Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՋԱՅԼԱՄԸ ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՋԱՅԼԱՄԸ ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում

 

Եթե անգամ այս պահին անհամեստորեն ցցված չլինեի ձեր աչքի առջև, միևնույն է, ասֆալտին հայտնված ջայլամի հոգեվիճակից անհնար է ազատվել… Ուրեմն՝ ի՞նչ: Մնում է ապավինել ջայլամի այլ՝ վազել-փախչելո ՞ւ ունակությանը…

Ո՛չ: Կարծում եմ, բոլորիս փրկությունն այն գիտակցության մեջ է, որ, ի վերջո, ջայլամը նախ և առաջ թռչուն է և պարտավոր է հիշել իր հիմնական՝ թռչելու հատկանիշը: Այս հարցում, հուսով եմ, իմ հերոսուհին ինձ հետ համաձայն է:

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

 

ՋԱՅԼԱՄԸ ԱՍՖԱԼՏԻ ՎՐԱ

Մոնոդրամա

 

Աստիճանաբար լուսավորվող բեմի կենտրոնում փողոցային խոշոր աղբարկղ է: Այն խորհրդանշական է, ոճավորված, հնարավորինս՝ աննյութական: Կարևորվում է կենցաղայնության բացակայությունը: Բեմում ամեն ինչ մաքուր է, գեղեցիկ: Աղբարկղի կողքին կանգնած է դեռևս երիտասարդ հերոսուհին: Գեղեցիկ է, հագնված է համեստ, բայց տպավորիչ: Ձեռքին կոկա-կոլայի կիսադատարակ շիշ է:

 

— Լռություն, խնդրում եմ…

Ձեր բուռն ծափերին պարտավորված չեմ պատասխանել շնորհակալական խոսքով: Ձեր տարակուսած լռությունը առավել սրտովս է:

«Վճռել եմ այսօր ձեզ զվարճացնել…

Ես, ինչ խոսք, այսօր պիտի բոց չուտեմ

Կամ կուլ տամ դաշույն…

Ախր, ինձ համար ոչ մի բան չարժի

Փայտին տալ, ասենք, ուղեղի ծալքեր,

Ուղեղից՝ հավի համեղ կուտ սարքել,

Կուտից ՝ կերակուր հասարակական»…

Սա, անշուշտ, կատակ էր:

Եվ այսպես, մեծարգո տիկնայք և պարո­նայք.

Ինչպես և մեծարգո պարոնայք և տիկնայք…

Աններելի թյուրիմացություն, կոպիտ սխալ­մունք է թույլ տրվել և ես պարտավոր եմ ուղղել այդ սխալը… հանուն մեր օրինակելի համակե­ցության…

Ես կտրականապես դեմ եմ, ավելին, ես բո­ղոքում եմ լավագույն դերակատարման այս

«Օսկարը» ինձ հատկացնելուն և հրապարակավ այն ձեզ եմ վերադարձնում: (Դահլիճի կողմ է նետում կոկա-կոլայի շիշը:) Ես հասկանում եմ ձեր հուզմունքը, բայց կխնդրեի չաղմկել: Թույլ տվեք հիմնավորել: Անշուշտ, իմ այս քայլը առավել տպավորիչ, նաև ընկալելի կլիներ, եթե այն հիմնավորեի քաղաքական նկատառումնե­րով: Ավաղ, այդպես չէ: Չնայած դրա հիմքերը, անշուշտ, կան… Անարդար, կոռումպացված իշ­խանություն, բռնատիրական նկրտումներ, համատարած թշվառություն….

Իմ ըմբոստանալու պատճառներն ավելի լուրջ են ու հիմնավոր…

Այդ մասին դեռ կխոսենք: Մի փոքր համբե­րություն:

Նախ տեսնենք, թե ի՞նչ անակնկալ է այսօր ինձ պարգևելու իմ հավատարիմ աղբարկղը: Ողջո՜ւյն, Մադլեն… Թույլ կտա՞ս այս գիշեր քեզ այդ անունով կոչել… Ինչպես միշտ, դու մե­ծահոգի ես: Ախ, Մադլեն, համբուրում եմ քո չնաշխարհիկ ձեռքը, շնորհապարտ լինելով քո ցույց տված առատաձեռնությանը… (Որոշ ժա­մանակ զբաղված է աղբարկղը քրքրելով: Հան­կարծ ընդհատում է գործը, ակնդետ նայելով հանդիսատեսին:)

Ձեզ վրդովում է իմ զբաղմո՞ւնքը… Իզուր: Սա առավելագույնն է, ինչը կարող է իրեն թույլ տալ բարձրաշխարհիկ կինը: Ես նույն ներո­ղամտությամբ վերադարձնում եմ ձեզ ձեր ներո­ղամիտ ժպիտը…

Ի՞նչ բան է աղբը: Դա բարեկեցությանը տրված մեր տուրքն է: Բնության մեջ աղբ չկա: Այն մեր արգասիքն է, միակ ճշմարիտ ու ան­կեղծ ստեղծագործությունը… Ուստի, նրան հարկ է հարգանքով վերաբերվել: Աղբ քչփորե­լը խիստ էլիտար արվեստ է և հասու չէ ամենքին: Առաջնայինը այստեղ արժանապատվու­թյան բարձր գիտակցությունն է: Եթե այն չկա, ապա ոչ մի ճերմակ ձեռնոց ձեզ չի փրկի:

Ամեն աղբակույտ չի կարելի քչփորել: Նախ պետք է աղբը տարբերակել կարողանալ: Ան­շուշտ, աղբի որակն այսօր շատ է ընկել… Ինչ­պես և արվեստի մյուս բնագավառները: Բայց դա ինձ չի հուսահատեցնում: Ընդհակառակը, նշանակում է՝ որակյալ մարդիկ շատացել են: Արժանավոր մարդը թշվառ է, նրա արտադրած աղբը՝ անորակ: Ցավոք, այդպես է… Կամ՝ բա­րեբախտաբար: Իսկ, ա՛յ, բարեկեցիկ, այսինքն՝ անորակ խավը կարող է մեկ արժեք ստեղծել միայն՝ որակյալ աղբ: (Աղբարկղի միջից հանում է գրքերի կապուկ:) Ա՜խ, Մադլեն, Մադլեն… Քո երևակայությունն անսպառ է: (Գրքերը շարում է բեմով մեկ:) «Հրանտ Մաթևոսյան», «Գուրգեն Մահարի», «Սովետահայ թատրոնի պատմու­թյուն»… (Նետում է աղբարկղը:) Պարդոն, Մադլե՞ն… «Շեքսպիր. Համլետ. Իշխան Դանեմարքայի, ողբերգություն հինգ արարվածով, Պետհրատի էժանագին գրադարան»… Օ, սը՜ր… Անչափ շոյված եմ: Ինչ-ինչ, բայց մեր հանդիպումը այստեղ հաճելի անակնկալ էր… «Ռերիխ»… «Նովալիս»… «Էրազմ Ռոտերդամցի»… Ինչպիսի՜ հասարակություն…

«Երիկամային հիվանդություններ»… Այ, սա արժե… Կարգին քաշ ունի:

Դուք դեռ տարակուսում եք, թե ինչո՞ւ եմ «Օսկարը» վերադարձնում… (Աղբարկղից հա­նում է գեղեցիկ, մոդեռն աթոռ, նստում է:) Ոչ վաղ անցյալում, այն մութ, ցուրտ տարիներին, ամեն անգամ, երբ հավերժական խավարի մեջ ննջարանը անսպասելիորեն լցվում էր առատ լույ­սով, անկողնու դիմաց, ճերմակ պատի ճիշտ կենտրոնում, խանդավառ վազքով հայտնվում էր… Խոշոր, սև տարական էր. խավարասեր անունը այս դեպքում չի հնչում: Անունը Դիոգենես էր: Ես գնահատում եմ այդ վեհ կերպարի խիզախ մարտահրավերը իր խավարամիտ ցե­ղի դեմ:

…Ինչո՞ւ հիշողությանս ճերմակ պատին նո­րից ցցվեց Դիոգենեսի հայտնությունը… Ի ցույց ամենքիդ արժանապատիվ կեցվածք ընդունելը, թերևս, ինչ-որ տեղ զուգահեռում է ինձ Դիոգենեսին… Ամենացցուն տարբերությունը, իմ պա­րագայում, լույսի իսպառ բացակայությունն է: (Ուշադիր նայում է ձեռքին մնացած բրոշյուրնե­րից մեկին:) «Կոմունիզմ կառուցողի բարոյա­կան կոդեքսը»: (Նետում է աղբարկղ:) Դաժան է խոստովանել, որ այդ ճշմարիտ մտավորակա­նի հանդեպ տածած խորին ակնածանքը չխան­գարեց, որ մի լուսավոր, բայց ոչ այնքան գեղե­ցիկ գիշեր հումանիզմի և առաջադիմության այդ աննկուն մարտիկին պատուհանից դուրս նետեի: Դա ճակատագրական պահ էր, ինչին դեռ առիթ կլինի անդրադառնալ: (Երկար նա­յում է ձեռքին մնացած բրոշյուրին:) «ՀՀ Սահ­մանադրություն»: (Անորոշ դադարից հետո մոտենում է «Շեքսպիրին:) Թույլ կտա՞ք, սըր… (Վերցնում է գիրքը, սկսում թերթել: Դիմում է աղբարկղին:) Օրիո՛րդ, կարելի՞ է ձեր գոգի մեջ ձգվել… Ուզում եմ ասել՝ գլուխս դնել ձեր գո­գին… Ա՜հ, առաքինի ես դու… Եվ գեղեցիկ… Եթե առաքինի և գեղեցիկ ես, առաքինությունդ ոչ մի առնչություն չունի գեղեցկությանդ հետ… Գեղեցկությունը ավելի շուտ ունակ է առաքի­նությունը վերածել լրբության, քան առաքինու­թյան ուժը կարող է գեղեցկությունը նմանեցնել իր պատկերին: Օֆելյա, մտի՛ր կուսանոց: Ինչո՞ւ ես ուզում մեղավորներ աշխարհ բերել… Մենք բոլորս էլ առաջնակարգ սրիկաներ ենք: Ոչ մե­կիս չհավատաս… Մտի՛ր կուսանոց… Իսկ եթե պիտի ամուսնանաս, ամուսնացիր հիմարի հետ, քանի որ խելացիները լավ գիտեն, թե նրանց ինչ հրեշներ եք դարձնում… Հայդե՛, մտիր կու­սանոց… Կամ՝ «Օրինաց երկիր»… Մինիստր կդառնաս:

«ՀՀ Սահմանադրություն»… Հիմա ես քեզ ի՞նչ անեմ: Ոչ ոքի պետք չես: Բայց, դե, աղբարկղն էլ չես գցի: Քեզ կարելի է միայն գիշերը, այլ գրքերի հետ տանել ու դնել աղբարկղի կողքին:

…Հանճարեղ, պայծառ մի ընկեր ունեի: Երազում էր քաղաքի ջրցան մեքենաներին ու աղբարկղներին զգեստներ հագցնել, չթե շրջազգեստ, ու վրան ծաղիկներ նկարել: Այդ առաջարկով մտել էր քաղաքապետարան: Պատկերացնո՞ւմ եք… Իսկ ինչո՞ւ չեք ծիծաղում: (Տխուր, մաներային քայլով գալիս է բեմառաջ, ձեռքի անփույթ շարժումով մեքենա կանգնեց­նում:)

Ինչո՞ւ կանգնեցիր… Ի՞նչ ես ապուշի պես ժպտում… Այդ ե՞ս կանգնեցրի… Իսկապե՞ս, ին­չո՞ւ կանգնեցրի… Հետո՞ ինչ, որ կանգնեցրի… Ուրեմն ամեն շրջազգեստի առաջ պիտի ստո­րանա՞ս… Լավ, լավ, հիշեցի, ուզում էի պարզա­պես հիշեցնել, որ Առողջապահության նախա­րարությունը զգուշացնում է՝ շքամուտքերում միզելը վնաս է անասնությունը վկայող ձեր հա­վելվածին… (Ծիծաղ:) Ի՛նքդ ես, այդ ամենը ի՛նքդ ես… (Տեղից պոկվող մեքենայի ետևից:) Անասո՛ւն… Տակա՛նք… Ո՛րձ: (Կծկվում է աղ­բարկղի տակ, հեկեկոցը աննկատ վերածվում է հռհռոցի:)

…Երեկ գիշեր… Աստված իմ, ծիծաղից կմեռնեմ… Իսկ երեկ, թվում էր, սարսափից կմեռնեի: Ուրեմն, գիշերվա կեսին իմ ու Մադլե­նի կողքին անսպասելիորեն մեխվեց մի խոշոր, շքեղ ավտոմեքենա: Մակնիշներից ես գլուխ չեմ հանում: Մեջս դև մտավ: Ուզեցի այդ հաստա­վիզ անասունի ռեխը տեսնել: ժպտալով մոտե­ցա… Մգացված ապակին ցած իջավ… Ես ապուշ կտրեցի… Կին էր… Հասուն, տպավորիչ, նախանձելիորեն գեղեցիկ: Մթան մեջ նրա նուրբ պարանոցին փայլում էին ադամանդե աստղերը, ակնոցի ապակիների ետևում ժպ­տում էին նույնքան փայլփլուն վավաշոտ աչքե­րը: Ես ինձ թույլ չեմ տա կրկնել նրա լպիրշ ռեպլիկները: Թքեցի դեմքին ու տրամադրվեցի դաժան տեսարանի: Բայց մրահոն տիկինը իր խորհրդավոր ավտոմեքենայով անհավատալի արագությամբ չքվեց գիշերվա խավարում: Նա հավանաբար ծանոթ չէր ՀՀ Սահմանադրու­թյանը, ուր պետք է որ ամրագրված լինի արժա­նապատիվ ապրելու իրավունք, ըստ որի ինքն էլ իր հերթին իրավունքը ունի թքել իր բարձ­րաստիճան ամուսնու դեմքին… Ընդհանրապես կինը դրսում նույնքան անհեթեթ է, որքան տղա­մարդը՝ տանը:

Ինչևէ, որքան էլ անհավատալի է, լույսը բացվեց: Ճիշտ է, ուշացումով: (Աղբարկղը դար­ձել է ռոյալ. հնչում է Բախ… Շեղվում է նվագե­լուց, իսկ երաժշտությունը շարունակվում է: Աղ­բարկղից հանում է փոքրիկ, կլոր սեղան, վրան գցում ճերմակ սփռոց: Աղբարկղից հայտնվում են նաև շամպայն, բյուրեղապակե ըմպանակ, շոկոլադի տուփ, անձեռոցիկ:)

Ինքս ինձ և հասարակությանը տրամադրում եմ թեթև, էլիտար զրույցի… Բայց քեզ, Մադլեն, խաբել չեմ կարող: Խոսքը վերաբերում է Դիոգենեսի չարաբաստիկ պատմությանը: Այն օր­վա դաժան տրամաբանությամբ ոչ թե խավա­րը, այլ ցերեկվա լույսն սկսեց կրել խավարասե­րի խորհուրդը:

Դուք առիթ ունեցե՞լ եք նայելու խավարա­սերի աչքերի մեջ… Իսկ ես այդ սարսափը զգում եմ ամեն առավոտ, լույսը բացվելիս: Հիմա ար­դեն նրանն են ցերեկվա փողոցները, ուր ամեն ինչ գլխիվայր է. թագավորը չգիտե, որ ինքը թագավոր է և փողոցե-փողոց ընկած թավջու­թակ է նվագում… Թագավորը գիտե, որ ինքը թագավոր չէ, բայց շարունակում է թագավոր խաղալ… Կոշկակարը երաժշտություն է գրում, գիտնականը՝ ելակ աճեցնում… Հավանաբար ես մոլորության մեջ եմ. երկրի իմաստուն տերե­րը որոշել են հենց այս կյանքում իրագործել «Աոաջինները կլինեն վերջինը, վերջինները՝ առաջինը» ավետարանական կարգախոսը:

Ինչևէ, ցերեկը իրականում գիշեր է, աղ­բարկղը՝ ռոյալ, աղբարկղ քչփորողն էլ, ով գիտե, «Օսկարի» հավակնորդ… Ահա ինչու եմ հրաժարվում «Օսկարից»: Հրաժարվել մի բա­նից, ինչը քոնը լինել չի կարող, քանի որ իրա­կանում քոնն է… Մադլեն, հուսով եմ, գոնե դու ինձ հասկացար: (Շարունակում է զննել կապու­կի գրքերը:)

«ՀՀ Սահմանադրություն», «Հին հունական ողբերգություններ», «Կարեն Ա. Սիմոնյան», «Պահածոյացում տնային պայմաններում»…

Իսկ ձեր «Օսկարը» շնորհեք մեկին, ով դրա կարիքը չունի: Ով իր հանրամատչելի տաղան­դի ողջ պաշարը կներդնի հուզմունքի էժանա­գին արցունքը աչքերին շնորհակալություն հայտնելու իրեն այդ բարձունքին հասցրած բո­լոր անկողիններին… Անշուշտ, չմոռանալով իր երախտիքը հայտնել նաև Աստծուն և իր ծնողներին: Բրավո, ցնծում են բոլորը: Աստծուն հա­ճոյանալու նրա մեծահոգությունը շոյել է բարձր հասարակության արժանապատվությունը:

«ՀՀ Սահմանադրություն», «Դեյլ Կարնեգի»… «Արամայիս Սահակյան»…

Ավարտվեց դարը, հազարամյակը, փակվեց վարագույրը, իսկ ծափեր չեղան, չեղան և ծա­ղիկներ: Ներկայացումը տապալված է: Մենք սա արձանագրում ենք որպես հետին շարքում խցկված հանդիսատես…

«ՀՀ Սահմանադրություն», «Տոնական թխվածքներ, տորթեր»…

Օ՜, ճիշտ ժամանակին… Դե ի՞նչ, փորձենք վայելել: Պետք է խոստովանեմ, որ ես խոհանո­ցային խելագարներից չեմ… Բայց ձվածեղ սարքել կարող եմ. մեկ ձվով: (Բրոշյուրը թերթե­լով:) Սահմանադրությանը նվիրված տորթ կարծես չկա… Սա հետաքրքիր է. «Տորթ ան­կախ Հայք»… Այդ անունով կուսակցություն լսել էի, որբանոց՝ նույնպես, գինետուն, ուռոլոգիական կլինիկա, ժավելի սպիրտ… Բայց տո՞րթ… Տեսնենք: Կարծում եմ, այս խմորը շատ ջուր կվերցնի: Վերցնում եք երկու բաժակ ալյուր, չի գրված, հավանաբար ռուսական,- 200 գրամ կարագ՝ Նոր Զելանդական, մեկ բաժակ շաքա­րավազ՝ պարսկական, կես բաժակ կաթի փոշի՝ ամերիկյան, 100 գրամ ընկույզ — դե, ղարաբաղցի հարևան, անշուշտ, կունենաք- մեկ գդալ կոնյակ՝ ֆրանսիական, չորս ձու- ձվերը՝ տեղա­կան,- թթխմոր՝ միմիայն թուրքական… Մնացյալը հասկանալի է: Այն պատրաստվում է ճիշտ նույն կերպ, ինչ «Խորհրդային Հայաստան» տորթը: Միայն վերջում այն ներկում եք եռա­գույն կրեմով և աղբարկղը նետելուց առաջ ռու­սական շոկոլադի մանրած կտորներով վրան գրում՝ «Անկախ Հայք»:

(Աղբը քրքրելիս դեմքին հայտնվել է թշվառ արտահայտություն:)

Հիմար մկնիկ, այդպես էլ չսովորեցիր, որ անվճար սերը միայն թակարդում է լինում… (Աղբարկղից հանում է հարսանեկան հանդեր­ձանք, ճերմակ ծաղիկներ, վառվող մոմեր… Աղ­բարկղի շուրջ ճախրում են բարձի ճերմակ փե­տուրներ:) Ես նրա կյանքում հայտնվեցի որպես նվեր: Նա էլ ինձ հետ վարվեց որպես նվերի… Դե, դուք արդեն համոզվեցիք, որ ես տեղով նվեր եմ, իսկը՝ «Օսկար»:

Երդվում եմ տեր լինել մեր համատեղ բարձի բոլոր փետուրներին, առանց խտրականության: Տերը լինել կեղտոտ սպիտակեղենի և ափսենե­րի, համատեղ արտադրության կենցաղային աղբի: Երդվում եմ մաքուր պահել կողակցիս վերնաշապիկը, պատիվը, ականջները, «Մերսեդեսի» ապակիները, քիթս չխոթել նրա կու­սակցական և սիրային կապերի մեջ, նրա թան­կարժեք շամպայնով չլողացնել բակի կատունե­րին, մասնավոր օգտագործման կենտավրոս քարտուղարուհու ներկայությամբ չթքել նրա նոր ստացած շքանշանին… Քարտուղարուհի՜, իսկը՝ «Օսկարի» արձանիկ, նկատի ունեմ կոկա-կոլայի շիշը: Դատարկ շիշը: (Հարսանե­կան պարագաները նետում է աղբարկղ:)

Հեքիաթները սովորաբար ավարտվում են ամուսնությամբ… Լավագույն դեպքում՝ յոթ օր, յոթ գիշեր:

Խե՜ղճ ոսկե արձանիկ… Այն որպես աճյունա­սափոր կզարդարի նորահայտ աստղի սնափա­ռության աղբանոցը: Հասկացա՝ «Օսկարից» չեմ հրաժարվում: Այն իմ կողմից շնորհում եմ Մադլենին: Նա դրան արժանի է: Անհնար է գերագնահատել նրա ներդրած լուման համաշ­խարհային քաղաքակրթության արժեքային համակարգում:

Մադլեն, քո աղբը այսօր լիովին ազա­տագրվել է նեղ ազգային սնապարծությունից, այն ինտերնացիոնալ բարեկամության վառ վկայությունն է: Այն մեր անկախության, ինք­նիշխանության, ժողովրդավարության խոսուն վկայությունն է, մեր արժանապատվության, ազգային զարթոնքի խորհրդանիշը:

Մադլեն, շնորհավորում եմ քեզ՝ Օսկարի արժանավոր դափնեկրիդ… (Կոկա-կոլայի շիշը հանդիսավոր նետում է աղբարկղը:) Ախ, Մադ­լեն, որքան ուրախ եմ քեզ համար: Շնորհավո­րում եմ, սիրելիս: Իսկ հիմա լսում ենք քո խոս­քը:

ՄԱԴԼԵՆ — Շնորհակալ եմ… Ես անչափ հուզված եմ և երջանիկ: Իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ում շնորհիվ իմ աչքե­րում փայլում են երջանկության արցունքները: Խոստանում եմ ուժերս ներածին չափ ծառայել հանուն մարդկային առաջադիմության, լինել երաշխավորը մեր ինքնության, արժանապատվության, ՀՀ Սահմանադրության… Շնորհակա­լություն ինձ վստահած ձեր աղբի համար:

Շնորհակալություն Աստծուն և իմ ծնողներին:

Բրավո, Մադլեն, հրաշալի է…

Իսկ աղբարկղներին հարկ չկա ծաղկավոր շրջազգեստ հագցնել: Նրանց զսպաշապիկներ են հարկավոր, որ ձայները գլուխները չգցեն, կոկորդով մեկ չգոռան, որ զզվելի տարականից չզզվելը առավել զզվելի է, որ այս գարշահոտից շնչահեղձ չլինելը արդեն իսկ մեռած լինելու նշան է…

«Մի բան է փտել Դանեմարքայում.

Աստված կշտկի»:

«Энциклопедия интимной жизни», «Եղիշե Չարենց»…

Գիտեի, զգում էի, որ մեր հանդիպումը պի­տի կայանար: Այսօր, գիշերը, այստեղ…

Խաչելությունը շարունակվում է:

Այս հանդիպումը ավելի տխուր է, բան քո չասած մնաս բարովը Ղարսի փողոցներում: Եղիշե… Արյունակից եղբայր…

«Ո՞ւր ես, արդյոք,

քո սհ խաչափայտը տանում,

Ով տառապյալ հոգիս:-

Կա Գողգոթա նոր արդ,

Որ բարձրանաս հպարտ,- և լուսազարդ

Քո պսակին նայեն մարդիկ սիրով անհուն:

Իբրև Հիսո՞ւս ես դու արդյոք

լյառ բարձրանում,-

Թե՞ — ավազակ ես լոկ դու մահապարտ…

Պիղատո՞ս է արդյոք այսօր ամեն մի մարդ,

Որ քո հանդեպ ձեռքերն է լվանում:

Էլ ի՞նչ պսակ լուսե-, էլ Գողգոթա

Ինչպե՞ս ելնես, հոգիս, չարչարանքով հոժար-

Երբ չգիտես ինքդ էլ՝ Հիսո՞ւս ես, թե՞ Հուդա…

Ունե՞ս, արդյոք, հոգիս, անագորույն նժար,

Որ նժարես խոհն այն անկշռելի-

Չարչարանքիդ այս սև կեսգիշերին…»:

Մնացյալը լռություն է:

Ուր որ է, լույսը կբացվի և խավարասերները կանցնեն իրենց իրավասություններին…

Բայց ոչ ոք չի կարող մեզ արգելել աչքերը փակելու և երազելու իրավասությունը, երկնքի գույնը դեռևս իսպառ տանուլ չտված կոպերի տակ վերագտնելու կորցրած հայրենիքը… Տես­նելու մեր արևային հրաշք քաղաքը ազնվա­կան, քաղաքակիրթ բնակիչներով ու հպարտա­նալ, որ դու պատասխանատու ես այդ մարդ­կանց համար, քո երկրի համար, ուր ամեն ինչ վկայում է հոգևոր բացառիկ նկարագրի մասին, ուր թռիչքի սահմանը քո երևակայությունն է…

«Իսկ երազանքը առանց հավատ մեռած է,

Ինչպես հավատը՝ առանց պայքար.

Իսկ երազանքով չապրող մարդը, Սանչո, անասուն է»…

Առջևում նոր օր է, զարմանալիորեն նորից բացվող ու մեզ հանդուրժող լուսաբացը: Հանձ­նում եմ ձեզ առավոտյան անմեղ քաղաքը գիշե­րամուտին ձեզնից մեղքերով լեցուն աղբարկղ­ները ընդունելու դատապարտվածությամբ:

«Իրիկուն է, քույր,- աչքերդ փակիր.

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ…»:

Հա, մոռացա ամենակարևորը.

«…Այն դեղին ցուլը,

Որ ուզում էի աշնանը գնել,

Կերավ այն կանաչ բանջարեղենը,

Որ ուզում էի գարնանը ցանել»…

Ի՜նչ չտեսություն, ի՜նչ չտեսություն…

Ուրիշ ի՞նչ…

Ոչինչ.

Ոչինչն էլ՝ քո պինչ,

Քո պինչն էլ՝ իմ պոչ

Եվ ցտեսություն… (Հեռանում է:)

ՄԱԴԼԵՆ — …Ժամանակը իր շավղից դուրս է սայթաքել…

Օ՛, բախտ իմ դժխեմ,

Ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։