հավերժորեն զգալ քեզ լքված:

 

 

ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ

Բեմի կենտրոնում՝ նախորդ տե­սարանների ֆոնին, ավելացել է դատավորի բազկաթոռը: Բազ­կաթոռի շուրջը կանայք անհան­գիստ ինչ-որ բանի են սպասում:

ԱՂՋԻԿ

Մի Ժամ այստեղ ենք, իսկ ոչ ոք չկա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գուցե սպասում են, որ Սատանան գա:

ԿԻՆ

Մեկն էլ չի ասում, թե ինչքան սպասենք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Պիտի սպասենք, թե ուրիշ ճար չունենք:

ԿԻՆ

Հիմա կուզեի անկողնում լինել,

մայրամուտի պես աննկատ մարել:

ԱՂՋԻԿ

Մարելը քիչ է, լավ է մտածես՝

ինչ ես անելու, որ չարին հաղթես:

ԿԻՆ

Չարից ավելի պիտի չար լինես:

ՁԱՅՆ

Ոտքի՛, դատարանն է գալիս:

Հանդիսավոր ներս է մտնում Դա­տավորը՝ սև թիկնոցով և գլխար­կով, փորձում է հարմար նստել բազկաթոռին:

ԴԱՏԱՎՈՐ

Տուժողներ այսինչն ու այնինչը,

լուրջ բողոքել են Սատանայի դեմ,

իբր հրեշն ու ապականիչը

իրենց խաբել է ու բռնաբարել:

Այդպե՞ս է, թե՞ ոչ…

ԱՂՋԻԿ

Մի բան էլ ավել,

հնարավոր չէ բոլոր մեղքերը նրա թվարկել:

ԴԱՏԱՎՈՐ

Առանց թույլտվության ոչ ոք չխոսի:

ԱՂՋԻԿ

Հունը չմաքրես՝ ջուրը չի հոսի:

ԴԱՏԱՎՈՐ

Ես թույլ չեմ տալիս բուն նյութից շեղվել,

քանզի չեմ ուզում այստեղ գիշերել:

Երեք կանայք, իրար հերթ չտալով, սկսում են բղավել:

ԿԻՆ

Ո՞ւր է Սատանան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ձեզ տեսնում ենք,

սակայն չենք տեսնում նրա մռութը:

ԱՂՋԻԿ

Դատը ընդհատե՛լ:

ԴԱՏԱՎՈՐ

Լռե՛ք վերջապես,

սա դատարա՞ն է, թե՞ կանանց հանդես:

ԱՂՋԻԿ

Իսկ Սատանային ինչո՞ւ չեք կանչել:

ԿԻՆ

Իմ ինչի՞ն է ողջ խոսքն ու զրույցն այս,

լավ ոչինչ չկա, այլ միայն վնաս:

ԴԱՏԱՎՈՐ

Խնդրում եմ լռեք,

հարց տվողը պիտի և լսի,

թե չէ խառնում եք երկիր ու օրենք,

վերածում նիստը ասեկոսեի…

Այժմ թերևս դատը շարունակենք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սակայն Սատանան բացակայում է…

ԴԱՏԱՎՈՐ

Կարող եմ ցույց տալ ես ձեր դիմումը,

որտե՞ղ եք նշել դուք հանցագործի

անունը, հայրանունն ու ազգանունը…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դուք էլ բան գտաք,

Սատանան ո՞վ է,

որ դեռ անունով նրան իմանանք…

ԴԱՏԱՎՈՐ

Ով էլ որ լինի,

դեռ չի պատահել,

որ այստեղ դատեն ինչ-որ ստվերի:

ԿԻՆ

Ավելի լավ է դրան չկանչեն,

առանց նրա էլ կարծես թե լավ չեմ:

ԱՂՋԻԿ

Սատանան չկա, մեր գործը ո՞րն է,

քանի ժամ այստեղ ներվեր ենք մաշում,

երբ հանցագործը ազատ ու անհոգ

քայլում է, խնդում ու քեֆ է քաշում:

ԴԱՏԱՎՈՐ

Բայց նաև նրա հասցեն չեք նշում…

ծանուցագիրը որտե՞ղ ուղարկել,

առանց հասցեի հնարավոր չէ

որևէ մեկին դատարան կանչել:

ԱՂՋԻԿ

Եթե այդպես է,

էլ մեզ ինչո՞ւ եք այստեղ հավաքել:

ԴԱՏԱՎՈՐ

Զգուշացնելու,

որ թեև շատ ենք ուզում ձեզ օգնել,

բայց չգիտենք, թե ում ենք դատելու:

ԱՂՋԻԿ

Կարծես չգիտեք՝ ով է Սատանան,

հասցե եք ուզում — հասցե որտեղի՞ց,

թեև եղել է Ադամից առաջ,

հայտնի չէ՝ ո՞վ է, ո՞ր մոլորակից:

Քամու պես շրջում ու հայտնվում է

մերթ արևելքից, մերթ էլ հյուսիսից,

փորձում է քշել, ինչ որ գտնում է,

ամեն ինչ սրբել երկրի երեսից:

ԿԻՆ

Խնդրում եմ, կամաց,

ինձ թվում է, թե

նա հետևում է մեզ ինչ-որ տեղից:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հերիք սարսափես նրա ստվերից:

ԿԻՆ

Ցանն էլի սկսեց մարմինս թերթել,

ինչպես այն պահին, երբ տիրում էր ինձ:

ԴԱՏԱՎՈՐ

Նիստը այս, հարկավ, չարժե շարունակել,

սիրտս խառնում է պարապ զրույցից,

որտե՞ղ եք տեսել, որ քամի դատեն:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մենք էլ սրա հետ հույսեր էինք կապել:

ԴԱՏԱՎՈՐ

Թե հասցեն գտնեք, համեցեք նորից:

ԿԻՆ

Թվում է՝ մեկն ինձ խամաճիկ դարձրել,

թելերը ձգում, չի թողնում կանգնել:

(Փլվում է հատակին:)

ԴԱՏԱՎՈՐ

(ելնում է բազկաթոռից, մոտե­նում է Կնոջը)

Ինչո՞վ կարող եմ, տիկին, ձեզ օգնել:

Կինը բարձրացնում է հայացքը, մի պահ սևեռուն նայում է Դատավո­րին, որը նրա թևից բռնելով ուզում է բարձրացնել, սակայն սարսափած ազատում է թևը և ծնկաչոք փորձում է հեռու փախչել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Նորից ի՞նչ եղավ:

ԿԻՆ

Ավա՜ղ, կասկածս իրականացավ:

ԱՂՋԻԿ

Ձեռքից գնում է,

ավելի լավ է օգնություն կանչեմ:

ԿԻՆ

Դատավորը չէ, դատավորը չէ…

ԱՂՋԻԿ

Աչքիդ էլի ի՞նչ երևաց, ասա՛:

ԿԻՆ

Ես կարողացա նրան ճանաչել,

դատավորը չէ, Սատանան է սա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մի՞թե հրեշը նորից է ծպտվել:

ԴԱՏԱՎՈՐ

Հնարավոր չէ ինձնից խուսափել:

ԱՂՋԻԿ

Իրոք անպատկա՛ռ,

ոչ միայն նենգ ես, խավարի ջադու,

նաև ճղճիմ ես, նույնքան խելագար,

հավերժ ատելի Տիրոջն ու մարդուն:

ԴԱՏԱՎՈՐ

Բարկանալիս քո

շուրթերն ուռչում են կոկոնի նման:

Սիրտս ալիքվում ու ծափ է տալիս,

սպասելով, երբ ծաղիկ կդառնան:

ԿԻՆ

Շո՛ւտ, քշե՛ք նրան:

ԱՂՋԻԿ

Կպել, չի պոկվում մազութի նման:

ԴԱՏԱՎՈՐ

Ամեն բառիդ հետ

ավելի չքնաղ ու ցանկալի ես,

հիմա որ արդեն

երազներում էլ տենչալու եմ քեզ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Զգո՜ւյշ, որ հիմար վիզդ չկոտրես:

ԴԱՏԱՎՈՐ

Դո՛ւք զգուշացեք շառ ու փորձանքից,

անհայտ ծնվում եք, մեռնում եք անհայտ,

իմը ուրիշ է,

ես ոչ սկիզբ ունեմ և ոչ էլ ավարտ:

ԱՂՋԻԿ

Շրջապտույտը գցեմ քեզ այնպես,

որ սկիզբդ հիշես ու վերջդ գտնես:

ԴԱՏԱՎՈՐ

Թե որ այդպես է, դեռ քեզ հյուր կգամ,

իսկ հիմա գնամ…

(Հռհռալով հեռանում է:)

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Մեզ հիմարացրեց ևս մի անգամ:

ԱՂՋԻԿ

Ավելի լավ է Տիրոջն աղոթենք,

Տերը մեզ կօգնի, որ մի ճար գտնենք:

Հայտնվում է Կաշեվաճառը՝ պար­կը ուսին:

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Սատանայի կաշի՜, սատանայի կաշի՜,

Հագիր-բանեցրու՝ երբեք չի մաշի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Կաշի բղավե՞ց, թե՞ վատ լսեցի:

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Սատանայի կաշի՜, սատանայի կաշի՜…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հե՛յ, վաճառակա՛ն, այս կողմը արի:

ԱՂՋԻԿ

Քո ինչի՞ն է պետք, իզուր մի կանչիր:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հետաքրքիր է, ուզում եմ ճշտել,

թե արդյոք ի՞նքն է իր կաշին մաշկել:

ԿԻՆ

Սա էլ ծուղակ է, և վաճառողն էլ

հնարավոր է՝ սատանան լինի…

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Կանչեցի՞ք, տիկին,

ո՞ր գույնը բացեմ՝

կանա՞չ, թե՞ կարմիր, կապո՞ւյտ, թե՞ դեղին:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Կաշին ինչո՞ւ եք բազմագույն ներկել:

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Կաշին մեկը չի, ցույց տամ ձեզ ո՞րը…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Կարծես թե նորից լավ չլսեցի:

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Իրավ է, տիկին, Սատանան օրը

հարյուրից ավել կաշի է փոխում,

և մեկը մյուսից ամուր որակի:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Իսկ այդքան կաշի ո՞ւմ եք վաճառում:

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Գնորդը լիքն է ու չի հերիքում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Բայց զզվելի է հենց կաշվի տերը…

ԿԱՇԵՎԱՃԱՌ

Է՛հ, ժամանակից բան չեք հասկանում,

մինչդեռ շատերը

այս կաշվի մեջ են ծնվում-մեծանում…

(Հեռանում է՝ կանչելով:)

Սատանայի կաշի՜, սատանայի կաշի՜…

ԿԻՆ

Սիրտս հուշում է, որ հաստատ նա էր,

մի քիչ էլ մնար՝ սիրտս կմարեր…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Այսքանից հետո ուրիշ ի՞նչ անել:

ԱՂՋԻԿ

Մեզանից բացի ոչ ոք չի կարող մեր հարցը լուծել…

ԿԻՆ

Ես որ չեմ կարող այլևս պարտվել:

ԱՂՋԻԿ

Մեր թուլությամբ էլ կփորձենք հաղթել:

 

 

ՊԱՏԿԵՐ ՈՒԹԵՐՈՐԴ

Ծանոթ տեսարանը: Երեք կանայք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Թե ինչ-որ պահի հանկարծ շփոթվես,

ձևացրու, իբր, հուզմունքից է մեծ:

ԱՂՋԻԿ

Չհավատաց կամ եթե կասկածեց,

ինչ էլ որ լինի, խաղդ չընդհատես:

ԿԻՆ

Միայն դիմանամ, ուշքս չգնա:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հիշիր, որ կինը վրեժ լուծելիս

ի՛նքն է սատանա:

ԿԻՆ

Մոտերքում եղեք, հեռու չգնաք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ժամանակն է, որ նրա հախից գանք:

ԱՂՋԻԿ

Չկանչես էլ՝ մենք ինքներս կգանք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Իսկ թե նեղն ընկնես և կամ թուլանաս,

հիշիր, թե որքան ցավ է պատճառել,

քո ցավից էլ հենց նոր ուժ կստանաս,

որով էլ պիտի խաղդ շարունակես:

ԱՂՋԻԿ

Հիմա բաժանվենք, Սատանա է, չէ՞,

միասին տեսավ, կարող է փախչել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Աստված տա արագ ուզածիդ հասնես,

պահ էլ չի անցնի, կմիանանք քեզ:

Աղջիկն ու Հասուն Կինը հեռանում են: Կինը եր­գում է առաջին պատկերի երգը: Անսպասելի հայտնվում է Սատա­նան, զգույշ քայլերով մոտենում է:

ԿԻՆ

Ահ, դու ես էլի…

Երգս ընդհատվեց:

ՍԱՏԱՆԱ

Չես պատկերացնի,

ձայնդ լսելով՝ հոգիս ոնց հուզվեց:

ԿԻՆ

Մի՞թե համրի պես լռելու եմ միշտ,

որ մոռանաս ու ինձ լքես ընդմիշտ:

ՍԱՏԱՆԱ

Ինքս էլ չգիտեմ ինչ է կատարվում,

ձայնդ լսելով՝ գժվում եմ կարծես,

կրակը ընկած դես ու դեն վազում

ու փնտրում եմ քեզ:

ԿԻՆ

Ուր էր, Աստված տար, այնպես կրակվես,

մոխրի պես շաղվես խոտերի վրա,

վերանաս, չքվես,

որ երկիրը այս քիչ հանգստանա:

ՍԱՏԱՆԱ

Խոսքիդ մեջ ցավը շատ է ծանրացել,

և կորացել ես չարությունից,

դեմքիդ ինչ-որ նոր գույն է հայտնվել,

որ մինչև հիմա անծանոթ էր ինձ…

ԿԻՆ

Մի փորձիր պարզել,

թե չէ կզզվես ինքդ քեզանից:

ՍԱՏԱՆԱ

Կարճաժամկետ եմ թեև հեռացել,

բայց ինչ֊որ մի բան շեղվել է հունից:

ԿԻՆ

Ես երեխա եմ սպասում քեզանից:

ՍԱՏԱՆԱ

(լրջանում է)

Լավ չլսեցի՞… Ուզում ես ասել…

Կրկնիր, խնդրում եմ, ու մի՛ տանջիր ինձ:

ԿԻՆ

(իբր զղջալով)

Ճիշտ են ասում որ,

իբր կանայք գաղտնիք պահել չգիտեն:

ՍԱՏԱՆԱ

Սակայն խնդրում եմ, որ ասես նորից:

ԿԻՆ

Ես երեխա եմ սպասում քեզանից:

ՍԱՏԱՆԱ

Ոչ մի լուր, ոչինչ չէր ցնցել այնպես,

հիմա իսկապես որ պաշտում եմ քեզ:

(Պտտվում է Կնոջ շուրջը, կրկնե­լով՝ երեխա, երեխա…)

ԿԻՆ

Գժվեցիր հաստատ…

ՍԱՏԱՆԱ

Ես ինձ զգում եմ չափազանց հպարտ,

որ գտնելու եմ փոխարինողի:

ԿԻՆ

Բայց չեմ պատրաստվում լույս աշխարհ բերել

նոր սատանայի…

ՍԱՏԱՆԱ

Դու այդքան դաժան չես կարող լինել:

ԿԻՆ

Դու արժանի չես այլ պատասխանի:

ՍԱՏԱՆԱ

Երջանկություն է այսքան դարեր անց՝

հայր լինել հանկարծ…

ԿԻՆ

Իմ ինչի՞ն է քո երջանկությունը,

չարի զավակին ես մայր չեմ լինի,

ինձ ատելի է և՛ քո արյունը,

և՛ քո զավակն է նույնքան ատելի:

ՍԱՏԱՆԱ

Մայրը չի կարող իր որդուն սպանել,

որքան էլ հայրը ատելի լինի:

ԿԻՆ

Չեմ ուզում կրկին ինձ դավաճանել

ու աշխարհ բերել նոր սատանայի:

ՍԱՏԱՆԱ

Կփորձեմ ուղղվել,

կջանամ դառնալ ազնիվ ու բարի,

եթե իմանաս՝ ոնց եմ երազել,

որ մի անգամ էլ ինձ ասեն հայրիկ…

ԿԻՆ

Հայր լինելուն դեռ չես արժանացել:

ՍԱՏԱՆԱ

Ինչպե՞ս համոզեմ, ինչե՞ր խոստանամ…

ԿԻՆ

Շատ բաներ ես կյանքում խոստացել,

բայց տեր չես եղել և ոչ մի անգամ:

ՍԱՏԱՆԱ

Ո՞վ կմտածեր,

թե երեխան ինձ կփոխի այսքան,

երեկ ուրիշ էր,

այսօր խառնվեց ներսս ամեն բան:

ԿԻՆ

Արդեն վճռել եմ, թե ոնց է հարմար:

ՍԱՏԱՆԱ

Չգիտես, թե ինչ կանեմ քեզ համար,

քեզ կդարձնեմ իմ սիրասուն կինը,

շուրջդ կփռեմ ոսկի ու գոհար,

ինչ որ ուզենաս, ինչը անգին է…

Ամբողջ աշխարհը քեզ կնվիրեմ,

միայն թե ծնես, ու հայրիկ լինեմ:

Հայտնվում է Աղջիկը:

ԱՂՋԻԿ

Ի՜նչ էլ շռայլ ես,

մի՞թե շուրթերս էլ չեն հուզում քեզ:

Հայտնվում է Հասուն Կինը:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Տեսե՞լ ես՝ մարդը սատանա բերի…

Ո՜վ գիտի, ծնունդն ինչքան կտևի:

ՍԱՏԱՆԱ

Պատրաստ եմ սպասել՝ որքան էլ տևի:

ԱՂՋԻԿ

Կարող է նաև այնպես պատահել,

որ չհասցնի մայրն այդքան ապրել:

ՍԱՏԱՆԱ

Ես նրա կյանքը կերկարացնեմ…

ԿԻՆ

Իսկ մեզ հետ ի՞նչ ես որոշել անել:

ՍԱՏԱՆԱ

Ցավում եմ, սակայն առաջվանը չեմ…

ԱՂՋԻԿ

Իսկ ի՞նչ է փոխվել…

ՍԱՏԱՆԱ

Այն, որ ուզում եմ իրոք հայր լինել:

ԱՂՋԻԿ

Բայց նա չի կարող ծննդաբերել…

ՍԱՏԱՆԱ

Կծննդաբերի ինչպես ամեն կին:

ԱՂՋԻԿ

Թե պոզ չլինի մանկիկի գլխին:

ՍԱՏԱՆԱ

Մի՞թե մի այլ տեղ անեյիք չունեք,

որ իմ կնոջ հետ ինձ մենակ թողնեք:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ո՞նց քոնը դարձավ, ինչպե՞ս, երբվանի՞ց:

ՍԱՏԱՆԱ

Հենց որ լուր տվեց իմ երեխայից:

ԱՂՋԻԿ

Բայց տենչում էիր ինձ…

ՍԱՏԱՆԱ

Չեմ ուզում խոսել անցյալ բաներից:

ԱՂՋԻԿ

Վաղն էլ երեխադ կդառնա անցյալ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դեռ չի էլ ծնվել, բայց արդեն գիտես,

որ սատանա է լինելու քեզ պես:

ՍԱՏԱՆԱ

Ինչ որ ուզում եք, ասեք, ես կանեմ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ուզում եմ, որ քո կինը ե՛ս լինեմ:

ՍԱՏԱՆԱ

Չեմ ուզում և չեմ լքի ես նրան,

հիմա նա է, ես ու իմ երեխան:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Նորից խոստացար, նորից չարեցիր,

բառերդ են ուրիշ, բնույթդ նույնն է,

այնպես որ չքվիր ու մեզ մոռացիր,

ուրիշ տեղ հյուսիր քո ստի բունը:

ՍԱՏԱՆԱ

Անհնարին է ձեզ հավատացնել,

թե Սատանան էլ կարող է փոխվել,

սակայն որքան էլ խոսեք անցյալից,

ինձ չեք բաժանի իմ երեխայից:

ԱՂՋԻԿ

Աչքերդ կրկին դարձան գիշատիչ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ինքն է տուժելու իր չարությունից:

ՍԱՏԱՆԱ

Բարեգութ եղեք, հանդարտվեք մի քիչ:

ԱՂՋԻԿ

Երեխա չկա և չկա ոչինչ…

(Պտտվում է Սատանայի շուրջը՝ կրկնելով:)

Երեխա չկա և չկա ոչինչ…

Աղջկան հետևում է Հասուն Կինը:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Երեխա չկա և չկա ոչինչ…

ՍԱՏԱՆԱ

(բղավում է)

Էլ չեմ դիմանում,

լռե՛ք վերջապես:

ԱՂՋԻԿ

Սեփական ցավը վնաս չի տա քեզ:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Հիշի՛ր, ինչքան ես չարչարել մարդկանց

ու ինչքան վիշտ են քեզանից տեսել,

արհամարհում էիր ու ատում նրանց,

երազում էիր՝ ինչպես հալածել:

ԱՂՋԻԿ

Հիմա տառապիր,

որ ցավի ուժը իրական զգաս:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Գուցե թե այնժամ մարդկանց հասկանաս:

ԱՂՋԻԿ

Չկա երեխա ու չկա ոչինչ…

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սիրտդ թող տնքա, տառապիր մի քիչ:

ՍԱՏԱՆԱ

Իմ երեխային փրկելու համար կանեմ ամեն ինչ:

ԱՂՋԻԿ

Բութ ես ու ցանցառ,

թե խելքի չգաս, չի փրկի ոչինչ:

ՍԱՏԱՆԱ

Կանեմ ամեն ինչ… կանեմ ամեն ինչ…

(Խելագար պտտվում է տեղում և փախչելով:)

Կա՛մ իմ երեխան,

Կա՛մ այս աշխարհում չի մնա ոչինչ:

ԱՂՋԻԿ

Անկեղծ զայրացավ ու ձև չէր թափում:

ԿԻՆ

Իրոք անկեղծ էր, իրոք չէր խաբում:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Նշանակում է… նշանակում է,

կատարվեց, ինչպես որոշել էինք,

այսպես է սկսվում չարի անկումը,

երբ շփոթում են երկիր ու երկինք:

ԿԻՆ

Ուշքի չեմ գալիս, մի՞թե հաջողվեց,

ու դեռ չծնված երեխայի դեմ

նույնիսկ Սատանան քնքշացավ,

փափկեց, մոմի պես հալվեց:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Սա հաղթանակ էր,

որ երեխայի անունով ծնվեց:

ԿԻՆ

Սիրտս հանդարտվեց:

ԱՂՋԻԿ

Ուզում եմ պարել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Ուզում եմ գնալ, մտնել մարդկանց մեջ

ու նրանց անցավ աչքերին նայել:

ԿԻՆ

Այս հաղթանակը ինձ էլ ուժ տվեց

և հոգիս էլ է ցանկանում պարել…

ԱՂՋԻԿ

Բայց չէ՞ որ գործի դեռ կեսն ենք արել:

ՀԱՍՈՒՆ ԿԻՆ

Դրա համար էլ

Վարագույրները պետք չէ իջեցնել:

Չարը արթուն է, չի հանգստանում,

Մենք ենք մեր փոքրիկ հաղթանակներով

պարտությունները իսպառ մոռանում՝

թուլացնելով մեզ հոգով ու մարմնով:

Թե չթուլանանք, միասին լինենք,

պաշտպանված ամուր մարդկային սիրով,

հնարավոր է, որ հաղթանակենք

նաև պարելով, այսպես պարելով:

Հնչում է երաժշտությունը, երեք կանայք աստիճանաբար մտնում են պարի մեջ: Մեղմ, հանդարտ պարը հետզհետե դառ­նում է ավելի եռանդուն ու կրքոտ: Եվ պարի ընթացքում անսպասելի անշարժանում են:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։