Տիգրան ԲԱԼԱՅԱՆ/ «ԻՇԽԱՆՆԵՐ»
Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻ «ԻՇԽԱՆՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում
Տիգրան ԲԱԼԱՅԱՆ
ԻՇԽԱՆՆԵՐ
Պիես մեկ արարով
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Բանջարանոց: 1-ին և 2-րդ տղամարդիկ աշխատում են։ 3-րդը քնած է ձախ կողմում, իսկ 4-րդը հսկում է: Կողքի հողամասում աշխատում են 5, 6, 7, 8-րդ տղամարդիկ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Մենք աշխատենք, նա վայելի։ Անարդար է։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ կարող ենք անել։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Ասա՝ դու էլ մարդ ես, խիղճ ունես, ինչո՞ւ ես այսպես մեզ տանջում։ Մենք մարդ չե՞նք:
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Գոնե թողնի՝ մի քիչ հանգստանանք։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Ինչ լավ կլիներ, եթե բոլորն աշխատեին, տեր ու ծառա չլիներ, արդարությունը թագավորեր աշխարհում։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բա էդ իշխանները կթողնե՞ն…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դրան ո՞նց խաբեց, առաջ քաշեց, շուն դարձրեց։ Ախր, մեզնից մեկն էր, մեզ պես տանջվում էր ամբողջ օրը… Ո՞նց փոխվեց միանգամից։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Նրանից ավելի չար է։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ազնիվ, բարի մարդու տեսք ուներ, նույնիսկ ուրախացանք, որ մեզնից մեկը առաջ քաշվեց, մտածեցինք՝ կպաշտպանի մեզ, բայց պարզվեց…
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Դե, առաջ քաշվեց ու… հուռացավ:
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ուզում ես ասել, որ մենք է՞լ ենք նրա նման: Չէ, եղբայր, մենք ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ ենք:
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — (բորբոքված)։ Իմ նախնիները իշխաններ են եղել, մենք երբեք հասարակ մշակ չենք եղել։ Ո՞նց էսպես եղավ, չեմ հասկանում։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (հանգիստ)։ Իմ նախնիներն էլ են իշխաններ եղել։ Էստեղ ինչ-որ խարդախություն կա։
4 -րդ ՏՂԱՄԱՐԴ — Չխոսե՛լ… Խանգարում եք տիրոջը։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ոնց եմ հոգնել։ Մի ճար լիներ՝ փախչեի էստեղից։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ո՞ւր փախչես։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ուր պատահի, միայն էստեղից հեռու:
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Բայց քո նախնիները իշխաններ չեն եղել։ Դուք մշակ եղել եք, մշակ էլ կմնաք:
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր…
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ասացի՝ քեզ շատ չերևակայես, դու բեռնակիր ես, բեռնակիր էլ կմնաս։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Լավ են անում, ինչ անում են, տե՛ղն է մեզ։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ձեզ հետ չե՞մ… ձեններդ կտրեք, ստահակներ…
1-ին ՏՂԱՄԱՐԴ – (4-րդին)։ Դու էլ մեզ պես ես եղել, դու էլ ես տանջվել: Գոնե մի քիչ կամաց խփիր։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր… Ես եմ քեզ պես եղե՞լ, խոզ։ (Նորից է մտրակահարում։) Մի անգամ էլ ասես՝ կոկորդդ կկրծեմ։ Իմ նախնիները իշխաններ են եղել, հասկացա՞ր։ Ականջիդ օղ արա, մենք իշխան ենք ու իշխան էլ կմնանք, դուք պիտի աշխատեք… Աշխատե՛ք, ասում եմ։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — (նստում է տեղում)։ Հը՞, խոսո՞ւմ են, չե՞ն աշխատում։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Թողնես՝ ամբողջ օրը կքնեն։ Ծույլ, անբան մարդիկ են։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Չէ, չեն թողնի՝ քնեմ։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Տեր իմ, սրանց որ թողնես, կուտեն մեզ։ Ոչ խիղճ ունեն, ոչ խելք։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – (1-ինին)։ Մի քիչ արագ շարժվիր, ոնց որ կրիա լինես։ (4-րդին.) Երբվանի՞ց են քո նախնիները իշխաններ եղել, հը՞, այ քոսոտ մշակ… (4-րդը կանգնած է գլխահակ։) Էսքան շուտ հուռացա՞ր… մոռացա՞ր, որ խեղճուկրակ մշակ էիր, հայրս խղճաց ու քեզ հսկող դարձրեց։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (հուզված)։ Բայց ձեր հայրն ասաց, որ ես օժտված եմ շնային հատկանիշներով և կարող եմ լավ հսկել։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Լավ, մի հուզվիր։ Բայց մյուս անգամ չլսեմ, իբր իշխանական ծագում ունես։ (Ցույց տալով կողքի հողամասում աշխատող 5-րդին և 6-րդին։) Էս խոզերին նայիր, ամբողջ օրը բանում են։ Ոչ խոսում են, ոչ վիճում, ոնց որ մարդ չլինեն։ Լավ, դրանք տեր-բան չունե՞ն… ինքնագլուխ ապրում են, ո՞նց կլինի։ Չգնա՞նք, դրանց էլ տեր կանգնենք։ Անտեր ու անխելք կկորչեն։
Կռահելով, որ իրենց մասին են խոսում, 5-րդ տղամարդը մոտենում է 3-րդ տղամարդուն:
5-րդ ՏՂԱՄԱՐԴ – Կարաբարիա։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — (ծիծաղը զսպելով)։ Ի՞նչ… ի՞նչ ասաց էս խրտվիլակը։
5-րդ ՏՂԱՄԱՐԴ – Բարիակարա։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բան հասկացա՞ր… Խոսիր էս ապուշի հետ, տես՝ ինչ է ուզում։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ ես ասում, այ խոզ, ի՞նչ բարաբարա։ Դու քո ասածից բան հասկանո՞ւմ ես, այ սարբակարբա։
5-րդ ՏՂԱՄԱՐԴ – Սարբակարբա՞, սարբակարբա՞… (Խփում է, 5-րդը ընկնում է:)
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — (4-րդին)։ Տեսա՞ր, ոնց խփեց։ Վեր կաց ու մի լավ ջարդիր դրան: (5-րդը սպառնալից մոտենում է 3-րդին։ Ահով։) Կարաբարա, բարաբակա-րա…
Այս բառերը լսելով՝ 5-րդը ծնկում է։
5-րդ ՏՂԱՄԱՐԴ — Կարաբարա, բարաբակարա… (Կանգնում է, արագ անցնում իր հողամասն ու վերսկսում աշխատանքը։)
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Տեսա՞ք, տեսա՞ք, ո՛նց վախեցավ… (5-րդին.) Վախեցա՞ր, խոզ։ Իմացա՞ք, ես ով եմ։ Իշխան եմ ես, իշխան, իմացեք ու հպատակվեք, ուրիշ ելք չունեք, դուք պիտի ենթարկվեք, ես պիտի իշխեմ։ Գործ արեք… (Հայտնվում է Ծերունին։ 4-րդին.) Սա՞ ով է, որտեղի՞ց հայտնվեց։
ԾԵՐՈՒՆԻ — Նա ասում էր, որ իրենք զարմացած են ձեր ապրելակերպից։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ասածը երկու բառ չէ՞ր։
ԾԵՐՈՒՆԻ — Նաև ասաց, որ դուք վատ օրինակ կարող եք լինել իրենց երիտասարդության համար, դրա համար էլ իրենց ջահելներին հեռու են պահում ձեզնից։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ստում ես, բիձա… ո՞վ ես։
ԾԵՐՈՒՆԻ — Եկել եմ ասելու, որ դու ոչ թե գոռոզ ես, այլ գոռոզություն ես խաղում։ Հասկանում եմ՝ ինչու ես կառչել անմիտ գոռոզությունից։ Որ արդարացնես ծուլությունդ ու դրացիներիդ շահագործելու մարմաջը։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Դու ո՞նց ես հանդգնում… (4-րդին.) Մի լավ դաս տուր սրան ու աշխատեցրու։ Իսկական բեռնակիր է, տես, ինչ մկաններ ունի։ (4-րդը խփում է Ծերունուն։) Լավ, հերիք է, տար, թող աշխատի։
ԾԵՐՈԻՆԻ — (կանգնում է, նախկին եռանդով)։ Ես հաճույքով եմ աշխատում, որովհետև ամեն մարդ իր հացն իր քրտինքով պիտի վաստակի։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր, սրիկա:
ԾԵՐՈՒՆԻ — Ես իմ պարտքը կատարեցի ու պատրաստ եմ էլի կրկնել, որ սթափվեք:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն իմ մասի՞ն ես մտահոգվում… ոտքերս լվա, շատ են հոգնել։
ԾԵՐՈՒՆԻ — Եթե հոգնել ես, հաճույքով կօգնեմ։ (Թաս է բերում, դնում նրա ոտքերի առաջ:)
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Այ քեզ բան… ո՞վ ես դու, բիձա։ (3-րդի ոտքերը լվանալուց հետո Ծերունին մի քանի քայլ հեռանում է։) Ո՞ւր… դու պիտի աշխատես մեզ համար։ Մենք բեռնակիրների կարիք ունենք։
ԾԵՐՈՒՆԻ – Ես հաճույքով կաշխատեի, եթե դու հաշմանդամ լինեիր կամ աշխատելու անընդունակ։ Բայց դու ինձնից և՛ առողջ ես, և՛ ամրապինդ։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Նորից դաս տուր դրան… (4-րդը խփում է Ծերունուն։) Լավ, հերիք է, շունչը կփչի հանկարծ։ Տար, թող բանի։
Ծերունին տեղից բարձրանում է, ասես ոչինչ չի եղել:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Էդքան խփեց, ոչ մի բա՞ն… (Հանկարծ 1-ինը ձեռքի փայտով խփում է 2-րդի գլխին, նա ընկնում է։ Ծերունին անհետանում է։) Դրա՞ն ինչ եղավ։ (4-րդին.) Շուտ խելքի բեր դրան։ (1-ինը հարձակվում է 4-րդի վրա, տապալում նրան ու դաժանաբար ծեծում։) Սա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս ես համարձակվում… խոզ, դու բեռնակիր ես, բանող ես, դու ամբողջ կյանքում պիտի բեռ կրես։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – (մոլեգնած խփում է 3–րդին)։ Ես եմ բեռնակի՞ր, ես եմ բանո՞ղ, խոզի մեկը։ Իմ նախնիները իսկական իշխաններ են եղել, թագավորներ։ Ձեզ նմանները իմ նախնիների մոտ բանել են գիշեր-ցերեկ, ա՛յ բեռնակիր, ո՞նց ես համարձակվում հրամայել ինձ: Դե, հիմա գնա ու բանիր… Քեզ հետ չե՞մ։ (4-րդին.) Դու էլ, կրիա, դու էլ գնա բանելու։ Դուք բեռնակիրներ եք, պիտի բանեք ձեր ամբողջ կյանքում։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ամբողջ մարմինս արյուն է, թող գոնե լվացվեմ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր… (Խփում է։) Գնա բանելու, կրիա։ (3-րդը և 4-րդը սկսում են աշխատել: 2-րդին.) Դո՞ւ ինչ ես ձևացնում, վեր կաց, աշխատիր։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ոնց որ ձեռքս կոտրվել է… չեմ կարող…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Կոտրված ձեռքով աշխատիր, ստահակ։ Ձեր ամբողջ կյանքում պիտի բանեք, դուք ստրուկ եք ծնվել… Արագ, արագ շարժվեք… (Նստում է, հսկում։) Քունս տանում է… Վտանգավոր է, հսկող է պետք, որ հսկի դրանց, պաշտպանի ինձ։ Բայց ո՞ւմ ընտրեմ… (Զննում է տղամարդկանց։ 4-րդին.) Դու… այստեղ արի։ (4-րդը մոտենում է։) Իսկ դուք աշխատեք, աշխատեք…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Լսում եմ, տեր իմ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ուզում եմ առաջ քաշել քեզ։ Քո մեջ որոշ արժանիքներ տեսա։ Հուսով եմ, կարդարացնես իմ բարությունը։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ, տեր։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Կհսկես դրանց, կպաշտպանես ինձ։ Հասկացա՞ր։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Հասկացա, տեր։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դու այլևս բանող չես։ Դու հսկիչ ես։ Դու պետք է հսկես դրանց։ Հենց մի կասկածելի բան նկատեցիր, իսկույն պատժիր։ Սա քո զենքն է… (Գետնից մի փայտ է վերցնում, մեկնում նրան։) Ես մի քիչ քնեմ, աչքերս փակվում են։ (Պառկում է։)
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Աշխատեք, մի կանգնեք:
7-րդ ՏՂԱՄԱՐԴ — Մարսա ներսա։
8-րդ ՏՂԱՄԱՐԴ — Իյուկա յոկի կարիյա։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Լսո՞ւմ ես դրանց… խոզերի մեկն են։ Օրը մեկ անգամ են խոսում, էն էլ՝ անտանելի:
7-րդ ՏՂԱՄԱՐԴ — (մոտենում, գոռում է 1-ինի վրա)։ Յոկանա, կուկո սաբո կանբո…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Այ քեզ խոզ… Չե՞ս կարող մարդու նման խոսել, որ մարդ հասկանա։ (Հայտնվում է Ծերունին։) Էլի սա եկավ։ Հաստատ քոր է գալիս գլուխը։
ԾԵՐՈՒՆԻ — Նրանք խիստ զայրացած են ձեզ վրա։ Խոսում էին, որ դուք խանգարում եք իրենց և վատ օրինակ եք իրենց երիտասարդության համար։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Լսիր, բիձա, մեկ անգամ էլ հայտնվես աչքիս, հաստատ կկախեմ քեզ։ (Ծերունին անհետանում է։ 7-րդը ծեծում է 1-ինին, նա դիմհւմ է 4-րդին։) Ի՞նչ ես կանգնել, կրիա, օգնիր…
4-րդը փորձում է օգնել, բայց 2-րդը և 3-րդը հարձակվում են նրա վրա։ Գալիս է 8-րդը և խփում 2-րդին և 3-րդին, նրանք տապալվում են գետնին։
7-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բար կոյի լոմնա իկակո։ (Բարձրացնում է 1-ինին, 2-րդին և
3-րդին ու տանում։)
5-րդ ՏՂԱՄԱՐԴ – Նորսու կուկուբա։
6-րդ ՏՂԱՄԱՐԴ — Կուկուբա նորսու։
Հայտնվում է Ծերունին: Նրան տեսնելով՝ 5-րդն ու 6-րդը խոնարհվում են:
ԾԵՐՈՒՆԻ — (ձեռքով նշան է անում, որ աշխատեն։ 5-րդն ու 6-րդը աշխատում են)։ Ի՞նչ անեմ։ Գոնե մի արժանիք ունենան, որին հենվեմ, որը դրսևորեն բոլորն ու կարողանան դուրս պրծնել… Մի՞թե ստիպված եմ այդպես փրկել նրանց… բայց դա կործանարար է, մարդկային չէ։ Այո, այս անգամ կփրկվեն, իսկ դա գոնե կարգին ապրելու հնարավորություն է… Ես իմ պարտավորությունն անեմ, մնացածը իրենք գիտեն։ (Գնում է։)
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
5-րդն ու 6-րդը աշխատում են։ Գալիս են 1-ինը, 2-րդը, 3-րդն ու 4-րդը, աշխատում են։ Քիչ անց 1-ինը առանձնանում է, նստում։ Գալիս են 7-րդն ու 8-րդը, աշխատում են։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (2-րդին)։ Արի, արի մի քիչ հանգստանանք։ (2-րդը մոտենում, նստում է։) Էհ, բա ասում էին՝ դրանք ազնիվ են, փող չեն սիրում, անկաշառ են… Տեսա՞ր, ոնց փափկեցին, հենց լսեցին փողի անունը։ Ամբողջ հարստությունս տվեցի, որ ազատ թողնեն մեզ։ Հը, հոգնե՞լ ես…
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Մի քիչ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ո՜նց են դրանք սիրում աշխատել։ Դե, թող աշխատեն, մենք էլ մի քիչ հանգստանանք։ (Ձեռքի շարժումով կանչում է 3-րդին, նա մոտենում է։) Մի քիչ հանգստացիր, էլի, մարդ չե՞նք…
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Իսկ նա՞… չի՞ նեղանա։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Նա թող աշխատի։ Նա սիրում է աշխատել։ Տես, ոնց է փորում հողը։ Վստահ եմ, նրա նախնիները բեռնակիր են եղել։ Աշխատելը նրա կոչումն է, իսկ մենք չենք հարմարվում։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Հերիք է նստեք, գործի անցեք։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Լսեցի՞ք… դե, մեր տեղն էլ թող աշխատի։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Իսկապես, հաճույքով է աշխատում։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Իսկ մենք կհետևենք, որ ամեն ինչ տեղը-տեղին լինի: Ի՞նչ կասես:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Եթե այդպես է, ի՞նչ կարող եմ ասել:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Եթե ուզում ես իմանալ, մեր գործն ավելի բարդ է։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Չե՞ք գալիս։ Ես էլ հոգնեցի։ (Նստում է նրանց կողքը։)
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դո՞ւ ինչու նստեցիր։ Դու պիտի աշխատես, քո նախնիների նման։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Չհանգստանա՞մ մի քիչ…
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Այսօր մի քիչ, վաղը մի քիչ, մյուս օրն էլ, ո՞վ գիտե, ինչ պահանջներ կներկայացնես մեզ։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ՝ ձեզ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Ավելորդ խոսակցություն է։ Գործիդ անցիր։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դո՞ւք…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (կարծես վիրավորված դիմում է 4-րդին՝ մատնանշելով 2-րդին)։ Նրա պապերը մեծ մարդիկ են եղել, նրա պապերը հսկել են…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ իմացար, որ նրա պապերը հսկողներ են եղել։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Հին աշխարհի մագաղաթներում է գրված, բայց քե՞զ ինչ մեր պատմությունն ու մեր նախնիները։ Դու հեռու ես հոգևոր կյանքից, քոնը բանելն է… Լավ, շատ խոսեցինք, վեր կաց։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (1-ինին)։ Գոնե դու արի…
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Լսեցի՞ք… ձեռ է առնում։ Քո կարծիքով ո՞վ է հայտնաբերել, որ նրանց պապերը հսկողներ են եղել։ Ե՛ս, ե՛ս եմ հայտնաբերել, հասկացա՞ր։ Դե, հիմա գնա ու աշխատիր։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Գնա, էլի, ի՞նչ ես ուզում մեզնից։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես մենակ չեմ կարող այդքան գործն անել։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դու սկսիր, մենք մի բան կմտածենք։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Միայն շուտ մտածեք, ես էլ մարդ եմ։ (Սկսում է աշխատել:)
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (2-րդին)։ Լավ է աշխատում, երևի մեկ-մեկ օգնենք։ Գնա, մի քիչ կողքը կանգնիր, որ շատ չնեղվի, հետո մի բան կանենք։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Բայց ես…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ասացի՝ կմտածենք, գնա… որ վերջնականապես հասկանա՝ ինքը պիտի աշխատի։ (2-րդը գնում-կանգնում է 4-րդի կողքին։ Դիմում է 3-րդին:) Տեսա՞ր… Ասում եմ, դրանց նախնիները մշակներ են եղել։ Ու նրանց հսկող է պետք, որ գլուխ չպահեն։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ես կհսկեմ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Գլուխ կհանե՞ս… դա այդքան էլ հեշտ գործ չէ, շնորհք է պետք…
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ուրեմն ինձ լավ չես ճանաչում։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դե գնա:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ դո՞ւ…
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Ե՞ս… ի՞նչ ես ուզում ասել։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Պարզ է՝ ինչ…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ կհսկեմ: Միասին կհսկենք: Հիմա գնա ու էդ հիմարին ասա, որ աշխատի։ Ասա, որ հսկիչ ես:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Բա որ չենթարկվի՞:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Որ ասես՝ իրավասու ես, կենթարկվի։ Դե գնա, էլի, ինչ անվճռական մարդ ես։ Երևում է, որ նախնիներդ բեռնակիր են եղել։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – (վիրավորված)։ Իմ նախնիները հսկիչ են եղել:
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դե ցույց տուր, աշխատեցրու դրանց։ Էն ապուշն ինչո՞ւ չի աշխատում, ինչի՞ տեղ է դրել իրեն։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – (մի փայտ է վերցնում, բորբոքված մոտենում 2-րդին)։ Դո՞ւ ինչու չես աշխատում։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ես օգնում եմ, զրուցում եմ, որ չձանձրանա։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ինչ ասացի՞ր… դու պիտի աշխատես։ Ես իրավասու եմ։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Դա ի՞նչ է նշանակում։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Եթե չաշխատես…
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Սպառնո՞ւմ ես… (Մոտենում է 1-ինին, նստում կողքը։) Դու ասացիր, որ զրուցեմ նրա հետ, իսկ այղ ապուշն ինձնից պահանջում է, որ աշխատեմ։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (գետնից մի փայտ է վերցնում և անսպասելի խփում 2-րդի գլխին։ Նա ուշաթափվում է։) Հը՛, կաշխատե՞ս, հիմա կաշխատե՞ս, ապուշ։ Ինչո՞ւ ես ստիպում ծայրահեղ միջոցների դիմել։ (3-րդին.) Սրան տար նրա մոտ, թող աշխատի։
3-րդը 2-րդին քարշ տալով մոտեցնում է 4-րդին։ Նա ուշքի է գալիս։
2-րդ ՏՂԱՄԱՐԴ – Իսկ դո՞ւք… դուք ի՞նչ եք անելու։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (3-րդին)։ Դրան բացատրիր, որ ամեն մեկն իր գործն ունի։ Մենք մեր գործն ենք անում, նրանք՝ իրենցը։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ասացիր,էլի…
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր… Սրիկա։ Դու գիտե՞ս՝ ով եմ։ (3-րդին.) Ասա նրան, որ իմանան՝ ես ով եմ, դու ով ես, իրենք ով են։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — (4-րդին)։ Հասկացա՞ր, սրիկա, հասկացա՞ր՝ ովքեր եք դուք։ Դե, աշխատեք, աշխատեք…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացիր… տեսնո՞ւմ ես, աշխատում են։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (3-րդին)։ Դե, հսկիր դրանց:
5-րդ ՏՂԱՄԱՐԴ — (դադարեցնում է աշխատանքը, բորբոքվելով)։ Դուրամա սկա մկո նգո բիկա…
6-րդ ՏՂԱՄԱՐԴ — (նույնպես բորբոքվելով): Բորո, սոկորոադոկ սայո… նոկեր պոկի…
Քաշքշում են իրար։ 5-րդը փախչում է, 6-րդը հետապնդում է նրան։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դրա՞նց ինչ պատահեց… Ասում եմ, չէ՞, անտեր կկորչեն։ Դրանց էլ պիտի տեր կանգնել ու աշխատեցնել։
7-րդ ՏՂԱՄԱՐԴ — Մաբիրա կոստրա կամա… (Դադարեցնում է աշխատանքը։)
8-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բաս նեկ ի կոնտարա։
Կռվում են։ 7-րդը փախչում է, 8-րդը հետապնդում է նրան։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Այ քեզ ապուշներ… Չես հասկանում՝ ինչ են անում։ Ասո՞ւմ եմ՝ կկորչեն, մեղք են, մարդիկ են… Պետք է օգնել նրանց, տեր կանգնել։ (2-րդին, 3-րդին և 4-րդին, ովքեր զարմանքով հետևում էին 5-րդին և 6-րդին, հետո՝ 7-րդին և 8-րդին։) Ի՞նչ եք շնթռկել, աշ-խա-տե՛ք։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Մի քիչ չհանգստանա՞նք։ Մարդ ենք վերջապես։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Չտեսա՞ք, ինչ է լինում ծույլերի հետ: Բան ու գործ չունեին, ոչ ոք տեր չէր կանգնում, դրանք էլ անխելքությունից, անտերությունից իրար կոկորդ կրծեցին… (3-րդին:) Ինչո՞ւ ես թերանում, թե՞ ձանձրացար։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Չէ, ի՞նչ ձանձրանալ… Անցեք գործի, ստահակնե՛ր, սովոր եք ձրիակերության։ (Փայտով խփում է 4-րդին, 2-րդը վախից ավելի եռանդով է աշխատում։)
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Սրիկաներ, չի՞ կարելի մի քանի րոպե հանգստանալ։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ինչ ասացի՞ր, խոզ, ի՞նչ ասացիր։ (Խփում է 4-րդին, նա ընկնում է։ 2-րդը վախից ավելի եռանդով է աշխատում։)
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Կեցցես։ Դրանց այդպես է պետք։ Քեզ հսկիչ եմ նշանակում։ Քո նախնիները իսկական հսկիչներ են եղել։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես արդե՛ն հսկիչ եմ։ Ես ավելի բարձր պաշտոն էի ակնկկալում:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դու հսկող էիր, իսկ այժմ՝ հսկիչ, իսկ դա անհամեմատ ավելի բարձր պաշտոն է։ Բայց տես, հանկարծ չհուռանաս ու չմոռանաս շնորհակալ լինել քո բարերարներին:
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Շնորհակալ եմ:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Հնում մեր նախնիներին իշխան էին կոչում։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — Շնորհակալ եմ, իշխան։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դե, սկսիր, շարունակիր աշխատանքդ։ Արդարացրու քո նկատմամբ ցուցաբերվող վստահությունը։
3-րդ ՏՂԱՄԱՐԴ — (2-րդին)։ Վեր կաց, տականք, մի ձևացրու։ (Խփում է, 2-րդը դժվարությամբ սկսում է աշխատել։)
2-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ախր, ո՞նց կարող եք… ախր, դուք էլ եք մարդ…
3-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ձա՛յնդ, տականք…
Անսպասելի 2-րդը փախչում է: Մի պահ բոլորը ապշած են:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ եղավ… ո՞ւր գնաց… ինչո՞ւ փախավ… (3-րդին.) Ե՛տ բեր նրան, շո՛ւտ: (3-րդը մի քանի քայլ է անում:) Կանգնի՛ր, եթե գնաս, ո՞վ կհսկի… Դու հսկիր, ես կգնամ նրա ետևից… (Մի քանի քայլ է անում:)
Հայտնվում է Ծերունին:
ԾԵՐՈՒՆԻ – Ո՞ւր ես գնում:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Նորի՞ց դու…
ԾԵՐՈՒՆԻ – Ուզո՞ւմ ես իմանալ, ուր գնաց:
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դու գիտե՞ս:
ԾԵՐՈՒՆԻ – Նա հարևան երկրում է: Այդ երկրի իշխանը նրա աշխատասիրության ու ճշտակատարության համար նրան աշխատանքի նախարար է նշանակել։ Դու չես կարող նրան վերադարձնել, փոխարենը կարող ես այնպես անել, որ նման փախուստներ այլևս չլինեն։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Դա անհնար է։ Նա բեռնակիր էր, ամբողջ կյանքում պիտի աշխատեր։ Դա ի՞նչ երկիր է, որտեղ դրա նման ապուշներն են պաշտոն ստանում։ Այնտեղ չի կարող կարգ ու կանոն լինել, այնտեղ մարդիկ չեն կարող երջանիկ լինել։ Պետք է ջնջել նման երկիրը, վերացնել աշխարհի երեսից, որ հանկարծ օրինակ չլինի…
ԾԵՐՈՒՆԻ – Նրանք էլ են այդպես մտածում։ Դրա համար էլ իրենց երկրի ժողովրդին հեռացրին ձեր սահմաններից, որ չտեսնեն ձեր ապրելակերպն ու չընդօրինակեն ձեզ։ Ձեր կերպարով բոլորին թշնամացրիք ձեզ։
Գալիս են 5-րդը, 6-րդը, 7-րդը, 8-րդը, անխոս աշխատում են:
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Եկան։ Բա ինչո՞ւ եկան։
ԾԵՐՈՒՆԻ – Սրանք հանցագործներ են, որոնք առժամանակ մեկուսացվել են։
1-ին ՏՂԱՄԱՐԴ — Բայց մենք ի՞նչ մեղք ունենք… Մենք բարձր, վսեմ մարդիկ ենք։ Նրանք պիտի փոխվեն, նրանք պիտի մեզնից սովորեն բարձր, վեհ կյանքի ձևերը։ Ես պատրաստ եմ, ես նրանց կսովորեցնեմ, թե ինչպես պետք է ապրել:
ԾԵՐՈՒՆԻ – Եթե միայն դու լինեիր այդպիսին, եթե միայն քեզնից կախված լիներ բոլորի ներկան ու ապագան, ես մի բան կմտածեի… Բայց բոլորդ էլ նույնն եք։ Մնում է հանգիստ թողնել ձեզ, ավելի ճիշտ՝ թողնել բախտի քմահաճույքին:
Աղմուկ է լսվում:
1-ին ՏՂԱՄԱՐԴ — (շփոթված)։ Ի՞նչ աղմուկ է։
ԾԵՐՈՒՆԻ – Պատերազմ է։ Նոր թափառական հարևաններ են հայտնվել…
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Պատերա՞զմ… ի՞նչ պատերազմ, ի՞նչ հարևան…
ԾԵՐՈՒՆԻ – Դաժան, անբարյացակամ հարևան։
1-ին ՏՂԱՄԱՐԴ – Դու ի՞նչ գիտես… Դո՞ւ ես սադրել, սրիկա, դո՞ւ ես մատնել մեզ։ (Խփում է Ծերունուն:)
4-րդը ձեռքի գործիքով խփում է 3—րդին, նա ընկնում է։ 1-ինը փախչում է։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (3–րդին)։ Ի՞նչ ես շշմել, գործի անցիր։ (Ծերունուն.) Դու էլ աշխատիր, բիձա՛: Ինձ բանողներ են պետք։
ԾԵՐՈՒՆԻ – Դու է՞լ իշխան դարձար։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ես մի՛շտ եմ իշխան եղել, իմ նախնիներն են իշխան եղել։ Դե, աշխատի՛ր…
ԾԵՐՈՒՆԻ – Ես հաճույքով կաշխատեի…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (ընդհատում է)։ Սկսի՛ր, բիձա: (Հրում է Ծերունուն։) Չե՞ս հասկանում… լավ… (Խփում է նրան: 3-րդը դադարեցնում է աշխատանքը։)
ԾԵՐՈՒՆԻ – Ի՛նչ մարդ եք դուք, չեմ կարող ձեզ հասկանալ։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – (3-րդին)։ Աշխատիր, խո՛զ: (Հարձակվում է նրա վրա։ Ծերունին գնում է։ 3-րդը աշխատում է։ Գալիս են մի քանի տղամարդ ու քիչ հեռվում կանգնած՝ դիտում։) Դուք ո՞վ եք… ինչո՞ւ չեք աշխատում։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Սրիկա, ձեզ ո՞վ է թույլատրել մշակել մեր հողերը։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Սրանք մեր հողերն են, մեր նախնիները միշտ այստեղ են ապրել։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – Նախնինե՞ր… դա ի՞նչ է։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Իմ նախնիները իշխաններ են եղել, նրանք հզոր ու անկախ են եղել։ Ոչ ոք չի համարձակվել խախտել մեր անդորրը։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — (որոշակի ակնածանքով)։ Իսկ որտե՞ղ են նրանք։ Կարո՞ղ ենք խոսել նրանց հետ: Հուսով եմ, ընդհանուր համաձայնության կգանք։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (շվարած)։ Իմ նախնինե՞րը… Իհարկե, ինչ խոսք, մենք կխոսենք, անպայման կխոսենք, և ես վստահ եմ, որ մենք անպայման կհամաձայնենք, մենք բարեկամներ ենք… Բայց այս խոզերին նայեք։ (Մատնացույց է անում 3-րդին:) Տեսեք, ոնց են աշխատում։ Իմ բեռնակիրներն են, ինձ համար են աշխատում։ Եթե մենք համաձայնության գանք, նրանք մեզ համար կաշխատեն, իսկ արդյունքը կկիսենք։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — (9-րդին)։ Ենթադրում եմ, որ սա ոչ մի նախնի էլ չունի։ Փորձում է մեզ խաբել։ Ինչո՞ւ կիսենք արդյունքը։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (կասկածանքով)։ Դե, համաձա՞յն եք… Հենց հիմա նրանց կասեմ, որ ձեզ համար էլ աշխատեն։ (Մոտենում է 3-րդին:) Աշխատե՛ք, պորտաբույծներ, ավելի՛ եռանդուն, նրանց համար էլ աշխատեք… (Խփում է 3-րդին, նա ավելի եռանդով է աշխատում։)
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Քիչ սպասենք։ Գուցե իսկապե՞ս նախնի ունի։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Չունի, ասում եմ։ Եթե վստահ լիներ իր ուժին, մեզ միանգամից կվռնդեր, ոչ թե կիսվելու առաջարկ կաներ։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ճիշտ է։ (4-րդին.) Էյ, սրիկա, ո՞ւր են նախնիներդ։ Եթե հենց հիմա նրանց ցույց չտաս…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես իսկական իշխան եմ։ Ո՞նց եք համարձակվում սպառնալ ինձ։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն ստո՞ւմ ես… ստո՞ւմ ես, թափթփուկ։ (Ծեծում են 4-րդին։)
5-րդը, 6-րդը, 7-րդը, 8-րդը դադարեցնում են աշխատանքը։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (5-րդին, 6-րդին, 7-րդին, 8-րդին)։ Ինչպե՞ս կարող եք հանգիստ նայել… Դուք պիտի օգնեք ինձ, սրանց պիտի վռնդեք մեր հողերից։ Ինձ ծնկի բերելուց հետո հերթը ձեզ կհասնի։
5-րդ ՏՂԱՄԱՐԴ – Հակի նոկայի գավոյիսա…
6-րդ ՏՂԱՄԱՐԴ — Հատա յատա կոարակորա…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ են ասում այս ապուշները։ Նրանց աչքի առաջ մարդ են ծեծում, տանջամահ անում, իսկ նրանք հանգիստ նայում են, տականքնե՛ր…
Հայտնվում է Ծերունին։ 9-րդը և 10-րդը դադարեցնում են ծեծը։
ԾԵՐՈՒՆԻ – Նրանք ուրախ են, որ քեզ ծեծում են։ Ասում են, որ դուք սրիկաներ ու խարդախներ եք։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ… գժվե՞լ են։ Նրանց բացատրիր, որ ինձնից հետո նրանց հերթն է։
ԾԵՐՈՒՆԻ — Նրանք գիտեն, նրանք ամեն ինչ գիտեն… Իսկ սրանք… (Մատնացույց է անում 9-րդին և 10-րդին։) Սրանք գողությամբ ու թալանով ապրող թափառականներ են։ Նախ փորձեցին նրանց ճնշել… (Մատնացույց է անում 5-րդին և 6-րդին։) Չկարողացան, կատաղեցին, հիմա էլ ձեզ են վրա տվել, ձեզնից են վրեժ լուծում։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ինչո՞ւ չկարողացան։ Մեզնից լա՞վն էին, ինչ է։
ԾԵՐՈՒՆԻ — Նրանք ժամանակին հրաժարվեցին «Տերեր ու ստրուկներ» խաղից։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ էս ուզում ասել, բիձա։ Ես իշխան եմ, իմ նախնիները իշխաններ են եղել։
ԾԵՐՈՒՆԻ — (ցավով)։ Լավ, ուրիշ երգ չգիտե՞ս… Ավելի երգեցիկ, ավելի մեղեդային…
9—րդը և 10-րդը ինչ-որ բան են ասում իրար և վերսկսում ծեծը։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – (լալագին)։ Գոնե դու ինձ փրկիր, բիձա։ Բոլորը փախան, լքեցին ինձ։
ԾԵՐՈՒՆԻ – Ես միշտ օգնել եմ ձեզ, բայց դուք չեք հասկացել ու շարունակել եք ձեր անմիտ խաղերը։ Հիմա արդեն ուշ է։ Անցյալն է ներկային առաջ մղում, ներկան՝ ապագային։ Ձեր անցյալում միայն «Իշխաններ ու մշակներ» խաղն է, ուրիշ ոչինչ…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – (9-րդին և 10-րդին)։ Թողեք ինձ, խնդրում եմ… ես ավելի լավ առաջարկ ունեմ… դուք գոհ կլինեք։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ – Թող ասի…
4-րդ ՏՂԱՄԱՐԴ — (մատնացույց անելով 3-րդին)։ Այդ խոզերին նայեք, տեսեք՝ ոնց են աշխատում։ Հասկացեք, նրանք իմ բեռնակիրներն են, նրանք ինձ համար են աշխատում։ Եթե համաձայն եք, նրանք բոլորիս համար կաշխատեն։ Իսկ արդյունքը… մի բան կմտածենք, հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ լավ կլինի:
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ձեռ է առնում մեզ…
9-րդը և 10-րդը վերսկսում են ծեծը:
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – Լավ, կասեմ, միայն մի խփեք, սպասեք… (Ցույց տալով Ծերունուն:) Նրա մոտ է մեր հարստությունը, նա է ամեն ինչ թաքցրել…
3-րդը, օգտվելով խառնաշփոթից, փախչում է։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ – Նրա մո՞տ…
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ստում է: Նորից ուզում է խաբել։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ եթե ճի՞շտ է ասում… (Բռնում է Ծերունուն:) Որտե՞ղ ես թաքցրել հարստությունը, բիձա…
Ծեծում են Ծերունուն։ 4-րդը մի կերպ ոտքի է կանգնում ու փախչում է։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — (նկատելով 4-րդի փախուստը)։ Փախավ… թող բիձուն… Ասացի՝
ստում է, չհավատացիր։ Տեսա՞ր, ոնց փախան, հիմա ի՞նչ անենք։ Ո՞վ կմշակի այս հողերը: Հո էս բիձուն չե՞նք աշխատեցնելու:
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Գնա՞նք նրանց ետևից:
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – Իսկ եթե չգտնե՞նք… Ժամանակն իզուր կկորչի, հողը կչորանա: Մեզ մշակներ են պետք։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Բա ի՞նչ անենք։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ, բայց ինչ-որ բան պետք է անել։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Գլուխս էլ ցավեց մտածելուց։ Մի՞թե ելք չկա։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – Լսիր, բայց մենք իշխաններ չենք, մեր նախնիները իշխաններ չեն եղել։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ – Դա ի՞նչ կապ ունի…
9-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ուրեմն կարող ենք աշխատել։ Հենց հիմա էլ վերցնենք գործիքներն ու սկսենք աշխատել… հը՞…
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ է։ Բայց եթե այսքան հասարակ էր խնդրի լուծումը, ինչո՞ւ գլխի չէինք ընկնում։ (Սկսում է աշխատել։) Տես, ինչքան հեշտ է։
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – (սկսում է աշխատել)։ Այ քեզ հրաշք։ Նույնիսկ հաճելի է։ Լավ է, ժամանակին գլխի ընկանք, որ իշխաններ չենք։ (Ծերունին նստում է։) Էյ, բիձա, չե՞ս ուզում աշխատել, թե՞ քո նախնիները իշխաններ են եղել ու կուրծքդ ուռչում է հպարտությունից։
ԾԵՐՈՒՆԻ – (ժպտում է)։ Հաճույքով կաշխատեմ ձեզ հետ։
4-րդ ՏՂԱՄԱՐԴ – (վերադառնում, կանգնում է քիչ հեռու)։ Հաղթանա՛կ, տականքներ, դե, տանջվեք, աշխատեք, տե՛ղն է ձեզ, սրիկանե՛ր։ (Հեռանում է։)
9-րդ ՏՂԱՄԱՐԴ – Ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը։ Ո՞ւմ է հաղթել։
10-րդ ՏՂԱՄԱՐԴ — Երևի իր բեռնակիրներին…