ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
ՍԻՐԵՐԳ
Հովվերգություն չորս պատկերով
Գործող անձինք
ՆԱ
ՆԵ
Միջավայրը Տիեզերքն է: Վերևում և բեմի վրա փոքր ու մեծ աստղեր, մոլորակներ: Ետնաբեմի էկրանին Հարդագողի ճանապարհն է՝ շարժման մեջ:
Առաջին պատկեր
Նան, աստղերից մեկի վրա նստած, ձանձրույթով խատուտիկ է փչում, ապա փափուլներից մեկի ետևից ընկած, անընդհատ փչելով պահում է օդում: Անսպասելիորեն բախվում է ներս մտնող Նեին:
ՆԱ — Դու… դու որտեղի՞ց հայտնվեցիր:
ՆԵ — (խաղացկոտ): Այնտեղից, որտեղ աստղերը սեր են արարում:
ՆԱ — Սե՞ր… Ինչ բան է սերը:
ՆԵ — (աստղերից մեկի ետևն անցնելով, ամոթխած): Սերը կարոտի դուստրն է:
ՆԱ — Ի՞նչ բան է կարոտը:
ՆԵ — (տեղը փոխելով): Կարոտը մենությունը վանող կիրքն է:
ՆԱ — (ետքից գնալով): Ի՞նչ բան է կիրքը:
ՆԵ — Կիրքը սիրո ծափահարությունն է:
ՆԱ — Այդքանը որտեղի՞ց գիտես:
ՆԵ — (ուսերը թոթվելով, անկեղծորեն): Քեզ նայելիս ակամա ասում եմ:
ՆԱ — Ես ուզում եմ կիրք, կարոտ, սեր ունենալ:
ՆԵ — (առաջանում է): Հպվիր ինձ, որ բացվի ակունքը:
ՆԱ — Որտե՞ղ է ակունքը:
ՆԵ — Ափդ կրծքիս դիր:
ՆԱ — Կո՞ւրծք… բայց սա խնձոր է:
ՆԵ — Քոնն է: (Քրքջալով դուրս է փախչում: Նան հետապնդում է նրան:)
Բեմն առժամանակ դատարկ է:
Ասես ինչ-որ մեկից հետապնդվելով, մտնում է Նեն:
ՆԵ — Ահ… սա ի՞նչ բան է…
Ինչո՞ւ է սիրտս արագ բաբախում
և քիչ է մնում դուրս թռչի բնից:
Կարծես թե մեկը ինձ հետևում է, տեղս չեմ գտնում…
Տեր Աստված, ինչ է կատարվում ինձ հետ:
Խաբեցի նրան… նրան խաբեցի՜…
Նա ինձ հարցրեց՝ որտեղի՞ց ես դու,
իսկ ես ասացի՝ այնտեղից, որտեղ սեր են արարում:
Ի՞նչ բան է սերը,- հարցրեց նա ինձ:
Սերը կարոտի դուստրն է,- ասացի:
Սերը կարոտի…
Սերը կարոտի դո՞ւստրն է իրապես,
ինքս էլ չգիտեմ:
Բայց ի՞նչ է սերը… Տեր, ի՞նչ է սերը…
Այն է, որ հիմա նրան հիշելիս տեղս չե՞մ գտնում,
թե՞, որ ուզում եմ միշտ կողքին լինել:
(Կարճ դադար):
Նրան տեսնելով իմ շուրջն ամեն ինչ իմաստ ստացավ՝
ամեն մեկն իրեն հարմար բառերով:
Այնքա՜ն նոր բառեր,
որ մինչև հիմա ոչ լսել էի, ոչ էլ իմացել,
բայց հիմա արդեն ակունքից լսվող
կարկաչի նման,
հնչում են իմ մեջ և դուրս են ժայթքում՝
շուրջս լցնելով բառ ու հնչյունի,
տեսքի և գույնի մի ներկայացում…
Ահա, ծաղիկ է իմ մտքով անցնում
և իմ հայացքում մեղմ օրորվում են թերթերը նրա
և բուրվառում են հազար մի բույրեր:
Տես, հո՜վ եմ ասում… Երբ ասում եմ՝ հո՜վ,
այտս շոյվում է բառից ալիքվող զեփյուռի թևով:
Ծփանք… ծուփ-ծըփանք… ցայտում են կայտառ
ալիք ու կոհակ:
Բայց, երբ ասում եմ՝ կարոտ և կամ սե՜ր՝
նա է հայտնվում աչքերիս առջև… (Դուրս է փախչում:)
Բեմն առժամանակ դատարկ է:
Մտնում է Նան՝ փնտրող հայացքով:
ՆԱ — Տեսի՞լք էր արդյոք, թե՞ աստղափոշի աչքերս լցվեց
և ձև ու մարմնի պատկեր գոյացավ:
Խաբկանք էր իրոք, բայց այնքա՜ն անուշ և ախորժելի:
(Ափը բացում է, զննում:)
Ի՜նչ հաճելի էր նրա խնձորի հպումը ձեռքիս…
Գուցե հենց դա՞ է պտուղն արգելված
և ես չար ոգու թակա՞րդն եմ ընկել:
Եթե այդպես է՝ մեղսագործ եմ ես: Տերը չի ների:
Բայց ինչ էլ լինի, մեկ ուրիշ հրաշք չեմ պատկերացնում,
որ այսպես գերի, կախարդի միտքս, հայացքս, շունչս,
հմայի այնպես, որ ես… ինքս չեմ և ամենևին այն չեմ լինելու,
ինչ որ եղել եմ:
Տեր, ես ուրիշ եմ դարձել իրապես և չէի ուզի հին նույնը լինել:
(Դուրս է գնում:)
Երկրորդ պատկեր
Մտնում է Նեն, այս ու այն կողմ նայելով փնտրում է՝ Նային, չի գտնում:
Տխրում է:
Վազքով մտնում է Նան: Տեսնելով աղջկան՝ մեխվում է տեղում:
Նեն կամակոր շրջվում է նրանից:
ՆԱ — (վեհերոտ մոտենում է): Դու… դու ո՞վ ես:
ՆԵ — Չգիտեմ… Իսկ դո՞ւ ով ես:
ՆԱ — Ես Նան եմ:
ՆԵ — Ուրեմն ես էլ եմ Նա:
ՆԱ — Չի կարելի:
ՆԵ — Ինչո՞ւ:
ՆԱ — Երկրորդ Նա չի լինում;
ՆԵ — (գլխավերևի աստղը նրա կողմը հրելով): Լինո՛ւմ է:
ՆԱ — (դեպի նա աստղ հրելով): Չի՛ լինում:
ՆԵ — (կամակոր): Լինո՛ւմ է: (Մի ուրիշն է հրում:)
ՆԱ — (աստղ հրելով): Չի՛ լինում:
Վիճաբանելով ճոճում են բոլոր աստղերը:
ՆԵ — Լինո՛ւմ է:
ՆԱ — Չի՛ լինում:
ՆԵ — Լինո՛ւմ է:
ՆԱ — Չի՛ լինում:
ՆԵ — Ախ, այդպե՜ս… Ուրեմն ես էլ Նե կլինեմ:
ՆԱ — Նե՞:
ՆԵ — Հենց՝ Նե՛:
ՆԱ — Դա ի՞նչ բան է:
ՆԵ — Ես եմ՝ Նե:
ՆԱ — (մոլորակի վրա տիրաբար նստելով): Ինչ կուզես եղիր, բայց այստեղ մեկն է և այդ մեկը ես եմ: Երկրորդը չի կարելի:
ՆԵ — Կարելի՛ է:
ՆԱ — Չի՛ կարելի:
ՆԵ — (կամակոր): Կարելի՛ է:
ՆԱ — Չի՛ կարելի:
ՆԵ — (ոտքը գետնին խփելով): Կարելի՛ է:
ՆԱ — Չի՛ կարելի:
ՆԵ — Էլ ի՞նչ չի կարելի:
ՆԱ — Արգելված պտուղն ուտել չի կարելի:
ՆԵ — Միայն այդքա՞նը:
ՆԱ — Միայն այդքանը:
Նեն կտրուկ շրջվում, խռոված հեռանում, նստում է աստղերից մեկին:
ՆԱ — (հաշտություն փնտրելով): Տերն է այդպես որոշել, ես ի՞նչ մեղք ունեմ:
ՆԵ — Իմանայի, որ այդպես է, չէի գա: (Նան չի արձագանքում: Ավելի բարձր:) Իմանայի, որ այդպես է, չէի գա: (Նան չի արձագանքում:) Ես գնամ… Ես գնացի:
ՆԱ — Կա՛ց:
ՆԵ — Ինչո՞ւ համար:
ՆԱ — Սպասիր:
ՆԵ — Ո՞ւմ:
ՆԱ — Գլուխս պտտվեց: Տարօրինակ է… Մինչև քո հայտնվելը այսպիսի բան չէր պատահել:
ՆԵ — Ի՞նչ պատահեց:
ՆԱ — Ես մտածում եմ:
ՆԵ — Դա ի՞նչ է… մտածել:
ՆԱ — Ես խոսք եմ հորինում:
ՆԵ — Որտեղի՞ց ես հորինում:
ՆԱ — Մտքից:
ՆԵ — Միտքը որտեղի՞ց:
ՆԱ — Շնչից:
ՆԵ — Շունչը որտեղի՞ց:
ՆԱ — Հրից:
ՆԵ — Հուրը որտեղի՞ց:
ՆԱ — Քեզնից:
ՆԵ — Ես որտեղի՞ց:
ՆԱ — Գոյից:
ՆԵ — Իսկ դո՞ւ:
ՆԱ — Ես էլ եմ Գոյից:
ՆԵ — Գոյն ի՞նչ է:
ՆԱ — Նա մեկն է՝ առանց երկրորդի: Նա ցանկացավ, որ ինքը բազում լինի և ծնեց մեզ:
ՆԵ — Այդքանը որտեղի՞ց գիտես:
ՆԱ — (ուսերը թոթվելով, անկեղծորեն): Քեզ նայելիս ակամա ասում եմ:
ՆԵ — Իմ գլուխն էլ պտտվեց:
ՆԱ — Ուրեմն մտածիր, թե ինչ անենք: Մտածի՛ր:
ՆԵ — Մի խանգարիր, թող մտածեմ… Գոյից՝ մե՜նք, մեզնից՝ հո՜ւր… հրից ՝ շո՜ւնչ, շնչից՝ մի՜տք, մտքից՝ խո՜սք… խոսքից… իսկ խոսքի՞ց… խոսքից՝ գործ… Գտա՜, գո՛րծ:
ՆԱ — Գործ… Ի՞նչ ենք անելու:
ՆԵ — Խաղալու ենք:
ՆԱ — Խաղը գո՞րծ է:
ՆԵ — Բոլոր գործերը խաղ են:
ՆԱ — Ցույց տուր:
ՆԵ – (խաղ հնարելով): Վա՞յ, ի՜նչ սիրուն աստղ է…
ՆԱ — (վերև նայելով): Ո՞ր մեկը: Բոլոր աստղերը սիրուն են:
ՆԵ — Ա՛յ, այն մեկը, որն ինձ է նման:
ՆԱ — (մեկ նրան, մեկ՝ երկնքին նայելով): Չեմ գտնում:
ՆԵ — Ուշադիր նայիր, առկայծում է: (Երկնքով տարված տղայի ափը բռնում, հպում է իր կրծքին: Լսվում է սրտի տրոփյունը:) Առկայծում է…
ՆԱ — (հայացքը՝ երկնքին, զմայլված): Առկայծում է…
ՆԵ — Խոսիր, մի բան ասա:
ՆԱ — (սևեռվում է աղջկա կրծքին): Առկայծո՜ւմ է…
ՆԵ — Ես քեզ հուր տվեցի:
ՆԱ — Հուրը շունչ տվեց ինձ:
ՆԵ — Շունչը միտք ծնեց:
ՆԱ — Միտքը խոսք տվեց:
ՆԵ — Խոսքը գործ է ծնում:
ՆԱ — (ափը նրա կրծքից չհեռացնելով՝ գրկում, պտտվում են): Ես սավառնո՜ւմ եմ…
ՆԵ — Ես քեզ երկինք տվեցի՜:
ՆԱ — Ես ճախրո՜ւմ եմ…
ՆԵ — Ես քեզ թևեր տվեցի՜:
Պտտվելով դուրս են ելնում:
Երրորդ պատկեր
Նեն, Սատուրնի օղակի վրա նստած, խոհերի մեջ է:
Նան անձայն մոտենում, ճոճում է նրան:
Առժամանակ լուռ են:
ՆԵ — Դե խոսիր, ջա՜նս… էլի մի բան ասա,
ես կարոտեցի քո ձայնին:
Ի՞նչ ես մտածում, ինձ հետ մտածիր,
ի՞նչ ես խորհում, ինձ հետ խորհիր,
ի՞նչ ես երազում, ինձ հետ երազիր,
որ լցվեմ քեզնով, որ ես դառնամ դու,
դու դառնաս մենք…
ՆԱ — Ես չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ…
Ես չգիտեմ, թե քեզ ի՞նչ ասեմ…
Եթե մենք լինեինք արևի վրա,
ես կասեի, որ քո հուրն է նրան ջերմացնում,
եթե լինեինք բողբոջի մեջ,
ես կասեի, որ քո բույրն է թովում նեկտարին…
Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ…
Ես չգիտեմ, թե քեզ ինչ ասեմ…
ՆԵ — Դու չգիտես, թե ինձ ի՞նչ ասես…
Խենթո՜ւկ…
Դու արդեն ասացիր…
Դու արդեն ասացիր…
Խոսի՜ր, էլի խոսիր…
ՆԱ — Ես քեզ փնտրեցի անապատում ու չգտա…
Ես օտար էի և անտարբեր…
ՆԵ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար անապատում,
ես օտար էի ու անտարբեր…
ՆԱ — Ես քեզ փնտրեցի կուսական անտառում ու չգտա…
ՆԵ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար կուսական անտառում,
ես անցողիկ էի ծաղկել-թոշնելով…
ՆԱ — Ես քեզ փնտրեցի լեռների ծերպերին ու չգտա…
ՆԵ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար լեռների ծերպերին,
ես անշունչ էի ու կոշտ…
ՆԱ — Ես քեզ փնտրեցի ջրերի խորքերում ու չգտա…
ՆԵ — Ինչ լա՜վ է, որ ինձ չգտար ջրերի խորքերում,
ես համր էի ու անմիտ…
ՆԱ — Ես քեզ գտա այստեղ՝ մեր երկնքում
աստղերի հետ ճախրելիս և երջանի՜կ եմ…
ՆԵ — Ինչ լա՜վ է, որ գտար ինձ այստեղ՝ երկնքում
աստղերի հետ ճախրելիս,
ուր աղոթքներն են միայն հասնում,
ուր ապրում են միայն երազները:
Մենք երջանի՜կ ենք…
Հնչում է վալսը: Պարում են, պտտվում, հեռանում, դարձյալ փարվում, հրում են՝ ճոճում աստղերը:
ՆԱ — Եթե դու միայն կրակ լինեիր,
ես կերկնչեի քո մեջ լինելուց,
որ չմոխրանամ…
ՆԵ — Ես կրակ եմ բորբ
ու ջերմացնում եմ
քո մրսած հոգին:
ՆԱ — Թե ջուր լինեիր դու միայն,
ես կերկնչեի քո մեջ լինելուց,
որ չխորտակվեմ…
ՆԵ — Օվկիանոս եմ ես
անհո՜ւն, անհատակ,
և կենսատու եմ ամենայն գոյի,
ՆԱ — Թե հող լինեիր դու միայն,
ես կերկնչեի քո մեջ լինելուց,
որ չքայքայվեմ…
ՆԵ — Հո՜ղ եմ բարեբեր
ու բողբոջը քո ծաղիկ կդառնա
իմ կորովալից
ավիշով միայն:
ՆԱ — Թե օդ լինեիր,
ես կերկնչեի քո մեջ լինելուց,
որ չանէանամ…
ՆԵ — Օդ եմ ես անտես,
բայց եթե կուզես լինել,
մանավանդ`
զգալ ինձ կուզես,-
ինձ շնչես պիտի,
քո մեջ պարփակե՜ս…
ՆԱ — Ինձ պահիր քո հոգու մեջ,
որ սիրտս տուն ունենա…
ՆԵ — Ինձ պահիր քո սրտի մեջ,
որ հոգիս չտոչորվի ծարավից…
ՆԱ և ՆԵ – (միասին): Մեր սերը գեղեցիկ է, և մենք գեղեցիկն ենք սիրո…
ՆԵ – Ինձ պահիր քո հոգու մեջ,
որ հոգիս ճախրանք ունենա…
ՆԱ — Ինձ պահիր քո հոգու մեջ,
որ հոգիս աղոթք ունենա…
ՆԱ և ՆԵ- (միասին): Մեր սերը հրճվանք է և մենք հրճվանքն ենք սիրո…
ՆԱ — Ինձ պահիր քո մեջ,
որ հոգիս ապական չլինի…
ՆԵ – Ինձ պահիր քո մեջ,
որ հոգիս տկար չլինի…
ՆԱ և ՆԵ- (միասին): Սերը աղոթք է և մենք աղոթքն ենք սիրո…
ՆԵ — Ես ծիածա՜ն եմ կամարված երկնքին ու երկրին…
ՆԱ — Ես գո՜ւյն եմ, ծիածանի յոթ գույնը…
ՆԵ — Ես բո՜ւյր եմ ծաղկի թերթերի վրա…
ՆԱ — Ես հովն եմ, որ քաղում է բույրը…
ՆԵ — Ես լո՜ւյս եմ, բռնի՜ր ի~նձ… (Փախչում է:)
ՆԱ – (նրան հետապնդելով): Եղիցի լուո՜ւյս…
Չորրորդ պատկեր
Մտնում է Նեն: Նա հղի է: Զգուշավոր առաջանում է:
Նրան ընդառաջ մտնում է Նան:
ՆԱ — (զարմացած նրա անսովոր տեսքից): Սա ի՞նչ է:
ՆԵ — Պտուղ:
ՆԱ — (անհանգստացած): Դու կերե՞լ ես արգելված պտուղը…
ՆԵ — Չէ՜, ի՞նչ ես ասում…
ՆԱ – Բա ի՞նչ ես կուլ տվել:
ՆԵ — Սա մեր պտուղն է, դու տվեցիր ինձ, որ խնամեմ:
ՆԱ — Ե՞րբ:
ՆԵ — Երբ ինձ սիրում էիր:
ՆԱ — Դա՞ է սիրելը:
ՆԵ — Դա է:
ՆԱ — (ծնկում, ափերը զգուշորեն հպում է աղջկա փորին): Պտուղը շարժվեց:
ՆԵ — Նա ճանաչեց քեզ՝ իր հորը:
ՆԱ — Հա՞յր… Մի՞թե հայրը Տերը չէ:
ՆԵ — Բոլոր հայրերը Տեր են:
ՆԱ — Ես Տե՞ր եմ:
ՆԵ — Քո պտղի տերը:
ՆԱ — Ես ուզում եմ տեսնել իմ պտղին: Ինչո՞ւ ես թաքցրել:
ՆԵ — Կհասունանա՝ կտեսնես:
ՆԱ — Արգելված չէ՞:
ՆԵ — Օրհնված է:
ՆԱ — Համե՞ղ է:
ՆԵ — Շա՜տ:
ՆԱ — Անունն ի՞նչ է:
ՆԵ — ՆԱ կամ ՆԵ:
ՆԱ — Նա… Նե… Նա՜… Նե՜: Ուշադիր եղիր, օձը չխայթի նրան:
ՆԵ — Դու կպաշտպանես:
ՆԱ — Արևից չթոշնի:
ՆԵ — Դու կպաշտպանես:
ՆԱ — Կարկուտից չվնասվի:
ՆԵ — Դու կպաշտպանես:
ՆԱ — (բռնում է աղջկա ձեռքը): Գնանք այստեղից:
ՆԵ — Ո՞ւր…
ՆԱ — Երկիր: Կապրենք երկրի վրա:
ՆԵ — Մենք թողնո՞ւմ ենք դրախտը:
ՆԱ — Մենք մեր դրախտը կստեղծենք, որ ամեն ինչը մեր կամքով լինի ու մերը լինի:
ՆԵ — Օձը մերը կլինի ու չի՞ խայթի:
ՆԱ — Մենք հակաթույն կստեղծենք:
ՆԵ — Արևը մերը կլինի ու չի՞ այրի:
ՆԱ — Մենք ստվեր կստեղծենք:
ՆԵ — Կարկուտը մերը կլինի ու չի՞ վնասի:
ՆԱ — Մենք պատսպարան կստեղծենք:
ՆԵ — Այստեղ ստեղծենք՝ դրախտում:
ՆԱ — Մենք դրախտի բնակիչն ենք և ոչ տերը: Դրախտը մերը չէ: Գնանք:
ՆԵ — Տերը չի՞ բարկանա:
ՆԱ — Ինչո՞ւ պիտի բարկանա: Մենք արգելված պտուղը չենք կերել: Դրախտից ոչինչ չենք տանում: Իսկ պտուղը մերն է, մե՛ր սիրո պտուղը: Գնա՛նք:
ՆԵ — Սպասիր: Երկրի վրա… Աստծուց հեռու…
ՆԱ — Ինչո՞ւ հեռու: Չէ՞ որ Աստված ամեն տեղ է:
ՆԵ — (մտախոհ, ինքն իրեն): Աստված ամեն տեղ է:
ՆԱ — (հաստատակամ): Այո, Աստված ամեն տեղ է:
ՆԵ — Եղիցի սե՜ր:
ՆԱ — Եղիցի պտո՜ւղ:
ՆԵ — Եղիցի սե՜ր:
ՆԱ — Եղիցի պտո՜ւղ:
ՆԵ — Եղիցի սե՜ր:
ՆԱ — Եղիցի պտո՜ւղ… (Դուրս են գնում:)
Հնչում է վալսը: Բոլոր աստղերն ու մոլորակները տարուբերվում են: