Անահիտ ԱՐՓԵՆ / ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ

Գերեվարվել ենք ձեռքով օտարի,

կամակատարն ենք նրա քմայքին

ու քիմքին` ծառա՛:

Ասա՛, Տե՛ր Աստված, տառապանքով լի

կյանքի ձեռքն այս բիրտ

էլ ինչքա՞ն տոկանք:

Հույս ու ճար չկա՞ վիճակին մեր կեղծ,

հոգևարքին մեծ`

անկամ չսողանք:

Զի, ինչ էլ լինի, ինչ անենք, չանենք,

ինչ տանք, ինչ առնենք,

չպետք է ճորտ մնանք:

 

դեկտեմբերի 10. 2020.

Ծաղկաձոր

 

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԺՈԽՔ

Լավատեսական ողբերգություն 15 տեսարանով

 

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

2016 թվական, զինադադար

ՇԱՐՔԱՅԻՆ — (ընկերոջ կողը բոթելով): Տեսա՞ր, ոնց ետ շպրտեցինք թուրքին:

ԿԱՄԱՎՈՐ — Չէինք էլ կասկածում, որ մեր սահմանին ձեզ պես քաջ տղերք են կանգնած:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — (շարքայինին): Թուրքերին, տղաս, թուրքերին, երկուսին էլ: Ու մեր դեմ միայն թուրքը չի…

ՇԱՐՔԱՅԻՆ — (ոգևորված): Ասում էիք` մարդ չի մնացել երկրում, մասնագետները փախել են, տեսա՞ք, ոնց մի մարդու նման հավաքվեցին:

ԶԻՆՎՈՐ — Ով պետք էր` կար, ով պիտի գար` եկավ: Կամ կգար, եթե կռիվը չկանգնեցնեին:

ԿԱՄԱՎՈՐ — Դա էլ է քաղաքականություն: Բա կարելի՞ էր մասնագետներին թողնել, որ լքեն երկիրը… Կամ չզինել:

ԶԻՆՎՈՐ — Հօգուտ հայրենիքի գործելու համար պարտադիր չէ մասնագետ լինել կամ շատ խելացի: Ուղղակի պետք է ամեն ինչ անելիս մտածես ազգիդ շահի մասին, չմեղանչես ոչ մեկի հանդեպ:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Բա դրամաշնորհնե՞րը, բա վարկե՞րը, բա գրազնե՞րը… ազգի  հաշվին տրվողներն ամենամեծն են, չէ՞, ի՜նչ փողեր են շրջանառվում: Ու ամենավատը, գիտե՞ք, որն է: Մարդիկ հատուկ մասնագիտանում են այս գործի մեջ: Պրոֆեսիոնալներն ամեն ինչ անում են կետ առ կետ հաշվարկած և իմանալով` ով ինչ է սիրում, ում ինչ ճաշ հրամցնեն: Անփորձները անում են ճնշումներին ու օտար ազդեցություններին ենթարկվելով: Արդյունքում` վերևից ներքև, երկուսն էլ ի վնաս ազգի են գործում` շահարկելով ազգային արժեքները:

ՇԱՐՔԱՅԻՆ — Պարտադրում են:

ԶԻՆՎՈՐ — Ո՞վ է պարտադրում… Դա դեռ հարց է` մեզ պարտադրո՞ւմ են, թե՞ մենք ենք շտապում որևէ մեկի ոտքն ընկնել:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Ճիշտ է ասում: Ինչպես որ դեռ հարց է` մե՞զ են խաղաղապահներ ուզում պարտադրել, թե՞ մենք ենք ուզում խաղաղապահներ կարգել մեր ժողովրդի գլխին:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ներքին հարցերն ավելի բարդ են:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Մեզնով որ լիներ…

ԳԵՂՋՈՒԿ  — (հառաչելով): Է՜, աշխարհն էսպես եկել, էսպես էլ գնալու է… Բոլորին չես գոհացնի:

ԿԱՄԱՎՈՐ — Ուրեմն նախ և առաջ քո՛ մասին պիտի մտածես, այսինքն` քո ազգի: Պիտի տեսնես, թե ժողովուրդն ինչ է ուզում, պատերա՞զմ, թե՞ զիջումներ: Ուրիշ հարց չկա:

ԳԵՂՋՈՒԿ — Էհ, ջահել ես, ջահել, արյունդ եռում է:

ԿԱՄԱՎՈՐ — Ես էլ չեմ սիրում, երբ ասում են, թե դրսից չեն թողնում… Կամ թե` դա են ուզում, ի՞նչ կարող ենք անել: Մի ասող լինի` ըհը, թուրքն էլ հայկական հողերն է ուզում, դե տվեք:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — (ժպտալով): Բարև ձեզ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էսքանդ ո՞ւր թռաք եկաք:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Բա ի՞նչ պիտի անեինք, հո ձեզ չէի՞նք թողնելու կրակի բերան:

ԶԻՆՎՈՐՆԵՐ — Էդ մե՛նք ձեզ չէինք թողնի, սա մե՛ր կռիվն է, դուք ձերը կռվել եք:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ու ինձ ուրիշ բան է անհանգստացնում: Պատկերացնո՞ւմ եք, էս տարիների ընթացքում քանի՞ ադրբեջանցի, էդ դարերի ընթացքում քանի՞ թուրք է ծնվել հայոց հողի վրա, սնվել մեր հողից…

ԶԻՆՎՈՐ — Այսի՞նքն: Ի՞նչ ես ուզում ասել:

ՇԱՐՔԱՅԻՆ — Նրանք էլ իրավունքներ ունեն: Ո՞նց հասկացնեմ մարդկանց, որ…

ԶԻՆՎՈՐ — Սա մե՛ր հայրենիքն է, իրենք իրենց սերմը իրենց հողում պիտի աճեցնեն, որ զարմ տան:

ՇԱՐՔԱՅԻՆ — Հա բայց, իրենք մաքուր թուրք կամ չգիտեմ ադրբեջանցի ինչ ցեղ չեն արդեն, իրենք իրենց նախնյաց բնօրրանի մասին պատկերացում չունեն: Թուրքիայում կամ Արցախում ծնված թուրքի իմացած հայրենիքը մեր հողն է:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (ցույց տալով խրամատի մի հատվածը): Չմոռանաք, այդ մասը տեսնում են, կխփեն:

ԳԵՂՋՈՒԿ — Ճշմարտությունը չեն ասում թուրք երեխային, դա ի՛ր մեծերի մեղքն է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Եվ Թուրքիայում առաջադիմական ուժեր կան…

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Երիտթուրքերն էլ Սուլթանի համեմատ էին, չէ՞, առաջադիմություն խոստանում, ի՞նչ արեցին… Հիմա էլ Էրդողանն ուզում է օսմանականությունը վերականգնել: Իսկ մենք դեռ նրանց ճանապարհին մնացած քար ենք ու կոկորդի ոսկոր:

ՇԱՐՔԱՅԻՆ — Գիտեմ:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Բա որ գիտես, էլ ո՞նց ես ծնողի գիրկը առոք-փառոք մեծացած թուրքին խղճում: Քանի՜- քանի հայ երեխա մորթվեց Թուրքիայում, քանի՞սը մայրերի աչքի առաջ խորովվեցին Սումգայիթում: Ի՞նչ արեցին հիմա Թալիշում ու կողքի գյուղերում: Շարունակե՞մ…

ԶԻՆՎՈՐ — Կամ, ապեր, միլիոնավոր հայեր են ապրում, հենց լավ էլ ծնվել ու մեծացել են Ռուսաստանում, Ամերիկայում, եսիմ` ուր: Մարդ կա` մի բառ հայերեն չի խոսում: Եվ առաջին հերթին հենց թուրքի արած ցեղասպանության պատճառով: Ասի` Ամերիկան, Ռուսաստանը իմ հայրենի՞քն է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Չէ, չէ, այ, ախպեր, դա նկատի չունեի:

ԶԻՆՎՈՐ — Մենք էս հողը չպաշտպանելու իրավունք չունենք:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Աստված չանի, պատկերացնո՞ւմ եք, եթե Արցախը նորից Ադրբեջանի ձեռքն ընկնի: Կկոտորեն բոլորին, ուղղակի կջնջեն:

ԶԻՆՎՈՐ — Անցյալ տարի իբր ցեղասպանության հարյուրամյակ էին նշում, փոխարենը այդ հարյուր տարվա ընթացքում իրավունքներ առաջ քաշեին, է՜… ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Հանգստացի, ասինք` ոչ մի թիզ չենք տա:

ԶԻՆՎՈՐ — (ոգևորված): Դե ուրեմն, մերոնք թող վերջ տան բողոք-գանգատ անելուն: Մեր չարածին Ադրբեջանը տասնապատիկն է զրպարտում, ո՞ւմ պետքն է դա, որ մի հատ էլ պարզի, թե մեզնից ով է արդարը: Էլ չեմ ասում, որ լացողի հետ հաշվի չեն նստում, լացողին թույլ են համարում, իսկ խփողին` ուժեղ:

ԿԱՄԱՎՈՐ — Այդպես է:

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Իսկ մերոնք միջազգային հանրության պոչից են բռնել, զզվեցինք արդեն: Էն, որ ասում են կենաց ու մահու կռիվ, սա է, էլի՜:

ԳԵՂՋՈՒԿ — Ըհը: Մենք արյուն ենք թափում, բայց էլի ուրիշներն են, չգիտեմ թե ում հետ, որոշելու, թե…

ԶԻՆՎՈՐ — Ի՞նչ են որոշում… ինչո՞ւ պիտի իրենք որոշեին, թե ես երբ զենքը ցած դնեմ…

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ասեցի` սուս մնա:

ԶԻՆՎՈՐ — (ձայնը ցածրացնելով, կիսաթաքուն): Արա, զոհված ընկերոջս մուռը չհանե՞մ, թուրքին դաս չտա՞մ, նոր զինադադար ասեմ, որ իմանամ, թե հանուն ինչի արյուն թափեցինք: Ո՜նց կբանակցեն, ի՜նչ կզիջեն, երբ զիջելու բան չկա: Ընդհակառակը, դեռ ինչքան խլած հող կա, որ ետ պիտի բերվի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ապե, դե, ամեն մարդ իր գործը պիտի անի:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (զինվորին): Ե՞րբ ես հասկանալու, որ դու զինվոր ես ու հրաման ես կատարում` առանց քննարկելու իրավունքի:

ԿԱՄԱՎՈՐ- Վա՞տ զինվոր է:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Բողոքելու տեղ չունեմ:

ԿԱՄԱՎՈՐ- Եթե հրամանդ հստակ կատարում է և ուղեղ էլ ունի, վա՞տ է:

ԳԵՂՋՈՒԿ — Պատմությունները միշտ էլ կեղծվում են, ու մենք էդպես էլ չհասկացանք, որ մեզ առաջին հերթին մենք ենք խաբում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Իսկ իրականությունը ներծծվում է հողի մեջ ու եթե ոտնակոխ չեղավ, բույս կդառնա ու…

ԿԱՄԱՎՈՐ — Հայացքդ հորիզոնին հառած ես խոսում:

ԳԵՂՋՈՒԿ — Իրականությունը մարդկանց համար չի, բալամ…

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ — Ասում են` զինադադար, ժողովրդավարություն, բայց թաքուն մեկ-մեկ վերացնում են: Մեր ամենալավ հրամանատարներին էն ժամանակ հատ-հատ թիկունքից խփեցին: Դե նայե՛ք, հիմա ովքե՞ր են հրաման տալիս…

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես չեմ ուզում խփվեմ, ախպեր, առավել ևս` թիկունքից, հերն էլ անիծած:

ԶԻՆՎՈՐ — Բա այդքան զոհերի դիմաց մի բան չվերցնեի՞նք, նոր դադար տայինք: Իբր թե` դադար, մե՛զ համար` դադար, ոչ թե իրենց: Ամեն րոպե կարող է խփվեմ, բա չիմանա՞մ` ինչի համար զոհվեցի:

ԿԱՄԱՎՈՐ — (վաշտի հրամանատարին): Զոհերը ե՞րբ են ավելի շատ լինում, կռվո՞ւմ, թե՞ այսքան տարի պարբերաբար ձգվող զինադադարների ժամանակ:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Տո եսի՞մ, է՜… Ես գիտե՞մ, որ քեզ ասեմ:

ԳԵՂՋՈՒԿ — Գնանք հասնենք մեր գործերին, քանի վարուցանքսի ժամանակը չի  անցել, թե չէ արդեն 25 տարի իբր թե անկախ ենք, բայց նույն…

Կրակոցը խոցում է զինվորին, բոլորը նետվում են տարբեր կողմեր…

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

2018 թվական.

իշխանափոխություն

 

ԿԱՄԱՎՈՐ ՄԵԿԸ — Ի՞նչ է պատահել, ժողովուրդ, էս ո՞ւր եք վազում:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄՅՈՒՍԸ — Հեղափոխություն է:

ԿԱՄԱՎՈՐ ՄԵԿԸ — Չի կարող պատահել:

ՇԱՐՔԱՅԻՆ ՄՅՈՒՍԸ — Չես ուզո՞ւմ, արա, չեմ հասկանում:

ԿԱՄԱՎՈՐ ՄԵԿԸ — Է, ուզենք, ո՞վ չի ուզի…

ՏՂԱ — Պապան ուշացավ, բա որ դրանք պապային…

ԿԻՆ — Բան չի փոխվելու, մի մտածի:

ՏՂԱ — Ո՞նց թե չի փոխվելու, բա մենք…

ԿԻՆ — Մեզ համար կփոխվի ամեն ինչ… Կա՜յֆ…

ՏՂԱ — Դե, ես գնացի:

Ամուսինը հասնում է կնոջը, կինը կառչում է նրա թևից, լրագրողը երկար ձողին ամրացրած հեռախոսով պտտվում է նրանց շուրջը: Ամենուր խրամատում խփված զինվորներ են:

ԿԻՆ — Անկախությունից ի վեր, այս ամբողջ տարիների ընթացքում` հազարավոր զոհեր, ոչնչի համար:

ԱՄՈՒՍԻՆ — Այո: Ոտիս տակ քոր եկավ:

ԼՐԱԳՐՈՂ — Քանի՞ թիզ քորենք

ԱՄՈՒՍԻՆ — Արա, դե, էդ է՞լ ես ասեմ: Ես ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ:

ԿԻՆ — (հաճույքով կատարելով): Դու ասա, մենք կկախենք… Ում որ պետք է:

ԼՐԱԳՐՈՂ — Հիմա ի՞նչ ենք անելու:

ԱՄՈՒՍԻՆ — Հանգիստ նստեք տեղներդ: Ի՞նչ ես նայում, ես ի՞նչ եմ ասում, մենք ասում ենք` ո՞նց կարող ենք հանգիստ նստել ու նայել, իսկ դուք գիտե՞ք, թե ինչքան գործ կա անելու: (Դադար:) Դե հանգիստ նստեք տեղներդ, վերջ, լայվի ավարտ:

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

2020 թվական.

քովիդ և նախապատերազմ

 

ԱՄՈՒՍԻՆ — Ասի՛նք, չէ՞, մի՛ արեք: Ահա արդյունքը: Ո՞վ է մեղավոր: Հը՞: Իհարկե, քաղաքացին: Միայն քաղաքացին:

ԼՐԱԳՐՈՂ — Դրսո՞ւմ, թե՞ ներսում: Իսկ զինվորը քաղաքացի՞ է:

ԱՄՈՒՍԻՆ — Բա ի՞նչ է:

ԼՐԱԳՐՈՂ — Դե, ուրեմն մեղավոր է: Գրեցի:

ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչ գրել, ա՛յ տղա, կյանքից հեռու ես մնացել` լայվ, լայվն է կյանքի աղբյուրը, ավիշը, ընթացքը… Ես ի՞նչ եմ ասում: Մենք… մենք ի՞նչ ենք ասում…

ԼՐԱԳՐՈՂ — Դե, որ կարդան…

ԿԻՆ — Կարդա՞լը ինչ մի…

ԱՄՈՒՍԻՆ — Որ մեր ժամանակ լույս ու գազ, ատոմակայան չկար, չէինք ապրո՞ւմ…

ԼՐԱԳՐՈՂ — Կար, չէին տալիս… Գրե՞մ:

ԱՄՈՒՍԻՆ — Բա գրի, բա ես քեզ չե՞մ ասել, որ ամեն ինչ պետք է գրել, ստորագրել…

ԼՐԱԳՐՈՂ — Կստորագրե՞ք:

ԱՄՈՒՍԻՆ — Ի՜, ես հո… Մենք ի՞նչ ենք ասում… Ես ղազագիր բացող եմ, ոչ թե ստորագրող, եթե նման հարց լինի, ես ժողովրդի հետ պետք է քննարկեմ… Եվ ընդհանրապես, ամեն հարց, որը կապված է ազգի կյանքի ու ճակատագրի, անվտանգության ու բարգավաճման հետ, մենք պետք է քննարկենք… (Հանկարծ շուրջը նայելով:) Ի՞նչ ձայներ են, ի՞նչ եք ասում… ո՞ւմ հետ… Չեմ լսում:

ԼՐԱԳՐՈՂ — Ներողություն, որ հարցնում եմ: Իսկ հիմա պահը չէ՞… ըըը…

ԱՄՈՒՍԻՆ — Չէ՛, երբեք էլ պահը չէ: Եվ ընդհանրապես, ով ուզում է, թող բանակցի, ստորագրի, ե՞ս ինչ կապ ունեմ:

Հեռանում են:

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Պատերազմ

Տարբեր կողմերից թեժ մարտերի ձայներ են լսվում: Բուժքրոջ ուղեկցությամբ սանիտարները բերում են նոր վիրահատված վաշտի հրամանատարին:

ԳԵՂՋՈՒԿ — (սանիտարներին): Էդ մահճակալն ազատ չի, տղա ջան:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ազատ է, եթե իրեր ունի` հավաքեք, տանեմ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Վիրուսից մահացավ, չէ՞: Ես ասում էի…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (դժկամ): Հոսպիտալ վիրուսով հիվանդ չեն բերում:

Արմենը` սայլակի մեջ նստած վիրավոր զինվորը, սայլակը մոտեցնում է մահճակալին, լուռ հավաքում է մահացածի իրերը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (իրերը վերցնելով ճչում է):  Խնդրում եմ, հարցեր մի՛ տվեք: (Դադար:)  Տղաներ ջան, հենց գիտակցության գա, խնդրում եմ, կանչեք…

ԿԱՄԱՎՈՐ — Աստված տա, մի օր հայերն էլ գիտակցության գան:

ՇԱՐՔԱՅԻՆ — (տնքացող վաշտի հրամանատարին): Սպասի, չշարժվես:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Գերի՞ եմ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Հայ չե՞ս: Բա խի՞ ես հայերի մեջ քեզ գերի զգում:

Վաշտի հրամանատարը կասկածանքով շուրջն է նայում, լռում է:

ԿԱՄԱՎՈՐ — Արա, հանգիստ, չե՞ս տեսնում, որ հայ է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ախպեր, հայերեն խոսող թուրք չկա՞:

ԿԱՄԱՎՈՐ — Կա: Հայաստանցու անձնագրերն էլ պատերազմում նվեր են ստացել, տեղյակ եմ, բայց ինքը հայ է, դեմքն ինձ ծանոթ է, տեղը չեմ բերում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ջուր…

ՀԱՐՍՆԱՑՈՒ — (ջուր բերելով): Մենք վիրավոր գերի ենք վիրահատում, թուրքը` ողջ-առողջ մարդկանց:

ՇԱՐՔԱՅԻՆ — Գնա, բուժքրոջը կանչի:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Վաշտս…

ԿԱՄԱՎՈՐ — Ասում եմ, չէ՞: 2016-ին նույն խրամատում էինք… (Շարքայինին.) Նայիր, հիշեցի՞ր…

Շարքայինն ուսերն է թոթվում: Գալիս է բժիշկը:

ԲԺԻՇԿ — (վիրահատվածին): Ի՞նչ ես զգում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ուրիշ տեղ էի…

ԲԺԻՇԿ — Իսկ հիմա՞:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Չգիտեմ:

ԲԺԻՇԿ — Կանցնի: (Մյուսներին.) Ձեր խնամքին եմ թողնում, մինչև իմանանք, թե հարազատներն ուր են տարհանվել:

ԿԱՄԱՎՈՐ — Լա՞վ ես, ախպեր, ի՞նչ ես ուզում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Բան չեմ ուզում:

ԿԱՄԱՎՈՐ — Բան պետք լինի, ասա, չքաշվես:

 

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Լրագրողները

ԼՐԱԳՐՈՂ — (կիսաձայն կարդալով բջջայինից): Ի՞նչ… Էլի կախեց… Որտեղ 10-11-ը, այնտեղ էլ 100-111-ը, հիմա էլ արդեն հազարներ…

Անսպասելի միացած լայվից պոռթկում է ամուսնու ձայնը:

ԱՄՈՒՍՆՈՒ ՁԱՅՆԸ ԲՋՋԱՅԻՆԻՑ — Այո, մենք աննախադեպ ցուցանիշներ գրանցեցինք, պետք է սա արձանագրել:

ԼՐԱԳՐՈՂ — Վա՛յ, ո՜նց վախեցա: Հիմա ի՞նչ, արձանագրե՞մ…

ԱՄՈՒՍԻՆ — (ներխուժելով): Ի՞նչ, ի՞նչ գրես, էդ ո՞ւմ հետ ես խոսում:

ԼՐԱԳՐՈՂ — Ե՞ս… Հը՞… Ախ, հա՜… Ձեզ: Ձեզ հետ էի խոսում, լայվը… Էս ո՞ւր կորավ: Մի րոպե, հիմա, այն պահն էր, որ ասում եք, թե «պետք է սա արձանագրել»:

ԱՄՈՒՍԻՆ — (աչքերը կատաղի ոլորելով): Ի՞նչը:

ԼՐԱԳՐՈՂ — Ը… ցուցանիշները: Աննախադեպ:

ԱՄՈՒՍԻՆ — Ես նման բան չեմ ասել: Ես չեմ ասել ո՛չ վիրուսի, ո՛չ դիմակների, ո՛չ վակցինայի, ո՛չ Արցախի անջատման, ո՛չ միացման, ո՛չ էլ ցավալի փոխզիջումների մասին…

ԼՐԱԳՐՈՂ — (ծնկաչոք): Խաղաղությո՛ւն եմ խնդրում: Ես ձեզ դեմ չեմ, ուղղակի… սխալ եմ հասկացել:

ԱՄՈՒՍԻՆ — (ժպտալով): Հա՛: Էդ ուրիշ բան: Բայց… գաղտնալսել է պետք. ի՞նչ են խոսում մարդիկ, ինչ են գրում էդ ցանցերում, թող ցանց գործեին, որ չգործեցին, ուղարկեինք ռազմաճակատ, նստել գրում եք…

ԼՐԱԳՐՈՂ — Դեհ, հա էլի՜… Դե, ժուռնալիստ են, ոչինչ, դրանով են փող աշխատում:

ԱՄՈՒՍԻՆ — (ծաղրանքով): Հա, դրա համար էլ ժուռնալիստ կմնան: Ամեն ժուռնալիստ չէ, որ ժուռնալիստ է. ժուռնալիստ էլ կա, ժուռնալիստ էլ: (Հեռանում է:)

ԼՐԱԳՐՈՂ — Այո՜… Դե հա՛: (Հեռանում է):

ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Հոսպիտալ

 

ԿԱՄԱՎՈՐ — (հեռախոսով): Դե, գլոբալիստների փորին ու աղիքներին չեն հասնի, իհարկե, բայց… չարիք են, բա ի՞նչ են… բոլորին իրենց աղիքներով աղած ունեն:

ՇԱՐՔԱՅԻՆ — Արդեն գլուխս գնաց սրանց գզվռտուքից… Բարի գալուստ դժոխք: (Հեռախոսով:) Ալո… Հա… Դե լավ, կգաս, կբերես: Հա, մամ ջան, հա… Լավ, պապան ոնց ասի: Հա, լավ նայիր:

ԳԵՂՋՈՒԿ — (ակնարկելով սայլակի մեջ նստած Արմենին): Լավ նայեք մեզ, մենք դեռ շատ պետք կգանք…

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (Արցախի բարբառով): Ոտքս ու ձեռքս… ոնց որ թե աշխատում են: Չէ՞:

ԿԱՄԱՎՈՐ — Եթե զգում ես… Լավ է: Դե, դու էլ ողջ ես, ուրեմն սիրտդ էլ է տեղը:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Թոքե՞րս են…

ԳԵՂՋՈՒԿ — Հալա, հալա…

ԿԱՄԱՎՈՐ — (քթի տակ): Մի տնից չենք, մի հալի ենք: (Վաշտի հրամանատարին.) Վիրուսով հիվանդ այստեղ չեն բերում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Վիրո՞ւս…

ՇԱՐՔԱՅԻՆ — Վիրուսից ա վախենո՞ւմ:

ԿԱՄԱՎՈՐ — Չգիտեմ: Գլուխդ է, ապեր, փաթաթած, թոքերդ աշխատեցրու, որ գլուխդ առողջանա:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (շոշափելով): Գլո՞ւխս:

ՇԱՐՔԱՅԻՆ — Հա, չե՞ս զգում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Հա, հիշեցի:

ԿԱՄԱՎՈՐ — Կարո՞ղ է, մեզ էլ հիշես, միասին մի խրամատում ենք եղել… Հը՞… 2020 -ին չէ, հիմա չէ, 2016-ի ապրիլին:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (Արցախի բարբառով է խոսում, ընկալելի է միայն վերջին բառը) … գյուդում չըմ:

ԳԵՂՋՈՒԿ — Դե, հիմա արի, սրանց լեզուն հասկացի:

ԿԱՄԱՎՈՐ — Կհասկանանք, խրամատում ո՞նց էինք հասկանում, խելքը տեղը գա, կհասկանանք, հիմա ինքն իրեն չի տիրապետում: Երևի ասում է, որ էս անգամը տականքները 2016-ի կիսատն էին ավարտում: Բայց մարդիկ միշտ էլ մի ազգ ու պետություն են իրենց զգացել, այսքան տարի վերևներն են մեզ իրարից անջատել: Վերջը իրենց արածն արեցին:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էլի սկսեց…

ԳԵՂՋՈՒԿ — Սխա՞լ է ասում:

ՇԱՐՔԱՅԻՆ — Չէ, բայց ինչքա՞ն կարելի է ասել:

ԿԱՄԱՎՈՐ — Մինչև մեր բութ ուղեղը մտնի, ու հայի վերջին խելքն աշխատի:

ԳԵՂՋՈՒԿ — Ո՛ր աշխատի:

ԿԱՄԱՎՈՐ — Թե ժանգոտել է` մաքրե՜նք…

ԳԵՂՋՈՒԿ — Ժանգը կմաքրվի, արյան ու կաթի հետ ծծած օտարամոլությո՞ւնը ոնց մաքրես:

ԿԱՄԱՎՈՐ — Շատ պարզ: Ասում ես` համակարգ պիտի փոխվի: Թե ուղեղիդ չի հասնում, ազգիցս հեռու մնա:

ՇԱՐՔԱՅԻՆ — Այսինքն` հենց դուք եկաք իշխանության ու մի բան ձեր ասածով չեղավ, վտարելու եք:

ԿԱՄԱՎՈՐ — Վտարելո՞ւ: Դատելու ենք բոլոր գլխավոր հանցագործներին, թալանածը վերադարձնելու ենք երկրին ու բանակին: Իմ ու քո ասածը չպիտի լինի, այլ` օրենքի: Ամեն ինչ հնարավոր է շտկել, եթե շարժվենք ըստ անկախության հռչակագրի և մեր առաջին անկախ հանրապետության իրավահաջորդության:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Կարկանդակ կերեք, քանի տաք է, թե չէ ձեր լեզվակռվին վերջ չկա:

ՇԱՐՔԱՅԻՆ — Մոտեցրու բոլորին:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Շնորհակալ եմ, չեմ կարողանում…

ԿԱՄԱՎՈՐ — Ես կօգնեմ: Սեղանի շուրջ նստելը մտերմացնում է:

ԳԵՂՋՈՒԿ — Մարդը մարդու հետ մինչև հաց չկիսի, չի մտերմանա:

ԿԱՄԱՎՈՐ — Երազում եմ յոթ որդով սեղան նստել:

ԳԵՂՋՈՒԿ — Տա Աստված, որ նպատակիդ հասնես:

ՇԱՐՔԱՅԻՆ — (պատը թակելով): Հարևա՜ն, եկուր հոս…

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ավելի մտերիմ է, երբ նույն բուռումից ես ուտում:

ԳԵՂՋՈՒԿ — Հա, աղջիկ ջան, ես էլ չեմ սիրում, որ մարդ ու կին տասը մետրանոց սեղանի մոտ են նստում, իրարից հեռու, ամեն մեկը սեղանի մի ծայրին: Երբ այգում իրար խտտած երկու ջահել եմ տեսնում, սիրտս փառավորվում է:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ի՞նչ սեռի:

ՀԱՐԵՎԱՆ — Ես մեկ սեռ կը ճանչընամ, այսինքն` երկու: Հարամություն չեմ սիրեր: Աս ի՞նչ է, կարկանդա՞կ է… Չուզեր, չէ:

ԳԵՂՋՈՒԿ — Մեռնեմ կնկաս…

Բուժքույրը վազելով ներս է գալիս, նետվում դեպի գեղջուկը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (գեղջուկին): Ո՞նց թե` դեղերդ փոխել են: (Հեռախոսով:) Սպասի, Վահրամ, բալես, մի րոպե… (Գեղջուկին.) Դեղերդ ո՞ւր են… Հա, ճիշտ է, սրանք են, էլի բան կա՞ մոտդ:

ԳԵՂՋՈՒԿ — Չէ… Ես չգիտեմ…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (գեղջուկի կնոջը): Ինչո՞ւ ասացիք…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (ամուսնուն): Դու չասի՞ր, այ մարդ… ըըը… Դեղերը նկատի չունեի՞ր: (Բուժքրոջը.) Վայ, ցավդ տանեմ, կներես: Դեղերը Արմենի մոտ թող մնան, ինքը լավ մաթեմատիկա գիտի, ֆիզիկոս տղա է, դե, սխալ չի հաշվի… Ես գնում-գալիս եմ, միշտ մոտը չեմ, իսկ սա` ինչքան տաս, կխմի, դեղի համար ուշքը գնում է:

ԳԵՂՋՈՒԿ — (կարկամած): Ես… Բա՞ն եմ ասել: Երեսդ էսօր եմ տեսնում, աղջի… Ո՞ւր  էիր մինչև հիմա:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (բուժքրոջը): Աղջիկ ջան, ո՛չ հիշում է, թե ինչ պիտի խմի, ո՛չ հիշում է, թե երբ պիտի խմի, դու ամեն ինչ Արմենին ասա: (Դեղերը խոթում է Արմենի գիրկը:)

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (հեռախոսով): Բալես, կգամ տուն, մի բան կանենք… Ես մաթեմատիկա՞ եմ հասկանում, որ քեզ բացատրեմ, էն էլ հեռախոսով:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Արմենին հարցրու, Արմենին:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Սպասի, չեմ լսում…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Տո՛ւր, թող բացատրի: Էդ հեռախոսը տուր Արմենին, դու քո տված դեղերը ստուգի: (Հեռախոսը ձեռքից խլելով:) Ալո, բալիկ ջան, մաման աշխատում է, չի կարող քեզ բացատրել,  հիմա հեռախոսը կփոխանցեմ մի շատ լավ քեռու, ինքը քեզ ամեն ինչ կբացատրի, ինքը մաթեմատիկա էլ գիտի, ֆիզիկա էլ գիտի, քո բոլոր դասերը գիտի: Հա, ֆիզիկա դեռ չեք անցնում, ոչինչ, մի օր կանցնեք… Հա, հա, հիմա, հիմա, մաթեմատիկա: (Արմենին.) Վերցրու, խնդիր չի, վարժություն է: (Հեռախոսը տալիս է Արմենին, նրան սայլակով հրում դուրս:) Գնա, գնա, հանգիստ բացատրի ու որ հեռախոսը հետո տաս տիրոջը:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (ստուգելով գեղջուկի դարակները և դեղ չգտնելով): Դեղ ունե՞ս պահած:

ԳԵՂՋՈՒԿ — Ե՞ս…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Դրսից բերա՞ծ դեղ ունես: (Մյուսներին.) Իսկ դո՞ւք…

ԿԱՄԱՎՈՐ — Ի՞նչ նշանակել են, դա է, ուրիշ բան ո՞նց կխմեինք:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Չգիտեմ, աշխարհն` աշխարհով, ես` ձեզնով: Ու էլի գլուխ չեմ հանում:

ԿԱՄԱՎՈՐ — Մեզնից ոչ ոք գլուխ չի հանում: Աշխարհը` առավել ևս: Հա, ախպեր, հարյուր տարի է աշխարհը սպասում է, բայց մի հայ ղեկավար չեղավ` ասեր. «Անկախ երկիր եմ, 1920-ից միջազգայնորեն ճանաչված սահմաններ ունեմ, ես հենց այդ թղթերն եմ դնում բանակցությունների հիմքում»:

ՇԱՐՔԱՅԻՆ — Բարի գալուստ դժոխք:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Որովհետև անկախ չես, ղեկավարներդ` առավել ևս: (Հեռանում է:)

ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

Վիրավոր սրտեր

 

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես էս դժոխքում ո՞նց եմ ապրում:

ՀԱՐԵՎԱՆ — Միայն քուկին ցավը չէ ատիկա:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Չի մխիթարում: Իր բուժման հարցերն էլ չի լուծում: Մի բան պիտի անենք, արտասահման տանենք, թե չէ որ այստեղ մնաց, ամեն ինչից կզրկվի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Չի մխիթարում, էդ էլ չի մխիթարում:

ԿԱՄԱՎՈՐ — Իսկ քեզ պետք է, որ ինչ-որ մեկը քեզ սփոփի, կողքդ նստի, օրորի, որ մխիթարվե՞ս, լիքը գործ կա անելու:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էս վիճակում ես էլ ո՞ւմ եմ պետք, ձգան քաշելու մատ էլ չի մնացել, որ դրանց ճակատին գնդակ շարեմ:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Կյանքը, գերագույնս, միայն ձգան քաշելով չի… Մենք քո հարցերը լուծող պետություն կգտնենք, թղթերդ թող լինեն, մնացածը ես կանեմ:

ՇԱՐՔԱՅԻՆ — (գոռում է): Կարծում ես պատերազմը պրծա՞վ, որ վեր կենամ գնամ:

ԿԱՄԱՎՈՐ — Պատերազմը նոր է սկսվում, և ոչ միայն ռազմաճակատում:

ՇԱՐՔԱՅԻՆ — Հա, տեսա, աթոռի կռիվ տվողներն ինձ չեն հետաքրքրում:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Քո հարցերով հետաքրքրվի, որ մեզ լրիվ հերիք են, ուրիշներից գործ չունենք:

ՇԱՐՔԱՅԻՆ — Դու, երևում է, չես տեսնում, որ ինձ ոչինչ չի հետաքրքրում:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ի՞նձ վրա ինչու ես գոռում, ի՞մ մեղքը որն է:

ՀԱՐԵՎԱՆ — (շարքայինին): Կարևորը ողջ, առողջ ես:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ո՞ւմ համար:

ԿԱՄԱՎՈՐ — Ազգի, երկրի:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ո՞նց թե` ում:

ԿԱՄԱՎՈՐ — Թեկուզ միայն սերունդ տալն ու նորմալ մարդ մեծացնելն հիմա…

ՇԱՐՔԱՅԻՆ — (ընդհատելով): Դրա համար նախ պիտի պայմաններ ունենամ:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Պայթում եմ նվնվան տղամարդկանցից:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես էլ` անուղեղ կանանցից:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ուղեղս բավարարում է, որ քեզ պայմաններ ցույց տամ:

ԿԱՄԱՎՈՐ — Լսե՛ք, Մեղրին տվածի հաշիվ է, Սյունիքում կռիվներ են, մարդամեկը Սևանն ու Երևանն է ուզում: Կարո՞ղ է հասկանաք, ի վերջո:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, այս երկրում էլ սերունդ չունենք տալու, որի ճակատագիրը ուրիշն է որոշելու: Դե ուրեմն, թող այդ ուրիշն էլ լինի իմ երկրի ղեկավարը:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ի՞նչ ես ապուշ-ապուշ դուրս տալիս: Անկախությունս ոչ մի ձեռք ու ոտքի հետ չեմ փոխի: Կռիվ եղավ, նորից եմ գնալու:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — (նրան դեղեր տալով): Չմոռանաս, սա երեկոյան ուտելուց հետո պետք է խմես: Ցտեսություն: Կռիվ է գնալու, կռիվ գնացողիս տես: Գնա՜…

ՇԱՐՔԱՅԻՆ — Եվ կգնա՜մ:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Ինչո՞վ ես կրակելու:

ՇԱՐՔԱՅԻՆ — Քթո՛վ:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Հենակներդ չմոռանաս հետդ վերցնել, դրանով էլ ԱԹՍ կխփես: Ցտեսություն: (Գնում է:)

ԳԵՂՋՈՒԿ — Տղա ջան, աղջկա վրա ինչո՞ւ ես գոռում: Ջահել է, սիրտը մի՛ կոտրի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Օ՛ֆ, եսի՞մ, է՜, նյարդերս էլ չեն դիմանում: Ո՜նց եմ հասկանում սպարտացիներին… Ախպեր, ես չեմ ուզում բեռ լինեմ:

ԳԵՂՋՈՒԿ — Ա՛յ տղա, բե՞ռ ինչու ես լինում, սերունդ պիտի տաս:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Հա, Համո ջան, ճիշտ է ասում, դա հիմա մեծ գործ է, ես էլ հիմա նոր եմ հասկանում, թե ինչու են հայերը միշտ ուզել տղա երեխա ունենալ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ճիշտ եք ասում… Բայց ինձ կառնի՞ էդ աղջիկը:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Դե որ վրան քիչ գոռգոռաս…

ԿԱՄԱՎՈՐ — Ինքը` չգիտեմ, ապեր, բայց դու ես ոնց որ թե միտքդ փոխում արդեն:

ՇԱՐՔԱՅԻՆ — Իսկ դո՞ւ… Քեզ դրել ես գուշակի տեղ, ամեն ինչ նախօրոք գիտես:

ԿԱՄԱՎՈՐ — Աչք ունեմ` տեսնում եմ, ականջ ունեմ` լսում եմ: Ուշադրությունդ ուրիշն է գրավում: Բայց դու նրա հաստատակամությունն ու  հայրենասիրությունը չունես:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Ոչ էլ նրա քաշածը կտանի կամ կյանքին կդիմանա. չորս երեխա ունի, դու պահող պտուղ չես: Մտքիդ օգտվել կա, հա՞, տես, նամարդություն չանես, քո հարսնացուով բավարարվի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էս ի՞նչ մի վրա տվիք: Կարո՞ղ է իմ ճաշակն էլ հարցնեք, ինձ ինչի՞ տեղ եք դրել:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Մենք ի՞նչ գործ ունենք` քեզ ինչի տեղ դնենք, մենք քեզ ո՛ւմ տեղն ենք դրել: Վիրավոր ես, հասկանում ենք, քեզ խնամք է պետք… Լավ, մի՛ ջղայնացի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես մեր ունեմ, հանգիստ: Մա՛յր:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Շատ լավ է, Աստված գլխիցդ անպակաս անի, քեզ էլ, իրեն էլ առողջություն տա, տղա ջան:

ԳԵՂՋՈՒԿ — Ես, իհարկե, ներողություն, որ ընդհատում եմ ձեր խոսակցությունը… Շաքարով կտրեմ, էլի, բայց որ էն մեկը… Եթե չորս երեխա ունի, կարող է ամուսի՞ն էլ ունենա, հը՞: Ի՞նչ կասեք:

Լռություն:

ԿԱՄԱՎՈՐ — Կունենա, բա ի՞նչ կանի, դրա համար էլ ասում ենք, որ սա հեռու մնա:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (Արմենին` շշուկով): Չունի: Զոհվել է:

ԳԵՂՋՈՒԿ — (կնոջը` շշուկով): Դու քեզ չես կորցնում, գիտե՞ս: Ասել եմ` գործ չունես:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Բա ո՞վ ունի, մեկը պիտի՞ մտածի էս մասին: Էն որբերին մեկը պիտի՞ տիրություն անի:

ԳԵՂՋՈՒԿ — Էդ վիճակո՞ւմ…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Հա, ի՞նչ կա որ, ավելի հանգիստ, կշռադատված, առանց ձեռք բարձրացնելու: Երեխաներն էլ չեն համարձակվի կոպտել կամ չընդունել:

ԳԵՂՋՈՒԿ — Էդ մեկը չես իմանա…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Էդ էլ դու իմացիր:

ԳԵՂՋՈՒԿ — Ի՜, ա՛յ… աղջիկ, որ էդքան չիմանայի, քեզ չէի առնի: Թե էդքան հասկանում ես, դե մնացածի մասին էլ մտածիր:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Քեզ որ մնար, դու էլ չէիր ամուսնանա: Իսկ ուրիշների մնացածի մասին թող իրենք մտածեն, էդ իմ ու քո գիտենալիք գիտելիքը չի:

ԳԵՂՋՈՒԿ — Բա ՞…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (ձայնը բարձրացնելով): Մթերք եղավ` ոնց եփելն էլ կլինի:

ԳԵՂՋՈՒԿ — Չեղածի հաշիվ է:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Քո պետությունն էլ է չեղածի հաշիվ, բայց ապրում ենք: Մի քոռ կոպեկ ստացե՞լ ես, էդ տարիքիդ հասար Շուշի, վիրավորվեցիր:

ԳԵՂՋՈՒԿ — Ամեն գնացողի որ տան, ո՞ւր կհասնի…

ԿԱՄԱՎՈՐ — (սարկազմով, դառնացած): Բա իրե՞նց փայը… տարի է փակվում, բյուջե են հաստատում, պարգևավճարի հարց կա, բան կա…

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Զինվորները ցրիվ եկա՜ծ, էդպես թափված… Սրանք պարգևավճարի չա՞փ են քննարկել…

ԳԵՂՋՈՒԿ — Ես եմ գնացել, ոչ ոքի չէին թողնում, ասացի` տուն ունեմ Շուշիում, բան պիտի վերցնեմ:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Քեզ որ մնա, ամեն տեղ տուն ունես, սուտ խոսելով ման ես գալիս:

ԳԵՂՋՈՒԿ — Ես սուտ չեմ խոսում, հայկական ամեն տեղն էլ իմ տունն է: Դու խոսքը կտուրը մի գցիր:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Ի՞նչ խոսք եմ կտուրը գցել: Դո՛ւ մի գցիր, մի բան էլ դո՛ւ ասա: (Ձայնը ցածրացնելով:) Ամբողջ օրը միասին եք, օգնի տղային, քար ես գցելու` թև՞դ է ցավելու, ասա՛, էլի՜, քեզնից ի՞նչ է գնում: Ինչ ասինք, ասիր` չգիտեմ…

ԳԵՂՋՈՒԿ — Լեզուդ…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Լեզուս չլիներ, տանը կմնայիր:

ԳԵՂՋՈՒԿ — Է՞, ամբողջ կյանքում երեսո՞վ ես տալու: Ասեցի` շատ էի սիրում քեզ:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Էի՞ր…

ԳԵՂՋՈՒԿ — Էդ տղան բառ չի խոսում, չե՞ս տեսնում…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Քեզ նման:

ԳԵՂՋՈՒԿ — (հեգնելով): «Ֆիզիկա գիտի՜, մաթեմատիկո՜ս է»… մարդո՛ւ, էն էլ` չորս երեխու հետ շփվել է պետք, նուրբ հարցեր կան, հասկացի՜ր:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Վայ, ձյուն գա գլխիդ, հա… հենց էդ չորս երեխեն կշփվեն, թե չէ ուրիշ ոչ ոք սրան ոտքի չի կանգնեցնի: Դե, իսկ չխոսկան լինելուց վնաս չկա… Ի՞նչ անենք: Ավելի լավ:

ԳԵՂՋՈՒԿ — Էս կնանիքի ուզածն էն է, որ տղամարդիկ չխոսեն:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Չես ուզում խոսեմ, է, դո՛ւ խոսիր, մի կես բերան էլ դո՛ւ ասա:

ԳԵՂՋՈՒԿ — Դրա համար պետություն կա:

ԿԱՄԱՎՈՐ — Հիմա ասել էի, հա՛, թե ինչ կա:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Բերանս մի բաց, չունենամ նման պետությունը…

ՇԱՐՔԱՅԻՆ — Պետություն:

ԳԵՂՋՈՒԿ — Լավ է, վատն է, ունենք և մերն է:

ԲՈԼՈՐԸ — Ճիշտ է:

Բուժքույրը գալիս, բոլորին ջերմաչափ է բաժանում:

ՇԱՐՔԱՅԻՆ — (բուժքրոջը): Ներեցեք, դո՞ւք էլ եք կարծում, թե մենք պետություն չունենք: Ներողություն: Երևի կարծում եք, թե շատախոս եմ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ձեր սենյակակիցներին հարցրեք, ես խնդիր չունեմ:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (Արմենին, բայց բարձր, որ բոլորը, հատկապես բուժքույրը լսի): Տղա ջան, ասում են` դու լավ մասնագետ ես, ֆիզիկա, մաթեմատիկա, ասում են` ում հետ պարապես, գիտնական կդարձնես:

Արմենը ժպտում է, բայց չի ժխտում:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես իմ անձնականի թողած տպավորության համար եմ հարցնում:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Անձնական հարցերը երևի ձեր հարսնացուի հետ ճշտեք, դուք նրա կյանքն եք ու գերագույնը: Եթե պետքական, ճիշտ բաներ եք ասում, չեք խաբում, ուրեմն…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Ա՛յ, հե՛նց գերագույնը չպիտի՛ խոսի, այլ մտածի, պետք եղած տեղը հրաման տա: Գործ անելիս էլ բոլորիս հավաքի ու ասի` դու էս ես անում, դու` էս, դու էլ` էն:

ՇԱՐՔԱՅԻՆ — Դուք կուզեի՞ք, որ ձեր տան մեջ այդպես լիներ:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Իսկ մեր տան մեջ հենց էդպես է, Համո ջան, առանց ամուսնուս իմացության ոչ մի քայլ չեմ արել, ոչ էլ` երեխաներս:

ՇԱՐՔԱՅԻՆ — Քիչ առաջ ուրիշ բան էիք խոսում:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Ուրիշ բան չէի խոսում, հենց դա էլ ասում էի: Իսկ տեսնողը պիտի ճիշտը տեսնի, ճիշտ հասկանա: Ինչը ես խոսում էի, ինքն էր թույլ տալիս, որ խոսում էի: Համ էլ խոսում էի, որովհետև իրեն վերաբերող հարցերում է ինքը համեստ, ոչ թե ընտանիքի կամ էլ ազգի: Գիտե՞ս, ինչ հայրենասիրական երգեր է երգո՜ւմ: (Ամուսնուն.) Կերգե՞ս, լսենք:

ԳԵՂՋՈՒԿ — (լացակումած): Սիրտ չկա:

ԿԱՄԱՎՈՐ — Սիրտ թողեցի՞ն, որ մարդը երգի:

ԱՐՄԵՆ — (հուզիչ երգ է երգում` արտասվելով): Մայրս այնքան լավ էր երգում…

ԿԱՄԱՎՈՐ — Բուժվենք, կգտնենք: Ամեն ինչ ետ կբերենք:

ԳԵՂՋՈՒԿ — Հողը կսպասի` աչքը ճամփին, կարոտը սրտում, լուռ ու համբերատար:

Բուժքույրը բոլորից ջերմաչափերը ետ է վերցնում: Արմենը արցունքը թաքցնում է:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (Արմենին, շշուկով): Երեխեքը շատ դաստիարակված են: (Ամուսնուն` բարձրաձայն:) Դե, ես գնամ, հաց-մաց սարքեմ, իրիկունը կգամ: (Առանձին` նրա վերմակը շտկելով:) Դու էլ տեղիցդ շարժվի, երկուսն էլ լավն են:

Գնում է:

ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ

Տեղահանումներ

 

ԳԵՆԵՐԱԼ — Մարդկանց պետք կլինի տեղահանել:

ԿԻՆ — Թող իրենք իրենց հանվեն, ոնց չգնացին կռվեն, թող այդպես էլ տեղափոխվեն, այրեն, այրվեն, քանդեն, քանդվեն, ինչ ուզում են, թող լինեն:

ԱՄՈՒՍԻՆ — Ը… մենք ի՞նչ ենք ասում, մենք ժողովրդավարական երկիր ենք և պետք է մեր արածները հարմար լինեն բոլոր երեք ժողովուրդների համար, մեր թշնամին, օրինակ, շատ կառուցողական միտք ունի…

ԳԵՆԵՐԱԼ — (ընդհատելով): Իսկ կռվածնե՞րը:

ԱՄՈՒՍԻՆ — Կռվածները ի՞նչ… (Սպասողական նայում է կնոջը, նա չնկատելու է տալիս:) Ռազմաճակատից դուք եք գալիս…

ԿԻՆ — (գեներալին` արհամարհանքով): Հիմա դրանց ի՞նչ եք ասում… ազատամարտիկ էին կոչվում: Բայց հիմա… այդ անունը կարծում ես սազո՞ւմ է նրանց:

ԱՄՈՒՍԻՆ — (պոռթկալով): Բոլորը փախել են, ոչ ոք չի կռվել:

ԳԵՆԵՐԱԼ — Զինվորներ ու բնակիչներ կան, որ գերի են ընկել:

ԱՄՈՒՍԻՆ — Դե ընկել, ընկել են, ե՞ս ինչ անեմ, թող չընկնեին:

ԼՐԱԳՐՈՂ — Իննսունականներին մերոնք մի փամփուշտ իրենց համար էին պահում, որ ողջ չընկնեն գերի, բայց հիմա ադրբեջանցիները մեռածներին էլ չեն խնայում կամ էլ ողջերին են…

ԱՄՈՒՍԻՆ — Փամփուշտ չունենք:

ԳԵՆԵՐԱԼ — Ասում եմ, դրանց հաշվով, էդ գերի ընկածների…

ԿԻՆ — Հա, ի՞նչ:

ԳԵՆԵՐԱԼ — Ոչինչ, ուղղակի ասում եմ, չենք կարող ասել` չեք կռվել կամ փախել եք: Կռվել են, որ գերի են ընկել: Կամ իրենց տներում են եղել, երբ…

ԿԻՆ — Որ ասում էիր` «քաղաքացիական էլ կան», նրա՞նց նկատի ունեիր:

ԳԵՆԵՐԱԼ — Այո, հրադադարից հետո, խաղաղապահների տարածքներում քաղաքացիականներ են անհետացել, ենթադրություն կա, որ…

ԱՄՈՒՍԻՆ — Ես ենթադրություններով չեմ ապրում, ռեալ, հստակ ինձ տվեք:

ԳԵՆԵՐԱԼ — Անհետ կորածների մասով…

ԱՄՈՒՍԻՆ — Ա՛յ, ա՛յ, տեսնո՞ւմ ես, ինքդ ես ասում, որ անհետ կորածների մասով անգամ հստակություն չկա, ես գերիների համար ի՞նչ կարող եմ անել:

ԼՐԱԳՐՈՂ — Լայվ մտնել կամենո՞ւմ եք, Տե՛ր մեր, որ…

ԱՄՈՒՍԻՆ — Պետք լինի, կմտնեմ:  Տես` դրանք ի՞նչ են ասում:

ԼՐԱԳՐՈՂ — Մերժում են:

ԱՄՈՒՍԻՆ — Էդ հասկացանք, բայց ի՞նչ են ասում, ի՞նչ ձևով են մերժում…

ԳԵՆԵՐԱԼ — Հա, մոռացա ասեմ, հաշմանդամների ծնողներն են եկել, ասում են…

ԿԻՆ — Բոլորին զոհվածների տներ տարեք: Թող երջանիկ լինեն, որ իրենց որդիները ողջ են, բա դա քի՞չ բան է: Գնանք, հենց հիմա էլ գնանք, ես էլ կգամ:

Կինն ու Գեներալը հեռանում են, շտապ գալիս է ոստիկանապետը:

ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

Հանրահավաքներ

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — (շունչը տեղը բերելով): Էդ հանրահավաքների մասով…

ԱՄՈՒՍԻՆ — Դա ձեր գործն է, առաջին օրվանից եմ ցուցում տվել:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Էդ հեչ, ում որ պետք էր` հավաքել ենք, մնացածից վտանգ չկա, թողնում ենք` խոսան…

ԱՄՈՒՍԻՆ — Բա էլ ի՞նչ խնդիր կարող է լինել:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Ձեր դեմ խոսա՞ն, թե՞… Էդ պահով, ասի` ճշտվենք:

ԱՄՈՒՍԻՆ — Դե, մենք ինչ ենք ասում, մենք մի ժողովուրդ ենք, մեր ու ձեր չկա, բայց էդ կռվածներին չիմացանք` ինչ անուն գրենք:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Հողը չեն կարողացել պահել, ի՞նչ անուն են ուզում…

ԱՄՈՒՍԻՆ — Կշարունակեն էլի…

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Կհսկենք: Որ պահին պետք եղավ, հարցերը կլուծենք:

ԱՄՈՒՍԻՆ — Դա հասկանալի է, բայց որ չպայքարեին, ավելի լավ կլիներ:

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ — Իսկ… դա քառասունականների գործը չէ՞ր…

ԱՄՈՒՍԻՆ — Լավ, դու գնա, զինուժից տես դրսում ո՞վ կա, ասա` գա:

Ոստիկանապետը գնում է, գեներալն է գալիս:

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Պայքարողները

 

ԳԵՆԵՐԱԼ — Դիրքերից չիջածները…

ԱՄՈՒՍԻՆ — Ավելի լավ, այստեղ չեն գա, գլուխ չունեմ:

ԳԵՆԵՐԱԼ —  Ասում են, անտառներում մոլորված զինվորներ են մնացել, ողջ են ու գերի չեն հանձնվում: Թուրքերը նկարել էին…

ԱՄՈՒՍԻՆ — Էդ էլ ես մտածե՞մ: (Քիչ անց:) Ո՞ւմ տարածքում են:

ԳԵՆԵՐԱԼ —  Հանձնված: Ըըը… երևի…

ԱՄՈՒՍԻՆ — Էլ մեր պատասխանատվության տակ չի:

ԳԵՆԵՐԱԼ —  Մերոնք են մնացել…

ԱՄՈՒՍԻՆ — Չմնայի՛ն: Դրանք ի՞նչ զինվոր են, պիտի արդեն դուրս եկած լինեին:

ԳԵՆԵՐԱԼ —  Ժամանակ չկար, չենք տվել, ըըը… այսինքն` չկար,  համ էլ դրանք էն չկրակվող արկերի տղերքն են:

ԱՄՈՒՍԻՆ — Դրանք կրակելուց չե՞ն պայթել:

ԳԵՆԵՐԱԼ — Դե, ով պայթել, պայթել է, բայց արկերից շատը կրակվել, չեն պայթել:

ԱՄՈՒՍԻՆ — Այ, դա՛ էլ թող հավաքողները մտածեն:

ԼՐԱԳՐՈՂ — Հա էլի, շեֆ ջան, ճիշտ ես ասում, թող մտածեն, գիտե՞ս ինչքան գռուզավիկ ա պետք, որ էդքանը հավաքեն…

ԱՄՈՒՍԻՆ — Մի յարմրկի ապրանք ենք տվել, բա՜: Է՜… Ո՞ր մեկն ասեմ, քիթ սրբելու ժամանակ չկա… Արա, էս ո՞վ են, է՜…

ԳԵՆԵՐԱԼ — Տարբեր. գերիների, անհետ կորածների, զոհվածների… ազգուտակ, էլի՜:

ՏԵՍԱՐԱՆ

ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

Ցավերի բժշկում

 

ԿԱՄԱՎՈՐ — Ալո: Բարև: Լավ եմ, ի՞նչ կա… Միայն չասես, թե Հայաստանից հեռանում ես: (Լռություն:) Ալո… Պարզ է… Դե, քեզ լավ նայի, օտարության մեջ ես… Հա, մենք էլ ենք… ճիշտ ես ասում…

ԳԵՂՋՈՒԿ — (որ անհանգիստ հազում էր, պոռթկում է): Արմեն ջան, Արմեն…

ԿԱՄԱՎՈՐ — (ընդհատելով խոսակցությունը): Հը՞, ի՞նչ եղավ, լավ չե՞ս…

ԳԵՂՋՈՒԿ — Չէ, լավ եմ, ոչինչ… (Արմենին.) Արմեն ջան, մի ավտոդ քշի, բուժքրոջն ասա…

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես կկանչեմ:

ԳԵՂՋՈՒԿ — Չէ, ետ արի:

ԿԱՄԱՎՈՐ — (ցածրաձայն): Բա՞ն է պետք:

ԳԵՂՋՈՒԿ — (կամավորին` ցածրաձայն): Չէ: (Բոլորին.) Չէ, չէ, կանչել պետք չի, էն աղջիկը զբաղված է, ո՞ր մեկիս հասնի, գալ պետք չի, լավ եմ, թող Արմենը գնա, ճշտի, ինքը ուշադիր տղա է, վրաս էլ չի գոռում ձեզ նման:

Արմենը տեղից չի շարժվում:

ԿԱՄԱՎՈՐ — (գեղջուկին` շշուկով): Չասացիր, թե Արմենին ինչի համար ես ուղարկում:

ԳԵՂՋՈՒԿ — Է՜, թող գնա, մի բան ասի` ճնշումս, գլուխս…

ԿԱՄԱՎՈՐ — Ճնշումդ, գլուխդ… ի՞նչ: Քե՞զ  համար ես կանչում, թե՞ Արմենի:

ԳԵՂՋՈՒԿ — Ի՜, ամոթ չես անո՞ւմ:

ԿԱՄԱՎՈՐ — Ե՞ս: Այնպիսի բան ասա, որ էն տղան էլ իրեն վատ չզգա:

ՇԱՐՔԱՅԻՆ — (հեռախոսով): Արա, թողի՞ն, որ… Հիմա` էլ ի՞նչ… Դա դեռ հարց է` էս վիճակից դուրս գալ հնարավո՞ր է, թե ոչ:

ԿԱՄԱՎՈՐ — Հարյուր տոկոս: Առողջ ուժեր կան, մասնագետներ կան, կռված, կռվող ու կռիվ տալու պատրաստ տղերք կան…

ԳԵՂՋՈՒԿ — «Չկա» բառը չասեք: Գլխիս որդերն իրար են գալիս:

ԿԱՄԱՎՈՐ — Դու էլ հո ժամկետային չե՞ս, որ երկու ամիս չհերթափոխվեիր, չլողանայիր ու գլուխդ… Կներեք, ժամկետայիններ, տղերք ջան: Հա, հեչ կատակի բան չի… (Դառնացած սարկազմով:) Կարևորը «խաղաղապահների» ավտոն հասավ հենց ձեր իջնելուց առաջ, լողացաք, նոր գնացիք զորամաս:

ԳԵՂՋՈՒԿ — Ձեր պահած զինվորը…

ՇԱՐՔԱՅԻՆ — Էդքան զոհերից հետո…

ՀԱՐՍՆԱՑՈՒ — (կամավորին): Էլի՞ կռիվ եք ուզում, դուք արեցիք, էլի, որ…

ՇԱՐՔԱՅԻՆ — (հարսնացուին): Սուս մնա:

ԿԱՄԱՎՈՐ — Թեկուզ միայն հանուն զոհվածների… պատրաստ եմ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ինչպե՞ս եք, լա՞վ եք:

ԳԵՂՋՈՒԿ — Հա՛, հա՛, աղջիկ ջան, բոլոր դեղերը խմել եմ: Էլի՛ տվեք:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ո՞նց թե` բոլորը խմել եք, մեկ հաբ պիտի խմեիք, ե՞րբ եք խմել:

ԳԵՂՋՈՒԿ — Մի կես ժամ կլինի:

ԿԱՄԱՎՈՐ — Դու էդքան համբերո՞ղ էիր:  (Բուժքրոջը.) Հենց տվել ես, խմել է:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Երկու ժամ առաջ եմ տվել: Ի՞նչ եք զգում:

ԿԱՄԱՎՈՐ —  Դե լավ, որ մի բան էն չլիներ, արդեն մեռած կլիներ, բան չկա:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Նստի, ճնշումդ չափեմ:

ԳԵՂՋՈՒԿ — Չէ, լավ եմ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (ճնշումը չափելով): Ավելի լավ, որ լավ ես: Զուգարան չե՞ս ուզում:

ԳԵՂՋՈՒԿ — Նոր եմ գնացել… Բա ո՞նց, արդեն գնում եմ, ոտի եմ, ցավդ տանեմ, ինձ ի՞նչ է եղել, առողջ տղամարդ եմ:

Կամավորը բզում է` հասկացնելով, որ Արմենն իրեն վատ կզգա: Բուժքույրը ոտքից գլուխ ստուգում է, վազում, բժշկին է բերում:

ԲԺԻՇԿ — Ինձ նայեք, խնդրում եմ, շտապում եմ, լեզուդ ցույց տուր, քանի՞ հատ ես խմել:

ԳԵՂՋՈՒԿ — Ինչքան տվել են` խմել եմ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Մի թերթ եմ տվել, քսան հաբ:

ԲԺԻՇԿ — Թերթիկն ո՞ւր է, քանի՞ հաբ ես խմել:

ԳԵՂՋՈՒԿ — Մի երկու հատ կլիներ, Արմոն ինչ տվել է` խմել եմ:

Բժիշկը նայում է Արմենին, նա սայլակը քշելով մոտենում է, դեղահաբերի թերթիկը ցույց տալիս: Գեղջուկը ուզում է վերցնել, Արմենը թաքցնում է: Բժիշկը խեթում է բուժքրոջը և դուրս գնում:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (Արմենին` ատելությամբ): Ինչո՞ւ չէիր ասում…

Բուժքրոջ բջջայինը զանգում է, նա զայրացած անջատում է, նետում Արմենի գիրկը և սայլակը քշելով` դուրս տանում նրան:

ԿԱՄԱՎՈՐ — (գեղջուկին): Լավ էլ դիրքապահություն ես անում:

ԳԵՂՋՈՒԿ — Հա՞, դուրդ եկա՞վ, լա՞վ ժամապահ եմ: Մեկին էլ քեզ համա՞ր ճարեմ: Ասա` ում ես հավանում, դասավորեմ:

ԿԱՄԱՎՈՐ — Կնոջս: Ես մի հրաշք կին ունեմ…

ՇԱՐՔԱՅԻՆ — Արա, դե ֆեյսբուք մտնել էլ չի լինում, իրար են ուտում, բոլորն ուզում են արանք ճղեն: Լուրեր էլ լսել չի լինում, բոլորն աթոռ են փայփայում: Ես կգժվեմ…

ԿԱՄԱՎՈՐ — Բարի գալուստ դժոխք:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ես… վերջ, էլ կռիվ գնացող չկա…

ԿԱՄԱՎՈՐ — Հիմա չէ, լավացիր, հետո:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Էլի պատերազմ ես ուզում, որ մնացածն էլ տա՞ք:

ԿԱՄԱՎՈՐ — Ուրեմն լսի, թե ինչ եմ ասում, նախ` հրադադար է, ընդամենը: Ու հետո դժգոհությունդ հող տվողներին ներկայացրու` ներսի ու դրսի, հասկացա՞ր:

ՇԱՐՔԱՅԻՆ — Մենք ռազմաճակատում հայրենիքի համար էինք կռվում, դրանք` իշխելու, մենք մենակ մնացինք, դրա համար էլ պարտվեցինք:

ԿԱՄԱՎՈՐ — Մենք չենք պարտվել: Այ, հենց դա չես հասկանում, չնայած մասնակցել ես կռվին: Չես հասկանում, որ հենց էդ աթոռակռիվ անողները սրանց հետ միասին չթողեցին, որ կռիվ տանք: Ով որտեղ կարողացավ, տղերքի դեմը փակեց կամ զինաթափեց:

ՇԱՐՔԱՅԻՆ — Լսի, այ տղա, իմ աչքի առաջ մի րոպեում ամբողջ վաշտ ու գումարտակ մսագունդ դառան…

ԿԱՄԱՎՈՐ — Մտածված, մատնությամբ, ջոկատները ետ քաշող գեներալով, թիկունքից խփող յուրայինով, թշնամուն զենք վաճառող, իսկ իր զինվորին ժամկետանց արկ տվող նախարարով, Սփյուքից եկած սպառազինությունը կռվողին չտվող ղեկավարներով… Շարունակե՞մ, թե՞ հասկացար:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էդ ո՞ւմ են թիկունքից խփել:

ԿԱՄԱՎՈՐ — Ես երկուսին հաստատ գիտեմ, մնացածների հաշիվն ինքդ արա:

ՀԱՐՍՆԱՑՈՒ — Արի՛, է՜, չե՞ս տեսնում` դրա հետ խոսել չի լինում: Արի դուրս գնանք:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Թվում է` հօդս եմ ցնդում… բզկտվում եմ, թե՞ ընկնում եմ…

ԿԱՄԱՎՈՐ — Մեր երկրի նման: Ոչինչ, կանցնի:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Հա՜… Ազգս պարտվող չի, պիտի ոտքի կանգնի:

 

ՏԵՍԱՐԱՆ

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Սեր

 

ԳԵՂՋՈՒԿ — (կամավորին): Կներես, չհարցնեմ` սիրտս կպայթի, ասեցիր, որ հրաշք կին ունես: 2016-ին ամուսնացած չէիր, չէ՞: Կապ էլ չպահեցինք, տեսա՞ր ոնց էլի հանդիպեցինք: Երեխա էլ կունենաք…

ԿԱՄԱՎՈՐ — Երեկ տղա եմ ունեցել, խնդրել եմ զոհված ընկերոջս անունը դնեն, մինչև ռազմաճակատից տուն վերադառնամ:

ԳԵՂՋՈՒԿ — Բայց…

ԿԱՄԱՎՈՐ — Հայրս ու մայրս նոր են զոհվել: Մեր տունը չկա, ռումբն ուղիղ տան վրա էր ընկել: Եթե կինս իմ վիրավոր լինելու մասին էլ լսեր…

ԳԵՂՋՈՒԿ — (լալիս է): Հալալ կաթնակեր հոր ու մոր տղա մեծանա, ազգի զավակ լինի, ցավդ տանեմ…

ԿԱՄԱՎՈՐ — Շնորհակալ եմ: (Դադար:) Կինս գնացել է մորս համար դեղ առնի, մինչև ետ գալը… Հրաշքով է ողջ մնացել: Մորս ու հորս թաղեցի, էլ Արցախ չգնացի, մնացի մեր գյուղի դիրքերում: Կինս մորս հետ շատ էր կապված, ծանր է տանում ծնողներիս մահը, ինձ թվաց` կվիժի… Ուղարկեցի հոր տուն: Էդ վիճակում, ո՞նց ասեի, թե վիրավոր եմ: Ես էի զանգում: Երեկ ինքը զանգեց, անմիջապես հասկացա, որ հայր եմ դարձել: Չես պատկերացնի, թե ինչ երջանիկ եմ, ուրախությունից սիրտս պայթում է, բայց… Հերս չկա, մերս չկա, ախպերս էլ է զոհվել, տունս… Մեր գյուղն էլ, չնայած Արցախի մեջ չենք, անընդհատ ռմբակոծում էին, հիմա էլ տարածքներ են խլում, տեր կանգնող չկա, զինված ուժերից մարդ չկա, միայն գյուղացիներն են պաշտպանում:

ԳԵՂՋՈՒԿ — (լացելով ու քիթը սրբելով): Ես քո դաշնակից ասողի…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Ի՞նչ է եղել, ա՛յ, մարդ: Ինչո՞ւ ես լացում:

ԿԱՄԱՎՈՐ — Պապի է դարձել:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Այսի՞նքն:

ԿԱՄԱՎՈՐ — Ծնողներս զոհվել են: Ավելի շուտ չհասցրինք, որ գոնե տեսնեին, նոր…

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Վա՛յ, վա՛յ, վա՛յ, քոռանամ ես… Գնամ, երեխեքին բերե՞մ, ի՞նչ անեմ: (Ամուսնուն:) Ասա՛: (Մեկուսի:) Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ ինձ մեկուճարիցս չզրկեցիր:

ԿԱՄԱՎՈՐ — Կինս չգիտի, որ վիրավոր եմ: Հիվանդանոցից դուրս գրվի, ես էլ լավացած կլինեմ, միասին կգնանք մեր տուն:

 

ՏԵՍԱՐԱՆ

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

Բարի գալուստ դժոխք

Բուժքույրը մոտենում է վաշտի հրամանատարին:

ԳԵՂՋՈՒԿ — Չորս զինվորիկ էլ այս զույգից թոռ կունենամ, իմոնք արդեն մեծ են:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Էդ, քանի կար, դեմ էիր, հիմա արդեն պսակել ես, տեղյակ չե՞մ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (նայելով ջերմաչափի սանդղակին): Նորմալ է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Նորմալ է` կա՞, թե՞ նորմալ է, չկա ջերմություն:

Բուժքույրը վաշտի հրամանատարին կաթիլային է միացնում:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (Արմենին): Ինչքա՞ն ես լռելու, նայում ես ու ոչինչ չես ասում…

Արմենն ուսերն է թոթվում, շրջվում է, որ հեռանա:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Տղաներ, օգնեք, Արմենին քայլեցնենք:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Արմեն ջան, պատկերացրու` Արմենիան ես ու ձև չի, պիտի ոտքի կանգնես…

ԿԱՄԱՎՈՐ — Ըհը, դժվարը նստատեղից, այսինքն` աթոռից կտրվելն է, հենց գրպանդ կարում ես, աթոռից էլ կտրվում` ուղեղդ սկսում է աշխատել:

ԲԺԻՇԿ — (փաստաթղթեր բերելով): Մկանային հիշողությունն էլ շատ կարևոր է, շատ բան մենք բնազդով ենք անում կյանքում: Էս քո թղթերն են, չգիտեմ` գրպանդ կարելու ես, թե չէ, ես ինչ կարող էի, արել եմ:

ՀԱՐԵՎԱՆ — Թող կարե, որ եղածն ալ ծակ գրպանեն չընկնի:

ԿԱՄԱՎՈՐ — Արմենի աթոռի վրա աչք չկա, իսկ այ Արմենիայի… ու՜…

ԳԵՂՋՈՒԿ — Հայ գիդի աշխարհի բաները, մի ամիս առաջ շատերն են իր ձեռքը նայել, իսկ հիմա…

ՀԱՐԵՎԱՆ — Է՞, գլխուն համար նայած են, այլ ոչ ոտքերուն:

ԿԱՄԱՎՈՐ — Այո, իմաստուն խոսքեր:

ՇԱՐՔԱՅԻՆ — Տղերք, պատին չոփ խրեք, մարդամեկը մի բան հավանեց:

ԿԱՄԱՎՈՐ — Մարդամեկը շատ բան է հավանում, լավին լավ եմ ասում, վատին` վատ: Ուղղակի մեր օրերում ճիշտ խոսքը չի անցնում, որովհետև հա՛մ ցեխն է շատ, հա՛մ` ցեխ շպրտողը:

ԳԵՂՋՈՒԿ — Դե բա փայ են փախցնում:

ՀԱՐԵՎԱՆ — Լավ որ պատերազմին ատենը մեկտեղ ենք:

ԿԱՄԱՎՈՐ — Պատերազմում էլ երկրների մակարդակներով են փայ փախցնում:

ՀԱՐԵՎԱՆ — Մի բռունցք ըլլանք, բաբամ:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Մե՞նք, թե՞ կառավարություն-ընդդիմություն ճակատը:

ՀԱՐԵՎԱՆ — Սահմանի տարբե՞ր կողմերում ենք: Լավ չէ:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ցավոք սրտի, այո, բայց մենք հեչ, գոնե իրենք միասնական լինեին, միմյանց դեմ են կռվում, ոչ թե թշնամու:

ՀԱՐԵՎԱՆ — Է՞, աս հայ ժողովուրդը ի՞նչ պիտի ընե:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Տեսնում ես, էլի, ոնց հարյուր տարի առաջ. էլի դրսի խոտ պիտի հրամցնեն, ով կերավ` կերավ, ով չէ` չէ:

ՀԱՐԵՎԱՆ — Է, չորս կողմեն կոտորում են:

ՇԱՐՔԱՅԻՆ — Երեքը գիտեի, չորրո՞րդը որն էր:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Ներսը:

ՀԱՐԵՎԱՆ — Ներսը բուժելու պետք ունի:

ԿԱՄԱՎՈՐ — Եվ այսպես ևս հարյուր տարի:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ոզնի՛, դու սո՛ւս:

ԿԱՄԱՎՈՐ — Ավելի լավ է ոզնի լինես, քան լեշ:

ՀԱՐԵՎԱՆ — Հա, ի՞նչ է որ, ճիշտ կըսե մարդու մեկը, փշերիցդ կվախնան, ինկար նե, պառկեցար առջևնին, վրայովդ կանցնին: Ինձի նայե, քեզի բան մը բացատրեմ` ինչքան փափուկ` այնքան կեղծ: Ինչքան կոշտ` այդքան ուղիղ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Կոշտը միամիտ է, շուտ է կոտրվում:

ԳԵՂՋՈՒԿ — Նայած հաստության:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Հա՜, սիրում ենք խաբվել:

ՀԱՐԵՎԱՆ — Ինչո՞ւ: Ըսե, նայիմ: Ինչո՞ւ մարդիկ խաբիլ կսիրեն: Ինքնզինքը կխաբին: Դոքթո՞ր…

ԲԺԻՇԿ — Դե՜… Երբ չենք կարողանում խաբել… Ստիպված խաբվում ենք:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — (բժշկին): Հա, իրոք որ… Ի՜նչ ճիշտ ասացիք… Մենք այլևս լացելու իրավունք չունենք:

ԳԵՂՋՈՒԿ — Լացելով դարդին դարման չես անի:

ՀԱՐԵՎԱՆ — (վաշտի հրամանատարին): Այո, ջանի՜կ… Դուն ազգի դեմքն ես, զավակս, ազգը քու երեսիդ կնայե:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Իրավացի եք, պատերազմը դեռ չի ավարտվել: Հրադադար է: Ապաքինվեմ ու…

ՇԱՐՔԱՅԻՆ — Արա դե, ճիշտ են ասում, էլի, որ պայքարել է պետք:

ԿԱՄԱՎՈՐ — Բայց ինչպե՞ս, այս անգամ ո՞ւմ ետևից ես ուզում գնալ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ռիսկերս ու շահերս կշռադատել եմ:

ԿԱՄԱՎՈՐ — Կարևորը` ինքնախաբեությամբ չզբաղվես: Ա՛յ, երբ ինքներս մեզ չենք խաբի, այն ժամանակ էլ մի արդյունքի կհասնենք:

ՇԱՐՔԱՅԻՆ — Կմտածեմ: Համբերեք:

ԳԵՂՋՈՒԿ — Ինչքա՞ն: Էն է, գերիների ծնողներին էլ են ասում` համբերեք, իսկ ծնողներն ինչքան ժամանակ է ոչ մի լուր չունեն, արդեն հույս էլ չունեն:

ԿԱՄԱՎՈՐ — Այ մարդ, նա բանակցող լիներ, բանակցությունների հիմքում հայի թուղթ կդներ, ոչ թե ինչ դեմ տային` կստորագրեր, հիմա էլ ասում է` նախորդն արդեն ստորագրել էր: Նախորդն արդեն ստորագրել էր, ժամանակին չեղյալ համարեիր: Ստորագրել էր, դե նրա ստորագրածի չափ տուր, ինչո՞ւ ես ավելին տալիս: Այսպես պայմանավորված պատերազմներով մինչև ո՞ւր…

ԳԵՂՋՈՒԿ — Հենց այսպես էլ գոյատևում ենք:

ՇԱՐՔԱՅԻՆ — Դե, հիմա ելքը պատերազմն է թելադրել:

ՀԱՐԵՎԱՆ — Պատերազմը որտեղ կանգ է առել, ուրեմն այդքա՛նը թող տա:

ԳԵՂՋՈՒԿ — Դրա զենքը` լեզու-բերան, չունե՜ն ու չունեն…

ՇԱՐՔԱՅԻՆ — Դե` պլյուս ստորագրածը…

ՀԱՐԵՎԱՆ — Մեղրին ու Շուշին էլ իր կողմեն պարգևավճա՞ր ավելցուցած է:

ԿԱՄԱՎՈՐ — Վրադիր: Ռուս-թուրքական առուծախին: Լավ, իսկ հիմա եթե կռիվը պրծել է, հենց այնպես Հայաստանից ինչո՞ւ են տարածք տալիս:

ՇԱՐՔԱՅԻՆ — ԽՍՀՄ-ի սահմաններն են:

ԿԱՄԱՎՈՐ — ԽՍՀՄ չկա, արա: Արդեն երեսուն տարի: Բայց իր ուրվականը ՋիՓիԱռԷս-ով շրջում է հայոց հողերի վրա և ասում` տո՞ւր: Իսկ Արծվաշենը, որ Հայաստանինն էր, հանկարծ չուզենք: Հա՞: Ինչքա՞ն կարելի է քոռի լոտո խաղալ ու նայել, թե ինչպես են թշնամիներդ իրենցը հանում-վերցնում, քեզ ասում` դու դնելիք չունես, քոնը` բարի գալուստ դժոխք:

ԳԵՂՋՈՒԿ — Հա, Նազարի բախտով ընկավ մոր փորը, մեզ էլ` բարի գալուստ դժոխք:

ՀԱՐԵՎԱՆ — Տղաս, ձեր գերագույնը եկավ-չեկավ, իր պարտքն ըրավ առաջինը հայերենն ու հայագիտությունը վերացնել…

ԳԵՂՋՈՒԿ — Էկավ-չեկավ, Արցախն առանձնացրեց, ասեց` ես գործ չունեմ, թող իրենք էլ բանակցեն: Բա որ գործ չուներ, ինչո՞ւ ստորագրեց այդ խաբեբայությունը:

ԿԱՄԱՎՈՐ — Ասա, է, ասա՛, բայց երբ Մինսկի համանախագահողները եկել, ուզում են հանդիպեն Արցախի նախագահի հետ, թույլ չի տալիս: Վերջ, դրանք էլ ջրվեցին:

ԳԵՂՋՈՒԿ — Էլ ազգի դավաճանը հո պոզով-պոչով չի՞ լինում:

ԿԱՄԱՎՈՐ — (շարքայինին): Հը՞, դե ասա՛, լսում եմ:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ դուք ասեցիք, պակաս տեղ չթողիք: Իսկականից որ «Բարի գալուստ դժոխք» արին գլխներիս ու կնիքն էլ դրեցին: Նախկինների հետ:

ԿԱՄԱՎՈՐ — Ձեր սևուսպիտակների խաղը չսկսես, այլևսբացա­հայտված շոու է, որ նախկին ու ներկա չկա: Էլ ոչ ոքի չես վախեցնի, թե դուք գնացիք, նախկինները կգան:

ՇԱՐՔԱՅԻՆ — Էսքան ժամանակ մտածում էի, թե ինչո՞ւ էսքան վիրավոր են բերում-տանում, նախկիններից մարդ չկա, հետո հիշեցի, որ ախր դրանք ե՞րբ կռվեցին, որ մի հատ էլ վիրավորվեին: Գիտե՞ք, ախր դրանք…

ԿԱՄԱՎՈՐ — Երբեք էլ չեն կռվել: Վերջապես հասկանալո՞ւ ես, որ նախկիններ ու ներկաներ չկան: Նույն ուժերը, մեկ անձին մյուսով փոխարինելով, թալանողներին հավերժ վերարտադրում են, իսկ ժողովուրդը գնալով կոտորվում է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Համակարգ պիտի փոխվի, որ այնպիսի ղեկավար ընտրվի, որը սեփական պետականության ու ազգի շահով կշարժվի:

ԿԱՄԱՎՈՐ — Ձեռ ես առնում:

ՇԱՐՔԱՅԻՆ — Չէ, ախպեր, ի՞նչ ձեռ առնել: Հասկացել եմ, արդեն հասկացել եմ:

ԿԱՄԱՎՈՐ — Դե մտածի, մտածի` հանուն ազգի և պետականության:

ՇԱՐՔԱՅԻՆ — Հա՞  որ:

ԿԱՄԱՎՈՐ — Ռիսկ արա, ավելի կշահես: Հանդիպե՞նք ազնիվ պայքարում: Հանուն ազգի և անկախ պետականության… Հը՞:

ՇԱՐՔԱՅԻՆ — Պայմանավորվեցի՛նք:

ԳԵՂՋՈՒԿ — Արյունը ջուր չի դառնա:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — (բուժքրոջն ու Արմենին): Եկեք, եկեք նայեք, ի՜նչ լավն են, երբ միասին են:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Ձեզ մոտ տեղ կա՞:

ԳԵՂՋՈՒԿ — Չէ, աղջիկ ջան:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (Արմենին նայելով): Մի բան արեք, տեղավորենք, նոր վիրավոր են բերել:

Արմենը իր մահճակալի վրայից վերցնում է համազգեստն ու քաշվում մի անկյուն: Նոր զինվոր է գալիս` հարազատների ուղեկցությամբ: Բուժքույրը նրան նստեցնում է Արմենի մահճակալին:

ԳԵՂՋՈՒԿ — Տղա ջան, դո՞ւ ոնց ես վիրավորվել: Երբվանի՞ց էիր Արցախում:

ՄԱՅՐԸ — Տասը օր կլիներ` տուն էր եկել, նորից կանչեցին, տարան:

ՀԱՅՐԸ — Հրաշքով է փրկվել:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Տղերքը… որը զոհվեց, որին գերի տարան: (Գլուխը բռնելով:) Ես փախա…

ՇԱՐՔԱՅԻՆ — Իսկ խաղաղապահնե՞րը:

Զինվորը ուսերն է թոթվում:

ՀԱՅՐԸ — Վերջ, էլ ոչ մի բառ, պառկի, հանգստացի, հետո կպատմես:

ԳԵՂՋՈՒԿ — (կամավորին): Անտրամադիր ես երևում, թե՞ վերքդ է ցավում…

ԿԱՄԱՎՈՐ — Ողջ մնացած տղերքին գոնե չեն օգնում, տասնմեկ հոգու էլի սպանել են… Ոչ էլ թողնում են, որ մարմինները հանեն, հիմա էլ` սա: Էլի խափխփելով սողացող պատերազմ են քարշ տալիս:

ԶԻՆՎՈՐԻ ԱԶԳԱԿԱՆԸ — Ինչ էլ որ կարողացել են հանեն, պարզ չի, թե ով է կամ ում ոսկորը…

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (Արմենին): ԴՆԹ-ի անալիզ պիտի արվի, ասում են` չորս ամսից:

ՏԵՍԱՐԱՆ

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Թռուցկաժողով

 

ԼՐԱԳՐՈՂ — Սպառնում են խփել ձեզ…

ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նձ ինչու են խփում, ով հրաման է տալիս, թող նրան խփեն: Ես ծառա եմ, կատարող:

ԼՐԱԳՐՈՂ — Մեկն էլ ասում էր` պատուհանից հանած ավտոմատները քեզ չեն փրկելու: Ծնողները սպառնում են ձեզ անգերեզման թողնել, որ կենդանիների կեր դառնաք:

ԱՄՈՒՍԻՆ — Կպատասխանենք: Ուրի՞շ ինչ կա: Սփյուռքի օգնություններից ի՞նչ լուր:

ԼՐԱԳՐՈՂ — Դրել ենք ծախելու:

ԱՄՈՒՍԻՆ — Էլ չե՞ն ուղարկում…

ԼՐԱԳՐՈՂ — Ուղարկում են, բայց մեզ արդեն չեն վստահում:

ԱՄՈՒՍԻՆ — Ասա` կրկնակի մաքսատուրք դնեն:

ԼՐԱԳՐՈՂ — Սփյուռքը կկտրվի հայրենիքից:

 

ՏԵՍԱՐԱՆ

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Վրեժ

 

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ — Վրե՛ժ, վրե՛ժ, վրե՜ժ…

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Հրամանատա՞ր…

ԿԱՄԱՎՈՐ — Ի՞նչ եղավ: Հանգիստ, շը՜շշշ… Ջուր խմի: Թող սրբեմ քրտինքդ:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — Դանակը հասավ ոսկորին:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Քաղաքականներից հույս չկա. որը աթոռապաշտ է, որը` փակի տակ: Միակ հույսը բանակն է:

ՇԱՐՔԱՅԻՆ — Ապեր, մեր գնդին նահանջ էին տվել, մեր մյուս գնդին` հարձակում, իրար էինք խփում… Դու ասում ես` բանակ:

ԿԱՄԱՎՈՐ — Իննսունականներին էլ ենք նույն վիճակում եղել, մահապարտների մի քանի հարյուր հոգով բեկում մտցրին:

ԲԺԻՇԿ — Վիրահատելու գործ կա՞, ասեք: Բարև ձեզ, ո՞նց եք:

ԿԱՄԱՎՈՐ — Կա, շատ կա: Բարև ձեզ:

ԳԵՂՋՈՒԿ — Հարևան, դո՞ւ ինչ մասնագետ ես:

ՀԱՐԵՎԱՆ — Ես երկար տարիներ փաստաբան աշխատած եմ, նաև միջազգային գործեր ալ շատ ուսումնասիրած եմ:

ԲԺԻՇԿ — Ռազմագետ ունենք, մնաց տնտեսագետ ճարեք: (Շարքայինին.) Վերքդ շուտ է լավանում, ապրես:

ՀԱՐԵՎԱՆ — Մեր քովը կա:

ԳԵՂՋՈՒԿ — Մեր քովն էլ կա:

ԿԱՄԱՎՈՐ — Զինվորի ու զինվորականի պակաս չունենք:

ԲԺԻՇԿ — (կամավորին): Վերքդ դեռ թաց է:

ԲՈՒԺՔՈՒՅՐ — (բժշկին վիրախծուծ մեկնելով): Ցավերը չեն մեղմանում, բայց ցավազրկող չի խմում:

ԿԱՄԱՎՈՐ — Տեսա՞ք, տականքն ինչ կազմակերպված արեց իր չար գործը, 2016-ից արդեն գիտեին մեզ: Մեր բոլոր թշնամիները` ներքին ու արտաքին, իրենց դաշնակիցներով հանդերձ, հիմնովին նախապատրաստվել էին. բոլորը վա բանկ գնացին: Նախորդ ու ներկա իշխողները ձեռք ձեռքի տված գործեցին. բանակը չզինեցին, զորահավաքը դադարեցրին երրորդ օրն իսկ, կամավորներին հրամանատար չտվեցին, չուղղորդեցին, շարքերում խուճապ գցեցին, զինվորներին մոլորեցրին անտառներում, դիրքերի զիվորին չփոխեցին, որ ուժասպառ լինի… Իսկ մենք դաս չենք առնում: Պետք է ազգ-բանակ դառնանք, այլապես կորած ենք:

ԲԺԻՇԿ — Մի հաբ տուր, թող մոտը լինի: (Կամավորին.) Եթե չդիմանաս, խմիր:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ -Համախմբվեք, գնանք ճակատ, միասին եղանք՝ մեզ հաղթել չկա: Հրամանատար, բուժվենք, գնանք ճակատ, ոնց ասես:

ԳԵՂՋՈՒԿ — Մեր հույսը երիտասարդներդ եք, տղա ջան, տականքներին չնայեք, ես ձեր ցավը տանեմ, ձեր քաջ ոգուն մեռնեմ: Ամեն ինչ ձեր ուսերին մնաց` սերունդ տալ, հայրենիք փրկել… Բժիշկ ջան, ես լավ եմ, կռիվ եղավ, էլի գնալու եմ:

ԳԵՂՋՈՒԿԻ ԿԻՆ — Տեր Աստված, մեռնեմ զորությանդ, շատ չհամարես: Հայի վերջին խելքն աշխատեցրու, թող էս ժողովուրդն ուշքի գա:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ — Ընկերներիս կորցրի, հայրենիքս կորցնել չեմ ուզում:

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆՏԱՐ — Ոչ ոքի չենք տա:

 

10-16 դեկտեմբեր, 2020

Ծաղկաձոր-Երևան

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով