ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. Սամվել ԿՈՍՅԱՆ 

ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ…

       Ես Էրիկ  Գրիգորյանն եմ, քսան տարեկան՝ Շուշիից: Քառասունչորսօրյա պատերազմից  առաջ   գյուղատնտեսականում  էի  սովորում: Արցախի հողերը բերրի են, այստեղ   քարերն էլ  կարող են ծաղկել: Երազում էի այգի հիմնել,  պատկերացնում էի՝ ինչպես են ծառերը ծաղկում, ինչպես են ճյուղերը բերքի ծանրությունից  խոնարհվում իրենց սնող հողի վրա: Չհասցրի  երազիս ետևից գնալ,  մեր  վամպիր հարևանները ոչ միայն  հայի  արյունով, այլև հայի   երազանքները լափելով  են գոյատևում:  Իրենց  երազանքն էլ  հայերին  վերացնելն է: Նույնն է եղել  հարյուր տարի  առաջ, շարունակվում  է և հույսը  քիչ է,  թե թուրքերն  ու  ազերիները երբևիցե  կքաղաքակրթվեն: Քոչվորը քոչվոր է՝  թեկուզ պալատում,  թեկուզ  ոսկեզօծ հանդերձանքի մեջ: Գազանին  ինչքան  ուզում ես  վարժեցրու,  արյունը մերկ տեսավ, կատաղելու  ու էլի է ուզելու  արյուն  թափել: Սրանց  արյան ծարավը վերջ չունի: Սեփական պատմություն  ու մշակույթ չունեցող քոչվորը թունավոր  սունկի պես աշխարհի քաղաքակրթության ծառին կպել, փորձում  է ուրիշների հաշվին ինքնահաստատվել: Գուցե հայերի նկատմամբ դրանց  թշնամության պատճառներն  ավելի խորքային են, չգիտեմ, նախկինում  այս խնդրին  այնքան էլ ուշադրություն չեմ դարձրել,  պատերազմը  ստիպում  է վերարժևորել  ոչ միայն  քո,  այլև նախնիներիդ  կյանքը, որոնք, ինչպես ես և ընկերներս,  դժոխքի    միջով են  անցել:   Այդքան կորուստներից հետո շատ բաներ վերաիմաստավորվել են, նախկին  տեսարաններն  ու զգացողությունները կորցրել  են իրենց գույները: Ինձ պատանի չեմ  զգում  այլևս, պատերազմը գողացել է անհոգությունս: Մահն ինձ այնքան անիրական էր  թվում,  այնքան հեռու,  ես նրան դեմ-դիմաց տեսա,  այնքան մոտ,  որ  նրա շնչառությունից նույնիսկ   աչքերս  սառեցին:  Ես և ընկերներս իսկապես դժոխքի միջով ենք անցել: Շատերը  զոհվեցին, ով կենդանի մնաց, իրենց պատանեկությունն ու  երիտասարդությունը  զոհվեց: Պատերազմում կյանքը արագընթաց գնացք է, բոլորին չէ,  որ հաջողվում է իրենց  ուզած կայարանը հասնել: Շատերը նույնիսկ չեն էլ  հասցնում գնացքում հայտնվել: Թեև ճիշտ է,  որ պատերազմն  առանց  զոհերի չի լինում,  սակայն  իմ մարտական ընկերներից յուրաքանչյուրի մահը արյունող վերք  է, որը դեռ երկար չի  սպիանա:

   Գոնե հիշողությունս ճաքեր չտար, չվերածվեր կարկատանների ու  դրվագների: Սկիզբն  ու վերջը խառնվել  է:  Մեկ  սկիզբն է միտքս գալիս, մեկ՝  վերջը, ու չի լինում կտորներն ամբողջացնել: Ես  դիտակետում էի,  երբ  թշնամին  սկսեց կրակել: Հրթիռները կարկուտի պես էին  թափվում,  շուրջը  կրակ  ու ծուխ էր, ռումբերի պայթյուններից հողը  շատրվանի  ջրաշիթերի պես  բարձրանում,   հասնում էր երկնքին, գորշագույն   ներկելով երկնքի կապույտը: Հրթիռների  ու ականների սուլոցի տակ երևում  էր, ինչպես են թշնամու տանկերը իրենց թրթրուրներով հայրենի հողը տրորելով առաջ գալիս: Ինձ  թվում  էր, լսում  եմ հողի տնքոցը, այն հողի, որն իմ  երազանքը ծաղիկ ու բերք էր դարձնելու: Մերոնցից շատերի պես հողն էլ  էր վիրավոր: Նրան  էլ  էր օգնություն պետք: Թշնամին  անընդհատ նոր ուժեր  էր մարտի նետում,  ամեն գնով  փորձելով կոտրել մեր  դիմադրությունը: Ի՜նչ գերագույն լարումով, մահվան  սարսափը  մոռացած՝ խրամատի պատերին սեղմված, փորձում  էինք հակառակորդի առաջխաղացումը ետ մղել: Չէ, չի  ստացվում, մանրամասները  գոլորշիացել  են, չկան, մաղվել  են: Պատերազմը ոնց  որ հսկա  ռետինով հիշողությունիցս ջնջած լինի մանրամասներն ու դրվագների հերթականությունը: Երբեմն  թվում  էր,  պատերազմն ինձ հետ կապ չունի, վատ  երազ է,  բայց երազը  ո՞նց կարող էր  այդքան ցավ պատճառել: Դրվագներից մեկում  տանկով գնում  էի  թշնամու վրա և հրթիռը  հենց տանկի կողքին պայթեց: Տանկը  դղրդաց,  ցնցվեց ու խափանվեց… Հետո ես ուրիշ տանկով էի: Մարտը  թեժ  էր: Տարեցներից շատ  էի լսել  արցախյան առաջին պատերազմի մասին, այս պատերազմը  նման չէր  նրանց պատմածներին:  Այսքան տանկ,  այսքան  անօդաչուներ,   անհաշիվ հրթիռներ՝ կրակ, կրակ, կրակ…

Կարծես  մարտը  ոչ  թե հողի վրա, այլ հողի  ու  երկնքի արանքում էր: Մենք  էլ  էինք կրակում, փորձում  էինք ավելի շատ վնասել թշնամուն… Ազերիները մեր դիրքերը հրթիռակոծում  էին իրենց տարածքից՝ հեռահար հրթիռներով: Անհավասար մարտ էր, բայց  ոչ մեկի մտքով չէր  անցնում նահանջել: Զարմանք էր 19-20  տարեկանների  թշնամուն դիմակայելու այդօրինակ անձնազոհությունը, նվիրվածությունը հայրենիինՄեր ցավի հիմնական   դարմանը մեր ընդհանուրի կռիվն էր՝ մեր հայրենիքում հաստատուն ու  անվտանգ մնալու համար: Մեր ժողովրդի  ոչ մի հատված  առավել ապահով չի  եղել մյուսից,  ոչ մի  սերնդի չի հաջողվել խուսափել պատերազմից ու,  որպես կանոն, ոչ մի բան երկրին  այնպես չի կողոպտել, ինչպես պատերազմը: Այս անգամ հրթիռներից մեկն  ընկավ ուղիղ տանկի վրա: Հրամանատարը տեղում զոհվեց, զինակից ընկերս վիրավորվեց: Ես ողջ մնացի Հա, խրամատային կռվի ժամանակ էր: Թուրքերը մոտիկ էին, համարյա  նկատվելու  աստիճանի: Կրակում էի, փորձելով հնարավորինս  դիպուկ լինել ու չզգացի` ինչպես հրթիռը պայթեց ու ինձ հողի տակ թաղեց: Առաջին պահի զգացողությունը, որ թեև կենդանի, հողի տակ  եմ, մի ակնթարթ միայն թուլացրեց, հաջորդ վայրկյանին ճիգեր գործադրելով մի կերպ դուրս եկա: «Ո՞նց ես».- հարցրեց Ռոման, «Լավ եմ»,- ասացի: Չէի զգացել բեկորների հարվածը, որոնք քրքրել էին բուշլատս ու հավաքվել զրահաբաճկոնիս վրա: Հետո Ռոման վիրավորվեց: Թուրքերը մի քանի մետրի վրա էին: Մեր 17 հոգուց համարյա մարդ չմնաց: Լուսավոր տղաներ  զոհվեցին,  որ  դեռ պիտի  ապրեին, զավակներ  ունենային,  հազար  ու մի ծրագրեր իրականացնեին: Մնացել  էինք ես  ու Վահեն: Վե՛րջ, մտածեցի, մահվան  հաջորդ  թիրախը մենք  ենք: Հազար ու մի մտքեր պտտվեցին գլխումս, բայց չեմ հիշում՝ ինչ մտքեր էին: Երևի Վահեն էլ նույնն տագնապն  էր ապրում, երբ ասաց՝  «Էս նռնակը կպահենք, հենց թուրքերը մոտենան, միասին կպայթեցնենք մեզ»: Մի նռնակ էր մնացել: Երկուսիս համար էլ մահը թուրքի գերի լինելուց գերադասելի  էր… Չեմ  կարող  ասել, այդ պահին  ինչ  գերհզոր ոգի  էր,  որը  թույլ  էր տալիս մահից  ուժեղ  զգալ մեզ:  Եվ հենց այդ պահին շատ ուժեղ պայթյուն լսվեց  ու տեսա, ինչպես ձախ ոտքս օդ թռավ, իսկ Վահեի երկու ոտքերը վերածվեցին տձև, արնաշաղախ մսագնդերի…. Սկզբում  ցավ չկար, միայն  աչքերս մշուշվեցին ու մշուշի մեջ էլ մորս տեսա՝ շաղ  եկած մազերով ու  կրակների միջով  հավանաբար ինձ  էր փնտրում: Փորձեցի ընդառաջ գնալ, բայց    քարի պես  անշարժ էի,  ուզում  էի կանչել, ասել՝ որտեղ եմ, բայց բառերի  փոխարեն տնքոցներ էին… Հետո ինչ-որ մեկն ինձ քաշում էր հողի վրայով: 

…Հետո մեքենայի մեջ էի, շուրջ բոլորս մարմիններ էին՝ հողոտ ու արնաշաղախ: Սարսռեցի: Կատաղի կռիվ էր ու կրակի գոտուց մարմինները հանելիս ժամանակ չկար  զոհվածին   զատելու  վիրավորից: Ես շարժում էի տղաներին, որ հասկանամ՝ ով է ողջ, ով՝ մեռած, թեև հասկանում էի, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ ոչ մեկին չէի կարող օգնել: Մեկ էլ ինչ-որ ձեռք շոյեց գլուխս, նայեցի՝ Վահեն է:  Դրանից հետո, մինչև հիվանդանոց հասանք, մի քանի անգամ կորցրի գիտակցությունս… Հիվանդանոցում տանջալի օրեր  էին: Թվում  էր՝ ձախ  ոտքս  ոչ  թե կորցրել  եմ,  այլ   բեկորների բաժանվել,  տարածվել  է  մարմնովս մեկ, որից մարմինս ցավի  դաշտ  էր  թվում:  Ուզում  էի գոռալ, բայց   ամաչում  էի, գոռալ  ոչ միայն ցավից, այլև զոհված ընկերներիս համար:  Ինձ մեղավոր  էի  զգում,  որ ես կամ՝ նրանք  չէ,  ամաչում էի սեփական  թուլությունից, որ անկարող եմ ցավին  դիմադրել, վիրավորանքից, որ  անարդարությունն ավելի  ուժեղ է… Շանորդիներ, շանորդիներ, ինչո՞ւ եք այդքան փորձում հոշոտել ու սպանել, երբ կյանքն առանց դրա էլ կարճ է: 

Աստիճանաբար  ցավերս մեղմացան,  սկսել  եմ հաշտվել նոր իրավիճակի հետ:  Բժիշկներն  ասում են՝ շուտով հիշողությունս  էլ կվերականգնվի: Արդեն մարզվում եմ,  որ պրոտեզն էլ հագնեմ՝ խնդիր չեմ  ունենա: Մերոնք  են  այցելում, մայրս համարյա  միշտ հետս է: Ուրիշ  այցելություններ  էլ  են լինում: Էն օրն  էլ Վահեն  էր եկել: Պարզվում  է, ողջ է մնացել, նույնիսկ  ոտքերն  են փրկվել: Այ  թե ուրախություն  էր:  Երկար  զրուցեցինք,  սկսեցինք հիշողություններին  զոռ տալ, հիշեցինք մեր  զոհված ընկերներին, սգացինք… Երկուսս էլ համոզված  էինք,  որ հայ   զինվորը չի պարտվել, կռվել  է մինչև վերջ, կռվել  է  ոչ միայն  ազերիների,  այլև  Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, վարձկան   ահաբեկիչների  դեմ… Գուցե պարտվել  ենք այլ տեղում, չգիտեմ որտեղ, բայց մենք չենք  պարտվել: Թող մեկն  ասի՝ որտեղ ենք պարտվել, ապացուցի, բայց  ոնց մտածում եմ, յուրաքաչյուր զինվորի պայքարը հերոսապատում է, նրանց  ոգու ուժը  անօդաչու սարքերից  ավելի հզոր է  և  ավելի բարձր  թռիչքների ընդունակ: Պիտի  զգույշ լինեն բոլոր նրանք, որոնք մեր  բանակի  մասին կարծիք հայտնելիս բանակին պարտվածի տիտղոս ու պիտակ են կպցնում: Զինվորը չի՛ պարտվել,  ես տեսել  եմ, թե  ոնց  են  մարտնչում: Ես և Վահեն ու մեր ընկերները գիտեինք՝ ինչի համար ենք կռվում, ինչ ենք պաշտպանում:  Եթե  այդպես չլիներ, մի   քանի օր  էլ չէինք  դիմանա: Պարտությունից հետո բոլորը մեղավորներ  են  փնտրում: Առայժմ  կորուստի ցավը չափից  դուրս մեծ է,  որպեսզի հնարավոր լինի կատարվածի ամբողջ պատմությունը ջրի  երես հանել: Բայց համոզված եմ,  ճշմարտությունը վաղեմության ժամկետ չունի և մի օր անպայման կկարողանա իրերն իրենց  անուններով կոչել: 

      Վահեն խոստացավ շուտ-շուտ  այցելել և  ամեն օր  զանգահարել: Իսկապես անչափ ուրախացել  էի նրան գտնելով: Մեկ  էլ այդքան  ուրախացել էի,  երբ   դիրքերում հորս հանդիպեցի: Հայրս արցախյան պատերազմներում չորս  անգամ վիրավորվել է, երկուսը՝ վերջին պատերազմի ժամանակ: Մինչև հիմա առաջին պատերազմից բեկորներ կան  մարմնում: Հայրս Ասկերանից է: Ազերիները նրա  տունը վառել են,  երբ պապս, տատս,  երկու հորեղբայրներս ու հայրս ռազամաճակատում  էին,  այսինքն՝ ամբողջ ընտանիքը պայքարում  էր Ղարաբաղը  ազերիներից ազատագրելու համար: Չկարծեք՝ սխալվեցի ու մեխանիկորեն տատիս  հիշատակեցի:  Չէ,  Զինաիդա տատս  այն ժամանակ դեռ տատ չէր, 48 տարեկան կին  էր ու որսորդական հրացանով ինքն  էլ  էր կռվում  ազերիների  դեմ: 1992 թվականի մայիսին նա   անհետ կորավ և մինչև հիմա չգիտենք՝ ի՞նչ  է  պատահել,  ո՞նց է եղել. ազերիները առևանգե՞լ  են,  սպանել- թաղե՞լ  են: Էս պատերազմում  էլ անհետ կորածները շատ են:  Ազերիներից  ու  թուրքերից  ամեն  ինչ  սպասելի է,  ցանկացած  անմարդկային  արարք:  Տարածաշրջանում սրանց հայտնվելու  առաջին իսկ օրից  խաղաղությունը դարձել է փախստական  ու հալածական: Այս պատերազմը ընդամենը նախորդների շարունակությունն է: Ու կրկին   անիմաստ   զոհեր, փախստականներ ու  ավերածություններ: Վերջին պատերազմում հորեղբայրս կորցրեց   ոտքը: Նա և մեր ընտանիքը  մյուսների հետ  հնարավոր  ամեն ինչ  արել են,  որ Ղարաբաղը փրկեն թուրքից, ոչինչ չեն խնայել ազատության  ու  անկախության համար: Բառերով   հնարավոր չէ ներկայացնել արհավիրքների իրական պատկերը,  չարության և մարդատյացության այն չափաբաժինը,  որ   քոչվորները ժառանգաբար  կրում  են իրենց մեջ: Թուրքը  թուրք  է մնում, հավերժորեն   աչքը ուրիշի ունեցվածքի  վրա, գորշ  գայլերի պես  առաջնորդվելով  միայն վայրենու  բնազդներով: Անգամ հրեշտակների  դիմակների տակ,  որ  երբեմն հագնում  են իրենց  ստոր  էությունը  քողարկելու համար,   անկարող  են թաքցնել գայլային ժանիքները: Հիմա  էլ սիրում  են   ոգևորված կրկնել, որ Արցախի հարցը վերջնականորեն  փակված է: Ո՜նց չէ… Ասա՝ հավատացող լինի… Ում համար  փակված է, մեզ համար  բաց  է և   այնքան բաց կմնա, մինչև Արցախը վերականգնի իր սահմաններն  ու  արժանապատիվ խաղաղություն հաստատվի:

Վերջերս «Հայ զինվորի» լրագրողուհին նորից զանգեց ու հարցրեց. «Տա՞նն ես»:

Նրան հիշեցրի մեր նախորդ խոսակցությունը:

  • Ի՞նչ եմ մոռացել,- ասաց:
  • Որ ես տուն չունեմ,- ասացի,- որ իմ տունը մնացել է Շուշիում: Չգիտեմ, մեկ էլ երբ տանը կլինեմ:
  • Հիշում եմ, որ շուշեցի ես,- արդարացավ,- Երևանի քո տան մասին եմ հարցնում:
  • Ամեն մրադ մի տուն ունի,- ասացի, իմ տունը Շուշիում է, իսկ որտեղ հիմա եմ ապրում, բնակարան է: 

Նա փորձում էր մխիթարել, բայց նրան ընդհատելով կրկնեցի. 

  • Ես տուն ունեմ: Ուղղակի հիմա չեմ կարող տուն գնալ, որովհետև չեմ կարող հեռվից նայել Շուշիին: 

«Ես տուն ունեմ»,- արդեն մտքումս կրկնեցի…  Միևնույն է, կգա  այն վճռական պահը,  երբ բոլորս վրիժառուներ դարձած մեր նահատակված ընկերների, ավերված տների, վիրավոր հողի վրեժը կլուծենք: Ազերիներին  ու նրանց  թուրք եղբայրներին կհասկացնենք, որ Արցախը երբեք իրենցը չի   եղել, որ այս  տարածքում  իրենց հայրենիքն  էլ, իրենք էլ հորինված  են,  որ ընդամենը զավթիչ-ահաբեկիչներ  են և հնարավոր չէ, որ արդարությունը մի  օր  աչքերն  ու  ականջները չբացի՝ տեսնելու ձեր   անիրավություններն  ու լսելու ճշմարտության ձայնը: Մեր մայրերն  ու  քույրերը, մեր  ողջ ժողովուրդն է խաղաղություն  ուզում, բայց  ոչ քոչվորներին հնազանդության հավաստիացումներ  անելով: Սրբազան պայքարով մենք  ունակ  ենք ոչ թե խաղաղություն մուրալ,  այլ պարտադրել:  Մենք  ուժեղ  ենք և միշտ  ձեզանից ուժեղ ենք  եղել: Խաղաղությունը մեր վաղվա օրն է և  անսահման  է մեր ոգու ուժն  ու հավատը՝ հասնելու  այդ օրվան:  Պատմական անարդարությունը վերականգնվելու է և վերադառնալու  ենք: Մեր հողը   չի կարող  օտարին երկար   հանդուրժել,  նա իր   զավակներին նույնքան  է կարոտում,  որքան իր   զավակներն՝ իրեն: Վերադառնալու  ենք ու մեր նահատակների անուններով ծառեր  ենք տնկելու, որպեսզի երբ ծառերը ծաղկեն,  նրանց ներկայությունը զգանք, մտածենք,  որ նրանք ոչ  թե   զոհվել, պարզապես կերպարանափոխվել  են  ու նորից մեզ հետ   են, մեր կողքին:  

Վերադառնալու  ենք, վե՜-րա՜-դա՜ռ-նա՜-լո՜ւ  ե՛նք… 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։