Հերմինե ՄՈՆՍ / «ԴԵ, ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՊԱՏԱՀԵՑ»
Հերմինե ՄՈՆՍԻ «ԴԵ, ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՊԱՏԱՀԵՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում
Իմ փոքրիկ, բայց ամենամեծ աշխարհում արթնանում է թատրոնը, և այնտեղ էլ հանգչում են թատրոնի լույսերը` իմ փոքրիկ, բայց ամենամեծ տիեզերքում…
Այդ թատրոնում ամբողջանում են գույները, և գույներն են ամբողջացնում իմ թատրոնը: Իմ թատրոնը նկարչությունն է, որտեղ մենք` թատրոնը, գույները և ես, ձուլվում ենք իրար և կայանում որպես անթերի կտավ: Եվ այսպես՝ բացում եմ ներկապնակս և նկարում իմ տիեզերք—ներաշխարհում:
Մի օր նկարում եմ լուսին, մի օր արև, մի ուրիշ օր` Նրան, որին դուք «սիրելի» եք անվանում, իսկ ես, պարզապես, անգույն գծանկար, որին ինքս եմ գույներ քսում` իմ սեր—ներկապնակից: Մի խոսքով, ես և իմ թատրոնը ապրում ենք գույների մեջ, ու քեզ համար էլ այնտեղ տեղ ունենք…
Դեռ շատ բան մնաց ձեզ պատմելու, բայց, խնդրում եմ, ներեք ինձ, պետք է շարունակեմ նկարս…
Ես նկարում եմ իմ նոր մոլորակը…
Կհանդիպենք իմ մոլորակում…
Հերմինե ՄՈՆՍ
ԴԵ, ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՊԱՏԱՀԵՑ…
Տրագիկոմեդիա—աբսուրդ
Գործող անձինք
ՄՈՆՍ — Լուսին իջած կին` ուրախ, հեքիաթային
ՆՈԱ — Լուսնի բնակիչ` երևակայության արդյունք… Սկզբում չձևավորված, թեթև, ցանցառ բնավորությամբ, ընթացքում հասունանում է, դառնում է կայացած տղամարդ
ՍՈՒ — Մոնսի ընկերը Երկիր մոլորակից, գործնական, առանց զգացմունքների տղամարդ
Գործողությունը տեղի է ունենում Լուսնի վրա:
Բեմում մութ է, լսվում է Մոնսի և Սուի խոսակցությունը ռադիոհեռակապով, որը նման է խոսակցության սեքսի ժամանակ: Հնչում է տիեզերական, եթերային երաժշտություն:
ՍՈՒ — Հը՞, Մո՞նս…
ՄՈՆՍ — Սպասի… չեմ գտնում…
ՍՈՒ — Ոչինչ, Մոնս… վատ մի զգա, շարունակի, հա՞…
ՄՈՆՍ — Դժվարանում եմ… մի րոպե, ոնց որ գտա… հա, հաստատ… Սո՛ւ, գտա…
ՍՈՒ — Ապրես, Մոնս… դե՛, շարունակի…
ՄՈՆՍ — Չէ, չեմ կարողանում…
ՍՈՒ — Ինչի՞… չե՞ս ուզում…
ՄՈՆՍ — Ուզում եմ… ուղղակի դժվար ա…
ՍՈՒ — Թուլացի, լա՞վ…
ՄՈՆՍ — Լավ:
ՍՈՒ — Ապրես… սկսե՞նք:
ՄՈՆՍ — Սկսենք… վա՜յ, չէ, չէ, մի հատ շունչ քաշեմ, խնդրում եմ…
ՍՈՒ — (ավելի նյարդային): Քեզ ի՞նչ եղավ, հը՞…
ՄՈՆՍ — Չգիտեմ, Սու, օդը մի տեսակ չի հերիքում, գլուխս էլ պտտվում ա:(Սուն կատաղի հառաչում է🙂 Սու, կներես, հա՞, հատուկ չեմ անում… Երևի վախից ա, հա՛, հաստա՛տ վախից ա: Գիտե՞ս, ինձ բոլորն էլ պատմել են` ում մոտ առաջին անգամ ա` միշտ էլ վախեցել ա, բայց մյուս անգամ հեշտ ա ստացվել… ու շատ բնական ա, ըըը…
ՍՈՒ — (ընդհատում է): Մոնս…
ՄՈՆՍ — Ի՞նչ:
ՍՈՒ — Կարո՞ղ ես մի վայրկյան լռել:
ՄՈՆՍ — (մի պահ լռելուց հետո): Հետաքրքիր մարդ ես, որ լռեմ` ավելի կվախենամ, չէ՞: (Սուն ծիծաղում է🙂 Ի՞նչ կա ծիծաղելու, Սու…
ՍՈՒ — Դու ոչինչ չհիշեցի՞ր…
ՄՈՆՍ — Քո կարծիքով` հիմա կարող եմ ինչ-որ բա՞ն հիշել, Սու…
ՍՈՒ — Փաստորեն, ամեն տեղ ես առաջին անգամ ըսենց… (Շարունակում է ծիծաղել, Մոնսն էլ է ծիծաղում… Լույսերը վառվում են, և Մոնսն ընկնում է բեմ` օդապարիկով🙂
ՄՈՆՍ — Սո՛ւ… Սո՛ւ, ես իջա Լուսին… Սո՛ւ, ստացվեց, ես Լուսնի վրա եմ…
ՍՈՒ — Ապրես, Մոնս, ապրես, ես քեզ սիրում եմ:
ՄՈՆՍ — (կատակելով): Սու, էստեղ ավելի լավ ա, գիտե՞ս…
ՍՈՒ — Էդքան սիրո՞ւն ա, Մոնս…
ՄՈՆՍ — Չէ, Սու, ուղղակի էդտեղ երբեք չես ասել, որ ինձ սիրում ես: (Շարունակում է ծիծաղել և հավաքել օդապարիկը🙂
ՍՈՒ — (շատ գործնական): Լավ, Մոնս, դրա ժամանակը չի, արի աշխատենք, հա՞…
ՄՈՆՍ — Արի… (Շարունակում է գործը🙂
ՍՈՒ — Ի՞նչ ես տեսնում, հաղորդիր…
ՄՈՆՍ — (մտահոգ): Բայց միշտ վախեցել եմ, գիտե՞ս, հենց ասել ես, որ վաղուց չգիտես, թե սիրելն ինչ ա… Դա մի տեսակ մարդկային չի…
ՍՈՒ — (բարկանում է): Մոնս, ինչի՞ խոսելու համար միշտ սխալ ժամանակ ես ընտրում: Դու հասել ես էդտեղ, որ մեր հարաբերություննե՞րը ճշտես: Շուտ ասեիր` քեզ չէի ուղարկի: Էստեղ աղջիկների բանակ ա սպասում, իսկ սա բարձրացել ա էդտեղ ու մեր հարցերն ա քննարկում…
ՄՈՆՍ — (շարունակելով հունից հանել տղային): Ե՞րբ են հասկանալու տղամարդիկ, որ կնոջը լռեցնելու համար ընդամենը պետք ա սիրել նրան… ու վե՛րջ:
ՍՈՒ — Գնա՛ գրողի ծոցը:
ՄՈՆՍ — Լավ, մի գժվի… (Այդ ընթացքում Լուսինն ուսումնասիրում է և վրձնով աշխատում🙂 Ես գործ եմ անում, նայի… Գրի… հասարակ հողե և քարե տարածք, որից լիքն է նաև մեզ մոտ` Երկիր մոլորակում, ու որքան էլ որ տարօրինակ է` գնալով բազմանում է…
ՍՈՒ — Մոնս, ոչինչ չհասկացա, մի հատ էլ, բայց ավելի պարզ, լա՞վ:
ՄՈՆՍ — Դե՜, ուզում եմ ասել, Սու, որ էդտեղից Լուսինն ավելի սիրուն ա ու կարիք չկա հասնել էստեղ:
ՍՈՒ — Չէ, դու որոշել ես ինձ ինֆարկտի հասցնել:
ՄՈՆՍ — Ես քեզ ճշմարտությունն եմ ասում, դու ասում ես` ինֆարկտ… Փոխանակ ասես. «Մոնս, եթե էդքան վատ ա էդտեղ, արի մոտս, մենք էստեղից էլ կնայենք Լուսնին, ես քեզ կարոտել եմ…»:
ՍՈՒ — (ընդհատելով): Լսի, ինձ չի հետաքրքրում քո ճշմարտությունը, էղա՞վ… Ինձ գործն ա հետաքրքրում. փաստեր ու գործ…
ՄՈՆՍ — (վիրավորված): Իսկ էդ գործդ էնքան լավ կարող էր ստացվել, եթե մեջս մի փոքր սեր ներարկեիր: Նույնիսկ Լուսինը… (Չի հասցնում ավարտել: Նոան, ով այս ընթացքում տարբեր դիրքերով ուշադիր հետևում էր Մոնսին` լուսավորում է Լուսինը: Մոնսը տարված զննում է այս երևույթը և չի լսում Սուին🙂
ՍՈՒ — Դու աննորմալ ես, ինչքա՞ն քեզ ասեմ, որ ես վաղուց չգիտեմ, թե…
ՄՈՆՍ — Սո՜ւ… Սո՜ւ, Լուսինը…
ՍՈՒ — (մոռանում է, որ բարկացած է, միանգամից ոգևորվում է): Ի՞նչ` Լուսինը. հաղորդի, Լուսինն` ի՞նչ…
ՄՈՆՍ — (դեռ տարված Լուսնով): Լուսինը դարձավ լուսավոր ու սիրուն…
ՍՈՒ — Էդպես չի կարող լինել, մի հորինի, Մոնս:
ՄՈՆՍ — Սո՜ւ, երնեկ էստեղ լինեիր` էնքան սիրուն ա… Գիտե՞ս, Լուսինն էլ ինձ ա սիրում` զգում եմ, Սու…
ՍՈՒ — Մոնս, խնդրում եմ, մի տարվի դրանով ու նորից մի հորինի… Մոնս, մնա ինձ հետ, լսո՞ւմ ես… Դու լավ գիտես, որ դրանք քո երևակայության արդյունքն են միայն…
ՄՈՆՍ — (թավալվում է Լուսնի վրա ու սիրում այն, իսկ Նոան գոհ հետևում է): Սու, արդեն ուշ ա, էլ չեմ կարող թողնել սա… Ես քեզ զգուշացնում էի, չէ՞, որ ուշ կլինի, ինչի՞ ինձ չպահեցիր քեզ մոտ… (Նկատում է Lուսնի վրայի անցքը🙂 Վա՜յ, Սու, էստեղ անցք կա, ծիծաղալու ա, չէ՞, երբեք չեմ մտածել, որ Lուսնի վրա անցք ա լինում:
ՍՈՒ — Չէ՛, չէ՛, չէ՛, ըտենց չի լինում, Մոնս, չմտնես էդտեղ, լսո՞ւմ ես:
ՄՈՆՍ — Ո՞նց չի լինում, շատ ռեալ ա էս ամենը: (Բացում է անցքը, մտնում ներս: Նոան անցքը փակում է և նստում վրան, սկսում է երևակայական գիրք կարդալ🙂 Սո՞ւ, Սո՛ւ, օգնի, անցքը փակվեց վրաս, Սու, օգնի, հա՞, վախենում եմ…
ՍՈՒ — Մոնս, ի՞նչ եղավ, խոսի, ո՞ւր ես… Մոնս, ի՞նչ կա էդտեղ, հաղորդի…
ՄՈՆՍ — Չգիտեմ` մութ անցք ա, փոքր, երևի մեկ քառակուսի մետր…
ՍՈՒ — Չէ, չէ, Մոնս, ավելի գործնական… ի՞նչ փաստեր կան, ասա` գրանցեմ, լա՞վ:
ՄՈՆՍ — Սու, գժվեցի՞ր, ես ասում եմ` մնացել եմ էս անցքում, դու փաստերից ես խոսո՞ւմ…
ՍՈՒ — Լավ, Մոնս, մի նեղացի, մեկ ա, արդեն էդտեղ ես մնալու: Ասա, էլ ի՞նչ կա…
ՄՈՆՍ — (բարկությունից կապը հարվածում է գետնին, այն պայթում է): Գնա՛ գրողի ծոցը: (Մի քանի վայրկյանից հասկանում է, որ հիմար բան արեց🙂 Էս ի՞նչ արեցի… Սո՛ւ, Սո՜ւ… Էս ի՞նչ արեցի, Սու… Հիմա ի՞նչ` վե՞րջ… Վերջը ըսենց ա լինում, հա՞… Չէ՛, չէ՛, չէ՛, էս ցնդելու բան ա, էս դիմանալու չի: Սու, խոսի, հա՞, կգաս, չէ՞, ինձ փրկելու, կգաս, չէ՞… (Նոան շարունակում է գիրքը կարդալ, բայց մի պահ ընդհատելով` ծաղրում է աղջկան🙂 Սու, շատ վախենալու ա էստեղ, երնեկ հետս լինեիր, էնքան մենակություն ա, ազնիվ խոսք` ամենա-ամենա- մենակությունն ա: Գոնե մեկը լիներ հետս… (Նոան պատրաստակամ թռչում է տեղից և կանգնում կանացի կերպարանքով🙂 Չէ, կին թող չլիներ, թե չէ վաղը տարածքը ստիպված երկու մասի կկիսենք: (Նոան տղամարդու կերպար է ցուցադրում🙂 Ա՛յ, տղամարդը չէր խանգարի, համ էլ կսիրեինք իրար: (Նոան ոգևորվում է🙂 Վա՜յ, էս ի՞նչ եմ խոսում, Սու, չլսեցիր, չէ՞… (Նոան հիասթափված նստում է, շարունակում է գիրք կարդալ🙂 Մենակ դու, Սու, մենակ դու լինես, մենակ թե շուտ արի, հա՞, էլ չեմ դիմանում… Սո՜ւ, Էս քառակուսում էլ չեմ դիմանո՜ւմ…
ՆՈԱ — (ծաղրով): Իրոք որ, դիմանալու չի…
ՄՈՆՍ — Ո՞վ էր… Սու, եկար, ես գիտեի, որ…
ՆՈԱ — Ինչ հետաքրքիր է, չէ՞, կին արարածը: Տղամարդը որքան շատ է վիրավորում կնոջը, կինն այնքան ավելի ուժգին է սիրում նրան:
ՄՈՆՍ — Ո՞վ ես, հը՞… Սու, դու չես, չէ՞… Կատակ չես անում, չէ՞…
ՆՈԱ — Լսիր, էդ Սուից բացի ուրիշ բան չկա՞ քո ուղեղում:
ՄՈՆՍ — (զարմացած, մոռանալով վախի մասին): Չէ՜…
ՆՈԱ — Բա ինձ որպես ի՞նչ կանչեցիր:
ՄՈՆՍ — Ե՞ս կանչեցի… Ես ոչ մեկին էլ չեմ կանչել, եղա՞վ…
ՆՈԱ — Կանչելու և ստեղծելու մեջ ոչ մի էական տարբերություն չկա:
ՄՈՆՍ — Բայց ո՞վ ես, հը՞, գոնե անունդ ասա, էլի…
ՆՈԱ — Ես ճկուն բանականությունն եմ, ճկուն բանականությունը:
ՄՈՆՍ — Մամա ջան, այլմոլորակային ես, ինձ ի՞նչ ես անելու… (Նոան ծիծաղում է🙂 Ծիծաղելու ի՞նչ կա, հը՞… Իմ շունչը կտրվում ա ըստեղ, օգնելու փոխարեն դու հանգիստ ծիծաղում ես:
ՆՈԱ — Խնդրիր` կօգնեմ:
ՄՈՆՍ — Բայց ինչի՞ համար խնդրեմ… դու չե՞ս տեսնում, որ օգնության կարիք ունեմ:
ՆՈԱ — Տեսնում եմ, բայց մինչև չխնդրես` չեմ օգնի:
ՄՈՆՍ — (բարկանում է, բայց փորձում է իրեն զսպել): Կարո՞ղ եմ քեզ մի խորհուրդ տալ:
ՆՈԱ — Իհարկե:
ՄՈՆՍ — Դո՛ւ էլ գնա գրողի ծոցը:
ՆՈԱ — Ոնց ասես: (Բացում է գիրքը, շարունակում է կարդալ🙂
ՄՈՆՍ — (որոշ ժամանակ լռում է, բայց… չի դիմանում): Դեռ էդտե՞ղ ես: (Նոան հաղթական ժպտում է, բայց չի պատասխանում🙂 Քեզ հետ եմ…
ՆՈԱ — Ի՞նչ…
ՄՈՆՍ — Ասում եմ` դեռ էդտե՞ղ ես:
ՆՈԱ — Հա:
ՄՈՆՍ — Ի՞նչ ես անում:
ՆՈԱ — Նկարում եմ:
ՄՈՆՍ — Ինչի՞ ես միշտ ըտենց անհասկանալի ու տարօրինակ պատասխաններ տալիս, ոչ մի բան չեմ հասկանում: Ավելի հակիրճ, պարզ պատասխաններ չե՞ս կարող տալ…
ՆՈԱ — (ընդհատելով): Մի րոպե, մի րոպե…
ՄՈՆՍ — Ի՞նչ…
ՆՈԱ — Գիտե՞ս` որն ա քո միակ թերությունը:
ՄՈՆՍ — Ո՞րը…
ՆՈԱ — Շատ ես խոսում, շա՛տ…
ՄՈՆՍ — (վիրավորված): Ես էլի թերություն ունեմ:
ՆՈԱ — Ո՞րն է…
ՄՈՆՍ — Համբերություն չունեմ:
ՆՈԱ — Չէ, չէ, միակը` շատ խոսելն է: Այ, եթե քիչ խոսես` դիմացինիդ կթվա, թե համբերատար ես:
ՄՈՆՍ — Դու ո՞վ ես, հը՞… Եկել ես ինձ դաստիարակելո՞ւ:
ՆՈԱ — Չէ, օգնելու:
ՄՈՆՍ — Դե, օգնի, բա ո՞ւմ ես սպասում:
ՆՈԱ — Պայմանը գիտես…
ՄՈՆՍ — Օգնի, էլի՛, վիզս ցավում ա էստեղ, շունչս էլ կտրվում ա…
ՆՈԱ — Հետո՞…
ՄՈՆՍ — Ի՞նչ` հետո…
ՆՈԱ — Օգնի՛, խնդրո՜ւմ եմ: «Խնդրում եմ» դժվա՞ր ա ասել:
ՄՈՆՍ — Խնդրո՜ւմ եմ, օգնի՛:
ՆՈԱ — Վա՜յ, խե՛ղճ աղջիկ, ո՞նց չեմ օգնի, բա դու խնդրես` ես չօգնե՞մ…
Նոան բացում է անցքը և օգնելու փոխարեն ինքն էլ է մտնում մեջը: Ներսում տանջվում են, որպեսզի տեղավորվեն, աղջիկը մի կերպ դուրս է գալիս և օգնում Նոային, որ դուրս գա այնտեղից: Անցքը փակում են, կանգնում են դեմ հանդիման: Մոնսը նկատում է Նոային և միանգամից կանացի կերպի մեջ է մտնում:
ՄՈՆՍ — (ժպտալով): Հիմա ի՞նչ… Այսինքն, հիմա ի՞նչ ես անելու ինձ հետ: Չէ, այսինքն…
ՆՈԱ — Դե…
ՄՈՆՍ — (ընդհատում է): Ուզում եմ զգուշացնել, որ Սուն ինձ սիրում ա, ես էլ` Սուին, ու ինքը պետք ա տանի ինձ էստեղից, մտքովդ հանկարծ չանցնի…
ՆՈԱ — Սուն չի գա քո ետևից, հիմա՛ր:
ՄՈՆՍ — Ինչի՞ ես ըտենց վստահ խոսում… համ էլ, դու ի՞նչ ես ճանաչում իմ Սուին: (Սկսում է քաշքշել Նոային🙂 Որտեղի՞ց գիտես նրան, դու Սուի ի՞նչն ես…
ՆՈԱ — (ծիծաղում է, ծաղրով): Լսի, էդ քո Սուին արդեն ատում եմ, ո՞նց կարող եմ նրա ինչ-որ բանը լինել, առավել ևս… Լավ, չափը չանցնեմ, թե չէ շուտ ես վիրավորվում, քեզ գիտեմ…
ՄՈՆՍ — Շնորհակալություն, որ մտածում ես ինձ չվիրավորելու մասին, բայց ի՞նչ իրավունքով ես վիրավորում իմ Սուին, հը՞… Գիտե՞ս, որ իմ Սուն մաքուր ա, անկեղծ…
ՆՈԱ — Անկե՞ղծ… թե՞ կեղծ: Գիտե՞ս, որ անկեղծի ու կեղծի մեջ հսկայական տարբերություն կա:
ՄՈՆՍ — Ես շատ լավ գիտեմ դրանց տարբերությունը, էղա՞վ… Իմ Սուն անկեղծ ա ու ինձ գիտի իր հինգ… չէ, իմ հինգ մատի պես:
ՆՈԱ — Նա նույնիսկ չգիտի քո նախասիրությունները:
ՄՈՆՍ — Ստո՛ւմ ես:
ՆՈԱ — Դու` այո, ես` ոչ:
ՄՈՆՍ — Դե, ապացուցի:
ՆՈԱ — Լավ… Սուն գիտի՞, որ երբ անձրև ա գալիս, դու փախչում ես բոլորից: Սուն գիտի՞, որ անձրևին դու գիժ ես դառնում: Գիտի՞, որ կանգնում ես անձրևրի տակ: Գիտի՞, որ լքված այգիներում պարում ես: Որ գիրք ես կարդում, բայց մտքում իրեն ես նկարում: (Աստիճանաբար բորբոքվում է ու իր չկայացած ու ցանցառ կերպարից վերածվում է հասուն տղամարդու: Իսկ Մոնսը ավելի ու ավելի է հասկանում նրա խոսքերի ճշմարտությունն ու վատ է զգում, խնդրում է, որ լռի, բայց Նոան ավելի է բարկանում: Մոնսը վախից կուչ է գալիս անկյունում ու ելք փնտրում` Լուսնից փախչելու🙂 Գիտի՞, որ կյանքդ հորինված հեքիաթ ա, իսկ ինքը էնտեղի հերոսն ա: Որ ներսումդ գույներ ունես, որ գույներդ բաժանում ես, բայց նրանք նորից են լցվում…
ՄՈՆՍ — Դու ի՞նչ գիտես, որտեղի՞ց գիտես էդքանը:Լռի՛, խնդրո՜ւմ եմ, լռի՜…
ՆՈԱ — (տեսնելով, որ աղջիկը պարտվել է, մոտենում է, գրկում, խոսելու ընթացքում գայթակղում): Նույնիսկ չգիտի, որ երազում ես թռչել: Ու միայն իր մասին ես երազում…
ՄՈՆՍ — (վախեցած փորձում է ազատվել նրա գրկից): Ուզում եմ գնալ էստեղից…
ՆՈԱ — Նորի՛ց ստում ես: Եթե ուզեիր` կգնայիր, դու էլ լավ գիտես, որ սա քո երևակայության հեքիաթն ա:
ՄՈՆՍ — (թուլանում է նրա գրկում և հանձնվում): Արդեն չգիտեմ, թե ինչ եմ ուզում:
ՆՈԱ — Ես կօգնեմ քեզ:
ՄՈՆՍ — Կօգնե՞ս… Ի՞նչ պիտի անես… (Նոան նրան գրկում, բարձրացնում է🙂 Ի՞նչ ես անում… Նրանք կանգնում են դեմ հանդիման ու նայում իրար` պատրաստ համբուրվելու:
ՆՈԱ — Պարե՞նք:
ՄՈՆՍ — Ի՞նչ…
ՆՈԱ — Ասում եմ` պարե՞նք:
ՄՈՆՍ — Պարենք:
Պլաստիկ շարժումները հուշում են, որ նրանք ինտիմ հարաբերության մեջ են, որից հետո պառկում են Լուսնին` գլուխները կախ` դեպի դահլիճ:
ՄՈՆՍ — (ծիծաղում է): Ծիծաղելի ա, չէ՞… էսքանից հետո նույնիսկ անունդ չգիտեմ: Անունդ կասե՞ս…
ՆՈԱ — (լրջանում է` հասկանալով, թե ինչ է սպասվում): Նոա:
ՄՈՆՍ — Ի՞նչ…
ՆՈԱ — Նո-ա՜:
ՄՈՆՍ — (Մոնսը շփոթահար նստում է): Չէ, ըտենց չի՛ կարող լինել… ստո՛ւմ ես: Լսո՞ւմ ես` ստո՛ւմ ես: (Մինչև շրջվում է` Լուսինը մթնում է🙂 Նոա՞, ո՞ւր կորար… Նոա՜… Ինձ մենակ մի՛ թող… (Որոշ ժամանակ մութ է, կատարյալ լռություն: Լսվում է տիեզերական երաժշտություն և Մոնսի ձայնը, որը մթի մեջ նամակ է գրում Սուին🙂 Բարև, իմ Սու… առանց քեզ էստեղ անց եմ կացրել մի ամբողջ օր: Շատ դժվար ա մենակ… Սու, չգիտեմ` ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաս ինձ. ես ընկեր եմ գտել: Գիտեմ, որ չես հավատում, բայց չեմ ստում: Այլմոլորակային չի, մեզ նման սովորական մարդ ա, մենակ մի քիչ տարօրինակ է: Չգիտես որտեղից` գիտի իմ և քո մասին ամեն ինչ, մանավանդ, իմ մասին: Նրան մի տեսակ չեմ կարողանում վստահել ու սիրել, որովհետև համոզում է, որ դու չես սիրում ինձ ու չես գա ինձ էստեղից տանես, բայց հո ինձ չի՞ խաբի… Դու ինձ լավ ես ճանաչում: Դե լավ, Սու, քունս տանում ա, հետո, իզուր եմ գրում, որովհետև էստեղ մութ ա ու ոչ մի տող չեմ տեսնում, հետո, մենակ ես եմ նամակս կարդալու: Դե, համբուրում եմ: Բարի գիշեր: Մինչ վաղը, մինչ կյանքիս վերջ: Հա, Սո՛ւ, մի րոպե… մի քնի… Մոռացա ասեմ` հրեշտակներիս լավ նայիր: Քո` Մոնս: (Լռություն: Քիչ անց🙂 Սո՜ւ… Սո՜ւ… (Բեմը կարմիր լույսով թույլ լուսավորվում է: Բեմի վրա Սուի ստվերն է, որը շոյում է Մոնսին, արթնացնում: Սուն, նրան գրկելով, թռնում է, հետո նորից Մոնսին պառկեցնում է ու մթի հետ կորչում: Երազն ավարտվում է: Լուսանում է: Աղջիկը, նստած, փորձում է վերանորոգել կապը: Անհաջող փորձերից բարկանում է և մոտենալով բեմեզրին` նայում է ներքև🙂 Սո՜ւ, կարոտել եմ… Գոնե էստեղից երևայիր, մենակ կնայեի… (Հանկարծ արթնանում է խանդը🙂 Սո՞ւ, հիմա ի՞նչ ես անում, հը՞… (Նորից մթություն: Լուսանում է, Մոնսը կատաղած է` ձեռքին Նոայի տաբատը, դրա հետ էլ խոսում է🙂 Դո՞ւ ինչ եղար, հը՞… Հա՜, տղամարդուն հատուկ մարտավարություն ա, չէ՞, մենակ ստանան իրենց ուզածը, զգան որ կես սանտիմ էլ մեծացավ… տղամարդկությունը… ու ծլկեն: (Մթություն: Լուսանում է, Մոնսը բաց անցքից փայտեր է հանում և ինչ—որ բան է սարքում: Մթություն: Լուսանում է, նա, նստած անկյունում, իր սարքած նկարակալի առաջ նկարում է: Մթություն: Վերջին անգամ լուսանում է իրական օրով: Մոնսն արթնանում է, նայում ձեռքի վրձնին ու ժպտում🙂 Բարի լույս, իմ նոր ընկեր… (Նստում է, գրում նկարակալին փակցված թղթին🙂 Բարի լույս, իմ նոր աշխարհ… (Խոսում է վրձնի հետ🙂 Գիտե՞ս` ինչ հասկացա: Որ ես կին եմ, իսկ կնոջը պետք է երջանկություն: Դե, ուրեմն, Մոնս, (գրում է դեմքին) ապրի՛ երջանիկ… (Հիշում է Սուին ու կախվելով ներքև` կանչում🙂 Սո՞ւ… (Նկարակալից վերցնում է թուղթն ու գրում🙂 Իմ Սո՜ւ… Ներիր, բայց պետք է հրաժեշտ տամ քեզ: Միևնույն է, ես սիրում եմ քեզ իմ ներսում, ու դրանից ոչ մի բաժին չես ստանում: (Ինքն իրեն🙂 Ի՜նչ հիմար են տղամարդիկ… Մի՞թե նման կնոջից հրաժարվել կլինի, հետո՞ ինչ, որ գիժ եմ… (Շարունակում է գրել🙂 Սո՜ւ, ես կշարունակեմ նույն կերպ ու կսիրեմ քեզ միայն ի՛նձ համար: Իսկ հիմա որոշել եմ ուղղակի ապրել: Հա՛, ասեմ, որ իմ քառակուսին մի տեսակ մեծացել է ու ինձ այլևս նեղություն չի տալիս: Հաջող, իմ Սո՜ւ:
ՆՈԱ — (հայտնվում է նրա թիկունքում` ավելի հասուն բնավորությամբ): Վերջապես խելքի եկար:
ՄՈՆՍ — Եկար… (Փորձում է նրան ուշադրություն չդարձնել, հավաքելով նկարակալը` տեղավորում է անցքում🙂
ՆՈԱ — Իսկ ես արդեն հույսս կորցրել էի… Կարոտել էի քեզ, Մո՛նս…
ՄՈՆՍ — Գիտե՞ս, սկսել եմ հավատալ, որ տղամարդիկ միակ թյուրիմացությունն են այս աշխարհում:
ՆՈԱ — Նվեր կուզե՞ս:
ՄՈՆՍ — (մի պահ ոգևորվում է, բայց արագ իրեն «ետ է բերում»): Ինձ ոչ մի նվեր պետք չի: Նոա՞, լսեցիր, չէ՞, որ ես ուզում եմ երջանիկ ապրել ու ստեղծել իմ աշխարհը: Ցավում եմ, բայց դու էնտեղ չկաս:
ՆՈԱ — Դու չես կարող դիմանալ առանց ինձ: (Շոյում է նրան🙂
ՄՈՆՍ — Ոչինչ, գլուխ կհանեմ… սկիզբն ա դժվար, իսկ հետո սովորում ես: Ես փորձ ունեմ:
ՆՈԱ — (նայում է դեմքի գրածին, ժպտում): Ո՞ւր ա մոլբերտդ… Շատ լավ էր ստացվել, հատկապես դու դիմացը նստած` կատարյալ զույգ էիք:
ՄՈՆՍ — (զգալով, որ նորից կզիջի, վճռական կանգնում է նրա առաջ): Գնա, հա՞…
ՆՈԱ — Գնա՞մ:
ՄՈՆՍ — Հա՛, գնա՛… Գնա ու էլ մի գա, լա՞վ…
ՆՈԱ — Լավ… (Շրջվում է, մոտենալով Լուսնի եզրին` ուզում է ցատկել ներքև🙂
ՄՈՆՍ — (վախեցած գրկում է նրան): Ի՞նչ ես անում, Նոա… Ես առանց քեզ ո՞նց եմ դիմանալու, հը՞… Նոա՞, ո՞ւր էիր էսքան ժամանակ, ինչի՞ չէիր գալիս:
ՆՈԱ — Դու լավ գիտես, որ ես չեմ սիրում լինել երրորդը: (Փորձում է ազատվել նրա գրկից🙂 Թո՛ղ ինձ…
ՄՈՆՍ — (ամուր սեղմում է իրեն): Դու լավ գիտես, որ ես Սուի հետ չէի:
ՆՈԱ — Արդեն քանի օր է` միայն նրա հետ ես:
ՄՈՆՍ — Դու լավ էլ գիտես, որ Սուն միայն հիշողություն է մնացել ինձ:
ՆՈԱ — Դա էլ բավական է, որ չգամ: (Oդում, ձեռքերի շարժումով, ինչ—որ բան է սարքում🙂
ՄՈՆՍ — Ես քեզ լիքը հարցեր ունեի տալու, իսկ դու գնացիր…
ՆՈԱ — (շարունակելով իր գործը): Իսկ չե՞ս կարծում, որ պատասխանները լսելով, էլ դրանք հետաքրքիր չեն լինի քեզ համար, ու դու կձանձրանաս: Մի մոռացի, որ ես քեզ ավելի լավ եմ ճանաչում:
ՄՈՆՍ — (նկատելով Նոայի շարժումները): Էդ ի՞նչ ես անում:
ՆՈԱ — Նկարում կամ քանդակում եմ քեզ, որը կնախընտրես:
ՄՈՆՍ — Չէ՛, չէ՛, չէ՛, ըտենց չի՛ լինում… դու ինձ կգժվացնես… Նոա, ես ուզում եմ ստանալ հարցերիս պատասխանը: Ո՞նց ես միշտ ասում էն, ինչ ես ուզում եմ լսել քեզնից… Ինչի՞ ես անում էն, ինչը միայն իմն է, որտեղի՞ց գիտես իմ երազանքների մասին… նույնիսկ անունդ` այդ մասին գիտեինք միայն ես ու… (Նոան ափով փակում է նրա բերանը🙂 Ո՞վ ես դու, Նոա…
ՆՈԱ — Թույլ կտա՞ս համբուրել քեզ:
ՄՈՆՍ — Հարցերի՛ս պատասխանի:
ՆՈԱ — Մո՛նս, ապրի, հա՞, իզուր մի տանջի քեզ: Ես Սուն չեմ: Մենք էստեղ երկուսով ենք… եթե իմանաս էդ հարցերի պատասխանը` կմնաս մենակ: Միևնույն է, դրանք կհասկանաս ժամանակի ընթացքում: Կթողնե՞ս համբուրեմ քեզ…
ՄՈՆՍ — (հիշելով Սիրանո դը Բերժերակի խոսքերը): Իսկ ի՞նչ է համբույրը…
ՆՈԱ — Դա մի գաղտնիք է` թաքնված սրտում, որ ականջի տեղ բերնին է ասվում…
ՄՈՆՍ — Ի՞նչ… չէ…
ՆՈԱ — Ինչ է համբո՞ւյրը, դա մի խոստում է, առավել որոշ մի երդում` տրված ավելի մոտից…
ՄՈՆՍ — Չէ՛, լռի՛, դու դա չգիտես…
ՆՈԱ — Դա մեր հոգին է, որ բարձրացել է շրթունքի վրա` լուռ ճաշակվելու: (Համբուրում է աղջկան🙂
ՄՈՆՍ — (գրկում է տղային): Նոա, ես արդեն չեմ ուզում իմանալ, թե ով ես դու…
ՆՈԱ — Վերջապես սկսում ես հասկանալ ինձ:Մոնս, եթե թողնես` ես քեզ իմ հարստությունը կնվիրեմ:
ՄՈՆՍ — (hիշելով ու ոգևորվելով): Հա, Նոա, ասացիր, որ նվեր ես բերել ինձ: Ցույց կտա՞ս… Գիտես` պաշտո՛ւմ եմ նվերներ…
ՆՈԱ — Գիտեմ, դրա համար էլ բերել եմ:
ՄՈՆՍ — Դու ուղղակի սրիկա ես:
ՆՈԱ — Թռիր մեջքիս…
ՄՈՆՍ — Ի՞նչ…
ՆՈԱ — Թռիր մեջքիս… ես քեզ նվիրում եմ քո երազանքը: (Մոնսը պառկում է նրա մեջքին ու բացում թևերը🙂
ՄՈՆՍ — Նոա՜… դու ուղղակի խելագա՛ր ես:
ՆՈԱ — Լուսնի վրա թռչում է աշխարհի ամենաերջանիկ կինը:
Երաժշտությունը բարձրանում է այնքան, որ նրանց ձայներն ու խոսակցությունը չեն լսվում: Իջեցնում է աղջկան, սկսում է համբուրել դեմքը, հետո սկսում են հոտոտել միմյանց: Դա վերածվում է պարի, լսվում է որոտի ձայն: Աղջիկը խելագարի պես պոկվում է Նոայի գրկից ու կախվում բեմեզրին:
ՄՈՆՍ — Նոա, նայիր, ներքևում անձրև ա գալիս: Արի ինձ մոտ, արի նայենք, Նոա՜… (Նոան ժպտում է, նայում վերև, որոտը մեկ անգամ էլ է պայթում, ու Լուսնի վրա էլ է անձրևում: Աղջիկը նայում է վերև, հիացած ու զարմացած նայում է Նոային🙂 Չի՛ կարող պատահել… ըսենց ուղղակի չի՛ լինում… Նոա, էս ո՞նց ես անում… (Նոան իջնում է ներքև, գրկված պառկում են Լուսնին: Մթություն🙂
Նորից Մոնսի երազը, այս անգամ` կատակի տեսքով: Կարմիր, խորհրդավոր լուսավորություն: Բեմում է Սուի ստվերը, իսկ Մոնսը քնած է: Սուն մոտենում է, շոյում Մոնսին, նա արթնանում է:
ՄՈՆՍ — Սո՜ւ…
ՍՈՒ — Տո, զհա՛ր…
ՄՈՆՍ — Բայց ինչի՞ համար, Սո՛ւ…
ՍՈՒ — Էդ ի՞նչ էիր անում էն կապիկի հետ, հը՞…
ՄՈՆՍ — Ո՞ւմ, Նոայի՞… Ոչ մի բան…
ՍՈՒ — Հլը դու տես, որ արդեն սուտ էլ ա խոսում: (Ապտակում է Մոնսին: Մթություն: Լուսանում է, Մոնսը նեղացած խոսում է Նոայի ձայնի հետ, որն էլ իր հերթին է նեղացել Մոնսից և չի գալիս նրա մոտ🙂
ՄՈՆՍ — Դա ընդամենը երազ էր, ես ի՞նչ անեմ, որ տեսա… Համ էլ, հրաժեշտ էի տալիս Սուին…
ՆՈԱ — (լսվում է միայն ձայնը🙂 Եվ շա՞տ հուզիչ էր…
ՄՈՆՍ — Իսկ ես Սուին բացատրում էի, որ դու երջանկացնել գիտես:
ՆՈԱ — Է՛, գիտեմ, բայց դու քեզ թույլ չես տալիս, որ երջանիկ լինես:
ՄՈՆՍ — Ինչի՞ եք էդքան էգոիստ… (Բարկացած բացում է անցքը և նայում ներքև🙂 Էլ ընդհանրապես էս կողմերում չերևաս, էղա՞վ… ես իմ աշխարհն առանց քեզ էլ կստեղծեմ:
ՆՈԱ — Չե՛ս կարող… էդ աշխարհի հիմքում արդեն ես կամ, իսկ հիմքից այն չես կարող քանդել, որովհետև ես չեմ թողնի:
ՄՈՆՍ — Կտեսնե՛նք: (Վերցնում է նկարակալը, կարոտած համբուրում է վրձինը, խոսում է հետը🙂 Ինչի՞ս է պետք էգոիստների մի ամբողջ բանակ… Ես երջանկանում եմ նաև նկարելուց, ու դուք ինձ պետք չեք: (Սկսում է նկարել, հետո ուզում է Նոային ցուցադրել, որ ինքը երջանիկ է, արհեստական ժպիտ է սարքում դեմքին🙂 Նոա՞, տեսնո՞ւմ ես, ես երջանիկ եմ… (Նոան ծիծաղում է, որից Մոնսն ավելի է կատաղում, սկսում է պարել ցուցադրական, հետո իրոք ընկնում է տարերքի մեջ, բայց, միևնույն է, մնում է ծիծաղելի: Այդ ընթացքում Նոան ծիծաղում է🙂 Տեսնում ես, չէ՞, երջանիկ եմ… և իզուր ես ծիծաղում: Բոլորդ էլ նույնն եք… գժի նման սիրում եք մեկին, բայց հերիք է` տեսնեք մի ուրիշ աղջկա… միանգամից փոխում եք ճանապարհը: (Պարում է🙂
ՆՈԱ — (բղավում է): Մո՛նս, դու խելագար ես…
ՄՈՆՍ — Ոչինչ, կարևորը`երջանիկ եմ:
ՆՈԱ — (ծիծաղում է): Մո՜նս… Մո՜նս, դու գի՜ժ ես… Իսկ ես ուղղակի սիրում եմ քեզ:
ՄՈՆՍ — Ես հանճարեղ կին եմ, Նոա:
ՆՈԱ — Էդ ո՞նց…
ՄՈՆՍ — Դե, հանճարեղ եմ, որովհետև… ուղղակի հանճարեղ եմ:
ՆՈԱ — Մո՜նս, ես սիրում եմ քե՜զ:
ՄՈՆՍ — (դադարում է պարել, դիմում է վրձնին): Ա՛յ, էստեղ ամբողջ աշխարհը կասեր, որ ես չունեմ ինքնասիրություն, բայց քանի որ էդ ամբողջ աշխարհից ոչ մեկը չկա իմ աշխարհում… Նոա՜, արի մոտս, հա՞… Արի նկարեմ քեզ…
ՆՈԱ — Ինչի՞…
ՄՈՆՍ — Որովհետև հոտդ կարոտել եմ…
ՆՈԱ — (ծիծաղում է): Դու գիժ ես… Նկարիր, թույլ եմ տալիս…
ՄՈՆՍ — Հենց ըսե՞նց…
ՆՈԱ — Հա, մեկ ա` կարող ես…
ՄՈՆՍ — Լավ: (Պատրաստվում է նկարել, փոխարենը հարցեր է տալիս): Նոա, գիտե՞ս` ինչի՞ եմ քեզ սիրում:
ՆՈԱ — Ինչի՞:
ՄՈՆՍ — Որովհետև ոչ մի հարցիս պարզ չես պատասխանում ու որ պատասխանում ես, պատասխանիցդ էլ ա հարց առաջանում: Նոա՞…
ՆՈԱ — Ի՞նչ…
ՄՈՆՍ — Ո՞նց ա ըտենց էղել, որ դու իդեալական ես ստեղծվել, ըտենց բան պետք ա չլինի:
ՆՈԱ — Իսկ ինչի՞ ես կասկածում քո աներևակայելի երևակայությանդ հնարավորություններին: ՄՈՆՍ — Էլի՛ բան չհասկացա… (Նորից պատրաստվում է նկարել🙂 Նոա՛, մազերդ ի՞նչ գույնի են:
ՆՈԱ — Ինչ գույն որ ուզես…
ՄՈՆՍ — Վա՜յ, հա՞… Բա աչքե՞րդ…
ՆՈԱ — Նույնը…
ՄՈՆՍ — Նոա, դու որտեղի՞ց ամեն ինչ գիտես իմ մասին:
ՆՈԱ — Ինքդ ես պատմել, ամեն գիշեր քնելուց առաջ գլուխս տանում էիր:
ՄՈՆՍ — (երևում է, որ պատասխանները դուրը գալիս են, բայց ոչինչ չի հասկանում): Իսկ ինչի՞ ինձ ըտենց համբուրեցիր:
ՆՈԱ — Որովհետև դու Սիրանո դը Բերժերակ ամենից շատ ես սիրում:
ՄՈՆՍ — Դա էլ գիտե՞ս… Դե ասա` ո՞նց կարողացար անձրև բերել էստեղ: Այ, դա հաստա՛տ չի լինում:
ՆՈԱ — Այ, դա դո՛ւ արեցիր… Ես ընդամենը հավատացրի քեզ, իսկ դու կարողացար:
ՄՈՆՍ — (ուրախացած): Ճի՞շտ ես ասում… ո՜ւխ, ես եմ անձրև բերել… Նոա, մի հատ էլ հարց տամ, չե՞ս նեղանա:
ՆՈԱ — Փորձիր:
ՄՈՆՍ — Ինչի՞ ես ինձ հեռու պահում Սուից:
ՆՈԱ — Նա քեզ սիրում ա, բայց դու թույլ չես տվել, որ նա երջանկացնի քեզ: Էդ դու ես ուզում, որ Սուն քեզ տանի էստեղից, իսկ նա լավ գիտի քո տեղը, ինչի չի՞ գալիս:
ՄՈՆՍ — (հասկանում է, որ նա ճիշտ է ասում): Ես ատում եմ քեզ:
ՆՈԱ — Սիրտդ ուրիշ բան ա ասում:
ՄՈՆՍ — (ուժեղ լույս է միանում ու մարում): Ես վերջացրի նկարդ:
ՆՈԱ — Ե՞վ… ո՞նց ա ստացվել…
ՄՈՆՍ — (նկարակալի վրայից վերցնում է ռենտգենի թուղթ): Թափանցիկ: (Նոան ծիծաղում է🙂 Նոա…
ՆՈԱ — Ի՞նչ…
ՄՈՆՍ — Իսկ ի՞նչ ա ուզում իմ սիրտը…
Նոան հայտնվում է բեմում: Պարում են, որն արտահայտում է սեր և կարոտ: Պարի ավարտին լսվում է կապի խշշոցը:
ՍՈՒ — Մո՞նս… Մո՜նս…
ՄՈՆՍ — (դադարում է պարել, շփոթված փնտրում է Սուի ձայնի ուղղությունը): Սո՜ւ… Սո՞ւ… (Բացում է անցքը, մտնում մեջը` մոռանալով Նոային🙂 Սո՜ւ, գալիս եմ, սպասի՜ր…
ՆՈԱ — (տխուր մոտենում է անցքին, նայում ներս): Ափսո՜ս, ափսո՜ս… (Կանգնում է, բայց անցքը չի փակում🙂 Ափսոս, նվերս չտեսար… Իսկ քո գիժ երևակայության ստեղծած հեքիաթները, կարծեցիր, թե իմ նվերներն են: Իսկ ես քեզ…
Մոնսը ներս է մտնում` ձեռքին արև, կանգնում է նրա թիկունքում:
ՆՈԱ — Մոնս, ինչի՞ վերադարձար:
ՄՈՆՍ — Ճանապարհին գլխիս արև ընկավ, ու ես մտածեցի, որ ըտենց բան չի կարող պատահել, ու հասկացա, որ քեզ հրաժեշտ չեմ տվել: Ուզում էիր պատժե՞լ…
ՆՈԱ — Մոնս, ինչի՞ վերադարձար:
ՄՈՆՍ — Նոա, ասածներիցդ ոչինչ չեմ հիշում, բայց մի բանը երբեք չեմ մոռանա:
ՆՈԱ — Եվ ո՞րը…
ՄՈՆՍ — Սուն էստեղի ճանապարհը լավ գիտի, ինչի՞ ինքը չի գալիս…
Մթություն: Լսվում են միայն տիեզերական Ձայներ: