Գուրգեն Խանջյան / ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ

(պիես՝ երկու արարով) 

Գործող անձինք.

 

ՏՂԱ

ԱՂՋԻԿ

ՊՐՈՖԵՍՈՐ

ՍԻՐՈՒՀԻ

ՍԱՆԻՏԱՐ Ա

ՍԱՆԻՏԱՐ Բ

ՀԱՐԲԵՑՈՂ

ԿԻՆ

ՔԱՀԱՆԱ

ՄԻԱՉՔԱՆԻ

ՊՈԵՏ

ԱՊՈՒՇ

ՁԱՅՆ­ տնօրենի ձայնն է:

 

                                             Արար 1

   Սենյակ: Դիմացը՝ պատուհան: Կողքի պատերից մեկին՝ դուռ, մյուսին՝ մեծ հեռուստաէկրան: Տղան նստած է համակարգչի առաջ, խաղում է, հյութ է խմում: Դռան թակոց:

ՏՂԱ­ Բաց է, մտեք:

ԱՂՋԻԿ(ներս գալով)­ Ողջույն:

ՏՂԱ­ Բարև…

ԱՂՋԻԿ­ Մենք հարևաններ ենք, իմ սենյակն էս պատի ետևում է:

ՏՂԱ­ Կարգին հարևանություն եմ ունեցել…

ԱՂՋԻԿ­ Ծխող չե՞ս, մի սիգարետ տուր, հա՞:

ՏՂԱ­ Խնդրեմ: (Հյուրասիրում է): Նստիր:

        (Աղջիկը նստում է, ծխում են)

ՏՂԱ­ Աշխատում ես էստե՞ղ:

ԱՂՋԻԿ­ Չէ: Բայց՝ հույս ունեմ: Երեկ զանգեց պրոֆեսորը, ներկայացավ ու ասաց՝ պիտի ուրախացնեմ ձեզ, օրիորդ, ձեր տվյալները գոհացուցիչ են, շատ հնարավոր է, որ ձեզ վերցնենք արշավախմբի մեջ:

ՏՂԱ­ Ինչո՞վ ես զբաղվելու:

ԱՂՋԻԿ­ Լուսաբանելու եմ պեղումների ընթացքը. ես լրագրող եմ… Սկսնակ լրագրողի համար վատ չի լինի, չէ՞:

ՏՂԱ­ Իհարկե: Պրոֆեսորը հավատացնում է, որ բացառիկ պեղումներ են լինելու. հայտնաբերված բնակավայրերը երեք հազար տարվա պատմություն ունեն:

ԱՂՋԻԿ­ Հնագիտությամբ ես զբաղվու՞մ:

ՏՂԱ­ ՈՒզում եմ զբաղվել: Հյութ կխմե՞ս, բերեմ, սառնարանում լիքը կա:

ԱՂՋԻԿ­ Իմ սառնարանում էլ կա, խմել եմ, չեմ ուզում:

ՏՂԱ­ Վաղու՞ց ես էստեղ:

ԱՂՋԻԿ­ Առավոտից: Առավոտյան, պայմանավորված ժամին, պրոֆեսորի սև մեքենան դիմավորեց ինձ շքամուտքի առաջ: Հետաքրքիր է, ինչու՞ է պրոֆեսորն իր այն երկու աշխատակիցներին սանիտար անվանում. «Սանիտարներս ձեզ կուղեկցեն ձեր սենյակը, աղջիկս»: 

ՏՂԱ­ Երևի կեղծանուն է, գիտնականները սիրում են կեղծանուններ հնարել:

ԱՂՋԻԿ­ Լավ էլ հնարել է,այդ երկուսն ավելի շատ սանիտարի են նման, քան գիտաշխատողի… Գուցե թիկնապահնե՞ր են:

ՏՂԱ­ Ի՞նչ իմանամ: Ինչու՞ է դա քեզ էդպես հետաքրքրում:

ԱՂՋԻԿ… Պրոֆեսիոնալ հետաքրքրություն է, լրագրող եմ, չէ՞: Օֆ, ձանձրացա, շատ է սպասեցնում պրոֆեսորը:

   (Դուռը բացվում է, հայտնվում է ապուշը, նա փնտրում է պատերին, գտնում ինչ­որ լարեր, պոկում, դնում գրպանը, նայում է ներկաներին, անհոդաբաշխ ինչ­որ բան ասում: Սանիտար Ա­ ն մտնում է, ապուշին արագ քարշ տալիս դուրս, ապուշը գոռում է, լաց լինում: Տղան մոտենում է դռանը, բայց դռների մեջ նրա առջև է ելնում երկրորդ սանիտարը)

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Ինչ­որ բանի կարի՞ք ունեք… 

ՏՂԱ­ ՈՒզում եմ պրոֆեսորին տեսնել:

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Նա հիմա շատ զբաղված է, բայց շուտով կազատվի ու կայցելի ձեզ: Սուրճ կամ թեյ կուզե՞ք:

ՏՂԱ­ Չէ, շնորհակալ եմ:

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Ուրեմն սպասեք:

    (Սանիտարը հեռանում է, տղան ետ է գալիս դռան մոտից)

ՏՂԱ(սիգարետ հանելով)­ Չծխե՞նք:

ԱՂՋԻԿ­ Նոր ծխեցի… Բայց չի խանգարի, տուր: (Ծխում են):

ՏՂԱ­ Սկիզբը ոնց որ վատ չի, հը՞… Մեքենայով դիմավորում են, առանձին սպասասենյակ տրամադրում, սուրճ առաջարկում… Լուրջ հիմնարկություն է: 

ԱՂՋԻԿ­ Լավ է: Բայց այդ պրոֆեսորը մի տեսակ տարօրինակ է, կարծես դիմակով լինի, խոսակցի աչքերին չի նայում, հայացքն անընդհատ փախցնում է, աչքերն էլ մի տեսակ անկապ ֆռֆռում են:

ՏՂԱ­ Գիտնականները տարօրինակ են լինում, էդպես է:

ԱՂՋԻԿ(պատուհանը ակնարկելով)­ Նկատե՞լ ես, առաջին երեք հարկերի բոլոր պատուհանները ճաղապատ են:

ՏՂԱ­ Գողությունից են զգուշանում երևի:

             (Հազի ձայն)

ԱՂՋԻԿ­ Լսեցի՞ր…

ՏՂԱ­ Ի՞նչ:

ԱՂՋԻԿ­ Հազի ձայն էր… Չլսեցի՞ր:

ՏՂԱ­ Դրսի՞ց:

ԱՂՋԻԿ­ Ոչ, այստեղ, սենյակում:

ՏՂԱ­ Չէ, հա…

ԱՂՋԻԿ­ Ես կատվի լսողություն ունեմ:

                 (Նորից են հազում)

ԱՂՋԻԿ­ Հիմա էլ չլսեցի՞ր:

ՏՂԱ­ Հիմա լսեցի: (Պատի էկրանը ցույց տալով). Ոնց որ էնտեղից է: (Մոտենում է էկրանին ու տնտղում):

ԱՂՋԻԿ­ Միացա՞ծ է:

ՏՂԱ­ Տարօրինակ է… Սա միացնել կամ անջատել հնարավոր չի, ոչ մի կոճակ չկա վրան, պարզապես էկրան է…

   (Ներս է գալիս պրոֆեսորը, սանիտարների ուղեկցությամբ)

ՊՐՈՖԵՍՈՐ­ Բարի երեկո, երիտասարդ… (Աղջկան). Դուք այստե՞ղ եք, ինչու՞…

ԱՂՋԻԿ­ Հենց էնպես… Ձանձրանում էի… Իրավունք չունե՞մ:

ՊՐՈՖ.­ Իրավու՞նք… Հետաքրքիր բան է, գիտե՞ք, այդ իրավունք ասվածը: Բայց սա հատուկ հիմնարկություն է, աղջիկս, իր հատուկ ներքին օրենքներով, իր կարանտինային կարգով…

ԱՂՋԻԿ­ Կարանտի՞ն…

ՊՐՈՖ.­ Այո, անուշիկս, պատկերացրեք՝ կարանտինային, դա անհրաժեշտ է, հավատացնում եմ… Հետո ամեն բան կբացատրեմ, գնացեք ձեր սենյակը և սպասեք, շուտով կայցելեմ ձեզ:

ԱՂՋԻԿ­ Լավ, ցտեսություն: (Դուրս է գալիս):

ՊՐՈՖ.­ Դեհ, սկսենք, ժամանակը սուղ է:

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ(միաձայն)­ Ժամանակը փող է:

ՊՐՈՖ.­ Կատակասեր տղաներ են, չէ՞: Լավ, անցնենք գործի:

ՏՂԱ­ Ի՞նչ գործ է, ինչ ենք անելու:

ՊՐՈՖ.­ Առանձնապես մի բան չի… Հանեք ձեր հագուստը:

ՏՂԱ­ Հանվե՞մ…

ՊՐՈՖ.­ Այո, հանվեք:

ՏՂԱ­ Բժշկական ստուգու՞մ:

ՊՐՈՖ.­ Դրա պես մի բան:

     (Տղան հանվում է, թողնելով միայն անդրավարտիքը)

ՏՂԱ(կատակով)­ Սա թողնե՞մ, թե…

ՊՐՈՖ.­ Առայժմ թող, մինչև տեսնենք ինչ կարգադրություն կլինի վերից:

ՏՂԱ­ Ի՞նչ վեր…

ՊՐՈՖ.­ Վեր, էլի, ՎԵՐ… Չհասկացա՞ր, տղա: Լավ, հետո կբացատրեմ, հիմա ժամանակ չկա: (Ցուցանելով էկրանի առջևը). Այստեղ կանգնեք:

   (Ներխուժում է Սիրուհին, արշավում դեպի տղան)

ՊՐՈՖ.­ Մի րոպե, մի րոպե… Ախր…

ՍԻՐՈՒՀԻ(անուշադրության մատնելով պրոֆեսորին, շոշափելով տղայի մկանները)­ Օօօ՜, ինչ մկանուտ մանչուկ է… Այ սա հայտնագործություն է… Կեցցե պրոֆեսորը: 

ՊՐՈՖ.­ Գործ ենք անում:

ՏՂԱ(պրոֆեսորին, սիրուհու մասին)­ Ի՞նչ է ուզում ինձնից այս կինը:

ՍԻՐՈՒՀԻ­ Կինը, կինը… Բա ես կի՞ն եմ, չարաճճի տղա, ես աղջիկ եմ:

ՊՐՈՖ.(սանիտարներին)­ Սրան ինչու՞ թողեցիք, բթամիտներ:

ՍԱՆԻՏԱՐ Ա­ Մենք ի՞նչ կարող էինք անել:

ՊՐՈՖ.­ Պահեիք մի պատրվակով:

ՍԱՆԻՏԱՐ­ Մեզ չէիք զգուշացրել:

ՊՐՈՖ.­ Ամեն բան պիտի զգուշացնեմ, ինքներդ չեք կռահում:

ՍԱՆԻՏԱՐ Ա­ Կռահելը մեր գործը չի:

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Այո…

ՊՐՈՖ.­ Լռեք, տխմարներ: Մի քանի րոպեից միանալու ենք, պատկերացնու՞մ եք, եթե Տիկինն այնտեղ լինի ու սրան տեսնի հանկարծ: (Սիրուհուն). Ներեցեք, բայց ուր որ է միանալու ենք, լավ չի լինի, եթե ձեզ տեսնեն:

ՍԻՐՈՒՀԻ­ Այդ երբվանի՞ց է ինձ տեսնելը տհաճություն պատճառում: Բոլորովին վերջերս այլ կարծիքի էիք, պրոֆեսոր, հիշեցնե՞մ…

ՊՐՈՖ.­ Սպասեք, սպասեք… Չհասկացաք ինձ. Տիկինը կարող է այնտեղ լինել, այս ամենը նրան էլ է վերաբերվում ինչ­որ չափով…

ՍԻՐՈՒՀԻ­ Ախ այդ ջադուն… Ես էնպես կկանգնեմ, որ էկրանից դուրս մնամ:

ՊՐՈՖ.­ Այս էկրանից ոչինչ դուրս չի մնում:

ՍԻՐՈՒՀԻ­ Լավ, մենակ իմանամ, թե անկողնում ինչպիսին է մեր մանչուկը:

ՏՂԱ­ Անկողնու՞մ… Ո՞վ է սա, տարեք էս մոլագարին:

ՍԻՐՈՒՀԻ­ ՈՒխ, ժիր պատանյակ է… ՈՒ ինչ էլ լավիկն է, հը՞…

ՊՐՈՖ.(տղային)­ Նա չի գնա, մինչև չասեք:

ՍԻՐՈՒՀԻ­ Չեմ գնա:

ՏՂԱ­ Հա, բայց ի՞նչ ասեմ:

ՊՐՈՖ.­ Սեքսուալ հնարավորություններդ… Դե, որ քան ես ուժեղ, ինչ չափի… Մի խոսքով…

ՏՂԱ­ Դա նրա ինչի՞ն է, պառկելու՞ եմ հետը:

ՍԻՐՈՒՀԻ­ Վատ միտք չի, գիտե՞ս, քաղցրիկս:

ՏՂԱ­ Բանի պետք չեմ, իմպոտենտ եմ:

ՍԻՐՈՒՀԻ­ Ստում է չարաճճին: Հիմա անձամբ կփորձեմ. ինչքա՞ն ժամանակ ունենք:

ՊՐՈՖ.­ Չունենք: ՈՒզում եք պատժե՞ն ինձ: Գիտեք, չէ՞, որ նկատողություններից նյարդային սպազմեր եմ ունենում, շնչուղիներս ջղաձգվում են, ուզում եք խեղդվե՞մ հազից: (Տղային). Դու՞ ինչու ես ստում, ասա որ ամեն բան կարգին է:

ՏՂԱ­ Բայց դուք ի՞նչ գիտեք, որ կարգին է:

ՊՐՈՖ.­ Գիտեմ… Կռահում եմ:

ՏՂԱ­ Ոչինչ չեմ հասկանում, պրոֆեսոր, ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ կապ ունի արշավախմբի հետ:

ՊՐՈՖ.­ Հետո կասեմ, հետո: Հիմա խնդրում եմ, ասա նրան, որ ամեն բան կարգին է ու փակենք այս խնդիրը:

ՍԻՐՈՒՀԻ­ Ի՞նչ եք կպել՝ կարգին է, հա կարգին է. կարգին շատ ենք տեսել, մեզ հենց անկարգ է պետք:

ՏՂԱ­ Մոտ արի: (Ինչ­որ բան է ասում սիրուհու ականջին):

ՍԻՐՈՒՀԻ­ Հա՞… հավատա՞մ…

ՏՂԱ­ Հավատա:

ՍԻՐՈՒՀԻ­ Կեցցես: Դե ես գնացի, չաո: (Գնում է):

ՊՐՈՖ.­ ՈՒֆ…

ՏՂԱ­ Ո՞վ է:

ՊՐՈՖ­ Այնպես… Մեր գործը չէ… Թողնենք այս խնդիրը, այլևս ժամանակ չունենք…

   (Մտնում է Ապուշը, ձեռքին լարեր են, ինչ­որ բան է փնտրում)

ՊՐՈՖ.­ Էս ապուշին ո՞վ թողեց, ո՞նց է բարձրացել վերև:

ՍԱՆԻՏԱՐ Ա­ Նոր իջացրինք…

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Չեմ հասկանում, թե ոնց ա պլստում էս դեբիլը:

ՊՐՈՖ.­ Տարեք ներքև­ռադ արեք, մեկ էլ էստեղ չտեսնեմ դրան: Ճամփին մի երկու հատ դմփեք էդ հաստ գլխին, որ դաս լինի:

  (Սանիտարները տանում են Ապուշին)

ՊՐՈՖ(տղային)­ Կանգնեք էկրանի առջև, շուտ, միանում ենք:

        (Էկրանից ձայներ են լսվում)

ՊՐՈՖ(էկրանին)­ Լա՞վ է երևում:

ՁԱՅՆ­ Լավ է:

ՏՂԱ(ձայնի մասին)­ Ինքն ինչու՞ չի երևում:

ՊՐՈՖ.­ Սսս, լռի՛ր:

ՁԱՅՆ­ Թող շրջվի թիկունքով:

ՊՐՈՖ(տղային)­ Շրջվի՛ր, արա՛գ:

              (Տղան շրջվում է)

ՁԱՅՆ­ Հիմա՝ կողքով:

ՏՂԱ­ Ո՞ր կողքով, երկուսն ունեմ:

ՁԱՅՆ­ Դեռ մեկ, ապա մյուս:

ՊՐՈՖ.­ Դեռ մեկ, ապա մյուս:

ՏՂԱ­ Լսեցի: (Պտտվում է):

ՊՐՈՖ(էկրանին)­ Շրջանային կլինիկայից վերցրած տվյալները սեղանին եմ դրել, նայեցի՞ք:

ՁԱՅՆ­ Նայեցինք:

ՊՐՈՖ.­ Հոյակապ ժառանգականություն ունի: Եվ որքան առողջ է… Մկանները նայեք, ոսկրակազմը… Անթերի հումք է:

ՁԱՅՆ­ Թող հանի վարտիքը:

ՊՐՈՖ.­ Հանեք, չլսեցի՞ք:

ՏՂԱ­ Սա արդեն չափազանց է:

ՊՐՈՖ.­ Հանեք, ձեզ ասում են:

ՁԱՅՆ­ Լավ, պետք չի, առանց դա էլ պարզ է: (Ծիծաղելով). Համառ տղա է:

ՊՐՈՖ.­ Համառն է, այո… Ջահել է…

ՁԱՅՆ­ Լավ, վերջացնենք: Տվեք, թող ստորագրի և հենց վաղը անցեք գործի:

ՊՐՈՖ.­ Լսում եմ: (Տղային). Հագնվեք:

                   (Էկրանն անջատվում է)

ՏՂԱ(հագնվելով)­ Այսքա՞նն էր, պրծա՞նք:

ՊՐՈՖ.­ Այո: (Մի թուղթ հանելով). Ահա, սա էլ ստորագրեք ու վերջ:

ՏՂԱ­ Ի՞նչ է, տվեք տեսնեմ:

ՊՐՈՖ.­ Հեչ… Պայմանագիր է… Ձևական բան…

ՏՂԱ(կարդալով)­ Չեմ հասկանում… Սա ի՞նչ է նշանակում, պրոֆեսոր:

ՊՐՈՖ.­ Դե գրված է, կարդացեք մինչև վերջ:

ՏՂԱ(կարդալով)­ Չի կարող պատահել… Ես այս ու՞ր եմ ընկել…

ՊՐՈՖ.­ Դե…

ՏՂԱ­ Ձեզ իմ մարմնամասե՞րն են պետք… Ճի՞շտ հասկացա:

ՊՐՈՖ.­ Այո, ճիշտ եք հասկացել:

ՏՂԱ­ Չէ, սա երևի խաղ է, լուրջ լինել չի կարող, չէ՞…

ՊՐՈՖ.­ Լուրջ է, լուրջ: Ես ահա թե ինչ կասեմ ձեզ, երիտասարդ. իզուր եք վրդովվում, նախ մի լավ խորացեք խնդրի էության մեջ…

ՏՂԱ­ Աա՜, հիմա հասկացա, թե ինչու էր էդպես հետաքրքրված տնօրենի լիրբը. տնօրենինը երևի չորացել է, իր սիրուհուն ուզում է իմ անդամներով սիրել:

ՊՐՈՖ.­ Սուս, կամաց…

ՏՂԱ­ Եվ ձեր մտքով անցնում է, թե ես կստորագրեմ սա, հա՞: (Պատռում է թուղթը, շպրտում): «Պեղումներ, արշավախումբ…»:

ՊՐՈՖ.­ Կլինեն, արշավախումբ էլ, պեղումներ էլ, հավատացնում եմ, բայց՝ հետո: (Գրպանից նոր թուղթ հանելով). Սարսափելի բան չկա, հա, ստորագրեք ու փակենք էս խնդիրը:

ՏՂԱ­ Ես ձեզ պետք է տամ ամորձիներս, երիկամս, միզափամփուշտս… Եվ սարսափելի բան չկա՞… Ինձ էշի տեղ եք դնու՞մ:

ՊՐՈՖ.­ Մի անհանգստացեք, ձեզ առանց միզափամփուշտ չեն թողնի, նրանցն էլ ձեզ կպատվաստենք, նման վիրահատությունները ես անթերի եմ անում, երաշխավորում եմ, կուզե՞ք ստորագրություն տամ:

ՏՂԱ­ Ոչ, հարգարժան հնագետ, ձեզ պահեք ձեր փտած, ճլորած օրգանները:

ՊՐՈՖ.­ Որպես գաղտնիք ասեմ՝ այնքան էլ փտած չեն, ժամանակ առ ժամանակ փոխարինվում են նորերով:

ՏՂԱ­ Թքած: Ինձ չի հետաքրքրում:

ՊՐՈՖ.­ Նրանք գիշեր­ցերեկ ջանք ու եռանդ չեն խնայում մեր բարօրության համար, մի՞թե չենք կարող մի բան էլ մենք զիջել հանուն նրանց, սա ի՞նչ էգոիզմ է, եղբայր:

ՏՂԱ­ Գլուխ մի ցավացրու, պրոֆեսոր:

ՊՐՈՖ.­ Հասկանու՞մ եք, բանն այն է, որ դուք համարյա ոչինչ չեք կորցնում… Այո­այո, հակառակ դեպքում մի՞թե մենք մեզ թույլ կտայինք… վամպիր ենք, ինչ է: Ջահել, ամուր մարմիններին պատվաստված յուրաքանչյուր օրգան շատ արագ վերականգնվում է, երիտասարդանում և դառնում ինչպես սեփականը, շատ դեպքերում նույնիսկ սեփականից ավելի ակտիվ է դառնում, հավատացեք բազմափորձ պրոֆեսորիս, վերջապես չե՞ք ուզում ձեր վրա մի նոր բան ունենալ, հետաքրքիր է, չէ՞, օրիգինալ նույնիսկ:

ՏՂԱ­ Ձեռ քաշի:

ՊՐՈՖ.­ Թե ինչու՞ եմ այսքան համոզում. չի ստորագրում, թող չստորագրի: Աստված վկա է…

ՏՂԱ­ Աստծո անունը մի տուր:

ՊՐՈՖ.­ Ստորագրությունը ձևական բան է, այսպես ասած՝ դեմոկրատական խաղեր… Եթե կուզեք՝ ստորագրությունն ավելի շատ հենց ձեզ է հարկավոր: Այո­այո:  Մեր վստահությունը ձեռք կբերեք, կհամարվեք մեր մարդը՝ դրանից բխող բոլոր առավելություններով: Դե իսկ վիրահատությունը այսպես թե այնպես կայանալու է:

ՏՂԱ­ Ես ձեզ դատի կտամ, պրոֆեսոր:

ՊՐՈՖ.­ Դատի՞… Չէ, այս տղան շատ միամիտ է… «Դատի կտամ»: Խնդրեմ: ՈՒզու՞մ եք ուղեկցեմ, դատավորը երկու հարկ վերում է նստում: Հա, չմոռանամ ասել՝ երիկամդ հենց էնտեղ է գնալու: «Դատի»: Ստորագրիր, տղաս, ստորագրիր:

ՏՂԱ­ Հիմա, հիմա ստորագրեմ, ես ձեր էն…

ՊՐՈՖ.­ Է, է, խենթություններ չանես… (Սանիտարներին). Տղանե՛ր:

     (Տղան պատրաստվում է հարձակվել պրոֆեսորի վրա, բայց ներս եկած սանիտարները բռնում են, ձեռքերն ոլորում)

ՊՐՈՖ.­ Անխելք ես, անխելք: Ստորագրությունը վերջապես կարելի է կեղծել, մենք հմուտ մասնագետներ ունենք այդ բնագավառում, վերջապես կարելի է հոգեկան հիվանդության դիագնոզ տալ, դրանից հետո կարող ես գոռալ, բողոքել… Ինչքան ավելի բարձր գոռաս, էնքան ավելի կնմանվես հոգեգարի: Ի դեպ, հոգեկանդ իսկապես հավասարակշիռ չի, հարձակվում ես անմեղ մարդկանց վրա, հայհոյում… ՉԷ՞…

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ­ Ճիշտ այդպես:

ՏՂԱ­ Տականքներ…

ՊՐՈՖ.­ Տղա, հասկացիր, վիրահատությունը տեղի կունենա ամեն դեպքում, իսկ ստորագրությունն ավելի շատ քեզ է հարկավոր. ես ցանկանում եմ, որ դու ինքնակամ անես այդ բանը, որ վստահություն և բարյացակամ վերաբերմունք ձեռք բերես, դառնաս մեր մարդը…

ՏՂԱ­ Արդեն ասել ես, անդադար մի կրկնիր, ձանձրալի է:

ՊՐՈՖ.­ Էխ, ջահելություն, ջահելություն… Հիշում եմ, ես էլ… Դե լավ, թողնենք: Համոզված եմ, կգա ժամանակ և դու երախտապարտ կլինես ինձ, կհասկանաս, որ քո լավն էի ցանկանում: Պոպոքի պես պինդ տղա ես, կընդունենք ծառայության, առաջ կգնաս…

ՏՂԱ­ Ձայնդ կկտրե՞ս վերջապես: (Փորձում է ազատվել, բայց ապարդյուն):

ՊՐՈՖ.­ Չէ, այս տղան անհույս ռոմանտիկ է: Կապեք մահճակալին, մինչև առավոտ շատ ժամանակ կա, թող մտածի, գուցե վերջապես ճիշտ եզրակացություններ անի: Ամուր կապեք:

   (Սանիտարները տղային պառկացնում են մահճակալին և ամուր կապում)

ՊՐՈՖ(տղային, սանիտարների մասին)­ Պողպատյա տղաներ են, չէ՞:

ՏՂԱ­ Չուգունե: 

ՍԱՆԻՏԱՐ Բ­ Կարգին խոսա, է…

ՊՐՈՖ.­ Քեզ պես տղերք են, բայց ավելի գիտակից գտնվեցին և հիմա, ինչպես տեսնում ես, վատ չեն դասավորել իրենց կյանքը՝ աշխատանք ունեն, ընտանիք, առաջխաղացման հնարավորություն… Դրսում մնային՝ ի՞նչ էր լինելու վիճակները,  ո՞վ էր տեր կանգնելու… Իսկ անտեր ապրելը գիտե՞ս ինչ դժվար է էս կյանքում… Չգիտես, դեռ շատ բան չգիտես: Դե մտածիր մինչև առավոտ. այս դիրքը մտածելու համար շատ հարմար է: (Սանիտարներին). Գնացինք, դեռ էն գեղեցկուհուն պիտի այցելեմ:

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ­ Կայցելենք, շեֆ:

ՊՐՈՖ.­ Ոչ, այս դեպքում ես միայնակ կայցելեմ, ձեր կարիքը չունեմ: Հուսով եմ՝ հաճելի այցելություն կլինի:

ՏՂԱ­ Պոռնիկի ծնունդ…

ՊՐՈՖ.­ Բարձը կրծիր, օգնում է:

         (Դուրս են գալիս՝ փակելով դուռը)

                                            

     (Գիշեր է: Սենյակում մութ է: Տղան գամված է մահճակալին: Պատուհանի ետևում հայտնվում է աղջիկը, բացում է պատուհանը)

ՏՂԱ­ Ո՞վ է: 

ԱՂՋԻԿ(ներս սողոսկելով)­ Կամաց, ես եմ: Այնպես հանգիստ պառկել ես, կարծես առողջարանում լինես:

ՏՂԱ­ Հեշտ ես խոսում:

ԱՂՋԻԿ(նկատելով կապերը)­ Հիմա կարձակեմ: (Արձակում է կապերը):

ՏՂԱ(ակնարկելով պատուհանը)­ Ո՞նց անցար, վախենալու չէ՞ր:

ԱՂՋԻԿ­ Այն, ինչ ուզում են մեզ հետ անել՝ ավելի վախենալու է:

ՏՂԱ­ Քեզ է՞լ էկրանի առաջ կանգնեցրին:

ԱՂՋԻԿ­ Ոչ: Նա հույս ունի, որ իր սիրուհին կդառնամ, մինչև առավոտ մտածելու ժամանակ տվեց:

ՏՂԱ­ Եվ ի՞նչ, մտածու՞մ ես:

ԱՂՋԻԿ­ Էդ էր պակաս: Միանգամից չմերժեցի, որ ինձ էլ չկապեն քեզ պես:

ՏՂԱ­ Ինձ թվում է՝ մղձավանջ է, ուր որ է կարթնանամ…

ԱՂՋԻԿ­ Քո պատուհանից հրշեջ սանդուղքը մոտ է, պետք է փորձել:

ՏՂԱ­ Այո, բայց դա մեզ ի՞նչ է տալու, ներքևում էլի էս անիծյալ շենքի տարածքն է:

ԱՂՋԻԿ­ Ընտրություն չունենք:

ՏՂԱ­ Ճիշտ ես ասում: Գնացինք:

ԱՂՋԻԿ­ Գնացինք:

    (Տղան ու աղջիկը դուրս են գալիս պատուհանով: Լսվում է աղջկա ճիչը հեռվից. «Այս ու՞ր ընկանք»: Տղան՝ «Փոս է: Էստեղ ճանապարհ կա, արի իմ ետևից»: Աղջիկ՝ «Ձեռքդ տուր, ես ոչինչ չեմ տեսնում»)

 

(Տղայի սենյակի դուռը բացվում է, ներս են մտնում սանիտարները, ետևից՝ պրոֆեսորը)

ՍԱՆԻՏԱՐ Ա­ Տղան էլ ա չքվել, շեֆ:

ՊՐՈՖ.­ Փախել են լակոտները:

ՍԱՆԻՏԱՐ Բ(պատուհանից նայելով)­ Չեն երևում:

ՊՐՈՖ.­ Վերի հարկերն էլ պետք է ճաղապատել, էս սերունդը մարզված է ու համարձակ, ես կասեի՝ լկտի:

ՍԱՆԻՏԱՐ Ա­ Ի՞նչ ենք անելու:

ՊՐՈՖ.­ Առայժմ ոչինչ: Անհանգստության առիթ բացարձակապես չկա: Էս տարածքից փախչել հնարավոր չէ. փախուստը պատրանք է: Ազատության պատրանք: Թող մի քիչ խաղան դրանով, թող մի քիչ վազվզեն, հոգնեն, հուսահատվեն… Իսկ վաղը կբռնենք, փախչելու հնար չկա, այստեղից դեռ ոչ ոք չի փախել:

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ­ Կբռնենք, փախչելու հնար չկա:

ՊՐՈՖ.­ Ձախողված փախուստից հետո սովորաբար խեղճանում են, զիջող են դառնում: Փախել են, ասացեք խնդրեմ (հռհռալով):

 

                                              Արար 2

(Ստորգետնյա անձավ կամ մեծ փոս, պատերին՝ խորշեր, խորշերից մեկի մուտքն ավելի լայն է, խնամված, մյուս մուտքերի վրա կան զուգարան, ճաշարան, խանութ խորհրդանշող նշաններ: Վերում՝ հեռու՝ երևում է շենքը, որտեղից փախան տղան ու աղջիկը: Փոսի հատակը տափարակ տարածք է, քարեր ու աղբակույտեր կան: Քարերին նստած են անձավի բնակիչները՝ Միաչքանին, Քահանան, Պոետը, Կինը, առջևում խրոխտ քայլքով ետառաջ է անում Հարբեցողը: Քահանան կիսաձայն ինչ­որ երգ է մռմռում, Պոետն իր հեռադիտակով նայում է շենքի կողմը: Բոլորի հագին միանման գորշ հագուստ է)

ՀԱՐԲԵՑՈՂ(քայլելով՝ ինքն իրեն հրամաններ է տալիս)­ Մեկ­երկու, մեկ­երկու: Կանգ ա՛ռ: Աջ դա՛րձ: Ազա՛տ: Զգա՛ստ: Գլուխը բա՛րձր, կուրծքն առա՛ջ, հայացքն ուղի՛ղ: Քայլով մա՛րշ: Մեկ­երկու, մեկ­երկու…

ՔԱՀԱՆԱ(Խռպոտ ձայն ունի: Հարբեցողի մասին)­ Սրան ի՞նչ է եղել:

ՄԻԱՉՔԱՆԻ­ Ի՞նչ պիտի, խմելու փող չունի:

ՔԱՀԱՆԱ­ Հազար եմ ասել, տնտեսվար եղեք, այնպես ծախսեք, որ մինչև հաջորդ թոշակ բավի: (Հարբեցողին). Հերիք սատանայի պես պտտվես, նստիր:

ՀԱՐԲ.­ Չբռնանաք, իրավունք չունեք, ազատ մարդ եմ: (Տեսնելով կնոջ ծիծաղը). Ինչու՞ ես ծիծաղում:

ԿԻՆ.­ Որ ազատ մարդ ես:

ՀԱՐԲ.­ Հա հենց, ազատ եմ, ով ստրուկ է՝ թող ստրուկ մնա:

ՄԻԱՉՔ. (Շենքն ակնարկելով)­ ՈՒր որ է կբերեն թոշակը, սիրտս վկայում է:

ՊՈԵՏ(շարունակ շենքի կողմը նայելով, մեկուսի)­ Օ՜, տիկին, հրաշալի մտահղացում է, այս շոգ եղանակին խալաթն ու՞մ է պետք… Հանեք, իհարկե, մի երկմտեք… Այ… Այ այդպես… Հրաշք է, հրաշք…

ՔԱՀԱՆԱ­ Թու, այլասերված:

ՄԻԱՉՔ.­ Ոգեշնչվում է, պոետ է, չէ՞:

ՊՈԵՏ­ Այո, մուսաներին սնել է պետք, այլապես երես կթեքեն:

ՔԱՀԱՆԱ­ Տեսնես Պետրարկան է՞լ հեռադիտակ էր օգտագործում:

ՊՈԵՏ­ Նրա ժամանակ հեռադիտակ չկար:

ՄԻԱՉՔ.­ Հեռադիտակի եղածն ի՞նչ է, որ չլիներ:

ՀԱՐԲ.­ Հրաշալի բան են այս զինավարժությունները, սկսում ես բթանալ, ոչինչ չմտածել, հոգիդ ու գլուխդ դատարկվում են, դառնում ես կատարյալ ապուշ:

ԿԻՆ­ Նոր պիտի դառնա՞ս:

ՀԱՐԲ.­ Չհամարձակվես: Առավոտից չեմ խմել, կատաղած եմ, կատակներ չեմ ընդունում, կռիվ կանեմ:

ԿԻՆ­ Իհ…

ՔԱՀԱՆԱ­ Մոտ արի: Ես մի քիչ ունեմ, խմի, բայց հենց թոշակը ստացար՝ կվերադարձնես:

ՀԱՐԲ.­ Տուր: (Խմում է):

ՄԻԱՉՔ.­ Մի պստիկ էլ ինձ թող, էլի:

ՀԱՐԲ.(ավելի արագ խմելով)­ Պրծավ, շուտ ասեիր, տնաշեն:

ՄԻԱՉՔ.­ Շուտ ասեի՝ կխեղդվեիր: (Պոետին). Հերիք ոգեշնչվես, տուր մի քիչ էլ ես նայեմ:

ՊՈԵՏ­ Հեռադիտակը երկու աչք ունի, դու մեկը, ո՞նց ես նայելու:

ՄԻԱՉՔ.(տարակուսած)­ Ոնց…

ՀԱՐԲ.­ Գոնե բանի նման ե՞ն:

ՊՈԵՏ­ Օ՜, սպիտակ, խնամված, քնքուշ, պարարտ…

ՄԻԱՉՔ.­ Բա պարարտը լա՞վ է:

ՀԱՐԲ.(կամաց, որ կինը չլսի)­ Բա վա՞տ է… (Պոետին). Տուր նայեմ, էլի:

ՊՈԵՏ­ Հիմա էլ սա… Այ մարդ, ձեզ համար հեռադիտակ գտեք ու նայեք ինչքան ուզեք:

ՄԻԱՉՔ.­ Որ տաս ի՞նչ կլինի, կուտե՞նք: 

ՊՈԵՏ­ Չես տեսնու՞մ՝ վզիցս ամուր կապած է. քարկապ եմ արել, որ չընկնի­ջարդվի:

ՄԻԱՉՔ.­ Է քանդի, հետո նորից կկապես:

ՊՈԵՏ­ ՈՒրիշ գործ չունեմ, էլի՝ քանդեմ­կապեմ, քանդեմ­կապեմ… (Շրջվում է շենքի կողմը):

ՄԻԱՉՔ.­ Է, մեզ ուր ա բախտ, որ աղբանոցում հեռադիտակ գտնենք:

ՀԱՐԲ.­ Ինքն է ասե՞լ, որ գտել է… Դու էլ հավատացիր: Էն խելքը գցած գնդապետին հիշու՞մ ես… Նրա պատվերով մի սիրային նամակ էր գրել, գնդապետն էլ, ի նշան երախտագիտության, իր հեռադիտակը նվիրել էր մեր պոետին:

ՔԱՀԱՆԱ(պոետին)­ ՈՒշադրությունդ մի քիչ էլ մեզ դարձրու, զավակս, մի բան երգիր­լսենք, ժամերն անցնեն: Նախկին ձայնս ունենայի՝ ինքս կերգեի:

ՊՈԵՏ­ Հանգիստ չեք թողնում, էլի: (Վերցնում է կիթառն ու երգում):

    (Այդ ընթացքում անցնում է Ապուշը՝ լարերը ձեռքին, պատերն է տնտղում, գետինը, ինչ­որ տեղ փորփրում է, ինչ­որ բան խցկում ու գնում)

ՔԱՀԱՆԱ(երբ պոետն ավարտում է երգը)­ Էհ, ինչ ասեմ, ձայնալարերս լինեին՝ ես այսպե՞ս կերգեի:

ՊՈԵՏ­ Հոգնեցրեց իր ձայնալարերով:

   (Լայն մուտքից դուրս է գալիս Սիրուհին, անցնում է նստածների առջևով, փնտրում է հայացքով: Տղամարդիկ հիացական հայացքներով հետևում են նրան, մինչև հեռանում է)

ՄԻԱՉՔ.­ Ո՞վ էր:

ՊՈԵՏ­ Քեզ ի՞նչ, մարդ էր, եկավ, գնաց:

ՔԱՀԱՆԱ(սթափվելով սիրուհու հմայքից)­ Թու, չար սատանա:

ՊՈԵՏ­ Թե դու ինչի ես անիծում, մարդ էր, եկավ, գնաց:

ԿԻՆ­ Հա, եկավ, գնաց, բայց չիմանա՞նք ինչ էր ուզածը լրբի:

ՄԻԱՉՔ.­ Աչքը ամուսնուդ վրա է տնկել, զգույշ մնա:

ԿԻՆ­ Սրա՞…

ՀԱՐԲ.­ Հենց իմ: Ի՞նչ պակաս տղամարդ եմ:

ԿԻՆ­ Մի ոգևորվիր, այ դիստրոֆիկ:

ՀԱՐԲ.­ Չվիրավորես, կի՛ն… Լավ, հետո կխոսենք, այս հարգարժան մարդկանց տրամադրությունը չգցենք: Օրը թեքվեց, այ մարդ, է՜, թոշակը բերելու միտք չունե՞ն… Բերանս չորացավ, սա ի՞նչ կարգ է, եղբայր: Երբ ուղարկում են այգին ջրելու, կարող ա՞ ասում եմ՝ էսօր չեմ ջրի, մնա վաղը:

ՄԻԱՉՔ.­ Հլա ու ասես:

ՀԱՐԲ.­ Մյուս անգամ կասեմ, հա՛, ասելու եմ:

ՔԱՀԱՆԱ­ Կարծես գալիս են, ժողովուրդ:

ՀԱՐԲ.­ Իսկականի՞ց:

   (ՈՒրախացած վեր են թռչում: Գալիս է պրոֆեսորը, նրան ուղեկցում են սանիտարները)

ՊՐՈՖ.­ Հարգանքներիս հավաստիքը ժողովրդին:

           (Խումբը ողջունում է և սպասում)

ՊՐՈՖ.(Գրպանից հանում է տետրը, զննելով տեղանքը՝ գրառումներ անում, ինքն իրեն խոսում)­ Այսպես­այսպես, պատի հիմքը մի քիչ կփորենք, այն քարերը ձախ կքաշենք: (Գրպանից հանում է չափիչ ժապավենը, Հարբեցողին). Բռնիր: (Չափում է). Ըհը, մոտ վեց մետր խողովակ կգնա… Գրենք յոթ՝ համենայնդեպս: (Խմբին). Ջեռուցման խնդիրը չլուծե՞նք, քանի դեռ ձմեռը չի չոքել բկներիս, հը՞, եղբայրներ և քույրեր, մրսում եք, չէ՞:

ՄԻԱՉՔ.(մեկուսի)­ Շատ ենք լսել:

ՀԱՐԲ.­ Այ մարդ, դուք խմիչքն էժանացրեք, ջեռուցումը հեչ:

ԿԻՆ­ Ո՞նց թե հեչ: (Պրոֆեսորին). Դուք նրան մի լսեք, նա խմում է ու էլ ոչ ցուրտ է զգում, ոչ շոգ:

ՊՐՈՖ.­ Կանենք, կանենք, ջեռուցումն էլ կանցկացնենք, խմիչքն էլ կեժանացնենք… Ժամանակի խնդիր է, գիտեք, էլի, լիքը պրոբլեմներ կան:

ՄԻԱՉՔ.(մեկուսի, հեգնելով)­ Բա ոնց, իհարկե:

ՊՈԵՏ(ցավակցող)­ Գիտենք, գիտենք:

ՊՐՈՖ.(պոետին)­ Ի դեպ, ձեր թեկնածությունն արդեն ներկայացված է, շուտով, ըստ ամենայնի, դափնեկրի կոչում կշնորհենք:

ՊՈԵՏ­ Ի՞նչ եք ասում…

ՊՐՈՖ.­ Երբևէ խաբած կա՞մ…

ՄԻԱՉՔ.(մեկուսի, կծու)­ Երբեք, երբեք:

ՀԱՐԲ.(Պոետին)­ Մաղարիչ ունես: (Պրոֆեսորին). Նրա թոշակը կավելանա, չէ՞:

ՊՐՈՖ.­ Անշուշտ. մեր մշակույթն է, պիտի հոգ տանենք:

ԿԻՆ­ Շնորհավորում եմ, պոետ եղբայր:

ՄԻԱՉՔ.­ Աչքդ լույս:

ՔԱՀԱՆԱ­ Աստված շնորհքդ հազար անի:

ՀԱՐԲ.­ Մի բան արտասանիր, քեզ տեսնենք:

ՊՈԵՏ(կեղծ մտորումների մեջ է)­ Էքսպրոմտ երախտագիտության:

     (Արտասանում է). 

        Գրիր, պոետ, ստեղծագործիր, թուղթը կրծիր ակռաներով անհանգիստ,

        Արարելիս դու տառապիր, իսկ մնացյալում եղիր հանգիստ,

        Վերից նայող հարգված այրերն անուշադիր չեն թողնի քեզ,

         Երբ գա ժամը՝ նրանց կողմից դու նկատված կլինես:

ՊՐՈՖ.­ Բռավո, կեցցես… Զուր չէր իմ երաշխավորությունը:

ՔԱՀԱՆԱ­ Հանճար է, հանճար. տեսա՞ք մեկ րոպեում ինչպես ստեղծեց:

ՄԻԱՉՔ.(հարբեցողին)­ «Մեկ րոպեում»… Մի ամիս է պատրաստում է այդ իր էքսպրոմտը:

ՊՐՈՖ.­ Լսիր, հենց նոր մի հրաշալի միտք ծագեց գլխումս:

ՊՈԵՏ­ Ի՞նչ միտք, եթե գաղտնիք չէ:

ՊՐՈՖ.­ Կարո՞ղ ես այդ էքսպրոմտը ծավալել, դարձնել պոեմ, հը՞… Հետո երաժշտություն կպատվիրենք և… Կռահու՞մ ես…

ՊՈԵՏ­ Դեռ ոչ այնքան… Բայց հետաքրքիր է, գիտե՞ք, անչափ հետաքրքիր:

ՊՐՈՖ.­ Նայիր, դա կլինի այսպես՝ սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ, զինվորական փողային նվագախումբ, մանկական երգչախումբ, թմբկահարների խումբ, դերասաններ, մարմնամարզիկներ, էկվիլիբրիստներ… Հը՞, պատկերացրի՞ր… Ի՜նչ գրանդիոզ բան է ստացվում… Սցենարը ինքս կգրեմ, չէ, երկուսով, համահեղինակությամբ: Ես արդեն տեսնում եմ դա… Ետին պլանին, էկրանի վրա, կցուցադրվեն դրվագներ մեր թշվառ անցյալից, ապա՝ պայծառ ներկան, ու հենց էստեղ կմտնեն թմբուկները՝ դըմբ­պըրըպըմ, դըմբ­պըրըպըմ… Էստեղ կմիանան շեփորները՝ պամպապա՜մ… ՈՒ գնաց, ու գնաց… Չէ­չէ, դու պատկերացնու՞մ ես…

ՊՈԵՏ­ Հանճարեղ մտահղացում է: Ես հենց այսօր կսկսեմ:

ՊՐՈՖ.­ Սկսիր:

ՀԱՐԲ.­ Այդ ամենն իհարկե հոյակապ է, բան չունեմ ասելու… Սակայն…

ՊՐՈՖ.(իբր չհասկացած)­ Ի՞նչ է եղել:

ՄԻԱՉՔ.­ Ախր էսօր բան է… Էն…

ՊՐՈՖ.­ Էն՝ ի՞նչ… 

ԿԻՆ­ Թոշակի մասին են խոսում: (Ընկերներին). Պարզ խոսեք, մարդը հասկանա, ի՞նչ եք մկկում:

ՊՐՈՖ.­ Ախ թոշակը… Տես, է, ոնց եմ մոռացել: Այնքան հոգս կա, որ խե՞լք է մնում: (Սանիտարներին). Դրամարկղում փող կա՞ր, տեղյակ չե՞ք:

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ­ Տեղյակ չենք:

ՊՐՈՖ.­ Այսօր արդեն ուշ է ոնց որ, երևի թողնենք վաղվան, հը՞…

             (Խումբը տրտնջում է)

ՀԱՐԲ.­ Մի գրոշ չի մնացել… Միաչքանուն էլ պարտք եմ, հոգիս կերավ…

ՊՐՈՖ.­ Ախր շատ անտնտեսվար եք, թոշակը չստացած՝ քամուն եք տալիս:

ՄԻԱՉՔ(մեկուսի).­ Թոշակն էլ թոշակ լինի… (Բարձրաձայն). Չստացած բանը ո՞նց քամուն կտաս:

ՊՐՈՖ.­ Սա ոնց որ լրիվ ձեռից գնացել ա, հը՞:

ՔԱՀԱՆԱ­ Այնուամենայնիվ, վատ չէր լինի, եթե այսօր բաժանեիք թոշակը. մարդիկ մինչ հատակ մսխել են իրենց դրամը, մեծահոգի լինենք:

ՊՐՈՖ.­ Դեհ… (Ձեռքը գրպանը խոթելով). Ինչպես ասում են՝ ձայն բազմաց­ձայն արդարության. ես ինչացու՞ եմ, որ չենթարկվեմ ժողովրդի կամքին, թե՞ դեմոկրատ չենք այլևս: (Հանում է փողը):

ՀԱՐԲ.­ Բերել է, թոշակը բերել է…

ՊՈԵՏ­ Կատակում էր, այդպես էլ գիտեի:

ՄԻԱՉՔ.­ Սիրտս վկայում էր, ազնիվ խոսք:

ՊՐՈՖ.(Սանիտարներին)­ Սեղան­աթոռը բերեք:

ՀԱՐԲ.­ Սեղան­աթոռը բերեք:

ՍԱՆԻՏԱՐ Ա(Հարբեցողին)­ Ի…

          (Սանիտարները բերում են սեղան­աթոռը: Պրոֆեսորը նստում է, հանում փողը, գրիչը, թուղթ: Խումբը խռնվել է սեղանի մոտ)

ՊՐՈՖ.­ Թոշակը բաժանելուց առաջ մի խնդիր ունենք քննարկելու:

ՀԱՐԲ.­ Ախր խանութը կփակեն, է՜…

ՊՐՈՖ.­ Մի ուշագրավ առաջարկություն կա:

ՀԱՐԲ.­ Ես կողմ եմ (ձեռքը բարձրացրած):

ՊՐՈՖ.­ Համբերիր: Հագուստի հարցը հիշում եք, չէ՞, ոնց լուծեծինք:

ԿԻՆ­ Հիշում ենք:

ՊՐՈՖ.­ Եթե չեմ սխալվում՝ դժգոհ չեք. այստեղ­այնտեղ ընկնելու, մեծ ծախսերի մեջ խրվելու փոխարեն, ամենամսյա թոշակից չնչին պահումներ ենք անում ու հագուստ բաժանում:

ՄԻԱՉՔ.­ Հինգ տարին մեկ:

ՊՐՈՖ.­ Հարգելիս, իմ այս կոստյումն արդեն տասներորդ տարին է, որ հագնում եմ: Տնտեսվար պետք է լինել. եթե աշխարհում մնացել է գոնե մեկ քաղցած երեխա՝ շռայլությունն անբարոյականություն է:

ՔԱՀԱՆԱ(թունդ հուզված)­ Կեցցես, զավակս:

ՊՐՈՖ.­ Եվ ինչ լավ է միանման հագնվելը, դա բացառում է նախանձը, հիվանդագին մրցակցությունը:

ՀԱՐԲ.­ Լավ ա, շատ լավ, բայց ժամանակը, ժամանակը… Խանութը կփակեն:

ՊՐՈՖ.­ Լավ, կարճ կապեմ: Կա առաջարկություն՝ բոլորիդ կցել ճաշարանին: Վարձը կգանձվի թոշակից, ինչպես հագուստի դեպքում: Կտրոն կստանաք, կներկայացնեք ու կսնվեք՝ օրը երեք անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք: Փոխանակ ընկնեք՝ մթերք ճարեք, եփեք­թափեք, կգնաք ճաշարան ու հանգիստ կսնվեք… Եվ միշտ աչքի առաջ կլինեք… Այսինքն՝ միասին: Լավ չի՞… Վարձն էլ՝ չնչին:

ՄԻԱՉՔ.­ Գուցե առհասարա՞կ թոշակ չտաք. հաշվեք, թե մեզ էլ ինչ է պետք, կտրոններ բաժանեք ու վերջ:

ՊՐՈՖ.­ Կծու՞մ ես, հարգելիս… Լավ չի, լավ չի… Ակտիվացել ես մի տեսակ…

ՄԻԱՉՔ.(վախեցած)­ Չէ, ի՞նչ կծել, լուրջ եմ ասում. գլխացավանքից կպրծնենք՝ մենք էլ, դուք էլ:

ՊՐՈՖ.­ Չէ, ծայրահեղության մեջ չընկնենք: Եկեք քվեարկենք:

ՀԱՐԲ.­ Ես դեմ եմ:

ՊՐՈՖ.­ Ի…

ՀԱՐԲ.­ Հա, ինձ ձեռնտու չի:

ՊՈԵՏ­ Նա համարյա չի ուտում, ամբողջ փողը տալիս է խմիչքին:

ՊՐՈՖ.­ Պարզ է: Լավ, քեզ համար բացառություն կանենք՝ կտանք մեկ կտրոն ընդամենը… Մի անգամ գոնե պետք է ուտես, չէ՞, հո չե՞նք թողնի լյարդիդ հերն անիծես:

ՀԱՐԲ.­ Հա, էդպես հարմար է… Ճաշը տվեք: Բայց ձեր մոտ անպայման նշեք, չմոռանաք, թե չէ երեքի տեղ կգանձեն:

ՊՐՈՖ.­ Անհոգ եղիր: Ահա, նշում եմ՝ միայն ճաշ: Դեհ, քվեարկենք և ավարտենք այս խնդիրը, երկարեց: (Սանիտարներին). Դուք էլ մասնակցեք քվեարկությանը, ժողովրդի ծոցից չե՞ք: (Բարձրացնելով ձեռքը). Ո՞վ է կողմ… Միաձայն: Հիմա անցնենք թոշակներին, մոտ եկեք:

               (Խումբը խռնվում է սեղանի առջև)

ՊՈԵՏ­ Ջենտլմեն լինենք, կնոջն առաջ թողնենք, ժողովուրդ:

      (Կնոջն առաջ են թողնում, նրա ետևում փորձում է կանգնել քահանան)

ՀԱՐԲ(հրելով քահանային).­ Է, է… Մի րոպե… Կնոջս ետևում միայն ես իրավունք ունեմ կանգնելու:

ՔԱՀԱՆԱ­ Մտածիր ինչ ես ասում, միտքդ պղտորված է անհիմն կասկածներով, մարդ:

ՀԱՐԲ.­ Տո լավ հա, ձեզ էլ գիտենք, սուրբ եք ձևանում, բայց հենց հարմար առիթ եղավ՝ ձեռքներիդ ազատություն եք տալիս:

ՔԱՀԱՆԱ­ Զրպարտանք է, փաստեր եմ պահանջում, փաստեր…

ՊՐՈՖ.­ Լսեք, թոշակ ստանալու՞ եք:

ՀԱՐԲ.­ Թող չխցկվի:

ՊՐՈՖ.­ Դու սպասիր, դու վերջում կստանաս:

ՀԱՐԲ.­ Բայց ինչի՞:

ՊՐՈՖ.­ Որ ասում եմ՝ ուրեմն մի բան գիտեմ:

ՀԱՐԲ.­ Անտեր խանութը կփակեն, է:

   (Պրոֆեսորը բաժանում է փողը: Հայտնվում է ապուշը, ինչ­որ բան փնտրելով անցնում է)

ՊՐՈՖ.­ Դրան բերեք, թող թոշակ ստանա:

ՀԱՐԲ.­ Ապուշ, արի ստացի, է, ապուշ… (Տեսնելով, որ հեռացավ ապուշը). Չէ, գնաց, հլա ձեռն էլ թափ տվեց:

ՊՐՈՖ.­ Երևի շատ կարևոր գործեր ունի: (Հարբեցողին). Մոտ արի: Քեզ պարգևատրել ենք, առ, ստացի, էս թոշակը, էս էլ պարգևատրությունը:

ՀԱՐԲ.(ստորագրելով ու վերցնելով)­ Ի՞նչ եմ արել որ…

ՊՐՈՖ.­ Դեռ չես արել, բայց կանես:

ՀԱՐԲ.­ Անեմ, չեմ հրաժարվում, բայց հատկապես ի՞նչ… Կարող ա ասեք՝ կնոջդ խեղդի… Է, մի էրկու դրամի համար հո հրեշտակի պես կնոջս չե՞մ խեղդելու:

ՊՐՈՖ.­ Ինձ լսիր, էս կողմերում անծանոթ ոչ ոք չի երևացե՞լ:

ՀԱՐԲ.­ Երևացել է, պոռնկավուն մեկը:

ՊՐՈՖ.­ Պոռնկավու՞ն…

ՀԱՐԲ.­ Հա, պոռնկավուն… պոռնկոտ… պոռնկակերպ… Դե պոռնիկի նման, էլի:

ՊՐՈՖ.­ Չէ, դա չի, երկու հոգի՝ տղա ու աղջիկ:

ՀԱՐԲ.­ Չէ, հաստատ չէ:

ՊՐՈՖ.­ ՈՒրեմն ուշադիր եղիր, հենց հայտնվեցին, աննկատ գնա հեռախոսի մոտ ու մեզ տեղեկացրու: Հասկացա՞ր:

ՀԱՐԲ.­ Հասկացա: Բայց…

ՊՐՈՖ.­ Ի՞նչ կա…

ՀԱՐԲ.­ Խանութ պիտի գնամ:

ՊՐՈՖ.­ Մեկնումեկին խնդրի, թող բերեն:

ՀԱՐԲ.­ Բա որ գցեն, ջարդե՞ն… Մեկը ոտք չունի, մյուսը աչք չունի… ՈՒ՞մ վստահես… Հիշում եմ՝ մի ձմեռ…

ՊՐՈՖ.­ Հետո կպատմես, հիմա ժամանակ չկա:

ՀԱՐԲ.­ Լավ: Բայց շատ մազալու պատմություն ա…

ՊՐՈՖ.­ Կնոջդ խնդրի, թող բերի:

ՀԱՐԲ(ապշած).­ ՈՒ՞մ…

ՊՐՈՖ.­ Պարզ է: (Մի թղթադրամ էլ է տալիս). Վերցրու, սա էլ անձամբ իմ կողմից:

ՀԱՐԲ.(վերցնելով)­ Լավ, պոետին կուղարկեմ: Պոե՛տ, արի բան եմ ասում:

ՊՐՈՖ.­ Դե, մենք գնանք: (Պոետին). Մեր պայմանավորվածությունն ուժի մեջ է, չէ՞:

ՊՈԵՏ­ Անշուշտ:

ՊՐՈՖ.­ Ապա մեկ անգամ էլ արտասանիր:

ՊՈԵՏ­ (Արտասանում է իր էքսպրոմտը):

ՊՐՈՖ.­ «Ակռաներով», «Ակռաներով»… Մի քիչ կոպիտ չէ՞:

ՊՈԵՏ­ Ճիշտ նկատեցիք, ես էլ եմ զգացել, որ բարեհունչ չի: Կմտածեմ:

ՊՐՈՖ.­ Դե մտածիր, ջանս: (Բոլորին). Հաջողություն ժողովրդին:

   (Խումբը հրաժեշտ է տալիս, պրոֆեսորը գնում է, սանիտարները հետևում են նրան՝ տանելով սեղան­աթոռը)

ՀԱՐԲ.(փող տալով պոետին)­ գույշ կբերես, ջարդել ես, գիտես, չէ՞…

ՊՈԵՏ­ Չեմ ջարդի, հանգիստ եղիր:

ՔԱՀԱՆԱ­ Գուցե ինձ համա՞ր էլ բերես, որդյակս, ծունկս ցավում է այսօր:

ՊՈԵՏ­ Գինի՞:

ՔԱՀԱՆԱ­ Եվ գինի նույնպես:

ՊՈԵՏ­ ՈՒմ ինչ պետք է՝ փողերը տվեք, բերեմ:

    (Պոետին պատվերներ են տալիս, փող, նա գնում  խանութ՝ մեծ մթերապարկը ձեռքին)

   (Քահանան վերցնում է կիթառը, ծլնգծլնգացնում, փորձում երգել, շատ աններդաշնակ ճղճղոց է ստացվում)

ՄԻԱՉՔ.­ Աստծու սիրուն, վերջ տուր ճվճվոցիդ:

ՀԱՐԲ.­ Այդպիսի ձայնով երգելը մեղք է, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ­ Էհ… Երբ եկեղեցու երգչախմբում մեներգում էի՝ գմբեթը դողում էր իմ ձայնից:

ՄԻԱՉՔ.­ Բա ու՞ր կորավ հզոր ձայնդ:

ՔԱՀԱՆԱ­ Միամիտ է հարցադրումդ, հարգելիս:

ՀԱՐԲ.(Միաչքանու մասին)­ Խեղճն օրեցօր ավելի ա ապուշանում: (Միաչքանուն). Նրա ձայնալարերն էնտեղ են, որտեղ քո աչքն ա, իմ ձեռքը, կնոջս կրծքերը… (Մեկուսի). Վայ, էս ինչ ասի…

ՄԻԱՉՔ.­ Կրծքե՞րը… Բա վրան ինչե՞ր են:

ԿԻՆ.­ Քո գործը չի, լկտի: (Հարբեցողին). Իսկ դու՞ ինչ ես կնոջդ մասին տեղեկություններ տալիս, այ բացբերան:

ՀԱՐԲ.­ Սխալվեցի, քաղցրս, կներես: Ախր հենց խմիչքի տոկոսն արյանս մեջ պակասում ա, ուղեղս սկսում ա լխկել: Էս պոե՞տն ինչ եղավ, է:

ՔԱՀԱՆԱ­ Նոր գնաց խեղճը:

ՀԱՐԲ.­ Էդ ասացիր՝ մի անեկդոտ հիշեցի: ՈՒրեմն, կենդանիներն անտառում կարտ են խաղում: (Տեսնելով, որ Միաչքանին քրքջում է). Ի՞նչ ես ծիծաղում, չեմ վերջացրել:

ՄԻԱՉՔ.­ Բայց արդեն ծիծաղելի է՝ կենդանիները կարտ են խաղում: (Ծիծաղում է):

ՀԱՐԲ.­ Խաղի թեժ մոմենտին սիգարետները պրծնում են, որոշում են կրիային խանութ ուղարկեն:

ՄԻԱՉՔ.(ավելի ուժեղ ծիծաղելով)­ Կրիային՝ խանութ…

ՀԱՐԲ.­ Ահագին ժամանակ է անցնում, առյուծը կատաղած գոռում է՝ ի՞նչ եղավ էն կրիան, ես դրա տիրոջ մերը… ՈՒ հանկարծ մոտիկից լսվում ա կրիայի ձայնը՝ չքրվեք, թե չէ չեմ գնա:

      (Բոլորը ծիծաղում են, բացի Միաչքանուց)

ՄԻԱՉՔ.­ Չհասկացա…

ՀԱՐԲ.­ Ոչինչ, պատահում ա:

ՔԱՀԱՆԱ­ Պոետը գալիս է:

ՀԱՐԲ.(պոետին)­ Ի՞նչ եղար, մարդ աստծո, աչքս ջուր կտրեց:

ՊՈԵՏ(հևասպառ)­ Հե՞շտ է՝ մի թոքով:

ՀԱՐԲ.­ Հո չե՞ս ջարդել:

ՊՈԵՏ­ Չէ: Բայց սպասի շունչ քաշեմ:

ՀԱՐԲ.­ Քաշի, ո՞վ ա ընկել հետևիցդ: Լիքը շիշ է՞ր, ստուգեցի՞ր:

ՊՈԵՏ­ Լիքն է, լիքը:

ՀԱՐԲ.­ Դե տուր:

   (Բոլորը հավաքվում են պոետի շուրջը, վերցնում իրենցը՝ սիգարետ, պաքսիմատ, գարեջուր, գինի)

ՊՈԵՏ(պարկից մի շիշ գինի հանելով)­ Էս էլ՝ մաղարիչ:

ՀԱՐԲ.(սեփական շիշը գրպանում պահելով)­ Ապրես, բացի:

ՄԻԱՉՔ.(հարբեցողին)­ Ինձ պարտք ես:

ՀԱՐԲ.­ Հետո, հետո… Մարդը հյուրասիրում ա, խմի, էլի:

ՊՈԵՏ(շիշը բացելով)­ Բաժակ բերեք:

                          (Խմում են)

    (Տղան ու աղջիկը դուրս են գալիս խորշից, մոտենում խմբին)

ԱՂՋԻԿ­ Ողջույն:

ՏՂԱ­ Բարև ձեզ:

         (Խումբը տարակուսած բարևում է)

ԱՂՋԻԿ­ Մենք մի քիչ նստենք էստեղ, դեմ չե՞ք:

ՄԻԱՉՔ.­ Սրանք ո՞վ են:

ՏՂԱ­ Մարդ ենք, էլի, մի քիչ հանգստանանք, գնանք:

ՀԱՐԲ.­ Փախստականներ են:

ՄԻԱՉՔ.­ Ինչ առողջ են:

ԿԻՆ­ Իսկապե՞ս, փախել ե՞ք:

ԱՂՋԻԿ­ Այո, փախել ենք:

ՀԱՐԲ.­ Էէ, հիշում եմ, ես էլ փախա, երկու օր էս խորշերով ու թունելներով պտտվում էի… Բռնեցին: Հա, բռնում են, սրանցից պրծում չկա:

ՊՈԵՏ­ Այո, փախուստն այստեղից անհնարին է:

ՔԱՀԱՆԱ­ Զուր եք ըմբոստացել, զավակներս:

ԱՂՋԻԿ­ Երևի պիտի լուռումունջ ստրկանայինք:

ՔԱՀԱՆԱ­ Տերը համբերեց, մեզ էլ նույնը պատվիրեց:

ՏՂԱ­ Հեչ էլ չհամբերեց. բա տաճարում առևտուր անողների սեղանները ո՞վ էր շուռ տալիս­ջարդում:

ՔԱՀԱՆԱ­ Ձեզ մնա՝ աստծուն հեղափոխական կսարքեք:

ՊՈԵՏ­ Լավ կլինի, մեզ չխառնեք էս գործին, մենք մեզ համար հանգիստ ապրում ենք, մեզ անախորժություններ պետք չեն:

ԱՂՋԻԿ­ Ապրու՞մ…

ՔԱՀԱՆԱ­ Այո, ապրում ենք, էլի:

ՄԻԱՉՔ.­ Հա, ապրում ենք, էլի, ինչ է եղել. թոշակ ենք ստանում, մերկ չենք, սոված չենք:

ՏՂԱ­ Կյանքի իմաստը թոշակ ստանալն ու սոված չլինելն է:

ՄԻԱՉՔ.­ Չէ, սրա վերջը լավ չի, սիրտս վկայում է:

ՊՈԵՏ­ Բայց մենք ի՞նչ կարող ենք, մեր ձեռին ի՞նչ կա… Տեսնում եք…

ԿԻՆ­ Ճիշտ է ասում, մեր ձեռին ճար չկա:

ՏՂԱ­ Չգիտեմ… Բայց քանի դուք էստեղ խմում ու անեկդոտ եք պատմում, էնտեղ հանգիստ վիրահատում են:

ՀԱՐԲ.(փորը բռնած)­ Ես գնամ…

ԿԻՆ­ ՈՒ՞ր:

ՀԱՐԲ.­ Էնտեղ… Պետք ունեմ… (Գնում է խորշերից մեկը):

         (Տղան հայացքով հետևում է հարբեցողին)

    (Հայտնվում է Ապուշը՝ ինչ­որ գործիքների մասեր, լարեր ձեռքին)

ՄԻԱՉՔ.­ Է, ապուշ, թոշակը բաժանեցին, իսկ դու քո համար ֆռֆռում ես:

   (Ապուշը մոտենում է, զարմացած նայում աղջկան, ձեռք տալիս նրա մազերին, ինչ­որ անհոդաբաշխ ձայներ է արձակում)

ԱՂՋԻԿ(ապուշին)­ Դու էստեղից դուրս պրծնելու ձևը չգիտե՞ս, օգնիր մեզ, հա՞…

ԱՊՈՒՇ­ ՈՒա ու… (ՈՒզում է ասել՝ չգիտեմ, չկա: էլի ինչ­որ բան է ասում, բայց չի հասկացվում, նյարդայնանում է, տանջվում, ջղացնցվում):

ԱՂՋԻԿ­ Մի ջղայնացիր, հանգիստ, հանգիստ ասա… (Շոյում է Ապուշին):

                (Ապուշը աղջկա շոյանքից հուզված­շփոթված է, հեռանում է)

ԿԻՆ(նկատելով հեռվում հայտնված արկղը)­ Սա՞ երբ են դրել, տեսել էի՞ք:

ՊՈԵՏ­ Առաջին անգամ եմ տեսնում:

ՄԻԱՉՔ.­ Երևի գիշերով են դրել, սանիտարական նկատառումներով:

ՔԱՀԱՆԱ­ Այո, աղբարկղ է: (Աղջկան). Տեսնու՞մ եք, այնուամենայնիվ մեր մասին հոգ են տանում:

ՏՂԱ­ Հա, բա ոնց, եթե մի երկու թքաման էլ դնեն՝ ոտքները համբուրեք:

ՔԱՀԱՆԱ­ Էէէ՜…

ՀԱՐԲ.(գալով, կնոջը)­ Ստամոքսիս աշխատանքն ինչ­որ խախտվել է:

ԿԻՆ­ Մրսել ես երևի:

ՀԱՐԲ.­ Չէ, ռեժիմս եմ խախտել, փոխանակ խմեմ… (Հանում է գրպանից շիշն ու խմում):

ԱՂՋԻԿ­ Զանգեցի՞ք ուր հարկն է:

ՀԱՐԲ.­ Ի… Ինձ ու՞մ տեղն եք դրել:

ՏՂԱ­ Ինչի՞, փողը չվերցրի՞ք պրոֆեսորից… 

ՀԱՐԲ.­ Հա, վերցրել եմ, չեմ ժխտում, (բոլորին). վերցրել եմ, հա: Հետո՞ ինչ… Ավելորդ փողը փոր կծակի՞:

ԱՂՋԻԿ­ Ի՞նչ, խաբել ե՞ք պրոֆեսորին:

ՀԱՐԲ.­ Ոչ, չեմ խաբել, ես ընդհանրապես չեմ խաբում: Բայց ես խմող մարդ եմ, ես իրականությունն աղավաղված եմ տեսնում, իմ աչքին անընդհատ ինչ­որ մղձավանջներ են երևում, որոնք ծածկում են իրականությունը: Այ, օրինակ, հիմա նայում եմ չորս կողմս, բայց ոչ ոքի չեմ տեսնում, նրանք չկան, նրանց փոխարեն աչքիս ինչ­որ հրեշներ են երևում… (Քահանային ցույց տալով). գետաձիեր, (Միաչքանուն). միաչքանի ցիկլոպներ, (Պոետին). աղվեսներ, (Կնոջը). կոկորդիլոսներ…

ԿԻՆ­ Ես քեզ հիմա կոկորդիլոս ցույց կտամ:

ՀԱՐԲ.­ Ախ այդ դու՞ ես, անուշիկս: Տեսա՞ք, հրեշտակի պես կնոջս կոկորդիլոսի հետ շփոթեցի:

ԿԻՆ(լաց լինելով)­ Հարբեցող սրիկա:

ԱՂՋԻԿ­ Նա կատակում էր, հանգստացեք:

ԿԻՆ­ Բայց նրա ասածը ճշմարտությունից հեռու չի, հիմա ես իսկապես նմանվել եմ կոկորդիլոսի:

ՏՂԱ­ Էդպես չի, դուք դեռ ահագին համակրելի եք… Հա­հա…

ԿԻՆ­ Էհ, սիրելիներս, եթե կեղծամս հանեմ, եթե… Մի խոսքով:

ՀԱՐԲ.­ Լավ, վերջ տուր, սիրուն ջան: Ես կատակում էի: (Շիշը տալով). Առ, խմի մի կում, կհանգստացնի… Բայց՝ մի կում… 

          (Կինը վերցնում է, խմում)

ՀԱՐԲ.­ Է, է, է… Տունս քանդեցիր, հերիք է…

ԿԻՆ­ Մի վախենա, սիրելիս, վաղը քեզ համար մի շիշ կառնեմ, գուցե՝ երկուսը:

ՀԱՐԲ.­ Լու՞րջ… (Մեկուսի). Ի՞նչ պատահեց սրան… Երևի խմիչքից էր, միանգամից բարիացավ: Հետո ասում են խմելը վատ ա: (Մյուսներին). Սիգարետ ո՞վ ունի:

                (Տղան սիգարետ է հանում)

ՊՈԵՏ­ Ի՜նչ հետաքրքիր սիգարետներ են: Կհյուրասիրեք:

ՏՂԱ­ Խնդրեմ, վերցրեք:

ՄԻԱՉՔ.(պոետին)­ Մի թոք ունես, էն էլ նիկոտինով թունավորում ես:

ՊՈԵՏ­ Էէ, փորձել եմ թողնել, չի ստացվում:

ՀԱՐԲ.­ Թույլ կտա՞ք, ես էլ վերցնեմ:

ՏՂԱ­ Վերցրեք, իհարկե:

ՀԱՐԲ.(երկուսը վերցնելով)­ Միայն՝ մեկ հատ: Շնորհակալ եմ:

ՏՂԱ(քահանային)­ Հյուրասիրվեք:

ՔԱՀԱՆԱ­ Չէ, ես իմ ծխամորճը կծխեմ:

ՄԻԱՉՔ.­ Խռովել է… Երեխայի պես խռովկան է:

ՊՈԵՏ­ Այնուամենայնիվ, ջահելությունն է խոսում ձեր մեջ: Լսեք փորձված մարդուս, պոետիս՝ վերջապես… Փախուստն անիմաստ է, ոչինչ չի փոխվելու, ոչինչ փոխել հնարավոր չէ:

ՏՂԱ­ Ճիշտ որ. պիտի մնայինք՝ ինձ ամորձատեին, նրան բռնաբարեին… 

ԱՂՋԻԿ­ Պոետն էլ նրանց համար թող գրի իր հրաշալի բանաստեղծությունները. էքսպրոմտ՝ երախտագիտության:

ՊՈԵՏ­ Դա էլ եք լսել: Բայց ես իսկական գործեր էլ ունեմ… Հին գործեր են… Բայց ունեմ:

ԿԻՆ­ ՈՒնի, ունի: Արտասանիր, պոետ եղբայր:

ՊՈԵՏ(արտասանում է)­ Աշուն է, կամակոր քամին գլորում­քշում է տերևների խռիվը… (Լարված փորձում է հիշել շարունակությունը, չի կարողանում, նորից է սկսում). Աշուն է… Աշուն է… Չէ, չեմ հիշում: 

ԿԻՆ­ Ո՞նց չես հիշում, կամակոր քամին…

ՊՈԵՏ­ Ահ, մեկ է, հիմա էդպես գրել էլ չեմ կարող: (Արտասվում է):

ՔԱՀԱՆԱ­ Լացացրին խեղճ մարդուն:

ԱՂՋԻԿ­ Կներեք, չէի կարծում, թե այդքան կտխրեք:

ՊՈԵՏ­ Ոչինչ, աղջիկս, արտասվելը երբեմն շատ հաճելի է, մաքրվում ես, համ էլ փոքրանում ես, փոքրանում­փոքրանում ու նորից երեխա դառնում ու հանկարծ թվում է՝ ուր որ է կհայտնվի մայրիկդ, կշոյի գլուխդ, կչորացնի արցունքդ…

ԿԻՆ­ Լավ, էլի, պոետ եղբայր, պետք չի, երբ իմ կողքին լացում են, իմ լացն էլ է գալիս: (Աչքերը լցվում են, թաշկինակը չի գտնում):

ԱՂՋԻԿ(տալով իր թաշկինակը)­ Վերցրեք, ահա:

ԿԻՆ­ Շնորհակալ եմ, աղջիկ ջան:

ԱՂՋԻԿ(Հարբեցողին)­ Շատ հմայիչ կին ունեք:

ՀԱՐԲ.­ Օ՜, ջահել ժամանակ կատարյալ գեղեցկուհի էր, նրա սիրուն տուտուզիկն ասես մագնիս լիներ տղամարդկանց հայացքների համար, հետը փողոց դուրս գալ չէր լինում:

ԿԻՆ­ Մի գռեհկացիր, սիրելիս:

ՀԱՐԲ.­ Եղավ, կյանքս, կներես:

ԿԻՆ­ Էհ, հարգելիներս, ինձ էն ժամանակ պիտի տեսնեիք: (Ոտքի կանգնելով). Նորաձևությունների ցուցադրում, լեփ լեցուն սրահներ, լույսեր, երաժշտություն, լրագրողներ, կամերաներ… «Այժմ ձեզ ենք ներկայացնում թեթև զգեստակազմ լողափի համար, որը, համոզված ենք, առավել հարմարավետ, ազատ ու հաճելի կդարձնի ձեր հանգիստը»: Այնուհետև հնչում էր մի չքնաղ մեղեդի և պոդիում էի ելնում ես՝ փարթամ մազերս մերկ ուսերիս թափած, անկախ կեցվածքով, ազատ, սավառնող քայլվածքով… (Ետուառաջ է ճեմում՝ ասես պոդիումի վրա): Իսկ լուսանկարիչները՝ չխկ­չրխկ, չխկ­չրխկ՝ լուսանկարում են ու լուսանկարում… Այդպես, ճախրելով, հասնում էի հարթակի մեջտեղին, մի քիչ կոտրատվում, ապա սահուն շարժումով քանդում կոճակները և… Հաջորդ պահին մնում էի միայն լողազգեստով: Դահլիճը պապանձվում էր, տղամարդիկ հմայված չռում էին իրենց աչուկները, կանայք խանդից գունատվում էին… Իսկ ես, անխռով ու հաղթական, սահում էի նրանց գլխավերևով ու երազի պես չքանում կուլիսներում:                        

  (Ներկաները ծափահարում են, գոռում՝ բռավո: Հանկարծ հայտնվում է Ապուշը՝երկու ծաղիկ ձեռքին, մեկը տալիս է Կնոջը, մյուսը՝ աղջկան: «Կեցցե մեր ապուշը, կեցցե…»,­ գոռում են ներկաները: Աղջիկը համբուրում է ապուշի այտը, վերջինս շփոթվում է ու փախչում):

ՀԱՐԲ.(ձեռքը մեկնելով կնոջը)­ Արի, նստի կողքիս, հրաշքս: Բա, իսկ դուք ասում եք… Էհ (հանում է շիշն ու խմում)

ԿԻՆ(շոյելով աղջկա մազերը)­ Ի՜նչ գեղեցիկ մազեր ունես: (Կեղծամի միջից հանում է հերակալը). Վերցրու, սա քեզ:

ԱՂՋԻԿ­ Շնորհակալ եմ, շատ սիրուն զարդ է:

ԿԻՆ­ Քո մազերին կսազի, մեղք է սա կեղծամի մեջ կրելը: Տուր ինքս ամրացնեմ: (Ամրացնելով). Ահա: (Հարբեցողին). Մի երեխա էլ չունեցանք:

ՀԱՐԲ.­ Թողի՞ն, որ ունենանք:

ԱՂՋԻԿ(տղային, ցույց տալով հերակալը)­ Տեսա՞ր, ինչ նվեր ստացա… 

ՏՂԱ­ Տաղանդավոր գործ է:

ՀԱՐԲ.­ Իհարկե տաղանդավոր է:

ԿԻՆ­ Ամուսնուս սարքածն է: (Մատի մատանին ցույց տալով). Ահա, սա էլ է նա սարքել, էս երկուսն են մնացել:

ՏՂԱ­ Ոսկերի՞չ եք:

ՀԱՐԲ.­ Եմ: Այսինքն՝ էի: Ինձ պես ոսկերիչ՝ քաղաքում մատների վրա կհաշվեիր: (Պրոթեզային ձեռքը ծնկին խփելով). Էս ձեռքով եմ սարքել, էս ձեռքով… Էհ (հանում է շիշը, խմում):

              (Մյուսներն էլ են խմում)

ՄԻԱՉՔ.(տղային իր շիշն առաջարկելով)­ Կխմե՞ս:

ՏՂԱ­ Մի երկու կումը չի խանգարի:

    (Կինը բաժակ է տալիս, տղան լցնում է, խմում: Պոետն էլ աղջկա համար է գինի լցնում)

ՔԱՀԱՆԱ­ Գինի եք հյուրասիրում, հարբեցողներ: Իսկ երեխաները երևի քաղցած են: (Բլիթներ հանելով). Վերցրեք, զավակներս, կերեք: ՈՒրիշ բան չկա, այս է մեր… (Ձայնը խզվում է, հազում է, բայց չի վերգտնում, գինի է խմում):

ՄԻԱՉՔ.­ Էլի կորավ խեղճի ձայնը:

ՊՈԵՏ­ Գիտե՞ք, ինչ ձայն է ունեցել մեր քահանան: Երբ եկեղեցու երգչախմբում երգում էր՝ գմբեթը դողում էր նրա ձայնից:

ՔԱՀԱՆԱ(խռպոտ)­ Այո, հազվագյուտ տենոր ունեի, բացառիկ: Օպերայի տնօրենը մի ամբողջ տարի ետևիցս ըկել­համոզում էր, բայց եկեղեցին չլքեցի, թեև այդ աշխարհիկ արիաները անգիր գիտեմ՝ Վերդի, Պուչինի… (Փորձում է երգել, բայց չի ստացվում). Չէ, չի ստացվում:

ՀԱՐԲ.­ Ո՞նց ստացվի:

ՔԱՀԱՆԱ­ Տեսնես հիմա ո՞վ է երգում իմ ձայնալարերով:

ՄԻԱՉՔ.­ Երգում, բա չէ… Հիմա ձայնալարերդ երևի փուչ ճառեր են հնչեցնում բարձր ատյաններում:

ՔԱՀԱՆԱ­ Գոնե երգեին:

ՀԱՐԲ.­ Լավ էլ երգող ես գտել:

ՏՂԱ(հարբեցողին, Միաչքանու մասին)­ Իսկ նա երևի հրաձիգ է եղել:

ՀԱՐԲ.­ Չէ, ֆիզիկոս էր, աստրոֆիզիկոս, շատ մեծ ապագա էր խոստանում:

ԱՂՋԻԿ­ Նա՞…

ՀԱՐԲ.­ Հենց նա: Մի աչքով չնայեք, վիրահատությունից հետո է էսպես ախմախացել, վիրահատած չլինեին՝ էն Նյուտոնի թիկնոցը հագնելու էր ու էլ չէր հանելու: Ի՜նչ արին մարդու հետ, ի՜նչ արին… Ճակատի սպին չեք տեսնու՞մ…

   (Միաչքանին շփոթված շփում է ճակատը, հուզվում, բռնազբոսիկ շարժումներ անում, հանում սիգարետն ու ագահորեն ծխում)

ԿԻՆ­ Լսեք, աղբարկղը ի՞նչ եղավ…

ՔԱՀԱՆԱ­ Իսկապես որ, չքվեց…

ՀԱՐԲ.­ Այ քեզ բան…

ՊՈԵՏ­ Տարօրինակ է…

ՄԻԱՉՔ.­ Այո, տարօրինակ է: Քիչ առաջ նկատեցի՝ շարժվում էր:

ՀԱՐԲ.­ Ոնց… Բա ինչու՞ ձայն չհանեցիր:

ՄԻԱՉՔ.­ Կարևորություն չտվի, կարծեցի՝ աչքիս ճնշումն է բարձրացել կամ էլ առնետներն են շարժում:

ՊՈԵՏ­ Եթե դա լրտեսող սարք էր, ուրեմն նրանք ուր որ է կգան:

ՄԻԱՉՔ.­ Կգան, հաստատ, սիրտս վկայում է:

ՀԱՐԲ.­ Եթե նրա սիրտը վկայում է, ուրեմն կգան, շատ զգայուն սիրտ ունի:

ԿԻՆ­ Ի՞նչ ենք անելու… Մի բան մտածեք, շուտ:

ՀԱՐԲ.­ Ախր ի՞նչ մտածենք, կարծես չգիտես, որ էստեղից դուրս պրծնելու հնար չկա:

ՔԱՀԱՆԱ(լայն խորշի կողմը ցույց տալով)­ Գալիս են, գալիս են անիծյալները…

   (Տղան ու աղջիկը վազում են դեպի խորշերից մեկը)

ՄԻԱՉՔ.­ ՈՒ՞ր, լաբիրինթոս է, ելք չունի…

          (Աղջիկն ու տղան մտնում են խորշը)

             (Գալիս են Պրոֆեսորը և սանիտարները)

ՊՐՈՖ.­ Հը՞, ու՞ր են:

ՄԻԱՉՔ.­ Բոլորս էլ էստեղ ենք, հրես…

ՊՐՈՖ.­ Ապուշ մի ձևանա, տղան ու աղջիկը որտե՞ղ են:

ՄԻԱՉՔ.­ Ի՞նչ տղա, ի՞նչ աղջիկ… Թոշակը ստացել՝ մեզ համար քեֆ ենք անում:

ՊՐՈՖ.­ Պոե՛տ:

ՊՈԵՏ­ Լսում եմ:

ՊՐՈՖ.­ Այդ ես եմ լսում… Ասելիք չունե՞ս:

ՊՈԵՏ­ Ախր որ իմանամ ինչ եք ուզում, որ ասեմ… Ես զբաղված էի, պոեմի էսքիզներն էի գրում… Հետաքրքիր է ստացվում, գիտե՞ք:

ՊՐՈՖ.­ Պարզ է: (Հարբեցողին). Էստեղ արի:

ՀԱՐԲ.­ Լսում եմ:

ՊՐՈՖ.­ Պատմի:

ՀԱՐԲ.­ Ի՞նչ պատմեմ. խմած­քնած էի, վերջերս չեմ դիմանում խմիչքին, թուլացել եմ, աչքիս չարքեր են երևում՝ սմբակավոր, կոտոշավոր…

ՊՐՈՖ.­ Ասել կուզի՝ սպիտակ տենդ ունես: (Սանիտարներին). Դրա գրպանից շիշը հանեք:

          (Սանիտարները կատարում են)

ՀԱՐԲ.­ Իրավունք չունեք:

ՊՐՈՖ.­ Ջարդեք շիշը:

           (Սանիտարները կատարում են)

ՀԱՐԲ.­ Վախ… Բարբարոսներ:

ՊՐՈՖ.­ Դե ի՞նչ, ուզում ես հավերժորեն զրկվե՞լ խմիչքից: ՈՒ՞ր փախան, ո՞ր խորշը մտան:

ՀԱՐԲ.­ Չեմ տեսել: Հո սուտ չե՞մ ասելու:

ՊՐՈՖ.­ Իսկ ես ուրիշ տեղեկություններ ունեմ:

ՀԱՐԲ.­ Աղբարկղայի՞ն:

ՊՐՈՖ.­ Աղբարկղն, ուրեմն, տեսել ես, իսկ նրանց՝ ոչ:

ՀԱՐԲ.­ Աղբարկղն էլ չէի տեսնի, պարզապես զուգարան էի գնում ու հանկարծ ցցվեց դեմս, կարծեցի՝ աչքիս է երևում, բայց ոտքս կպավ՝ քիչ մնաց ընկնեմ:

ՔԱՀԱՆԱ­ Քիչ՝ ինչքա՞ն, զավակս:

ՀԱՐԲ.­ Դե… որ ձեռքս դեմ չանեի…

ՄԻԱՉՔ.­ Ո՞ր ձեռքդ, պրոթե՞զ…

ՀԱՐԲ.­ Հո չասիր… Պրոթեզի վրա հույս դնեի, հիմա քիթբերանս ջարդել էի. պրոթեզն ուշ ա հասկանում:

ՄԻԱՉՔ.­ Հիշու՞մ ես, այգու ցանկապատից ոնց էիր կախ ընկել, ոչ էս կողմ, ոչ՝ էն:

ՀԱՐԲ.­ Բա չեմ հիշու՞մ: Դու էլ փոխանակ օգնեիր, փորդ բռնել­հռհռում էիր, ընկեր ես կոչվում:

ՄԻԱՉՔ.­ Ախր շատ ծիծաղելի էիր, է՜:

    (Միաչքանին քրքջում է, հարբեցողը նույնպես)

ՊՈԵՏ­ Դա ի՞նչ պատմություն է, չեմ լսել:

ՀԱՐԲ.­ Մի տարի էս ֆիզիկոսիս հետ գնացինք ցոգոլի… (Միաչքանուն, ծիծաղելով). Բա պահակի շունը հիշու՞մ ես ոնց էր շալվարդ բռնել­քաշում…

ՄԻԱՉՔ.(խեղդվելով ծիծաղից)­ Բա չեմ հիշու՞մ…

ՀԱՐԲ.­ Չէ, դու լավ չես հիշում:

ՄԻԱՉՔ.­ Էդ դու չես հիշում:

ՊՐՈՖ.­ Խեղկատակությանը վերջ տվեք: Հիմարի տեղ եք դրե՞լ ինձ…

ՀԱՐԲ.­ Չէ, ի՞նչ եք ասում, բա մենք մեզ թույլ կտա՞նք:

ՄԻԱՉՔ.­ Դե լավ, մի երկու ցոգոլի համար չարժի էդպես բարկանալ, պրոֆեսոր, էլ չենք անի, ազնիվ խոսք… Անցած­գնացած բան է, ջահել էինք…

ՀԱՐԲ.­ Հա, եղածը մի բան չի:

ՊՐՈՖ.­ Լռի՛ր, անասու՛ն: 

ՀԱՐԲ.­ Վիրավորելու իրավունք չունեք: (Վիրավորված նստում է կնոջ կողքին). Էն փողը կվերադարձնեմ, չմտածեք… Հիմա մոտս մանր չկա, հետո կվերադարձնեմ:

ՊՐՈՖ.­ Կվերադարձնես, իհարկե կվերադարձնես, դեռ կաշիդ էլ եմ քերթելու, սպասիր…

ՄԻԱՉՔ.­ Իբր կաշի եք թողել…

ԿԻՆ­ Քերթելու մարդ չգտա՞ք, էս խեղճին պիտի քերթե՞ք: (Հարբեցողին). Չվախես, կողքիդ եմ:

ՀԱՐԲ.­ Չէ, հա, չեմ էլ վախում:

ՊՐՈՖ.­ Դու՞ք ինչ կասեք, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ­ Ի՞նչ ասեմ:

ՊՐՈՖ.­ Նրանք կարծեմ աստվածուրաց բաներ էին խոսում, չէ՞…

ՔԱՀԱՆԱ­ Դեհ, դեռ ջահել են, դեռ…

ՊՐՈՖ.­ ՈՒրեմն տեսել եք:

ՔԱՀԱՆԱ­ ՈՒ՞մ…

ՊՐՈՖ.­ Ո՞վ էր ջահել:

ՔԱՀԱՆԱ­ Ո՞վ էր ջահել… Այ մարդ, վրա եք տալիս, շփոթեցնում… (Տեղից վեր կենալով, հեռու նստելով). Իմ դարդերն ինձ հերիք չեն…

ՊՐՈՖ.­ Պարզ է, հասկանալի է: ՈՒրեմն սա էր ձեր երախտագիտությունը:

ՄԻԱՉՔ.­ Ինչի համար, է՜:

ՀԱՐԲ.­ Երևի թոշակի:

ՊՐՈՖ.­ Թոշակն, ուրեմն, սրտներովդ չի, անասուններ:

ՄԻԱՉՔ.­ Կարգին խոսի, է…   

ՊՐՈՖ.(սանիտարներին, որ ուզում են պատժել Միաչքանուն)­ Հիմա չէ: Լակոտներին բռնենք, հետո:

ՍԱՆԻՏԱՐՆԵՐ­ Ի՞նչ կհրամայեք:

ՊՐՈՖ.­ Սպասեք: (Ժամացույցին նայելով). Զեկուցման ժամն է: (Հանում է հաղորդիչը, ուղղում ալեհավաքը շենքի կողմը, խոսում). Թույլ տվեք զեկուցել:

ՁԱՅՆ­ Զեկուցիր:

ՊՐՈՖ.­ Ըստ ունեցած տվյալների՝ նրանք լքված հանքախորշերում են:

ՁԱՅՆ­ Չհասկացանք, դեռ չեք բռնե՞լ:

ՊՐՈՖ.­ Դեռ ոչ, բայց… (Հազում է):

ՁԱՅՆ­ Վերջ տուր էդ անհեթեթ հազին: Ժողովուրդն ի՞նչ է ասում:

ՊՐՈՖ.­ Պոչ են խաղացնում:

ՁԱՅՆ­ Դրանց ռեժիմը ծայրագույնս խստացնել:

ՊՐՈՖ.­ Լսում եմ:

ՁԱՅՆ­ Փախստականներին անմիջապես բռնեք, այդ վարակը չպետք է տարածվի:

ՊՐՈՖ.­ Կբռնենք, մի անհանգստացեք:

ՁԱՅՆ­ Գլուխգովան: Իմ շներին վերցրեք, թող խուզարկեն խորշերը, նրանք կգտնեն, ձեր թայը չեն:

ՊՐՈՖ.­ Լսում եմ:

ՁԱՅՆ­ Կատարեք, վերջ:

ՊՐՈՖ.(պահելով հաղորդիչը, սանիտարներին)­ Գնացինք շների հետևից: (Խմբին). Ես ձեր կաշին եմ քերթելու: (Պրոֆեսորն ու սանիտարները գնում են):

ՀԱՐԲ.­ Ես էդ շներին տեսել եմ, գազան են, վայ դրանց բերանն ընկնողին:

      (Լսվում են շների հաչոցները հեռվից)

ԿԻՆ­ Դրանք կուտեն էն խեղճ երեխեքին: Մի բան արեք, տղամարդիկ…

     (Հայտնվում է Ապուշը, ձեռքին ինչ­որ սարք է, գոռում է, նշան է անում ներկաներին, որ մտնեն խորշերը, նրանք վերջապես հասկանում են ու մտնում, Ապուշը պտտում է պայթեցնող սարքի բռնակը… Պայթյուն, ծուխ, մթություն: Ծուխն աստիճանաբար ցրվում է, լուսավորվում է… Չկա շենքը, չկան պատերը, ազատ տարածք է, երգում են թռչունները, գետնին անշնչացած, պառկած է Ապուշը: Խորշերից կամաց դուրս են գալիս Միաչքանին, Քահանան, Հարբեցողը, Պոետը, Կինը, Աղջիկը, Տղան, մոտենում են Ապուշին)

 

                                                     Վերջ

                                    

    

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։