ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն Խանջյանի հոբելյանական՝ 70-րդ տարեդարձին նվիրված շնորհավորանքս սկսեմ այսպես. «Իմ լավ բարեկամ, տաղանդավոր գրող, կրկին շեշտեմ՝ տաղանդավոր դրամատուրգ, սցենարիստ (կայքի ուղղվածությունը ուղղորդում է) և, ոչ պակաս կարևոր՝ կայացած, ինքնաբավ ստեղծագործող Գուրգեն Խանջյան, դու «Դրամատուրգիա» հանդեսի (ուրեմն՝ նաև իմ) կողքին ես եղել «Դրամատուրգիայի» կայացման առաջին օրից:
Հանդեսի 1-ին համարը սկսվում է քո «Թատրոն 301» պիեսով (մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչո՞ւ այդ հրաշալի գործը բեմական կյանք չստացավ), և ճակատագրին էր հաճո, որ հանդեսի տպագիր վերջին համարում (պարզապես հիշեցում՝ հաջորդները էլեկտրոնային տարբերակ են) ևս քո պիեսն էր՝ «Մի անգամ Երևանում»:
2000 թվականից, համարյա ամեն տարի, քո նոր, դեռ «թանաքը վրան չչորացած» պիեսները տպագրվել են հանդեսում ու դարձել կարևոր գրական երևույթներ, թատրոնի մարդիկ սպասել են քո հերթական Գործին, և այսպես՝ մինչև այսօր, և այսպես՝ դեռ երկար:
Պիեսներ են եղել, որոնք կարդացել եմ շունչս պահած, գոհացած՝ որպես ընթերցող ու հպարտ՝ որպես խմբագիր: Ու դու այն եզակի ստեղծագործողներից ես, որին շա՜տ հազվադեպ, բայց անկեղծ ու շիտակ կարող եմ նաև քննադատական խոսք ասել ու վստահ լինել, որ դրանից չի տուժի ոչ մեր բարեկամությունը, ոչ էլ «Դրամատուրգիան»:
Ես չեմ համակերպվում, որ քո պիեսների մի մասը չի արժանանում այն ուշադրությանը, որին իրապես արժանի է, և տուրք է տրվում այսօրեական գործերին, որոնք թեև պետք են որպես մեր իրականության ամրագրում, բայց խանգարում են քո՛ թատերագրության իրական բացահայտմանը: Բայց չհամակերպվելուն զուգահեռ ես համոզված եմ, որ քո բեմադրիչը (ները) գալու է (են)՝ իրենց հետ բերելով ԽԱՆՋՅԱՆ թատերագրի ԺԱՄԱՆԱԿԸ»:
Գուրգեն Խանջյանի հոբելյանական տարեդարձին նվիրված խոսքս ավարտեմ այսպես. «Ես հասկանում եմ, որ քո արձակի երկրպագուները (նրանց թվում՝ և ես) սպասում են (նաև՝ ես) քո հերթական վեպին կամ պատմվածքին, բայց իմացիր, որ մաղթելով քեզ առողջություն, ստեղծագործական երևակայության սահմանների նոր բացահայտումներ, ես առաջնորդվում եմ նաև նեղ եսասիրական մղումներով. «Դրամատուրգիան» սպասում է քո նոր պիեսներին»:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԵՏԱՀԱՅԱՑ
Կայքի ընթերցողներին ենք ներկայացնում Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ՝ տարբեր տարիներին գրված պիեսներից հատվածներ, որոնք առանձնացրել ենք հեղինակի ընտրությամբ:
ԲՈԼԵՐՈ
Բեմադրվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնում, Երևանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում, Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դիպլոմային աշխատանք, Ռադիոթատրոնում:

Գիշերային մութ գինետուն: Մի քանի սեղան, աթոռներ, ճաղապատ պատուհան, դուռ, հարևան սենյակ տանող միջանցք:
Գործող անձինք քնած են, յուրաքանչյուրը՝ մի սեղանի մոտ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — (արթնանում է, տնտղում սեղանին դրված գինու դատարկ շիշը): Էյ, գինի բերեք: Չեն բերում: Ձեզ եմ ասում, էյ, չեք լսո՞ւմ, գինի բերեք: Չեն լսում: Դե, եթե չեն լսում, մնում է՝ նորից քնել:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (արթնանալով): Կանչեցին: Հա, կանչեցին: Ինձ կանչում են: (Վեր կենալով:) Գալիս եմ, մի րոպե, հիմա… Բայց ո՞ւր է թղթապանակս: (Փնտրելով:) Թևիս տակ էր, ի՞նչ եղավ, առևանգեցի՞ն: (Գտնելով:) Ահա թղթապանակս, այստեղ է: Ինչ մութ է, գրողը տանի: (Բախվելով աթոռին:) Վախ… Ծունկս ջարդեցի: (Տնտղելով ծունկը:) Չէ, փառք աստծո, չեմ ջարդել:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Չաղմկել: Ո՞վ է համարձակվում աղմկել, երբ ես քնած եմ:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Դիտավորյալ չարեցի, այստեղ մութ է:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Մութ է, մութ է… Երբ խլուրդները դժգոհում են մթից, ուրեմն աշխարհում ինչ-որ բան խախտված է:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Ինձ կանչեցին նոր, դուք չէի՞ք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ոչ:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Բայց կանչեցին:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Երազ ես տեսել:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Երա՞զ… Մի րոպե… Ես… Ես այս ո՞ւր եմ ընկել: Որտե՞ղ եմ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Չգիտեմ: Ի՞նչ իմանամ, թե դու որտեղ ես:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Իսկ դո՞ւք, դուք որտե՞ղ եք, դա գոնե գիտե՞ք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ձեռ քաշի:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Ձեր անտարբերությունը զարմանալի է. չպարզե՞նք՝ որտեղ ենք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Պարզիր, միայն թե՝ անաղմուկ:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (չորս բոլորը տնտղելով): Չեմ հասկանում…
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ամեն բան հասկանալու մոլուցքը էդպես էլ չի լքում մարդուս:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (շարունակելով տնտղել): Կարծես թե պատուհան է… Բայց ճաղապատ է… Ինչպես հոգեբուժարանում: Հոգեբուժարա՞ն: Թու, էս ինչ զզվանք կպավ ձեռքիս ու պոկ չի գալիս: Սարդոստայն է: (Շարունակելով որոնել:) Սա էլ դուռը… Բայց փակ է: (Թակելով:) Մարդ չկա՞ այդտեղ, բացեք, էյ, բացեք, ո՞վ կա, բաց արեք, էյ…
ՏՂԱՄԱՐԴ Ա — Գլխով խփիր, գլխով:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Չեք օգնում, գոնե մի խանգարեք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Թղթապանակը, ինքը…
ՏՂԱՄԱՐԴ Բ — Թղթապանակիս չդիպչեք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ուֆ, գլուխս պայթում է:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Այդուհանդերձ փորձեք լարել ձեր հիշողությունը, հիմա դա կարևոր է:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Չեմ հիշում ու չեմ էլ ուզում հիշել. մարդուս տառապանքների հարուցիչն է հիշողությունը: Եվ բավական է սատանայի նման պտտվես, նստիր:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (նորից հրելով դուռը): Բացվիր, դե բացվիր, անտեր…
ԿԻՆ — Զուր մի տանջվեք, փակ է:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (ապշած): Ինչո՞ւ սկսեցիք կանացի ձայնով խոսել:
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի տղամարդու ձայնով խոսեմ:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Այստեղ էլի՞ մարդ կա: Բարի երեկո: (Տղամարդ Ա-ին.) Կին է:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ի՞նչ ես ասում: Մնում է գինի գտնենք:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (կնոջը): Գուցե դո՞ւք օգնեք պարզել այս առեղծվածը:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Նորից:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Այո, նորից: Ես զբաղված մարդ եմ, անորոշության մեջ երկար խարխափելու իրավունք չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Օ՜, նա զբաղված մարդ է, ասացեք խնդրեմ… (Գնում է հարևան սենյակը:)
ՏՂԱՄԱՐԴ Բ — Տարօրինակ անձնավորություն է, նրան ոչինչ չի անհանգստացնում:
ԿԻՆ — Գինետանն ենք:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Չէ հա: Անհնարին է: Ես գինետներում չեմ քնում երբեք, բացառվում է, այո, ինչ-որ բան շփոթել եք: Ինձ նայեք, մի՞թե ես նման եմ մեկի, որ կարող է…
ՏՂԱՄԱՐԴ Ա — (բերելով գինի, բաժակներ և մոմ): Ահագին էլ նման ես: (Կանխելով Տղամարդ Բ-ին:) Սակայն հիմա խմում ենք: Մոմը վառիր: (Բացելով շիշը:) Նստեք: (Կինը նստում է, Տղամարդ Բ-ն, մոմը վառելուց հետո, մնում է կանգնած:) Դե՞:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Ես չեմ խմում:
ԿԻՆ – Ինչո՞ւ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Պարոնը խմող չի:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Այո, չեք սխալվում:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Նա գինետուն է մտնում միայն քնելու համար:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Սրախոսություններ լսելու տրամադրություն չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Նստել կարո՞ղ եք, պարոն:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (նստելով): Զարմանալի բան է. ինչպե՞ս հայտնվեցի այս… այս կատակոմբում: Թշնամու ձեռքի գործ է, իսկական սադրանք, պրովոկացիա:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Մի հոգնացրու: Եվ հանգիստ նստիր, անդադար մի պտտվիր, ներվայնացնում ես:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Պարապ մարդու համար ի՞նչ կա:
ՏՂԱՄԱՐԴ Ա — (կնոջը): Ողջ լինես:
Խմում են:
ԿԻՆ — Ծխելը չէր խանգարի:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Լսեցի՞ր: Սիգարետ հյուրասիրիր կնոջը:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Հաճույքով: Բայց չունեմ:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Ուրեմն բեր:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Հեշտ եք ասում:
ՏՂԱՄԱՐԴ Ա — (հարևան սենյակը ցուցանելով): Էնտեղ կա, բեր:
ՏՂԱՄԱՐԴ Բ — Գուցեև կա: Բայց վերցրածի համար հետո պատասխան պիտի տանք. դուք փող ունե՞ք:
ՏՂԱՄԱՐԴ Ա — Փողն ու ես սկզբունքային թշնամիներ ենք: Սակայն պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Գնա:
ՏՂԱՄԱՐԴ Բ — (կնոջը): Դուք վկա եք: (Գնում է:)

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԵՐԳՉԱԽՈւՄԲ
Բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնում:

Պատկեր երկրորդ
Գերեզմանատուն: Կենտրոնում՝ դուռ ունեցող դամբարան, շուրջը՝ մացառներ, թփեր, գերեզմանաթմբեր:
Հայտնվում են Թափառականը և Կինը: Կնոջ աչքերը թաշկինակով կապած են, Թափառականն առաջնորդում է նրան:
ԿԻՆ — Անիծյալ խուզարկու, բա ասում էիր՝ երկու քայլի վրա՞ է տունդ: Ամբողջ քաղաքը ոտի տակ տվինք, վերջում էլ, թե՝ աչքերդ պիտի կապեմ, որ հետո տանս տեղը չգտնես: Շատ պետքս է տունդ: Հիմար եմ, է, ապուշ, էսքան ապրեցի, բայց խելք չհավաքեցի…
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հերիք է փնթփնթաս, էլի, այ կին, համարյա հասել ենք:
ԿԻՆ — Ոնց չէ, հասել ենք, ես էլ հավատացի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Էդ է, էլի, հավատ չունես, ոչ մի հատիկ: Ըհը, հասանք, վերջ, կարող ես հանել կապը:
ԿԻՆ — Վերջապես: (Հանում է կապը, զարմացած նայում շուրջը:) Ի… Սա հո գերեզմանատուն է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այո, ճշմարտացի եք, տիկին, գերեզմանատուն է:
ԿԻՆ — Այ քեզ փորձանք: Էսպիսի բան իմ բազմափորձ կյանքում դեռ չի հանդիպել. տանիք բարձրացրել են, նկուղ՝ իջեցրել, զբոսայգու նստարանին՝ պատահել է, ջրի մեջ, ծառի վրա նույնիսկ, բայց գերեզմանատանը…
ԹԱՓԱՌԱԿԱՆ – Տեսնո՞ւմ ես, ինչ հրաշալի ստացվեց:
ԿԻՆ — Սրա ի՞նչն է հրաշալի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հրաշալի չէ՞, որ մարդ քո տարիքում դեռևս չի կորցրել զարմանալու ունակությունը:
ԿԻՆ — Ես եմ մեղավոր, հիմար եմ, ապուշ… Իսկ կնոջ տարիքից խոսելը մեծագույն անքաղաքավարությունն է, պարոն, ձեզ վատ են դաստիարակել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Դե լավ, թմբլիկս, մի զայրացիր, գիշերային գերեզմանատունն իր հմայքներն ունի:
ԿԻՆ — Ի՞նչ եք ասում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այո: Նայիր, ինչ լուռ է, խաղաղ, չորս կողմդ լիքը մարդ կա, բայց ոչ ոք ձայն չի հանում:
ԿԻՆ — Բռռռ, էդ մեկը իզուր ասիր:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Դու ողջերից զգուշացիր, սրանցից վնաս չկա:
ԿԻՆ — Իսկ որտե՞ղ ենք քնելու, բաց երկնքի տա՞կ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ – Ինչո՞ւ: (Դամբարանը ցույց տալով:) Այս գողտրիկ կացարանն ի՞նչ վատ է:
ԿԻՆ — Սա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Իհարկե: Երկուսը երկուսուկեսի վրա. կարծում եմ՝ կբավականացնի: Զուգարան, լոգարան չկա, բայց ունեմ տուրիստական քնապարկ, նավթավառ…
ԿԻՆ — «Նավթավառ»: Բոմժ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այո, նավթավառ: Ճիշտ է, երբեմն աշխատում է, երբեմն՝ հըը, նայած տրամադրության, բայց մոմ էլ ունեմ, այսինքն՝ պիտի ունենայի, եթե մկները չեն կերել: Ես նայեմ՝ գինին տեղո՞ւմ է, թե՞ խմել եմ: (Մտնում է դամբարան, դուրս գալիս՝ գինին ձեռքին:) Կա, մնում է: (Բացելով շիշը:) Նստենք:

Նստում են գերեզմանաքարին, խմում են շշից:
ԿԻՆ — Թթված է ոնց որ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հա՞ որ… Չզգացի: Երևի հենց դրա պատճառով էլ չեն խմել: Բայց ես չզգացի, անկեղծ:
ԿԻՆ — Ո՞վ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ես:
ԿԻՆ — Հարցնում եմ՝ ո՞վ չի խմել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Հա: Ապա մի կում էլ փորձենք: (Խմելով:) Հրաշալի գինի է: Երեկ անցնում էի էս կողմերով, տեսնեմ՝ գերեզմանաքարի մոտ երկու շիշ է դրված, մեկը լիքը, մյուսը կիսատ: Կիսատը չվերցրի, ի՞նչ իմանաս, թե հիվանդ մեկը չի խմել, հիմա էլ արի թոքախտ ընկի կամ եսիմ ինչ: Ճիշտ եմ վարվել, չէ՞:
ԿԻՆ — Անշուշտ:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բայց հետո փոշմանեցի, գնացի՝ վերցրեցի. գինին հո չէ՞ր կորչելու: Ասում են, գինու մեջ բացիլներն անվնաս են դառնում, հարբում են ու կորցնում հետաքրքրությունը թիրախի նկատմամբ:
ԿԻՆ — Լսի, դու երևի բոմժ ես, թափառական:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ դե դու էլ… Չէ: «Թափառական»: Հավես կա, էս տարիքիս… Չէ, ես ունեցել եմ իմ տունը, էն էլ ինչ տուն… Սակայն իրավիճակներն այնպես դասավորվեցին, որ ստիպված էի… Մի խոսքով, չընկնենք մանրամասների մեջ, ամեն բան չէ, որ ուզում ես պատմել: Ոչինչ, ես մի օր դրանց հախից կգամ: Իսկ այս ժամանակավոր կացարանը պահին շատ հարմար է, այստեղ ինձ ոչ ոք չի գտնի, չի էլ փնտրի. ո՞ւմ մտքով կանցնի, որ գերեզմանատանն եմ:
ԿԻՆ — (քթի տակ): Թե ում ես պետք, որ փնտրեն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ի՞նչ, չլսեցի, ինչ-որ թունոտ բան ասիր, չէ՞, դեմքիցդ տեսնում եմ:
ԿԻՆ — Ասացի՝ հակառակորդին թերագնահատել պետք չի:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Ահ, նրանք դեռ շատ հաց ու ջուր պիտի ուտեն, որ իմ մտահղացումները կռահել կարողանան:
ԿԻՆ — Լավ, իսկ էս դամբարանի տերերը չե՞ն բողոքում:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Բացառվում է, ես հենց էնպես գործ չեմ բռնում, ամեն բան մտածված է, հաշվարկված: Այս գերեզմանը տեր չունի, ես եմ հիմա նրա միակ տերը:
ԿԻՆ — Մեծ ձեռքբերում է:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Այստեղ մի կին է թաղված, որի թոռնիկը ութսունն անց մի ծերուկ էր, մահացավ վերջերս. գերեզմանի վերջին տերն էր: Հիմա ուրիշ ոչ ոք չի այցելում խեղճ կնոջը: Եվ ինչքան գեղեցիկն է: Այնտեղ, քարի վրա նկարը կա, գնա նայի:
ԿԻՆ — (մտնում է դամբարան, ներսից): Իսկապես սիրուն կին է: Եվ ընդամենը երեսուն տարեկան: Խեղճ: Տեսնես ինչից է մահացել:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Սպանել են, խանդի հողի վրա, հենց անկողնում՝ մերկ ու հերարձակ. բարձը սեղմել են դեմքին ու…
ԿԻՆ — Էհ, մի օր էլ ինձ այդպես կսպանեն:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Քե՞զ… Չեմ կարծում:
ԿԻՆ – Ինչո՞ւ, անիծյալ թափառական, արժանի չեմ, հա՞:
ԹԱՓԱՌԱԿԱՆ — Չէ, ինչո՞ւ, արժանի ես, վրա մի տուր, պարզապես հիմա խանդի հողի վրա սպանություններ չեն լինում, այ եթե ադամանդներ ունենայիր, ոսկի, փող: Խմենք, չխմե՞նք:

ԻՆՁՆԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ
Բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Հալեպի հայկական թատրոնում, բեմադրել է Ռաֆայել Քոթանջյանի թատերախումբը:

Թամարը դուրս է գալիս, Տիգրանը միացնում է համակարգիչը: Փափուկ, գաղտագողի սենյակ է մտնում Շխոն և աննկատ նստում բազկաթոռին: Ծխում է:
ՏԻԳՐԱՆ — (վերջապես նկատելով): Ո՞վ ես, որտեղի՞ց, ինչո՞ւ… Է՜յ, Սաքո՛, Կա-րո՛…
ՇԽՈ — (Տիգրանի բերանը ձեռքով փակելով): Շուխուր մի գցի, նստի, հան-գիստ… Ի՜:
ՏԻԳՐԱՆ — Բայց ո՞վ ես:
ՇԽՈ — Շխոն եմ:
ՏԻԳՐԱՆ — Դա ինձ ոչինչ չի ասում. ո՞վ ես, եղբայր:
ՇԽՈ — Չհասկցանք. խի դո՞ւ ով ես: Ասինք՝ Շխոն եմ, էդի քեզի հերիք չի՞: (Տես-նելով, որ
Տիգրանն ուզում է հեռախոսը վերցնել:) Մոռցի: (Հանում է ատրճանակը, դնում սեղանին:) Սխալ դվիժենի չտենամ:
ՏԻԳՐԱՆ — Լավ: Ձեր ուզածն ասեք:
ՇԽՈ — Մի վռազի, վռազողի մերը տղա չի բերի, էսի ծխեմ՝ կխոսենք, համ էլ մի քիչ նայեմ քեզ:
ՏԻԳՐԱՆ — Որ ի՞նչ:
ՇԽՈ — Հեչ: Հետաքրքիր մաստ ես:

Գալիս է Թամարը՝ ընթրիքի մատուցարանով:
ԹԱՄԱՐ — Վա՜յ… Ո՞վ է այս մարդը:
ՏԻԳՐԱՆ — Շխոն: Դու չես թողե՞լ ներս:
ԹԱՄԱՐ — Ես չեմ թողել, դուռը փակ է, գնա նայի:
ՇԽՈ — Էդ էր պակաս՝ իմ մտնելը տենայիք: Բարի իրիգուն, քուր ջան:
ԹԱՄԱՐ — Բարի: Շխոյին էլ ընթրիք բերե՞մ:
ՏԻԳՐԱՆ — Կարծում եմ՝ նա ընթրելու չի եկել:
ՇԽՈ — Հա, լավ կերած եմ. խաշլամա, խորոված-բան… Բայց մի հատ լավ չայ բեր, քուրս, չիֆիր:
ԹԱՄԱՐ — Աչքիս վրա: (Սեղանին է դնում ընթրիքը, ապա, իբր չհասկանալով, սեղանից վերցնում ատրճանակն ու դնում սկուտեղին:)
ՇԽՈ – Ի…Էս ո՞ւր:
ԹԱՄԱՐ — Ավելորդ իրերը չհավաքե՞մ սեղանից:
ՇԽՈ — (ատրճանակը գրպանը դնելով): Շատ շուստրի կնիկ ա, զենքս տանում էր: Կնգա հարցում բախտդ պոլնի խոդ բերել ա, ախպեր:
ԹԱՄԱՐ — Խաղալիք էր, չէ՞:
ՇԽՈ — Շխոյին ձեռ ես առնո՞ւմ:
ԹԱՄԱՐ — Իսկական է՞ր… Վա՜յ… (Իբր ուշագնաց՝ ընկնում է բազմոցին:)
ՇԽՈ — Իսկականից շատ շուստրի ա: Է, քուր, թատրոնը պրծավ, վեր կաց, գնա չայը բեր:
ԹԱՄԱՐ — (աչքերը բացելով): Հը՞:
ՏԻԳՐԱՆ — Գնա, Թամար ջան, ինձ բան չի պատահի, զրուցում ենք:
Թամարը դուրս է գալիս:

ՇԽՈ — Հալալ ա, սենց կնգա հետ չես կորի, ախպեր:
ՏԻԳՐԱՆ — Շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ…
ՇԽՈ — Ընձի հանցագործ աշխարն ա ուղարկել. հանցագործ աշխար պլյուս:
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ պլյուս:
ՇԽՈ — Ստվերային տնտեսություն:
ՏԻԳՐԱՆ — Դա՞ ինչ կապ ունի:
ՇԽՈ — Որ լավ մտածես՝ ունի: Վաբշե ամեն բան էլ մեզ հետ կապ ունի: Հենց նախարարները կամ վարչապետը, կարծում ես, մեր հետ կապ չունե՞ն:
ՏԻԳՐԱՆ — Իրենք հենց հանցագործն ու ստվերայինն են, էլի:
ՇԽՈ — Բայց՝ փոքր կալիբրի, առանց մեր պադդերժկի՝ հեչ, փուչիկ, րոպեական կարանք տրաքցնենք, ախպեր:

Թամարը բերում է թեյը:
ՇԽՈ — Շնորակալ եմ, ցավդ տանեմ:
ԹԱՄԱՐ — Խնդրեմ: Ինչ համակրելի տղա է:
ՇԽՈ — Վախ: Ծծովի կանֆետ չկա՞ տանը:
ԹԱՄԱՐ — Միայն շոկոլադ:
ՇԽՈ — Լավ, սենց կխմեմ, դարդ մի արա:
ՏԻԳՐԱՆ — (Թամարին): Մեզ մենակ թող:
ՇԽՈ — Մենակ չէ, էրկուսով. հանրահաշվից թուլ ե՞ս, ապեր: Գնա, քուր ջան:
Թամարը գնում է:

ՇԽՈ — Մի խոսքով, ախպեր, մենք էս ընտրական դվիժենուն ուշադիր հետևում ենք, ջոկում ես, չէ՞, ինչ եմ ասում: Սկզբում ուզում էինք մեր մարդուն դնենք, բայց հետո էղած թեկնածուներին նայեցինք ու տեսանք, որ դրանք էլ մերն են, չարժի էս գործի վրա լիշնի մարդ զբաղացնել: Ու անկեղծ ասեմ՝ դու ոնց որ ամենահարմարն ես մեզի:
ՏԻԳՐԱՆ — Ինչո՞ւ որ:
ՇԽՈ — Դեհ, էսի ասելու բան չի, նյուխով ենք ջոկում: Ստորագրություն պտի հավքվի՞:
ՏԻԳՐԱՆ — Հավաքում են:
ՇԽՈ — Գալո՞ւստը: Էտի կհավքի, շատ բոզի տղեն ա: Փող ա պե՞տք:
ՏԻԳՐԱՆ — Հավաքում են:
ՇԽՈ — Լավ ա, թող հավքեն: Մենք էլ ձեռ կբռնենք: Բայց…
ՏԻԳՐԱՆ — Ի՞նչ բայց:
ՇԽՈ — Փողի անուն լսեցիր՝ աշխուժացար, ապեր, աչուկներդ պլպլաց: Հարցեր կան:
ՏԻԳՐԱՆ — Ասա:
ՇԽՈ — Նախագա դառար, մեզ չպտի կպնես, վաբշե:
ՏԻԳՐԱՆ — Բա որ հիմա ասեմ՝ հա, հետո կպնե՞մ:
ՇԽՈ — Ի՜: Ապե, մի օր էլ կզարթնես՝ կտենաս չկաս, ջոկի՞ր, էտի մեր հմար մեկ անգամ մեկ ա: Մեզ չպտի կպնես, մեր տերիտորյաներին չպտի կպնես, դրանց մենք ենք կթում, բայց մի վախի, քեզ էլ մի բան կհասցնենք:
ՏԻԳՐԱՆ — Բա որ երկիրը բարդակ դառնա՞:
ՇԽՈ — Վիրավորիր, ախպեր: Մենք երկիրը զակոնի մեջ կպահենք, այ, որ մեր հետ լեզու չքթար, էդ վախտ իսկականից բարդակ կդարձնենք: Մի մտածի, ամեն ինչ լավ կլնի, թե որ քեզ ճիշտ պահես: Ուրեմն սենց, մեր տղերքից քեզ թիկնապահ կվերցնես. պինդ, քարի պես տղեք են, աշխատակազմիդ մեջ էլ մի հոգի մեզնից կլնի, որ կապը պահի, մոմենտի տակ կարող ա պետք գա, չէ՞: Աղավարի կապրես, երկրիդ մեջ պրոբլեմ չես ունենա, տո հենց դրսում էլ, հա, հաստատ, մեր ձեռները երկար են: Մտածի տես, թե չէ ստավկեն ուրիշի վրա կդնենք ու քու համար լավ չի ըլի:
ՏԻԳՐԱՆ — Քանի՞ օր եք տալիս մտածելու:
ՇԽՈ — Ի՛: Էդ ռիթմով ես աշխատելո՞ւ. ասա կորանք, էլի: Ոչ մի օր, հիմա վռազ մտածի, մինչև ես չայս խմեմ:
ՏԻԳՐԱՆ — Պայմանագիր պիտի կնքե՞նք:
ՇԽՈ — Բա ո՞նց, նատարյուսով էլ հաստատենք, թերթում էլ հայտարարություն տանք: Խնդալու բաներ մի ասա: Խոսքը հերիք ա:
ՏԻԳՐԱՆ — Չխորհրդակցե՞մ:
ՇԽՈ — Հռոմի պապի հե՞տ:
ՏԻԳՐԱՆ — Չէ, կուսակցության:
ՇԽՈ — Գալուստ-մալուստների՞: Ապեր, ինձնից քեզ խորհուրդ, դրանցից ինչքան շուտ ազատվես՝ քու օգուտն ա:
ՏԻԳՐԱՆ — Կօգնե՞ք:
ՇԽՈ — Տենանք հլա: Թող ընտրություններն անցնի: Հը՞, մտածեցի՞ր: Դե թխի գա:
Միմյանց ձեռք են սեղմում:
ՇԽՈ — Ապրես: Քեզ մի գաղտնիք ասեմ՝ դու լավ էլ պրեզիդենտ կլնես: Դե ես գնացի: Մեր վստրեչի մասին, ինքդ ես ջոկում, ոչ ոք չիմանա: Խատյա, ապեր, իմանում են՝ իմանան, էտի մեզ ի՞նչ պտի անի որ, հը՞: (Ծիծաղում է:) Բայց դե որ չիմանան՝ ավելի լավ, նավսյակի:

Հայրիկն է գալիս:
ՇԽՈ — Ի՜: Էս ի՞նչ կայֆ պապիկ ա, ախպեր, վայ քու ցավը տանեմ: (Հայրիկի թուշը կճմտելով:) Բու-բու-բու… Վախցա՞ր, դե բլդուղ:
ՏԻԳՐԱՆ — Հայրս է:
ՇԽՈ — Հա՞: Բարև, հեր ջան: Ի: Բարևս խի՞ չի առնում, կարող ա՞ բես եմ:
ՏԻԳՐԱՆ — Չի խոսում: Պատերազմում էսպես եղավ:
ՇԽՈ — Դու չգնացիր կռիվ, հորդ ղրգիր, չէ՞, Տիկո… Շատ շուստրին ես, է՛: Բա որ ասում եմ՝ լավ պրեզիդենտ կլնե՞ս: Մեր համար արուն ա թափել մեր հերը, ես քու կյանքին մեռնեմ, բու-բու-բու-բու: Տեսնում ե՞ս, Տիգրան ախպեր, բա մենք իրավունք ունե՞նք էս մարդուն խաբենք, երբեք, էտի մեզ չի ներվի, կարգին երկիր պիտի սարքենք: (Հայրիկին.) Այ հեր, ասում եմ՝ տղուդ հետ կարգին երկիր սարքենք, որ դու էլ մեջը քու համար գուլյատ ըլնես, աղավարի ֆռֆռաս: Կուղարկենք Բադեն-Բադեն, բուժվես, ծտեր կապես, բա ո՞նց:

Հայրիկը, հոգնած, ձեռքը թափ է տալիս, գնում:
ՇԽՈ — Չհավատաց: Մարդու հավատը կորցրել ես, Տիկո, բա սենց հեր են պա-հո՞ւմ, այ ախպեր:
ՏԻԳՐԱՆ — Ոնց կարացե՝ պահել եմ, քու հնարավորությունները չկա վրես:
ՇԽՈ — Ի, գողականի անցա՞ր: Ասում եմ, չէ՞, շատ շուստրին ես, թաքնված տա-ղանդ, վունդերկինդ: (Կողքի սենյակից լսվում է Հայրիկի տխուր դուդուկը:) Էսի որդի՞ց ա, ապեր:
ՏԻԳՐԱՆ — Հայրիկն է:
ՇԽՈ — Վա՛խ: Ուղիղ սրտիս խփեց…
ՏԻԳՐԱՆ — Հիշողություննե՞ր արթնացան:
ՇԽՈ — Հա:
ՏԻԳՐԱՆ — Երևի ձեր ծնողներին հիշեցիք, չկան, հա՞:
ՇԽՈ — Խի՞, լավ էլ կան: Չէ: Նադյային հիշեցի, Կրիվոյ Ռոգ, նստած էինք:
ՏԻԳՐԱՆ — Նադյան էլ էր նստա՞ծ:
ՇԽՈ — Էտի արդեն քեզ չի վերաբերվում, քու թեման չի: Արի ստե: Արի ստե, արա: (Մի կապուկ փող է հանում, դնում սեղանին:) Առ, էսի քեզ մանդր—մունդր ծախսերի համար: Մեր քրոջը շոր-մոր կառնես, մեր հորը՝ պամ-պերս-մամպերս-պաբիրոզ-բան… Մի խոսքով, կարգին շողուլի էկեք, աշ-խարի դեմ ենք հելնում, հո խայտառակ չե՞նք ըլնելու: Դե դավայ: Ինձ ճամ-փու դնել պետք չի, սովոր չեմ, կոշտ մեձըցած տղա եմ: Գալս իմացա՞ր, որ գնալս իմանաս: (Երգելով գնում է:) «Ճամփեն պիտի չիմանա, թե ուր կեր-թամ ես»:
ՏԻԳՐԱՆ — Հաջող:
ՇԽՈ — Հաջող: Փողը ծախսի, չդնես բանկ՝ քնցնես, էլի կտանք՝ թե քեզ լավ պա-հեցիր:

Ներս է գալիս Թամարը:
ԹԱՄԱՐ — Գնա՞ց: Ո՞վ էր այդ համակրելի պարոնը:
ՏԻԳՐԱՆ — Երկրի իրական տերը:
ԹԱՄԱՐ — Բա ո՞նց է լինելու:
ՏԻԳՐԱՆ — Առայժմ միասին տիրություն կանենք, հետո… հետո կերևա… Մի բան կմտածեմ: Մեկին քսի կտամ մյուսի վրա, էն մյուսին՝ էն մեկի… վեր-ջում կմնամ ե՛ս, ե՛ս, Ե՛ս:

ԾԵՐՈՒԿԻ ԱՅՑԸ
Բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում («Քարերը հավաքելու ժամանակը» վերնագրով)

Հյուրասենյակ, բազմոցին նստած է Ծերուկը, կաթսան ու գդալը ձեռքին` շիլա է ուտում: Առավոտ է: Սուրճը ձեռքին` գալիս է Աշոտը, ծխում է պատուհանի մոտ, սուրճ է խմում: Գալիս է Հասմիկը, հեռախոսը ձեռքին, խոսում է: Ծերուկին չեն նկատում:
ՀԱՍՄԻԿ — (հեռախոսով): Արթնացել ենք, հա, մամ ջան, Աշո՞տը… Լավ է Աշոտը, Աշոտի՞ն ինչ է եղել, սուրճ է խմում… Ես էլ լավ եմ, ես էլ եմ ուզում սուրճ խմել… Հա, կխմեմ…
ԱՇՈՏ — (ինքն իրեն): Ամեն մանրուք նրան հետաքրքրում է` քնեցիք, արթնացաք, բան արիք, հագնվեցիք, խմեցիք… (Հասմիկին.) Մորդ ասա` մազերս դեռ չեմ սանրել, բայց լվացվել եմ, ատամներս էլ մաքրել եմ արդեն, հա, երազում իրեն եմ տեսել, ոտքը ջարդել էր:
ՀԱՍՄԻԿ — (փակելով հեռախոսը): Մի ծաղրի, մեծ կին է, թող հարցնի, ի՞նչ անենք: (Հեռախոսով:) Հա, մամ ջան: Չէ, Նարեն դեռ քնած է… Կզանգեմ, իհարկե: (Անջատում է հեռախոսը:)
ԱՇՈՏ — Ուշանում եմ, նախաճաշը դիր, գամ խոհանոց:
ՀԱՍՄԻԿ — Կիրակի է, Աշոտ:
ԱՇՈՏ – Մեր խանութը կիրակի էլ է աշխատում է, դեռ չվարժվեցի՞ր:
ՀԱՍՄԻԿ — Բայց քո կիրակնօրյա գործից հետո հագուստիդ կանանց մազ է մնում սովորաբար:
ԱՇՈՏ — Իհարկե հաճելի է, երբ կինը խանդում է, ինչպես ասում են` խանդում է, ուրեմն սիրում է, բայց մազը թույլ փաստարկ է, մազը այնպիսի մի բան է, որ ոնց ասես կկպչի, օրինակ` քամով:

Աշոտը ծխում է, ծուխը հասնում է Ծերուկին, Ծերուկը հազում է:
ՀԱՍՄԻԿ – Ոնց ես հազում… Քեզ բոլորովին չես ափսոսում, Աշոտ:
ԱՇՈՏ – Չեմ հազում, բայց թողնելու եմ, հենց պաշտոնիս բարձրացման հարցը լուծվի` թողնելու եմ:

Ծերուկը նորից է հազում:
ՀԱՍՄԻԿ – Ոնց չես հազում, որ հազում ես:
ԱՇՈՏ — Ես չեմ, երևի հարևանն է պատշգամբից:
ՀԱՍՄԻԿ — (հեռախոսին պատասխանելով): Հա, մամ ջան, խմում եմ արդեն… Նարե՞ն, դեռ ոչ, չի ուշանա, մի անհանգստացիր, հա, կզանգեմ, իհարկե: (Հեռախոսը անջատում է, բայց այն նորից է զանգում:)
ԱՇՈՏ — (վերցնելով Հասմիկի ձեռքից հեռախոսը): Հեռախոսին մնաց` ես նախաճաշը ճաշի ժամին կուտեմ: (Աչքն ընկնում է հեռախոսահամարին:) Էս ի՞նչ համար է…
ՀԱՍՄԻԿ – Ինչ իմանամ… Սխալվել են երևի…
ԱՇՈՏ – Սխալվել են ասում ե՞ս… (Հանկարծ նկատում է Ծերուկին:) Ի, էս ո՞վ ա:
ԾԵՐՈՒԿ — (վեր կենալով, ներկայանալով): Ուշու, աշա, բայե…
ՀԱՍՄԻԿ — Աստված իմ…
ԱՇՈՏ — Հասմիկ, սա ո՞վ ա, կբացատրե՞ս վերջապես:
ՀԱՍՄԻԿ — Ի՞նչ իմանամ… Կարող ա՞ գիշերը խմած ես եղել` հետդ ես բերել:
ԱՇՈՏ — Էլ բերելու բան չեմ գտե՞լ: Համ էլ ես խմած չէի:
ՀԱՍՄԻԿ — Խմած էիր:
ԱՇՈՏ — Ասում եմ` ոչ, տիկին, էնպես, թեթև: Էս ի՞նչ է ուտում էսպես հավեսով:
ՀԱՍՄԻԿ — Քո նախաճաշը:
ԱՇՈՏ – Վայ, անաստված… Ո՞վ ես, արա, ո՞նց ես հայտնվել իմ տանը:
ԾԵՐՈՒԿ — Ուշու, աշե, էյե…
ԱՇՈՏ — Խոսքը կտուրը մի գցի, կարգին խոսի` տեսնենք ով ես:
ԾԵՐՈՒԿ — Աշե, աշե…
ՀԱՍՄԻԿ — Թլիկ է:
ԱՇՈՏ – Նարեին կանչի, գուցե նա իմանա:
ՆԱՐԵ — (գալով): Էս ի՞նչ աղմուկ է, ի՞նչ է եղել, էլի վիճում ե՞ք, մի առավոտ չեղավ` հաշտ արթնանաք: Վայ, էս ի՞նչ պուպուշ պապիկ է, ո՞վ է:
ԾԵՐՈՒԿ — (ներկայանալով): Ուշու, խաշա:

Աշոտը գնում է դուռը ստուգելու:
ԱՇՈՏ — (վերադառնալով): Դուռը փակ է, ո՞նց է մտել:
ԾԵՐՈՒԿ — (ցույց տալով, թե դուռը բաց էր, ինքն է փակել): Դույե, ասե, մեշե, փայե:
ԱՇՈՏ – Ինչ ա ասում, է:
ՆԱՐԵ — Ասում է` բաց էր, ես եմ փակել:
ԾԵՐՈՒԿ — (հաստատելով): Աշե, աշե:
ԱՇՈՏ – Չհասկացա, որտեղ բաց դուռ ես տեսնում, մտնում` հակառակ կողմից փակում ե՞ս, այ քո… ցավը տանեմ:
ՆԱՐԵ — Հայրիկ, մի բարկացիր, մեծ մարդ է, ինչ-որ բան շփոթել է երևի…
ԱՇՈՏ – Լավ, չեմ բարկանում: (Ծերուկին.) Ապրես, շնորհակալ ենք, եկար, դուռը փակեցիր, շիլաս կերար, հիմա գուցե գնա՞ս:
ԾԵՐՈՒԿ — Շե, շե, ուշու, ուուո՜ւ:
ԱՇՈՏ – Պարոն, էլ ոչ մի աշե-մաշե, եկար, տեսար, կերար, հիմա գնա, հա՞, գնա` քանի ոստիկան չենք կանչել:
ԾԵՐՈՒԿ – Շե, իշի, շայե…
ՀԱՍՄԻԿ — Բան գողացած չլինի, հազիվ մի երկու ոսկի ունեմ…
ԾԵՐՈՒԿ — (վիրավորված): Վաշ, ուֆ…
ՆԱՐԵ — Նրա դեմքին նայեք, այսպիսի մարդը գողություն կանի՞:
ԱՇՈՏ – Դու մարդկանց դեռ լավ չես ճանաչում, աղջիկս, մարդիկ հենց այսպիսի դեմքերով են չարագործություններ կատարում:
ԾԵՐՈՒԿ — Ահաա՜… Շաե, մաշե, ուշու… (Գրպանները շրջելով:) Էշե, էշե…
ՆԱՐԵ — Մարդ է, տուն է եկել, թող մնա մի քիչ, մի հատ սուրճ առաջարկեք: Հյուրն աստծուց է:
ԱՇՈՏ — Առավոտ կանուխ հյուրը սատանայից է: Դավայ, բիձուկ, գնա արդեն, մենք գործեր ունենք:
ՆԱՐԵ — Հայ քրիստոնյան հյուրին տանից չի հանի:
ՀԱՍՄԻԿ — Գուցե մի հատ էլ թե՞յ տանք…
ՆԱՐԵ — Տանք, ի՞նչ է եղել:
ԱՇՈՏ – Չէ մի, կոնյակ… Ո՞վ է նրան հրավիրել, որ թեյ տանք:
ԾԵՐՈՒԿ — (հիասթափված): Իշշշ… (Շարունակում է ուտել:)
ԱՇՈՏ — (համբերությունը հատած): Այ մարդ, դե արի, է՛… (Փորձում է ուժով հանել տանից Ծերուկին:)
ՀԱՍՄԻԿ – Ի՞նչ ես անում, Աշոտ:
ԱՇՈՏ — Գրկեմ` հանեմ դուրս:
ՀԱՍՄԻԿ – Մի արա, հանկարծ գլուխը մի տեղ կխփի` կմնա, փորձանք է:

Աշոտը թողնում է ծերուկին, վերջինս էլի նստում է բազմոցին:
ԱՇՈՏ – Լավ, բա ի՞նչ անեմ…
ՀԱՍՄԻԿ — Զանգիր ոստիկանություն, թող գան, տանեն:
ԱՇՈՏ – Այո, ուրիշ ճար չկա: (Զանգում է:) Ոստիկանությո՞ւնն է… Մեր տան վրա ավազակային հարձակում է կատարվել… Մի հոգի, մի բիձուկ… Չի ենթարկվում… Գողությո՞ւն… Չէ ոնց որ… Բազմոցին նստած` շիլա է ուտում… Չենք ճանաչում, չէ, առաջին անգամ ենք տեսնում… Ի՞նչ է ասում, ասում է` ուշու, աշա… Չէ, թլիկ է, կլիչկեն չի, իսկականից թլիկ է… Այսինքն՝ ի՞նչ իմանամ, գուցե դերասանություն է անում: Եկեք, այո: (Անջատելով հեռախոսը:) Ըհը, հիմա կգան:
Ծերուկը ավարտում է ուտելը, խոնարհվում ի նշան երախտագիտության, փորը բռնած սլանում է զուգարան:

ԷՍ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:

Դռան զանգ:
ՍՈՆԱ — Էս էլ Արամս: Գոնե մի օգնող եկավ:
Նունեն գնում է դուռը բացելու:
ՆՈՒՆԵ — (վերադառնալով): Էն Թորգոմն ա:
ՍՈՆԱ — Թորգո՞մը… Լավ նշան չի…
ԱՇՈՏ — Հարևան է, եկել է, մի գործ կունենա, ինչո՞ւ չեք բացում, ի՞նչ շնորհք է:
ՆՈՒՆԵ — Ես չեմ բացի, ես դրան տանել չեմ կարող, փոքր ժամանակ որ բակում գնդակ էինք խաղում, գնդակները բռնում, ծակում էր:
ԱՇՈՏ — Դուք էլ ապակի էիք ջարդում: Սոնա ջան, գնա, բացիր, ամոթ է:
ՍՈՆԱ — Էդ էլ ես անե՞մ: Ես աշխատում եմ, չես տեսնո՞ւմ:

Աշոտը գնում է դուռը բացելու, գալիս է Թորգոմը՝ դույլը ձեռքին:
ԹՈՐԳՈՄ — Բարև տառապյալ հայ ժողովրդին:
ՍՈՆԱ — Բարև ձեզ: Սուրճ կխմե՞ք:
ԹՈՐԳՈՄ — Չէ, ես էդ բուրժուական խմիչքը չեմ սիրում, շնորհակալ եմ, ես գցովի չայ եմ սիրում: Մի տեսակ եք, ժողովուրդ, հո բան չի՞ պատահել:
ՆՈՒՆԵ — Պատահել է:
ԹՈՐԳՈՄ — Հա՞:
ՆՈՒՆԵ — Հա: Ինձ լավ սովորելու համար Սորբոնի համալսարան են ուղարկում, մաման մեծ ժառանգություն է ստացել, պապային էլ աշխատանքի են հրավիրել պրեզիդենտական ապարատ:
ԹՈՐԳՈՄ — Հա՞:
ՆՈՒՆԵ — Հա:
ԹՈՐԳՈՄ — Բա Արա՞մը, բանակ չի գնո՞ւմ:
ՆՈՒՆԵ — Արամը պաշտպանության նախարարի կաբինետում է ծառայելու, որպես նախարարի անձնական համհարզ:
ԹՈՐԳՈՄ — Հա՞:
ՆՈՒՆԵ — Հա:
ՍՈՆԱ — Կատակում է: (Նունեին.) Ինֆարկտ կստանա, աղջի:
ԹՈՐԳՈՄ — Ես գործով եմ եկել: Մեր ջուրը կտրել են, եկա մի վեդրո ջուր տանեմ. ձերը գալիս ա, չէ՞, ձերը միշտ էլ գալիս ա:
ԱՇՈՏ — Գալիս է, լցրեք, իհարկե, բա հարևանությունն ինչի՞ համար է:
ԹՈՐԳՈՄ — Եսիմ, հաշվիչի, բանի հարց կա: (Դույլը լցնելով:) Թե հաշվիչս որն ա, այ ընկեր, լրիվ են լկտիացել, բա երկիրն իրա ժողովրդին ջուրը փողով կտա՞, բա Սովետը ջրի վրա հաշվիչ կդնե՞ր… Էդ փողերը հավաքում՝ ի՞նչ են անում, ձեզ եմ հարցնում, ի՞նչ են անում… ոչ ճամփա են սարքում, ոչ կարգին թոշակ են տալիս… Մենակ իրանց փորն են լցնում: Ամոթ չլինի հարցնելը՝ էս ի՞նչ եք անում, ժողովուրդ, ռեմո՞նտ:
ՍՈՆԱ — Այո, ռեմոնտ:
ՆՈՒՆԵ — Լցվեց, թափում է:
ԹՈՐԳՈՄ — (փակելով ծորակը): Էս ձեր նապոռը լավն ա, հա: Դե ես գնացի: (Դռան մոտից:) Բայց մի տեսակ եք, հը՞:
ՍՈՆԱ — Բոլորովին էլ մի տեսակ չենք:
ԹՈՐԳՈՄ — Հա՞: Դե փառք աստծուն: Լավ մնացեք: Բայց հո բան չի՞ պատահել:
ՍՈՆԱ — Ասինք չէ, էլի, պարոն Թորգոմ:
ԹՈՐԳՈՄ — Դե լավ ա, լավ ա: Գնացի: (Գնում է:)
ՍՈՆԱ — Էս ինչ հոտառություն ունի էս մարդը, մի հատ քլունգ խփեցինք՝ վայրկյանապես հայտնվեց:

Գալիս է Արամը:
ԱՐԱՄ — Էն կլաուզնիկը մեր տնից դուրս եկա՞վ:
ԱՇՈՏ — (Սոնային): Լրիվ դու ես, ինձնից մի մազ չկա էս տղայի մեջ:
ԱՐԱՄ — Մի փնթփնթա, հո բիձա չե՞ս, ռոք ես լսում, ջինս ես հագնում… քեզ չի սազում, պապ: Ո՞նց եք, հայեր:
ՍՈՆԱ — Սոված չե՞ս, բալես, ճաշ դնեմ:
ԱՐԱՄ — Չէ, կերած եմ, լահմաջո, շաուրմա, բան…
ՍՈՆԱ — Ստամոքսդ կփչացնես էդ լահմաջոներով, տղա ջան: Արի պաչեմ: Է՞ս ինչ օծանելիքի հոտ ա փչում:
ՆՈՒՆԵ — Շուշանինը կլինի. էլի սոսնձվել էի՞ք:
ՍՈՆԱ — Ոչ մի սոսնձվել, կպոկեմ: Բա որ, աստված չանի, երեխայի հարց բացվի, պատկերացնո՞ւմ եք:
ԱՇՈՏ — Ճիշտ որ, վայ-վայ-վայ…
ՍՈՆԱ — Կնոջդ ձեռ չառնես: Նստեք: Գործ կա:
ԱՐԱՄ — Մամ, շատ հանդիսավոր ես, կարող ա՞ լոտոյով ավտո ես շահել, տեղյակ չենք:
ՍՈՆԱ — Կատակիր, կատակիր. դու կատակիր, հայրդ մյուզիք լսի, քույրդ նորաձևության հանդեսներ թերթի… Իսկ մեր ապագա՞ն, ո՞վ կմտածի մեր ընտանիքի ապագայի մասին:
ՆՈՒՆԵ — Անշուշտ մաման:

ԱՐՏԱՎԱԶԴ ՇԻԴԱՐ
Բեմադրվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

Պատկեր 4
Արտավազդ, Նազինիկ, այնուհետև` Սաթենիկ:
Թագավորանիստ պալատ, Արտավազդը, թագը գլխին, միս է ուտում, ոտքերը ջրի մեջ են, Նազինիկը մերսում է ոտքերը:
ԱՐՏԱՎԱԶԴ — Կամաց, մատների մասում` կամաց:
ՆԱԶԻՆԻԿ — Վնասել է ոտքը տերս, քարին է խփել կինճ որսալիս:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ոչինչի չեմ խփել, ներսից է: Ջուրը սառեց, տաք ջուր բեր:

Նազինիկը գնում է ջուր բերելու: Գալիս է Սաթենիկը:
ԱՐՏԱՎԱԶԴ — Վերջապես եկավ թագուհին, վերջապես հաճեց տեսնել արքա որդուն:
ՍԱԹԵՆԻԿ — Հում միս ես ուտում:
ԱՐՏԱՎԱԶԴ — Գահին նստելով` հաճույքներս պիտի կրճատե՞մ, թե հակառակը` բազմապատկեմ:
ՍԱԹԵՆԻԿ — Հայրդ կարգել է` հում միս չուտել, արքունիքում բոլորը ենթարկվեցին, դու` ոչ:
ԱՐՏԱՎԱԶԴ — Կարգել է, չի կարգել… Փորձել եմ եփած միսը, բայց հումն ավելի սննդարար է… (կծելով միսը) և ավելի համեղ: Կփորձե՞ս, առավոտյան եմ որսել, ջահել, առողջ կինճ էր… Կծիր կողքից, լավ կտոր է, մեջքամիսն է:
ՍԱԹԵՆԻԿ — Հեռացրու:
ԱՐՏԱՎԱԶԴ — Նազինիկին տայի` անմիջապես կխժռեր:
ՍԱԹԵՆԻԿ — Քաղցած հարճ է, կխժռի:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ես իմ հարճերին կուշտ եմ պահում:
ՍԱԹԵՆԻԿ — Հայրդ բազում կարգեր սահմանեց երկրի համար, հուսով եմ` եթե չես ավելացնելու, գոնե չես էլ նվազեցնելու նրա արածը:
ԱՐՏԱՎԱԶԴ — Չի հավատում, մայրս չի հավատում որդուն: Ինչո՞ւ չես հավատում, մայր, մի՞թե քաջ չեմ եղել, մի՞թե գովեստիդ արժանի ոչ մի գործ չեմ արել:
ՍԱԹԵՆԻԿ — Արել ես, քրմապետ եղբորդ սպանեցիր:
ԱՐՏԱՎԱԶԴ — Մաժանն արժանի էր:
ՍԱԹԵՆԻԿ — Գահերեց իշխան Արգամի ընտանիքը հրի մատնեցիր, քո դրդմամբ եղավ և քո գլխավորությամբ, հայրդ չէր ցանկանում, դո՛ւ դրդեցիր:
ԱՐՏԱՎԱԶԴ — Արգամը, Արգամը… Խեղճ Արգամ, ի՞նչ էր արել, ընդամենը` աչքը գահի վրա էր և թագուհու:
ՍԱԹԵՆԻԿ — Զրպարտանք է, ուղեղիդ մորմոքը, նրա աչքը գահին չի եղել, ես լավ գիտեմ այդ:
ԱՐՏԱՎԱԶԴ — Դու լավ գիտես, անշուշտ, դու լավ գիտես այդ ագահ, վավաշոտ ծերունուն:
ՍԱԹԵՆԻԿ — Նա ազնիվ իշխան էր:
ԱՐՏԱՎԱԶԴ — Պաշտպանիր, պաշտպանիր:
ՍԱԹԵՆԻԿ — Ո՞վ է միտքդ թունավորում, Մանդո՞ւն, որ սկզբում Արգամի հարճն էր, հետո Արտաշեսի, ապա` քո:
ԱՐՏԱՎԱԶԴ – Խանդո՞ւմ ես Մանդուին, թագուհի:
ՍԱԹԵՆԻԿ — Հիմարություններ ես խոսում:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ի դեպ, ասում են` չի սատկել Արգամը, փախել է կրակների միջից, չէ՞ որ Աժդահակի զարմից է, կրակը նրան չի վնասում, այն ժամանակ չգիտեի, այլապես կթրատեի:
ՍԱԹԵՆԻԿ — Մեռած է նա, այրված դին տեսնողներ են եղել:
ԱՐՏԱՎԱԶԴ — Խորամանկում ես, մայր, վախենում ես գտնեմ` սատկացնեմ վիշապին:
ՍԱԹԵՆԻԿ — Աչքիդ վիշապներ են երևում, Արտավազդ, փոքրուց էիր խախտված, մթան մեջ գազան ու կախարդ էիր տեսնում:
ԱՐՏԱՎԱԶԴ — Վիշապ է նա, վիշապ Արգավանն է, ոչ Արգամը:
ՍԱԹԵՆԻԿ — Նրա պես ազնվաբարոն չկար արքունիքում:
ԱՐՏԱՎԱԶԴ — Վիշապները հաճախ են ազնիվ կերպար ընդունում:
ՍԱԹԵՆԻԿ — Թողնենք մեռածներին, ողջերից խոսենք: Լսել եմ` եղբայրներիդ ու քույրերիդ ուզում ես հեռացնել Այրարատից:
ԱՐՏԱՎԱԶԴ — Միտքը դեռ գլխիս մեջ` դու արդեն լսում ես: Գիտե՞ս, մայր, երբ փոքր էի, ինձ թվում էր` դու իմ բոլոր մտքերը գիտես, ինձ թվում էր` իմ մտածածը դու պարզորոշ լսում ես` այն աստիճանի, որ վախենում էի մտածել:
ՍԱԹԵՆԻԿ — Հատկապես ո՞ր միտքն էիր վախենում մտածել:
ԱՐՏԱՎԱԶԴ — Հարցդ հուշում է, որ վախերս զուր չէին, մտքերս իսկապես լսել ես:
ՍԱԹԵՆԻԿ — Չեմ լսել, կռահել եմ: Սակայն դառնանք իմ հարցին, Արտավազդ:
ԱՐՏԱՎԱԶԴ — Արքա՛:
ՍԱԹԵՆԻԿ — Արքա:
ԱՐՏԱՎԱԶԴ — (Սաթենիկի արհամարհական հայացքին չդիմանալով): Ի՞նչ ես այդպես նայում… Ինչո՞ւ ես այդպես հեգնական ժպտում… (Ձևացնում է, թե ձեռքով ուզում է դեմքը ծածկել:)
ՍԱԹԵՆԻԿ — Հարցիս չպատասխանեցիր, արքա:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ո՞ր հարցիդ:
ՍԱԹԵՆԻԿ — Եղբայրներիդ ու քույրերիդ վերաբերող:
ԱՐՏԱՎԱԶԴ — Նրանց ուղարկելու եմ այստեղից:
ՍԱԹԵՆԻԿ – Վախենո՞ւմ ես:
ԱՐՏԱՎԱԶԴ — Միայն մի բանից եմ վախենում, որ ստիպված լինեմ մեռցնել նրանց և վշտացնել քեզ…
ՍԱԹԵՆԻԿ — Թող մնան արքունիքում, նրանք գահին չեն վնասի, հակառակը` նեցուկ կլինեն:
ԱՐՏԱՎԱԶԴ — Նրա՞նք, նեցո՞ւկ… Ինչպես Մաժա՞նը, որ մատնեց մեզ հռոմայեցուն… Ոչ, մայր, ուղարկելու եմ:
ՍԱԹԵՆԻԿ — Գուցե ի՞նձ էլ ուղարկես:
ԱՐՏԱՎԱԶԴ — Քե՞զ… Ոչ: Բայց քեզ…
ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ…
ԱՐՏԱՎԱԶԴ — Քեզ փակի տակ եմ պահելու, մայր, որ չմիանաս իմ դեմ խարդավանքներ սարքողներին:
ՍԱԹԵՆԻԿ — Արքայական առաջին գործը, որ ուզում ես անել` մորդ փակի տակ պահե՞լն է… Մեծ արքային վայել գործ է, կեցցե՛ս: (Ցանկանում է հեռանալ:)
ԱՐՏԱՎԱԶԴ — Սպասիր: (Գնում` ծնկում է Սաթենիկի առջև:) Սիրում եմ քեզ, թագուհի: Չքնաղ ես, տարիները միայն ավելացնում են գեղեցկությունդ:
ՍԱԹԵՆԻԿ — Դրա համա՞ր ես ուզում ինձ փակի տակ պահել:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ի՞նչ անեմ: Ես չգիտեմ՝ ոնց վարվել քեզ հետ, ես դիվահարվում եմ այդ չիմացությունից… Ուրիշներին հետ` գիտեմ, հեշտ է` թշնամուդ հարվածիր, մոտիկներիդ հեռավորության վրա պահիր, շներիդ ու ձիերիդ լավ կերակրիր, որսը որսա, հարճերիդ հետ երբ պետք է` սիրաբանիր, երբ պետք է` մտրակիր… Բայց քեզ հետ վարվելու ձևը չգիտեմ, կարծում էի արքա դառնամ` կիմանամ, բայց առավել շփոթի մեջ ընկա… Որովհետև նրանց չեմ սիրում, միայն քեզ եմ սիրում: Իսկ դու իմ բաժին սերը ուրիշների մեջ ես բաժանել, փոքրուց, ամենից շատ ե՛ս եմ սիրել, ամենից քիչ ես եմ ստացել, մայր… (Բարձրանում է, ուզում է գրկել Սաթենիկին:)
ՍԱԹԵՆԻԿ — Մի մոտենա, գազանի հոտ է գալիս վրայիցդ:
ԱՐՏԱՎԱԶԴ — (տեսնելով եկող Նազինիկին, որ տաք ջուրն է բերել թասով): Թող այդ ջուրը, մոտս արի:
ՆԱԶԻՆԻԿ — Եկա, տիրակալ:
ԱՐՏԱՎԱԶԴ — (գրկելով հարճին): Ասում են՝ տգեղ եմ և գարշահոտ, այդպե՞ս է:
ՆԱԶԻՆԻԿ — Ոչ, տեր, ամենագեղեցիկն ես:
ՍԱԹԵՆԻԿ — Սուտ է ասում, կամ էլ աչքն ու քիթը վնասված են:
ԱՐՏԱՎԱԶԴ — Նա առողջ է սարերի եղնիկի պես:
ՆԱԶԻՆԻԿ — Քեզանից անուշ բույր է արտածվում, որ խենթացնում է կանանց, ոչ մի տղամարդ չունի այս ձգող, գերող բույրը:
ԱՐՏԱՎԱԶԴ — Հում միս կուտե՞ս, ահա, կծիր այս կողմից: Կեցցես, գայլի ատամ ունես… (Շոյելով:) Սիրում ես արքայիդ, չէ՞:
ՆԱԶԻՆԻԿ — Անմնացորդ… (Շոյում է Արտավազդին:)
ՍԱԹԵՆԻԿ — Դարձյալ է ստում:
ԱՐՏԱՎԱԶԴ — Չի ստում, աչքերին նայիր: (Շարունակում է շոյել հարճին:)

Սաթենիկը հեգնական, ծաղրաժպիտ նայում է Արտավազդին:
ԱՐՏԱՎԱԶԴ — Այդպես մի նայիր, մայր… Այդպես մի նայիր, մայր… (Հանկարծ կատաղած հրում է Նազինիկին, հանում դաշույնը, հատում նրա կոկորդը, գրկած` բերում է Սաթենիկի ոտքերի մոտ:) Առ, ահա, լավագույն հարճիս զոհաբերեցի քեզ, ընդունիր… վերցրու նրան, վերցրու, մայր…
ՍԱԹԵՆԻԿ — Զգեստս արնեցիր, հեռու տար, խելագար:

Սաթենիկը հեռանում է: Արտավազդը գրկում է Նազինիկի մարմինը, մռնչալով համբուրում, արնոտվում է ամբողջովին:
ԱՐՏԱՎԱԶԴ — Ներիր, ներիր… Ե՛ս չէի, ե՛ս չէի, ներիր… (Մի կողմ է հրում:) Դրվա՛սպ, Վռա՛մ, տարեք սրան:

ՈՐԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Բեմադրվել է Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Գալիս է Հարութը, Աստղիկի հետ է, Աստղիկը թմրադեղի ազդեցության տակ է:
ՀԱՐՈՒԹ — Բարի երեկո:
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ են այս մարդիկ, ինձ ո՞ւր բերեցիր:
ՀԱՐՈՒԹ — Իմ հյուրերն են, ծանոթացիր:
ԱՍՏՂԻԿ — Ես եկել եմ հյուրերի հետ ծանոթանալո՞ւ… Չէ, սրանից լավ հոտ չի գալիս:
ՔՆԱՐ – Դո՞ւ էլ վատ հոտ առար, աղջիկս, Օհանից է, խեղճը երկու ամիս կլինի` չի լողացել:
ՀԱՐՈՒԹ — Կարող եք լողանալ, ձեզ ոչ ոք չի արգելում:
ՕՀԱՆ — Առևանգել ես, որ լողացնե՞ս:
ՀԱՐՈՒԹ — Չեմ առևանգել, հրավիրեցի ընթրիքի, այդպես չի՞:
ՕՀԱՆ — Այո, բայց հետո դուռը փակեցիր վրաներս:
ՀԱՐՈՒԹ — Դեհ, էդպես ստացվեց… որպեսզի դուրս չգաք, գործ ունեմ հետներդ:
ՕՀԱՆ — Նա գործ ունի: Ամբողջ մեկ օր է այստեղ ենք, փակի տակ, անհայտության, անորոշության մեջ, անելիքներս չգիտենք, ժամանակն իզուր անցնում է, իսկ ժամանակը, ինչպես գիտեք, փող է:
ՀԱՐՈՒԹ — Իհարկե, այս մեկ օրվա մեջ հեչի պես մեկ միլիոն կաշխատեիք, չէ՞:
ՕՀԱՆ — Դե, միլիոն գուցե մի քիչ խիստ է ասված, բայց ինչոր բան կաշխատեինք: Վերջապես գինին է սպառվում:
ՔՆԱՐ — Արդեն սպառվել է:
ՕՀԱՆ — Ահա, արդեն սպառվել է: Իսկ դա աղետ է ինձ պես նրբանյարդ մարդու համար. երբ գինին սպառվում է` աշխարհն է շատանում, իսկ աշխարհի արշավանքն անտանելի է ինձ համար, տիկինը կվկայի:
ՔՆԱՐ — Այո, Օհանին առանց գինի թողնելը դաժանություն է, ավելի լավ է միանգամից սպանել:
ՕՀԱՆ — Ահա, ձայն կնոջ` ձայն ճշմարտության: Ամբողջ օրը փակել եք այս խցի մեջ, չեք էլ ասում` մարդ են սրանք, մարդ են, Հորացիո…
ՀԱՐՈՒԹ — Ես Հարութն եմ, շփոթեցիր:
ԱՍՏՂԻԿ — Մի րոպե, թողեք կողմնորոշվեմ… (Հարութին.) Պարոն, դու ասացիր` տանը մարդ չկա:
ՕՀԱՆ — Դեհ, մենք նրա համար մարդ չենք:
ՀԱՐՈՒԹ — Մի՞թե քեզ տհաճ են այս հրաշալի մարդիկ: Ինձ, օրինակ, շատ հաճելի է նրանց հետ շփվելը: (Գրկելով Քնարի ուսերը:) Ո՞նց ես, մայրիկ, հայրիկը հո չի՞ նեղացրել:
ՔՆԱՐ — Չէ, չի նեղացրել, բայց շատախոսում է:
ՕՀԱՆ — Ի՞նչ մայրիկ, ի՞նչ հայրիկ… Տղա, դու շատ կասկածելի զեղումներ ունես, հոգեբույժի դիմե՞լ ես:
ՀԱՐՈՒԹ – Դե, մի չարացի, քեզ չի սազում, ահա, քեզ համար գինի եմ բերել: (Մթերապարկը դնում է սեղանին:)
ՕՀԱՆ — Հա՞:
ԱՍՏՂԻԿ — (Հարութին): Նայի, տես, փողն արդեն տվել ես, ետ չեմ տալու, ես պրոբլեմ չունեմ, նրանք ինձ չեն խանգարում…
ՀԱՐՈՒԹ — Մի տագնապիր, ամեն բան կարգին է, ինչ տվել եմ` քոնն է: Լվացվենք և ընթրենք: (Դուրս է գալիս:)
ՔՆԱՐ — (Աստղիկին): Քեզ է՞լ է առևանգել:
ԱՍՏՂԻԿ — Ոնց` առևանգել… Չէ, ինձ կարծես թե կոնկրետ նպատակով է բերել… Ձեզ առևանգե՞լ է:
ՔՆԱՐ — Երեկ եկավ զբոսայգի, նստեցինք, ծխեցինք, ասեց` ցուրտ է, գնա՞նք իմ տուն, մի քիչ ուտենք, խմենք: Մենք էլ եկանք, հետո ասեց` ուշ է, մնացեք, մենք էլ մնացինք, առավոտյան վեր կացանք, տեսանք՝ ինքը չկա, դուռը վրաներս փակ է, մի երկտող էր թողել, թե` մնացեք, մինչև գամ, կարևոր գործ ունեմ ձեզ հետ:
ՕՀԱՆ — (մթերապարկից գինին հանելով): Լավ, ոչինչ, մարդը երկու շիշ գինի է բերել, այսօր էլ կընթրենք հետը, վաղը` բայբայ…
ԱՍՏՂԻԿ — Դուրըս չի գալիս էս ամեն ինչը:
ՔՆԱՐ — Լավ չե՞ս, աղջիկ ջան, գույնդ գցեցիր:
ԱՍՏՂԻԿ — Հակառակը, շատ լավ եմ, իսկ երբ շատ լավ ես, դա վատ է:
ՔՆԱՐ — Չեմ հասկանում…
ԱՍՏՂԻԿ — Աշխարհը թույլ չի տա, որ երկար շատ լավ լինես, ուր որ է կխցկվի իր զզվելի շոշափուկներով:
ՕՀԱՆ — Պարզ է, ծխել է կամ կուլ տվել:
ԱՍՏՂԻԿ — Ծերուկը հասկանում է գործից, միայն մի քիչ սխալվեց` և՛ ծխել եմ, և՛ կուլ եմ տվել:

Հարութը վերադառնում է:
ՀԱՐՈՒԹ — Ո՞նց եք, ժողովուրդ… Ես լվացվեցի, գնացեք` դուք էլ լվացվեք, ամեն բան այնտեղ է` օճառ, սրբիչ… Չեմ հասկանում, ընթրել չե՞ք ուզում… Անձամբ ես քաղցած եմ:
ՕՀԱՆ — Բուրատինոյի արկածները հիշեցի…
ԱՍՏՂԻԿ — Հրաշալի գիրք է, Պիերոյի սերը շատ ռոմանտիկ է:
ՕՀԱՆ — Հիշո՞ւմ եք, Մալվինան ոնց էր րոպեն մեկ լվացվելու ուղարկում… Բայց դե ինչ չես անի հանուն գինու, չլվացվեմ` չի տա, աչքերից եմ տեսնում, այնպես չէ՞:
ՀԱՐՈՒԹ — Այդպես է, հայրիկ:
ՕՀԱՆ — Դե ինչ ես անդադար` հայրիկ, հայրիկ:
ՀԱՐՈՒԹ — Էնքան լավն ես, երբ փնթփնթում ես, մի հատ թուշդ կմճտեմ, էլի:
ՕՀԱՆ — Կմճտիր, եթե ուզում ես, բայց կամաց, չցավեցնես:
ՔՆԱՐ — Մեզ էլ ես կմճտելո՞ւ:
ՀԱՐՈՒԹ — Չէ, մայրիկ, թեև որբանոցում եմ մեծացել, բայց դաստիարակություն ունեմ, քեզ կշոյեմ, հա՞, եթե թույլ տաս, մազերդ… Այ այսպես… Դե գնա, լվացվիր, սանրվիր, որ ավելի սիրունանաս:
ՔՆԱՐ — (գնալով): Բան չեմ հասկանում:
Քնարը և Օհանը գնում են լոգարան:

ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՊԱՀԱԿՆԵՐԸ
Բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնում, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Լոս Անջելեսում` Անահիտ Արամունու թատերախումբ:

Երգելով ներխուժում է թափառական երաժիշտը՝ Օրփեոսը՝ հնմաշ կիթառով:
ՕՐՓԵՈՍ — Թափառական երգիչ եմ ես,
Սեղան գցեք, կանչեք դուք մեզ:
Սեղանը թող աղքատ լինի,
Բայց անպայման՝ կարմիր գինի:
ՊԱՀԱԿ — Ո՞վ է, ո՛վ է այս խեղկատակը: Եֆրեյտոր, քեզ եմ հարցնում, ո՞վ աչքաթող արեց սրան, գլխիս գործ եք սարքո՞ւմ, հա՞, անտեր շներ:
Օրփեոսը, ապուշ ժպտալով, նայում է, բան չի հասկանում:
ՍԻՐԱԿ — Գետնի տակից բուսնեց, պարոն պահակ, փողոցով էսպես գազան չի անցել, երդվում եմ պահակակետով:
ՊԱՀԱԿ — Պահակակետով չերդվե՛լ:
ՕՐՓԵՈՍ — (երգելով): «Ճամփես պիտի չիմանա, թե ուր կերթամ ես»: Ողջույն ազնիվ մարդկանց, ինչո՞ւ եք մռայլ:
ՊԱՀԱԿ — Առաջ չգաս, կկրակեմ: Հաշվում եմ՝ մեկ…
ՕՐՓԵՈՍ — (փախչելով): Է, է, է…
ՊԱՀԱԿ — Ուրեմն այսպես, հատուկ նշանակության պահակակետի վարչության հրամանագրով, եֆրեյտոր Սիրակ Բաբայանը, պարտականությունների սիստեմատիկ թերացման պատճառով, աստիճանազրկվում է, այս պահից սկսյալ նա շարքային է:
ՍԻՐԱԿ — Չհասկացա, էս տարիքիս զրոյից սկսե՞մ:
ՊԱՀԱԿ — Դու իսկի զրոյի էլ արժանի չես: Գլխավոր եմ նշանակում շարքային Մացիկին:
ՄԱՑԻԿ – Ճի՛շտ այդպես:
ՍԻՐԱԿ — Տակս փորեցիր, էլի, Մացիկ եղբայր:
ՄԱՑԻԿ — Կողմնակի խոսակցությունները թողնե՛լ:

Պատուհանից ինչոր տոպրակ է ներս ընկնում:
ՊԱՀԱԿ — Սա ի՞նչ է, ի՞նչ է սա…
ՍԻՐԱԿ — Մացիկին հարցրեք, գլխավորը նա է:
ԼՈՒՍՈ — Մոտ մի գնա, պարոն պահակ, հեռու…

Տոպրակը պայթում է, պահակը սարսափած ընկրկում է:
ՊԱՀԱԿ — Տեսա՞ք, տեսա՞ք… Չասացի՞՝ ահաբեկչություն է սպասվում: Նրանք վաղուց են ուզում ինձ հնազանդեցնել, բայց չի ստացվի, չի ստացվի, հայ-հա՜յ, Վերգուշին վախացնողը դեռ չի ծնվել, հայ-հա՜յ…
ԼՈՒՍՈ — Խաղալիք պայթուցիչ էր, պարոն պահակ:
ՊԱՀԱԿ — Չէ մի, էս ի՞նչ ա ասում, բա դա… բա դա… տեսա՞ր, ոնց բուֆ արեց, ասում ա՝ խաղալիք:
ԼՈՒՍՈ — Էս թաղի երես առած լակոտներն են, անցյալ անգամ էլ գիշերով գցեցին, խեղճ Մացիկի լեզուն վախից կապ էր ընկել:
ՊԱՀԱԿ — Համոզված ե՞ս:
ԼՈՒՍՈ — Հաստատ: (Պատուհանից նայելով:) Ըհը, նայեք, լեզու է ցույց տալիս շան լակոտը: Հորդ հոգին, ծառի քոքին… Ձեռս կընկնես…
ՊԱՀԱԿ — Շարքային Սիրակ, մատաղ սերնդի դաստիարակությամբ ինչո՞ւ չեք զբաղվում:
ՍԻՐԱԿ — Էլի ե՞ս, ինչ լինի՝ ե՞ս:
ՊԱՀԱԿ — Որովհետև քո դիտակետից գցեցին պայթուցիչը: Վերջ, չհակաճառես: Օֆ, ծանր օր էր: Ես գնացի, մինչ վաղը: (Դուրս է գալիս:)
ԼՈՒՍՈ — Բարի գնաս:
ՄԱՑԻԿ — Հաջողություն քեզ:
ՍԻՐԱԿ — Գնա, քո տիրոջ…
ԼՈՒՍՈ — Ոնց վախեցավ խեղճ գիժը:
ՊԱՀԱԿ — Տակը լցրեց:
ՄԱՑԻԿ — Դե ո՞վ լիներ…

Ներխուժում է Օրփեոսը, երգելով:
ՕՐՓԵՈՍ — Թափառական երգիչ եմ ես,
Սեղան գցեք, կանչեք դուք մեզ,
Սեղանը թող աղքատ լինի,
Բայց անպայման՝ կարմիր գինի:
ՍԻՐԱԿ — Չխրատվեցի՞ր, պարոն երգիչ:
ՕՐՓԵՈՍ — Խելագարը հեռացավ, վտանգն անցավ, Օրփեոսը վերադարձավ: Ողջույն ժողովրդին: Ինձ ասացին, որ այս կողմերում ուրախ մարդիկ են ապրում, բայց դուք մռայլ եք, պարոնայք:
ՍԻՐԱԿ — Ձայնը տաք տեղից ա գալիս:
ԼՈՒՍՈ — Դե մարդ ա, հյուր ա եկել:
ՕՐՓԵՈՍ — Մա՞րդ… Ոչ, ես մարդ չեմ, ես հանրահռչակ Օրփեոսն եմ, երբեմնի՝ հեռավոր ու սխալ ժամանակներում՝ սոլֆեջիոյի ուսուցիչ, ներկայումս՝ ազատ ստեղծագործող, ձեր խոնարհ ծառան:
ՍԻՐԱԿ — Կարճ ասած՝ անտեր շուն:
ՕՐՓԵՈՍ — Մի քիչ խիստ էր ասված, իհարկե: Հասկացողի համար թափառականությունը մարդկային որակի գերադրական աստիճան է: Շատերը չեն հասկանում թափառականության արժեքը, իսկական ազատությունը հենց թափառականությունն է, սակայն ազատությունն ունենալու համար համարձակություն է պետք, ռիսկ, իսկ երբ արդեն հաջողվեց ու կանգնեցիր այդ ուղու վրա՝ վերջ՝ ուրիշ ոչնչի հետ չես փոխի:
ՄԱՑԻԿ — Ուրիշ բան տվող չկա էլ, չվախես:
ՕՐՓԵՈՍ — Թքած: Ես ողորմություն չեմ ընդունում: Մի սիգարետ տվեք:
ԼՈՒՍՈ — (տալով): Ծխի, Օփոս եղբայր:
ՕՐՓԵՈՍ — Օրփեոս:
ԼՈՒՍՈ — Էդպես երկար է:
ՕՐՓԵՈՍ — Ոնց քեֆդ տալիս է, ազնիվ կին: Ինձ համար ամենակարևոր բանն այս կյանքում ազատությունն է, անկախությունը. ոչ ոք չի ասում՝ Օրփեոս, կտուրը նորոգել է պետք, որովհետև Օրփեոսի կտուրը երկինքն է, ոչ ոք չի ասում՝ Օրփեոս, տանը փող չկա, որովհետև Օրփեոսն արհամարհում է փողը, ոչ ոք չի ասում՝ Օրփեոս, պետական հարկերը մուծիր, որովհետև Օրփեոսը պետություն չունի, ոչ ոք չի ասում՝ Օրփեոս, երեխադ չարություն է անում, ականջը ձգիր, որովհետև երեխան ականջ չունի… Չէ, կներեք, Օրփեոսը երեխա չունի:
ԼՈՒՍՈ — Բա էլ ե՞րբ ես ունենալու:
ՕՐՓԵՈՍ – Երբե՛ք: Հերիք եղավ: Երեխա ունենամ, որ թողնեն գնան սատանան գիտի որ հեռուները ու ծնողին մոռանա՞ն: Չէ: (Ծխում է:) Իսկ ամենակարևորը՝ ոչ ոք չի ասում՝ Օրփեոս, ռե մինորի փոխարեն դո մաժոր մի նվագիր, որովհետև Օրփեոսն ազատ ավանգարդիստ է, լավ եմ անում, կուզեմ՝ մինոր կնվագեմ, կուզեմ՝ մաժոր, կուզեմ՝ առհասարակ չեմ նվագի: (Երգում է:) «Սեղանը թող աղքատ լինի, բայց անպայման՝ կարմիր գինի»: Ո՞ւր է կարմիր գինին, չեմ տեսնում:
ՍԻՐԱԿ — Չկա, ոչ կարմիր գինի, ոչ սպիտակ, ոչ էլ սև հաց: Փողերդ հանի՝ գնամ բերեմ, չեմ զլանա:
ՕՐՓԵՈՍ — Արդեն ասացի՝ Օրփեոսն արհամարհում է փողը:
ՍԻՐԱԿ — Ուրեմն ախորժակդ էլ արհամարհիր:
ՕՐՓԵՈՍ — (ուշադիր նայելով Մացիկին): Լսեք, այս հարգարժան մարդու դեմքն ինձ ծանոթ է: Ի՞նչ է այս պատվարժան մարդու անունը:
ԼՈՒՍՈ — Մացիկ:
ՕՐՓԵՈՍ — Մացի՞կ: Մացիկ, Մացիկ… Ոչ, նրա անունը Մացիկ չէ, ես տեսել եմ այս մարդուն, այո, իմ տեսողականն անվրեպ է, այս մարդուն ես տեսել եմ… տեսել եմ այս մարդուն… Այո, Սպիտակ քաղաքում, երկրաշարժի օրերին:
ՄԱՑԻԿ — (մտահոգ): Սպիտա՞կ… Երկրաշա՞րժ…
ՍԻՐԱԿ — Ի՞նչ էր անում նա Սպիտակում:
ՕՐՓԵՈՍ — Հիշեցի, վերջնականապես հիշեցի. նա կանգնած էր փլատակների վրա, բետոնե սալի կատարին և ցած էր նայում, իսկ մի խումբ մարդիկ գոռում էին՝ Սերոբ, հետ արի, բետոնը շուռ կգա: Այո, այդպես էր:
ՄԱՑԻԿ — Սերո՞բ…
ՕՐՓԵՈՍ — Այո, Սերոբ. Մացիկից լավ չի՞:
ՄԱՑԻԿ — (մտազբաղ): Սերոբ, Սերոբ…
ՍԻՐԱԿ — Հետո՞, բետոնը շուռ եկա՞վ:
ՕՐՓԵՈՍ — Չտեսա, պարապ չէի:
ԼՈՒՍՈ — (տեսնելով Մացիկի տառապանքը, նշան է անում Օրփեոսին, որ չխոսի): Շփոթած կլինես, այ մարդ, տարիներ են անցել… Լավ նայի, բա սա Սերո՞բ է… Իսկական Մացիկ, ըհը:
ՄԱՑԻԿ — (շփոթված): Ես Մացիկն եմ, հա, ես հիշողությունս կորցրել եմ… Ասում ա՝ Սերոբ: Ասում ես՝ Սերո՞բ:
Լուսոն դարձյալ նշաններ անում Օրփեոսին, որ չասի:
ՕՐՓԵՈՍ — (վերջապես կռահելով): Սերո՞բ: Ո՞վ ասաց՝ Սերոբ: Սերոբ… Չէ, նման է, բայց նա ոնց որ կարճահասակ էր, գնդլիկ… Չէ, երևի շփոթեցի… Հա, հաստատ շփոթել եմ: Կներես, Մացիկ եղբայր:
ԼՈՒՍՈ — (հանկարծ ծնկներին խփելով): Վայ, Սերոբ ջան, վայ, բետոնի գլխին մենակ կանգնած որբուկ ջան, էս ինչ եղավ, էս ինչ եկավ գլխներիս, ինչ էինք՝ ինչ դարձանք, Սերոբ ջան:
ՕՐՓԵՈՍ — Ի՞նչ Սերոբ, այ կին, նոր չորոշեցի՞նք, որ շփոթել ենք, Մացիկն է:
ԼՈՒՍՈ — Հա, դե, Մացիկն է, ո՞վ ասաց՝ Մացիկը չի: Բայց դե, Սերոբը եղել ա, չէ՞, բետոնի գլխին մենակ կանգնած էր, չէ՞, երգիչ եղբայր, ինքդ ասացիր, էսպես կարճահասակ, գնդլիկ, որբացած…
ՍԻՐԱԿ — Գժեր, ցնդածներ, թե ես սրանց հետ ի՛նչ գործ ունեմ:
ԼՈՒՍՈ ժ Ոնց որ կորած ախպերս լինես, Սիրակ ջան, նա էլ էր էսպես ամեն բանից խռովում, փնթփնթում…
ՍԻՐԱԿ — Ձեզ հավաքեք, տիկին, ես Սիրակ Բաբայանն եմ, խնդրում եմ ինձ չշփոթել տարբեր քույրերի, եղբայրների հետ:
ՄԱՑԻԿ — Քեֆը տեղը չի, աստիճանազրկված ա, գործ չունեք, իրան-իրան ետ կգա:
ՍԻՐԱԿ — Քեզ էլ ճանաչեցինք:
ՕՐՓԵՈՍ — Հիմա կբարձրացնենք մեր ընկերոջ տրամադրությունը: (Երգում է:)
Կյանքը ճամփա է մի գորշ
Կամ կարմիր, ինչպես կոմունիզմի դրոշ,
Կամ էլ կանաչ է, դեղին, վարդագույն,
Նայած՝ ով է քայլում ճամփով այս նույն:
ՍԻՐԱԿ — Ձեռ քաշի, մենակ դու ես պակաս քո ախմախ երգերով:
ՕՐՓԵՈՍ — Հրաշալի երգ է, ուրիշները ծափողջույններով են ընդունում: Ի դեպ, ժողովուրդ իմ, այսքան երգեց, այսքան խոսեց ձեզ համար Օրփեոսը, բա սրա վե՞րջը…
ՍԻՐԱԿ — Չկա, զրոյի վրա ենք:
ԼՈՒՍՈ — Էսօր փողոց դուրս չենք եկել:
ՄԱՑԻԿ — Հա, ոչ ուտելիք ունենք, ոչ խմելիք:

Մտնում է կինը՝ լեցուն մթերապարկով:
ԿԻՆ — Բայց ունեք լավ բարեկամ: Ողջո՜ւյն:
Ողջունում են, հանում պարկի պարունակությունը՝ ուտեստներ ու խմիչք:
ԼՈՒՍՈ — Իսկը երգելու ժամանակն է, Օփոս:
ԿԻՆ — Երգիր, տրուբադուր:
ՕՐՓԵՈՍ — Երգեմ, գեղեցկուհիս: Միայն թե սկզբում կոկորդս թրջեմ: Մեր ծանոթության համար:
Խմում են:
ՕՐՓԵՈՍ — Նվիրում եմ այս հրաշալի, բարեգութ աղջկան: (Երգում է հին աշուղական ոճով).
Մռայլ էր երգիչ Օրփեոսը, և չուներ սփոփանքի հույս
Բայց հայտնվեց հանկարծ սուրբ կույսը,
Եվ ավերակներին բերեց լույս:
ԿԻՆ — Սուրբ կույսը ես եմ, լսեցի՞ք: (Ծիծաղում է, ապա վեր կենում և պարում Օրփեոսի հետ:)
ՕՐՓԵՈՍ — (երգելով): Օրփեոսին դու միշտ սիրիր,
Օրփեոսից դու մի խորշիր,
Որ չունենաս էլ դարդ ու ցավ…
Դադար: Օրփեոսը ճգնում է հորինել հաջորդ տողը:
ՍԻՐԱԿ — (թունոտ լրացնելով): «Այլ ունենաս տապակած հավ»:
ՕՐՓԵՈՍ — Դա էլ վատ չէ: (Ծիծաղում են:) Դե մի բաժակ էլ խմենք, սիրելիներս: Խմենք տան կենացը, այն բանի կենացը, որ ամեն մարդ այս աշխարհում իր տունն ունենա:
ԼՈՒՍՈ — Հա, մատաղ:
ՍԻՐԱԿ — Բա ասում էիր՝ թափառականությո՞ւնն է միակ ճշմարիտ բանը:
ՕՐՓԵՈՍ — Չեմ ժխտում, այդպես է… Բայց տուն ունեցիր, դուռը փակիր, հետո գնա ու հանգիստ թափառիր:
Խմում են:
ԿԻՆ — Էն խելագարն ո՞վ էր:
ԼՈՒՍՈ — Ո՞րը, բալա ջան, չորս կողմը էնքան խելառ կա…
ԿԻՆ — Էն համազգեստավորը, որ կրակում էր:
ՕՐՓԵՈՍ — Ձեզ է՞լ ատրճանակով դիմավորեց սրիկան:
ՄԱՑԻԿ — Պահակն ա:
ԿԻՆ — Պահա՞կ, էստե՞ղ…
ՍԻՐԱԿ – Ի՞նչ պակաս տեղ է. պահակակետն էնպիսի բան է, որ դատարկ տեղում էլ կլինի, եթե անհրաժեշտությունը կա: Ինչպես ասում են՝ տվեք ինձ պահակակետ, և ես կշրջեմ աշխարհը:
ՕՐՓԵՈՍ — Ծանր դեպք է:
ԿԻՆ — Դեհ, ընդմիջումս ավարտվեց, ես գնամ, կանչ ունեմ:
ՍԻՐԱԿ — Իսկական շտապօգնություն: Մնում ա՝ ազդանշանները միացնես:
ՄԱՑԻԿ — Էէ՜, նեղացրիր խեղճ աղջկան, Սիրակ:
ԿԻՆ — Ես էդպես շուտ նեղացողներից չեմ: Սիրում եմ բոլորիդ, նույնիսկ այս մռայլ սուբյեկտին: (Համբուրում է Սիրակի այտը:) Դե հաջողություն: (Գնում է:)
ԼՈՒՍՈ — Հոգնեցինք, չքնե՞նք կամաց-կամաց:
ՄԱՑԻԿ — Քնենք:
ՕՐՓԵՈՍ — Հյուրիս որտե՞ղ անկողին կգցեք:
ՍԻՐԱԿ — Անկողին: Չէ մի: Լուսո, աչքիս՝ սրա աչքը քեզ վրայա, զգույշ եղի:
ԼՈՒՍՈ – Ի՜հ:
ՕՐՓԵՈՍ – Երբե՛ք: Ես թափառական եմ, բայց բարոյական անձնավորություն եմ:
ԼՈՒՍՈ — Բոլորդ երբեք եք: Լույսն անջատեք, պառկենք:
Լույսն անջատում են, տեղավորվում: Քնած են:

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԸ
Բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական թատրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դիպլոմային աշխատանք:

Դռան զանգ:
ԿԱՐԵՆ — Է՞ս ով ա էս ժամին…
ԿԱՐԻՆԵ — Մի սարսափիր, դուռ է` զանգում են, գնա` տես:
ԿԱՐԵՆ — Դո՛ւ գնա:
Կարինեն դուրս է գալիս: Ետ է գալիս` Վաղարշակի հետ:
ԿԱՐԵՆ — Ո՞վ ա…
ՎԱՂԱՐՇԱԿ — Ես եմ, Վաղարշակն եմ:
ԿԱՐԵՆ — Ի՞նչ ես ուզում… Ո՞վ ես…
ՎԱՂԱՐՇԱԿ — Ասեցի, Վաղարշակն եմ: Շատ բան չի ուզածս…
ԿԱՐԻՆԵ — (Կարենին): Մանր ունե՞ս:
ԿԱՐԵՆ — Կա ոնց որ… Հիմա… Բայց սրա ժամանակն ա՞…
ՎԱՂԱՐՇԱԿ — Ինձ մանր պետք չի: Ես թեև անտուն եմ ու անփող, բայց ձեր իմացածներից չեմ, ես նախկին ինժեներ եմ, հարգված ընտանիքի զավակ:
ԿԱՐԵՆ — Բա քեզ ի՞նչ ա պետք:
ՎԱՂԱՐՇԱԿ- Ինձ հետ դուք-ով խոսեք, հա՞:
ԿԱՐԻՆԵ — (զսպելով եղբոր պոռթկումը): Ձեզ ի՞նչ է պետք, Վաղարշակ:
ՎԱՂԱՐՇԱԿ — Թույլ կտա՞ք նստեմ:
ԿԱՐԻՆԵ — Նստեք: Հյուրասիրվեք, խմեք մի բաժակ, մեր հայրիկի ողորմաթասը: Այսօր թաղեցինք:
ՎԱՂԱՐՇԱԿ — (բաժակը վերցնելով): Ողորմի: (Խմում է:)
ԿԱՐԵՆ — Մի բան կեր վրից, Վաղարշակ:
ՎԱՂԱՐՇԱԿ — (ուղղելով): Մի բան կերեք, կերե՛ք:
ԿԱՐԵՆ — Լսի, է…
ԿԱՐԻՆԵ — Սպասիր, Կարեն: (Վաղարշակին.) Մի բան կերեք:
ՎԱՂԱՐՇԱԿ — Շնորհակալ եմ, քաղցած չեմ: (Ուտում է:)
ԿԱՐԵՆ — Ուզածդ… Ձեր ուզածն ի՞նչ ա:
ՎԱՂԱՐՇԱԿ — Շատ չի, ես աչքածակ մարդ չեմ, մի տասը հազարը լիուլի է:
ԿԱՐԵՆ — Մեր հաշվին ռեստորան եք ուզում գնա՞լ, հարգելիս:
ԿԱՐԻՆԵ — Բեր տանք, Կարեն, հանուն մեր հոր հիշատակի:
ԿԱՐԵՆ – Ի՛…
ԿԱՐԻՆԵ — Ե՛ս կտամ: (Պայուսակն է փնտրում:)
ՎԱՂԱՐՇԱԿ — Դուք ինձ ճիշտ չհասկացաք, խոսքը տասը հազար դոլարի մասին է:
ԿԱՐԵՆ — Ի՞նչ:
ԿԱՐԻՆԵ — Հոգեբուժարանից եք փախե՞լ:
ՎԱՂԱՐՇԱԿ — Հոգեբուժարանում եղել եմ, այո, բայց դա վաղուց էր, չորս տարի առաջ, ու չեմ փախել, դուրս են գրել, որովհետև առողջ էի, ինձ այնտեղ խցկել էին, ուզում էին լիկվիդացնել, բայց չհաջողվեց, իրե՛նք վերացան, այդպես է` ինձ հակառակվելը լավ բանի չի հասցնում, ես պահապան հրեշտակ ունեմ` ասեմ իմացեք:
ԿԱՐԵՆ — Լավ չի աշխատում հրեշտակդ, Վաղարշակ, գցել ա փողոցները…
ՎԱՂԱՐՇԱԿ — Լռեք, դուք ոչինչ չեք հասկանում, դուք կոպիտ մատերիայի միջով եք տեսնում ամենայն բան, եթե գցել է փողոց` ուրեմն այդպես է պետք, հակառակ դեպքում ավելի վատ կլիներ, գուցե այն տանը, որտեղ մնալու էի` գազի արտահոսք էր լինելու կամ տանիքը փլվելու էր գլխիս… Լավ, չերկարացնեմ, հոգնեցի, մեկ է` դուք սա չեք հասկանա, կարճ ասած` տասը հազար դոլար, սա իմ լռության գինն է:
ԿԱՐԻՆԵ — Լռությա՞ն…
ՎԱՂԱՐՇԱԿ — Այո: Երկու օր առաջ, գիշերով, կամրջի ծայրին նստած ծխում էի, աստղերին էի նայում, եթե նկատել եք` աստղային երկինք էր: Ասենք` նկատած չեք լինի, դուք հույժ կարևոր գործով էիք եկել այնտեղ, և առհասարակ, դուք աստղերին նայող տեսակ չեք: Հա, միանգամից ասեմ, չփորձեք ինձ վերացնել, ես միամիտ չեմ, կինս սպասում է, եթե մեկ ժամից չգնացի, նա կգնա ոստիկանություն:
ԿԱՐԵՆ — Պարզ խոսի, այ բոմժ, ինչ ես կողքերը ֆռֆռում:
ՎԱՂԱՐՇԱԿ — Դուք ձեզ կոռեկտ պահեք, թե չէ փողից կհրաժարվեմ ու ձեզ համար վատ կլինի, շատ վատ:
ԿԱՐԻՆԵ — Սպասիր, Կարեն: (Վաղարշակին.) Շարունակեք, լսում ենք:
ՎԱՂԱՐՇԱԿ — Մի խոսքով, ես ամեն բան տեսա, մեքենայի համարն էլ տեսա ու գտա ձեզ, իմ լռությունը շատ չեմ գնահատում, ագահ մարդ չեմ, ընդամենը` տասը հազար: Եվ մի ձգձգեք, ասեմ, որ ձեզ հետ շփվելն ինձ առանձնապես հաճույք չի պատճառում ու պատիվ էլ չի բերում:
ԿԱՐԵՆ — Այ թե ի՜նչ… Լավ, լավ… Ինչ արած, հիմա կբերեմ ձեր փողը, հարգարժան պարոն, հիմա… Ձեր բախտից` տանը էդքան կա:
ՎԱՂԱՐՇԱԿ — Ձե՛ր բախտից:
ԿԱՐԵՆ — Թող էդպես լինի, չվիճենք:

Կարենը անցնում է Վաղարշակի ետևը, մոտենում է բուխարուն, վերցնում երկաթյա խառնիչը, թիկունքից հարվածում Վաղարշակի գլխին:
ԿԱՐԵՆ — (կատաղի հարվածելով): Ա՛ռ քեզ, ա՛ռ, կե՛ր, կե՛ր, սոված շուն… Ում ալարը չի գալի` փող ա ուզում, կարծես փողը բոլորի համար ա: Փողը ամեն մարդու բան չի, փողը հատուկ մարդկանց համար ա… (Խփում է նորից:) Էղա՞վ, էղա՞վ… Վախացնում ա բոմժը, «կինս կգնա ոստիկանություն»… Թե քեզ որտեղից կնիկ, այ քնձռոտ: Կփաթաթենք սավանի մեջ, կտանենք, կգցենք կամուրջից, մեր հորից լավը չի: Մի քանի ժամ սպասենք` փողոցները դատարկվեն` տանենք, ռադ անենք:
ԿԱՐԻՆԵ — Վախենում եմ` սրան վերջ չլինի, Կարեն:
ԿԱՐԵՆ — Կլինի, չվախես, քույրիկս: (Սիգարետ է հանում:) Ծխի:
ԿԱՐԻՆԵ — Մի բան խնդրեմ` բոլոր դռները պինդ կողպի, հա՞:
ԿԱՐԵՆ — Կողպել եմ:
ԿԱՐԻՆԵ — Ստուգիր, խնդրում եմ:
Կարենը գնում է դռների փակերը ստուգելու:

ԿԱՐԻՆԵ — Ցուրտ է… (Ծխում է, մոտենում հայելուն:)
ԿԱՐԵՆ — (ետ գալով): Փակ են դռները:
ԿԱՐԻՆԵ — (հայելուն): Ասա, ո՞վ կա ինձնից սիրուն: Ասա, ո՞վ կա ինձնից սիրուն: Ասա, ով կա ինձնից սիրուն… Ասա, ասա… (Բուխարու խառնիչով հարվածում է հայելուն, փշրում:)
ԿԱՐԵՆ — Քույրիկ…
ԿԱՐԻՆԵ — Հիմա կանցնի, Կարեն, հիմա… Հիմա կանցնի… (Ծխում է:) Ես անդադար մտածում եմ, հնարավո՞ր է` հայրիկը մեռած չէր, երբ նրան գցեցինք:
ԿԱՐԵՆ — Մեռած էր, ես զարկերակը մի քանի անգամ շոշափեցի` չէր խփում, շնչառությունն էլ լսեցի` չէր շնչում…
ԿԱՐԻՆԵ — Երբ մեքենայից հանում էինք, ինձ թվաց` շարժվում է…
ԿԱՐԵՆ — Մի սևեռվի, աշխատի էլ չմտածել էդ մասին:
ԿԱՐԻՆԵ — Բուխարին չես վառի՞, մրսում եմ:
ԿԱՐԵՆ — Վառեմ: (Կարենը վառում է բուխարին:)
ԿԱՐԻՆԵ — (ճչում է): Սենյակում ինչ-որ մեկը կա… (Ճչում է:) Հրեն… Շունը:
ԿԱՐԵՆ — Ի՞նչ շուն…
ԿԱՐԻՆԵ — Զոմբին է, Կարեն… Հրեն, խոհանոցի դեմով անցավ, նայի…
ԿԱՐԵՆ — (լցնելով բաժակը): Մի հատ էլ խմի:
ԿԱՐԻՆԵ — Էն կողմ տար… (Հրում, գցում է բաժակը:) Բազմոցի տակ չես նայի՞, ոնց որ այնտեղ մտավ:
ԿԱՐԵՆ — (նայելով): Ոչ ոք չկա, արի ինքդ տես:
ԿԱՐԻՆԵ — Չէ… Ուրիշ տեղ մտավ երևի… Վախենում եմ, Կարեն, ցերեկով չէի վախենում, հիմա վախը մտել է մեջս, վախենում եմ: (Անորոշ մեկին:) Բայց մենք մեղք չունենք… Մենք մեղք չունենք, նախախնամությունն է, մեր ձեռքով արեց, Նա չուզեր` չէր լինի:
ԿԱՐԵՆ — Ուշքի արի, քույր: Եթե անդադար արդարանալու ուղիներ փնտրենք` չենք պրծնի: Ի՞նչ արդարանալ, ո՞ւմ առաջ… Պետք է ասել` արել ենք, լավ ենք արել, վերջ, էսպես ստացվեց, ձեր սարքած աշխարհն ա, ձեր սարքած մարդը, ի՞նչ եք տվել, որ ինչ պահանջեք: Վերջ, վերջ: (Տիկնիկներին՝ նյարդային:) Ու հերիք էդպես նայեք… Սրանք ամբողջ ժամանակ նայում են, քույր… Ես սրանց վառելու եմ…
ԿԱՐԻՆԵ — Վառիր, հենց հիմա:
Կարենը տիկնիկներին գցում է բուխարին, մեկին էլ Կարինեին է տալիս:
ԿԱՐԻՆԵ — (տիկնիկին գցելով բուխարին): Ի՞նչ են տվել, որ ինչ պահանջեն:
ԿԱՐԵՆ — Բաժակները լցրու:
ԿԱՐԻՆԵ — Ձեռքերս դողում են:
ԿԱՐԵՆ — (լցնելով օղին): Ե՛ս կլցնեմ, դու երաժշտություն միացրու: Ու էլ ոչ մի դողալ, լսո՞ւմ ես:
ԿԱՐԻՆԵ — (միացնելով ձայնարկիչը): Այո, ոչ մի դողալ:
ԿԱՐԵՆ — Դե վերցրու բաժակը… Էլ չես դողում, չէ՞…
ԿԱՐԻՆԵ — Չեմ դողում: Վերջ:
ԿԱՐԵՆ — Հրաշալի է: Ապրելու ենք, լավ էլ ապրելու ենք, բոլորի հետ, բոլորի կողքին… Ոչ ոք մեզնից լավը չի, պարզապես ոմանց բախտը չի բերում: Է, եթե չի բերում` մե՞նք ինչ անենք… մենք մեղք ունե՞նք…
ԿԱՐԻՆԵ — Չունենք:
ԿԱՐԵՆ — Ուրեմն, ողջ լինենք, քույրիկս, կենացդ:
ԿԱՐԻՆԵ — Կենացդ, եղբայրս:
Խմում են: Կարենը բարձրացնում է երաժշտության ձայնը: Պարում են:

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Բեմադրել է Միքայել Պողոսյանի թատերախումը (պիեսի մտահղացումը` Միքայել Պողոսյանի):

Գալիս է Գալուստը, ձեռքին` տոպրակ, մեջը` հող:
ԳԱԼՈՒՍՏ — Սրանք լրիվ են խփնված, ախպեր: Լավ ա ռուսերեն իմացող մի աղջիկ կար մեջները: Ասում եմ՝ հող ա, ասում են՝ սկզբից իմացանք պայթուցիչ ա, հետո կարծեցինք նարկոտիկ ա: Պատկերացնո՞ւմ եք, հողը նարկոտիկից չեն ջոկում: Ասում են… Մի րոպե, էս բանթդ վերցրու, Ազատ ախպեր, շնորակալ եմ, գոտիս տվին: Հա, ասում են՝ դե որ հող ա, բեր դեն գցենք: Ասում եմ՝ այ հոպար, ուրեմն օվկիանոսի վրից անց եմ կացրել, բերել էստեղ, որ դեն գցե՞մ… Մի խոսքով, իսան չեն, չէ…
ՍԱՔՈ — Բաբամ, խիարը մի կերպ հասկցանք, սակայն հո՞ղ ալ բերած ես…
ԳԱԼՈՒՍՏ — Բերած եմ: Իմ հողամասի հողն ա, Արարատյան դաշտի, մեռնեմ էդ դաշտին. Խարբերդ, լսած կա՞ս:
ԱԶԱՏ — Արևմտյան Հայաստանի՞:
ԳԱԼՈՒՍՏ — Ոչ, մենք էլ Խարբերդ ունենք, Նոր Խարբերդ, Էրևանին կպած ա, էդտեղ հողամաս ունեմ, հինգ հարուր քառակուսի:
ԱԶԱՏ — Քիլոմե՞տր:
ԳԱԼՈՒՍՏ — Վայ… Սաղ Հայաստանը երեսուն հազար քառակուսի կիլոմետր ա, ախպեր… ( Բացելով տոպրակը:) Հլա նայի ինչ հող ա՜: Էն Արշակ արքայի պատմությունը հիշո՞ւմ եք, հենց կանգնում էր իրա հողին՝ դուխը գալիս էր տեղը, թրփոշանում էր, հենց հողից իջնում էր՝ վերջ, դուխաթափ էր ըլնում, բա, սենց բան ա հողը: (Անզգուշորեն գցում է տոպրակը, հողը թափվում է:) Վայ, վայ, վայ… Էս ինչ արինք, ախպեր… (Կռանում է հավաքելու, մատը ապակու վրա կտրում է:) Վախ, էս ի՞նչ էր, շուշա էր ոնց որ… Արունս խառնվեց հողիս:
ՍԱՔՈ — Էէ, անզգույշ մարդ ես, բաբամ:
ԱԶԱՏ — Վարակ կմտնի:
ԳԱԼՈՒՍՏ — Իմ հողն ինձ չի վարակի:
ՍԱՔՈ — Միստիկա մի ըներ:
ԱԶԱՏ — Պինդ բռնի, արյուն չհոսի, ես հիմա… (Պայուսակից թանզիֆ և յոդ է հանում:)
ԳԱԼՈՒՍՏ — Հո դեղագործ չե՞ս, ախպեր:
ԱԶԱՏ — Ոչ, հացթուխ եմ: Տուր մատդ տեսնեմ: (Յոդ է թափում վերքին:)
ԳԱԼՈՒՍՏ — Վառեց, ի…
Սաքոն և Ազատը փչում են Գալուստի մատին:
ԱԶԱՏ — Ինչպե՞ս է, անցա՞վ:
ԳԱԼՈՒՍՏ — Մի հատ էլ փչի… Ըհը, հիմա ոնց որ անցավ:
ՍԱՔՈ — Սպասիր, բաբամ, բեր կապենք, տնկի մատդ:
ԳԱԼՈՒՍՏ — Առանց կապել էլ կլինի:
ԱԶԱՏ — Չի լինի:
ԳԱԼՈՒՍՏ — Լավ, կապեք:

Ազատը և Սաքոն կապում են Գալուստի մատը:
ԳԱԼՈՒՍՏ — Շնորհակալ եմ: (Հավաքում է հողը տոպրակի մեջ:) Հլա մոտ էկեք, հլա տեսեք ինչ հող ա, սենց հող տեսած կա՞ք:
ԱԶԱՏ — (շոշափելով): Սևահող է: Եթե խիարդ սրա վրա ես աճեցրել, ուրեմն իսկապես համեղ է:
ԱՐՏՈ — Բա ոնց:
ՍԱՔՈ — Յաղլի հող է: Ասոր վրա ինչ ալ ցանես, կծլի կոր:
ԳԱԼՈՒՍՏ — Բա ինչ կանի: Մենակ ջրես, ուրիշ ոչինչ: Այ մարդ, դե քարը փեշներիցդ գցեք, էլի:
ՍԱՔՈ — Ի՞նչ կըսես:
ԳԱԼՈՒՍՏ — Մի հատ ինձ հյուր էկեք, ձեզ դնեմ իմ ավտոն, տանեմ, Հայաստանը ծերից ծեր ցույց տամ, վանքերը հատ-հատ տեսնեք, վայելեք, Արագած բարձրանաք, Սևանում լողանաք… Հետո գնանք իմ հողամաս, կարմիր գառը խփեմ գետնին, մորթեմ… Գիտե՞ք, ինչ մորթ անող եմ…
ԱԶԱՏ — Դու կանես:
ԳԱԼՈՒՍՏ — Մի խաշլամա-խորոված տժժացնեմ, հոտը աշխարհ բռնի, հարևան երկրներում նախանձեն, բա:
ՍԱՔՈ — (քրքջալով): Պատկերացրեցի ինձի, իմ բեղերով, ջրի օթոն նստած՝ Հայաստանին մեջ պտտելիս… Դուն ալ ինձ տեսարժան վայրերը կցուցունես:
ԳԱԼՈՒՍՏ — Էդ ինչ ասիր, էլի քրֆի՞ր:
ՍԱՔՈ — Կցուցունես ըսի, այսինքն՝ ցույց կուտաս:
ԳԱԼՈՒՍՏ — Հա՜: Կուզե՞ս, ջրի ավտոյով կցուցունեմ, բայց ես ուրիշ ավտո էլ ունեմ, օպել վեկտրա, ձեռ կտա՞:
ՍԱՔՈ — Է աղվոր է:
ԱԶԱՏ — Իսկական կապիտալիստ ես, եղբայր. երկու օթո, հինգ հարյուր քառակուսի հող… ԳԱԼՈՒՍՏ — Հա, կապիտալիստ եմ, էն էլ գեշ ձևի: Հիմա ասեք, գալիս ե՞ք:
ԱԶԱՏ — Մի էս փորձանքից պրծնենք…
ԳԱԼՈՒՍՏ — Սենց փորձանքներից ենք պրծե՞լ: Հը՞, Սաքո ախպեր, մի բան ասա:
ՍԱՔՈ — Է կուգանք, հարկավ…
ԳԱԼՈՒՍՏ — Ցրում եք, էլի:
ՍԱՔՈ – Ինչո՞ւ, իրավ կըսեմ:
ԳԱԼՈՒՍՏ — Դե որ իրավ կըսես, դե բեղիցդ մազ պոկի ու երդվի էս սուրբ հողի վրա:
ՍԱՔՈ — (մի քիչ մտմտալով՝ պոկում է մազը բեղից): Առ, աս ալ քեզի երդում:
ԳԱԼՈՒՍՏ — Ցավդ տանեմ: (Ազատին.) Դո՞ւ:
ԱԶԱՏ — Ես բեղ չունեմ:
ԱՐՏՈ — Խոսքով ասա:
ԱԶԱՏ — Գալը կգամ, սակայն…
ԳԱԼՈՒՍՏ — Էէէ, դու ի՞նչ մըզմըզ մարդ ես:
ԱԶԱՏ — Ժամանակ պիտի գտնեմ, քեզ պես ազատ կապիտալիստ չեմ, փուռ ունեմ, խանութ ունեմ, ո՞ւմ վստահեմ, հեշտ չէ, եղբայր:
ԳԱԼՈՒՍՏ — Շատ ես բարդացնում: Սեպտեմբերին, վերջ, վճռված ա, սեպտեմբերն ամենալավ ժամանակն ա:
ՍԱՔՈ — Ադ մեկը չեղավ, սեպտեմբեր սուղ ամիս է ինձի համար, չեմ կրնա կոր:
ԱԶԱՏ — Հա, սեպտեմբերին չի լինի:
ՍԱՔՈ — Օգոստոսը լավ չէ՞, օգոստոսը պարապ ամիս է:
ԱԶԱՏ — Օգոստոսին՝ գուցե:
ԳԱԼՈՒՍՏ — Լավ, թող ըլնի օգոստոս. մի քիչ շոգ ա, բայց դե ոչինչ, չենք հալի: Ուրեմս, օգոստոսի մեկին Զվարթնոցում մխած եմ:
ՍԱՔՈ – Ինչո՞ւ մեկին, բաբամ, գուցե երկուքին կամ վեցին, կխեղդես կոր, Գալուստ:
ԳԱԼՈՒՍՏ — Չեղավ, ես պունկտուալ մարդ եմ, ինձ կոնկրետ բան ասեք:
ԱԶԱՏ — Յոթին:
ԳԱԼՈՒՍՏ — Էղավ, վերջ, պայմանավորվեցինք:
ՍԱՔՈ — (Ազատին): Է քեզի ինչ կա՞ որ, քեզի դյուրին է, դուն նույնիսկ պարտավոր ես հոն գնալու:
ԱԶԱՏ — Չեմ հասկանում, ինչո՞ւ:
ՍԱՔՈ – Ինչո՞ւ: Ասեմ: Որովհետև սա մարդը խնամիդ է եղեր:
ԳԱԼՈՒՍՏ — Չջոգինք:
ԱԶԱՏ — Այո, չջոգինք:
ՍԱՔՈ — Գրպանիդ ֆոտոն մեյմը տուր տեսնիմ:
ԱԶԱՏ — (տալով): Ֆոտոն ի՞նչ կապ ունի…
ՍԱՔՈ — Պարոն Գալուստ, սա նկարը տես, դուն չե՞ս կորցրել:
ԳԱԼՈՒՍՏ — Հա էլի… Ոնց ա ընկել մոտիցս, ի…
ԱԶԱՏ — Եղբայր, դա իմ ֆոտոն է, իմ գրպանից չհանեցի՞:
ԳԱԼՈՒՍՏ — (իր գրպանը տնտղելով և նկարը հանելով): Իմը հես ա…
ՍԱՔՈ — Ի՞նչ եք աբուշ դարձել, չհասկցա՞ք դեռ:
ԱԶԱՏ — (նկարները համեմատելով): Ճիշտ որ…
ԳԱԼՈՒՍՏ — (նկարները համեմատելով): Հա, էլի…
ԱԶԱՏ — Դուք Արմենակի հա՞յրն եք…
ԳԱԼՈՒՍՏ — Է հա…
ԱԶԱՏ — Խնամի՞ ենք միթե:
ԳԱԼՈՒՍՏ — Տենց ա ստացվում ոնց որ… Էն Ալոչկան իմ խնամին ա՞:
ԱԶԱՏ — Այո: Դու բան արա… մատդ մոտ բեր, մի քիչ էլ ախտահանեմ, խորն էիր կտրել, եղբայր:
ԳԱԼՈՒՍՏ — Չէ, լավ ա, անցավ: Լսի, ոնց որ քո փորացավն էլ անցավ, չէ՞:
ԱԶԱՏ — Այո, կլինի արդեն մի կես ժամ…
ԳԱԼՈՒՍՏ — Լավ ա, թե չէ ասի՝ կարող ա ժառանգական ա:
ԱԶԱՏ — Չէ, եղբայր, օդանավի կերակուրից եղավ:
ԳԱԼՈՒՍՏ — Զգուշ էղի, էլի, ինչ դեմ են տալի՝ մի կեր վռազ:
ԱԶԱՏ — Դու էլ զգույշ եղիր, մարդ աստծո, մատդ պարապ տեղը ճղեցիր:
ՍԱՔՈ — Այ քեզի պատմություն… Դե գրկեք իրարու, բաբամ, ի՞նչ եք աբուշացել:
Ազատն ու Գալուստը ողջագուրվում են:
ՍԱՔՈ — Այ ատանկ: Դե, ուրախությունով, մի բարձին ծերանաք… Այսինքն, դուք չէ, անոնք, չոջուխները:
ԳԱԼՈՒՍՏ — Դու գլուխդ էդպես հեշտ չես պրծացնի, պարոն Սարգիս:
ՍԱՔՈ — Է ի՞նչ է պետք… Կուգամ, ըսի, երդվեցի նույնիսկ:
ԳԱԼՈՒՍՏ — Քիչ ա:
ՍԱՔՈ — Է՞…
ԳԱԼՈՒՍՏ — Խնամի Ազատ, մենք քավոր չունենք ոնց որ, չէ՞: Ըհը: Բա էս մարդուց ավելի արժանավոր, ավելի պատվավոր քավորացու որտե՞ղ ենք գտնելու, հը՞:
ԱԶԱՏ — Այո, ես համոզված եմ, որ նրան ինքը՝ ճակատագիրն ուղարկեց մեզ որպես քավոր: Պարոն Սարգիս, ճակատագրին դեմ չես գնա, բաբամ:
ԳԱԼՈՒՍՏ — Հա, կարծում եմ, մի մազ էլ պտի պոկես բեղիցդ, դնես սեղանին ու ասես՝ տեր եմ:
ՍԱՔՈ — Բաբամ, դուն արշավա՞նք կազմակերպած ես բեղիս վրա: (Մի պահ մտածելով՝ պոկում է մազը բեղից:) Ահա, տեր եմ:
ԳԱԼՈՒՍՏ — Ջա՜ն:

Դռնից կանչում են՝ «Միստր Գալուստ Առաքելյան»:
ԳԱԼՈՒՍՏ — Սրանք էլ հոգնացրին, ախպեր: (Գնալով:) Հը՞, ի՞նչ կա էլի:
ԱԶԱՏ — (երբ Գալուստը դուրս է գալիս): Չգիտե՞ս, պարոն Գալուստի տղան նույնպե՞ս վարորդ է:
ՍԱՔՈ — Չգիտեմ: Սակայն դուն իզուր մի մտահոգվի, ասանկ հոր տղան իր ընտանիքը զուրկ չի ձգեր:
ԱԶԱՏ — Հա՞…
ՍԱՔՈ — Հարկավ, գենետիկա ասվածը հզոր բան է:
Գալիս է Գալուստը:
ԱԶԱՏ — Այս անգամ շուտ եկար, խնամի, ի՞նչ ասացին:
ԳԱԼՈՒՍՏ — Ասին` ազատ ես, ֆրի, ռադդ քաշի, գնա:
ՍԱՔՈ — Է՞…
ԳԱԼՈՒՍՏ — Ի՞նչ՝ է՛, բա ես առանց ձեզ կգնա՞մ… Մինչև ձեզ էլ չթողեն, ես ստեղ եմ:
ԱԶԱՏ — Այդպես չի լինի, խնամի Գալուստ:
ԳԱԼՈՒՍՏ — Շատ լավ էլ կլինի: (Տոպրակի հողը թափում է գետնին, կռանում է և մատով գծում հողի վրա:)
ՍԱՔՈ — Ի՞նչ նոր օյին մտածած ես:
ԱԶԱՏ — Դարձյալ վնաս չտաս քեզ, եղբայր:
ԳԱԼՈՒՍՏ — Չեմ տա, չվախես… (Շարունակում է գծել:)
ՍԱՔՈ — Նկար ընելդ բռնե՞ց… Ի՞նչ կնկարես, ջանըմ:
ԳԱԼՈՒՍՏ — Քարտեզ:
ՍԱՔՈ — Ես Հայաստանին քարտեզը տեսած եմ, անիկա աղջկա կիսադեմ կհիշեցնե, կարծես քնքուշիկ, սիրունիկ հայուհի մը ըլլա:
ԳԱԼՈՒՍՏ — Էսի ծովից ծովն ա, Ղարաբաղն էլ մեջը: Ըհը: (Հանում է սիգարետը և վառում, տուփը լուռ մեկնում է մյուսներին, նրանք վերցնում են ու նույնպես ծխում՝ ասես ի նշան բողոքի:) Դե հիմա հլա էկեք կանգնեք ձեր հողի վրա, էկեք, -էկեք: (Կանգնում են երեքով:) Հը՞, զգացի՞ք… Հողը ուժ ա տալի, է՛, ուժ: Իմացեք, եթե մենք սենց իրար կողքի մեր հողին պինդ կանգնեցինք, է՜, մեր դեմ խաղ չի լինի, երբեք:
Պարում են ուս-ուսի տված՝ ծխացող սիգարետները բերաններին: Բարձրախոսը՝ «Միստր Սարգիս Մուրադյան, միստր Ազատ Թերզիբաշյան, միստր Գալուստ Առաքելյան, welcome to America»:

ԿԱԼԱՆՔ
Բեմադրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես դիպլոմային աշխատանք:

Դռան թակոց:
ՄԱՐԴՈ — Ի… Էս բքի՞ն…
ՆԱԶՈ — Տեսնես ո՞վ ա, տղամա՞րդ, թե կնիկ:
ԹԻՆԱ — Աղջի՞կ, թե տղա:
ՄԱՐԴՈ — Չլինի՞ մերս ա…
ՆԱԶՈ — Վայ, աստված չանի, մեռնեմ աստծուս, էս բուքը հերիք չի, մերդ էլ վրեն, ես դիմացողը չեմ:
ՄԱՐԴՈ — Չկպնես, սիրուն չի, աստված ասել ա` սիրի քու հորն ու մորը:
ՆԱԶՈ — Աստված քու մորը չի ճանաչել: Մեղայ ասծուն:
Դռան թակոց:
ԹԻՆԱ — Դե բացեք, էլի:

Թինան բացում է դուռը: Ներս է գալիս Տավրոսը:
ՏԱՎՐՈՍ — Ողջույն, բարի մարդիկ: Չհասկացա… Բարի չե՞ք:
ՆԱԶՈ — Դե, հայ քրիստոնյա ենք…
ՄԱՐԴՈ — Ո՞վ ես:
ՏԱՎՐՈՍ — Մարդ եմ: (Մարդոյին.) Այդպես սովորական մի նայի, ամեն մարդ չի, որ մարդ է, մարդը բացառիկ բան է մեր օրերում, այնպես չէ՞, տիկին:
ՆԱԶՈ — Ի՞նչ իմանամ:
ՏԱՎՐՈՍ — Ես մարդ եմ, մի մարդ, որին ծուղակը գցեց այս ամենափրկիչբուքը. բուքը նման է ճակատագրին, նա ասաց` ես սկսվում եմ, ինչ անելու ես` արա, հետո ուշ կլինի, ասաց` շուտ թակիր այս դուռը, այո, հենց այս, այստեղ լավ մարդիկ են ապրում, թակիր և կբացեն, խնդրիր և կընդունեն: Ի դեպ, ձեր դռան վրա վատ բառ են գրել կավիճով:
ՄԱՐԴՈ — Էլի՞… Ես դրանց հոր հոգին…
ՏԱՎՐՈՍ — Ուզում էի մաքրել, բայց ձեռքերս սառած էին, չենթարկվեցին:
ՆԱԶՈ – (տեսնելով, որ ամուսինը գնում է): Ո՞ւր…
ՄԱՐԴՈ — Չմաքրե՞մ:
ՆԱԶՈ — Հա, մաքրի:
ՏԱՎՐՈՍ — Հիմա ո՞վ է կարդալու, առավոտյան կմաքրեք:
ԹԻՆԱ — Չէ, թող մաքրի:
ՆԱԶՈ — Հա, մեզ չի սազում:

Մարդոն դուրս է գալիս:
ՆԱԶՈ — Հանվեք:
ԹԻՆԱ — Տաքացեք:
ՆԱԶՈ — Հյուրն ասծունն է:
ՏԱՎՐՈՍ — Շնորհակալ եմ, բայց… մինչեւ տանտերը չասի…
ՆԱԶՈ — Իհ, բանի վրա ես, ես պակաս տանտեր ե՞մ:
ՏԱՎՐՈՍ — Հա՞: (Հանում է վերարկուն: Նստում է բազկաթոռին:)
ԹԻՆԱ — Ձեզ համար նվագե՞մ:
ՆԱԶՈ — Սպասի դու էլ, այ ախչի, մարդը թող շունչ քաշի:
ՏԱՎՐՈՍ — Ես կարող եմ և՛ շունչ քաշել, և՛ լսել, սակայն…
ԹԻՆԱ — Ի՞նչ:
ՏԱՎՐՈՍ — Թեյ խմելիս շնչել դժվարանում եմ, բայց էլի խմում եմ:
ՆԱԶՈ — Թեյնիկը դիր գազին, Թինա:

Թինան թեյնիկը դնում է գազօջախին: Գալիս է Մարդոն:
ՄԱՐԴՈ – (զարմացած): Էս էն մարդն ա՞, թե՞ նա գնաց, ուրիշն ա եկել:
ՏԱՎՐՈՍ — Ես եմ, բայց առանց թիկնոցի և գլխարկի և մի քիչ էլ արդեն տաքացած: Համեցեք, մի ամաչեք, ներս եկեք:
ՄԱՐԴՈ — Շնորհակալ եմ: Մինչև ջնջեցի, հոգիս բերանս եկավ. ահավոր ցուրտ ա: Լսի, դարպասի կեսը ձնով ծեփել ա, դու ո՞նց մտար, իսկի ոտնահետք էլ չես թողել:
ՏԱՎՐՈՍ — Դեհ… Ոնց-ոնց… Ցանկապատի վրայով: Էդպես մի նայի, հո չէի՞ սառելու:
ՆԱԶՈ – (ամուսնուն): «Ոնց մտար»: Բա դա տալու հարց ա՞:
ԹԻՆԱ — Ճիշտ որ, հայրս, ինչպես միշտ, աննրբանկատ է, ներող եղեք:
ՄԱՐԴՈ — Չափդ ճանաչի: «Ինչպես միշտ»: Չափներդ ճանաչեք:
ՆԱԶՈ — Ասա դու քո չափը ճանաչես, մեղայ ասծու:
ՏԱՎՐՈՍ — Ժողովուրդ, մարդիկ, սիրելիներս, էհե՜յ, ես չեկա բաժանում բերելու, այլ միաբանություն ու սեր: Եկեք ծանոթանանք վերջապես: Ես Տավրիկն եմ:
ՄԱՐԴՈ — Տավրի՞կ… Հի-հի-հի… Կներես իհարկե, բայց` Տավրիկ…
ՏԱՎՐՈՍ — Անունս ինչո՞ւ ձեզ այդպես ուրախացրեց:
ՄԱՐԴՈ — Ախր տավրիկը… տավրիկը բան ա, էրկաթ, հատուկ ձևի էրկաթ ա:
ՏԱՎՐՈՍ — Այո, չեմ ժխտում, երկաթյա եմ, հատուկ երկաթ, համաձայն եմ: Սակայն որպեսզի ամեն անգամ չծիծաղեք, ձեզ համար` Տավրոս. Տավրոս Խաչատուրի, չծիծաղեք նորից, Պողպատյան:
ՄԱՐԴՈ — Լրիվ ա էրկաթ էս մարդը: Մեր տունը սենց հյուր չէր տեսել: (Ձեռքը մեկնելով:) Մարդո:
ՏԱՎՐՈՍ — Մարդո՞… Ինչո՞ւ…
ՄԱՐԴՈ — Դե եսիմ… ծնողներս էդպես են դրել, չգիտեմ` թագավոր ա էղել, թե փարավոն…
ՏԱՎՐՈՍ — Մարդուկ. բաբելոնյան աստվածներից է:
ՄԱՐԴՈ — Հա, էլի, Մարդուկ, հայերենով` Մարդո. մերս ա դրել:
ՆԱԶՈ — Դուք նրա մորը չեք ճանաչում, նրա արած վատություններից դա ամենափոքրն է, մեղայ ասծու, նալլաթ քեզ չար սատանա:
ՄԱՐԴՈ — Չկպնես, ծնողը սուրբ բան ա: (Տավրոսին.) Էս իմ տիկինն ա, Նազոն:
ՏԱՎՐՈՍ — Ուրախ եմ, նույնիսկ երջանիկ, տիկին Նազելի, դուք իսկապես շատ նազելի եք: (Համբուրում է Նազոյի ձեռքը, ինչով զարմացնում է բոլորին:)
ՆԱԶՈ – (խիստ հուզված): Սս… սա իմ… մեր աղջիկն է:
ԹԻՆԱ – (ձեռքը մեկնելով): Թինա:
ՏԱՎՐՈՍ — Ողջույն, Թինա: Հեքիաթային աղջիկ ես, աչքերդ հեքիաթներով են լցված:
ԹԻՆԱ — Դա լա՞վ է:
ՏԱՎՐՈՍ — Նայած՝ ո՛ր հեքիաթներն են պտտվում գլխիկիդ մեջ: Մարդի՛կ… (Մարդոյին.) Մարդուկ չէ, մի ցնցվիր, մարդիկ: Մարդի՛կ, ինչ լավ է, որ հատկապես ձեր դուռը թակեցի:
ՄԱՐԴՈ — Ի՞նչ լավ բան կա որ. էն քեֆչի Գևոյի դուռը թակեիր, հիմա արաղն արդեն դրել էին դեմդ:
ՏԱՎՐՈՍ — Միայն արաղով չէ մարդս մարդ:
ՆԱԶՈ — Ապրես:
ՄԱՐԴՈ — Մյուս կողմից` թե Միհրանի դուռը թակեիր, շանը կթողնեին վրեդ:
ՏԱՎՐՈՍ — Ոսկյա միջինն եմ ընտրել, որ անցնում է շան և օղու միջև: Ի դեպ, դուք հավանաբար արդեն ընթրել եք… Չէ, չկարծեք, ես առանձնակի հավակնություններ չունեմ, մի կտոր չոր հացը կհերիքեր… պարզապես սովոր եմ այս ժամին` մակարոն, ձկան կոնսերվ, ջրիկ թեյ…
ՄԱՐԴՈ — Թեյը ջրիկ կլինի՞:
ՏԱՎՐՈՍ — Էն էլ ոնց:
ՆԱԶՈ — Ներող պիտի լինեք, Տավրոս եղբայր, ոչ մակարոն ունենք, ոչ ձկան կոնսերվ… բայց ուտելու բան կճարվի: Լվացվեք:
ՏԱՎՐՈՍ — Էս բքին ի՞նչ լվացվել, մաքուր ենք: Տերն ասել է` մարդու կեղտը դրսից չի լինի, այլ ներսից, կամ մոտավորապես այդպես:
ՆԱԶՈ — Ավետարան եք կարդո՞ւմ:
ՏԱՎՐՈՍ — Իհարկե, օրը երեք անգամ` նախաճաշից, ճաշից և ընթրիքից հետո, որպես դեսերտ: Մարդս առանց Ավետարան կապրի՞:
ՆԱԶՈ — (Մարդոյին): Ըհը, սովորի:
ՄԱՐԴՈ — Այ կին, չես զգո՞ւմ, որ ձեռ ա առնում:
ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ եք ասում, ո՞նց կհամարձակվեմ:
ՄԱՐԴՈ — Անձամբ ես Ավետարանի ո՛չ ժամանակն ունեմ, ո՛չ հավեսը, ես տուն եմ պահում, գործ եմ անում:
ՏԱՎՐՈՍ — Ի՞նչ գործ, եթե գաղտնիք չէ:
ՄԱՐԴՈ — Ինչի՞ պիտի գաղտնիք լինի:
ՏԱՎՐՈՍ — Դեհ… գուցե անվտանգության գործակալ եք, ի՞նչ իմանամ: Նման եք, գիտե՞ք, շտիրլիցական ինչ-որ բան կա ձեր արտաքինում:
ՆԱԶՈ — Ինքը չէ, բայց մերը հաստատ նման ա:
ՄԱՐԴՈ — Նազո, կրակի հետ ես խաղում:
ՆԱԶՈ — Շինարար է իմ ամուսինը, բրիգադիր:
ՄԱՐԴՈ — Այո:
ՏԱՎՐՈՍ — Գո՞հ եք: Գործակալ լինեիք` ավելի լավ չէ՞ր:
ՄԱՐԴՈ — Ինչ ասեմ… Հացի փող հանում եմ… (տունը ցույց տալով), հրես, ամեն բան՝ տեղը տեղին: Յոլա ենք գնում:
ՆԱԶՈ — (սեղանը գցած): Դե նստեք:
ՄԱՐԴՈ — Ապրի մեր Նազոն, մի կես շիշ էլ արաղ ունի պահած, գիտե՞ս, Տավրոս ախպեր:
ՆԱԶՈ — Օֆ, պրծում չկա: (Օղին էլ է դնում սեղանին: Նստում են:)
ՏԱՎՐՈՍ — Ողջ լինեք, ձեր սուրբ օջախի կենացը, ընդունեցիք մոլորյալիս:
ՄԱՐԴՈ — Համ էլ մոլորվե՞լ էիր:
ՏԱՎՐՈՍ – Ախր, շատ խառը փողոցներ են ձեր կողմերում, ես էլ վաղուց քաղաք չեմ իջել, խամացել եմ` այսպես ասած:
ԹԻՆԱ — Սարերո՞ւմ եք ապրում:
ՏԱՎՐՈՍ — Ոչ, օրիորդ, ուրիշ տեղ… էնտեղ… կարևոր չի:
ՆԱԶՈ — Ինչ էլ իմացավ, որ օրիորդ ենք:
ԹԻՆԱ — Մամ…
ՄԱՐԴՈ — Խմեցինք:
Խմում են: Ընթրում են:
ՄԱՐԴՈ – (դատարկված շիշը պտտելով): Հենց էսքա՞նն էր:
ՆԱԶՈ — Հա, էսքանն էր, մերդ վրից խմել ա անցյալ անգամ:
Լռություն:
ԹԻՆԱ — Մի բան չնվագե՞մ ձեզ համար:
ՆԱԶՈ — Հա, դու նվագի, ես թեյ լցնեմ:
Նազոն թեյ է լցնում, Թինան նվագում է: Մարդոն հորանջում է:
ՏԱՎՐՈՍ — Այո՜:
ԹԻՆԱ — Չհավանեցի՞ք:
ՏԱՎՐՈՍ — Չէ, ինչո՞ւ… Բայց անհույզ էր մի տեսակ, անկիրք:
ԹԻՆԱ — Այդպես է գրված, ահա նոտաները, ոնց գրված է, այնպես էլ նվագում եմ, հո ինձնից չե՞մ հորինելու, ահա, նոտա կարդո՞ւմ եք:
ՏԱՎՐՈՍ — Թո՛ղ նոտաները. դու նվագիր այն, ինչը քեզ հուզում է. քեզ, այլ ոչ Չայկովսկուն կամ Բեթհովենին. թող պարզ լինի, նույնիսկ պարզունակ, բայց` հոգուդ խորքից:
ԹԻՆԱ — Այդպիսի բան չգիտեմ… չեն սովորեցրել:
ՏԱՎՐՈՍ — Ո՞վ պիտի սովորեցներ: Ես առհասարակ չեմ սովորել, բայց հիմա նվագեմ` լսիր: Սխալներ չբռնես, կապ չունի, կարևորը` ի սրտե է: (Աբստրակտ մեղեդի է նվագում:)
ՏԱՎՐՈՍ — Ո՞նց էր… Հրճվանք չեմ տեսնում, պարզ է:
ՄԱՐԴՈ — Էսպես մազալու բաներ:
ՆԱԶՈ — Ես չհասկացա, ճիշտն ասած:
ԹԻՆԱ — Ես էլ:
ՏԱՎՐՈՍ — Հասկանալ պետք չէ, զգալ է պետք: (Նորից է նվագում, սակայն տեսնելով, որ չի ընկալվում, կիսատ է թողնում և նստում տեղը:) Չծխե՞նք: Ծխել կարելի՞ է:
ՆԱԶՈ — Էհ, ես էլ ծխեմ: (Ամուսնու զարմանքին ի պատասխան:) Հա, աշխարհ մեռնել կա:
Ծխում են:

ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Բեմադրվել է Մետրո թատրոնում` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտների կողմից, որպես դիպլոմային աշխատանք, Հեռուստաթատրոնում:

Կինը բաժակ է տալիս, տղան լցնում է, խմում: Պոետն էլ աղջկա համար է գինի լցնում:
ՔԱՀԱՆԱ — Գինի եք հյուրասիրում, հարբեցողներ: Իսկ երեխաները երևի քաղցած են: (Բլիթներ հանելով:) Վերցրեք, զավակներս, կերեք: Ուրիշ բան չկա, այս է մեր… (Ձայնը խզվում է, հազում է, բայց չի վերգտնում, գինի է խմում:)
ՄԻԱՉՔԱՆԻ — Էլի կորավ խեղճի ձայնը:
ՊՈԵՏ — Գիտե՞ք, ինչ ձայն է ունեցել մեր քահանան: Երբ եկեղեցու երգչախմբում երգում էր՝ գմբեթը դողում էր նրա ձայնից:
ՔԱՀԱՆԱ — (խռպոտ): Այո, հազվագյուտ տենոր ունեի, բացառիկ: Օպերայի տնօրենը մի ամբողջ տարի ետևիցս ըկել, համոզում էր, բայց եկեղեցին չլքեցի, թեև այդ աշխարհիկ արիաները անգիր գիտեմ՝ Վերդի, Պուչինի… (Փորձում է երգել, բայց չի ստացվում:) Չէ, չի ստացվում:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ո՞նց ստացվի:
ՔԱՀԱՆԱ — Տեսնես հիմա ո՞վ է երգում իմ ձայնալարերով:
ՄԻԱՉՔԱՆԻ — Երգում, բա չէ… Հիմա ձայնալարերդ երևի փուչ ճառեր են հնչեցնում բարձր ատյաններում:
ՔԱՀԱՆԱ — Գոնե երգեին:
ՀԱՐԲԵՑՈՂ — Լավ էլ երգող ես գտել:
ՏՂԱ — (հարբեցողին՝ Միաչքանու մասին): Իսկ նա երևի հրաձիգ է եղել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ, ֆիզիկոս էր, աստրոֆիզիկոս, շատ մեծ ապագա էր խոստանում:
ԱՂՋԻԿ — Նա՞…
ՀԱՐԲԵՑՈՂ — Հենց նա: Մի աչքով չնայեք, վիրահատությունից հետո է էսպես ախմախացել, վիրահատած չլինեին՝ էն Նյուտոնի թիկնոցը հագնելու էր ու էլ չէր հանելու: Ի՜նչ արին մարդու հետ, ի՜նչ արին… Ճակատի սպին չեք տեսնո՞ւմ…
Միաչքանին շփոթված շփում է ճակատը, հուզվում, բռնազբոսիկ շարժումներ անում, հանում սիգարետն ու ագահորեն ծխում:

ԿԻՆ — Լսեք, աղբարկղը ի՞նչ եղավ…
ՔԱՀԱՆԱ — Իսկապես որ, չքվեց…
ՀԱՐԲԵՑՈՂ — Այ քեզ բան…
ՊՈԵՏ — Տարօրինակ է…
ՄԻԱՉՔԱՆԻ — Այո, տարօրինակ է: Քիչ առաջ նկատեցի՝ շարժվում էր:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ոնց… Բա ինչո՞ւ ձայն չհանեցիր:
ՄԻԱՉՔԱՆԻ — Կարևորություն չտվի, կարծեցի՝ աչքիս ճնշումն է բարձրացել կամ էլ առնետներն են շարժում:
ՊՈԵՏ — Եթե դա լրտեսող սարք էր, ուրեմն նրանք ուր որ է կգան:
ՄԻԱՉՔԱՆԻ — Կգան, հաստատ, սիրտս վկայում է:
ՀԱՐԲԵՑՈՂ — Եթե նրա սիրտը վկայում է, ուրեմն կգան, շատ զգայուն սիրտ ունի:
ԿԻՆ — Ի՞նչ ենք անելու… Մի բան մտածեք, շուտ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ախր ի՞նչ մտածենք, կարծես չգիտես, որ էստեղից դուրս պրծնելու հնար չկա:
ՔԱՀԱՆԱ — (լայն խորշի կողմը ցույց տալով): Գալիս են, գալիս են անիծյալները…
Տղան ու աղջիկը վազում են դեպի խորշերից մեկը:

ՄԻԱՉՔԱՆԻ — Ո՞ւր, լաբիրինթոս է, ելք չունի…
Աղջիկն ու տղան մտնում են խորշը:

Գալիս են Պրոֆեսորը և սանիտարները:
ՊՐՈՖԵՍՈՐ — Հը՞, ո՞ւր են:
ՄԻԱՉՔԱՆԻ — Բոլորս էլ էստեղ ենք, հրես…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ապուշ մի ձևանա, տղան ու աղջիկը որտե՞ղ են:
ՄԻԱՉՔԱՆԻ — Ի՞նչ տղա, ի՞նչ աղջիկ… Թոշակը ստացել՝ մեզ համար քեֆ ենք անում:
ՊՐՈՖԵՍՈՐ — Պոե՛տ:
ՊՈԵՏ — Լսում եմ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Այդ ես եմ լսում… Ասելիք չունե՞ս:
ՊՈԵՏ — Ախր որ իմանամ՝ ինչ եք ուզում, որ ասեմ… Ես զբաղված էի, պոեմի էսքիզներն էի գրում… Հետաքրքիր է ստացվում, գիտե՞ք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Պարզ է: (Հարբեցողին.) Էստեղ արի:
ՀԱՐԲԵՑՈՂ — Լսում եմ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Պատմի:
ՀԱՐԲԵՑՈՂ — Ի՞նչ պատմեմ. խմած, քնած էի, վերջերս չեմ դիմանում խմիչքին, թուլացել եմ, աչքիս չարքեր են երևում՝ սմբակավոր, կոտոշավոր…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ասել կուզի՝ սպիտակ տենդ ունես: (Սանիտարներին.) Դրա գրպանից շիշը հանեք:
Սանիտարները կատարում են հրահանգը:
ՀԱՐԲԵՑՈՂ — Իրավունք չունեք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ջարդեք շիշը:
Սանիտարները կատարում են հրահանգը:
ՀԱՐԲԵՑՈՂ — Վախ… Բարբարոսներ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դե ի՞նչ, ուզում ես հավերժորեն զրկվե՞լ խմիչքից: Ո՞ւր փախան, ո՞ր խորշը մտան:
ՀԱՐԲԵՑՈՂ — Չեմ տեսել: Հո սուտ չե՞մ ասելու:
ՊՐՈՖԵՍՈՐ — Իսկ ես ուրիշ տեղեկություն ունեմ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Աղբարկղայի՞ն:
ՊՐՈՖԵՍՈՐ — Աղբարկղն, ուրեմն, տեսել ես, իսկ նրանց՝ ոչ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Աղբարկղն էլ չէի տեսնի, պարզապես զուգարան էի գնում ու հանկարծ ցցվեց դեմս, կարծեցի՝ աչքիս է երևում, բայց ոտքս կպավ, քիչ մնաց ընկնեմ:
ՔԱՀԱՆԱ — Քիչ՝ ինչքա՞ն, զավակս:
ՀԱՐԲԵՑՈՂ — Դե… որ ձեռքս դեմ չանեի…
ՄԻԱՉՔԱՆԻ — Ո՞ր ձեռքդ, պրոթե՞զ…
ՀԱՐԲԵՑՈՂ — Հո չասիր… Պրոթեզի վրա հույս դնեի, հիմա քիթ, բերանս ջարդել էի. պրոթեզն ուշ ա հասկանում:
ՄԻԱՉՔԱՆԻ – Հիշո՞ւմ ես, այգու ցանկապատից ոնց էիր կախ ընկել, ոչ էս կողմ, ոչ՝ էն:
ՀԱՐԲԵՑՈՂ — Բա չեմ հիշո՞ւմ: Դու էլ փոխանակ օգնեիր, փորդ բռնել, հռհռում էիր, ընկեր ես կոչվում:
ՄԻԱՉՔԱՆԻ — Ախր, շատ ծիծաղելի էիր, է՜:
Միաչքանին քրքջում է, հարբեցողը նույնպես:
ՊՈԵՏ — Դա ի՞նչ պատմություն է, չեմ լսել:
ՀԱՐԲԵՑՈՂ — Մի տարի էս ֆիզիկոսիս հետ գնացինք ցոգոլի… (Միաչքանուն՝ ծիծաղելով:) Բա պահակի շունը, հիշո՞ւմ ես, ոնց էր շալվարդ բռնել-քաշում…
ՄԻԱՉՔԱՆԻ — (խեղդվելով ծիծաղից): Բա չեմ հիշո՞ւմ…
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ, դու լավ չես հիշում:
ՄԻԱՉՔԱՆԻ — Էդ դու չես հիշում:
ՊՐՈՖԵՍՈՐ — Խեղկատակությանը վերջ տվեք: Հիմարի տեղ եք դրե՞լ ինձ…
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ, ի՞նչ եք ասում, բա մենք մեզ թույլ կտա՞նք:
ՄԻԱՉՔԱՆԻ — Դե լավ, մի երկու ցոգոլի համար չարժի էդպես բարկանալ, պրոֆեսոր, էլ չենք անի, ազնիվ խոսք… Անցած-գնացած բան է, ջահել էինք…
ՀԱՐԲԵՑՈՂ — Հա, եղածը մի բան չի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Լռի՛ր, անասո՛ւն:
ՀԱՐԲԵՑՈՂ — Վիրավորելու իրավունք չունեք: (Վիրավորված նստում է կնոջ կողքին:) Էն փողը կվերադարձնեմ, չմտածեք… Հիմա մոտս մանր չկա, հետո կվերադարձնեմ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Կվերադարձնես, իհարկե կվերադարձնես, դեռ կաշիդ էլ եմ քերթելու, սպասիր…
ՄԻԱՉՔԱՆԻ — Իբր կաշի եք թողել…
ԿԻՆ — Քերթելու մարդ չգտա՞ք, էս խեղճին պիտի քերթե՞ք: (Հարբեցողին.) Չվախես, կողքիդ եմ:
ՀԱՐԲԵՑՈՂ — Չէ հա, չեմ էլ վախում:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դո՞ւք ինչ կասեք, տեր հայր:
ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ ասեմ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Նրանք կարծեմ աստվածուրաց բաներ էին խոսում, չէ՞…
ՔԱՀԱՆԱ — Դեհ, դեռ ջահել են, դեռ…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ուրեմն տեսել եք:
ՔԱՀԱՆԱ — Ո՞ւմ…
ՊՐՈՖԵՍՈՐ — Ո՞վ էր ջահել:
ՔԱՀԱՆԱ — Ո՞վ էր ջահել… Այ մարդ, վրա եք տալիս, շփոթեցնում… (Տեղից վեր կենալով, հեռու նստելով:) Իմ դարդերն ինձ հերիք չեն…
ՊՐՈՖԵՍՈՐ — Պարզ է, հասկանալի է: Ուրեմն սա էր ձեր երախտագիտությունը:
ՄԻԱՉՔԱՆԻ — Ինչի համար, է՜:
ՀԱՐԲԵՑՈՂ — Երևի թոշակի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Թոշակն, ուրեմն, սրտներովդ չի, անասուններ:
ՄԻԱՉՔԱՆԻ — Կարգին խոսի, է՛…
ՊՐՈՖԵՍՈՐ — (սանիտարներին, որոնք ուզում են պատժել Միաչքանուն): Հիմա չէ: Լակոտներին բռնենք, հետո:
ՍԱՆԻՏԱՐՆԵՐ — Ի՞նչ կհրամայեք:
ՊՐՈՖԵՍՈՐ — Սպասեք: (Ժամացույցին նայելով:) Զեկուցման ժամն է: (Հանում է հաղորդիչը, ուղղում ալեհավաքը շենքի կողմը, խոսում:) Թույլ տվեք զեկուցել:
ՁԱՅՆ — Զեկուցիր:
ՊՐՈՖԵՍՈՐ — Ըստ ունեցած տվյալների՝ նրանք լքված հանքախորշերում են:
ՁԱՅՆ — Չհասկացանք, դեռ չեք բռնե՞լ:
ՊՐՈՖԵՍՈՐ — Դեռ ոչ, բայց… (Հազում է:)
ՁԱՅՆ — Վերջ տուր էդ անհեթեթ հազին: Ժողովուրդն ի՞նչ է ասում:
ՊՐՈՖԵՍՈՐ — Պոչ են խաղացնում:
ՁԱՅՆ — Դրանց ռեժիմը ծայրագույնս խստացնել:
ՊՐՈՖԵՍՈՐ — Լսում եմ:
ՁԱՅՆ — Փախստականներին անմիջապես բռնեք, այդ վարակը չպետք է տարածվի:
ՊՐՈՖԵՍՈՐ — Կբռնենք, մի անհանգստացեք:
ՁԱՅՆ — Գլուխգովան: Իմ շներին վերցրեք, թող խուզարկեն խորշերը, նրանք կգտնեն, ձեր թայը չեն:
ՊՐՈՖԵՍՈՐ — Լսում եմ:
ՁԱՅՆ — Կատարեք, վերջ:
ՊՐՈՖԵՍՈՐ — (պահելով հաղորդիչը, սանիտարներին): Գնացինք շների ետևից: (Խմբին.) Ես ձեր կաշին եմ քերթելու: (Պրոֆեսորն ու սանիտարները գնում են:)
ՀԱՐԲԵՑՈՂ — Ես էդ շներին տեսել եմ, գազան են, վայ դրանց բերանն ընկնողին:
Լսվում են շների հաչոցները հեռվից:
ԿԻՆ — Դրանք կուտեն էն խեղճ երեխեքին: Մի բան արեք, տղամարդիկ…
Հայտնվում է Ապուշը, ձեռքին ինչ-որ սարք է, գոռում է, նշան է անում ներկաներին, որ մտնեն խորշերը, նրանք վերջապես հասկանում են ու մտնում, Ապուշը պտտում է պայթեցնող սարքի բռնակը… Պայթյուն, ծուխ, մթություն: Ծուխն աստիճանաբար ցրվում է, լուսավորվում է… Չկա շենքը, չկան պատերը, ազատ տարածք է, երգում են թռչունները, գետնին անշնչացած, պառկած է Ապուշը: Խորշերից կամաց դուրս են գալիս Միաչքանին, Քահանան, Հարբեցողը, Պոետը, Կինը, Աղջիկը, Տղան, մոտենում են Ապուշին:

ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ
Բեմադրվել է Գավառի Լ. Քալանթարի պետական դրամատիկական թատրոնում:

Հայտնվում է Կիրակոսը՝ շորտով, ուսապարկով, արտասովոր արտաքինով:
ՇԱՀԵՆ — Է՞ս ինչ այլմոլորակային ա…
ԿԻՐԱԿՈՍ — (մոտենալով): Բարի տեսանք, բարի տեսանք:
ՇԱՀԵՆ — Հա՞ որ…
ԿԻՐԱԿՈՍ — Է, նայինք ինտո՞ր եք, աղե՞կ եք:
ՇԱՀԵՆ — Էս ինչ ա՞ ուզում, Լևոն:
ԼԵՎՈՆ — Հարցնում ա՝ ոնց եք:
ՇԱՀԵՆ — Պատասխանի՛…
ԼԵՎՈՆ — Քեզ ա հարցնում:
ՇԱՀԵՆ — Հա՞… Լավ ենք, ոչինչ, դո՞ւ ոնց ես:
ԿԻՐԱԿՈՍ — Է աղեկ ենք, մեյ մը սանկ, մեյ մը նանկ, իշտը… Լյարդս քչիկ մը կծակե՝ հոս տեղը, քանի մը քարեր ունիմ երիկամներուս մեջ՝ հոն տեղը, մնացյալը վնաս չունի, աղեկ ենք, օ քեյ է, այո:
ՇԱՀԵՆ — Խմո՞ղ ես:
ԿԻՐԱԿՈՍ — Ոչ, նո… քչիկ մը, չափավոր, եթե առիթ ըլլա սանկ… (Թառը նկատելով:) Օ՜, թա՞ռ է: Իմ դեդեն ալ թառ կչալեր, շատ աղվոր կչալեր՝ Կռունկ, Մայր Արաքսին ափերը… Կթողո՞ւք ձեռք տամ:
ԼԵՎՈՆ — (մեկուսի): Մենակ սա էր պակաս: Մի կարգին մարդ չհանդիպեց…
ՇԱՀԵՆ — Համեցիր, ձեռ տուր, բայց զգույշ: Դեդեն ո՞վ ա:
ԿԻՐԱԿՈՍ — Մեծ հայրիկս: (Ներս գալով և ծլնգացնելով թառը:) Ախ, ինչ անուշ հիշողություններ արթնցան: Ես պզդիկ էի, անիկա կչալեր, կըսեր՝ ականջ դիր, Կիրակոսիկ, ասիկա հայրենիքին ձայնն է, որ կելլե թառին մեջեն: Անունս Կիրակոս է, մոտ բարեկամներս Կիրո կըսեն:
ՇԱՀԵՆ — Շահեն ա անունս: Նստի: Որտեղի՞ց ես:
ԿԻՐԱԿՈՍ — Հալեպեն եկած եմ, Սյուրիա: Լսած կա՞ս:
ՇԱՀԵՆ — Ի, գիտես ապուշանոց ես մտե՞լ:
ԿԻՐԱԿՈՍ — Ներող եղեք, վիրավորանք չըրի, պարզ հարց մը էր:
ԼԵՎՈՆ — Հալեպ, Հալեպ… Մի անգամ, Հալեպում, մի փաթթոցավոր տաճիկ հայհոյում էր իմ պետությանը, ես բռնեցի այդ թլպատված շան կոկորդից և զարկեցի, այ այսպես…
ԿԻՐԱԿՈՍ — Բռավո, բռավո… Դերասա՞ն եք:
ՇԱՀԵՆ — Չէ, տղես ա:
ԼԵՎՈՆ — Քիմիկոս եմ, բայց մեր գործարանի թատերական խմբակում դերասանություն արել եմ:
ԿԻՐԱԿՈՍ — ՈՒրախ եմ, բարի տեսանք, Կիրակոս է անունս, բարեկամներս Կիրո կըսեն:
ԼԵՎՈՆ — Լևոն: Բարեկամներս էլ են Լևոն ասում:
ԿԻՐԱԿՈՍ — Հաճելի է, հաճելի… Ասիկա տասնևչորս փողոցը չէ՞:
ՇԱՀԵՆ — Էդ ա, որ կա:
ԿԻՐԱԿՈՍ — Թիվ քառասուներկո՞ւքը…
ԼԵՎՈՆ — Հա… Ի՞նչ կա…
ԿԻՐԱԿՈՍ — Բան մը չկա, ջանըմ, այնպես հարցրի, ամեն բան ճշտելու գեշ սովորություն մը ունիմ, բնույթ է, հորի՛ցս ժառանգած եմ, ան ալ ուր նստեր՝ պիտի հարցմունք ըներ՝ ի՞նչ փայտեն է սա աթոռը, ժամը քանի՞սն է, ոսկին հիմիկուհիմիկ քանի՞ է, ջերմաստիճանը հիմիկուհիմիկ որչա՞փ է, խոնավությունը շատ չէ՞ արդյոք, օղին քանի՞ է…
ՇԱՀԵՆ — Տիկո, արաղը բեր:
ԿԻՐԱԿՈՍ — Որչափ հյուրասեր են հոս հայերը, խոսք չըսած՝ կըսեն օղին բեր, չափազանց հյուրասեր են, չափն անցած, ունին, չունին՝ մեկ է, պարտք կընեն՝ կհյուրասիրեն:
ՇԱՀԵՆ — Պարտքով չի, իմ քաշածն ա:
ԿԻՐԱԿՈՍ — Շիտա՞կ կըսեք…
ՇԱՀԵՆ — Քեզ խաբած կա՞մ:
ԿԻՐԱԿՈՍ — Ոչ, հարկավ, ոչ: (Պայուսակից քաղցրավենիք հանելով:) Խնդրեմ, աս ալ իմ կողմե…
ՇԱՀԵՆ — Չանես, դու իմ հյուրն ես:
ԿԻՐԱԿՈՍ — Ոտքդ պաքնիմ, ընդունե, նազուք է, բան մը չէ…
ՇԱՀԵՆ — Լավ, դիր, բայց առաջի ու վերջի անգամ: Տիկո ի՞նչ եղար…

Գալիս է Տիգրանը, օղու սափորը մի ձեռքին, հեռախոսը՝ մյուս, ռեփ երգելով.
Քշեք, ախպերներ, ձեր մերսերը,
Բայց չմոռնաք ազգիս ծեսերը,
Ձեզի մոռցած, ձեր հողը մոռցած,
Ֆռֆռում եք դուք հաբռգած:
Բա սրան ա՞ ազգն արժանի…
Ապե…
Հարգանք, պատիվ լրիվ մոռցած,
Գլդորվում եք դուք ցած ու ցած:
Ապե…
Թոքներդ պլանով ուռցրած,
Արուններիդ մորֆի խառնած,
Քթներդ կոկային խրած,
Ստամոքսներդ արաղ լցած:
Բա սրան ա՞ ազգն արժանի…
Ապե…
Հարգանք, պատիվ լրիվ մոռցած,
Գլդորվում եք դուք ցած ու ցած…
Ապե…
ՏԻԿՈ — (մոտենալով Կիրակոսին): Ի, էսի՞ ով ա, ապե… շորտը, ռուգզակը…
ԿԻՐԱԿՈՍ — Բռավո, բռավո, աղեկ երգ էր, հայկական ռե՞փ է… Սա տանը բոլորը ստեղծագործող են, նայինք…
ՇԱՀԵՆ — Թոռս է:
ԿԻՐԱԿՈՍ — Ի՞նչ կըսես: Ի՜նչ լավ, ի՜նչ լավ: Ես Կիրակոսն եմ, բարեկամներս Կիրո կըսեն, բարի տեսանք…
ՏԻԿՈ — Անունս Տիկոյա, թաղում ասում են՝ թույն Տիկո, բայց դու ըտենց չասես, ընգեր, էղա՞վ: Էս կարող ա՞ Լոսից ես:
ԿԻՐԱԿՈՍ — Ոչ, Սյուրիայեն եմ, Հալեպեն:
ՏԻԿՈ — Էտի բարդ ա: Բայց խի՞ Լոսից չես որ…
ԿԻՐԱԿՈՍ — Իմ բախտն ալ ատանկ կամեցավ:
ԼԵՎՈՆ — Հանգիստ թող մարդուն:
ՏԻԿՈ — Չկերանք, լավ: Ուտելու բան էլ ըլնի:
ՇԱՀԵՆ — (լցնելով բաժակները): Քիչ խոսեք, վերցրեք, ողջ-ուրախ:
ԿԻՐԱԿՈՍ — Այո, ողջ ըլլանք, առողջ ըլլանք… Բարի տեսանք…
ՏԻԿՈ — Բարլուսներս բարի:
ԼԵՎՈՆ — Էհ…
Խմում են:

ԴՈՒՌԸ ԹԱԿՈՒՄ ԵՆ
Բեմադրվել է Աբովյանի դրամատիկական թատրոնում:

Դռան թխկոց, ավելի ուժգին, բայց թակոց չի, այնպիսի տպավորություն է, որ մեկը պտտվում ու պատահաբար բախվում է դռանը:
ԱՍՏՂԻԿ — Էս մեր հարևանը մի հատ էլ գնաց սուպերմարկետ՝ եկավ:
ՄԱՆՈՒՇ — Սուպերմարկետ: Ինչ օտարամոլ ենք, չէի կարծում…
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ, սովետի տարիներին էլ ռուսերենի գերին չէի՞նք:
ՄԱՆՈՒՇ — Դե, դա գոնե, մի տեսակ, ոնց որ պարտադրված լիներ:
ԱՍՏՂԻԿ — Մի քիչ պարտադրված էր, բայց մենք չափն անցնում էինք:
ՄԱՆՈՒՇ — Գուցե: Բայց հիմա լրիվ կուլ ենք գնում, ինքնակամ: Սուպերմարկետ: Ընդամենը՝ մեծ խանութ: Մի խցում էլ որ խանութ են բացում, վերևը գրում են՝ սուպերմարկետ: Ինչո՞ւ ոչ՝ խանութ, վաճառասրահ, վաճառատուն… Ի՞նչ վատ է հնչում… Չէ, անպայման՝ սուպերմարկետ… Զարմանալի է, որ գյուղերում էլ նույնն է, վարակն այնտեղ էլ է հասել: Պատկերացնո՞ւմ ես, գյուղում, ասենք, Քյավառի կողմերը, ամուսինը պատվիրում է կնոջը՝ գյա կնիկ, մե խատ վռազ թռի մեր Վըչոյի սուպերմարկետը, էրաղ բեր ընձի: Աղջիկ ջան, լեզվի մաքրության խնդիրն ինչո՞ւ խիստ չեք դնում խորհրդարանում:
ԱՍՏՂԻԿ — Դնում ենք, մամ, բայց լեզվի խնդիրը միայն խորհրդարանով չի… (Դարձյալ բախյունի ձայն:) Էէ՜, գնա տես՝ ով է, ինչ է կպել մեր դռանը, պոկ չի գալիս:
ՄԱՆՈՒՇ — Նյարդային ես, աղջիկս, շատ նյարդային: Գիտե՞ս ինչից է:
ԱՍՏՂԻԿ — Հիմա չսկսես Ֆրեյդից, Յունգից խոսել: Սովորական նյարդայնություն է՝ ժամանակակից քաղաքաբնակ մարդկանց մեծ մասը ունենում է: (Գնում է դուռը բացելու:)
ՄԱՆՈՒՇ — Սպասիր, ես կբացեմ:
Տիկին Մանուշը գնում է դուռը բացելու: Բացում է: Մհերը համարյա ընկնում է վրան, Մանուշը մի կողմ է քաշվում, Մհերը առաջ է գալիս, նկատում է բազմոցը, գնում ու նստում է, այնպես է նստած, որ պարզ է՝ ուր որ է կպառկի: Կեղտոտ ջինսով է, մազերը խառնշտորված, դեմքը մազակալած, զգացվում է, որ խիստ հարբած է:
ՄԱՆՈՒՇ — Չհասկացա… Սա ո՞վ է:
ԱՍՏՂԻԿ — Արքայազնը: Երբ երկար ես սպասում՝ արքայազներն էս տեսքն են ստանում:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ արքայազն, լսիր… Ֆո՛ւ, ինչ հոտ է փչում վրայից:
ԱՍՏՂԻԿ — Դուք ձեր տանը չեք, պարոն:
ՄՀԵՐ — Բնականաբար:
ԱՍՏՂԻԿ — Շփոթել եք, չեք հասկանո՞ւմ, ուրիշի տուն եք մտել:
ՄՀԵՐ — Բնականաբար:
ԱՍՏՂԻԿ — Բնականաբար՝ էստեղից չքվեք:
ՄՀԵՐ — Անհնար է:
ԱՍՏՂԻԿ – Ինչո՞ւ:
ՄՀԵՐ — Արդեն պառկել եմ: (Պառկում է ու անմիջապես քնում:)
ՄԱՆՈՒՇ — Կարող է՞ գող է… Մանիակ չլինի՞, շարքային բռնաբարող:
ԱՍՏՂԻԿ — Այս խղճո՞ւկը… Վեր կաց, է՛, քեզ եմ ասում: (Մանուշին.) Դուռը ծածկիր, մամ, չտեսնեն, խայտառակ կլինենք: (Մանուշը ծածկում է դուռը:) Արի դու ոտքերը բռնի, ես ձեռքերը, հանենք-շպրտենք դուրս: (Բռնում է Մհերի թևերը:)
ՄԱՆՈՒՇ — Վայ չէ, Աստղիկ ջան, ո՞նց շպրտենք, մարդ է, գուցե վատ է… Գուցե մեռնում է…
ԱՍՏՂԻԿ — Մեր տո՛ւն է եկե՞լ մեռնելու, չհասկացա: Վերցրու:
Մանուշը փորձում է բռնել Մհերի ոտքերը, վերջինս աքացի է տալիս:
ՄԱՆՈՒՇ — Չի թողնում լպիրշը:
ԱՍՏՂԻԿ — Արի էս կողմից:
Փոխում են տեղերը, Աստղիկն է մոտենում ոտքերին: Մհերը երկուսին էլ հրում է ոտքերով, ձեռքերով:
ՄՀԵՐ — Թողեք քնեմ, մարդ չե՞ք, հայ քրիստոնյա չե՞ք:
ԱՍՏՂԻԿ — Մարդ ենք, քրիստոնյա ենք, ինչ ենք՝ ձեզ չի վերաբերում, մեր տնից գնացեք, սա ձեր տունը չի, շփոթել եք:
ՄՀԵՐ — Իմ տո՞ւնը… (Ծիծաղում է:) Իմ տունը, իմ… (Լռում է, կտրուկ քնում:)
ՄԱՆՈՒՇ — Քնեց նորից…
ԱՍՏՂԻԿ — Ոստիկան չկանչե՞նք:
ՄԱՆՈՒՇ — Ավելի լավ է՝ շտապ օգնություն, ծանր է շնչում, սիրտը լավ չի, սա ցիռոզ էլ կունենա:
ԱՍՏՂԻԿ — Հիմա սրա բժշկությամբ զբաղվե՞նք:
ՄԱՆՈՒՇ — Չէ, բայց ոստիկանները կտանեն, կծեծեն, ինչքան չբացահայտված գողություն ունեն՝ կբարդեն գլխին, խղճներիս կծանրանա:
ԱՍՏՂԻԿ — Մեր ոստիկանությունում չեն ծեծում, պատկերացումներդ խորհրդային ժամանակների են:
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ… Աչքերիս նայի:
ԱՍՏՂԻԿ — Ըհը, նայեցի, ի՞նչ:
ՄԱՆՈՒՇ — Չեն ծեծո՞ւմ:
ԱՍՏՂԻԿ — Դե… պատահում է, բացառիկ դեպքերում: Նույնիսկ եվրոպական ոստիկանությունում են մարդ ծեծում երբեմն: Սրան ո՞վ կծեծի, սրա ի՞նչը ծեծեն:
ՄՀԵՐ — Սսս, ի՞նչ աղմկոտ ընտանիք եք, խանգարում եք, չէ՞: (Շրջվում է ու քնում:)
ԱՍՏՂԻԿ — Չէ, համբերությունս հատեց: (Բռնում, քաշում է, բազմոցից գետնին գցում Մհերին:)
ՄՀԵՐ — Կամաց, կամաց… Հո դուք բարբարոս չե՞ք:
ՄԱՆՈՒՇ — Աստղիկ ջան, զգույշ, կսպանես, մարդ է ի վերջո…
ԱՍՏՂԻԿ — Մա՞րդ է… Ի՞նչ գիտես՝ մարդ է… Առհասարակ ո՞վ է:
ՄՀԵՐ — Մարդ եմ, մարդ: Այ դուք՝ հարց է: Նրանք էլ ասում էին՝ բարի մարդիկ են ապրում էս տանը… Սա՞ է բարին…
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ էր ասում:
ՄՀԵՐ — Տղերքը, էլի, էս ձեր բակի տղերքը: Ինձ համար քնած էի բեսեդկայում, թե ինչի՞ էս օյինը բերին, ինձ պետք է՞ր էս… Արթնացրին, ասին՝ հոպար, կմրսես էստեղ, ասին՝ արի քեզ տանենք աշխարհի ամենաբարի մարդկանց տունը, էնտեղ տաք ա, հանգիստ կքնես, ասեցի՝ չէ, ես բարությանը չեմ հավատում այլևս, թողեք քնեմ, ասին՝ չէ որ չէ՛, մեղք ես, զոռով քաշ տվին, բերին, դեմ արին էս դռանը:
ԱՍՏՂԻԿ — Չար կատակ են խաղացել ձեր գլխին:
ՄՀԵՐ — Այո, չար, շատ չար. կողերս փշրեցիք: Ձեր անխիղճ ինչն եմ ասել… (Մագլցում է բազմոցին:)

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։