Արթուր ԷԴԱՐ/ «ԲԱՐՁՐԱՀՈԳԻՆ»
Արթուր ԷԴԱՐԻ «ԲԱՐՁՐԱՀՈԳԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2005 թ., թիվ 8-9-ում
Մանկությունը… Հրաշքների ու անուրջների աշխարհը, որից, ուզած թե չուզած, բոլորս էլ գաղթեցինք մի օր: Վերցրինք մեզ հետ ամենաթանկը՝ տպավորությունները, և ճանապարհ ընկանք… Ճանապարհ: Երկրային մի անհայտ ճանապարհ, որի վերջն այդպես էլ չիմացանք՝ երկրի՞ վրա է լինելու, թե՞ երկնքում ինչ-որ տեղ: Տպավորությունները… Մանկական տպավորությունները… Տարատեսակ: Բազմաբնույթ: Եվ շատ խորհրդավոր… Տարօրինակ չթվա, բայց իմ մանկության երկու ամենաազդեցիկ տպավորությունները բուրմունքների հետ են կապված: Սովորական (սովորակա՞ն) հոտի… Թատրոնի դահլիճի և մեկ էլ, չզարմանաք, նոր փորված գերեզմանափոսի: Երկուսն էլ փոքր-ինչ մութ ու խոնավ, բայց ամառները՝ պաղ, իսկ ձմեռները՝ հաճելիորեն տաք և ցանկալի: Դուք ասում եք՝ հոտն այդպիսի հատկանիշներ չի՞ կարող ունենալ: Կարող է: Ես այն զգացել եմ: Սիրել եմ… Ես այն հիմա էլ սիրում եմ: Նրանք անփոխարինելի են: Այդ երկու հոտը: Թատրոնի դահլիճի: Եվ մեկ էլ՝ նոր փորված գերեզմանափոսի…
Այն ժամանակ, երբ դեռ մանուկ էի, բնականաբար, չէի հասկանում այդ երկու երևույթների խորհրդավորության գաղտնիքը… Մենք՝ երկու մանկահասակ դասընկերներ (որտե՞ղ ես, Գրիշա…), մինչև դպրոցն ավարտելը մեր օրը մթնեցնում էինք թատերական խմբակում և գերեզմանատանը: Մենք՝ երկու ընկեր, նույնիսկ սիրահարվել էինք մի մահացած աղջկա վրա, և երբեք չեմ մոռանա, թե ինչ ողբերգություն ապրեցինք, երբ աղջկա շիրմաքարի լուսանկարը հարազատները փոխարինեցին մահարձանով, որը բնավ էլ նման չէր մեր սիրած աղջկան…
Հիմա, երբ տարիքս արդեն առել եմ, բնականաբար, էլի՛ չեմ հասկանում այդ երկու երևույթների՝ արարման ու մահվան խորհրդավորության գաղտնիքը: Ես փորձում եմ: Ես մի կյանք քայլել եմ դեպի նրանք: Եվ դեռ չգիտեմ, թե այս ճանապարհի վերջն ուր է լինելու՝ երկրի՞ վրա, թե՞ երկնքում ինչ-որ տեղ… Եթե դուք գիտեք, հայտնեք ինձ edar@freenet.am
Մանկությունը… Հրաշքների ու անուրջների աշխարհը, որից, ուզած թե չուզած, բոլորս էլ գաղթեցինք մի օր… Վերցրինք մեզ հետ ամենաթանկը՝ տպավորությունները, և ճանապարհ ընկանք…
Արթուր ԷԴԱՐ
«ԲԱՐՁՐԱՀՈԳԻՆ»
Անավարտ դրամա, որ բարձր հոգու պատճառով էր
Գործող անձինք
ԿԻՆ
ԱՄՈՒՍԻՆ
ԾԵՐՈՒԿ
Գործողության վայրը՝ ամայի վայրում ծվարած քեմպինգի հյուրասենյակ:
Ննջասենյակից թափանցող լույսով լուսավորվում է կիսամութ հյուրասենյակը: Անհանգիստ ետուառաջ անող երիտասարդ Կինը սիգարետ է վառում, սակայն նույն վայրկյանին էլ հանգցնում է մոխրամանում: Ներս է մտնում Ամուսինը:
ԱՄՈՒՍԻՆ — Բարի երեկո, սիրելիս:
ԿԻՆ — Հասար վերջապես:
ԱՄՈՒՍԻՆ — (մոտենում է կնոջը համբուրելու): Պատկերացնել չես կարող…
ԿԻՆ — (խույս տալով): Դրա ժամանակը չէ: Ինչո՞ւ ուշացար:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, ասում եմ, էլի: Չես հավատա, բայց ճանապարհին մեքենան լռվեց… ԿԻՆ — (մտացրիվ): Լռվե՞ց, ասում ես…
ԱՄՈՒՍԻՆ — Հենց այդ է, լռվեց: Եվ առանց պատճառի: Անհրաժեշտ գնումներն արած վերադառնում էի… Ուղիղ երեք ժամ գլուխ էի ջարդում անսարքության պատճառն իմանալու համար, իսկ նա վերցրեց ու ինքն իրեն կարգի ընկավ:
ԿԻՆ — Ինքն իրե՞ն…
ԱՄՈՒՍԻՆ — Ինքն իրեն: Ուղղակի հրաշք: Ինչ է, չե՞ս հավատում:
ԿԻՆ — (մտազբաղ): Չէ, ինչո՞ւ: Հավատում եմ: Արդեն հավատում եմ:
ԱՄՈՒՍԻՆ — (թերահավատ): Ինչ-որ չի երևում… Դու այլ բանի մասին ես մտածում…
ԿԻՆ — Թերևս…
ԱՄՈՒՍԻՆ — Խանդում ես:
ԿԻՆ — Չէ, դա չէ:
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, դա է… Դու խանդում ես: Ու սա առաջին անգամը չէ: Մեր մեղրամիսն Աստծո կողմից մոռացված այս վայրում անցկացնելը քո գաղափարն է, քո…
ԿԻՆ – Ասացիր՝ Աստծո կողմից մոռացվա՞ծ…
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ դու, ինչ է, սրանից ավելի փախա՞ծ բնակավայր գիտես… Գուցե անմարդաբնակ կղզի՞:
ԿԻՆ — (մտազբաղ): Կարծում եմ, դա էլ չէր օգնի:
ԱՄՈՒՍԻՆ — Այ, տեսնո՞ւմ ես, խանդի համար պատճառ գետնի տակ էլ կգտնվի:
ԿԻՆ — (դադարից հետո, անտրամադիր): Ես հղիացել եմ:
ԱՄՈՒՍԻՆ — (անակնկալի եկած, ուրախ): Ինչպե՞ս… դու… արդե՞ն: Բայց… բայց դա հոյակապ է, սիրելիս: Դու… ինչո՞ւ ես տխրել, չէ՞ որ դա հենց այն է, ինչ մենք երազում էինք:
ԿԻՆ — (անհամարձակ): Չգիտեմ, ինչպես ասեմ քեզ…
ԱՄՈՒՍԻՆ — Էլ ինչ պիտի ասես: Պարզից էլ պարզ է. մենք երեխա ենք ունենալու:
ԿԻՆ — Չէ, դա այդպես չէ…
ԱՄՈՒՍԻՆ — (լրջանալով): Դու… չե՞ս ուզում երեխա ունենալ:
ԿԻՆ — (նյարդային): Դե ոչ, ուզում եմ… Պետք է ունենամ, բայց…
ԱՄՈՒՍԻՆ — Բայց… ի՞նչ:
ԿԻՆ — Բայց դա… քո երեխան չի լինի:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչպես թե՝ քո երեխան չի լինի…
ԿԻՆ — Դու պետք է հասկանաս ինձ:
ԱՄՈՒՍԻՆ — Բայց ի՞նչը… ի՞նչը հասկանամ:
ԿԻՆ — Դե, այն, որ… այն, որ… ես հղիացել եմ Բարձրյալ հոգուց:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչի՞ց…
ԿԻՆ — Ոչ թե ինչից, այլ ումից:
ԱՄՈՒՍԻՆ — Լավ, ումի՞ց՝ ասում ես…
ԿԻՆ — Բարձրյալ հոգուց:
ԱՄՈՒՍԻՆ — Կատակի սիրտ չունեմ, սիրելիս: Առանց այդ էլ այսօր շատ տարօրինակ բաներ են կատարվում: Առավոտյան էլեկտրական թեյնիկով ջուր դրեցի սուրճի համար, իսկ նա, ոնց կար, այդպես էլ մնաց սառը…
ԿԻՆ — Քո գնալուց հետո այդ թեյնիկով ջուր եմ տաքացրել սուրճի համար:
ԱՄՈՒՍԻՆ — Տեսնո՞ւմ ես… Հետո էլ մեքենայի մեջ նկատեցի, որ տարբեր գուլպաներ եմ հագել: Խնդրեմ: (Բարձրացնում է տաբատի փողքերը:) Բնականաբար, ետ չդարձա գուլպաներս փոխելու, որովհետև վատ նշան է: Սակայն բախտս էլի չբերեց: Բակից դուրս գալուց դիմացս մի ծերուկ հայտնվեց, ինչպես հեքիաթում…
ԿԻՆ — Սպիտակամորուս և ճերմակ շորերով:
ԱՄՈՒՍԻՆ — Դու տեսե՞լ ես նրան: Ավելի լավ, ուրեմն ինձ գժի տեղ չես դնի: Մի կերպ խույս տվի նրանից, բայց քո կողմի վրա երկու դուռն էլ խազվեցին… Մեքենան լռվեց: Հիմա էլ, խնդրեմ, դու… տարօրինակ ու անհեթեթ խոստովանություններ ես անում:
ԿԻՆ — Ինչ է, առաջին անգա՞մ ես լսում Բարձրյալ հոգուց հղիանալու մասին:
ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, բայց դա ի՞նչ կապ ունի մեզ հետ: Սա իրական կյանք է, հասկանո՞ւմ ես, իրական: Կարծում ես, ոչ այս ու ոչ այն՝ կվերցնեմ ու կհավատա՞մ քեզ… Կհավատամ քո ասածի՞ն:
ԿԻՆ — Բայց դա այդպես է… (Առանց ոգևորության:) Մեզ մեծ առաքելություն է բաժին ընկել՝ ծնել ու մեծացնել Փրկչին:
ԱՄՈՒՍԻՆ — (իրեն կորցրած): Չէ, ես չեմ դիմանա… ոչինչ չեմ հասկանում… (Կտրուկ:) Լսիր, սիրելիս, մինչ այս օրն ու պահը դու ոչ մի անգամ, լսո՞ւմ ես, ոչ մի անգամ ոչ մի ակնարկ չես արել ոչ մի «հոգու» մասին, չես խոստովանել, որ ինձնից բացի մեկ ուրիշն էլ է եղել քո կյանքում…
ԿԻՆ — Այդպես էլ կա… Դու իմ առաջին սերն ես և… միակը:
ԱՄՈՒՍԻՆ — Ուրեմն ինչպե՞ս հասկանամ…
ԿԻՆ — Ի՞նչը:
ԱՄՈՒՍԻՆ — Որ սիրում ես միայն ինձ, իսկ երեխա պիտի ունենաս ուրիշից:
ԿԻՆ — Բայց դա… այնքան էլ այդպես չէ: Այդ ուրիշը… Բարձրյալ հոգին է:
ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչ է նշանակում «բարձրյալ հոգի»: Դու կարո՞ղ ես ինձ բացատրել, հասկացնել, թե ի՞նչ բան է «բարձրյալ հոգին»: Դա ի՞նչ է, ի՞նչ… կամ ո՞վ է նա, քո նախկին համակուրսեցի՞ն, մանկության ընկե՞րը, ֆիզկուլտուրայի ուսուցի՞չը, շրջմոլի՞կ… Ո՞վ: Ասա ինձ: Ո՞վ…
ԿԻՆ — Արդեն ասել եմ՝ Բարձրյալ հոգին:
ԱՄՈՒՍԻՆ — Արդեն լսել եմ, սիրելիս: Բայց նա… պետք է, չէ՞, ինչ-որ բանի տեսք ունենա, ինչ-որ մեկին նման լինի, այլապես… (Տոնը փոխելով:) Դուք վաղո՞ւց եք ծանոթ:
ԿԻՆ — Ոչ: Ես… ես միայն այսօր եմ ծանոթացել նրա հետ:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչպե՞ս թե այսօր… Որտե՞ղ:
ԿԻՆ — Այստեղ, հյուրասենյակում:
ԱՄՈՒՍԻՆ — (շտապելով դեպի դուռը): Նա ո՞ր կողմը գնաց…
ԿԻՆ — Նա… ոչ մի տեղ չի գնացել… (Ամուսինը զարմանքից մեխվել է տեղում:) Նա… այստեղ է:
ԱՄՈՒՍԻՆ — Այսինքն… որտե՞ղ՝ այստեղ:
ԿԻՆ — Ննջարանում:
ԱՄՈՒՍԻՆ — Մեր ննջարանո՞ւմ… Գժվե՞լ ես…
ԿԻՆ — Նա խնդրեց, որ մենակ թողնեմ իրեն…
ԱՄՈՒՍԻՆ — Եվ դու հլու հնազանդ կնոջ պես թույլ տվեցիր, որ նա մեր անկողնու մեջ հաճույքից թավա՞լ գա…
ԿԻՆ — Չգիտեմ ինչպես… Դու պիտի շուտ գայիր:
ԱՄՈՒՍԻՆ — Ես նրան կսպանեմ… (Վճռական գնում է դեպի ննջարան:)
ԿԻՆ — Սպասիր…
ԱՄՈՒՍԻՆ — Լսել չեմ ուզում:
ԿԻՆ — Սպասիր, ասում եմ… (Ամուսինը կանգնում է:) Իզուր պատեպատ մի զարկիր քեզ: Նստիր: Ես քեզ ասի, չէ՞, նա Բարձրյալ հոգի է, ուրեմն և՝ անմահ:
ԱՄՈՒՍԻՆ — Խելքդ թռցրե՞լ ես… Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում: Ախր, տեսքիցդ էլ պարզ երևում է, որ ասածներիդ չես հավատում:
ԿԻՆ — Այո… դու ճիշտ ես: Կարծես երազում լինեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Տես, որ ես ճիշտ եմ: (Շարժվելով դեպի ննջարան:) Հիմա կտեսնենք, թե քո հոգյակը ինչի՞ է նման…
Ննջարանի դռան մեջ հայտնվում է Ծերունին: Սպիտակ, երկար մորուքով է, ճերմակ զգեստով:
ԾԵՐՈՒԿ — (անխռով): Բարի երեկո, երիտասարդ:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչպե՞ս… դո՞ւ… (Կնոջը.) Սա… կատա՞կ է… Բան չեմ հասկանում:
ԾԵՐՈՒԿ — (գործնական): Նստիր: Հիմա ամեն ինչ կբացատրեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչ էլ ասես, շատ է տարօրինակ… Ես չեմ հասկանում ձեր խաղի իմաստը… (Պայծառանալով:) Թերևս, այո… (Գնալով դեպի կինը:) Ներիր, սիրելիս, թակարդն ընկա… Ա՜յ թե դաս տվիք: Իսկ ես տաքացա… (Ծերուկին.) Նույնիսկ քեզ, պապիկ, սպանել ուզեցի… (Փորձում է համբուրել կնոջը:) Ներիր, սիրելիս:
ԾԵՐՈՒԿ — (նրան կանխելով): Նրան չդիպչես:
ԱՄՈՒՍԻՆ — (շրջվում է դեպի Ծերուկը): Չեղավ, ծերուկ: Դա քո գործը չէ: Եվ, ընդհանրապես, կարծեմ ճիշտ պահն է, որ հրաժեշտ տաս մեզ: (Կնոջը.) Փող տվե՞լ ես բարի պապիկին:
ԿԻՆ — Ոչ… ի՞նչ ես ասում:
ԱՄՈՒՍԻՆ — (դրամապանակը հանելով): Մի քիչ փող կտամ, որ մեզ լավ հիշես: Ճամփի վրա ես, հաստատ պետք կգա:
ԾԵՐՈՒԿ — Ինձ ոչինչ պետք չէ: Դու նստիր ու լսիր: Քեզ լսել է պետք:
ԱՄՈՒՍԻՆ — Հասկացա, պապիկ, խանդի պատճառ պետք չէ ստեղծել ավելորդ տեղը: Լավ խաղացիր, և ես հասկացա: Ճիշտ չե՞մ, դե ասա, հասկացել եմ, չէ՞:
ԾԵՐՈՒԿ — Չես հասկացել: Մենք չենք խաղացել:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչպե՞ս:
ԾԵՐՈՒԿ — (մատնանշելով կնոջը): Նա քեզ բացատրեց՝ ով եմ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Այն որ… ինչպե՞ս էր… Հա, «բարձրյալ հոգի՞ն»:
ԾԵՐՈՒԿ — Բարձրյալ հոգին:
ԱՄՈՒՍԻՆ — Դո՞ւ, պապիկ:
ԾԵՐՈՒԿ — Ես:
ԱՄՈՒՍԻՆ — (կնոջը): Նա ճի՞շտ է ասում… Ասենք, ի՞նչ եմ քեզ հարցնում: Երկուսդ էլ նույն հեքիաթն եք պատմում՝ խոսքերդ մեկ արած: Բայց… չեմ հասկանում, ինչների՞դ է պետք ինձ հետ խաղալը:
ԿԻՆ — Դու լսել կարո՞ղ ես:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ չէ:
ԿԻՆ — Ուրեմն լսիր, Բարձրյալն ինչ կասի:
ԱՄՈՒՍԻՆ — Այս հնոտի՞ն է քո «բարձրյալը»… Ախր, մի ոտքը գերեզմանի մեջ «բարձրյալ» չի լինում:
ԾԵՐՈՒԿ — Թող շարունակեմ:
ԱՄՈՒՍԻՆ — Թողնում եմ, ասա:
ԾԵՐՈՒԿ — Այս տեսքով եկա, որ դու և կինդ հանկարծ չկարծեք, թե շրջմոլիկ եմ, կամ էլ մոլագար: Հետո, ինքդ էլ լավ գիտես, որ ձեր աշխարհում Բարձրյալ էակին միայն այս կերպ եք ընդունակ պատկերացնել ու տեսնել, սպիտակ մորուք, ճերմակ զգեստներ և անպայման ծեր:
ԱՄՈՒՍԻՆ — Լավ, ասենք «բարձրյալ հոգին» ես, հրաշք ցույց կտա՞ս:
ԾԵՐՈՒԿ — Ի՞նչ ես հասկանում «հրաշք» ասելով:
ԱՄՈՒՍԻՆ — Դե… մի բան, որին սովոր չենք, որ կյանքում լինի…
ԾԵՐՈՒԿ — Եթե սովոր չեք, ուրեմն չի լինում: Բայց երբ լինում է, սովորել է պետք:
ԱՄՈՒՍԻՆ — Դե, հրաշք ցույց տուր, մենք էլ սովորենք:
ԾԵՐՈՒԿ — Իսկ հաճա՞խ է լինում, որ քեզ հետ Բարձրյալ մի հոգի դեմ առ դեմ նստած խոսում է:
ԱՄՈՒՍԻՆ — Ես էլ ասում եմ՝ այդպես չի լինում:
ԾԵՐՈՒԿ — Եղել է, երիտասարդ, եղել է: Անցյալում: Բայց դուք չեք վարժվել ու չեք սովորել հավատալ, ինչին իսկապես հավատալ է պետք: Այդպես և հիմա, քեզ հետ խոսում եմ, իսկ դու ինձնից հրաշք ես պահանջում:
ԱՄՈՒՍԻՆ — Գրողը տանի, այնքան վստահ ես խոսում, քիչ է մնում հավատամ:
ԾԵՐՈՒԿ — Հրաշք չի լինում, երիտասարդ, հիշիր: Եթե լինում է, եթե կա՝ հրաշք չէ: Իսկ ես կամ:
ԱՄՈՒՍԻՆ — Լավ, պապիկ, ասենք դու «բարձրյալ» ես: Ի՞նչ ես ուզում:
ԿԻՆ — Ի՞նչ ես քեզ երեխայի պես պահում: Մի՞թե պարզ չէ, թե ինչ է եղել:
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ չէ, պարզ է: Այս մեռյալ գոտում ոգիներից զատ բան չի լինում: Տարօրինակ ոչինչ. պապիկի հոգին ծերուկի տեսքով մեզ հյուր է եկել: Ափսոս, որ չգիտեմ՝ ի՞մ պապի, թե՞ քո: Ուզո՞ւմ ես ճշտենք…
ԿԻՆ — Չեմ հասկանում, այսպիսի պահին կատա՞կ ես անում: Դու ուրա՞խ ես, հա՞…
ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ ոչ: Ծերուկի ոգին բարի է, իսկ եթե նա վամպիր լինե՞ր, պատկերացնո՞ւմ ես…
ԿԻՆ — (պոռթկալով): Ես հղի եմ նրանից, հասկանո՞ւմ ես…
ԾԵՐՈՒԿ — Այո, երիտասարդ, քո կինը հղի է: Ո՛չ քեզնից:
ԱՄՈՒՍԻՆ — (սթափվելով): Հղի է… ոչ ինձնի՞ց:
ԾԵՐՈՒԿ — Այո, երիտասարդ, պիտի հասկանաս: Նաև հավատա՛ս՝ քո կինը ինն ամսից Փրկչին է ծնելու:
ԱՄՈՒՍԻՆ — (ըմբռնել է կատարվածը): Ասում եք՝ Փրկչի՞ն…
ԾԵՐՈՒԿ — Այո, Փրկչին:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ումի՞ց է նա մեզ փրկելու… Հը՞… ձեզ եմ հարցնում:
ԾԵՐՈՒԿ — Պարզ է՝ ումից: Նեռից, իհարկե:
ԱՄՈՒՍԻՆ — Նեռի՞ց… Հիմա էլ Նե՛ռը: Իսկ Նեռը ո՞ւր է, դռան ետևո՞ւմ, թե՞ լոգարանում… կամ գուցե ի՞նձ եք այդ դերը տալիս…
ԾԵՐՈՒԿ — Ինչպե՞ս հասկանալ:
ԱՄՈՒՍԻՆ — Այնպես, ինչպես դու կուզենայիր, որ հասկանամ քեզ: (Կնոջը.) Դու ինձ սիրո՞ւմ ես: (Նա փղձկալով փաթաթվում է Ամուսնուն:) Ահա, տեսնո՞ւմ ես… Ինչպես հասկանա՞լ… Այ, այսպես, պապիկ, նա ինձ սիրում է: Ես էլ նրան եմ շատ, շատ, շատ սիրում: Եվ մենք երազել ենք փոքրիկ ունենալ: Աղջիկ… Հենց աղջի՛կ: Երկուսս էլ ուզում ենք:
ԾԵՐՈՒԿ — Քեզ հասկանում եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Հասկանո՞ւմ ես… Ի՞նչ ես հասկանում: Թե իրոք այն ես, ինչ հիմա մատուցում ես քեզ ու մեզ դրել ես Բարձրյալ կամքը կատարողի տեղ, էլ ի՞նչ հասկանալ: Մենք փոշի ենք… հող: Միայն: Բայց որ միտք ենք, սիրտ ենք, նյարդեր ենք՝ դա քեզ չեն ասել Հասկանում ես… Թե հասկանայիր՝ ինչու ենք թողել աշխարհն ու մարդկանց և եկել այս խուլ, ամայի վայրում հանգրվան գտել՝ մեզ մոտ չէիր գա: Հասկանո՞ւմ ես, հա՞… Իսկ ի՞նչ հասկացար, երբ միլիոնի մեջ սիրող երկու սրտերը թիրախ ընտրեցիր քո գործի համար: Ի՞նչ հասկացար, ի՞նչ… Ուրիշը չկա՞ր: Ինչո՞ւ մենք: Ինչո՞ւ նա:
ԾԵՐՈՒԿ — Բայց դա մեր Տիրոջ կամքն է, ես..
ԱՄՈՒՍԻՆ — Մեր Տիրո՞ջ:
ԾԵՐՈՒԿ — Այո, բոլորիս: Մեր Բարձրյալ Տիրոջ:
ԱՄՈՒՍԻՆ — (ընկճված): Արդեն հասկացա: Տեսնում եմ, միայն մարդն է ընդունակ հասկանալ…
ԾԵՐՈՒԿ — Անախորժ մտքեր ես հայտնում… Հաշվենք՝ չեմ լսել:
ԱՄՈՒՍԻՆ — Իսկ դու երբևէ մարդու լսած կա՞ս: Թե՞ միշտ քո «բարձրյալ» կամքն ես թելադրել առանց երկմտանքի:
ԾԵՐՈՒԿ — Դե, եղել է, որ…
ԱՄՈՒՍԻՆ — Որ ի՞նչ… Որ մարդիկ խոսե՞ն… քո դե՞մ… Բարձրյալի՞: Չեմ կարծում.. Գուցե իրենց բախտից հուսախաբ գանգատվել են խիստ, բայց և այդքանը:
ԾԵՐՈՒԿ — Իմանալ է պետք՝ ճակատագրի մեջ երբեք տառասխալ չփնտրես:
ԱՄՈՒՍԻՆ — Լավ է ասված: Կիրթ, թե անգրագետ, ձեռագիր, թե դաջված՝ ճակատագիր է, դրոշմ է, խարան… Ի՞նչ փույթ, թե ինչպես, չէ՞ որ բոլորին նույն գիրն է գրված:
ԾԵՐՈՒԿ — Վստահ եմ, եզակիության այս առիթը ձեզ առավել երջանիկ պիտի դարձնի: Փրկիչն ամեն տեղ, ամեն օր չի ծնվում:
ԱՄՈՒՍԻՆ — (հուսահատ): Մենք սովորական աղջիկ կուզեինք, խարտյաշ ու կապուտաչ…
ԾԵՐՈՒԿ — (փութով վեր կենալով): Շուտով կեսգիշեր է: Ինձ գնալ է պետք:
ԱՄՈՒՍԻՆ — Այ, հիմա, արդեն կասկած չմնաց, դու իրո՛ք Բարձրյալ ես:
ԾԵՐՈՒԿ — Ինչո՞ւ:
ԱՄՈՒՍԻՆ — Սիրտ չունես: