Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ / «ԱԼՔԻՄԻԿՈՍԸ»
Արա ԵՐՆՋԱԿՅԱՆԻ «ԱԼՔԻՄԻԿՈՍԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
…Երբ Թագավորը քեզ սկսել է դիմել «դու»–ով, իսկ դու դեռևս «երիտասարդ մասնագետ» ես, երբ ընդունելաթյան ես գնում համակուրսեցուդ մոտ, կամ վերադառնում համադասարանցուդ աշխատասենյակից, երբ հարսնացուդ հեռախոսով ասում է քեզ, որ այսօր ժամանակ չունի… ուրեմն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ բանում դու սխալ ես եղել, Աւքիմիկոս։
Արա ԵՐՆՋԱԿՅԱՆ
ԱԼՔԻՄԻԿՈՍԸ
Թատերախաղ երեք պատկերով
Գործող անձինք
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ
ԹԱԳԱՎՈՐ
ԹԱԳԱՎՈՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱԼՔԻՄԻԿՈՍ
ՆԵ
1-ին աշակերտ
2-րդ աշակերտ
3-րդ աշակերտ
4-րդ աշակերտ
Ալքիմիկոսի լաբորատորիան։ Ամենուր սրվակներ են, կոլբաներ։ Պատերին՝ գծագրեր, սխեմաներ։ Ամեն ինչ եռում է, քլթքլթում, անհաշիվ ճեղքերից գոլորշի ու ծուխ է տարածվում։ Ներս է մտնում Հեքիաթասացը, սեղանից վերցնում է գիրքը, կարդում է։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — «…Որպես անկասելի սկզբունք պիտի ընդունել, որ ապացույցով չհաստատված ենթադրությունը ընդամենը սովորական հաստատում է, ինչը կարող է լինել և՛ ճշմարիտ, և՛ կեղծ։ Ու միայն երբ տրվում է ճշգրիտ ապացույցը, կարող ես ասել. «Քո ապացույցը ճիշտ է»։ (Աղմուկով փակում է գիրքը, դնում սեղանին։) Բարի երեկո։ Թույլ տվեք ներկայանալ. ես Հեքիաթասաց եմ։ Բնականաբար, միայն ներկայացման մեջ, այսպես ասած, աշխատանքային ժամերին։ Կյանքում լրիվ հակառակն է։ Ասենք, այստեղ էլ շատ բան չեմ հորինում ու համարյա չեմ խառնվում դեպքերի ընթացքին։ Հիմա գլխավորի մասին՝ այս պիեսում մի շարք անճշտություններ կան։ Դա իմ կարծիքն է։ Մեկի մասին արդեն ասացի, մյուսները կնկատեք ինքներդ։ Ինչո՞ւ եմ ասում այս ամենը։ Չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ արածս սրտովս չէ։ Բայց… սա հենց այնպես։ Ինչպես ասում են իմ հերոսները՝ «Բարձրաձայն ասված մտքեր»։
Հերթով գալիս են Ալքիմիկոսն ու նրա աշակերտները։ Նրանք ուշադրություն չեն դարձնում Հեքիաթասացին, զբաղվում են իրենց գործով։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Իսկ հիմա, եթե դեմ չեք, անցնեմ պարտականություններիս կատարմանը։ Ի դեպ, մեր հեքիաթում ոչ մերկ թագավոր կա, ոչ սառցե թագուհի, անգամ Մոխրոտի կորցրած ինֆուզորիա-հողաթափիկը… այսինքն՝ կոշիկը չկա։ Բայց, այնուամենայնիվ, սա հեքիաթ է։ Գոնե միայն այն պատճառով, որ բոլոր գործող անձինք և իրադարձությունները հորինված են և նախատիպը չունեն կյանքում։ Հավաստի են միայն Փիլիսոփայական քարի պատրաստման դեղատոմսերն ու նրա օգնությամբ «անազնիվ մետաղներից» ազնիվ մետաղներ ստանալու միջոցները։
Ձեզ կպատմեմ այս հեքիաթը, եթե խոստանաք, որ երբեք այն իրականություն չեք դարձնի։ Ուրեմն այսպես, սա պատմություն է մի ալքիմիկոսի մասին, ով երևակայեց, թե մնացածներից խելացի է և այդ իսկ պատճառով հայտնվեց հիմար վիճակում։ Նա ուզում էր գտնել Փիլիսոփայական քարը՝ չհասկանալով, որ «Փիլիսոփայության նկատմամբ ալքիմիական մոտեցումն ինքնին կեղծ է»։ Նա սեր էր փնտրում, թեև սիրո արժանի չէր… Ահա սա է պատմությունը, որ պատմելու եմ, եթե, իհարկե, խոստանաք, որ չեք ծիծաղի նրա վրա։ Դա շատ կարևոր է։ Հատկապես հիմա, երբ աշխարհում հատուկենտ ալքիմիկոսներ են մնացել։ Ես անգամ չեմ բացառում, որ նա վերջինն է։ Խոստանո՞ւմ եք։ Ուրեմն սկսենք։ (Դուրս է գնում։)
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Մոտեցող կառքի աղմուկ, մարդկանց խոսակցության պատառիկներ… Ներս են մտնում Թագավորը, Տեղակալը։
ԹԱԳԱՎՈՐ — (չի թաքցնում դժգոհությունը)։ Բարև, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բարև ձեզ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Կարո՞ղ եմ քեզ շնորհավորել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարող եք, Ձերդ գերազանցություն։ Երեկ իմ ծննդյան օրն էր։
ԹԱԳԱՎՈՐ — Տափակ կատակ էր, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, Ձերդ գերազանցություն, վերջերս ես էլ այդ կարծիքին եմ հանգել։
ԹԱԳԱՎՈՐ — Գործերդ ո՞նց են։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ են, Ձերդ գերազանցություն։ Պարզվում է, եթե վերցնենք մաքուր սնդիկը, խառնենք ծծմբի հետ…
ԹԱԳԱՎՈՐ — (զայրույթով): Դու խոստացել էիր փորձարկումներդ ավարտել երկու շաբաթ առաջ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, դուք էլ եք տեսնում, թե ինչ պայմաններում ենք աշխատում…
ԹԱԳԱՎՈՐ — Առայժմ ես տեսնում եմ, թե ինչ պայմաններում չե՛ք աշխատում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քարից ոսկի ստանալու համար…
ԹԱԳԱՎՈՐ — (գոռում է)։ Պարտադիր չէ ոսկին ստանալ իմ գանձարանից։ Քո քմահաճույքները ֆինանսավորելու միտք չունեմ։ (Նյարդայնացած քայլում է լաբորատորիայում։) Ես սպասում եմ, թե երբ ես ցուցադրելու քո արածի և իմ վստահության արդյունքները։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, մեզ հաջողվել է բացել նյութի կայունության գաղտնիքը։
ԹԱԳԱՎՈՐ — Դա փակեք և աշխատեք բացել այն, ինչ պահանջվում է ձեզնից։ (Նկատելով պատի գծագիրը։) Սա՞ ինչ վիշապ է, ոնց որ իր պոչն է կուլ տալիս, հա՞։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այդպես պատկերվում են հետադարձ քիմիական պրոցեսները։
ԹԱԳԱՎՈՐ — Դե ինչ, տեսնում եմ, գիտությամբ զբաղվելու փոխարեն զվարճանում ես պատերը նկարազարդելով ու թագավորական ունեցվածքը փչացնելով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սա ընդունված բան է ամբողջ աշխարհում, բայց եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս…
ԹԱԳԱՎՈՐ — Եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ես անում եմ, ինչ պետք է անեմ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչպես վայել է Ձերդ արևափայլությանը։
ԹԱԳԱՎՈՐ — Ուրեմն՝ ես անում եմ արևի թելադրանքով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (փորձում է հարթել իրավիճակը)։ Ալքիմիայում արևը ոսկու նշանն է։
ԹԱԳԱՎՈՐ — Ուզում ես ասել, որ ինձ թելադրում է ոսկի՞ն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — (նկատելի հանդարտված): Լավ, լավ… դրա մեջ որոշ իմաստ կա… (Աշակերտներին.) Բարև ձեզ։
ԱՇԱԿԵՐՏՆԵՐ — Բարև ձեզ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Ինչո՞վ կուրախացնեք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կարող ենք նոր անեկդոտ պատմել։
Աշակերտներից մեկը փորձում է նրան լռեցնել։
ԹԱԳԱՎՈՐ — (նյարդային)։ Հետաքրքի՜ր է… իսկապե՞ս անեկդոտը նոր է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այո, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Դե, պատմեք…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինքնաթիռում երեքն են՝ առաջին օդաչուն, երկրորդ օդաչուն ու Պիղատոսը…
ԹԱԳԱՎՈՐ — (ընդհատում է)։ Շատ ծիծաղելի է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կիսատ է, Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — (կտրուկ)։ Բավակա՛ն է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչպես կասեք։
Դադար։
ԹԱԳԱՎՈՐ — (հերթով զննելով աշակերտներին)։ Դե ինչ, եթե այդքան հանդգնություն ունեցաք ինձ համեմատելու հռոմեացի կուսակալի հետ, գուցե քաղաքավարություն ունենաք և ներկայանա՞ք։ Եվ այսպես, ո՞վ է ձեզնից Թովմասը, ո՞վ է Անդրեասը… դեռ չե՞ք որոշել։ Իսկ գոնե ջո՞ւրը… կարո՞ղ եք ջուրը գինի դարձնել:
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ձերդ գերազանցություն, մեզ սխալ հասկացաք։
ԹԱԳԱՎՈՐ — Հնարավոր է, բայց դա հատուկ է Հռոմի կուսակալին։ Ասում են, պետք է միայն խստիվ պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Ես ճի՞շտ եմ արտահայտվում… Ի դեպ, հիշո՞ւմ եք, ինչպես ավարտվեց այդ պատմությունը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Համբառնալո՞վ…
ԹԱԳԱՎՈՐ – Խաչելությա՛մբ։ Իսկ այն, ինչ նկատի ունեք, ուրիշ պատմություն է ու նախորդի հետ կապ չունի։ Թեև, հնարավոր է, էլի ինչ-որ բան ճիշտ չհասկացա։ Վերջերս ինձ հետ պատահում է։ Ահա, ինչպե՞ս կհրամայեք հասկանալ։ (Վերցնում է սեղանին դրված գիրքն ու կարդում։) «Քիմիայի նպատակը ոչ թե ոսկի ստանալն է, այլ դեղերի պատրաստումը…»։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դա Պարացելսն է… գերմանացի բժիշկ Պարացելսը։
ԹԱԳԱՎՈՐ — Բարի, միայն անհասկանալի է սրա այստեղ գտնվելը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Բանն այն է, որ Պարացելսը մշակել է…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, համաձայն եմ ձեզ հետ՝ գրքում վիճելի շատ բան կա։
ԹԱԳԱՎՈՐ — (նստում է, Տեղակալ կանգնում է կողքին)։ Լավ, համարենք, որ ինձ համոզեցիր ու ես, բարի մարդ լինելով, ուրեմն և՝ միամիտ, ավելի ճիշտ՝ միամիտ, որովհետև բարի, հավատացի, որ այս հերետիկոսությունն այստեղ պատահական է հայտնվել ու դու անկեղծորեն ցանկանում ես օգնել քո ժողովրդին։ Ասա ինձ, ո՞ր փուլում է ձեր աշխատանքը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Համարյա ավարտել ենք։
ԹԱԳԱՎՈՐ — Ինչպե՞ս թե՝ ավարտել ենք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, այստեղ մեր արածի արդյունքներն են։ (Թղթեր է տալիս։)
ԹԱԳԱՎՈՐ — Սա ի՞նչ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (հուզվելով)։ Հասկանո՞ւմ եք, թանկարժեք մետաղների՝ ոսկու, արծաթի ստանալը գործնական խնդիր է, նրա լուծումը կախված է առաջին հերթին լաբորատորիայի տեխնիկական հնարավորություններից։ Մենք համոզվեցինք, որ ճշմարտության հասնել կախարդական ծիսակարգով կամ գերբնական հայտնագործությամբ անիմաստ է։ Այստեղ ամեն ինչ ապացուցված է։ Սա նյութի միասնական բնույթի և նրա համընդհանուր վերափոխման գաղափարի տեսական հիմնավորումն է։ Գուցե սա ձեզ անհամոզիչ թվա, բայց մենք այլ ելք չունենք։ Տպագրեք սա կամ ցույց տվեք մասնագետներին։ Համոզված եմ, ըստ արժանվույն կգնահատեք այս աշխատանքը։
ԹԱԳԱՎՈՐ — Այսինքն, դուք պնդում եք…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մետաղների տրանսմուտացիան անհնար է առանց համապատասխան տեխնոլոգիայի։
ԹԱԳԱՎՈՐ — (հիստերիկ)։ Ուրեմն դու ինձ այսքան ժամանակ խաբե՛լ ես։ (Նրա կտրուկ շարժումից սրվակն ընկնում է հատակին։)
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Զգույշ, Ձերդ գերազանցություն, «Արքայական օղի» է։
ԹԱԳԱՎՈՐ — Տեսնում եմ, ժամանակն իզուր չեք կորցնում։
ՏԵՂԱԿԱԼ — Ձերդ գերազանցություն, երևի ծնունդը նշելուց է մնացել։
ԹԱԳԱՎՈՐ — Այո, մոռացել էի… Քանի՞ տարեկան դարձար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երեսուներեք։
ԹԱԳԱՎՈՐ — Ավազակներիդ հետ միասին խաչելու ճիշտ ժամանակն է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գուցե Հուդային է՞լ եք գտել։
ԹԱԳԱՎՈՐ — Գտնել պետք չէ, քո կողքին է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դուք չեք ճանաչում իմ աշակերտներին։
ԹԱԳԱՎՈՐ — Ես լավ եմ ճանաչում իմ հպատակներին, Ալքիմիկոս։ Երկու շաբաթ հետո կգամ։ Հուսամ, քո ծննդյան տարեդարձից բացի ևս մի կարևոր իրադարձություն նշելու առիթ կունենամ։ Մնաս բարով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մնաք բարով, Ձերդ գերազանցություն։
Թագավորը գնում է։ Տեղակալը հետևում է նրան, հետո նրա ականջին ինչ-որ բան շշնջալով՝ վերադառնում է։
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (դժգոհ)։ Երևի չգիտես, բայց նրանք… նկատի ունեմ Թագավորին… ոնց որ թե գնաց։
ՏԵՂԱԿԱԼ — Ոչինչ, կհասնեմ նրան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հասնել Թագավորի՞ն… հնարավո՞ր բան է։
ՏԵՂԱԿԱԼ — Պատկերացրու՝ հնարավոր է։ Եթե, իհարկե, տեղում չդոփես, այլ շարժվես նույն ուղղությամբ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Տես, գլխի չեմ ընկել։
ՏԵՂԱԿԱԼ — Ոչինչ, դեռ ժամանակ ունես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Կարծո՞ւմ ես։
ՏԵՂԱԿԱԼ — Կարևոր չէ, ինչ եմ կարծում ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դու լավ գիտես, ես դեռ պիտի ստանամ այդ ոսկին։ (Հասկացնում է, որ խոսակցությունն ավարտված է։)
ՏԵՂԱԿԱԼ — Ճիշտն ասած, հենց այդ մասին էլ ուզում էի խոսել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լսում եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ավելի լավ կլիներ Թագավորին լսեիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Դա՞ էիր ուզում ասել։
ՏԵՂԱԿԱԼ — Համարյա…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ, կմտածեմ։ Ասելիքդ ավարտեցի՞ր։
ՏԵՂԱԿԱԼ — Ինչո՞ւ ձեռնարկեցիր այս գործը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այսի՞նքն…
ՏԵՂԱԿԱԼ — Դե, Փիլիսոփայական քարը… Ասա, որ դա քո միտքն է, ոչ թե Թագավորինը։ Նա երազել անգամ չէր կարող այդ մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ հիմա՞…
ՏԵՂԱԿԱԼ — Հիմա երազում է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ վատ բան կա, թող երազի։
ՏԵՂԱԿԱԼ — Թագավորները սովոր են, որ իրենց երազանքներն իրականանում են։ Եվ, որպես կանոն, շատ դժգոհ են մնում, երբ հակառակն է լինում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հնարավոր է, բայց այս գործն ամենևին էլ Թագավորի համար չի սկսվել։
ՏԵՂԱԿԱԼ — Հասկանում եմ… համայն մարդկության համար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թեկուզ…
ՏԵՂԱԿԱԼ — Բայց դա չի փոխում հարցի էությունը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի՞թե…
ՏԵՂԱԿԱԼ — Թագավորն է պատասխանատու համայն մարդկության համար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (քմծիծաղում է)։ Ուրեմն շրջանը փակվեց։
Ներս է մտնում Նեն։
ՆԵ — Բարի օր, անբաններ։ (Տեսնելով Տեղակալին։) Ես… խանգարեցի՞։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, ոչ, գնա տղաների մոտ, հիմա կավարտենք։
Նեն գնում է բեմի խորքը։ Տեղակալը հայացքով հետևում է նրան։ Ալքիմիկոսը, դա նկատելով, թեթևակի հազում է;
ՏԵՂԱԿԱԼ — (շփոթահար)։ Հարցիս չպատասխանեցիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինչի համար է այս ամե՞նը…
ՏԵՂԱԿԱԼ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չգիտեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Այդպես չի լինում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լինում է։
ՏԵՂԱԿԱԼ — Անհասկանալի է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ի՞նչը։
ՏԵՂԱԿԱԼ — Ամեն ինչը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ ես կարծում, որ ամեն ինչ բացատրություն պիտի ունենա։
1-ին աշակերտը մոտենում է նրանց։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, վառարանը վառե՞նք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հա, հիմա կմոտենամ։
Աշակերտը միանում է վիճաբանող ընկերներին։
ՏԵՂԱԿԱԼ — Քանի՞ տարի չէինք հանդիպել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հինգ, վեց…
ՏԵՂԱԿԱԼ — Այդպես էլ չամուսնացար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ:
ՏԵՂԱԿԱԼ – Էդ ինչի՞։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չստացվեց։
ՏԵՂԱԿԱԼ — Չուզեց՝ չստացվեց։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սկսել ես բանաստեղծությո՞ւն գրել։
ՏԵՂԱԿԱԼ – Հա:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մեկին էլ էի ճանաչում, նա էլ էր գրում։
ՏԵՂԱԿԱԼ — Ե՞վ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հետո եկան ու սկսեցին փաստերն ստուգել։
ՏԵՂԱԿԱԼ — Ի՞նչ ես ուզում ասել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչինչ:
ՏԵՂԱԿԱԼ — Այդ դեպքում…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, քո մասին չէ։ Այն մեկը արձակ էր գրում, բայց, ասում էին, իր գործի մեջ բանաստեղծ էր։
ՏԵՂԱԿԱԼ — Նրան ինչո՞ւ հիշեցիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծեմ խոսում էինք պոեզիայի մասին։
ՏԵՂԱԿԱԼ — (գրգռված)։ Լավ, խոսենք պոեզիայի մասին։ Հասկանո՞ւմ ես, այդ պոեզիան պրծա՜վ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սխալվում ես, պոեզիան, գարունը հավերժական են։
ՏԵՂԱԿԱԼ — Չգիտեմ… ստուգելր դժվար է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նկատի ունես հավերժությո՞ւնը։
ՏԵՂԱԿԱԼ — Հավերժությունը՝ նույնպես
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բա ո՞նց ես բանաստեղծություն գրում։
ՏԵՂԱԿԱԼ — Չեմ գրում, հանգստացիր: Ինչ-որ գրքում եմ կարդացել։ Կարող եմ տալ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, ես ուրիշ գիրք եմ կարդում։
ՏԵՂԱԿԱԼ — Հասկանում եմ, կյանքի գիրքը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գուշակեցիր։
ՏԵՂԱԿԱԼ — Հետաքրքի՞ր է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Շա՜տ։
ՏԵՂԱԿԱԼ — Նաև սիրո՞ մասին է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հա, պատկերազարդ։
Մոտենում է 1-ին աշակերտը, հարցական նայում Ալքիմիկոսին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Բա՞ն է պատահել։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Վառարանը տաքացել է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ։
Աշակերտը գնում է բեմի խորքը։
ՏԵՂԱԿԱԼ — Հասկացա, գնալուս ժամանակն է։ Ավելի շուտ պիտի գնայի, եթե…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Եթե՞…
ՏԵՂԱԿԱԼ — Եթե քո փոխարեն ուրիշը լիներ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ցավոք, ես եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Այո… ինչպե՞ս քեզ բացատրեմ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Արժե՞ որ…
ՏԵՂԱԿԱԼ — Ոչ։ Միևնույն է, չես հասկանա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ։
ՏԵՂԱԿԱԼ — Որովհետև չես ուզում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չգիտեմ… գուցե իրավացի ես։
ՏԵՂԱԿԱԼ — Սրտանց ուրախացա, երբ քեզ տեսա։ Կարծում էի՝ հիշելու բան կունենանք։ Կար ժամանակ, երբ ամեն ինչ ուրիշ էր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այսի՞նքն…
ՏԵՂԱԿԱԼ — Պարզ էր, հասարակ, ու պետք չէր բառեր փնտրել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այն ժամանակ մենք ուրիշ էինք ու մեզ շրջապատողներն էլ ուրիշ էին։
ՏԵՂԱԿԱԼ — (փորձում է մեղմել իրավիճակը)։ Դե, քեզ միայն աղջիկներն էին շրջապատում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտես, որ դրանից գլուխ չեմ հանում, բայց ինչքան հիշում եմ, դու սխալվում ես։
ՏԵՂԱԿԱԼ — Չգիտեմ… դու ավելի լավ կիմանաս։ Ի դեպ, ի՞նչ եղան նրանք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չգիտեմ… մեծացան, հասունացան, ամուսնացան…
ՏԵՂԱԿԱԼ — Իսկ նա՞… ինչպե՞ս էր անունը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (կտրուկ)։ Չեմ հիշում։
ՏԵՂԱԿԱԼ — Իսկ ես հիշում եմ… մի շաբաթ չանցած նա սիրահարվեց քեզ առաջին հայացքից:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սրամիտ էր։
ՏԵՂԱԿԱԼ — Այնպես ես խոսում, ասես Թագավորը ես լինեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մեծամիտ ես։
ՏԵՂԱԿԱԼ — Նկատի ունեմ տարածությունը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Տարածություն պահում են շքերթի ժամանակ, թե՞ կարծում ես…
ՏԵՂԱԿԱԼ — Վերջ տուր, դու լավ գիտես, ինչ նկատի ունեմ։ (Դադար։) Խոսակցությունը չի ստացվում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներիր, նյարդերս են… Գործերդ ո՞նց են։
ՏԵՂԱԿԱԼ — Կարծես վատ չեն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ ես մնացել նրա մոտ։
ՏԵՂԱԿԱԼ — Ո՞ւր գնամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քի՞չ տեղ կա։
ՏԵՂԱԿԱԼ – Ոչ: Դա ավելի լավ է, քան ջահելությունդ մսխես անմահական ջուր փնտրելու վրա։ Քանի՞ տարի ես ալքիմիայով զբաղվում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ջղային)։ Մի քանի։
ՏԵՂԱԿԱԼ — Եվ ամբողջ ժամանակ այստե՞ղ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չէ, ինչո՞ւ… երբեմն դուրս եմ գնում… եթե պետք է լինում։
ՏԵՂԱԿԱԼ — Տեսնում եմ՝ սրտովդ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պատկերացրու, ինչ-որ իմաստով անգամ երջանիկ եմ։
ՏԵՂԱԿԱԼ – Հիմարությո՛ւն։ Դու վախենում ես ինքդ քեզ խոստովանել, նրանց խոստովանել, որ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Որ անհաջողակ եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Երբեք չեմ ասել, բայց կար ժամանակ, որ քեզ նախանձում էի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ե՞վ…
Հնչում է ներկայացման երաժշտական թեման։ Համապատասխանաբար փոխվում է երկխոսության երանգը։
ՏԵՂԱԿԱԼ — Այո, այո, դու նոր էիր սկսել փորձարկումներդ, ապակի էիր ստացել, բոլորը հիանում էին քեզնով, նոր հրաշքի էին սպասում… Իսկ հրաշք չեղավ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հեքիաթում հրաշքներ չեն լինում։
ՏԵՂԱԿԱԼ — Ի՞նչ հեքիաթ… ես քո մասին եմ ասում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ամբողջ կյանքս հեքիաթ է։
ՏԵՂԱԿԱԼ — Չգիտեմ, մտքինդ ինչ է, բայց եթե այդպես է, առավել ևս պիտի հրաշք կատարվեր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Արդեն ասացի, հեքիաթում հրաշքներ չեն լինում։
ՏԵՂԱԿԱԼ — Ինչո՞ւ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հրաշքն անսպասելին է, անսովորը, իսկ հեքիաթում միշտ հաղթում է բարին։ Միշտ։ Տխուր է… Ես հեքիաթներին չեմ հավատում։
ՏԵՂԱԿԱԼ — Եթե գաղտնիք չէ, ինչի՞ ես հավատում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սերը… սիրուն եմ հավատում։
ՏԵՂԱԿԱԼ — Իսկ եթե լո՞ւրջ։
Երաժշտությունն ընդհատվում է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եթե լուրջ՝ Պյութագորասի թեորեմին, Հուկի օրենքին ու բանկային ավանդների գաղտնիությանը։
ՏԵՂԱԿԱԼ — Չես փոխվել։ Ավելի ճիշտ, կեղևն է փոխվել, իսկ բովանդակությունը նույնն է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քեզ դուր չի՞ գալիս։
ՏԵՂԱԿԱԼ — Ես Թագավորի մասին եմ մտածում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ է, որ մտածում ես շեֆիդ մասին։ Ի դեպ, ես չե՞մ խանգարում քո մտածելուն։ (Գնում է աշակերտների մոտ։)
ՏԵՂԱԿԱԼ — Դու արդեն չափահաս ես, սև կախարդանքը ճերմակից տարբերել կարող ես… հուսով եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ինչ-որ սրվակ զննելով)։ Հիշում եմ, փոքր ժամանակ երազում էիր նկարիչ դառնալ։
ՏԵՂԱԿԱԼ – (աստիճանաբար ոգևորվելով)։ Այն ժամանակ երազում էի հրշեջ դառնալ… չընդհատես։ Ես կարող եմ հասկանալ, անգամ ընդունել անազնիվից ազնիվ մետաղի վերափոխման հնարավորությունը, թեև նման աչքակապության հնարավորությունը չնչին է։ Բայց անգամ հաջողության դեպքում նույն հարցը կտամ՝ ինչի՞դ է պետք։ Լավագույն օրերդ, տարիներդ, ջահելությունդ, սերդ մսխում ես… Քո հիմար համառությունր նույնիսկ ինքնատիպ չէ։ Սոսիֆին նկատի ունեմ։ Կարծում եմ, ծանոթ ես նրա աշխատությանը։ Ներիր, երևի կոպիտ եմ, բայց դրա իրավունքը մեր անցյալն է տալիս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (մոտենում է՝ լաթի կտորով ձեռքերը սրբելով)։ Իրավացի ես, մերը միայն անցյալն է։
ՏԵՂԱԿԱԼ — Վիրավորվեցի՞ր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ամենևին։ Հենց այնպես… բարձրաձայն մտածում եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Եթե ուզում ես, ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (նստում է)։ Շարունակիր…
ՏԵՂԱԿԱԼ — Փիլիսոփայական քարն ես փնտրում։ Բայց կարո՞ղ ես բացատրել՝ դա ի՞նչ քար է։ Ես գիտեմ «քարը վզից կախ», «քարը ծոցի մեջ», «մատանու քար», «երիկամի քար», վերջապես՝ «քար սիրտ»… Էդ ի՞նչ փորձաքար է, հը՞…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ծիծաղելով)։ Իմ քարը քարուքանդ անելուց հետո անօգուտ է… Ի դեպ, դու մոռացար գերեզմանաքարը։
ՆԵ — (մոտենում է)։ Ես ավելի ուշ կգամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ, մնա։
Նեն հնազանդ վերադառնում է աշակերտների մոտ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (տեղից բարձրանալով): Լսում եմ քեզ։
ՏԵՂԱԿԱԼ – Ես ուզում եմ քեզ օգնել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծում ես, դրա կարիքն ունե՞մ։
ՏԵՂԱԿԱԼ — Քեզ շրջապատել ես խաղալիքներով, դու ուրիշ աշխարհում ես ապրում:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Վա՞տ է… Գուցե անմահական ջո՞ւրն եմ գտել ու վերադարձրել մանկությունս։ Իմ կարծիքով, դա երջանկություն է:
ՏԵՂԱԿԱԼ — Մանկությունը չեն վերադարձնում։ Մանկամտանում են։ Իսկ դա արդեն դժբախտություն է, մեծ դժբախտություն։ Թագավորին ոսկի է պետք, նա թքած ունի քո փիլիսոփայության ու գյուտի վրա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Գիտե՜ս… դու ամեն ինչ գիտես, անգամ գիտես՝ ինչ է երջանկությունը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դու չգիտե՞ս։
ՏԵՂԱԿԱԼ — Չգիտեմ։ Թեև մեկն ինձ փորձում էր բացատրել, որ երջանկությունը կապույտ երկնքի մասնիկներ են, և ամեն մեկն ուզում է ամենամեծ մասին տիրանալ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ ես դա ասում։
ՏԵՂԱԿԱԼ — Հենց այնպես, մտածելու համար… Ես կփորձեմ խոսել նրա հետ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պետք չէ։
ՏԵՂԱԿԱԼ — Գիտե՞ս, ինչ ես վտանգում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թքած։
ՏԵՂԱԿԱԼ — Միայն թե սուրբ Սեբաստիան գլխիս չխաղաս։ Մոդա չէ։ (Ակնարկելով Նեին:) Ո՞վ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինչպես ասեմ…
ՏԵՂԱԿԱԼ — Ասա՝ ինչ կա, կդիմանամ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (բառեր փնտրելով): Նա… իմ ընկերն է։
ՏԵՂԱԿԱԼ — Այդքա՞նը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քի՞չ է։
ՏԵՂԱԿԱԼ — Իսկ դու նրան հարցրու։ Ինչ-որ մեկն ասել է, որ կնոջ ու տղամարդու միջև ընկերություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանցից մեկը հիմար է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (հիմարավուն ժպիտով)։ Ոչ մեկն այսքան պարզ ու հասարակ ինձ չէր բնութագրել։
ՏԵՂԱԿԱԼ — (խփելով նրա ուսին)։ Ինձ թվում է, նա էլ քո մասին մոտավորապես նույն կարծիքն ունի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի քիչ էլ՝ ու կսկսեմ զղջալ։
ՏԵՂԱԿԱԼ — Այդ մեկը իմ ծրագրում չկա, այնպես որ, ես գնացի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ուղեկցե՞մ։
ՏԵՂԱԿԱԼ — Շնորհակալություն, պետք չէ։ Ես իսկապես կփորձեմ քեզ համար ինչ-որ բան անել։
Տեղակալը գնում է։ Ալքիմիկոսը մոտենում է աշակերտներին։
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
1-ին, 2-րդ, 3-րդ աշակերտները շրջապատել են նրան, 4-րդը զբաղված է ինչ-որ իրեր հավաքելով։
ՆԵ — Սուրճ եփե՞մ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ցրված)։ Հա… (Նեն դուրս է գնում։) Լսո՞ւմ էիք…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լսեցինք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ո՞վ առաջարկություն ունի։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ես։ Եկեք կյանքից հիսաթափվենք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ես էլ առաջարկում եմ հիմարություններ դուրս չտալ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն պիտի լռենք։ Ուրիշ ելք չկա։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկապես, պետք է ինչ-որ բան անենք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ՝ ինչ-որ… Թագավորը լավ էլ հասկացրեց, թե ինչ պիտի անենք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (զննելով «Արքայական օղու» սրվակը)։ Թագավորը… Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչի մասին է նա մտածում քնելուց առաջ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (վերցնում է նրա ձեռքից սրվակը, դնում դարակին)։ Խորհուրդ եմ տալիս չափավորել հետաքրքրություններիդ շրջանակը։ Դա օգտակար է քեզ համար… մեզ համար՝ նույնպես։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Դա ի՞նչ կապ ունի…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Գուցե չունի… կամ էլ ունի…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ոնց որ թե կորցրել ես իրականության զգացողությունդ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Փոխարենը վստահ եմ վաղվա օրվա համար։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (զգուշավոր)։ Սա նոր բան է։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հին է, ինչպես աշխարհը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ժամանակին Լոնդոնում «գոյատևման դպրոցներ» կային…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, դա ինքս եմ հասկացել, այսպես ասած՝ տրամաբանական ճանապարհով։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ եք կարծում, մեկ շաբաթից Թագավորն է՞լ այստեղ կգա տրամաբանական ճանապարհով։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Եկեք տրամաբանություն չփնտրենք աշխարհի ուժեղների տեղաշարժերի մեջ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ի՞նչ փնտրեմ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Չասացի՞ն… ոսկի։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լավ, լավ, միայն լույսը վառիր, ես վատ եմ տեսնում։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Պետք չէ, այստեղ արդեն տեսել ենք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ փողոցում ցո՜ւրտ է…
ՆԵ — (ներս մտնելով)։ Տղաներ, սուրճը բոլորին չի հերիքի։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ես չեմ ուզում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ես էլ:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (շարունակելով միտքը)։ Գտա։ Երբ Թագավորը գա, մենք կլռենք։ Նա՝ «Ո՞ւր է ոսկին»։ Մենք լռում ենք։ Նա՝ «Ո՞ւր է ոսկին»։ Իսկ մենք՝ լո՜ւռ… Նա՝ «Ո՞ւր է ոսկին»։ Ու մենք նորից լուռ ենք։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Է, հետո՞։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Նա կհասկանա, որ լռությունը ոսկի է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Սկսենք նրանից, որ դու լռել չես կարող։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ինչո՞վ ավարտենք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Նրանով, որ մենք դեռ չենք գտել, իսկ դու արդեն կորցրել ես։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Մենք՝ Փիլիսոփայական քարը, դու՝ հումորի զգացումը։
Այս ընթացքում 2-րդ աշակերտը նյարդային քայլում է բեմում։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (2-րդին)։ Ի՞նչ ես իրար անցել:
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչը քեզ համար խաղ է, ինձ համար գուցե կյանքի իմաստ է: Եթե արհեստանոցը փակեն, գնալու տեղ չունեմ… միայն փողոց:
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Եթե արհեստանոցը փակեն, բոլորս ենք դուրս գալու, գոնե ներսում բանտված չմնալու համար։
Նեն սուրճի բաժակով մոտենում է Ալքիմիկոսին:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շնորհակալ եմ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ եթե գրողի ծո՞ցն ուղարկենք այս թղթախաղե տնակն իր բոլոր թագավորներով։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Պետք չէ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ազդող ուժը համարժեք է հակազդող ուժին՝ Նյուտոնի երրորդ օրենքը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ե՞վ…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ «և»… Դու նրանց կուղարկես, հետո քեզ որտե՞ղ փնտրենք։ Թեթե քաշային ես… չափ ու կշիռդ էն չէ հասարակության մեջ։ Հաշվարկե՞մ քո արագացումը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ոչ։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Չգիտե՞ս, ուր եմ դրել լամպս։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (ցույց տալով դարակը)։ Այնտեղ նայիր։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (կծու ժպիտով)։ Իրե՞րդ ես հավաքում։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հա։ (Գնում է բեմի խորքը։)
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կոմպրոմիս է պետք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Անձամբ ես կոմպրո–միսսիսի կողմնակից եմ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Շա՜տ սրամիտ է։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (նյարդային)։ Վերջ տվեք։ Սա շատ լուրջ է, մեզ մի շաբաթ է մնացել։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ժամանակին մեկը ընդամենը վեց օրում ոսկի ստեղծեց։ Եվ ոչ միայն ոսկի։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ո՞վ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Տեր Աստված։ Ճիշտ է, այսպիսի անբան աշակերտներ նա չուներ։ (Ալքիմիկոսին.) Ես ճի՞շտ եմ, շեֆ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ոսկե բառեր։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այս իրավիճակում նախընտրելի են ոսկե սալիկները։ (Ալքիմիկոսին.) Ի՞նչ ես կարծում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձեզ եմ լսում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (կամաց)։ Ավելի շուտ պիտի լսեիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ի՞նչ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ոչինչ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հենց սկզբից մենք տարվել էինք նյութի միասնության ու նրա համընդհանուր վերափոխման գաղափարով։ Հանուն դրա մենք գնացինք որոշ զոհաբերությունների։ Ու հիմա, երբ գյուտի շեմին ենք, առնվազն անմտություն է մեր միապետի նյութական բարօրության մասին հոգ տանելը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այո, բայց մեկ շաբաթ հետո նա վերադառնալու է։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լավ, ենթադրենք բացահայտեցինք միասնության օրենքը։ Հետո՞…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ո՞նց թե… Կպարզվի, որ աշխարհում պետք չէ ոչինչ փոխակերպել, որովհետև քարը ոսկի է և հակառակը։ Կամ էլ, ասենք, դու թագավոր ես։ Շեֆ, ճի՞շտ եմ ասում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թլիկ ես, բառերը ճիշտ չես ասում։
1-ին աշակերտը ծիծաղում է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Քե՞զ ինչ եղավ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Քեզ պատկերացրի թագավորի դերում։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ես չեմ ուզում թագավոր լինել։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Թագավորը արտոնություններից բացի պարտականություններ ունի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Օրինա՞կ…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ստիպված է թագ կրել։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հետո՞ ինչ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Թագը փոխում է մարդուն անճանաչելիության աստիճան։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հա, մի գլուխ բոյովացնում է։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (նյարդային)։ Մենք ինչ-որ բան պիտի որոշենք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այս խնդիրը մեկ լուծում ունի՝ պատվերը կատարել ժամանակին:
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լուրջ չէ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն ճիշտ ենք անում, որ այլ թեմաների մասին ենք խոսում։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – (վերջապես հավաքել է իրերը)։ Տեսնում եմ, ոչ մեկը չի համարձակվում խոստովանել։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ պիտի խոստովանենք։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Մեկ շաբաթում ոսկի չենք ստանա, եթե միայն մեզ բարի ցանկացող մեկը ոսկին չուղարկի պատվիրված նամակով։ Ինձնից լավ գիտեք… մեկ շաբաթ հետո Թագավորը կավերի այս ալքիմիան։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ասենք թե…
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ պիտի անենք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուզում ես ասել, որ դու…
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ես հոգնել եմ վերացական գիտություններով զբաղվելուց։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ ես առաջարկում։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Բոլորիդ համար լուծում չունեմ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Քո անունից խոսիր:
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ես գնում եմ… վաղուց էի որոշել, այսօրվա հետ կապ չունի։ Կարող եք համարել փոքրոգի… ինձ համար միևնույն է։ Ավելին, համոզված եմ, որ բոլորդ էլ կհետևեք իմ օրինակին։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կարծում էի կատակում ես…
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (Ալքիմիկոսին)։ Առաջարկ ունեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասա։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Աչքերդ բաց։ Ես էլ եմ սավառնել ամպերից վեր ու պիտի խոստովանեմ, որ երկնքում առանց մեզ էլ նեղվածք Է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչինչ, մի կերպ կտեղավորվենք։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Երկու տարում կարող էինք գտնել ոսկին ու դրա շնորհիվ էլ գիտությամբ զբաղվելու հնարավորություն կունենայինք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բայց մենք կկորցնեինք այդ երկու տարին։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Եթե գտնեինք ոսկին, ոչինչ չէինք կորցնի։ Քո անհեռատեսությունն է այս անիմաստ զոհաբերության պատճառը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ալքիմիայի պատմության մեջ այսպիսի զոհաբերություններ կան։ Ռոջեր Բեկոնը հրաշքով փրկվեց խարույկից…
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Հասկանո՞ւմ ես, ինձ չի ոգևորում նրա ճակատագիրը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դե… քո երազանքը խաղաղ գետափին մեռնելն է։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ մեռնել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բարձրյալին հարցրու։ Ես միայն կարող եմ ասել, թե ինչո՛ւ խաղաղ գետափին։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այս վիճակի մեղավորը դու ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինչքան հասկանում եմ, քեզ ճողոպրելու ելք է պետք։ Գուցե ձեռքերդ լվանաս։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շնորհակալ եմ, ձեռքերս մաքուր են։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հա, ես մոռացել էի, որ դու մաքրակենցաղներից ես…
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Գնացի… (Ուղղվում է ղեպի դուռը։)
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն այս տարիները քեզ համար անիմաստ էին։
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ… ես շատ բան իմացա։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Օրինակ:
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ամեն փայլող բան ոսկի չէ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Քո մի՞տքն է:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Չէ, արևելյան իմաստություն է:
4-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Մնաք բարով:
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Գնաս բարով:
4-րդ աշակերտը գնում է։ Նեն նստում է Ալքիմիկոսի կողքը, գրկում նրան։ Դադար։ 2-րդ աշակերտը վերցնում է կիթառը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Տեղը դիր։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հանգուցյալը հեռացավ, երաժշտության կարիք չկա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ելնում է տեղից)։ Գուցե միայն նրա հոգեհանգիստը չէ, հը՞… Դե ինչ… քաղաքացիական հոգեհանգիստը համարենք բացված։ Ո՞վ է հաջորդը։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Պետք չէ… Լավ չեղավ, մենք պետք է խոսեինք…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Քո կարծիքով ինչո՞վ ենք զբաղված։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Չգիտեմ… այսքան տարի միասին էինք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Չի կարելի՞ առանց հոգեցունց տեսարանի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ոսկի որ ստանայինք, ամեն ինչ այլ կերպ կլիներ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչպե՞ս ես պատկերացնում այդ «այլ կերպը»։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հիմա արժե՞ խոսել այդ մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երբ նավը խորտակվում է, առաջինը առնետներն են փախչում։ Պատճառները շատ են։ Մեր դեպքում, օրինակ, ջրից չոր դուրս գալն է
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Պետք չէ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հասկանում եմ, ձեզ վիրավորում են առնետ, դավաճան բառերը… Կարծում եմ, իրերը հավաքելու լուրջ պատճառ չկա։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ պատասխան ես տալու Թագավորին։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (ինչ-որ թղթեր հավաքելով)։ Եթե չորս մաս պղինձր հալել մեկ մաս անագի հետ, սպիտակ անագի ու կարմիր պղնձի փոխարեն կստացվի դեղնավուն ձուլվածք, որը ոսկուց չես տարբերի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Մի՞թե…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Սկզբում ես էլ այդպես մտածեցի, հետո պարզվեց, որ ընդամենը ոսկե բրոնզն է։ Բայց Թագավորը չի ջոկի առնվազն երեք-չորս շաբաթ, մինչև այն չի ծածկվի փառով, սովորական պղնձի նման։ Այդպես կշահենք մեկ ամիս, որպեսզի ավարտենք մեր ուսումնասիրությունն ու անգամ ստանանք Փիլիսոփայական քարը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (մտածկոտ)։ Ինչ-որ բան կա…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կախաղան կա։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Եթե բացահայտվի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի վերջո, մենք կարող ենք չիմանալ, որ մեր ստացածը ոսկի չէ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Դա չի օգնի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ ես առաջարկում։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Հասկանո՞ւմ ես, դրամանենգ դառնալը մանկությանս երազանքը չէ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (կտրուկ)։ Ծանր մանկությանդ մասին պատմելու ճիշտ ժամանակ չես ընտրել։ Իմ կարծիքով, պիտի փորձենք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ եթե մեկ ամսից հետո էլ քարը չգտնե՞նք։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ի՞նչ ենք կորցնում։ Յոթ օրից հաշիվներս կմաքրե՞ն, թե՞ երեսուն…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Երեսունմեկ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Առավել ևս։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հիմա չարժե որոշում ընդունել։ Վաղը հավաքվենք, հարցը շատ լուրջ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ վաղը կհավաքվե՞նք որ…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Թեկուզ այդպես։
Դադար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դե ինչ, եկեք հրաժեշտ տանք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այսի՞նքն…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասենք այն բարի խոսքերը, որ մարդիկ ասում են իրար հրաժեշտի պահին, երբ նորից հանդիպելու հույս ունեն։
Բոլորը, Նեից բացի, պատրաստվում են դուրս գալ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Դուք մնո՞ւմ եք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ, Նեն ձեզ հետ կգա։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Մենք նրան կուղեկցենք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շնորհակալություն։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ցտեսություն։ Եթե պետք լինեմ՝ կանչիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անպայման։
Աշակերտները գնում են։ Նրանց ձայները՝ կուլիսներից։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հրապարակ գնանք, թափառաշրջիկ դերասաններ են եկել։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Չէ, ուշ է:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Քեզ դո՞ւր է գալիս այս ամենր։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ոնց որ թե վերջի սկիզբն է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Չէ հա, ամեն ինչ լավ կլինի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հոգնել եմ։ Եթե մեկ ամսից անմահական ջուրը չգտնենք…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Եթե մեկ ամսից ոսկին չգտնենք, մեր մասին հոգ կտանի Թագավորը։
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (չնայելով Նեին)։ Տղաները սպասում են։ Խնդրեցի, նրանք քեզ կուղեկցեն։
ՆԵ — Ոչինչ, կսպասեն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բայց…
ՆԵ — Կասեմ, որ պայուսակս չէի գտնում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չե՞ս ամաչում, որ խաբում ես նրանց։
ՆԵ — Ամաչում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ, հաշվի առնելով խոստովանությունդ, ու ևս մի մեղմացուցիչ հանգամանք, մեղքերիդ թողություն եմ տալիս: (Գրկում է։)
ՆԵ — Իսկ մեղմացուցիչ հանգամանքը ո՞րն է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իմ զգացմունքը քո նկատմամբ։
ՆԵ — (շպրտելով պայուսակը)։ Հա-հա… շատ սրամիտ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչը…
ՆԵ — Ամեն ինչը… հատկապես քո զգացմունքը իմ նկատմամբ:
Նրանք պտտվում են շուրջանակի, խոսքամարտով տարված։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Արդարացի չես։
ՆԵ — Իհարկե, չէ՞ որ սիրում եմ քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պետք է ասեմ, որ վատ ճաշակ չունես։
ՆԵ — Դու հիասքանչ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երես ես տալիս հաճոյախոսություններովդ։
ՆԵ — Ի տարբերություն քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թանկագինս, հաճոյախոսության համար բառեր են պետք, ես ի՞նչ անեմ, որ բառեր չեմ գտնում։
ՆԵ — Իսկ դու փնտրիր, ես կսպասեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անօգուտ է։ Երևի դա է պատճառը, որ կանանց մոտ հաջողություն չունեմ։
ՆԵ — Քո կենսագրության որոշ մանրամասները հակառակն են վկայում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բամբասանք է… մեզ նախանձում են, ուզում են մեզ բաժանել։
ՆԵ — Քո բարեկամնե՞րը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ մի դեպքում։ Նկատի ունեմ Արևը, Երկինքը։ Նայիր, ինչքան խղճուկ են նրանք, որովհետև դու ինձ ես ընտրել։ Եվ հետո, ես բարեկամներ չունեմ։ Միայն դու ես… չդավաճանես ինձ։
ՆԵ — Ես Արևելքի կին եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դա նկատի չունեի։
ՆԵ — Լավ, կմտածեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շնորհակալ եմ։
Նախաբանն ավարտվեց։ Երաժշտական թեմա։
ՆԵ – Հոգնեցի՞ր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի քիչ։
ՆԵ – Գնա՞մ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ:
ՆԵ — Դու պիտի աշխատես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչի՞ համար։
ՆԵ — Մի շաբաթից նրանք կգան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սարսափելի չէ, թանկագինս։ Հրաժեշտի ընթրիք կտամ, ներողություն կխնդրեմ ու կչքվեմ։ (Շպրտում է սեղանի թղթերը:)
ՆԵ — Դու դա չես անի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նկատի ունես չքվե՞լս։
ՆԵ — Նկատի ունեմ հրաժեշտի ընթրիքը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներիր, չեմ կարող հեռանալ առանց հրաժեշտ տալու։
ՆԵ — Դու ընդհանրապես հեռանալ չես կարող։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծում ես, չե՞մ կարողանա։
ՆԵ — Չէ… դա չէ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բա ի՞նչն է։ Շատ միամիտ պիտի լինես այդպիսի գործ սկսելու համար ու շատ հիմար՝ եթե փորձես այն ավարտին հասցնել։
ՆԵ — Կարծում ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հարցը ոսկին չէ, այն կստանամ։ Հարցը գինն է, որը պիտի վճարես։
ՆԵ — Առաջին անգամ եմ քեզ այսպես տեսնում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նավը խորտակվում է, առնետները երբեք չեն սխալվում։
ՆԵ — Նա կվերադառնա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երկու անգամ նույն գետը չեն մտնում։ Եթե անգամ վերադառնա՝ նախկինը չի լինի։
ՆԵ — Երբ ջղայնանում ես, նմանվում ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Աբելին… ում դավաճանեց հարազատ եղբայրը։
ՆԵ — Դեռ կատակո՞ւմ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չէ, այս անգամ փորձում եմ իմացությամբ փայլել։
Երաժշտությունն ավարտվեց։ Դադար։ Նեն երկչոտ նստում է նրա կողքը։
ՆԵ – Ի՞նչ էիր անում երեկ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինչպես միշտ մտածում էի քո մասին։
ՆԵ — Եվ որտե՞ղ էիր մտածում… քեզ զանգել եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հիմա հիշեմ։ (Իբր փորձում է հիշել։) Դե իհարկե, երկնքում էի։ Ես միշտ եմ քո մասին մտածում, երբ երկնքում եմ, և հակառակը։
ՆԵ — Բայց և այնպես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (բարձրանում, հուզախռով պտտվում է նրա շուրջը)։ Ասում եմ, չէ՞… Սկզբում երկինք բարձրացա, եղա բոլոր մոլորակներում ու գալակտիկաներում, որ քեզ արժանի աստղ գտնեմ։
ՆԵ – Գտա՞ր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հասկացա, որ անհնար է։
ՆԵ — Եվ այդ ժամանա՞կ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ստիպված իջա Երկիր և որոշեցի քեզ նվիրել «Փոքրիկ իշխանը», որովհետև լավագույն նվերը գիրքն է։ Հասա աշխարհի ծայրն ու փնտրեցի բոլոր գրախանութներում, բայց իշխանին չհանդիպեցի… Տղամարդու ժլատ արցունքները հորդառատ գետի պես հոսեցին աչքերիցս։ Ու ես որոշեցի առաջարկել… ինձ։ Ճիշտ է, կապույտ արյուն չունեմ, աստղի նման երկնքից չեմ ընկնում, ընկնեմ էլ՝ երջանկություն չեմ պարգևի, բայց եթե ինձ գուրգուրես ու ժամանակին կերակրես, քեզ կնվիրեմ… փոքրիկ իշխան։
ՆԵ – Ի՞նչ ես պատրաստվում անել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ակնարկելով Փոքրիկ իշխանին)։ Այդ առումո՞վ…
ՆԵ — (ակնարկելով ոսկին)։ Ոչ, ա՛յս առումով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չգիտեմ:
ՆԵ — (հատակից հավաքելով թղթերը)։ Ներիր, բայց այն տպավորությունն ունեմ, թե պարծենում ես քո անելանելի վիճակով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դեռ տպավորություն թողնո՞ւմ եմ։
ՆԵ — Պատկերացրու… Եթե, իհարկե, քեզ գուրգուրեն ու ժամանակին կերակրեն։ Բան չշփոթեցի՞։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հիմա, թե՞ ընդհանրապես։
ՆԵ — Իհարկե, հիմա։ Իսկ ընդհանրապես, ես գիտեմ, որ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինձ հե՞տ է կապված։
ՆԵ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պարզ է։ Լուրջ բա՞ն է։
ՆԵ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (իբր հուզված)։ Հուսամ, այդ «բանը» դեռ հնարավոր է շտկել։
ՆԵ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Փառք Աստծո։ Խնդրում եմ արձանագրել՝ խոստանում եմ ուղղվել:
ՆԵ — (ծիծաղելով)։ Չէ, պետք չէ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ծնկի գալով)։ Թանկագինս, մի մերժիր ապաշխարող հանցագործին։ Անկեղծ խոստովանությունը մեղմում է պատիժը:
ՆԵ — (օգնելով նրան բարձրանալ)։ Պարզապես պետք չէ ինչ-որ բան փոխել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ափսոս, իսկ ես ուզում էի ավելի լավը դառնալ։
ՆԵ — Չասացիր՝ ինչ ես անելու։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասացի, երևի չես լսել։
ՆԵ – Ե՞վ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քո ներկայությամբ էինք խոսում։
ՆԵ – Բրո՞նզը…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հա՛։
ՆԵ — Թագավորը չի ների կեղծիքը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի ամսից ոսկին կստանամ։
ՆԵ — Երկու տարի առաջ եմ լսել…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երկու տարի առաջ ասում էի առանց հիմքի:
ՆԵ — Հիմա կա՞ այդ հիմքը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իհարկե ոչ, բայց հիմա դու կաս։ (Փորձում է գրկել։)
ՆԵ — Պետք չէ, տղաները կարող են վերադառնալ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Տղաները գնացել են, և կարծում եմ, էլ չեն վերադառնա։ (Սեղանի վրայից շպրտում է գործիքները, գրքերը։)
ՆԵ — Չարախոսում ես։ Համոզված եմ, ամեն ինչ լավ կլինի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երազումդ ճերմակ ձի ես տեսել։
ՆԵ — Երազումս քեզ եմ տեսել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եվ հաճա՞խ ես մղձավանջ տեսնում։
ՆԵ — Հաճախ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անպայման բժշկի գնա, սպիտակ տենդ ունես։
ՆԵ — Ես սիրում եմ քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասում եմ, չէ՞, տենդ է…
ՆԵ – Մտածե՞լ ես, ինչ կարող է լինել, եթե մեկ ամիս հետո…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ոչ:
ՆԵ — Տղաները հավատում են քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շնորհակալ եմ, բայց նախընտրում եմ համագործակցության այլ ձևեր։ Հավատում են ինձ… ես պայծառ ապագան չեմ, Հիսուսը չեմ, անգամ գավառական շաման չեմ։
ՆԵ — Բայց դու խոստացել ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես նրանց միայն դժվարություններ եմ խոստացել ու տեսնում ես, խոստումս կատարել եմ:
ՆԵ — Այո, բայց նրանց նաև հույս ես տվել:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, հույս, հավատ, սեր…
ՆԵ – Մի՛ ծաղրիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նոր պատվիրան է։ Մինչև հիմա գիտեի «Մի՛ սպանիր», «Մի՛ գողանա»…
ՆԵ — Հուսամ, դրանք չես խախտում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (գոռում է)։ Ես միայն երթևեկության կանոնները չեմ խախտում, որովհետև վտանգավոր է կյանքի համար։
ՆԵ — Քեզ չեմ ճանաչում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես էլ։ Անգամ չեմ բարևում ինձ։ Չեմ ուզում ու չեմ բարևում։
ՆԵ — Իսկ ի՞նչ ես ուզում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հարու տալ։
ՆԵ — Իսկ եթե լո՞ւրջ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — «Արեցի, ինչ կարողացա, ով կարող է, թող անի ավելին»։
ՆԵ — Ինքնաթիռում երեքն էին՝ առաջին օդաչուն, երկրորդ օդաչուն ու Պիղատոսր…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ…
ՆԵ — Քո արածները ներվել են, որովհետև Թագավորն այլ գործերով էր զբաղված, իսկ տղաները ոգևորված էին։ Հիմա ամեն ինչ փոխվել է, Թագավորին ոսկի է պետք, տղաներին՝ վստահություն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մեկ ամսից ոսկին կստանամ։
ՆԵ — Բայց…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թեման փոխենք։
ՆԵ — Ես քեզ սիրում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (նրան նստեցնում է աթոռին)։ Հենց դրա մասին էլ կխոսենք։ Պարզել եմ, որ սերը սեզոնային երևույթ է, ինչպես ամեն ինչ բնության մեջ։
ՆԵ — Ուզում ես ասել…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սերն էլ ունի գարուն, ամառ, աշուն ու ձմեռ։ Ձմեռն ամենավերջում է։
ՆԵ — Ձմռանը հաջորդում է նոր գարունը… քեզ ճի՞շտ հասկացա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սիրո դեպքում դա պարտադիր չէ։
ՆԵ — Տեսնում եմ, հարուստ փորձ ունես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շատ եմ կարդում։
ՆԵ — Գրադարանդ հարուստ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եթե գիրքը նկատի ունես՝ այո։
ՆԵ — Իսկ եթե ո՞չ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այդ դեպքում չգիտեմ, ինչի մասին ես խոսում։
ՆԵ — Տարվա եղանակների։ Իսկ միայն գարուն լինո՞ւմ է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դժվար թե… Գարունը միշտ թերասածություն է, իսկ մարդն այդքանով չի բավարարվում։ Մենք էլ սպասում ենք ամռանը՝ չհասկանալով, որ դրան կհետևեն աշունն ու ձմեռը։
ՆԵ — Դու օդերևութաբան պիտի դառնայիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Միայն ոչ դա։
ՆԵ – Ինչո՞ւ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եղանակ ստեղծել չեմ կարող։
ՆԵ — Եղանակը միշտ էլ ուրիշն է ստեղծում։ Օդերևութաբանը միայն հետևում է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ դա ինձ չի բավարարում։
ՆԵ — (տխուր ժպիտով): Գիտե՞ս, այնքան անմիջական ես ու այնքան անհասանելի, ինչպես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձնեմարդը։ Կռահեցի՞։
ՆԵ — Չգիտեմ, իմ հավաքածուի մեջ ձնեմարդ չի եղել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ափսոս։ Բայց հույսդ չես կորցնում, չէ՞։
ՆԵ — Ես քեզ սիրում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (հուզված քայլում է բեմում)։ Գիտե՞ս, քանի անգամ ու քանի մարդ է կրկնել այս բառերը, ու միշտ չէ, որ նրանք Տրիստան և Իզոլդա են եղել, միշտ չէ, որ ասածի իմաստը ճիշտ են հասկացել, անկեղծ են եղել, ավելի հաճախ միակ նպատակը անկողին քարշ տալը կամ փող վաստակելն է եղել։
ՆԵ — Հետաքրքիր է, ասածներիցդ ո՞ր մեկին եմ պատկանում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ծնկի է գալիս նրա առջև, համբուրում ձեռքերը, հիմա նա անկեղծ է)։ Դու… դու միակն ես աշխարհում, դրա համար եմ ուզում, որ խոսենք ուրիշ լեզվով… աստղերի լեզվով։
ՆԵ — Վատ է, որ քեզ լավ եմ ճանաչում։ Թե չէ կհավատայի քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ոտքի ելնելով)։ Պարզվում է, սիրո դեպքում էլ օգտակար են տրորված արահետները։
ՆԵ — Դա չէր ասածս…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (չոր)։ Համարենք՝ ոչինչ չեմ ասել։
ՆԵ — (շփոթահար)։ Չեմ հասկանում, երբ ես լուրջ ու երբ ես կատակում։ Թեև… երբ խոսում ես զգացմունքիդ մասին, միշտ ես կատակում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ի սեր Աստծո, լուրջ խոսել սիրո մասի՞ն… Սերը հոգու տոն է։
ՆԵ – Դո՞ւ ես հնարել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոնց որ թե… (Վերցնում է կիթատը, նվագում է։)
Դադար:
ՆԵ – Մի՞թե չես հոգնել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինչի՞ց։
ՆԵ — Ձնեմարդ լինելուց։ Բարեկամներ չունես, սիրո մասին գրքերից գիտես։ Ես ասում եմ՝ սիրո մասին, ոչ թե կանանց։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես բարեկամությանը չեմ հավատում, նախընտրում եմ նպատակով ամրապնդված համագործակցությունը։ Ինչ վերաբերում է սիրուն…
ՆԵ — Պետք չէ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իրավացի ես։
ՆԵ — Գնամ, տղաները սպասում են։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Առավել ևս, որ պայուսակդ վաղուց եմ գտել։ (Տալիս է պայուսակը։)
ՆԵ — Շնորհակալություն։ Դե ինչ… ցտեսություն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ցտեսություն, թանկագինս։
Նեն գնում է։ Հայտնվում է Հեքիաթասացը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ալքիմիան գիտություն է, որը ցուցանում է որոշ նյութերի, հեղուկների պատրաստումը, որոնք մետաղի կամ ոչ կատարյալ նյութերի վրա լցնելով՝ վերջիններին դարձնում են կատարյալ նրանց շփման պահին… Ուրեմն, ուշադիր եղեք փիլիսոփաների խոսքերին ու լիովին կտիրապետեք արվեստի գաղտնիքին։ (Երաժշտություն։ Նա բուռն գործունեություն է ծավալում լաբորատորիայում, և ամեն ինչ կենդանանում է, լուսավորվում։) Իսկ հիմա վերցրեք փիլիսոփաների մերկուրին, այրեք, մինչև վերածվի կանաչ առյուծի։ Շարունակեք այրել, ու նա կվերածվի կարմիր առյուծի։ Չոր ավազի վրա տաքացրեք կարմիր առյուծը խաղողի թթու սպիրտի հետ ու գոլորշիացրեք. մերկուրին վերածվում է սուլֆատի տեսակի, որը կարելի է կտրել դանակով։ Սուլֆուրը դրեք կաթսայի մեջ ու թորեք՝ կստանաք անհամ հեղուկ, սպիրտ ու կարմիր կաթիլներ։ Թորման սարքի պատերը կծածկվեն թեթև փառով, իսկ սրվակի մեջ կմնա իսկական վիշապր, քանզի նա խժռում է սեփական պոչը։
Սև վիշապին տրորեք քարի վրա, մոտեցրեք շիկացած ածուխը՝ նա կբոցավառվի ու կստեղծի կանաչ առյուծին։ Թող նա խժռի իր պոչը։ Նորից թորեք՝ կստանաք այրող ջուր ու մարդկային արյուն՝ անմահական ջուրը դա է։
Բեմում խավար է տիրում։
ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Ալքիմիկոսի լաբորատորիան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — «Արեցի, ինչ կարողացա, ով կարող է, թող անի ավելին»։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Ո՞վ է ասել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծեմ Հիպոկրատը, իսկ դու ո՞վ ես։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Ե՞ս… Հեքիաթասացը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հեքիաթների չեմ հավատում, Հեքիաթասաց։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Գիտեմ, դու հավատում ես սիրուն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դու գիտես ամեն ի՞նչ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ամեն ինչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այդպես չի լինում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ամբողջ կյանքս նվիրել եմ դրան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ինքնատիպ չէ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Լապլասի՞ն նկատի ունես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մարդկությանը նկատի ունեմ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երևի թե… Բայց ինքնատիպ եմ, որովհետև գիտեմ, թե ինչից է կազմված աշխարհն ու ինչի համար է ստեղծվել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ սխալվել չե՞ս կարող:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Ոչ: Եթե դու էլ տիեզերքի բոլոր ատոմների շարժման դիֆերենցիալ հավասարումները գրես ու լուծես, կարող ես իմանալ այն ամենր, ինչ երբևէ եղել է կամ կատարվելու է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դա ինձ չի հուզում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ինձ էլ, բայց դրան հասնելու համար շատ թանկ ես վճարում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Դժգո՞հ ես։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ձանձրալի է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոնց որ թե նպատակիդ ընտրության մեջ սխալվել ես։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ես միայն ժամկետների մեջ եմ սխալվել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ժամկետների՞… ներիր, մտքերս շեղվեցին։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ինչպես այս բոլոր տարիներին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Այսի՞նքն…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Նույն արդյունքն է: Ավելի ճիշտ՝ արդյունքի բացակայությունը։ Իսկ ավելի ճիշտ՝ պատճառները։ Միայն դու կարող ես ճշգրիտ իմանալ, թե ինչով ես զբաղված եղել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտությամբ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Քո կարծիքով ոսկի ստանալը գիտությո՞ւն է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոսկի ստանալու շատ միջոցներ կան, չգիտեմ, որը նկատի ունես։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ծծումբից ու սնդիկ: Լուցկի ունե՞ս:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (լուցկին մեկնելով)։ Խնդրնմ
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Շնորհակալ եմ։ (Ծխում է:)
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Արի պայմանավորվենք. դու հարց չես տալիս, ես չեմ պատասխանում: Թե չէ կսկսեմ կասկածել հնարավորություններիդ վրա։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (նստում է աթոռին): Ես, իհարկե, գիտեմ այդ պատասխաններրը, ուզում էի իմանալ, թե դո՛ւ ինչ կասեիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հիմա դա նշանակություն չունի։ Եթե քեզ հավատամ, ուրեմն ամեն ինչ վաղուց կանխորոշված է։ Հետևաբար, միտքը չի վերահսկում արարքներն ու գործերը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մարդը ոչինչ է, վիթխարի շարժման մեջ անիմաստ մասնակցող մասնիկ, որ ենթարկվում է մեխանիկայի և դիֆերենցիալ հաշվի օրենքներին։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անմտություն է։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Ի՞նչը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ամեն ինչ։ Տիեզերքը, նրա կազմակերպումը…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Պատասխանատու հայտարարություն է, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անպատասխանատու մտահղացում է, Հեքիաթասաց։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Քեզ քաո՞ս է պետք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գոնե ինչ-որ իմաստ…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (պատրաստվում է գնալ)։ Չեմ խոստանում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում ասածներդ կփոխանցեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ո՞ւմ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Օրինակ՝ Տեր Աստծուն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նրան հավատո՞ւմ ես։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ոչ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հետաքրքիր է, ինչի՞ ես հավատում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երբեք չեմ մտածել այդ մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կյանքը տալ՝ իմանալու համար, երբ չես հավատում նույնիսկ հաջողությա՞նը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (վերադառնում է)։ Ի՞նչ է նշանակում դա։ Ամեն մեկս ապրում է իր համար, ամենօրյա հոգսերով։ Բանաստեղծների ու պարապ փիլիսոփաների հնարած սերը, երջանկությունը, կյանքի իմաստը բացատրության կարիք չունեն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Կարո՞ղ ես ասել, ինչ է սերը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Սերը ծիածան է՝ բազմագույն ու բազմերանգ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ուզում ես ասել, սերը միրա՞ժ է։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո, օպտիկական խաբկանք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասա, երջանկություն կգտնե՞մ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երջանկությունը հիմարների բաժինն է։ Անգամ կարճաժամկետ զգացումը անհապաղ բժշկական միջամտություն է պահանջում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Վերջին հարցը. ոսկի կստանա՞մ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ոչ։
Ներկայացման երաժշտական թեման։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես ոչնչի համար չեմ զղջում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երբ արդեն երեսունն անց ես ու երեկ նորից ծննդյանդ օրն էր, երբ Թագավորը քեզ սկսել է դիմել «դու»-ով, իսկ դու դեռևս «երիտասարդ մասնագետ» ես, երբ ընդունելության ես գնում համակուրսեցուդ մոտ, կամ վերադառնում համադասարանցուդ աշխատասենյակից, երբ հարսնացուդ հեռախոսով ասում է քեզ, որ այսօր ժամանակ չունի… ուրեմն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ բանում դու սխալ ես եղել, Ալքիմիկոս։ (Գնում է:)
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Ալքիմիկոսի լաբորատորիան։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (հանդիսատեսին)։ Հիմա ձեզ կասեմ, թե ինչ է Փիլիսոփայական քարը։ Արևը, Լուսինը, ագաթը քարի էությունն են։ Բայց այդ քարերը հողի տակ մեռած են, իրենք իրենց չեն գործում։ Իսկական ոսկին կամ արծաթը կարելի է ստանալ միայն մարդու մասնակցությամբ։
Աղմուկով ներս են գալիս Ալքիմիկոսն ու աշակերտները։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (հանդիսատեսին)։ Դե, գլխի ընկաք… եթե ձեր սուր միտքը թափանցել է նախորդ ասելիքիս խորքը, երբ ձեզ համար բացահայտեցի պահանջվող նյութը, ուրեմն հիմա տիրապետում եք բոլոր փիլիսոփաների ցանկության առարկային։
Մոտեցող կառքի, ձիերի խրխնջոցի, քայլերի ձայներ։ Ներս են գալիս Թագավորն ու Տեղակալը։ Հեքիաթասացը հեռանում է։
ԹԱԳԱՎՈՐ — (բարձր տրամադրություն ունի)։ Ուրախ եմ քեզ տեսնելուս, Ալքիմիկոս։ Դու կատարեցիր խոստումդ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Արեցի, ինչ կարողացա, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Արեցիր ավելին, քան կարող էիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես մենակ չեմ։
ԹԱԳԱՎՈՐ — Շնորհավորում եմ բոլորիդ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շնորհակալություն, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Ճիշտն ասած, համարյա չէի հավատում քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտեմ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Վերջին անգամ դժգոհ հեռացա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Հրաշալի է։ Թե չէ խիղճս ոնց որ հանգիստ չէր։ Բայց խոստովանիր, այն հանդիպումը որ չլիներ, այսօր ոսկին չէր լինի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հնարավոր է, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Գիտեմ, որ չէր լինի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իրավացի եք, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Դե լավ, հերոս, ցույց տուր հրաշքը։
Ալքիմիկոսը դարակից վերցնում, ցուցադրում է ձուլվածքները։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ահա, սրանք են, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — (զննում է)։ Իսկական ոսկի է։ Ու դու ստացար սովորական երկաթի՞ց։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այնքան էլ չէ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ – Ինչպե՞ս թե… բացատրիր, չեմ համբերում։ Հասկանում եմ, գաղտնիք է, բայց այստեղ, կարծում եմ, կողմնակի մարդիկ չկան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անշուշտ, Ձերդ գերազանցություն… այստեղ նայեք։ (Ցույց տալով ինչ-որ գծագրեր։) Փիլիսոփայական քարն ստանալու համար վերցնում ենք սովորական սնդիկն ու տաքացնում, մինչև վերածվում է կանաչ առյուծի։ Դրանից հետո ավելի ենք շիկացնում, ու նա վերածվում է կարմիր առյուծի։ Նրան եռացնում ենք խաղոդի թթու սպիրտի մեջ, և սնդիկը վերածվում է պինդ մերկուրիի, որի ներսում իսկական վիշապն է, որովհետև խժռում է սեփական պոչը։ Եթե շիկացած ածուխը մոտեցնենք՝ կրկին կստանանք կանաչ առյուծ։ Ու եթե այն թորենք, վերջապես կստանանք այրող ջուր ու մարդկային արյուն։ Սա էլ կենարար հեղուկն է։
ԹԱԳԱՎՈՐ — Ոչինչ չհասկացա, բայց շատ հետաքրքիր է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Մեզ համար էլ դեռ շատ բան անհասկանալի է, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Ցնցող է։ Դուք պատկերացնել չեք կարող, թե ինչ եք արել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մենք պատվեր ենք կատարել, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Այո, այո, իմ պատվերը… Ալքիմիկոս, դու երջանի՞կ ես… ասենք, բառերն ավելորդ են, ինքնին պարզ է։ (Նայում է խոժոռ դեմքերով աշակերտներին։) Ի դեպ, ինչո՞ւ ըստ արժանվույն չեք արտահայտում ձեր ուրախությունը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Չգիտենք, ինչպես պիտի մեզ պահենք նման դեպքերում։ Փորձ չունենք։
ԹԱԳԱՎՈՐ — (փորձում է նրանց ոգևորել): Ի՞նչ փորձ, երբ մենք աոաջինն ենք։ Հասկանո՞ւմ եք, մենք առաջինը Փիլիսոփայական քարի օգնությամբ ոսկի ենք ստացել։ Հիմա մեր պետությունը ամենահարուստն է։ Ուրեմն և՝ ամենահզորը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մենք ուրախ ենք, Ձերդ գերազանցություն:
ԹԱԳԱՎՈՐ — Ո՛չ, դուք ոչինչ չեք հասկանում… Գիտե՞ք, ինչն է գիտնականի ու պետական այրի տարբերությունը։ Դուք գիտեք, մենք կարող եք։ Դուք գիտեք՝ ինչպես անել, մենք՝ ինչ անել։ Ուստի առաջինները պիտի հետևեն երկրորդների ասածին։ (Ալքիմիկոսին.) Այնպես որ, հավատա ինձ. այսօր տոն է։ (Աշակերտներին.) Այնպիսի տեսք ունեք, ասես ոսկու փոխարեն ժանգ եք գտել։ Նախորդ անգամ ավելի համարձակ էիք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներեք մեզ, ամեն ինչ շատ անսպասելի էր։
ԹԱԳԱՎՈՐ — Տեսնում եմ… (Զննելով գիրքը։) Պարացելս. լավ գիրք է։ (Նստում է, Տեղակալը կանգնում է կողքը։) Դե, աշխատանքդ գնահատելու ճիշտ ժամանակն է։ Լսում եմ քեզ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասելու բան չունեմ։
ԹԱԳԱՎՈՐ — Ոչի՞նչ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մենք մեր գործով ենք զբաղվել։
ԹԱԳԱՎՈՐ – Ես բարձր եմ գնահատում քո համեստությունը, Ալքիմիկոս, բայց այսօր դուք դատարկ հաճոյախոսություններից շատ ավելիին եք արժանի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Համեստության հարց չկա, Ձերդ գերազանցություն, և հետո, մենք դեռ չենք ավարտել։
ԹԱԳԱՎՈՐ — Բայց դուք ոսկի՞ եք ստացել:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո։
ԹԱԳԱՎՈՐ — Դրա համար էլ պատրաստվում եմ վարձատրել, իսկ ինչ-որ մանրուքներ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — (խիստ)։ Լսում եմ քեզ, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ինչ-որ թղթեր բերելով): Եթե հիշում եք, նախորդ անգամ ձեզ մի ձեռագիր աշխատություն ցույց տվեցի՝ «Նյութի միասնական բնույթի տեսական հիմնավորումը»։
ԹԱԳԱՎՈՐ — Այո, նման բան հիշում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (տալիս է ձեոագիրը)։ Տպագրեք։ Թող մասնագետները կարդան, դա էլ կլինի մեր պարգևը:
ԹԱԳԱՎՈՐ — Լավ, կկատարեմ խնդրանքդ։ (Ձեռագիրը փոխանցում է Տեղակալին։) Կարծում եմ, մի երկու ամսից կտպագրվի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (շփոթահար)։ Ինչպես… ինչո՞ւ այդքան ուշ:
ԹԱԳԱՎՈՐ — (գրկում է Ալքիմիկոսին)։ Ինչո՞ւ ես հուզվում։ Մի տեղ գնացեք, հանգստացեք մի ամիս, ամիսուկես, կվերադառնաք…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (մտացրիվ)։ Այո, այո… իհարկե… ոչ, այստեղ գործեր ունենք…
ԹԱԳԱՎՈՐ – Ինչի՞ց ես դժգոհ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, ամեն ինչ կարգին է։
ԹԱԳԱՎՈՐ — Հրաշալի է։ Պետք է նշել։ (Աշակերտներին.) Ի՞նչ եք կարծում։ Ինչքան հիշում եմ, ինչ-որ օղի ունեիք։
ՏԵՂԱԿԱԼ — Արքայական օղի։
ԹԱԳԱՎՈՐ — Հարմար է, թեև ես ընդամենը Թագավոր եմ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ձերդ գերազանցություն, Արքայական օղին աղաթթվի խառնուրդն է:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այդպես ենք ասում, որովհետև նրա մեջ լուծվում է ոսկին։
ԹԱԳԱՎՈՐ — Արքայական, որովհետև նրա մեջ լուծվում է ոսկին։ Հարմար անվանում է։ Իսկ սովորական օղի չունե՞ք։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Կա, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Կարծում եմ, մենք վաստակել ենք… (Աշակերտները բերում են օղի, բաժակներ։) Լցրեք։ Ուզում եմ խմել ձեր կենացը, ձեր բարեկամության, գործին հավատարմության կենացը։ Գիտեմ, հեշտ չէր, ոչ բոլորը դիմացան, գիտեմ, արժանի եք լավ խոսքերի ու համոզված եմ, որ դրանք դեռ լսելու եք։ Իմացեք, ես միշտ հավատացել ու հավատում եմ ձեզ։ (Խմում է։) Արքայական օղի է, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներեցեք, չենք պատրաստվել…
ԹԱԳԱՎՈՐ — Միք անհանգստանա, ամեն ինչ հոյակապ է։
ՏԵՂԱԿԱԼ — Կարևորը՝ ժամանակին հասցրիք։ (Ցույց տալով ոսկու ձուլվածքները։) Ահա ամենաառատ հյուրասիրությունը։
ԹԱԳԱՎՈՐ — (մոտենում է աշակերտներին)։ Անցյալ անգամ մի անեկդոտ պատմեցիք… Ինքնաթիռում երեքն էին. առաջին օդաչուն, երկրորդ օդաչուն ու… Քրիստոսը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Այո, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ – Թե՞ Պիղատոսը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Պիղատոսը, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ – Հիսո՞ւսը, թե՞ Պիղատոսը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Տարբերություն չկա, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Սխալվում ես, Հիսուսը Աստծո որդին էր, իսկ Պիղատոսը…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Մենք բոլորս Աստծո որդիներն ենք։
ԹԱԳԱՎՈՐ — Լավ, թող ձեր ասածը լինի։ Ուրեմն, ինքնաթիռում…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այո, Ձերդ գերազանցություն, առաջին օդաչուն, երկրորդ օդաչուն ու Պետրոս առաքյալը։
ԹԱԳԱՎՈՐ — Պետրոս առաքյա՞լը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այո, բոլորը ինքնաթիռում էին։
ԹԱԳԱՎՈՐ — Այդ ինչո՞ւ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Եղանակը թռիչքային էր։
ԹԱԳԱՎՈՐ — Լավ, թռչում էին, հետո՞…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Վերջ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Այդ ինչպե՞ս:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Անավարտ տարբերակ է, դեռ մտածում ենք։
ԹԱԳԱՎՈՐ — Հետաքրքիր է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ավելի քան։
ԹԱԳԱՎՈՐ – Ուզո՞ւմ եք ձեզ օգնեմ։ Սիրում եմ ծիծաղելի պատմություններ հորինել։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Սա շատ ծիծաղելի պատմություն է։
ԹԱԳԱՎՈՐ — Պայմանավորվեցինք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ճիշտն ասած, մեր հույսը դուք էիք։
ԹԱԳԱՎՈՐ — Կատակում եք, բայց սրտանց ուրախանալ չեք կարող։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հոգնած ենք, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Ոչինչ, հիմա կհանգստանաք։ (Տեղակալին.) Ամեն ինչ կարգավորեք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պետք չէ անհանգստանալ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Ես պարտավոր եմ անհանգստանալ հպատակներիս համար։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Անհանգիստ պաշտոն է, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Իսկ ի՞նչ էիր կարծում… սրվակների հետ գործ չունեմ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ձերդ գերազանցություն, սրվակներն էլ պակաս փխրուն նյութից չեն։
ԹԱԳԱՎՈՐ — Հա, բայց մի բան է սրվակ փշրելը, այլ բան՝ մարդու սիրտը կամ կյանքը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Դուք բանաստեղծ եք, Ձերդ գերազանցություն։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ դուք ի՞նչ եք անում, երբ վերջապես հաջողվում է փշրել մարդու սիրտը կամ կյանքը։
ԹԱԳԱՎՈՐ — (սկսում է նյարդայնանալ)։ Բեկորներից խճանկար եմ հավաքում։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Երեի շա՞տ գեղեցիկ է։
ԹԱԳԱՎՈՐ — Հա, սիրում եմ էդ գործը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ասացեք, Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — (կտրուկ)։ Վե՛րջ, հերիք է աշխատանքի մասին։ Ի՞նչ ժողովուրդ եք, ոչ խմում եք, ոչ երգում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ… և խմում ենք, և երգում։ Հապա, կիթառը էս կողմ տվեք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (կամաց)։ Հանգիստ թող կիթառը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, թույլ տվեք…
ԹԱԳԱՎՈՐ — Իհարկե։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես խմում եմ ձեր կենացը։ Ոչ թե որ իմ Թագավորն ու հյուրն եք։ Թեև ուրախ եմ, որ իմ Թագավորն ու հյուրն եք։ Մենք գիտենք ու գնահատում ենք, ինչ անում եք դուք մեզ համար, գիտության զարգացման համար։ Չեմ ուզում երկարաբանել, ասեմ միայն, որ գիտությունն ու արվեստը միշտ են իներտ եղել, չեն կարող ինքնուրույն զարգանալ։ Ուժեղ ձեռք է պետք ու պիտի ասեմ, որ այդ ուժը մենք զգում էինք։ Այո, հաճախ ենք չարաշահել ձեր համբերությունը, ներեք մեզ։ Ես ցանկանում եմ, որ մենք ապրենք երկար, երկար ու մեռնենք նույն օրը։ Որովհետև լավ չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անենք առանց ձեզ։
ԹԱԳԱՎՈՐ — (հուզված)։ Շնորհակալ եմ, Ալքիմիկոս, բայց, կարծում եմ, չափազանցրիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, Ձերդ գերազանցություն, ես անկեղծ եմ։
ԹԱԳԱՎՈՐ — Շնորհակալ եմ, բարեկամս։ Հիմա լսեք, ինչ եմ մտադիր անել այս առիթով։ (Ցույց է տալիս ոսկին։) Ձեռագրի տպագրությունը ինչ-որ չափով իմ պարտքն է։ Ես ուզում եմ, որ դու և քո բարեկամները իմանան, ինչ բարձր եմ գնահատում ձեր գործը։ (Տեղակալը ինչ-որ թղթեր է տալիս նրան։) Իմ հրամանով ձեր բրոնզե քանդակները կտեղադրվեն պալատական հրապարակում։ Նոր ոսկուց կձուլվեն ձեր պատկերներով մեդալներ։ Բնականաբար, կշնորհվեն տիտղոսներ, կլինեն նվերներ: Եվ վերջում՝ լավագույն բանաստեղծներին պատվիրված է ներբողներ գրել ձեր մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — Հավատացեք, բարեկամներ, սա չնչին բան է ձեր արածի դիմաց։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բայց, Ձերդ գերազանցություն…
ԹԱԳԱՎՈՐ — Վերջ տվեք։ Հո չե՞մ կարող միայն ձեռքերդ սեղմել կամ ուսերիդ թփթփացնել:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձեռագրի տպագրությունը…
ԹԱԳԱՎՈՐ — Լավ, թեման փոխենք։ (Դադար։ Քայլում է լաբորատորիայում, մեկը կիթառ է նվագում։) Իր պոչը խժռող վիշապ… ի՞նչ էր նշանակում։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հետադարձ պրոցեսներ, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Այո, այո, հիշում եմ… մեծ խորհրդանիշը, կյանքի խորհրդանիշը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Սոված վիշա՞պը նկատի ունեք։
ԹԱԳԱՎՈՐ — Նկատի ունեմ ցանկացած պրոցեսի հետադարձությունը։ Այդ թվում և՝ կյանքի։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ձեր կարծիքով կյանքը պրոցե՞ս է։
ԹԱԳԱՎՈՐ — Ալքիմիկոսներդ եք այդպես կարծում։ Ինձ համար կյանքը պետության հիմքն է։ Կա կյանք՝ կա պետություն։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն, դա անհրաժեշտ պայման է։
ԹԱԳԱՎՈՐ — Անհրաժեշտ ու բավարար: Ձգտել բանականին ու կարգուկանոնին, ինչը պետության հիմքն է։ Կենդանի օրգանիզմն ու քաոսը անհամատեղելի են։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ անարխիա՞ն:
ԹԱԳԱՎՈՐ — Շեղում է, հասարակության հիվանդություն։ Թեև կա ուրիշ բնորոշում. անարխիան մի վարչակարգը մյուսով փոխարինելու փորձ է։ Ապրել, նշանակում է ենթարկվել օրենքներին, և հակառակը։ Օրենքով գալիս ենք աշխարհ, օրենքով ապրում, օրենքով հեռանում: Ու բոլորիդ դա բավարարում է, անգամ նրանց, ում չի բավարարում։ Հուսամ, կներեք հասարակագիտական այս էքսկուրսի համար, սիրում եմ ցուցադրել իմացությունս։ (3-րդ աշակերտին.) Քիչ է մնում՝ ասես. «…որը չունեք»։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ամենևին, Ձերդ գերազանցություն։
ԹԱԳԱՎՈՐ — Դե, դե, ես լավ գիտեմ, ինչ եք մտածում իմ մասին։
ՏԵՂԱԿԱԼ — Ի դեպ, Ձերդ գերազանցություն, գուցե բարեկարգե՞նք լաբորատորիան։
ԹԱԳԱՎՈՐ — Արդեն մտածել եմ այդ մասին։
ՏԵՂԱԿԱԼ — Եվ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակը, գիտական կենտրոն հիմնել։
ԹԱԳԱՎՈՐ — Այո, արժե մտածել… Առայժմ կարող եք տեղափոխվել պալատ։ Այնտեղ բոլոր պայմանները կստեղծվեն ձեզ համար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եթե կարելի է, այստեղ մնանք։
ԹԱԳԱՎՈՐ — Հասկանում եմ, հաճելի հուշեր…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի գործ պիտի ավարտին հասցնենք։
ԹԱԳԱՎՈՐ — Արա, ինչպես հարմար ես գտնում։ Ե՞րբ կսկսեք ոսկու սերիական արտադրությունը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երեք ամսից։
ԹԱԳԱՎՈՐ — Ուշ է։ Երեք շաբաթ եմ տալիս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երեք շաբա՞թ։
ՏԵՂԱԿԱԼ — Ձերդ գերազանցություն, ո՞ւր ենք շտապում։ Կարևորը՝ ոսկին ունենք։
ԹԱԳԱՎՈՐ — Դու մոռանում ես, որ միայն մեր թագավորությունում չէ, որ զբաղված են այդ խնդրով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ձերդ գերազանցություն, մենք կանենք հնարավոր ամեն ինչ։
ԹԱԳԱՎՈՐ — Արեք, իսկ ես կվերցնեմ այս ձուլվածքները։ Ուզում եմ պալատում գլուխ գովել։ Ցտեսություն, Ալքիմիկոս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ցտեսություն, Ձերդ գերազանցություն։
Դռան մոտ Թագավորին է մոտենում Հեքիաթասացը, ինչ-որ թղթեր է ցույց տալիս։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ձերդ գերազանցություն, տեսեք, ինչ եմ գտել։ «Տրակտատ ճշմարիտ, անկրկնելի, մեծ և ունիվերսալ դեղի կամ հեղուկ ոսկու մասին»։
ԹԱԳԱՎՈՐ — Հեղուկ ոսկի… դա կենարար հեղո՞ւկն է։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո, բոլոր հիվանդությունների սպեղանին:
ԹԱԳԱՎՈՐ — Հետաքրքի՜ր է…
Միասին դուրս են գնում:
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (դեպի դուռն ուղղվող Տեղակալին)։ Խոսելու բան կա։ (Աշակերտներին.) Սկսեք զտել սնդիկը, ձեզ կմիանամ։
ՏԵՂԱԿԱԼ — Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պատճառ չկա։
ՏԵՂԱԿԱԼ — Էն էլ ի՜նչ պատճառ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այսօր շռայլ ես։
ՏԵՂԱԿԱԼ — Իհարկե, շռայլ եմ։ Կարծում ես, քո գյուտով միայն ոսկի՞ն ես արժեզրկել։ Եվ, վերջապես, ինչո՞ւ չհաճոյախոսեմ լավ մարդուն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ե՞ս եմ լավ մարդը։
ՏԵՂԱԿԱԼ — Դե, գոնե… երջանիկ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ կար ժամանակ…
ՏԵՂԱԿԱԼ — Դա ուրիշ ժամանակ էր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թե՞ ուրիշ հանգամանք։
ՏԵՂԱԿԱԼ — Թեկուզ։ Հանգամանքները պատմության շարժիչ ուժն են։ Նրանք Եզովպոսին դարձրին ստրուկ, իսկ Ալեքսանդրին՝ Մակեդոնացի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ ավելի պարզ չի՞ կարելի։
ՏԵՂԱԿԱԼ — Հանգամանքներն ինձ դարձրին պալատական, քեզ՝ ալքիմիկոս, նրան՝ Թագավոր։ Նրա հայրը թագավոր էր, հասկանո՞ւմ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շարունակիր։
ՏԵՂԱԿԱԼ — Միայն թվում է, թե մենք ենք մեր կյանքի տերը։ Իրականում խղճուկ ներկայացման մասնակից ենք, որտեղ բոլոր դերերը Նորին մեծություն Պատահմունքն է բաշխել։ Հերոս, վախկոտ, հանճար կամ ապուշ՝ մարդկային կատեգորիաներ չեն, այլ միայն «բառեր, բառեր…»։ Նման բան չկա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Իսկ ի՞նչ կա:
ՏԵՂԱԿԱԼ — Հանգամանքներ։ (Խմում են։) Կարո՞ղ եմ ծխել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իհարկե։
ՏԵՂԱԿԱԼ — Լավ ստացվեց ու կարևորը՝ ժամանակին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այսի՞նքն։
ՏԵՂԱԿԱԼ — Շեֆը ոնց որ թե փակում էր ձեր լաբորատորիան։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եվ ո՞նց էր դա անելու։
ՏԵՂԱԿԱԼ – Մանրամասնե՞րն են հետաքրքրում։ Կարգելեր զբաղվել գիտությամբ։ Լավագույն դեպքում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ վատագո՞ւյն…
ՏԵՂԱԿԱԼ — Դա բավական չէ՞… Ո՞ւր էիր գնալու։ Արդեն երեսուներեք տարեկան ես։ Նոր բան սկսելը խելահեղություն է, նաև՝ անհնար։ Ինչ վերաբերում է վատազույնին, հավատա, հնարը կգտներ։ Լաբորատորիան կդարձներ կա՛մ զորանոց, կա՛մ թատրոն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես թույլ չէի տա։
ՏԵՂԱԿԱԼ – Այո՜… ոսկին փոխում է մարդուն։ Դարձնում է համարձակ ու հիմար միաժամանակ։ Թույլ տուր հարցնել, ինչպե՞ս թույլ չէիր տա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կպայթեցնեի այս տունը, նրա համար էլ մի փոքրիկ դժբախտ պատահար կկազմակերպեի։
ՏԵՂԱԿԱԼ — Հուսով եմ, կատակում ես, այդքան անհույս ապուշ չես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծում եմ, Թագավորն էլ այնքան ապուշ չէ, որ այդպես մտածի։
ՏԵՂԱԿԱԼ — Այսի՞նքն…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Զորանոց, թատրոն…
ՏԵՂԱԿԱԼ — Լավ հիշիր, բացելը դժվար է, դրա համար Թագավորը օգնության կարիք ունի, իսկ փակել ինքն էլ կարող է, առանց մեկի օգնության, արագ ու մեծ հաճույքով։ Եվ հետո…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հետո՞…
ՏԵՂԱԿԱԼ — Ահաբեկչի տեսք չունես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ նշանակություն ունի, կարևորը հանգամանքներն են։ Մնացածը մանրուք է, ճի՞շտ քեզ հասկացա։
ՏԵՂԱԿԱԼ — Այո, միայն թե այս դեպքում հանգամանք չկա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (շփոթված)։ Հենց այնպես ասացի, «եթե»-ի իմաստով։
ՏԵՂԱԿԱԼ — Երբ կլինի այդ «եթե»ն, այն ժամանակ էլ հախիցդ կգանք, իսկ հիմա ուրախանալ է պետք, իմ ոսկե բարեկամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (տխուր)։ Ուրախանում եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Դուրըս չես գալիս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Միասեռ արարածների դեպքում դա անհնար է։
ՏԵՂԱԿԱԼ — Ի դեպ, այդ մասին…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (անգիր ասելու պես)։ Դեռ չեմ ամուսնացել, այդպես ստացվեց… Բայց միտք ունեմ։ Այո, այո, լավ է ուշ, քան երբեք։ Շնորհակալություն։
ՏԵՂԱԿԱԼ — (ծիծաղելով)։ Խնդրեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Էլի հարց ունե՞ս… ես պատրաստ եմ։ Եվ ինչո՞ւ է դա քեզ հուզում։
ՏԵՂԱԿԱԼ — Ուզում եմ, որ ամուսնանաս:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քե՞զ ինչ։
ՏԵՂԱԿԱԼ — Մենակ վախենալու է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դու ամուսնանո՞ւմ ես
ՏԵՂԱԿԱԼ — Այո։
Դադար։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դե ինչ, գոնե մեկ անգամ պիտի ազնիվ տղամարդու նման վարվենք: Շնորհավորում եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Շնորհակալ եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չեմ բացառում, որ զոհը, այսինքն՝ հարսնացուն արդեն ընտրված է
ՏԵՂԱԿԱԼ — Այո, ու գիտե՞ս ով է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չասես։ Թող դա քո փոքրիկ գաղտնիքը լինի։
ՏԵՂԱԿԱԼ – Ի՜նչ մի գաղտնիք է…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես սիրում եմ անակնկալներ։
ՏԵՂԱԿԱԼ — Լավ, համոզեցիր։ Մենք պատրաստվում ենք դա նշել նեղ շրջանակում, կարող ենք միաժամանակ այս փաստն է տոնել։ Հուսամ, պատիվ կանես քո ներկայությամբ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի օրում երկու տոնը շատ է ինձ համար։
ՏԵՂԱԿԱԼ – Ծերանո՞ւմ ես… Դե, ես գնամ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սպասիր, մի խնդրանք ունեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Հա, մոռացա… լսում եմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չե՞ս կարող արագացնել գրքի տպագրությունը։
ՏԵՂԱԿԱԼ — Վախենամ՝ ոչ։ Լավագույն դեպքում՝ մեկ ամսում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ գուցե… ինչ-որ կե՞րպ:
ՏԵՂԱԿԱԼ — Տեխնիկապես անհնար է, բարդ պրոցես է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Իսկապե՞ս ոչինչ հնարավոր չէ անել։ Դա շատ կարևոր է… ինձ համար, տղաների…
ՏԵՂԱԿԱԼ — Հասկանում եմ, կանեմ, ինչ հնարավոր է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Շնորհակալ եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Դե, ես գնացի, ողջույն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ողջույն։
Տեղակալը գնում է։
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դե ինչ, խոսենք։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Եկեք։
Դադար:
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լավ եղանակ է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ասում եմ՝ լավ եղանակ է, արև…
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Միայն թե քամին ուրիշ կողմ է փչում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասածդ երկիմաստ է, այդպե՞ս հասկանանք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հասկանալու բան չկա, մարդն աշխարհագրությունից գլուխ չի հանում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եթե դա է, ուրեմն սարսափելի բան չկա։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հարևանս էլ աշխարհագրություն չգիտեր, ամբողջ կյանքում Արևի ճամփան էր փնտրում։ Չգիտեր, որ բոլոր ճամփաները Հռոմ են տանում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Քո՞ հնարածն է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Չէ, արևելյան իմաստություն է։
Դադար։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ահա և խոսեցինք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Չգիտեմ, դուք ինչպես, իսկ ինձ Թագավորը դուր եկավ։ Բարի է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ինչքան հիշում եմ, անցյալ անգամ կարծիքդ այլ էր։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Պատճառն էլ այլ էր։ Կարելի է նրան հասկանալ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Կարելի է, բայց պետք չէ. ուժեղները դա չեն սիրում։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Նա ի՞նչ ուժեղ է որ…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Կդառնա։ Ոսկին կստանանք՝ կդառնա։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այդքան ժամանակ չունենք։
Դադար։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, կհասցնե՞նք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անկեղծ ասած, երկու-երեք ամսվա հույս ունեի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ունենք մեկ ամիս, սա՝ լավագույն դեպքում։ Այն էլ եթե «ոսկին» չոր տեղ պահենք։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Դժվար խնդիր է։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Թագուհին ոգևորության արցունքներ կհեղի վրան։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն, երեք շաբաթ ունենք։
Բոլորը նայում են Ալքիմիկոսին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ինչ-որ թղթեր ցույց տալով) Հիմա մենք գիտենք, որ ծծումբը մետաղների հայրն է և սնդիկը՝ մայրը։ Միայն ծծումբը չի կարող բեղմնավորել, նույնը՝ սնդիկը։ Այստեղ էր մեր սխալը։ Հիմա նայեք… (Ինչ-որ բան է գծում։) Դրա համար մեզ պետք է երկու, երեք…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (անվստահ)։ Եվ այդ ժամանակ՝ հաղթանա՞կ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դեմ չեմ։
Բոլորը գրկախառնվում են։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, հրաշալի է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ուսերը թոթվելով)։ Բնականաբար։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Սեղան գցեք, գնում եմ երաժիշտների ետևից։ (Համընդհանուր ոգևորություն։)
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ է պատահել, ոչ մի նոր բան չեմ ասել։ Երկու օր առաջ ենք հանգել այս եզրակացությանը։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Մեզ շփոթության մեջ գցեց ժամկետը երկարացնելու խնդրանքդ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ուզում էի հետաձգել այդ իրադարձությունը։ Աղմուկ չեմ սիրում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Միայն ա՞յդ պատճառով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Քի՞չ է։ Թագավորը կփորձի ուռճացնել այս գործը, նրան հերոսներ են պետք։ Նրանց չի բավարարում ուժեղ լինելը, ուզում են նաև արդարամիտ լինել։ Իսկ դրա համար Նորին գերազանցությունը ինչ-որ բան պիտի անի։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Փնտրել համապատասխան զոհեր…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուզում ես ասել՝ հերոսնե՞ր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ուզում եմ ասել՝ զոհեր։ Նրանց գցել նկարիչների, բանաստեղծների ձեռքը, կազմակերպել շքերթներ, տոնախմբություններ…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Այնքան էլ վատ բան չէ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Սկզբում իրոք հաճելի է, հետո ձանձրացնում է, իսկ հետո սարսափելին՝ սկսում ես վարժվել ուշադրությանը. քեզ ճանաչում են, խոնարհվում են, հրավիրում են…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչն է սարսափելին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Որովհետև ժամանակավոր է… և ինչ-որ պահի ամեն ինչ ավարտվում է։ Ինչ-որ մեկը հայտնագործում է կենարար հեղուկը՝ հեղուկ ոսկին։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ե՞վ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եվ արդեն քեզ չեն ճանաչում, չեն խոնարհվում, ոչ մի տեղ չեն հրավիրում։ Դու էլի նույն ոչինչն ես։ Շատ դժվար է դարձն ի շրջանս յուր։
Դադար։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ես ուզում եմ, որ լավագույն բանաստեղծներն ինձ ներբողներ նվիրեն, իսկ աղջկական նուրբ մատները դափնեպսակ դնեն իմ գլխին։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Լավ մարդիկ գերադասում են փշե պսակը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ճաշակի խնդիր է։ Գինի չի՞ մնացել։
Աշակերտներից մեկը նոր շիշ է բերում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ ո՞վ պիտի աշխատի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, էսօր ի՞նչ աշխատանք։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Նաև ուշ է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես էլ եմ ասում՝ ուշ է։ (Ցույց է տալիս օրացույցը։)
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, լավ, էլի…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (ժպտալով)։ Դե լավ, սատանան ձեզ հետ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ի դեպ, կարող էիր ասել. «Աստված ձեզ հետ»։ (Գինի է լցնում։) Իսկ ի՜նչ կենաց ասացիր՝ «…ես ցանկանում եմ, որ ապրենք երկար, երկար ու մեռնենք նույն օրը»։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ինձ դուր եկավ ամուր ձեռքի ու գիտության մեջ ունեցած ներդրումի հատվածը…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, ինչի՞դ էր պետք այս կրկեսը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հասկանո՞ւմ ես, միայն պոետները գիտեն՝ «ինչն է լավ և ինչն է վատ» ու համապատասխան կերպով են վարվում իրենց գրքերում։ Իրական կյանքը միայն փոխզիջումներ են ու գաղտնիքն այն է, որ քեզ չխաբես ամենագլխավոր հարցում։ Այստեղից էլ՝ քո ասած կենացն ու էլի շատ ուրիշ բաներ։
Խմում են։ 2-րդ աշակերտը կիթառ է նվազում ու երգում։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ծանոթ երգ է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Եկեք հոտնկայս հարգենք անժամանակ մեր շարքերից հեռացած ընկերոջ հիշատակը…
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Աշխատակցի…
Ալքիմիկոսը գնում է բեմի խորքը, զանգում է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ասում են, սեփական լաբորատորիա ունի… Շեֆ, լսո՞ւմ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ուրախ եմ նրա համար։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ահա թե ինչու գնաց… իսկ ի՜նչ գեղեցիկ էր խոսում ամպերի մասին։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հա, գնաց, որ սեփական լաբորատորիա ունենա, իր փորձերը դնի։ Ի՞նչ վատ բան կա…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (շարունակելով համար հավաքել)։ Գնաց, ուրեմն չպիտի գար: Նա գնաց ոչ թե որ այստեղ վատ էր։ Նա եկել էր գնալու համար։ Մարդկային արատներից ամենավատը երկերեսանիությունն է։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Հետաքրքիր է, ինչո՞ւ են գնում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չգիտեմ, նրանց դատավորը չեմ, առավել ևս՝ փաստաբանը։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ամեն անգամ, երբ խոսում ենք այս մասին, դու ջղայնանում ես: ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չեմ սիրում խոսել մի բանի մասին, ինչ չկա։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Նախնադարյան կարգեր են… ամեն գնացողի վրա տաբու է դրվում, ոնց որ Ֆիջի կղզիների վայրենիները լինենք: Իրավունք չունենք խոսել, հանդիպել նրանց հետ, անգամ մտածել նրանց մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բայց դուք խոսում, հանդիպում եք, և, իհարկե, մտածում եք նրանց մասին։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ինչ-որ բանով պիտի տարբերվե՞նք Խաղաղ օվկիանոսի պապուասներից։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Շեֆ, իսկ այսպիսի դիրքորոշումը չի՞ հակասում փոխզիջումների ձեր տեսությանը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չի հակասում։ Վերջերս նրանցից մեկը պատմում էր, որ իրենց ոսկորների վրա է կառուցվել այս լաբորատորիան:
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Բայց նրանք իրոք շատ բան են արել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, բայց շատ բան էլ տարել են… ընդհանրապես չեմ սիրում, երբ առևտուր են անում՝ ով ինչ է արել ու ինչ պիտի ստանա։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Լավ, շեֆ, անցանք առաջ… Ե՞րբ ենք տեղափոխվում պալատ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գլխացավանք է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Փոխարենր կապրենք թագուհու հարևանությամբ։ Ես կեղծամ կպատվիրեմ ու կսովորեմ խոնարհվել։ (Փորձում է խոնարհումներ անել։)
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Այ, այդ մեկը չարժե անել։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Հանկարծ ու թագուհուց լավ խոնարհվես։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (չի լսում նրան): Համաձայնվեք, լավ է հնչում՝ «Թագավորական գիտական կենտրոն»։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — (անվստահ)։ Սատանան գիտե… Իհարկե, վատ չէ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Վատ չէ՞… Մեր լաբորատորիայում միայն ջուր կարող ես եռացնել, այն էլ՝ կյանքդ վտանգի ենթարկելով։ Խելքը գլխին մի սարք չունենք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (մոտենալով նրանց)։ Մենք մնում ենք այստեղ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասացի՝ մնում ենք։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Պետական մոտեցում չեք ցուցաբերում խնդրի լուծմանը։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Նա իրավացի է… Մենք ի՞նչ ենք կորցնում։ Իսկ այնտեղ պայմաններ են ստեղծված, վերջապես, թափ կա… (Նկատելով Ալքիմիկոսի պաղ հայացքը։) Լավ, թող քո ասածը լինի, թեև, իմ կարծիքով, դա ոչ ավել, ոչ պակաս՝ պաշտոնական դիրքի չարաշահում է…
Դադար։ Ալքիմիկոսը գինի է խմում։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ի՞նչ ասաց էն տիպը… էն, որ միշտ Թագավորի կողքին է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Միասին ենք սովորել։ Վատ տղա չէ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Եթե գաղտնիք չէ, ինչի՞ մասին էիք խոսում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գաղտնիք չէ։ Նա ամուսնանում է։ Հարսանիքին հրավիրեց ինձ… բոլորիդ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Այդպես էլ գիտեի։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ո՞վ է հարսնացուն։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (կտրուկ)։ Չգիտեմ։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — (զգուշավոր)։ Հենց այդ մասին էլ ուզում էինք խոսել քեզ հետ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այդ մասին պետք չէ խոսել։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ինչո՞ւ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մեզ չվերաբերող հարց է։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Դու չգիտես՝ ում մասին է խոսքը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտեմ։ Ավելի լավ է երգես, քեզ մոտ դա լավ է ստացվում։ (Վերցնելով դատարկ շիշը։) Գինի չմնա՞ց… ձեզ կախելն էլ քիչ է։ (Մոտենում է հեռախոսին, համար է հավաքում։)
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ի՞նչ առաջարկներ կան։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Համարենք, որ երեկոն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում։ Պայմանավորվող բարձրաստիճան կողմերը հույս հայտնեցին…
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ – Ստո՛պ։ «Հույս հայտնեցին»… ավելին չես ասի, ուստի թույլ տվեք երեկոն հայտարարել փակված։ Առարկություն կա՞։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Չկա։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն, խնդրում եմ այստեղից դուրս գալ մեկ-մեկ։
2-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Էդ ինչի՞։
3-ՐԴ ԱՇԱԿԵՐՏ — Ուսումնական տագնապ։ Խանդավառ երկրպագուներից գլուխ ազատելու մարտավարություն ու ռազմավարություն ենք մշակում։
Բացի 1-ին աշակերտից, բոլորը գնում են։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Դու մնո՞ւմ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հա, դեռ էստեղ եմ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Եթե պետք է…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ոչ, ուզում եմ մենակ մնալ։
1-ԻՆ ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն, մնաս բարով։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գնաս բարով։
1-ին աշակերտը գնում է։ Ներս է մտնում Հեքիաթասացը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Լավ է, որ քեզ հանդիպեցի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բա՞ն է պատահել։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Հա: Արագ կրկնիր ինձ հետ. «Ես սրբազան գաղտնիքների ծառան եմ ու պետք է ենթարկվեմ աննկարագրելի տանջանքների…»։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Կրկնիր. «Այս երեկո մի մարդ կգա, սրախողխող կանի, մաս-մաս կանի ինձ, գանգամաշկս կհանի ու միս-ոսկորներս կրակին կտա։ Այդ ժամանակ կզգամ, որ ոգի եմ դառնում…»։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ի՜նչ հիմարություն է։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Այդպե՞ս ես կարծում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներիր, զբաղված եմ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Հասկանում եմ… (Հեռանում է։)
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Ալքիմիկոսի լաբորատորիան։ Ալքիմիկոսը պատռում է պատերին կախված գծագրերը, դիագրամները։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ես սրբազան գաղտնիքների ծառան եմ ու պիտի ենթարկվեմ աննկարագրելի տառապանքների… Այս երեկո կգա մեկը, ով սրախողխող կանի ինձ։ Նա կհանի գանգամաշկս, միսս ու ոսկորս կխառնի իրար ու կգցի կրակը: Այդ ժամ կհասկանամ, որ դառնում եմ ոգի…
Անուժ ընկնում է հատակին: Բեմի խորքում հայտնվում է Նեն:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Լավ արիր, որ եկար:
ՆԵ – Մի անհանգստանա, հիմա կգնամ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ է նշանակում դա… առանց այդ էլ տոն օրերի ենք հանդիպում:
ՆԵ – Ուրեմն, այսօր տո՞ն է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Այո:
ՆԵ – Եվ ի՞նչ ենք անելու:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Շախմատ ենք խաղալու: Ի դեպ, մենք երբեք շախմատ չենք խաղացել:
ՆԵ — Շախմա՞տ… Սա նոր բան է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հա, մեր հարաբերություններում նորություն մտցնենք:
ՆԵ – Շախմա՞տն է նորությունը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Իսկ դու ի՞նչ կառաջարկես:
Նեն դանդաղ մոտենում, նստում է կողքը:
ՆԵ – Երևի թե ոչինչ: Քեզ բան ունեմ ասելու:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Լսում եմ:
ՆԵ – Տեսնում ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (փորձում է հետաձգել խոսակցությունը): Տեսնում եմ, ավելի ճիշտ, չեմ տեսնում… Վերջերս անընդհատ հալյուցինացիաներ եմ ունենում:
ՆԵ – Հալյուցինացիա՞…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Այո… Չգիտեմ, ինչ է կատարվում ինձ հետ. աչքիս երկու Արև է երևում: Պատկերացնո՞ւմ ես, երկու Արև, մեկը մեծ ու պայծառ, ինչպես…
ՆԵ – (հեգնանքով): Ինչպես ի՞նչ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (իբր շփոթված): Չգիտեմ, գուցե… ինչպես սե՞րը:
ՆԵ – Իսկ մյո՞ւսը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ավելի փոքրն ու նարնջագո՞ւյնը… համարյա չեմ նկատում: Բայց դա դեռ ամենը չէ: Ես մեծամիտ եմ: Ինձ թվում է… համարյա համոզված եմ, որ մեծ ու այրող Արևը… իմն է:
ՆԵ – Իսկ երկրո՞րդը…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չգիտեմ, չի հետաքրքրում: Դա բոլորի համար է:
ՆԵ – (որերորդ անգամ համբերատար լսում է նույն բառերը): Իսկ քեզ, բնականաբար, անձնական Արև է պետք:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Այս, ես համոզված եմ, որ ամեն մեկն էլ արժանի է դրան: Պարզապես իմ բախտը բերել է, որ իմ Արևը…
ՆԵ – Մեծն ու այրողն է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Եվ ի՞նչն է հետաքրքիրը. իմ Արևը երբեք մայր չի մտնում, խավարն ինձ համար չէ:
ՆԵ – (ծիծաղում է): Դու պիտի դիմես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Գիտեմ… ակնաբույժին:
ՆԵ – Ոչ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Նյարդաբանի՞ն:
ՆԵ – Ոչ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Սիրած կնո՞ջը… (Փորձում է գրկել:)
ՆԵ – (տեղից բարձրանում է): Թագավորին, նոր պատվերի համար: Քեզ հակացուցված է ազատությունը: Դու պիտի միշտ ծանրաբեռնված լինես աշխատանքով… հայլուցինացիաներից ու մեծամտությունից խուսափելու համար:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Մեղադրո՞ւմ ես ինձ:
ՆԵ – Ոչ հենց այնպես… բարձրաձայն ասված մտքեր:
Դադար:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (արդարանալով): Պարզապես մի շրջան է հիմա, որ…
ՆԵ – (հատուկ շեշտով): Ես ուզում եմ իմանալ… ես քեզ պե՞տք եմ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հիմար հարց… Քեզ չէի զանգում միայն այն պատճառով…
ՆԵ – (ժպտալով): Գիտեմ: Հիմա մի շրջան է, որը կտևի մի ամբողջ կյանք:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (համարյա անկեղծ): Չէ, դա ժամանակավոր է:
Անկյունում երևում է Հեքիաթասացը: Նեն ասես նրան չի նկատում:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – (Ալքիմիկոսին): Ժամանակավոր, իհարկե, ժամանակավոր է: Ոչինչ հավերժական չէ, ամեն ինչ ժամանակավոր է: Բուրգերը, մարդիկ, կարծիքները… սևը ճերմակ կդառնա, ճերմակը՝ սև, ու նորից ամեն ինչ կփոխվի… հերթական անգամ: Բոլորը գիտեն այդ մասին՝ քեզնից բացի:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Լսիր, ես մենակ չեմ:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Դու միշտ ես մենակ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ ես ուզում:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Եկա ասելու, որ հիմար ես: Ցավոք, սա միակ բանն է, որ կարող եմ ինձ թույլ տալ: Ասա ինձ, ի՞նչն է քեզ այդպես տանջում, ուզում ես փոխե՞լ աշխարհը: Փորձում ես վիճե՞լ հավերժության հետ: Ոչ: Ընդամենը ձգտում ես ոսկի ստանալ քո միապետի համար… նրա գրպանի ծախսերի համար: Նեն իրավացի է, դու չես ապրում, ընդամենը ժամկետներն ես փոխատեղում:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Նեն դա չի ասել:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Որովհետև սիրում է քեզ։
Հեքիաթասսւցն անհետանում է։
ՆԵ — Ո՞ւմ հետ էիր խոսում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հենց այնպես… բարձրաձայն ասված մտքեր։ Միայն թե այս անգամ ասված շատ բարձր։ (Դադար։) Մի բան ասա։ Չեմ սիրում լռությունդ։
ՆԵ — Դրա համար էլ ոչ մի անգամ չկարողացանք գեղեցիկ լռել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ ես մեր մասին խոսում անցյալ ժամանակով։
ՆԵ — Ներիր, չնկատեցի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (սևեռուն նայում է, հետո Նեին նստեցնում է աթոռին)։ Ուզո՞ւմ ես անեկդոտ պատմեմ։ Ինքնաթիռում երեքն են՝ առաջին օդաչուն, երկրորդ օդաչուն և…
ՆԵ — (տխուր)։ Գիտեմ այդ անեկդոտը։ Ես գիտեմ քո բոլոր անեկդոտներր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (նստում է նրա կողքը, հատակին)։ Վատ է։ Իմ բոլոր անեկդոտներն իմացող կանայք հեռանում են ինձնից։
ՆԵ — Եվ ի՞նչ ես անում դու։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Նույն անեկդոտներն սկսում եմ պատմել ուրիշ կնոջ։
ՆԵ — (տեղից բարձրանում է)։ Կանանց փոխելու փոխարեն ավելի հեշտ չէ՞ր նոր անեկդոտ հնարել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Անհնար է։
ՆԵ – Ինչո՞ւ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դրանք ես վերցնում եմ կյանքից։
ՆԵ – Հետո՞ ինչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (գոռում է)։ Ինչպե՞ս թե… Այդ դեպքում պիտի կյանքը փոխել, իսկ ես չեմ ուզում։
ՆԵ – Ի՞նչ չես ուզում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կյանքը փոխել չեմ ուզում։ (Դադար։ Փորձում է գրկել Նեին։)
ՆԵ — Ոչ։ (Դադար։) Փոխվել ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (որպես սերտած տեքստ)։ Նիհարել եմ։ Կարոտից է…
ՆԵ — (հուզվելով)։ Առաջ դու ավելի ուժեղ էիր։ Գիտեիր՝ ինչ ես ուզում, տղաներն էլ գիտեին… դժվար էր, բայց… հեշտ էր։ Հիմարություննե՞ր եմ դուրս տալիս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չէի ասի։
ՆԵ — Դու հանձնվելու իրավունք չունես… եթե անգամ մենակ մնաս։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ցավոք, մարդը երբեք մենակ չի մնում։
ՆԵ — Ասացի՝ եթե անգամ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լավ, համոզեցիր։
ՆԵ — (գոռում է)։ Ես սիրում եմ քեզ։
Երաժշտություն։ Հետագա երկխոսությունն ասվում է շատ հուզական, այնպիսի տպավորության պիտի լինի, ասես բեմը պտտվում է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Գիտե՞ս, ինչու են գազանները թռչում վառվող օղակի միջով։
ՆԵ — Ոչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Որովհետև դրանից հետո նրանք շաքար են ստանում։ Հարմար է, կարևորը, մարդասիրական է։
ՆԵ — Քեզ չեմ հասկանում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Կարևոր չէ։ Կարևորը գուրգուրանքն է… Ասում են, գազանները շատ զգայուն են։
ՆԵ – Ի՞նչ է կատարվում քեզ հետ, բացատրիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չեմ կարող։ Սա ոչ թե մոլորակ է, այլ վատ օդափոխվող հանդիսասրահ։ Բոլորը հավաքվել ու սպասում են։ Սպասում են, երբ մի հիմար հերթական մահացու համարը կցուցադրի։ Մի կտոր շաքարի համար։ «Դու պիտի հաղթես»… Ինչո՞ւ ես։ Ինչո՞ւ՝ պիտի, և անպայման՝ հաղթեմ։ Իսկ դու այդ ամենին նայում ես որպես ներկայացում։ Հետաքրքիր ներկայացում՝ ցլամարտ։ Այո, այո, դու պարզապես երբեք չես մտածել այդ մասին։ «Դու պիտի հաղթես»- վախենում ես, որ ցուլը կարող է ժամանակից շուտ ընկնել։ Քեզ դուր չի՞ գալիս, որ նա շունչը փչեց հարվածն ստանալուց առաջ։ Չի հաջողվի դիտել ներկայացումը մինչև վերջ։
ՆԵ — Հիմար ես…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ներիր… Իրավացի չեմ, դա մեզ չի վերաբերում։ Եվ սա, և մնացած ամենը, ինչի համար ապրում եմ, մեզ չի վերաբերում։ Դժբախտությունն այն է, որ դա մեզ չի վերաբերում։
ՆԵ – Զղջո՞ւմ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հետո՞ ինչ… այլ կերպ չեմ կարող։
ՆԵ — Պատմիր քո մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինչո՞ւ։
ՆԵ — Ես ոչինչ չգիտեմ քո մասին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի ժամանակ ուրիշ բան էիր ասում։
ՆԵ — Մի ժամանակ այդպես էի մտածում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իսկ հիմա՞։
ՆԵ — Հիմա քեզ չեմ հասկանում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Երբվանի՞ց։
ՆԵ — Թագավորի նախորդ այցից… չէ, ավելի վաղ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քեզ ի՞նչ է հետաքրքրում։
ՆԵ — Ամեն ինչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Տխուր և ոչ ուսանելի պատմություն է։
ՆԵ — Թող…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Քունդ կտանի։
ՆԵ — Չի տանի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կտանի։ Նման դեպքերում կանայք ինձ ասում են. «Ալքիմիկոս, քեզ հետ տխուր է, քեզ հետ քնել եմ ուզում…»։ Դե ինչ, պատմե՞մ։
ՆԵ — Սպասիր, մտածեմ… պատմիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Համարձակ կին ես։ (Հանդիսավոր։) Եվ այսպես, Ալքիմիկոսի կենսագրությունը։ (Դադար։ Արդեն շփոթված։) Գիտե՞ս, չկա… ծնվել եմ, սովորել եմ, ընդունվել-ավարտել եմ… Ինչ-որ բան արել եմ, ինչ-որ բան չեմ հասցրել անել… Արածս հիշում եմ։ Գիտեմ, ինչ չեմ հասցրել։ Ասենք, դա ոչ հիմա, ոչ երբևէ նշանակություն չի ունեցել։ Մեզ միայն թվում է, թե դա ինչ-որ նշանակություն ունի, այո՞։ (Համբուրում է։)
ՆԵ — Իսկ ի՞նչը նշանակություն ունի։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (անկեղծ)։ Դու… ես… մենք, մեզնից բացի ոչ մեկն ու ոչինչ։
ՆԵ — Այդպես մի խոսիր, թե չէ կհավատամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (կրկին ներփակվեց)։ Լավ, էլ չեմ խոսի։
ՆԵ — Ես սիրում եմ քեզ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Գիտեմ։
ՆԵ – Ինչո՞վ է պայմանավորված իմացությունդ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ես ճանաչում եմ կանանց ու վստահ եմ իմ ուժին։
ՆԵ — Այսօր մոտդ կմնամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ձանձրացրի՞։
ՆԵ — Հա, քնել եմ ուզում քեզ հետ։
Լույսն աստիճանաբար մարում է։ Երաժշտություն։ Դադար։ Ալքիմիկոսը վառում է ծխախոտը և լուցկու լույսով հասցնում ենք նկատել Նեի մերկ ուսերը։
ՆԵ — Լույսը վառիր։ Ուզում եմ քեզ տեսնել։
Լուսավորվում է։ Նրանք նստած են հատակին։
ՆԵ — (զննում է նրան, ասես առաջին անգամ է տեսնում)։ Ծերացել ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պարզապես հնի չափ ջահել եմ։
ՆԵ — Քեզ դայակ է պետք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Դա՞ ինչ է։
ՆԵ — Քո մասին հոգացող կին։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարծում ես, ժամանա՞կն է…
ՆԵ — Չգիտեմ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թեկնածու ունե՞ս։
ՆԵ — (շրջվում է, որ արցունքները չերևան)։ Ոչ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Կատակո՞ւմ ես։
ՆԵ — Կատակում եմ, բայց վատ, ի տարբերություն քեզ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ էիր ուզում ինձ ասել:
ՆԵ – Հետո:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (նկատելով նրա արցունքները): Բա՞ն է պատահել:
ՆԵ – Ոչ, թեև… չգիտեմ… մի խոսքով, ես պիտի գնամ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Մնալ էիր ուզում:
ՆԵ – Ոչ այդ իմաստով:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Հասկանում եմ:
ՆԵ – (լաց է լինում): Ոչինչ էլ չես հասկանում: Ես քեզ սիրում եմ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (հիմարավուն ժպիտով): Այս պահին մի քիչ անհասկանալի է, գուցե բացատրե՞ս:
ՆԵ – Այդպես պետք է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (բարձրանում է, հագնում վերնաշապիկը): Հիմա ամեն ինչ հասկանալի դարձավ: Վաղո՞ւց ես որոշել:
ՆԵ – Այո… չգիտեմ…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Դե ինչ, եթե կսպասես, գնամ շամպայն բերեմ:
ՆԵ – Պետք չէ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Իսկ հրաժեշտի ընթրի՞քը… ես կենաց ունեմ: Ուզում եմ ցանկանալ քեզ… ձեզ… չե՞մ սխալվում…
ՆԵ – Ոչ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – …երջանկություն:
ՆԵ – Շնորհակալ եմ:
Նա շփոթահար պտտվում է շուրջանակի, Նեն անձայն լալիս է:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Կարևորն այն է, որ քեզ սիրում է: Չէ, կարևորն այն է, որ դու ես սիրում նրան:
ՆԵ – Լռիր…
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (ցույց տալով անկողինը): Հա, շնորհակալ եմ շաքարի համար:
ՆԵ – Դաժան ես:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Դաժա՞ն… երևի թե պիտի մխիթարեի քեզ: Կամ ինձ… Չգիտե՞ս, նման դեպքերում ո՞ւմ են մխիթարում: Երևի թե ինձ: Լավ, ինչ եմ մի գլուխ իմ մասին խոսում: Չասացիր՝ ով է:
ՆԵ – Ինչո՞ւ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Իրոք որ, ինչո՞ւ:
ՆԵ — (դանդաղ հագնվում է)։ Լավ, կասեմ, ընկերդ է, հիշո՞ւմ ես, Թագավորի հետ էր եկել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Հա, ամեն ինչ ճիշտ է… ասենք, համարյա գիտեի։
ՆԵ — (վիրավորված)։ Կարծես դա քեզ չի հուզում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, դա ինձ չհուզեց, քառատեց։ Կատակում եմ։ Իսկ եթե լուրջ՝ դա ինձ մասնատեց։ Փոխարենը ձեզ միավորեց։
ՆԵ – Իսկապե՞ս անտարբեր ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Իհարկե ոչ, պարզապես ընդհանրացնում եմ. եթե թագավորությունում, ոչ բարդ տեղափոխությունների միջոցով, ամեն երեք մարդուց կարելի է հետաքրքիր հավասարում ստանալ՝ երկուսը միասին ու մեկն առանձին, թվաբանության մեջ դա կոչվում է «համադրության օրենք», ապա այնքան էլ վատ չէ… Թեև, եթե անկեղծ լինեմ, լավ բան էլ չկա… (Սևեռուն նայում է Նեին։) Դու չե՞ս ուշանում։
ՆԵ – Ե՞ս…
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Այո, այո, հիշում եմ, դու Արևելքի կին ես… Գնա, Աստված քեզ հետ, չէ… գնա մենակ, առանց Աստծո։ Այդպես ավելի ճիշտ է։ Ու բարևիր նրան իմ կողմից… համբուրիր…
ՆԵ — Պետք չէ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Պետք է, ես գիտեմ, ինչ եմ ասում։ Հո առաջինը չե՞ս, ում մարդու եմ տալիս։
ՆԵ — (անվճռական)։ Ես գնամ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Երջանիկ եղիր։
ՆԵ — Ներիր։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մի հիմարանա ու մի մոռանա ասածս։
ՆԵ — Լավ։ (Գնում է։)
Խավար։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Հայտնվում է Հեքիաթասացը։ Հնչում է երաժշտական թեման։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (հուզախռիվ)։ Օ՜, անսահման խելահեղություն։ Ո՞վ է ստիպում ձեզ ամեն անգամ կրկնել նույն մետամորֆոզը անբնական ու ֆանտաստիկ միջոցներով… Դժբախտ լերուք, որ ցանկանում եք գերազանցել բնությանն ու մետաղները դարձնել ավելի կատարյալ ձեր խելահեղ համառությամբ։ Աստված բնությանը տվել է անկասելի օրենքներ, իսկ դուք արհամարհում ու չեք կարողանում նմանակել նրան։
Լուսավորվում է լաբորատորիան։ Կենտրոնում ծնկաչոք Ալքիմիկոսն է։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Եսսիրում եմ քեզ։ Միայն հիմա, քո հեռանալուց հետո, հասկացա, թե ինչպես եմ քեզ սիրում։ Գիտեմ, անիմաստ է իմ խոսելը… գիտեմ, դու ինձ չես լսում։ Ես սիրում եմ քեզ ու եթե չասացի քեզ այս բառերը, միայն այն պատճառով, որ չհասցրի… Ես շատ բան չհասցրի։ Ներիր… այդպես էլ քեզ չասացի «սիրելիս», սիրային նամակ չգրեցի։ Ոչ մի անգամ քո տան մոտ չսպասեցի, մինչև կհանգի սենյակիդ լույսը, թեև քանի անգամ եմ մտածել այդ մասին…
Ես չհասցրի մեղանչել ու չհասցրի ներել։
Քեզ համար չմենամարտեցի։
Դահուկ քշել չսովորեցրի։
Չդիմավորեցի օդանավակայանում ու քեզ համար ծաղիկներ չգողացա։
Չհասցրի ուշանալ ժամադրությունից, պատմել իմ գաղտնիքը, իմանալ քոնը…
Չհասցրի հեռանալ ու չհասցրի վերադառնալ։ Անգամ չհասցրի ասել «Սիրում եմ քեզ»։
Հիշո՞ւմ ես անձրևը։ Մեր անձրևը։ Դու թրջվել էիր ոտից-գլուխ ու ես վախենում էի, որ կմրսես։ Ինձ թվում է, մտապահել եմ այդ անձրևի ամեն կաթիլը։ Միայն հիմա, բաժանումից հետո, հասկացա, թե ինչպես եմ սիրում քեզ…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (մոտենում, կանգնում է նրա թիկունքում, կարդում է)։ Եթե ծովի ջրերի փոխարեն սնդիկ լիներ, այն կվերածեի ոսկու։ Եթե… (Թուղթը կտոր-կտոր է անում ու շաղ տալիս։)
ԱԼՔԻՄԻԿՈՍ — (առանց շրջվելու)։ Դո՞ւ ես:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Ես եմ:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ է պատահել։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ինձ թվաց՝ ինչ-որ մեկին ես կանչում։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Բայց ոչ քեզ…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Չե՞ս ուզում ինձ տեսնել։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Մտքովս չէիր անցնում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ո՞ւմ էիր ասում այդ խոսքերը։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարևոր չէ… գնա այստեղից:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Կգնամ, բայց ոչ հիմա։ Ինչո՞ւ թողեցիր, որ գնա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Չթողնելու ձևը չգիտեմ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Նա սպասում էր դրան:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Դժվար թե…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – (ուսերը թոթվելով): Գուցե չես սխալվում:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Է՞լ ինչ ես ուզում:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Նա՞ էր:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ո՞վ:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ – Անձրևի տակ թրջվածը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Լպիրշ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — (պայթում է)։ Գիտե՞ս, դու ով ես։ Դու շաղակրատի մեկն ես։ Լսե՞լ ես այդ տեսակի մասին։ Նրանք միայն խոսում են սիրո մասին, այն էլ շշուկով, ինչպես դու։ Ինձ ես ասում, բայց ի՞նչ պակաս լպիրշն ես… ասենք, դու լպիրշ էլ չես։ Դու խլուրդ ես, ամբողջ կյանքդ բզբզում ես որջիդ մեջ, բողոքում ես կենսագրությունիցդ, աշխարհից, իսկ ինքդ թաքնվում ես կյանքից։ Զղջում ես, որ հեռացել է այն մեկը, ամենաառաջինը, կամ ամենասիրելին: Դու տառապում ես… Ու չես տեսնում, որ տառապանքդ էլ վատ է ստացվում։ Ես կարող էի օգնել քեզ, բայց չեմ օգնի։ Որովհետև ոչինչ չէր փոխվելու։ Լսո՞ւմ ես, ոչինչ… Դու սիրել չես կարող։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Տարօրինակ է:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ի՞նչը:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Եվ այս բառերը դու ես ասում, դու, որ սիրուն չես հավատում:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո, ես չեմ խաբում ոչ ինձ, ոչ ուրիշներին: Ես ազնիվ եմ վարվում:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ինձ էլ սովորեցրու:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Չասացիր՝ նա՞ էր:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Չգիտեմ… Դու հավասարում կազմիր ու հաշվարկիր:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Չեմ հասկանում, իմ մեթոդն ինչո՞ւ դուրդ չի գալիս:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Քո մեթոդն ինձ լրիվ բավարարում է: (Ինչ-որ ծորակ է բացում, լաբորատորիան աստիճանաբար լցվում է ճերմակ ծխով:)
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Դու էլ ես միշտ հաշվել: Մատների վրա հաշվում ես՝ ինչքան է մնացել… Կարծում ես՝ ապրում ես, իրականում միայն գոյատևում ես: Անգամ զգացմունքներդ ես անտեսում:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ի՞նչ ես ուզում ինձնից;
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Կանչում էիր, եկա։
ԱԼՔԻՄԻԿՈՍ – Ես չեմ կանչել:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Սխալվել չէի կարող:
ԱԼՔԻՄԻԿՈՍ – (այս պահից խոսում է առանց հուզումի): Ի՞նչ է սերը:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Աշխատավորների օպտիկական խաբկանք։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Կարելի՞ է ներել դավաճանությունը։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Օրենքներ, սահմաններ… և այլ պայմանականություններ. դրանք խաղալիքներ են մարդկության համար, որոնք ուրախություն պատճառելու փոխարեն ավելացնում են մեր տառապանքն ու հոգսը։ Ասենք, դրանք քեզ չպիտի հուզեն, դու թույլ մարդ ես։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Թո՞ւյլ…
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Այո։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Ասա, երբևէ երջանիկ կլինե՞մ:
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երջանկությունը հիմարների բաժինն է։ Անգամ կարճաժամկետ զգացմունքը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։ Հարցեր ես տալիս, որոնց արդեն պատասխանել եմ։ Ասենք, ամեն ինչ ճիշտ է. «Վիշապը կուլ է տալիս սեփական պոչը»։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Վերջին հարցը. ոսկին կստանա՞մ։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Ոչ… Արդեն հաստատ՝ ոչ։
ԱԼՔԻՄԻԿՈՍ — Միևնույն է, ոչնչի համար չեմ զղջում։
ՀԵՔԻԱԹԱՍԱՑ — Երբ արդեն երեսունն անց ես ու երեկ նորից ծննդյանդ օրն էր, երբ Թագավորը քեզ սկսել է դիմել «դու»–ով, իսկ դու դեռ «երիտասարդ մասնագետ» ես, երբ ընդունելության ես գնում համակուրսեցուդ մոտ, կամ վերադառնում համադասարանցուդ աշխատասենյակից, երբ հարսնացուդ հեռախոսով ասում է քեզ, որ այսօր ժամանակ չունի… ուրեմն ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, ինչ-որ բանում դու սխալ ես եղել, Ալքիմիկոս։
Այս մենախոսության ընթացքում Ալքիմիկոսը դանդաղ գնում է բեմի խորքն ու աստիճանաբար լուծվում ճերմակ մշուշի մեջ։
Ռուսերենից թարգմանեց
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ